Սեղմել Esc փակելու համար:
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ԵՎ 37-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                            Վարչական գործ

    դատարանի որոշում                                 թիվ ՎԴ/3271/05/12

    Վարչական գործ թիվ ՎԴ/3271/05/12                  2014 թ.

Նախագահող դատավոր` Ա. Աբովյան

    Դատավորներ`        Ա. Առաքելյան

                       Գ. Ղարիբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ե. Խունդկարյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Գ. Հակոբյանի

                                              Է. Հայրիյանի

 

2014 թվականի հուլիսի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Ռեվերդի» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 12.11.2013 թվականի որոշման դեմ` ըստ ՀՀ առողջապահության նախարարության (այսուհետ` Նախարարություն) հայցի ընդդեմ Ընկերության` դեղատնային գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նախարարությունը պահանջել է դադարեցնել Ընկերությանը 07.07.2003 թվականին տրված դեղատնային գործունեության թիվ Կ-XX-000252 լիցենզիայի գործողությունը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 04.07.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.11.2013 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է. Դատարանի 04.07.2013 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նախարարությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ, 6-րդ, 8-րդ, 18-րդ, 19-րդ, 22-րդ, 48-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 13-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612-րդ և 624-րդ հոդվածները, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 1-ին և 37-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին, 2-րդ, 6-10-րդ հոդվածները, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը, գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին, 2-րդ, 6-րդ, 24-26-րդ, 64-68-րդ, 114-րդ, 117.11-117.14-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն վարչական գործը հարուցվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիման վրա: Դատարանում և Վերաքննիչ դատարանում գործի քննությունն իրականացվել է բացառապես այդ իրավական հիմքի շրջանակներում, մասնավորապես` Ընկերությունն իր դատավարական պաշտպանությունը կառուցել է համապատասխան իրավադրույթների վերլուծության հիման վրա, ներկայացրել և հետազոտել է ապացույցներ այդ իրավական իրողության հաշվառմամբ, որպիսի հանգամանքը դարձրել է դատական գործընթացը կանխատեսելի և որոշակի: Բացի այդ, Նախարարության վերաքննիչ բողոքի հիմքում նույնպես ընկած են եղել արդեն իսկ հիշատակված իրավական նորմերը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, չունենալով դրա լիազորությունը, կամայականորեն ընդլայնելով դատական հայեցողության սահմանները, իր որոշման հիմքում դրել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որի համաձայն` լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում: Վերաքննիչ դատարանը գտել է, որ այդ հիմքով լիցենզիայի գործողությունը ենթակա է դադարեցման` անկախ այլ փաստարկներից: Այս անակնկալ և անկանխատեսելի դատավարական «հնարքի» կիրառմամբ Վերաքննիչ դատարանն Ընկերությանը զրկել է համարժեք իրավական (դատական) պաշտպանության արդյունավետ միջոցների հնարավորությունից, կամայականորեն խախտել է իր` վերաքննիչ բողոքն ըստ էության քննելու լիազորության սահմանները` դուրս գալով ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածով սահմանված երաշխիք-կարգավորման շրջանակներից:

Վերաքննիչ դատարանը խախտել է գործի քննության լրիվության, օբյեկտիվության և բազմակողմանիության պահանջները և չի համապատասխանել «արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի» բարձր չափանիշներին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.11.2013 թվականի որոշումը և փոփոխել այն` օրինական ուժ տալ Դատարանի 04.07.2013 թվականի վճռին կամ գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Բողոք բերած անձը հաշվի չի առել, որ վարչական մարմիններն օժտված են լիցենզիայի գործունեությունը դադարեցնելու հայցապահանջով դատարան դիմելու իրավունքով:

Բողոք բերած անձն անտեսել է նաև, որ վարչական մարմինը պարտավոր չէ ստուգման մասին նախապես ծանուցել դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտին, ինչն այդպիսի ստուգումներ իրականացնելու` օրենքով սահմանված առանձնահատկություններից մեկն է: Բացի այդ, Դատարանը, անտեսելով գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի պահանջները, ՀՀ ֆինանսների նախարարությանը չի ներգրավել որպես երրորդ անձ:

Վճռաբեկ բողոքի հիմքերը և հիմնավորումներն անհիմն են, քանի որ Դատարանի կողմից ապացույցները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի չհետազոտելու և դրանք սխալ գնահատելու արդյունքում խախտվել են գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինականության և հիմնավորվածության հիմնարար հատկանիշները: Հետևաբար վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Նախարարությունը 07.07.2003 թվականին Ընկերությանը տվել է դեղատնային գործունեության թիվ Կ-XX-000252 լիցենզիան (հատոր 1-ին, գ.թ. 15):

2) ՀՀ առողջապահության նախարարի (այսուհետ` Նախարար) 08.05.2012 թվականի ««ՌԵՎԵՐԴԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում զննում իրականացնելու մասին» թիվ 999-Ա հրամանով ստեղծվել է հանձնաժողով (անդամներ` Գայանե Մկրտչյան, Հարություն Հարությունյան, Մարինե Դալլաքյան), (այսուհետ` Հանձնաժողով), որին հրամայվել է Նախարարության կողմից 08.05.2012 թվականին հարուցված վարչական վարույթի շրջանակներում 08.05.2012 թվականից մինչև 11.05.2012 թվականն Ընկերությունում իրականացնել զննում (գործունեության վայրը` Երևան քաղաքի Ավանեսովի 2-րդ նրբ., թիվ 8/2շ.)` Ընկերության գործունեությունը ՀՀ դեղերի և լիցենզավորման ոլորտները կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով (հատոր 1-ին, գ.թ. 13):

3) Նշված զննման արդյունքում Հանձնաժողովը 08.05.2012 թվականին կազմել է ակտ, որով արձանագրվել է, որ Ընկերության կողմից չեն պահպանվել ՀՀ կառավարության 29.06.2002 թվականի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման, բժշկական միջին մասնագիտական ու բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» թիվ 867 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգով» սահմանված լիցենզավորման պարտադիր պայմաններն ու պահանջները: Մասնավորապես` պարզվել է, որ դեղատնային կրպակում բացակայում է սանհանգույցը` լվացարանով (2 քմ մակերես), իսկ գրասենյակ/հանգստի սենյակը 7,2 քմ մակերես է (նվազագույն 8 քմ մակերեսի փոխարեն), առևտրի սրահ/սպասասրահը` 14,5 քմ մակերես (նվազագույն 18 քմ մակերեսի փոխարեն): Բացի այդ, դեղատնային կրպակում բացակայել են դեղերի պետական գրանցամատյանը, հիմնական դեղերի ցանկը, հագուստի պահարան` անձնական և աշխատանքային հագուստը միմյանցից մեկուսացված պահելու համար, Նախարարի 14.09.2007 թվականի թիվ 1416-Ն հրամանով հաստատված դեղատնային կրպակի առաջին օգնության պարագաների ցանկից` հիպոթերմիա առաջացնող փաթեթը, բեկակալը (հատոր 1-ին, գ.թ. 9-11):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` դատարանի կողմից սեփական նախաձեռնությամբ հայցի, ինչպես նաև վերաքննիչ բողոքի իրավական հիմքերի փոփոխման անթույլատրելիության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյոք վերաքննիչ դատարանն իրավասու է սեփական նախաձեռնությամբ դուրս գալ առաջին ատյանի դատարանում գործի քննության շրջանակներից, մասնավորապես` փոխել հայցի հիմքը և կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրացման հիմնական սկզբունքներից է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքը, որն անձի` Սահմանադրությամբ և օրենքով նրան տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական և դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները: Տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքն անձանց հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշել` դիմել, թե չդիմել դատարան իրենց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար, այսինքն` իրականացնել, թե չիրականացնել իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքը: Անձինք իրենց դատական պաշտպանության հիմնական իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս պետք է առաջնորդվեն վերը նշված սկզբունքով:

Դատական պաշտպանության իրավունքի իրացումը տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի հիման վրա անձի համար երաշխավորում է նաև հայցի առարկան և հիմքն ինքնուրույն որոշելու իրավական հնարավորություն:

Գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»):

Գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի համաձայն` հայցադիմումը պետք է բովանդակի հայցվորի պահանջը, այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը և հայցվորի պահանջի իրավական հիմքերը:

Գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածի համաձայն`

1. հայցվորը հայցի հիմքը կամ առարկան կարող է փոփոխել մինչև դատաքննություն նշանակելը: Դատարանը կարող է թույլ չտալ նման փոփոխություն, եթե այն բերում է հայցի էության փոփոխության: Հայցի հիմքը կամ առարկան կարող է փոփոխվել գործը քննող դատարանի ընդդատության սահմաններում.

2. պատասխանողը հայցադիմումի լրացումն ստանալուց հետո կարող է ներկայացնել փոփոխված հայցադիմումի վերաբերյալ իր պատասխանը` նույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում:

i

Գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, այդ խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները, բողոք բերող անձի պահանջը:

i

Գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում վերահաստատել հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ նախկինում ձևավորած հետևյալ դիրքորոշումը.

Հայցի առարկան այն նյութաիրավական պահանջն է, որը հայցվորը ներկայացնում է պատասխանողի դեմ, և որի վերաբերյալ դատարանը դատական ակտ է կայացնում:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Հայցի փաստական հիմքն ըստ էության իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար:

Վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ հայցի փաստական հիմքից բացի հայցի տարրերի մեջ ներառվում է նաև հայցի իրավական հիմքը, որն այն իրավական նորմերն են, որոնք կարգավորում են վիճելի իրավահարաբերությունը:

Փաստորեն, հայցն անհատականացվում է իր այս երկու տարրերի` հայցի հիմքի և առարկայի շնորհիվ: ՀՀ օրենսդրությունն ընձեռում է հայցի հիմքն ու առարկան փոփոխելու իրավական հնարավորություն, ընդ որում, հայցի առարկայի փոփոխությունը ենթադրում է հայցվորի` պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջի փոփոխություն, իսկ հայցի հիմքի փոփոխությունն իրենից ներկայացնում է այն հանգամանքների փոփոխությունը, որոնց վրա հիմնվում է այդ նյութաիրավական պահանջը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությունը տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքին համապատասխան հայցի հիմքը և առարկան փոխելու իրավունքը վերապահում է միայն հայցվորին, և տվյալ դեպքում դատարանն ուղղակի հայցվորի համապատասխան միջնորդության առկայության դեպքում կարող է որոշում կայացնել բավարարելու կամ մերժելու հայցվորի` հայցի հիմքը կամ առարկան փոխելու վերաբերյալ միջնորդությունը, սակայն սեփական նախաձեռնությամբ վերոնշյալ գործողությունները կատարելու լիազորություն դատարանը չունի:

Բոլոր դեպքերում, եթե հայցի հիմքում ներառված են փաստական և իրավական հիմքերը, դատարանը գործով ապացուցման առարկան որոշում է հայցվորի վկայակոչած և ենթադրյալ կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմի և փաստական հանգամանքների համադրության հիման վրա: Հակառակ դեպքում, երբ դատարանը փոխում է հայցվորի վկայակոչած և ենթադրաբար կիրառման ենթակա նորմերը, դուրս է գալիս հայցի իրավական հիմքի շրջանակից (տե՛ս Ա/Ձ Էդմոնդ Ասատրյանը և Կարինե Բաղջյանն ընդդեմ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/2924/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

Այսպիսով, վերոգրյալից հետևում է, որ վարչական գործի քննության ընթացքում հայցի հիմքը կամ առարկան կարող են փոփոխվել միայն մինչև գործը դատաքննության նշանակելը և այն էլ` միայն հայցվորի կողմից: Հայցի հիմքը կամ առարկան փոփոխելը, փաստորեն, համարվում է հայցվորի իրավունքը և միայն հայցվորը վարչական գործի քննության ընթացքում իր հայեցողությամբ կարող է որոշել` օգտագործել այդ իրավունքը, թե ոչ: Դատարանն իր հերթին կարող է որոշել` թույլ տալ հայցի հիմքի կամ առարկայի փոփոխություն, այսինքն` բավարարել հայցվորի նման խնդրանքը, թե ոչ: Սա նշանակում է, որ դատարանն իրավասու չէ իր նախաձեռնությամբ փոխել հայցի հիմքը և առարկան և պետք է քննի գործը հայցվորի կողմից վկայակոչված հայցի հիմքի և առարկայի շրջանակներում:

Իր նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու դատարանի լիազորության իրացման առանձնահատկություններին` Վճռաբեկ դատարանը գտել է, որ վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացման դատարանի իրավունքը սահմանափակված է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչությունն ընդդեմ «Ջորջ ընդ Բրանդն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/5525/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (ex officio) սկզբունքի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշմանն ի հավելում նշել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում ամրագրված փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (ex officio) սկզբունքը վերաբերում է բացառապես գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելուն, այլ խոսքով, կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելուն և չի վերաբերում դատարանի կողմից սեփական նախաձեռնությամբ հայցի իրավական հիմքերը լրացնելուն, դատարանի նախաձեռնությամբ վեճի սահմաններից դուրս գալուն, ինչպես նաև սույն սկզբունքը վերաքննիչ դատարանին հնարավորություն չի ընձեռում սեփական նախաձեռնությամբ և ինքնուրույն լրացնել վերաքննիչ բողոքի իրավական հիմքերը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար, սակայն չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ առաջին ատյանի դատարանում գործի քննության շրջանակներից, մասնավորապես` փոխել հայցի հիմքը և կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով և Դատարանում գործի դատական քննությունն ընթացել է բացառապես այդ իրավական հիմքի շրջանակներում:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել`

1) լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում.

2) լիցենզավորված գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լուծարման, անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցվելու կամ ֆիզիկական անձի մահվան դեպքերում.

3) եթե լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման հետևանքով պատճառվել է ծանր վնաս.

4) լիցենզավորված անձի կողմից նույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված խախտումները պարբերաբար կատարելու դեպքում.

5) մեկ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ նույն օրենքի 36-րդ հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերի համաձայն լիցենզիայի գործողությունը կասեցվելու դեպքում.

6) լիցենզիայի գործողության կասեցման ժամկետում կասեցման պահանջների խախտմամբ կասեցված գործունեություն կամ այդ գործունեության առանձին գործառույթ կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություն իրականացնելու դեպքում.

7) լիցենզավորված անձի դիմումի համաձայն.

8) լիցենզիայի ժամկետը լրանալու դեպքում.

9) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերով լիցենզիայի գործողությունը դադարեցվում է դատական կարգով` լիցենզավորող մարմնի դիմումի համաձայն:

Նշված նորմերի բովանդակությունից հետևում է, որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել բացառապես դատարանի կողմից, և այդ նպատակով դատարան կարող է դիմել միայն համապատասխան լիցենզավորող մարմինը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Նախարարության (ՀՀ կառավարության 29.06.2002 թվականի թիվ 867 որոշման համաձայն` վերջինս համարվում է դեղատնային գործունեության ոլորտում լիցենզավորող մարմին) հայցադիմումի համաձայն և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիման վրա, իսկ որպես օրենքով նախատեսված այլ դեպք` Նախարարությունն իր հայցադիմումում մատնանշել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» կետը, այն է` բարենպաստ իրավաչափ վարչական ակտը կարող է ուժը կորցնել, եթե վարչական ակտի հետ կապված է օրենքով նախատեսված որևէ պարտականություն, որը պետք է կատարեր այդ ակտի հասցեատերը, սակայն չի կատարել կամ պատշաճ չի կատարել: Ելնելով վերոգրյալ իրավանորմերի բովանդակությունից և հիմք ընդունելով Հանձնաժողովի կողմից 08.05.2012 թվականին կազմված ակտով արձանագրված լիցենզավորման պարտադիր պայմանների ու պահանջների խախտումները` Նախարարությունը պահանջել է դադարեցնել Ընկերությանը տրված դեղատնային գործունեության լիցենզիայի գործողությունը:

Դատարանը, հիմք ընդունելով Ընկերության կողմից ներկայացված ապացույցները, ինչպես նաև իր կողմից իրականացված իրեղեն ապացույցների զննման արդյունքները, հանգել է այն եզրակացության, որ Հանձնաժողովի կողմից 08.05.2012 թվականին կազմված ակտով արձանագրված լիցենզավորման պարտադիր պայմանների ու պահանջների խախտումները բացակայում են, հետևաբար բացակայում են նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով Ընկերության դեղատնային գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու հիմքերը:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, իր որոշման հիմքում դնելով մի շարք գրավոր ապացույցներ, գտել է, որ Ընկերությունը լիցենզավորման հայտ ներկայացնելիս կեղծ տեղեկություններ է ներկայացրել լիցենզավորման ենթակա գործունեության համար նախատեսված տարածքի և դեղատնային կրպակի հագեցվածության վերաբերյալ: Հետևաբար, Ընկերության դեղատնային գործունեության լիցենզիայի գործողությունը ենթակա է դադարեցման «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի ոչ թե 9-րդ, այլ 1-ին կետի հիմքով, այն է` լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերում լիցենզիան տալու համար էական նշանակություն ունեցող կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում: Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել գործի քննության ընթացքում բարձրացված մյուս հարցերին` իր որոշման մեջ շարադրելով. «(...) ամփոփելով կատարված վերլուծությունը` Վերաքննիչ դատարանը վերացած է գնահատում կողմերի մնացած փաստարկներին անդրադառնալու դատավարական անհրաժեշտությունը, քանի որ դրանց կապակցությամբ ստացվելիք ցանկացած հնարավոր արդյունք այլևս չի կարող հանգեցնել այստեղ ստացված ամփոփիչ եզրահանգումների փոփոխության (...)»:

Վերոգրյալ փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործի քննության ընթացքում սեփական նախաձեռնությամբ դուրս է եկել Դատարանում գործի քննության շրջանակներից, մասնավորապես` փոխել է հայցի հիմքը և կայացրել դատական ակտ այնպիսի իրավական և փաստական հիմքերով, որոնք Դատարանում քննության առարկա չեն դարձվել: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար, պարտավոր էր վերանայել Դատարանի վճիռը Նախարարության հայցադիմումում նշված իրավական հիմքի, այն է` «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի շրջանակներում, ինչը չի արել:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործի քննության արդյունքում կայացնելով Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարող որոշում, այն պատճառաբանել է այնպիսի իրավական և փաստական հիմքերով, որոնք Դատարանում դատական քննության ընթացքում քննարկման առարկա չեն դարձել: Սույն գործը քննելիս Վերաքննիչ դատարանը չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար, պատճառաբանված ներքին համոզման հանգելու նպատակով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել սույն գործի քննության համար նշանակություն ունեցող բոլոր փաստական հանգամանքները: Ավելին, Վերաքննիչ դատարանը, իր որոշմամբ եզրահանգելով, որ Ընկերության դեղատնային գործունեության լիցենզիայի գործողությունը ենթակա է դադարեցման «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի ոչ թե 9-րդ, այլ 1-ին կետի հիմքով, ըստ էության, դուրս է եկել վերաքննության սահմաններից, քանի որ, ինչպես արդեն նշվել է, սույն գործի քննությունը հարուցվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիման վրա և իրականացվել է բացառապես այդ իրավական հիմքի սահմաններում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում սույն գործի քննության և լուծման համար էական նշանակություն ունի միայն այն հարցը, թե Ընկերության դեղատնային գործունեության լիցենզիայի գործողությունը ենթակա է արդյոք դադարեցման «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով, թե ոչ: Վերաքննիչ դատարանը պարտավոր էր բողոքը քննել և դատական ակտը վերանայել բացառապես այդ իրավական հիմքի սահմաններում և իրավասու չէր դադարեցնել Ընկերության դեղատնային գործունեության լիցենզիայի գործողությունն օրենքով նախատեսված որևէ այլ հիմքով, որի կապակցությամբ Դատարանն ընդհանրապես քննություն չի իրականացրել:

Այլ կերպ ասած` Վերաքննիչ դատարանը կարող էր որոշում կայացնել Ընկերության դեղատնային գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին միայն այն դեպքում, եթե ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար, պատճառաբանված ներքին համոզման հանգելու նպատակով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելով սույն գործի քննության համար նշանակություն ունեցող բոլոր փաստական հանգամանքները` հանգեր այն եզրակացության, որ խնդրո առարկա լիցենզիայի գործողությունը ենթակա է դադարեցման «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով: Հակառակ եզրակացության հանգելու դեպքում Նախարարության վերաքննիչ բողոքը պետք է մերժվեր` նշված հիմքով լիցենզիայի գործողությունը դադարեցման ոչ ենթակա լինելու պատճառաբանությամբ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, դուրս գալով գործի քննության շրջանակներից, հաշվի չի առել, որ Դատարանի վճիռը չի համապատասխանում դատական ակտերի հիմնավորվածության չափանիշներին: Մասնավորապես, Դատարանը լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանիորեն չի հետազոտել սույն գործում առկա ապացույցները` իր վճռի հիմքում դնելով գլխավորապես 06.05.2013 թվականին իր կողմից Ընկերությունում իրականացրած իրեղեն ապացույցների զննման արդյունքները:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոգրյալի մասով ապացույցներ պահանջելու և դրանց հիման վրա գործի փաստերն ի պաշտոնե պարզելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 12.11.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ե. Խունդկարյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.07.2014
N ՎԴ/3271/05/12
Որոշում