Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿՈՌՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

10 ապրիլի 2014 թվականի N 14

 

51. ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին`

1) հիմք ընդունելով սույն հայեցակարգը` երկամսյա ժամկետում մշակել կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր և միջոցառումների ժամանակացույց, այդ թվում` առաջարկել վերանայել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի հունիսի 1-ի ՆՀ-100-Ն հրամանագիրը, դրանք քննարկել շահագրգիռ մարմինների հետ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ.

2) հիմք ընդունելով սույն հայեցակարգը` երկամսյա ժամկետում շահագրգիռ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, միջազգային կառույցների փորձագետների առաջարկությունների հիման վրա մշակել հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծ և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ.

3) մինչև 2014 թվականի հուլիսի 15-ը կոռուպցիայի դեմ պայքարի ձևավորվելիք խորհրդի քննարկմանը ներկայացնել հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, որում, որպես հակակոռուպցիոն ծրագրերի առաջնահերթ իրականացման ոլորտներ, առաջարկել հետևյալ չորս բնագավառները`

ա. կրթություն,

բ. առողջապահություն,

գ. պետական եկամուտների հավաքագրում,

դ. ոստիկանություն` քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թ. ապրիլի 10-ի նիստի

N 14 արձանագրային որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ

 

ԵՐԵՎԱՆ - 2014

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ԱՌԱՋԻՆ ԲԱԺԻՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման իրավական նախադրյալները 2. Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները 3. Կոռուպցիայի դեմ պայքարի փորձը և հակակոռուպցիոն նոր քաղաքականության ընդհանուր ուղղվածությունը 4. Հակակոռուպցիոն քաղաքականության հիմնարար արժեքներն ու սկզբունքները

 

ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ 1. Օրինավոր և բարեխիղճ հանրային ծառայողների դասի ձևավորում 2. Արդյունավետ հանրային կառավարման համակարգի ձևավորում 3. Թափանցիկ և հաշվետու կառավարման համակարգի ձևավորում 4. Մասնակցային կառավարման համակարգի ձևավորում

 

ԵՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԸ 1. Հանրային կառավարման համակարգում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ինստիտուցիոնալ համակարգը 2. Պատասխանատվություն և քննություն 3. Հակակոռուպցիոն իրազեկում և կրթություն 4. Մոնիթորինգի և գնահատման համակարգ

 

ԱՌԱՋԻՆ ԲԱԺԻՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն Հայեցակարգը նպատակ է հետապնդում բարձրացնել հասարակության վստահությունը հանրային կառավարման համակարգի նկատմամբ` ազնիվ, բարեխիղճ և պատասխանատու հանրային պաշտոնյաների դասի ձևավորման, կառավարման արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության ապահովման, ինչպես նաև մասնակցային կառավարման միջոցով:

Հայեցակարգը հասցեագրված է օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններին, բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, դրանց պաշտոնատար անձանց, քաղաքացիական հասարակությանը և գործարար հանրությանը:

Հայեցակարգի հիմքում դրված հիմնարար արժեքներն ու սկզբունքները հավասարապես վերաբերում են հանրային գործունեության և հանրային կյանքի ցանկացած ոլորտում ձևավորված կամ ակնկալվող հարաբերություններին և ողջամտորեն կիրառելի են այդ հարաբերությունների ցանկացած մասնակցի նկատմամբ:

 

1. Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման իրավական նախադրյալները

 

Վերջին տասնհինգ տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը ճանաչել և հռչակել է իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը: Այս ոլորտում հակակոռուպցիոն ռազմավարական փաստաթղթերի ընդունմամբ ձեռնարկվել են քայլեր, որոնք ուղղված են եղել կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանելուն, օրենսդրական հիմքերը կատարելագործելուն, ինչպես նաև հակակոռուպցիոն մարմինների ինստիտուցիոնալ համակարգ ներդնելուն:

Դեռևս նախորդ տասնամյակի սկզբներին ՀՀ կառավարությունն ամբողջականացրել է կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությունը, օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմնական շրջանակները: Այսպես, 2003 թ. նոյեմբերի 6-ին ՀՀ կառավարության թիվ 1522-Ն, որոշմամբ հաստատվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների 2003-2007 թթ. ծրագիրը, որը սահմանում էր կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությունը: Այս ծրագրի նպատակը կոռուպցիայի հաղթահարումն էր, այն ծնող և տարածումը խթանող պատճառների ու պայմանների վերացումը, երկրում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձևավորումը:

ՀՀ-ում հակակոռուպցիոն քաղաքականության ամբողջական իրականացումն ապահովելու համար 2004 թ. հունիսի 1-ին Հանրապետության Նախագահի հրամանագրով ստեղծվել և մինչ օրս գործում է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը (1), որն ի պաշտոնե գլխավորում է ՀՀ վարչապետը: Խորհրդին առընթեր ստեղծվել է Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողով` ՀՀ նախագահի օգնականի ղեկավարությամբ:

 

_________________

1) «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու մասին» ՀՀ Նախագահի 2004 թ. հունիսի 1-ի ՆՀ-100-Ն հրամանագիր` փոփոխված ՀՀ Նախագահի` 2004 թ. հունիսի 1-ի ՆՀ-100-Ն հրամանագրում փոփոխություն կատարելու մասին` ՀՀ Նախագահի` 2006 թ. Հունիսի 21-ի ՆՀ-144-Ն հրամանագրով:

 

2009 թ. հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարության թիվ 1272-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2009-2012 թթ. միջոցառումների ծրագիրը, որով որպես հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական նպատակ և ակնկալվող վերջնական արդյունք էր սահմանվել կոռուպցիայի ընդհանուր մակարդակի էական կրճատումը, իսկ ակնկալվող հիմնական արդյունքներն էին` կոռուպցիայի համակարգային բնույթի վերացումը, կոռուպցիայի տարածվածության աստիճանի նշանակալի սահմանափակումը, քաղաքացիներին մատուցվող հանրային ծառայությունների որակի բարելավումը, սոցիալական արդարության ընկալման բարելավումը, քաղաքական համակարգի կայունության ամրապնդումը, երկրի տնտեսական մրցունակության բարձրացումը:

Դրա հետ մեկտեղ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական ուղենիշները 2000 թ. ի վեր շարունակաբար ամրագրվել են ՀՀ կառավարության գործունեության, ինչպես նաև տարեկան գործունեության միջոցառումների ծրագրերում: Վերջին` 2013 թ. մայիսի 16-ի թիվ 515-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրում ևս որպես ծրագրի գործունեության հիմնական ուղղություն կարևորվում է «ազատ և արդար Հայաստան»-ի կառուցումը, որի ուղղությամբ կատարվող հիմնական գործողություններից է կոռուպցիայի դեմ պայքարը: ՀՀ կառավարությունը որպես խնդիր է ձևակերպվել կոռուպցիա ծնող պատճառների վերացումը, այդ գործընթացում թափանցիկության բարձրացումը` շեշտադրելով կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելիչ մոտեցման գերակայությունը` ընդդիմության պատասխանատու մասնակցությամբ:

 

2. Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները

 

2004 թ. հունվարին Հայաստանը անդամակցել է Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբին (GREGO), իսկ 2004 թ. հունիսին և դեկտեմբերին համապատասխանաբար ստորագրել և վավերացրել է Եվրոպայի խորհրդի «Կոռուպցիայի մասին» քրեական իրավունքի կոնվենցիան և «Կոռուպցիայի մասին» քաղաքացիական իրավունքի կոնվենցիան:

2005 թ. Հայաստանը ստորագրել է ՄԱԿ-ի` «Կոռուպցիայի դեմ կոնվենցիան» (ՄԱԿԴԿ), որը վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006 թ. հոկտեմբերի 23-ին և ուժի մեջ է մտել 2006 թ. նոյեմբերի 11-ին:

Հայաստանը ներգրավված է նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ` ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի «Ստամբուլի հակակոռուպցիոն գործողությունների պլան» ծրագրում: Այն կոչված է բարելավելու նշված երկրների հակակոռուպցիոն քաղաքականությունը` միջազգային փորձագետների կողմից մշակված առաջարկությունների միջոցով:

ՀՀ-ը ներգրավվել է Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերության գործընթացներում: Եվրամիության եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Եվրոպական միությունն ու Հայաստանը վավերացրել են գործողությունների ծրագրեր, որոնցում կոռուպցիայի դեմ պայքարը ներառված է որպես գերակա ոլորտ (2):

 

_______________________

2) Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ընդունվել է Ռազմավարություն Հայաստանի համար, որը նախատեսում է գործողություններ 2007-2013 թթ. համար: Այն ամրագրում է բարեփոխումների երեք գերակա ոլորտներ, որոնցից առաջինը վերաբերվում է Ժողովրդավարական կառույցների զարգացմանը և արդյունավետ կառավարմանը: Նշված ոլորտում ընդգրկված ենթաոլորտ է հանրային կառավարման, այդ թվում` տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումը, որը ներառում է նաև ֆինանսների կառավարումը, ներքին ֆինանսական հսկողությունը և արտաքին աուդիտը, կոռուպցիայի դեմ պայքարը: Սույն ռազմավարության հիման վրա ընդունվել են 2007-2010 թթ. և 2011-2013 թթ. համար Ազգային շրջանակային ծրագրեր:

 

2011 թ. սեպտեմբերի 20-ին ութ երկրներ պաշտոնապես ստեղծեցին Բաց կառավարման նախաձեռնությանը: 2012 թ. ապրիլի 17-ին ՀՀ-ը միացավ այս նախաձեռնությանը և ստանձնեց երկրում թափանցիկ, հաշվետու և արդյունավետ կառավարում իրականացնելու պարտավորություններ:

 

3. Կոռուպցիայի դեմ պայքարի փորձը և հակակոռուպցիոն նոր քաղաքականության ընդհանուր ուղղվածությունը

 

Հակակոռուպցիոն նախկին ռազմավարությունները և դրանց իրականացման միջոցառումների ծրագրերը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում բերեցին մի շարք նվաճումներ և դրական փոփոխություններ: Այս գործունեության առաջին փուլում (2003-2007 թթ.) կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ ընդունվեցին ավելի քան հիսուն օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր, ձևավորվեցին կոռուպցիայի դեմ պայքարող հիմնական կառույցները, ստորագրվեցին և վավերացվեցին կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային կարևորագույն պայմանագրերը, երկիրն անդամակցեց կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում միջազգային հեղինակավոր կազմակերպություններին և նախաձեռնություններին:

Երկրորդ փուլում (2009-2012 թթ.) գործադրված ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ արձանագրել ավելի կոնկրետ արդյունքներ: Այսպես, Համաշխարհային բանկի ինստիտուտի կողմից կիրառվող արդար կառավարման ցուցիչների շրջանակներում 2009-2012 թթ. ընթացքում կայուն աճել են իրավունքի գերակայության և ձայնի լսելիության ու հաշվետվողականության ցուցանիշները: Թեև կոռուպցիայի հսկողություն ցուցանիշը նվազել է 2009-2010 թթ., այդուհանդերձ, հետագա տարիների համար այն աճել է` 2012 թ.-ին երեք միավորով գերազանցելով 2009 թ.-ին գրանցած ցուցանիշը (3):

 

___________________

3) Հարկ է նշել, որ ԱՊՀ երկրներում կոռուպցիայի ընկալման ինդեքսի առումով ևս Հայաստանը 2011-2013 թթ ընթացքում դրական փոփոխություններ է գրանցել: ԱՊՀ 12 պետությունների մեջ 2010 և 2011 թթ. լինելով 4-րդ տեղում, Հայաստանն աստիճանաբար բարելավել է իր դիրքերը` 2012 թ. զբաղեցնելով 3-րդ, իսկ 2013 թ.` 2-րդ տեղը, զիջելով միայն անփոփոխ առաջատար Վրաստանին:

 

Այդուհանդերձ, նախորդ ռազմավարության ուսումնասիրությունը և դրանով նախատեսված միջոցառումների արդյունքների վերլուծությունը ցույց են տվել, որ համապարփակ հակակոռուպցիոն ռազմավարության մշակումը և դրանում խնդրահարույց բոլոր ոլորտների ներառումը (4), չեն ապահովել նախանշված նպատակների լիարժեք կենսագործումը: Միջոցառումների ծրագրի համալիր ուսումնասիրության արդյունքում վեր էին հանվել դրա արդյունավետության վրա ազդող մի շարք թերություններ: Մասնավորապես, պարզվել էր, որ ծրագիրը մշակելիս թերի են բացահայտվել կոռուպցիոն հիմնախնդիրները, կոռուպցիայի պատճառները, ինչպես նաև դրա դրսևորման ձևերը: Բացի այդ, անհրաժեշտ ֆինանսական և այլ միջոցների բացակայության պայմաններում ծրագրում ներառված ոլորտները չափազանց լայն և չթիրախավորված են եղել, իսկ առանձին դեպքերում ճիշտ չի ընտրվել պատասխանատուի պետական մարմինը, չի ապահովվել ինքնուրույն կառավարում իրականացնող մարմինների պատասխանատվությունը: Վերջապես, ծրագրի մեծածավալության պատճառով, խնդիրները ձևակերպելիս չի ապահովվել արդյունքների, համաթվերի և միջոցառումների ուղղակի կապը, իսկ ծրագրով նախատեսված միջոցառումները չեն եղել լիարժեք պլանավորված, անհրաժեշտ չափով համալիր և ամբողջական:

 

________________________

4) ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2009-2012 թթ. միջոցառումների ծրագրի նպատակի և հիմնական արդյունքների կենսագործման համար փաստաթղթում նախատեսվել էին շուրջ 124 ռազմավարական դրույթներ, որոնք բաժանվում էին միջոցառումների` առանձնացված 2009, 2010, 2011 և 2012 թթ. իրականացման համար: Յուրաքանչյուր միջոցառման համար մատնանշվել էին միջոցառման կատարման համար պատասխանատու մարմինը, ակնկալվող արդյունքը, արդյունքի գնահատման մոնիտորինգային ցուցիչը և ֆինանսավորման աղբյուրը: Նշված միջոցառումների իրականացման համար ընտրվել էին երկու տասնյակից ավել պատասխանատու պետական մարմիններ:

 

Ռազմավարական ծրագրերում առկա այս և նմանատիպ այլ էական խնդիրներն իրենց համակցության մեջ վերջին հաշվով հանգեցրել են պետության կողմից իրականացվող հակակոռուպցիոն գործունեության նկատմամբ հանրային վստահության պակասի (5):

 

_____________________

5) Թրանսփարենսի Ինթերնեյշնլի` կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի 2011 թ. արդյունքների համաձայն` Հայաստանի Հանրապետությունում հարցվածների ընդամենը 39%-ն է գտել, որ քաղաքացիները դերակատարում ունեն կոռուպցիայի դեմ պայքարում, այն դեպքում, երբ մյուս երկրների միջին ցուցանիշը 70% է: Միաժամանակ հարցվածների միայն 37%-ն է կարծում, որ քաղաքացու ներգրավումը կոռուպցիայի դեմ պայքարում կարող է հանգեցնել դրական փոփոխության (միջին ցուցանիշը 70% է): Կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավվել ցանկացել է հարցվողների միայն 43%, որը ուսումնասիրված 107 երկրների մեջ ամենացածր ցուցանիշն է: Բացի այդ, հարցվողների միայն 33%-ն է պատրաստակամություն հայտնել բարձրաձայնել կոռուպցիոն դեպքերի մասին:

 

Մինչդեռ հանրության աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործում հաջողության հասնելու կարևորագույն գրավականն է:

Այն ենթադրում է հանրության ներկայացուցիչների առավելագույն ներգրավվածություն հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և իրականացման ընթացակարգերին, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության միջև առկա հաղորդակցության ուժեղացում, ինչպես նաև հասարակության անդամների հակակոռուպցիոն ակտիվ գործունեության լուսաբանում և խրախուսում: Միայն օրինավոր և ազնիվ հանրային պաշտոնյան կարող է հանրությանը վստահություն ներշնչել կառավարման համակարգի նկատմամբ: Միայն այդ պարագայում կարելի է ակնկալել կոռուպցիայի դեմ պայքարում անհատի դերի արժևորման, հակակոռուպցիոն գործընթացներում ներգրավվածության, ինչպես նաև կոռուպցիոն երևույթներին մասին բարձրաձայնելու պատրաստակամության հարցերում հանրության վերաբերմունքի դրական փոփոխություն:

Այս պատճառով հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգը (այսուհետ` Հայեցակարգ) նախ և առաջ միտված է բարեխիղճ և պատասխանատու պաշտոնյաների միջոցով կոռուպցիայի մակարդակի և տարածվածության նվազեցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործընթացների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման ընթացքում հանրության աջակցության ընդլայնմանը, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման ավելի արդյունավետ և գործուն միջոցների կիրառմանը:

Միաժամանակ, նկատի ունենալով անցյալի փորձը, ինչպես նաև առկա ֆինանսական, մարդկային և այլ ռեսուրսների հաշվառմամբ հակակոռուպցիոն գործունեության առավել ռացիոնալ կազմակերպման անհրաժեշտությունը` Հայեցակարգը նպատակ չի դնում ընդգրկել հանրային կառավարման բոլոր բնագավառները, այլ որպես շրջանակային փաստաթուղթ ամրագրում է հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ոլորտային մոտեցումը` ՀՀ կառավարությանը հնարավորություն ընձեռելով ըստ առաջնահերթությունների ընտրել թիրախավորված ոլորտներ և այդ ճանապարհով իրականացնել հետևողական հակակոռուպցիոն քաղաքականություն:

Հետևաբար, հակակոռուպցիոն քաղաքականությունն իրականացվում է հանրային կառավարման համակարգում բարեխղճության ապահովմանն ուղղված ընդհանուր և ոլորտային կամ գործառութային առաջնահերթությունների հաշվառմամբ, որոշակի հետևողականություն և ներքին տրամաբանություն ունեցող հաջորդականությամբ:

Հայեցակարգի դրույթներն իրացվելու են դրա հիման վրա ընդունվող հակակոռուպցիոն ռազմավարության (այսուհետ` Ռազմավարություն) և ոլորտային ծրագրերի միջոցով:

 

4. Հակակոռուպցիոն քաղաքականության հիմնարար արժեքներն ու սկզբունքները

 

Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման նոր տեսլականը հիմնված է «փոփոխության տեսության» վրա: Այն ենթադրում է կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացի վերաիմաստավորում, դրա հիմքում ընկած սկզբունքների, արժեքների, չափանիշների վերանայում և վերափոխում:

Հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է հիմնված լինի հետևյալ հիմնարար արժեքները կենսագործելու նախապայմանի վրա.

. Քաղաքական կամք. պետական իշխանության բոլոր ճյուղերը` օրենսդիր, գործադիր և դատական, լիովին գիտակցում են կոռուպցիայից զերծ հասարակություն ունենալու կարևորությունը և արդյունավետ համագործակցում են Հայեցակարգի իրականացումն ապահովելու համար.

. Հանրային շահի առաջնայնություն. իշխանության և հանրային ինստիտուտների ներկայացուցիչներն իրենց լիազորություններն իրականացնելիս պարտավոր են հանրային շահը բարձր դասել ցանկացած այլ շահից: Անթույլատրելի է լիազորությունների օգտագործումն իրենց, իրենց ընտանիքների կամ մտերիմների համար չարդարացված նյութական կամ ոչ նյութական օգուտներ կամ առավելություններ ստանալու համար.

. Բարեխղճություն. իշխանության և հանրային ինստիտուտների ներկայացուցիչները պարտավոր են հրապարակել իրենց պարտականությունների օբյեկտիվ կատարման հետ բախման մեջ մտնող ցանկացած անձնական շահ, ինչպես նաև ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները շահերի բախումից և անհամատեղելի գործունեությունից խուսափելու համար.

. Թափանցիկություն. իշխանության և հանրային ինստիտուտների ներկայացուցիչներն ապահովում են հանրային շահին առնչվող տեղեկատվության մատչելիությունը, որոշումների կայացման գործընթացի թափանցիկությունը և այդ գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցությունը: Հանրային կառավարման ժամանակակից և արդյունավետ համակարգի ձևավորման համար Հայեցակարգի իրականացումը հիմնված են հետևյալ սկզբունքների վրա.

. Իրավունքի գերակայություն. բոլորը հավասար են օրենքի առջև և հավասարապես պաշտպանվում են օրենքով, ապահովված է իշխանությունների լիարժեք բաժանումը, հարգանքը մարդու իրավունքների ու ազատությունների հանդեպ, ինչպես նաև պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի հետևողական իրագործումը:

. Պատասխանատվություն. հանրային իշխանության մարմինները պատասխանատու են Ռազմավարությունից բխող միջոցառումների իրականացման և դրանց արդյունավետության ապահովման համար:

. Կոռուպցիոն ռիսկերի գնահատում և կառավարում. հանրային յուրաքանչյուր ինստիտուտ պետք է ունակ լինի իր կողմից իրականացվող կառավարման գործընթացում կանխատեսել կոռուպցիոն պոտենցիալ ռիսկերը և համարժեքորեն նվազեցնել դրանք.

. Հակակոռուպցիոն ընթացակարգերի մշակման և իրացման համաչափություն. հանրային ինստիտուտները պետք է մշակեն, ներդնեն և իրականացնեն այնպիսի հուսալի ընթացակարգեր, որոնք համաչափ կլինեն ինստիտուցիոնալ ռիսկերին և տվյալ ինստիտուտի պաշտպանվածության աստիճանին (խոցելիությանը), ինչպես նաև կհամապատասխանեն այս կամ այն ինստիտուտի ռեսուրսներին և կազմակերպական առանձնահատկություններին:

. Քաղաքական բարձրագույն մակարդակում հաշվետվողականություն. հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետությունը պահանջում է կառավարման բարձրագույն մակարդակում հանրային բոլոր ինստիտուտներին կոռուպցիայի բացարձակ անհանդուրժողականության հստակ ազդակների հասցեագրում: Կառավարման յուրաքանչյուր օղակ պետք է նախաձեռնի, ղեկավարի և վերահսկի կոռուպցիայի հակազդման միջոցառումներ` գիտակցելով, որ կոռուպցիան հակասում է բարեխղճության, թափանցիկության հիմնարար արժեքներին:

. Կոռուպցիոն իրավախախտումների կանխարգելում. առաջնահերթ և պարտադիր է ապահովել կոռուպցիոն իրավախախտումներ ծնող և դրանց նպաստող նախադրյալների վաղ բացահայտումը և ժամանակին չեզոքացումը: Ինչպես հանրային ինստիտուտները պետք է միջոցներ ձեռնարկեն կոռուպցիայի դեմ պայքարում վստահելի գործընկերներ գտնելու և նրանց հետ համագործակցելու հարցում: Գործընկերային կամ այլ համաձայնություններ կնքելիս յուրաքանչյուր ինստիտուտ պետք է հավաստիանա, որ հակառակ կողմն ունի սույն և մյուս սկզբունքներին համապատասխանող քաղաքականություն և ընթացակարգեր:

. Համագործակցություն և համաձայնեցում. կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացին ներգրավված ինստիտուտները պետք է սերտորեն համագործակցեն` ապահովելով նպատակների և դրանց նվաճմանն ուղղված միջոցառումների միասնական սահմանումը և համատեղ իրականացումը:

. Հանրային-մասնավոր գործընկերություն. անհրաժեշտ է ապահովել կոռուպցիայի դեմ ձեռնարկվող կանխարգելիչ կոնկրետ միջոցառումների իրականացմանը քաղաքացիական հասարակության և գործարար հանրության ներգրավվածությունը:

 

ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1. Օրինավոր և բարեխիղճ հանրային ծառայողների դասի ձևավորում

 

Վիճակի նկարագրությունը

 

2002 թ. ուժի մեջ մտած «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ Հայաստանը ձեռնամուխ եղավ արդյունավետ հանրային ծառայության համակարգի ձևավորմանը: Դրա հիման վրա մշակվեցին հանրային ծառայության առանձին ոլորտները (ոստիկանական, հարկային, մաքսային, դիվանագիտական, ազգային անվտանգության, դատախազական, դատական, համայնքային և այլն) կանոնակարգող օրենսդրական ակտեր, որոնք, ի թիվս այլոց, սահմանեցին վարքագծի (էթիկայի) կանոններ, շահերի բախումների իրավիճակները կանխարգելող սահմանափակումների կանոնակարգումներ:

2012 թ. ուժի մեջ մտած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով փորձ արվեց ընդհանրացնել ինչպես հանրային ծառայողների, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց վարքագծի (էթիկայի) կանոնների սահմանման պրակտիկան: Ստեղծվեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, որը պատասխանատու է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի կանոնների ու շահերի բախման սահմանափակումների կիրառման, այդ անձանց ու նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերի հավաքման ու հրապարակման, ինչպես նաև էթիկայի կանոնների ու շահերի բախման խախտումների բացահայտման համար:

Այդուհանդերձ, պաշտոնատար անձանց վարքագծի կանոնակարգման, շահերի բախումների բացահայտման և խախտումների կանխարգելման, ակտիվների ու շահերի հայտարարագրման համակարգն ամբողջական չէ և արդյունավետ չի գործում: Նախ, Հանձնաժողովն ապահովված չէ անհրաժեշտ ռեսուրսներով և կարողություններով: Մյուս կողմից, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով հանրային ծառայողների և բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար սահմանված էթիկայի կանոնները լիարժեք չեն և իրենց բովանդակությամբ չեն համապատասխանում ՏՀԶԿ-ի կողմից հաստատված հանրային ծառայողների էթիկայի կանոնների ուղեցույցի պահանջներին: Բացի այդ, նշված դրույթներն իրենց էությամբ ոչ թե էթիկայի կանոններ, այլ ընդհանրական ու ոչ ամբողջական սկզբունքներ և ուղենիշեր են:

Հանրային ծառայողների հայտարարագրման գործող ինստիտուտը հիմնականում սահմանափակվում է պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրման պահանջով. շահերի հայտարարագրման ինստիտուտը բացակայում է:

Հայտարարագրվող անձանց շրջանակը ներառում է քաղաքական որոշումների կայացման գործում ներառված պաշտոնները` ըստ իշխանության հիերիարխիկ և հորիզոնական բաշխվածության: Այդուհանդերձ, կոռուպցիոն ռիսկերի առաջացման ու զսպման տեսանկյունից շահերի բախման և դիրքի չարաշահման ռիսկերի հիման վրա պաշտոնների գնահատում չի իրականացվել, որի հետևանքով համակարգում ներառված են ոչ բոլոր ռիսկային խմբերը:

Պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի արժանահավատության ստուգման համար առկա ինստիտուցիոնալ կարողություններն ու ռեսուրսները սահմանափակ են, իսկ պահանջվող մեթոդաբանությունն ու ընթացակարգերը դեռևս մշակված չեն: Անհրաժեշտ տեղեկատվությունը հավաքվում է, սակայն դրա հավաստիությունը չի ստուգվում և չի համադրվում այլ աղբյուրներում առկա տվյալների կամ շահերի բախման այլ բաղադրիչների հետ: Նշված թերացումների հետևանքով բացակայում է պատշաճ մակարդակի համագործակցությունը իրավապահ մարմինների հետ` անհրաժեշտ նախադրյալների առկայության դեպքում տեղեկատվությունը իրավասու մարմիններին տրամադրելու առումով:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառվող հրապարակման ենթակա տեղեկությունների շրջանակը թափանցիկության և մատչելիության առումով կատարելագործման կարիք ունի:

Հայաստանում հանրային ծառայողների շահերի բախման կանոնակարգումը պետական և համայնքային ծառայության տարբեր հատվածներում, մասնավորապես, բարձրաստիճան քաղաքական, հայեցողական և պետական այլ պաշտոնների համար միասնական չէ և իրականացվում է այդ ծառայությունները կարգավորող օրենսդրությամբ: Ընդ որում, առկա են էական բացեր շահերի բախման չափանիշներում, և դրանց կիրառման ընթացակարգերում:

Հստակեցված չէ իրավասու այն մարմինը (մարմինները), որը պետք է իրականացնի շահերի բախման սահմանափակումների կիրառման նկատմամբ վերահսկողություն: Ապահովված չէ էթիկայի ոլորտում քաղաքականության արդյունավետ ինստիտուցիոնալացումը:

Դրա հետ մեկտեղ պաշտոնյաների վարքագիծը և շահերի բախումը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման համար պատասխանատվության կամ հանրային ներգործության միջոցներ սահմանված չեն: Բացակայում է նաև պատասխանատվությունը հայտարարագիր չներկայացնելու, սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու համար, ինչպես նաև հայտարարագրում ոչ հավաստի, կեղծ տվյալներ ներառելու համար:

 

Հայեցակարգային լուծումները

Ա. Ձևավորել հանրային ծառայողների ու պաշտոնատար անձանց օրինավոր և բարեխիղճ վարքագիծն ապահովող ինստիտուցիոնալ համակարգ.

. ԵՄ և ՏՀԶԿ հանրային ծառայողների կամ պաշտոնատար անձանց համար կիրառվող էթիկայի կանոնների հիմնարար սկզբունքներին համապատասխան Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով, անհրաժեշտության դեպքում, ճյուղային օրենքներով սահմանել էթիկայի սկզբունքներ և վարքագծի կանոններ.

. Հանրային ծառայության առանձին ոլորտներում ձևավորել վարքագծի կանոնների պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն և հսկողություն իրականացնող օղակներ (էթիկայի հանձնաժողովներ կամ էթիկայի հարցով պատասխանատուներ).

. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տրամադրել հանրային ծառայության առանձին ոլորտներում վարքագծի կանոնների պահպանման պրակտիկան ուսումնասիրելու, վերլուծելու և ամփոփելու համարժեք գործիքներ.

. Մշակել և ներդնել վարքագծի կանոնների պահանջների իրական կատարումը, ներառյալ` այդ պահանջներին չենթարկվելու համար ներգործության միջոցների կիրառումն ապահովող գործուն ընթացակարգեր.

. Օրենսդրորեն սահմանել էթիկայի հարցերով պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն և հսկողություն իրականացնող օղակների թափանցիկ և հաշվետու գործունեության պահանջ` կանոնակարգելով հանրային հաշվետվողականության մեխանիզմները.

. Ապահովել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ռեսուրսներով համալրումը` առանձին տարածք, աշխատակազմ, բյուջետային ինքնուրույն ֆինանսավորում:

 

Բ. Ձևավորել շահերի բախումը կանխարգելող գործնականորեն կիրառելի կառուցակարգեր.

. Միջազգային չափանիշներին համապատասխան օրենսդրորեն սահմանել հանրային ծառայողի և պաշտոնատար անձի շահերի բախման հասկացությունը և իրավիճակները.

. Վերանայել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հանրային ծառայողի և պաշտոնատար անձի անհամատեղելի գործունեության ու այլ սահմանափակումների շրջանակը` ապահովելով դրանց հստակությունը և կանխատեսելիությունը.

. էթիկայի հարցերով պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն և հսկողություն իրականացնող օղակներին վերապահել հանրային ծառայության առանձին ոլորտներում շահերի բախման, անհամատեղելի գործունեության և այլ սահմանափակումների բացահայտման, ինչպես նաև դրանց չեզոքացման գործառույթներ.

. Մշակել և ներդնել շահերի բախման, անհամատեղելի գործունեության և այլ սահմանափակումների բացահայտումն ու չեզոքացումը, ինչպես նաև սահմանված պահանջների խախտման համար ներգործության միջոցների կիրառումն ապահովող գործուն ընթացակարգեր:

 

Գ. Բարելավել հանրային ծառայողների ու պաշտոնատար անձանց ակտիվների ու շահերի հայտարարագրման (ֆինանսական բացահայտման) համակարգը.

. Վերանայել և օպտիմալացնել ակտիվների ու շահերի հայտարարագրման գործընթացը, մասնավորապես, ընդլայնել հայտարարագրման ենթակա տվյալների ցանկը, հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց շրջանակը, որոշակիացնել փոխկապակցված անձանց և ընտանիքի կազմին վերաբերող տվյալների շրջանակը, հստակեցնել հայտարարագրման կարգը և ժամկետները.

. Մշակել և ներդնել հայտարարագրման գործընթացի կանոնների իրական կատարումը, այդ թվում` դրանց պահանջները չկատարելու համար իրավական ներգործության միջոցների կիրառումն ապահովող գործուն ընթացակարգեր.

. Բարձրացնել հայտարարագրման գործընթացի թափանցիկությունն ու մատչելիությունը, ինչպես նաև օրենքում ամրագրել ստուգված հայտարարագրերի վերաբերյալ հրապարակային պարզաբանումներ կամ բացատրություններ ներկայացնելու ընթացակարգերը:

 

2. Արդյունավետ հանրային կառավարման համակարգի ձևավորում

 

Վիճակի նկարագրությունը

 

Հանրային կառավարման համակարգում ընթացող բարեփոխումների շրջանակներում դեռևս լիարժեքորեն ապահովված չէ հանրային ծառայության միասնականությունն ու ամբողջականությունը, պետական մարմինների գործառույթների հստակ տարանջատումը, կառուցվածքային և գործառութային արդյունավետությունը: Հետագա բարելավման կարիք ունի նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ վերահսկողության ընթացակարգը, պետք է բարձրացվի պետական մարմինների միջև ֆորմալ հաղորդակցությունը և համագործակցությունը արդյունավետությունը:

Հանրային ծառայության առանձին տեսակներ շարունակում են ոչ լիարժեք հասանելի լինել հասարակության համար:

Շարունակում է արդիական մնալ հանրային կառավարման մարմիններում աշխատանքի կազմակերպման սկզբունքների հստակեցումը և վարչարարության պարզեցումը:

Դեռևս բավարար մակարդակի վրա չէ հանրային ծառայությունը որակյալ մասնագետներով համալրելու գործընթացը, հանրային ծառայողների մասնագիտական կարողությունների շարունակական բարելավումն ու վերապատրաստումը, աշխատանքի արդյունավետության գնահատումը, ինչպես նաև վարձատրությունը ու խրախուսումը: Լիարժեք չէ գիտելիքների ստուգման համակարգը և մեթոդիկան, ապահովված չէ գիտելիքների և հմտությունների ստուգման համար պատասխանատու անձանց վերապատրաստումը:

Արդիական է օրենսդրական կարգավորման մեխանիզմների և ընթացակարգերի հետագա պարզեցումն ու հստակեցումը, օրենսդրության մեջ առկա հակասությունների, կրկնությունների բացահայտումն ու վերացումը: Դեռևս չկան օրենսդրության հետևողական կիրարկման և դրա նկատմամբ վերահսկողության գործուն մեխանիզմներ, սահմանված չեն լիազորությունների իրականացման թերացումների համար համարժեք պատասխանատվության միջոցներ:

Շարունակում է ցածր մնալ բյուջետային միջոցների կառավարման արդյունավետությունը: Գնումների կազմակերպման ընթացքում դեռևս առկա են հակամրցակցային, անարդյունավետ և խտրական հիմքերով կազմակերպված գնման գործընթացներ, չեն պահպանվում գնումների իրականացման օրենսդրական պահանջները, էլեկտրոնային գնումների համակարգը ամբողջությամբ չի գործարկվում, ապահովված չէ գնումների բողոքարկման խորհրդի լիարժեք անկախությունը, գործունեության թափանցիկությունը:

 

Հայեցակարգային լուծումները

 

Ա. Ապահովել հանրային կառավարման մարմինների կառուցվածքային և գործառնական բարեփոխումները.

. Գնահատել հանրային կառավարման մարմինների կառուցվածքային արդյունավետությունը, ապահովել գործող ինստիտուտների գործառույթների վերանայումը և դրանց լիարժեք իրագործման համար լիազորությունների ամբողջացումը.

. Ներդնել միասնական հանրային ծառայության արդյունավետ կառավարման ինստիտուտ` տարանջատելով «հանրային ծառայող» և «հանրային պաշտոնյա» հասկացությունները.

. Ամրապնդել ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության ընդունվելու իրավական և կառուցակարգային երաշխիքները.

. Հանրային ծառայությունը համալրել պրոֆեսիոնալ մասնագետներով.

. Զարգացնել հանրային քաղաքականության պլանավորման և իրականացման կարողությունները, ապահովել հանրային կառավարման մարմինների հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման կարողությունների զարգացումը և ռեսուրսային ապահովվածությունը.

. Շարունակաբար կատարելագործել հանրային ծառայության իրավական կարգավորումները, պարզեցնել վարչարարությունը:

 

Բ. Ապահովել ռեսուրսների արդյունավետ կառավարում.

. Բարձրացնել բյուջետային միջոցների կառավարման արդյունավետությունը.

. Կատարելագործել ներքին աուդիտի համակարգը, այդ թվում` համապատասխան մասնագետների որակավորումների բարձրացման միջոցով.

. Բարելավել գնումների կազմակերպման և դրանց արդյունքների բողոքարկման ընթացակարգերը:

 

Գ. Շարունակաբար արդիականացնել հանրային կառավարման համակարգը.

. Կատարելագործել էլեկտրոնային կառավարման համակարգերը.

. Իրականացնել կառավարման համակարգի արդիականացման միջազգային լավագույն փորձի շարունակական ուսումնասիրություն և կիրառություն:

 

Դ. Բարելավել հանրային ծառայությունների որակը.

. ծառայությունների պատշաճ մատուցումն իրականացնել ողջամիտ ժամկետներում.

. Սահմանել ծառայությունների որակի գնահատման օբյեկտիվ և կանխատեսելի չափորոշիչներ.

. Ապահովել ծառայությունների որակի շարունակական գնահատումը, իրագործել ծառայությունների արդար և հասցեական բաշխման սկզբունքները, շահառուներին ներգրավել հանրային ծառայությունների բարելավման գործընթացին:

 

3. Թափանցիկ և հաշվետու կառավարման համակարգի ձևավորում

 

Վիճակի նկարագրությունը

 

Նախորդ տարիներին ՀՀ-ում իրականացված բարեփոխումների հիմնական նպատակն էր հանրային կառավարումը դարձնել առավել բաց և հաշվետու: Դրա համար կառավարությունը ձեռնարկել է պետական մարմինների հանդեպ հանրության վստահության աճի, ինչպես նաև հանրային ծառայողների պատասխանատվության բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումներ:

Այնուամենայնիվ, թափանցիկության և հաշվետվողականության տեսանկյունից պետական կառավարման մարմինների համակարգում դեռ առկա են չլուծված խնդիրներ, մասնավորապես` արմատացած չէ հանրային հաշվետվողականության մշակույթը, պետական իշխանության և հանրային ինստիտուտների գործունեության արդյունքները ոչ միշտ են հասանելի հանրությանը: Լիարժեք կերպով չի ապահովվում պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների մատչելիությունը, ինչպես նաև պետական մարմինների տարեկան և ընթացիկ գործունեության մասին հաշվետվությունների հրապարակումը:

 

Հայեցակարգային լուծումները

 

Ա. Ապահովել բաց տեղեկատվության լիարժեք հասանելիությունը.

. Հստակեցնել տեղեկատվության տրամադրման ընթացակարգերը և ժամկետները, դրանց խախտումների համար սահմանել պատասխանատվության համարժեք միջոցներ.

. Ներդնել հանրությանը տեղեկատվության տրամադրման և հետադարձ կապի ապահովման նոր գործիքներ:

 

Բ. Բարձրացնել իշխանության մարմինների և հանրային ինստիտուտների գործունեության թափանցիկությունը.

. Գործարկել պետական ծառայողների ընտրության և առաջխաղացման` հանրության համար հասկանալի և վստահելի համակարգ.

. Ապահովել իրականացված աշխատանքների, գործունեության արդյունքների, այդ թվում ֆինանսական գործառնությունների վերաբերյալ պարբերական հաշվետվությունների հրապարակում.

. Սահմանել քաղաքական որոշումներ կայացնողների գործունեության հրապարակայնության նվազագույն չափանիշներ.

. Մշակել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հանրային հետաքրքրություն ներկայացնող երևույթների և խնդիրների վերաբերյալ հանրությանն ամբողջական և արժանահավատ տեղեկատվության տրամադրման կառուցակարգեր:

 

Գ. Բարձրացնել ֆինանսական թափանցիկությունը.

. Կատարելագործել պետական բյուջեի մշտադիտարկման կառուցակարգերը.

. Զարգացնել անկախ աուդիտի համակարգը.

. Մեծացնել աուդիտորական եզրակացությունների հրապարակայնությունը:

 

4. Մասնակցային կառավարման համակարգի ձևավորումը

 

Վիճակի նկարագրությունը

Կոռուպցիայի դեմ պայքարի գործում էական նշանակություն ունի քաղաքացիական հասարակության ներգրավումը հանրային կառավարման համակարգի գործունեությանը:

Պետք է ապահովվի հիմնահարցերի վերհանման, քաղաքականության մշակման, կիրարկման և դրա արդյունքների գնահատման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը:

Վերջին տարիներին քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ունեցել են որոշակի ներգրավվածություն կառավարության կողմից բազմաթիվ քաղաքական ծրագրերի մշակման աշխատանքներին: Հակակոռուպցիոն ռազմավարության երկու փաստաթղթերի մշակումը ևս իրականացվել է հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Այդուհանդերձ, մասնակցային կառավարումը լիարժեք չի եղել. նախ` ապահովված չէ հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը քաղաքական ծրագրերի մշակման և իրականացման գործընթացի բոլոր փուլերում, երկրորդ` քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությունը արդյունավետ չի եղել` պայմանավորված ինստիտուցիոնալ կարողությունների և ռեսուրսների սահմանափակվածությամբ: Բացի այդ, ձևավորված չէ պետություն-հասարակական կազմակերպություններ ռազմավարական գործընկերության մշակույթը:

 

Հայեցակարգային լուծումները

 

Ա. Ապահովել կայուն կապի ձևավորում, շարունակական երկխոսություն քաղաքացիական հասարակության և իշխանության մարմինների ու հանրային ինստիտուտների միջև.

. Բարձրացնել ընթացող բարեփոխումների ու ծրագրերի վերաբերյալ քաղաքացիական հասարակության, գործարար հանրության, քաղաքացիների, ԶԼՄ իրազեկվածության մակարդակը.

. Նպաստել երկխոսության նոր և կայուն հարթակների ձևավորմանը` քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոալիցիաների, ֆորմալ ցանցերի տեսքով.

. Ներդնել հանրային լսումների և քննարկումների կազմակերպման և անցկացման կանոնակարգված ձևաչափեր:

 

Բ. Ապահովել որոշումների կայացման, իրականացման և վերահսկման գործընթացում հանրային մասնակցություն.

. Ներդնել էլեկտրոնային ժողովրդավարության (e-democracy) առանձին գործիքներ, այդ թվում` էլեկտրոնային սոցիոլոգիական հարցումների, էլեկտրոնային քվեարկությունների, նոր առաջարկությունների հավաքման և այլ մեթոդների կիրառմամբ.

. Քննարկել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հանրային ինստիտուտների առանձին լիազորությունների պատվիրակման կամ դրանց համատեղ իրականացման հնարավորությունը.

. Ներդնել պետական ծրագրերի իրականացման և հանրային ծառայությունների մատուցման նկատմամբ մշտադիտարկման համակարգ` յուրաքանչյուր բնագավառում մշտադիտարկման կայուն և անկախ ենթահամակարգերի ձևավորման, մշտադիտարկման գործընթացում շահառուների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման, մշտադիտարկման արդյունքների հիման վրա պատասխանատվության և խրախուսանքի կառուցակարգերի գործարկման միջոցով.

. Աջակցել որոշումների կայացման, իրականացման և վերահսկման գործընթացում քաղաքացիական հասարակության` լիարժեք և արդյունավետ մասնակցություն ապահովող անհրաժեշտ և վերաբերելի կարողությունների զարգացմանը:

 

ԵՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԸ

 

1. Հանրային կառավարման համակարգում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ինստիտուցիոնալ համակարգը

 

Կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն երաշխիքներից է հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետ իրականացումն ապահովող ինստիտուցիոնալ համակարգի ներդրումը:

Նոր համակարգը պետք է միտված լինի հակակոռուպցիոն քաղաքականություն իրականացնող մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման և բացահայտման մարմինների միջև կայուն կառուցակարգված համագործակցության ապահովմանը: Այն հիմնված է քաղաքականության մշակման, իրականացման և մոնիտորինգի գործընթացում պատշաճ հաղորդակցության, ինչպես նաև հակակոռուպցիոն միջոցառումների իրականացմանը ներգրավված դոնոր կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության կառույցների հետ փոխգործակցության սկզբունքների վրա:

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության կողմից իրականացվող ներքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է: Այդուհանդերձ, հայեցակարգային հիմնախնդիրների լուծման պատասխանատուներ են նաև օրենսդիր և դատական իշխանության մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները և դրանց պաշտոնատար անձինք:

ՀՀ-ում հակակոռուպցիոն քաղաքականությունը կենսագործվում է կանխարգելիչ ինստիտուցիոնալ մոդելի շրջանակներում` հետևյալ կառուցվածքով.

. Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ)` որպես հակակոռուպցիոն ռազմավարության իրականացումը համակարգող, ոլորտային ծրագրերի իրականացման նկատմամբ հսկողություն ապահովող մարմին (ներկայիս կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը վերացվելու է):

. Բարձրորակ մասնագետներով համալրված մշտապես գործող փորձագիտական հանձնախումբ (այսուհետ` Հանձնախումբ) (ներկայիս հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման մոնիտորինգի հանձնաժողովը վերացվելու է):

. Առանձին ոլորտներում հակակոռուպցիոն քաղաքականություն իրականացնող պատասխանատու մարմիններ (նախարարություններ, կառավարությանն առընթեր պետական մարմիններ):

 

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը

 

Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների համակարգումն ու դրանց կատարման նկատմամբ հսկողությունը վերապահվում է Խորհրդին: Խորհուրդը ղեկավարում է ՀՀ վարչապետը: Խորհրդի կազմում ընդգրկվում են` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, ՀՀ ֆինանսների նախարարը, ՀՀ արդարադատության նախարարը, ՀՀ գլխավոր դատախազը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների մեկական ներկայացուցիչ, Հանրային խորհրդի նախագահը, համայնքների միության մեկ և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ: Խորհուրդը`

1. Քննարկում և հաստատում է հակակոռուպցիոն ռազմավարությունը, դրա հիման վրա մշակված ոլորտային ծրագրերը,

2. Համակարգում է հակակոռուպցիոն ռազմավարության իրականացումն ու հսկողություն է իրականացնում դրանից բխող միջոցառումների կատարման նկատմամբ,

3. Քննարկում է հակակոռուպցիոն ծրագրերի գնահատման/մոնիտորինգի արդյունքները և Հանձնախմբի հաշվետվությունների հիման վրա առաջարկություններ ներկայացնում պատասխանատու մարմիններին:

Իրավական ակտերի ընդունման միջոցով կենսագործման ենթակա Խորհրդի առաջարկությունները կարող են ձևակերպվել որպես ՀՀ կառավարության որոշումներ, ՀՀ վարչապետի, ինչպես նաև այլ պատասխանատու մարմինների իրավական ակտեր:

Խորհրդի առաջարկությունները կարող են հիմք ծառայել նաև ՀՀ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի համար:

 

Հանձնախումբը

 

Հանձնախումբը կազմված է անկախ փորձագետներից: Հանձնախմբի փորձագետները ներգրավվում են մրցութային հիմունքներով: Փորձագետների ընտրությունը և նրանց ազատումը վերապահվում է Խորհրդին: Հանձնախումբն իր գործառույթներն իրականացնելիս անկախ է և հաշվետու է միայն Խորհրդին: Հանձնախմբի գործունեության նյութատեխնիկական և կազմակերպական աջակցությունն իրականացնում է Կառավարության աշխատակազմը, աշխատակազմում ստեղծված կառուցվածքային ստորաբաժանման միջոցով, որի իրավասությունների շրջանակը կսահմանվի համապատասխան իրավական ակտերում:

Հանձնախումբը`

1. աջակցում է Ռազմավարության և հակակոռուպցիոն ոլորտային ծրագրերի մշակմանը,

2. իրականացնում է ծրագրերի մոնիտորինգ, գնահատում, ամփոփում է ծրագրերի իրականացման վերաբերյալ հաշվետվությունները,

3. նախապատրաստում է հաշվետվություններ, զեկույցներ ծրագրերի կատարման վիճակի վերաբերյալ և առաջարկություններ ներկայացնում Խորհրդին,

4. ապահովում է կոռուպցիայի դրսևորումների և պատճառների ուսումնասիրությունը,

5. մշակում է ուղեցույցներ և ներկայացնում Խորհրդի հավանությանը, պատասխանատու մարմիններին ցուցաբերում է մեթոդական և այլ աջակցություն,

6. նպաստում է կոռուպցիայի կանխարգելման հարցերով հասարակության գիտելիքների ընդլայնմանն ու տարածմանը,

7. ապահովում է Խորհրդի համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների հետ:

 

Պատասխանատու մարմինները

 

ՀՀ կառավարությունը, ՀՀ վարչապետը, ինչպես նաև առանձին ոլորտներում հակակոռուպցիոն քաղաքականություն իրականացնող այլ պատասխանատու մարմինների ղեկավարներն (այսուհետ` Պատասխանատու մարմիններ) ապահովում են ոլորտային ծրագրերի մշակումն ու լիարժեք իրականացումը:

Առանձին ոլորտներում Պատասխանատու մարմինների կողմից վերհանվում են կոռուպցիայի կոնկրետ պատճառները, որոնց ախտորոշման արդյունքների հիման վրա Պատասխանատու մարմինները մշակում են ոլորտային ծրագրերը, ապահովում դրանց հրապարակումն ու հանրային քննարկումը, ինչպես նաև պատշաճ իրականացումը:

Պատասխանատու մարմինների կողմից մշակվող ծրագրերը պետք է համապատասխանեն ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին և ներառեն այդ պարտավորություններից բխող, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ-ին ուղղված հանձնարարականների կատարմանն ուղղված գործողություններ: Միջոցառումներով նախատեսվող գործողությունները պետք է ունենան իրացման երաշխիքներ, այդ թվում` ռեսուրսների ապահովվածություն և գործողության կատարման ու արդյունքի/ազդեցության միջև կապի հիմնավորվածություն:

Միջոցառումների իրականացմանը զուգահեռ հակակոռուպցիոն քաղաքականության համար պատասխանատու մարմինները կազմակերպում են հակակոռուպցիոն քարոզչություն, հանրային իրազեկում և պարբերական հետազոտություններ, գնահատումներ, այդ թվում` ծրագրի ազդեցության գնահատում կոռուպցիայի մակարդակի ու տարածվածության վրա:

Իրականացված միջոցառումների և դրանց արդյունքների վերաբերյալ պատասխանատու մարմինները սահմանված ձևաչափով պարբերաբար տեղեկատվություն են ներկայացնում Խորհրդին` ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:

Պատասխանատու մարմինները`

1. իրականացնում են կոռուպցիոն երևույթների, կոռուպցիոն ռիսկերի բացահայտմանն ուղղված հետազոտություններ,

2. Անցկացված հետազոտության արդյունքների վերլուծության հիման վրա առաջարկում են հաղթահարման ուղիներ/լուծումներ,

3. Մշակում են ոլորտային ծրագրեր, ապահովում դրանց հանրային քննարկումները, առաջարկությունների ամփոփումը, վերանայումը և ներկայացնում Խորհրդի քննարկմանը,

4. Սահմանված ժամկետներում իրականացնում են ծրագրերով նախատեսված գործողությունները,

5. Իրականացված միջոցառումների և այլ հարցերի վերաբերյալ պարբերական տեղեկատվություն է ներկայացնում Հանձնախմբին:

 

Կոռուպցիայի բացահայտմանը և կանխարգելմանը նպաստող մարմինները

 

ՀՀ-ում գործում են բազմաթիվ պետական մարմիններ, որոնք իրենց գործառույթներն ու լիազորություններն իրականացնելիս նպաստում են կոռուպցիայի կանխարգելմանը: Այդպիսի մարմիններ են` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովը, ՀՀ Վերահսկիչ պալատը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, Քաղաքացիական ծառայության խորհուրդը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և այլն:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործում առանցքային դեր ունեն բազմաթիվ պետական մարմիններ և տեղական ինքնակառավարման մարմինները:

Այս առումով, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը համակարգված հանդիպումների միջոցով համագործակցության հարթակ է ձևավորում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործում դերակատարում ունեցող մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելմանը նպաստող ինստիտուտների ներկայացուցիչների հետ: Համակարգված հանդիպումների ժամանակ քննարկումներ են տեղի ունենում իրականացված միջոցառումների, խնդիրների, հնարավոր լուծումների վերաբերյալ` միաժամանակ ապահովելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև պատշաճ հաղորդակցություն և արդյունավետ համագործակցություն: Քննարկումների արդյունքներն ամփոփվում են կառավարության կողմից սահմանված կարգով և ձևաչափով:

 

2. Պատասխանատվություն և քննություն

 

Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երաշխիքներից մեկը կոռուպցիոն վարքագծի համար պատասխանատվության համարժեք միջոցներ սահմանելը և նման վարքագծի դրսևորումներն արդյունավետ քննելն է: Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիոն բնույթի իրավախախտումների համար պաշտոնատար անձանց պատասխանատվության համակարգ չի գործում: Մասնավորապես, ներդրված չեն կարգապահական կամ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու հստակ չափորոշիչներ: ՀՀ քրեական օրենսգիրքը թեև սահմանում է մեկ տասնյակից ավելի կոռուպցիոն հանցագործություններ, սակայն դա լիարժեք չի արտացոլում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների ծավալը և բովանդակությունը:

Կոռուպցիոն որոշ հանցագործություններ քրեականացված չեն, իսկ առանձին հանցակազմեր շարունակում են պարունակել մասնատված և բարդ դրույթներ, ինչը թույլ չի տալիս միատեսակ և համարժեք գնահատել այս կամ այն գործողության կամ անգործության հանցավոր բնույթը: Բացի այդ, նկատի ունենալով պետության և, մասնավորապես, դրա տնտեսական համակարգի համար կոռուպցիոն հանցագործությունների անմիջական սպառնալիքը և վտանգավորության աստիճանը, դրանց համար սահմանված պատիժները միշտ չէ որ օբյեկտիվորեն համարժեք են օրենքով նախատեսված հակաիրավական գործունեության բնույթին և առաջացրած հետևանքներին:

Շարունակում է ցածր մնալ կոռուպցիոն բնույթի իրավախախտումների քննության արդյունավետությունը: Չկան պաշտոնատար անձանց կարգապահական կամ վարչական պատասխանատվության ենթարկելու գործուն կառուցակարգեր, ճշգրիտ որոշված չէ կոռուպցիոն հանցանքների շրջանակը, իսկ այդ հանցանքների քննությունն իրականացնող մարմինների անկախության, մասնագիտացվածության և փոխգործակցության պահանջները միշտ չէ, որ պահպանվում են: ՀՀ-ում կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ գործերով նախաքննությունն իրականացնում են տարբեր քննչական մարմիններ, ինչն ինքնին դրական ազդեցություն չի ունենում քննչական գործունեության արդյունավետության վրա: Ընդ որում, այդ մարմիններից միայն ՀՀ հատուկ քննչական ծառայությունն է, որ իր կարգավիճակով առավել համապատասխանում է նման մարմիններին ներկայացվող անկախության միջազգայնորեն ընդունված չափանիշներին:

Ինչ վերաբերում է այս ոլորտում դատախազական գործունեությանը, ապա ՀՀ գլխավոր դատախազության կազմում գործում է մասնագիտացված ստորաբաժանում` կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչությունը, սակայն կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն են իրականացնում և դատարանում մեղադրանք են պաշտպանում ոչ միայն այս ստորաբաժանման դատախազները, այլև ՀՀ դատախազության համակարգի այլ դատախազներ:

Առայժմ բավականաչափ ակտիվ չէ իրավապահ մարմինների և հանրության համագործակցությունը, ինչն առաջին հերթին պայմանավորված է կոռուպցիայի դեմ պայքարող մարմինների հանդեպ հանրային վստահության ցածր մակարդակով: Հանրությունը իրավապահ մարմիններին կոռուպցիոն բնույթի իրավախախտումների վերաբերյալ պարբերաբար և ամբողջական տեղեկատվություն չի տրամադրում: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում չկան անհրաժեշտ պայմաններ ազդարարության իրականացման համար (6): Առկա չէ այս գործունեությունը կարգավորող բավարար և համապարփակ օրենսդրական կարգավորումներ: Բացի այդ, ձևավորված չէ հասարակությանը կոռուպցիայի դեմ պայքարին մղող դրական միջավայր: Թույլ է նաև պետության կողմից հանրության մեջ կոռուպցիոն բնույթի իրավախախտումների նկատմամբ անհանդուրժողականության վերաբերյալ քարոզչական աշխատանքների իրականացումը:

 

__________________________

6. Ազդարարությունը (whistleblowing) մասնավոր անձանց կողմից ի շահ հանրության կոռուպցիոն բնույթ ունեցող երևույթների կամ իրավախախտումների բացահայտումն է: Այն կոռուպցիայի դեմ պայքարում հանրության մասնակցությունն ապահովող և այդ պայքարի արդյունավետությունը բարձրացնող կարևորագույն միջոց է: Ազդարարը (whistleblower) պետք է ողջամտորեն հավատա, որ իր կողմից բացահայտվող փաստն իր էությամբ բացասական է և գիտակցի, որ դա անում է հանրային շահի պաշտպանության նկատառումով:

 

Վերոշարադրյալ հիմնահարցերը լուծելու համար պետք է ձեռնարկել համալիր և հետևողական մի շարք քայլեր.

Ա. Ներդնել կոռուպցիոն բնույթի իրավախախտումների համար պաշտոնատար անձանց պատասխանատվության գործուն համակարգ և շարունակաբար կատարելագործել կոռուպցիոն դրսևորումների համար կարգապահական, վարչական և քրեական պատասխանատվության միջոցները.

. Մատչելի և կանխատեսելի ձևակերպել կոռուպցիոն իրավախախտումների համար պատասխանատվություն նախատեսող դրույթները.

. ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան քրեական պատասխանատվություն սահմանել ակտիվ ու պասիվ կաշառակերության, ինչպես նաև մասնավոր հատվածում կաշառակերության համար.

. Խստացնել կոռուպցիոն հանցանքների համար սահմանված պատիժները, երկարաձգել դրանց համար նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները.

. Որպես պատժամիջոց անվերապահորեն բռնագրավել բոլոր այն եկամուտները, որոնք ստացվել են կոռուպցիոն հանցանքների կատարման արդյունքում, այն գույքը, որին ամբողջությամբ կամ մասնակիորեն վերածվել կամ փոխակերպվել են այդպիսի եկամուտները, ինչպես նաև այն գույքը, սարքավորումները և այլ միջոցները, որոնք օգտագործվել են կամ նախատեսվել են օգտագործել կոռուպցիոն հանցանք կատարելիս.

. Կատարելագործել կոռուպցիոն վարքագծի հետևանքով պատճառված վնասի հատուցման մեխանիզմները:

 

Բ. Գործարկել կոռուպցիոն բնույթի իրավախախտումների քննության արդյունավետությունն ապահովող կառուցակարգեր.

. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին վերապահել լիազորություն` վարքագծի կանոնագրքերի պահանջների, ներառյալ շահերի բախման կանոնների, անհամատեղելի գործունեության և այլ սահմանափակումների խախտում թույլ տված հանրային ծառայողների և պաշտոնատար անձանց նկատմամբ իրավական ներգործության միջոցներ կիրառելու առաջարկություններ ներկայացնել իրավասու անձանց կամ մարմիններին.

. Մշակել կոռուպցիոն հանցանքների շրջանակը որոշելու պատշաճ մեթոդաբանություն և օրենքով սահմանել դրանց սպառիչ ցանկը.

. Հստակ տարանջատել կոռուպցիոն քրեական գործեր քննող նախաքննական մարմինների ենթակայությունը` հաշվի առնելով ինչպես այդ հանցանքների բնույթը, այնպես էլ դրանց կատարման մեջ մեղադրվող անձանց առանձնահատկությունները.

. Ապահովել, որպեսզի կոռուպցիոն հանցանքները քննեն նախաքննական մարմինների մասնագիտացված ստորաբաժանումները, իսկ այդ գործերով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունը և հետագայում մեղադրանքի պաշտպանությունն իրականացնեն բացառապես այդ գործերով մասնագիտացած դատախազները.

. Կոռուպցիոն բնույթի իրավախախտումները բացահայտելիս, ինչպես նաև դրանց կապակցությամբ քրեական վարույթ իրականացնելիս ուժեղացնել օպերատիվ-հետախուզական գործունեություն, նախաքննություն և դրանց նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինների միջև համագործակցությունը.

. Մշակել կոռուպցիոն հանցագործությունների քննության, ինչպես նաև դրանց նկատմամբ հսկողության իրականացման գիտականորեն հիմնավորված և միասնական մեթոդիկա, այն է` որոշակի սկզբունքների և չափորոշիչների ամբողջություն, որը հնարավորություն կտա իրավակիրառողին համակողմանիորեն բացահայտել կոռուպցիոն հանցագործության բոլոր փաստական հանգամանքները, անկախ դրա տեսակից, բնույթից և այն կատարած անձից.

 

Գ. Ձեռնարկել գործուն միջոցներ` կոռուպցիայի դեմ պայքարող մարմինների նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու և ամրապնդելու համար.

. Օրենքով սահմանել, որ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հաղորդում ներկայացնող անձինք հավասարապես օգտվում են տուժողների, վկաների և փորձագետների համար քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված հատուկ պաշտպանության միջոցներից.

. ՀՀ քրեական օրենսգրքում առանձին հոդվածով քրեական պատասխանատվություն նախատեսել ազդարարությամբ պայմանավորված գործունեության համար ազդարարի կամ նրա հետ փոխկապակցված անձանց գույքին կամ առողջությանը վնաս պատճառելու կամ այդպիսի սպառնալիքի համար, ինչպես նաև իրավապահ մարմնի ներկայացուցչի կողմից ազդարարի ոչ իրավաչափ գաղտնազերծման համար.

. Սահմանել, որ իրավապահպան մարմինների հետ համագործակցության դեպքում կոռուպցիոն հանցանքներին առնչակից անձինք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից կամ ակնկալել համեմատաբար մեղմ պատժվելու հնարավորության.

. Հանրությանը պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել կոռուպցիոն բնույթի իրավախախտումների քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ, այդ թվում` հրապարակել ամփոփ տեղեկատվություն ձևավորված կարգապահական, վարչական և դատական պրակտիկայի վերաբերյալ.

. Հանրությանը պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել պետական ծառայողների պաշտոնանկության կամ տույժերի վերաբերյալ և հանրայնացնել հիմնավորումները` հաշվի առնելով անհատական տվյալների պաշտպանության և այլ երաշխիքների տրամադրման նկատառումները.

. Կատարելագործել կոռուպցիոն բնույթի իրավախախտումների վիճակագրության վարման և հաշվետվությունների ներկայացման համակարգերը:

 

3. Հակակոռուպցիոն իրազեկում և կրթություն

 

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունն ապահովող հիմնական տարրերից մեկը հակակոռուպցիոն պայքարի միջոցների և կառուցակարգերի մասին հասարակության պատշաճ իրազեկումն է: Վերջինիս հետ սերտորեն կապված է նաև հանրային ծառայողների, պատասխանատուների, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի համակարգային և պարբերական հակակոռուպցիոն կրթությունը:

Այդուհանդերձ, այս բնագավառում մինչ օրս պետական մակարդակով էական քայլեր չեն ձեռնարկվել, հասարակությունը լիարժեք չի ընդգրկվել կոռուպցիայի դեմ տարվող պայքարին և օբյեկտիվորեն զրկված է եղել այդ գործընթացի վրա ներազդելու հնարավորությունից:

Հակակոռուպցիոն պայքարի միջոցների ու կառուցակարգերի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու և հանրային կրթությունն ապահովելու համար անհրաժեշտ է.

. Մշակել Խորհրդի (այդ թվում` Հանձնախմբի) հաղորդակցման կառուցակարգ և դրան համապատասխան իրականացնել հանրային կապերի ամրապնդման ու համագործակցության ուժեղացմանն ուղղված քարոզչություն.

. Կոռուպցիայի վիճակի և դրա դեմ պայքարի արդյունավետության մասին ներկայացնել պարբերական հաշվետվություններ.

. Հանձնախմբի և պատասխանատու մարմինների կողմից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ պատրաստել և տարածել տեղեկատվական նյութեր, ուղեցույցներ.

. Հանրային ծառայողների համար պատրաստել կարճաժամկետ և երկարաժամկետ կրթական ծրագրեր, մշակել ուսումնական նյութեր, իրականացնել նախնական ուսուցում և վերապատրաստում (այդ թվում` պարտադիր).

. Ներդնել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հանրային ծառայողների գիտելիքների և հմտությունների պարբերական գնահատման համակարգ.

. Կարիքների գնահատման հիման վրա հասարակության առանձին խմբերի համար պատրաստել և տարածել ուսումնական նյութեր և ուղեցույցներ, ինչպես նաև կազմակերպել դասընթացներ.

. Մշակել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում գիտելիքների փոխանցման նպատակով հատուկ կրթական ծրագրերի և դրանք կազմակերպել հանրակրթության տարբեր հաստատություններում.

. Կազմակերպել պարբերական միջոցառումներ (այդ թվում` քննարկումներ, մրցույթներ և այլն):

 

4. Մոնիտորինգի և գնահատման համակարգը

 

Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի Ռազմավարության և ոլորտային ծրագրերի իրականացումն ապահովվում է մոնիտորինգի և գնահատման համակարգի ներդրմամբ:

Մոնիտորինգի և գնահատման համակարգի ներդրման գործում կարևորվում է ինստիտուցիոնալ կառույցի, մոնիտորինգի և գնահատման մեթոդների ու ցուցիչների համակարգի ձևավորումը, տեղեկատվական հոսքերի կազմակերպումը և բազաների ստեղծումը, քաղաքացիական հասարակության ներգրավումը, ինչպես նաև մոնիտորինգի և գնահատման կարողությունների շարունակական զարգացումը:

. Ինստիտուցիոնալ կառույց. Ռազմավարության և ոլորտային ծրագրերի մոնիտորինգն ու գնահատումն իրականացվում է Հանձնախմբի կողմից:

. Մոնիտորինգի և գնահատման մեթոդների ու ցուցիչների համակարգ. Այն ներառում է հանրային վստահության, կառավարման արդյունավետության, թափանցիկության և հրապարակային գործունեության մակարդակների, մատուցվող հանրային ծառայության որակի գնահատումը: Ծրագրի միջոցառումների և գործողությունների իրականացման մոնիտորինգի համար կմշակվեն դրանց կատարումը փաստող կոնկրետ ցուցանիշներ, որոնց արդյունքների հիման վրա կկազմակերպվի ազդեցության գնահատման գործընթացը: Հասարակության և թիրախային խմբերի կողմից Ռազմավարության ազդեցության գնահատումը իրականացվելու է հարցումների և հետազոտությունների միջոցով:

. Արդյունքների գնահատման համար տեղեկատվական հոսքերի կազմակերպում և տվյալների բազաների ստեղծում. Սա պահանջում է Ռազմավարության և ոլորտային ծրագրերի արդյունքների գնահատման վիճակագրական ցուցանիշների, միջազգային կառույցների կողմից թափանցիկության, հրապարակայնության և հաշվետվողականության մակարդակի որոշման և կոռուպցիային վերաբերող առանձին համաթվերի ու ցուցիչների տվյալների հավաքագրում, թեմատիկ ու նպատակային հարցումների ու ուսումնասիրությունների արդյունքում տվյալների բազաների ստեղծում:

. Մոնիտորինգի և գնահատման գործընթացին քաղաքացիական հասարակության մասնակցություն. Այն ապահովելու է քաղաքացիական հասարակության մասնակցությունն առանձին մոնիտորինգային ուսումնասիրությունների, հետազոտությունների իրականացմանը, արդյունքների ու գնահատականների համատեղ քննարկումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ուղղակի ներգրավվածությունը Խորհրդի աշխատանքներին:

. Մոնիտորինգի և գնահատման կարողությունների շարունակական զարգացում. Այն պահանջում է հանրային կառավարման մարմիններում մոնիտորինգի և գնահատման պատասխանատուների նշանակում, մոնիտորինգի, վերլուծության և գնահատման ընթացակարգերի սահմանում, գործող ուղեցույցների վերանայում, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների համար մոնիտորինգի և գնահատման վերաբերյալ վերապատրաստման դասընթացների կազմակերպում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.04.2014
N 14
Արձանագրային որոշում