Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹ ...

 

 

040.1254.131114

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 նոյեմբերի 2014 թվականի N 1254-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1233-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 11-րդ, 12-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 109-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցի 1-ին կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համայնքային ոստիկանության գործունեության կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանել համայնքային ոստիկանության հենակետին ներկայացվող պահանջները և հենակետում աշխատանքի կազմակերպման, համայնքային ոստիկանության ծառայողների կողմից անձանց հաշվառման փաստաթղթերի ձևերը և դրանց վարման կարգը:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում տեղամասային տեսուչների աշխատանքների կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 1233-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի նոյեմբերի 6-ի

N 1254-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) խնդիրների իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության ոստիկանության համայնքային ոստիկանության (այսուհետ` համայնքային ոստիկանություն) գործունեության նպատակները, կազմակերպչական հիմունքները, ծառայությունը և դրա կազմակերպումը համայնքային ոստիկանության հենակետերում (այսուհետ` հենակետ), համայնքային ոստիկանության գործառույթները հանցագործությունների և վարչական իրավախախտումների պրոֆիլակտիկա իրականացնելիս, համայնքային ոստիկանության տեսուչի և ավագ տեսուչի (այսուհետ` տեսուչ), հենակետի ավագի, պրոֆիլակտիկայի ավագ տեսուչի, համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալի, համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի գործառույթները, համայնքային ոստիկանության համագործակցությունը հասարակության, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ, համայնքային ոստիկանության գործունեության հրապարակայնության և համայնքային ոստիկանության տեսուչների գործունեության գնահատման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կերը փոփ. 20.09.18 թիվ 1045-Ն որոշում)

2. Համայնքային ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ընդհանուր թվի սահմաններում և Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմնի կազմում գործող ստորաբաժանում է:

3. Համայնքային ոստիկանությունն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով, սույն կարգով, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամաններով և այլ իրավական ակտերով:

4. Համայնքային ոստիկանության գործունեությունը հիմնվում է օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության սկզբունքների վրա:

5. Համայնքային ոստիկանությունը, օրենքով իրեն վերապահված խնդիրներն իրականացնելիս, կիրառում է համոզման մեթոդը, օրենքով նախատեսված դեպքերում, կարգով և սահմաններում իրավունք ունի կիրառելու հարկադրանք:

6. Համայնքային ոստիկանությունը, իր խնդիրներն իրականացնելիս, համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, այլ իրավապահ մարմինների, ինչպես նաև կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ:

 

II. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

7. Համայնքային ոստիկանության գործունեության նպատակներն են`

1) հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգության ապահովումը.

2) հանցագործությունների և վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը, խափանումը.

3) հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը.

4) համայնքային խորհրդի հետ համատեղ` իրավախախտումներ ծնող պատճառների և պայմանների վերհանումը, դրանց վերլուծությունը, իրավախախտումներ ծնող պատճառների և պայմանների վերացման միջոցառումների մշակումը.

5) քաղաքացիների շրջանում վստահության ձևավորումը և փոխհամագործակցության հաստատումը.

6) քաղաքացիների իրավագիտակցության բարձրացումը.

7) ոստիկանության գործունեության թափանցիկության ապահովումը:

 

III. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

 

8. Համայնքային ոստիկանության գործունեության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ոստիկանության տարածքային բաժնի պետի ծառայության գծով տեղակալը, որն ի պաշտոնե համայնքային ոստիկանության ղեկավարն է, իսկ անմիջական ղեկավարումը, ծառայության կազմակերպումը և վերահսկողությունը` համայնքային ոստիկանության բաժանմունքի պետը:

9. Համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի հաստիքի բացակայության դեպքում նրա գործառույթներն իրականացնում է ոստիկանության տարածքային բաժնի պետի ծառայության գծով տեղակալը:

10. Համայնքային ոստիկանության տեսուչն իր կողմից սպասարկվող տեղամասի հետ անմիջականորեն կապ չունեցող աշխատանքների կատարման գործում ներգրավվում է բացառիկ դեպքերում` ոստիկանության տարածքային բաժնի պետի կամ նրա ծառայության գծով տեղակալի որոշմամբ:

11. Համայնքային ոստիկանության գործունեության մեթոդական ապահովումը և վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչությունը, իսկ աշխատանքի կազմակերպումը և ընդհանուր ղեկավարումը` Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային բաժինը:

 

IV. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՀԵՆԱԿԵՏՈՒՄ

 

12. Բնակչությանը մոտ գտնվելու, իրավախախտումներին և պատահարներին արագ արձագանքելու, օպերատիվ իրավիճակը վերահսկելու նպատակով` 30 հազարից ավելի բնակչություն ունեցող քաղաքներում համայնքային ոստիկանության ծառայությունը կազմակերպվում է հենակետերում, որոնք տեղակայվում են բնակչության համար տեսանելի և հասանելի վայրերում, իսկ 30 հազարից պակաս բնակչություն ունեցող քաղաքներում և գյուղերում` համայնքային ոստիկանության աշխատասենյակներում (այսուհետ` աշխատասենյակ):

13. Հենակետերն իրենց հերթին բաժանվում են համայնքային մեկ ոստիկանի կողմից սպասարկվող` մինչև 5 հազար բնակչություն ունեցող տեղամասերի: Յուրաքանչյուր տեղամասի տրվում է հերթական համար և տեղամասի անձնագիր:

14. Հենակետային տարածքների սահմաններն ու չափերը, համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի ներկայացմամբ, որոշում, հաստատում և անհրաժեշտության դեպքում վերանայում է ոստիկանության տարածքային բաժնի պետը:

15. Հենակետում (աշխատասենյակում) կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում են դատվածության մասին տեղեկանքներ, ընդունվում հանցագործությունների և այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներ ու դիմումներ:

16. Հենակետի (աշխատասենյակի) մուտքի մոտ` տեսանելի վայրում տեղադրվում են համայնքային ոստիկանության ծառայողների լուսանկարով այցեքարտերը, կոնտակտային հեռախոսահամարները և քաղաքացիների ընդունելության օրերն ու ժամերը:

17. Հենակետային տարածքն սպասարկող համայնքային ոստիկանության ծառայողների աշխատանքը ղեկավարում է ոստիկանության տարածքային բաժնի պետի հրամանով նշանակված ավագը, որն անմիջականորեն ենթարկվում է համայնքային ոստիկանության բաժանմունքի պետին և նրա տեղակալին:

(17-րդ կետը փոփ. 20.09.18 թիվ 1045-Ն որոշում)

18. Հենակետին (աշխատասենյակին) ներկայացվող պահանջները և հենակետում (աշխատասենյակում) աշխատանքի կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:

19. Ոստիկանության տարածքային բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքը տեղամասերի բաժանելիս` հաշվի են առնվում`

1) բնակչության թիվը և խտությունը.

2) բնակավայրերի հեռավորությունը.

3) տարածքի ռելիեֆը և բնակլիմայական պայմանները.

4) ուսումնական հաստատությունների և ժամանցի վայրերի առկայությունը.

5) տարածքի սեզոնային առանձնահատկությունները.

6) սպասարկվող տարածքի օպերատիվ իրավիճակը և այլ տարածքային առանձնահատկություններ:

20. Ծառայության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ոստիկանության տարածքային բաժնի պետի կողմից կարող են որոշվել տեղամասի այլ չափեր:

21. Մարզերում համայնքային ոստիկանության մեկ տեսուչին ամրակցվում է մինչև 6 գյուղական բնակավայր, որոնց բնակչության ընդհանուր թիվը չպետք է գերազանցի 5 հազարը:

22. Տեղամասի հանձնման-ընդունման աշխատանքները կատարվում են ոստիկանության տարածքային բաժնի պետի ծառայության գծով տեղակալի (նրան փոխարինող անձի), համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի կամ նրա տեղակալի և տվյալ տեղամասն սպասարկող հենակետի ավագի անմիջական մասնակցությամբ` տեղամասը հանձնող և ընդունող համայնքային ոստիկանության տեսուչների ներկայությամբ: Տեղամասի հանձնման-ընդունման մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:

(22-րդ կետը փոփ. 20.09.18 թիվ 1045-Ն որոշում)

 

V. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

23. Համայնքային ոստիկանության տեսուչները պետք է իմանան`

1) իրենց կողմից սպասարկվող տեղամասի սահմանները, դրա առանձնահատկությունները, ուսումնակրթական, մշակութային, առողջապահական, արտադրական կազմակերպությունների, դրամաիրային խոշոր չափի արժեքներ շրջանառող օբյեկտների (բանկեր, տարադրամի փոխանակման կետեր, գրավատներ, փոստային բաժանմունքներ և այլն), թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր կամ դրանց պրեկուրսորներ պատրաստող, վերամշակող և պահող կազմակերպությունների, ինչպես նաև թույլտվության համակարգի օբյեկտների տեղակայման վայրերը և աշխատանքային ռեժիմները.

2) բնակչության զբաղվածության բնույթը, նրա էթնիկական կազմը, տեղական սովորույթներն ու ավանդույթները.

3) տեղամասում կատարված` բացահայտված ու չբացահայտված հանցագործությունների թիվը և բնույթը, դրանց կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները, հանցագործության կատարման մեջ կասկածվող և հետախուզվող անձանց մասին տվյալները, տուժողների ու հափշտակված իրերի, առարկաների մասին տեղեկությունները, այն անձանց (այդ թվում` անչափահասների) մասին տվյալները, որոնց վարքագիծը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կողմից, և այլ օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններ.

4) իրենց կողմից սպասարկվող տեղամասում գործող կրոնական և հասարակական կազմակերպությունների մասին տեղեկություններ:

(23-րդ կետը փոփ. 20.09.18 թիվ 1045-Ն որոշում)

24. Քաղաքացիների կյանքի և առողջության, նրանց գույքի, հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման, ինչպես նաև սպասարկվող տեղամասում հանցագործությունների և վարչական իրավախախտումների նախականխման, կանխման, խափանման ու հայտնաբերման համար համայնքային ոստիկանության տեսուչները`

1) ձեռնարկում են միջոցներ` հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգությունից անձանց կյանքին ու առողջությանն սպառնացող վտանգների կանխման և նախականխման, նրանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար.

2) հանցագործությունների և պատահարների մասին տեղեկություններ ստանալիս` սահմանված կարգով ընդունում են հաղորդումներ, կապի հնարավոր միջոցներով դրա մասին անմիջապես տեղեկացնում ոստիկանության տարածքային բաժնի հերթապահ մասին, անհետաձգելի դեպքերում մեկնում դեպքի վայր, տեղում գնահատում իրավիճակը և մինչև օպերատիվ խմբի ժամանումը գործում ըստ ստեղծված իրավիճակի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում.

3) անհրաժեշտության դեպքում ապահովում են դեպքի վայրի պահպանությունը, հայտնաբերում ականատես վկաներին, աջակցում օպերատիվ-քննչական խմբին.

4) ապահովում են տեղեկություններ տրամադրած անձանց գաղտնիությունը, ինչպես նաև այն տուժողների և վկաների անվտանգությունը, որոնց կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում` նրանց կողմից կամավորության սկզբունքով հանցագործության բացահայտմանը մասնակցություն ցուցաբերելու հետևանքով.

5) ուսումնասիրում և վերլուծում են սպասարկվող տարածքում հանցագործությունների և վարչական իրավախախտումների թիվը, շարժը, տեսակը, դրանք ծնող պատճառներն ու պայմանները: Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց ներկայացնում միջնորդություններ, ձեռնարկում միջոցներ` նշված պատճառների և պայմանների վերացման համար.

6) սպասարկվող տեղամասում կազմակերպում և իրականացնում են հանցագործությունների և վարչական իրավախախտումների նախականխման, կախման, խափանման ու հայտնաբերման միջոցառումներ.

7) իրենց իրավասության սահմաններում քննարկում են բնակչության կողմից ներկայացված դիմումները.

8) սպասարկվող տեղամասի բնակչությանն ավելի լավ ճանաչելու, հանցավոր և այլ ոտնձգություններից օրենքի սահմաններում պաշտպանվելու ձևերին ու միջոցներին ծանոթացնելու նպատակով այցելում են տեղամասի բնակիչներին.

9) սպասարկվող տարածքում իրականացնում են շրջայցեր, իրենց իրավասության սահմաններում հարուցում վարչական վարույթ, կազմում վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ.

10) թույլտվության և լիցենզավորման համակարգի ծառայողների հետ համագործակցելով` զենք պահելու և կրելու իրավունք ունեցող քաղաքացիների բնակարաններում տարեկան մեկ անգամ ստուգում են զենքի առկայությունը և պահպանման պայմանները.

11) տարերային աղետների, արտակարգ իրավիճակների կամ պատահարների ժամանակ ձեռնարկում են անհետաձգելի միջոցներ` մարդկանց կյանքը փրկելու, գույքը պահպանելու, նրանց առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար.

12) ձեռնարկում են միջոցներ` շրջակա միջավայրի պահպանության և բնակչության բնապահպանական անվտանգության համար.

13) օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող անձանց հայտնաբերելու նպատակով պարբերաբար շրջայցեր են անցկացնում նրանց հնարավոր հավաքատեղիներում.

14) իրենց իրավասության սահմաններում քաղաքացիներին մատուցում են տեղեկատվական, խորհրդատվական ծառայություններ.

15) ուսումնասիրում և անմիջական ղեկավարին ներկայացնում են սպասարկվող տարածքի օպերատիվ իրավիճակը և դրա հիման վրա կազմում ամենամսյա աշխատանքային պլաններ.

16) սպասարկվող տեղամասի օպերատիվ իրավիճակի եռամսյակային վերլուծության հիման վրա ղեկավարությանը ներկայացնում են առաջարկություններ սպասարկվող տարածքում հասարակական կարգի պահպանմանը մասնակցող ուժերի և միջոցների առավել նպատակային տեղաբաշխման ու արդյունավետ օգտագործման վերաբերյալ.

17) սպասարկվող տեղամասում ծառայություն կատարող ոստիկանության վերակարգերին տեղեկացնում են տեղամասում օպերատիվ իրավիճակի փոփոխման, կատարված հանցագործությունների և դրանց կատարման գործում կասկածվող անձանց մասին.

18) հսկողություն են իրականացնում սպասարկվող տեղամասում բնակվող օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի և ժամկետների պահպանման նկատմամբ.

19) բնակչության շրջանում իրականացնում են աշխատանքներ ալկոհոլային խմիչքների օգտագործումը չարաշահող, թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործող, շրջապատի համար վտանգ ներկայացնող հոգեկան հիվանդ կամ հոգեկան հիվանդությամբ տառապելու մեջ կասկածվող անձանց հատուկ բժշկական հիմնարկներ կամավոր բուժման ներկայանալու համար, իսկ կամավոր բուժման չներկայանալու դեպքում ձեռնարկում են միջոցներ` օրենքով սահմանված կարգով նրանց հետազոտման ներկայացնելու համար.

20) (20-րդ ենթակետն ուժը կորցրել է 20.09.18 թիվ 1045-Ն որոշում)

21) սպասարկվող տարածքի քրեածին միջավայրի ձևավորումը կանխելու, հակահասարակական վարքագծի դեմ անհանդուրժողականություն ձևավորելու, քաղաքացիների իրավագիտակցությունը բարձրացնելու նպատակով իրականացնում են բացատրական աշխատանքներ.

22) սպասարկվող տեղամասի բնակիչներից կամավորության սկզբունքով կազմավորում են համայնքային խորհուրդ և ակտիվորեն համագործակցում նրա ու հասարակական կազմակերպությունների հետ, համայնքին հուզող խնդիրների վերաբերյալ միջնորդություններ են ներկայացնում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ.

23) բնակչության հետ հանդիպումների ժամանակ քննարկում են ոստիկանության իրավասությանը վերաբերող և բնակչությանը հուզող հարցեր, յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ տեղամասի բնակչության առջև հանդես են գալիս կատարված աշխատանքների մասին հաշվետվությամբ, այդ նպատակով օգտագործում են նաև զանգվածային լրատվության միջոցները և հանրային տեղեկատվության այլ միջոցներ.

24) հանցագործությունների և վարչական իրավախախտումների նախականխման աշխատանքներում ներգրավում են տեղամասի բնակիչներին, կազմում նշված ոլորտում համայնքի հետ համագործակցության կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումների ծրագրեր.

25) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:

(24-րդ կետը փոփ. 20.09.18 թիվ 1045-Ն որոշում)

25. Հետաքննության, նախաքննության, դատական և այլ պետական մարմինների հետ համագործակցելիս` համայնքային ոստիկանության տեսուչները`

1) հետաքննության, նախաքննության և դատական մարմիններին աջակցում են հանցագործությունների բացահայտման, հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց ձերբակալման, նրանց գտնվելու հնարավոր վայրերի ստուգման, քննությունից, դատից, պատիժը կրելուց խուսափող անձանց հայտնաբերման աշխատանքներում.

2) աջակցում են զինվորական կոմիսարիատներին` զորակոչից խուսափող անձանց հայտնաբերելիս.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են իրենց վերապահված հետախուզական աշխատանքները.

4) աջակցում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ստորաբաժանումներին` ազատազրկման վայրերից պայմանական վաղաժամկետ ազատված, պատիժը պայմանականորեն չկիրառված անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս.

5) անչափահասներին իրավախախտումներ կատարելուց և հակաիրավական այլ երևույթներից զերծ պահելու նպատակով աջակցում են անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ծառայությանը.

6) անչափահասների կողմից կատարվող իրավախախտումներին նպաստող պատճառների և պայմանների, ծնողական պարտականությունների կատարումից չարամտորեն խուսափող ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների մասին տեղեկություններ ստանալիս` իրազեկում են անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ծառայությանը, իսկ ընտանիքում բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկություններ ստանալիս անմիջապես զեկուցագիր են ներկայացնում ոստիկանության ստորաբաժանման պետի օպերատիվ գծով տեղակալին:

(25-րդ կետը փոփ. 20.09.18 թիվ 1045-Ն որոշում)

 

VI. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՆԱԽԱԿԱՆԽԵԼԻՍ

 

26. Համայնքային ոստիկանության տեսուչները, հանցագործությունների և վարչական իրավախախտումների պրոֆիլակտիկա իրականացնելիս, տեղամասի անձնագրում հաշվառում և անհատական պրոֆիլակտիկ միջոցառումներ են իրականացնում հետևյալ անձանց նկատմամբ` հետևյալ ժամկետներով`

1) պատիժը կրելուց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պայմանական վաղաժամկետ ազատվածներին, ինչպես նաև ազատազրկման վայրերից պատիժը լրիվ կրելուց հետո ազատվածներին` մինչև մեկ տարի.

2) պատիժը կրելուց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պայմանական վաղաժամկետ ազատվածներին, որոնց վրա դրվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված որոշակի պարտականություններ` մինչև դատարանի կողմից նշանակված փորձաշրջանի ավարտը.

3) այն անձանց, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 78-րդ հոդվածի համաձայն պատժի կրումը հետաձգվել է, և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, որոնց վրա դրվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված որոշակի պարտականություններ` մինչև դատարանի կողմից նշանակված փորձաշրջանի ավարտը.

4) կենցաղային ոլորտում պարբերաբար իրավախախտումներ թույլ տվող անձանց մինչև մեկ տարի.

5) առողջապահական հիմնարկներում հաշվառված` հարբեցողությամբ կամ թմրամոլությամբ տառապող անձանց` մինչև առողջապահական մարմիններում հաշվառումից հանելը.

6) առողջապահական հիմնարկներում հաշվառված, շրջապատի համար վտանգ ներկայացնող` հոգեկան հիվանդություններով տառապող անձանց` մինչև առողջապահական մարմիններում հաշվառումից հանելը.

7) պոռնկությամբ զբաղվողներին` մինչև մեկ տարի.

8) մշտական բնակության վայր չունեցող թափառաշրջիկներին, մուրացկաններին` մինչև մեկ տարի:

(26-րդ կետը փոփ. 20.09.18 թիվ 1045-Ն որոշում)

27. Հաշվառման համար հիմք են դատական ակտը կամ որոշումը, դատախազից, քննիչից և օպերատիվ ծառայություններից ստացված միջնորդագրերն ու տեղեկությունները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից և պրոբացիայի ծառայությունից ստացված իրազեկումներն ու ծանուցագրերը, իրավախախտումներ կատարելու վերաբերյալ ոստիկանության տարածքային բաժնում առկա նյութերը, վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 179.1-ին հոդվածի հատկանիշներով կազմված վարչական իրավախախտման մասին արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 12-րդ և 13-րդ ենթակետերով քրեական հետապնդումը բացառելու և քրեական գործը կարճելու մասին որոշումը, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններից և ուսումնական հաստատություններից ստացված տեղեկությունները:

(27-րդ կետը փոփ. 20.09.18 թիվ 1045-Ն որոշում)

28. Հաշվառման հիմքերի առկայության դեպքում` հաշվառման ժամկետի ավարտից հետո հաշվառումը կարող է նույն անձի նկատմամբ երկարաձգվել սույն կարգի 26-րդ կետում նշված ժամկետներով:

29. Հաշվառման մեջ գտնվող անձի նկատմամբ հսկողությունը դադարեցվում է`

1) նոր հանգամանքներ ի հայտ գալու (հաշվառման հիմքերը վերանալու, ուղղվելու),

2) հաշվառման սահմանված ժամկետը լրանալու,

3) նոր հանցագործություն կատարելու համար ազատազրկման դատապարտվելու,

4) մահվան դեպքերում:

30. Անհատական պրոֆիլակտիկ աշխատանքների նպատակն է հաշվառված անձանց հետ նրանց բնակության կամ ուսման վայրերում պարբերաբար հանդիպումների, բացատրական և այլ աշխատանքների միջոցով զերծ պահել նրանց նոր իրավախախտումներ կատարելուց:

31. Սույն կարգի 26-րդ կետի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերում նշված անձինք հաշվառվում են ցուցակով: Նրանց համար կազմվում են հսկողական քարտեր: Հսկողական քարտին տրվում է միասնական հաշվառման մատյանի հերթական համարը: Հսկողության ընթացքում նշված անձանց վարքագծի և ապրելակերպի մասին յուրաքանչյուր ամիս քարտում կատարվում են նշումներ:

32. Սույն կարգի 26-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերում նշված անձանց վերաբերյալ կազմվում են պրոֆիլակտիկ գործեր: Պրոֆիլակտիկ գործին տրվում է միասնական հաշվառման մատյանի հերթական համարը: Պրոֆիլակտիկ գործում կուտակվում են անձի հարազատական կապերի, մտադրությունների, կատարած իրավախախտումների մասին և օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող այլ անհրաժեշտ տեղեկություններ: Յուրաքանչյուր ամիս կազմվում են նշված անձանց վարքագծի և ապրելակերպի նկատմամբ հսկողության արդյունքներին մասին տեղեկանքներ:

33. Պրոֆիլակտիկ գործերը և հսկողական քարտերը յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ ստուգվում են համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի կողմից, իսկ յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ` ոստիկանության տվյալ ստորաբաժանման ղեկավարի կողմից: Ստուգման արդյունքների հիման վրա պրոֆիլակտիկ գործերում և հսկողական քարտերում կատարվում են համապատասխան գրառումներ:

34. Հաշվառման մեջ գտնվող անձանց կողմից հանցագործություն կատարելու յուրաքանչյուր դեպքում` սահմանված կարգով կատարվում է հանցագործություն կատարած հաշվառվողի հետ անհատական պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարող համայնքային ոստիկանության տեսուչի ծառայողական քննություն:

35. Հաշվառումից հանված անձանց պրոֆիլակտիկ գործերը և հսկողական քարտերը պահվում են մեկ տարի ժամկետով` համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի մոտ, որից հետո հանձնվում են ոստիկանության տարածքային բաժնի քարտուղարություն և ոչնչացվում սահմանված կարգով:

 

VII. ՀԵՆԱԿԵՏԻ ԱՎԱԳԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

36. Հենակետի ավագը`

1) ղեկավարում է նույն հենակետում ընդգրկված տեղամասերն սպասարկող համայնքային ոստիկանության տեսուչների աշխատանքը.

2) նպատակաուղղում և համակարգում է իր խմբի գործունեությունը հանցագործությունների նախականխման, կանխման և խափանման, ինչպես նաև հակահասարակական այլ երևույթների դեմ իրականացվող աշխատանքներում.

3) սպասարկվող հենակետի տարածքում իրավախախտումների կանխման, հասարակական կարգի ապահովման, կատարված հանցագործությունների բացահայտման, հետախուզվող անձանց հայտնաբերման նպատակով ապահովում է խմբի համագործակցությունը ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ.

4) համայնքային ոստիկանության բաժանմունքի պետին ներկայացնում է հենակետում քաղաքացիների ընդունելության ու ծառայության ժամանակացույցների կազմման վերաբերյալ առաջարկություններ և հետևում քաղաքացիների ընդունելության մատյանի և հանցագործությունների ու պատահարների մասին տեղեկությունների գրանցման գրքի վարմանը.

5) յուրաքանչյուր օր ղեկավարությանը զեկուցում է կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև տեղեկություններ է ստանում վարչական տարածքի օպերատիվ իրավիճակի մասին և դրանք ներկայացնում նույն հենակետում ծառայության մեջ ընդգրկված համայնքային ոստիկանության տեսուչներին.

6) իրականացնում է հսկողություն քաղաքացիների դիմումների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման նկատմամբ.

7) ընդհանրացնում և վերլուծում է իր խմբի կողմից յուրաքանչյուր ամսվա, եռամսյակի, կիսամյակի ու տարվա (աճողական ցուցանիշներով) ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները և ներկայացնում համայնքային ոստիկանության բաժանմունքի պետին, ինչպես նաև աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ներկայացնում է առաջարկություններ.

8) սպասարկվող տարածքում համայնքային ոստիկանության տեսուչի հետ միասին համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների, համատիրությունների, այլ կազմակերպությունների, ինչպես նաև տեղամասի բնակիչների հետ.

9) իրականացնում է աշխատանքներ` համայնքային ոստիկանության տեսուչների մասնագիտական պատրաստականության բարձրացման համար:

37. Հենակետի ավագի բացակայության ընթացքում նրա գործառույթները համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի կողմից դրվում են խմբի առավել փորձառու համայնքային ոստիկանության տեսուչի վրա:

 

VIII. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՊԵՏԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

38. Համայնքային ոստիկանության բաժանմունքի պետը`

1) մշակում և իրականացնում է միջոցառումներ` համայնքային ոստիկանության տեսուչների կողմից հանցագործությունների նախականխման, կանխման և խափանման աշխատանքների կատարելագործման համար.

2) վերահսկում է համայնքային ոստիկանության տեսուչների կողմից քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման, հաշվառման մեջ գտնվող անձանց հետ կատարվող աշխատանքների իրականացման, հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման համար կատարվող աշխատանքները.

3) ապահովում է համայնքային ոստիկանության տեսուչների կողմից պլանավորված միջոցառումների կատարումը, ինչպես նաև հսկողություն է իրականացնում ծառայողական փաստաթղթերի պահպանման նկատմամբ.

4) սահմանում է վերահսկողություն պրոֆիլակտիկ գործերի և հսկողական քարտերի վարման կարգի նկատմամբ,

5) ապահովում է համայնքային ոստիկանության տեսուչների և ոստիկանության տարածքային բաժնի մյուս ծառայությունների ամենօրյա փոխհամագործակցությունը.

6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 20.09.18 թիվ 1045-Ն որոշում)

7) (7-րդ ենթակետն ուժը կորցրել է 20.09.18 թիվ 1045-Ն որոշում)

8) ձեռնարկում է միջոցներ` համայնքային ոստիկանության տեսուչների աշխատանքներում տեղ գտած թերությունները վերացնելու, ինչպես նաև ղեկավարությանը ներկայացնում է միջնորդություններ` տեսուչներին խրախուսելու կամ կարգապահական տույժի ենթարկելու համար.

9) կազմակերպում է համայնքային ոստիկանության տեսուչների ուսուցումը, ձեռնարկում միջոցներ` նրանց պատրաստվածության և ծառայողական պարտականությունների կատարման արդյունավետությունը բարձրացնելու համար.

10) ներկայացնում է առաջարկություններ համայնքային ոստիկանության տեսուչների համար անհրաժեշտ աշխատանքային պայմաններ ստեղծելու, սպասարկվող տեղամասում աշխատանքային սենյակով, կապի և օպերատիվ-տեխնիկական միջոցներով ապահովելու վերաբերյալ:

(38-րդ կետը փոփ. 20.09.18 թիվ 1045-Ն որոշում)

 

VIII-I. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

(VIII.I բաժինը լրաց. 20.09.18 թիվ 1045-Ն որոշում)

 

38.1. Համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալը`

1) վարում է ոստիկանության տարածքային բաժնի միասնական հաշվառման մատյանը.

2) համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողներին ցուցաբերում է անհրաժեշտ գործնական և մեթոդական օգնություն, միջոցներ ձեռնարկում նրանց մասնագիտական պատրաստվածության, կատարողական և ծառայողական կարգապահության բարձրացման, ինչպես նաև գործնական հմտությունների կատարելագործման ուղղությամբ.

3) անմիջական հսկողություն է իրականացնում համայնքային ոստիկանության բոլոր ծառայողների ամենօրյա աշխատանքային գործունեության նկատմամբ, ապահովում է համագործակցությունը նրանց միջև, այդ թվում` առավել փորձառու ծառայողների առաջավոր մասնագիտական փորձի փոխանցումը մյուս ծառայողներին.

4) վերլուծում և ամփոփում է համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների աշխատանքները` յուրաքանչյուր ամսվա, եռամսյակի, կիսամյակի ու տարվա պարբերականությամբ.

5) բաժանմունքի աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով վերադասության կարգով ներկայացնում է առաջարկություններ.

6) վերահսկում է պրոֆիլակտիկ գործերի, հսկողական քարտերի և հետախուզական քարտ-կուտակիչների վարման գործընթացը.

7) փոխարինում է բաժանմունքի պետին` նրա բացակայության ընթացքում:

38.2. Համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալի հաստիքի բացակայության դեպքում սույն կարգի 38.1-ին կետի 1-4-րդ ենթակետերով սահմանված գործառույթներն իրականացնում է համայնքային ոստիկանության բաժանմունքի պետը, իսկ 5-7-րդ ենթակետերով սահմանված գործառույթները` պրոֆիլակտիկայի ավագ տեսուչը:

 

IX. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿԱՅԻ ԱՎԱԳ ՏԵՍՈՒՉԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

39. Համայնքային ոստիկանության բաժանմունքի պրոֆիլակտիկայի ավագ տեսուչը`

1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 20.09.18 թիվ 1045-Ն որոշում)

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 20.09.18 թիվ 1045-Ն որոշում)

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 20.09.18 թիվ 1045-Ն որոշում)

4) համակարգում է հաշվառման մեջ գտնվող անձանց հետ համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների կողմից կատարվող աշխատանքները.

5) ստուգում և 10-օրյա ժամկետում գրավոր պատասխանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ստացված` ազատազրկման վայրերից վերադարձող անձանց բնակության վայրերի և հաշվառման հասցեների վերաբերյալ հարցումներին.

6) ազատազրկման հետ չկապված պատիժների դատապարտված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության տարածքային ստորաբաժանումներից ծանուցագրեր ստանալուց հետո կազմում է տեղեկատու քարտեր, հսկիչ քարտ և դրանք ուղարկում անձնագրային ծառայություն.

7) ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տեղեկատու քարտադարանով և ոստիկանության տարածքային բաժնի մատյաններով ստուգում է վարչական պատասխանատվության ենթարկված անձանց և սույն կարգի 26-րդ կետի 2-րդ ու 3-րդ ենթակետում նշված անձանց կողմից կատարված իրավախախտումների հայտնաբերման դեպքում դրա մասին իրազեկում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության տարածքային ստորաբաժանմանը` համապատասխան նշում կատարելով անձի տեղեկատու և հսկողական քարտերում.

8) քննարկում և սահմանված կարգով ընթացք է տալիս դատվածության վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելու մասին քաղաքացիների դիմումներին:

(39-րդ կետը փոփ. 20.09.18 թիվ 1045-Ն որոշում)

 

X. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ

 

40. Համայնքային ոստիկանությունը, իր խնդիրներն իրականացնելիս, համագործակցում է համայնքի բնակչության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ իրավապահ մարմինների, իրավապաշտպան և սոցիալական ուղղվածություն ունեցող գործունեություն ծավալող կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, կրոնական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների և այլ միավորումների հետ:

41. Քաղաքացիների հետ համագործակցությունն ամրապնդելու նպատակով համայնքային ոստիկանությունը սերտորեն համագործակցում է տեղամասերում կամավորության սկզբունքով կազմավորված համայնքային խորհուրդների հետ: Համայնքային խորհուրդները կազմավորվում են 5-7` համայնքի առավել ակտիվ հասարակական գործունեություն ծավալող, բնակիչների հարգանքը վայելող, բարձր իրավագիտակցություն և օրինակելի վարքագիծ ունեցող անձանցից:

42. Համայնքային խորհրդի գործունեության նպատակներն են`

1) համայնքային ոստիկանության և քաղաքացիների միջև արդյունավետ երկխոսության ապահովումը.

2) համայնքին հուզող հիմնահարցերի վերհանումն ու ոստիկանության և այլ շահագրգիռ մարմինների հետ համատեղ լուծումների որոնումը.

3) քաղաքացիների ներգրավվածությունն իրավախախտումների նախականխման աշխատանքներում.

4) հասարակական վերահսկողությունը համայնքային ոստիկանության գործունեության նկատմամբ:

 

XI. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

43. Համայնքային ոստիկանության գործունեությունը հրապարակային է:

44. Համայնքային ոստիկանության կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները տրամադրվում են քաղաքացիներին և կազմակերպություններին` նրանց հարցումների հիման վրա:

45. Համայնքային ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինտերնետային պաշտոնական կայքէջի կառուցվածքում ունի իր ենթաէջը, որում հրապարակվում են համայնքային ոստիկանության կատարած ու ընթացիկ աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ և այլ տեղեկություններ:

46. Հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխման, հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման կարևորագույն միջոցառումների պլանների նախագծերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանրային քննարկումների են դրվում համայնքային ոստիկանության ինտերնետային ենթաէջում, որոնց արդյունքների հիման վրա պլաններում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:

47. Համայնքային ոստիկանության գործունեությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից գնահատվում է համայնքում կատարված հարցումների (սոցիոլոգիական, ինտերնետային, ռադիոհեռուստատեսային և այլն) արդյունքների հիման վրա և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ընթացակարգերով:

48. Կատարված հարցումների արդյունքները ենթակա են հրապարակման և պարտադիր հաշվի են առնվում համայնքային ոստիկանության աշխատանքների կազմակերպման ու գործունեության վերաբերյալ որոշումներ ընդունելիս:

49. Համայնքային ոստիկանության տեսուչների գործունեության գնահատման չափորոշիչներն են`

1) սպասարկվող տեղամասի հանցավորության և հասարակական կարգի վիճակը.

2) հանցագործությունների և վարչական իրավախախտումների նախականխման, կանխման, խափանման և բացահայտման աշխատանքներին նրանց մասնակցության աստիճանը.

3) քաղաքացիների դիմումների և բողոքների ժամանակին ու որակյալ քննարկումը.

4) անձնական կարգապահությունը և ծառայողական գործունեության օրինականությունը.

5) հասարակական կարգի ապահովման գործում քաղաքացիներին ներգրավելու և վստահության մթնոլորտ ստեղծելու ունակությունը.

6) քաղաքացիների իրավունքների պաշտպանության և օրինական շահերի իրականացման ընթացքում օժանդակության ցուցաբերումը.

7) հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու կարողությունը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.11.2014
N 1254-Ն
Որոշում