Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎ ...

 

 

040.1471.261214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 դեկտեմբերի 2014 թվականի N 1471-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 655-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 655-Ն որոշումը:

i

3. Լիցենզիայի ներդիր ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն մինչև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար հաջորդ հերթական պետական տուրքը վճարելու օրվան հաջորդող 10-րդ օրը դեղին հիմնագույնի համարանիշները հանձնում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության համապատասխան ստորաբաժանում` սպիտակ հիմնագույնի համարանիշներն ստանալու համար, իսկ իրենց պատկանող ավտոմոբիլներին ամրացված սակաչափիչի ստուգաչափման մասին իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքի (եզրակացության) պատճենը, ինչպես նաև ներդիրը, պետք է ներկայացնեն լիցենզավորող մարմին` նոր ներդիր հատկացնելու և ներդիրում տվյալ ավտոմոբիլի համար ստուգաչափված սակաչափիչի մակնիշը, անհատականացման համարը և սպիտակ հիմնագույնի համարանիշները նշելու համար:

(3-րդ կետը փոփ. 05.12.2019 թիվ 1720-Ն, 17.06.2022 թիվ 889-Ն որոշումներ)

i

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` հերթական լիցենզիայի տրամադրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկատվություն տրամադրել համապատասխան համայնքին` վերջինիս կողմից նախապես ներկայացված էլեկտրոնային փոստի միջոցով, ընդ որում, լիցենզիայի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է կազմակերպության գտնվելու վայրի, անհատ ձեռնարկատիրոջ և ֆիզիկական անձի հաշվառման վայրի համայնքին:

(4-րդ կետը փոփ. 06.06.2019 թիվ 733-Ն որոշում)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի և 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 10-րդ կետի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի դեկտեմբերի 11-ի

N 1471-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման պայմանները և դրա հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից), անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց վրա (այսուհետ միասին նաև` կազմակերպություն):

i

3. Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված կազմակերպությունները, հաշվառված անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև ֆիզիկական անձինք, որոնք ունեն մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա` Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում (այսուհետ` ոստիկանություն) հաշվառված սեփականության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման իրավունքով ձեռք բերված թեթև մարդատար ավտոմոբիլներով: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը կարող է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնել միայն մեկ ավտոմոբիլով:

(3-րդ կետը փոփ. 05.12.2019 թիվ 1720-Ն որոշում)

4. Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորումն իրականացնում է տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխան:

i

5. Լիցենզիա, ինչպես նաև լիցենզիայի ներդիրներ ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

6. Պահանջվող բոլոր փաստաթղթերը պետք է լինեն հայերենով:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

7. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար կազմակերպությունը լիազոր մարմին է ներկայացնում հայտ` համաձայն N 1 ձևի, իսկ անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիա ստանալու համար հայտ` համաձայն N 4 ձևի:

(7-րդ կետը փոփ. 17.06.2022 թիվ 889-Ն որոշում)

8. Լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկությունների տրամադրման համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

9. Կազմակերպության կողմից իրականացվող մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ընդգրկված յուրաքանչյուր ավտոմոբիլի համար հատկացվում է լիցենզիայի ներդիր (այսուհետ` ներդիր): Լիցենզիան տրամադրվում է ներդիրի հետ միասին:

i

10. Ներդիր ստանալու համար կազմակերպությունը ներկայացնում է հայտ` համաձայն N 2 ձևի, սույն կարգի 11-րդ կետով սահմանված փաստաթղթերը, հայտարարություն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 342-րդ, 343-րդ, 358-րդ հոդվածներով սահմանված արարքների համար դատապարտված չլինելու կամ դատապարտված լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դատվածությունը հանված կամ մարված լինելու վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 383-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին ցանկով հաստատված հիվանդություններով չտառապելու մասին, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց` համաձայն N 3 ձևի:

(10-րդ կետը փոփ. 13.08.2020 թիվ 1338-Ն, 17.06.2022 թիվ 889-Ն որոշումներ)

11. Ներդիր ստանալու համար կազմակերպությունը պետք է ներկայացնի`

1) ավտոմոբիլի տեխնիկական անձնագրի (հաշվառման վկայագրի) պատճենը.

2) ավտոմոբիլի սեփականության (ներկայացվում է միայն մեկից ավելի սեփականատերերի դեպքում) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման դեպքում դրա օրինականությունը հաստատող փաստաթղթի պատճենը.

3) ավտոմոբիլն այլ տեսակի վառելիքով շահագործման համար վերասարքավորելու (կահավորելու) դեպքում օրինականությունը հաստատող և հերթական փորձարկումները հավաստող փաստաթղթի պատճենը.

4) ավտոմոբիլի ուղեսրահում տեղադրված սակաչափիչի վերաբերյալ սակաչափիչի ստուգաչափման մասին իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքի (եզրակացության) պատճենը, որում պետք է լինի նշում, թե տվյալ սակաչափիչն որ ավտոմոբիլի համար է ստուգաչափված.

5) ֆիզիկական անձի դեպքում նաև ֆիզիկական անձի անձնագրի և վարորդական վկայականի պատճենները:

i

11.1. Հայտատուն սույն կարգի 11-րդ կետով սահմանված փաստաթղթերի պատճենների հետ միաժամանակ ներկայացնում է փաստաթղթերի բնօրինակները, որոնցից սույն կարգի 11-րդ կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ համադրելուց հետո անմիջապես բնօրինակները վերադարձվում են հայտատուին, իսկ նույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ համադրելուց հետո բնօրինակները վերադարձվում են հայտատուին` լիցենզիայի և ներդիրի հետ միաժամանակ:

(11.1-ին կետը լրաց. 13.08.2020 թիվ 1338-Ն որոշում)

i

11.2. Անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիայի ներդիր ստանալու համար կազմակերպությունը պետք է ներկայացնի`

1) հայտ` համաձայն N 5 ձևի.

2) հայտարարություն` համաձայն N 3 ձևի.

3) ավտոմոբիլի տեխնիկական անձնագրի (հաշվառման վկայագրի) պատճենը.

4) ավտոմոբիլի սեփականության (ներկայացվում է միայն մեկից ավելի սեփականատերերի դեպքում) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման դեպքում դրա օրինականությունը հաստատող փաստաթղթի պատճենը.

5) ավտոմոբիլի ուղեսրահում տեղադրված սակաչափիչի վերաբերյալ սակաչափիչի ստուգաչափման մասին իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքի (եզրակացության) պատճենը, որում պետք է լինի նշում, թե տվյալ սակաչափիչը որ ավտոմոբիլի համար է ստուգաչափված.

6) փոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլների լուսանկարները:

(11.2-րդ կետը լրաց. 17.06.2022 թիվ 889-Ն որոշում)

i

12. Լիցենզավորող հանձնաժողովի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է լիցենզավորման պայմաններին և պահանջներին համապատասխանության ուսումնասիրություն և դրանց համապատասխանության դեպքում պատրաստում է լիցենզիա և (կամ) ներդիր և հանձնում է կազմակերպությանը: Ընդ որում, ներդիրում նշվում է տվյալ ավտոմոբիլի համար ստուգաչափված սակաչափիչի մակնիշը և անհատականացման համարը:

(12-րդ կետը փոփ. 17.06.2022 թիվ 889-Ն որոշում)

(3-րդ կետը փոփ. 05.12.2019 թիվ 1720-Ն, 17.06.2022 թիվ 889-Ն որոշումներ)

13. Ներդիրը տրվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլի վարորդի նստատեղից դեպի դիմապակու ներքևի աջ անկյունում փակցնելու համար:

i

14. Ներդիրը պատրաստվում է քարտի ձևով: Ներդիրի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:

(14-րդ կետը փոփ. 06.06.2019 թիվ 733-Ն որոշում)

15. Ներդիրն ուժի մեջ է, եթե դրա և (կամ) համապատասխան լիցենզիայի գործողությունը չի դադարեցվել (կասեցվել):

16. Պարտադիր պահանջներից որևէ մեկի բացակայության կամ անհամապատասխանության դեպքում ավտոմոբիլի համար ներդիր չի հատկացվում:

17. Արգելվում է ներդիրի փոխանցումն այլ մարդատար-տաքսի ավտոմոբիլին:

18. Կազմակերպության կողմից որևէ ավտոմոբիլով այլևս ուղևորափոխադրումներ չիրականացնելու դեպքում կազմակերպությունը տվյալ ավտոմոբիլին հատկացված ներդիրը հանձնում է լիցենզավորող մարմին:

19. Լիցենզավորված կազմակերպության ավտոմոբիլի փոխարինումը և ներդիրի հատկացումն իրականացվում է սույն կարգի պահանջներին համապատասխան:

 

III. ՏԱՔՍԱՄՈՏՈՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

20. Մարդատար-տաքսի ավտոմոբիլը պետք է ունենա`

i

1) ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված սակաչափիչ.

2) տանիքին` «ՏԱՔՍԻ» գրառմամբ կամ շախմատաձև դեղին և սև տարբերանշան.

3) ուղեսրահում` տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության և տվյալ ավտոմոբիլի վարորդի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի մասին տեղեկատվություն (կազմակերպության անվանումը (բացառությամբ ֆիզիկական անձանց), հեռախոսահամարը, վարորդի անունը, ազգանունը).

4) թափքի կողային մասում և ուղեսրահում գնացուցակ, որն առնվազն պետք է ներառի` ուղևորափոխադրման նվազագույն արժեքը (առկայության դեպքում), ուղևորափոխադրման սակագինը, նստելավարձի և (կամ) սպասելավարձի մասին տեղեկատվություն (առկայության դեպքում):

(20-րդ կետը փոփ. 17.06.2022 թիվ 889-Ն որոշում)

i

20.1. Օդանավակայանի տաքսի ծառայությունում ներգրավվող մարդատար-տաքսի ավտոմոբիլը պետք է լինի`

1) մինչև յոթ տարվա արտադրության.

2) սպիտակ հիմնագույնի.

3) գործարանային վառելիքային համակարգով շահագործվող.

4) ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված սակաչափիչով.

5) «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ:

(20.1-րդ կետը լրաց. 17.06.2022 թիվ 889-Ն որոշում)

i

21. Սակաչափիչը պետք է ստուգաչափվի կոնկրետ ավտոմոբիլի համար, կնքվի և ամրացվի այդ ավտոմոբիլին:

(21-րդ կետը փոփ. 17.06.2022 թիվ 889-Ն որոշում)

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

22. Լիցենզիան ուժի մեջ է մտնում այն լիցենզավորված կազմակերպությանը պատշաճ ձևով հանձնվելու կամ ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից:

i

23. Լիցենզիայի և ներդիրների ձևաթղթերն ստորագրվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից և կնքվում նույն նախարարության` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիքով:

(23-րդ կետը փոփ. 06.06.2019 թիվ 733-Ն, 05.12.2019 թիվ 1720-Ն որոշումներ)

24. Լիցենզիան վերաձևակերպվում է, գործողությունը կասեցվում, դադարեցվում է և կրկնօրինակը տրամադրվում է օրենքով սահմանված կարգով:

25. Լիցենզիայի գործողության դադարեցման մասին դիմումի հետ միասին լիազոր մարմին են ներկայացվում կազմակերպությանը տրամադրված լիցենզիայի բնօրինակը և ներդիրները:

 

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԵՐԻ ՄԵՐԺՈՒՄԸ

 

i

26. Լիցենզիայի և ներդիրի (ներդիրների) ստացման մասին հայտերը մերժվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, ինչպես նաև, եթե`

1) ներկայացված փաստաթղթերի համաձայն ավտոմոբիլները չեն համապատասխանում սույն կարգի 20-րդ և 20.1-ին կետերով սահմանված պահանջներին.

2) կազմակերպության համապատասխան վարորդը չի համապատասխանում սույն կարգի 10-րդ կետով և 11.2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջներին.

3) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան տուրքը չվճարելը:

(26-րդ կետը փոփ. 17.06.2022 թիվ 889-Ն որոշում)

 

Ձև N 1

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅՏ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայտատու _____________________________________________________________

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ

ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

Գտնվելու վայրը _______________________________________________________

(կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ

կամ ֆիզիկական անձի հաշվառման վայրը)

 

Կազմակերպության պետական գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական

հաշվառման համարը (ֆիզիկական անձի դեպքում չի լրացվում) ________________

 

Խնդրում եմ տրամադրել լիցենզիա` մարդատար-տաքսի ավտոմոբիլներով

փոխադրումներ իրականացնելու համար:

 

._.

._. Կից ներկայացվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլներով

ուղևորափոխադրումների կազմակերպման համար պետական տուրքի վճարման

անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից

գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը

(ֆիզիկական անձի դեպքում չի ներկայացվում)

._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.

._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.._.

(Լրացվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում):

 

Նախապես ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող ՀՀ օրենքների և այլ

իրավական ակտերի պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց

կատարումը:

Հայտնում եմ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված փաստաթղթերում առկա տվյալները հավաստի են:

 

Հայտատու _______________________________________________________

(պաշտոնը)

 

    _________________________               _____________________

       (անունը, ազգանունը)                    (ստորագրությունը)

 

_____ __________________ 20 թ.

 

(1-ին ձևը փոփ. 06.06.2019 թիվ 733-Ն, 05.12.2019 թիվ 1720-Ն որոշումներ)

 

Ձև N 2

 

ՀԱՅՏ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ (ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ տրամադրել __________ լիցենզիայի ներդիր (ներդիրներ)` կից ցանկով ներկայացված ավտոմոբիլների համար` Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ իրականացնելու նպատակով:

 

Հայտատու_____________________________________________________________

(կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ

ֆիզիկական անձի բնակության վայրը)

_____________________________________________________________________

 

Լրացուցիչ տեղեկություններ ___________________________________________

 

_____________________________________________________________________

 

Նախապես ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:

Կից ներկայացնում եմ գործող կարգի պահանջներով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց իսկությունը հավաստում եմ:

 

    Հայտատու       _________________     ________________________________

                   (ստորագրությունը)          (անունը, ազգանունը)

 

_____ _______________ 20 ____թ.

 

Ձև N 3

 

i

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Կազմակերպության անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը ____________________________________, պետական գրանցման (հաշվառման) համարը (ֆիզիկական անձի դեպքում չի լրացվում)

_______________________________

Հայտարարում եմ, որ ___________________________ Հայաստանի Հանրապետության

(վարորդի անունը, ազգանունը,

անձնագրի սերիան)

 

քրեական օրենսգրքի 342-րդ, 343-րդ, 538-րդ հոդվածներով սահմանված արարքների համար դատապարտված չեմ կամ դատապարտված լինելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դատվածությունս հանված կամ մարված է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 383-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին ցանկով հաստատված հիվանդություններով չեմ տառապում:

 

    _______________________________            _________________

    (անունը, ազգանունը)                        (ստորագրությունը)

 

_______ _______________ 20 թ.

(ամիսը, ամսաթիվը)

 

(3-րդ ձևը փոփ. 17.06.2022 թիվ 889-Ն որոշում)

 

Ձև N 4

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅՏ

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայտատու_______________________________________________________________

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը,

հայրանունը, ազգանունը)

 

Գտնվելու վայրը________________________________________________________

(կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ

հաշվառման վայրը)

 

Կազմակերպության պետական գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը

Խնդրում եմ տրամադրել լիցենզիա` անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման համար:

[] Կից ներկայացվում է` անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (ֆիզիկական անձի դեպքում չի ներկայացվում) [][][][][][][][][][][][][][][][][][][][] (Լրացվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում):

Նախապես ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:

Հայտնում եմ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված փաստաթղթերում առկա տվյալները հավաստի են:

 

Հայտատու_____________________________________________________________

(պաշտոնը)

    ________________________________      _______________________________

    (անունը, ազգանունը)                   (ստորագրությունը)

 

______ _________________ 20 թ.

 

Ձև N 5

 

ՀԱՅՏ

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ (ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ տրամադրել _______________ լիցենզիայի ներդիր (ներդիրներ)` կից ցանկով ներկայացված ավտոմոբիլների համար` անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման նպատակով:

 

Հայտատու_________________________________________________________

(կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ

հաշվառման վայրը)

 

Լրացուցիչ տեղեկություններ__________________________________________

_______________________________________________________________________

 

Նախապես ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:

Կից ներկայացնում եմ գործող կարգի պահանջներով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց իսկությունը հավաստում եմ:

 

Հայտատու____________________________________________________________

(պաշտոնը)

    _____________________________           ____________________________

        (անունը, ազգանունը)                     (ստորագրությունը)

 

______ _________________ 20 թ.

 

(5-րդ ձևը լրաց. 17.06.2022 թիվ 889-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

ՀՀ կառավարության

2014 թվականի դեկտեմբերի 11-ի

N 1471-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ

ՏԾ կամ ՏՕ կամ ՏՖ N 00000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ (ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ)

 

_________________________________________________________________________

(նշվում է` անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից

մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպում կամ անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպում կամ ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի

ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացում)

 

Տրվում է______________________________________________________________

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ

ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի)

__________________________________________________________________

                      (գտնվելու (բնակության) վայրը)

 

    Լիցենզիայի գործողության ժամկետը         անժամկետ

 

    Լիցենզիան տալու ամսաթիվը                «» ______________20 թ.

 

ՀՀ տարածքային կառավարման և

    ենթակառուցվածքների նախարար    ____________________  ___________________

                                   (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

____ _____________ 20 թ.

 

(2-րդ հավելվածը փոփ. 06.06.2019 թիվ 733-Ն, 05.12.2019 թիվ 1720-Ն, 17.06.2022 թիվ 889-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.12.2014
N 1471-Ն
Որոշում