Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՍՈՒՆ ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԻՍՈՒՆ ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ Հ ...

 

 

040.0515.200515

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 մայիսի 2015 թվականի N 515-Ն

 

ՀԻՍՈՒՆ ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 954-968-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հիսուն և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ հիսուն և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին պայմանագրերը Հայաստանի Հանրապետության անունից կնքում է Պետական գույքի կառավարման կոմիտեն:

(2-րդ կետը փոփ. 10.01.2019 թիվ 2-Ն որոշում)

2.1. Սահմանել, որ հավատարմագրային կառավարման կարող են հանձնվել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված` մասնավորեցման ենթակա կազմակերպությունների ցանկերում չընդգրկված կազմակերպությունների բաժնետոմսերը:

(2.1-ին կետը լրաց. 10.01.2019 թիվ 2-Ն որոշում)

3. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում հաստատել հիսուն և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մրցույթի կանոնակարգը:

(3-րդ կետը փոփ. 10.01.2019 թիվ 2-Ն որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի մայիսի 7-ի

N 515-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԻՍՈՒՆ ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հիսուն և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում (այսուհետ` կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները (այսուհետ` բաժնետոմս) այլ առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ` անձ) հավատարմագրային կառավարման հանձնելու հետ կապված հարաբերությունները:

2. Կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Յուրաքանչյուր կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակում է Պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ` կոմիտե): Ընդ որում, հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ առաջարկությունը կամ համաձայնությունը տալիս է կազմակերպության բաժնետոմսերը կառավարող պետական լիազորված մարմինը` միաժամանակ ներկայացնելով սույն կարգի 5-րդ կետով սահմանված հավատարմագրային կառավարման հանձնելու մասին տեղեկատվությունը:

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

3. Կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման են հանձնվում ուղղակի ձևով կամ մրցույթով: Ընդ որում, հավատարմագրային կառավարմանը կարող են մասնակցել առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերը: Օտարերկրյա անձինք Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց հետ ունեն հավատարմագրային կառավարմանը մասնակցելու հավասար իրավունքներ:

4. Կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկությունները`

1) կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հիմնադրի լիազորություններն իրականացնող պետական մարմնի անվանումը, պետական բաժնեմասի չափը, հավատարմագրային կառավարման հանձնվող բաժնետոմսերի թիվը, մեկ բաժնետոմսի անվանական արժեքը.

2) հավատարմագրային կառավարման ժամկետները.

3) կազմակերպության աշխատողների աշխատանքային և սոցիալական երաշխիքներին վերաբերող պահանջները` ըստ ուղղությունների և ծավալի.

4) կազմակերպության ակտիվների և պարտավորությունների մեծության մասին տեղեկատվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը նախորդող վերջին ժամանակահատվածի հաշվապահական հաշվառման հաշվետվության.

5) կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու դիմաց պահանջվող ներդրումների չափը, ուղղությունները և դրանց իրականացման ժամկետները, եթե կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին հրապարակային ծանուցման մեջ առկա է նման պահանջ.

6) սեփականատիրոջ այն լիազորությունները, որոնք նախատեսվում է փոխանցել հավատարմագրային կառավարչին.

7) հավատարմագրային կառավարման հանձնելու ձեր.

8) կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման ուղղակի ձևով հանձնելու դեպքում` իրավաբանական անձանց անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անձնագրի տվյալները (ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը), անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը.

9) այլ պայմաններ:

5. Կազմակերպության բաժնետոմսերն ուղղակի ձևով հավատարմագրային կառավարման են հանձնվում` առնվազն մեկ անգամ մրցույթով հավատարմագրային կառավարման ներկայացվելուց և այն չկայանալուց հետո, եթե հավատարմագրային կառավարման հանձնելու համար ներկայացվել է մեկ հայտ, և հավանական հավատարմագրային կառավարչի կողմից ներկայացվել է սույն կարգի 19-րդ կետի պահանջներին համապատասխանող հավատարմագրային կառավարման ծրագիր, որը հավանության է արժանացել կազմակերպության վերադաս կառավարման մարմնի կողմից և բավարարում է սույն կարգի, ինչպես նաև նախորդ չկայացած մրցութային հայտարարության պահանջները, իսկ երկու և ավելի հայտերի առկայության դեպքում` կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման են հանձնվում մրցութային եղանակով: Ընդ որում, կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման են հանձնվում ուղղակի ձևով կամ մրցույթով` Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համաձայն:

6. Կազմակերպության բաժնետոմսերն ուղղակի ձևով հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակով հավանական հավատարմագրային կառավարիչը կոմիտե է ներկայացնում հայտ, որը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը`

1) եթե հայտատուն իրավաբանական անձ է (այդ թվում` օտարերկրյա առևտրային կազմակերպություն)` կազմակերպության պետական գրանցման համարը, կազմակերպության գտնվելու և գործունեության իրականացման վայրի մասին ու հիմնադիրների անվանացանկը, եթե հայտատուն անհատ ձեռնարկատեր է` անձնագրի տվյալները (ազգանունը, անունը, հայրանունը, քաղաքացիությունը և բնակության վայրը), անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը.

2) սույն կարգի 19-րդ կետի պահանջներին համապատասխան` հավատարմագրային կառավարման ծրագիր.

3) ծրագրի վերաբերյալ կազմակերպության վերադաս կառավարման մարմնի դրական եզրակացությունը.

4) կառավարման տվյալ բնագավառում առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ փորձի մասին վկայող փաստաթղթերը.

5) հավատարմագրային կառավարման վերցնելու նպատակով առաջարկվող ժամկետը.

6) ներդրումների իրականացման ժամկետը և ծավալը, եթե նշված չափանիշները համարվում են նախորդ չկայացած մրցույթին մասնակցելու նախապայման:

7. Կոմիտեն սույն կարգի 6-րդ կետում նշված հայտն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում այն ընդունելու կամ մերժելու մասին և 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է հավանական հավատարմագրային կառավարչին: Ընդ որում, ներկայացված հայտը մերժվում է, եթե չեն ապահովվել սույն կարգի 6-րդ կետով նախատեսված պահանջները:

8. Կոմիտեն սույն կարգի 6-րդ կետում նշված հայտն ստանալուց հետո, եթե այն բավարարում է սույն կարգի 6-րդ կետով նախատեսված պայմանները, ապահովում է կազմակերպության բաժնետոմսերն ուղղակի ձևով հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը:

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

9. Կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու հետ կապված գործառույթներն իրականացվում են մրցութային հանձնաժողովների միջոցով, ընդ որում, մրցութային հանձնաժողովների կառուցվածքը սահմանվում է կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ անհատական կազմը` կոմիտեի նախագահի հրամանով:

10. Կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մրցույթները (այսուհետ` մրցույթ) բաց են մրցույթի պայմանները բավարարող բոլոր անձանց համար:

11. Կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակով ներկայացված մրցութային առաջարկների գնահատման համար` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված լինելու դեպքում մրցութային հանձնաժողովը կարող է անվճար հիմունքներով, առանց ձայնի իրավունքի` մրցութային հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել մասնագիտացած խորհրդատուների և համապատասխան ոլորտի փորձագետների (համաձայնությամբ):

12. Մրցույթի մասին հրապարակային ծանուցումը մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման օրվանից ոչ ուշ, քան 40 օր առաջ պարտադիր տեղադրվում է կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում, http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ մրցութային հանձնաժողովի որոշմամբ` նաև օտարալեզու կայքերում:

13. Կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշվում են`

1) կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հիմնադրի լիազորություններն իրականացնող պետական մարմնի անվանումը.

2) հավատարմագրային կառավարման առաջարկվող ժամկետը.

3) կազմակերպության աշխատողների աշխատանքային և սոցիալական երաշխիքներին վերաբերող պահանջները` ըստ ուղղությունների և ծավալի.

4) կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու դիմաց պահանջվող ներդրումների չափը, ուղղությունները և դրանց իրականացման ժամկետները, եթե նշված չափանիշները համարվում են մրցույթին մասնակցելու նախապայման.

5) սեփականատիրոջ այն լիազորությունները, որոնք նախատեսվում է փոխանցել հավատարմագրային կառավարչին.

6) հավատարմագրային կառավարման ծրագրին ներկայացվող պահանջները.

7) կազմակերպության ակտիվների և պարտավորությունների մեծության մասին տեղեկատվությունը` համաձայն հրապարակային ծանուցմանը նախորդող վերջին ժամանակահատվածի հաշվապահական հաշվառման հաշվետվության.

8) կազմակերպության գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու վերաբերյալ հայցերի առկայության կամ կազմակերպության` սնանկության վարույթում գտնվելու մասին տեղեկատվությունը.

9) մրցութային հանձնաժողովի գործունեության վայրը, մրցույթի կազմակերպման վայրը և օրը (նշելով ժամը).

10) մրցույթին մասնակցելու համար հայտերի ընդունման վայրը, ժամանակահատվածը (նշելով ժամերը` ըստ օրերի) և վերջնաժամկետը.

11) մրցույթին մասնակցելու համար ներկայացված հայտերի գնահատման չափանիշները` ներառյալ մրցութային հանձնաժողովի կողմից որոշված`

ա. մրցույթին մասնակցելու համար ներկայացված ծրագրերի յուրաքանչյուր բաղադրիչի գնահատման սկզբունքները,

բ. տեխնիկական ու ֆինանսական ցուցանիշների գնահատման համար սահմանված կշռային գործակիցները.

12) մրցույթի մասնակցության վճարի և մրցույթի նախավճարի չափը, վճարելու կարգը և ժամկետները.

13) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

14) մրցույթի հայտերը բացելու, ինչպես նաև մրցույթի հայտերն ամփոփելու նիստերի օրը և ժամը.

15) մրցույթի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու կարգը, մրցույթի կանոնակարգին ծանոթանալու վայրը և կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը.

16) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այլ պայմաններ:

14. Մրցույթին մասնակցության վճարը սահմանվում է մրցույթի անցկացման համար կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով, իսկ մրցույթի նախավճարը մրցույթին մասնակցելու երաշխիքային վճար է:

15. Մրցույթին մասնակցության վճարի չափը սահմանվում է մրցույթի անցկացման պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50-ապատիկի չափով և ենթակա չէ վերադարձման` անկախ մրցույթում հաղթելու կամ հաղթող չճանաչվելու հանգամանքից:

16. Մրցույթին մասնակցության վճարը փոխանցվում է հավատարմագրային կառավարման հանձնվող կազմակերպության հաշվին: Ընդ որում, հավատարմագրային կառավարման կազմակերպությունը մրցույթի անցկացման համար կատարված ծախսերի փոխհատուցումից հետո մնացած գումարները փոխանցում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

17. Մրցույթի նախավճարը սահմանվում է մրցույթի անցկացման պահին Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 1000-ապատիկի չափով և ենթակա է վերադարձման` բացառությամբ մրցույթի հաղթող ճանաչված մասնակցի կողմից պայմանագիրն ստորագրելուց հրաժարվելու դեպքում:

18. Մրցույթին մասնակցելու համար հայտատուն մրցութային հանձնաժողովին փակ ծրարով ներկայացնում է գրավոր հայտ, որը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը`

1) եթե հայտատուն առևտրային կազմակերպություն է`

ա. կազմակերպության պետական գրանցման համարը, տեղեկատվություն կազմակերպության մասնակիցների, փայատերերի, կազմակերպության գտնվելու և գործունեության իրականացման վայրի մասին: Եթե կազմակերպությունն օտարերկրյա առևտրային կազմակերպություն է, ապա պետք է նշվեն նաև այն պետությունը, որի օրենքների հիման վրա ստեղծվել և գործում է տվյալ կազմակերպությունը, այդ օտարերկրյա առևտրային կազմակերպության` օրենքին համապատասխան ստեղծման և գործունեության դադարման, վերակազմակերպման` ներառյալ իրավահաջորդության, իրավունակության բովանդակության, քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և քաղաքացիական պարտականություններ կրելու կարգը, կազմակերպության ներսում ծավալվող հարաբերությունների` ներառյալ առևտրային կազմակերպության հարաբերություններն իր մասնակիցների հետ, պատասխանատվության հարցերի մասին տեղեկությունները,

բ. մրցույթին մասնակցության վճարի և մրցույթի նախավճարի` մրցութային հանձնաժողովի կողմից նշված բանկային հաշվին կատարված վճարման անդորրագրերի պատճենները,

գ. սույն կարգի պահանջներին համապատասխանող հավատարմագրային կառավարման ծրագիրը,

դ. կառավարման բնագավառում առևտրային կազմակերպության փորձի մասին վկայող փաստաթղթերը,

ե. մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մյուս փաստաթղթերը.

2) եթե հայտատուն անհատ ձեռնարկատեր է`

ա. անձնագրի տվյալները (ազգանունը, անունը, հայրանունը, քաղաքացիությունը և բնակության վայրը), անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը,

բ. մրցույթին մասնակցության վճարի և մրցույթի նախավճարի` մրցութային հանձնաժողովի կողմից նշված բանկային հաշվին կատարված վճարման անդորրագրերի պատճենները,

զ. սույն կարգի պահանջներին համապատասխանող հավատարմագրային կառավարման ծրագիրը,

դ. կառավարման բնագավառում անհատ ձեռնարկատիրոջ փորձի մասին վկայող փաստաթղթերը,

ե. մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված մյուս փաստաթղթերը:

19. Սույն կարգի 18-րդ կետով պահանջվող հավատարմագրային կառավարման ծրագիրը պետք է ներառի`

1) առաջարկություններ ներդրումներ կատարելու վերաբերյալ (այդ թվում` ներդրումների ուղղությունները և չափերը, ինչպես նաև ներդրումների իրականացման արդյունքում ակնկալվող արդյունքը` (ներառյալ կազմակերպության սպասվելիք շահույթը` տարիների կտրվածքով), եթե նշված տեղեկությունները ներկայացնելու պահանջը նախատեսված է սույն կարգի 13-րդ կետի 4-րդ ենթակետով.

2) հավատարմագրային կառավարման հանձնվող կազմակերպության զարգացման համար իրականացվելիք միջոցառումները, դրանց կատարման ժամկետները, ուղիները, պահանջվող ֆինանսական միջոցները և աղբյուրները.

3) տեղեկություններ և փաստաթղթեր անձի տեխնիկական և մասնագիտական ապահովվածության մասին.

4) առաջարկություններ հավատարմագրային կառավարչի վարձատրության չափի վերաբերյալ.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված` մրցույթի այլ պայմանների վերաբերյալ առաջարկություններ:

20. Մրցույթին մասնակցելու համար հայտատուների կողմից մրցութային հանձնաժողովին ներկայացված հայտերում առկա տվյալներն ու տեղեկությունները (ներառյալ հավատարմագրային կառավարման ծրագրի բովանդակությունը մինչև մրցույթի ավարտը հրապարակման ենթակա չեն:

21. Մրցույթին մասնակցելու համար հայտի ընդունման մերժումն արգելվում է:

22. Մրցույթն անցկացվում է հայտերի ընդունման ժամկետը լրանալու օրը:

23. Մրցույթի անցկացման օրը մրցութային հանձնաժողովը բացում է բոլոր ներկայացված ծրարները, ստուգում ներկայացված պահանջներին հայտերի համապատասխանությունը և գնահատում առաջարկները:

24. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն հայտատուն, որը, մրցութային հանձնաժողովի որոշմամբ, առաջարկել է լավագույն պայմանները: Լավագույն պայմաններ են համարվում մրցույթին մասնակցելու համար ներկայացված հայտերի գնահատման չափանիշներին համապատասխանող` առավելագույն միավորներով գնահատված ծրագրերը:

25. Մի քանի հայտատուների կողմից հավասար լավագույն պայմանների առաջարկման դեպքում նախապատվությունը տրվում է այն անձին, որի ներկայացրած հավատարմագրային կառավարման ծրագրով նախատեսվում է նվազագույն ծախսերով կազմակերպության առավելագույն զուտ շահույթի ապահովումը:

26. Մրցութային հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրն ունի մեկ ձայնի իրավունք: Մրցութային հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

27. Կողմ և դեմ քվեարկած մրցութային հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում մրցութային հանձնաժողովի նախագահն ունի վճռորոշ ձայնի իրավունք:

28. Մրցութային հանձնաժողովը մրցույթի հայտերն ամփոփելու օրը կազմում է մրցույթի արդյունքների մասին արձանագրություն, որտեղ նշում են`

1) մրցույթի հայտերի բացման, մրցույթի հայտերի ամփոփման վայրը, ամսաթիվը և ժամը, ինչպես նաև մրցութային հանձնաժողովի անդամների անուններն ու ազգանունները.

2) մրցույթի մասնակիցների անունները, ազգանունները (անվանումները) և գտնվելու (բնակության) վայր.

3) տեղեկություններ մրցույթի հայտերի վերաբերյալ հարցումների և դրանց պատասխանների մասին.

4) մրցույթում հաղթող ճանաչված անձի անունը, ազգանունը (անվանումը).

5) այլ անհրաժեշտ տեղեկություններ:

29. Մրցույթի արդյունքների մասին ամփոփ տեղեկատվությունը մրցույթի արդյունքների ամփոփումից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում, http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև այն օտարալեզու կայքերում, որի միջոցով մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած անձը տեղեկացել է մրցույթի մասին:

30. Հավատարմագրային կառավարման հիմնադիրը, ի դեմս կոմիտեի, մրցույթի արդյունքների հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում` մրցույթի հաղթող ճանաչված անձի հետ կնքում է հավատարմագրային կառավարման մասին պայմանագիր:

31. Մրցույթին մասնակցելու համար ստացված մեկ հայտը չի կարող մրցույթը չկայացած համարելու պատճառ համարվել:

32. Մրցույթին մասնակցելու համար հայտերի բացակայության կամ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով սահմանված այլ պատճառով մրցույթը չկայանալու դեպքում տվյալ կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ նոր մրցույթի կազմակերպման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

33. Մրցույթի արդյունքները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

IV. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

34. Սույն կարգին համապատասխան մրցույթի հաղթող ճանաչված անձի հավատարմագրային կառավարման ծրագիրը համարվում է հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի անբաժանելի մասը:

35. Կոմիտեի և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի (այսուհետ` հավատարմագրային կառավարիչ) միջև կնքված հավատարմագրային կառավարման մասին պայմանագրում, բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 958-րդ հոդվածով սահմանված պայմանագրի էական պայմաններից, պետք է ներառվեն`

1) կոմիտեի կողմից հավատարմագրային կառավարման մասին պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման մոնիթորինգի կարգը` առանց միջամտելու հավատարմագրային կառավարչի գործունեությանը, ինչպես նաև հավատարմագրային կառավարչից կազմակերպության կառավարմանը վերաբերող ցանկացած փաստաթուղթ ստանալու իրավունքը.

2) հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի գործողության սկզբին հաջորդող յուրաքանչյուր տարի` մինչև տվյալ տարվա մարտի 1-ը` հավատարմագրային կառավարչի գործունեության ծրագրով ամրագրված գործողությունների ընթացքի վերաբերյալ կոմիտեի տարեկան հաշվետվություն (կոմիտեի հետ համաձայնեցված ձևաչափով և բովանդակությամբ), ինչպես նաև կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների վերաբերյալ անկախ աուդիտորական ծառայություններ մատուցող անձի եզրակացությունը ներկայացնելու պահանջը.

3) հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի գործողության սկզբին հաջորդող յուրաքանչյուր տարի` մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը` հավատարմագրային կառավարչի գործունեության ծրագրից բխող տարեկան գործարար ծրագիրը (եռամսյակային կտրվածքով), իսկ յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո` մինչև հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 1-ը` գործարար ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման մասին եռամսյակային հաշվետվությունը կոմիտե ներկայացնելու պահանջը:

36. Կոմիտեի և հավատարմագրային կառավարչի միջև կնքված հավատարմագրային կառավարման մասին պայմանագրում պետք է սահմանվի, որ հավատարմագրային կառավարիչը, առանց կոմիտեի համաձայնության, հավատարմագրային կառավարման ընթացքում իրավունք չունի`

1) օտարելու հավատարմագրային կառավարման հանձնված բաժնետոմսերը, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` խոշոր գործարք չհանդիսացող կազմակերպության սեփականությունը համարվող անշարժ գույքը.

2) հավատարմագրային կառավարման մասին պայմանագրով իրեն վերապահված իրավունքների և պարտականությունների կատարումը վերապահելու երրորդ անձանց.

3) սահմանելու կազմակերպության ղեկավար անձանց աշխատանքի վարձատրության չափերը.

4) իրականացնելու «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով խոշոր գործարքների մասին ընդունված որոշումները:

37. Սույն կարգին համապատասխան կնքված հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի գործողությունը կարող է վաղաժամկետ դադարեցվել հետևյալ հիմքերից յուրաքանչյուրով`

1) հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

2) եթե կոմիտեն խախտել է կամ չի կատարել հավատարմագրային կառավարման մասին պայմանագրով ստանձնած իր պարտավորություններից որևէ մեկը կամ խախտել է կառավարման հիմնադրի կամ իր կողմից տրված` երաշխիք պարունակող պայման, և նշված խախտման մասին հավատարմագրային կառավարչի ծանուցումն ստանալուց հետո 15 օրացուցային օրվա ընթացքում կառավարման հիմնադրի կամ կոմիտեի կողմից խախտումը չի վերացվել.

3) հավատարմագրային կառավարիչը խախտել է կամ չի կատարել հավատարմագրային կառավարման մասին պայմանագրով ստանձնած իր պարտավորություններից որևէ մեկը կամ խախտել է հավատարմագրային կառավարման մասին պայմանագրով իր կողմից երաշխիք պարունակող պայմանը, և նշված խախտման մասին կոմիտեի ծանուցումն ստանալուց հետո 15 օրացուցային օրվա ընթացքում հավատարմագրային կառավարչի կողմից խախտումը չի վերացվել:

38. Սույն կարգի 37-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի կողմն իրավասու է վաղաժամկետ դադարեցնելու հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի գործողությունը` պայմանագրի մյուս կողմին երկու ամիս առաջ գրավոր ծանուցելով իր կրած վնասներն ու բաց թողնված օգուտները փոխհատուցելու անհրաժեշտության մասին:

39. Հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվելու դեպքում կողմերը պետք է միմյանց վերադարձնեն տվյալ պայմանագրին առնչվող բոլոր փաստաթղթերն ու միջոցները` սահմանված ժամկետում և առանց վերապահումների:

40. Սույն կարգին համապատասխան կնքված հավատարմագրային կառավարման մասին պայմանագրերի պայմանների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է կոմիտեն` կազմակերպության բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին կնքված պայմանագրի դրույթներին համապատասխան:

41. Հավատարմագրային կառավարիչը պատասխանատվություն է կրում իր պատճառած վնասների համար:

 

(հավելվածը խմբ. 10.01.2019 թիվ 2-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.05.2015
N 515-Ն
Որոշում