Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԹՈՒՅԼՏՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ-ՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ Կ ...

 

 

040.0596.090615

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 2015 թվականի N 596-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

108. Հաստատված նախագծային փաստաթղթերում փոփոխությունները կատարվում են սույն կարգով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

109. Կառուցապատման նախագծի շինարարության թույլտվությունը տրվում է քաղաքաշինական համալիրում ներառված օբյեկտների նախագծային փաստաթղթերի, իսկ բազմակի օգտագործման կամ սերտիֆիկացված նախագծերով կառուցապատում իրականացնելու դեպքում` դրանց տեղակապման նախագծերի հիման վրա:

110. Շինարարության թույլտվությունը մերժվում է միայն սույն կարգի 106-րդ կետով սահմանված հիմքերով, ընդ որում, կատարված ծախսերի ռիսկը կրում է կառուցապատողը:

111. Նոր կառուցվող շենքերի, շինությունների համար շինարարության թույլտվությամբ սահմանվում է շինարարության ավարտի ժամկետ` ըստ հայցվող ժամկետի, բայց ոչ ավելի նախագծային փաստաթղթերում նախատեսված ժամկետների 1.5-ապատիկից: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի դեպքում շինարարության թույլտվությամբ` կառուցապատողի հայեցողությամբ, սահմանվում է նաև շահագործման թույլտվության ձևակերպման ժամկետը:

112. Գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման և բարեկարգման աշխատանքների համար թույլտվությունը տրվում է նախագծային փաստաթղթերով տվյալ օբյեկտի շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) տևողության նորմերով հաշվարկված ժամկետով:

113. Սույն կարգի 111-րդ կետով սահմանված ժամկետների հաշվարկի սկիզբ է համարվում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով շինարարության թույլտվությունն ուժի մեջ մտնելու օրը, իսկ բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի դեպքում շահագործման թույլտվության ձևակերպման ժամկետի հաշվարկի սկիզբ է համարվում ավարտական ակտի հիմքով կառուցվող (վերակառուցվող, վերականգնվող, ուժեղացվող, արդիականացվող, ընդլայնվող) շինության ավարտի պետական գրանցման հաջորդ օրը: Ընդ որում, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի համար, շինարարության թույլտվություն տրամադրելու մասին կառուցապատողի դիմումում համապատասխան նշման դեպքում, ավարտական ակտի և շահագործման թույլտվության ստացման ժամկետը կարող է նաև լինել նույնը, և իրավասու մարմնի կողմից այդ կառուցված օբյեկտի շինարարության փաստագրումը ձևակերպվում է սույն կարգի VII բաժնով սահմանված ընթացակարգով:

114. Ավարտված շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովի աշխատանքի համար նախատեսվող ժամկետը ներառվում է շինարարության տևողության մեջ` բացառությամբ բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) օբյեկտների, որոնց ժամկետը յուրաքանչյուր առանձին դեպքում սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

115. Կառուցման փուլում հողամասի (հողամասի բաժնեմասի) և կառուցվող շենքի կամ շինության նկատմամբ քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված կառուցապատողի իրավունքներն ու պարտականությունները լրիվ կամ ճարտարապետաշինարարական նախագծով նախատեսված առանձին գույքային միավորների մասով այլ անձի փոխանցումը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական գրանցման դեպքում շինարարության (քանդման կամ ապամոնտաժման, կամ տեղադրման) թույլտվությունը և դրանով սահմանված պայմանները պահպանվում են լրիվ ծավալով նոր կառուցապատողի (համակառուցապատողի) համար: Ընդ որում` կառուցապատողի իրավունքներն ու պարտականությունները լրիվ ծավալով ձեռք բերած նոր կառուցապատողի համար շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետները ենթակա են երկարաձգման` ըստ օբյեկտի մնացորդային աշխատանքների իրականացման համար շինարարության նորմերով հաշվարկվող ժամկետների` առանց նախորդ կառուցապատողի խախտման համար նոր կառուցապատողին պատասխանատվություն առաջադրելու:

116. Եթե նոր կառուցվող օբյեկտների շինարարությունը հնարավոր չէ` առանց տվյալ կառուցապատվող հողամասում գտնվող շենքի (շենքերի) և կամ շինության (շինությունների) քանդման, ապա նոր կառուցվող օբյեկտների համար տրված շինարարության թույլտվությունը` համապատասխան նշումով, նաև քանդման (կամ ապամոնտաժման) թույլտվություն է, ընդ որում, քանդումը կամ ապամոնտաժումն իրականացվում են սահմանված կարգով համաձայնեցված նախագծային փաստաթղթերով ամրագրված հաջորդականությամբ և կարգով: Սույն կետով նախատեսված դեպքերում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության համար օրենքով սահմանված տուրքերը վճարվում են միաժամանակ:

117. Շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) թույլտվության հիման վրա ցանկացած շինարարական և զուգահեռ աշխատանք կարող է իրականացվել բացառապես սույն կարգով համաձայնեցված ու հաստատված նախագծային փաստաթղթերի, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

118. Պատմամշակութային հուշարձանի տեղափոխման` օրենքով սահմանված բացառիկ դեպքերում, պատմամշակութային հուշարձանների բնագավառի լիազորված մարմնի դրական եզրակացության հիման վրա և Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվության առկայության դեպքում իրավասու մարմնի կողմից տրվում է հուշարձանի ապամոնտաժման թույլտվություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշումներով սահմանված պահանջների ապահովմամբ:

(118-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

119. Եթե օբյեկտի քանդումը չի նախատեսում նոր օբյեկտի կառուցում, և հաջորդող աշխատանքների իրականացման համար չի պահանջվում շինարարության թույլտվություն, կամ սույն կարգի 58-րդ կետին համապատասխան` կառուցապատվող հողամասի ինժեներական հետազննումներն անհնարին են` առանց քանդման աշխատանքների, ապա կառուցապատողը (սեփականատերը կամ նրա կողմից` սահմանված կարգով լիազորված անձը) քանդման թույլտվություն ստանալու համար իրավասու մարմին է ներկայացնում դիմում` համաձայն N 5 հավելվածի N 2-2 ձևի: Կառուցապատողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով վճարել քանդման թույլտվության համար օրենքով սահմանված տուրքը և քանդումն իրականացնել սահմանված կարգով համաձայնեցված նախագծային փաստաթղթերին համապատասխան:

120. Քանդման (ապամոնտաժման) թույլտվությունն իրավասու մարմնի կողմից տրամադրվում կամ մերժվում է սույն կարգի 100-րդ կետով սահմանված ժամկետներում, ընդ որում, թույլտվությունը մերժվում է միայն սույն կարգի 58-րդ, 116-րդ, 118-րդ և 119-րդ կետերով սահմանված պահանջները չբավարարելու հիմքերով, իսկ կրկնակի դիմումն իրավասու մարմին ներկայացնելու դեպքում` այն քննարկվում է սույն կարգի 107-րդ կետով սահմանված պահանջներով:

(120-րդ կետը փոփ. 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

121. Քանդման (ապամոնտաժման) թույլտվությունների տրամադրման ընթացակարգն իրականացվում է` քանդման ենթակա օբյեկտի ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) համար սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

122. Իրավասու մարմինը 3-օրյա ժամկետում շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) թույլտվության պատճենները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան հարկային (տարածքային) տեսչություն: Իրավասու մարմինը տրամադրած թույլտվության մասին նույն ժամկետում իրազեկում է նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետներին (բացառությամբ Երևան քաղաքի):

123. Շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում կառուցապատումը (բացառությամբ գյուղական բնակավայրերում իրականացվող կառուցապատման և անհատական բնակելի տների) չավարտելու դեպքում իրավասու մարմինը կառուցապատողին գրավոր նախազգուշացնում է շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու մասին:

124. Իրավասու մարմնի կողմից շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) թույլտվությամբ սահմանված շինարարության տևողությունը կարող է երկարաձգվել` ոչ ավելի, քան տվյալ օբյեկտի չիրականացված աշխատանքների համար շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) տևողության նորմերով հաշվարկված ժամկետի չափով:

(124-րդ կետը փոփ. 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

125. Սույն կարգի 123-րդ կետով սահմանված դեպքում կառուցապատողը շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով ենթարկվում է վարչական պատասխանատվության:

126. Եթե կառուցապատողը նախազգուշացումն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում չի դիմում շինարարության թույլտվություն տվող մարմնին` շինարարության ժամկետը երկարաձգելու մասին հայտով, կամ շինարարության թույլտվությամբ սահմանված նոր ժամկետում չի ավարտում կառուցապատումը, կամ չի օտարում սեփականության իրավունքով իրեն պատկանող օբյեկտը, ապա շինարարության թույլտվություն տվող մարմինը նրան կրկին ենթարկում է վարչական պատասխանատվության և դիմում դատարան տվյալ օբյեկտը կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձանց իրավունքների ծանրաբեռնմամբ և կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի նկատմամբ իրավունքներով հանդերձ վաճառելու հայցով` դատարանի սահմանած կարգով և գնով, բայց ոչ պակաս, քան օբյեկտի կադաստրային արժեքի 75 տոկոսի չափով:

127. Կառուցապատողի կողմից սույն կարգի 126-րդ կետում նշված հայտն իրավասու մարմին է ներկայացվում` համաձայն N 5 հավելվածի N 2-1 ձևի:

128. Շինարարության թույլտվության հետ միասին կառուցապատողին է տրվում շինարարության վարման մատյանը` դրոշմակնքված իրավասու մարմնի կողմից: Շինարարության վարման մատյանի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:

129. Կառուցապատողը շինարարական (քանդման, ապամոնտաժման) աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ, համաձայն N 5 հավելվածի N 2-5 ձևի, ծանուցում է (էլեկտրոնային համակարգի միջոցով ծանուցելու դեպքում` սույն որոշման N 3 հավելվածի 6-րդ կետում նշված գրանցման համարով) իրավասու մարմնին, որն իր հերթին` եռօրյա ժամկետում դրա մասին իրազեկում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը` կցելով սույն կետում նշված ձևաթղթով կառուցապատողի ներկայացրած տեղեկանքի պատճենը:

(129-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

130. Շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) թույլտվության տրամադրման օրվանից շինարարության տևողության ժամանակահատվածի կեսը լրանալու ժամկետում շինարարական աշխատանքներ չսկսելու դեպքում կառուցապատողը կարող է դիմել իրավասու մարմնին` ելակետային տվյալների, կառուցապատման և տեխնիկական պայմանների հնարավոր փոփոխությունների մասին լրացուցիչ տվյալներ ստանալու, դրանց փոփոխման արդյունքում լրամշակված նախագծային փաստաթղթերը սահմանված կարգով իրավասու մարմնի կողմից վերահամաձայնեցնելու (վերահաստատելու) և սույն կարգին համապատասխան նոր թույլտվություն ստանալու համար:

Այն դեպքերում, երբ ելակետային տվյալներում, կառուցապատման և տեխնիկական պայմաններում որևէ փոփոխություն կատարելու անհրաժեշտություն առկա չէ, ապա, հաշվի առնելով սույն որոշման N 2 հավելվածի 45-րդ կետով սահմանված պահանջը (մասնավորապես` փորձագիտական դրական եզրակացության կամ երաշխավորագրի գործողության համար սահմանված երեք տարվա ժամկետի լրանալը, որի դեպքում կառուցապատողը պետք է ապահովի նախկինում համաձայնեցված նախագծային փաստաթղթերի նոր փորձաքննություն կամ երաշխավորագիր), կառուցապատողը դիմում է իրավասու մարմնին` դիմումին կցելով նոր թույլտվության համար անհրաժեշտ տեղական տուրքի վճարումը հավաստող համապատասխան անդորրագիրը և սույն կարգի 101-րդ կետին համապատասխան` իրեն հանձնված նախագծային փաստաթղթերի բնօրինակը (բնօրինակները)` սույն կարգի 100-րդ կետով սահմանված ժամկետներում վերահամաձայնեցնելու (վերահաստատելու) համար:

Սույն կետով սահմանված գործառույթներն իրականացվում են սույն կարգի 38-41-րդ կետերով սահմանված պահանջների ապահովմամբ` հաշվի առնելով սույն կետում նշված առանձնահատկությունները, իսկ տրամադրված նոր շինարարության թույլտվության մեջ «Այլ պայմաններ» մասում կատարվում է գրառում` կառուցապատողին տրված նախորդ շինարարության թույլտվությունը (թույլտվությունները) ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:

Սույն կետում նշված նախագծային փաստաթղթերի վերահամաձայնեցումը (վերահաստատումը) իրականացվում է իրավասու մարմնի կողմից` նախկինում համաձայնեցված նախագծային փաստաթղթերի բնօրինակի (բնօրինակների) վրա համապատասխան նշում (գրառում) կատարելու միջոցով:

(130-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն, 23.03.17 թիվ 280-Ն որոշումներ)

131. Շինարարական աշխատանքներ չսկսելու արդյունքում, մինչև սույն կարգի 130-րդ կետով սահմանված ժամկետը լրանալը, կառուցապատողի կողմից սահմանված կարգով նախատեսված դիմում չներկայացվելու դեպքում իրավասու մարմնի նախաձեռնությամբ շինարարության թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում` դրա մասին եռօրյա ժամկետում պատշաճ կարգով ծանուցելով կառուցապատողին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` կառուցվող շինության նկատմամբ կառուցապատողի գրանցված իրավունքների դադարեցում գրանցելու համար:

(131-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

132. N 4 հավելվածով սահմանված միջին ռիսկայնության աստիճանի (Il կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների շինարարության որակի նկատմամբ տեխնիկական հսկողությունը (բացառությամբ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տեխնիկական հսկողության լիցենզիա չպահանջող դեպքերի) կարող է փոխարինվել շինարարական աշխատանքների պատասխանատու կապալառուի երաշխավորագրով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 775-Ն և 2009 թվականի հուլիսի 2-ի N 777-Ն որոշումներով սահմանված պահանջների ապահովման պայմանով:

(132-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

133. Կառուցապատողը շինարարության ընթացքում պարտավոր է 5-օրյա ժամկետում իրավասու մարմնին ծանուցել շինարարության թույլտվության և (կամ) N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքի տվյալների փոփոխման մասին (N 5 հավելվածի N 4-5 ձև), որի վերաբերյալ իրավասու մարմինն իր հերթին` եռօրյա ժամկետում գրավոր իրազեկում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը` կցելով կառուցապատողի ներկայացրած` սույն կետում նշված տեղեկանքի պատճենը:

134. Կառուցման փուլում հողամասի (հողամասի բաժնեմասի) և կառուցվող շենքի նկատմամբ քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված կառուցապատողի իրավունքներն ու պարտականությունները լրիվ կամ ճարտարապետաշինարարական նախագծով նախատեսված առանձին գույքային միավորների մասով այլ անձի փոխանցելու դեպքում Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեն եռօրյա ժամկետում փոփոխության մասին գրավոր տեղեկացնում է իրավասու մարմնին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:

(134-րդ կետը փոփ. 20.09.18 թիվ 1036-Ն որոշում)

135. Եթե կառուցապատողն աշխատանքների կատարման ընթացքում թույլ է տվել սույն կարգի 129-րդ, 130-րդ և 133-րդ կետերով սահմանված դրույթների խախտում, ապա խախտումը բացահայտվելու պահից շինարարության թույլտվության գործողությունը կասեցվում է իրավասու մարմնի որոշմամբ` մինչև կասեցման պատճառների վերացումը, ընդ որում, կասեցումը հիմք չէ շինարարության թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու համար: Շինարարության թույլտվությունը կարող է կասեցվել նաև օրենքով վարչական ակտերի կասեցման համար նախատեսված դեպքերում և կարգով:

136. Առանց շինարարության թույլտվության կատարվում են միայն N 4 հավելվածի N 1 ցանկով (այսուհետ` ցանկ) սահմանված ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների շինարարական աշխատանքները:

Ցանկում աստղանիշով (*) նշված` շենքերի արտաքին տեսքը փոփոխող ընթացիկ նորոգման, այդ թվում` շենքերի ճակատների փողոցահայաց հատվածներում դեկորատիվ տարրերի տեղադրման, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման աշխատանքների իրականացման համար (եթե բարեկարգման աշխատանքներ իրականացնողն իրավասու մարմինը չէ)`

1) դիմողը կազմում է էսքիզային նախագիծ և N 5 հավելվածի N 4-1 ձևի դիմումով այն ներկայացնում է իրավասու մարմին.

2) իրավասու մարմինը դիմումն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում տալիս է համաձայնություն կամ մերժում այն` նշելով մերժման հիմքերը.

3) մերժման դեպքում կրկնակի դիմելու և իրավասու մարմնի ներկայացրած պահանջները դիմողի կողմից կատարվելու դեպքում` համաձայնության տրամադրման հարցը քննարկվում է ոչ ավելի, քան եռօրյա ժամկետում:

(136-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

137. Պատմամշակութային հուշարձանների փոփոխմանն առնչվող դեպքերում սույն կարգի 136-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերն իրավասու մարմինը եռօրյա ժամկետում ներկայացնում է պատմամշակութային հուշարձանների բնագավառի լիազորված մարմին` համաձայնեցման, որի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կամ համապատասխան տարածքային մարմնի թույլտվության առկայության դեպքում իրավասու մարմին ներկայացված կարծիքը, որոշումները հիմք են դիմողին համաձայնություն տալու, դիտողություններով լրամշակման վերադարձնելու կամ մերժելու համար:

(137-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

 

VII. ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏԸ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԱՎԱՐՏՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՓԱՍՏԱԳՐՈՒՄԸ)

 

138. Կառուցված շինության (այդ թվում` վերակառուցված, վերականգնված, ուժեղացված, արդիականացված, ընդլայնված) շինարարական աշխատանքների իրականացման ավարտը և, ըստ գործառնական նշանակության, շահագործման ընդունումը, բացառությամբ սույն կարգի 23.1-ին կետով սահմանված շինարարական աշխատանքների, փաստագրվում են ավարտական ակտով (շահագործման թույլտվությամբ)` համաձայն N 5 հավելվածի N 3-1 ձևի, հաստատված նախագծով նախատեսված` շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական-մոնտաժային աշխատանքներն իրականացվելուց և օրենքով ու սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան կապալառուի կողմից ավարտված շինարարական օբյեկտը կառուցապատողին հանձնելուց և կառուցապատողի կողմից այն ընդունվելուց հետո:

(138-րդ կետը փոփ. 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

139. Համայնքի տարածքում ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) տալիս է համայնքի ղեկավարը:

140. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` հատկապես վտանգավոր և տեխնիկապես բարդ կամ երկու և ավելի պետությունների շահերին առնչվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների շինարարական կապալի պայմանագրով կատարված աշխատանքի արդյունքն ընդունվում է այդ որոշմամբ ստեղծված ընդունող հանձնաժողովի կողմից` անհրաժեշտության դեպքում սույն կարգը լրացնող հատուկ պահանջների ամրագրմամբ, եթե միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

141. Ավարտված շինարարական օբյեկտի` հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանությունը հավաստվում է ընդունող հանձնաժողովի ակտով (այսուհետ` ընդունող հանձնաժողովի ակտ)` համաձայն N 5 հավելվածի N 3-2-1 ձևի, և հիմնավորվում է կատարողական փաստաթղթերով կամ օբյեկտի տեխնիկական վիճակի (շահագործման ենթակա լինելու) մասին համապատասխան հետազննության դրական եզրակացություններով:

142. Կատարողական փաստաթղթերի փաթեթը կազմում է կապալառուն` տեխնիկական հսկողություն, օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` հեղինակային հսկողություն իրականացնող անձանց մասնակցությամբ: Կատարողական փաստաթղթերի կազմը և ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանով:

143. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով տեխնիկական հսկողությունը փոխարինվել է շինարարական աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպության երաշխավորագրով, ապա սույն կարգով տեխնիկական հսկողությանը վերապահված գործառույթներն իրականացնում է կապալառու կազմակերպությունը:

144. Կատարողական փաստաթղթերը (ակտերը) և շինարարության վարման մատյանը պահպանվում են կառուցապատողի մոտ, և ընդունող հանձնաժողովի անդամները` ըստ անհրաժեշտության, կարող են ուսումնասիրել դրանք` պահանջելով կառուցապատողից: Կատարողական փաստաթղթերի կամ դրանց մի մասի բացակայության դեպքում կապալառուն պարտավոր է իր միջոցների հաշվին վերականգնել դրանք` անհրաժեշտ տեխնիկական հետազոտություններ կամ փորձարկումներ կատարելու միջոցով: Եթե կապալառուն որևէ հիմքով (սնանկություն, գործադիր մարմնի կալանավորում կամ բացակայություն, կառուցապատողի դեմ դատական վեճերի առկայություն), ինչպես նաև «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող օբյեկտների դեպքում, չի մասնակցում ընդունող հանձնաժողովի աշխատանքներին, ապա անհրաժեշտ տեխնիկական հետազոտությունների կամ փորձարկումների կատարումը պատվիրում է կառուցապատողը: Միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող այն օբյեկտները, որոնք «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված են ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցված օբյեկտներ և կարող են կառուցվել առանց շինարարության իրականացման և (կամ) շինարարական որակի տեխնիկական հսկողության լիցենզիա ունեցող անձանց ներգրավմամբ, կամ այն դեպքերում, երբ ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավված չէ տարածքային բաժնի ներկայացուցիչը, ապա կառուցված օբյեկտի շահագործման ենթակա լինելու փաստը երաշխավորվում կամ հավաստվում է օբյեկտի հեղինակային հսկողություն իրականացնող պատասխանատու կապալառուի կողմից տրված գրավոր երաշխավորագրով կամ կառուցապատողի հայեցողությամբ` համապատասխան տեխնիկական հետազննության դրական եզրակացությամբ:

(144-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

145. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այդ թվում` պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների ավարտական ակտի (շահագործման թույլտվության) ձևակերպման համար պարտադիր հիմք են հանդիսանում ծրագիրն իրականացնող պետական հիմնարկի կատարած աշխատանքները ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերին համապատասխանելու վերաբերյալ եզրակացությունը և ընդունող հանձնաժողովի ակտը:

146. Ընդունող հանձնաժողովը ձևավորում և ղեկավարում է կառուցապատողը (բացառությամբ սույն կարգի 140-րդ կետով նախատեսված դեպքերի):

147. Ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավվում են կառուցապատողի, կապալառուի, տեխնիկական հսկողություն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` հեղինակային հսկողություն իրականացնող անձինք, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի համապատասխան տարածքային բաժնի (այսուհետ` տարածքային բաժին), մատակարար կազմակերպությունների, ինչպես նաև օրենքով համապատասխան վերահսկողական իրավասություններով օժտված այլ շահագրգիռ պետական մարմինների (այսուհետ` շահագրգիռ պետական մարմին) և իրավասու մարմնի ներկայացուցիչները: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) և բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների դեպքում հանձնաժողովի կազմում ներգրավվում են նաև հրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի համապատասխան մասնագետներ: Միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների դեպքում ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավվում է տարածքային բաժնի ներկայացուցիչը` բացառությամբ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցված օբյեկտների:

Այն դեպքերում, երբ օբյեկտի վերակառուցման (վերականգնման, ուժեղացման, արդիականացման) կամ գործառնական նշանակության փոփոխության հետևանքով չի առաջացել որևէ ինժեներական ենթակառուցվածքի նոր ծառայությունների մատուցման կամ ծառայությունների մատուցման փոփոխության անհրաժեշտություն, նշված ծառայության մատակարար կազմակերպության ներկայացուցիչը չի ընդգրկվում ավարտված շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովի կազմում:

(147-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն, 07.12.17 թիվ 1556-Ն /գործողությունը տարածվում է նաև դեռևս չձևակերպված ավարտական ակտերի

(շահագործման թույլտվությունների) իրավահարաբերությունների վրա/, 20.09.18 թիվ 1036-Ն որոշումներ)

148. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցվող շինարարական օբյեկտներն ընդունող հանձնաժողովների կազմում լրացուցիչ ընդգրկվում է նաև համապատասխան մարզպետարանի ներկայացուցիչը:

(148-րդ կետը փոփ. 29.11.2018 թիվ 1353-Ն որոշում)

149. Տարածքային բաժնի և շահագրգիռ պետական մարմինների` ընդունող հանձնաժողովի աշխատանքին մասնակցությունը համարվում է այդ մարմինների կողմից օրենքով իրենց լիազորությունների սահմաններում կատարված, ավարտված շինարարական օբյեկտի վերջնական ստուգում: Սույն կարգի 152-րդ կետին համապատասխան ընդունող հանձնաժողովի ակտն ստորագրվելուց հետո այդ օբյեկտում տվյալ շինարարությանը վերաբերող այլ ստուգումներ չեն կատարվում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության և վերահսկողության գործառույթների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` ավարտական արձանագրության կազմման դեպքի:

150. Մատակարար կազմակերպությունների կողմից սույն կարգի 152-րդ կետին համապատասխան ընդունող հանձնաժողովի ակտի ստորագրումը հիմք է այդ կազմակերպությունների կողմից համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու համար:

151. Կառուցապատողը կապալառուի կողմից, իսկ սույն կարգի 145-րդ կետով նախատեսված դեպքում ծրագիրն իրականացնող պետական հիմնարկից շինարարությունն ավարտվելու մասին հաղորդումն ստանալուց հետո մինչև ընդունող հանձնաժողովի աշխատանքներն սկսելը, դիմում է շահագրգիռ պետական մարմիններին (օրենքով սահմանված դեպքերում) և իրավասու մարմնին` հանձնաժողովի աշխատանքներում ներգրավվելու առաջարկությամբ, որի վերաբերյալ 5-օրյա ժամկետում ստանում է համապատասխան ներկայացուցչի թեկնածությունը: Հանձնաժողովի աշխատանքն իրականացվում է կառուցապատողի հաշվին:

152. Ընդունող հանձնաժողովի ակտը պետք է ստորագրված լինի հանձնաժողովի բոլոր անդամների կողմից, որոնցից յուրաքանչյուրն իր իրավասության սահմաններում պատասխանատվություն է կրում հանձնաժողովի կողմից ընդունված որոշման համար` օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովի շահագրգիռ պետական մարմինների անդամների իրավասությունները սահմանում է համապատասխան բնագավառի լիազոր մարմնի ղեկավարը:

(152-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն, 10.07.18 թիվ 765-Ն որոշումներ)

153. Ընդունող հանձնաժողովի անդամն ակտը չստորագրելու դեպքում հանձնաժողովի նախագահին է տրամադրում իր իրավասության սահմաններում արված դիտողությունները` նշելով արձանագրված թերությունները: Նշված թերությունները պետք է վերացվեն շինարարական կապալի պայմանագրով սահմանված ժամկետում, այլապես օբյեկտը հանձնաժողովի կողմից չի ընդունվում:

154. Տարածքային բաժինը (սույն կարգի 147-րդ կետով նախատեսված դեպքերում) և շահագրգիռ մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում տալիս են եզրակացություն` ստորագրելով ընդունող հանձնաժողովի ակտը` հավաստելով ավարտված շինարարական աշխատանքների համապատասխանությունը հաստատված նախագծային փաստաթղթերին, տրամադրված տեխնիկական պայմաններին և սույն կարգի պահանջներին` դիմումն ստանալու օրվանից հետևյալ ժամկետներում`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II և III ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` եռօրյա ժամկետում.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ IV և V ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 5-օրյա ժամկետում:

(154-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

153. Ընդունող հանձնաժողովի անդամն ակտը չստորագրելու դեպքում

155. Սույն կարգի 154-րդ կետին համապատասխան ստացված եզրակացությունները հիմք են մատակարար կազմակերպությունների կողմից համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու համար:

156. Տրամադրված տեխնիկական պայմաններին և սույն կարգի պահանջներին` ավարտված շինարարական աշխատանքների անհամապատասխանության դեպքում տարածքային բաժինը և (կամ) շահագրգիռ մարմինը նշված ժամկետում պարտավոր է կառուցապատողին տրամադրել իր իրավասության սահմաններում արված դիտողությունները` նշելով արձանագրված թերությունները: Նշված թերությունները վերացնելուց հետո կառուցապատողը կրկին դիմում է համապատասխան մարմնին, որը եռօրյա ժամկետում տալիս է իր եզրակացությունը:

157. Կառուցապատողի հայեցողությամբ` շինարարական համալիրի կազմում ընդգրկված առանձին շենքերի ու շինությունների համար` սույն կարգի VII և VIII բաժիններով սահմանված ընթացակարգերով կարող են ձևակերպվել առանձին ավարտական ակտեր և (կամ) շահագործման թույլտվություններ, եթե համալիրի կազմում ընդգրկված այդ օբյեկտների համար` սույն կարգով սահմանված ընթացակարգով իրավասու մարմնի կողմից համաձայնեցվել են առանձին նախագծային փաստաթղթեր:

(157-րդ կետը փոփ. 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

158. Ձմռան ամիսներին ձևակերպվող ավարտական ակտով (շահագործման թույլտվությամբ) կարող է նախատեսվել շինարարության թույլտվություն չպահանջող բարեկարգման աշխատանքները մոտակա գարնանային-ամառային ամիսներին իրականացնելու վերաբերյալ պայման: Այդ աշխատանքներն ավարտվում են ավարտական ակտով սահմանված ժամկետում և ընդունվում կառուցապատողի կողմից շահագործումը փաստագրող իրավասու մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ:

159. Առևտրային իրացման նպատակով կառուցվող անհատական բնակելի (այդ թվում` բլոկացված) տների և դրանց կից տնտեսական շինությունների ներքին հարդարման շինարարական աշխատանքների ոչ լրիվ իրականացման դեպքում ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) ձևակերպվելուց հետո շինարարության թույլտվություն չպահանջող ներքին հարդարման աշխատանքները` համաձայն N 4 հավելվածի N 1 ցանկի, կարող են կատարվել նոր սեփականատիրոջ կողմից, ընդ որում, ընդհանուր օգտագործման տարածքների ներքին հարդարման, կանաչապատման աշխատանքները, ինչպես նաև ինժեներատեխնոլոգիական սարքավորումների մոնտաժման և գործարկման աշխատանքները պետք է պարտադիր իրականացվեն ամբողջությամբ:

160. Ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու նպատակով կառուցապատողն ընդունող հանձնաժողովի ակտն ստորագրվելուց հետո 10-օրյա ժամկետում` համաձայն N 5 հավելվածի N 3-3-1 ձևի, դիմում է իրավասու մարմնին` սույն կարգի 138-րդ կետով նախատեսված համապատասխան վարչական ակտի ձևակերպման համար: Դիմումին կից ներկայացվում են`

1) ընդունող հանձնաժողովի ակտը.

2) կատարողական փաստաթղթերի ցանկը կամ շինությունը շահագործման ենթակա լինելու վերաբերյալ համապատասխան տեխնիկական հետազննության դրական եզրակացությունը.

3) ավարտական ակտի և շահագործման թույլտվության տրամադրման համար «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վճարների մուծումը հավաստող անդորրագրերը:

161. (161-րդ կետն ուժը կորցրել է 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

162. (162-րդ կետն ուժը կորցրել է 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

163. Իրավասու մարմինը ներկայացված փաստաթղթերի հիման վրա տրամադրում է ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը)` դիմումն ստանալու օրվանից`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ II և III ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` եռօրյա ժամկետում.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ IV և V ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների համար` 5-օրյա ժամկետում:

164. Սույն կարգի 160-րդ, կամ 178-րդ, կամ 192-րդ կետերով նախատեսված դիմումների մերժման դեպքում իրավասու մարմինը սույն կարգի 163-րդ կետով սահմանված ժամկետներում գրավոր տեղեկացնում է դիմողին` նշելով մերժման պատճառները, ընդ որում, մերժումը կարող է պատճառաբանվել միմիայն սույն կարգի 160-րդ, կամ 178-րդ, կամ 192-րդ կետերով նախատեսված դիմումների պահանջներին չհամապատասխանելու հիմքով:

(164-րդ կետը փոփ. 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

165. Իրավասու մարմնի առաջադրած պահանջների բավարարման դեպքում ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) ձևակերպվում է կառուցապատողի կրկնակի դիմումը տալու օրվանից եռօրյա ժամկետում:

166. (166-րդ կետն ուժը կորցրել է 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

167. Ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) կազմվում է երեք օրինակից, որոնցից մեկը մնում է իրավասու մարմնի մոտ, իսկ երկու օրինակը տրվում է կառուցապատողին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային մարմին գրանցման ներկայացնելու համար:

168. (168-րդ կետն ուժը կորցրել է 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

169. Համայնքի ղեկավարն ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) ձևակերպելուց հետո 3-օրյա ժամկետում դրա մասին ծանուցում է համապատասխան մարզպետին (բացառությամբ Երևան քաղաքի) և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածքային բաժնին` կցելով ձևակերպված վարչական ակտի պատճենը:

170. Ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) հիմք է կառուցված օբյեկտի և դրա կազմում ստորաբաժանված միավորների նկատմամբ գույքային իրավունքների գրանցման կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` տվյալ օբյեկտի շահագործման իրավունքի ամրագրված սահմանափակումը դադարեցնելու համար:

171. Ավարտական ակտի (շահագործման թույլտվության) հիման վրա կառուցված օբյեկտի և դրա կազմում ստորաբաժանված միավորների նկատմամբ գույքային իրավունքների գրանցման համար հիմք է չափագրում (հաշվառում) իրականացրած անձի եզրակացությունն ավարտված շինարարական օբյեկտը ոչ էական շեղումներով կառուցված լինելու վերաբերյալ: Ոչ էական են համարվում`

1) յուրաքանչյուր հարկի մակերեսի` մինչև 5 տոկոսի չափով շեղումը.

2) կառույցի բարձրության` մինչև 1.2 մետր չափով համամասնական (ըստ հարկերի) շեղումը.

3) ներքին միջնորմների և այլ ոչ կառուցվածքային տարրերի տեղադիրքի շեղումները` սենքերի հարաչափերի նվազագույն նորմերի պահպանման պայմանով:

(171-րդ կետը փոփ. 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

172. Սույն կարգի 171-րդ կետով սահմանված շեղումները համարվում են ոչ էական` հետևյալ պահանջների ապահովման պայմանով`

1) չեն փոփոխվել հաստատված նախագծային փաստաթղթերով նախատեսված`

ա. օբյեկտի հարկայնությունը,

բ. օբյեկտի տեղադրման կարմիր և կառուցապատման գծերը,

գ. կառուցապատվող հողամասի սահմանները.

2) օբյեկտի կոնստրուկտիվ տարրերին չառնչվող ճարտարապետական արտահայտչամիջոցների (ճակատների, բարձրաքանդակների, ինտերիերի նկարվածք և այլն, եթե այդ շեղումները չեն հակասում քաղաքաշինական կանոնադրության պահանջներին) փոփոխման դեպքում առկա է նախագծող հեղինակի համաձայնությունը.

3) սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված փոփոխությունները կատարվել են սույն կետի 1-ին ենթակետի պահանջների իրականացման ապահովմամբ:

 

VIII. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

173. Կառուցվող (այդ թվում` վերակառուցվող, վերականգնվող, ուժեղացվող, արդիականացվող, ընդլայնվող) բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի շինարարական աշխատանքների ավարտը` կառուցապատողի հայեցողությամբ, փաստագրվում է ավարտական ակտով` համաձայն N 5 հավելվածի N 3-2 ձևի հաստատված նախագծով նախատեսված` շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական-մոնտաժային աշխատանքներն իրականացվելուց և օրենքով ու սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան կապալառուի կողմից ավարտված շինարարական օբյեկտը կառուցապատողին հանձնվելուց և կառուցապատողի կողմից այն ընդունվելուց հետո: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ավարտական ակտի ձևակերպման գործընթացի իրականացման ընթացքում անհրաժեշտ է առաջնորդվել սույն կարգի VII բաժնում` ավարտական ակտի (շահագործման թույլտվության) ձևակերպման համար` 139, 141, 142, 143, 144, 145, 146, 148, 149, 151, 152, 153, 156, 157, 164, 165, 169, 171 և 172-րդ կետերով սահմանված պահանջներով:

(173-րդ կետը փոփ. 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

174. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի շինարարական աշխատանքների ավարտն ընդունող հանձնաժողովը ձևավորում և ղեկավարում է կառուցապատողը` համաձայն N 5 հավելվածի N 3-2-2 ձևի: Կառուցման ավարտի գրանցում չունեցող այն բազմաբնակարան շենքերը, որոնց ստորաբաժանված միավորներն առանձին վկայականներով գրանցված են որպես 100 տոկոսից ցածր ավարտվածություն ունեցող անավարտ շինություններ, կառուցման ավարտի գրանցման նպատակներով սույն կարգով նախատեսված կառուցապատողի գործառույթներն իրականացնում են սեփականատերերի կողմից ընտրված կազմակերպությունը կամ համայնքի ղեկավարի կողմից վերապահված` համայնքում այլ բազմաբնակարան շենքի կառավարման մարմինը` սեփականատերերի ծախսերով:

175. Անկախ շահագործման հանձնվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի շինարարության ռիսկայնության աստիճանից` ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավվում են կառուցապատողի, կապալառուի, տեխնիկական հսկողություն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` հեղինակային հսկողություն իրականացնող անձինք, տարածքային բաժնի, ինչպես նաև օրենքով համապատասխան վերահսկողական իրավասություններով օժտված այլ շահագրգիռ տեսչական մարմինների (այսուհետ` շահագրգիռ տեսչական մարմին) և իրավասու մարմնի ներկայացուցիչները:

(175-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն, 20.09.18 թիվ 1036-Ն որոշումներ)

176. Տարածքային բաժինը և շահագրգիռ մարմինները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասության սահմաններում, տալիս են եզրակացություն` ստորագրելով ընդունող հանձնաժողովի ակտը` հավաստելով ավարտված շինարարական աշխատանքների համապատասխանությունը հաստատված նախագծային փաստաթղթերին, տրամադրված տեխնիկական պայմաններին և սույն կարգի պահանջներին` դիմումն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում:

177. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ավարտական ակտի ձևակերպման ժամանակ բոլոր կողաճակատների բացվածքներում պետք է տեղադրված լինեն պատուհանները կամ ապակեպատ ցուցափեղկերը, իսկ պատերի արտաքին մակերևույթի ծածկույթն ամբողջությամբ իրականացված լինի ըստ նախագծի, մասնավորապես, երեսապատումը, կամ բարձրորակ սվաղի իրականացումը կամ հարդարման այլ աշխատանքներ:

178. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ավարտական ակտը ձևակերպելու նպատակով կառուցապատողն ընդունող հանձնաժողովի ակտն ստորագրվելուց հետո 10-օրյա ժամկետում` համաձայն N 5 հավելվածի N 3-3-2 ձևի, դիմում է իրավասու մարմնին` սույն կարգի 173-րդ կետով նախատեսված համապատասխան վարչական ակտի ձևակերպման համար: Դիմումին կից ներկայացվում են`

1) ընդունող հանձնաժողովի ակտը.

2) կատարողական փաստաթղթերի ցանկը կամ շինությունը շահագործման ենթակա լինելու վերաբերյալ համապատասխան տեխնիկական հետազննության դրական եզրակացությունը.

3) ավարտական ակտի տրամադրման համար «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ սույն կարգի 98-րդ կետով սահմանված կարգով վճարի մուծումը հավաստող անդորրագիրը:

(178-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

179. (179-րդ կետն ուժը կորցրել է 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

180. Իրավասու մարմինը ներկայացված փաստաթղթերի հիման վրա տրամադրում է ավարտական ակտը` դիմումն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում:

181. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ավարտական ակտը կազմվում է երեք օրինակից, որոնցից մեկը մնում է իրավասու մարմնի մոտ, իսկ երկու օրինակը տրվում է կառուցապատողին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային մարմին կառուցվող շինության կառուցման ավարտը գրանցման ներկայացնելու համար:

182. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ավարտական ակտը հիմք է կառուցված օբյեկտի և դրա կազմում ստորաբաժանված գույքային միավորների (բնակարաններ կամ ոչ բնակելի տարածքներ) նկատմամբ գույքային իրավունքների գրանցման համար` առանց շահագործման իրավունքի:

183. (183-րդ կետն ուժը կորցրել է 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

 

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

184. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի` ըստ գործառնական նշանակության, շինարարության շահագործման փաստագրումը ձևակերպվում է շահագործման թույլտվությամբ` համաձայն N 5 հավելվածի N 3-3 ձևի, օբյեկտի հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով նախատեսված ինժեներական ենթակառուցվածքների (մասնավորապես, էլեկտրամատակարարման, կամ ջրամատակարարման ու ջրահեռացման, կամ գազամատակարարման, կամ հեռահաղորդակցության ցանցերի անցկացման), ինժեներատեխնոլոգիական սարքավորումների մոնտաժման ու գործարկման (ըստ ճարտարապետաշինարարական նախագծով նախատեսված դեպքերի` համապատասխան վերելակների, կամ օդափոխության, կամ այլ սարքավորումների տեղադրման) աշխատանքները, շենքի ծավալի ներսում գտնվող ընդհանուր օգտագործման տարածքների ներքին հարդարումը, տարածքի կանաչապատումը և բարեկարգումն ավարտված լինելուց հետո:

185. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ավարտված շինարարական օբյեկտի` հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանությունը հավաստվում է մատակարար կազմակերպությունների, ինչպես նաև ինժեներատեխնոլոգիական սարքավորումների մոնտաժման և գործարկման աշխատանքների փորձարկումն իրականացրած կազմակերպությունների դրական եզրակացություններով: Ընդ որում, մատակարար կազմակերպություններին վերաբերող` սույն կարգով սահմանված դրույթները գործում են օրենքով այդ կազմակերպություններին վերապահված իրավասությունների սահմաններում:

186. Եզրակացությունների և համապատասխան փորձարկումների փաթեթները կազմում է կառուցապատողը: Այն բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերը, որոնց ստորաբաժանված գույքային միավորները (բնակարաններ կամ ոչ բնակելի տարածքներ) առանձին վկայականներով գրանցված են որպես սեփականության իրավունքի օբյեկտներ, շահագործման թույլտվության ստացման նպատակներով` սույն կարգով նախատեսված կառուցապատողի գործառույթները, կարող է իրականացնել նաև սեփականատերերի կողմից ընտրված կազմակերպությունը (կամ բազմաբնակարան շենքի կառավարման մարմինը)` սեփականատերերի ծախսերով:

187. Մատակարար կազմակերպությունների կողմից, սույն կարգի 184-րդ կետին համապատասխան, դրական եզրակացություններ տրամադրելը հիմք է այդ կազմակերպությունների կողմից համապատասխան ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելու համար:

188. Մատակարար կազմակերպությունները պարտավոր են կառուցապատողի դիմումն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում տրամադրել համապատասխան մասնագիտական եզրակացություններ` ինժեներական ենթակառուցվածքների` մոնտաժված և գործարկված լինելու մասին:

189. Կառուցապատողի ցանկությամբ շինարարական համալիրի կազմում ընդգրկված յուրաքանչյուր առանձին բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի համար` շահագործման թույլտվությունը կարող է ձևակերպվել ըստ դրա համապատասխան աշխատանքների ավարտի:

190. Ձմռան ամիսներին ձևակերպվող շահագործման թույլտվությամբ կարող է նախատեսվել շինարարության թույլտվություն չպահանջող, կառուցված օբյեկտի` բացառապես արտաքին հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները մոտակա գարնանային-ամառային ամիսներին իրականացնելու վերաբերյալ պայման: Այդ աշխատանքներն ավարտվում են ձևակերպվող շահագործման թույլտվությամբ սահմանված ժամկետում և ընդունվում կառուցապատողի կողմից շահագործումը փաստագրող իրավասու մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ:

191. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի առանձնացված գույքային միավորների (բնակարաններ կամ ոչ բնակելի տարածքներ) ներքին հարդարման շինարարական աշխատանքների ոչ լրիվ իրականացումը շահագործման թույլտվության տրամադրման մերժման հիմք չէ: Ընդ որում, ընդհանուր օգտագործման տարածքների ներքին հարդարման, կանաչապատման աշխատանքները, փոստային բաժանորդային պահարանների տեղադրումն ու ինժեներատեխնոլոգիական սարքավորումների մոնտաժման և գործարկման աշխատանքները պետք է պարտադիր իրականացված լինեն ամբողջությամբ:

192. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու նպատակով կառուցապատողը դիմում է իրավասու մարմնին` համաձայն N 5 հավելվածի N 3-3-3 ձևի, շահագործման թույլտվության ձևակերպման համար: Դիմումին կից ներկայացվում են`

1) մատակարար կազմակերպությունների մասնագիտական դրական եզրակացությունները.

2) ինժեներատեխնոլոգիական սարքավորումների մոնտաժման և գործարկման աշխատանքների փորձարկումն իրականացրած կազմակերպությունների դրական եզրակացությունները.

3) կառուցապատողի կամ նրա իրավահաջորդի, գրավոր հայտարարությունը շինարարական օբյեկտը շահագործման պատրաստ լինելու վերաբերյալ.

4) շահագործման թույլտվության ձևակերպման համար «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ սույն կարգի 98-րդ կետով սահմանված կարգով տեղական վճարի մուծումը հավաստող անդորրագիրը:

(192-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

193. Իրավասու մարմինը ներկայացված փաստաթղթերի հիման վրա ձևակերպում է շահագործման թույլտվությունը` դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում:

(193-րդ կետը փոփ. 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

194. Իրավասու մարմնի առաջադրած պահանջները բավարարելու դեպքում շահագործման թույլտվությունը տրամադրվում է կառուցապատողի կրկնակի դիմումը տալու օրվանից եռօրյա ժամկետում:

195. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի շահագործման թույլտվությունը կազմվում է երեք օրինակից, որոնցից մեկը մնում է իրավասու մարմնի մոտ, իսկ երկու օրինակը տրվում է կառուցապատողին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային մարմին գրանցման ներկայացնելու համար:

196. (196-րդ կետն ուժը կորցրել է 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

197. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի շահագործման թույլտվությունը հիմք է կառուցված օբյեկտի շահագործման իրավունքի ամրագրված սահմանափակումը դադարեցնելու համար:

198. Եթե բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի` սույն կարգի 175-րդ կետով նախատեսված ընդունող հանձնաժողովի կազմում ներգրավված են նաև մատակարար կազմակերպությունների և ինժեներատեխնոլոգիական սարքավորումները մոնտաժած ու գործարկած սուբյեկտների ներկայացուցիչները, ապա այդ շինարարական օբյեկտի ձևակերպման համար անհրաժեշտ վարչական ակտը` իրավասու մարմնի կողմից տրվում է սույն կարգի VII բաժնում` ավարտական ակտի (շահագործման թույլտվության) ձևակերպման համար, սահմանված պահանջներով:

(1-ին հավելվածը փոփ. 18.08.15 թիվ 912-Ն որոշում)

(1-ին հավելվածը խմբ. 29.10.15 թիվ 1317-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի մարտի 19-ի

N 596-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի (այսուհետ` քաղաքաշինական փաստաթղթեր) փորձաքննության իրականացման (այսուհետ` փորձաքննություն) հետ կապված հարաբերությունները:

2. Փորձաքննության հիմնական նպատակն ընտրված նախագծային լուծումների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանության ապահովումն է:

3. Քաղաքաշինական փաստաթղթերը, մինչև դրանց` սահմանված կարգով համաձայնեցումն ու հաստատումը, ենթակա են փորձաքննության: Բացառություն են կազմում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 4 հավելվածի (այսուհետ` N 4 հավելված) NN 1 և 2 ցանկերով սահմանված` ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) և միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերը:

4. Միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերի փորձաքննությունը կարող է փոխարինվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին նախագծի համապատասխանության վերաբերյալ նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուի գրավոր երաշխավորագրով, եթե նման պայման նախատեսված է կապալի պայմանագրով:

5. Փորձաքննություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության գործունեության լիցենզիա ունեցող անձինք (այսուհետ` քաղաքաշինական փորձագիտական մարմին), օրենքով սահմանված դեպքերում` նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննություն իրականացնող` քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինը (այսուհետ` լիազոր մարմին), ինչպես նաև բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտի հատուկ համալիր փորձաքննության իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովը:

(5-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

6. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակմանը մասնակցած նախագծային կազմակերպությունները կամ անձինք չեն կարող կատարել կամ ներգրավվել իրենց կողմից մշակված նախագծերի փորձաքննության աշխատանքներում:

7. Քաղաքաշինական փաստաթղթերը փորձաքննության են ներկայացվում կառուցապատողի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից, ինչպես նաև նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուի կողմից (այսուհետ` պատվիրատու), եթե այդպիսի պայման նախատեսված է նախագծային կապալի պայմանագրով:

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

9. Ելնելով քաղաքաշինական փաստաթղթերի նշանակությունից, ինչպես նաև դրանցով իրականացվող քաղաքաշինական օբյեկտների բարդությունից` իրականացվում են փորձաքննության հետևյալ տեսակները`

1) պարզ փորձաքննություն` միջինից բարձր ռիսկայնության աստիճանի (III կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների մասով, ինչպես նաև միջին (II կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների մասով, եթե առկա չէ սույն կարգի 4-րդ կետում նշված երաշխավորագիրը.

2) պետական համալիր փորձաքննություն` բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների, ինչպես նաև բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների մասով` սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի կողմից հատուկ համալիր եզրակացության կազմման նպատակով ներկայացնելու համար.

3) հատուկ համալիր փորձաքննություն` բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների մասով:

(9-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

10. Նախագծային փաստաթղթերի պարզ փորձաքննությունն իրականացվում է քաղաքաշինական օբյեկտի ճարտարապետաշինարարական և արտաքին ու ներքին ինժեներական համակարգերի հուսալիության, կայունության, անվտանգության, ինչպես նաև մարդկանց առողջության ապահովմանն ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրական և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին` նախագծային փաստաթղթերի համապատասխանությունը հավաստելու համար բավարար ծավալով:

10.1. Պարզ փորձաքննությունն անցկացվում է պատվիրատուի և քաղաքաշինական փորձագիտական մարմնի միջև կնքված պայմանագրի հիման վրա:

(10.1-ին կետը լրաց. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

11. Նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուի գրավոր երաշխավորագիրը պետք է պարունակի սույն կարգի 10-րդ կետով սահմանված պարտադիր պահանջներին` նախագծային փաստաթղթերի համապատասխանությունն ապահովող բավարար երաշխիքներ:

12. Բազմակի (կրկնակի) օգտագործման օրինակելի նախագծերի և սերտիֆիկացված նախագծերի օգտագործման դեպքում փորձաքննության են ենթակա միայն օբյեկտի զրոյական նիշից ներքև տեղակայված կառուցվածքների նախագծային փաստաթղթերը (տեղակապման նախագծերը): Ընդ որում, II կատեգորիայի դասակարգում ունեցող` սույն կետում նշված օբյեկտների տեղակապման նախագծերի փորձաքննությունը ևս կարող է փոխարինվել երաշխավորագրով:

(12-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

13. Պետական համալիր փորձաքննության ենթակա են այն քաղաքաշինական այդ թվում` նաև ծրագրային փաստաթղթերը, որոնցով, բացի քաղաքաշինական նորմերին համապատասխանության անհրաժեշտությունից, օրենքով պահանջվում է նաև շրջակա միջավայրի պահպանության վրա ազդեցության, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, արտակարգ իրավիճակների (հրդեհներ, պայթյուններ, փլուզումներ և այլն) կանխարգելման, կապի համակարգերի, տրանսպորտային, էներգետիկ ու ինժեներական այլ ենթակառուցվածքների, արդյունաբերական անվտանգության, ընդերքի արդյունավետ օգտագործման, տեխնոլոգիական, սանիտարահիգիենիկ պահանջների ապահովման վերաբերյալ համապատասխան ոլորտին առնչվող փորձագիտական կամ մասնագիտական եզրակացության կամ համաձայնեցման տրամադրում:

(13-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

14. Պետական համալիր փորձաքննությունն իրականացվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համապատասխան փորձագիտական և (կամ) սույն կարգի 13-րդ կետում նշված համապատասխան ոլորտին առնչվող մասնագիտական եզրակացություն կամ համաձայնություն տալու իրավասությամբ օժտված շահագրգիռ պետական մարմինների (այսուհետ` շահագրգիռ մարմիններ) մասնակցությամբ:

(14-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

15. N 4 հավելվածի հատուկ նշանակության օբյեկտների N 3 ցանկում ներառված պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող կառույցների կամ պատմամշակութային հուշարձանի պահպանական գոտում կառուցվող օբյեկտների համար պարտադիր է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության ու օգտագործման բնագավառներում կառավարումն իրականացնող լիազորված մարմնի համաձայնությունը:

(15-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

15.1. Պետական համալիր փորձաքննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված` լիազոր մարմնի համակարգում գործող փորձաքննական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի անհատական կազմը` շահագրգիռ մարմինների համապատասխան մասնագետների ներգրավմամբ, հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Հանձնաժողովը համակարգում և ամփոփում է սույն կարգի 21-րդ կետով սահմանված` պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուի կողմից ստացված շահագրգիռ մարմինների եզրակացությունները (համաձայնեցումները):

(15.1-ին կետը լրաց. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

16. Պետական համալիր փորձաքննության ենթակա են`

1) քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերը (բացառությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերի).

2) նոր տեխնոլոգիաների կիրառմամբ փորձարարական օբյեկտների նախագծային փաստաթղթերը.

3) N 4 հավելվածի N 3 ցանկով սահմանված բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) դասակարգում ունեցող կարևորագույն (այդ թվում` սեյսմիկ պաշտպանության բնագավառի կարևոր) նշանակություն ունեցող օբյեկտների, ինչպես նաև սույն կարգի 9-րդ կետի 2-րդ ենթակետով և 24-րդ կետով նախատեսված դեպքերում` բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերը:

(16-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

17. Պատվիրատուի նախաձեռնությամբ` պետական համալիր փորձաքննության կարող են ենթարկվել նաև ավելի ցածր ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերը` փորձագիտական մարմնի և պատվիրատուի միջև կնքվող պայմանագրում այդպիսի պայման նախատեսվելու դեպքում:

(17-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

18. Հանձնաժողովը նախապատրաստում է պետական համալիր փորձագիտական եզրակացություն` հաշվի առնելով տվյալ քաղաքաշինական փաստաթղթին առնչվող շահագրգիռ պետական մարմինների եզրակացությունները (համաձայնեցումները): Պետական համալիր փորձագիտական եզրակացությունը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից և տրամադրվում պատվիրատուին:

(18-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

19. Քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերը պետական համալիր փորձաքննության են ներկայացվում նախագծվող տարածքի ինժեներաերկրաբանական շրջանացման` ինժեներական երկրաբանության բնագավառի լիազոր մարմնի կողմից հաստատված քարտեզների ներառմամբ:

(19-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

20. (20-րդ կետն ուժը կորցրել է 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

21. Շահագրգիռ մարմինները` ըստ համապատասխան բնագավառների, իրենց եզրակացությունները տրամադրում են պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուին, որը դրանք ներառում է սույն կարգի 31-րդ կետով սահմանված փաստաթղթերի կազմում` վերջիններիս կազմն ու բովանդակությունը համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի պահանջներին:

(21-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

22. Պատվիրատուի կողմից քաղաքաշինական փաստաթղթերը փորձաքննության են ներկայացվում նախագծման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, նորմատիվատեխնիկական փաստաթղթերով և սույն կարգով նախատեսված լրիվ ծավալով:

(22-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

23. Պետական և համայնքի բյուջեների (ներառյալ` վարկային և դրամաշնորհային միջոցները) հաշվին կամ դրանց ներգրավմամբ իրականացվող ճարտարապետաշինարարական օբյեկտների նախագծերը փորձաքննության են ներկայացվում նախահաշվային փաստաթղթերի ներառմամբ: Մնացած դեպքերում նախահաշվային փաստաթղթերը ներկայացվում են պատվիրատուի որոշմամբ:

24. Հատուկ համալիր փորձաքննության ենթակա են հատկապես վտանգավոր և (կամ) տեխնիկապես բարդ օբյեկտների, ինչպես նաև երկու և ավելի պետությունների շահերին առնչվող բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող քաղաքաշինական օբյեկտների նախագծային փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացվում ծրագիրն իրականացնող համապատասխան ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից` կախված տվյալ օբյեկտի գործառնական նշանակությունից (էներգետիկա, տրանսպորտ, ջրային համակարգեր և այլն): Յուրաքանչյուր առանձին դեպքում տվյալ օբյեկտի փորձաքննությունն անցկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովը, եթե միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի կազմում պարտադիր ընդգրկվում է (ընդգրկվում են) քաղաքաշինության տվյալ բնագավառում պետական համալիր փորձաքննություն իրականացնող, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն իրականացնող և այլ շահագրգիռ մարմինները: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի կազմում կարող են ներառվել նաև խնդրին առնչվող այլ մարմիններ և կազմակերպություններ: Հատուկ համալիր փորձաքննությունը կարող է իրականացվել նաև միջազգային փորձագիտական մարմինների (կամ փորձագետների) ներգրավմամբ: Սույն կետում նշված լիազորված մարմինը ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի հատուկ համալիր ամփոփ եզրակացությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` քննարկման:

(24-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

25. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը երկու փուլով («Նախագիծ» և «Աշխատանքային փաստաթղթեր») մշակելու դեպքում փորձաքննության է ներկայացվում համաձայնեցման ենթակա` «Նախագիծ» փուլը, որի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը տրամադրվում է սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

26. Հաստատված «Նախագիծ» փուլին հաջորդող` «Աշխատանքային փաստաթղթեր» փուլի նախագծային փաստաթղթերի մշակումը` հատուկ համալիր և համալիր փորձաքննության ենթակա օբյեկտների համար, պատվիրատուի նախաձեռնությամբ, կարող է զուգորդվել փորձագիտական ուղեկցմամբ:

27. Փորձագիտական ուղեկցումը կիրառվում է «Նախագիծ» փուլով համաձայնեցված լուծումներին հաջորդող աշխատանքային փաստաթղթերի համապատասխանությունը հանձնաժողովի կողմից հավաստելու նպատակով: Այս դեպքում հանձնաժողովի հետ կնքվող պայմանագրով սահմանված ժամկետներում և պայմաններով վերջինիս կողմից պատվիրատուին ներկայացված դիտողություններն ու առաջարկություններն ընդգրկվում են սույն կարգի 28-րդ կետում նշված` աշխատանքային փաստաթղթերի մշակման փուլերում:

(27-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

28. Սույն կարգի 27-րդ կետով սահմանված դեպքերում աշխատանքային փաստաթղթերի համապատասխանությունը համաձայնեցված «Նախագիծ» փուլով ընդունված լուծումներին հավաստվում է հանձնաժողովի տեղեկանք-երաշխավորագրերով` շինարարության թույլտվությամբ սահմանված աշխատանքների իրականացման հաջորդականությամբ (նախապատրաստական, հողային, շինմոնտաժային աշխատանքներ և այլն), որոնք ներառվում են կատարողական փաստաթղթերի փաթեթում:

(28-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

29. Եթե սույն կարգի 25-րդ կետում նշված դեպքերում փորձագիտական ուղեկցում չի իրականացվում, ապա «Աշխատանքային փաստաթղթեր» փուլի` համաձայնեցված «Նախագիծ» փուլով ընդունված լուծումներին համապատասխանությունը երաշխավորում է նախագիծը թողարկող աշխատանքների պատասխանատու կապալառուն, եթե նախագծային կապալի պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

30. Պատվիրատուի կողմից քաղաքաշինական փաստաթղթերը փորձաքննության են ներկայացվում մեկ օրինակից:

31. Մշակված քաղաքաշինական փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են նախագծման համար հիմք հանդիսացող ելակետային փաստաթղթերն ու օբյեկտի նախագծման տեխնիկական պայմանները, ինչպես նաև ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի դեպքում` շենքի (կառույցի) տեխնիկական, կոնստրուկտիվ լուծումների հիմնավորման հաշվարկները, իսկ սույն կարգի 21-րդ կետում նշված դեպքերում` նաև տվյալ քաղաքաշինական փաստաթղթին առնչվող շահագրգիռ պետական մարմինների փորձագիտական և (կամ) մասնագիտական եզրակացությունները կամ համաձայնությունները:

(31-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

32. Հիդրոտեխնիկական կառուցվածքների շինարարական և վերակառուցման նախագծային փաստաթղթերի հետ միասին ներկայացվում են հիդրավլիկական մոդելային հետազոտությունների արդյունքները կամ այդպիսի հետազոտությունների` ավելորդ լինելու մասին հիմնավորումները:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.03.2015
N 596-Ն
Որոշում