Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱՎՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱ ...

 

 

040.0551.310899

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» օգոստոսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 օգոստոսի 1999 թվականի թիվ 551

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչների հիշատակը հավերժացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը (կցվում է):

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի ապրիլի 6-ի «Պետական, հասարակական, մշակույթի և գիտության գործիչների հիշատակը հավերժացնելու կարգի մասին» N 270 որոշումը:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թ.

օգոստոսի 31-ի N 551 որոշմամբ

 

ԿԱՐԳ

Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական

նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման

 

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչների հիշատակը հավերժացնելու նպատակով պետական և համայնքների տարածքներում ու հասարակական վայրերում հուշարձանների (վեհարձան, կոթող, անդրի, կիսանդրի, հուշաքար, հուշատախտակ) իրականացման (նախաձեռնման, որոշման ընդունման, նախագծման և կառուցման) կարգը:

i

2. Հուշարձանի իրականացումը կարող են նախաձեռնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության նախարարությունները, գերատեսչությունները, պետական կառավարման տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները և առանձին քաղաքացիներ:

Հուշարձանի իրականացման վերաբերյալ առաջարկությունը նախապես համաձայնեցվում է պետական և հասարակական նշանավոր գործչի կամ նրա առաջին հերթի ժառանգների ու համապատասխան համայնքի ավագանու հետ և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի միջոցով ներկայացվում տվյալ գործչի գործունեության ոլորտի համապատասխան կառավարման հանրապետական մարմին, որը Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին է ներկայացնում գործչին նվիրված հուշարձանի իրականացման վերաբերյալ առաջարկություն` նշելով հուշարձանի տեսակը, տեղադրման վայրը, պատվիրատուին և ֆինանսավորման աղբյուրների մասին:

Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի նպատակահարմարության դեպքում ընդունում է որոշում հուշարձանի իրականացման վերաբերյալ:

(2-րդ կետը փոփ. 16.04.09 թիվ 393-Ն որոշում)

3. Հուշարձանի նախագծային ու շինարարական աշխատանքների ֆինանսավորումը կարող է կատարվել տարբեր աղբյուրներից` ինչպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների միջոցների հաշվին ու կազմակերպությունների, առանձին քաղաքացիների կողմից, այնպես էլ տարբեր ֆինանսական աղբյուրների համատեղ մասնակցությամբ:

i

4. Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի որոշման հիման վրա հուշարձանի իրականացման որոշակի տեղի (հրապարակ, պողոտա, փողոց, շենք և այլն) ընտրության և հետագա իրականացման, ինչպես նաև համապատասխան նախագծի մշակման մրցույթի կազմակերպման դեպքում դրանց մասին որոշումն ընդունում է համայնքի ղեկավարը:

(4-րդ կետը փոփ. 16.04.09 թիվ 393-Ն որոշում)

5. Հուշարձանի նախագծի մշակումն ու հաստատումը, շինարարության թույլտվությունը, կառուցումը, ավարտի ձևակերպումը և պահպանումը կատարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հուշարձանի ճարտարապետաշինարարական նախագծերը (բացի կիսանդրիներից, հուշաքարերից և հուշատախտակներից) մինչև հաստատումը սահմանված կարգով համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, իսկ պատմության և մշակույթի հուշարձանների, դրանց պահպանական գոտիների, պատմական միջավայրի և պատմամշակութային արգելոցների տարածքներում հուշարձանների իրականացման դեպքում նաև Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հետ:

6. Հուշարձանների վրա նախատեսվող մակագրությունների տեքստը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի միջոցով համաձայնեցվում է պետական և հասարակական նշանավոր գործչի գործունեության ոլորտի համապատասխան պետական մարմնի հետ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.08.1999
N 551
Որոշում