Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ...

 

 

020.1213.090615

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 293-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 294-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 9 հունիսի 2015թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հ. Սարգսյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին մասի և 294-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի փետրվարի 16-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Դատական քննություն նշանակելու մասին որոշումը» վերտառությամբ 293-րդ հոդվածի` սույն գործով վիճարկվող 1-ին մասը սահմանում է.

«1. Դատարանը որոշում է կայացնում դատական քննություն նշանակելու մասին, եթե քրեական գործի նյութերում բացակայում են վարույթը կարճելու մասին հանգամանքները, ինչպես նաև մինչդատական վարույթը կատարված է առանց քրեադատավարական օրենքի էական խախտումների»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի` սույն գործով վիճարկվող 1-ին մասում ՀՀ Ազգային ժողովի կողմից փոփոխություն և/կամ լրացում չի կատարվել:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Որոշում` քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» վերտառությամբ 294-րդ հոդվածի` սույն գործով վիճարկվող 1-ին մասը սահմանում է.

«1. Սույն օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, երբ դա հնարավոր է առանց դատաքննության, դատարանը պատճառաբանված որոշում է կայացնում քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Եթե քրեական հետապնդումը բացառող հանգամանքները վերաբերում են մեկ մեղադրյալի, քրեական հետապնդումը դադարեցվում է միայն նրա նկատմամբ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 294-րդ հոդվածի` սույն գործով վիճարկվող 1-ին մասում ՀՀ Ազգային ժողովի կողմից կատարվել է փոփոխություն (28.11.07 ՀՕ-270-Ն):

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.

19.08.2014թ. հարուցվել է թիվ 29155514 քրեական գործը, որի շրջանակներում Մարինե Սայդոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, իսկ Նորիկ Բաքոյանին, ՈՒսուբ Սայդոյանին և Զոհրաբ Նասիրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ և 118-րդ հոդվածներով մեղադրանք է առաջադրվել: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությունը կազմվել է 29.12.2014թ.: Քրեական գործը ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ստացվել է 14.01.2015թ., որը 15.01.2015թ. որոշմամբ ընդունվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս. Մարաբյանի վարույթ:

19.01.2015թ. քրեական գործը վերադարձվել է մեղադրողին` մեղադրական եզրակացությունում առկա թերությունները վերացնելու և օրենքով սահմանված կարգով մեղադրական եզրակացությունը հաստատելու համար` սահմանելով ժամկետ մինչև հինգ օր տևողությամբ: 26.01.2015թ. ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ստացվել է թիվ 29155514 (ԱՐԱԴ1/0003/01/15) քրեական գործը, որի ուսումնասիրությունից դատարանը, պարզելով, որ իր որոշման պահանջները չեն կատարվել, 27.01.2015թ. հիշյալ քրեական գործը կրկին վերադարձրել է մեղադրողին` մեղադրական եզրակացությունում առկա թերությունները վերացնելու, օրենքով սահմանված կարգով մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու համար` սահմանելով ժամկետ` երկու աշխատանքային օր տևողությամբ:

03.02.2015թ. վերոհիշյալ քրեական գործն ստացվել է դատարանում, որի ուսումնասիրությունից դատարանը հանգել է այն հետևությանը, որ դատախազը կատարել է դատարանի որոշման պահանջը: Դատախազը միաժամանակ հայտնել է, որ արագացված կարգ կիրառելու դեմ չի առարկում, քանի որ տուժողները հաշտվել են մեղադրյալների հետ, և գործի հետ դատարան է ուղարկել նաև հաշտության վերաբերյալ տուժողների և մեղադրյալների դիմումները:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2015 թվականի փետրվարի 10-ին կայացրել է որոշում` թիվ 29155514 (ԱՐԱԴ1/0003/01/15) քրեական գործով դիմել ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին մասի և 294-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածին հակասող և անվավեր ճանաչելու խնդրանքով, և թիվ 29155514 (ԱՐԱԴ1/0003/01/15) քրեական գործի վարույթը կասեցնել մինչև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշման կայացումը:

3. Ըստ դիմողի` դատական քննության նախապատրաստական մասում, դատավորի կողմից միանձնյա, իր աշխատասենյակում` առանց դատական նիստ հրավիրելու, առանց հրապարակայնության պայմաններում, կողմերի մասնակցությամբ, մրցակցության և իրավահավասարության ապահովմամբ ապացույցներ հետազոտելու և գնահատելու քրեական գործով «գործն ըստ էության լուծող» դատական ակտ կայացնելը, հակասում է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված արդարադատության մատչելիության, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ հրապարակային դատական քննության սկզբունքներին:

Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ և 294-րդ հոդվածների կանոնակարգումների պայմաններում ստեղծվում է մի իրավիճակ, որ դատարանն իրականացնում է «գաղտնի» արդարադատություն, «հրաժարվում է» անձանց` իրենց խախտված իրավունքներն արդյունավետ վերականգնելու իրավունքից` զրկելով ինչպես տուժողին, այնպես էլ մեղադրյալին արդարադատության մատչելիությունից, դատարանում լսվելու, իր գործը հավասարության պայմաններում ներկայացնելու իրավունքներից: Ավելին, ստացվում է, որ դատարանի կողմից գործն ըստ էության լուծվում է առանց դատական նիստի անցկացման, պատշաճ կարգով քննության, քանի որ գործող դատավարական նորմերը և դրանց ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությունները դատարանին պարտավորեցնում են քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելու դրանց ի հայտ գալու պահից:

Ըստ դիմողի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի սահմանադրականության հարց է առաջանում նաև այն առումով, որ դատական քննություն նշանակելը կախվածության մեջ է դրվում` մինչդատական վարույթում քրեադատավարական օրենքի էական խախտում թույլ տալու հանգամանքից: Դիմողն արձանագրում է, որ եթե քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերի առկայության դեպքում օրենսդիրը սահմանում է համապատասխան լուծում` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 294-րդ հոդվածի կարգով գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու ձևով, ապա օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված` մինչդատական վարույթում թույլ տրված քրեադատավարական օրենքի էական խախտումների մասով որևէ իրավակարգավորում սահմանված չէ, առկա է իրավական անորոշություն: Խնդիր է առաջանում այն առումով, թե որքանով է ՀՀ Սահմանադրության տեսանկյունից իրավաչափ դատական քննության նախապատրաստական մասում, առանց ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված սկզբունքների ապահովման` քրեադատավարական օրենքի էական խախտում արձանագրելու դատարանի լիազորությունը:

Ըստ դիմողի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի այն մասը, որը սահմանում է արգելք դատական քննություն նշանակելու` կապված մինչդատական վարույթում քրեադատավարական օրենքի էական խախտումներ թույլ տալու հանգամանքի հետ, փոխկապված է լրացուցիչ նախաքննության ինստիտուտին, որը ՀՀ սահմանադրական դատարանի 2007 թվականի հուլիսի 24-ի ՍԴՈ-710 որոշմամբ ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածին հակասող և անվավեր, ուստի օրենսգրքի 293-րդ հոդվածի պահանջը չի կարող իրացվել, հետևաբար` այս դրույթը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիության սկզբունքին:

4. Սույն գործով վիճարկվող դրույթների վերաբերյալ պատասխանող կողմը, մասնավորապես, հայտնում է, որ գործը դատական քննության նշանակելու առաջին պայմանը քրեական գործի նյութերում գործի վարույթը կարճելու հանգամանքների բացակայությունն է: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները, որոնց առկայությունը բացառում է վարույթի հետագա ընթացքը:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածը, որպես դատական քննություն նշանակելու համար անհրաժեշտ պայման, նշում է նաև մինչդատական վարույթում քրեադատավարական օրենքի էական խախտումների բացակայությունը, որ նախատեսելը, առաջին հերթին, պայմանավորված էր նախկինում գործող` գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու դատարանի լիազորության առկայությամբ: Վերջինիս ՀՀ սահմանադրական դատարանի 2007 թվականի հուլիսի 24-ի ՍԴՈ-710 որոշմամբ հակասահմանադրական ճանաչվելուց հետո ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածը չի կարող հանդիսանալ քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու հիմք:

Ըստ պատասխանողի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է գործի քննության նախապատրաստական փուլում քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու թույլատրելիությունը` նպատակ ունենալով հատուկ շեշտել, որ գործի քննության նախապատրաստական փուլում վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերը պետք է կասկած չհարուցեն: Քրեական գործի վարույթը կարող է կարճվել, եթե դրա հարուցման համար հիմք հանդիսացած բոլոր հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի բացահայտված են և առկա են գործով վարույթի կարճման փաստական և իրավական հիմքերը: Սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ օրենսդիրը գործի քննության նախապատրաստական մասում գործի վարույթի կարճումը թույլատրում է, եթե դա հնարավոր է առանց դատաքննության իրականացման: Եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված կարճման հիմքերը, ըստ դատարանի, ակնհայտ չեն, կամ առկա է դրանց կապակցությամբ ապացույցներ հետազոտելու կամ կողմերի իրավական դիրքորոշումը քննարկելու անհրաժեշտություն, ապա դատարանը պետք է նշանակի դատաքննություն: Այսինքն, կարճման հիմքի առկայությունը պետք է լինի ակնհայտ և անվիճելի:

Պատասխանողի կարծիքով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով խոչընդոտում է դատարանին նշանակել դատական քննություն այն քրեական գործերով, որոնցով մինչդատական վարույթը կատարվել է քրեադատավարական օրենքի էական խախտումներով, հակասում է ՀՀ Սահմանադրությանը, իսկ 294-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Պատասխանողը հայտնում է նաև, որ ՀՀ Ազգային ժողովի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկված ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով (Կ-084-14.09.2012, 29.11.2013-ՊԻ-010/0) «դատական քննության նախապատրաստելը» ինստիտուտը փոխարինվել է «նախնական դատալսումներով», որի ընթացքում դատարանը քննության առարկա է դարձնում նաև քրեական հետապնդումը դադարեցնելու և/կամ վարույթը կարճելու հարցը:

5. ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի համաձայն` դատարանների դիմումների հիման վրա կոնկրետ վերահսկողության նպատակն է կանխել դատարանի կողմից կոնկրետ վեճի լուծումը ենթադրյալ հակասահմանադրական օրենքի հիման վրա: Ըստ այդմ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանները կարող են սահմանադրական դատարանում վիճարկել ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված այն իրավական ակտերի սահմանադրականությունը, որոնք ենթակա են կիրառման իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով: Այլապես, դատարանների դիմումների հիման վրա իրականացվող կոնկրետ սահմանադրական վերահսկողությունը չի ծառայի իր հիմնական նպատակին:

Քննության առարկա դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը, ըստ էության, բարձրացնում է.

առաջին` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (օրենսգիրք) 293-րդ հոդվածի 1-ին մասի` «Դատարանը որոշում է կայացնում դատական քննություն նշանակելու մասին, եթե քրեական գործի նյութերում բացակայում են վարույթը կարճելու մասին հանգամանքները» դրույթի և օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցը, ընդ որում, հիշյալ դրույթներն օրենսգրքի 35-րդ հոդվածի հետ հարաբերակցության շրջանակներում,

երկրորդ` օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին մասի «...ինչպես նաև մինչդատական վարույթը կատարված է առանց քրեադատավարական օրենքի էական խախտումների» դրույթի սահմանադրականության հարցը:

Դիմումի ուսումնասիրությունից պարզ է դառնում, սակայն, որ դիմողի բարձրացրած հարցը վերաբերում է ոչ թե օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասին ամբողջությամբ, այլ միայն հիշյալ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությանը: Իսկ ինչ վերաբերում է վիճարկվող դրույթների և օրենսգրքի 35-րդ հոդվածի հարաբերակցությանը, ապա սույն գործով քննության առարկա նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիշյալ դրույթների հարաբերակցության շրջանակներն ընդգրկում են ոչ թե օրենսգրքի 35-րդ հոդվածը` ամբողջությամբ, այլ միայն հիշյալ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, համաձայն որի` քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը հաշտվել է կասկածյալի կամ մեղադրյալի հետ:

Նկատի ունենալով վերոնշյալը` սահմանադրական դատարանը սույն գործով քննության առարկա է համարում.

i

- օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին մասի` «Դատարանը որոշում է կայացնում դատական քննություն նշանակելու մասին, եթե քրեական գործի նյութերում բացակայում են վարույթը կարճելու մասին հանգամանքները» դրույթի և օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության սահմանադրականության հարցը` այդ դրույթների` օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հետ հարաբերակցության շրջանակներում, և

- օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին մասի` «...ինչպես նաև մինչդատական վարույթը կատարված է առանց քրեադատավարական օրենքի էական խախտումների» դրույթի սահմանադրականության հարցը:

6. Սույն գործի քննության շրջանակներում, հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները, սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել և գնահատել.

- տուժողի կողմից կասկածյալի կամ մեղադրյալի հետ հաշտվելու հիմքով դատարանի կողմից քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման կայացման գործող իրավակարգավորման իրավաչափությունը` ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներում ամրագրված իրավունքների լիարժեք իրացումն ապահովելու համատեքստում,

- «քրեադատավարական օրենքի էական խախտում» եզրույթի քրեադատավարական նշանակությունը` գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանի կողմից քրեադատավարական օրենքի էական խախտման գնահատման լիազորություն ունենալու իրավաչափության և իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից:

7. Սահմանադրական դատարանը, վերլուծելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթները, արձանագրում է, որ օրենսդիրը դատական քննության նախապատրաստման ինստիտուտի համար նախատեսել է քրեական դատավարության ընդհանուր խնդիրներից բխող անմիջական խնդիրներ, որոնք հիմնականում ուղղված են պարզելու գործը դատարանում քննելու բավարար հիմքերի առկայությունը, ձեռնարկելու բոլոր միջոցառումները` դատաքննության փուլում գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, ինչպես նաև գործի հետագա քննությանը խոչընդոտող հանգամանքերի առկայության դեպքում լուծելու վարույթի հետագա ընթացքին վերաբերող հարցերը: Օրենսգրքով իրավական կարգավորման են ենթարկվել նաև գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի կողմից ընդունվող որոշումների հետ կապված հարցերը` սահմանելով որոշման կայացման ժամկետը և կայացվող որոշման տեսակները (292-րդ հոդված): Համաձայն հիշյալ իրավակարգավորման, ի թիվս այլնի, դատարանը կայացնում է նաև դատական քննություն նշանակելու, քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներ: Վերջիններիս բովանդակության բացահայտմանն են ուղղված օրենսգրքի 293-րդ և 294-րդ հոդվածները:

Օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին մասի` «Դատարանը որոշում է կայացնում դատական քննություն նշանակելու մասին, եթե քրեական գործի նյութերում բացակայում են վարույթը կարճելու մասին հանգամանքները» դրույթի և 294-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության սահմանադրականությանն անդրադառնալով օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հետ հարաբերակցության շրջանակներում` սահմանադրական դատարանը նախ արձանագրում է, որ օրենսգրքի 35-րդ հոդվածում թվարկված են այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական գործ հարուցելու և քրեական հետապնդում իրականացնելու հնարավորությունը, այնպես էլ առաջացնում են պարտավորություն` կարճել քրեական գործի վարույթը: Նշված հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը` դադարեցման: Միևնույն ժամանակ, այս ընդհանուր մոտեցումն ունի վերապահումներ, ինչն ամրագրված է օրենսգրքի 35-րդ հոդվածում, ի դեպ, որի մասին համապատասխան իրավական դիրքորոշումներ է հայտնել նաև ՀՀ վճռաբեկ դատարանը (մասնավորապես, Վահագն Եղիազարյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2014 թվականի մարտի 28-ի թիվ ՇԴ/0012/11/13 որոշում և Կարեն Ստեփանյանի և Մկրտիչ Հովհաննիսյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՏԴ2/0030/01/13 որոշում): Հետևաբար, հիմնավոր չէ դիմողի պնդումն առ այն, որ «...եթե գործի նյութերին ծանոթանալուց դատավորը հայտնաբերում է քրեական գործի վարույթը կարճելու հանգամանք կամ հանգամանքներ, ապա Օրենսգրքի 293-րդ հոդվածի համաձայն դատական քննություն չի կարող նշանակել և 294-րդ հոդվածի կարգով պարտավոր է կարճել գործի վարույթը և դադարեցնել քրեական հետապնդումը»:

8. Սույն գործի շրջանակներում սահմանադրական դատարանը քննության առնելով օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին մասի` «Դատարանը որոշում է կայացնում դատական քննություն նշանակելու մասին, եթե քրեական գործի նյութերում բացակայում են վարույթը կարճելու մասին հանգամանքները» դրույթի և օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության սահմանադրականության հարցը` այդ դրույթների` օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հետ հարաբերակցության շրջանակներում, անհրաժեշտ է համարում անդրադառնալ.

ա) վիճարկվող դրույթների միջև եղած ենթադրյալ հակասության վերաբերյալ դիմողի բարձրացրած հարցադրմանը,

բ) վիճարկվող դրույթներով սահմանված իրավակարգավորումներով դատավարության կողմերի հավասարության ու մրցակցության սկզբունքների և երաշխիքների ապահովման սահմանադրականության գնահատմանը,

գ) օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի` «...երբ դա հնարավոր է առանց դատաքննության...» դրույթով պայմանավորված դատարանի հայեցողությանը:

Վիճարկվող դրույթներով սահմանված իրավակարգավորումների համեմատական վերլուծության արդյունքում սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործով վարույթը կարճելուն անդրադառնում է որպես պայման` դատական քննություն նշանակելու մասին հարցի շրջանակներում, իսկ քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված հիմնական հարաբերությունները, այդ թվում` թույլատրելիության շրջանակները, կարգավորում է օրենսգրքի 294-րդ հոդվածով: Հետևաբար, օրենսգրքի 294-րդ հոդվածը (վերջինիս բաղադրատարր հանդիսացող 1-ին մասը) ուղղված է քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված իրավահարաբերությունների կանոնակարգմանը, ինչը, բնականաբար, ենթադրում է առավել մանրամասն կարգավորում, ինչպիսին համարվում է նաև օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի` «...երբ դա հնարավոր է առանց դատաքննության...» դրույթը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին մասի և 294-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության` քրեական գործով վարույթը կարճելու կանոնակարգումները պետք է դիտարկել իրենց համակարգային ամբողջականության մեջ: ՈՒստի հիմնավոր չէ դիմողի պնդումն առ այն, որ վիճարկվող դրույթների միջև գոյություն ունի որոշակի հակասություն:

Գնահատելով վիճարկվող դրույթներով սահմանված իրավակարգավորումներով դատավարության կողմերի հավասարության ու մրցակցության սկզբունքների և երաշխիքների ապահովման սահմանադրականության հարցը` հարկ է նշել, որ և՛ սահմանադրական դատարանը (մասնավորապես, 2010 թվականի դեկտեմբերի 28-ի ՍԴՈ-931 որոշմամբ), և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անդրադարձել են հիշյալ սկզբունքներին, մասնավորապես, ամրագրելով հետևյալը.

- «Քրեական գործերով մրցակցային դատաքննության իրավունքը նշանակում է, որ և՛ մեղադրանքի կողմին, և՛ պաշտպանության կողմին պետք է տրվի հնարավորություն ծանոթանալու միմյանց ներկայացրած փաստարկներին և ներկայացնելու իրենց դիտողությունները միմյանց փաստարկների վերաբերյալ (տե՛ս, Ռովը և Դեվիսն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով 2000թ. փետրվարի 16-ի վճիռը, Rowe and Davis v. the United Kingdom): Մրցակցային դատավարությունում դատարանը չի կարող ստանձնել ո՛չ մեղադրանքի, ո՛չ պաշտպանության գործառույթ: Դատարանը չի կարող հանդես գալ մեղադրանքի կամ պաշտպանության կողմում».

- «Մրցակցային դատավարության կարևոր բաղադրատարրերից է նաև դատավարության կողմերի հավասարությունը: Կողմերի հավասարությունը, ըստ Եվրոպական դատարանի մեկնաբանության, նշանակում է, որ դատավարության յուրաքանչյուր կողմի պետք է ընձեռվի պատշաճ հնարավորություն ներկայացնելու իր գործը, ներառյալ` ապացույցները, այնպիսի պայմաններում, որոնք նրա համար մյուս կողմի համեմատությամբ չեն ստեղծի անբարենպաստ վիճակ (տե՛ս, ի թիվս այլնի, Դոմբո Բեհիրն ընդդեմ Նիդեռլանդների գործով 1993թ. սեպտեմբերի 22-ի վճիռը, Dombo Beheer v. Netherlands)»:

Մրցակցության սկզբունքին անդրադարձել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես նշելով, որ «Մրցակցային դատավարության ընթացքում դատարանի կարգավիճակի բնութագրական կողմերից մեկն էլ այն է, որ որպես քրեական գործը քննող անկախ և անկողմնակալ մարմին` դատարանը չի կարող հանդես գալ մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և պետք է արտահայտի միայն իրավունքի շահերը: Քրեական գործը քննող դատարանը, պահպանելով օբյեկտիվությունը և անկողմնակալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար պետք է ստեղծի գործի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտման անհրաժեշտ պայմաններ` դրանով իսկ ապահովելով մրցակցության սկզբունքի կենսագործումը և հասնելով քրեական դատավարության առջև դրված խնդիրների իրագործմանը» (Արմեն Բաբայանի և Սուրեն Թումանյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0044/01/11 որոշում):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության համաձայն` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի, ի թիվս այլ հոդվածների, 117-րդ և 118-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա, և կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման: Այս և փոխկապակցված այլ դրույթների համադրված վերլուծությունից երևում է, որ քրեադատավարական օրենսդրությունը, հանրային նվազ վտանգավորության հանգամանքով պայմանավորված, առանձնացնում և հստակ սահմանում է մասնավոր հետապնդման գործերի շրջանակը, որոնց համար նախատեսում է քննության առանձնահատուկ դատավարական կարգ:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը սահմանում է` եթե օրենսգրքով նախատեսված դեպքերում տուժողը հաշտվել է կասկածյալի կամ մեղադրյալի հետ` քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման: Այս իրավակարգավորման վերլուծությունից բխում է, որ առկա է դատավարական հակադիր շահերով օժտված սուբյեկտների փոխադարձ կամքը, որն արտահայտվում է հաշտության միջոցով: Որոշակի հանգամանքներով պայմանավորված` հիշյալ սուբյեկտներն ազատորեն արտահայտում են իրենց կամքն առ հաշտություն: Այլ կերպ ասած, քրեական գործի վարույթը կարճելու` օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը կիրառելիս համապատասխան իրավասու սուբյեկտները, այդ թվում` դատարանը, հիմք են ընդունում տուժողի կողմից կասկածյալի կամ մեղադրյալի հետ հաշտվելու հանգամանքը` ելնելով այն կանխավարկածից, որ երկու կողմերի կամքը գիտակցված է և նպատակային:

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով մրցակցային դատավարության այն հիմնական հատկանիշներից մեկը, ըստ որի` մրցակցային դատավարության պայմաններում կողմերն են տնօրինում իրենց դատավարական լիազորությունների ծավալը` սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող դրույթների` օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հետ հարաբերակցության շրջանակներում` փոխադարձ համաձայնությամբ պայմանավորված, չեն խախտվում դատավարության կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքները: Բացի դրանից, դա հնարավորություն է տալիս զերծ մնալ քրեական գործերն անտեղի դատաքննության փուլ տեղափոխելուց:

Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում փաստել նաև, որ ինքնին սահմանադրականության խնդիր չի առաջացնում այն իրավիճակը, երբ գործը դատական քննության նախապատրաստելիս, առանց դատական քննության, օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված հիմքի առկայության դեպքում դատարանը պատճառաբանված որոշում է կայացնում քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Միաժամանակ, կողմերի կամքն արտահայտող հաշտության առկայության դեպքում, երբ դատարանը, ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից, գտնում է, որ առանց դատական քննության հնարավոր չէ որոշում կայացնել քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, ապա դատարանը պետք է պատճառաբանված և հիմնավոր որոշում կայացնի դատական քննություն նշանակելու մասին:

Հիմք ընդունելով վերոգրյալը` սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի` «...երբ դա հնարավոր է առանց դատաքննության...» դրույթի` օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված հիմքի մասով, իրավական բովանդակությունից բխում է, որ այն պայմանավորված է կոնկրետ գործի հանգամանքներով, դրանք բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու հիմնավորված անհրաժեշտությամբ և յուրաքանչյուր դեպքում ենթակա է գնահատման դատարանի կողմից:

Հետևաբար, ընդհանուր կանոնն այն է, որ օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված հիմքի առկայության դեպքում դատարանը պատճառաբանված որոշում է կայացնում քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, իսկ երբ հիշյալ հիմքի առկայության դեպքում դատարանը դատական քննություն նշանակելու մասին որոշում է կայացնում, ապա այն բացառություն է ընդհանուր կանոնից: Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը` սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այդ դեպքում չի խախտվում նաև քրեական դատավարության այն կարևոր սկզբունքը, ըստ որի` դատարանը հանդես չի գալիս մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և արտահայտում է միայն իրավունքի շահերը, որը նպատակաուղղված է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով նախատեսված` դատարանի անկախության և անկողմնակալության ապահովմանը: Ավելին, այս համատեքստում էական նշանակություն է ձեռք բերում նաև այն հանգամանքը, որ օրենսդրորեն առկա է դատարանի կողմից օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշման բողոքարկման իրավական հնարավորություն (օրենսգրքի 3761 -րդ հոդված), որը հանդես է գալիս որպես իրավունքների և օրինական շահերի պաշտպանության կարևորագույն երաշխիք: Այս ամենը վկայում է, որ ստեղծված են համապատասխան իրավական երաշխիքներ տվյալ իրավահարաբերության սուբյեկտների սահմանադրական իրավունքների պաշտպանության համար:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերից բխող կոնկրետ գործով պայմանավորված այն հանգամանքների պարագայում, երբ առկա չէ դատական քննություն նշանակելու օբյեկտիվ անհրաժեշտություն, դատարանը պետք է որոշում կայացնի քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

9. Սահմանադրական դատարանը սույն գործի շրջանակներում անդրադառնալով «քրեադատավարական օրենքի էական խախտում» եզրույթին` արձանագրում է, որ վերջինիս բովանդակությունը բացահայտված է օրենսգրքի 398-րդ հոդվածում, որը կրում է հենց «Քրեադատավարական օրենքի էական խախտումը» վերտառությունը: Հիշյալ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»: Սույն գործի շրջանակներում քննության առարկա` օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված «քրեադատավարական օրենքի էական խախտում» եզրույթի և օրենսգրքի 398-րդ հոդվածով սահմանված դրույթների համեմատական վերլուծությունը վկայում է, որ դրանք գործում են տարբեր իրավահարաբերությունների շրջանակներում: Այսպես, օրենսգրքի 398-րդ հոդվածով սահմանված դրույթները, ի թիվս այլնի, կոչված են կարգավորելու նախ` ոչ թե մինչդատական վարույթի, այլ դատական քննության ժամանակ թույլ տրված խախտումները, երկրորդ` դրանք վերաբերում են վերաքննիչ դատարանում գործի քննությանը: «Քրեադատավարական օրենքի էական խախտում» եզրույթի` օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրումը փոխկապակցված էր քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտի հետ, որի իրացման հիմքում ընկած իրավակարգավորումները ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր: Սահմանադրական դատարանը 2007 թվականի հուլիսի 24-ի ՍԴՈ-710 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելով քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու ինստիտուտը կարգավորող նորմերը` արտահայտել է մի շարք սկզբունքային իրավական դիրքորոշումներ, որոնք էական նշանակություն ունեն նաև սույն գործի առնչությամբ և, մասնավորապես, հանգում են հետևյալին.

- երբ դատարանը հայտնաբերելով, որ գործով ապացույցները ձեռք են բերվել քրեադատավարական օրենքի էական խախտումներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի հիմքով, որը համահունչ է ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածին, դրանք որպես ապացույց չօգտագործելու և մյուս ապացույցների գնահատմամբ գործի ելքը լուծելու փոխարեն գործը վերադարձնում է լրացուցիչ նախաքննության: Դրանով իսկ դատարանը նախաքննության մարմնին հնարավորություն է տալիս «վերակենդանացնել» ձախողված մեղադրանքը: Մյուս կողմից, խախտվում է քրեական դատավարության կարևոր մի սկզբունք, համաձայն որի` դատարանը չպետք է հանդես գա մեղադրանքի կամ պաշտպանության կողմում, այլ արտահայտի միայն իրավունքի շահերը (օրենսգրքի 23-րդ հոդված), սկզբունք, որը նպատակաուղղված է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով նախատեսված` դատարանի անկախության և անկողմնակալության ապահովմանը,

- ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի պահանջն է, ի թիվս արդար դատաքննության այլ երաշխիքների, դատաքննության իրականացումը կողմերի հավասարության պայմաններում և անկողմնակալ դատարանի կողմից: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելով` դատարանը դուրս է գալիս դատավարությունում անկողմնակալ իր դերի շրջանակներից և ուղղորդում է լրացուցիչ նախաքննության ընթացքը` իրականացնելով արդարադատության գործառույթի հետ անհամատեղելի գործողություններ: Դատարանը խախտում է նաև կողմերի միջև հավասարության սկզբունքն ի շահ մեղադրանքի կողմի` դրանով իսկ խախտելով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված` անձի դատական և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը,

- ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածում ամրագրված անմեղության կանխավարկածի սկզբունքի կարևոր բաղադրատարրերից է չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի մեկնաբանելու պահանջը: Նշված պահանջի կատարումը և քրեական գործը դատարանի որոշմամբ լրացուցիչ նախաքննության ուղարկելը գործնականում անհամատեղելի են միմյանց հետ:

i

Սահմանադրական դատարանի ՍԴՈ-710 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածը, որը որպես քրեական գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին որոշման կայացման իրավական հիմք դիտարկում էր քրեադատավարական օրենքի էական խախտումներ թույլ տված լինելու հանգամանքը: Ընդ որում, օրենսգրքի 297-րդ հոդվածի հիման վրա կայացվող որոշումը դասվում էր այն որոշումների շարքին, որոնք հանդես են գալիս որպես գործը դատական քննության նախապատրաստելիս ընդունվող որոշումներ: Այսինքն, ՀՀ օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված «քրեադատավարական օրենքի էական խախտում» եզրույթը բովանդակություն էր ստանում հակասահմանադրական ճանաչված նորմերի հետ հարաբերակցությամբ: Ներկայումս, բնականաբար, այդ եզրույթը դարձել է կիրառման տեսանկյունից անհնար, և այն ունակ չէ միջամտելու քրեադատավարական առկա իրավահարաբերություններին, առկա չեն իրավական գնահատման օբյեկտիվ չափանիշներ` դրանով առաջացնելով իրավական անորոշություն:

i

Իրավական որոշակիության, իրավական անվտանգության և օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը: Սահմանադրական դատարանն իր` 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշման մեջ, մասնավորապես, ամրագրել է, որ «...օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի` որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն` ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը»: Առավել ևս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները: Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում` իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ:

Հաշվի առնելով վերոնշյալը` սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված «քրեադատավարական օրենքի էական խախտում» եզրույթը հանդես է գալիս որպես հակասահմանադրական ճանաչված դրույթների ամբողջականության բաղադրատարր, որն օրենսդրի կողմից համապատասխան օրենսդրական փոփոխությամբ չի շտկվել:

Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանն էական է համարում շեշտադրել, որ խնդիրը ո՛չ այնքան և ո՛չ միայն վերոնշյալի մեջ է, այլ նրա, որ գործը դատական քննության նախապատրաստելիս դատարանի խնդիրը չէ մինչդատական վարույթում թույլ տրված քրեադատավարական օրենքի էական խախտումներ բացահայտելը և հենց այդ փուլում գնահատելը: Նման մոտեցումն ինքնին կհակասեր քրեադատավարական տվյալ փուլի ողջ տրամաբանությանը և կպարունակեր ինչպես քրեադատավարական մի շարք սկզբունքներից բխող պահանջների, այնպես էլ արդար դատաքննության տարրերից մեկի` դատաքննությունը ողջամիտ ժամկետում կազմակերպելու պահանջի խախտման վտանգ: Սահմանադրական դատարանը գտնում է, որ եթե մինչդատական վարույթում թույլ են տրվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, ապա դրանք դատական քննության ժամանակ կարող են և պետք է դառնան համարժեք գնահատման առարկա:

Հարկ է նաև արձանագրել, որ օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին մասի` «...ինչպես նաև մինչդատական վարույթը կատարված է առանց քրեադատավարական օրենքի էական խախտումների» դրույթի վերաբերյալ սույն գործով դիմող և պատասխանող կողմերի միջև ըստ էության սահմանադրաիրավական վեճ առկա չէ, քանի որ երկու կողմերն էլ նշել են հիշյալ դրույթի` ՀՀ Սահմանադրությանը հակասելու մասին:

Ամփոփելով վերոգրյալը` սահմանադրական դատարանը փաստում է, որ օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված «քրեադատավարական օրենքի էական խախտում» եզրույթը` գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանի կողմից քրեադատավարական օրենքի էական խախտման գնահատման լիազորություն ունենալու տեսանկյունից իրավաչափ չէ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին մասի` «Դատարանը որոշում է կայացնում դատական քննություն նշանակելու մասին, եթե քրեական գործի նյութերում բացակայում են վարույթը կարճելու մասին հանգամանքները» դրույթը և 294-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում:

i

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին մասի` «... ինչպես նաև մինչդատական վարույթը կատարված է առանց քրեադատավարական օրենքի էական խախտումների» դրույթը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ և 19-րդ հոդվածների պահաջներին հակասող և անվավեր:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

9 հունիսի 2015 թվականի

ՍԴՈ-1213

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
09.06.2015
N ՍԴՈ-1213
Որոշում