Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆ ...

 

 

020.1154.100614

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 16-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 604 ՈՐՈՇՄԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 10 հունիսի 2014 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետի տեղակալ Ա. Մարգարյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ վարչապետի պաշտոնական ներկայացուցիչ, ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի, ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչության խորհրդատու Ս. Թևանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա`»Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին» թիվ 604 որոշման` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 2014 թվականի հունվարի 30-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի փետրվարի 25-ի ՍԴԱՈ-7 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունվել է քննության, որոշվել է գործը քննել գրավոր ընթացակարգով` որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի մասով` նշված օրենքն ընդունած մարմնին` ՀՀ Ազգային ժողովին, իսկ ՀՀ վարչապետի 1996 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին» թիվ 604 որոշման մասով` ՀՀ վարչապետին:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքը, ՀՀ վարչապետի 1996 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 604 որոշումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՕ-380-Ն օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2002 թվականի հուլիսի 3-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2002 թվականի հուլիսի 18-ին և ուժի մեջ է մտել 2002 թվականի հուլիսի 20-ին:

«Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 24.12.2004թ. ՀՕ-59-Ն օրենքով փոփոխություններ և լրացումներ են կատարվել օրենքի 16-րդ հոդվածում, որոնք, սակայն, չեն վերաբերել օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությանը:

Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունը սահմանում է.

«Զինվորական պաշտոնը համարվում է հավասար, եթե նախկին և նոր հաստիքային պաշտոններին համապատասխանում են նույն զինվորական կոչումն ու պաշտոնային դրույքը»:

ՀՀ վարչապետի` «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին» թիվ 604 որոշումն (այսուհետ` Որոշում) ընդունվել է 1996 թվականի նոյեմբերի 4-ին և ուժի մեջ է մտել 1997 թվականի հունվարի 1-ից:

Որոշման թիվ 1 հավելվածով սահմանվում են ՀՀ բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը, որտեղ նաև առանձին սանդղակներում նախատեսված են ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության նախարարության և արտակարգ իրավիճակների վարչության զինվորական միավորումների և ստորաբաժանումների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը, իսկ թիվ 2 հավելվածով սահմանվում են զինծառայողների զինվորական կոչումների դրույքաչափերը, ՀՀ դատախազության, արդարադատության նախարարության, դատավորների, պետական նոտարիատների և հարկային տեսչության աշխատողներին շնորհված դասային և հատուկ կոչումների, որակավորման դասերի համար հավելումները:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ թեպետ դիմողը վիճարկում է Որոշումն ամբողջությամբ, այդուհանդերձ, դիմումում բերվող հիմնավորումները վերաբերում են բացառապես Որոշման թիվ 1 հավելվածով սահմանված` ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների և ՀՀ պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության նախարարության և արտակարգ իրավիճակների վարչության զինվորական միավորումների ու ստորաբաժանումների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սանդղակներում հնարավոր օրենսդրական բացի սահմանադրականությանը:

2. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, դիմելով ՀՀ սահմանադրական դատարան, գտնում է, որ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունը և ՀՀ վարչապետի` վեճի առարկա որոշումը հակասում են ՀՀ Սահմանադրության 37-րդ և 43-րդ հոդվածների պահանջներին:

Վիճարկվող նորմատիվ ակտերի առնչությամբ դիմողի դիրքորոշումը հանգում է հետևյալին. ԱՊՀ մասնակից պետությունների կողմից 1992 թվականի մայիսի 15-ին Տաշքենդում ստորագրված «Զինվորականների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և պետական ապահովագրության մասին» համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) 1-ին հոդվածի համաձայն` մասնակից պետությունների կողմից սահմանվող զինծառայողների և նրանց ընտանիքների կենսաթոշակային ապահովության մակարդակը չի կարող ԽՍՀՄ-ի կողմից նախկինում սահմանված օրենսդրական և այլ նորմատիվ ակտերի համեմատ ավելի ցածր մակարդակի լինել:

Դիմողը Համաձայնագրի 1-ին հոդվածի և ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի համակարգային վերլուծության արդյունքում եզրահանգում է, որ Համաձայնագրի պահանջների պատշաճ կատարման համար հարկավոր է, որ այն հստակ և կանխատեսելի արտացոլում ստանա ՀՀ օրենսդրության մեջ, օրինակ` նախատեսելով ԽՍՀՄ ժամանակաշրջանում գործող զինվորական պաշտոնների սպառիչ և/կամ համապարփակ ցանկ:

Դիմողը միաժամանակ գտնում է, որ ՀՀ օրենսդրության ներկայիս կարգավորումները համահունչ չեն տվյալ Համաձայնագրով սահմանված կարգին և խնդրահարույց են նաև ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջների համատեքստում:

Իր տեսակետը հիմնավորելու համար դիմողն իրավացիորեն արձանագրում է, որ «...օրենքով և իրավական այլ ակտերով չեն կարող բացառվել միջազգային որևէ պայմանագրով նախատեսված իրավունքներ ու ազատություններ (այդ թվում` արտոնություններ) կամ սահմանափակվել այդպիսիք»:

Անդրադառնալով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 18-րդ և 24-րդ հոդվածներին` դիմողը գտնում է, որ զինծառայողին կենսաթոշակ նշանակելիս նրա դրամական բավարարման գումարը որոշելու համար հիմք ընդունվող պաշտոնային դրույքաչափերը, դրամական բավարարման մեջ հաշվառվող վճարումների տեսակների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը: Սակայն տվյալ դեպքում գործընթացի կարգավորման հիմքը ՀՀ վարչապետի թիվ 604 որոշումն է և ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 6 հրամանը, այլ ոչ թե ՀՀ կառավարության որոշումը:

Դիմողը նաև անդրադարձ է կատարում ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ հաստատված հավելված 16-ին, նշելով, որ հավելվածում ներառված չեն զինվորական այն բոլոր պաշտոնները, որոնք եղել են նախկին ԽՍՀՄ ժամանակաշրջանում: Դիմողի կարծիքով, դրանով իսկ ՀՀ կառավարությունը չի կատարել թե՛ ՀՀ օրենսդրությամբ և թե՛ Համաձայնագրով իր վրա դրված պարտականությունը:

Դիմողը գտնում է նաև, որ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ Համաձայնագրի 1-ին հոդվածով նախատեսված պայմանը չի կարող լիարժեք պահպանվել, եթե համաձայն օրենքի վիճարկվող դրույթի` նախկին և նոր հաստիքային պաշտոնների համապատասխանության համար անհրաժեշտ է միայն զինվորական կոչման ու պաշտոնային դրույքի համընկնումը: Միաժամանակ, դիմողը գտնում է, որ զինվորական կենսաթոշակ նշանակելիս պետք է հաշվի առնվի նաև զինծառայողի զբաղեցրած պաշտոնը:

3. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի մասով` գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչը սույն գործով վիճարկվող օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության առնչությամբ գտնում է, որ «...օրենքի վիճարկվող նորմն ուղղակիորեն չի մասնակցում զինծառայողներին կենսաթոշակ նշանակելու հետ կապված հարաբերությունների կարգավորմանը», ինչպես նաև շեշտում է, որ «...զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային իրավունքների հետ կապված հարաբերությունները վիճարկվող նորմը պարունակող օրենքի կարգավորման առարկայում ընդգրկված չեն»: Ըստ պատասխանողի` նշված հարաբերությունները կարգավորվում են առավելապես «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով, որի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են զինվորական կենսաթոշակի տեսակները, ինչպես նաև որոշակի կարգավորում է նախատեսված նաև «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով:

Պատասխանող կողմը` ՀՀ Ազգային ժողովը, գտնում է, որ օրենքի վիճարկվող նորմն այն ձևակերպմամբ, որն այժմ առկա է, որևէ հակասության մեջ չի մտնում ՀՀ Սահմանադրության դրույթների հետ, քանի որ այն անուղղակի կերպով կոչված է ապահովելու օրենքով նախատեսված դեպքերում սոցիալական ապահովության` յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքի իրականացման որոշակի նախադրյալներ:

4. ՀՀ վարչապետի 1996 թվականի նոյեմբերի 4-ի` «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին» թիվ 604 որոշման մասով գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը սույն գործով վիճարկվող նորմատիվ ակտերի դրույթների առնչությամբ առարկելով դիմողի այն մեկնաբանություններին, համաձայն որոնց` Որոշմամբ են սահմանվել կենսաթոշակառուների սոցիալական ապահովության ծավալները կամ ձևերը, գտնում է, որ դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ այդ ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիների սոցիալական ապահովության ծավալը և ձևերը սահմանված են եղել օրենքներով («Քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ նախկին օրենքներով, իսկ ներկայումս դրանք կարգավորվում են «Պետական կենսաթոշակների մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ գործող օրենքներով):

Ըստ պատասխանողի` կենսաթոշակ նշանակելիս դրամական բավարարման չափը որոշելու համար հիմք հանդիսացող պաշտոնային դրույքաչափի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ: Միաժամանակ, պատասխանողի կարծիքով` ՀՀ կառավարությունը չի ստանձնել ԽՍՀՄ ժամանակաշրջանում եղած բոլոր զինվորական պաշտոնների ներառմամբ ցանկ սահմանելու միջազգային պարտավորություն, այլ միայն պարտավորվել է նախկին ԽՍՀՄ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մակարդակը սահմանել ոչ ցածր, քան սահմանված է եղել նախկին ԽՍՀՄ օրենսդրությամբ:

i

Ռուսաստանի Դաշնության գործող օրենսդրությամբ ավելի բարձր գործակից սահմանելու հանգամանքը, ըստ պատասխանողի` չի վկայում այն մասին, որ ՀՀ օրենսդրությունը մինչև 1992 թվականի փետրվարի 14-ը զորացրված զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար ավելի ցածր սոցիալական ապահովության մակարդակ է սահմանում: Վերջում, վկայակոչելով ՍԴՈ-864 և ՍԴՈ-914 որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, պատասխանողը գտնում է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ, կամ համապատասխան իրավական երաշխիքների առկայության դեպքում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա:

Պատասխանողը գտնում է, որ դիմումում հստակ արտահայտված չեն ՀՀ Սահմանադրության 37 և 43-րդ հոդվածներին Որոշման անհամապատասխանության փաստարկները:

5. Դիմումի, դրան կից ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև դիմումում վկայակոչված միջազգային համաձայնագրի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ դիմողը, ըստ էության, վիճարկվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության խնդիրը պայմանավորում է հետևյալ դիրքորոշումներով.

ա) զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների` նախկին ԽՍՀՄ օրենսդրությամբ նշանակված կենսաթոշակները վերահաշվարկելու ներկայիս օրենսդրական կարգավորումները համահունչ չեն Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված միջազգային պարտավորություններին,

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամբողջությամբ չեն համապատասխանեցվել ԽՍՀՄ զինվորական այն պաշտոնները, որոնք նախկինում գոյություն են ունեցել, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո վերացել են,

գ) զինվորական կոչումն ու պաշտոնային դրույքը` որպես համապատասխանության չափանիշներ, լիարժեք չեն արտացոլում նախկին և նոր զինվորական պաշտոնների հավասարությունը,

դ) զինծառայողին կենսաթոշակ նշանակելիս նրա դրամական բավարարման գումարը որոշելու համար հիմք ընդունվող պաշտոնային դրույքաչափերի հետ կապված հարցերը չեն կարող կարգավորվել Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումով:

Առաջադրված հիմնախնդիրների առնչությամբ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականությունը գնահատել.

- միջազգային իրավական նորմերի կիրառելիության սահմանադրաիրավական երաշխավորման տեսանկյունից,

- անձանց սոցիալական ապահովության իրավունքը (այդ թվում` արտոնությունները) իրականացնելու և պաշտպանելու պայմանների ու կարգի օրենսդրական երաշխավորման տեսանկյունից,

- միջազգային պայմանագրերի և օրենքների հիման վրա և դրանց կատարումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ապահովելու համար ՀՀ կառավարության կողմից որոշումներ ընդունելու վերաբերյալ սահմանադրական սկզբունքին համապատասխանության տեսանկյունից:

6. Սույն գործի առարկայի շրջանակներում զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների` նախկին ԽՍՀՄ օրենսդրությամբ նշանակված կենսաթոշակների մակարդակի հետ կապված հարցերի, ինչպես նաև դրանց վերահաշվարկման հետ կապված հարաբերությունների միջազգային իրավական կարգավորումն իրականացվում է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների «Զինծառայողների, զինվորական ծառայությունից զորացրված անձանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական և իրավական երաշխիքների մասին» 1992 թվականի փետրվարի 14-ի և «Զինվորականների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և պետական ապահովագրության մասին» 1992 թվականի մայիսի 15-ի համաձայնագրերով (Հայաստանի Հանրապետության համար դրանք ուժի մեջ են մտել ստորագրման պահից):

Ընդ որում, այդ համաձայնագրերի համադրված վերլուծությունը վկայում է, մասնավորապես, հետևյալը`

ա) ԽՍՀՄ նախկին զինված ուժերի զինծառայողների և նրանց ընտանիքների կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է այն պետության օրենսդրությամբ սահմանված կամ սահմանվող պայմաններով, նորմերով և կարգով, որի տարածքում բնակվում են նշված զինծառայողները և նրանց ընտանիքները,

բ) զինծառայողների և նրանց ընտանիքների կենսաթոշակային ապահովության մակարդակը հաստատվում է մասնակից պետությունների օրենuդրությամբ, որը չի կարող ավելի ցածր լինել, քան ԽՍՀՄ օրենսդրությամբ և այլ նորմատիվ ակտերով ավելի վաղ հաստատված մակարդակը («Զինվորականների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և պետական ապահովագրության մասին» 1992 թվականի մայիսի 15-ի համաձայնագրի 1-ին հոդված):

i

ՀՀ սահմանադրական դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է միջազգային պայմանագրերի` որպես Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասի կարևորության և դրանց` օրենքների նորմերի նկատմամբ գերակա իրավաբանական ուժի սկզբունքային պահանջի անվերապահ կատարման անհրաժեշտությանը (ՍԴՈ-966, ՍԴՈ-1050 և այլն):

Վեճի առարկա իրավահարաբերությունների առնչությամբ օրենսդիրը, հաշվի առնելով նաև միջազգային վերոհիշյալ համաձայնագրերով ստանձնված պարտավորությունների կատարման պահանջը, «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությամբ ամրագրել է զինվորական պաշտոնների հավասարության պայմանները, որպիսիք են հանդիսանում զինվորական կոչումն ու պաշտոնային դրույքը:

Չնայած այն հանգամանքին, որ դիմողը նախկին և նոր զինվորական պաշտոնների համապատասխանության չափանիշների ոչ լիարժեքության վերաբերյալ արտահայտված դիրքորոշման մասով որևէ հիմնավորում չի ներկայացնում, իսկ նման լիազորություն վերապահված է բացառապես ՀՀ Ազգային ժողովին, այնուամենայնիվ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հիշատակված համաձայնագրերով Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնել նախկին և նոր զինվորական պաշտոնների համապարփակ ցանկ սահմանելու և դրանք համապատասխանեցնելու պարտավորությունը: Ստանձնած պարտավորությունը վերաբերում է համարժեք սոցիալական երաշխիքների ապահովմանը: Միաժամանակ, հաշվի առնելով զինվորական պաշտոնների բազմազանությունը և ժամանակի ընթացքում դրանց հաճախակի փոփոխելիությունը` ՀՀ կառավարությունն իր` 1993 թվականի ապրիլի 19-ի թիվ 170 և հաջորդող այլ որոշումներով սահմանել է նաև ԽՍՀՄ նախկին օրենսդրությամբ նշանակված կենսաթոշակների վերահաշվարկման կարգը, պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները և դրույքները, որոնք կոնկրետացվել են այդ որոշումների հիման վրա ընդունված ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով:

Բացի դրանից, սոցիալական ապահովության ծավալներն ու ձևերը Համաձայնագրի մասնակից երկրներում տարբեր են, հետևաբար, ենթադրվում է, որ տարբեր կարող են լինել նաև նախկին ԽՍՀՄ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության մակարդակները: ՈՒստի Համագործակցության մյուս որևէ պետության օրենսդրությամբ ավելի բարձր գործակից սահմանելու հանգամանքը չի վկայում այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում` զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար` նախկին օրենսդրությամբ նշանակված և 1992 թվականի փետրվարի 1-ից հետո կատարված վերահաշվարկով կենսաթոշակային ապահովության մակարդակն ավելի ցածր է, քան ԽՍՀՄ օրենսդրությամբ և այլ նորմատիվ ակտերով ավելի վաղ հաստատված մակարդակը:

Ինչ վերաբերում է դիմողի այն պնդմանը, ըստ որի` զինվորական կենսաթոշակ նշանակելիս պետք է հաշվի առնվի նաև զինծառայողի զբաղեցրած պաշտոնը, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ` թե՛ նախկին, թե՛ ներկա օրենսդրական կարգավորումների շրջանակում զինվորական վերջին պաշտոնի համար սահմանված ամսական դրամական բավարարման գումարի չափը դիտարկվում է որպես ելակետային ցուցանիշ` կենսաթոշակի չափը հաշվարկելու կամ վերահաշվարկելու համար: Այդ սկզբունքը գործել է նաև նախկին` ԽՍՀՄ սոցիալական ապահովության օրենսդրությամբ:

Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ զինվորական կենսաթոշակի հաշվարկման համար հիմք է ընդունվում ոչ թե զինվորական պաշտոնը, այլ յուրաքանչյուր պաշտոնին համապատասխան դրամական բավարարման գումարի չափը, որը ձևավորվում է պաշտոնային դրույքաչափից ու ամսական հավելավճարներից:

Վերոհիշյալ նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ նախկին և նոր զինվորական պաշտոնների լիարժեք ու ամբողջական համադրության համար վեճի առարկա հոդվածում սպառիչ ցանկի բացակայությունը, ինչպես նաև այդ պաշտոնների համապատասխանության չափանիշների ենթադրյալ ոչ լիարժեք լինելու հանգամանքը չեն կարող դիտարկվել որպես օրենքի տվյալ նորմի իրավակարգավորման շրջանակներում առկա բաց, ինչը կարող էր խոչընդոտ հանդիսանալ անձի իրավունքին առնչվող սոցիալական ու իրավական երաշխիքների իրականացմանը: Դիմողի կողմից բարձրացված հիմնախնդիրը պայմանավորված չէ օրենքի` իր կողմից վիճարկվող դրույթի իրավական բովանդակությամբ կամ իրավական որոշակիության սկզբունքի պահանջներից ելնելով` դրա հնարավոր անհստակությամբ:

i

ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2014 թվականի ապրիլի 8-ի ՍԴՈ-1143 որոշմամբ միմյանցից հստակ սահմանազատել է օրենսդրական կարգավորումների ոչ լիարժեք լինելու այն դեպքերը, որոնք կարող են քննվել սահմանադրական դատարանի կողմից, այն դեպքերից, որոնց լուծումը վերապահված է բացառապես օրենսդիր մարմնին:

Նշված որոշման 6-րդ կետում ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ սկզբունքային իրավական դիրքորոշումները, որ`

ա) «...Օրենսդրական բացն առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը:»,

բ) «...իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում... բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է»:

Հաշվի առնելով այս դիրքորոշումները` ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի կողմից բարձրացված իրավական վեճը չի առնչվում «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության սահմանադրաիրավական բովանդակությանը, ինչն ինքնին սահմանադրականության խնդիր չի հարուցում:

i

7. Ըստ դիմողի` ներկայիս օրենսդրական կարգավորումների շրջանակներում խախտվում է ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածում ամրագրված` սոցիալական ապահովության ծավալի ու ձևերի` միայն օրենքով սահմանվելու իմպերատիվ պահանջը: Այդ կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանը 2008 թվականի հունվարի 29-ի ՍԴՈ-731 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ ՀՀ Ազգային ժողովին է պատկանում կենսաթոշակների ծավալները և ձևերը, դրանց նշանակման պայմանները և կարգը սահմանելու լիազորությունը` հաշվի առնելով միջազգային պայմանագրերով նախատեսված դրույթները և/կամ նորմերը:

ՀՀ օրենսդրության (մասնավորապես «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի) ներկայիս կարգավորումների ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում այն, որ օրենսդիրը հստակ սահմանել է պետական կենսաթոշակների տեսակները, կենսաթոշակ նշանակելու, հաշվարկելու (վերահաշվարկելու) և վճարելու պայմաններն ու կարգը:

ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 5-րդ կետի ուժով ՀՀ կառավարությունը, ի թիվս այլ գործառույթների, իրականացնում է նաև պետական քաղաքականությունը սոցիալական ապահովության բնագավառում:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի և օրենքի 53-րդ հոդվածի համաձայն` զինծառայողին կենսաթոշակ նշանակելիս նրա դրամական բավարարման գումարը որոշելու համար հիմք ընդունվող պաշտոնային դրույքաչափերը, դրամական բավարարման մեջ հաշվառվող վճարումների տեսակների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ օրենսդիր մարմինը, օրենքով սահմանելով կենսաթոշակների ծավալներն ու ձևերը, միաժամանակ ՀՀ կառավարությանն է պատվիրակել սահմանելու զինծառայողին կենսաթոշակ նշանակելիս նրա դրամական բավարարման գումարը որոշելու համար հիմք ընդունվող պաշտոնային դրույքաչափերը, դրամական բավարարման մեջ հաշվառվող վճարումների տեսակների ցանկը: Հետևաբար, գործող օրենսդրությամբ հիշյալ դրույքաչափերի հետ կապված հարցերը պետք է կարգավորվեն առնվազն ՀՀ կառավարության, այլ ոչ թե ՀՀ վարչապետի որոշմամբ:

8. Հայաստանի Հանրապետության վարչապետի` սույն գործով վիճարկվող «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին» 1996 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 604 որոշման վերաբերյալ դիմումի ուսումնասիրությունից բխում է հետևյալը.

ա) դիմողի կողմից բերված փաստարկների և տվյալ որոշման վերլուծականը հիմնականում վերաբերում է ինչպես իրավակիրառող մարմնի` ՀՀ պաշտպանության նախարարության գործողությունների իրավաչափության պարզաբանմանը, այնպես էլ այդ որոշման` ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի 2-րդ մասին հակասելու հիմնավորումների արտահայտմանը,

բ) ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջի առկայության պայմաններում, դիմողը, ըստ էության, սահմանադրական դատարանում վիճարկում է տվյալ որոշման ոչ թե սահմանադրականության հարցը` ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխի նորմերին համապատասխանության շրջանակում, այլև օրինականության հարցը` ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված բացառապես օրենքով կարգավորման սահմանադրական պահանջի կատարման տեսանկյունից:

i

Վերոհիշյալի կապակցությամբ, հաշվի առնելով նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի հունվարի 24-ի ՍԴՈ-1136 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները` ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ներկայացված վեճի համատեքստում ՀՀ վարչապետի որոշման իրավաչափության հարցն օրենքի պահանջներին դրա համապատասխանության շրջանակներում է և ընդդատյա է ՀՀ վարչական դատարանի քննությանը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 191-րդ հոդվածով սահմանված են վարչական դատարանին ընդդատյա պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու նրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վերաբերյալ գործերը, իսկ նույն օրենսգրքի 192-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ նույն օրենսգրքի 191-րդ հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող է դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, 60-րդ հոդվածի 1-ին կետով, 63, 64 և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունը` սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում, համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

i

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի նոյեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի սահմանման մասին» թիվ 604 որոշման մասով գործի վարույթը կարճել:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

10 հունիսի 2014 թվականի

ՍԴՈ-1154

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
10.06.2014
N ՍԴՈ-1154
Որոշում