Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 131-Ր ...

 

 

020.1190.100215

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 131-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 10 փետրվարի 2015թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` ՀՀ վճռաբեկ դատարանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 2013 թվականի դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 7-ից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` «Վարչական դատարանի բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը» վերտառությամբ 131-րդ հոդվածի` սույն գործով վիճարկվող 1-ին մասը սահմանում է.

«1. Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են վարչական դատարանի հետևյալ միջանկյալ դատական ակտերը.

1) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին.

2) հայցադիմումը վերադարձնելու մասին.

3) հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու, հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մասին.

4) լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին.

5) վրիպակները, գրասխալները կամ թվաբանական սխալներն ուղղելու կամ ուղղում կատարելը մերժելու, վճռի պարզաբանումը մերժելու մասին.

6) բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու կամ դրա վերականգնումը մերժելու մասին.

7) դատավարական ժամկետները երկարաձգելու կամ դրա երկարաձգումը մերժելու մասին.

8) կողմին իրավահաջորդով փոխարինելու կամ փոխարինումը մերժելու մասին, ինչպես նաև երրորդ անձանց դատավարության մեջ ներգրավելու դիմումը մերժելու կամ դատավարության մասնակիցների կազմից երրորդ անձին հանելու մասին.

9) սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված դատական ակտերը.

10) գործի վարույթը կասեցնելու մասին, բացառությամբ սույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքի.

11) ինքնաբացարկի մասին դատական ակտերը»:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

«Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան անվավեր կամ առ ոչինչ ճանաչել «ՀՀ ՊԵԿ տեսուչների կողմից հարկային հաշվանցումների և/կամ վերադարձի, օրենքով սահմանված կարգով հաշվարկված պարտավորություններից ավելի վճարված գումարների հիմնավորվածության վերաբերյալ 13.08.2013թ. կազմված թիվ 1415455 ուսումնասիրության արձանագրությունը»: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչությունը ներկայացրել է հակընդդեմ հայց`պահանջելով «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 3.898.915 ՀՀ դրամ:

17.02.2014թ. ՀՀ վարչական դատարանի որոշմամբ «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ի սկզբնական հայցն «ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչության, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարություն` 13.08.2013թ. թիվ 1415455 ուսումնասիրության արձանագրությունն անվավեր կամ առ ոչինչ ճանաչելու պահանջի մասով» ամբողջությամբ կարճվել է, իսկ ՀՀ վարչական դատարանի վճռով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչության հակընդդեմ հայցն ընդդեմ «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ի`հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 3.898.915 ՀՀ դրամ, ամբողջությամբ բավարարվել է:

«Վարչական գործի վարույթը մասնակի կարճելու մասին» ՀՀ վարչական դատարանի` 17.02.2014թ. թիվ ՎԴ3/0347/05/13 որոշման դեմ «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ներկայացրել է վերաքննիչ բողոք: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 03.04.2014թ. որոշմամբ հիշյալ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է նաև այն հիմնավորմամբ, որ «Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ «Վարչական գործի վարույթը մասնակի կարճելու մասին» որոշումը հանդիսանում է միջանկյալ դատական ակտ, իսկ միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել բացառապես միայն այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված է տվյալ ակտի` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա լինելը: Մինչդեռ վարչական գործի վարույթը կարճելու մասին որոշումը նշված հոդվածով սահմանված չէ որպես բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտ»: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30.07.2014թ. որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ, իսկ 09.10.2014թ. կայացվել են «Գործի վարույթը կասեցնելու մասին» և «ՀՀ սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշումները:

3. Դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասը` այնքանով, որքանով բացառում է վարչական գործի վարույթը կարճելու վերաբերյալ վարչական դատարանի դատական ակտերի` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա լինելը, հակասում է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածներին:

Դիմողը, վերլուծելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթներ, նշում է, որ գործող վարչական դատավարության օրենսդրությունը չի նախատեսում գործի վարույթը կարճելու որոշման բողոքարկման իրավական հնարավորություն: Ըստ դիմողի` դատարանի կողմից վարչական գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելն ըստ էության եզրափակում է վարչական գործի քննությունը, ավարտում գործի վարույթը`առանց բավարարման թողնելով իր ենթադրաբար խախտված իրավունքների պաշտպանության խնդրանքով դատարան դիմած անձի պահանջը:

ՀՀ սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխանաբար մի շարք որոշումներում և վճիռներում ամրագրված իրավական դիրքորոշումների տրամաբանության վրա հիմնվելով` դիմողը գտնում է, որ գործի վարույթը կարճելու վերաբերյալ դատական ակտերի բողոքարկման հնարավորության բացակայությունն անհաղթահարելի արգելքներ է առաջացնում գործի հետագա քննության համար, որոնք կարող են հանգեցնել մարդու հիմնական իրավունքների խախտման, որոնց հետագա դատական պաշտպանությունն ապագայում չի կարող ապահովվել կամ չի կարող հանգեցնել արդյունավետ վերականգնման: Հետևաբար, վարչական դատարանի կողմից գործի վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկելու անհնարինության արդյունքում, ըստ էության, բացառվում է անձանց մի շարք հիմնարար իրավունքների գործնականում իրացումը, առաջանում է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածներում նախատեսված արդար դատաքննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների հնարավոր խախտման իրական վտանգ:

4. Սույն գործով վիճարկվող իրավակարգավորման և բարձրացված սահմանադրաիրավական վեճի վերաբերյալ պատասխանող կողմը, մասնավորապես, հայտնում է, որ գործի վարույթը կարճելու մասին դատարանի պետաիշխանական կամքն իր արտաքին ձևակերպումն է ստանում որոշման տեսքով, սակայն այն իր դատավարական նշանակությամբ համարժեք չէ միջանկյալ դատական ակտերին և չի կարող դասվել վերջիններիս շարքին: Պատասխանողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասը սպառիչ սահմանում է անմիջական բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի ցանկը և ինքնին սահմանադրականության խնդիր չի առաջացնում: Գործի վարույթը կարճելու մասին որոշումը պետք է դիտարկել որպես դատական քննության տվյալ փուլը եզրափակող վերջնական ակտ և բողոքարկել գործն ըստ էության լուծող դատական ակտերի համար նախատեսված կարգով: Պատասխանող կողմը հայտնում է, որ իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրը լուծելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2004 թվականի «Վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության մասին» (2004) 20 հանձնարարականով նախատեսված մոտեցումները` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կողմից շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-573-01.08.2014, 29.09.2014-ՊԻ-010/0), որով նախատեսվում է գործի վարույթը կարճելու մասին դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորություն`գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման համար նախատեսված կանոններով:

5. Քննության առարկա գործի շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ դիմողը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցը բարձրացնում է միայն այնքանով, որքանով այն բացառում է վարչական գործի վարույթը կարճելու վերաբերյալ վարչական դատարանի դատական ակտերի բողոքարկման ենթակա լինելը և չի բարձրացնում վիճարկվող իրավադրույթի սահմանադրականության այլ հարցեր: Հետևաբար, հաշվի առնելով հիշյալ հանգամանքը, սահմանադրական դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասը քննության է առնում բացառապես գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման բողոքարկման սահմանադրականության գնահատման տեսանկյունից:

6. Սույն գործի շրջանակներում, հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները, սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարել պարզել և գնահատել.

- գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման տեղը գործն ըստ էության լուծող դատական ակտերի և գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի համակարգում,

- քննության առարկայի շրջանակներում դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքների լիարժեք իրացման երաշխավորվածությունը և ապահովումը,

- գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման բողոքարկման հնարավորության բացակայության ազդեցությունը վարչական արդարադատության ոլորտում անձի իրավունքների դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացումն ապահովելու վրա` ելնելով որպես իրավական կողմնորոշիչ հանդիսացող այն մոտեցումներից, որոնք բխում են դատական բողոքարկման ինստիտուտի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներից:

7. Գործի վարույթը կարճելու հետ կապված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի դրույթների վերլուծության արդյունքում սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է գործի վարույթը կարճելու հիմքերը, կարգը և հետևանքները: Մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածով սահմանվում է գործի վարույթը կարճելու հիմքերը, այդ թվում` նաև եթե դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը (1-ին մասի 10-րդ կետ): Համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի` գործի վարույթը կարճելու մասին դատարանը կայացնում է որոշում: Համաձայն հիշյալ օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի և 125-րդ հոդվածի 6-րդ մասի` կողմերի հաշտության համաձայնությունը հաստատելու դեպքում վարչական դատարանը կայացնում է վճիռ` գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին: Այսպիսով, գործի վարույթը կարճելու դեպքում դատարանը կայացնում է որոշում, բացառությամբ կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու հիմքով գործի վարույթը կարճելու, որի դեպքում կայացնում է վճիռ:

Վերոշարադրյալին զուգահեռ, սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդրորեն չի ամրագրվել, թե վարչական դատարանի ինչպիսի դատական ակտ է հանդիսանում գործի վարույթը կարճելու մասին որոշումը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի դրույթների համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը սահմանել է վարչական դատարանի դատական ակտերի երկու տեսակ` գործն ըստ էության լուծող դատական ակտ և գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` «Գործն ըստ էության լուծող դատական ակտի տեսակները» վերտառությամբ 125-րդ հոդվածում գործի վարույթը կարճելու մասին որոշումը` որպես գործն ըստ էության լուծող դատական ակտի տեսակ, սահմանված չէ: Միաժամանակ, հարկ է նշել, որ օրենսդիրը նույն հոդվածի 6-րդ մասով սահմանելով, որ կողմերի հաշտության համաձայնությունը հաստատելու դեպքում վարչական դատարանը գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին կայացնում է վճիռ` այն դիտարկում է որպես գործն ըստ էության լուծող դատական ակտ:

Ինչ վերաբերում է գործի վարույթը կարճելու որոշման և գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտի հարաբերակցությանը, ապա օրենսդիրն ուղղակիորեն չի ամրագրել, որ գործի վարույթը կարճելու որոշումը հանդիսանում է գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտ: Հարկ է նշել, որ հիշյալ իրավական անորոշությունը խնդիրներ է առաջացնում նաև իրավակիրառական պրակտիկայում, որը փաստվում է դիմող կողմի այն մոտեցմամբ, որ «...թեև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի իմաստով վարչական գործի վարույթը կարճելու մասին որոշումը համարվում է միջանկյալ`գործն ըստ էության չլուծող դատական ակտ, սակայն այն իր իրավաբանական հետևանքների տեսանկյունից նմանվում է գործն ըստ էության լուծող դատական ակտերին»: Ի դեպ, հարկ է նշել նաև, որ պատասխանող կողմը ևս փաստում է իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդրի և այն լուծելու անհրաժեշտության մասին:

Հետևաբար, վերոնշյալի հիման վրա սահմանադրական դատարանը գտնում է, որ վարչական դատավարության գործող իրավակարգավորումների պայմաններում հստակեցված չէ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտի (բացառությամբ կողմերի հաշտության համաձայնությունը հաստատելու դեպքում գործի վարույթը կարճելու մասին վճռի) տեղը գործն ըստ էության լուծող դատական ակտերի և գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի համակարգում: Չնայած այն հանգամանքին, որ ըստ պատասխանող կողմի`»Գործի վարույթի կարճումը վարույթն ավարտելու ինքնուրույն ձև է, որն իր դատավարական ձևակերպումն ստանում է որոշման տեսքով, ուստի կարճելու մասին որոշումը կարող է բնորոշվել որպես վարույթը եզրափակող դատական ակտ», այն իր հստակ օրենսդրական ձևակերպումը չի ստացել: Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդիր մարմնի իրավասության տիրույթում է սահմանել գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման իրավական կարգավիճակը: Այն պարագայում, եթե գործի վարույթը կարճելու մասին դատական ակտն օրենսդիրն համարի լիովին այլ կատեգորիայի ակտ, ապա անհրաժեշտ կլինի նման մոտեցումը լիարժեքորեն ներմուծել առկա փոխկապակցված բոլոր իրավակարգավորումներում (այդ թվում`ուժի մեջ մտնելու, բողոքարկման ժամկետների հետ կապված)` նպատակ ունենալով ապահովել այդ իրավակարգավորման համակարգային ամբողջականությունը և տրամաբանական փոխկապվածությունը: Միևնույն ժամանակ, անկախ գործի վարույթը կարճելու մասին որոշման իրավական կարգավիճակից, պետք է համապատասխան իրավակարգավորումներով սահմանվեն այդ ակտի բողոքարկման հնարավորությունը և դրա իրացումն ապահովող անհրաժեշտ այլ հարաբերությունները:

8. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը (131-րդ հոդված) սահմանում է այն միջանկյալ դատական ակտերի շրջանակը, որոնք ենթակա են բողոքարկման: Վերջինս այն իրավական միջոցն է, որը հնարավորություն է տալիս անձին անմիջական կարգով բողոքարկելու վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը: Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը բողոքարկելու մյուս հնարավորությունը «հետաձգված բողոքարկումն» է: ՀՀ սահմանադրական դատարանն իր 02.11.2010թ. ՍԴՈ-922 որոշմամբ ամրագրել է, որ «...օրենսդիրը տարբերակում է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման երկու հիմնական կարգ, այն է` բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում` «հետաձգված բողոքարկում», և միջանկյալ դատական ակտի անմիջական բողոքարկում: Եթե վարույթի հետագա ընթացքը կասեցնող միջանկյալ դատական ակտի դեմ իրավական պաշտպանության միակ հնարավոր միջոցը դրա անմիջական բողոքարկումն է և ըստ այդմ օրենսդրից պահանջվում է նախատեսել տվյալ ակտի անմիջական բողոքարկման կարգ, ապա չկասեցված և շարունակվող վարույթի ընթացքում ընդունված միջանկյալ դատական ակտի բողոքարկման նշված երկու կարգերի միջև ընտրությունն օրենսդրի հայեցողության շրջանակում է»:

Հիմք ընդունելով վերոհիշյալը` սահմանադրական դատարանը փաստում է, որ, մի կողմից, օբյեկտիվորեն հնարավոր չէ գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման`»հետաձգված բողոքարկման» շրջանակներում վիճարկումը, իսկ մյուս կողմից` գործող իրավակարգավորումների պայմաններում բացակայում է գործի վարույթը կարճելու մասին որոշման` անմիջական բողոքարկման շրջանակներում վերանայման հնարավորությունը: Այլ կերպ ասած, ամրագրելով գործի վարույթը կարճելու հետ կապված իրավահարաբերությունները` ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում այնպիսի իրավակարգավորում, որը հնարավորություն կտա բողոքարկելու գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումը` բացառելով նաև դրա օրինականությունն օրենքով սահմանված կարգով վիճարկելու հնարավորությունը, մինչդեռ վերջինիս առկայությունն անհրաժեշտություն է արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի ապահովման համատեքստում:

9. Սույն գործով առաջադրված սահմանադրաիրավական հարցի շրջանակներում, մի կողմից, ՀՀ վարչական դատավարության նախկին (28.11.2007թ.) օրենսգրքի և ՀՀ վարչական դատավարության գործող օրենսգրքի և, մյուս կողմից` ՀՀ վարչական դատավարության և ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքերի համանման իրավակարգավորումների համեմատական վերլուծության արդյունքում սահմանադրական դատարանն արձանագրում է, որ.

ա) ՀՀ վարչական դատավարության նախկին (28.11.2007թ.) օրենսգրքի իրավակարգավորումները նախատեսել են գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի դատական ակտերի բողոքարկման հնարավորություն, ինչն իրավակիրառական պրակտիկայում, մինչև ՀՀ վարչական դատավարության գործող օրենսգրքի ուժի մեջ մտնելը, իրացվել է.

բ) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումներով` գործի վարույթի կարճման բոլոր հիմքերի դեպքում էլ դատարանը կայացնում է վճիռ (110-րդ հոդվածի 1-ին մաս) և այս իրավակարգավորմամբ պայմանավորված`գործի վարույթը կարճելու մասին դատարանի վճիռը դառնում է բողոքարկելի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման համար նախատեսված ընդհանուր իրավադրույթներին համահունչ: Հիշյալ իրավակագավորումը իրավակիրառական պրակտիկայում իրացվում է:

Ի դեպ, հարկ է նշել, որ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ վարչական դատավարության նախկին (28.11.2007թ.) օրենսգրքի դրույթների սահմանադրականության հարցերը (մասնավորապես, 25.11.2008թ. ՍԴՈ-780, 13.04.2010թ. ՍԴՈ-873 որոշումներով), արտահայտել է մի շարք սկզբունքային իրավական դիրքորոշումներ`Հայաստանի Հանրապետությունում վարչական արդարադատության արդյունավետ իրականացման, ինչպես նաև վարչական դատարանի ակտը բողոքարկելու իրավունքի երաշխավորման առումով:

Մասնագիտացված արդարադատության, այդ թվում`վարչական արդարադատության, ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովել տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը` արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ: Սակայն դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը կամ դրա իրացմանն արգելք հանդիսանալ:

10. ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է արդարադատության մատչելիության և արդյունավետության խնդիրներին` առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 1, 3, 14, 18, 19-րդ և այլ հոդվածներով, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի և միջազգային իրավական այլ փաստաթղթերում ամրագրված հիմնադրույթներով:

ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատում է իր բազմաթիվ որոշումներում (մասնավորապես` ՍԴՈ-652, ՍԴՈ-665, ՍԴՈ-673, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-758, ՍԴՈ-765, ՍԴՈ-780, ՍԴՈ-873, ՍԴՈ-936, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1037) դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքների լիարժեք իրացման երաշխավորվածության և ապահովման վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները: Հիշյալ որոշումներով անդրադառնալով նաև դատական բողոքարկման ինստիտուտի արդյունավետ կիրառման օրենսդրական ապահովման, այդ թվում` վարչական արդարադատության բնագավառում, անհրաժեշտությանը` խնդիրը դիտարկելով ինչպես սահմանադրական կարգի սկզբունքներին, արդարադատության նպատակներին, այնպես էլ ՀՀ ստանձնած միջազգային իրավական պարտավորություններին դրա համապատասխանությունը գնահատելու և ապահովելու տեսանկյունից, սահմանադրական դատարանն արտահայտել է, մասնավորապես, հետևյալ իրավական դիրքորոշումները.

ա) «Բողոքարկման ինստիտուտի ողջ տրամաբանությունը` ընդհանրապես, և արդարադատության համակարգի ներսում` մասնավորապես, հանգում է նրան, որ մի օղակի ապօրինի վարքագծի վիճարկումը հասցեագրված լինի բացառապես վերադաս ատյանին: Այս տրամաբանությամբ է կառուցված ՀՀ արդարադատական համակարգի ներսում բողոքարկման ողջ մեխանիզմը» (ՍԴՈ-719),

բ) «... սահմանադրորեն նախատեսված է խախտված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության (դրա արդյունավետության) երաշխավորման առանձնահատուկ այնպիսի ինստիտուտ, ինչպիսին վերադաս դատարանի կողմից դատական ակտի վերանայման` անձի իրավունքն է (դատական բողոքարկումը (ՀՀ Սահմ. 20-րդ հոդվածի 3-րդ մաս): Վերջինս նաև անձի իրավունքների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրականացման խնդրում պետության առաջնային պարտականություն է` որոշակի ընթացակարգի, այդ թվում` դատական հնարավոր սխալների ուղղման միջոցով արդարադատության նպատակների իրագործումը» (ՍԴՈ-936),

գ) «Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատական բողոքարկման ինստիտուտի կարգավորման և գործադրման հիմքում պետք է իրացվեն հետևյալ առաջնահերթ իրավապայմանները, մասնավորապես.

- անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները` որպես բարձրագույն արժեք, դատարանների կողմից ենթակա են անվերապահ պաշտպանության կոնկրետ գործի ինչպես ըստ էության քննության, այնպես էլ հնարավոր հետագա վերաքննության շրջանակներում,

- դատական բողոքարկումը, որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները` պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները (մասնավորապես` ՀՀ Սահմ. 18, 19-րդ հոդվածներ),

- դատական բողոքարկման ինստիտուտը, առանց բացառության, պետք է միջոց հանդիսանա հավասարության պայմաններում, օբյեկտիվ, բազմակողմանի, արդար և հրապարակային դատաքննության արդյունքում, ողջամիտ ժամկետներում բացահայտելու և շտկելու դատական բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում, հետևաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծմանը,

- դատական ակտերի վերանայումը (վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքի հիման վրա) որպես արդարադատական գործառույթ կարող է ծառայել վերոհիշյալ սահմանադրաիրավական խնդիրների իրագործմանը, եթե իրականացվի անկախ և անկողմնակալ դատարանի կողմից» (ՍԴՈ-936),

դ) «Դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է: Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը: Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից» (ՍԴՈ-1037):

Հարկ է նաև ընդգծել, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն մեծապես կարևորելով վարչական ակտերի նկատմամբ արդյունավետ դատական վերահսկողությունը` որպես մարդու իրավունքների պաշտպանության էական տարր, 2004 թվականի դեկտեմբերի 15-ին ընդունել է Վարչական ակտերի դատական վերահսկողության վերաբերյալ (2004) 20 հանձնարարականը: Վերջինս իր 4-րդ (i) կետում ամրագրում է. «Վարչական ակտը վերանայող դատարանի որոշումը պետք է, գոնե կարևոր գործերում, ենթակա լինի բողոքարկման վերադաս ատյան, բացառությամբ այն դեպքերի, երբ գործը, ներպետական օրենսդրությանը համապատասխան, ուղղակիորեն տրվում է վերադաս ատյանին»: Հանձնարարականը նաև ամրագրում է.

- Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները պետք է ապահովեն, որպեսզի իրենց երկրի դատարանակազմությունը և դատական ընթացակարգերը համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին, որպեսզի երաշխավորվի վարչական ակտերի նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը,

- դատական ակտը բողոքարկելու իրավունքը պետք է ճանաչվի յուրաքանչյուր անդամ պետությունում:

Հանձնարարականի բացատրական հուշագրում, մասնավորապես, նշված է, որ ներպետական օրենսդրությունը պետք է սահմանի բողոքարկման պայմանները և բողոքարկման մարմնի իրավազորությունը, որոնք պետք է համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին: Վարչական վարույթում վերադաս դատական ատյանի ներգրավումն էական նշանակություն ունի վարչական նախադեպային իրավունքի հետևողականությունն ապահովելու հարցում:

11. Սույն գործով քննության առարկա հարցը դիտարկելով, մի կողմից, ՀՀ սահմանադրական դատարանի վերոհիշյալ իրավական դիրքորոշումների, մյուս կողմից` կատարված իրավական վերլուծությունների լույսի ներքո` սահմանադրական դատարանը գտնում է.

նախ` գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի դատական ակտերի հետ կապված իրավահարաբերությունների` տվյալ դեպքում բողոքարկման ինստիտուտի կանոնակարգումների ժամանակ օրենսդրի կողմից ամբողջապես հաշվի չեն առնվել ՀՀ սահմանադրական դատարանի վերը հիշատակված հստակ և հետևողական իրավական դիրքորոշումները: Օրենսդիրը բավարար հետևողականություն չի ցուցաբերել քննության առարկա հարցի մասով օրենսդրական կանոնակարգումները սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին ներդաշնակ և համահունչ զարգացնելու առումով, չի ապահովել իրավական օրենքին ներկայացվող իրավական որոշակիության, ճշգրտության և կանխատեսելիության որակները: Ավելին, իրավակիրառական պրակտիկայում ՀՀ վարչական դատավարության նախկին (28.11.2007թ.) օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումները` գործի վարույթը կարճելու մասին դատական ակտի բողոքարկման մասով, ընդհանուր առմամբ խնդիրներ չեն հարուցել, սակայն Ազգային ժողովը ՀՀ վարչական դատավարության գործող օրենսգրքով այլ մոտեցում է որդեգրել, որով չեն իրացվել սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները,

երկրորդ` գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման բողոքարկման իրավական ամրագրման բացակայությունն արգելափակում է ոչ միայն դատարանի մատչելիության իրավունքը, այլև անձին ոչ իրավաչափորեն զրկում է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտի բողոքարկման իրավունքից: Գործի վարույթը կարճելու մասին որոշման բողոքարկման իրավունքի նորմատիվ ամրագրումը կընդլայնի արդյունավետության և օբյեկտիվության նկատմամբ հանրային վստահությունը, կապահովի խախտված իրավունքների լիարժեք վերականգնման հնարավորությունը, թույլ կտա վերադաս ատյանի դատարանին վերացնել ստորին ատյանի թույլ տված դատական սխալները, ուղղված կլինի վերադաս դատական ատյանների մատչելիության ապահովմանը և կնպաստի դատական պաշտպանության իրավունքի իրացման լիարժեքությանը: Դատական բողոքարկման իրավունքը վերադաս դատարանի կողմից դատական ակտի վերանայման` անձի իրավունքն է, որը հետևողականորեն պետք է իր արտացոլումը գտնի օրենսդրության մեջ` նախատեսելով գործի վարույթը կարճելու մասին որոշման վերանայման համապատասխան ընթացակարգեր:

Այս համատեքստում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրված «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Պ-573-01.08.2014, 29.09.2014-ՊԻ-010/0), որով, ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1. մասով. «2.1. Գործի վարույթը կարճելու մասին դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման կանոններով»:

12. Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկա իրավակարգավորումներով գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման բողոքարկումն անմիջականորեն ամրագրված չէ, ինչը չի համապատասխանում արդարադատության արդյունավետության, անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև դատական բողոքարկման իրավունքի սահմանադրական և միջազգային իրավական չափանիշներին, նաև ՀՀ իրավական համակարգում ներդրված դատական բողոքարկման, այդ թվում` գործի վարույթը կարճելու մասին դատական ակտերի բողոքարկման ընդհանուր հայեցակարգային մոտեցումներին, սահմանադրական դատարանն էական է համարում այն հարցադրումը, թե գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումը բողոքարկելիության տեսանկյունից առավել համահունչ է գործն ըստ էության լուծող դատական ակտերին, թե՞ գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերին բնորոշ իրավակարգավորումներին: Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի տրամաբանությունից բխում է, որ գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշմամբ դատավարությունը` որպես այդպիսին, և վարույթը` որպես ընթացակարգ, ավարտվում են, որպիսի պայմանը բացառում է վարույթի հետագա վերսկսումը: Բացի դրանից, գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումն իր առաջացրած իրավական հետևանքների առումով առավել մոտ է գործն ըստ էության լուծող դատական ակտերին: Հետևաբար, մինչև ՀՀ Ազգային ժողովի կողմից գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման վերանայման համապատասխան իրավակարգավորումներ և ընթացակարգեր նախատեսելն իրավակիրառական պրակտիկան պետք է ընթանա այն մոտեցմամբ, որ գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման կանոններով` առաջնորդվելով մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերով ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության, տվյալ դեպքում` դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի և դրա կարևոր բաղադրատարր հանդիսացող` դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման անհրաժեշտությամբ:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը միանշանակ սահմանում է, որ «Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին», իսկ վերջիններս իմաստ ու բովանդակություն են ստանում, իրավունքի աղբյուր են դառնում իրենց ամբողջականության մեջ` հիմքում ունենալով սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները: Գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման բողոքարկման իրավունքի վերաբերյալ սահմանադրական դատարանի` սույն որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները պետք է դրվեն ինչպես իրավակիրառական պրակտիկայի, այնպես էլ օրենսդրական զարգացումների հիմքում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման բողոքարկման վերաբերյալ սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

10 փետրվարի 2015 թվականի

ՍԴՈ-1190

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
10.02.2015
N ՍԴՈ-1190
Որոշում