Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

29 հուլիսի 1999 թվականի N 41

 

19. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը`

ա) ուժեղացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման և դրանց շահագործման կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը` ապահովելով այդ կանոնների խախտման համար սահմանված պատասխանատվության անվերապահ կիրառումը.

բ) հաշվետու ժամանակաշրջանների արդյունքներով ապառքների աճ թույլ տված հարկատուների մոտ անմիջապես ապահովել անվճարունակության օրենքով սահմանված ընթացակարգերի կիրառումը` անկախ սեփականության ձևից, բացառություն անելով միայն Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ծրագրերի շրջանակներում համապատասխան ձեռնարկություններում արձանագրված հարկային ապառքների մասով.

գ) վերլուծել 1997-1999 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետություն մաքսատուրքի զրո դրույքաչափով հարկվող ապրանքների ներմուծումը և դրանց հետագա շրջանառությունը, ապահովել համապատասխան հարկային պարտավորությունների հաշվարկումն ու գանձումը և մեկամսյա ժամկետում արդյունքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության վարչապետին.

դ) ապահովել ապրանքների ներմուծման մաքսային ձևակերպումների և օպերատիվ կարգով դրանք հարկային հայտարարագրերում արտացոլելու նկատմամբ պատշաճ հսկողության իրականացումը.

ե) իրական հարկային պարտավորություններին չհամապատասխանող հարկային պարտավորություններ հայտարարագրող հարկատուների նկատմամբ ապահովել հարկվող օբյեկտները և հարկային պարտավորություններն անուղղակի եղանակներով գնահատելու պրակտիկայի լայնածավալ կիրառում.

զ) ապահովել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության պահանջներին անուղղակի հարկերի (ակցիզային հարկ և ավելացված արժեքի հարկ) հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համապատասխանությունը պարզելուն ուղղված նպատակային ստուգումների և ուսումնասիրությունների իրականացումը և մեկամսյա ժամկետում արդյունքներն ու դրանցից բխող առաջարկությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.

է) բացառել պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման կանոնների խախտմամբ ներքին շուկայում շրջանառությունը` ուշադրություն դարձնելով նաև ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար տրված դիմումում նշված նպատակի և դրանց փաստացի կիրառության համապատասխանությանը, այդ նպատակով իրականացնել լայնածավալ ստուգումներ և ուսումնասիրություններ և մեկամսյա ժամկետում արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.

ը) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ համատեղ ապահովել բնապահպանական և բնօգտագործման վճարների օրենքով սահմանված կարգով ու չափով հաշվարկման և վճարման նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացումը` անհրաժեշտության դեպքում վճարի օբյեկտի ճշտման համար օրենքով սահմանված կարգով կիրառելով հարկվող օբյեկտները և հարկային պարտավորություններն անուղղակի եղանակներով գնահատելու մեխանիզմները.

թ) ուժեղացնել առանձին ոլորտներում (մասնավորապես, հացի և ալյուրի շրջանառություն, հացարտադրություն, տոնավաճառների և շուկաների կազմակերպում, ոգելից խմիչքների շրջանառություն, էլեկտրաէներգիայի սպառում, շինարարություն և այլն) հարկային վարչարարությունը և համապատասխան հարկային պարտավորությունների կատարման ապահովումը` այդ նպատակով երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելով միջոցառումների ժամանակացույց.

ժ) նշված միջոցառումների իրականացման գործում ապահովել առավելագույն հրապարակայնություն յուրաքանչյուր շաբաթ արդյունքների մասին համապարփակ տեղեկատվություն ներկայացնելով մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով.

ժա) 1999 թվականի հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում ապահովել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտների (առանց համայնքների բյուջեներ փոխանցվող եկամտահարկի գումարների) համապատասխանաբար առնվազն 12,797 և 15,101 մլրդ դրամ մակարդակ:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների գործունեության նկատմամբ սահմանել առանձնահատուկ հսկողություն հատուկ ուշադրություն դարձնելով այդ գործունեության իրականացման համար լիցենզիայի առկայությանը, և դրա բացակայության դեպքում ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատժամիջոցների կիրառումը:

3. Պետական և պետական մասնակցությամբ ընկերություններում բաժնետիրոջ իրավասություններն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմիններին մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել

ա) համապատասխան ընկերություններում 1998 թվականի արդյունքներով շահույթի բաշխման ուղղությունները, դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ համապատասխան հիմնավորող ծրագրերի և առաջարկություն շահաբաժինների բաշխման վերաբերյալ.

բ) տեղեկություններ համապատասխան ընկերությունների կողմից տնօրինվող այլ ընկերությունների (այդ թվում` բանկերի) բաժնետոմսերի, ինչպես նաև ընկերության հիմնական գործունեությանը չառնչվող բարձր իրացվելի այլ ակտիվների մասին և առաջարկություն դրանց օտարման ու օտարումից գոյացող միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ ընկերությունների ունեցած պարտավորությունների մարման վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` խիստ հսկողություն սահմանել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հայցերով Հայաստանի Հանրապետության նախկին պետական արբիտրաժի և դատարանների վճիռների հիման վրա հարուցված կատարողական վարույթների ընթացքի նկատմամբ, ապահովել գրավադրված և արգելադրված գույքի աճուրդների անցկացումը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դրանց ընթացքի մասին ամսական կտրվածքով տեղեկություններ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

5. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հիմնադրամի բյուջեի կատարման ընթացքում գոյացած պարտքերը 1999 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում մարելու համար (այդ թվում` հուլիս և օգոստոս ամիսներին առնվազն 1,2 մլրդ-ական դրամով) այդ նպատակով, ըստ անհրաժեշտության, երրորդ եռամսյակի ընթացքում օգտագործելով 1,8 մլրդ դրամի բյուջետային փոխատվության միջոցները դրանց վերադարձն ապահովելով 1999 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում:

6. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի բյուջեի կատարման ընթացքում գոյացած պարտքերը 1999 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում մարելու նպատակով`

ա) պետական և պետական մասնակցությամբ ընկերություններում բաժնետիրոջ իրավասություններն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմիններին` ապահովել համապատասխան ընկերություններում աշխատավարձի գծով առկա չվճարումների վերացումը.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` ապահովել հիմնադրամի նկատմամբ ժամկետանց պարտավորություններ ունեցող ապահովադիրների գույքի բռնագանձման կամ անվճարունակության վերաբերյալ դատական հայցեր ներկայացնելը և դատական ակտերի կատարումը:

7. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` մինչև 1999 թվականի սեպտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել կենսաթոշակային բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքների վերաբերյալ համապատասխան որոշման նախագիծ` դրանում ներառելով այդ ռազմավարության հիմնական սկզբունքները, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրման ու կենսաթոշակների վճարման ռացիոնալացման ծրագիրը:

8. «Նաիրիտ» փակ բաժնետիրական ընկերության զարգացման ծրագրի մշակման աշխատանքների պատասխանատու է հանդիսանում Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարը, ոռոգման ջրի համակարգի զարգացման ծրագրի համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, խմելու ջրի համակարգի զարգացման ծրագրի համար` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը և Երևանի քաղաքապետը, իսկ ջեռուցման համակարգի զարգացման ծրագրի նախապատրաստման կազմակերպման համար` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարը:

9. Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին («Նաիրիտ» փակ բաժնետիրական ընկերության մասով) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին (ոռոգման և խմելու ջրի, ջեռուցման համակարգերի մասով) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետի հետ համատեղ`

ա) մինչև 1999 թվականի օգոստոսի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Նաիրիտ» փակ բաժնետիրական ընկերության, ոռոգման ու խմելու ջրի և ջեռուցման համակարգերի զարգացման ծրագրերը` դրանցում ներառելով ֆինանսական հոսքերը 1999-2000 թվականների համար, բացահայտելով ֆինանսավորման հնարավոր ճեղքվածքները և դրանց փակման աղբյուրները բացառելով ոչ դրամական գործարքների կիրառումն ու նոր ծախսային պարտքերի կուտակումը, իսկ ոռոգման ու խմելու ջրի համակարգերի համար ներկայացնել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման բնագավառի գործունեության բարելավման միջոցառումների մասին» N 149 և 1999 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի 1999-2000 թվականների ֆինանսական վիճակի բարելավման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 154 որոշումների կատարման ընթացքը.

բ) մեկշաբաթյա ժամկետում սահմանել «Նաիրիտ» փակ բաժնետիրական ընկերության, ոռոգման ու խմելու ջրի և ջեռուցման համակարգերի ֆինանսական վիճակի և ֆինանսական հոսքերի վերաբերյալ ամսական հաշվետվությունների համակարգ նախատեսելով ներկայացնել հաշվետվություններ նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

10. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընկերությունների պետական բաժնեմասերի մասնավորեցման ընթացակարգերի վերանայման վերաբերյալ` վերլուծելով առաջին անգամ մասնավորեցման ներկայացված ընկերությունների մասնավորեցման փորձի չկայացման դեպքում հնարավոր այլընտրանքները (երկրորդ անգամ մասնավորեցման ներկայացնելը, նախքան երկրորդ անգամ մասնավորեցման ներկայացնելը ընկերության վերակառուցում` մասնավորեցման հնարավորությունների ընդլայնման նպատակով, կամ ընկերության անհապաղ լուծարում):

11. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը էներգետիկ համակարգում առկա ֆինանսական ճեղքվածքի փակման նպատակով`

ա) ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի մինչև 2001 թվականի զարգացման միջոցառումների մասին» N 555 որոշման և էլեկտրաէներգիայից օգտվելու կանոնների պահանջներով` բյուջետային կազմակերպությունների կողմից էլեկտրաէներգիայի սպառման չափաքանակների գերազանցման դեպքում դադարեցնել այդ կազմակերպություններին էլեկտրաէներգիայի մատակարարումը, համակարգի նկատմամբ չվճարումներ կուտակող սպառողների էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնել պարտքի կուտակումից հետո 15 օրվա ընթացքում այն վերականգնելով միայն կուտակված պարտքերի և հաջորդ ամսվա համար կանխատեսվող սպառման ծավալին համապատասխան վճարումների իրականացման դեպքում: «Նաիրիտ» փակ բաժնետիրական ընկերության, ոռոգման ու խմելու ջրի և ջեռուցման համակարգերի համար նշված դրույքը` նախորդ տարիների պարտքերի մասով, կիրառել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեում նախատեսվելիք 17,1 մլրդ դրամի չափով հատկացումներից (1999 թվականի բյուջետային տարվա ավարտից) հետո.

բ) 1999 թվականի հուլիս և օգոստոս ամիսների համար, տվյալ ամսվա ավարտից հետո 10 օրվա ընթացքում, նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել էլեկտրաէներգիայի և ջեռուցման դիմաց արդյունաբերական կազմակերպությունների վճարումների վերաբերյալ (ինչպես դրամական, այնպես էլ ապրանքային տեսքով) մանրամասն տեղեկություններ.

գ) մինչև 1999 թվականի օգոստոսի 10-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ ճշտել և հաստատել 1999 թվականի հունիսի 1-ի դրությամբ էներգետիկ համակարգի վարկային ու կրեդիտորական այլ պարտքերի ամբողջ գումարը` ըստ ձեռնարկությունների և պարտատերերի.

դ) մինչև 1999 թվականի օգոստոսի 31-ը ապահովել 1999 թվականի երկրորդ կիսամյակում մարման ենթակա ներքին կրեդիտորական պարտքերի վերակառուցման պայմանագրերի կնքումը` դրանցում ներառելով պարտքային յուրաքանչյուր պարտավորության վերակառուցվող գումարը, վճարման ժամկետներն ու պայմանները.

ե) ապահովել 1999 թվականի երկրորդ կիսամյակում համակարգի պարտքային պարտավորությունների մարումը` սույն կետի «դ» ենթակետին համապատասխան իրականացված վերակառուցումների համաձայն, դրամական միջոցներով.

զ) մինչև 1999 թվականի օգոստոսի 20-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ սահմանել բյուջետային կազմակերպությունների կողմից էլեկտրաէներգիայի սպառումը վերահսկող հաշվետվական համակարգ, ինչպես նաև էներգամատակարար ընկերություններին ժամանակին վճարումները երաշխավորող մեխանիզմներ.

է) պարբերաբար Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկություններ սույն կետի «ա» ենթակետով նախատեսված պահանջը խախտող էներգետիկ ընկերությունների պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

թ) սահմանել համակարգի ընկերությունների կողմից հարկային ապառքների կուտակումը բացառող և եռամսյակային կտրվածքով գործառնական ծախսերը վերահսկող հստակ մեխանիզմներ.

ժ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ մինչև 1999 թվականի օգոստոսի 5-ը միջազգային խորհրդատուի հետ համաձայնեցնել վերջինիս աշխատանքային ծրագիրը` համակարգի ընկերությունների պահպանման եռամյա ծրագրի և պահպանման տարեկան ծախսերի ծրագրի նախապատրաստման, ինչպես նաև նվազագույն ծախսերի ծրագրերի թարմացման համար, և ապահովել միջազգային խորհրդատուի կողմից նախնական հաշվետվության ներկայացումը մինչև 1999 թվականի սեպտեմբերի 30-ը, իսկ վերջնական հաշվետվության ներկայացումը` մինչև 1999 թվականի հոկտեմբերի 15-ը.

ժա) ապահովել Համաշխարհային բանկի հետ համաձայնեցված ժամանակացույցին համապատասխան համակարգի համապատասխան ընկերություններում հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների ներդրումը և միջազգային աուդիտի իրականացումը:

12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) սույն որոշման 3-րդ կետին համապատասխան ստացված տեղեկություններն ու առաջարկություններն ամփոփել և երկշաբաթյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.

բ) ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքում գոյացած պարտքերը 1999 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում մարելու համար այդ նպատակով, անհրաժեշտության դեպքում, համապատասխան առաջարկություններ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարություն.

գ) մինչև 1999 թվականի հուլիսի 31-ը հաստատել նոր բյուջետային դասակարգումը և սահմանել չվճարումների վերաբերյալ ամսական հաշվետվությունների համակարգ Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեում կիրառելու համար.

դ) միջոցներ ձեռնարկել գանձապետական համակարգի կազմակերպական բարեփոխումների (ներառյալ տեղական գանձապետական բաժանմունքների կրճատման), ավտոմատացման արագացման համար.

ե) մինչև 1999 թվականի սեպտեմբերի 30-ը հաստատել արտաբյուջետային հաշիվների (ներառյալ Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեում արտացոլվող) կրճատման ռազմավարությունը.

զ) յուրաքանչյուր եռամսյակի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կանխատեսումները (ներառյալ եկամուտները, ծախսերը և դեֆիցիտի ֆինանսավորումը) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրել ոչ ուշ, քան տվյալ եռամսյակի սկզբից 10 օր առաջ, իսկ ամսական կանխատեսումները ոչ ուշ, քան տվյալ ամսվա սկզբից 5 օր առաջ.

է) ապահովել գանձապետական պարտատոմսերի շուկայում տոկոսադրույքների ձևավորման շուկայական մեխանիզմների գործողությունը ձեռնպահ մնալով պարտատոմսերի նախապես հայտարարված թողարկումները չեղյալ հայտարարելուց.

ը) նախարարության կառուցվածքում առանձնացնել բոլոր արտաքին դրամաշնորհների և պետական կամ պետության կողմից երաշխավորված վարկերի բանակցման ու վերահսկման համակարգման համար պատասխանատու ստորաբաժանում այդ նպատակով, անհրաժեշտության դեպքում, առաջարկություն ներկայացնելով Հայաստանի Հանրապետության վարչապետին.

թ) մինչև 1999 թվականի սեպտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել արտաքին պարտքի ներգրավման համալիր ռազմավարությունը.

ժ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ հաստատել բանկերի կողմից անհուսալի ակտիվների դասակարգման և դուրսգրման նոր կարգը.

ժա) հաշվարկել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի նախագծում բյուջետային կազմակերպությունների կողմից էներգիայի սպառման իրատեսական սահմանաչափերը` ելնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ներկայացրած` համակարգի 2000 թվականի ֆինանսական կանխատեսումներից.

ժբ) մինչև 1999 թվականի օգոստոսի 20-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մարտի 31-ի «Պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների արդյունավետ կառավարման գործընթացի ապահովման միջոցառումների մասին» N 187 որոշմանը (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունիսի 10-ի N 354 որոշման խմբագրությամբ) համապատասխան որոշման 2-րդ կետում ընդգրկված ընկերությունների` 1999 թվականի առաջին կիսամյակի համար ֆինանսական հսկողության (մոնիտորինգ) արդյունքները և նշված կետում ևս առնվազն հինգ ընկերություն ընդգրկելու վերաբերյալ առաջարկություն.

ժգ) 1999 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել սեփականաշնորհումից ստացված միջոցների օգտագործման միջինաժամկետ ռազմավարությունը.

ժդ) համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ մինչև 1999 թվականի սեպտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տալով ֆինանսական դժվարություններ ունեցող բանկերում շահաբաժինների վճարումը սահմանափակելու իրավասություն.

ժե) 1999 թվականի սեպտեմբերի ամսում հրապարակել ստացված արտաքին ապրանքային դրամաշնորհների և վարկերի դրամայնացման վերաբերյալ մանրամասն հաշվետվություն դրանում, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 19-ի «Միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրվող ապրանքային վարկերի, ինչպես նաև մարդասիրական օգնության և բարեգործական նպատակներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ստացվող) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) բաշխման, գնահատման, իրացման, ձևակերպման և իրացումից բյուջե վճարման ենթակա գումարների հաշվառման և գանձման կարգերը հաստատելու մասին» N 27 որոշմանը համապատասխան ներառելով դրամայնացված ապրանքի տեսակը և քանակը, վաճառքի միջին գինը, գնորդների անվանումները և դրամայնացման ժամանակացույցը.

ժզ) համաձայնեցնելով շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ բյուջետային հիմնարկների թվի կրճատման նպատակով մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, «Կրթության մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ հիմք ընդունելով պետության գործառույթների` որպես սեփականատիրոջ և որպես սոցիալ-տնտեսական քաղաքականություն իրականացնողի, հնարավորին չափ հստակ տարանջատման սկզբունքը:

13. Սույն որոշման իրականացման վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.07.1999
N 41
Արձանագրային որոշում