«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
3 հոկտեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 հոկտեմբերի 1995 թվականի թիվ 45
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Ընդունել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի խնդրանքը և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը`
1. Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն սեփականության իրավունքով անհատույց հանձնել`
ա) Մայրավանքին հարող այգու տարածքում գտնվող պատգամավորների Էջմիածնի քաղխորհրդի գործկոմի նախկին գիտական հետազոտությունների կենտրոնի կիսավեր շենքը.
բ) Մայրավանքին կից` Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության տարադրամով առևտրի խանութի շենքը (նախկին վանական մառանատուն),
գ) Ս. Գայանե վանքին մերձակա` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի ռադիոլոգիական լաբորատորիայի մասնաշենքը` քրիստոնեական քարոզչական կենտրոն հիմնելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությանն ու պատգամավորների Էջմիածնի քաղխորհրդի գործկոմին` Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հետ համատեղ մեկամսյա ժամկետում ավարտել նշված շենքերի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Պատգամավորների Էջմիածնի քաղխորհրդի գործկոմին` մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով, Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն մշտական օգտագործման հատկացնել`
ա) Հռիփսիմե վանքին հարակից 2.5 հեկտար տարածքը` վանական համալիրի բարեկարգման նպատակով.
բ) Գևորգյան ճեմարանին հարող նախկին ուսանողական այգին` 2.2 հեկտար տարածքով.
գ) սույն որոշման 1-ին կետին «գ» ենթակետում նշված մասնաշենքին հարակից 0.6 հեկտար տարածքը:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությանն ու պատգամավորների Էջմիածնի շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դեղագործական գործարան կառուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության երկրագործության գիտահետազոտական ինստիտուտի փորձադաշտի` Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցին հարող տարածքից 1.0 հեկտար Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն մշտական օգտագործման հատկացնելու վերաբերյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի հոկտեմբերի 3-ից: