Սեղմել Esc փակելու համար:
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԸ ԱԴՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՍՀ-Ի ԿԱԶՄԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԿԱԶՄԻ Մ ...

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՍՀ-Ի
ԿԱԶՄԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԿԱԶՄԻ ՄԵՋ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՍՀ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏՆԵՐԻ ԱՌՋԵՎ ՄԻՋՆՈՐԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՍՀ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՍՈՎԵՏԻ 1988 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը, քննարկելով Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի մի խումբ դեպուտատների դիմումը, որոշում է.

1. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նստաշրջանի քննարկմանը մտցնել «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ Գերագույն սովետների առջև միջնորդելու մասին» Ադրբեջանական ՍՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական դեպուտատների մարզային սովետի 1988 թվականի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի որոշման մասին» հարցը:

2. Տվյալ հարցի վերաբերյալ որոշման նախագիծը ներկայացնել Հայկական ՍՍՀ տասնմեկերորդ գումարման Գերագույն սովետի յոթերորդ նստաշրջանի քննարկմանը (կցվում է):

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը դիմում է հանրապետության բոլոր բնակիչներին` ցուցաբերել քաղաքացիական հասունություն, զսպվածություն և խոհեմություն, մեր բազմազգ երկրի, ամբողջ սովետական ժողովրդի հանդեպ պատասխանատվություն: Սովետական Հայաստանի աշխատավորների արմատական շահերը հրամայաբար պահանջում են ամենուրեք հաստատել հանգիստ, կայուն իրադրություն: Միայն այդպիսի պայմաններում, սոցիալիստական օրինականության, հասարակական կարգի պահանջները լիովին ու անշեղորեն կատարելու, աշխատանքի ու կյանքի նորմալ ռիթմը ապահովելու դեպքում է հնարավոր հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում կուտակված պրոբլեմների, հարցերի և առաջարկությունների համակողմանի ու օբյեկտիվ ուսումնասիրումը, քննարկումն ու լուծումը:

 

9 հունիսի 1988 թվականի,

թիվ 1242-XI.

 

Նախագիծ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՍՀ-Ի ԿԱԶՄԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԿԱԶՄԻ ՄԵՋ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏՆԵՐԻ ԱՌՋԵՎ ՄԻՋՆՈՐԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՍՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՄԱՐԶԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՍՈՎԵՏԻ 1988 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցը, ինչպես և ազգամիջյան հարաբերությունների շատ այլ չլուծված պրոբլեմներ գտնվում են ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեի ուշադրության կենտրոնում, որի վկայությունն է ՍՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Մ.Ս. Գորբաչովի` սոցիալիստական ինտերնացիոնալիզմի ոգով համակված դիմումը Ադրբեջանի և Հայաստանի աշխատավորներին, ժողովուրդներին: Այդ դիմումը երախտագիտությամբ և հանուն սովետական ժողովուրդների բարեկամության ամրապնդման մեծ պատասխանատվության զգացումով ընդունվեց Սովետական Հայաստանի հասարակայնության, բոլոր աշխատավորների կողմից:

ՍՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի որոշմամբ Կենտկոմի քարտուղարությանը հանձնարարված է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում կուտակված պրոբլեմների, նրա շուրջը ազգամիջյան հարաբերությունների սրման պատճառների խոր ու համակողմանի ուսումնասիրությունը, համապատասխան առաջարկությունների մշակումը և ըստ դրանց պատրաստության աստիճանի ներկայացնել ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ կառավարության քննարկմանը: Լեռնային Ղարաբաղի պրոբլեմների, մարզի աշխատավորների կարիքների նկատմամբ մեծ ուշադրության վկայություն է հանդիսանում նաև Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման արագացման միջոցառումների մասին ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումը:

Հանրապետության Գերագույն սովետը միահամուռ պաշտպանում է համամիութենական XIX կուսկոնֆերանսին ուղղված ՍՄԿԿ Կենտկոմի թեզիսները, որոնցում նշվում է, որ քաղաքական սիստեմի վերակառուցման շրջանակներում անհրաժեշտ է քննարկել և հասունացած միջոցներ ձեռնարկել սովետական ֆեդերացիայի հետագա զարգացման ուղղությամբ, պահանջվում է մշտական ուշադրություն ազգամիջյան հարաբերությունների հարցերին, յուրաքանչյուր ազգի և ազգության զարգացմանը:

Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Գերագույն սովետը որոշում է.

1. Համակողմանիորեն ուսումնասիրել Ադրբեջանական ՍՍՀ ժողովրդական դեպուտատների Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզային սովետի 1988 թվականի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի որոշումը և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը ստեղծված լարված իրավիճակը, ինչպես նաև ԼՂԻՄ-ի և Հայկական ՍՍՀ բնակչության բացարձակ մեծամասնության կամքի արտահայտությունը, ղեկավարվելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի մասին ՍՍՀՄ սահմանադրության 70 հոդվածով, համաձայնություն տալ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայկական ՍՍՀ կազմի մեջ անցնելուն:

2. Հայկական ՍՍՀ Գերագույն սովետը դիմում է ՍՍՀՄ Գերագույն սովետին և Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն սովետին քննարկել և դրականորեն լուծել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ կազմի մեջ անցնելու հարցը:

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետը գտնում է, որ այդպիսի որոշումը չի խախտի երկու հանրապետությունների միջև եղած ավանդական բարիդրացիական հարաբերությունները և հույս է հայտնում, որ այն ըմբռնումով կընկալվի ադրբեջանական ժողովրդի կողմից:

 

 

pin
ՀՀ ԳԽ նախագահություն
09.06.1988
N 1242-XI
Որոշում