Սեղմել Esc փակելու համար:
ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ...

 

 

121.0595.240715

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        07            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12115----

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

18 հունիսի 2015 թվականի N 595-Ն

 

i

ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 263-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի, «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի «ե» կետի պահանջներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) հրդեհային անվտանգության կանոնները` համաձայն հավելված 1-ի.

2) «Ա», «Բ», «Վ», «Գ», «Դ» կարգի արտադրության շինությունների բնութագիրն ըստ հրդեհավտանգավորության դասակարգման` համաձայն հավելված 2-ի.

3) շենքերը և շինությունները ձեռքի կրակմարիչներով ապահովելու չափանիշները` համաձայն հավելված 3-ի.

4) հրդեհաշիջման, հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերով և հրդեհի տագնապի ազդանշանի փոխանցման համակարգով օբյեկտների համալրման չափանիշները` համաձայն հավելված 4-ի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի հուլիսի 26-ի «Հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 263-Ն հրամանը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանին ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Ն. Հովհաննիսյանին` սույն հրամանը մեկօրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

Հավելված N 1

ՀՀ տարածքային կառավարման և

արտակարգ իրավիճակների նախարարի

2015 թվականի հունիսի 18-ի

N 595-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

 

ԲԱԺԻՆ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1. Սույն կանոններով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում հրդեհային անվտանգության կանոնները, որոնք պարտադիր են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների (այսուհետ` օբյեկտներ) և քաղաքացիների համար:

2. Հրդեհային անվտանգությունն ապահովելու համար պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները և քաղաքացիները ղեկավարվում են «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոններով և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերով:

3. Սույն կանոններում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

1) «Ա», «Բ», «Վ», «Գ», «Դ» արտադրության կարգեր` ըստ դասակարգման շենքեր, սենքեր և բաց տեխնոլոգիական սարքավորումներ, որոնց տեխնոլոգիական գործընթացներից կախված կարող են շրջանառվել կամ գտնվում են պայթյունահրդեհավտանգ և հրդեհավտանգ նյութեր` համաձայն հավելված 1-ի.

2) այրվող նյութ` ինքնուրույն, կրակի աղբյուրի հեռացումից հետո այրվող նյութ.

3) անվտանգության գոտի` տեղամաս, որտեղ հրդեհի վտանգավոր գործոնները չեն ազդում մարդկանց վրա.

4) բարձր հրդեհավտանգություն` իրավիճակ, երբ առկա նյութերը ունակ են առանց նախօրոք տաքացնելու բռնկվել նվազ կալորիական ջերմային աղբյուրի կարճատև ազդեցությունից.

5) դյուրավառ հեղուկ` բաց անոթում 610 C-ից ցածր բռնկման ջերմաստիճան ունեցող հեղուկ.

6) դյուրավառ, պայթյունավտանգ փոշի` հեշտ այրվող, նպաստավոր պայմաններում պայթյունի հատկություն ունեցող փոշի.

7) հակահրդեհային միջտարածություն` շինությունից դեպի հարևան շինություններ կրակի տարածումը կանխարգելելու նպատակով նախատեսված տարածություն.

8) հակահրդեհային պատնեշ` շենքի ծավալը հակահրդեհային հատվածամասերի բաժանող, շենքում և սենքում հրդեհի ու այրման արգասիքների տարածումը խոչընդոտող և համապատասխան հրակայունության սահման ունեցող պատեր, միջնորմներ, ծածկեր, բացվածքների հրակայուն լցվածքներ, նախամուտք անցախուցեր.

9) շենքի հրակայունության աստիճան` կառուցատարրերի կրող ունակությունների, ամբողջականության և ջերմամեկուսացման պահպանման չափանիշ.

10) պայթյունահրդեհավտանգ` ջրի, օդի, թթվածնի կամ միմյանց հետ շփվելիս պայթելու և այրվելու ունակ նյութեր.

11) պայթյունավտանգ` պայթյունի վտանգ առաջացնելու, առանց օդի, թթվածնի մասնակցության պայթյունի ունակություն.

12) հրագործական արտադրատեսակ` սարքվածք, որը նախատեսված է հրագործական բաղադրության այրման (պայթյունի) միջոցով էֆեկտ ստանալու համար.

13) վառողունակ` այրունակ, այրվելու ունակություն ունեցող.

14) 3-րդ տիպի սանդղահարթակ` արտաքին բաց սանդուղքի սանդղահարթակ.

15) հրդեհաշիջման և հրդեհի ազդանշանման ինքնաշխատ կայանքներ (ՀՀԱԻԿ)` նախատեսված են հրդեհաշիջման և հրդեհի վայրի հայտնաբերման համար.

16) հրդեհի տագնապի ազդարարման ինքնաշխատ համակարգ (ՀՏԱԻՀ)` նախատեսված է հրդեհի տագնապի ազդարարման համար.

17) հրդեհի տագնապի ազդանշանի փոխանցման ինքնաշխատ համակարգ (ՀՏԱՓԻՀ)` նախատեսված է հրդեհի տագնապի ազդանշանը օբյեկտից կապի որևէ հնարավոր միջոցով լիազոր մարմնին հաղորդման համար.

18) լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն.

19) օբյեկտի ղեկավար` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական հիմնարկների և հարյուր տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց ղեկավարներ, առևտրային կազմակերպությունների սեփականատերեր, հասարակական և բարեգործական կազմակերպությունների հիմնադիրներ, ֆիզիկական անձ:

 

ԳԼՈՒԽ 2
ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

4. Օբյեկտների ղեկավարները կամ նրանց լիազորած անձինք պարտավոր են աշխատակիցներին ծանոթացնել սույն կանոններին:

5. Օբյեկտների ղեկավարները կամ նրանց լիազորած անձինք պարտավոր են`

1) անցկացնել աշխատակիցների հրդեհային անվտանգության հրահանգավորում.

2) կազմակերպել հրդեհի դեպքում մարդկանց տարահանման ուղիների պլանների մշակումը և համապատասխան վայրերում այդ պլանների տեղադրման աշխատանքները.

3) հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նպատակով մշակել և իրագործել միջոցառումներ (կազմել միջոցառումների պլան):

6. Օբյեկտների, ինչպես նաև դրանց կառուցվածքային ստորաբաժանումների հրդեհային անվտանգության համար պատասխանատու հանդիսանում է օբյեկտի ղեկավարը կամ իր կողմից նշանակված անձը: Առանձին տարածքների, շենքերի, շինությունների, արտադրամասերի, տեղամասերի, տեխնոլոգիական սարքավորումների և պրոցեսների, ինժեներական սարքավորումների հրդեհային անվտանգության համար պատասխանատվությունը օբյեկտի ղեկավարի կողմից ընդունված համապատասխան իրավական ակտով կարող է դրվել այլ պաշտոնատար անձանց վրա: Վարձակալված շենքերում տեղավորված օբյեկտներում հրդեհային անվտանգության ապահովումը կարգավորվում է վարձակալության պայմանագրով: Պայմանագրում նշված տեղեկությունների բացակայության դեպքում պատասխանատվությունը կրում է վարձատուն:

7. Հրդեհների կանխարգելման, ինչպես նաև դրանց մարման աշխատանքներին օբյեկտների աշխատակիցների ներգրավման նպատակով կարող են ստեղծվել հրդեհային պահպանության հասարակական կազմավորումներ:

8. Օբյեկտների հրդեհային անվտանգությունն ապահովող մարմինների կողմից արտադրական, վարչական, պահեստային և օժանդակ շինությունների ինչպես նաև կառուցվող օբյեկտների շինարարական հրապարակների տեսանելի վայրերում փակցվում են ցուցատախտակներ` հրդեհային պահպանության կանչի հեռախոսահամարով:

9. Հրդեհավտանգ օբյեկտի ղեկավարի կողմից ընդունված համապատասխան իրավական ակտով պետք է սահմանվի հրդեհային վտանգին համապատասխան հակահրդեհային կանոնակարգ, որն իր մեջ ներառում է`

1) ծխելու վայրը և կահավորումը.

2) շենքում (արտադրամասում) գտնվող միանվագ թույլատրելի դյուրավառ հումքի, կիսաֆաբրիկատների, պատրաստի արտադրանքի քանակները և պահման վայրերը.

3) դյուրավառ թափոնների, հրդեհավտանգ փոշու հավաքման և հագուստների պահման կարգը.

4) աշխատանքային օրվա վերջում էլեկտրասարքավորումների հոսանքազրկման, ժամանակավոր կրակային և այլ հրդեհավտանգ աշխատանքներ կատարելու կարգը.

5) աշխատողների գործողությունները հրդեհ հայտնաբերելու դեպքում, ինչպես նաև հակահրդեհային հրահանգավորման անցկացման կարգը, ժամկետները և պատասխանատուները.

6) կառուցվող օբյեկտի շինարարական հրապարակում ժամանակավոր շինությունների և արտադրամասերի, շինանյութի և սղոցանյութի պահեստների, հրդեհաշիջման ջրաղբյուրների, հրշեջ վահանակների և դրանց մոտեցման հրշեջ ավտոմեքենաների ճանապարհների տեղանշմամբ շինարարության ղեկավարի կողմից հաստատված և պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հետ համաձայնեցված տարածքի հատակագիծը.

7) հրդեհավտանգ օբյեկտի տարածքում բաց կրակի օգտագործման կարգը.

8) հրդեհավտանգ օբյեկտի տարածքում բաց կրակի օգտագործման ժամանակ ծխելու կարգը.

9) ժամանակավոր հրդեհավտանգ աշխատանքների կատարման կարգը:

10. Այն օբյեկտներում, որտեղ շինության մեկ հարկում միաժամանակ գտնվում են 10 և ավելի մարդ, տեսանելի վայրերում փակցվում են հրդեհների ժամանակ դեպի ելք ցույց տվող նշագծեր, սլաքներ, նախատեսվում են կայանքներ` հրդեհի դեպքում մարդկանց տեղեկացման համար:

Այն օբյեկտները, որտեղ միաժամանակ գտնվում են 50 և ավելի մարդ, նախատեսվում է հրդեհի դեպքում անձնակազմի գործողությունների պլան: Պլանի համաձայն տարահանման աշխատանքներում ընդգրկված աշխատակիցների հետ պարբերաբար անց են կացվում մարզումներ (ուսումնավարժանքներ):

11. Պայթյունավտանգ, ուժեղ ներգործող թունավոր նյութեր օգտագործող, վերամշակող և պահող օբյեկտների ղեկավարները հրդեհ առաջանալու դեպքում հրդեհաշիջման ղեկավարին տրամադրում են այդ նյութերի վերաբերյալ տվյալներ` անձնակազմի անվտանգությունն ապահովելու նպատակով:

12. Զանգվածային միջոցառումներ անցկացնող օբյեկտները և անձինք (պատասխանատուները) միջոցառումներ անցկացնելուց առաջ ապահովում են հրդեհային անվտանգության սահմանված պահանջները:

 

ԳԼՈՒԽ 3
ՇԵՆՔԵՐԻՆ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

13. Կազմակերպությունների, բնակավայրերի, շենքերի, շինությունների, շինարարական հրապարակների, բաց պահեստների, ինչպես նաև շենքերին կից հակահրդեհային միջտարածությունները պետք է ժամանակին մաքրվեն հրդեհավտանգ թափոններից: Հրդեհավտանգ թափոնները, աղբը պետք է հավաքվեն հատուկ հատկացված տարածքներում, կոնտեյներների կամ արկղերի մեջ և տեղափոխվեն:

14. Շենքերի, շինությունների, շինարարական հրապարակների, հակահրդեհային միջտարածությունները չեն կարող օգտագործվել նյութերի, սարքավորումների, տարաների պահեստավորման, ավտոտրանսպորտային տեխնիկայի կայանման, շենքերի և շինությունների կառուցման համար:

15. Շենքերի, շինությունների, բաց պահեստների հրդեհաշիջման համար նախատեսված ջրաղբյուրների, անշարժ հրդեհային սանդուղքների, հրդեհային գույքի մոտեցման ճանապարհները և անցումները պետք է միշտ ազատ լինեն:

Վերակառուցման պատճառով ճանապարհների փակման դեպքում, ջրային աղբյուրներին մոտենալու կամ այդ հատվածով անցնելու նպատակով պետք է տեղադրվեն շրջանցման ուղղությունը ցույց տվող ցուցանակներ:

Հրշեջ հիդրանտների դիտահորերի կափարիչները և հրշեջ ջրավազաններին հարակից, հրշեջ ավտոմեքենաների կայանման համար նախատեսված հարթակները, պարբերաբար պետք է մաքրվեն սառույցից և ձյունից:

16. Ժամանակավոր շինությունները, կրպակները, տաղավարները պետք է տեղադրվեն շենքերից և շինություններից 8 մետրից ոչ պակաս հեռավորության վրա կամ հակահրդեհային պատնեշի մոտ (բացառությամբ, այլ իրավական ակտերով սահմանված պահանջվող ավելի մեծ հակահրդեհային միջտարածության): Առանձին բլոկ-կոնտեյներային շենքերը թույլատրվում է տեղադրել խմբերով, յուրաքանչյուր բլոկում 10-ից ոչ ավելի կոնտեյներ, որոնց գումարային մակերեսը չպետք է գերազանցի 800մ2: Այդ շենքերի խմբերից մինչև շինությունները, առևտրական տաղավարները և օբյեկտները ընկած հեռավորությունը չպետք է լինի 15 մ-ից պակաս:

17. Հակահրդեհային միջտարածություններում, բաց տարածքներում արգելվում է կրակի միջոցով թափոններ ոչնչացնելը, իսկ աղբաոչնչացման համար նախատեսված հատուկ տեղերում այրումը հսկողությունից դուրս թողնելը:

18. Հակահրդեհային ջրաղբյուրները, շենքերի և շինությունների մուտքերը արագ ի հայտ բերելու նպատակով, օբյեկտների այդ տարածքները պետք է ապահովված լինեն լուսավորությամբ:

19. Օբյեկտների ներքին երկաթուղային գծանցները և անցումները պետք է ունենան համատարած տախտակում և լինեն ազատ հրշեջ մեքենաների երթևեկության համար: Վագոնների կայանումը երկաթուղու գծանցում առանց գնացքաքարշի չի թույլատրվում: Երկաթգծի գծանցերի քանակը պետք է լինի 2-ից ոչ պակաս:

20. Բնակելի շենքերի, ամառանոցային ավանների, հասարակական շենքերի տարածքի չհսկվող հրապարակներում, բակերում չի թույլատրվում պահել դյուրավառ հեղուկներ և գազեր:

21. Մանկական ամառանոցների և առողջարանային համալիրների տարածքը, արտաքին սահմանագծով պետք է ունենա 3 մ-ից ոչ պակաս վարած շերտ:

22. Բնակավայրերը, այգեգործական ընկերությունները, որոնց շինությունները (հողակտորները) 300-ից չեն գերազանցում, հրդեհաշիջման համար պետք է ունենան շարժական հրշեջ շարժիչապոմպ, իսկ եթե դրանց քանակը 300-ից մինչև 1000 է` երկուսից ոչ պակաս կցովի հրշեջ շարժիչապոմպ: Գյուղական վայրերում գտնվող հանգստյան տները և առողջապահական հիմնարկները հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի համաձայն պետք է ապահովված լինեն հրշեջ տեխնիկայով և համապատասխան հրդեհատեխնիկական սարքավորումներով:

23. Արտադրական և պահեստային շինությունների համար պետք է որոշվի պայթյունահրդեհավտանգության կարգը և նշվի շինությունների դռների վրա:

Բարձր հրդեհավտանգություն ունեցող սարքավորումների մոտ փակցվում են անվտանգության նշաններ, ցուցանակներ:

Արտադրության պրոցեսում չի թույլատրվում օգտագործել պայթյունահրդեհավտանգության ցուցանիշները չուսումնասիրված նյութեր:

24. Շենքերի և շինությունների հակահրդեհային համակարգը և սարքավորումները (հակածխային պաշտպանության, հրդեհային ինքնաշխատ միջոցներ, հակահրդեհային ջրամատակարարման համակարգեր, հակահրդեհային դռներ, փականքներ, հակահրդեհային պատերի, ծածկերի միջի պաշտպանական սարքեր) պետք է մշտապես պահվեն սարքին, աշխատունակ վիճակում:

Դռների ինքնափակման համար օգտագործվող սարքերը պետք է գտնվեն աշխատունակ վիճակում: Չի թույլատրվում տեղադրել հակածխային, հակահրդեհային դռների նորմալ փակմանը խոչընդոտող հարմարանքներ:

25. Չի թույլատրվում աշխատանքներ կատարել ջերմային ճնշման ռեժիմների հսկողության համար նախատեսված վերահսկիչ-չափիչ սարքերի տեխնոլոգիական ինքնաշխատ համակարգերի անջատման դեպքում, ինչպես նաև անսարքություններով տեխնիկական սարքերի, սարքավորումների վրա, եթե դրանք կարող են հրդեհի պատճառ դառնալ:

26. Նորմավորված հրակայունության աստիճան պահանջող մետաղական կամ փայտյա կառուցատարրերի հրակայունության սահմանի բարձրացման կամ հրդեհային վտանգավորության կարգերի նվազեցման համար, դրանք պետք է ներկվեն կամ մշակվեն (տոգորվեն) հրապաշտպան պատվածքով:

27. Շինարարական հիմնատարրերի այրվող ջերմամեկուսիչ նյութերի, մետաղական հենարանների և սարքավորումների հրապաշտպան պատվածքների վնասվածքները պետք է անմիջապես վերացնել:

Մշակված (տոգորված) փայտյա կառուցվածքների և գործվածքների մշակման (տոգորման) ներգործության ժամկետը լրանալուց հետո, դրանք պետք է հակահրդեհային անվտանգության պահանջներին համապատասխան կրկին մշակվեն:

28. Շենքերի վերապլանավորման, նպատակային նշանակության փոփոխման կամ նոր տեխնոլոգիական սարքավորումների տեղադրման դեպքում պետք է պահպանվեն շինարարական և տեխնոլոգիական նախագծման նորմերի հակահրդեհային պահանջները:

29. Հակահրդեհային պատնեշների, ծածկերի պարսպող հիմնատարրերի և ինժեներական, տեխնոլոգիական հաղորդակցման ուղիների փոխհատման տեղերում առաջացած բացվածքները և ճեղքերը պետք է փակվեն անհրաժեշտ հրակայուն և ծխագազանթափանցելիություն ապահովող շինարարական շաղախով կամ չայրվող նյութերով:

Ձեղնահարկերի լսողական լուսամուտները պետք է մշտապես գտնվեն փակ վիճակում և լինեն ապակեպատված:

30. Նավթաբազաները, 800-ից ավել նստատեղ ունեցող թատրոնները, 500-ից ավել մահճակալ ունեցող հիվանդանոցները, օդանավակայանները, էլեկտրակայանները, էլևատորները, քիմիական և նավթավերամշակման գործարանները, միջուկային էներգիայի հետ առնչություն ունեցող գիտահետազոտական հիմնարկները և հրդեհապայթյունավտանգ տեխնոլոգիական պրոցեսներով արտադրական վտանգավոր օբյեկտները պետք է ունենան ուղիղ հեռախոսակապ հրշեջ փրկարարական մոտակա ստորաբաժանման կամ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնական կայանի հետ:

31. Շենքերում, շինություններում և բաց տարածքներում չի թույլատրվում`

1) նկուղային և ցոկոլային հարկերում պահել և օգտագործել այրվող և դյուրավառ հեղուկներ, վառոդ, պայթուցիկ նյութեր, գազով բալոններ, աերոզոլային փաթեթավորումով ապրանքներ, ցելուլոիդի և այլ պայթյունավտանգ նյութեր, բացառությամբ իրավական ակտերով նախատեսվածից ավելի քանակների.

2) ձեղնահարկերը, տեխնիկական հարկերը, օդափոխիչ խցիկները և այլ տեխնիկական սենյակները օգտագործել որպես արտադրական տեղամասեր, արհեստանոցներ, ինչպես նաև արտադրանքի, սարքավորումների, կահույքի և այլ իրերի պահման համար.

3) ցոկոլային հարկերում և նկուղներում ստեղծել այրվող նյութերի պահեստներ, արհեստանոցներ, տնտեսական սենյակներ, եթե դրանց մուտքը մեկուսացված չէ ընդհանուր սանդղավանդակից.

4) աղբահեռացման հորաններում և աղբակուտակման խցերում աղբի ոչնչացումը այրման միջոցով.

5) հանել նախագծով նախատեսված նախասրահների, սրահների, միջանցքների, նախամուտքերի, սանդղավանդակների դռները.

6) կուտակել կահույք, սարքավորումներ և այլ իրեր` պատշգամբների և խորշապատշգամբների մուտքերի, կից բաժանմունքների, արտաքին տարահանման սանդուղքների դռների մոտ.

7) շենքերում տարածքների մաքրումը բենզինով, կերոսինով և այլ այրվող ու դյուրավառ հեղուկներով, ինչպես նաև սառած ջրմուղների տաքացումը զոդման լամպերով և բաց կրակի օգտագործման այլ մեթոդներով.

8) տեղադրել ճաղավանդակներ լուսամուտների վրա (բացառությամբ պահեստներից, դրամարկղերից, հատուկ սենյակներից, բնակելի տներից, ավտոտնակներից).

9) ապակեպատել հրդեհի դեպքում անվտանգության գոտիներին պատկանող խորշապատշգամբները և պատշգամբները.

10) սանդղավանդակներում և միջանցքներում ստեղծել պահեստանոցներ (խորդանոցներ), պահել կահույք, այրվող և դյուրավառ նյութեր` սանդղաբազուկների տակ և դրանց հարթակների վրա (սանդղաբազուկների տակ առաջին և ցոկոլային հարկերում թույլատրվում է տեղադրել միայն կենտրոնական ջեռուցման, ջրաչափիչների, էլեկտրավահանակների կառավարման հանգույցներ, որոնք պետք է մեկուսացված լինեն չայրվող միջնորմներով).

11) գործարկման ընթացքում վառարանային սարքերի, նավթավառների, կերոգազերի, պրիմուսների, լուսավորման լամպերի լցավորումը հեղուկ վառելանյութով.

12) կրակի հետ անզգույշ վարմունքը` անզգուշություն ծխելիս, հրդեհավտանգ աշխատանքներ կատարելը, բաց կրակից օգտվելը, ինչպես նաև կրակը առանց հսկողության թողնելը.

13) միմյանց հետ քիմիական փոխազդեցությամբ ինքնայրում առաջացնող նյութերի համատեղ պահումը, ինչպես նաև ջերմային կամ կենսաբանական ինքնայրման հակում ունեցող նյութերի պահումը.

32. Շենքերի և շինությունների արտաքին հրշեջ սանդուղքները, տանիքների ճաղաշարերը պետք է պահել սարքին վիճակում և ոչ պակաս, քան տարեկան 2 անգամ փորձարկել ամրությունը:

33. Մեկ տարահանման ելք ունեցող շինություններում թույլատրվում է անցկացնել միջոցառումներ, որոնց մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 50 մարդուց: IV աստիճանի հրակայունություն ունեցող շենքերում անցկացվող միջոցառումները, որոնց մասնակցում է 50-ից ավել մարդ, պետք է անցկացվեն առաջին հարկում:

34. Շենքերի նկուղային և ցոկոլային հարկերի լուսամուտային խորշերը պետք է կանոնավոր կերպով մաքրվեն աղբից: Նշված լուսամուտային խորշերը և պատուհանները չի թույլատրվում խուլ փակել:

35. Նավթավառերը, կերոգազերը, պրիմուսները չի թույլատրվում լցավորել տեխնիկական պահանջներով չնախատեսված դյուրավառ հեղուկներով:

36. Հանդիսասրահներում, ճաշարաններում, ցուցահանդեսային, առևտրային, բորսային, պաշտամունքային շինություններում, լսարաններում, ինչպես նաև այլ մարդաշատ վայրերում, այցելուների թիվը չպետք է գերազանցի նախագծման նորմերով սահմանված և տարահանման թողունակության հիման վրա կատարված հաշվարկային քանակից: Այն դեպքում, երբ նախագծման նորմերում բացակայում են հաշվարկման համար անհրաժեշտ տվյալներ, մեկ մարդու համար տարահանման ժամանակը պետք է ընդունվի 2 րոպե, իսկ հաշվարկային մակերեսը` 0.75 մ2:

37. Շենքերում, որոնց վիտրաժների բարձրությունը մեկ հարկից ավելի է, չի թույլատրվում խախտել ծխաանթափանցելի, չայրվող դիաֆրագմաների կոնստրուկցիաները:

38. Մարդկանց զանգվածային ներկայությամբ շենքերում, շինություններում և բաց տարածքներում ամանորյա և այլ տիպի միջոցառումների անցկացման ժամանակ`

1) անհրաժեշտ է`

ա. տոնածառը դնել կայուն հենամասի վրա այնպես, որպեսզի ճյուղերը չքսվեն պատերին և առաստաղին.

բ. տոնահանդեսի անցկացման վայրում էլեկտրական լուսավորության բացակայության դեպքում միջոցառումները անցկացնել ցերեկային ժամերին. տոնածառի վրա օգտագործել լամպերի շղթաներ մինչև 12 Վտ հզորությամբ լամպերի հաջորդական միացմամբ` առանց ցածրացնող տրանսֆորմատորի.

գ. լուսավորության անսարքություններ հայտնաբերելու դեպքում (լարերի տաքացում, լամպերի թարթում, կայծարձակում և այլն) սարքը պետք է անմիջապես հոսանքազրկել.

2) չի թույլատրվում`

ա. օգտագործել աղեղնավոր լուսարձակներ, լուսավորել մոմերով, վառել հրավառելիք, ստեղծել այլ լուսային հրդեհավտանգ էֆեկտներ, որոնք կարող են հրդեհի պատճառ դառնալ.

բ. օգտագործել գնդակներ, փուչիկներ, խաղալիքներ և զարդարանքի միջոցներ, որոնք պատրաստված են հրդեհավտանգ նյութերից և պարունակում են հրդեհապայթյունավտանգ գազեր, ինչպես նաև ինքնայրման հակում ունեցող կամ միմյանց հետ շփվելիս այրում կամ պայթյուն առաջացնող նյութերից.

գ. տոնածառը զարդարել հրապաշտպան բաղադրություններով չտոգորված ցելուլոիդե խաղալիքներով, թանզիֆով, բամբակով.

դ. միջոցառումներ անցկացնելու տեղերը մթնեցնելու համար պատուհանները փակել ծածկոցափեղկերով.

ե. փոքրացնել կարգերի միջև եղած հեռավորությունները, ինչպես նաև անցումներում լրացուցիչ բազկաթոռներ տեղադրել և այլն.

զ. դահլիճում լույսը լրիվ մարել բեմադրությունների և ներկայացումների ժամանակ:

3) բեմում և դահլիճում պետք է կազմակերպվի հրշեջ հերթապահություն` կազմակերպիչների ուժերով:

39. Տարահանման ելքերի քանակը, չափերը, լուսավորության պայմանները, ճանապարհների երկարությունը և չծխապատման ապահովումը պետք է համապատասխանեն շինարարական նախագծման հակահրդեհային նորմերին:

40. Տարահանման ելքերի դռները պետք է ազատ բացվեն դեպի դուրս: Շենքում մարդկանց գտնվելու դեպքում, դռները կարող են փակվել ներսի կողմից հեշտ բացվող փականներով: Տարահանման ուղիներում տարահանման ելքերի դռները և այլ դռները (բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, միաբնակարան, այդ թվում մեկուսացված, բնակելի տների, միաժամանակ 15 մարդուց ոչ ավելի ներկայությամբ սենքերի (բացի Ա և Բ կարգի սենքերի) առանց մշտական աշխատողների, 200 մ.քառ. ոչ ավելի մակերեսով խորդանոցների, սանիտարական հանգույցների և 3-րդ տիպի սանդղահարթակ դուրս եկող ելքերի) պետք է բացվեն դեպի դուրս` շենքից դուրս գալու ուղղությամբ:

41. Չի թույլատրվում`

1) ելքի նախամուտքերում, տարահանման ուղիներում (բացառությամբ բնակարանների) ստեղծել հագուստի չորանոցներ, կախիչներ, զգեստապահարաններ, պահել որևէ տեսակի գույք և նյութեր, խցանել տարահանման ելքերը.

2) տարահանման ճանապարհներին ստեղծել մարդկանց ազատ տարահանմանը խոչընդոտող հարմարանքներ.

3) տարահանման ճանապարհների պատերի, առաստաղների երեսապատման և հատակի ծածկման համար (բացի IV աստիճանի հրակայության շենքերից) այնպիսի նյութերի օգտագործումը, որոնք նվազ կալորիականության ջերմության աղբյուրի` այրվող լուցկի, չմարած ծխախոտ և այլն, կարճատև ջերմային ազդեցությունից կարող են այրվել.

4) սանդղավանդակների, միջանցքների, սրահների, նախաշեմերի ինքնափակվող դռները ֆիքսել բաց դիրքում (եթե այդ նպատակների համար չեն օգտագործվում հրդեհի դեպքում գործող ինքնաշխատ սարքեր) ինչպես նաև դրանք հանել.

5) ընդհանուր միջանցքները տանող սանդղավանդակների դռները, վերելակային նախասրահների դռները և մշտապես օդի ճնշմամբ նախամուտք-արգելակների դռները պետք է ունենան ինքնափակման համար հարմարանքներ.

6) տարահանման ուղիներում և սենքերում կախովի առաստաղների կմախքը պետք է իրականացնել չայրվող նյութերից.

7) տարահանման ուղիներում չի թույլատրվում պտուտակային սանդուղքների և սանդղահարթակների աստիճանների սարքում, ինչպես նաև սանդղամատերի տարբեր լայությամբ և աստիճանների բարձրությամբ սանդուղքներ.

8) սանդղավանդակում, բացառությամբ նորմերում հատուկ վերապահված դեպքերի, չի թույլատրվում տեղակայել գազագծեր և այրվող հեղուկներով խողովակագծեր, ներկառուցված պահարաններ` բացի հրշեջ ծորակների և հաղորդակցուղիների համար նախատեսված պահարաններից, էլեկտրական մալուխներ և հաղորդալարեր (բացառությամբ սանդղավանդակների և միջանցքների լուսավորման համար նախատեսված էլեկտրահաղորդալարերից):

42. Շինություններում տեխնոլոգիական, ցուցահանդեսային և այլ սարքավորումների տեղաբաշխման ժամանակ պետք է նախատեսել տարահանման անցումներ դեպի սանդղավանդակները և տարահանման այլ ճանապարհները` նախագծման նորմերին համապատասխան:

43. Շենքերում, մարդաշատ վայրերում էլեկտրաէներգիայի անջատման դեպքում, սպասարկող անձնակազմը պետք է ունենա էլեկտրական լապտերներ: Էլեկտրական լապտերների քանակը որոշում է ղեկավարը` ելնելով օբյեկտի առանձնահատկություններից, շենքում մարդկանց քանակից, բայց ոչ պակաս, քան մեկ հատ յուրաքանչյուր հերթապահի համար:

44. Գորգերը, ուղեգորգերը և այլ հատակային ծածկերը շինությունների մարդաշատ վայրերում պետք է հուսալի ամրացվեն հատակին:

 

ԳԼՈՒԽ 4
ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

45. Էլեկտրասարքավորումները պետք է մոնտաժվեն և շահագործվեն համաձայն էլեկտրական սարքավորումների տեղակայման կանոնների:

46. Էլեկտրաշարժիչները, ղեկավարման, կառավարման, վերահսկիչ-չափիչ պաշտպանական սարքերը, օժանդակ սարքավորումները և հաղորդալարերը պետք է ունենան անհրաժեշտ պաշտպանության աստիճան և կատարում` համապատասխանեն էլեկտրական սարքավորումների տեղակայման կանոններին, ինչպես նաև ունենան կարճ միացումից և գերծանրաբեռնվածությունից պաշտպանող և էլեկտրամատակարարմանը պահանջվող հուսալիություն ապահովող սարքեր:

47. Չի թույլատրվում անցկացնել օդային էլեկտրահաղորդման գծեր և արտաքին էլեկտրագծեր հրդեհավտանգ հիմնատարրերով տանիքների, ծածկակտուրների և այրվող նյութերի բաց պահեստների վրայով: Օդային էլեկտրահաղորդման գծերից մինչև վերը թվարկված օբյեկտները, միջտարածությունը պետք է կազմի` էլեկտրահենասյան 1,5 բարձրությունից ոչ պակաս:

48. Էլեկտրասարքավորումների շահագործման ժամանակ չի թույլատրվում`

1) օգտագործել սարքեր և սարքավորումներ, երբ շահագործման պայմանները չեն համապատասխանում արտադրող կազմակերպությունների երաշխիքներին, ինչպես նաև անսարքությունների դեպքում, որոնք կարող են հրդեհի պատճառ դառնալ.

2) շահագործել վնասված մեկուսացումով (մեկուսիչ հատկությունները կորցրած) մալուխներ և էլեկտրալարեր.

3) օգտվել անսարք վարդակներից, անջատիչներից և այլ տիպի էլեկտրական հարմարանքներից և սարքերից.

4) էլեկտրալամպերը կամ ջահերը փաթաթել թղթով կամ այլ այրվող նյութերով.

5) առանց չայրվող նյութից պատրաստված տակդիրի` օգտագործել էլեկտրական արդուկներ, սալօջախներ.

6) առանց հսկողության թողնել ցանցին միացված էլեկտրաջեռուցիչ սարքեր, հեռուստացույցներ, ռադիոընդունիչներ և այլ սպառիչներ, եթե դա արգելված է արտադրող կազմակերպության կողմից.

7) օգտագործել ոչ ստանդարտ (տնայնագործական) էլեկտրաջեռուցիչ սարքեր, ներդիրներ, այլ սարքեր` գերծանրաբեռնվածության և կարճ միացման հոսանքներից պաշտպանելու համար.

8) պահեստներով, արտադրական և այլ նշանակության շինություններով տարանցիկ հաղորդալարերի և մալուխների անցկացումը:

49. Չի թույլատրվում մեկ խողովակում, մետաղական ճկախողովակում, լարերի փնջում, շինարարական կառուցվածքների փակ անցուղիներում համատեղ տեղադրել աշխատանքային և վթարային լուսավորության շղթաների սնման և կառավարման մալուխներ:

50. «Ելք» լուսային ցուցանակները պետք է գտնվեն սարքին վիճակում և միշտ միացված լինեն: Հանդիսասրահներում, ցուցասրահներում, ցուցահանդեսային սրահներում դրանք կարող են միացվել միայն միջոցառումների անցկացման ժամանակ:

51. Շարժական էլեկտրալուսատուների համար պետք է օգտագործվեն ճկուն հաղորդագծեր և դրանք պետք է սարքավորված լինեն ապակե թասակներով, պաշտպանված լինեն պահպանիչ ցանցերով և ապահովված լինեն կեռիկներով:

52. Լամպաշարերի պատրաստման ժամանակ`

1) անհրաժեշտ է օգտագործել միայն չայրվող նյութեր, իսկ դրանց իրանները պետք է մեկուսացվեն պահիչ պողպատաճոպանից.

2) լուսարձակները և լամպաշարերը պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի մինչև այրվող նյութից պատրաստված կառուցվածքները և իրերը ընկած հեռավորությունը լինի 0.5 մ-ից, իսկ ոսպնյակային լուսարձակների տեղադրման տեղերից` 2 մ-ից ոչ պակաս.

2) լուսարձակների, լամպաշարերի լուսազտիչները պետք է լինեն չայրվող նյութերից:

53. Էլեկտրավառարանները առանց ջերմակարգավորիչների չի թույլատրվում օգտագործել:

54. Պետք է հետևել մալուխների, հաղորդալարերի, էլեկտրաշարժիչների, լուսատուների և այլ էլեկտրասարքավորումների ճիշտ ընտրությանը և շահագործմանը, կախված շինության հրդեհապայթյունավտանգության դասից և շրջակա միջավայրի պայմաններից:

55. Էլեկտրացանցի գերբեռնվածությունից, կարճ միացումից, ինչպես նաև այլ վթարային ռեժիմներից հրդեհների կանխման նպատակով, պետք է պարբերաբար հսկողություն սահմանել էլեկտրասարքավորումների տեխնիկական վիճակի վրա:

56. Անցումային դիմադրությունները նվազեցնելու նպատակով հաղորդալարերի կցամիացումները անհրաժեշտ է իրականացնել հատուկ սեղմակների, եռակցման կամ զոդման եղանակով:

 

ԳԼՈՒԽ 5
ՋԵՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՕԴԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

57. Ջեռուցման ժամանակաշրջանը սկսելուց առաջ օբյեկտների ղեկավարների կողմից պետք է ստուգվեն և անհրաժեշտության դեպքում վերանորոգվեն վառարանները, կաթսայատները, ջերմագեներատորները, ինչպես նաև ջեռուցման այլ սարքերը, համակարգերը:

Չի թույլատրվում շահագործել անսարք վառարանները և այլ ջեռուցման սարքերը:

58. Վառարանները և այլ ջեռուցման սարքերը պետք է այրվող կառուցվածքներից, հակահրդեհային պահանջներով սահմանված, հակահրդեհային անջատոցներ ունենան: Վառարանի հնոցի առաջ պետք է լինի մետաղյա թիթեղ 0.5x0.7 մ-ից ոչ պակաս չափերով (փայտե և այլ այրվող նյութերից հատակի դեպքում):

59. Բազմաբնակարան շենքերի ծխաօդատար ուղիների մաքրումը պետք է կատարվի առնվազն տարին մեկ անգամ` ջեռուցման ժամանակաշրջանը սկսելուց առաջ: Գործարանների և այլ արտադրական շենքերի ու շինությունների ծխնելույզների և վառարանների մաքրումը մրից պետք է կատարվի ջեռուցման ժամանակաշրջանը սկսելուց առաջ, ինչպես նաև ամբողջ ջեռուցման ժամանակաշրջանում`

1) ջեռուցման վառարանների համար ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ.

2) անընդհատ գործող վառարանների, օջախների համար` երկու ամիսը մեկ անգամ:

60. Յուրաքանչյուր կաթսայատան և ջերմագեներատորային սարքավորումների բոցամուղի սնման վառելիքամուղի վրա պետք է տեղադրվի երկու փական` մեկը հնոցի մուտքի մոտ, իսկ մյուսը վառելիքի տարողությունից անմիջապես հետո:

61. Կաթսայատների և այլ ջերմարտադրող, պայթյունահրդեհավտանգ սարքերի շարքին դասվող, սարքավորումների շահագործման ժամանակ չի թույլատրվում`

1) հեղուկ վառելանյութը պահել կաթսայատներում և ջերմագեներատորային շինություններում,

2) որպես վառելանյութ օգտագործել տվյալ սարքավորումների շահագործման տեխնիկական պայմաններով չնախատեսված վառելանյութեր»

3) ջերմարտադրող սարքավորումները շահագործել վառելիքի համակարգերից հեղուկ վառելանյութի կաթոցների (գազի արտահոսքի) դեպքում,

4) աշխատել հսկման և կարգավորման սարքերի անսարքությունների, անջատման, ինչպես նաև բացակայման դեպքում,

5) հրդեհավտանգ նյութերը չորացնել կաթսաների և շոգեմուղների վրա:

62. Վառարանային ջեռուցման սարքավորումների շահագործման ժամանակ չի թույլատրվում`

1) գործող վառարանները թողնել առանց հսկողության, ինչպես նաև հսկողությունը հանձնարարել 16 տարեկանից փոքր երեխաներին,

2) վառել ածուխ, կոքս, գազ այն վառարաններում, որոնք նախատեսված չեն այդ տիպի վառելիքների համար, ինչպես նաև վառարանի գործարկման համար օգտագործել չնախատեսված վառելանյութ,

3) ծխահեռացման համար օգտագործել օդափոխման և գազային անցուղիները:

63. Շենքերում, շինություններում (բացի բնակելի տներից) աշխատանքի ավարտից ոչ պակաս, քան երկու ժամ առաջ վառարանների գործարկումը պետք է դադարեցվի, իսկ մարդկանց շուրջօրյա ներկայությամբ օբյեկտներում` հիվանդանոցներում, գիշերօթիկ դպրոցներում, մանկատներում և այլ օբյեկտներում, քնելուց երկու ժամ առաջ:

Մանկական կազմակերպություններում, որտեղ երեխաները միայն ցերեկային ժամերին են լինում, վառարանների գործարկումը պետք է սկսել երեխաների գալուց մեկ ժամ առաջ:

64. Հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջներին չհամապատասխանող մետաղյա վառարանների տեղադրում չի թույլատրվում:

Հանրակացարաններում, վարչական, հասարակական շինություններում, ինչպես նաև բնակելի տներում ժամանակավոր մետաղյա և այլ վառարաններ տեղադրելիս պետք է կատարվեն արտադրող կազմակերպությունների ցուցումները, ջեռուցման համակարգերին ներկայացվող նախագծման նորմերի պահանջները: Գազով աշխատող ջեռուցման համակարգերը պետք է լինեն համապատասխան սերտիֆիկատ ունեցող գործարանային արտադրության և դրանց շահագործումը պետք է իրականացվի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգի պահանջների համաձայն:

65. Վառարաններից մինչև գույքը, դարակաշարերը, ցուցափեղկերը, վաճառասեղանները, պահարանները և այլ սարքավորումներն ընկած հեռավորությունը պետք է լինի 0.7 մ-ից ոչ պակաս, իսկ հնոցի անցքերից` ոչ պակաս, քան 1.25 մ:

66. Ձեղնահարկերով անցնող ծխահեռացման հորանների, անցուղիների պատերը պետք է սպիտակեցվեն:

67. Պինդ վառելիքով աշխատող կաթսայատների ծխնելույզները պետք է սարքավորված լինեն կայծմարիչներով և մաքրվեն մրից:

Շենքերի ներկառուցված կաթսայատներում չի թույլատրվում պինդ վառելիքի փոխարեն հեղուկ վառելիքի օգտագործումը:

68. Օդամուղների միջև կրակի կասեցման սարքերը (կափարիչներ, ծխափականներ, փականներ և այլն), օդափոխման համակարգերի բլոկավորման սարքերը, հրդեհի ազդարարման ինքնաշխատ սարքավորումները, ինչպես նաև հրդեհաշիջման, հրդեհի դեպքում օդափոխիչ համակարգի ինքնաշխատ անջատման սարքավորումները պետք է ստուգվեն և պահվեն սարքին վիճակում` համաձայն շահագործման տեխնիկական պայմանների:

69. Օդափոխման և օդի լավորակման համակարգերի շահագործման ժամանակ չի թույլատրվում`

1) բաց թողնել օդափոխման խցիկների դռները,

2) փակել արտածծիչ անցուղիները, անցքերը, վարդակները,

3) օդամուղներին միացնել գազային ջեռուցիչ սարքեր:

70. Օդափոխիչ խցիկները, փոշեզատիչները (ցիկլոնները), զտիչները, օդամուղները պետք է մաքրվեն դյուրավառ փոշուց, արտադրության թափոններից` օբյեկտի ղեկավարի կողմից ընդունված համապատասխան իրավական ակտով սահմանված ժամկետներում:

71. Հրդեհապայթյունավտանգ արտադրության շինություններում չի թույլատրվում աշխատել տեխնոլոգիական սարքավորումների ջրազտիչների, չոր զտիչների, փոշեզտիչների, օդափոխման համակարգերի և այլ սարքավորումների անջատման կամ այլ անսարքությունների դեպքում:

72. Տաք փոշու հեռացման օդափոխիչների մեջ թափոնների ընկնելը կանխելու համար դրանցից առաջ պետք է տեղադրվեն քարորսիչներ, իսկ մետաղական առարկաների ներթափանցումը կանխելու համար` մագնիսական որսիչներ:

73. Սարքավորումներից հեռացվող փոշոտված օդի վերաշրջանառության ժամանակ զտիչների միջոցով պետք է ենթարկվի երկաստիճան մշակման:

 

ԳԼՈՒԽ 6
ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՑԱՆՑԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ

 

74. Հակահրդեհային ջրամատակարարման ցանցերը պետք է գտնվեն սարքին վիճակում և ապահովեն հակահրդեհային պահանջներով սահմանված, հրդեհաշիջման համար անհրաժեշտ ջրի ծախսը: Դրանց աշխատունակությունը պետք է ստուգվի ոչ պակաս, քան տարեկան երկու անգամ: Հրշեջ ծորակները պետք է գտնվեն սարքին վիճակում, իսկ ձմռան ամիսներին տաքացվեն և մաքրվեն ձյունից, սառույցից:

Ջրամատակարարման ցանցի առաջին հատվածների ջրածորակների անջատման կամ ցանցում պահանջվող չափից ջրի ճնշման նվազեցման դեպքում անհրաժեշտ է այդ մասին հայտնել հրշեջ փրկարարական ծառայության տարածքային ստորաբաժանում:

Կազմակերպության էլեկտրամատակարարումը պետք է ապահովի հրշեջ պոմպերի էլեկտրաշարժիչների անխափան աշխատանքը:

75. Ջրածորակների ջրավազանների (ջրաղբյուրների) մոտ, ինչպես նաև դեպի դրանք տանող ճանապարհներին պետք է տեղադրվեն համապատասխան ցուցատախտակներ (ծավալային լուսատուով, կամ հարթ լուսարտացոլիչ ծածկույթով), որոնց վրա պետք է պարզ նշվի մինչև ջրաղբյուր եղած հեռավորությունը:

76. Ներքին հակահրդեհային ջրամատակարարման ցանցի ծորակները պետք է համալրված լինեն փողրակներով (ճկափողերով) և փողակներով: Հրշեջ փողրակը պետք է միացված լինի ծորակին և փողակին: Ոչ պակաս, քան 6 ամիսը մեկ անգամ կանեփաթելային փողրակները պետք է նոր ծալքով վերափաթաթվեն:

77. Պոմպակայանի շինության ներսում պետք է փակցված լինի հակահրդեհային ջրամատակարարման ընդհանուր սխեման և պոմպերի կապվածքը: Յուրաքանչյուր սողնակի և ջրի ճնշումը բարձրացնող պոմպի վրա պետք է նշված լինի դրանց նշանակումը: Ջրի ճնշումը բարձրացնող պոմպերի միացման կարգը սահմանվում է հակահրդեհային միջոցառումների պլանով: Բնակավայրերի հակահրդեհային ջրամատակարարման պոմպակայանների շինությունները պետք է ունենան ուղիղ հեռախոսակապ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնական կայանի հետ:

78. Հրշեջ պոմպերի աշխատունակությունը օբյեկտների կողմից պետք է ստուգվի ոչ պակաս, քան տարին երկու անգամ:

79. Օբյեկտների տարածքում կամ դրանց մոտակայքում (200 մ շառավղով), երբ գոյություն ունեն բնական կամ արհեստական ջրաղբյուրներ (գետեր, լճեր, ավազաններ և այլն), պետք է կառուցվեն մերձատար ճանապարհներ, ինչպես նաև հատուկ հարմարեցված պինդ ծածկույթով հրապարակներ 12x12 մ-ից ոչ պակաս չափերով` հրշեջ մեքենաների կայանման և տարվա ցանկացած ժամանակ ջուր վերցնելու համար: Արհեստական ջրամբարների, դրանց մոտենալու ճանապարհների, ինչպես նաև ջրառման սարքավորումների մշտապես պատրաստության ապահովումը դրվում է համապատասխան կազմակերպությունների վրա:

80. Ջրաճնշիչ աշտարակները պետք է հարմարեցված լինեն տարվա ցանկացած ժամանակ հրշեջ տեխնիկայով ջուր վերցնելու համար: Չի թույլատրվում հրդեհաշիջման համար նախատեսված ջրի պաշարների օգտագործումը տնտեսական և արտադրական նպատակների համար:

 

ԳԼՈՒԽ 7
ՀՐԴԵՀԻ ԱԶԴԱՆՇԱՆՄԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ, ՀԱԿԱԾԽԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

81. Օբյեկտները պետք է համալրված լինեն հրդեհաշիջման, հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերով և հրդեհի տագնապի ազդանշանի փոխանցման համակարգով` համաձայն սույն հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված հավելվածի:

Հակահրդեհային ինքնաշխատ համակարգերից հրդեհի տագնապի ազդանշանը պետք է փոխանցվի լիազոր մարմնին` այդ նպատակի համար կիրառելով կապի հնարավոր տարատեսակները (Internet/Eternet/GSM/GPRS/հեռախոսային ֆիքսված ցանց և այլն), ընդ որում 3000 քմ և ավել տարածք ունեցող օբյեկտների համար ռադիոկապի կիրառումը պարտադիր է:

82. Հրդեհաշիջման, հրդեհի ազդանշանման ինքնաշխատ կայանքների, հրդեհի տագնապի ազդարարման ինքնաշխատ համակարգի տեսակը, շիջման ձևը, կրակմարիչ միջոցները որոշվում են նախագծող կազմակերպության կողմից` կախված պաշտպանվող շենքերի ու կառույցների տեխնոլոգիական, կառուցողական և ծավալահատակագծային առանձնահատկություններից, հաշվի առնելով սույն հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված հավելված:

83. Սույն հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված հավելվածի` 3, 6.1, 7, 9, 10, 13, 38-43, 50-53, 56-62 կետերում թվարկված շենքերն ու շինությունները հրդեհի տագնապի ազդարարման ինքնաշխատ համակարգի կիրառման դեպքում հարկավոր է կիրառել ծխային տվիչներ:

84. Սույն հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված հավելվածում թվարկված շենքերում և շինություններում համապատասխան ինքնաշխատ սարքերով պետք է պաշտպանել բոլոր տարածքները, անկախ մակերեսից, բացի այն տարածքներից, որոնցում առկա են.

1) թաց գործընթացով սենքերի (ցնցուղարաններ, սանհանգույցներ, սառեցման խցեր, լվացման սենքեր և այլն).

2) օդափոխության համակարգի սենքերի (ներածման, ինչպես նաև արտածման, որոնք նախատեսված չեն «Ա» կամ «Բ» կարգի արտադրական սենքերի սպասարկման համար), ջրամատակարարման պոմպակայանի, ջրաջեռուցիչ և շենքի ինժեներական սարքավորումների այլ սենքերի, որտեղ բացակայում են վառողունակ նյութեր.

3) հրդեհային վտանգավորության «Գ» և «Դ» կատեգորիայի սենքերի.

4) միջանցքներից դռներով առանձնացված սանդղավանդակների:

85. Եթե հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերով սարքավորման ենթակա սենքերի մակերեսը կազմում է շենքի, շինության հարկերի ընդհանուր մակերեսի 40% և ավելի, ապա անհրաժեշտը է շենքի, շինության սարքավորումները ամբողջությամբ կահավորել հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերով, բացառությամբ սույն կանոնների 84-րդ կետում թվարկած տարածքների:

86. Պայթյունավտանգ նյութերի շրջանառությամբ արտաքին տեխնոլոգիական սարքերի պաշտպանությունը հրդեհի հայտնաբերման և շիջման ինքնաշխատ սարքերով որոշվում է սահմանված կարգով համաձայնեցված ու հաստատված նորմատիվային փաստաթղթերով:

87. Սույն հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված հավելվածում չընդգրկված շենքերը, շինությունները և կառույցները հրդեհի տագնապի ազդարարման ինքնաշխատ համակարգով, հրդեհի տագնապի ազդանշանի փոխանցման ինքնաշխատ սարքով, հրդեհաշիջման և հրդեհի ազդանշանման ինքնաշխատ սարքերով համալրվում են Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

88. Հրդեհաշիջման և հրդեհի ազդանշանման ինքնաշխատ կայանքները պետք է նախագծել, մոնտաժել և շահագործել` ելնելով էլեկտրակայանքների սարքվածքի կանոնների (այսուհետ ԷՍԿ) («Շենքերի և շինությունների հրդեհային ավտոմատիկայի» ՀՀՇՆ II-8.04.02-2005) և տվյալ բնագավառում գործող այլ նորմատիվային փաստաթղթերից, ինչպես նաև հրդեհից պաշտպանվող շենքերի, սենքերի և շինությունների շինարարական առանձնահատկություններից, հրամարիչ նյութերի կիրառման հնարավորություններից ու պայմաններից` հաշվի առնելով արտադրության տեխնոլոգիական գործընթացի բնույթը:

89. Հրդեհաշիջման և հրդեհի ազդանշանման ինքնաշխատ կայանքների մալուխներն ու հաղորդալարերը պետք է պահպանեն իրենց աշխատունակությունը հրդեհի դեպքում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մարդկանց վտանգավոր գոտուց լրիվ տարահանման համար:

90. Հրդեհաշիջման և հրդեհի ազդանշանման ինքնաշխատ կայանքների տեխնիկական սարքավորումների միջև կապի գծերը պետք է իրականացվեն հաշվի առնելով դրանց գործունեության բավարարումը հրդեհի դեպքում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է հրդեհի հայտնաբերման համար: Տարահանման ազդանշանը պետք է տրվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մարդկանց տարահանման, ինչպես նաև այլ տեխնիկական կայանքների կառավարման համար:

Այն դեպքում երբ հրդեհի ազդանշանման ինքնաշխատ կայանքների համար վերոհիշյալ պահանջները հուսալիորեն ապահովելը անհնար է` գերադասությունը պետք է տրվի ռադիոկապով աշխատող կայանքներին:

91. Հրդեհաշիջման և հրդեհի ազդանշանման ինքնաշխատ կայանքի տեսակը և հրամարիչ նյութն անհրաժեշտ է ընտրել` հաշվի առնելով արտադրվող, պահվող և օգտագործվող նյութերի ֆիզիկաքիմիական հատկությունները և հրդեհային վտանգավորությունը:

92. Հրդեհաշիջման և հրդեհի ազդանշանման ինքնաշխատ կայանքի գործարկման դեպքում պետք է նախատեսվի պաշտպանվող սենքերում գտնվող տեխնոլոգիական սարքավորումների անջատման համար ազդանշանում ըստ տեխնոլոգիական կանոնակարգի և նորմատիվ փաստաթղթերի:

93. Շահագործման ընթացքում պետք է ապահովված լինի կայանքների ինժեներական միջոցների հուսալի սպասարկումը, նախատեսված ժամկետներում փորձարկումը, փաստաթղթավորումը և աշխատունակությունը:

94. Պահպանվող սենքերում չի թույլատրվում հրդեհաշիջման և ծխապաշտպանիչ համակարգերի միաժամանակյա միացումը:

95. Հակածխային պաշտպանության համակարգի գործարկումը պետք է իրականացվի հրդեհի ծխային լարային ազդասարքերի միջոցով:

96. Հրդեհաշիջման և հրդեհի ազդանշանման ինքնաշխատ կայանքների էլեկտրաընդունիչները` ըստ էլեկտրամատակարարման հուսալիության ապահովման աստիճանի (բացառությամբ նորմերով սահմանված դեպքերի և պայմանների), համաձայն ԷՍԿ պետք է դասել 1-ին կարգին:

97. Հրդեհաշիջման և հրդեհի ազդանշանման ինքնաշխատ կայանքները շահագործման են հանձնվում նորմերով սահմանված կարգի համաձայն` պատվիրատու, նախագծող, մոնտաժող կազմակերությունների և լիազոր մարմնի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբի կողմից կազմված և հաստատված ակտի հիման վրա:

98. Հրդեհի ազդանշանման և հրդեհաշիջման ինքնաշխատ սարքերի, հակածխային պաշտպանության համակարգերի, մարդկանց հրդեհի մասին տեղեկացման և տարահանման կառավարման տեխնիկական միջոցների սպասարկման և պլանային կանխիչ նորոգման կանոնակարգային աշխատանքները պետք է իրականացվեն տարեկան ժամանակացույցի համաձայն, որը կազմվում է կազմակերպությունների տեխնիկական փաստաթղթերի և վերանորոգման աշխատանքների կատարման ժամկետների հիման վրա: Սարքավորումների (առանձին գծերի, ազդասարքերի) անջատման հետ կապված տեխնիկական սպասարկման և վերականգնման աշխատանքներ կատարելիս, օբյեկտի ղեկավարը (անհատ ձեռնարկատերը) պարտավոր է միջոցներ ձեռնարկել` շենքերը, շինությունները, տեխնոլոգիական սարքավորումները հրդեհից պաշտպանելու համար:

99. Կարգավարական (հրշեջ) կետում պետք է փակցվեն հրահանգներ հրդեհի առաջացման, հրշեջ ինքնաշխատ կայանքների անսարքությունների մասին ազդանշան ստանալու դեպքում օպերատիվ անձնակազմի (հերթապահի) գործողությունների վերաբերյալ: Կարգավարական (հրշեջ) կետը պետք է ապահովված լինի հեռախոսային կապով, ինչպես նաև սարքին էլեկտրական լապտերներով (երեք հատից ոչ պակաս):

100. Հակահրդեհային ինքնաշխատ սարքերը պետք է գտնվեն սարքին վիճակում և համապատասխանեն նախագծային փաստաթղթերին: Չի թույլատրվում սարքավորումները ինքնաշխատից փոխադրել ձեռքի գործարկման, բացառությամբ հրդեհային անվտանգության կանոններով և նորմատիվ փաստաթղթերով սահմանված դեպքերի:

101. Բալոնների, հրդեհաշիջման կայանքների տարողությունների մեջ եղած հրդեհաշիջման նյութերի կշիռն ու ճնշումը 10 և ավելի տոկոսով հաշվարկայինից ցածր լինելու դեպքում, դրանք պետք է վերալցավորվեն:

102. Ցայտաջրմուղային կայանքների, հրշեջ ջրածածկույթ առաջացնող սարքավորումների ոռոգիչների մեխանիկական վնասվածքների առաջացման վտանգ ունեցող մասերը պետք է պաշտպանվեն հուսալի ցանկապատերով: Չի թույլատրվում շարքից դուրս եկած ոռոգիչ սարքերի փոխարեն խցափակիչներ, խցաններ տեղադրել:

103. Հրդեհաշիջման կայանքը պետք է ապահովված լինի կապվածքի և հրդեհի դեպքում սարքավորումների ղեկավարման սխեմաներով:

Կառավարման յուրաքանչյուր հանգույցի մոտ պետք է փակցվի ցուցատախտակ և վրան նշվի պահպանվող շինությունները, դրանց տեսակը, իսկ կայանքի հատվածամասում սողնակները և ծորակները պետք է համարակալվեն:

104. Հրդեհի ազդարարման համակարգերը պետք է ապահովեն, տարահանման հատակագծի համաձայն, ազդանշանի միաժամանակ հաղորդումը ամբողջ շենքում (շինությունում) կամ մասնակիորեն առանձին մասերում (հարկերում, բաժանմունքներում և այլն):

Առողջապահական, մանկական, նախադպրոցական կազմակերպություններում, ինչպես նաև գիշերօթիկ դպրոցների ննջասենյակներում, մասնաշենքերում հրդեհի մասին ազդարարվում է միայն սպասարկող անձնակազմը: Ազդարարման համակարգերի օգտագործման կարգը պետք է որոշվի դրանց շահագործման հրահանգներով և տարահանման հատակագծերով, որտեղ պետք է նշվեն համակարգերը գործողության մեջ դնելու իրավասու անձինք:

105. Հրդեհի մասին մարդկանց ազդարարման տեխնիկական սարքեր չպահանջվող շենքերում ազդանշանման ազդարարման կարգը պետք է որոշի օբյեկտի ղեկավարը և նշանակի դրա համար պատասխանատու անձինք:

106. Ազդարարիչները (բարձրախոսները) չպետք է ունենան ձայնի բարձրության կարգավորիչներ և ցանցին պետք է միացվեն առանց անջատիչի:

Ազդարարման տեքստի հաղորդման հուսալիությունն ապահովելու, ինչպես նաև տարահանումը կառավարելու համար, թույլատրվում է օգտագործել օբյեկտում գտնվող ռադիոհաղորդման և այլ հաղորդման ցանցերը:

 

ԳԼՈՒԽ 8
ՀՐԴԵՀԻ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳ

 

107. Հրդեհը հայտնաբերելու դեպքում, «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, քաղաքացիները պարտավոր են այդ մասին հայտնել հրդեհային պահպանության մարմիններին և հնարավոր միջոցներ ձեռնարկել մարդկանց, գույքը փրկելու և հրդեհը մարելու համար:

108. Օբյեկտի ղեկավարը (իրավասու պաշտոնատար անձը) հրդեհի վայր հասնելուց հետո պարտավոր է`

1) անմիջապես կազմակերպել մարդկանց փրկումը, եթե նրանց կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում,

2) շենքում դադարեցնել բոլոր աշխատանքները (եթե դա թույլատրվում է արտադրության տեխնոլոգիական պրոցեսներով), բացի այն աշխատանքներից, որոնք կապված են հրդեհի վերացման միջոցառումների հետ,

3) մինչև հրշեջ փրկարարական ստորաբաժանումների ժամանումը իրականացնել հրդեհաշիջման աշխատանքների ընդհանուր ղեկավարումը (հաշվի առնելով օբյեկտի առանձնահատկությունները)»

4) կազմակերպել հրդեհի տարածումը և շինությունների ծխապատումը կանխող միջոցառումներ,

5) ապահովել հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված աշխատակիցների կողմից անվտանգության պահանջների կատարումը,

6) կազմակերպել հրշեջ փրկարարական ստորաբաժանումների դիմավորումը:

109. Հրշեջ փրկարարական ստորաբաժանման ժամանումից հետո օբյեկտի ղեկավարը (կամ նրան փոխարինող անձը) պարտավոր է հրդեհաշիջման ղեկավարին տեղեկացնել օբյեկտի կառուցվածքային և տեխնոլոգիական առանձնահատկությունների, հարակից շենքերի, շինությունների, պահվող, օգտագործվող նյութերի, արտադրանքի քանակի, դրանց հրդեհավտանգ հատկությունների մասին, հաղորդել այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են հրդեհի հաջող վերացման համար, ինչպես նաև կազմակերպել օբյեկտի ուժերի և միջոցների ներգրավումը հրդեհի վերացման աշխատանքներին:

 

ԲԱԺԻՆ II
ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ

 

ԳԼՈՒԽ 9
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

110. Անտառային զանգվածներում գտնվող բնակավայրերի համար կառավարման մարմինները և կազմակերպությունները անհրաժեշտության դեպքում մշակվում և իրականացվում են միջոցառումներ` անտառային և տորֆային հրդեհների ժամանակ կրակի տեղափոխումը դեպի շենքերը և շինությունները բացառելու նպատակով: Այդ նպատակով պետք է ստեղծվեն հրդեհային պաշտպանության գոտիներ, ամռան ամիսներին հեռացվի չոր բուսականությունը և այլն:

111. Ամառային ամիսներին կայուն չոր, շոգ և քամոտ եղանակի պայմաններում գյուղական բնակավայրերում, կազմակերպություններում, ամառանոցային ավաններում խարույկների վառումը, հրդեհավտանգ աշխատանքների կատարումը կարող է ժամանակավորապես դադարեցվել:

112. Հրդեհի դեպքում հրշեջ փրկարարական ծառայությանը հաղորդելու համար, բնակավայրերը և առանձին տեղաբաշխված օբյեկտները պետք է ունենան սարքին հեռախոսային, ռադիո կամ կապի այլ միջոցներ:

113. Անտառային գոտիներում հրդեհային պահպանությունն իրականացվում է համաձայն կառավարության 19.09.1998 թվականի «Հայաստանի Հանրապետության անտառներում հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 589 որոշման:

 

ԳԼՈՒԽ 10
ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐ

 

114. Չի թույլատրվում բնակելի շենքերի բնակարաններում, հանրակացարանների բնակելի սենյակներում ստեղծել արհեստանոցներ, պահեստներ, որտեղ օգտագործվում և պահվում են պայթյունահրդեհավտանգ նյութեր, բացառությամբ նախագծման նորմերով նախատեսված դեպքերի:

Բնակարաններում, բնակելի սենյակներում թույլատրվում է պահել 20 լիտրից ոչ ավելի այրվող կամ դյուրավառ հեղուկներ (այրվող գազեր): Չի թույլատրվում այրվող կամ դյուրավառ հեղուկները, այրվող գազի բալոնները պահել փակ պատշգամբներում և խորշապատշգամբներում, եթե օդափոխության համակարգ չկա:

115. Խոհանոցային սալօջախները գազով մատակարարելու համար նախատեսված գազաբալոնային սարքերը (բալոններ 12լ-ից ավելի տարողությամբ) պետք է տեղադրվեն արտաքին խուլ պատին կից չայրվող շինությունում (պահարանում), որից մինչև մուտքն ընկած հեռավորությունը 5 մ-ից պակաս չպետք է լինի: Կից շինությունում (պահարանում) պահվող բալոնների քանակը 3-ից ավելի չպետք է լինի:

116. Հյուրանոցների, մոթելների, կեմպինգների, հանրակացարանների համարներում (միջանցքներում) պետք է փակցված լինեն հրդեհի դեպքում տարահանման ուղղությունը ցույց տվող նշագծեր, սլաքներ:

117. Հրդեհի դեպքում բնակիչների տարահանումը հաջող կազմակերպելու համար հյուրանոցի աշխատակազմը պետք է ապահովված լինի անհատական պաշտպանության միջոցներով (շնչառական դիմակներ, հակագազեր և այլն):

118. Սոցիալական ապահովության կազմակերպություններում` ծերանոցներ, հաշմանդամների տներ, մանկատներ) պետք է կազմակերպվի սպասարկող անձնակազմի շուրջօրյա հերթապահություն: Հերթապահը պարտավոր է իր մոտ ունենալ տարահանման բոլոր ելքերի դռների բանալիները, իսկ մյուս օրինակը պետք է պահվի հերթապահի սենյակում:

 

ԳԼՈՒԽ 11
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

119. ՈՒսումնասիրություններ, գիտափորձեր կատարելու ընթացքում գիտական ղեկավարը (պատասխանատու կատարողը) պարտավոր է անհրաժեշտ նախազգուշական միջոցներ ձեռնարկել հրդեհային անվտանգությունն ապահովելու նպատակով:

120. Լաբորատորիաներում և այլ սենյակներում պահվող այրվող և դյուրավառ հեղուկների քանակը չպետք է գերազանցի մեկ հերթափոխային պահանջմունքը:

121. Դյուրավառ հեղուկները պետք է աշխատանքային օրվա վերջում լցվեն հատուկ փակ տարայի մեջ և լաբորատորիայից տեղափոխվեն: Չի թույլատրվում այրվող և դյուրավառ հեղուկները թափել կոյուղի:

122. Դասասենյակներում և աշխատասենյակներում դպրոցական նստարանների (սեղանների) քանակը չպետք է գերազանցի նախագծման նորմերով սահմանվածից:

123. Պարապմունքների ավարտից հետո բոլոր պայթյունահրդեհավտանգ նյութերը աշխատասենյակներից, լաբորատորիաներից և արհեստանոցներից պետք է տեղափոխվեն հատուկ սարքավորված սենյակներ:

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
18.06.2015
N 595-Ն
Հրաման