Սեղմել Esc փակելու համար:
ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

14 օգոստոսի 2014 թվականի N 34

 

12. ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի N 800-Ն որոշման N 1 հավելվածի 55-րդ կետը`

1. Հավանություն տալ ինտերնետ կառավարման սկզբունքներին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել ինտերնետ կառավարման ոլորտում քաղաքականության մշակման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող` «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կազմը` դրանում, իրենց համաձայնությամբ, ընդգրկելով հասարակական և մասնավոր հատվածների ներկայացուցիչներին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թ. օգոստոսի 14-ի նիստի

N 34 արձանագրային որոշման

 

ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Ինտերնետի, տեղեկատվության և հեռահաղորդակցման ոլորտում առկա նվաճումները ներկայումս նոր լայն հնարավորություններ են ընձեռում մեծ Սփյուռք ունեցող մեր ժողովրդին աշխարհով մեկ ինքնակազմակերպվելու և պահպանելով ազգային առանձնահատկությունները, ուրույն տեղն ու դերը գրավելու քաղաքակրթական ընդհանուր զարգացումներում: Ինտերնետը դարձել է նաև լուրջ գործոն և տնտեսական առաջընթացի, և քաղաքացիական հասարակության ձևավորման համար:

Բնական է, որ ոլորտի կարգավորման, կառավարման հարցերը ազգային և միջազգային կարևորագույն խնդիրներ են դարձել:

Այդ խնդիրների լուծման և Ինտերնետի հետևողական զարգացման համար անհրաժեշտ է սահմանել Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ինտերնետ կառավարման սկզբունքներ և այդ սկզբունքների հիման վրա ներկայացնել լուծումների վերաբերյալ առաջարկություններ:

Ինտերնետ կառավարումը կառավարության, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության կողմից Ինտերնետի օգտագործման և զարգացման համար սկզբունքների, նորմերի, կանոնների և ծրագրերի ընդունման ընթացակարգերի քննարկումը, մշակումը և առաջարկումն է, որոնց հիման վրա հնարավոր կլինի ներկայացնել օրենսդրական նախաձեռնություններ, կառավարության աշխատանքային ծրագրեր, այլ իրավական ակտեր:

Համաշխարհային սարդոստայնի` Ինտերնետի կառավարման, կարգավորման խնդիրների լուծման համար Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային գագաթնաժողովում /ՏՏՀԳ/ ստեղծվել է Ինտերնետի կառավարման համաժողովը /ԻԿՀ/, որի գործունեության հիմք է հանդիսացել 2005 թվականի դեկտեմբերի 18-ին Թունիսում ընդունված Տեղեկատվական հասարակության ձևավորման ծրագիրը և գործողությունների պլանը: Ծրագիրը ընդունվել է 172 երկրների պաշտոնական ներկայացուցիչների, 46 երկրների ղեկավարների, այդ թվում Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից:

Հայաստանյան ինտերնետ հատվածը` լինելով համաշխարհային ինտերնետի մաս զարգանում է իր ուրույն առանձնահատկություններով: Այս առումով ինտերնետի կառավարման համաժողովին մասնակցություն ունենալը, փորձի փոխանակումը, նոր մոտեցումների ողջամիտ կիրառումը հնարավորություն կտա նաև ներկայացնել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն ու գործող պրակտիկան միջազգային հանրությանը:

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի կտրուկ առաջընթաց, որը հնարավորություն է տալիս մատուցել էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ' կիրառելով արդի պահանջներին համապատասխանող տեխնիկական և տեխնոլոգիական լուծումներ:

Ոլորտի զարգացման համար առանձնակի նշանակություն ունի նաև միջազգային փորձին համահունչ օպերատորների, տեղեկատվական բովանդակություն

ստեղծողների, մշակողների, համախմբողների հետ ներդաշնակ հարաբերությունների ստեղծումը, պահպանումը և զարգացումը:

 

I. ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում ինտերնետ կառավարման հիմնական նպատակներն են.

1) Աջակցել համաշխարհային սարդոստյանի զարգացմանը և նպաստավոր պայմաններ ստեղծել.

ա. մեր հայրենակիցներին` անկախ բնակության վայրից և գործունեության բնույթից ավելի հաճախ և ավելի մատչելի ձևով շփումների իրականացման համար` օգտվելով Ինտերնետային որակյալ ծառայություններից, համակարգչային դյուրակիր սարքերից, ծրագրային ապահովություն ունեցող հեռախոսներից, ԱյՓի (IP) տեսաձայնային հեռակապից,

բ. հայկական մշակութային առանձնահատկություններին համահունչ հասարակության մասնակցությունը համաշխարհային տեղեկատվական շտեմարանների ձևավորման գործընթացների համար` հնարավորինս հաղթահարվեն լեզվական խոչընդոտներ ու տեղեկատվական շտեմարաններից օգտվել դյուրությանը,

գ. գիտելիքահենք հասարակության ձևավորման, համաշխարհային արդի զարգացումներում մեր ուրույն տեղն ու դերը գրավելու, հայկական մշակութային արժեքները արժանավորինս ներկայացնելու, մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցին ընդառաջ ինտերնետում Ազգային միասնական տեղեկատվական տարածքի ձևավորման համար` նյութերի դասակարգման, որոնման, ուղեցույցների, հղումների կազմակերպման ընդհանուր համակարգով,

դ. Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից տեղեկատվական «էլեկտրոնային» հասարակության ձևավորմանը:

2) Ձևավորել Համաշխարհային Ինտերնետ Կառավարման Համաժողովների աշխատանքների արդյունքում մշակված և ընդունված փաստաթղթերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը,

3) Աջակցել Ինտերնետ կառավարման միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև տարածաշրջանային միավորումների և ոլորտին առնչվող այլ կազմակերպությունների հետ համագործակցությանը,

4) Ապահովել հասարակական, մասնավոր և պետական կառույցների ներդաշնակ մասնակցությունը ինտերնետ կառավարման գործընթացին,

5) Աջակցել Հայաստանի Հանրապետությունում համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը.

ա. տեղեկատվական նյութերի ստեղծման, հավաքագրման և պահպանման կենտրոնների ձևավորմանը,

բ. օպտիկամանրաթելային կապուղիներով ճյուղավորված ցանցերի զարգացմանը.

գ. փոխկապակցման արդյունավետ համակարգի ձևավորմանը, ինտերնետի հետ առնչվող ներքին ցանցերի հուսալիության բարձրացմանը, անվտանգության ապահովմանը և զարգացման խնդիրների լուծմանը,

դ. աջակցել տեղեկատվական ընդհանուր տարածքից, համակարգչային սարքերից, ժամանակակից հեռախոսներից և ինտերնետից արդյունավետ օգտվելուն նպաստող մայրենի լեզվով ուղեցույցների, հեռախորհրդատվության, հեռաուսուցման մեդիա ձեռնարկների, ինտերնետային հիմնական ծառայություններից օգտվելուն նպաստող ուղեցույցների և ձեռնարկների որակյալ հայերեն թարգմանության և մշակման աշխատանքներին` օգտվողների միջև ցանցային վարքագծի նորմերի (netiquette) պահպանման նպատակով,

ե. աջակցել ազգային մշակութային արժեքների թվայնացման գործընթացի արագացմանը և խթանմանը:

 

II. ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

 

2. Հայաստանի Հանրապետությունում Ինտերնետ կառավարման սկզբունքներն են.

1) Հասանելիության հնարավորության ապահովում,

2) Դոմենային անվանումների լայն տարածում,

3) Դոմենային անվանումների համակարգի անվտանգության ընդլայնում (DNSSEC) արձանագրության տարածման սատարումով

4) ԱյՓի 6-րդ վարկածի (IPv6) տարածման սատարում,

5) Ինտերնետում մարդու իրավունքների պաշտպանության սատարում,

6) Ցանցերում օգտվողների նույնականացում` ապահովելով անհատական տվյալների պաշտպանվածությունը,

7) Նորամուծություններին աջակցում,

8) Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության աջակցում,

9) Ինտերնետի տրաֆիկի տեղական փոխանակման կենտրոնների ստեղծման աջակցում,

10) Ինտերնետի կարգավորման առավել ընդհանուր մոտեցումներ,

11) Ինտերնետ համարակալման և հասցեագրման համակարգի զարգացում,

12) Տեղեկատվական հոսքերի երթուղման արդյունավետ լուծումների առաջարկում,

13) Հայկական ինտերնետ միջավայրի անվտանգության ապահովման աջակցում,

14) Բաց ստանդարտների ընդունման աջակցում,

15) Երեխաների առցանց պաշտպանության աջակցում,

16) Ցանցի չեզոքության սկզբունքի կիրառման աջակցում,

17) Բաց և ազատ տարածվող բովանդակության զարգացմանն աջակցում:

 

III. ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ

 

3. Հասանելիության հնարավորության ապահովում.

1) Հայաստանի Հանրապետությունում ինտերնետի զարգացման, հասանելիության հնարավորությունների ապահովման խնդիրների լուծման միջոցով` հանրային-մասնավոր հատվածների համագործակցության հիման վրա,

2) Օգտվողների համակարգչային իմացության մակարդակի բարձրացման միջոցով` հիմնվելով ինչպես ուսումնական գործընթացի, այնպես էլ վերապատրաստման և միջազգայնորեն ճանաչված սերտիֆիկացման խթանման և կամավորների ներգրավման վրա,

3) Լայնաշերտ ինտերնետ հասանելիության միջոցով:

4. Դոմենային անվանումների լայն տարածում

1) Դոմենային անվանումների գրանցման և օգտագործման համար բարենպաստ պայմանների ստեղծում` որպես համահայկական համագործակցության ցանցի ստեղծման հիմք' նվազեցնելով վարչարարությունը և ապահովելով նվազագույն արգելքներ:

2) Բարենպաստ պայմանների ստեղծում Հայաստանի Հանրապետության տարածքում կայքերի տեղակայման (hosting) համար' որպես համահայկական համագործակցության ցանցի հիմքային հանգույցների բազմություն' ապահովելով Հայաստանի Հանրապետության մասնագետների ներգրավվածությունը այդ հանգույցների ստեղծման, պահպանման, անվտանգության ապահովման, զարգացման և նորամուծությունների կիրառման գործընթացում:

3) Հանրության լայն շերտերի ներգրավմամբ պետական-հասարակական համագործակցության շրջանակներում դոմենային անվանումների նպատակային օգտագործում` բացառելով դրանց ոչ պատշաճ օգտագործումը սահմանադրական կարգի տապալմանը ուղղված հանրային կոչերի, ահաբեկչության, ազգամիջյան գժտություն սերմանելու, պոռնկագրական նյութերի տարածման և թրաֆիկինգի համար: Լայնորեն օգտագործել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային համագործակցության, տեղեկատվության փոխանակման միջոցները նման մարտահրավերների դեմ պայքարի ընթացքում:

4) Դոմենային անվանումների հետ կապված վիճահարույց խնդիրների լուծումների մշակում` հիմնվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության վրա, դատական կամ արբիտրաժային որոշումների հիման վրա' չկիրառելով վարչարարական սահմանափակումներ:

5) Դոմենային անվանումների ազգային այբուբենով համակարգի ներդրում, ինչը հանդիսանում է դոմենային անվանումների համակարգման քաղաքականության կարևոր նպատակ: Այդ համակարգը նպատակահարմար է լայնածավալ կիրառել լատինատառ դոմենային անվանումների օգտագործմամբ Հայաստանի Հանրապետության հիմնական տեղեկատվական ռեսուրսների ձևավորումից հետո' ինչը թույլ կտա պատշաճ կերպով ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը համաշխարհային Ինտերնետ հանրությանը, որն այսօր օգտագործում է հիմնականում, լատինատառ ստեղնաշարեր:

5. Դոմենային անվանումների համակարգի անվտանգության ընդլայնում (DNSSEC) արձանագրության տարածման սատարումով

1) Հայաստանի Հանրապետությունում գործող օպերատորներին և ծառայություն մատուցողներին իրենց ցանցերում և տիրույթներում դոմենային անվանումների համակարգի անվտանգության ընդլայնում (DNSSEC) արձանագրության օգտագործման խթանում,

2) Հնարավորինս ավելի անվտանգ արձանագրությունների տարածման սատարում' առաջարկելով անհատական տվյալների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ:

6. ԱյՓի 6-րդ (IPv6) վարկածի տարածման աջակցություն

Հայաստանի Հանրապետությունում գործող օպերատորներին և ծառայություն մատուցողներին իրենց ցանցերում և տիրույթներում ԱյՓի 6-րդ վարկածի (IPv6) արձանագրության օգտագործման աջակցում:

7. Ինտերնետում մարդու իրավունքների պաշտպանության սատարում

1) Ինտերնետում կարծիքների ազատ արտահայտման իրավունքների, ինչպես նաև միավորումներ ստեղծելու իրավունքների ապահովում` հիմնվելով Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված սկզբունքների, միջազգային համաձայնագրերի և կոնվենցիաների վրա:

2) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցչի ներգրավում` Ինտերնետ կառավարման աշխատանքներում,

3) Ինտերնետում պետություն-հանրություն համագործակցության սատարում` ուղղված ազգամիջյան գժտություն սերմանելու, սահմանադրական կարգի տապալմանը ուղղված հանրային կոչեր, պոռնկագրության, ահաբեկչության և թրաֆիկինգի քարոզման բացառմանը:

8. Ցանցերում օգտվողների նույնականացում` ապահովելով անհատական տվյալների պաշտպանվածությունը

Այնպիսի տեխնոլոգիաների ներդրում, որոնք թույլ կտան ապահովել անհատական տվյալների պաշտպանությունը` ապահովելով միաժամանակ Ինտերնետ օգտվողների նույնականացման հնարավորությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում:

9. Նորամուծություններին աջակցում Նորամուծությունների անարգելք մուտքի սատարում Հայաստանի Հանրապետության Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցողների և օգտվողների համար` ներառյալ ինտերնետ-տնտեսությունը, էլեկտրոնային առևտուրը, հեռաբժշկությունը, հեռահար կրթությունը, նոր տեխնոլոգիական լուծումները: Տնտեսության բոլոր բնագավառներում օգտագործելով Տեղեկատվական Տեխնոլոգիաների Զարգացմանն Աջակցող Խորհրդի, ՏՏ ոլորտի կազմակերպությունների և այլ հասարակական և առևտրական կազմակերպությունների ներուժը' Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ օպերատիվ համագործակցության համար:

10. Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության աջակցում

1) Մտավոր սեփականությանն առնչվող դոմենային անվանումների համակարգի օգտագործման վիճահարույց հարցերի լուծման համար Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության գործընթացում ինչպես ազգային օրենսդրության, այնպես էլ մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) Ինտերնետում լավագույն փորձի կիրառման աջակցում

2) Ինտերնետում օգտվողների կողմից մտավոր սեփականության պաշտպանությանն ուղղված հասարակական նախաձեռնություններին սատարում` ձևավորելով Հայաստանի Հանրապետության Ինտերնետ օգտվողների շրջանում մտավոր սեփականության ապօրինի օգտագործման դեմ անհանդուրժողական միջավայր,

3) Ազգային օրենսդրության շրջանակներում, միջազգային համագործակցության կիրառմամբ հեղինակային իրավունքի խախտումների դեմ պայքար

4) Օգտվողների միջև ցանցային վարքագծի (netiquette) նորմերի ներդրման աջակցում:

11. Ինտերնետ տրաֆիկի տեղական փոխանակման կենտրոնների ստեղծման աջակցում

Ինտերնետ տրաֆիկի տեղական փոխանակման կենտրոնների ստեղծումը, իր դրական ազդեցությունն ունի Ինտերնետի հասանելիության գների նվազեցման և արագագործության ավելացման համար: Միաժամանակ այդ կենտրոնները կարող են ստեղծվել և գործել այն դեպքերում, երբ նրանց գործունեությունը տնտեսապես արդյունավետ է: Ինտերնետ տրաֆիկի տեղական փոխանակման կենտրոնների ստեղծման առաջնային խնդիրներից է տեխնիկական անվտանգության ապահովումը:

Ինտերնետ տրաֆիկի փոխանակման կենտրոնների աշխատանքային սկզբունքների, գործունեության և կարգավորման դաշտի հստակեցում:

12. Ինտերնետ կարգավորման առավել ընդհանուր մոտեցումներ

Ինտերնետի զարգացումն ապահովվել է առանց կենտրոնացված կարգավորման,

ինչը թույլ է տվել ստեղծել արդի պահանջներին համապատասխանող համակարգ ազատ մրցակցության, հանրության ջանքերի միավորման, նորարարությունների օպերատիվ ներդրման, գիտա-տեխնիկական ներուժի կիրառման, կամավորների աշխատանքի, բաց կոդով ծրագրային ապահովման հետևանքով: Նշված գործոնների կարգավորումը, հնարավոր է օգտակար լինի, սակայն առկա փորձը վկայում է, որ առանց նպատակաուղղված կարգավորման ստացված արդյունքը էապես ձևափոխել է ինչպես գործարար, այնպես էլ հասարակական և քաղաքական մթնոլորտը: Ինտերնետ կարգավորումը նպատակահարմար է կիրառել միայն այն դեպքում, երբ առանց կարգավորման վտանգ է սպառնում հայկական ինտերնետ միջավայրի (Հայաստանի Հանրապետության դոմենային տիրույթ, բովանդակություն և այլն) գոյությանը:

13. Ինտերնետ համարակալման և հասցեագրման համակարգի զարգացում

1) Ինտերնետ համարակալման և հասցեագրման համակարգը, հասցեների տրամադրման գործող լավագույն փորձը հնարավորություն է տալիս սատարել նոր ծառայություն մատուցողների առաջացմանը, գործող նույնականացման համակարգը թույլ է տալիս նույնականացնել համարներն օգտագործող օպերատորներին` անհրաժեշտության դեպքում ապահովել հասցեների ոչ պատշաճ օգտագործումը:

2) Համակարգի զարգացումը հանգեցրել է IPv6 արձանագրության անարգել տարածմանը, ինչը թույլ կտա էլ ավելի տարածել ժամանակակից տեխնիկական միջոցների օգտագործումը առօրյայում: Համարակալման համակարգի արդյունավետ աշխատանքի փոփոխման որևէ նախադրյալի բացակայությունը պայմանավորված է այդ համակարգի արդյունավետ աշխատանքով: Գործող Ինտերնետ համարակալման և հասցեավորման օգտագործման հնարավորության սատարում:

14. Տեղեկատվական հոսքերի երթուղման արդյունավետ լուծումների առաջարկում

Ինտերնետի զարգացումը հնարավորություն է ստեղծել բարձրացնել կապուղիների օգտագործման հուսալիությունը` ի հաշիվ բազմաթիվ այլընտրանքային երթուղիների ինքնաշխատ օգտագործման: Որոշակի երթուղու ընտրությունը իրականացվելով ինքնաշխատ եղանակով, թույլ է տալիս չանդրադառնալ ամեն մի երթուղու առանձին-առանձին նկարագրմանը, ինչը Ինտերնետի զարգացմանը համընթաց կապուղիների թվի աճի հետ անխուսափելիորեն անհնարին կդառնա: Դինամիկ երթուղման համակարգի փոփոխությունը առանձին-առանձին կապուղիների ձեռքով գրանցմանը հնարավորություն չի տա ապահովել Ինտերնետի զարգացմանը համաշխարհային լավագույն փորձն օգտագործելով: Հաշվի առնելով վերը նշվածը` գործող երթուղման դինամիկ համակարգի օգտագործման սատարում:

15. Հայկական ինտերնետ միջավայրի անվտանգության ապահովման աջակցում

1) Ինտերնետում անվտանգության խնդիրների լուծումը հանդիսանում է պետական, մասնավոր և հասարակական կազմակերպությունների սերտ համագործակցության արդյունք: Առկա համակարգերի բարդությունը և բազմազանությունը, նրանց անընդհատ զարգացումը և կատարելագործումը հնարավորություն չի տալիս սահմանել քայլ առ քայլ իրականացման ֆորմալ համակարգ, այլ պահանջում է արագ արձագանքում նոր մարտահրավերների առաջացման հետ համընթաց:

Արդի պայմաններում անվտանգությունն ապահովելը առաջարկվում է բացի օրենքով սահմանված միջոցառումների նաև պետության և հասարակության համագործակցություն` ապահովելով համագործակցություն Համակարգչային Պատահարների Արձագանքման Թիմերի հետ (Computer Emenrgency Response Team CERT): Ինտերնետի անվտանգության ապահովման գործընթացի մեջ ներգրավել հանրությանը` իրականացնելով իրավասու մարմնի կողմից միջպետական համագործակցություն Կիբերհանցագործությունների դեմ պայքարի կոնվենցիայի և օրենսդրության շրջանակներում:

2) Էլեկտրոնային հաղորդակցության ենթակառուցվածքների տնօրինողների, ծառայություններ մատուցողների, տվյալների շտեմարանների տնօրինողների մասնագիտական կարողությունների բարձրացման աջակցություն:

ա. պետական, մասնավոր, հասարակական, գիտական, ճյուղային ցանցային պատահարների արագ արձագանքման թիմերին (CERT), նրանց և միջազգային նմանատիպ կազմակերպությունների համագործակցության աջակցություն` օգտվողների տեղեկացվածության և կրթվածության մակարդակի բարձրացման միջոցով,

բ. պետական-մասնավոր հատվածի համագործակցությամբ միջոցներ ձեռնարկել կանխելու ահաբեկչությունը, սահմանադրական կարգի տապալմանն ուղղված հանրային կոչերը, պոռնկագրությունը, թրաֆիկինգը, ազգամիջյան գժտության քարոզումը, ինչպես նաև ՍՊԱՄ-ի (անանուն, չպահանջված զանգվածային էլեկտրոնային հաղորդակցություն), խարդախության նպատակներ հետապնդող էլեկտրոնային հաղորդագրությունների և վնասաբեր ծրագրերի տարածումը հայկական դոմենային տիրույթում,

գ. պետական տեղեկատվական շտեմարանների, պետական մարմինների տեղեկատվական համակարգերի ինտերնետ համակցման և ինտերնետում տեղակայված (ներկայացված) տեղեկատվության անվտանգության ապահովում` պետական լիազոր մարմնի կողմից,

դ. Հայաստանի Հանրապետության օրենսդրության միջպետական

համաձայնագրերին և տվյալ ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային իրավական ակտերին համապատասխանեցում, ինչը հնարավորություն կտա ունենալ առավել կատարելագործված և ճկուն օրենսդրական ակտեր տեղեկատվական անվտանգության դաշտը կարգավորելու նպատակով:

ե. արբանյակային կապուղիների օգտագործմամբ պահուստային կապուղիների ստեղծում, որը հնարավորություն կտա ապահովել առավել կարևոր տեղեկատվական հոսքերի երթուղումը անկախ հարևան երկրներում կապուղիների խափանումներից:

16. Բաց ստանդարտների ընդունման աջակցում

1) Ինտերնետի զարգացումը հիմնված է բաց ստանդարտների մշակման և օգտագործման վրա, ինչը թույլ է տալիս բոլոր շահագրգիռ կողմերին միանալ արդեն իսկ գործող համակարգին` առանց մտավոր սեփականության համար նախատեսված վճարումների:

2) Բաց ստանդարտների օգտագործում` ինչը պետք է լինի նախապատվություն Ինտերնետի զարգացման հետ կապված ծրագրերի իրականացման գործընթացում' բացառությամբ այն դեպքերի, երբ բաց ստանդարտների կիրառումը անհնար է կամ վնասում է ազգային անվտանգության գործառույթներին:

17. Երեխաների առցանց պաշտպանության աջակցում

Երեխաների առցանց պաշտպանության հարցերը գտնվում են Համաշխարհային Ինտերնետ Կառավարման Համաժողովի կողմից քննարկվող կարևորագույն հարցերի շարքում: Առաջարկվող լուծումներն այսօր նախատեսում են միջոցառումների համալիր մշակում' ներգրավելով ինչպես օպերատորների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների, դպրոցների, հանրության լայն շերտերի, ընտանիքի ներգրավում ընդհանուր գործընթացում: Երեխաների առցանց պաշտպանությունը իրենից ներկայացնում է անընդհատ գործընթաց, որի համալիր լուծումները անհրաժեշտ է առաջարկել Հայաստանի Հանրապետությունում Ինտերնետ Կառավարման

Համաժողով միջգերատեսչական խումբ աշխատանքի արդյունքներով` արձագանքելով նոր առաջացող մարտահրավերներին:

18. Ցանցի չեզոքության սկզբունքի կիրառման աջակցում

1) Առաջարկվում են հետևյալ մոտեցումները (պետական մարմինների համար մոտեցումները որոշվում են պետական լիազոր մարմնի կողմից` հաշվի առնելով ազգային անվտանգության ապահովման խնդիրները).

ա. բոլոր համակարգչային պորտերին հասանելիության ապահովում բ. բոլոր ինտերնետ արձանագրությունների թափանցիկ աշխատանք, գ. բոլոր տեղեկատվական աղբյուրներին թափանցիկ հասանելիության ապահովում:

2) հանրային Էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով անցնող տեղեկատվական հոսքերի ֆիլտրման բացառում` բացառությամբ հետևյալ դեպքերի.

ա. դատարանի որոշում կամ օրենքի պահանջ, բ. վերջնակետային օգտվողի համաձայնություն,

գ. օպերատորի էլեկտրոնային հաղորդակցության ցանցի ամբողջականության և աշխատանքի ապահովում (օգտվողին նախօրոք տեղեկացնելով այդ մասին),

դ. օպերատորի էլեկտրոնային հաղորդակցության ցանցի խցանումների վերացման նպատակով` այս դեպքում տեղեկատվական հոսքերի բոլոր տեսակները պարտադիր համարվում են հավասարազոր:

19. Բաց և ազատ տարածվող բովանդակության զարգացմանն աջակցում Հեղինակային իրավունքով չպաշտպանված տեղեկատվության տարածման աջակցություն:

 

IV. ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

20. Ինտերնետ կառավարման պետական քաղաքականության շրջանակներում

1) Խթանել մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես' դպրոցների փոխկապակցման, լայնաշերտ հեռահաղորդակցության ցանցի կառուցման և շահագործման, ինչպես նաև Ինտերնետ ծառայությունների ընդլայնման ուղղություններով:

2) Խթանել հասարակության լայն զանգվածների ներգրավումը Ինտերնետ կառավարման գործընթացում

3) Ձևավորել և զարգացնել սույն որոշումից բխող քաղաքականության արդյունավետ իրականացումն ապահովող ենթակառուցվածքներ:

 

V. ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

21. Ինտերնետ կառավարման գործառույթները կանոնակարգելու նպատակով ձևավորված Հայաստանի Հանրապետության Ինտերնետ Կառավարման Համաժողով միջգերատեսչական խմբի (այսուհետև Հայաստանի Հանրապետության ԻԿՀ գործառույթներն են.

1) Կազմակերպել քննարկումներ` Միջազգային Ինտերնետ Կառավարման Համաժողովի վերապահված գործառույթների, ինտերնետ կառավարման սկզբունքների և ինտերնետի զարգացման հետևանքով ստեղծվող նոր մարտահրավերների շրջանակներում: Քննարկումների արդյունքում առաջացած մոտեցումների ձևավորում` կառավարության որոշումների նախագծերի ներգրավում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատանքային ծրագրերում, հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով, առաջարկել այլ իրավական ակտերի նախագծեր:

2) Միջազգային Ինտերնետ Համաժողովի քարտուղարության հետ համագործակցություն` ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ԻԿՀ արդիական մոտեցումները, կազմակերպել քննարկումներ այդ մոտեցումների տեղայնացման և դրանց ողջամիտ կիրառման համար ներկայացնել առաջարկություններ` իրավական ակտեր մշակելու կամ դրանցում փոփոխություններ կատարելու համար:

3) Կազմակերպել Ինտերնետին վերաբերող այլ միջազգային և միջպետական մարմինների կողմից առաջարկվող մոտեցումների շուրջ հանրային քննարկումներ' ձևավորելով առաջարկություններ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումների վերաբերյալ, ներկայացնել այդ որոշումները այն միջազգային կամ տարածաշրջանային մարմիններում, որտեղ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հանդիսանում է մասնակից:

4) Այլ միջազգային կամ տարածքային միավորումներում քննարկվող հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացնել Հայաստանի Հանրապետության ԻԿՀ դիտողությունները և առաջարկությունները:

5) Աջակցել Հայաստանի Հանրապետության ԻԿՀ-ի կողմից առաջարկվող ներկայացուցիչների մասնակցությունը Միջազգային Ինտերնետ Կառավարման Համաժողովում` ապահովելով հասարակական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից համաձայնեցված, ներկայացման համար պարտադիր, պետական քաղաքականությունից բխող ուղեցույցներով:

6) Աջակցել համաշխարհային առաջատար փորձի փոխանակման, ակադեմիական, գիտական և տեխնիկական ուղղվածություն ունեցող կենտրոնների ներկայացուցիչների կողմից այդ լավագույն փորձի ներդրմանը:

7) Տրամադրել խորհրդատվություն Հայաստանի Հանրապետության բոլոր գերատեսչություններին արտերկրներում Ինտերնետի վերաբերյալ առկա զարգացումների և հիմնական զարգացման ուղղությունների վերաբերյալ:

8) Ինտերնետի զարգացման հետ համընթաց նոր ծագող հարցերի մասին հրապարակային տեղեկատվության տրամադրում Հայաստանի Հանրապետության հանրությանը:

9) Աջակցել Հայաստանի Հանրապետությունում Ինտերնետի օգտագործման կառավարման համար մարդկային պոտենցիալի ստեղծմանը` օգտագործելով դրա համար տեղական մասնագիտական ներուժը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.08.2014
N 34
Արձանագրային որոշում