Սեղմել Esc փակելու համար:
«ՄՈՒՍԱԼԵՌ» ՏՊԱԳՐԱՏՈՒՆ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՄՈՒՍԱԼԵՌ» ՏՊԱԳՐԱՏՈՒՆ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 90 ...

 

 

020.1189.270115

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ՄՈՒՍԱԼԵՌ» ՏՊԱԳՐԱՏՈՒՆ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 90-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 27 հունվարի 2015թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` «Մուսալեռ» Տպագրատուն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Ս. Ցականյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Մուսալեռ» Տպագրատուն» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը «Մուսալեռ» Տպագրատուն» ՍՊԸ-ի` 2014 թվականի հուլիսի 17-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Սնանկության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 2006 թվականի դեկտեմբերի 25-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2007 թվականի հունվարի 22-ին և ուժի մեջ է մտել 2007 թվականի փետրվարի 10-ից:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը սահմանում է. «Այդ դեպքում գործն ավարտելու պահից վերանում են սույն օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերով և 19-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված կասեցումները: Միաժամանակ առողջացած անձն ազատվում է բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում, և այդ պարտատերերը զրկվում են հետագայում առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքից, բացառությամբ սույն հոդվածի երրորդ և չորրորդ մասերով նախատեսված դեպքերի»:

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. դիմողը 01.02.2013թ. հայց է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ընդդեմ «Արմավիրի կաթի գործարան» ՓԲԸ-ի` 1.073.940 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին (քաղ. գործ թիվ ԱՐԴ/0068/02/13):

20.06.2013թ. դատարանի կողմից կայացվել է վճիռ, որով դատարանը հաստատված համարելով հանդերձ պատասխանող ընկերության մոտ առկա 1.073.940 ՀՀ դրամ գումարի պարտքը, հայցադիմումը մերժել է` հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, այն է` պարտապան հանդիսացող «Արմավիրի կաթի գործարան» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ, առողջացել է, իսկ դիմողն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դիմում չի ներկայացրել սնանկ ճանաչված ընկերության պարտատերերի ցանկում ընդգրկվելու համար:

3. Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ և 18-րդ հոդվածներին, քանի որ վիճարկվող դրույթում բացակայում են սեփականության իրավունքից զրկման համար անհրաժեշտ` օրենքով նախատեսված օբյեկտիվ հիմքերը, և նման կարգավորումն ըստ էության առանց պահանջատիրոջ համար պատշաճ դատական ընթացակարգ ապահովելու, առանց վերջինիս` իր իրավունքների և շահերի պաշտպանության հնարավորություն ընձեռելու դատական ակտի կայացման է բերում: Դիմողի կարծիքով` հաշվի առնելով վիճարկվող իրավակարգավորումը` սնանկության գործը քննող դատարանը սնանկացման գործով կայացնում է դատական ակտ, որով սնանկացած և առողջացած անձին ազատում է նախկին պարտավորությունների հանդեպ պատասխանատվությունից, ինչն ըստ էության պարունակում է գործով մասնակից չդարձած անձին` իր գույքի (ներառյալ դրամը և գույքային պարտավորությունները) սեփականության իրավունքից զրկելու վերաբերյալ դրույթներ: Իսկ հետագայում հանգեցնում է նրան, որ անձը, ով օբյեկտիվորեն տեղեկացված չի եղել իր պարտապանի սնանկության գործընթացում գտնվելու մասին դատական գործընթացի վերաբերյալ, որն առնչվել է նաև իրեն, փաստացի զրկվում է օրենքով պահպանվող իր սեփականության իրավունքի պաշտպանության հնարավորությունից, իսկ որևէ այլ իրավական գործիք, որը հնարավորություն կտար պարտատիրոջը ՀՀ քաղ. օր.-ի 14-րդ հոդվածով նախատեսված որևէ եղանակով հասնել իր իրավունքների պաշտպանության, չկա: Դիմողը նաև գտնում է, որ պարտապան ընկերության` սնանկության մասին կատարված հայտարարության վերաբերյալ տեղեկացված չլինելը և «Սնանկության մասին» ՀՀ օրենքին համապատասխան դիմում չներկայացնելը չի կարելի հիմք համարել գույքի նկատմամբ սեփականության իրավունքից զրկելու համար, քանզի պարզ է, որ «ՀՀ-ում չկա որևէ իմպերատիվ նորմ», որով պարտադրվում է քաղաքացիական շրջանառության սուբյեկտներին ամեն օր հետևել մամուլին կամ ներկայումս «www.azdarar.am» կայքին, ավելին` կարդալ դրա յուրաքանչյուր հայտարարություն և տող, որն իրատեսական չէ: Դիմողի կարծիքով` վիճարկվող իրավական նորմը բերում է հակասության նաև ընդհանուր քաղաքացիաիրավական շրջանառության ընդունված կանոնների` ՀՀ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդված) հետ, քանզի ստեղծվում է մի իրավիճակ, երբ ընդհանուր կարգով անձին տրվում է օրենքով սահմանված ժամկետ իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելու համար (հայցային վաղեմության ինստիտուտ), որի շրջանակներում իր իրավունքների պաշտպանության համար անձն ազատորեն կարող է ընտրել օրենքով սահմանված կամ չարգելվող որևէ վարքագիծ և դրան զուգահեռ մեկ այլ նորմով, որով ոչ օբյեկտիվ կերպով և անուղղակիորեն սահմանափակվում է այդ հնարավորությունը: Դիմողը նաև գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի այդ նորմի կարգավորումը որոշակիորեն հակասում է նաև ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ պարբերության դրույթին, քանզի անձի համար պայմանավորում է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացում` առանց օրենքով ուղղակիորեն սահմանված պարտականությունների խախտման դեպքի կամ դեպքերի նախատեսման, այլ կերպ ասած` այդ նորմով անձի վրա դրվում է օրենքով ուղղակիորեն չնախատեսված պարտականություն` հետևել մամուլի բոլոր հրապարակումներին և «www.azdarar.am» կայքին:

4. Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկներին, գտնում է, որ վիճարկվող դրույթը չի հանդիսանում սեփականության անձեռնմխելիության իրավունքի խախտում և դրա նախատեսումը պայմանավորված է սնանկության վարույթի շրջանակներում իրավական որոշակիության, կանխատեսելիության սկզբունքների իրագործման անհրաժեշտությամբ: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հայցային վաղեմության քաղաքացիաիրավական ինստիտուտի վերլուծության արդյունքում պատասխանողը հանգում է այն եզրակացությանը, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված մի շարք այլ իրավակարգավորումներ ևս պարտատիրոջ կողմից որոշակի ժամկետում պարտապանին պահանջ չներկայացնելու դեպքում զրկում են դրանք բավարարելու հնարավորությունից, որի արդյունքում պարտատիրոջ սեփականության իրավունքը փաստացի սահմանափակվում է: Սակայն օրենսդրորեն նշված ժամկետների սահմանումը չի կարող որակվել որպես սեփականության անձեռնմխելիության իրավունքի խախտում, այլ հակառակը` դրանց սահմանումը բխում է իրավական որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքից, և նման կարգավորումների նախատեսումը նպատակ է հետապնդում ապահովել քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտների կողմից իրենց իրավունքների և պարտավորությունների ժամանակին և պատշաճ իրականացումը, քաղաքացիաիրավական հարաբերությունների կայունությունը: Պատասխանողը գտնում է, որ նման կարգավորման բացակայության դեպքում արդեն իսկ առողջացած կազմակերպությանը նախկինում չառաջադրված պահանջներ ներկայացնելու հնարավորություն կստեղծվի, իսկ պարտապանի ֆինանսական առողջացմանը կրկին անգամ կարող է հաջորդել սնանկության վարույթի վերսկսումը, ինչը կարող է անարդյունավետ և անիմաստ դարձնել նրա հանդեպ ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների համալիրը, հանգեցնել դատական համակարգի ծանրաբեռնմանը և վնասել գործարար միջավայրին: Պատասխանողի կարծիքով, եթե պարտատերը սնանկության գործընթացում գտնվող պարտապանին չի դիմում և պահանջում իր նկատմամբ գոյություն ունեցող պարտավորությունների կատարում, ապա նա ըստ էության իր գործողություններով իրականացնում է պարտքի ներում, և այդ դեպքում օրենքի տեսանկյունից ևս չի կարևորվում, թե ինչ պատճառով պարտատերը նման պահանջներ չի ներկայացրել` անտեղյակ լինելու, թե` պարտքից իրականում հրաժարվելու:

5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ըստ գործի նյութերի` դիմողի համար անբարենպաստ իրավական հետևանքներ է առաջացրել օրենքի վիճարկվող պարբերության` «...և այդ պարտատերերը զրկվում են հետագայում առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքից, բացառությամբ սույն հոդվածի երրորդ և չորրորդ մասերով նախատեսված դեպքերի» դրույթի` նրա նկատմամբ կիրառումը:

Վերոնշյալ դրույթի սահմանադրականության հարցը պարզելու համար սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող կանոնակարգումը նախ դիտարկել ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 արձանագրությամբ երաշխավորված անձի սեփականության իրավունքի լույսի ներքո:

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը»:

Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով գույք է համարվում ոչ միայն գոյություն ունեցող նյութական միջոցը, այլ նաև` նյութական միջոցը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքը (մասնավորապես, Տրգոն ընդդեմ Խորվաթիայի գործով, Trgo v. Croatia, 2009թ. հունիսի 11-ի վճիռ):

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումից և դիմումին կից ներկայացված նյութերից պարզ է դառնում, որ դիմողը սնանկության գործով պարտապանի հետ կնքել է վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր, որի համաձայն պարտապանին մատուցել է տպագրական ծառայություններ, իսկ պարտապանը պարտավորվել է վճարել այդ ծառայությունների համար, սակայն ամբողջությամբ չի կատարել իր պարտավորությունները: Հետևաբար, դիմողն իր կողմից մատուցված ծառայությունների դիմաց համապատասխան նյութական միջոց ստանալու իրավաչափ ակնկալիք ուներ:

Վիճարկվող կանոնակարգումը, որոշ բացառություններով (օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասեր), ազատում է պարտապանին պարտավորությունների կատարման պարտականությունից ֆինանսական առողջացման գործընթացից հետո:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` «Պարտավորության հասկացությունը և ծագման հիմքերը» վերտառությամբ 345-րդ հոդվածի համաձայն. «1. Պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

2. Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից»:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ պարտապանը չի կարող ազատ ճանաչվել`

«ա) ալիմենտների վճարումից.

բ) սնանկ ճանաչելու պահին նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմիններից թաքցրած պարտավորությունների վճարումներից.

գ) կյանքի և առողջությանը պատճառված վնասներից առաջացող պարտավորություններից.

դ) հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտավորություններից»:

Վերոնշյալ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համակարգային վերլուծության արդյունքում սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն առողջացած սուբյեկտին ազատում է հիմնականում պայմանագրերից բխող պարտավորություններից, իսկ քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում պայմանագրային պարտավորությունների մեծ մասը` ըստ պարտավորության օբյեկտի (վճարել դրամ, հանձնել գույք կամ կատարել աշխատանք, մատուցել ծառայություն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություններից), կրում է ինչպես գույքային, այնպես էլ ոչ գույքային բնույթ:

ՀՀ սահմանադրական դատարանը բազմիցս անդրադարձել է անձի սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության հարցերին: Մասնավորապես, ՍԴՈ-903, այնուհետև` ՍԴՈ-1073 որոշումներում դատարանն արտահայտել է այն դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը նախատեսում է սեփականության իրավունքի իրականացման սահմանափակման միմյանցից տարանջատվող չորս հանգամանք.

ա) սեփականության իրավունքի իրականացման սահմանափակում` շրջակա միջավայրին վնաս պատճառելու, այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը խախտելու արգելքով (31-րդ հոդվ. 1-ին մասի երկրորդ նախադասություն),

բ) սեփականազրկում (31-րդ հոդվ., 2-րդ մաս),

գ) սեփականության հարկադիր օտարում հասարակության և պետության կարիքների համար (31-րդ հոդվ., 3-րդ մաս),

դ) հողի սեփականության իրավունքի սահմանափակում` օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար:

«Սեփականությունից զրկում» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությանը սահմանադրական դատարանն անդրադարձել է ՍԴՈ-630 որոշման մեջ, որում սեփականությունից զրկումը բնութագրել է որպես պատասխանատվությունից բխող հարկադիր գործողություն: Հաշվի առնելով նաև այդ բնութագրումը` սահմանադրական դատարանը գտել է, որ սեփականությունից զրկելու ինստիտուտին բնորոշ են հետևյալ հիմնական պարտադիր տարրերը.

- սեփականությունից զրկելու դեպքում տեղի է ունենում սեփականատիրոջ կամքին և համաձայնությանը հակառակ տվյալ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի անհատույց դադարեցում,

- սեփականությունից զրկումը կիրառվում է որպես պատասխանատվության միջոց,

- սեփականությունից զրկելու դեպքում տեղի է ունենում տվյալ գույքի նկատմամբ սեփականատիրոջ ունեցած` տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավազորությունների միաժամանակյա և լիակատար դադարում` առանց շարունակականության երաշխավորման:

Քննության առնելով դիմողի համար առաջացած ոչ բարենպաստ հետևանքները վերոնշյալ իրավական դիրքորոշումների շրջանակներում` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող նորմը որևէ առնչություն չունի անձին պատասխանատվության ենթարկելու, հետևաբար` նաև սեփականազրկման հետ:

ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1073 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, ըստ որի` սեփականության իրավունքի իրականացումը սահմանադիրը պայմանավորում է որոշակի հանրային արժեքներ պահպանելու առաջնահերթ անհրաժեշտությամբ: Դրանք են` շրջակա միջավայրը, այլ անձանց, հանրության և պետության իրավունքները և օրինական շահերը: Նման մոտեցումը կոչված է ապահովելու սեփականատիրոջ և այլոց իրավունքների ու հանրային շահերի միջև ողջամիտ հավասարակշռություն` գույքի նկատմամբ անձի սեփականության իրավունքի իրականացումը ճանաչելով երաշխավորված, սակայն ոչ բացարձակ:

Սահմանադրական դատարանն իր` 25.02.2008 թվականի ՍԴՈ-735 որոշման մեջ արտահայտել է նաև հետևյալ դիրքորոշումը. «Սնանկության ինստիտուտի նպատակն է հնարավորություն տալ բարեխիղճ և պարտաճանաչ պարտապանին վերականգնել իր բնականոն գործունեությունը, հաղթահարել ֆինանսական դժվարությունները, ինչպես նաև ապահովել անվճարունակ կազմակերպությունների վերակառուցումը և ֆինանսական վերակազմակերպումը, վերականգնել նրա կենսունակությունը և միևնույն ժամանակ ապահովել պարտատերերի շահերի պաշտպանությունը»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող կանոնակարգումը կարող էր ուղղված լինել պարտապանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը միայն սնանկության գործընթացում, որը ներառում է նաև ֆինանսական առողջացումը` նպատակ ունենալով զերծ պահել պարտապան հանդիսացող սուբյեկտին պարտատերերի կողմից ներկայացվող պահանջներից, որպեսզի վերջինս ֆինանսապես վերականգնվի, վճարունակ դառնա, լիարժեք մասնակցի քաղաքացիական շրջանառությանը, ինչը չի կարող արդարացված լինել նույն նպատակներով սնանկության գործի ավարտից` նրա ֆինանսական առողջացումից հետո, երբ առողջացած կազմակերպությունը դառնում է քաղաքացիական շրջանառության և քաղաքացիաիրավական հարաբերությունների լիարժեք մասնակից: Դրա մասին է վկայում նաև օրենքում գործածվող «ֆինանսական առողջացման ծրագիր» հասկացության սահմանումը, որի համաձայն` ֆինանսական առողջացման ծրագիր է համարվում պարտապանի վճարունակությունը վերականգնելու նպատակով նրա նկատմամբ կիրառվող, օրենքով չարգելված միջոցառումների համալիրը, որի իրականացման դեպքում պարտապանը չի լուծարվելու կամ չի կայացվելու ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելու մասին վճիռ (հոդված 59):

6. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի` «Միաժամանակ առողջացած անձն ազատվում է բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում, և այդ պարտատերերը զրկվում են հետագայում առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքից, բացառությամբ սույն հոդվածի երրորդ և չորրորդ մասերով նախատեսված դեպքերի» դրույթի վերլուծությունից հետևում է, որ.

1. ոչ միայն առողջացած անձն ազատվում է ավարտված սնանկության գործի շրջանակներում չներկայացված պահանջներով պայմանավորված բոլոր պարտավորություններից, այլև իրավունքի ուժով տվյալ պարտատերերը զրկվում են հետագայում այդ անձի նկատմամբ նշված պարտավորությունների մասով ցանկացած` այդ թվում դատական կարգով, պահանջ ներկայացնելու իրավունքից, եթե այդպիսին չի բխում օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված բողոքարկման իրավունքի իրացման հնարավորությունից,

2. առկա են նաև բացառություններ.

ա) եթե սնանկության գործն ավարտվել է սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, ապա պարտապանը չի ազատվում բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում,

բ) պարտապանը օրենքի ուժով չի կարող ազատվել այնպիսի պարտավորություններից, ինչպիսիք են` ալիմենտների վճարումը, սնանկ ճանաչելու պահին նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմիններից թաքցրած պարտավորությունների վճարումները, կյանքի և առողջությանը պատճառված վնասներից առաջացող պարտավորությունները, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտավորությունները:

Իրավատրամաբանական վերոնշյալ մոտեցման շրջանակներում իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորման տեսանկյունից պատասխան չի տրվում երկու հարցի.

1. ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված անձը սնանկության գործի շրջանակներում պահանջներ չի ներկայացրել,

2. արդյո՞ք առկա չէ խտրականության դրսևորում, երբ պարտատերերը զրկվում են հետագայում առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքից, սակայն հարկային պարտավորությունների կատարման առումով բացառություն է նախատեսվում:

Այս հարցերի պատասխանները հնարավոր է տալ քննության առարկա օրենքի մի շարք այլ հոդվածների համադրված վերլուծության արդյունքում: Մասնավորապես, դա վերաբերում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19, 33, 34, 42, 46, 69, 74 և 89-րդ հոդվածներին: Դրանցում նախատեսված իրավակարգավորումների վերլուծությունից հետևում է, որ.

1. պարտատերերի համար պատշաճ ծանուցում է համարվում http://www.azdarar.am հասցեում գտնվող ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական համացանցային կայքում հրապարակված հայտարարությունը (հոդվ. 34),

2. եթե պարտատերը, անկախ պատճառից, պարտատերերի առաջին ժողովին չի մասնակցել, ապա հետագայում զրկվում է քվեարկության ձայնի իրավունքից (հոդվ. 33),

3. օրենքի 29, 33, 42, 46, 52, 69 և 87-րդ հոդվածներով նախատեսված` պարտատերերի պահանջների գրանցամատյանի կազմման, հաստատման և վարման կարգի ուսումնասիրությունը վկայում է, որ որևէ հստակ պարտավորություն չի դրվում պարտապանի վրա պարտատերերի հանդեպ իր պարտավորությունների ներկայացման առումով: Բոլոր այն պարտատերերը, ովքեր որևէ պատճառով չեն տեղեկացել http://www.azdarar.am հասցեում գտնվող ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական համացանցային կայքում հրապարակված հայտարարությանը կամ չեն համարվում պահանջների ընդհանուր ծավալում ամենախոշոր պահանջ հաշվառած պարտատերեր, ապա զրկվում են իրենց իրավունքների հետագա պաշտպանության իրավական հնարավորություններից:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ նման իրավակարգավորումը ոչ միայն պարտատերերի իրավունքների ոտնահարման իրական վտանգ է պարունակում, այլև մեծ են նաև կոռուպցիոն ռիսկերը: Առաջին հերթին սնանկացման հայտ ներկայացնելիս պարտապանն է պարտավոր հստակ ներկայացնել իր պարտավորությունների իրական պատկերը: Դա կբացառի նաև պարտատերերի կողմից գույքի թաքցնումը կամ անհիմն նվազեցումը, ինչի մասին շեշտվում է նաև Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությունում սնանկության խնդրի լուծման վերաբերյալ 2014թ. ներկայացված զեկույցի համառոտագրի 9-րդ և հիմնական զեկույցի 36-րդ կետերում:

Նշված իրական պատկերին համապատասխան պետք է կազմվի պարտատերերի պահանջների գրանցամատյանը` դրանում իրավունքի ուժով ներառելով պարտապանի կողմից իրավաբանորեն ճանաչված բոլոր պարտավորությունները` չբացարձականացնելով հայեցողական մոտեցումը: Օրենսդրական կարգավորումն առավելապես պետք է հենվի այն մոտեցման վրա, որ սնանկության կառավարիչն առաջին հերթին պետք է գործի պարտապանի կողմից տրված տեղեկատվության հիման վրա, ինչը համապատասխան պարտավորվածություն կառաջացնի նաև պարտապանի համար: Բացի դրանից, բոլոր այն պարտատերերը, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն ծանոթացել http://www.azdarar.am հասցեում գտնվող ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական համացանցային կայքում հրապարակված հայտարարությանը, հետագայում դատական կարգով իրենց իրավունքների պաշտպանության հնարավորություն պետք է ունենան: Հակառակ պարագայում, ոչ միայն ոտնահարվում է ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով ամրագրված նրանց իրավունքները, այլև խախտվում են համամասնականության և համաչափության սահմանադրական սկզբունքները` օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված բացառությունների առումով:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ շահագրգիռ սուբյեկտների կողմից սնանկության գործընթացի մասին պատշաճ ծանուցված լինելը` վերջիններիս իրավունքների պաշտպանության conditio sine qua non/ պայման, առանց որի հնարավորր չէ/ կարևոր պայման է, առանց որի հնարավոր չէ երաշխավորել նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը: ՈՒստիև ծանուցման ինստիտուտի իրավական կանոնակարգումները պետք է կրեն ոչ թե ձևական բնույթ, այլ պետք է ուղղված լինեն սնանկության գործընթացում գտնվող սուբյեկտի (պարտապանի) բոլոր պարտատերերի հայտնաբերմանը և վերջիններիս` Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքների պաշտպանությանը: Նշված նպատակն իրագործելու համար օրենսդիրը պետք է նախատեսի պարտապանի արդյունավետ ծանուցման և պարտավորությունների գրանցման ընթացակարգ, որը գործնականում կբացառի սնանկության գործընթացի մասին շահագրգիռ անձանց օբյեկտիվորեն ոչ իրազեկված լինելու իրավիճակները: Խնդիրն այն է, որ պարտատերը պատշաճ ծանուցում պետք է ստանա սնանկության վարույթի բացման և պահանջներ ներկայացնելու անհրաժեշտության մասին: Իսկ պարտապանը պետք է օրենքով սահմանված կարգով հստակ ու ամբողջական տեղեկատվություն ներկայացնի իր պարտավորությունների վերաբերյալ:

Սահմանադրական դատարանն իրավաչափ չի համարում նաև սնանկության գործընթացի շրջանակներում առողջ ճանաչված պարտապանին ընտրողաբար պարտավորություններից ազատելը, քանի որ վիճարկվող իրավակարգավորումը տարբերակված մոտեցում է նախատեսում հարկային պարտավորությունների պարտատեր հանդիսացող պետության և այլ տեսակի պարտավորությունների պարտատերեր հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության «...և այդ պարտատերերը զրկվում են հետագայում առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքից, բացառությամբ սույն հոդվածի երրորդ և չորրորդ մասերով նախատեսված դեպքերի» դրույթը` համակարգային առումով փոխկապակցված նույն հոդվածի 4-րդ մասի հետ, այն մասով, որով դատարանի կողմից հարգելի ճանաչված դեպքերում բացառություն չի նախատեսում նաև ավարտված սնանկության գործի շրջանակներում պահանջ չներկայացրած պարտատերերի համար, նրանց նկատմամբ սահմանելով իրավունքի պաշտպանության ոչ համաչափ սահմանափակում, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

27 հունվարի 2015 թվականի

ՍԴՈ-1189

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
27.01.2015
N ՍԴՈ-1189
Որոշում