Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԱԽ-20-Ո-21

2015 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՌՈՒԲԵՆ ԱՓԻՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

    նախագահությամբ`                       Ա. Մկրտումյանի

 

    մասնակցությամբ` ԱԽ անդամներ           Ա. Բաբայանի, Գ. Բադիրյանի,

                                          Ռ. Բարսեղյանի, Ա. Դարբինյանի,

                                          Գ. Խանդանյանի, Ա. Խաչատրյանի,

                                          Մ. Հարթենյանի, Գ. Ղազինյանի,

                                          Վ. Ստեփանյանի, Ս. Օհանյանի

 

    մասնակցությամբ` դատավոր               Ռ. Ափինյանի

 

    ՀՀ արդարադատության նախարար            Հ. Մանուկյանի

 

    ՀՀ արդարադատության նախարարության      Մ. Մինասյանի

օրինականության վերահսկողության

տեսչության պետ

 

    քարտուղարությամբ`                     Շ. Վարդանյանի

 

2015 թվականի հունիսի 26-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռ. Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

ՀՀ արդարադատության նախարարի 21.04.2015թ. թիվ 183-Ա հրամանով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Ռ. Ափինյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ արդարադատության նախարարի կողմից ինքնուրույն հայտնաբերված կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող արարքը:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի եզրակացությունը.

Ըստ եզրակացության`

««Մարաթուկ Հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության` (իրավաբանական հասցե` ԱՄԷ, Շարջահ, Փ/Ա 132, Շարջահ միջազգային օդանավակայան, Նրեյթ Սենթը, տերմինալ 2) ի դեմս ՀՀ-ում գործող ներկայացուցիչ «Ալ-Խալիդա» ընկերության (քաղաք Երևան, Աբովյան 16/3)` հետևյալ երկու հայցապահանջներով.

1. «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի 28.03.2014թ. հայտարարությունը` պայմանագիրը միակողմանի դադարեցնելու վերաբերյալ` առանց ֆինանսական երաշխիքը վերադարձնելու գործողության, ճանաչել ոչ իրավաչափ:

2. Պարտավորեցնել պատասխանողին կատարել ֆինանսական երաշխիքը վերադարձնելու պայմանագրային պարտավորությունը:

Հայցադիմումին կից ներկայացվել են թիվ 000080 և թիվ 000081 վճարման հանձնարարագրերի անդորրագրեր` յուրաքանչյուրը 4.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարված լինելու վերաբերյալ: Հայցվորի կողմից պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել:

Դատարանը (դատավոր Ռ. Ափինյան) 21.04.2014թ. կայացրել է որոշում հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին:

Հայցվորը 22.05.2014թ. Դատարան ներկայացրած գրավոր միջնորդությամբ խնդրել է Դատարանի վարույթում գտնվող ըստ հայցի «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի ընդդեմ «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի քաղաքացիական գործով 250.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող գույքի և դրամական միջոցների վրա: Հայտնել է նաև, որ պատասխանողը չի վերադարձրել 12.09.2013թ. կնքված ավիատոմսերի վաճառքի գծով գլխավոր գործակալի պայմանագրով նախատեսված երաշխիքի գումարը, և հայցի ապահովում չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել վճռի կատարումը:

Դատարանը 22.05.2014թ. կայացրել է որոշում «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին», որով հայցվորի միջնորդությունը բավարարել է մասնակի, որոշել է. «250.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատկանող «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի, ի դեմս ՀՀ-ում գործող ներկայացուցիչ` «Ալ-Խալիդա» ընկերությանը պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա»:

Դատարանի կողմից վերը նշված որոշման հիման վրա 22.05.2014թ. տրվել է կատարողական թերթ, որում որպես պարտապան նշված է. ««Էյր Արաբիա» ՀԲԸ, ի դեմս ՀՀ գործող ներկայացուցիչ` «Ալ-Խալիդա» ընկերության, հասցեն` ք.Երևան, Աբովյան 16/3»:

Հայցադիմումում նշված հասցեով ծանուցված «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ի կողմից 24.06.2014թ. Դատարան է ներկայացվել հայցադիմումի պատասխան, որով ընկերությունը խնդրել է կարճել քաղաքացիական գործի վարույթը վեճի նկատմամբ ՀՀ օրենսդրության կիրառելի չլինելու, և վեճը ՀՀ տարածքում քննության ենթակա չլինելու հիմքով:

Նշված պատասխանում «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ն հղում է կատարել հայցվորի և «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի միջև 12.09.2013թ. կնքված և վիճելի իրավահարաբերության հիմքում դրված ավիատոմսերի վաճառքի գծով գլխավոր գործակալի պայմանագրով սահմանված պահանջներին առ այն, որ պայմանագիրը կարգավորվում է անգլիական օրենսդրության համաձայն, իսկ պայմանագրի կողմերի միջև ծագող վեճերը, Դուբայի Միջազգային Միջնորդ դատարանի արբիտրաժային օրենքների համաձայն, փոխանցվում են միջնորդ դատարան, որը գտնվում է Շարջայում, ԱՄԷ:

«Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ն 04.07.2014թ. Դատարան է ներկայացրել գրավոր միջնորդություն` իրեն պատկանող գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին:

Միջնորդության հիմքում դրվել է սույն գործով կողմերի միջև ծագած վեճերը, Դուբայի Միջազգային Միջնորդ դատարանի արբիտրաժային օրենքների համաձայն, ԱՄԷ` Շարջայում, գտնվող միջնորդ դատարան փոխանցվելու մասին պայմանագրով սահմանված պարտավորությունը, ինչպես նաև ընկերության կողմից լուրջ ֆինանսական վնասներ կրելու հնարավորությունը:

Դատարանը միջնորդության քննարկման համար դատական նիստ է հրավիրել 17.07.2014թ., որը հետաձգվել և նշանակվել է 30.07.2014թ.` հայցվորին ծանուցագիրը հանձնված լինելու վերաբերյալ ապացույց դատարանի կողմից ստացված չլինելու պատճառով:

Դատարանը 30.07.2014թ. կայացրել է որոշում «Հայցի ապահովումը վերացնելու մասին»: Որոշման մեջ նշել է. «դռնբաց դատական նիստում քննության առնելով (...) քաղաքացիական գործով պատասխանող «Ալ-Խալիդա» ՍՊԸ-ի տնօրենի միջնորդությունը` հայցի ապահովումը վերացնելու մասին, (...) ՈՐՈՇԵՑ «Ալ-Խալիդա» ՍՊԸ-ի տնօրենի միջնորդությունը բավարարել: Վերացնել թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործով Դատարանի 22.05.2014 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովումը»:

Դատարանի կողմից վերը նշված որոշման հիման վրա 30.07.2014թ. տրվել է կատարողական թերթ:

Հայցվորը 18.07.2014թ. Դատարան ներկայացրած դիմումով հրաժարվել է հայցից և խնդրել է կարճել քաղաքացիական գործի վարույթը:

Դատարանը 17.09.2014թ. վճռով քաղաքացիական գործի վարույթը հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով կարճել է: Դատարանը, վճռով անդրադառնալով դատական ծախսերին, ամրագրել է. «(...) դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը հայցվորին վերադարձման կամ պատասխանողից բռնագանձման ենթակա չէ, և պետական տուրքի հարցը դրանով իսկ պետք է համարել լուծված»:

Հայցվորի կողմից հայցադիմումում նշված յուրաքանչյուր պահանջի համար սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված չլինելու պայմաններում Դատարանը, հայցադիմումը վարույթ ընդունելով, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը հետևյալ հիմնավորմամբ.

Սույն գործով Դատարան ներկայացված հայցադիմումով հայցվորը հայտնել է, որ. ««Էյր Արաբիա» ՀԲԸ-ի (այսուհետ` «Էյր Արաբիա») և «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի (այսուհետ պայմանագրում` ՎԳԳ) միջև 12.09.2013թ. կնքվել է Ավիատոմսերի վաճառքի գծով գլխավոր գործակալի պայմանագիր (հետագայում` պայմանագիր): (...) Ի ապահովումն պայմանագրային պարտավորությունների կատարման` ՎԳԳ-ն պայմանագրի 8.1 կետով պարտավորվել է վճարել ֆինանսական երաշխիք` 250.000 ԱՄՆ դոլարի չափով, որպիսի պարտավորությունը ՎԳԳ-ի կողմից փաստացի կատարվել է: (...) 28.03.2014 թվականին ՎԳԳ-ին հանձնված դիմումով «Էյր Արաբիան» հայտնել է, որ միակողմանի դադարեցնում է պայմանագիրը և նշանակում նոր ՎԳԳ` «Ալ Խալիդա» ընկերությանը, սակայն հայցվորին չի վերադարձրել նրա կողմից վճարված ֆինանսական երաշխիքի գումարը: (...) Տվյալ դեպքում պայմանագիրը միակողմանի լուծելու պատասխանողի գործողություններից ծագում է պատասխանողի` երաշխիքի գումարը վերադարձնելու պարտավորությունը, ինչը «Էյր Արաբիայի» կողմից չի կատարվել` փաստացի ապօրինի տիրապետման տակ պահելով հայցվորի ֆինանսական միջոցները»:

Հայցապահանջները հիմնավորող հայցադիմումում նկարագրված հանգամանքներից պարզ է, որ հայցադիմումում նշված` պատասխանողին ֆինանսական երաշխիքը վերադարձնելու պայմանագրային պարտավորությունը կատարելու մասին երկրորդ հայցապահանջը գույքային բնույթի է, քանի որ դա պահանջի բավարարման և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածով նախատեսված վճիռ կայացվելու դեպքում հանգեցնելու է որպես պայմանագրի կատարման ապահովում հայցվորի կողմից պատասխանողին վճարված 250.000 ԱՄՆ դոլարի չափով գումարի հայցվորի օգտին բռնագանձմանը:

Նշվածը նախևառաջ հիմնավորվում է այն իրողությամբ, որ սույն գործով գույքային բնույթի հայցապահանջ ներկայացված լինելու հանգամանքը հաստատել է Դատարանը` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու արդյունքում 250.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշում կայացնելով:

Այսպես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցի ապահովման միջոցներն են` պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը.(...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցագինը որոշվում է`

1) դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով` բռնագանձվող գումարի չափից.

2) գույքը պահանջելու հայցերով` գույքի շուկայական գնից:

Սույն նորմից պարզ է, որ հայցագին որոշվում է միայն դրամական միջոցներ բռնագանձելու և գույքը պահանջելու հայցերով, այսինքն` հայցագին որոշվում է միայն գույքային բնույթի հայցապահանջներով:

Այսպիսով, պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա արգելանք դրվում է հայցագնի չափով, ինչը նշանակում է, որ «պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը» որպես հայցի ապահովման միջոց կարող է կիրառվել միայն դրամական միջոցներ բռնագանձելու և գույքը պահանջելու (գույքային բնույթի) հայցերը ապահովելու նպատակով:

Վերոգրյալից հետևում է, որ Դատարանը, հայցվորի համապատասխան միջնորդությունը բավարարելով և 250.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով արգելանք դնելով, «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա` հայցադիմումում ներառված երկրորդ` «ֆինանսական երաշխիքը (250.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ) վերադարձնելու պայմանագրային պարտավորությունը պատասխանողին կատարել պարտավորեցնելու վերաբերյալ» հայցապահանջն իրավացիորեն գնահատել է որպես դրամական միջոցներ բռնագանձելու պահանջ, այլ կերպ` գույքային պահանջ:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը սահմանում են, որ առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

1. հայցադիմումների և որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար`

ա) գույքային պահանջով` հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից,

բ) ոչ գույքային պահանջով` բազային տուրքի քառապատիկի չափով:

Նույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` (...) բազային տուրքի չափ է սահմանվում 1000 դրամը:

ՀՀ Սահմանադրական դատարանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերի կապակցությամբ 2010թ. մայիսի 25-ի թիվ ՍԴՈ-890 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքն առանձնացնում է գույքային պահանջի և ոչ գույքային պահանջի առնչությամբ գանձվող պետական տուրքերը` դրանց համար սահմանելով հաշվարկման միմյանցից էապես տարբերվող կարգ, ինչն օբյեկտիվորեն պայմանավորված է այդ պահանջների բնույթով և առանձնահատկություններով: Գույքային պահանջի առնչությամբ գանձվող պետական տուրքը համամասնական տուրք է, և հաշվարկվում է հայցագնի նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ, իսկ ոչ գույքային պահանջի առնչությամբ գանձվող տուրքը պարզ տուրք է, և գանձվում է հաստատագրված գումարի չափով: Եթե հայցադիմումը ներառում է գույքային և ոչ գույքային պահանջներ, ապա օրենքը` այդ պահանջներից յուրաքանչյուրի քննությունը դիտարկելով որպես օրենքի իմաստով ինքնուրույն և առանձին գործողություն, պահանջում է, որ պետական տուրք վճարվի միաժամանակ և՛ գույքային, և՛ ոչ գույքային պահանջների առնչությամբ (հոդվ. 32, մաս 4)` այդպիսով հետապնդելով իրավաբանորեն հիմնավոր փաստարկված նպատակ»:

Հարկ է նաև նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20-րդ գլխի 133-137-րդ հոդվածներով սահմանված նորմերով հստակ տարանջատված են դրամական միջոցներ բռնագանձելու և գույք հատկացնելու մասին վճիռը` հոդված 134, և պատասխանողին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող վճիռը` հոդված 137:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածից հետևում է, որ պատասխանողին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող վճիռը չի կարող կապված լինել գույք հանձնելու կամ դրամական գումարներ գանձելու հետ, իսկ դրամական միջոցները գանձելու կամ գույք հատկացնելու վերաբերյալ հայցերի առնչությամբ կայացվող վճիռների սահմանումը տրված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածով:

Վերոգրյալը համադրելով սույն գործի փաստական հանգամանքների հետ` հիմնավորվում է, որ հայցվորը հայցադիմումով ներկայացված առաջին ոչ գույքային պահանջի առնչությամբ պետական տուրք պետք է վճարեր բազային տուրքի` 1.000 ՀՀ դրամի քառապատիկ չափով, որը հավասար է 4.000 ՀՀ դրամի, ինչն իրավացիորեն կատարել է: Սակայն երկրորդ գույքային պահանջի առնչությամբ պետական տուրք պետք է հաշվարկեր և վճարեր հայցագնի` 250.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի 2 տոկոսի չափով, որը հավասար է 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի:

Այնուամենայնիվ, սույն գործով հայցադիմումին կից ներկայացվել են թիվ 000080 և թիվ 000081 վճարման հանձնարարագրերի անդորրագրերը` յուրաքանչյուրը 4.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարված լինելու վերաբերյալ: Նշվածից հետևում է, որ հայցադիմումում ներառված գույքային պահանջի առնչությամբ պետական տուրքը ևս հաշվարկվել և վճարվել է ոչ գույքային պահանջով պետական տուրքի հաշվարկման համար օրենքով սահմանված կարգով:

Վերոգրյալով հիմնավորվում է, որ հայցադիմումին կից` դրանում ներառված գույքային պահանջի առնչությամբ հայցվորի կողմից չի ներկայացվել օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցադիմումին կցվում է սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթ կամ օրենքով նախատեսված դեպքերում` պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն:

Նույն օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` Դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն` բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ նման միջնորդությունը մերժվել է:

Դատարանը 21.04.2014թ. կայացրել է հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին որոշում, այնուհետև հրավիրել է 4 դատական նիստ:

Այսպիսով, Դատարանը, հայցադիմումը վարույթ ընդունելով, այն դեպքում, երբ առկա էր հայցադիմումը վերադարձնելու օրենքով նախատեսված հիմքը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջը:

Հարկ եմ համարում նաև նշել, որ հայցադիմումում ներառված գույքային պահանջի առնչությամբ 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով պետական տուրք վճարված չլինելու պարագայում Դատարանի կողմից քաղաքացիական գործ հարուցելու և քննություն իրականացնելու արդյունքում խախտվել է պետության օրինական շահը:

Այսպես` ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը պետական տուրքի գանձման օբյեկտ, այսինքն` պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված գործողություն է դիտարկում, մասնավորապես, դատարան տրվող հայցադիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների քննությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի համաձայն` դատարաններում քննվող բոլոր գործերով պետական տուրքը գանձվում է պետական բյուջե:

Վերը նշված իրավական նորմերի պահանջներից բխում է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում փոխհատուցելու պետության` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը:

Հարկ է նաև նշել, որ սույն գործով քննությունն ավարտվել է հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթի կարճմամբ: Վճռում Դատարանը, անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին, ամրագրել է. «(...) հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը` հայցվորին վերադարձման կամ պատասխանողից բռնագանձման ենթակա չէ և պետական տուրքի հարցը դրանով իսկ պետք է համարել լուծված»:

Վերոգրյալից ակնհայտ է, որ պետությանը չի փոխհատուցվել 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով գումար` որպես պետության` արդարադատության իրականացման հետ կապված ծախս, որի արդյունքում խախտվել է դատարաններում պետական տուրք գանձվելու վերաբերյալ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը:

Վերոգրյալի առնչությամբ Դատարանի դատավոր Ռ. Ափինյանը 05.05.2015թ. ՀՀ արդարադատության նախարարին ներկայացրած բացատրությամբ (այսուհետ նաև` Բացատրություն) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի խախտման կապակցությամբ արտահայտել է այն դիրքորոշումը, որ հայցադիմումը վարույթ ընդունելու հարցի քննարկման ժամանակ, ելնելով ՀՀ դատարանների նախագահների խորհրդի թիվ 129 որոշման 16-րդ կետի պահանջներից և հիմք ընդունելով գործով հայցվոր` «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի և պատասխանող «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի միջև 12.09.2013թ. կնքված «Ավիատոմսերի վաճառքի գծով գլխավոր գործակալի պայմանագրի» 8.1-րդ և 8.7-րդ կետերը, հնարավոր չի եղել հստակ որոշել ֆինանսական երաշխիքի (հայցագնի) չափը:

Այնուհետև նշել է, որ չնայած հայցի հիմքում երաշխիքի գումարի չափը նշված լինելու հանգամանքին` դատարանը ֆինանսական երաշխիքը վերադարձնելու պայմանագրային պարտավորությունը պատասխանողին կատարել պարտավորեցնելու պահանջը նախնական դիտարկել է ոչ գույքային պահանջ` նպատակ ունենալով գործի քննության ընթացքում պարզել գումարի չափը և հայցի հստակեցման հետ կապված հարցերը, իսկ պետական տուրք քիչ վճարելու պատճառաբանությամբ չէր կարող վերադարձնել հայցադիմումը: Միաժամանակ նշել է, որ հայցվորի կողմից հայցից հրաժարվելու պատճառով հնարավորություն չի ունեցել կատարելու գործի ըստ էության քննություն, հետևապես պետական տուրքի հարցը համարել է լուծված:

Անդրադառնալով Դատավորի բացատրությանը` նախ պետք է նշել, որ Դատավորի կողմից ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 29.01.2013թ. թիվ 129 որոշման 16-րդ կետով (որը վերաբերվում է հայցագինը որոշելուն) ղեկավարվելը, այնուհետև «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի և պատասխանող «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի միջև 12.09.2013թ. կնքված պայմանագրով ֆինանսական երաշխիքի չափը (որը սույն գործով հայցագինն է) հստակ չլինելու հանգամանքը վկայակոչելն ինքնին վկայում է այն մասին, որ «պարտավորեցնել պատասխանողին կատարել ֆինանսական երաշխիքը վերադարձնելու պայմանագրային պարտավորությունը» վերտառությամբ հայցապահանջը հանդիսանում է գույքային պահանջ, իսկ գործով պատասխանող է հանդիսանում «Էյր Արաբիա» ՀԲԸ-ն:

Անհրաժեշտ է փաստել, որ ներկայացված հայցադիմումում հստակ նշված է 250.000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական երաշխիք, որը, ըստ հայցվորի, ենթակա է վճարման պատասխանողի կողմից: Այս պարագայում առնվազն անհասկանալի են Դատավորի կողմից հայցագնի չափը հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերով որոշելուն ուղղված ենթադրյալ գործողությունները, որոնց իրականացման պարագայում նույնիսկ ակնհայտ է, որ պայմանագիրը նույնպես, ինչպես և հայցադիմումը, ամրագրում է կողմերի միջև համաձայնեցված, հայցվորի կողմից վճարված և գործով պահանջվող վարկային գումարի (համապատասխանաբար ֆինանսական երաշխիքի) հստակ չափը` 250.000 ԱՄՆ դոլար, որի կապակցությամբ դատարանը կայացրել է հայցագնի չափով արգելանք դնելու մասին որոշում:

Չնայած ՀՀ դատարանների նախագահների խորհրդի` 29.01.2013թ. թիվ 129 որոշման 16-րդ կետով առաջնորդվելու մասին Դատավորի պնդմանը` հարկ է նշել, որ հիշատակված որոշմամբ դատարանի համար սահմանվում է ճշգրտված և նախնական հայցագների տարբերությանը վերջնական դատական ակտով անդրադառնալու և լրացուցիչ պետական տուրք գանձելու հարցը լուծելու հստակ պարտականություն: Այնուամենայնիվ, Դատարանը վճիռ կայացնելիս չի անդրադարձել լրացուցիչ պետական տուրք գանձելու հարցին:

Այսպիսով, դատավոր Ռ. Ափինյանի կողմից բացատրությամբ բերված փաստարկները հերքվում են սույն եզրակացությամբ բերված հիմնավորումներով:

Դատարանը, որևէ հիմքի բացակայության պայմաններում թույլատրելով «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ի մասնակցությունը վարույթին որպես պատասխանող «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի ներկայացուցիչ, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ, 117-հոդվածների 2-րդ մասերը, 40-րդ հոդվածի 1-ին մասը` հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանում իրավաբանական անձանց գործերը վարում են օրենքով կամ կանոնադրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում գործող նրանց մարմինները կամ ներկայացուցիչները:

Նույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ դատարանում ներկայացուցիչ կարող է լինել դատարանում գործը վարելու պատշաճ ձևակերպված լիազորություն ունեցող ցանկացած գործունակ քաղաքացի` բացառությամբ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Վերոհիշյալ իրավական նորմերից հետևում է, որ իրավաբանական անձանց ներկայացնում են նրանց մարմինները, որոնք գործում են օրենքով և իրավաբանական անձի կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, կամ նրանց ներկայացուցիչները: Դատական ներկայացուցիչն այն գործունակ քաղաքացին է, այսինքն` ֆիզիկական անձը, որն ունի դատարանում գործը վարելու պատշաճ ձևակերպված լիազորություն` «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար (...):

Միաժամանակ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ նախագահողը պարզում է դատական նիստին ներկայացած մասնակիցների ինքնությունը, ստուգում է ներկայացուցիչների լիազորությունները:

Սույն գործով ներկայացված հայցադիմումի համաձայն` պատասխանող «Էյր Արաբիա» ՀԲԸ-ն, լուծելով «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ կնքված ավիատոմսերի վաճառքի գծով գործակալության պայմանագիրը, նոր վաճառքի գլխավոր գործակալ է նշանակել «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ին, որից ելնելով` հայցվորը վերջինիս դիտել է որպես պատասխանողի ներկայացուցիչ (ներկայացնելով պահանջ ընդդեմ «Էյր Արաբիա»ՀԲԸ-ի` ի դեմս ՀՀ գործող ներկայացուցիչ «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ի):

Այս կապակցությամբ գործում առկա նյութերի ուսումնասիրությամբ հիմնավորվում է, որ պատասխանող «Էյր Արաբիա» ՀԲԸ-ն երբևէ չի ծանուցվել և չի մասնակցել սույն գործով վարույթին:

Դատարանի կողմից վարույթին որպես պատասխանողի ներկայացուցիչ ներգրավվել է «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ն, որը վարույթին մասնակցել է իր տնօրենի և նրա կողմից տրված լիազորագրի հիման վրա գործող փաստաբանի միջոցով:

Գործում բացակայում է ապացույց այն մասին, որ «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ին վերապահված է եղել պատասխանողի օգտին դատական ներկայացուցչություն իրականացնելու լիազորություն:

Միևնույն ժամանակ, եթե անգամ դիտարկենք, որ «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ի տնօրենը վարույթին մասնակցել է որպես պատասխանող «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի դատական ներկայացուցիչ, ապա, ինչպես նշվեց, ներկայացուցիչ կարող է լինել դատարանում գործը վարելու պատշաճ ձևակերպված լիազորություն ունեցող քաղաքացին, որը դատարան պետք է ներկայացնի որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունքը հաստատող փաստաթուղթ` պահպանելով նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված պահանջները: Մինչդեռ գործում բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ պատասխանող «Էյր Արաբիա» ՀԲԸ-ն օժտել է «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ին և/կամ նրա տնօրենին իր անունից և օգուտ իր շահերի դատարանում գործը վարելու լիազորությամբ: Պատասխանողի կողմից դատարանում իր շահերը ներկայացնելու լիազորություն չի տրվել նաև գործում ներգրավված փաստաբանին:

Այսպիսով, Դատարանը, «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ին որպես պատասխանողի ներկայացուցիչ վարույթ թույլատրելով և անտեսելով այն հանգամանքը, որ իրավաբանական անձն առանց որևէ իրավական հիմքի չի կարող իրականացնել կամ ապահովել դատական ներկայացուցչության գործառույթներ, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ, 117-րդ հոդվածների 2-րդ մասերի, 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտումներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն` ներկայացուցչություն է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որը ներկայացնում է իրավաբանական անձի շահերը և իրականացնում դրանց պաշտպանությունը: Ներկայացուցչությունները և մասնաճյուղերն իրավաբանական անձինք չեն ու գործում են իրավաբանական անձի հաստատած կանոնադրությունների հիման վրա:

Համաձայն «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ի կանոնադրության 1.1-րդ կետի` «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ն համարվում է մեկ անձին պատկանող շահույթ ստանալու նպատակով հիմնադրված առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ, որի կանոնադրական կապիտալը բաժանված է սույն կանոնադրությամբ սահմանված չափով բաժնեմասերի: Համաձայն կանոնադրության նույն կետի և իրավաբանական անձի պետական գրանցման թիվ 01Ա001982 վկայականի` «Ալ Խալիդիա Տուրիզմ»ՍՊԸ-ն հանդիսանում է «Սյունիք-Ավիա» ՍՊԸ-ի իրավահաջորդը, գրանցված է Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում 09.03.1995թ., գրանցման համարն է` 88.11000130:

Վերը հիշատակված իրավական նորմերի և շարադրված փաստերի վերլուծությունից պարզ է դառնում նաև, որ «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ն չի հանդիսանում պատասխանող «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի հաշվառված առանձնացված ստորաբաժանումը` ներկայացուցչությունը:

Միաժամանակ ուշադրության է արժանի այն իրողությունը, որ եթե նույնիսկ, չնայած վերոգրյալի, «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ն Դատարանի կողմից դիտարկվել է որպես գործով պատասխանող «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի ներկայացուցիչ և օժտված է եղել դատարանում վերջինիս շահերը ներկայացնելու բոլոր լիազորություններով, ապա գտնում եմ, որ Դատարանը, 17.09.2014թ. վճռով կարճելով քաղաքացիական գործի վարույթը հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջի խախտում:

Մասնավորապես, գործի փաստական հանգամանքների համաձայն` «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ն 24.06.2014թ. Դատարան ներկայացրած հայցադիմումի պատասխանով, որում որպես իր դատավարական կարգավիճակ նշել է «Պատասխանող «ԱԼ ԽԱԼԻԴԻԱ ՏՈՒՐԻԶՄ» ՍՊԸ»-ն, խնդրել է կարճել քաղաքացիական գործի վարույթը վեճի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառելի չլինելու և վեճը Հայաստանի Հանրապետության տարածքում քննության ենթակա չլինելու հիմքով:

Նշված պատասխանում «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ն հղում է կատարել հայցվորի և «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի միջև 12.09.2013թ. կնքված և վիճելի իրավահարաբերության հիմքում դրված ավիատոմսերի վաճառքի գծով գլխավոր գործակալի պայմանագրով սահմանված պահանջներին առ այն, որ պայմանագիրը կարգավորվում է անգլիական օրենսդրության համաձայն, իսկ պայմանագրի կողմերի միջև ծագող վեճերը, Դուբայի Միջազգային Միջնորդ դատարանի արբիտրաժային օրենքների համաձայն, փոխանցվում են միջնորդ դատարան, որը գտնվում է Շարջայում` ԱՄԷ-ում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` Դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե կողմերից մեկը հղում է կատարում տվյալ վեճն արբիտրաժային դատարանի քննությանը հանձնելու` կողմերի միջև առկա համաձայնությանը, և արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը չի վերացել:

Նշվածից հետևում է, որ «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ին որպես պատասխանողի ներկայացուցիչ դիտարկելու պարագայում դատարանը պարտավոր էր անդրադառնալ «ներկայացուցչի» պատասխանում ներկայացված պահանջին և այն իրավական հիմքերին` վեճն արբիտրաժային դատարանի քննությանը հանձնելու` կողմերի միջև առկա համաձայնությանը, որին հղում է կատարել «ներկայացուցիչ»-ը:

Սույն գործով Դատարանը ոչ միայն չի անդրադարձել ներկայացված պահանջին, այլև գործի քննության արդյունքում կարճել է քաղաքացիական գործի վարույթը հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով:

Հարկ է նշել, որ Դատարանի կողմից «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ին որպես սույն գործով դատարանում պատասխանողի շահերը ներկայացնելու բոլոր լիազորություններով օժտված ներկայացուցիչ դիտարկելու և վերջինիս ներկայացված պահանջին չանդրադառնալու հիմքով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում թույլ տալու մասին վերը նշված գրառումը չի կարող մեկնաբանվել որպես սույն եզրակացությամբ հիմնավորված «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ին որպես «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի ներկայացուցիչ հանդիսանալու որևէ հիմքի բացակայության մասին դիրքորոշումից շեղում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի, 40-րդ հոդվածի 1-ին մասի, 117-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման կապակցությամբ Դատավորը Բացատրությամբ արտահայտել է այն դիրքորոշումը, որ «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ի` որպես «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի ՀՀ-ում ներկայացուցչություն հանդիսանալը «հանրահայտ փաստ» է: Այնուհետև եզրահանգել է, որ հայցադիմումի տրամաբանությունից հետևում է, որ հայցվորը «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ին դիտել է որպես «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի ներկայացուցչություն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն:

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ի` որպես ՀՀ-ում «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի ներկայացուցչություն չհանդիսանալը հիմնավորում է ներկայացված փաստական և իրավական հանգամանքներով, ընդ որում, «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ն չի կարող հանդիսանալ «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի ներկայացուցչությունը նաև այն փաստով, որ ներկայացուցչության ղեկավարները նշանակվում են իրավաբանական անձի կողմից ու գործում են նրա կողմից տրված լիազորագրի հիման վրա, իսկ սույն գործի նյութերում այդպիսի լիազորագիրը բացակայում է:

Միաժամանակ Դատավորը, իր բացատրությամբ վկայակոչելով հայցադիմումում` գործին մասնակցող անձանց անվանման, նրանց գտնվելու վայրի հասցեների գրառման մասում կատարված «պատասխանող «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի` ի դեմս ՀՀ-ում գործող ներկայացուցիչ «Ալ Խալիդա» ընկերություն» գրառումը, նշում է, որ եկել է հետևության առ այն, որ «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ն տվյալ գործով հանդիսացել է պատասխանող:

Այս կապակցությամբ հայտնում եմ, որ «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ն սույն գործով պատասխանող չէ, նաև այն հիմնավորմամբ, որ պատասխանողը այն անձն է, որը, ըստ հայցվորի, խախտել է նրա իրավունքները, և որի դեմ հայցվորը ներկայացրել է իր պահանջները: Համաձայն հայցադիմումի` (դրան կցված հայցապահանջները հիմնավորող ապացույցների) հայցվորի իրավունքը խախտել է «Էյր Արաբիա» ՀԲԸ-ն` միակողմանի դադարեցնելով պայմանագիրը` առանց ֆինանսական երաշխիքի գումարը վերադարձնելու, և սույն գործով երկու հայցապահանջներն էլ ներկայացված են ընդդեմ մեկ պատասխանողի` «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի:

Նշվածը հիմնավորվում է նաև Դատավորի կողմից տրված բացատրությամբ առ այն, որ վերջինս փորձել է պարզել հայցագնի չափը` հիմք ընդունելով հայցվոր «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի և պատասխանող «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի միջև 12.09.2013թ. կնքված պայմանագիրը:

Այսպիսով, Դատավորի հետևությունն անհիմն է, քանի որ Դատավորը, անտեսելով հայցադիմումի բովանդակությունը, որպես հանրահայտ փաստ դիտարկելով «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ի «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի ՀՀ-ում ներկայացուցչություն հանդիսանալու երբևէ գոյություն չունեցող հանգամանքը, չի կարող «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ին դիտել պատասխանող` հիմք ընդունելով միայն իր կողմից վկայակոչած գրառումը:

Այսպիսով, դատավոր Ռուբեն Ափինյանի կողմից բացատրությամբ բերված փաստարկները հերքվում են սույն եզրակացությամբ բերված հիմնավորումներով:

Դատարանը, որպես հայցի ապահովման միջոց 250.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով արգելանք դնելով «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա, որը տվյալ գործով պատասխանողը չէ, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ պատասխանողներ են քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնց դեմ հայց է հարուցվել:

Սույն գործով «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի` ի դեմս ՀՀ-ում գործող ներկայացուցիչ «Ալ-Խալիդա» ընկերության, խնդրելով «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի 28.03.2014թ. հայտարարությունն` առանց ֆինանսական երաշխիքը վերադարձնելու գործողության պայմանագիրը միակողմանի դադարեցնելու վերաբերյալ, ճանաչել ոչ իրավաչափ և պարտավորեցնել պատասխանողին կատարել ֆինանսական երաշխիքը վերադարձնելու պայմանագրային պարտավորությունը:

Հայցադիմումով ներկայացված հայցապահանջներից և դրանց հիմքերից ակնհայտ է, որ հայցվորը որպես պատասխանող է դիտել «Էյր Արաբիա» ՀԲԸ-ին, այսինքն` հայցը հարուցվել է «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի դեմ:

Այսպիսով, սույն գործով պատասխանող է «Էյր Արաբիա» ՀԲԸ-ն, որը, ըստ հայցադիմումի, խախտել է հայցվորի իրավունքները, և որի դեմ հայցվորը ներկայացրել է իր պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցի ապահովման միջոցներն են`

1) պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը.

2) պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը.

3) այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը.

4) գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց հարուցելու դեպքում` գույքի իրացումը կասեցնելը:

5) պատասխանողի մոտ գտնվող` հայցվորին պատկանող գույքի վրա արգելանք դնելը` անհապաղ կամ 5 օրը չգերազանցող ժամկետում:

Մեջբերված հոդվածով սահմանված հայցի ապահովման միջոցները սպառիչ են: Միաժամանակ նշված հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է, որ հայցագնի չափով արգելանք կարող է դրվել միայն պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա:

Հայցվորը 22.05.2014թ. դատարան ներկայացրած միջնորդությամբ խնդրել է կիրառել հայցի ապահովման միջոց` երաշխիքի գումարի` 250.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով արգելանք դնել պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող գույքի և դրամական միջոցների վրա:

Դատարանը, 22.05.2014թ. «Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին» որոշմամբ մասնակի բավարարելով հայցվորի միջնորդությունը, արգելանք է դրել ոչ թե սույն գործով պատասխանող «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի, այլ «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա, որը սույն գործով պատասխանող չէ:

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կատարողական թերթում պետք է նշվեն`

1) կատարողական թերթ տված դատարանի անվանումը.

2) գործը, որի հիման վրա տրվել է կատարողական թերթը և դրա համարը.

3) կատարման ենթակա դատական ակտի կայացման տարին, ամիսը և ամսաթիվը.

4) կողմերի (պարտապանի և պահանջատիրոջ) անունը, ազգանունը, հայրանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պարտապանի անձնագրային տվյալները, ինչպես նաև պարտապան-իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը կարող են չնշվել, եթե գործի քննության ընթացքում դատարանը չի կարողացել ստանալ այդ տվյալները.

5) դատական ակտի եզրափակիչ մասը.

6) դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու տարին, ամիսը և ամսաթիվը.

7) կատարողական թերթ տալու տարին, ամիսը, ամսաթիվը և այն կատարման ներկայացնելու ժամկետը:

Ակնհայտ է, որ վերը շարադրված և պարտադիր գրառման ենթակա տեղեկությունները սպառիչ են, և ներկայցված ցանկը չի պարունակում որևէ դրույթ առ այն, որ կատարողական թերթում կարող են գրառվել կամայական տեղեկություններ պարտապանի ներկայացուցչի և դրա գտնվելու վայրի հասցեների վերաբերյալ:

Գործով պատասխանող չհանդիսացող անձի գույքի վրա արգելանք դնելու հանգամանքը հաստատվում է Դատարանի կողմից 22.05.2014թ. տրված կատարողական թերթով, որում պարտապան-իրավաբանական անձ նշված է «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ն և մասնավորապես նշված է միայն վերջինիս գտնվելու վայրի հասցեն` «ք. Երևան, Աբովյան 16/3»:

Միաժամանակ կատարողական թերթում նշված է, որ պարտապանի վերաբերյալ գործում այլ տվյալներ առկա չեն:

Վերոգրյալից ակնհայտ է, որ Դատարանը, արգելանք դնելով գործով պատասխանող չհանդիսացող ընկերության գույքի վրա, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը:

Տվյալ պարագայում ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ գործին որպես պատասխանողի ներկայացուցիչ ներգրավված «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ն 24.06.2014թ. Դատարան ներկայացրած հայցադիմումի պատասխանով, հայցի ապահովումը վերացնելու մասին 04.07.2014թ. միջնորդությամբ հանդես է եկել ոչ թե որպես գործով պատասխանող «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի ներկայացուցիչ, այլ` որպես պատասխանող:

Մասնավորապես, նշված փաստաթղթերում իր դատավարական կարգավիճակի մասին նշել է. «պատասխանող «ԱԼ ԽԱԼԻԴԻԱ ՏՈՒՐԻԶՄ» ՍՊԸ»: Ավելին, Դատարանը հայցի ապահովումը վերացնելու մասին որոշման մեջ և վճռում համապատասխանաբար ամրագրել է. «դռնբաց դատական նիստում քննության առնելով (...) քաղաքացիական գործով պատասխանող «Ալ-Խալիդա» ՍՊԸ-ի տնօրենի միջնորդությունը` հայցի ապահովումը վերացնելու մասին», «04.07.2014թ. դատարան ներկայացված միջնորդությամբ պատասխանող «Ալ-Խալիդա» ՍՊԸ-ի տնօրենի կողմից դատարան միջնորդություն է ներկայացվել կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու պահանջով»:

Վերոգրյալը լրացուցիչ վկայում է այն մասին, որ Դատարանն արգելանք է դրել «Ալ-Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ի գույքի վրա` վերջինիս դիտելով որպես պատասխանող, սակայն սույն գործի քննության ընթացքում պատասխանող «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի ոչ պատշաճ պատասխանող հանդիսանալու և նրան պատշաճ պատասխանողով փոխարինվելու հարց չի քննարկվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի խախտման կապակցությամբ Դատավորը Բացատրությամբ արտահայտել է այն դիրքորոշումը, որ «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ն հանդիսացել է պատասխանող օտարերկրյա իրավաբանական անձի ներկայացուցչություն, հետևաբար Դատարանը արգելանք է դրել պատասխանող «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի` ի դեմս ՀՀ-ում գործող ներկայացուցչության` «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ի գույքի կամ դրամական միջոցների վրա:

Դատավորն այնուհետև նշել է, որ ինչ վերաբերում է 250.000 ԱՄՆ դոլար գումարի չափով «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի գույքի կամ դրամական միջոցների վրա արգելանք դնելու հանգամանքին, ապա Դատավորը, ելնելով հայցի ապահովման միջոց կիրառելու ինստիտուտի օրենսդրական նպատակներից և այն կանխավարկածից, որ ֆինանսական երաշխիքը կարող է կազմել 250.000 ԱՄՆ դոլար, նշված գումարի չափով արգելանք է դրել «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ի գույքի կամ դրամական միջոցների վրա:

Ինչպես երևում է, Դատավորի դիրքորոշումներում կան հակասություններ, մասնավորապես` Դատավորը վերը նշված դիրքորոշմամբ որպես պատասխանող է դիտում օտարերկրյա իրավաբանական անձին` «Էյր Արաբիա» ՀԲԸ-ին, մինչդեռ նախորդ խախտման կապակցությամբ բերված բացատրությամբ փաստում էր, որ պատասխանող է «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ն:

Դատավորը նախ նշում է, որ 250.000 ԱՄՆ դոլար գումարի չափով արգելանքը դրել է «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի գույքի կամ դրամական միջոցների վրա, այնուհետև նշում է, որ նշված արգելանքը դրել է «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ի գույքի կամ դրամական միջոցների վրա:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի փաստացի խախտում տեղի չունենալը Դատավորը պայմանավորել է հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթ չհարուցելու, նման որոշում չկայացնելու հանգամանքով:

Նշված դիրքորոշումը չի կարող հիմնավոր համարվել, քանի որ «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ն Դատարան է ներկայացրել գրավոր միջնորդություն` իրեն պատկանող գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, որի հիմքում դրվել է ընկերության կողմից լուրջ ֆինանսական վնասներ կրելու հնարավորությունը, իսկ Դատարանը բավարարել է «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ի միջնորդությունը և վերացրել իր որոշմամբ կիրառված հայցի ապահովումը:

Այսպիսով, դատավոր Ռ. Ափինյանի կողմից բացատրությամբ բերված փաստարկները հերքվում են սույն եզրակացությամբ բերված հիմնավորումներով:

Դատարանը, հայցի ապահովման վերացման հարցն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ լուծելով, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` 1) գործը քննող դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ, կարող է վերացնել հայցի ապահովումը: 2) Հայցի ապահովման վերացման հարցը լուծվում է միջնորդությունը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դատական նիստում: Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ հայցի ապահովման վերացման հարցի քննարկման համար: 3) Հայցի ապահովման վերացման հարցի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում:

Նշված իրավական նորմերից հետևում է, որ գործի քննության ժամանակ հայցի ապահովման վերացման հարցի լուծումը թույլատրվում է դատական նիստում այդ մասին որոշում կայացնելով, որը պետք է տեղի ունենա միջնորդությունը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում:

04.07.2014թ. Դատարան է մուտքագրվել «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ի միջնորդությունը հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին:

Դատարանը միջնորդության քննարկման համար դատական նիստ հրավիրել է 17.07.2014թ., որը հետաձգվել է հայցվորին դատական ծանուցագիրը հանձնված լինելու վերաբերյալ ապացույց դատարան մուտքագրված չլինելու պատճառով: Դատական նիստ նշանակվել է 30.07.2014թ., որի ընթացքում Դատարանը կայացրել է որոշում հայցի ապահովման վերացման մասին:

Վերոգրյալից հետևում է, որ Դատարանը հայցի ապահովման հարցը չի լուծել միջնորդությունը 04.07.2014թ. ստանալուց հետո տասնօրյա ժամկետում, այն է` 04.07.2014-14.07.2014թ. ներառյալ, այլ լուծել է 30.07.2014թ., այսինքն` միջնորդությունը ստանալուց քսանհինգ օր անց:

Այսպիսով, Դատարանը, հայցի ապահովման վերացման մասին որոշումն սահմանված ժամկետից ուշ կայացնելով, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման կապակցությամբ Դատավորը բացատրությամբ արտահայտել է դիրքորոշում առ այն, որ «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ի տնօրենի կողմից 04.07.2014թ. (որը օրացույցում ուրբաթ օր է եղել) դատարանի գրասենյակ մուտքագրված դիմումը` հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ, իր աշխատակազմին է հանձնվել 07.07.2014թ.: Այս դիմումի քննարկման համար դատական նիստ է նշանակել 17.07.2014թ., որի ընթացքում պարզելով, որ նշանակված դատական նիստի անցկացման վայրի և ժամանակի վերաբերյալ առկա չէ հայցվոր կողմի պատշաճ ձևով տեղեկացված լինելու վերաբերյալ ապացույց, որոշել է հետաձգել միջնորդության քննարկումը` 30.07.2014թ., ժամը 9:00-ին:

Դատավոր Ռ. Ափինյանի կողմից բացատրությամբ բերված փաստարկները հերքվում են սույն եզրակացությամբ բերված հիմնավորումներով:

Հիմք ընդունելով վերոգրյալը` գտնում եմ, որ Դատարանի դատավոր Ռ. Ափինյանը թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործով արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ հետևյալ խախտումները.

Ակնհայտ և կոպիտ է Դատավորի կողմից հայցադիմումը վարույթ ընդունելն, այն դեպքում, երբ առկա էր հայցադիմումը վերադարձնելու օրենքով նախատեսված հիմքը, ինչպես նաև վերջնական դատական ակտով լրացուցիչ պետական տուրք գանձելու հարցը չլուծելը, որով խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջը, արդյունքում նաև` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը:

Ակնհայտ և կոպիտ է Դատավորի կողմից «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ին որպես պատասխանող «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի դատական ներկայացուցիչ վարույթ թույլատրելը, այն պարագայում, երբ իրավաբանական անձն առանց որևէ իրավական հիմքի չի կարող լինել դատական ներկայացուցիչ, որով խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի, 40-րդ հոդվածի 1-ին մասի և 117-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, ինչպես նաև «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ին որպես ներկայացուցիչ թույլատրելու պարագայում վերջինիս կողմից` վեճերը արբիտրաժային դատարանի քննությանը հանձնելու մասին գործով կողմերի միջև առկա համաձայնությանը կատարված հղումը չքննարկելը և արդյունքում հայցը առանց քննության չթողնելը, որով խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջը:

Ակնհայտ և կոպիտ է Դատավորի կողմից հայցվորի միջնորդությունը` պատասխանողի գույքի և դրամական միջոցների վրա հայցի ապահովման նպատակով արգելանք դնելու վերաբերյալ, մասնակի բավարարելով` գործով պատասխանող չհանդիսացող ընկերությանը պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա 250.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով արգելանք դնելը, որով խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը, արդյունքում նաև` ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը:

Ակնհայտ և կոպիտ է Դատավորի կողմից հայցի ապահովման վերացման հարցը օրենքով սահմանված տասնօրյա ժամկետի խախտմամբ լուծելը, որով խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:

Գտնում եմ, որ նշված նյութական և դատավարական նորմերի խախտումները չեն կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով, անհամատեղելի են Դատավորի բարձր կոչման հետ, ինչպես նաև կատարված են կոպիտ անփութությամբ, քանի որ գործի փաստական հանգամանքներից հստակ է, որ Դատավորը տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:

Գտնում եմ, որ վերոնշյալ հանգամանքները ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի ուժով հիմք են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար»:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Դատավոր Ռ. Ափինյանը ՀՀ արդարադատության նախարարին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«Թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործով հայցվոր «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ն 16.04.2014թ. հայց է ներկայացրել դատարան «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի, ի դեմս ՀՀ-ում գործող ներկայացուցիչ` «Ալ Խալիդիա» ընկերության դեմ: Վերոգրյալ հայցադիմումը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 21.04.2014թ. որոշմամբ ընդունվել է վարույթ: Թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործով հրավիրվել են և անց կացվել թվով երեք` 12.06.2014թ., 04.07.2014թ. և 05.09.2014թ. նախնական դատական նիստեր: 18.07.2014թ. հայցվորը դատարան ներկայացրած դիմումով հրաժարվել է հայցից և խնդրել է կարճել քաղաքացիական գործի վարույթը: Դատարանի 17.09.2014թ. հրապարակված վճռով թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

Հայցվոր ընկերության որևէ ներկայացուցիչ թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործով կայացված նախնական դատական նիստերին չի ներկայացել, հետևաբար դատարանը հնարավորություն չի ունեցել հայցվորի հետ ճշգրտելու հայցի հիմքն ու առարկան, ոչ պատշաճ պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու հարցը, ինչպես նաև պարզելու հայցվորի դիրքորոշումը պատասխանողի կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ:

Նախ` հարկ եմ համարում նշել, որ սույն բացատրությունում «Ալ Խալիդա» ընկերություն և «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ գրառումները պետք է հասկանալ որպես «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ:

Համաձայն ՀՀ արդարադատության նախարարի 21.04.2015թ. Թ. N 183-Ա հրամանի (այսուհետ` Հրաման)` իմ կողմից թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործով արդարադատություն իրականացնելիս թույլ են տրվել հետևյալ խախտումները.

1. հայցադիմումը վերադարձնելու օրենքով սահմանված հիմքի առկայության դեպքում հայցադիմումը վարույթ ընդունելով` թույլ եմ տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ակնհայտ և կոպիտ խախտում.

2. «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ն` որպես պատասխանող «էյր Արաբիա» ՀԲԸ-ի, դատական ներկայացուցիչ, վարույթ թույլատրելով` թույլ եմ տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ, 117-րդ հոդվածների 2-րդ մասերի, 40-րդ հոդվածի 1-ին մասի ակնհայտև կոպիտ խախտումներ.

3. գործով պատասխանող չհանդիսացող «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա 250.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով արգելանք դնելով` թույլ եմ տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ակնհայտ և կոպիտ խախտում, ինչի արդյունքում խախտվել է նաև ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը.

4. հայցի ապահովման վերացման հարցը օրենքով սահմանված տասնօրյա ժամկետի խախտմամբ լուծելով` թույլ եմ տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի ակնհայտ և կոպիտ խախտում:

Հրամանի 1-ին կետում նշված խախտման վերաբերյալ.

1-ին կետում նշված է, որ հայցադիմումը վերադարձնելու օրենքով սահմանված հիմքի առկայության դեպքում հայցադիմումը վարույթ ընդունելով` թույլ եմ տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ակնհայտ և կոպիտ խախտում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն` բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ նման միջնորդությունը մերժվել է:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի ա) ենթակետի համաձայն. հայցադիմումների և որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար պետական տուրքը գանձվում է գույքային պահանջով հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից, իսկ բ) ենթակետի համաձայն. ոչ գույքային պահանջով բազային տուրքի քառապատիկի չափով:

Թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործով հայցվոր «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրենը 16.04.2014թ. դատարան ներկայացված հայցադիմումով խնդրել է`

1. «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի 28.03.2014թ. հայտարարությունը` Պայմանագիրը միակողմանի դադարեցնելու վերաբերյալ` առանց ֆինանսական երաշխիքը վերադարձնելու գործողության` ճանաչել ոչ օրինաչափ,

2. պարտավորեցնել պատասխանողին` կատարելու ֆինանսական երաշխիքը վերադարձնելու պայմանագրային պարտավորությունը:

Հայցվորի կողմից ներկայացված առաջին պահանջը` պատասխանողի գործողությունը ոչ օրինաչափ ճանաչելու վերաբերյալ ոչ գույքային պահանջ է:

Երկրորդ պահանջով պատասխանողը պահանջել է պարտավորեցնել պատասխանողին կատարելու ֆինանսական երաշխիքը վերադարձնելու պայմանագրային պարտավորությունը:

ՀՀ դատարանների նախագահների խորհրդի թիվ N 129 որոշման 16-րդ կետի համաձայն, եթե հայցապահանջի բնույթն այնպիսին է, որ հայցադիմում ներկայացնելու պահին անհնար է որոշել հայցագնի չափը, ապա դատարանը որոշում է նախնական հայցագին և դրան համապատասխան պետական տուրքի չափ կամ նախնական գանձում է ոչ գույքային պահանջներով հայցադիմումների ներկայացման համար սահմանված չափով պետական տուրք: Այս դեպքերում դատարանը վերջնական դատական ակտով անդրադառնում է գործի քննության ընթացքում ճշգրտված հայցագնի և նախնական հայցագնի տարբերությանը և լուծում լրացուցիչ պետական տուրք գանձելու կամ վերադարձնելու հարցը:

Թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործով հայցվորը երկրորդ պահանջով դատարանին խնդրել է կատարել ֆինանսական երաշխիքը վերադարձնելու պայմանագրային պարտավորությունը: Ավիատոմսերի վաճառքի գծով գլխավոր գործակալի պայմանագրի 8.1 կետի համաձայն` ՎԳԳ-ն («Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ) պետք է ներկայացնի ֆինանսական երաշխիք: Իսկ պայմանագրի 8.7 կետի համաձայն` Վարկի գումարը նախապես համաձայնեցվում է կողմերի միջև և կարող է փոխադարձ համաձայնությամբ ավելացվել և պակասեցվել, ինչից էլ հետևում է, որ ֆինանսական երաշխիքի չափը հստակ որոշել, հայցադիմումը վարույթ ընդունելու հարցի քննարկման ժամանակ հնարավոր չի եղել պարզել:

Գործի նախապատմությունից հետևում է, որ թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործով կայացված թվով երեք նախնական դատական նիստերին հայցվոր ընկերության որևէ ներկայացուցիչ չի ներկայացել, հետևաբար անհնարին է եղել հայցվորի հետ հստակեցնելու հայցապահանջները:

«Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրենը հայցադիմումին կից ներկայացրել է 16.04.2014թ. թիվ N 000080 և 16.04.2014թ. թիվ N 000081 վճարման անդորրագրեր, համաձայն որոնց` վճարել է յուրաքանչյուր վճարման անդորրագրով 4.000 ՀՀ դրամ գումար` ընդհանուր 8.000 ՀՀ դրամ գումար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը նմանատիպ պահանջի քննության կապակցությամբ թիվ ԵԿԴ/3170/02/09 գործով Դատարանի վճիռը` փոխհատուցում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասով պետական տուրքի գանձման մասով, բեկանել է, պետական տուրքի հարցը համարել է լուծված:

Այսպես` վերը նշված գործով բողոքաբերը նշել էր հետևյալների մասին.

«(...) փոխհատուցում տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասով հայցը մերժել` անհիմն լինելու հիմքով:

Բողոք բերողը երբևէ չի ներկայացրել հայցապահանջ, որով կխնդրեր իր օգտին բռնագանձել դատարանի կողմից նշված 142 324 653,93 ՀՀ դրամ գումարը, ուստի ոչ միայն անհասկանալի է դատարանի կողմից նման «հայցապահանջի» թեկուզև մասնակի բավարարումը, այլև իրավական տեսանկյունից այն հայցվորի տնօրինչական իրավունքների ակնհայտ և կոպիտ խախտում է: Ստացվում է, որ Բողոք բերողը Ընկերության դեմ չի ներկայացնում գումարի բռնագանձման հայցապահանջ, այնինչ դատարանը «սեփական կամահայտնությամբ» հնարում է գումարի բռնագանձման պահանջ, այնուհետև այդ մտացածին հայցապահանջը բավարարում է մասնակի:

Ներկայացված պահանջի (հայցի առարկայի) շրջանակներից դուրս գալը և պահանջի ծավալի նկատմամբ միջամտությունը դատարանի գործառույթ չէ, այլ նման միջամտությունը հանգեցնում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին կետի պահանջի խախտման, քանի որ հայցի առարկան, պահանջը փոխելու բացառիկ իրավունքը պատկանում է բացառապես հայցվորին:

Հայցվորի տնօրինչական իրավունքների նման միջամտությունը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի ուղղակի խախտում, քանի որ դատավորը կատարել է գործողություններ (հայցվորի փոխարեն «ներկայացրել է» հայցապահանջ և այնուհետև քննել է այն), որոնց համար ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով լիազորված չէ, ավելին` քաղաքացիական դատավարությունում վերջինիս վերապահված է չեզոք գնահատողի դեր (...):

Դատարանը չի նշել` որ իրավական նորմի հիման վրա և ինչ տրամաբանությամբ է գտել, որ փոխհատուցում տրամադրելուն պարտավորեցնելու հայցապահանջը ենթադրում է գումարի բռնագանձում:

Նախ` փաստել է, որ հայցապահանջի նկատմամբ ենթադրական գնահատումներ կատարելը իրավաչափ չէ, և Դատարանը պետք է ելնի ոչ թե ենթադրությունների, այլ դրա բառացի տեքստից և իր հայեցողությամբ արհեստականորեն չլայնացնի հայցապահանջի շրջանակը:

Նշել են, որ բռնագանձմանն ուղղված դատական ակտը պետք է լինի այնպիսին, որ դրա հիման վրա իրականացվող կատարումը (այդ թվում` հարկադիր) հանգեցնի կոնկրետ դրամական միջոցների գանձմանը: Այս կոնտեքստում հարց է առաջանում ինչ կերպ է փոխհատուցում վճարելու պարտավորեցնելուն ուղղված հայցապահանջը ենթադրում գումարի բռնագանձում, այն էլ որոշակի չափով, միթե ըստ դատարանի, եթե կայացվել է Ընկերությանը փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու վճիռ, ապա հնարավոր է այդ վճռով իրականացնել բռնագանձումը, եթե այո, ապա ինչպես օրինակ հարկադիր կատարողը պետք է իրականացնի գումարի բռնագանձում, եթե իրեն տրամադրվող կատարողական թերթում գումարի բռնագանձման մասին խոսք չի լինելու: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները անվերապահորեն հանգեցնում են այն եզրահանգման, որ փոխհատուցում վճարելու պարտավորեցման հայցապահանջը չի կարող նույնացվել գումար բռնագանձելու հայցապահանջի հետ (...):

Հայցադիմումի հիմքերը որևէ կերպ չեն կարող համարվել բռնագանձվող գումարի մատնանշում, բռնագանձվող գումարի հաշվարկի ներկայացում կամ հայցագնի սահմանում:

Վկայակոչվածի համար անհրաժեշտ է առնվազն գումարի բռնագանձման պահանջի ներկայացում, որի պարագայում միայն խոսք կարող էր լինել բռնագանձվող գումարի մատնանշման, հաշվարկի և հայցագնի մասին: Այլ կերպ ասած` հայցադիմումում, հայցի առարկան փոփոխելու դիմումում կան որոշակի թվաբանական հաշվարկներ, սակայն դա չի հանդիսանում բռնագանձվող գումարի հաշվարկ, քանի որ գումարի բռնագանձում չի պահանջվել:

Վկայակոչված խախտումները թույլ տալու արդյունքում Դատարանը խախտել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ, 73-րդ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի ա/ և բ/ կետերի պահանջները: Վկայակոչելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի ա/ և բ/ կետերի բովանդակությունը` նշել է, որ խախտումը կայանում է նրանում, որ Դատարանը բողոք բերողին ծանրաբեռնել է իր կողմից «հնարված գումարի բռնագանձման պահանջին համահունչ» պետական տուրքի վճարման պարտականությամբ, այն պարագայում, երբ նման պահանջ չի ներկայացվել իր կողմից:

 

Դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունն իր գրավոր պատասխանով հայտարարել է, որ լրացված առարկայի մասով պետական տուրք չի վճարվել, ինչին ի պատասխան` հայցվորի ներկայացուցիչը դատական նիստի ժամանակ հանգամանալից պարզաբանել է, որ 4-րդ հայցապահանջն է փոփոխվել (նոր խմբագրությամբ է ձևակերպվել), իսկ գումարային (գույքային) պահանջ հայցվորը չի ներկայացրել»:

Բողոքի վերը նշված հիմքերի վերաբերյալ Վերաքննիչ դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը.

«Դատարանն, ըստ էության, հայցի 4-րդ կետում նշված պահանջը նույնացրել է գումարի բռնագանձման պահանջի հետ (որպիսին գործի քննության ամբողջ ընթացքում Հայցվորի կողմից չի ներկայացվել), մինչդեռ այն հանդիսանում է Պատասխանողին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջ: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ գումարի բռնագանձման և որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջները հանդիսանում են իրավունքի պաշտպանության առանձին եղանակներ:

Վերը նշվածի հիման վրա Դատարանի կողմից հայցապահանջի շրջանակներից դուրս գալու վերաբերյալ Բողոքաբերի փաստարկները Վերաքննիչ դատարանը համարում է հիմնավորված: Հաշվի առնելով այն, որ պետական տուրքի բռնագանձման հիմքը հանդիսանում է հայցի առարկան, հետևաբար Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում նաև հայցապահանջի շրջանակներից դուրս գալու հետևանքով պետական տուրքի գումարը Դատարանի կողմից սխալ հաշվարկելու և բռնագանձելու վերաբերյալ Բողոքաբերի փաստարկները»:

Փաստորեն, վերը նշված իրավական դիրքորոշմամբ Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ հիմնավոր է համարել բողոքաբերի վերևում նշված բոլոր փաստարկները, իսկ թե՛ բողոքաբերի այդ փաստարկների, թե՛ դրանք հիմնավոր համարվելու մասին Վերաքննիչ դատարանի վերը նշված որոշման բովանդակությունից ակնհայտ է, որ փոխհատուցում տրամադրելուն պարտավորեցնելու հայցը դիտվել է որպես ոչ գույքային պահանջ:

Մեր դեպքում ևս ներկայացվել է նման` ֆինանսական երաշխիքը վերադարձնելու պայմանագրային պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու պահանջ:

Քաջատեղյակ լինելով վերը նշված որոշման մասին` իմ կողմից ֆինանսական երաշխիքը վերադարձնելու պայմանագրային պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու պահանջը նախնական դիտվել է որպես ոչ գույքային պահանջ` չնայած հայցի հիմքում նշվել էր երաշխիքի գումարի չափը: Ընդ որում, գումարի չափը և հայցի հստակեցման հետ կապված հարցերը պետք է պարզեի միայն գործի քննությամբ, և ի սկզբանե պետական տուրքը չվճարելու կամ քիչ վճարելու պատճառաբանությամբ չէի կարող վերադարձնել հայցադիմումը` սահմանափակելով անձի արդար դատաքննության տարր հանդիսացող` Դատարան դիմելու իրավունքը:

Քանի որ հայցվորը հրաժարվել է հայցից, Դատարանն այլևս հնարավորություն չուներ կատարելու գործի ըստ էության քննության փաստով պայմանավորված գործողություններ, այդ թվում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498 հոդվածով նախատեսված, որոնց թվին է պատկանում նաև հայցի հիմքն ու առարկան պարզելը, հետևապես Դատարանը պետական տուրքի հարցը համարել է լուծված, ինչը պայմանավորվել է նաև վերադաս Դատարանի այդ հարցի կապակցությամբ արտահայտած վերը նշված դիրքորոշումներով:

Վերոգրյալի հիման վրա գտնում եմ, որ Հրամանի 1-ին կետում նշված ակնհայտ և կոպիտ խախտում իմ կողմից թույլ չի տրվել, քանի որ հայցադիմումին կից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հավաստող թվով 2 փաստաթուղթ (վճարման անդորրագրեր (գ.թ.3-4)):

Հրամանի 2-րդ կետում նշված խախտման կապակցությամբ.

2-րդ կետում նշված է, որ «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ն որպես պատասխանող «էյր Արաբիա» ՀԲԸ-ի դատական ներկայացուցիչ վարույթ թույլատրելով` թույլ եմ տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ, 117-րդ հոդվածների 2-րդ մասերի, 40-րդ հոդվածի 1-ին մասի ակնհայտ և կոպիտ խախտումներ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն շահագրգիռ անձն իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` հայցվորներ են քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնք հայց են հարուցել: Իսկ 3-րդ կետի համաձայն` պատասխանողներ են քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնց դեմ հայց է հարուցվել:

Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ յուրաքանչյուր քաղաքացի կամ իրավաբանական անձ, ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար հայց հարուցելով դատարան` հայցվոր է, իսկ այն քաղաքացիները կամ իրավաբանական անձինք, որոնց դեմ հայց է հարուցվել` պատասխանողներ:

Տվյալ դեպքում, թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործով հայցվոր «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ն հայցադիմումով պահանջը ներկայացրել է «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի, ի դեմս ՀՀ-ում գործող ներկայացուցչության` «Ալ Խալիդիա» ընկերության դեմ: Հանրահայտ փաստ է, որ «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ն հանդիսանում է «Էյր Արաբիա» ընկերության ներկայացուցչությունը ՀՀ-ում: Հայցադիմումի տրամաբանությունից հետևում է, որ հայցվորը «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ն դիտել է որպես «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի ներկայացուցչություն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 244-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` ՀՀ դատարաններն իրավունք ունեն նաև քննելու օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական գործեր, եթե օտարերկրյա անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը գտնվում է ՀՀ տարածքում:

Բացի այդ, «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ն, հանդիսանալով թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործով պատասխանող, 01.07.2014թ. լիազորել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Գոհար Ասելեսյանին լինել իր ներկայացուցիչը դատարանում: Հայցվորի կողմից վերջինիս լիազորությունները չեն վիճարկվել: Ինչպես նաև պատասխանող «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ն չի վիճարկել իր` թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործով պատասխանող հանդիսանալու հանգամանքը:

Հետևաբար «Ալ Խալիդա» ընկերությանը թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործով հանդես է եկել որպես պատասխանող` իրավաբանական անձի ներկայացուցչություն, այլ ոչ թե դատական ներկայացուցիչ, ինչպես նշվում է Հրամանի 2-րդ կետում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործի նախապատրաստման կամ քննության ժամանակ պարզելով, որ հայցը հարուցվել է ոչ այն անձի կողմից, որին պատկանում է պահանջի իրավունքը կամ ոչ այն անձի դեմ, ով պետք է պատասխանի այդ հայցով, կարող է հայցվորի համաձայնությամբ թույլ տալ, որ նա կամ պատասխանողը փոխարինվեն պատշաճ հայցվորով կամ պատասխանողով: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե հայցվորը համաձայն չէ պատասխանողին ուրիշ անձով փոխարինելուն, դատարանը կարող է այդ անձին մասնակից դարձնել որպես երկրորդ պատասխանող:

Վերոգրյալի վերլուծությունից պարզ է, որ պատասխանողը կարող է փոխարինվել պատշաճ պատասխանողով բացարձակապես հայցվորի համաձայնությամբ: Հայցվորի համաձայնության բացակայության պայմաններում դատարանը միայն կարող է պատշաճ պատասխանողին մասնակից դարձնել, որպես երկրորդ պատասխանող: Գործի նախապատմությունից պարզ է, որ թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործով կայացվել են թվով 3 նախնական դատական նիստեր` 12.06.2014թ., 04.07.2014թ. և 05.09.2014թ., որոնցից ոչ մեկին հայցվորի որևէ ներկայացուցիչ չի ներկայացել, հետևաբար և անհնարին է եղել քննարկելու, հայցվորի հետ պարտադիր քննարկման ենթակա` «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ի պատշաճ կամ ոչ պատշաճ պատասխանող հանդիսանալու, ինչպես նաև ոչ պատշաճ պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու կամ երկրորդ պատասխանող ներգրավվելու հարցերը:

Ամփոփելով վերոգրյալը` գտնում եմ, որ իմ կողմից Հրամանի 2-րդ կետում նշված խախտում թույլ չի տրվել և թույլ չեն տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ, 117-րդ հոդվածների 2-րդ մասերի, 40-րդ հոդվածի 1-ին մասի ակնհայտ և կոպիտ խախտումներ, քանի որ «Ալ Խալիդա» ընկերությունը թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործով հանդիսացել է որպես պատասխանող, այլ ոչ թե դատական ներկայացուցիչ:

Հրամանի 3-րդ կետում նշված խախտման վերաբերյալ ներկայացնում եմ հետևյալ բացատրությունը.

3-րդ կետում նշված է, որ գործով պատասխանող չհանդիսացող «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա 250.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով արգելանք դնելով` թույլ եմ տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ակնհայտ և կոպիտ խախտում, ինչի արդյունքում խախտվել է նաև ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը:

Ինչպես վերոշարադրյալում պատճառաբանվեց, «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ն հանդիսացել է թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործով պատասխանող օտարերկրյա իրավաբանական անձի ներկայացուցչություն, հետևաբար դատարանի 22.05.2014թ. որոշմամբ հայցի ապահովում է կիրառվել, և արգելանք է դրվել պատասխանող «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի, ի դեմս ՀՀ-ում գործող ներկայացուցչության` «Ալ Խալիդա» ընկերության գույքի կամ դրամական միջոցների վրա:

Ինչ վերաբերում է 250.000 ԱՄՆ դոլար գումարի չափով «Էյր Արաբիա» ՀԲԸ-ի գույքի կամ դրամական միջոցների վրա արգելանք դնելու հանգամանքին, հարկ եմ համարում նշել, որ հայցի ապահովման միջոց կիրառելու ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու դատական ակտի կատարումը: Հետևաբար ելնելով այն կանխավարկածից, որ ավիատոմսերի վաճառքի գծով գլխավոր գործակալի պայմանագրով սահմանված ֆինանսական երաշխիքը կարող է կազմել 250.000 ԱՄՆ դոլար, այն որ հայցի ապահովում չկիրառելը կարող է դժվարացնել կամ անհնարին դարձնել կայացվելիք դատական ակտի կատարումը, իմ կողմից բավարարվել է և 250.000 ԱՄՆ դոլար գումարի չափով արգելանք է դրվել «Ալ Խալիդա» ընկերության գույքի կամ դրամական միջոցների վրա: Ընդ որում, հարկ է նշել, որ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը ներկայացվել է հայցի հարուցման փուլում, որպիսի պայմաններում դատարանի խնդիրն է ձեռնարկել միջոցներ, որոնց չձեռնարկելը կարող է դժվարացնել կամ անհնարին դարձնել դատական ակտի կատարումը, հետևաբար հայցի հարուցման փուլում դատարանը չի կարող հետաձգել հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդության քննարկումը մինչև դատաքննության ընթացքում հայցվորի հետ պատասխանողի պատշաճության հարցի քննարկումը:

Բացի այդ, վերոգրյալ գրառումը չի կարող մեկնաբանվել որպես ֆինանսական երաշխիքի հստակ չափը` 250.000 ԱՄՆ դոլար, հետևաբար և թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործով երկրորդ պահանջի հայցագին, քանի որ, նախ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը հայցվորի կողմից դատարան է ներկայացվել 22.05.2014թ., իսկ հայցադիմումը` 16.04.2014թ., հայցվորի կողմից հայցադիմումի խնդրամասում հստակ չի նշվել այդ գումարը, իսկ երկրորդ` հայցվոր ընկերության որևէ ներկայացուցիչ թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործով կայացված նախնական դատական նիստերին չի ներկայացել, հետևաբար և անհնարին է եղել հստակեցնելու հայցապահանջները:

Բացի վերոգրյալ հիմնավորումներից, հարկ եմ համարում նշել նաև, որ թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է, որ Դատարանի` 22.05.2014թ. հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման հիման վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարողների կողմից կատարողական վարույթ չի հարուցվել: Տվյալ գործում բացակայում է նման որոշում, հետևաբար պատասխանողի, ինչպես նաև այլ անձանց ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի իրավունքների խախտում փաստացի տեղի չի ունեցել:

Այսպիսով, գտնում եմ, որ Հրամանի 3-րդ կետում մատնանշված այն դիտարկումը, որ «Ալ Խալիդա» ընկերությունը չի հանդիսացել պատասխանող, կամայական մեկնաբանություն է: Հայցվորը հայցադիմումում որպես պատասխանող նշել է «Էյր Արաբիա» ՀԲԸ-ին ի դեմս ՀՀ-ում գործող ներկայացուցչության` «Ալ Խալիդա» ընկերությանը, հետևաբար և պահանջը ներկայացրել է «Ալ Խալիդա» ընկերության դեմ: Իմ կողմից թույլ չի տրվել թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործով արդարադատություն իրականացնելիս ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ակնհայտ և կոպիտ խախտում, ինչպես նաև թույլ չի տրվել ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի խախտում:

Անդրադառնալով Հրամանի 4-րդ կետում նշված խախտմանը` ներկայացնում եմ հետևյալ բացատրությունը.

4-րդ կետում նշված է, որ հայցի ապահովման վերացման հարցը օրենքով սահմանված տասնօրյա ժամկետի խախտմամբ լուծելով` թույլ եմ տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի ակնհայտ և կոպիտ խախտում:

Վերոգրյալի կապակցությամբ հայտնում եմ, որ պատասխանող «Ալ Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ի տնօրեն Արա Ազարյանի կողմից 04.07.2014թ. դատարանի գրասենյակ է մուտքագրվել դիմում` հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին:

Հարկ եմ համարում նշել, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակը գտնվում է ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա 23/1 հասցեում, իսկ իմ աշխատակազմը փաստացի գտնվում է ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում: Նամակագրության և այլ փաստաթղթերի մուտքագրումն ու ելքագրումը իմ աշխատակազմի և գրասենյակի հետ իրականացվում է դատական ցրիչների միջոցով: Որպես կանոն, ցրիչները տվյալ օրվա մուտքագրված դիմումները ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում գտնվող դատավորների աշխատակազմերին հանձնում են հաջորդ օրը: 04.07.2014թ. օրացույցում ուրբաթ օր է, հետևաբար և «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ի տնօրեն Արա Ազարյանի կողմից 04.07.2014թ. դատարանի գրասենյակ մուտքագրված դիմումը` հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ, իմ աշխատակազմին է հանձնվել 07.07.2014թ.:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործը քննող դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ, կարող է վերացնել հայցի ապահովումը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն. հայցի ապահովման վերացման հարցը լուծվում է միջնորդությունն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դատական նիստում: Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ հայցի ապահովման վերացման հարցի քննարկման համար:

Վերոգրյալ իրավական նորմի վերլուծությունից հետևում է, որ դատարանը հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում նշանակում է դատական նիստ, միջնորդության քննարկման համար` պատշաճ ձևով ծանուցելով գործին մասնակցող անձանց նշանակված նիստի ժամանակի և վայրի մասին: Պատշաճ ձևով տեղեկացված գործին մասնակցող կողմերի չներկայանալն արգելք չէ հայցի ապահովման վերացման հարցը քննարկման համար:

Մինչդեռ թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործով «Ալ Խալիդիա Տուրիզմ» ՍՊԸ-ի տնօրեն Արա Ազարյանի կողմից 04.07.2014թ. Դատարանի գրասենյակ մուտքագրված և 07.07.2014թ. իմ աշխատակազմին հանձնված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին դիմումի քննարկման համար 17.07.2014թ. ժամը 10:30-ին նշանակվել է դատական նիստ: Նշանակված դատական նիստի անցկացման վայրի և ժամանակի վերաբերյալ դատական ծանուցումները պատշաճ ձևով` փոստային ծառայություններ իրականացնող ընկերության միջոցով, ուղարկվել են գործին մասնակցող անձանց, դատարանին հայտնի հասցեներով: 17.07.2014թ. միջնորդության քննարկման համար նշանակված դատական նիստի ընթացքում պարզվել է, որ թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործով հայցվոր «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ին ուղարկված դատական ծանուցագիրը վերջինիս կողմից ստանալու կամ չստանալու վերաբերյալ փոստային հավաստագիր կամ հետ վերադարձված ծրար դեռևս դատարանը չի ստացել: Հետևաբար Դատարանը, ի նկատի ունենալով, որ նշանակված դատական նիստի անցկացման վայրի և ժամանակի վերաբերյալ առկա չէ հայցվոր կողմի պատշաճ ձևով տեղեկացված լինելու վերաբերյալ ապացույց, որպիսի հանգամանքը խոչընդոտ է հանդիսանում միջնորդության քննարկման համար, որոշել է հետաձգել հայցի ապահովման վերացման վերաբերյալ միջնորդության քննարկումը 30.07.2014թ. ժամը 9-ին:

30.07.2014թ. հետաձգված դատական նիստի անցկացման վայրի և ժամանակի վերաբերյալ դատական ծանուցագիրը պատշաճ կարգով ստացվել է կողմերի կողմից, և 30.07.2014թ. դատական նիստով քննարկվել է միջնորդությունը և կայացվել է որոշում:

Վերոգրյալի հիման վրա գտնում եմ, որ Հրամանի 4-րդ կետում նշված խախտումներն իմ կողմից թույլ չեն տրվել, հետևաբար և թույլ չեմ տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի ակնհայտ և կոպիտ խախտում:

Ամփոփելով վերոգրյալ բացատրությունները` գտնում եմ, որ իմ կողմից թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործով արդարադատություն իրականացնելիս նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ չեն տրվել, իմ` որպես արդարադատություն իրականացնող մարմնի կողմից կատարված` օրենքով սահմանված գործողությունները չեն խախտել որևէ մեկի իրավունքը և չեն խաթարել արդարադատության բուն էությունը»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1) «Մարաթուկ հոլդինգ» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության` ի դեմս Հայաստանի Հանրապետությունում գործող ներկայացուցիչ «Ալ-Խալիդա» ընկերության` պահանջելով «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության 28.03.2014թ. հայտարարությունը` առանց ֆինանսական երաշխիքը վերադարձնելու գործողության պայմանագիրը միակողմանի դադարեցնելու վերաբերյալ, ճանաչել ոչ իրավաչափ և պարտավորեցնել պատասխանողին կատարել ֆինանսական երաշխիքը վերադարձնելու պայմանագրային պարտավորությունը: Հայցադիմումում նշվել է, որ ի ապահովումն պայմանագրային պարտավորությունների կատարման` որպես ֆինանսական երաշխիք վճարվել է 250.000 ԱՄՆ դոլար:

2) Հայցադիմումին կից ներկայացվել են թիվ 000080 և թիվ 000081 վճարման հանձնարարագրերի անդորրագրերը` յուրաքանչյուրը 4.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարված լինելու վերաբերյալ:

3) Դատարանը 21.04.2014թ. որոշմամբ վարույթ է ընդունել ներկայացված հայցադիմումը, և գործը նախապատրաստվել է դատաքննության:

4) Թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործով պատասխանող «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության շահերը Դատարանում ներկայացրել է «Ալ Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ն` ի դեմս վերջինիս տնօրենի և նրա կողմից տրված լիազորագրի հիման վրա գործող փաստաբանի:

Թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործում բացակայում են ապացույցներ, որոնք կհավաստեն վերջիններիս մոտ համապատասխան լիազորության առկայություն` «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության շահերը ներկայացնելու համար:

5) «Ալ Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ի կանոնադրության 1.1-րդ կետի համաձայն` «Ալ Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ն համարվում է մեկ անձին պատկանող շահույթ ստանալու նպատակով հիմնադրված առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ, որի կանոնադրական կապիտալը բաժանված է սույն կանոնադրությամբ սահմանված չափով բաժնեմասերի: Համաձայն կանոնադրության նույն կետի և իրավաբանական անձի պետական գրանցման թիվ 01Ա001982 վկայականի` «Ալ Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ն հանդիսանում է «Սյունիք-Ավիա» ՍՊԸ-ի իրավահաջորդը` գրանցված է Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում 09.03.1995թ.:

6) Հայցվոր «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրենը 22.05.2014թ. ներկայացված միջնորդությամբ խնդրել է կիրառել հայցի ապահովման միջոց` երաշխիքի գումարի` 250.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի չափով արգելանք դնել պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող գույքի և դրամական միջոցների վրա:

7) Դատարանի 22.05.2014թ. որոշմամբ ներկայացված միջնորդությունը բավարարվել է մասնակի և 250.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի չափով արգելանք է դրվել պատասխանող «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության` ի դեմս ՀՀ գործող ներկայացուցիչ «Ալ Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա:

Դատարանի կողմից 22.05.2014թ. տրված կատարողական թերթում որպես պարտապան նշված է ««Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության` ի դեմս ՀՀ գործող ներկայացուցիչ` «Ալ-Խալիդա» ընկերություն», ինչպես նաև նշված է միայն «Ալ Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ի գտնվելու վայրի հասցեն:

8) 04.07.2014թ. Դատարան է մուտքագրվել «Ալ Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ի տնօրենի միջնորդությունը` կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու պահանջով, որը դատավոր. Ռ. Ափինյանը ստացել է միայն 07.07.2014թ.:

Դատարանը ներկայացված միջնորդության քննարկման համար դատական նիստը հրավիրել է 17.07.2014թ., որը հետաձգվել է հայցվորին դատական ծանուցագիրը հանձնված լինելու վերաբերյալ ապացույց դատարան մուտքագրված չլինելու պատճառով: Դատական նիստ նշանակվել է 30.07.2014թ., որի ընթացքում Դատարանը կայացրել է որոշում հայցի ապահովման վերացման մասին:

9) Դատարանը 17.09.2014թ. վճռով կարճել է թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործի վարույթը` հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով: Վճիռը չի բողոքարկվել և 20.10.2014թ. մտել է օրինական ուժի մեջ:

10) ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացված եզրակացության մեջ Դատարանի դատավոր Ռ. Ափինյանին վերագրվում են, ի թիվս այլոց, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-րդ կետի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի ենթադրյալ խախտումներ, որոնց հիմքերով ՀՀ արդարադատության նախարարի 21.04.2015թ. թիվ 183-Ա հրամանով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով Դատարանի դատավոր Ռ. Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով ՀՀ արդարադատության նախարարի ներկայացուցչի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

1. ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Եթե Արդարադատության նախարարը կամ վճռաբեկ դատարանի նախագահը հարուցել է կարգապահական վարույթ, ապա այդ մասին, նշելով ենթադրյալ խախտումը, տեղեկացնում են Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին: Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի դատավորի կամ դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դեպքում Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, նշելով ենթադրյալ խախտումը, այդ մասին տեղեկացնում է արդարադատության նախարարին, իսկ էթիկայի կանոնների խախտման հիմքով` վճռաբեկ դատարանի պալատի դատավորի կամ պալատի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դեպքում` վճռաբեկ դատարանի նախագահին: Նույն խախտման կապակցությամբ անձի նկատմամբ միաժամանակ երկու վարույթ չի հարուցվում»:

ՀՀ դատական օրենսգրքի 156-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Դատավորը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, պարտավոր է վարույթ հարուցած անձին ներկայացնել գրավոր բացատրություններ»:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Եթե վարույթ հարուցող անձը որոշում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ դիմել Արդարադատության խորհրդին, ապա նա պետք է կազմի կարգապահական խախտման մասին եզրակացություն, որը պետք է նկարագրի դատավորի կողմից կատարված կարգապահական խախտում հանդիսացող յուրաքանչյուր արարք, ներկայացնի այդ արարքի կատարված լինելը հիմնավորող ապացույցներ, արարքը կարգապահական խախտում որակելու հիմնավորումները, այդ թվում` կատարված արարքում դատավորի մեղքի առկայությունը և դրա տեսակը»:

Վերոշարադրյալ հոդվածների վերլուծության արդյունքում Խորհուրդն արձանագրում է, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Արդարադատության խորհրդին դիմելու դեպքում կազմվող եզրակացությամբ չպետք է դուրս գալ այն ենթադրյալ խախտումների շրջանակից, որոնց հիմքով դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացված եզրակացության մեջ Դատարանի դատավոր Ռ. Ափինյանին վերագրվում են, ի թիվս այլոց, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-րդ կետի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի ենթադրյալ խախտումներ, որոնց հիմքերով, սակայն, ՀՀ արդարադատության նախարարի 21.04.2015թ. թիվ 183-Ա հրամանով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված եզրակացությամբ Դատարանի դատավոր Ռ. Ափինյանին վերագրվող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-րդ կետի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի ենթադրյալ խախտումների հիմքերով ՀՀ արդարադատության նախարարի 21.04.2015թ. թիվ 183-Ա հրամանով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել, ուստի Խորհուրդը գտնում է, որ դատավոր Ռ. Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 3-րդ կետի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի ենթադրյալ խախտումներ թույլ տալու մասերով, ենթակա է մերժման:

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` «Դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հայցադիմումին կցվում է սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթ կամ օրենքով նախատեսված դեպքերում` պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն»:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցադիմումների և որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

ա) գույքային պահանջով հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից

բ) ոչ գույքային պահանջով բազային տուրքի քառապատիկի չափով:

ՀՀ Սահմանադրական դատարանն իր` 2010 թվականի մայիսի 25-ի թիվ ՍԴՈ-890 որոշմամբ նշել է, որ ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքն առանձնացնում է գույքային պահանջի և ոչ գույքային պահանջի առնչությամբ գանձվող պետական տուրքերը` դրանց համար սահմանելով հաշվարկման միմյանցից էապես տարբերվող կարգ, ինչն օբյեկտիվորեն պայմանավորված է այդ պահանջների բնույթով և առանձնահատկություններով: Գույքային պահանջի առնչությամբ գանձվող պետական տուրքը համամասնական տուրք է, և հաշվարկվում է հայցագնի նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ, իսկ ոչ գույքային պահանջի առնչությամբ գանձվող տուրքը պարզ տուրք է, և գանձվում է հաստատագրված գումարի չափով: Եթե հայցադիմումը ներառում է գույքային և ոչ գույքային պահանջներ, ապա օրենքը` այդ պահանջներից յուրաքանչյուրի քննությունը դիտարկելով որպես օրենքի իմաստով ինքնուրույն և առանձին գործողություն, պահանջում է, որ պետական տուրք վճարվի միաժամանակ և՛ գույքային, և՛ ոչ գույքային պահանջների առնչությամբ (հոդվ. 32, մաս 4)` այդպիսով հետապնդելով իրավաբանորեն հիմնավոր փաստարկված նպատակ»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն` բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը կամ նման միջնորդությունը մերժվել է:

Վերոգրյալից հետևում է, որ պայմանավորված հայցադիմումով ներկայացված պահանջի բնույթից պետական տուրք պետք է վճարվի «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված համապատասխան դրույքաչափերով, որի չվճարումը համապատասխան դեպքերում կհանգեցնի դատավորի կողմից հայցադիմումի վերադարձման:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ «Մարաթուկ հոլդինգ» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության` ի դեմս Հայաստանի Հանրապետությունում գործող ներկայացուցիչ «Ալ-Խալիդա» ընկերության` պահանջելով «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության 28.03.2014թ. հայտարարությունը` առանց ֆինանսական երաշխիքը վերադարձնելու գործողության պայմանագիրը միակողմանի դադարեցնելու վերաբերյալ, ճանաչել ոչ իրավաչափ և պարտավորեցնել պատասխանողին կատարել ֆինանսական երաշխիքը վերադարձնելու պայմանագրային պարտավորությունը: «Մարաթուկ հոլդինգ» ՍՊԸ-ն հայցադիմումում նշել է, որ ի ապահովումն պայմանագրային պարտավորությունների կատարման` որպես ֆինանսական երաշխիք վճարել է 250.000 ԱՄՆ դոլար: Հայցադիմումին կից ներկայացվել են թիվ 000080 և թիվ 000081 վճարման հանձնարարագրերի անդորրագրերը` յուրաքանչյուրը 4.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարված լինելու վերաբերյալ: Դատարանը 21.04.2014թ. որոշմամբ վարույթ է ընդունել ներկայացված հայցադիմումը: ՀՀ դատական օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության ապացուցման պարտականությունը կրում է վարույթը հարուցած անձը: Արդարադատության խորհրդի նիստում դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին»:

Խորհուրդն արձանագրում է, որ «Մարաթուկ հոլդինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայցադիմումից միանշանակ չի կարելի հետևություն անել, թե վերջինիս կողմից ներկայացված «պարտավորեցնել պատասխանողին կատարել ֆինանսական երաշխիքը վերադարձնելու պայմանագրային պարտավորությունը» պահանջը հանդիսանում է գումարի բռնագանձման, թե որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջ:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավոր Ռ. Ափինյանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի խախտում թույլ տալու վերաբերյալ առաջացել են չփարատված կասկածներ, որոնք պետք է մեկնաբանվեն հօգուտ դատավորի, ուստի Խորհուրդը գտնում է, որ դատավոր Ռ. Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունն այս մասով ենթակա է մերժման:

3. ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն. «Քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա»:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի իրավական վերլուծությանը: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «(...) դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ «Չապ» ՍՊԸ-ի թիվ ՇԴ/0351/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի որոշումը):

Նմանատիպ իրավական դիրքորոշում է արտահայտել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով կայացված վճռում (տե՛ս Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի, 1996 թվականի հոկտեմբերի 23, գանգատ թիվ 17748/91, կետ 38):

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ դատական նիստի ժամի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկացնելը դատարանի պարտականությունն է (տե՛ս Շենգավիթի թաղապետարանն ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոների, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյանների թիվ 3-2236(Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի որոշումը):

Խորհուրդն արձանագրում է, որ գործին մասնակցող անձանց` դատական նիստի ժամանակի և վայրի, դատավարական այլ գործողությունների իրականացման մասին պատշաճ ծանուցումը կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայման է:

Գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ 04.07.2014թ. Դատարան է մուտքագրվել «Ալ Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ի տնօրենի միջնորդությունը` կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու պահանջով, որը դատավոր. Ռ. Ափինյանը ստացել է միայն 07.07.2014թ.: Դատարանը ներկայացված միջնորդության քննարկման համար դատական նիստը հրավիրել է 17.07.2014թ., որը հետաձգվել է հայցվորին դատական ծանուցագիրը հանձնված լինելու վերաբերյալ ապացույց դատարան մուտքագրված չլինելու պատճառով: Դատական նիստ նշանակվել է 30.07.2014թ., որի ընթացքում Դատարանը կայացրել է որոշում հայցի ապահովման վերացման մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-3-րդ մասերի համաձայն` գործը քննող դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ, կարող է վերացնել հայցի ապահովումը: Հայցի ապահովման վերացման հարցը լուծվում է միջնորդությունն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դատական նիստում: Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ հայցի ապահովման վերացման հարցի քննարկման համար: Հայցի ապահովման վերացման հարցի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում:

Վերոգրյալից հետևում է, որ գործին մասնակցող անձի միջնորդությամբ գործը քննող դատարանը հայցի ապահովման վերացման հարցը պետք է լուծի միջնորդությունն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դատական նիստում` գործին մասնակցող անձանց պատշաճ ձևով տեղեկացնելով նիստի ժամանակի և վայրի մասին:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործով կիրառված հայցի ապահովման վերացման հարցը Դատարանը չի լուծել տասնօրյա ժամկետում, քանի որ չի կարողացել հայցվոր կողմին պատշաճ ծանուցել հայցի ապահովման վերացման միջնորդությունը ստանալու պահից տասնօրյա ժամկետում նշանակված դատական նիստի մասին` Խորհուրդը գտնում է, որ նման պայմաններում Դատարանի կողմից հայցի ապահովման վերացման հարցը օրենքով նախատեսված ժամկետում չլուծելը չի հանգեցրել կողմերի` իրավական ակտերով երաշխավորված իրավունքների և ազատությունների կոպիտ սահմանափակմանը, չհիմնավորված և չպատճառաբանված որոշման կայացմանը:

Այսինքն` կիրառված հայցի ապահովման վերացման հարցը օրենսդրությամբ նախատեսված ժամկետում չլուծելը տվյալ դեպքում պայմանավորված է եղել հայցվոր կողմի արդար դատաքննության իրավունքի ապահովմամբ, ինչը Խորհրդի գնահատմամբ չի կարող որակվել որպես ակնհայտ և կոպիտ խախտում:

4. ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք:

ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի դատական պաշտպանության իրավունքն իրականացնելու ինչպես իր ներկայացուցչի կամ պաշտպանի միջոցով, այնպես էլ անձամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատարանում իրավաբանական անձանց գործերը վարում են օրենքով կամ կանոնադրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում գործող նրանց մարմինները կամ ներկայացուցիչները»:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Իրավաբանական անձանց ղեկավարները կամ նրանց կանոնադրությանը համապատասխան` իրավաբանական անձի շահերը ներկայացնելու իրավունք ունեցող այլ անձինք դատարան են ներկայացնում իրենց պաշտոնեական կարգավիճակը կամ լիազորությունները հավաստող փաստաթղթեր»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանում ներկայացուցիչ կարող է լինել դատարանում գործը վարելու պատշաճ ձևակերպված լիազորություն ունեցող ցանկացած գործունակ քաղաքացի, բացառությամբ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Կազմակերպության անունից լիազորագիրը տրվում է նրա գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ կազմակերպությունը առանց լիազորագրի ներկայացնելու իրավասություն ունեցող անձի ստորագրությամբ»:

Վերոգրյալից հետևում է, որ դատարանում իրավաբանական անձի շահերը ներկայացնում են նրա մարմինները կամ ներկայացուցիչները, որոնք դատարան պետք է ներկայացնեն իրենց պաշտոնեական կարգավիճակը կամ լիազորությունները հավաստող փաստաթղթեր: Ընդ որում, ներկայացուցչին կազմակերպության անունից լիազորագիրը տրվում է նրա գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ կազմակերպությունը առանց լիազորագրի ներկայացնելու իրավասություն ունեցող անձի ստորագրությամբ:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործով պատասխանող «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության շահերը Դատարանում ներկայացրել է «Ալ Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ն` ի դեմս վերջինիս տնօրենի և նրա կողմից տրված լիազորագրի հիման վրա գործող փաստաբանի` չունենալով պատասխանողի շահերը ներկայացնելու լիազորություն: Բացի այդ, համաձայն «Ալ Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ի կանոնադրության 1.1-րդ կետի` «Ալ Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ն համարվում է մեկ անձին պատկանող շահույթ ստանալու նպատակով հիմնադրված առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ, որի կանոնադրական կապիտալը բաժանված է սույն կանոնադրությամբ սահմանված չափով բաժնեմասերի: Համաձայն կանոնադրության նույն կետի և իրավաբանական անձի պետական գրանցման թիվ 01Ա001982 վկայականի` «Ալ Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ն հանդիսանում է «Սյունիք-Ավիա» ՍՊԸ-ի իրավահաջորդը` գրանցված է Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում 09.03.1995թ.:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-3-րդ մասերի համաձայն` քաղաքացիական դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը: Հայցվորներ են քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնք հայց են հարուցել: Պատասխանողներ են քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնց դեմ հայց է հարուցվել:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ներկայացուցչություն է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որը ներկայացնում է իրավաբանական անձի շահերը և իրականացնում դրանց պաշտպանությունը»:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Ներկայացուցչությունները և մասնաճյուղերն իրավաբանական անձինք չեն ու գործում են իրավաբանական անձի հաստատած կանոնադրությունների հիման վրա:

Ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարները նշանակվում են իրավաբանական անձի կողմից ու գործում են նրա լիազորագրի հիման վրա: (...)»:

Խորհուրդն արձանագրում է, որ «Ալ Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ն, լինելով ինքնուրույն կազմակերպաիրավական ձև ունեցող սուբյեկտ` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն` չի հանդիսանում թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործով պատասխանող «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության առանձնացված ստորաբաժանումը` ներկայացուցչությունը, և օժտված չէ վերջինիս շահերը ներկայացնելու և դրանց պաշտպանությունն իրականացնելու իրավասությամբ: Ընդ որում, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումները` Խորհուրդն արձանագրում է նաև, որ Դատարանում թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործով պատասխանող «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության շահերը ներկայացնելու պատշաճ ձևակերպված լիազորություն չեն ունեցել գործի քննությանը մասնակցած «Ալ Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ի տնօրենը և վերջինիս կողմից տրված լիազորագրի հիման վրա գործող փաստաբանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Նախագահողը պարզում է դատական նիստին ներկայացած մասնակիցների ինքնությունը, ստուգում է ներկայացուցիչների լիազորությունները»:

Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը գտնում է, որ Դատարանը, թույլատրելով «Ալ Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ին` ի դեմս վերջինիս տնօրենի և նրա կողմից տրված լիազորագրի հիման վրա գործող փաստաբանի, ներկայացնել թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործով պատասխանող «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության շահերը` առանց նման լիազորության առկայության, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի, 40-րդ հոդվածի 1-ին մասի և 117-րդ հոդվածի 2-րդ մասի ակնհայտ և կոպիտ խախտումներ:

5. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում: (...)»:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Միջնորդությունը քննարկվում է այն ստացվելու օրը, և կայացվում է որոշում»:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է հայցի ապահովման ինստիտուտի գործառույթներին և նշանակությանը: Մասնավորապես 30.07.2010թ. թիվ ԵՇԴ/0550/02/09 որոշմամբ համադրելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ, 98-րդ և 101-րդ հոդվածները` ՀՀ վճռաբեկ դատարանը դրանք մեկնաբանել է հետևյալ կերպ` «հայցի ապահովման դատավարական ինստիտուտի կարևորագույն նպատակն է ապահովել որոշակի երաշխիքներ հարուցված հայցով ապագա վճռի կատարումն ապահովելու և հայցվորի օրինական շահերը ցանկացած բացասական հետևանքներից պաշտպանելու համար» (տե՛ս Լուսինե Ելոյանն ընդդեմ Աշոտ Կարապետյանի թիվ ԵՇԴ/0550/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2010 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածից հետևում է, որ հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ կարող է վատթարացնել վեճի առարկա գույքի վիճակը (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչության ընդդեմ «Ալնես Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3511/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2011 թվականի որոշումը):

Նմանատիպ իրավական դիրքորոշում է արտահայտել նաև Արդարադատության խորհուրդն իր 13.09.2007թ. թիվ ԱԽ-6-Ո-17 որոշմամբ` նշելով, որ «Հայցի ապահովման դատավարական ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով պաշտպանել հայցվորի /ապագա պահանջատիրոջ/ օրինական շահերը վճռի կատարման անհնարինությունից, ինչպես նաև հարուցված հայցը բավարարելու դեպքում երաշխիքներ ապահովել ապագա վճռի կատարման համար»:

Վերոգրյալի արդյունքում Խորհուրդն արձանագրում է, որ հայցի ապահովման դատավարական ինստիտուտի խնդիրն է նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով պայմաններ ստեղծել ապագա վճռի կատարումն ապահովելու համար, ուստի այդ միջոցները ժամանակին չձեռնարկելը կարող են խոչընդոտներ ստեղծել ապագա վճռի կատարման համար:

Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ն դիմելով Դատարան պահանջ է ներկայացրել ընդդեմ «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության` ի դեմս ՀՀ գործող ներկայացուցիչ «Ալ Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ի: Հայցվորը 22.05.2014թ. ներկայացված միջնորդությամբ խնդրել է կիրառել հայցի ապահովման միջոց` երաշխիքի գումարի` 250.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի չափով արգելանք դնել պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող գույքի և դրամական միջոցների վրա: Դատարանի` 22.05.2014թ. որոշմամբ մասնակի բավարարվել է ներկայացված միջնորդությունը և 250.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի չափով արգելանք է դրվել պատասխանող «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության` ի դեմս ՀՀ գործող ներկայացուցիչ «Ալ Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա:

Դատարանի կողմից 22.05.2014թ. տրված կատարողական թերթում որպես պարտապան նշված է ««Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության` ի դեմս ՀՀ գործող ներկայացուցիչ` «Ալ-Խալիդա» ընկերություն», ինչպես նաև նշված է միայն «Ալ Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ի գտնվելու վայրի հասցեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-3-րդ մասերի համաձայն` քաղաքացիական դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը: Հայցվորներ են քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնք հայց են հարուցել: Պատասխանողներ են քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնց դեմ հայց է հարուցվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն`

«1. Հայցի ապահովման միջոցներն են`

1) պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը.

2) պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը.

3) այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը.

4) գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց հարուցելու դեպքում` գույքի իրացումը կասեցնելը.

5) պատասխանողի մոտ գտնվող` հայցվորին պատկանող գույքի վրա արգելանք դնելը` անհապաղ կամ 5 օրը չգերազանցող ժամկետում:

2. Անհրաժեշտության դեպքում դատարանն իրավունք ունի կիրառել հայցի ապահովման մի քանի միջոց:

3. Դրամական միջոցների բռնագանձման վերաբերյալ հայցի ապահովման դեպքում պատասխանողն իրավունք ունի հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշիվ մուծել հայցվորի պահանջած գումարը»:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` «Կատարողական թերթում պետք է նշվեն` կողմերի (պարտապանի և պահանջատիրոջ) անունը, ազգանունը, հայրանունը, իրավաբանական անձի անվանումը, նրանց բնակության (գտնվելու վայրի) հասցեները, քաղաքացու անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը` դրա առկայության դեպքում, իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պարտապանի անձնագրային տվյալները, ինչպես նաև պարտապան-իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը կարող են չնշվել, եթե գործի քննության ընթացքում դատարանը չի կարողացել ստանալ այդ տվյալները»:

Նույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` «Կատարողական վարույթի կողմերն են` պահանջատերը և պարտապանը:

Պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը:

Պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից: (...)»:

Վերոշարադրյալ նորմերից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հայցի ապահովման միջոցը կարող է դրվել միայն պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա, իսկ կայացված որոշման հիման վրա տրված կատարողական թերթում որպես պարտապան պետք է նշվեն պատասխանողի համապատասխան տվյալները:

Խորհուրդն արձանագրում է, որ Դատարանի` 22.05.2014թ. հայցի ապահովում կիրառելու մասին որոշումից և նույն օրը տրված կատարողական թերթից հետևում է, որ 250.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի չափով արգելանք է դրվել «Ալ Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա: Մինչդեռ «Մարաթուկ Հոլդինգ» ՍՊԸ-ն, դիմելով Դատարան, իր պահանջը ներկայացրել է ընդդեմ «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության` վերջինիս դիտելով որպես պատասխանող, իսկ գործով պատասխանող «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության շահերը ներկայացնող «Ալ Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ն, ինչպես արդեն նշվել է սույն որոշման շրջանակներում ունենալով իրավաբանական անձի կարգավիճակ, չի հանդիսացել գործով պատասխանող «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության ներկայացուցչությունը:

Խորհուրդն արձանագրում է նաև, որ թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործի քննության ընթացքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով պատասխանողի փոխարինում տեղի չի ունեցել:

Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը գտնում է, որ Դատարանը, 250.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի չափով արգելանք դնելով թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործով պատասխանող չհանդիսացող ընկերությանը պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ակնհայտ և կոպիտ խախտում:

Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ Դատարանի դատավոր Ռ. Ափինյանը, թույլատրելով «Ալ Խալիդա Տուրիզմ» ՍՊԸ-ին` ի դեմս վերջինիս տնօրենի և նրա կողմից տրված լիազորագրի հիման վրա գործող փաստաբանի, ներկայացնել թիվ ԵԿԴ/1126/02/14 քաղաքացիական գործով պատասխանող «Էյր Արաբիա» հասարակական բաժնետիրական ընկերության շահերը` առանց նման լիազորության առկայության, ինչպես նաև 250.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարի չափով արգելանք դնելով քաղաքացիական գործով պատասխանող չհանդիսացող ընկերությանը պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա, արդարադատություն իրականացնելիս կոպիտ անփութությամբ, քանի որ դատավորը տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թույլ է տվել դատավորի բարձր կոչման հետ անհամատեղելի դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնց առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով: Նշված խախտումները ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 153.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը բավարարել: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռ. Ափինյանին հայտարարել նախազգուշացում:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

    Արդարադատության խորհրդի անդամներ`        Ա. Բաբայան

                                             Գ. Բադիրյան

                                             Ռ. Բարսեղյան

                                             Ա. Դարբինյան

                                             Գ. Խանդանյան

                                             Ա. Խաչատրյան

                                             Մ. Հարթենյան

                                             Գ. Ղազինյան

                                             Վ. Ստեփանյան

                                             Ս. Օհանյան  

 

pin
Արդարադատության խորհուրդ
26.06.2015
N ԱԽ-20-Ո-21
Որոշում