Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՎԱԼԵՆՏԻՆԱ ՄԿՐՏԻՉՅԱՆԻ ԵՎ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՎԱԼԵՆՏԻՆԱ ՄԿՐՏԻՉՅԱՆԻ ԵՎ ՍՈՖՅԱ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵ ...

 

 

020.1196.170315

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՎԱԼԵՆՏԻՆԱ ՄԿՐՏԻՉՅԱՆԻ ԵՎ ՍՈՖՅԱ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 404-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 407-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 414.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 17 մարտի 2015թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմող Վ. Մկրտիչյանի ներկայացուցիչ Ռ. Այվազյանի, դիմող Ս. Թորոսյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացիներ Վալենտինա Մկրտիչյանի և Սոֆյա Թորոսյանի դիմումների հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասի, 407-րդ հոդվածի 5-րդ մասի և 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացիներ Վ. Մկրտիչյանի և Ս. Թորոսյանի` համապատասխանաբար 02.12.2014թ. և 19.01.2015թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են:

Սահմանադրական դատարանի 24.02.2015թ. ՍԴԱՈ-9 աշխատակարգային որոշմամբ «Քաղաքացի Սոֆյա Թորոսյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասի և 407-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» և «Քաղաքացի Վալենտինա Մկրտիչյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասի, 407-րդ հոդվածի 5-րդ մասի և 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերը միավորվել են:

ՈՒսումնասիրելով միավորված գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 1998 թվականի հուլիսի 1-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից: Հետագայում այն ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների:

Օրենսգրքի` «Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք» վերտառությամբ 404-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է. «Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անձինք վճռաբեկ բողոք կարող են ներկայացնել միայն փաստաբանի միջոցով»: Իսկ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է. «1. Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված որոշումները վճռաբեկ դատարան բողոքարկելու իրավունք ունեն` 1) դատավարության մասնակիցները, բացառությամբ քրեական հետապնդման մարմինների, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև դիմողները»:

Օրենսգրքի` «Վճռաբեկ բողոքը» վերտառությամբ 407-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Վճռաբեկ բողոքը ստորագրում է բողոք ներկայացնող անձի ներկայացուցիչը, գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը: Բողոքին կցվում է ներկայացուցչի` սույն օրենսգրքով սահմանված կարգով ձևակերպված լիազորագիրը: Վճռաբեկ բողոքին կցվում է նաև վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը)»:

Օրենսգրքի` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելը կամ առանց քննության թողնելը» վերտառությամբ 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը սահմանում է հետևյալ իրավակարգավորումը. «2. Վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե` ... 2) վճռաբեկ բողոքը ներկայացրել է այն անձը, որը վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք չուներ»:

2. Միավորված գործերի դատավարական նախապատմությունները հանգում են հետևյալին.

դիմողներից Վալենտինա Մկրտիչյանը 08.04.2014թ. բողոք է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչի` նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 26.03.2013թ. որոշումը վերացնելու վերաբերյալ: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն իր` 06.05.2014թ. որոշմամբ Վալենտինա Մկրտիչյանի 08.04.2014թ. բողոքը մերժել է: Դիմողն ընդհանուր իրավասության դատարանի` 06.05.2014թ. որոշման դեմ 19.05.2014թ. վերաքննիչ բողոք է ներկայացրել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր` 06.08.2014թ. որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը, իսկ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.05.2014թ. որոշումը թողել ուժի մեջ: Դիմողը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 06.08.2014թ. որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել: ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 03.10.2014թ. որոշմամբ Վալենտինա Մկրտիչյանի վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության:

Դիմողներից Սոֆյա Թորոսյանը դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան` քննիչի որոշումը վերացնելու պահանջով: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր` 21.07.2014թ. որոշմամբ բավարարել է դիմողի պահանջը: Նշված որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել դատախազը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր` 20.08.2014թ. որոշմամբ բավարարել է Շիրակի մարզի դատախազության դատախազի վերաքննիչ բողոքը: Դիմող Սոֆյա Թորոսյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 20.08.2014թ. որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել: ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 22.10.2014թ. որոշմամբ վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության:

3. Դիմողներից Վալենտինա Մկրտիչյանի կարծիքով` օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասը, 407-րդ հոդվածի 5-րդ մասը և 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը հակասում են ՀՀ Սահմանադրության 18, 19, 20 և 42-րդ հոդվածներին:

Օրենսգրքի` վերը նշված դրույթների և ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի միջև հակասությունը դիմողը հիմնավորում է նրանով, որ ըստ դիմողի` օրենսգրքի 407-րդ հոդվածի 5-րդ մասի և 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի առկայության պայմաններում պետք է լրացուցիչ ներդրումներ կատարել էլեկտրոնային կրիչ պատրաստելու համար, իսկ նման պայմաններում օրենսդիրը չի սահմանել սոցիալական ծանր վիճակում գտնվող անձանց աջակցելու հնարավորություն:

Օրենսգրքի` վերը նշված դրույթների և ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի միջև հակասությունը դիմողը հիմնավորում է նրանով, որ ըստ դիմողի, փաստորեն, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները Հայաստանի Հանրապետությունում չեն գործում, քանի որ փոխվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի, 407-րդ հոդվածի և 414.1-րդ հոդվածի դրույթները, ինչի հետևանքով իրական արգելք է առաջացել դատարանի մատչելիության համար:

Օրենսգրքի` վերը նշված դրույթների և ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 1-ին մասի միջև հակասությունը դիմողը հիմնավորում է նրանով, որ ըստ դիմողի` ՀՀ վճռաբեկ դատարանը խախտել է Սահմանադրությամբ ամրագրված` իրավաբանական օգնություն ստանալու իր իրավունքը, քանի որ այդ օգնությունը չի կարող պարտադրված լինել: Դիմողն ընդգծում է նաև այն հանգամանքը, որ փաստաբանի մեկ ստորագրության համար ինքն ի վիճակի չէ վճարել այն դեպքում, երբ վճռաբեկ բողոքն ինքն է գրել: Դիմողի կարծիքով` ՀՀ վճռաբեկ դատարանին բողոքարկման ենթակա ակտերը բացառապես փաստաբանի միջոցով ներկայացնելու օրենսդրական պահանջի պայմաններում անհրաժեշտ է օրենքով կարգավորել փաստաբանների կողմից անվճար հիմունքներով երաշխավորված իրավաբանական օգնության տրամադրման որևէ մեխանիզմ` անկախ կողմի նյութական դրությունից: Ներկա օրենսդրական կարգավորման պայմաններում անհամաչափորեն սահմանափակվում է վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքը:

Օրենսգրքի` վերը նշված դրույթների և ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի միջև հակասությունը դիմողը հիմնավորում է նրանով, որ ըստ դիմողի` օրենսգրքի 404-րդ հոդվածի, 407-րդ հոդվածի և 414.1-րդ հոդվածի դրույթները «անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքներ են, և այդ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»:

Դիմողներից Սոֆյա Թորոսյանի կարծիքով` օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասը և 407-րդ հոդվածի 5-րդ մասը հակասում են ՀՀ Սահմանադրության 18, 19 և 20-րդ հոդվածներին այն հիմնավորմամբ, որ դրանք, ըստ դիմողի, սահմանափակում են անձի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով նախատեսված իրավունքի իրացման հնարավորությունը և հակասում են 19-րդ հոդվածում ամրագրված` անկախ և անկողմնակալ դատարանի կողմից հավասարության պայմաններում և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ անձի իրավունքների պաշտպանության համար գործի արդարացի քննության իրավունքին:

4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողների փաստարկներին, գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող նորմերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասի առնչությամբ պատասխանողը, վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, փաստարկում է, որ վճռաբեկ դատարանում դիմողի շահերը որակավորում ունեցող փաստաբանի կողմից ներկայացվելու պահանջը չի կարող ինքնին համարվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածին հակասող, և այդպիսի ընթացակարգ սահմանելն արդարացված է ավելի գրագետ բողոքներ ներկայացնելու անհրաժեշտությամբ:

Հարցին անդրադառնալով փաստաբանի և հավատարմագրված փաստաբանի միջև նմանությունների և տարբերությունների տեսանկյունից և վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-765 որոշումը, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը և, մասնավորապես, այդ հոդվածի այն դրույթը, համաձայն որի` անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը ներառում է բողոքների կազմումը, պատասխանողն ընդգծում է, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով էականորեն ընդլայնվեցին անվճար իրավաբանական օգնության և անվճար իրավաբանական օգնությունից օգտվելու իրավունք ունեցող անձանց շրջանակները: Ըստ պատասխանողի` «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածում նշված կատեգորիաների մեջ չընդգրկված ցանկացած անվճարունակ ֆիզիկական անձ ևս կարող է օգտվել անվճար իրավաբանական օգնությունից:

Հարցին անդրադառնալով միջոցի և հետապնդվող նպատակի միջև համաչափության տեսանկյունից` պատասխանողն արձանագրում է, որ այդպիսի միջոցի ընտրությունը պայմանավորված է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի խստացումով, ինչը պահանջում է անհրաժեշտ չափով իրավական գիտելիքներ:

Ամփոփելով` պատասխանողը գտնում է, որ նախ` վճռաբեկ դատարանում իրավունքների պաշտպանությունից օգտվելու` դատավարության մասնակցի հնարավորությունը, ինչպես նաև դատավարության կողմերի իրավահավասարությունը կախման մեջ չի դրվել անձի ֆինանսական հնարավորություններից, քանի որ, ի տարբերություն հավատարմագրված փաստաբանի ինստիտուտի, տվյալ դեպքում օրենսդրությամբ սահմանվել են բավարար երաշխիքներ, որպեսզի փաստաբանի ծառայությունից օգտվելու հնարավորությունը երաշխավորվի յուրաքանչյուր անձի համար` անկախ նրա ֆինանսական հնարավորություններից, երկրորդ` խնդրո առարկա իրավապայմանը համաչափ է հետապնդվող նպատակին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 5-րդ մասի առնչությամբ պատասխանողը փաստարկում է, որ վճռաբեկ բողոքին ներկայացվող պահանջներն ինքնանպատակ չեն, այլ իրենց տրամաբանության մեջ ուղղված են վճռաբեկ դատարանի գործառույթների արդյունավետ իրականացմանը և թելադրված են գիտության ու տեխնիկայի զարգացմամբ:

Վկայակոչելով «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքը` պատասխանողը գտնում է, որ էլեկտրոնային կրիչը տվյալ դեպքում վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը պահպանելու և փոխանցելու համար պիտանի կրիչի ցանկացած տեսակ է, և դրա տեսակներն օրենսդրությամբ չեն կոնկրետացվել` նպատակ հետապնդելով տալ ընտրության լայն հնարավորություն և նվազագույնի հասցնել էլեկտրոնային կրիչի ձեռքբերման կապակցությամբ կատարվելիք ծախսերը:

Պատասխանողը հիմնավոր չի համարում դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումն էլեկտրոնային կրիչ ձեռք բերելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությամբ պայմանավորելը, քանի որ, ըստ պատասխանողի, վճռաբեկ բողոքի ներկայացումն ինքնին բողոքաբերից որոշակի ծախսեր է պահանջում` կապված, ի թիվս այլնի, պետական տուրքի և բողոքի պատճենները գործը քննող դատարան և դատավարության մասնակիցներին ուղարկելու հետ: Իսկ ֆինանսապես խոցելի վիճակում գտնվող անձանց համար օրենսդիրը նախատեսել է անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք, որը, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի ուժով, ի թիվս այլնի, ներառում է բողոքների կազմումը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի առնչությամբ պատասխանողը փաստարկում է, որ դրանով ամրագրված է բողոքն առանց քննության թողնելու հիմքերից մեկը: Ի տարբերություն բողոքը վերադարձնելու հիմքերի, այս հիմքի դեպքում բողոքը չի վերադարձվում և ժամկետ չի տրամադրվում բողոքում առկա թերությունները շտկելու և բողոքը կրկին անգամ ներկայացնելու համար: Վճռաբեկ բողոքը փաստաբանի միջոցով ներկայացնելու պահանջի չպահպանումը տվյալ դեպքում համարվում է բողոքարկման կարգի խախտում և արգելակում է բողոքարկման ընթացակարգը:

5. Հաշվի առնելով ՍԴՈ-1192 գործով և սույն գործով բարձրացված սահմանադրաիրավական վեճերի միջև որոշակի ընդհանրությունը` սահմանադրական դատարանը սույն գործի շրջանակներում անհրաժեշտ է համարում պարզել և գնահատել.

- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասով, 407-րդ հոդվածի 5-րդ մասով և 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ամրագրված իրավական պահանջների նշանակությունը` հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված` անձի իրավունքների դատական պաշտպանության արդյունավետ միջոցի, արդար դատաքննության տարր հանդիսացող` դատարանի մատչելիության իրավունքների երաշխավորվածությունը և լիարժեք իրացման անհրաժեշտ կառուցակարգերի ապահովումը,

- ՀՀ վճռաբեկ դատարան բացառապես փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք բերելու օրենսդրական կարգավորման համակարգային տրամաբանությունն ու իրավաչափ նշանակությունը` հաշվի առնելով նաև փաստաբանի միջոցով իրավունքների դատական պաշտպանության ինստիտուտի էության ու բովանդակության, դրա օրենսդրական կարգավորման սահմանադրականության խնդիրների վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-765, ՍԴՈ-833 և ՍԴՈ-1192 որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները,

- վեճի առարկա հիմնախնդրի առնչությամբ քրեական դատավարության առանձնահատկությունները:

6. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ուսումնասիրության արդյունքում սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարությունում շահագրգիռ անձինք են հանդիսանում, ի թիվս այլոց, տուժողը, քաղաքացիական հայցվորը, նրանց օրինական ներկայացուցիչները և ներկայացուցիչները, կասկածյալը, մեղադրյալը, նրանց օրինական ներկայացուցիչները, պաշտպանը, քաղաքացիական պատասխանողը, նրա ներկայացուցիչը, ինչպես նաև դիմողը: Ընդ որում, կասկածյալն օրենքով նախատեսված դեպքերում օրենքի ուժով համարվում է արդարացված, իսկ մեղադրյալն օրենքով նախատեսված դեպքերում օրենքի ուժով համարվում է ամբաստանյալ, դատապարտյալ կամ արդարացված, ինչից բխում է, որ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց շրջանակում ներառված են նաև ամբաստանյալը, դատապարտյալը և արդարացվածը:

Օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պաշտպան է այն փաստաբանը, որը քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնում է կասկածյալի կամ մեղադրյալի օրինական շահերը և նրանց ցույց է տալիս իրավաբանական օգնություն` օրենքով չարգելված բոլոր միջոցներով:

Օրենսգրքի` վերը ներկայացված դրույթների, ինչպես նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի ուսումնասիրության արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ քրեական դատավարությունում միայն փաստաբանի միջոցով անձանց օրինական շահերը ներկայացնելու և նրանց իրավաբանական օգնություն ցուցաբերելու պարտադիր պայմանը վերաբերում է բացառապես կասկածյալին և մեղադրյալին: Ընդ որում, վերջիններս, համաձայն օրենսգրքի, համապատասխանաբար` 63-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 65-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, ունեն ինչպես պաշտպանի միջոցով, այնպես էլ ինքնուրույն պաշտպանվելու իրավունք` բացառությամբ պաշտպանի պարտադիր մասնակցության դեպքերի, երբ անվճար հիմունքներով տրամադրվում է իրավաբանական օգնություն:

Օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչներ են հանդիսանում այն անձինք, որոնք դատավարության նշված մասնակիցների կողմից լիազորված են քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնելու նրանց օրինական շահերը:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում նկատել, որ օրենսգիրքը «պաշտպան» եզրույթն օգտագործելով բացառապես կասկածյալի, մեղադրյալի, ներառյալ` ամբաստանյալի, դատապարտյալի և արդարացվածի համար, «ներկայացուցիչ» եզրույթն օգտագործելով դատավարության մյուս մասնակիցների և դիմողների համար, 404-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսելով միայն փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք բերելու իրավունքը` 407-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին և երկրորդ նախադասություններում վճռաբեկ բողոքի ստորագրմանը և վճռաբեկ բողոքին կցվող փաստաթղթերին վերաբերող դրույթներում օգտագործում է «ներկայացուցիչ» եզրույթը: Հնարավոր տարընկալումներից զերծ մնալու նկատառումներից ելնելով` սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսգրքի 407-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին և երկրորդ նախադասություններում ներկայացուցչին առնչվող դրույթները վերաբերելի են փաստաբանին:

7. Անդրադառնալով սույն որոշման 5-րդ կետում նշված հանգամանքները պարզելու և գնահատելու խնդրին` ՀՀ սահմանադրական դատարանը սույն գործով ևս վերահաստատում է իր ՍԴՈ-765, ՍԴՈ-833 և ՍԴՈ-1192 որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները` արձանագրելով, որ, մասնավորապես, ՍԴՈ-765 և ՍԴՈ-833 որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները լիարժեք չեն իրացվել հետագա օրենսդրական փոփոխությունների ընթացքում, գտնում է, որ նշված որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև սույն գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասի և 407-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթների առնչությամբ: Դա վերաբերում է հատկապես այն սկզբունքային մոտեցմանը, երբ առաջադրված իրավաչափ նպատակը պետք է իրացվի իրավունքի գերակայության սկզբունքի երաշխավորման շրջանակներում: Այս պարագայում վերջինս ենթադրում է, որ օրենսդրական կանոնակարգումը չի կարող սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն առաջացնել անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, և դրա արդյունքում չապահովելով անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը:

ՀՀ սահմանադրական դատարանը փաստում է, որ ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածը միանշանակ ճանաչում է յուրաքանչյուրի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը` ինչն օրենքով նախատեսված դեպքերում ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ R(2000)21 հանձնարարականն անդամ երկրներին նույնպես առաջարկում է բացառել «տնտեսապես վատ վիճակում գտնվող անձանց» դատարանի մատչելիության իրավունքի հնարավոր արգելափակումը:

8. Անդրադառնալով օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի դրույթի սահմանադրականության հարցին` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ առկա չէ որևէ պատճառահետևանքային կապ խնդրո առարկա դրույթի և օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասի և 407-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթների միջև: Այսինքն` օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասի և 407-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթների վերաբերյալ դիմող Վ. Մկրտիչյանի փաստարկները չեն կարող վերաբերելի համարվել նաև օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի դրույթի նկատմամբ:

Մասնավորապես, օրենսգրքի 414.1-րդ հոդվածը և դրա 2-րդ մասի 2-րդ կետի դրույթը կարգավորում են այն իրավական հետևանքները, որոնք վրա են հասնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` դատարանի մատչելիության իրավունքից օգտվելու համար որոշակի իրավական պահանջները չպահպանելու արդյունքում: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասի և 407-րդ հոդվածի 5-րդ մասի առնչությամբ սույն գործի շրջանակներում բարձրացված սահմանադրաիրավական վեճն առնչվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` դատարանի մատչելիության իրավունքից օգտվելու համար որոշակի իրավական պահանջների բովանդակության սահմանադրականությանը: Բացի դրանից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի վիճարկվող 2-րդ կետն իր բովանդակության մեջ չի ներառում միայն փաստաբանի կողմից դիմում չներկայացնելու բացասական հետևանքը, այլ ներառում է նաև ցանկացած այլ դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածում նախատեսված սուբյեկտներից բացի այլ սուբյեկտների կողմից դիմում ներկայացնելու հետևանքները: Նման իրավակարգավորումը ոչ միայն անհրաժեշտություն է, այլև չի հանդիսանում միայն փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք ներկայացնելու ինստիտուտի ամրագրման անմիջական հետևանք: Այսինքն` եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասով միայն փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք ներկայացնելու պահանջ նախատեսված չլիներ, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի վիճարկվող 2-րդ կետը որևէ կերպ չէր կարող սահմանափակել դատարանի մատչելիության իրավունքը և դիմողի համար առաջացնել որոշակի բացասական հետևանքներ: Հետևաբար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի վիճարկվող 2-րդ կետը չի կարող դիտարկվել որպես դատական պաշտպանության սահմանադրական իրավունքը, մասնավորապես` դատարանի մատչելիության իրավունքը, սահմանափակող նորմ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 4-րդ մասը` դատավարության այն մասնակիցների մասով, ովքեր չունեն պաշտպան և որոնց համար օրենքով սահմանված կարգով երաշխավորված չէ անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու հնարավորությունը, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաև անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը:

i

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին և երկրորդ նախադասություններում ամրագրված դրույթները` վճռաբեկ բողոքը ստորագրելու պահին պաշտպան չունեցող և օրենքով սահմանված կարգով անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու հնարավորություն չստացած դատավարության մասնակիցների մասով ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում բացառում է նշված անձանց կողմից իրենց օրինական շահերը ներկայացնելու համատեքստում վճռաբեկ բողոք ներկայացնելու հնարավորությունը:

i

3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածի 5-րդ մասի երրորդ նախադասությունում ամրագրված` «Վճռաբեկ բողոքին կցվում է նաև վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը)» դրույթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1192 որոշան մեջ նույն հարցի առնչությամբ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:

4. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում:

5. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

17 մարտի 2015 թվականի

ՍԴՈ-1196

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
17.03.2015
N ՍԴՈ-1196
Որոշում