Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱ ...

 

 

040.0495.150514

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 2014 թվականի N 495-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՈԼՈՐՏՈՒՄ «ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով իրականացվող պետական նպաստների կանխիկ վճարման ծառայություններ մատուցելու ոլորտում լիազորված կազմակերպություն ճանաչել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով իրականացվող պետական նպաստների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարման ծառայությունների մատուցման պայմանագրերը կնքվում են` հիմք ընդունելով սույն որոշման 2-րդ կետով սահմանված պայմանագրի օրինակելի ձևը:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել նախարարության միջոցով իրականացվող պետական նպաստների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևին համապատասխան պայմանագրերի կնքումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի ապրիլի 23-ի

N 495-Ն որոշման

 

Օրինակելի ձև

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ

 

    քաղ. Երևան                   ---- ------------ 20   թ.

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` ի դեմս __________________________ -ի, որը գործում է նախարարության կանոնադրության հիման վրա (այսուհետ` պատվիրատու), մի կողմից և _________________ կազմակերպությունը` ի դեմս _________________ -ի, ով գործում է կազմակերպության կանոնադրության հիման վրա (այսուհետ` կատարող), կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

1.1. Սույն պայմանագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

1.1.1. նպաստ` «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` պատվիրատուի միջոցով վճարվող նպաստի կամ այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների գումար.

1.1.2. նպաստառու` անձ, որին նպաստ է նշանակվել «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա կիրարկումն ապահովող իրավական ակտերի հիման վրա, և, որի տվյալները ներառված են նպաստների վճարման համար նախատեսված և սույն պայմանագրով սահմանված կարգով կատարողին տրամադրված կանխիկ վճարման ցուցակներում.

1.1.3. մասնաճյուղ` կատարողի գլխամասային գրասենյակը կամ համապատասխան մասնաճյուղը, որոնց անվամբ տրամադրվում է նպաստների վճարման համար նախատեսված ֆինանսավորումը և, որոնց ցանկը պատվիրատուին է տրամադրվում կատարողի կողմից.

1.1.4. բաժանմունք` կատարողի սպասարկման կետերը, որոնցից անմիջականորեն (սույն պայմանագրով սահմանված կարգով մշտական բնակության վայր առաքելու կամ բաժանմունքից վճարելու միջոցով) իրականացվում է նպաստների վճարման գործընթացը:

1.2. Նպաստը վճարվում է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, դրա կիրարկումն ապահովող իրավական ակտերով և սույն պայմանագրով սահմանված կարգով:

i

1.3. Նպաստը վճարվում է նպաստառուին` իր բնակության վայրում` մշտական բնակության վայր առաքելու միջոցով, կամ, նպաստառուի ցանկությամբ, այն կարող է վճարվել նաև բաժանմունքում (եթե տվյալ պահին վճարման ցուցակները գտնվում են բաժանմունքում):

(1.3-րդ կետը փոփ. 26.04.18 թիվ 510-Ն որոշում)

i

1.4. Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստները (ընտանեկան կամ սոցիալական նպաստ կամ հրատապ օգնություն) կարող են վճարվել նպաստառուին` անձամբ կամ նրա օրինական ներկայացուցչին (հոգաբարձու կամ խնամակալ) կամ նրա ընտանիքի սոցիալական անձնագրում նշված այլ չափահաս անդամի, որի անձը հաստատող փաստաթղթի տվյալները լրացվում են համապատասխան նպաստի վճարման ցուցակում: Կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների ստացման համար նպաստառուի անունից լիազորագիր ներկայացվելու դեպքում կատարողի համապատասխան իրավասու աշխատողը պարտավոր է առանց վճարում կատարելու լիազորագիր ներկայացրած անձին ուղղորդել նպաստներ տրամադրելու (նշանակելու) իրավասություն ունեցող մարմին (այսուհետ` տարածքային մարմին).

(1.4-րդ կետը փոփ. 26.04.18 թիվ 510-Ն որոշում)

1.5. Կատարողը, բացառությամբ ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների, նպաստների այլ տեսակների վճարումն իրականացնելիս` վճարումը կարող է կատարել նպաստառուին` անձամբ, նրա օրինական ներկայացուցչին (հոգաբարձու կամ խնամակալ) կամ նպաստառուի անունից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված լիազորագրի հիման վրա` լիազորված անձին:

1.6. Վճարման ցուցակները պահվում են ֆինանսական փաստաթղթերի համար սահմանված կարգով:

1.7. Պատվիրատուի միջոցով իրականացվող նպաստների վճարումներն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով` բյուջեների կատարման գործող ընթացակարգերի պահանջներին համապատասխան:

1.8. Կատարողի մասնաճյուղերը նպաստների վճարման ցուցակները և վճարման նպատակով հատկացված կանխիկ գումարն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում են բաժանմունքների ֆինանսավորումը` նպաստների վճարման գործընթացն սկսելու նպատակով:

1.9. Կատարողը տվյալ ամսվա նպաստի վճարումն իրականացնում է ոչ ավելի, քան 10 օրացուցային օրվա ընթացքում` որի սկիզբը հաշվարկվում է վճարման ցուցակները և այդ ցուցակներին համապատասխան ֆինանսավորումը կատարողին տրամադրելու օրվան հաջորդող օրվանից:

1.10. Տարածքային մարմնում` տարածքային մարմնի պետի կողմից ուղեկցող փաստաթղթով կատարողի լիազորած անձին են հանձնվում նաև նպաստի վճարման վերահաշվարկի կարգադրությունները, ինչպես նաև` վճարման դադարեցման կարգադրությունները` համապատասխան նպաստառուներին իրազեկելու նպատակով: Նպաստների վճարման գործընթացի ընթացքում ցուցակներում առկա որոշակի նպաստառուի (նպաստառուների) նպաստի վճարումը դադարեցվում է կամ ցուցակում առկա դադարեցված նպաստը վճարելու մասին թույլտվությունը տրվում է, կամ ցուցակում առկա նպաստի գումարն այլ անձի վճարելու մասին հանձնարարությունը տրվում է բացառապես տարածքային մարմնի պետի գրավոր կարգադրության հիման վրա:

1.11. Կատարողը` չվճարված, ինչպես նաև տարբեր բնույթի սխալների հետևանքով նպաստի վճարված և հետ գանձված գումարների հետվերադարձն իրականացնում է բացառապես գանձապետական համակարգի միջոցով:

1.12. Ամենամսյա վճարումների ավարտից հետո կատարողի մասնաճյուղերը 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին են փոխանցում չվճարված գումարները:

1.13. Կատարողի (նրա աշխատողի) գործողությունների կամ անգործության հետևանքով սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների խախտման կամ ոչ պատշաճ կարգով կատարման արդյունքում պատվիրատուին կամ նպաստառուներին պատճառված վնասները ենթակա են հատուցման կատարողի կողմից` լրիվ ծավալով:

1.14. Կատարողը, սույն պայմանագրով սահմանված ծառայությունները մատուցելիս, իրավունք չունի նպաստառուից լրացուցիչ վճար գանձելու:

1.15. Կողմերը սույն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանակում են փոխհամաձայնեցված կարգով:

1.16. Կատարողը յուրաքանչյուր ամսվա վճարման ավարտից հետո պատվիրատուին է ներկայացնում հանձնման-ընդունման մասին արձանագրությունը, և`

1.16.1. նախորդ ամսում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստացված կանխիկ գումարներից հաջորդ ամիս տեղափոխված վճարումների մասին տեղեկանք` ըստ տարածքային մարմինների.

1.16.2. նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստացված կանխիկ, սակայն չվճարված գումարների մնացորդը` ըստ տարածքային մարմինների:

1.17. Հանձնման-ընդունման մասին արձանագրությունն ստանալուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն հաստատում է հանձնման-ընդունման մասին արձանագրությունը և դրա մեկ օրինակը վերադարձնում է կատարողին: Հանձնման-ընդունման մասին արձանագրությունը հաստատվում է, եթե մատուցված ծառայությունները համապատասխանում են սույն պայմանագրի պայմաններին: Հանձնման-ընդունման մասին արձանագրության հաստատումից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն կատարողի բանկային հաշվին է փոխանցում հաշվետու ամսվա ընթացքում մատուցված ծառայությունների միջնորդավճարը, որի չափը սահմանվում է հանձնման-ընդունման մասին արձանագրությունում:

1.18. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունը կատարողի կողմից մատուցված է համարվում պատվիրատուի կողմից հանձնման-ընդունման մասին արձանագրության հաստատման պահից:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. Կատարողն իրավունք ունի`

2.1.1. սույն պայմանագրով սահմանված կարգով լուծելու պայմանագիրը.

2.1.2. Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով բողոքարկելու պատվիրատուի գործողությունները և (կամ) անգործությունը.

2.1.3. սույն պայմանագրով սահմանված կարգով ստանալու ծառայությունների մատուցման միջնորդավճարի գումարը.

2.1.4. պատվիրատուի մեղքով ծառայությունների կատարման անհնարինության դեպքում ստանալու սույն պայմանագրի 3.1-ին կետով սահմանված գնի այն մասը, որը համապատասխանում է մինչև պայմանագրի կատարումից պատվիրատուի հրաժարման մասին տեղեկություն ստանալն իր կողմից մատուցված ծառայությունների չափին:

2.2. Պատվիրատուն իրավունք ունի`

2.2.1. սույն պայմանագրով սահմանված կարգով լուծելու պայմանագիրը.

2.2.2. ցանկացած ժամանակ ստուգելու կատարողի մատուցած ծառայությունների ընթացքը և որակը` առանց միջամտելու կատարողի գործողություններին` նախապես մեկ օր առաջ դրա մասին գրավոր տեղեկացնելով կատարողին.

2.2.3. կատարողից պահանջելու` անհապաղ վերացնել հայտնաբերված թերությունները.

2.2.4. Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով բողոքարկելու կատարողի գործողությունները և (կամ) անգործությունը:

2.3. Կատարողը պարտավոր է`

2.3.1. սույն պայմանագրով սահմանված պայմաններով ապահովել ծառայության մատուցումը` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ.

2.3.2. նպաստը նպաստառուին տրամադրելու նպատակով նպաստառուի բնակության վայր այցելել առնվազն 2 անգամ (եթե առաջին այցելության արդյունքում հնարավոր չի եղել նպաստը տրամադրել նպաստառուին).

2.3.3. նպաստը տրամադրել բացառապես անձը հաստատող փաստաթղթի հիման վրա.

2.3.4. լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել պատվիրատուին:

2.4. Պատվիրատուն պարտավոր է`

2.4.1. սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում քննարկել և ընդունել մատուցված ծառայության արդյունքը, իսկ ծառայության արդյունքում թերություններ հայտնաբերելու դեպքերում` դրա մասին անհապաղ գրավոր հայտնել կատարողին.

2.4.2. հանձնման-ընդունման մասին արձանագրության հաստատումից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարողին փոխանցել սույն պայմանագրով սահմանված ծառայությունների միջնորդավճարի գումարը.

2.4.3. իր մեղքով ծառայությունների կատարման անհնարինության դեպքում կատարողին վճարել սույն պայմանագրի 3.1-ին կետով սահմանված գնի այն մասը, որը համապատասխանում է մինչև պայմանագրի կատարումից իր հրաժարման մասին տեղեկություն ստանալը կատարողի կողմից մատուցված ծառայությունների չափին:

 

3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ

 

i

3.1. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների համար պատվիրատուն կատարողին վճարում է նպաստառուներին վճարված նպաստի գումարի 1 (մեկ) տոկոսի չափով միջնորդավճար:

(3.1-ին կետը փոփ. 26.04.18 թիվ 510-Ն որոշում)

 

4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4.1. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

4.2. Սույն պայմանագրով նախատեսված ծառայության մատուցման ժամկետը խախտելու դեպքում կատարողից յուրաքանչյուր ուշացված օրվա համար գանձվում է տույժ` մատուցման ենթակա, սակայն չմատուցված ծառայության համապատասխան մասի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերորդական) տոկոսի չափով:

4.3. Այն դեպքում, երբ սույն պայմանագրի 1.17-րդ կետով սահմանված հանձնման-ընդունման մասին արձանագրության հաստատումից հետո պարզվում է, որ կատարողն ամբողջությամբ կամ մասնակի կերպով չի կատարել սույն պայմանագրով նախատեսված իր` նպաստառուին (նպաստառուներին) նպաստի վճարում իրականացնելու պարտավորությունը, ապա կատարողից գանձվում է տուգանք` վճարման ենթակա, սակայն չվճարված նպաստի գումարի 2 (երկու) տոկոսի չափով` բացառությամբ սույն պայմանագրի 5.1-ին կետով սահմանված դեպքերի:

4.4. Պատվիրատուի կողմից սույն պայմանագրի 1.17-րդ կետով նախատեսված ժամկետի խախտման դեպքում պատվիրատուի նկատմամբ յուրաքանչյուր ուշացված օրվա համար հաշվարկվում է տույժ` վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի 0,05 (զրո ամբողջ հինգ հարյուրերորդական) տոկոսի չափով:

4.5. Տույժերի և (կամ) տուգանքի վճարումը կողմերին չի ազատում իրենց պայմանագրային պարտավորությունները լրիվ կատարելուց:

4.6. Սույն պայմանագրի կապակցությամբ վեճեր և տարաձայնություններ առաջանալու դեպքում դրանք լուծվում են տասնհինգ օրվա ընթացքում` բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

5. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

5.1. Սույն պայմանագրով և սույն պայմանագրի հիման վրա կնքված համաձայնագրերով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

6.1. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժանելի մասը:

6.2. Սույն պայմանագիրը կնքվում է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկական օրինակ:

6.3. Սույն պայմանագիրը կարող է լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Պայմանագրի լուծման վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմին ներկայացնում է պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն վեց ամիս առաջ:

6.4. Սույն պայմանագիրը լուծվում է պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու հետևանքով պատճառված վնասները լրիվ հատուցելու պայմանով:

6.5. Սույն պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում կնքման պահից և գործում է անորոշ ժամկետով:

 

7. ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

             ՊԱՏՎԻՐԱՏՈՒ                                 ԿԱՏԱՐՈՂ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի

և սոցիալական հարցերի նախարարություն

 

քաղ. Երևան, Կառավարական տուն 3

 

ղեկավար

 

                                               Կ.Տ.    (ստորագրությունը)

 

Աշխատակազմի ղեկավար

 

          Կ.Տ.     (ստորագրությունը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.04.2014
N 495-Ն
Որոշում