Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐԻՑ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՑՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԲԱՆԿԵՐԻՑ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (1-ԻՆ ՄԱՍ)

 

 

050.0377.090215

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «09»        02            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05015028

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 2014 թվականի թիվ 377-Ն

 

«ԲԱՆԿԵՐԻՑ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Նպատակ ունենալով` բարելավել բանկերից ստացվող տվյալների որակը, օպտիմալացնել բանկերի հաշվետվական համակարգը,

հիմք ընդունելով` «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը,

ղեկավարվելով` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բանկերից համապարփակ տվյալների ստացման կարգը»` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի մարտի 1-ին: 2015 թվականի մարտ և ապրիլ հաշվետու ամիսների համար հաշվետվությունները ներկայացվում են 2015 թվականի մայիսի 15-ին:

 

Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի դեկտեմբերի 30-ի

թիվ 377-Ն որոշմամբ

 

ԲԱՆԿԵՐԻՑ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳ

 

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է հաշվետու բանկի հաշվեկշռային և հետհաշվեկշռային ակտիվների ու պարտավորությունների, ինչպես նաև հաշվետու բանկի հետ ակտիվ կամ պարտավորություն առաջացնող գործարք իրականացրած անձանց վերաբերյալ տեղեկատվությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ` Կենտրոնական բանկ) ներկայացնելու սկզբունքները:

2. Սույն կարգում ներկայացվում է «Ծանոթագրություն ակտիվների վերաբերյալ», «Ծանոթագրություն պարտավորությունների վերաբերյալ» և «Ծանոթագրություն ֆինանսական վիճակի վերաբերյալ» հաշվետվությունների լրացման կարգը:

3. Հաշվետվություններում հաշվետու բանկի հաճախորդների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է ակտիվի կամ պարտավորության ծագման պահի դրությամբ առկա արժանահավատ տեղեկատվության հիման վրա, որը պետք է ճշգրտվի առնվազն հաշվետու բանկի` ակտիվների և պարտավորությունների գծով իրականացվող մոնիտորինգի պարբերականությանը համապատասխան:

4. Հաշվետվությունների այն սյունակներում, որտեղ պահանջվում է լրացնել ծավալային (ոչ տեքստային) տվյալներ, ապա

1) լրացվում է 0, եթե տվյալ հոդվածի գծով հաշվետվությունում պահանջվող այլ մնացորդների առկայության դեպքում տվյալ մնացորդը հավասար է զրոյի,

2) չի լրացվում, եթե տվյալ սյունակը տվյալ հոդվածի համար ենթակա չէ լրացման:

5. Հաշվետվություններում գումարները լրացվում են հազար դրամներով կետից հետո երեք նիշի ճշտությամբ, իսկ տոկոսադրույքները լրացվում են կետից հետո երկու նիշի ճշտությամբ: Տեքստային եղանակով լրացվող տեղեկատվության մուտքագրումը իրականացվում է «Յունիկոդ» (Unicode) տառատեսակով:

6. Հաշվետվությունները ներկայացվում են Կենտրոնական բանկ մինչև հաշվետու ժամանակահատվածին հաջորդող 10-րդ աշխատանքային օրը ներառյալ: Սույն կարգում հաշվետու ժամանակահատվածը սահմանվում է մեկ ամիսը: Հաշվետվություններում նշվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվը:

7. Բանկերը պարտավոր են հաշվետվությունները ներկայացնել Իքս-Էմ-Էլ (այսուհետ` XML) ֆորմատով: Կենտրոնական բանկը մշակում և բանկերին է տրամադրում համապատասխան XML-սխեմա (Իքս-Էս-Դի (այսուհետ` XSD) ֆայլ), որի հիման վրա բանկերը ձևավորում են հաշվետվության XML ֆայլը: XSD ֆայլերը պարունակելու են սույն կարգով հաստատված դաշտերի հնարավոր տարբերակների կոդերը և դրանց բացատրությունները:

8. XSD ֆայլերը հրապարակվում են Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում: Սխեմաների ցանկացած փոփոխության դեպքում Կենտրոնական բանկը ավելացնում է դրանց նոր տարբերակները և նշում ամսաթիվը (ժամկետը), որից հետո (որի ընթացքում) հաշվետվությունները ընդունվելու են համաձայն նոր տարբերակի, ինչպես նաև` XSD ֆայլի տարբերակի համարը:

9. Բանկերը պարտավոր են XML ֆայլերը Կենտրոնական բանկ ներկայացնել վեբ-սերվիսների (web-service) միջոցով: Վեբ-սերվիսների տեխնիկական նկարագիրը ներկայացված է սույն կարգի հավելված 9-ում:

10. XML Ֆայլերը պետք է ունենան էլեկտրոնային ստորագրություն: Էլեկտրոնային ստորագրությունները բանկերին տրամադրվում են Կենտրոնական բանկի կողմից:

11. XML ֆայլերի անվանումը պետք է պարունակի միայն թվեր և չգերազանցի 16 նիշը, որից առաջին հինգը նիշը պետք է լինի բանկի կոդը, իսկ հաջորդ 6 նիշը հաշվետվության ամսաթիվը` օօաատտ (օր, ամիս, տարի):

12. Նույն ամսաթվով ներկայացված ամեն նոր հաշվետվություն պետք է ունենա ավելի բարձր տարբերակի (վեր-վեր ()) համար, և ակտուալ է համարվում այդ պահին առկա ամենաբարձր տարբերակ ունեցող հաշվետվությունը:

13. Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների նույնականացումը կատարվում է հրապարակված XSD ֆայլերի գործելու ժամանակահատվածի և համարի հիման վրա: Եթե ներկայացված են միևնույն հաշվետվության երկու XSD տարբերակ, որոնց գործելու ժամանակահատվածը համընկնում է, ապա Կենտրոնական բանկն այդ ժամանակահատվածի սահմաններում ստեղծված մուտքային հաշվետվությունների համար նույնականացումը իրականացնում է տարբերակի ավելի բարձր համար ունեցող XSD սխեմայով:

14. Հաշվետվությունների սխալների տրամադրումն իրականացվում է web-service-ի միջոցով, այսինքն` հաշվետու սուբյեկտը հարցում է անում և ստանում հաշվետվության գծով տվյալ պահին բացահայտված սխալները:

15. Հաշվետվությունը 6-րդ կետում սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում գեներացվում է հիշեցում, որը բանկը կստանա հերթական հարցում կատարելիս` web-service-ի միջոցով:

16. Ներկայացվող XML-ները անցնում են ստուգման հետևյալ փուլերը`

1) ֆայլի տեխնիկական հատկանիշների ստուգում,

2) ֆայլի էլեկտրոնային ստորագրության ստուգում,

3) նույնականացում հաշվետվության մեջ նշված ամսաթվին համապատասխանող XSD ֆայլի նկատմամբ,

4) կոշտ ստուգումներ: Սրանք այն ստուգումներն են, որոնց արդյունքները միանշանակ են, սակայն հնարավոր չէ ներառել դրանք XSD-ի մեջ: Կոշտ ստուգումների ցանկը ներկայացված է սույն կարգի Հավելված 8-ում:

Սույն կետում նշված փուլերն իրականացվում են տեղում: Ստուգման արդյունքում սխալների հայտնաբերման դեպքում հաշվետվությունը կհամարվի չներկայացված, և հաշվետու բանկը պարտավոր է համապատասխան ճշգրտումներ կատարելուց հետո կրկին ներկայացնել հաշվետվությունը: Հաշվետվությունը համարվում է ընդունված, եթե դրանում սխալներ չեն հայտնաբերվում:

17. Մինչև հաշվետու ժամանակահատվածին հաջորդող 20-րդ օրացուցային օրը Կենտրոնական բանկը իրականացնում է խաչաձև և այլ ստուգումներ, որոնց արդյունքում հայտնաբերված սխալները բանկը ստանում է web-service-ի միջոցով հարցում կատարելով: Այս սխալների վերաբերյալ հարցեր առաջանալու դեպքում Կենտրոնական բանկը կարող է web-service-ի միջոցով հաղորդագրություն ուղարկել և բանկը պարտավոր է առնվազն երեք աշխատանքային օրվա ընթացքում արձագանքել դրանց:

18. Բանկի կողմից հաշվետվությունը սխալ ամսաթվով ներկայացնելու դեպքում այն մերժվում է համակարգի կողմից և համարվում է չներկայացված:

19. Հաշվետվություններում մեկ տարին ընդունվում է տվյալ տարվա օրացուցային օրերի քանակով` 365 կամ 366 օր:

20. Հաշվետվություններում սահմանված միջակայքերի վերին սահմանները չեն ընդգրկվում տվյալ միջակայքերում (օրինակ` «1-ից 2 տարի» միջակայքում 2-րդ տարին չի ընդգրկվում), եթե հաջորդող միջակայքերի վերին և ստորին սահմանները համընկնում են:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

21. Սույն կարգում օգտագործված հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.

1) «Հաշվային պլան»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 322-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1032-Ն հրամանով համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը»,

2) «Դասակարգման կարգ»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգ» և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 188 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման կարգը»,

3) «Լրացուցիչ պահուստավորման կարգ»` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի մայիսի 29-ի թիվ 143-Ա որոշմամբ հաստատված «Առանց ակտիվների դասակարգման լրացուցիչ պահուստավորում իրականացնելու կարգ»,

4) «Բանկի աշխատակից»` հաշվետու բանկի հետ որոշակի կամ անորոշ ժամկետով կնքած պայմանագրով աշխատող անձ,

5) «Վարկանշային գործակալություն»` Moody's Investors Service (Մուդիզ Ինվեստորս Սերվիս), Standard & Poor's (Ստանդարտ և Փուրզ), Fitch Ratings (Ֆիտչ Ռեյտինգս), A.M. Best (Ա.Մ. Բեստ) վարկանշային գործակալություններ,

6) «Առևտրային կազմակերպություն»` շահույթ հետապնդող կազմակերպություն, որը գործում է սույն կարգի հավելված 2-ի 2-րդ կետի 1-10-րդ և 12-17-րդ ենթակետերում սահմանված բնագավառներում,

7) «Ենթահաշվետվություն»` ակտիվների կամ պարտավորությունների որոշ տեսակները բնութագրող տվյալների համախումբ,

8) «Ակտիվ»` հաշվային պլանի «Ակտիվներ» կարգում հաշվառվող ու պահանջ հանդիսացող ակտիվները (բացառությամբ` հաշվետու բանկի` իր մասնաճյուղերի նկատմամբ հաշվարկների), անհուսալի դասակարգված ակտիվները, բլանկային ակտիվները, ածանցյալ գործիքների գծով ապագայում ստացվելիք գումարները, հետհաշվեկշռային պայմանական ակտիվները և տրված ակտիվների գծերի չօգտագործված մասերը,

9) «Ակտիվի համախառն հաշվեկշռային մնացորդ (արժեք)»` ակտիվի գծով հաշվեկշռում հաշվեգրված գումարը, ներառյալ` տոկոսները, շահութաբաժինները, տույժերը և տուգանքները (առկայության դեպքում)` նվազեցրած չկրած ֆինանսական եկամուտները (առկայության դեպքում) և չնվազեցրած պահուստները,

10) «Պարտավորություն»` հաշվային պլանի «Պարտավորություններ» կարգում հաշվառվող պարտավորությունները, ածանցյալ գործիքների գծով ապագայում վճարվելիք գումարները և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները (բացառությամբ` վարկային և միջոցների այլ գծերի),

11) «Պարտավորության համախառն հաշվեկշռային մնացորդ (արժեք)»` պարտավորության գծով հաշվեկշռում հաշվեգրված գումարը, ներառյալ` տոկոսները, տույժերը և տուգանքները (առկայության դեպքում) ու նվազեցրած չկրած ֆինանսական ծախսերը (առկայության դեպքում),

12) «Երկարաժամկետ ստորադաս փոխառություն»` ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի (այսուհետ` Կանոնակարգ 2) հավելված 10-ով սահմանված նշանակության,

13) «Կրեդիտորական պարտք»` հաշվեկշռային պարտավորությունների բոլոր տեսակները, որոնք սահմանված չեն «Վարկային (ավանդային) պարտավորությունների և արժեթղթերի վերաբերյալ» ենթահաշվետվությունում,

14) «Դեբիտորական պարտք»` պահանջ հանդիսացող հաշվեկշռային ակտիվների բոլոր տեսակները, որոնք չեն ներկայացվում «Վարկային ներդրումների և արժեթղթերի վերաբերյալ» ենթահաշվետվության շրջանակներում,

15) «Վերականգնվող վարկային գիծ և օվերդրաֆտ»` վարկային գիծ և օվերդրաֆտ, որի օգտագործված մասը մարվելու դեպքում պայմանագրով նախատեսվում է նույն չափով չօգտագործված մասի աճ,

16) «Չվերականգնվող վարկային գիծ և օվերդրաֆտ»` վարկային գիծ և օվերդրաֆտ, որի օգտագործված մասը մարվելու դեպքում պայմանագրով չի նախատեսվում նույն չափով չօգտագործված մասի աճ,

17) «Այլ վարկային գիծ և օվերդրաֆտ»` վարկային գիծ և օվերդրաֆտ, որին բնորոշ են սույն կետի ինչպես 15-րդ, այնպես էլ 16-րդ ենթակետերում նշված հատկանիշները:

 

ԳԼՈՒԽ 3. ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

22. «Ծանոթագրություն ակտիվների վերաբերյալ» հաշվետվությունում` հաշվետու բանկի համար ակտիվ առաջացնող գործարքի կողմ հանդիսացող անձանց (այսուհետ` գործընկեր), իսկ «Ծանոթագրություն պարտավորությունների վերաբերյալ» հաշվետվությունում` հաշվետու բանկի համար պարտավորություն առաջացնող գործարքի կողմ հանդիսացող անձանց (այսուհետ` գործընկեր) վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է համաձայն սույն կարգի 23-32-րդ կետերով սահմանված տարբերակների:

23. «Գործընկերոջ հատվածային պատկանելիությունը» սյունակում լրացվում է գործընկերոջ տեսակը` սույն կարգի հավելված 1-ով սահմանված սկզբունքների հիման վրա: Սյունակում լրացվում է սույն կետի 1-22-րդ ենթակետերում նշված տարբերակներից մեկը, մասնավորապես.

1) «Կենտրոնական (հանրապետական) կառավարման մարմիններ»,

2) «Տեղական ինքնակառավարման մարմին»,

3) «Սոցիալական ապահովության պետական հիմնադրամ»,

4) «Կենտրոնական բանկ»,

5) «Բանկ»,

6) «Վարկային կազմակերպություն»,

7) «Ապահովագրական ընկերություն»,

8) «Կենսաթոշակային հիմնադրամ»,

9) «Ներդրումային ընկերություն»,

10) «Ներդրումային ֆոնդ»,

11) «Ներդրումային ֆոնդի կառավարիչ»,

12) «Վճարահաշվարկային կազմակերպություն»,

13) «Գրավատուն»,

14) «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ»,

15) «Կարգավորվող շուկա» (լրացվում է այն դեպքում, երբ կարգավորվող շուկայի տվյալ հարթակում գործում են տարբեր հատվածային պատկանելիություն ունեցող անձինք և հնարավոր չէ որոշել գործընկերոջ հատվածային պատկանելիությունը),

16) «Այլ ֆինանսական կազմակերպություն»,

17) «Օժանդակ այլ ֆինանսական կազմակերպություն»,

18) «Ոչ ֆինանսական հատվածի կազմակերպություն»,

19) «Անհատ ձեռնարկատեր»,

20) «Այլ տնային տնտեսություն»,

21) «Տնային տնտեսություններին սպասարկող` շահույթ չհետապնդող կազմակերպություններ»:

24. «Գործընկերոջ երկիրը» սյունակում լրացվում է`

1) այն երկրի կոդը (համաձայն ԻՍՕ 3166-1 ալֆա-3 (ISO 3166-1 alpha-3) կոդերի), որի ռեզիդենտ է համարվում գործընկերը` համաձայն սույն կարգի հավելված 3-ով սահմանված չափանիշների,

2) «չի կիրառվում» տարբերակը, եթե գործընկերը սույն կարգի հավելված 4-ով սահմանված չափանիշների համաձայն հանդիսանում է միջազգային կազմակերպություն,

3) եթե գործընկերը ֆինանսական կազմակերպություն է, որը գործարքը կատարել է իր մասնաճյուղի միջոցով, ապա սյունակում լրացվում է այն երկրի կոդը, որի ռեզիդենտ է համարվում տվյալ մասնաճյուղը:

25. «Գործընկերոջ իրավական կարգավիճակը» սյունակում լրացվում է`

1) գործընկերոջ իրավական կարգավիճակը` ըստ հետևյալ տարբերակների` «իրավաբանական անձ», «ֆիզիկական անձ» կամ «անհատ ձեռնարկատեր»,

2) «չի կիրառվում» տարբերակը, եթե գործընկերը սույն կետում նշված իրավական կարգավիճակներից որևէ մեկին չի համապատասխանում:

26. «Գործընկերոջ կոդը» սյունակում լրացվում է`

1) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությանը` Կենտրոնական բանկի կողմից տրամադրված կոդը,

2) «չի կիրառվում» տարբերակը, եթե գործընկերոջը Կենտրոնական բանկը չի տրամադրել կոդ կամ գործընկերը հանդիսանում է փոխանակման կետ, գրավատուն, արտարժույթի դիլեր-բրոքեր կամ արտարժույթի առքուվաճառքի սակարկություններ իրականացնող անձ:

27. «Գործընկերոջ ՍՎԻՖԹ կոդը» սյունակում լրացվում է`

1) ֆինանսական կազմակերպության ՍՎԻՖԹ կոդը,

2) «չի կիրառվում» տարբերակը, եթե գործընկերը ՍՎԻՖԹ կոդ չունի կամ գործընկերը չի հանդիսանում ֆինանսական կազմակերպություն:

28. «Գործընկերոջ` բանկի հետ կապվածությունը» սյունակում լրացվում է`

1) «կապված» տարբերակը, եթե գործընկերը «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն հանդիսանում է բանկի հետ կապված անձ,

2) «կապված չէ» տարբերակը, եթե գործընկերը չի հանդիսանում բանկի հետ կապված անձ` «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն:

29. «Գործընկերոջ մոտ պետական մասնակցությունը» սյունակում լրացվում է`

1) «պետական» տարբերակը, եթե

ա. պետության բաժնեմասը տվյալ կազմակերպությունում գերազանցում է 50%-ը, կամ

բ. պետությունն օրենսդրորեն օժտված է այդ կազմակերպությունը կառավարելու և ղեկավար անձանց նշանակելու հատուկ իրավասությամբ,

2) «ոչ պետական» տարբերակը, եթե ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող գործընկերը սույն կետի առաջին ենթակետում սահմանված պայմաններին չի համապատասխանում,

3) «չի կիրառվում» տարբերակը, եթե գործընկերը հանդիսանում է ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր:

30. «Գործընկերոջ մոտ օտարերկրյա մասնակցություն» սյունակում լրացվում է`

1) «օտարերկրյա» տարբերակը, եթե

ա. ոչ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող անձի (իրավաբանական, ֆիզիկական կամ այլ անձ) բաժնեմասը գործընկեր կազմակերպությունում գերազանցում է 50%-ը, և (կամ)

բ. ոչ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող անձը օրենսդրորեն օժտված է գործընկեր կազմակերպությունը կառավարելու և ղեկավար անձանց նշանակելու հատուկ իրավասությամբ,

2) «չի կիրառվում» տարբերակը, եթե սույն կետի 1)-ին ենթակետում սահմանված պայմանները չեն բավարարվում:

31. «Գործընկերոջ գործունեության նպատակը» սյունակում լրացվում է`

1) «առևտրային» տարբերակը, եթե իրավաբանական անձի գործունեության նպատակը շահույթ ստանալն է,

2) «ոչ առևտրային» տարբերակը, եթե իրավաբանական անձը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում,

3) «չի կիրառվում» տարբերակը, եթե գործընկերը իրավաբանական անձ չի հանդիսանում:

32. «Գործընկերոջը վարկանշող կազմակերպությունը» սյունակում լրացվում է «Moody's» («Մուդիզ»), «Standard and Poor's» (»Ստանդարտ և Փուրզ»), «Fitch Ratings» (»Ֆիտչ Ռեյտինգս»), «A.M. Best» (»Ա.Մ. Բեստ»), «ԿԲ» կամ «չի կիրառվում» տարբերակը: Սյունակում լրացվում է`

1) այն կազմակերպության համար սույն կետով սահմանված տարբերակը, որի կողմից տրված վարկանիշը լրացվել է «Գործընկերոջ/Ակտիվի վարկանիշը» կամ «Գործընկերոջ վարկանիշը» սյունակում,

2) «չի կիրառվում» տարբերակը, եթե «Գործընկերոջ/Ակտիվի վարկանիշը» կամ «Գործընկերոջ վարկանիշը» սյունակում լրացվել է «չի կիրառվում» տարբերակը:

33. Ի լրումն սույն կարգի 23-32-րդ կետերով սահմանված սյունակների` «Ծանոթագրություն ակտիվների վերաբերյալ» հաշվետվությունում լրացվում են նաև 34-37-րդ կետերով սահմանված սյունակները:

34. «Գործընկերոջ` բանկի աշխատակից հանդիսանալը» սյունակում լրացվում է`

1) «աշխատակից է» տարբերակը, եթե գործընկերը հանդիսանում է տվյալ բանկի աշխատակից,

2) «աշխատակից չէ» տարբերակը, եթե գործընկերը չի հանդիսանում տվյալ բանկի աշխատակից,

3) «չի կիրառվում» տարբերակը, եթե գործընկերը չի հանդիսանում ֆիզիկական անձ:

35. «Գործընկերոջ չափը» սյունակում լրացման համար ձեռնարկությունների դասակարգումը իրականացվում է սույն կարգի հավելված 5-ով սահմանված սկզբունքներին համապատասխան: Սյունակի լրացման տարբերակներն են`

1) «գերփոքր»,

2) «փոքր»,

3) «միջին»,

4) «խոշոր»,

5) «չի կիրառվում» տարբերակը, եթե

ա. գործընկերը հանդիսանում է խաղատների և շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող անձ,

բ. գործընկերը հանդիսանում է ոչ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ և (կամ)

գ. գործընկերը չի հանդիսանում առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր:

36. «Գործընկերոջ գործունեության մարզը» սյունակում լրացվում է`

1) Հայաստանի Հանրապետության այն մարզի անվանումը, որտեղից ֆիզիկական անձ հանդիսացող գործընկերը ստանում է Հայաստանի Հանրապետությունում ձևավորվող իր եկամտի հիմնական մասը, իսկ անհատ ձեռնարկատեր կամ առևտրային կազմակերպություն հանդիսացող գործընկերը` իր շահույթի հիմնական մասը,

2) «չի կիրառվում» տարբերակը, եթե

ա. գործընկերը չի հանդիսանում ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր կամ առևտրային կազմակերպություն, և (կամ)

բ. գործընկերոջ եկամուտը (շահույթը) չի ձևավորվում Հայաստանի Հանրապետությունում:

37. «Գործընկերոջ/Ակտիվի վարկանիշը» սյունակում լրացվում է`

1) Վարկանշային գործակալության կամ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված վարկանիշը` Կանոնակարգ 2-ի հավելված 3-ի 4-րդ գլխով սահմանված սկզբունքներին համապատասխան, կամ

2) «չի կիրառվում» տարբերակը, եթե գործընկերը վարկանիշ է ստացել Վարկանշային գործակալությունից կամ Կենտրոնական բանկից տարբերվող կազմակերպության կողմից, կամ գործընկերը չի վարկանշվել:

38. Ի լրումն 23-32-րդ կետերով սահմանված սյունակների, «Ծանոթագրություն պարտավորությունների վերաբերյալ» հաշվետվությունում լրացվում են նաև սույն կարգի 39-43-րդ կետերով սահմանված սյունակները:

39. «Արտասահմանյան ֆինանսական կազմակերպություն հանդիսացող գործընկերը» սյունակում լրացվում է`

1) սույն կարգի հավելված 4-ով սահմանված չափանիշների համաձայն միջազգային կազմակերպություն և արտասահմանյան այլ ֆինանսական կազմակերպություն հանդիսացող գործընկերոջ անվանումը,

2) «չի կիրառվում» տարբերակը, եթե գործընկերը չի հանդիսանում միջազգային կազմակերպություն կամ արտասահմանյան այլ ֆինանսական կազմակերպություն:

40. «Գործընկերոջ գործունեության մարզը» սյունակում լրացվում է`

1) Հայաստանի Հանրապետության այն մարզի անվանումը, որտեղ գրանցված է ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր կամ առևտրային կազմակերպություն հանդիսացող գործընկերը,

2) «չի կիրառվում» տարբերակը, եթե գործընկերը չի հանդիսանում ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր կամ առևտրային կազմակերպություն կամ նշված անձինք գրանցված չեն Հայաստանի Հանրապետության տարածքում:

41. «Գործընկերոջ վարկանիշը» սյունակում լրացվում է`

1) վարկանշային գործակալության կողմից տրամադրված թողարկողի երկարաժամկետ վարկանիշից (բացակայության դեպքում միայն` թողարկողի կարճաժամկետ վարկանիշից) և (կամ) Կենտրոնական բանկի կողմից տրամադրված վարկանիշից ամենացածր վարկանիշը,

2) «չի կիրառվում» տարբերակը, եթե գործընկերը վարկանիշ է ստացել վարկանշային գործակալությունից և Կենտրոնական բանկից տարբերվող կազմակերպության կողմից կամ գործընկերը չի վարկանշվել:

42. «Խոշոր պարտատիրոջ անվանումը» սյունակում լրացվում է`

1) այն պարտատիրոջ անվանումը (անունը, ազգանունը), որի անհատական պահանջները բանկի նկատմամբ հավասար են կամ գերազանցում են բանկի հաշվետու ամսվա միջին օրական ընդհանուր պարտավորությունների 5% սահմանաչափը, կամ

2) փոխկապակցված անձանցից ամենամեծ պարտատիրոջ անվանումը (անունը, ազգանունը), եթե բանկն ունի իրար հետ փոխկապակցված մի քանի պարտատերեր, որոնց հանդեպ բանկի ունեցած պարտավորությունների ընդհանուր գումարը հավասար է կամ գերազանցում է բանկի հաշվետու ամսվա միջին օրական ընդհանուր պարտավորությունների 5% սահմանաչափը,

3) «չի կիրառվում» տարբերակը, եթե անձի անվանումը, համաձայն սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի, ենթակա չէ լրացման տվյալ սյունակում:

43. «Խոշոր պարտատիրոջ նույնականացման տվյալները» սյունակում լրացվում է`

1) սույն կարգի 42-րդ կետի համաձայն ներկայացված անձի հարկային հաշվառման համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշը չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, ոչ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման համարը, իսկ բացակայության դեպքում` տվյալ երկրում իրավաբանական անձանց նույնականացնող այլ տվյալ,

2) «չի կիրառվում» տարբերակը, եթե սույն կարգի 26-րդ և 27-րդ կետերի պահանջների համաձայն նույնականացուցիչ տվյալները լրացվում են այդ կետերով սահմանված սյունակներում կամ եթե սույն կարգի 42-րդ կետում լրացվել է «չի կիրառվում» տարբերակը:

44. Հաշվետվություններում կարգավորվող շուկաներում կնքված գործարքների ներկայացման դեպքում գործընկերների ներկայացման համար նախատեսված սյունակներում լրացվում է «չի կիրառվում» տարբերակը, եթե սյունակներում պահանջվող տեղեկատվությունը հաշվետու բանկին հասանելի չէ:

45. Հաշվետվություններում ռեպո համաձայնագրով վաճառված (փոխառությամբ տրամադրված) արժեթղթերի և ռեպո համաձայնագրով ձեռք բերված արժեթղթերի ներկայացման դեպքում «Գործընկերոջ հատվածային պատկանելիությունը» սյունակում լրացվում է այն անձի վերաբերյալ տվյալը, որին վաճառվել (տրվել) կամ որից գնվել է արժեթուղթը, իսկ հաշվետվությունների այլ սյունակներում լրացվում են արժեթղթի թողարկողի վերաբերյալ տվյալները:

 

ԲԱԺԻՆ 2. ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԳԼՈՒԽ 4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

46. «Ծանոթագրություն ակտիվների վերաբերյալ» հաշվետվությունում (սույն գլխում այսուհետ` հաշվետվություն) ներկայացվում են հաշվետու բանկի ակտիվների ու հաշվետու բանկի համար ակտիվ առաջացնող գործարքի կողմ հանդիսացող անձանց (սույն բաժնում այսուհետ` գործընկեր) վերաբերյալ տեղեկատվություն: Հաշվետվությունը բաղկացած է հետևյալ ենթահաշվետվություններից`

1) «Վարկային ներդրումների և արժեթղթերի վերաբերյալ»,

2) «Դեբիտորական պարտքերի վերաբերյալ»,

3) «Ածանցյալ գործիքների վերաբերյալ»,

4) «Պայմանական ակտիվների և ստացված ֆինանսական գրավի վերաբերյալ»:

Հաշվետվությունում գործընկերների վերաբերյալ տեղեկատվությունը լրացվում է համաձայն սույն կարգի Գլուխ 3-ի:

 

ԳԼՈՒԽ 5. ՎԱՐԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՆԹԱՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

47. «Վարկային ներդրումների և արժեթղթերի վերաբերյալ» ենթահաշվետվության շրջանակներում «Ծանոթագրություն ակտիվների վերաբերյալ» հաշվետվության սյունակները լրացվում են սույն կարգի 48-82-րդ կետերով սահմանված սկզբունքների հիման վրա:

48. «Հաշվառման հաշվի համարը» սյունակում լրացվում է հաշվային պլանում ակտիվի հիմնական (մայր գումարի) գումարի հաշվառման համար նախատեսված հաշվի համարը (օրինակ` 15000, 15002): Այն դեպքում, երբ ակտիվի գծով միաժամանակ առկա են հիմնական (մայր) գումարի հաշվեկշռային և հետհաշվեկշռային մնացորդներ, ապա լրացվում է հաշվեկշռային հոդվածի հաշվառման համարը:

49. «Ակտիվի տեսակը» սյունակում սույն ենթահաշվետվության շրջանակներում ակտիվի տեսակը լրացվում է ըստ հետևյալ տարբերակների`

1) «թղթակցային հաշիվ»,

2) «թանկարժեք մետաղով թղթակցային հաշիվ»,

3) «վարկ»,

4) «փոխառություն»,

5) «վերականգնվող վարկային գիծ»,

6) «չվերականգնվող վարկային գիծ»,

7) «այլ վարկային գիծ»,

8) «վերականգնվող օվերդրաֆտ»,

9) «չվերականգնվող օվերդրաֆտ»,

10) «այլ օվերդրաֆտ»,

11) «օվերնայթ»,

12) «վարկային քարտերով տրամադրված վարկեր»,

13) «ավանդ»,

14) «ֆինանսական վարձակալություն»,

15) «ռեպո համաձայնագիր»,

16) «ֆակտորինգ»,

17) «երաշխիք»,

18) «երաշխավորություն»,

19) «ակրեդիտիվ»,

20) «երկարաժամկետ ստորադաս փոխառություն»,

21) «սովորական բաժնետոմս»,

22) «արտոնյալ բաժնետոմս»,

23) «այլ փայամասնակցություն»,

24) «տոկոսային պարտատոմս»,

25) «ոչ տոկոսային պարտատոմս»,

26) «ռեպո համաձայնագրով վաճառված արժեթուղթ»,

27) «փոխառությամբ տրամադրված արժեթուղթ»,

28) «այլ արժեթուղթ»,

29) այլ:

Սույն հաշվետվության համար նախատեսված լրացման կարգի համաձայն, դեպոնացված և սառեցված միջոցները հաշվետվությունում ներկայացվում են այն ակտիվի համար, որի մաս են կազմում այդ միջոցները, մասնավորապես, թղթակցային հաշվի մաս հանդիսացող, բայց հաշվեկշռում առանձին բացահայտվող դեպոնացված միջոցները ներկայացվում են թղթակցային հաշիվների համար նախատեսված տողերում` համաձայն սույն հաշվետվության լրացման կարգի (Օրինակ` հաշվի վրա առկա է 1000 միավոր, որից 200 միավորը սառեցված է):

50. «Միջազգային (զարգացման) վարկային ծրագրեր» սյունակում լրացվում է`

1) սույն կարգի հավելված 6-ով սահմանված այն վարկային ծրագրի անվանումը, որի շրջանակում տրամադրվել է ակտիվը,

2) «չի կիրառվում» տարբերակը, եթե ակտիվը որևէ միջազգային (զարգացման) ծրագրի շրջանակում չի տրամադրվել:

Այն դեպքում, երբ ակտիվը տրամադրվել է մի քանի վարկային ծրագրերի համաֆինանսավորմամբ, ապա յուրաքանչյուր ծրագրի շրջանակում տրամադրված գումարը պետք է դիտել որպես առանձին ակտիվ:

51. «Վարկավորման բնագավառը» սյունակում լրացվում է`

1) այն ճյուղը, որում օգտագործելու նպատակով տրամադրվել է ակտիվը` համաձայն սույն կարգի հավելված 2-ով սահմանված սկզբունքների: Բաժնային գործիքի համար` այն ճյուղը, որում գործունեություն է ծավալում բաժնային գործիք թողարկող կազմակերպությունը` համաձայն սույն կարգի հավելված 2-ով սահմանված սկզբունքների: Կենտրոնական բանկի հետ գործառնությունները ներկայացնելիս այս սյունակում լրացվում է «Ֆինանսական և ապահովագրական գործունեություն» բաժնի «այլ ֆինանսական կազմակերպություններ» տարբերակը:

2) «չի կիրառվում» տարբերակը` Ֆիզիկական անձանց տրամադրված սպառողական և հիփոթեքային վարկերի դեպքում:

52. «Ակտիվի օգտագործման նպատակը» սյունակում նշվում է ակտիվի օգտագործման նպատակը: Մեկից ավելի նպատակների պարագայում նշվում է այն տարբերակը, որին ուղղված գումարը գերակշռում է: Սույն ենթահաշվետվության շրջանակներում ակտիվի օգտագործման ուղղությունը լրացվում է ըստ հետևյալ տարբերակների`

1) անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեք,

2) անշարժ գույքի կապիտալ վերանորոգման հիփոթեք,

3) անշարժ գույքի շինարարության/կառուցապատման հիփոթեք,

4) անշարժ գույքի ձեռքբերում, վերանորոգում, շինարարություն (այն վարկերի համար, ներառյալ` ֆիզիկական անձանց` նշված նպատակներով, գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնելու համար տրամադրված), որոնք չեն որակվում որպես հիփոթեքային և չեն ընդգրկվում 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում),

5) ապառիկով ապրանքների (կահույքի, կենցաղային և համակարգչային տեխնիկայի, ջեռուցման կամ նմանատիպ այլ համակարգերի, այլ ապրանքներ) և ծառայությունների ձեռքբերման համար սպառողական (կարող է լրացվել միայն ֆիզիկական անձանց պարագայում),

6) ավտոմեքենայի և այլ փոխադրամիջոցների ձեռք բերում,

7) այլ ոչ ընթացիկ ակտիվների ձեռք բերում, վերանորոգում և շինարարություն,

8) ընթացիկ սպառման նպատակով (կարող է լրացվել միայն ֆիզիկական անձանց պարագայում),

9) կրթության ֆինանսավորում (ուսման վարձերը մարելու, դասընթացների մասնակցության, քննությունների գրանցման և հանձնման նպատակով տրամադրված վարկերը` կարող է լրացվել միայն ֆիզիկական անձանց պարագայում),

10) ընթացիկ ակտիվների ձեռք բերում և վերանորոգում (կարող է լրացվել միայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պարագայում: Ֆիզիկական անձանց պարագայում լրացվում է միայն այն դեպքում, երբ վերջիններս գործունեություն են իրականացնում գյուղատնտեսական ոլորտում),

11) պարտավորության մարում,

12) ներմուծման ֆինանսավորում (կարող է լրացվել միայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պարագայում),

13) արտահանման ֆինանսավորում (կարող է լրացվել միայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պարագայում),

14) ֆինանսական ներդրումների (բաժնային և պարտքային արժեթղթերի, բաժնեմասերի ձեռքբերման և ֆինանսական շուկայում այլ գործունեության իրականացման) ֆինանսավորում,

15) այլ նպատակ:

«Ակտիվի օգտագործման նպատակ» դաշտը չի լրացվում այն դեպքերում, երբ «Վարկավորման բնագավառը» սյունակում լրացվել է «Ֆինանսական և ապահովագրական գործունեություն» կամ իրականացվել են ներդրումներ արժեթղթերում (օրինակ` պետական պարտատոմսերում, առևտրային կազմակերպության բաժնետոմսերում և այլն):

53. «Ակտիվի օգտագործման մարզը» սյունակում լրացվում է`

1) Հայաստանի Հանրապետության այն մարզը, որում օգտագործվելու նպատակով ակտիվը (բացառությամբ` բաժնային գործիքի) տրամադրվել է ֆիզիկական անձին, անհատ ձեռնարկատիրոջը կամ առևտրային կազմակերպությանը,

2) «չի կիրառվում» տարբերակը, եթե

ա. ակտիվը բաժնային գործիք է,

բ. ակտիվը Հայաստանի Հանրապետությունում չի օգտագործվելու,

գ. գործընկերը չի հանդիսանում ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր կամ առևտրային կազմակերպություն,

3) «չի բացահայտվել» տարբերակը, եթե հաշվետու բանկը չի բացահայտել միջոցների օգտագործման մարզը,

4) Այն դեպքում, երբ միջոցը օգտագործվելու է մի քանի մարզերում, ապա բանկը լրացնում է այն մարզը, որում օգտագործվելու է ակտիվի մեծ մասը:

54. «Ակտիվի ապահովվածությունը» սյունակում` կախված ապահովվածության առկայության հանգամանքից, լրացվում է`

1) «ապահովված է»,

2) «ապահովված չէ»:

55. «Մայր գումարի արժույթը» սյունակում լրացվում է ակտիվի մայր գումարի արժույթը` համաձայն ISO (ԻՍՕ) 4217 կոդերի, իսկ առարկայազուրկ մետաղական հաշիվների ու արտարժութային ռիսկ պարունակող դրամային հոդվածների ներկայացման համար սյունակում լրացվում են համապատասխանաբար «XMA» («ԷՔՍԷՄԷՅ») և «XAM» (»ԷՔՍԷՅԷՄ») կոդերը:

56. «Տոկոսագումարի, զեղչի կամ շահութաբաժնի արժույթը» սյունակում լրացվում է`

1) ակտիվի գծով հաշվեգրված տոկոսագումարի, զեղչի կամ շահութաբաժնի արժույթը` համաձայն ISO (ԻՍՕ) 4217 կոդերի կամ «XMA» կոդը,

2) «չի կիրառվում», եթե ակտիվի գծով չի նախատեսվում տոկոսագումարի, զեղչի կամ շահութաբաժնի ստացում:

57. «Դասակարգումը» սյունակում լրացվում է`

1) «ստանդարտ»,

2) «հսկվող»,

3) «ոչ ստանդարտ»,

4) «կասկածելի»,

5) «ոչ ռիսկային»,

6) «ռիսկային»,

7) «միջին ռիսկային»,

8) «բարձր ռիսկային»,

9) «անհուսալի», եթե ակտիվը դուրս է գրվել հաշվեկշռից (բացառությամբ` բլանկային ակտիվի),

10) «չդասակարգվող» դասակարգման կարգի համաձայն չի դասակարգվում (բացառությամբ` բլանկային ակտիվի),

11) «չդասակարգվող (բլանկային)»:

Տարբերակների ընտրության համար հիմք է հանդիսանում ակտիվների դասակարգման կարգը, բացառությամբ սույն կետի 10-րդ և 11-րդ ենթակետերի:

58. «Ռիսկի կշիռը» սյունակում լրացվում է «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի հավելված 3-ի համաձայն ակտիվի ստացած ռիսկի կշիռը (առանց ՎՌԶՄ ազդեցության):

59. «Ակտիվի պայմանագրային գումարը» սյունակում լրացվում է ակտիվի` պայմանագրով սահմանված սկզբնական գումարի մեծությունը` ըստ հետևյալ տարբերակների`

1) «մինչև 500.000 դրամ»,

2) «500.000 - 3.000.000 դրամ»,

3) «3.000.001 - 5.000.000 դրամ»,

4) «5.000.001 - 7.000.000 դրամ»,

5) «7.000.001 - 10.000.000 դրամ»,

6) «10.000.001 - 15.000.000 դրամ»,

7) «15.000.001 դրամ և ավելի»:

Վարկային գծերի և ակտիվների այլ գծերի համար սյունակում լրացվում է բանկի կողմից սահմանված առավելագույն սահմանաչափը: Փուլային տրամադրված վարկերի ներկայացման համար սյունակում լրացվում է յուրաքանչյուր փուլի համար նախատեսված սկզբնական գումարի մեծությունը:

60. «Ակտիվի պայմանագրային ժամկետը» սյունակում լրացվում են ակտիվի պայմանագրային ժամկետները` ըստ հետևյալ տարբերակների`

1) «ցպահանջ»,

2) «մինչև 30 օր»,

3) «31-ից 60 օր»,

4) «61-ից 90 օր»,

5) «91-ից 120 օր»,

6) «121-ից 150 օր»,

7) «151-ից 180 օր»,

8) «181 օրից 1 տարի»,

9) «1-ից 2 տարի»,

10) «2-ից 3 տարի»,

11) «3-ից 4 տարի»,

12) «4-ից 5 տարի»,

13) «5-ից 7 տարի»,

14) «7-ից 10 տարի»,

15) «10-ից 12 տարի»,

16) «12-ից 15 տարի»,

17) «15 տարուց ավելի»,

18) «անժամկետ»` եթե ակտիվը ցպահանջ չէ և չունի հստակ սահմանված մարման ժամկետ:

Տարբերակները ընտրվում են համաձայն ակտիվի սկզբնական պայմանագրի (ենթապայմանագրի) գործողության ժամկետի, իսկ պայմանագրային ժամկետի կրճատման դեպքում` համաձայն սահմանված նոր ժամկետի: Եթե ակտիվը տրամադրված է փոփոխվող կամ լողացող տոկոսադրույքով, համաձայն սույն կարգի 63-րդ կետի, այն լրացվում է ըստ տոկոսադրույքների վերանայմանը մնացած ժամկետների, այլ ոչ թե ակտիվի կամ պարտավորության մարմանը մնացած ժամկետների:

61. «Ակտիվի երկարաձգման ժամկետը» սյունակում լրացվում է ակտիվի պայմանագրային վերջնաժամկետի փաստացի երկարաձգման ժամկետը` ըստ հետևյալ տարբերակների`

1) «մինչև 30 օր»,

2) «31-ից 60 օր»,

3) «61-ից 90 օր»,

4) «91-ից 120 օր»,

5) «121-ից 150 օր»,

6) «151-ից 180 օր»,

7) «181 օրից 1 տարի»,

8) «1-ից 2 տարի»,

9) «2-ից 3 տարի»,

10) «3-ից 4 տարի»,

11) «4-ից 5 տարի»,

12) «5-ից 7 տարի»,

13) «7-ից 10 տարի»,

14) «10-ից 12 տարի»,

15) «12-ից 15 տարի»,

16) «15 տարուց ավելի»,

17) «չի կիրառվում», եթե ակտիվը երկարաձգված չէ:

Մի քանի անգամ ակտիվի պայմանագրային ժամկետը երկարաձգելու դեպքում սյունակում լրացվում է ընդհանուր երկարաձգման ժամկետը: Օրինակ` եթե ակտիվի պայմանագրային ժամկետը երկարաձգվել է 5 անգամ 40-ական օրերով, ապա սյունակում ընտրվում է «181 օրից 1 տարի» տարբերակը:

Եթե ակտիվի պայմանագրային ժամկետը երկարաձգվել է նախքան մարման սկզբնական ժամկետի ավարտը, ապա երկարաձգման փաստացի ժամկետը հաշվարկվում է երկարաձգման պայմանագրին նախորդող պայմանագրի ժամկետի ավարտից սկսած:

62. «Ակտիվի պայմանագրային ժամկետը երկարաձգումից հետո» սյունակում լրացվում է ակտիվի պայմանագրային վերջնաժամկետի և երկարաձգման ժամկետների հանրագումարի հիման վրա ձևավորված նոր պայմանագրային ժամկետը` ըստ հետևյալ տարբերակների`

1) «մինչև 30 օր»,

2) «31-ից 60 օր»,

3) «61-ից 90 օր»,

4) «91-ից 120 օր»,

5) «121-ից 150 օր»,

6) «151-ից 180 օր»,

7) «181 օրից 1 տարի»,

8) «1-ից 2 տարի»,

9) «2-ից 3 տարի»,

10) «3-ից 4 տարի»,

11) «4-ից 5 տարի»,

12) «5-ից 7 տարի»,

13) «7-ից 10 տարի»,

14) «10-ից 12 տարի»,

15) «12-ից 15 տարի»,

16) «15 տարուց ավելի»,

17) «չի կիրառվում», եթե ակտիվի պայմանագրային ժամկետը չի երկարաձգվել:

63. «Տոկոսադրույքի տեսակը» սյունակում լրացվում է`

1) «անտոկոս» տարբերակը, եթե ակտիվը տեղաբաշխվել է առանց տոկոսների ստացման պայմանի,

2) «ֆիքսված» տարբերակը, եթե ակտիվը տեղաբաշխվել է ֆիքսված տոկոսադրույքով,

3) «փոփոխվող» տարբերակը, եթե

ա. ակտիվը տեղաբաշխվել է այնպիսի ֆիքսված տոկոսադրույքով, որը պայմանագրի համաձայն վերանայվելու է կամ կարող է վերանայվել, կամ

բ. ակտիվի գծով տոկոսադրույքը սահմանվել է` որպես փոփոխվող բազային տոկոսադրույքի և որոշակի մարժայի հանրագումար, ընդ որում փոփոխվող բազային տոկոսադրույքի վրա հաշվետու բանկը ուղղակիորեն կարող է ազդեցություն ունենալ (օրինակ` բանկի հաշվարկային տոկոսադրույք +2.5%),

4) «լողացող» տարբերակը, եթե տոկոսադրույքը սահմանվել է` որպես շուկայական փոփոխվող բազային տոկոսադրույքի և որոշակի մարժայի հանրագումար, ընդ որում, փոփոխվող բազային տոկոսադրույքի վրա հաշվետու բանկը ուղղակիորեն չի կարող ազդեցություն ունենալ (օրինակ` ԼԻԲՈՐ+2.5%),

5) «լողացող-փոփոխվող» տարբերակը, եթե կիրառվող տոկոսադրույքը միաժամանակ բավարարում է սույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված պայմաններին,

6) «չի կիրառվում» տարբերակը, եթե ակտիվը բաժնային գործիք է:

64. «Տոկոսադրույքի փոփոխմանը մնացած ժամկետը» սյունակում լրացվում է ակտիվի նկատմամբ կիրառվող տոկոսադրույքի վերանայմանը մնացած ժամկետները` ըստ հետևյալ տարբերակների`

1) «մինչև 30 օր»,

2) «31-ից 60 օր»,

3) «61-ից 90 օր»,

4) «91-ից 120 օր»,

5) «121-ից 150 օր»,

6) «151-ից 180 օր»,

7) «181 օրից 1 տարի»,

8) «1-ից 2 տարի»,

9) «2-ից 3 տարի»,

10) «3-ից 4 տարի»,

11) «4-ից 5 տարի»,

12) «5-ից 7 տարի»,

13) «7-ից 10 տարի»,

14) «10-ից 12 տարի»,

15) «12-ից 15 տարի»,

16) «15 տարուց ավելի»,

18) «անորոշ ժամկետ»,

19) «չի կիրառվում», եթե ակտիվի գծով կիրառվող տոկոսադրույքի փոփոխության հնարավորություն պայմանագրով նախատեսված չէ:

65. «Լողացող/փոփոխվող տոկոսադրույքի ինդեքսը (դրույքը)» սյունակում լրացվում է`

1) տոկոսադրույքի այն ինդեքսը (դրույքը), որը ընդգրկվել է փոփոխվող և (կամ) լողացող տոկոսադրույքի հիմքում (օրինակ` 1-ամսյա «ԼԻԲՈՐ», 3-ամսյա «ԼԻԲՈՐ», 3-ամսյա «ԼԻԲՈՐ»/բանկի հաշվարկային դրույք),

2) «չի կիրառվում» տարբերակը, եթե ակտիվի գծով չի սահմանվել ինդեքս (դրույք):

66. «Անվանական տոկոսադրույքը/մասնաբաժինը» սյունակում լրացվում է`

1) ակտիվի` պայմանագրով սահմանված անվանական տոկոսադրույքը կամ կազմակերպությունում բանկի մասնակցության չափը: Այն դեպքում, երբ միջոցը տեղաբաշխվել է փոփոխվող և (կամ) լողացող տոկոսադրույքով, ապա սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ գործող տոկոսադրույքը:

2) սյունակը չի լրացվում, եթե ակտիվը տեղաբաշխվել է առանց տոկոսների (բացառությամբ` զրոյական տոկոսադրույքի) ստացման պայմանի:

67. «Հետհաշվեկշռային հոդվածի տոկոսադրույքը» սյունակում լրացվում է`

1) տրված ակտիվների գծերի չօգտագործված մասերի նկատմամբ կիրառվող տոկոսադրույքները,

2) սյունակը չի լրացվում, եթե տրված ակտիվների գծերի չօգտագործված մասերի նկատմամբ չի կիրառվում տոկոսադրույք կամ գործիքը չի հանդիսանում ակտիվի գիծ:

68. «Տարեկան արդյունավետ տոկոսադրույքը», «Տարեկան փաստացի տոկոսադրույքը` գործընկերոջ տեսանկյունից (APRC)» և «Տարեկան արդյունավետ տոկոսադրույքը` բանկի տեսանկյունից» սյունակներում լրացվում է ակտիվների համապատասխանաբար տարեկան արդյունավետ տոկոսադրույքը և գործընկերոջ տեսանկյունից բոլոր դրամական հոսքերը ներառող տարեկան փաստացի տոկոսադրույքը (APRC)` հաշվարկված սույն կարգի հավելված 7-ով սահմանված կարգին համապատասխան ու բանկի տեսանկյունից բոլոր դրամական հոսքերը ներառող տարեկան արդյունավետ տոկոսադրույքը` հաշվարկված Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան:

1) «Տարեկան արդյունավետ տոկոսադրույք» սյունակը չի լրացվում ցպահանջ և անժամկետ ակտիվների համար:

2) «Տարեկան արդյունավետ տոկոսադրույքը` բանկի տեսանկյունից» սյունակը չի լրացվում ցպահանջ, անժամկետ և կանխատեսելի դրամական հոսքեր չունեցող ակտիվների համար:

3) «Տարեկան փաստացի տոկոսադրույք` գործընկերոջ տեսանկյունից (APRC)» սյունակը չի լրացվում հետևյալ դեպքերի համար`

ա. բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հետ իրականացված գործարքների համար,

բ. ցպահանջ և անժամկետ միջոցների համար:

4) Այն դեպքում, երբ միջոցը տեղաբաշխվել է փոփոխվող և (կամ) լողացող տոկոսադրույքով, ապա սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ գործող տոկոսադրույքը:

69. «Ակտիվի մարմանը մնացած ժամկետայնությունը» սյունակում լրացվում է ակտիվի մայր գումարի, հաշվեգրված անվանական տոկոսագումարների և ակտիվի գծով հաշվեգրված այլ գումարների հանրագումարը` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ` ըստ մարմանը մնացած ժամկետների (աշխատող ակտիվների համար):

1) «Ժամկետային» չաշխատող ակտիվի գծով սույն կետով պահանջվող գումարների ակտիվի ժամկետում գտնվող մասը,

2) «Ժամկետանց» չաշխատող ակտիվի գծով սույն կետով պահանջվող գումարների ժամկետանց մասը

3) «մինչև 30 օր»,

4) «31-ից 60 օր»,

5) «61-ից 90 օր»,

6) «91-ից 120 օր»,

7) «121-ից 150 օր»,

8) «151-ից 180 օր»,

9) «181 օրից 1 տարի»,

10) «1-ից 2 տարի»,

11) «2-ից 3 տարի»,

12) «3-ից 4 տարի»,

13) «4-ից 5 տարի»,

14) «5-ից 7 տարի»,

15) «7-ից 10 տարի»,

16) «10-ից 12 տարի»,

17) «12-ից 15 տարի»,

18) «15 տարուց ավելի»:

Երկարաձգված ակտիվը ենթասյունակներում ներկայացվում է երկարաձգման պայմանագրով սահմանված մարման նոր ժամկետայնությամբ: Այն դեպքում, երբ ցպահանջ ակտիվը սառեցվել (դեպոնացվել, գրավադրվել) է որոշակի ժամկետով, ապա սառեցված (դեպոնացված, գրավադրված) մասը համարվում է ժամկետային միջոց և արտացոլվում է համապատասխան (պայմանագրով սահմանված սառեցման (դեպոնացման, գրավադրման) ժամկետով) ժամկետային ենթասյունակներում:

Ցպահանջ և անժամկետ գումարները ենթասյունակներում (բացառությամբ` «Ժամկետանց» ենթասյունակի) չեն արտացոլվում:

Անհուսալի դասակարգված ակտիվները ենթասյունակներում չեն արտացոլվում:

Բլանկային ակտիվները ենթասյունակներում լրացվում են համաձայն սույն կետով սահմանված սկզբունքների, եթե ըստ դասակարգման կարգի ակտիվը չի բավարարում անհուսալի ճանաչման չափանիշներին` վերջին դասակարգման օրվա դրությամբ կամ չեն լրացվում, եթե ըստ դասակարգման կարգի ակտիվը բավարարում է անհուսալի ճանաչման չափանիշներին` վերջին դասակարգման օրվա դրությամբ:

70. «Հնարավոր կորուստների պահուստը» սյունակում ներկայացվում է դասակարգման կարգի համաձայն ակտիվի (բացառությամբ` հետհաշվեկշռային հոդվածի) գծով ձևավորված հնարավոր կորուստների ընդհանուր կամ հատուկ պահուստի մնացորդը` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:

71. «Հնարավոր կորուստների պահուստը` հետհաշվեկշռային հոդվածի գծով» սյունակում լրացվում է ակտիվի գծի չօգտագործված մասի համար ձևավորված հնարավոր կորուստների ընդհանուր կամ հատուկ պահուստի մնացորդը` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:

72. «Լրացուցիչ պահուստը» սյունակում լրացվում է լրացուցիչ պահուստավորման կարգի համաձայն ակտիվների գծով ձևավորված լրացուցիչ պահուստը` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:

73. «Դեպոնացված և սառեցված միջոցների արժեքը» սյունակում լրացվում է ակտիվի այն մասի արժեքը, որը դեպոնացվել կամ սառեցվել է:

74. «Տոկոսագումարի/զեղչի/շահաբաժնի մնացորդը» սյունակում լրացվում է ակտիվի գծով հաշվեգրված և չվճարված տոկոսագումարի, զեղչի կամ շահութաբաժնի գծով հաշվեգրված և չվճարված մնացորդը` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:

75. «Տույժի/տուգանքի մնացորդը» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ ակտիվի գծով հաշվեգրված և չվճարված տույժերի ու տուգանքների մնացորդը:

76. «Ակտիվի մայր գումարի մնացորդը» սյունակում լրացվում է`

1) ակտիվի (այդ թվում` անհուսալի դասակարգված և բլանկային ակտիվների) մայր գումարի (հիմնական գումարի) մնացորդը` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ,

2) սյունակը չի լրացվում իրական արժեքով հաշվառվող հոդվածների համար:

77. «Կշռվող գումար» սյունակում լրացվում է`

1) ակտիվի մնացորդային գումարի այն մասը, որը կշարունակի կշռվել ակտիվի ռիսկի կշռով զսպման մեխանիզմների կիրառումից հետո (Օրինակ` 1000 միավոր մնացորդային արժեք և 100% ռիսկի կշիռ ունեցող ակտիվի դեպքում, որի 300 միավորը ապահովված է դրամական միջոցներով (0% ռիսկի կշիռ), իսկ 500 միավորը` երաշխիքով (50% ռիսկի կշիռ), տվյալ ակտիվի տողի սույն սյունակում կլրացվի միայն 200 միավոր (1000-300-500=200), այն գումարը, որը ծածկված չէ ապահովվածությամբ և կշարունակի կշռվել ակտիվի ռիսկի կշռով),

2) 0, եթե ակտիվը ամբողջովին ենթակա է ՎՌԶՄ ազդեցության (Օրինակ 1` 1000 միավոր մնացորդային արժեք և 100% ռիսկի կշիռ ունեցող ակտիվի դեպքում, որը ապահովված է դրամական միջոցներով 1200 միավորի չափով, տվյալ ակտիվի տողի սույն սյունակում կլրացվի 0: Օրինակ 2` 700 և 300 միավոր մնացորդային արժեքներ և համապատասխանաբար 100% և 50% ռիսկի կշիռ ունեցող ակտիվները ապահովված են մեկ ավանդով 1000 միավորի չափով: Յուրաքանչյուր ակտիվի տողի սույն սյունակում կլրացվի 0):

78. «Հետհաշվեկշռային հոդվածի գծով տոկոսագումարի մնացորդը» սյունակում լրացվում են վարկային գծերի կամ ակտիվների այլ գծերի չօգտագործված մասերի գծով հաշվեգրված և չվճարված տոկոսագումարների մնացորդները` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ: Այլ պայմանական պարտավորությունների գծով հաշվեգրված տոկոսագումարները լրացվում են «Դեբիտորական պարտքերի վերաբերյալ» ենթահաշվետվությունում` որպես «դեբիտորական այլ պարտք»` համաձայն տվյալ ենթահաշվետվության լրացման կարգի:

79. «Ակտիվի համախառն հաշվեկշռային մնացորդը» սյունակում լրացվում է`

1) ակտիվի համախառն հաշվեկշռային մնացորդը` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ,

2) «0», եթե ակտիվը հանդիսանում է թղթակցային հաշիվ, որի համախառն հաշվեկշռային մնացորդը 0 է:

80. «Հետհաշվեկշռային հոդվածի մնացորդը» սյունակում լրացվում է անհուսալի դասակարգված ակտիվների, բլանկային ակտիվների, վարկային գծերի և այլ տրված ակտիվների գծերի` հետհաշվեկշռում գրանցված մնացորդը` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ:

81. «Անշարժ գույք հանդիսացող ապահովվածության արժեքը», «Ոսկյա իրեր հանդիսացող ապահովվածության արժեքը», «Ավտոմեքենա հանդիսացող ապահովվածության արժեքը», «Այլ շարժական գույք հանդիսացող ապահովվածության արժեքը», «Այլ ապահովվածության արժեքը» սյունակներում համապատասխանաբար լրացվում են որպես ակտիվի ապահովվածություն հանդիսացող անշարժ գույքի, շարժական գույքի և (կամ) այլ ապահովվածության միջոցի արժեքը կամ միջոցների արժեքների հանրագումարը` հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ: «Այլ ապահովվածության արժեք» սյունակում լրացվում է ակտիվի ապահովվածություն հանդիսացող երաշխիքների, արժեթղթերի և նմանատիպ այլ գործիքների գումարը, այդ թվում ռեպո համաձայնագրի և ռեպո համաձայնագրով վաճառված արժեթղթի գծով ապահովվածության արժեքը:

1) Այն դեպքում, երբ միջոցը հանդիսանում է չհամախմբվող մի քանի ակտիվների ապահովվածություն, և ապահովվածության միջոցի հստակ տարանջատում ըստ ակտիվների առկա չէ, ապա յուրաքանչյուր ակտիվի համար սյունակում լրացվում է ապահովվածության միջոցի` բանկի կողմից գնահատված տվյալ ակտիվին բաժին ընկնող արժեքը:

2) Այն դեպքում, երբ միջոցը ապահովված է դրամական հոսքերով կամ ապահովվածությունը բացակայում է, ապա սյունակը չի լրացվում:

82. «Ակտիվների քանակը» սյունակում լրացվում է ակտիվների քանակը:

1) Սույն սյունակը արժեթղթերի համար չի լրացվում:

2) Համաֆինանսավորմամբ տրամադրված միջոցների դեպքում, որոնք հաշվետվությունում ներկայացվում են որպես առանձին ակտիվներ, սույն սյունակը լրացվում է միայն մեկ ակտիվի համար, իսկ մյուսների համար լրացվում է «0»:

83. Այն դեպքում, երբ գործընկերոջ վերաբերյալ սույն կարգով սահմանված տեղեկատվությունը, ինչպես նաև 48-67-րդ (նաև 68-րդ կետով սահմանված սյունակները չլրացնելու դեպքում) կետերում ներկայացված սյունակներում ակտիվների տվյալները համընկնում են, ապա սույն հաշվետվության 69-82-րդ կետերում ներկայացված սյունակներում լրացվում են այդ ակտիվների` սյունակներում պահանջվող մասերի հանրագումարները: Սույն կարգի 66-68-րդ կետերով սահմանված սյունակներում տոկոսադրույքները լրացվում են հետևյալ բանաձևով.

 

Մտ = (Ա1*Տ1+Ա2*Տ2+...+ Աm*Տm)/(Ա1+Ա2+...+Աm),

 

որտեղ`

Ա-ն տրված միջոցների/ կազմակերպությունում բանկի մասնաբաժինների անվանական (մայր) գումարի մնացորդն է,

Տ-ն` տրված միջոցների տարեկան արդյունավետ տոկոսադրույքները/ կազմակերպությունում բանկի մասնաբաժնի չափը,

m-ը` տրված միջոցների քանակը:

 

ԳԼՈՒԽ 6. ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՆԹԱՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

84. Սույն ենթահաշվետվության շրջանակներում լրացվում են «Ծանոթագրություն ակտիվների վերաբերյալ» հաշվետվության հետևյալ սյունակները`

1) «Հաշվառման հաշվի համարը»,

2) «Գործընկերոջ հատվածային պատկանելիությունը»,

3) «Գործընկերոջ երկիրը»,

4) «Արտասահմանյան կազմակերպություն հանդիսացող գործընկերը»,

5) «Գործընկերոջ իրավական կարգավիճակը»,

6) «Գործընկերոջ կոդը»,

7) «Գործընկերոջ ՍՎԻՖԹ կոդը»,

8) «Գործընկերոջ` բանկի հետ կապվածությունը»,

9) «Ակտիվների տեսակը»,

10) «Ակտիվի պայմանագրային ժամկետը»,

11) «Մայր գումարի արժույթ»,

12) «Դասակարգում»,

13) «Հնարավոր կորուստների պահուստ»,

14) «Լրացուցիչ պահուստ»,

15) «Ակտիվի մարմանը մնացած ժամկետայնությունը»,

16) «Սառեցված և դեպոնացված միջոցներ»,

17) «Ակտիվի համախառն հաշվեկշռային մնացորդը»,

18) «Ռիսկի կշիռ»,

19) «Կշռվող գումար»,

20) «Ակտիվների քանակը»:

85. Սույն ենթահաշվետվության շրջանակներում «Ծանոթագրություն ակտիվների վերաբերյալ» հաշվետվության «Հաշվառման հաշվի համարը», «Ակտիվի պայմանագրային ժամկետը», «Մայր գումարի արժույթ», «Դասակարգում», «Հնարավոր կորուստների պահուստ», «Լրացուցիչ պահուստ», «Սառեցված և դեպոնացված միջոցներ», «Ակտիվի համախառն հաշվեկշռային մնացորդը», «Ռիսկի կշիռ», «Կշռվող գումար», «Ակտիվների քանակը» սյունակները լրացվում են` համաձայն «Վարկային ներդրումների և արժեթղթերի վերաբերյալ» ենթահաշվետվությունում ներկայացված սկզբունքների:

86. Սույն ենթահաշվետվության շրջանակներում գործընկերների ներկայացման համար նախատեսված սյունակները (դրանց մի մասը) լրացվում են` համաձայն սույն կարգի 3-րդ գլխով սահմանված պահանջների, եթե գործընկերը հանդիսանում է բանկի հաճախորդ կամ բանկը տիրապետում է գործընկերոջ վերաբերյալ պահանջվող տեղեկատվությանը (դրա մի մասին): Այն դեպքում, երբ գործընկերը չի հանդիսանում բանկի հաճախորդ և բանկը չի տիրապետում գործընկերոջ վերաբերյալ պահանջվող տեղեկատվությանը (դրա մի մասին), ապա սույն կետում նշված սյունակներում (դրանց մի մասում) լրացվում է «հաճախորդ չէ» տարբերակը:

87. Սույն ենթահաշվետվության շրջանակներում «Ծանոթագրություն ակտիվների վերաբերյալ» հաշվետվության «Ակտիվների տեսակը» և «Ակտիվի մարմանը մնացած ժամկետայնությունը» սյունակները լրացվում են սույն կարգի 88-89-րդ կետերի համաձայն:

88. «Ակտիվների տեսակը» սյունակում լրացվում է ակտիվի տեսակը` ըստ հետևյալ տարբերակների

1) «կանխավճար»,

2) «գերավճար»,

3) «ածանցյալ գործիքի իրական արժեք»,

4) «դեբիտորական այլ պարտք»:

89. «Ակտիվի մարմանը մնացած ժամկետայնությունը» սյունակը լրացվում է համաձայն «Վարկային ներդրումների և արժեթղթերի վերաբերյալ» ենթահաշվետվությունում սահմանված սկզբունքների, ընդ որում, սյունակում ծախսերով ձևակերպման ենթակա կանխավճարները չեն լրացվում:

90. Այն դեպքում, երբ սույն ենթահաշվետվության շրջանակներում գործընկերոջ վերաբերյալ տվյալները, ինչպես նաև «Հաշվառման հաշվի համարը», «Ակտիվների տեսակը», «Ակտիվի պայմանագրային ժամկետը», «Մայր գումարի արժույթ», «Դասակարգում» սյունակներում պահանջվող տվյալները համընկնում են, ապա «Հնարավոր կորուստների պահուստ», «Լրացուցիչ պահուստ», «Ակտիվի մարմանը մնացած ժամկետայնությունը», «Ակտիվի համախառն հաշվեկշռային մնացորդը», «Ակտիվների քանակը» սյունակներում լրացվում են ակտիվների` սյունակներում պահանջվող գումարների հանրագումարները:

 

(հավելվածը խմբագրվել է 23.06.17 թիվ 136-Ն որոշում)

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
30.12.2014
N 377-Ն
Որոշում