07.10.2025 -
050.0280.031114
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«03» 11 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05014492
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
7 հոկտեմբերի 2014 թվականի թիվ 280-Ն
««ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՐԱՍՏԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՀԱՄԱՆՄԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` նոր խմբագրությամբ ընդունումից հետո նախատեսել հաշվետվություն տրամադրող անձանց, ինչպես նաև տրաստի կառավարիչների և այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձանց հաշվառման միասնական կարգ,
հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը,
ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաշվետվություն տրամադրող անձանց, ինչպես նաև տրաստի կառավարիչների և այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձանց հաշվառման կարգը»` համաձայն սույն որոշման Հավելվածի:
(1-ին կետը փոփ. 23.09.2025 թիվ 165-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(որոշման վերնագիրը և նախաբանը փոփ. 23.09.2025 թիվ 165-Ն որոշում)
-----------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - 23.09.2025 թիվ 165-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն
որոշման վերնագրի փոփոխության սխալ շարադրման հետևանքով որոշման
վերնագրում կրկնվել են «ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
բառերը, որոնք ԻՐՏԵԿ-Ն իրավասու չէ հանել
-----------------------------------------------------------------
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2014 թվականի հոկտեմբերի 7-ի
թիվ 280-Ն որոշմամբ
ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳ «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՐԱՍՏԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՀԱՄԱՆՄԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ
(վերնագիրը փոփ. 23.09.2025 թիվ 165-Ն որոշում)
ԳԼՈՒԽ 1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Սույն կարգը սահմանում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հաշվետվություն տրամադրող անձանց (այսուհետ` հաշվետվություն տրամադրող անձ), ինչպես նաև 9-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա հաշվառման պարտականություն ունեցող տրաստի կառավարիչների և այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձանց հաշվառման կարգը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում (այսուհետ` Ֆինանսական դիտարկումների կենտրոն):
(1-ին կետը փոփ. 23.09.2025 թիվ 165-Ն որոշում)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 23.09.2025 թիվ 165-Ն որոշում)
ԳԼՈՒԽ 2. |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
3. Հաշվետվություն տրամադրող անձը հաշվառվելու համար Ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացնում է հաշվառման դիմում` համաձայն սույն կարգի Հավելված 1-ի:
4. Հաշվառման դիմումում լրացվում են միայն այն տվյալները, որոնք, օրենսդրության համաձայն, կիրառելի են տվյալ հաշվետվություն տրամադրող անձի նկատմամբ:
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 23.09.2025 թիվ 165-Ն որոշում)
6. Հաշվառման դիմումը ստորագրվում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից:
(6-րդ կետը փոփ. 23.09.2025 թիվ 165-Ն որոշում)
7. Հաշվետվություն տրամադրող անձը հաշվառման դիմումը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացնում հետևյալ եղանակներից որևէ մեկով.
1) ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու միջոցով` փակ կնքված ծրարով «Անձամբ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին» նշագրումով, որի դեպքում հաշվառման դիմումը Ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացված է համարվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստացականի տրամադրման պահից.
2) պատվիրված նամակի միջոցով` փակ կնքված ծրարով «Անձամբ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին» նշագրումով, որի դեպքում հաշվառման դիմումը Ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացված է համարվում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից համապատասխան անդորրագրի տրամադրման պահից: Ընդ որում, հաշվառման դիմումն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փոստային հասցեով (ՀՀ, ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 6).
3) էլեկտրոնային եղանակով` էլեկտրոնային փոստի ([email protected]) կամ «Սի-Բի-Էյ-Նեթ» համակարգի միջոցով, որի դեպքում հաշվառման դիմումը ներկայացված է համարվում Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից դիմումը ներկայացված լինելու վերաբերյալ հասանելի կապի միջոցներով ուղարկված հաղորդագրություն ստանալու պահից:
(7-րդ կետը փոփ. 23.09.2025 թիվ 165-Ն որոշում)
8. Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման դիմումի մեջ ներկայացված տվյալների փոփոխության կամ լրացման դեպքում հաշվետվություն տրամադրող անձը փոփոխություն կամ լրացում կատարելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնին սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով:
9. Ներքին դիտարկումների մարմնի մեկ աշխատակից ունենալու դեպքում հաշվետվություն տրամադրող անձն այդ աշխատակցին պաշտոնից ազատելու կամ աշխատակցի բացակայության այլ դեպքերում (գործուղում, ամենամյա կամ նպատակային արձակուրդ, ժամանակավոր անաշխատունակություն) այդ մասին որոշումն ընդունելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև առաջին հաշվետվության տրամադրումը, Ֆինանսական դիտարկումների կենտրոնին ծանուցում է ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին` սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 3. |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ |
10. Հաշվետվություն տրամադրող անձի հաշվառման պարտականությունը կատարված է համարվում սույն կարգի Հավելված 1-ով նախատեսված հաշվառման դիմումը սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով ներկայացնելու պահից:
11. Հաշվառման դիմումը Ֆինանսական դիտարկումների կենտրոնում մուտքագրվելուց հետո հաշվետվություն տրամադրող անձին տրվում է հաշվառման համար:
12. Հաշվետվություն տրամադրող անձին հաշվառման համար կարող է տրվել նաև Ֆինանսական դիտարկումների կենտրոնի նախաձեռնությամբ` պաշտոնական աղբյուրներից (վերահսկող մարմինների պաշտոնական գրություններ, պաշտոնական ինտերնետային կայքէջ և այլն) ստացված տեղեկատվության հիման վրա:
13. Հաշվետվություն տրամադրող անձին հաշվառման վերաբերյալ ուղարկվում է սույն կարգի Հավելված 2-ով նախատեսված ծանուցումը` սույն կարգի 7-րդ կետով նախատեսված կարգով:
ԳԼՈՒԽ 4. |
ՏՐԱՍՏԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿԱՄ ԱՅԼ ՀԱՄԱՆՄԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ |
(4-րդ գլուխը լրաց. 23.09.2025 թիվ 165-Ն որոշում)
14. Տրաստի կառավարչի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձի հաշվառումն իրականացվում է սույն կարգի 2-րդ և 3-րդ գլուխներով սահմանված կարգով:
15. Տրաստի կառավարչի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարման գործառույթներ իրականացնող անձի կողմից հաշվառման դիմումը ներկայացնելիս որպես գործունեության տեսակ լրացվում է «տրաստի կամ այլ համանման իրավաբանական կազմավորման կառավարում»:
Հավելված 1
Հաշվետվություն տրամադրող անձանց,
ինչպես նաև տրաստի կառավարիչների
և այլ համանման իրավաբանական
կազմավորման կառավարման գործառույթներ
իրականացնող անձանց հաշվառման» կարգի
ՀԱՇՎԱՌՄԱՆ ԴԻՄՈՒՄ
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի ֆինանսական
դիտարկումների կենտրոնի ղեկավար
-------------------- - ին
Խնդրում եմ Ձեզ _____________________________ -ին տրամադրել հաշվառման համար:
Հաշվետվություն տրամադրող անձի տվյալները`
Գործունեության տեսակ ______________________________________________
Գործունեության վայրը ______________________________________________
Հարկ վճարողի հաշվառման համարը ______________________________________
Պետական գրանցման (հաշվառման) համարը _________________________________
Լիցենզիայի (փաստաբանական գործունեության արտոնագրի, որակավորման վկայականի) համարը ___________________________________________________
Հեռախոսահամարը ______________________________________
Էլեկտրոնային փոստի/»ՍիԲիԷյՆեթ» հասցեն ___________________________
Հաշվետվություն տրամադրող անձի ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի տվյալները
1. _________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, հեռախոս 2. __________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, հեռախոս 3. __________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, հեռախոս 4. __________________________________________________________________ Անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, հեռախոս
Հաշվառվող անձ
---------------------------
ստորագրություն
----- --------------- ------- թ.
ք. Երևան
(1-ին հավելվածը փոփ. 23.09.2025 թիվ 165-Ն որոշում)
Հավելված 2
Հաշվետվություն տրամադրող անձանց,
ինչպես նաև տրաստի կառավարիչների
և այլ համանման իրավաբանական
կազմավորման կառավարման գործառույթներ
իրականացնող անձանց հաշվառման» կարգի
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Հաշվառման համար տրամադրելու վերաբերյալ
Սույնով հայտնում ենք, որ __________________________________________-ը`
Հաշվառվող անձի լրիվ անունը
(անվանումը)
----- ---------- ------- թ-ին հաշվառվել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում ----------------------- հաշվառման համարով:
Ֆինանսական դիտարկումների
կենտրոնի ղեկավար
----------------------
ստորագրություն
----- --------------- ------- թ.
ք. Երևան
(2-րդ հավելվածը փոփ. 23.09.2025 թիվ 165-Ն որոշում)