Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ...

 

 

020.1197.070415

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 171-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ, 173-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 7 ապրիլի 2015թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի ներկայացուցիչ` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Լ. Սարգսյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 68-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության, 173-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` 15.10.2014թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 1998 թվականի հունիսի 17-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի օգոստոսի 7-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ից:

Օրենսգրքի` 29-րդ գլխի` «Դիմումի քննությունը» վերտառությամբ 171-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը սահմանում է. «Քաղաքացին կարող է կանչվել դատական նիստի, եթե դա թույլ է տալիս նրա առողջական վիճակը»: Իսկ նույն հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը սահմանում է. «Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանը քննում է խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ»:

Վերոնշյալ դրույթը փոփոխության կամ լրացման չի ենթարկվել:

Օրենսգրքի` «Քաղաքացուն գործունակ ճանաչելը և նրա գործունակության սահմանափակումը վերացնելը» վերտառությամբ 173-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում դատարանը` խնամակալի, ընտանիքի անդամի կամ հոգեբուժական հաստատության տնօրինության դիմումով, դատահոգեբուժական փորձաքննության համապատասխան եզրակացության հիման վրա, վճիռ է կայացնում ապաքինվածին գործունակ ճանաչելու մասին»:

Վերոնշյալ դրույթը փոփոխության կամ լրացման չի ենթարկվել:

2. Դիմողը գտնում է, որ օրենսգրքի վիճարկվող նորմերը հակասում են ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին, 20-րդ հոդվածի 1-ին մասին և 43-րդ հոդվածին` հետևյալ հիմնավորումներով.

- օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի ուժով դատարանի համար հայեցողություն է սահմանվում` անձին, որի վերաբերյալ քննվում է անգործունակության ճանաչման գործը, դատաքննությանը մասնակից դարձնելու հարցում: Մասնակցությունը պայմանավորված է համապատասխան անձի առողջական վիճակով, ինչպես նաև դատարանի հայեցողությամբ: Այսինքն` նույնիսկ այն դեպքում, եթե անձի առողջական վիճակը թույլ է տալիս վերջինիս մասնակցությունը դատաքննությանը, նրան դատական նիստի կանչելու հարցը թողնված է դատարանի հայեցողությանը: Ըստ դիմողի` օրենսդրի կողմից սահմանվում է ոչ թե պարտադիր մասնակցության պահանջ, այլ համապատասխան դեպքում` մասնակցության հնարավորություն, որի իրականացումը պայմանավորված է դատարանի հայեցողությամբ,

- օրենսգրքով բացահայտված չէ նաև «առողջական վիճակը թույլ է տալիս» դրույթի բովանդակությունը, ինչն իր բովանդակությամբ պայմանավորված անորոշությամբ իրավակիրառ պրակտիկայում կարող է հանգեցնել այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել անձի (որի նկատմամբ քննվում է անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը) դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները,

- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1991թ. թիվ 46/119 բանաձևով ընդունված` Հոգեկան հիվանդություններով տառապող անձանց պաշտպանության և հոգեբուժական օգնության բարելավման սկզբունքներով սահմանվում է անձի, ում գործունակությունը հանդիսանում է դատական քննության առարկա, փաստաբանի միջոցով ներկայացման իրավունքը: Նախատեսվում է նաև վերջինիս, ինչպես նաև նրա ներկայացուցչի /առկայության դեպքում/ կամ ցանկացած այլ շահագրգիռ անձի կողմից գործունակության վերաբերյալ որոշումները վերադաս դատարան բողոքարկելու իրավունքը,

- «Հոգեկան խանգարմամբ անձանց իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Rec (2004) 10 հանձնարարականով սահմանվել է, որ հոգեկան խանգարումներ ունեցող անձինք պետք է հնարավորություն ունենան իրականացնելու իրենց բոլոր քաղաքացիական և քաղաքական իրավունքները: Այդ իրավունքների իրականացման ցանկացած սահմանափակում պետք է համապատասխանի Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային և չպետք է հիմնված լինի միայն այն փաստի վրա, որ անձը հոգեկան խանգարում ունի (հոդված 4),

- «Անգործունակ չափահասների իրավական պաշտպանության սկզբունքների վերաբերյալ» Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի R (99) 4 հանձնարարականով սահմանվել է, որ անգործունակ չափահասի իրավական գործունակությունը սահմանափակող որևէ պաշտպանության միջոց չպետք է կիրառվի, քանի դեռ համապատասխան միջոց սահմանող անձը չի տեսել չափահասին կամ անձնապես բավարարված չէ անձի վիճակի գնահատականով, և ներկայացված չէ առնվազն մեկ փորձագիտական եզրակացություն: Հանձնարարականի 13-րդ սկզբունքով սահմանված է անձի լսվելու իրավունքը: Այսպես, անձը պետք է ունենա անձամբ լսվելու իրավունք ցանկացած դատավարության ընթացքում, որը կարող է ազդել վերջինիս գործունակության վրա:

Դիմողը վկայակոչում է նաև ԵԽԽՎ թիվ 818 (1977) հանձնարարականը, ինչպես նաև ԵԽ նախարարների կոմիտեի R (83) 2 հանձնարարականը, որոնք նույնպես նախատեսում են, դիմողի կարծիքով, համանման ընթացակարգեր և երաշխիքներ:

Դիմողն անդրադառնում է նաև ՄԻԵԴ-ի մի շարք որոշումների: Մասնավորապես` Շտուկատուրովն ընդդեմ Ռուսաստանի, Կովալյովն ընդդեմ Ռուսաստանի, Վինթերվերփն ընդդեմ Նիդեռլանդների, Մանթովանելին ընդդեմ Ֆրանսիայի գործերով կայացված վճիռներով դատարանը, ըստ դիմողի, շեշտել է, որ հոգեկան խանգարում ունեցող անձին պետք է հնարավորություն ընձեռվի լսվելու անձամբ կամ անհրաժեշտության դեպքում` որևէ ներկայացուցչության ապահովման միջոցով: Ըստ դիմողի` թեև Վինթերվերփն ընդդեմ Նիդեռլանդների գործով քննարկման առարկա է եղել դիմողի ազատության հարցը, այնուամենայնիվ, դատարանը շեշտել է, որ տվյալ գործով դատավարության արդյունքն առնվազն նույնչափ կարևոր էր դիմողի համար, քանի որ քննարկվում էր նրա կյանքի բոլոր ոլորտներում անձնական ինքնավարության սահմանափակման հարցը: Ըստ դիմողի` դատարանը շեշտել է, որ նման գործերում անձը հանդես է գալիս երկակի դերում. որպես շահագրգիռ կողմ և դատարանի քննության հիմնական առարկա, հետևաբար` այդ անձի մասնակցությունը դատաքննությանն անհրաժեշտ է ոչ միայն իր շահերը ներկայացնելու, այլև դատարանի կողմից նշված անձի հոգեկան վիճակի մասին իր անձնական կարծիքը կազմելու համար: Ըստ դիմողի` դատարանը եզրահանգել է, որ գործի քննությունը միայն փաստաթղթերի հիման վրա իրականացնելու դատարանի որոշումը` առանց դիմողին տեսնելու կամ լսելու, ողջամիտ չէր, ինչով խախտվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մրցակցային դատավարության սկզբունքը:

Դիմողը վկայակոչել է նաև ՌԴ համապատասխան օրենսդրական դրույթները և դրանց վերաբերյալ ՌԴ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասին` դիմողը նշում է, որ նշված դրույթի ուժով, որպես գործունակությունը վերականգնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտ, նախատեսված չէ այն անձը, որն անգործունակ է ճանաչվել դատարանի վճռով: Վերջինիս գործունակության վերականգնման հնարավորությունը պայմանավորված է բացառապես վերջինիս խնամակալի, ընտանիքի անդամի կամ հոգեբուժական հաստատության տնօրինության կամաարտահայտությամբ, իսկ անգործունակ ճանաչված անձն ուղղակիորեն զրկվում է անմիջականորեն դատարան դիմելու իրավունքից` ապաքինման դեպքում իր գործունակությունը վերականգնելու պահանջով:

Դիմողը վկայակոչում է նաև ՄԻԵԴ-ի մի շարք այլ վճիռներ: Մասնավորապես` Նատալյա Միխայլենկոն ընդդեմ ՈՒկրաինայի գործով կայացված վճռով դատարանը, ըստ դիմողի, արձանագրել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորվող արդար դատաքննության իրավունքը բացարձակ չէ և կարող է համաչափորեն սահմանափակվել, եթե առկա է նման սահմանափակման համար իրավաչափ նպատակ, ինչպես, օրինակ, անգործունակ անձի կամ այլ անձանց շահերի պաշտպանությունը, արդարադատության պատշաճ իրականացումը: Ըստ դիմողի` դատարանը հաստատել է նաև, որ անգործունակության վերանայման խնդրանքով դատարան դիմելու` անգործունակ ճանաչված անձի իրավունքը նրա ամենակարևոր իրավունքներից է, քանի որ անգործունակության ընթացակարգը կարող է որոշիչ նշանակություն ունենալ անձի մյուս բոլոր այն իրավունքների իրականացման համար, որոնք սահմանափակվել են անգործունակության ճանաչմամբ: Ըստ դիմողի` դատարանը շեշտել է, որ ներպետական օրենսդրությամբ որդեգրված մոտեցումը, որի համաձայն` անգործունակ ճանաչված անձը չի կարող անմիջականորեն դիմել դատարան իր գործունակությունը վերականգնելու հարցով, համահունչ չէ Եվրոպայում արձանագրված ընդհանուր միտումի հետ: Մասնավորապես, Ստանևն ընդդեմ Բուլղարիայի գործով իրականացված համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ ուսումնասիրված 20 եվրոպական պետություններից 17-ի օրենսդրությունն անգործունակ ճանաչված անձանց իրավունք է վերապահում անձամբ և անմիջականորեն դիմելու դատարան` իրենց գործունակությունը վերականգնելու պահանջով: Ըստ դիմողի` դատարանի կողմից շեշտվել է նաև, որ տվյալ կատեգորիայի անձանց կողմից դատարան դիմելու ընդհանուր արգելքը որևէ բացառություն չի սահմանում, միաժամանակ, ներպետական օրենսդրությունը որպես երաշխիք չի նախատեսում դատարանի կողմից իրավական գործունակության վերականգնման պարբերական վերանայման կարգ: Ըստ դիմողի` դատարանի կողմից տվյալ գործով ճանաչվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում, քանի որ դատարան դիմելու իրավունքի բացակայությունն ազդել է դիմողի կյանքի բազմաթիվ ասպեկտների վրա, և չի կարող արդարացվել անգործունակ անձանց համար դատարանի մատչելիության սահմանափակումներով:

3. Պատասխանող կողմն սկզբունքորեն չի հերքում դիմողի փաստարկները և գտնում է, որ վեճի առարկա իրավակարգավորումների առնչությամբ առկա է օրենսդրության բարեփոխման խնդիր: Պատասխանողը նաև գտնում է, որ յուրաքանչյուր անձի` իր գործով դատաքննությանը մասնակցությունն արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքի երաշխիք է, առավել ևս, երբ գործ ունենք անձին անգործունակ ճանաչելու, այսինքն` նրա քաղաքացիական իրավունքների և պարտականությունների սահմանափակման հետ:

Անդրադառնալով դիմումում նշված այն հարցին, որ օրենսգիրքը չի սահմանում անձի` իր գործունակությունը վերականգնելու հարցով դատարան դիմելու իրավունքը, պատասխանողը նշում է, որ նման իրավունքի բացակայությունը կարող է բացասաբար անդրադառնալ անձի իրավական կարգավիճակի վրա: ՈՒստի, պատասխանողը կարծում է, որ անգործունակ անձի իրավունքների պաշտպանության տեսանկյունից պետք է սահմանվի այնպիսի հատուկ իրավակարգավորում, որը հնարավորություն կտա վերջինիս իր գործունակությունը վերականգնելու դիմումով անձամբ դիմել դատարան:

Միաժամանակ, պատասխանողն իր բացատրությանը կից ներկայացրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի թիվ Պ-732-05.03.2015-ՊԻ-010/0 նախագիծը` արձանագրելով, որ տվյալ նախագիծը շրջանառության մեջ է դրվել ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների կողմից` առկա խնդիրը լուծելու նպատակով:

4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող նորմերն անմիջականորեն առնչվում են ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` անձի դատական պաշտպանության իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատարանի մատչելիության իրավունքին, արդար դատաքննության սկզբունքներին, ինչպես նաև նշված իրավունքների թույլատրելի սահմանափակումներին:

Այս կապակցությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ առկա են հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավական պաշտպանությանն առնչվող մի շարք միջազգային փաստաթղթեր: Մասնավորապես` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 17.12.1991 թվականի 46/119 բանաձևով ընդունված` հոգեկան հիվանդ անձանց պաշտպանության և հոգեբուժական օգնության սկզբունքներն ուղղակիորեն մատնանշում են որևէ խտրականության անթույլատրելիությունը, այսինքն` հոգեկան հիվանդության պատճառով այնպիսի տարբերակումների, բացառությունների կամ նախապատվություն տալու դրսևորումները, որոնց արդյունքում անհնարին կդառնա կամ կդժվարանա միջազգայնորեն ճանաչված քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքներից հավասար օգտվելը (1-ին սկզբունքի 4 և 5-րդ կետեր): Նշված սկզբունքները նախատեսում են նաև անձի, ում գործունակությունը հանդիսանում է դատական քննության առարկա, փաստաբանի կողմից ներկայացված լինելու իրավունքը, ինչպես նաև գործին մասնակցող ցանկացած այլ շահագրգիռ անձի հետ համահավասար անգործունակության վերաբերյալ որոշումը վերադաս դատական ատյաններում բողոքարկելու իրավունքը (1-ին սկզբունքի 6-րդ կետ):

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (այսուհետ նաև` ԵԽԽՎ)` «Հոգեկան հիվանդների կարգավիճակի մասին» 08.10.1977 թվականի 818 (1977), Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի (այսուհետ նաև` ԵԽՆԿ)` «Հարկադիր կարգով հոսպիտալացված հոգեկան խանգարմամբ տառապող անձանց իրավական պաշտպանության մասին» 22.02.1983 թվականի R (83) 2 հանձնարարականներում, ինչպես նաև «Անգործունակ չափահասների իրավական պաշտպանությանն առնչվող սկզբունքների մասին» 23.02.1999 թվականի R (99) 4, «Հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» 24.02.2004 թվականի Rec (2004) 10 հանձնարարականներում նույնպես ընդգծվում է, որ հոգեկան խանգարում ունեցող անձինք պետք է ունենան քաղաքացիական և քաղաքական բոլոր իրավունքներն իրացնելու հնարավորություն, իսկ այդ իրավունքների սահմանափակումները թույլատրվում են բացառապես Կոնվենցիային խիստ համապատասխան, և չեն կարող հիմնվել միայն անձի մոտ հոգեկան խանգարման առկայության փաստի վրա: Ընդ որում, վերը նշված հանձնարարականներով Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին առաջարկվում է սահմանել, որ դատական որոշում չի կարող ընդունվել միայն բժշկական եզրակացության հիման վրա:

Վերը նշված հանձնարարականներով սահմանվում է նաև, որ պետք է ապահովվի հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց լսվելու իրավունքը և երաշխավորվի ողջ դատավարության ընթացքում փաստաբանի մասնակցությունը: Վերը նշված հանձնարարականներով նախատեսված է նաև, որ հոգեկան խանգարում ունեցող անձանց նկատմամբ որոշում կայացնելիս պետք է երաշխավորել ինչպես անձամբ լսվելու իրավունքը, այնպես էլ կայացված որոշումը բողոքարկելու իրավունքը:

R (99) 4 հանձնարարականում ձևակերպված են նաև անգործունակ չափահաս անձանց իրավական պաշտպանության սկզբունքները, և նշված հանձնարարականով Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին առաջարկվում է համապատասխան օրենսդրական կարգավորումներ ամրագրելիս առաջնորդվել նշված սկզբունքներով: Այդ սկզբունքներից է, մասնավորապես, իրավական կարգավորումների ճկունությունը, որը, ի թիվս այլնի, թույլ է տալիս կիրառել իրավական կարգավորումների այնպիսի գործիքներ, որոնք լիարժեք հաշվի կառնեն, ի թիվս այլնի, տվյալ կոնկրետ իրավական վիճակում անգործունակության աստիճանը: Նշված հանձնարարականը դատավարական սկզբունքների թվին դասում է նաև անձի` անձամբ լսվելու իրավունքի պահպանման սկզբունքը ցանկացած դատաքննության ընթացքում, որը կարող է առնչվել անձի գործունակությանը, ինչպես նաև անձին անգործունակ ճանաչելու հետ կապված հարցերի լուծման համար պարբերաբար վերանայելու կամ բողոքարկելու հնարավորության ամրագրումը:

5. Սույն գործով բարձրացված հիմնախնդրին, ինչպես նշել է նաև դիմողը, իր մի շարք որոշումներում անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Մասնավորապես` Շտուկատուրովն ընդդեմ Ռուսաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ Ռուսաստանի Դաշնության դատական ատյանի կողմից անգործունակ ճանաչված Պավել Շտուկատուրովի` Կոնվենցիայի 6-րդ հոդված երաշխավորված իրավունքը խախտվել է` հիմնավորելով, որ.

- հոգեկան խանգարում ունեցող անձանց անձամբ կամ ներկայացուցչի միջոցով լսվելու իրավունքի չապահովումը չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին (վճռի 70-րդ պարբերություն),

- համապատասխան անձը հանդիսանում էր և՛ դատաքննության օբյեկտ, և՛ շահագրգիռ կողմ, հետևաբար` վերջինիս մասնակցությունը դատաքննությանը պարտադիր էր ոչ միայն իր գործը ներկայացնելու համար, այլ նաև` որպեսզի դատարանն իր կարծիքը ձևավորի անձի հոգեկան վիճակի վերաբերյալ (վճռի 72-րդ պարբերություն), (mutadis mutandis Կովալյովն ընդդեմ Ռուսաստանի վճռի 35-37 պարբերություններ),

- ներպետական դատարանի կողմից անձի գործունակության վերաբերյալ որոշում կայացնելն առանց վերջինիս լսելու կամ տեսնելու, բացառապես փաստաթղթերի հիման վրա, հանդիսանում է արդար դատաքննության մրցակցության սկզբունքի խախտում (վճռի 73-րդ պարբերություն),

- դիմողի վերաքննիչ բողոքը մերժվել էր այն հիմքով, որ վերջինս չունի դատարանի առջև հանդես գալու իրավասություն: Արդյունքում` դատավարությունն ավարտվել էր միայն առաջին ատյանի դատավճռով (վճռի 75-րդ պարբերություն):

Նատալյա Միխայլենկոն ընդդեմ ՈՒկրաինայի գործով դատարանը նշել է, որ դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ և կարող է սահմանափակվել, արձանագրելով, այդուհանդերձ, որ նման սահմանափակումը չպետք է լինի այնպիսին, որ խաթարվի իրավունքի էությունը. նման սահմանափակումը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ, ինչպես նաև առկա լինի ողջամիտ հավասարակշռություն կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև: Տվյալ գործով դատարանը գտել է, որ անգործունակ ճանաչված անձին դատավարական իրավունքներից զրկելը կարող է արդարացված լինել այդ անձի պաշտպանության, այլ անձանց շահերի պաշտպանության և արդարադատության պատշաճ իրականացման անհրաժեշտությամբ: Մյուս կողմից` դատարանը գտել է, որ դատավարական իրավունքների իրացման կարևորությունը կարող է տարբեր լինել` կախված այն գործողության նպատակից, որն անձը ցանկանում է ներկայացնել դատարանում: Մասնավորապես անձի` իրեն անգործունակ ճանաչելու վերաբերյալ որոշումը դատարանի կողմից վերանայելու պահանջի իրավունքը հանդիսանում է անձի կարևորագույն իրավունքներից մեկը, քանի որ նման գործընթացը կարող է ուղղակիորեն ազդել բոլոր իրավունքների և ազատությունների իրականացման վրա, որոնք սահմանափակվել էին անձին անգործունակ ճանաչելու արդյունքում: Նման հնարավորության բացակայությունը չի կարող արդարացվել իրավաչափ նպատակով, որը կարող է դրվել անգործունակ ճանաչված անձի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմքում: Արդյունքում` դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում:

6. Հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավական պաշտպանության վերաբերյալ վերը նշված միջազգային փաստաթղթերից և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներից բխում է, որ հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավական պաշտպանությունը պետք է ներառի, մասնավորապես, հետևյալ իրավունքները. դատարանում լսվելու իրավունքը, դատական քննությանը լիարժեք մասնակցության իրավունքը և դատական ակտի բողոքարկման իրավունքը: Սույն գործի քննության շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանը կարևորում է պարզել, թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով հոգեկան խանգարում ունեցող անձանց համար որքանով են հստակ երաշխավորված վերը նշված իրավունքները: Խնդրո առարկա հանգամանքը պարզելը էական է նաև նրանով, որ.

- անձի գործունակության սահմանափակումն անխուսափելիորեն հանգեցնում է կյանքի տարբեր ոլորտներում տվյալ անձի իրավունքների և ազատությունների հնարավոր սահմանափակման,

- ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների արդյունքում անձը, ում գործունակության հարցը քննվում է դատարանում, դատական քննության ընթացքում պետք է հանդես գա ոչ միայն որպես դատաքննության օբյեկտ, այլ նաև` որպես շահագրգիռ անձ:

7. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ գլխի նորմերը սպառիչ կերպով թվարկում են գործին մասնակցող անձանց, ինչպիսիք են կողմերը, երրորդ անձինք, ինչպես նաև դիմողները` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի երրորդ բաժնով նախատեսված գործերով (օրենսգրքի 27-րդ հոդված):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածը սահմանում է գործին մասնակցող անձանց իրավունքները և պարտականությունները, որոնք, ի թիվս այլնի, ապահովում են գործին մասնակցող անձանց` դատարանում լսվելու իրավունքը, դատական քննությանը մասնակցության իրավունքը և դատական ակտի բողոքարկման իրավունքը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ գլխի նորմերը սպառիչ կերպով թվարկում են դատավարության այլ մասնակիցներին, ինչպիսիք են վկան, փորձագետը, թարգմանիչը (օրենսգրքի համապատասխանաբար` 44, 45 և 46-րդ հոդվածներ):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց շրջանակը: Դրանք են` գործին մասնակցող անձինք. դատախազը` օրենքով նախատեսված դեպքերում. գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է ստորադաս դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց շրջանակը: Դրանք են` գործին մասնակցող անձինք, գլխավոր դատախազը և նրա տեղակալները` պետական շահերի պաշտպանության հարցերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերը և վերաքննիչ դատարան բողոքարկված միջանկյալ դատական ակտերի կապակցությամբ վերաքննիչ դատարանի ընդունած որոշումների դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց շրջանակը: Դրանք են` գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի համադրված վերլուծության արդյունքներով ՀՀ սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրենսգիրքը հստակ դատավարական կարգավիճակով չի օժտում այն անձին, ում գործունակության հարցը քննվում է դատարանում: Թերևս նշված անձանց դատավարական իրավունքների իրականացմանն անդրադարձ է կատարվում միայն օրենսգրքի վիճարկվող 171-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությամբ: Սակայն նշված իրավունքների իրականացումը սահմանափակվում է միայն դատական նիստին վերջինիս ներկա գտնվելու հնարավորությամբ, ինչն ինքնին ձևակերպման տեսանկյունից վիճահարույց է: Միաժամանակ, օրենսգիրքը չի ամրագրում նաև դատարանի իրավունքները և պարտականությունները դատական նիստի կանչված այն անձի առնչությամբ, ում գործունակության հարցն է քննվում: Ստացվում է, որ զրկված չլինելով իրավասուբյեկտությունից, անձը, ում գործունակության հարցն է քննվում դատարանում, դատական նիստին կարող է մասնակից լինել որպես լոկ «դատաքննության օբյեկտ»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերոնշյալ կարգավորումներով` այն անձանց համար, ում գործունակությունը քննվում է դատարանում, հստակ չեն ապահովվում իրավահավասարության, դատարանի մատչելիության, դատական պաշտպանության, արդար դատաքննության և դատական ակտերը բողոքարկելու իրավունքները: Երաշխավորված չէ նաև հոգեկան խանգարում ունեցողների իրավական պաշտպանության վերաբերյալ միջազգային հիշյալ փաստաթղթերով և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով ամրագրված` դատարանում լսվելու իրավունքը: Նշված հիմնարար իրավունքների ուժով ցանկացած անձ, ում գործունակության հարցը քննվում է դատարանում, պետք է օժտված լինի համապատասխան դատավարական կարգավիճակով, կրի դատավարական պարտականություններ, ինչպես նաև օգտվի դատավարության մասնակցի կարգավիճակից բխող դատավարական իրավունքներից, ներառյալ`դատական ակտերը բողոքարկելու իրավունքը:

Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիտարկվող հիմնահարցերի առնչությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում առկա է իրավակարգավորման բաց, ինչը համակարգային լուծում է պահանջում և կարող է հաղթահարվել միայն ՀՀ Ազգային ժողովի կողմից` օրենսդրական համարժեք փոփոխություններ կատարելու միջոցով:

Այդ հիմնախնդիրը չի կարող որևէ հիմնավոր ու ամբողջական լուծում ստանալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի վիճարկվող դրույթի շրջանակներում: Խնդիրը չի վերաբերում զուտ դատավորի հայեցողությանը: Սահմանադրաիրավական բովանդակության տեսանկյունից վիճարկվող դրույթն ըստ էության միայն սահմանափակող բնույթ ունի: Այսինքն, օրենսդրական իրավակարգավորման ընդհանուր տրամաբանության շրջանակներում տվյալ դրույթը ըստ էության պետք է մեկնաբանել և կիրառել այնպես, որ քաղաքացին չի կարող կանչվել դատական նիստի բացառապես այն դեպքում, եթե իր առողջական վիճակը դա թույլ չի տալիս: Սակայն այս հարցում նույնպես իրավական կանոնակարգումներն ամբողջական ու հստակ չեն: Ավելին, նույնիսկ որոշակի իրավապայմանների առկայությամբ դատական նիստին կանչվելը` վեճի առարկա դրույթի սահմանադրաիրավական վերոնշյալ բովանդակության շրջանակներում, իրավունքների պաշտպանության տեսանկյունից էական դեր չի կարող ունենալ, եթե տվյալ անձն օրենքով սահմանված կարգով չունի հստակ դատավարական կարգավիճակ: Այս խնդիրն է, որ պետք է ՀՀ Ազգային ժողովի կողմից իր համալիր լուծումն ստանա:

Խնդիրը դիտարկելով նաև ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1135 որոշման լույսի ներքո, առաջնորդվելով իրավահավասարության սահմանադրական սկզբունքի խախտումը բացառելու նկատառումներով և հաշվի առնելով խտրականության արգելման սկզբունքի, դատական պաշտպանության, դատարանի մատչելիության իրավունքների վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները, հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավական պաշտպանության վերաբերյալ միջազգային փաստաթղթերը` սահմանադրական դատարանը գտնում է, որ դատական պաշտպանության, դատարանի մատչելիության, ներառյալ դատական ակտերը բողոքարկելու` անձի իրավունքները պետք է հավասարապես վերաբերելի լինեն նաև այն անձանց, ում գործունակության հարցը քննվում է դատարանում:

8. Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությամբ ամրագրված դրույթի սահմանադրականության հարցին` սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությամբ ամրագրված դրույթում առկա է սահմանադրականության խնդիր, քանի որ դատարան դիմող սուբյեկտների շրջանակում բացակայում է սուբյեկտը, ով պետք է ճանաչվի գործունակ: Արդյունքում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությամբ գործունակ ճանաչված անձը զրկվում է սեփական գործունակությունը ճանաչելու վերաբերյալ լսվելու, դատական քննությանը մասնակցելու և դատական ակտի բողոքարկման իրավունքների իրականացման հնարավորությունից:

Անդրադառնալով վիճարկվող դրույթին առնչվող միջազգային փորձին` սահմանադրական դատարանը, մասնավորապես, արձանագրում է նաև, որ ըստ Եվրոպայի խորհրդի անդամ 17 պետությունների` Խորվաթիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Հունգարիայի, Լյուքսեմբուրգի, Մոնակոյի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Ռուսաստանի Դաշնության, Սլովակիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի համապատասխան օրենսդրությունների` անգործունակ ճանաչված անձանց թույլ է տրվում անձամբ կամ ներկայացուցչի միջոցով իրենց գործունակությունը վերականգնելու պահանջով դիմել դատարան:

Միաժամանակ, սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անգործունակ ճանաչված անձի իրավական կարգավիճակի վերանայման վերաբերյալ դիմող սուբյեկտների հարցին մասնավորապես անդրադարձել է Միխայլենկոն ընդդեմ ՈՒկրաինայի գործով 2013 թվականի օգոստոսի 30-ին կայացրած վճռում, որում դատարանը գտել է, որ ապաքինվածին իր գործունակությունը վերականգնելու պահանջով դատարան դիմելու հնարավորություն չնախատեսելը համահունչ չէ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համապատասխան օրենսդրական մոտեցումներին: Տվյալ վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նաև նշել է, որ նման արգելքը որևէ այլընտրանք, ինչպես, օրինակ, անգործունակ ճանաչված անձանց գործերի դատարանի կողմից պարբերական վերանայման կարգը, չի նախատեսում: Արդյունքում` Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի խախտում:

Ելնելով վերոգրյալից` սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումը, չնախատեսելով գործունակության ճանաչման համար տվյալ անձի լսվելու և դատաքննությունում մասնակցելու հնարավորություն, փաստացիորեն զրկում է այդ անձին ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների իրականացման հնարավորությունից:

9. Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում կիրառվող «գործունակություն», «անգործունակություն» և «սահմանափակ գործունակություն» հասկացություններին:

Այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նշված հասկացությունների բովանդակությունը բացահայտված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածներում: Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է. «իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (քաղաքացիական գործունակություն) լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառնալու պահից»:

Նույն օրենսգրքի 31-րդ հոդվածը բացահայտում է անգործունակության հատկանիշները` ամրագրելով, որ «Քաղաքացին, որը հոգեկան խանգարման հետևանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, կարող է դատարանով անգործունակ ճանաչվել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 32-րդ հոդվածը, իր հերթին, անդրադարձ է կատարում «սահմանափակ գործունակություն» հասկացության սահմանմանը, մասնավորապես նշելով, որ «ոգելից խմիչքների կամ թմրամիջոցների չարաշահման, ինչպես նաև մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը կարող է դատարանով սահմանափակվել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Շտուկատուրովն ընդդեմ Ռուսաստանի գործով կայացված վճռով սահմանվել է, որ անձին անգործունակ ճանաչելը հանդիսանում է վերջինիս անձնական կյանքը հարգելու իրավունքին միջամտություն: Շտուկատուրովի մոտ բժիշկների կողմից արձանագրվել էին որոշակի հոգեկան հիվանդություններ, սակայն, ըստ դատարանի, վերջինիս անգործունակ ճանաչելն անհամաչափ էր հետապնդվող իրավաչափ նպատակին: Դատարանի կողմից արձանագրվել էր նաև Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ գործունակության և անգործունակության միջև միջանկյալ, այլընտրանքային (բացառությամբ` ոգելից խմիչքների կամ թմրամիջոցների չարաշահման հակում ունեցողների) տարբերակի բացակայությունը` հաշվի առնելով այն տրամաբանությունը, որ ոչ բոլոր հոգեկան խանգարումներն են հանգեցնում անձի ամբողջական անգործունակությանը (վճռի 91-95-րդ պարբերություններ):

Այս կապակցությամբ սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ հետագա օրենսդրական փոփոխությունների ընթացքում համապատասխան անդրադարձ պետք է լինի նաև այս խնդրին, ինչը թույլ կտա բացառել անձանց գործունակության նկատմամբ անհամաչափ միջամտությունները` առավել ամբողջական դարձնելով անձին «անգործունակ» կամ «սահմանափակ գործունակ» ճանաչելու հիմքերը:

Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանն ի գիտություն է ընդունում, որ ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրված «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի թիվ Պ-732-05.03.2015-ՊԻ-010/0 նախագիծը, որով օրենսդիրը փորձում է լուծել դիմումում բարձրացված հիմնախնդիրները, որի ընթացքում անհրաժեշտ կլինի հաշվի առնել նաև սույն որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 68-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությամբ ամրագրված դրույթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում:

i

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությամբ ամրագրված դրույթը` այնքանով, որքանով գործունակ ճանաչված անձին հնարավորություն չի ընձեռում անձամբ իրացնել լսվելու իր իրավունքը և հանդես գալ որպես դատավարության մասնակից, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին և 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

7 ապրիլի 2015 թվականի

ՍԴՈ-1197

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
07.04.2015
N ՍԴՈ-1197
Որոշում