Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱԲԻՏԱՏ III» ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԻՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱԲԻՏԱՏ III» ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

11 սեպտեմբերի 2014 թվականի N 38

 

14. «ՀԱԲԻՏԱՏ III» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցների պատրաստման և հաստատման կարգի 12-րդ և 13-րդ կետերի`

1. Հավանություն տալ «Հաբիտատ-III» Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել «Հաբիտատ-III» Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցի պաշտոնական թարգմանությունը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թ. սեպտեմբերի 11-ի նիստի

N 38 արձանագրային որոշման

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Ներածություն

 

«ՀԱԲԻՏԱՏ III» ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑ

 

I. Բնակավայրերի ժողովրդագրական հիմնախնդիրներ

 

1.1 Գերուրբանիզացիայի կառավարում

1.2 Քաղաքային և գյուղական համայնքների փոխհարաբերության կառավարում

1.3 Երիտասարդության կարիքների ապահովում

1.4 Տարեցների կարիքների ապահովում

1.5 Կանանց ներգրավվածությունը քաղաքային կառավարման ոլորտում

1.6 Այս բնագավառի փորձառված մարտահրավերները և քաղած դասերը

1.7 Ապագայի մարտահրավերներ /խնդիրներ, որոնց կարելի է անդրադառնալ քաղաքային նոր օրակարգում/

 

II. Հողերի կառավարում և քաղաքային պլանավորում

 

2.8 Քաղաքների կայուն զարգացման պլանավորման և նախագծման ապահովում

2.9 Տարածական պլանավորում և քաղաքների ընդարձակման կանխարգելում

2.10 Քաղաքային և գյուղական արտադրության արդյունավետության բարձրացում

2.11 Քաղաքների շարժունություն

2.12 Քաղաքների պլանավորման և կառավարման տեխնիկական կարողությունների բարձրացում

2.13 Այս բնագավառի փորձառված մարտահրավերները և քաղած դասերը

2.14 Այս բնագավառների մարտահրավերները և հարցերը, որոնք կարող են ուղղվել նոր քաղաքային օրակարգի կողմից

 

III. Շրջակա միջավայր և ուրբանիզացիա

 

3.15 Պայքար կլիմայի փոփոխության դեմ

3.16 Աղետների ռիսկի նվազեցում

3.17 Երթևեկության կուտակումների նվազեցում

3.18 Օդի աղտոտվածություն

3.19 Այս բնագավառի փորձառված մարտահրավերները և քաղած դասերը

3.20 Այս բնագավառների մարտահրավերները և հարցերը, որոնք կարող են ուղղվել նոր քաղաքային օրակարգի կողմից

 

IV. Քաղաքային կառավարում և օրենսդրություն

 

4.21 Քաղաքային օրենսդրության կատարելագործում

4.22 Տեղական իշխանությունների ապակենտրոնացում և ուժեղացում

4.23 Քաղաքաշինության բնագավառում մարդու իրավունքների պաշտպանության և մասնակցության բարելավումը

4.24 Տեղական իշխանությունների ապակենտրոնացում և ուժեղացում

4.25 Սոցիալական ներգրավվածության և արդարության բարելավում

4.26 Այս բնագավառի փորձառված մարտահրավերները և քաղած դասերը

4.27. Այս բնագավառների մարտահրավերները և հարցերը, որոնք կարող են ուղղվել նոր քաղաքային օրակարգի կողմից

 

V. Քաղաքային տնտեսություն

 

5.28 Բարելավել քաղաքային/տեղական ֆինանսավորում

5.29 Բնակարանային/բնակարանաշինության ֆինանսավորման մատչելիության ամրապնդում և բարելավում

5.30 Աջակցություն տեղական տնտեսական զարգացմանը

5.31 Արժանավայել աշխատավայրերի և ապրուստի միջոցների ապահովում

5.32 Քաղաքային տնտեսության ինտեգրումը ազգային զարգացման քաղաքականության մեջ

5.33 Այս բնագավառի փորձառված մարտահրավերները և քաղած դասերը

5.34 Այս բնագավառների մարտահրավերները և հարցերը, որոնք կարող են ուղղվել նոր քաղաքային օրակարգի կողմից

 

VI. Բնակարանային քաղաքականություն և սպասարկում

 

6.35 Հյուղակների բարեկարգում և կանխարգելում

6.36 Համարժեք բնակարանների մատչելիության բարելավում

6.37 Անվտանգ խմելու ջրի օգտագործման կայունության ապահովումը

6.38 Հիմնական առողջապահությանը և ջրահեռացման հասանելիության կայունության ապահովում

6.39 Էկոլոգիապես մաքուր ներքին/տեղային էներգիայի հասանելիության բարելավում

6.40 Կայուն տրանսպորտային միջոցների մատչելիության բարելավում

6.41 Այս բնագավառի փորձառված մարտահրավերները և քաղած դասերը

6.42. Այս բնագավառների մարտահրավերները և հարցերը, որոնք կարող են ուղղվել նոր քաղաքային օրակարգի համար

 

VII. Ցուցանիշներ

VIII. Օգտագործված գրականություն

 

Օգտագործված հապավումներ

 

ՄԱԿ - Միավորված ազգերի կազմակերպություն

ՀՀ ԱՎԾ - ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

ՀԲ - համաշխարհային բանկ

ՀԶԲ - հայկական զարգացման բանկ

ՀՄԿ - Հայաստանի մաքսային կազմակերպություն

ՀՆԱ - համախառն ներքին արդյունք

ՏԻՄ - տեղական ինքնակառավարման մարմին

ՀԾՖՀ - Հանրային ծախսերի և ֆինանսական հաշվետվողականություն

ՔՀԿ - քաղաքացիական հասարակական կազմակերպություն

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

2016 թվականին տեղի կունենա ՄԱԿ-ի բնակարանային շինարարության և քաղաքաշինության կայուն զարգացման երրորդ համաժողովը /ՀԱԲԻՏԱՏ-III/, որը կամփոփի 1996 թվականից ցայսօր ընկած ժամանակահատվածում իրականացված ծրագրերը, հնարավորություն կստեղծի գնահատելու կատարված աշխատանքը, վեր հանելու քաղած դասերը և նախանշելու ապագա անելիքները:

Հայաստանի Հանրապետությունը 1991 թվականին իր անկախությունը հռչակելուց ի վեր, անդամակցելով մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում Միավորված ազգերի կազմակերպությանը, ակտիվորեն ներգրավվեց այդ հեղինակավոր կառույցի աշխատանքներին: Այս ընթացքում Հայաստանը միացել է բազմաթիվ հռչակագրերի և կոնվենցիաների, այդ թվում այնպիսի կարևորագույն փաստաթղթի, ինչպիսին է «Մարդու իրավունքների հռչակագիրը»:

Հայաստանը միանալով մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերին` համապատասխան պարտավորություններ ստանձնեց մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման և կառավարման մակարդակի բարձրացման համար:

1996 թ.-ին Ստամբուլում կայացած «ՀԱԲԻՏԱՏ II» ՄԱԿ-ի համաժողովը, որը կրում էր «Համարժեք տանիք բոլորի համար և բնակավայրերի կայուն զարգացում» խորագիրը, ընդունեց հռչակագիր և գործողությունների ծրագիր որին միացավ նաև Հայաստանը:

2000 թվականի սեպտեմբերին կայացած Հազարամյակի գագաթաժողովում Հայաստանն, ի թիվս մյուս երկրների, ստորագրեց Հազարամյակի հռչակագիրը, որով և արձանագրեց իր հաստատակամ որոշումը` մինչև 2015 թվականն ապահովել կայուն զարգացում, կրճատել աղքատությունը, ապահովել համատարած միջնակարգ կրթություն, օժանդակել գենդերային հավասարությանը և ընդլայնել կանանց իրավունքները, ապահովել շրջակա միջավայրի պահպանությունը և այլն:

ՄԱԿ-ի Բնակավայրերի հարցերով երկրորդ համաժողովից /ՀԱԲԻՏԱՏ II/ հինգ տարի անց, կայացավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջան, որի նպատակն էր ամբողջությամբ վերանայել ՀԱԲԻՏԱՏԻ օրակարգի կատարումը: Այս նախաձեռնության շրջանակներում 2001 թվականի հունիսին ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներն ընդունեցին «Քաղաքները և այլ բնակավայրերը նոր հազարամյակում» հռչակագիրը, որով վերահաստատեցին բոլորի կամքն ու ցանկությունը ամբողջությամբ իրագործել Ստամբուլում ընդունված Բնակավայրերի հռչակագիրը` ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագրի շրջանակներում:

Այս համատեքստում Հայաստանն իր գերակայությունների շարքում ներառեց նաև մինչև 2015 թ. բնակչության բնակարանային պայմանների բարելավումը, քաղաքաշինության կայուն զարգացման ապահովումը, գյուղ-քաղաք կապի զարգացումը, բնակչության համար աշխատելու և ապրելու արժանավայել պայմանների ստեղծումը:

2016 թվականին կայանալիք «ՀԱԲԻՏԱՏ III» ՄԱԿ-ի համաժողովի հիմնական թեմաներն են.

. Բնակավայրերի ժողովրդագրական հիմնախնդիրներ

. Հողերի կառավարում և քաղաքային պլանավորումը

. Շրջակա միջավայր և ուրբանիզացիա

. Կառավարում և օրենսդրություն

. Քաղաքային տնտեսություն

. Բնակարանային քաղաքականություն և սպասարկում

«ՀԱԲԻՏԱՏ III» ՄԱԿ-ի համաժողովին երկրի պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի մարտի 10-ի N 171-Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային զեկույցը:

Հաշվի առնելով «ՀԱԲԻՏԱՏ III»-ի հիմնական թեմաները զեկույցում շեշտադրվում են հարցերին առնչվող ազգային խնդիրներ, այդ թվում` Հայաստանի կողմից քաղաքաշինության, բնակարանաշինության, տնտեսության, բնական աղետների կանխարգելման, գյուղատնտեսության, տրանսպորտի և այլ ասպարեզներում իրականացված ծրագրերի ներկայացումը և Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման հաշվետվությունը:

 

«ՀԱԲԻՏԱՏ-III» ազգային զեկույց

 

1. Բնակավայրերի ժողովրդագրական հիմնախնդիրներ

1.1 Գերուրբանիզացիայի կառավարում

 

ՈՒրբանիզացիայի մակարդակը կամ քաղաքային բնակչության աճը Հայաստանում հանդիսանում է շուրջ մեկ հարյուրամյակ ծավալվող գործընթացների հետևանք` արտացոլվելով համապատասխան վիճակագրական տվյալներում: Դրանց համաձայն սկսած 1897 թվականից Հայաստանի քաղաքային բնակչության տոկոսն աճել է շուրջ 5 անգամ (Աղյուսակ 1):

 

Աղյուսակ 1. ՀՀ մշտական բնակչությունը տարեսկզբի դրությամբ, հազ. մարդ

 

._________________________________________________________.

|Տարիներ|Ընդամենը |     այդ թվում     |տոկոսներով`        |

|       |         |                   |ընդհանուրի նկատմամբ|

|       |         |___________________|___________________|

|       |         |քաղաքային|գյուղական|քաղաքային|գյուղական|

|_______|_________|_________|_________|_________|_________|

|1995   |   3753.5|   2533.2|   1220.3|     67.5|     32.5|

|_______|_________|_________|_________|_________|_________|

|2000   |   3803.4|   2535.7|   1267.7|     66.7|     33.3|

|_______|_________|_________|_________|_________|_________|

|2001*  |   3213.0|   2066.0|   1147.0|     64.3|     35.7|

|_______|_________|_________|_________|_________|_________|

|2011*  |   3018.1|   1911.0|   1107.1|     63.3|     36.7|

|_______|_________|_________|_________|_________|_________|

|2014   |   3017.4|   1914.3|   1103.1|     63.4|     36.6|

._________________________________________________________.

___________________

*  Ըստ մարդահամարի:

 

Աղբյուր` ՀՀ ԱՎԾ

 

Հայաստանում քաղաքային բնակչության թվաքանակի աճը սերտորեն կապված է անցած ժամանակաշրջանի սոցիալ-տնտեսական իրողությունների, մասնավորապես` ինդուստրիացման հետ, որը հանգեցրեց քաղաք-գյուղ բնակչության թվաքանակի հավասարեցմանը, իսկ 1960-ական թվականների սկզբից նաև քաղաքային բնակչության աճին: Հետագա տարիներին քաղաքային բնակչության թիվն էլ ավելի աճեց` իր գագաթնակետին հասնելով 1990 թվականին` 69.1 տոկոս, որից հետո սկսվեց գյուղական բնակչության որոշակի աճ, ինչը հիմնականում կապված էր 1990-ականների սկզբին քաղաքներում արդյունաբերական ձեռնարկությունների փակման և գյուղերում հողի սեփականաշնորհման հետ: Այնուհանդերձ, ուրբանիզացիան ներկայումս հասել է վտանգավոր չափերի, մանավանդ որ հանրապետության քաղաքային բնակչության կեսից ավելին (1 068.6 մլն մարդ) կենտրոնացած է մայրաքաղաք Երևանում:

Անկառավարելի ուրբանիզացման հնարավոր սպառնալիքների չեզոքացման, առավել հավասարակշռված տարաբնակեցման համակարգի ձևավորմանը նպատակաուղղված` բազմակենտրոն զարգացման սկզբունքների հետևողական ներդրումը պայմանավորված է ինչպես տարածաշրջանային զարգացման առկա անհամամասնությունների հաղթահարման, այնպես էլ բարձր սեյսմիկ վտանգի գոտիներում և հատկապես, մայրաքաղաքում բնակչության խտության անցանկալի աճի կանխարգելմանն ուղղված միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությամբ:

ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 610-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագիծը (այսուհետ` Նախագիծ), որը պետական քաղաքաշինական քաղաքականության գերակա ուղղությունները հիմնավորող` վերլուծական բնույթի, քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է:

Նախագծի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերից, այդ թվում` սոցիալ-տնտեսական և տարածքային զարգացման ծրագրերից բխող համընդհանուր քաղաքաշինական զարգացման, տարաբնակեցման համակարգի կատարելագործման ռազմավարական ուղղությունների ընտրության նախադրյալների բացահայտումն է` փոխկապակցված անվտանգ ու առողջ կենսամիջավայրի ստեղծման, բնակավայրերի կայուն զարգացման, բնական և պատմամշակութային ժառանգության պահպանմամբ:

Նախագծի հիմնադրույթները պարտադիր հաշվի են առնվում քաղաքաշինական ծրագրային այլ փաստաթղթերի նախագծման, ինչպես նաև ճյուղային, պետական նպատակային և համայնքային սոցիալ-տնտեսական ու տարածքային զարգացման ծրագրերի մշակման ընթացքում` քաղաքաշինական պլանավորման խնդիրներին առնչվող մասով:

Նախագիծը հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքաշինության ոլորտում փոխհամաձայնեցված ու նպատակային գործողությունների համակարգի ստեղծման և ապահովման համար:

Նախագծում հաշվի են առնված քաղաքաշինական գործունեության վրա ազդող բնական, աշխարհագրական, ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական, էկոլոգիական գործոններին ներկայացվող և արդի սոցիալ տնտեսական փուլին համապատասխանեցված նոր պահանջները:

Նախագիծը մշակվել է բնօգտագործման և տարածքի քաղաքաշինական կազմակերպման խնդիրների փոխկապակցմամբ, որի հիմնական նպատակին` հանրապետության համընդհանուր զարգացմանը նպաստող քաղաքաշինական պայմանների ստեղծմանը հասնելու համար կատարվել է տարածքի բազմագործոն վերլուծություն և համալիր գնահատում:

Քաղաքաշինական տնտեսապես ինտենսիվ յուրացված գոտիներում առաջարկվում է սահմանել զարգացման սահմանափակման ռեժիմ, որը հիմնականում բխում է էկոլոգիական հավասարակշռության խախտման վտանգից:

Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների թիվը 48-ն է:

Քաղաքների 89.6%-ը գտնվում է քաղաքաշինորեն ու տնտեսապես ինտենսիվ յուրացված գոտում, իսկ 10.4%-ը թույլ յուրացված գոտում:

Հայաստանի Հանրապետության կարևորագույն հիմնախնդիրն է քաղաքների տարածքային աճի նպատակային կարգավորումը` քաղաքների բնակչության առավելագույն չափերի որոշմամբ, քաղաքապատկան տարածքի աճի սահմանափակումով:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» ՆՀ-37-Ն հրամանագրում` ազգային անվտանգության հիմնարար արժեքներին ծառայող գործոնների և գործողությունների շարքում ամրագրված է ներկա և գալիք սերունդների կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորումը, իսկ կյանքի նոր որակ և բարոյահոգեբանական մթնոլորտ ձևավորելու տեսանկյունից, ի թիվս այլ գործոնների, կարևորվում է քաղաքաշինության հարատև զարգացումը, ներառյալ` ներդաշնակ կենսատարածքի ձևավորումն ու նպաստումը բնակչության տարածքային համաչափ բաշխվածությանը:

 

1.2 Քաղաքային և գյուղական համայնքների փոխհարաբերության կառավարում

 

Հայաստանի Հանրապետության 915 համայնքներից 866-ը գյուղական են, 49-ը` քաղաքային (գյուղում բնակվում են երկրի բնակչության շուրջ 36.0%-ը), ուստի գյուղատնտեսությունը ռազմավարական կարևոր նշանակություն ունի նաև գյուղական տարածքների զարգացման առումով: Բնակչության երկու երրորդն ապրում է մայրաքաղաք Երևանում և երեք մերձակա մարզերում` Արմավիրում, Արարատում և Կոտայքում: Բնակչության մնացած մեկ երրորդն ապրում է ոչ խիտ բնակեցված և լեռնային գյուղական բնակավայրերում, որտեղ ցածր եկամուտներ ապահովող բնատնտեսությունն ու հողագործությունն ապրուստի կարևոր աղբյուր են: Ներկայումս մասնավոր հատվածն ապահովում է Հայաստանի համախառը գյուղատնտեսական արտադրանքի ամենամեծ բաժինը` 94 տոկոս: Գյուղատնտեսությունում 2012 թ. դրությամբ զբաղված են 437.2 հազ. մարդ, որը երկրի ընդհանուր զբաղվածության 37, իսկ գյուղական բնակավայրերի զբաղվածության 80%-ն է: Երկրի արտաքին ապրանքաշրջանառության կառուցվածքում բուսական և կենդանական ծագման արտադրատեսակների տեսակարար կշիռը 2011 թվականին կազմել է 18.6, իսկ միայն արտահանված արտադրանքի կառուցվածքում` 17.8%, իսկ 2012 թվականի տվյալներով` այս ցուցանիշները որոշակիորեն բարելավվել են և համապատասխանաբար կազմել են 19.9 և 22.6%:

Գյուղական վայրերում ապրող բնակչության եկամուտների զգալի մասը ստեղծվում է գյուղատնտեսական արտադրության և գյուղատնտեսության մեջ վճարովի աշխատանքի միջոցով: Մրգերի ու բանջարեղենի մշակման արտադրությունների երկու երրորդը կենտրոնացած է Երևանի մոտ գտնվող Արարատյան դաշտավայրում: Արտադրանքն օգտագործվում է թարմ վիճակում տեղական շուկայում սպառման համար, իսկ պահածոների բազմաթիվ գործարաններում որոշ արտադրանքներ, որոնք վերամշակվում են, հիմնականում արտահանվում է: Ծիրանը, խաղողը, բալը, դեղձը և սալորը կարտոֆիլի ու լոլիկի հետ մեկտեղ արտահանվող հիմնական պտուղ բանջարեղեններն են:

Վերջին տասը տարվա ընթացքում խաղողի այգիների, գինու և կոնյակի գործարանների թիվը, արտահանման հետ մեկտեղ, սկսել է ավելանալ:

Վերջին 5-6 տարվա ընթացքում Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել իր կենտրոնական ու գյուղական ճանապարհների բարելավման կամ վերականգնման հարցում: Ճանապարհների մեծ մասի վերականգնումը ֆինանսավորվել է միջազգային դոնոր կազմակերպությունների, ՀԲ-ի, ՀԶԲ-ի, ՀՄԿ-ի և մյուսների կողմից: 2009թ. ՀՄԿ-ի շրջանակներում գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի /ԳՃՎԾ/ գործունեությունը դադարեցնելու մասին որոշումից հետո ՀՀ կառավարությունը ստանձնեց աշխատանքների առաջին փաթեթն ավարտին հասցնելու նպատակով 16.1 մլն ԱՄՆ դոլար ներդնելու պատասխանատվությունը: Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորված Կենսական նշանակության ճանապարհների բարելավում» ծրագրի շրջանակներում 2009-2013 թվականներին վերանորոգվել են շուրջ 447 կմ ընդհանուր երկարությամբ «Կենսական նշանակության ունեցող ճանապարհներ, որոնք ամբողջ տարվա ընթացքում ապահովում են անխափան և անվտանգ ճանապարհային կապը համայնքների և հիմնական մայրուղիների միջև: Ծրագրով ընդլայնվել է գյուղական համայնքների մուտքը դեպի գյուղատնտեսական շուկաներ և սոցիալական ենթակառուցվածքներ, ինչպես նաև գյուղացիական տնտեսություններից դուրս եկամուտներ ունենալու հնարավորություններ` բարելավելով գյուղական ճանապարհների պայմանները: 2013 թվականից մեկնարկել է նոր` «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագիրը, որը նույնպես ֆինանսավորվում է Համաշխարհային Բանկի միջոցներից: Նշված ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել շուրջ 170 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակություն ունեցող ճանապարհներ:

Մեկ այլ մեծ ծրագիր, որի նպատակն է ճանապարհային հաղորդակցության կատարելագործումը` «Հյուսիս-հարավ միջանցքն» է, որով նախատեսվում է վերականգնել Ագարակ-Կապան-Երևան-Բավրա ճանապարհը:

Տարածաշրջանային կապերի զարգացման գործում կարևորվում է միջազգային չափանիշներին համապատասխանող բարեկարգ ճանապարհային ցանցի առկայությունը:

Հանրապետությունում դեռևս պահպանվում է ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման անհամաչափությունը: Անբավարար են ճանապարհաշինության ծավալները, բավարար ուշադրություն չի հատկացվում համայնքային, հատկապես` սահմանամերձ շրջաններում, ճանապարհաշինությանը, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցության անվտանգության ապահովման նկատառումներով այլընտրանքային ճանապարհների շինարարությանը:

Երկաթուղային տրանսպորտի ոլորտում կարևորագույն խնդիր են համարվում կոնցեսիոների կողմից իրականացվող ներդրումային ծրագրով նախատեսվող ներդրումների նպատակաուղղումը հայկական երկաթուղու ենթակառուցվածքների բարելավմանն ու զարգացմանը, փոխադրումների կանխատեսվող ծավալների ապահովմանն ու որակական ցուցանիշների բարելավմանը:

 

1.3 Երիտասարդության կարիքների ապահովում

 

Հանրապետությունում 2011 թ. կայացած մարդահամարի տվյալների համաձայն, մշտական բնակչության` 3.018.1-ից 717 հազարը կամ 23.7%-ը կազմում է երիտասարդ` 18-30 տարեկան բնակչությունը: Երիտասարդ բնակչության 61.7%-ը կամ շուրջ 443 հազարը բնակվում են քաղաքներում:

Ներկայումս բջջային ծառայության երեք օպերատորների ծածկույթը մոտենում է 100 տոկոսին: Միաժամանակ ինտերնետի հասանելիությունը գյուղական վայրերում շատ ավելի ցածր մակարդակի վրա է` համեմատած Երևանի և մնացած խոշոր քաղաքների հետ, թեպետ վերջերս նկատվում է իրավիճակի բարելավում:

Երիտասարդության հետաքրքրությունները բավարարելու ուղղությամբ հանրապետությունում կազմակերպվում են տարբեր բնույթի միջոցառումներ, մասնավորապես Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շրջանակներում կազմակերպվող «Բազե» ամենամյա համահայկական երիտասարդական հավաքը, որի ընթացքում Հայաստանի 10 մարզերից և Երևանի 12 վարչական շրջաններից, Արցախի, Ջավախքի և սփյուռքի 18-30 տարեկան երիտասարդներ, համախմբվելով ՀՀ պետական դրոշի գույների ներքո, ուժերն են չափում մարզական տարբեր խաղերում, ինտելեկտուալ ու մշակութային մրցույթներում, ինչպես նաև հանդիպումներ են ունենում ՀՀ պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ:

2009 թվականից մեկնարկել է «ԱՐԻ ՏՈՒՆ» ծրագիրը, որի հիմնական նպատակը սփյուռքահայ երիտասարդների ծանոթությունն է Հայաստանի պատմությանը, մշակույթին, հասարակական կյանքին, հոգևոր և ընտանեկան ավանդույթներին, հայրենիքի հետ ամուր կապերի ձևավորման նպաստումն է, ազգային ինքնորոշման ամրապնդումը, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի միջև ընկերական հարաբերությունների հաստատումը: Ծրագրի շրջանակներում 2009-2013 թթ. ընթացքում Հայաստան այցելեցին ավելի քան 1700 հայազգի երիտասարդներ աշխարհի 36 երկրներից:

2014 թ. հունվարի 1-ի դրությամբ գործազուրկների թիվը հանրապետությունում 55.973 է, որոնցից 13.064 կամ շուրջ 23.3%-ը երիտասարդ գործազուրկներն են: Գործազրկության անմիջական հետևանք է հանդիսանում աղքատության հատկապես բարձր մակարդակը երիտասարդության շրջանում, ինչը ներկայացված է ՀՀ ԱՎԾ-ի կողմից 2012 թ. իրականացված տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության (այսուհետ` ՏՏԿԱՀ) արդյունքների հիման վրա նախապատրաստված Հայաստանի սոցիալական պատկերի և աղքատության վերաբերյալ վերլուծական զեկույցում (Աղյուսակ 2):

 

Աղյուսակ 2. Աղքատության տարածվածությունը երիտասարդության շրջանում ըստ ՏՏԿԱՀ 2012 թ. զեկույցի, 2008 և 2012 թթ., %-ով

 

._____________________________________________________.

|Տարիքային  |     2008     |         2012             |

|խումբը     |______________|__________________________|

|           |ծայրահեղ|աղքատ|ծայրահեղ|աղքատ|%-ն աղքատ  |

|           |աղքատ   |     |աղքատ   |     |բնակչության|

|           |        |     |        |     |մեջ        |

|___________|________|_____|________|_____|___________|

|18-19      | 0.7    |26.1 |  3.9   | 34.5|    2.6    |

|___________|________|_____|________|_____|___________|

|20-24      | 1.3    |26.0 |  2.8   | 33.4|    9.2    |

|___________|________|_____|________|_____|___________|

|25-29      | 2.1    |27.0 |  3.6   | 32.7|    8.1    |

._____________________________________________________.

 

Աղբյուր` ՀՀ ԱՎԾ

 

Ընդ որում, 2012 թ. երիտասարդության շրջանում աղքատության մակարդակն ավելի բարձր է, քան նույն ժամանակահատվածի հանրապետական միջին մակարդակը, որը կազմում է 32.4%:

Երիտասարդների գործազրկության բարձր մակարդակը մեծապես պայմանավորված է մի շարք հանգամանքներով.

- աշխատատեղերի, այդ թվում` բարձր վարձատրվող, ապահովման խնդրով,

- մասնագիտության ոչ գիտակցված ընտրությամբ,

- տեղեկացվածության պակասով (որտե՛ղ փնտրել ճիշտ տեղեկատվություն),

- մոտիվացիայի պակասով (ինքնավստահության պակասից կամ խորհրդային կարծրատիպերից ելնելով, ծնողների, ծանոթ-բարեկամների աջակցության ակնկալիքով),

- աշխատաշուկայում առավել մրցունակ լինելու առանցքային կարողունակությունների պակասով (օտար լեզուների իմացություն, սովորելու կարողություն, նախաձեռնողականություն, հաղորդակցություն, ձեռներեցություն և այլն),

- սեփական ինքնագնահատականի և իրականության անհամապատասխանությամբ,

- նախաձեռնողականության և նորարար մտածողության պակասով (օրինակ` ձեռնարկատիրական գործունեություն ստեղծելու համար):

Երիտասարդների առջև ծառացած սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները հանդիսանում են նաև նրանց միգրացիոն տրամադրվածությունները «խթանող» հանգամանք, որն ավելի ուժեղ է արտահայտված քաղաքաբնակ երիտասարդության շրջանում: Այսպես, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ուսանողների շրջանում իրականացված «Հանրապետության երիտասարդների միգրացիոն տրամադրվածություններն ու դրանց ազդեցությունները երիտասարդների ամուսնական և վերարտադրողական վարքագծի վրա» հետազոտության արդյունքների համաձայն, արտաքին միգրացիոն տրամադրվածության գերակշիռ մասը բաժին է ընկել Երևանի մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող քաղաքաբնակ ուսանողներին: Մայրաքաղաքի ԲՈՒՀ-երի 268 ուսանողների 53.4%-ը ցանկություն է հայտնել իր ապագա ծրագրերն իրականացնել արտերկրում (երևանաբնակ ուսանողների 55.5%-ը, Երևանում սովորող ՀՀ այլ քաղաքներից եկածների 54%-ը):

 

1. Տարեցների կարիքների ապահովում

 

Հանրապետության առջև ծառացած մարտահրավերներից է նաև բնակչության ծերացումը: Ըստ ՄԱԿ-ի դասակարգման, եթե 65 և բարձր տարիքի անձանց բաժինը կազմում է բնակչության մինչև 8 տոկոսը, ապա բնակչությունը համարվում է երիտասարդ, 8-12 տոկոսի դեպքում` ծերացող, իսկ 12 տոկոսից ավելիի դեպքում` ծերացած: Հայաստանի Հանրապետության բնակչության մեջ 2013 թ. սկզբին 65 և բարձր տարիքի անձինք կազմում են 10.5 տոկոս: Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում տարեցները դարձան առավել խոցելի, նրանց մի մասը զրկվեց աշխատանքից, մի մասի մասին հոգ տանողները մեկնեցին արտագնա աշխատանքների, մյուս մասը չունենալով ժառանգներ` կորցրեց իր սոցիալ-կենցաղային կենսական պահանջմունքները բավարարելու հնարավորությունը և կանգնեց սոցիալ-հոգեբանական մեկուսացման և օտարացման, ֆիզիկական գոյությունը պահպանելու անհնարինության վտանգի առջև:

2012 թ. իրականացված ՏՏԿԱՀ արդյունքների համաձայն աղքատ է տարեց` 65 և բարձր տարիքի բնակչության 33.3%-ը, ինչը 0.9%-ով բարձր է աղքատության հանրապետական միջին մակարդակից` 32.4-ից:

 

Աղյուսակ 3. Աղքատության տարածվածությունը տարեց բնակչության շրջանում ըստ ՏՏԿԱՀ 2012 թ. զեկույցի, (2008 և 2012 թթ., %-ով)

 

._____________________________________________________.

|Տարիքային  |     2008     |         2012             |

|խումբը     |______________|__________________________|

|           |ծայրահեղ|աղքատ|ծայրահեղ|աղքատ|%-ն աղքատ  |

|           |աղքատ   |     |աղքատ   |     |բնակչության|

|           |        |     |        |     |մեջ        |

|___________|________|_____|________|_____|___________|

|65 տարեկան |   2.0  | 29.5|   3.0  | 33.3|    13.3   |

|և  բարձր   |        |     |        |     |           |

._____________________________________________________.

 

Աղբյուր` ՀՀ ԱՎԾ

 

Հաշվի առնելով ծերացման միտումները և տարեց բնակչությանը որպես խոցելի խումբ պաշտպանության տակ առնելու անհրաժեշտությունը, կարևորվում է պետության կողմից վերջիններիս հիմնախնդիրների լուծմանն ուղղված համակողմանի միջոցառումների անհրաժեշտությունը:

Հայաստանի Հանրապետությունը դեռևս 2002 թ. ընդունել է «Ծերության խնդիրների վերաբերյալ Մադրիդի միջազգային գործողությունների պլանի ռեգիոնալ իրականացման ռազմավարությունը»:

Կարևորելով տարեցների հիմնախնդիրները` ՀՀ կառավարության 2012 թ. օգոստոսի 2-ի թիվ 31 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված «Բնակչության ծերացման հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությունը և դրա իրականացման գործողությունների ծրագիրը» (այսուհետ` Ռազմավարություն):

Ռազմավարությունը երկարաժամկետ ծրագիր է, որի միջոցով Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, առողջապահությունն ու սոցիալական պաշտպանությունը, աշխատուժի շուկան ու կրթությունը կհամապատասխանեցվեն ժողովրդագրական փոփոխություններին` նպատակ հետապնդելով ստեղծել հավասար հնարավորությունների հասարակություն բոլոր տարիքի մարդկանց համար, որտեղ կհաղթահարվեն տարեց մարդկանց խնդիրները, կօգտագործվի նրանց ներուժն ու կապահովվեն արժանապատիվ կենսապայմաններ:

Ռազմավարության գործողությունների ծրագրում հստակ ամրագրված են տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտի խնդիրներն իրականացնելու ուղղությամբ տարվող միջոցառումները: Դրանք են`

. հարգալից վերաբերմունք դրսևորել ծերության նկատմամբ` կրթական համակարգում մշակել տարեցների նկատմամբ հանդուրժողականություն և նրանց դրական դերի գնահատումը շեշտադրող ուսուցողական նյութեր, դպրոցական ծրագրերում նախատեսել այցելություններ ծերանոցներ կամ տարեցների կենտրոններ, այցելություններից հետո կազմակերպել քննարկումներ տարեցների հիմնահարցերի վերաբերյալ` նպատակ ունենալով վերացնել հասարակության մեջ գոյություն ունեցող կարծրատիպերը և դրանք փոխարինել դրական պատկերացումներով,

. ապահովել համայնքում տարեցների սոցիալական ներառումը` համայնքի կյանքում տարեց մարդկանց ակտիվ մասնակցությունը խթանելու և միջսերնդային հարաբերությունները զարգացնելու միջոցով բարելավել տարեց մարդկանց սոցիալական ներառումը համայնքային կյանքում,

. բարելավել կյանքի որակին և անկախ ապրելակերպին նպաստող պայմանները` համապատասխան ծավալի, տեսակի և որակի առողջապահական ծառայությունների տրամադրման միջոցով ապահովել տարեց մարդկանց բավարար առողջական վիճակն ու կյանքի որակը, իրականացնել ծերերի խնամքի հաստատությունների կարիքների գնահատում` ըստ մարզերի, պարզել այն բնակավայրերը, որտեղ առավել հրատապ է խնամքի կազմակերպումը,

. բարելավել տարեցների բնակարանային պայմանները` բարձրացնել բնակարանային ապահովվածությունը երկրաշարժի գոտում, մասնավորապես` ջանքեր գործադրել տարեցներին ժամանակավոր կացարաններից նվազագույն հարմարություններ ունեցող բնակարաններ տեղափոխելու ուղղությամբ,

. աջակցություն ցուցաբերել տարեց անդամ ունեցող ընտանիքներին` սոցիալական աջակցություն ցուցաբերել և տարբեր միջոցներով (բարոյահոգեբանական, սոցիալական արտոնությունների) խրախուսել սեփական բավարար եկամուտ չունեցող այն ընտանիքներին, որտեղ ապրում են տարեցներ:

 

1.5 Կանանց ներգրավվածությունը քաղաքային կառավարման ոլորտում

 

ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածում ամրագրված է.

«Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև: Խտրականությունը` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծննդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Հայաստանը 1993 թ. վավերացրել է Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, որը կանանց դրության բարելավման հնարավորություն է ընձեռում հասարակությունում: Նշված փաստաթուղթը կանանց իրավունքները դրեց մարդու իրավունքների միջազգային համակարգում: Այն հորդորում է իշխանություններին պաշտպանել կանանց իրավունքները հասարակական և մասնավոր կյանքի բոլոր ոլորտներում, ընդունում է քաղաքացիական, մշակութային, տնտեսական և սոցիալական իրավունքների փոխկապվածությունը և անբաժանելիությունը:

2000 թ. Հայաստանում գործում է ՀՀ վարչապետին կից Կանանց խորհուրդ, որի գերակա խնդիրն է` աջակցել գենդերային հավասարության արմատավորմանն ուղղված ՀՀ կառավարության քաղաքական որոշումների իրականացմանը` կառավարման բոլոր մակարդակներում, հանրապետության ողջ տարածքում, կյանքի բոլոր բնագավառներում

(01.03.12 թ. ՀՀ վարչապետի կողմից հաստատված Խորհրդի աշխատակազմ):

2004 թ. ՀՀ կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետությունում կանանց դրության բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010 թթ. ազգային ծրագիրը:

2005 թ. ներկայացվեց Հայաստանի ազգային զեկույցը Հազարամյակի զարգացման նպատակների մասին, որում Հայաստանը պարտավորվել է մինչև 2015 թ. կանանց ներգրավվածությունը ՀՀ Ազգային ժողովի, նախարարների, փոխնախարարների, մարզպետարանների կազմում հասցնել ավելի քան 25%-ի, իսկ համայնքների ղեկավարների թվում` ավելի քան 10%-ի:

ՀՀ կառավարության 2010 թ. փետրվարի 11-ին հաստատվեց գենդերային քաղաքականության հայեցակարգը, որը սահմանում է կանանց և տղամարդկանց նկատմամբ պետական քաղաքականության առաջնահերթ ուղղություններն ու ընդհանուր ռազմավարությունը և ուղղված է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովմանը` անկախ սեռից: 2011 թ. ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ գենդերային քաղաքականության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագիրը:

Հայաստանն առաջիններից էր, որ 2014 թ. մշակեց և ՄԱԿ-ի կանանց հանձնաժողովին ներկայացրեց Պեկին+20 ազգային վերլուծությունը, որում մանրամասն անդրադարձ է կատարվում Պեկին հռչակագրի և գործողությունների ծրագրի կետերի իրականացմանը:

Զեկույցի անգլերեն տարբերակը տեղադրված է` http://www.unwomen.org/~/media/Headquarters/Attachments/Sections/CSW/59/Nat ional_reviews/Armenia_review_Beijing20.pdf կայք էջում:

Վարչապետի կողմից ղեկավարվող Կանանց խորհրդի նախաձեռնությամբ երեք տարի շարունակ (2012 թ.ից) անց է կացվում «Լավագույն կին գործարար» և «Լավագույն համայնք` գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» մրցանակաբաշխությունը: Կառավարության ղեկավարը պատվոգրեր է հանձնում տարբեր անվանակարգերում հաղթողներին: Վարչապետի կողմից պատվոգրերի են արժանացել նաև «Լավագույն համայնք` գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» մրցանակաբաշխության համայնքի ավագանու կազմում կանանց և տղամարդկանց հարաբերակցություն ցուցանիշով հաղթող ճանաչված համայնքների ղեկավարները: Հայաստանում կանանց ձեռնարկատիրական գործունեությունը խրախուսելու, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումների գնահատման, հանրահռչակման և սատարման նպատակով հատուկ մրցանակներ են հանձնվել միջազգային կազմակերպությունների` ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացում և շուկայի մրցունակություն» ծրագրի, ԵԱՀԿ-ի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Ասիական զարգացման բանկի կողմից: «Լավագույն լրագրող` գենդերային հիմնահարցերի լուսաբանման գործում», «Լավագույն հեռուստատեսային ռեպորտաժ», «Լավագույն ռադիոռեպորտաժ» և «Լավագույն տպագիր նյութ» անվանակարգերում հայտարարված մրցույթի նպատակը հաջողակ գործարար կանանց հետաքրքիր պատմությունների լուսաբանումն է:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության համակարգմամբ համայնքներում տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից գենդերային խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվում են ծրագրեր, մասնավորապես.

. Եվրամիության և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի աջակցությամբ իրականացվում է «Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգում կանանց արդյունավետ մասնակցության կարողությունների հզորացում» ծրագիրը, որի շրջանակում մշակված «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական ինքնակառավարման համակարգում» ձեռնարկում ներկայացվել են ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի իրավական հիմքերը, տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության կայացման Հայաստանի և այլ երկրների փորձը, տեղական ինքնակառավարմանը կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության հիմնախնդիրները: Ձեռնարկը նախատեսված է համայնքի ղեկավարների, ավագանիների անդամների, համայնքային ծառայողների, տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման հարցերով քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների համար: Սույն ծրագրի շրջանակում 2014 թ. մարտի 14-15-ը անցկացվել Է «Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խրախուսումը Հայաստանում. Կանայք տեղական ժողովրդավարական ծրագրում» խորագրով համաժողով, տեղական ինքնակառավարման մարմինների թվով 35 կին ներկայացուցիչների մասնակցությամբ (8-ը քաղաքային համայնքներից):

. Ասիական զարգացման բանկի և «Կովկասի ինստիտուտ հիմնադրամի» հետ համատեղ իրականացվել է «Ստեղծել գործիքներ Հայաստանի տեղական մակարդակում գենդերի տարածման համար» ծրագիրը, նպատակ ունենալով Հայաստանում հնարավոր դարձնել գենդերային հարցերին արձագանքող տեղական պլանավորումը` ստեղծելով հմտություններ և գործիքներ` գենդերի վերլուծության և կենտրոնական ու տեղական իշխանությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության միաձուլման միջոցով տեղական պլանավորման մեջ գենդերային խնդիրների ներառման համար: Ծրագրի ընթացքում մշակվել է ձեռնարկ` գենդերային հարցերին անդրադարձող պլանավորման շահառուներին ուսուցանելու համար, սովորեցնելու ուսուցանողների միջուկային խմբին (հիմնականում մարզային մակարդակում գենդերային հանձնաժողովների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների անդամներ)` ձեռնարկն օգտագործել ըստ ուսումնական մոդուլի և ուսուցանել տեղական իշխանական պաշտոնյաներին գենդերային գործունեության պլանը ներառել տեղական պլանավորման մեջ, ինչպես նաև ՔՀԿ-ներին` իրենց ներդրումն ունենալ այս գործում:

 

1.6 Բնագավառի փորձառված մարտահրավերները և քաղած դասերը

 

ՈՒրբանիզացիան հանգեցրել է մի շարք փոփոխությունների, որոնք վերաճել են ազգային անվտանգության մարտահրավերների: Դրանցից են`

- տարածքային անհամաչափ զարգացումը,

- բնակչության անհամաչափ բաշխվածությունը և սահմանամերձ ու բարձր լեռնային գյուղական բնակավայրերի աստիճանական դատարկումը /բնակչության միգրացիան/,

- բնակչության վերարտադրողական վարքագծի և դրա վրա ազդող նպատակակետերի փոփոխությունները,

- երիտասարդների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները ներազդել են նրանց վերարտադրողական վարքագծի և նպատակակետերի վրա: Այսպես, համաձայն 2011 թ. Հայաստանի երիտասարդական ազգային զեկույցի, ամուսնացած երիտասարդների արական` 39.8 և իգական` 26.9 տոկոսը հերթական երեխան ունենալու մտքից հրաժարվել են` պայմանավորված հատկապես տնտեսական բարդություններով: Չամուսնացած երիտասարդների ամուսնությունից հրաժարվելու մեջ տնտեսական բաղադրիչը կազմում է համապատասխանաբար 33.6 և 7.6 տոկոս:

- երիտասարդ և վերարտադրողական տարիքում գտնվող բնակչության անձանց գերակշիռ ընդգրկվածությունը միգրացիոն /առավելապես արտաքին/ հոսքերում,

- ենթակառուցվածքների և ինստիտուցիոնալ կառույցների թերզարգացվածությունը, մասնավորապես, միգրացիան հեռավոր շրջանների գյուղական բնակավայրերից,

- արտահանման ցածր մակարդակը,

- գյուղական շրջանների անհամաչափ զարգացումը,

- անբարենպաստ ժողովրդագրական դինամիկան,

- գյուղական վայրերում առկա հնացած տեխնոլոգիաները և համապատասխան ենթակառուցվածքների բացակայությունը,

- երիտասարդ բնակչության շրջանում /առավելապես գյուղական վայրերում/ գործազրկության և աղքատության բարձր մակարդակը,

- երիտասարդների, մասնավորապես` քաղաքաբնակ, բնակարանային հիմնախնդիրը,

- հանրապետության բնակչության տարիքային կառուցվածքում տարեց բնակչության թվաքանակի շարունակական աճը և ժողովրդագրական ծերացումը և այլն:

Գենդերային անհավասարության առումով առկա են հետևյալ հիմնախնդիրները`

- Հայաստանի իշխանության մարմիններում կանանց ներկայացվածության փոքր թվաքանակը,

- դեռևս առկա է գենդերային անհավասարակշիռ ներկայացվածությունը քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններում, որտեղ տղամարդիկ համապատասխանաբար կազմում են 89% և 65%: Կրտսեր պաշտոններում կանայք կազմում են 62%, առաջատար պաշտոններում` 31%, գլխավոր պաշտոններում` 21.3%, բարձրագույն պաշտոններում` ընդամենը 8.3%,

- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` կանայք կազմում են պաշտոնապես գրանցված գործազուրկների 70%-ը: Կանանց գործազրկության բարձր մակարդակը բացատրվում է նաև այն հանգամանքով, որ վերջին շրջանում զարգանում են հատկապես տնտեսության այն ճյուղերը, որոնք ավանդաբար համարվում են «տղամարդկային գործունեության ոլորտներ», օրինակ` շինարարությունը, տրանսպորտը, հանքարդյունաբերությունը, մետաղամշակությունը և այլն: Մշակող արդյունաբերության ոլորտում` 36.8%-ը, շինարարության` 2.6%-ը (համարվում են «տղամարդկանց» ոլորտներ) և այլն,

- կրթության ոլորտում աշխատողների 81.2%-ը, առողջապահության` 83.2%-ը կանայք են (և դրանք «համարվում են կանանց» ոլորտներ),

- կանայք կազմում են ձեռնարկատերերի 20-25%-ը, ինքնազբաղվածների 36.2%-ը և գործատուների միայն 10.3%-ը,

- մարզպետարանների աշխատակազմերում կանայք կազմում են 39.2%,

Գենդերային անհավասարակշռությունը պահպանվում է նաև տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար պաշտոններում: Վերափոխումների ողջ ընթացքում 48 քաղաքապետների շարքում երբևէ կին չի եղել, իսկ 54 փոխքաղաքապետներից միայն մեկն է կին: Գյուղական համայնքների միայն 2.6%-ն են կանայք ղեկավարում:

Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեն հետևում է իր դիտարկումների կատարմանը: Այսպես, ՀՀ երրորդ և չորրորդ պարբերական զեկույցների ներկայացումից հետո CEDAW կոմիտեն Հայաստանի կառավարության զեկույցի առնչությամբ արել է հետևյալ դիտարկումները.

- օրենսդրության մեջ չկա խտրականության սպառիչ բնութագիրը, կանանց և տղամարդկանց հավասարության հարցում գերակշռում է չեզոք մոտեցումը, որը գործնականում չի նպաստում խտրականության վերացմանը: Կոմիտեն խրախուսում է արագացնել հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների վերաբերյալ օրենքի ընդունումը,

- ՀՀ օրենսդրության մեջ ամրագրված ամուսնության տարբեր տարիքային շեմը (կանանց համար 17 տարեկանից, տղամարդկանց համար` 18) պահպանվում է, այս անգամ հստակ ընդգծելով, որ դա «խտրականություն է կանանց նկատմամբ» և այնուհետև Կոմիտեն հետևողականորեն հորդորում է մասնակից պետությանն ապահովել, որ կնոջ համար ամուսնության նվազագույն տարիքը բարձրացվի մինչև 18 տարեկան»,

- որոշումների ընդունման մակարդակում կանանց անբավարար ներկայացվածությունը (նշելով, որ համամասնական ցուցակների համար նախատեսված 15 տոկոսանոց քվոտան բավարար չէ, անհրաժեշտ է բարձրացնել այն), ինչպես նաև նշվում է, որ «ըստ երևույթին ժամանակավոր հատուկ միջոցների հայեցակարգի ըմբռնում չկա»,

- չկա գենդերային հավասարության ապահովմանն ուղղված ազգային մեխանիզմ,

- պահպանվում են գենդերային կարծրատիպերը,

- անդրադարձ է կատարում կանանց նկատմամբ բռնության հարցին` նշելով, որ չկան բռնության զոհերի համար ապաստարաններ, բռնության վերաբերյալ շատ քիչ գործ է ուղարկվում դատարան, բացակայում է հիմնախնդիրների վիճակագրությունը: Որպես թերություն է նշվում այն, որ «Քրեական օրենսգրքում կենցաղային բռնությունը չի որակվում որպես ինքնուրույն հանցակազմ, և չկան համապատասխան պատժամիջոցներ»: ՈՒստի, Կոմիտեն անհրաժեշտ է համարում ընդդեմ կանանց բռնության օրենքի ընդունումը, որում պետք է ներառվի նաև կենցաղային բռնությունը: Կոչ է անում նաև, որ բացվեն բավարար թվով պատշաճ ապաստարաններ` հաշվի առնելով «գյուղի, հաշմանդամ, փախստական և փոքրամասնությունների ներկայացուցիչ կանանց պահանջմունքները»,

- կոմիտեն պետության ուշադրությունը հրավիրում է միջնակարգ կրթության համակարգից աղջիկների օտարման վրա: Կոմիտեն կարծում է, որ տարբեր պատճառներով ուսումը թողած աղջիկները պետք է հնարավորություն ունենան վերստին վերադառնալու կրթության ոլորտ, հետևաբար պետությունը պարտավոր է ապահովել դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները: ՈՒշադրության է արժանացել դոկտորանտուրայում կանանց զբաղեցրած փոքր տոկոսը:

- ուրբանիզացիայի բարձր մակարդակով պայմանավորված` բնակչության, մասնավորապես քաղաքային բնակչության վերարտադրողական վարքագիծը,

 

1.7 Ապագայի մարտահրավերներ /խնդիրներ, որոնց կարելի է անդրադառնալ քաղաքային նոր օրակարգում/

 

Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ժողովրդագրական մարտահրավերները, որոնք ապագայում էլ ավելի են խորանալու և որոնց անհրաժեշտ է անդրադառնալ քաղաքային նոր օրակարգում, հետևյալն են`

- տարաբնակեցման համակարգի համաչափ զարգացման նպատակով վերանայել քաղաքային խոշոր խմբավորումները և արդյունավետ պայմաններ ստեղծել ապակենտրոնացման և բազմակենտրոն զարգացման համար:

- իրականացնել ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի մոնիտորինգ և վերջինիս հիման վրա լրամշակել այն,

- անկառավարելի ուրբանիզացման հնարավոր սպառնալիքների չեզոքացման, տարածաշրջանային զարգացման անհամամասնությունների հաղթահարման, երկրի տարաբնակեցման համակարգի հավասարակշռման նպատակով տարածական պլանավորման փաստաթղթերի բազայի հետևողական համալրում,

- խուսափել խոշոր քաղաքների ուռճացումներից, վարելով փոքր և միջին քաղաքների կառուցապատման ինտենսիվացման քաղաքականություն, գերազանցապես սեյսմիկ ռիսկի տեսանկյունից հուսալի և գյուղատնտեսության համար ոչ պիտանի տարածքների վրա,

- հանրապետության և նրա բնակավայրերի ներդաշնակ զարգացման խնդիրները դարձնել քաղաքաշինական քաղաքականության հիմքը, անհրաժեշտ լծակներ ստեղծելով կապիտալ ներդրումները նպատակաուղղելու ի նպաստ հասարակության ընդհանրական շահերի, համախմբելով ու խրախուսելով մասնավոր նախաձեռնությունները, հատկապես թույլ զարգացած տարածքներում, կարևորել քաղաքային և քաղաքամերձ տարածքների, գյուղական և քաղաքային բնակավայրերի ներդաշնակ փոխլրացնող զարգացման հիմնախնդիրները,

- գյուղում կյանքի որակի բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերն ուղղել` գյուղական աղքատության կրճատմանը, մատուցվող պետական ծառայությունների որակի կտրուկ բարձրացմանը, գյուղական համայնքների կարողությունների զարգացմանը` հնարավորինս հասանելի դարձնելով խմելու ջուրը, գազը, էլեկտրաէներգիան, հեռախոսակապը, համացանցը, բժշկական ծառայությունները, գյուղական ճանապարհների ու տրանսպորտային ժամանակակից ցանցերի բարելավմանը:

- նորացվելու և արդիականացվելու է հասարակական տրանսպորտը: Հիմնովին վերափոխվելու է միջքաղաքային ու ներքաղաքային տրանսպորտի կառավարման համակարգը, որը կմեծացնի նաև սոցիալական ծառայությունների հասանելիությունը և աշխատուժի շարժունակությունը, այդ թվում` նաև հաշմանդամների և այլ սակավաշարժուն խմբերի համար.

- Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է հանրապետության տարածքում ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների հեռարձակման թվայնացման քաղաքականությունը: Հեռահաղորդակցության ու փոստային կապի ոլորտներում որակյալ ծառայություններ մատուցելու համար ներդրվելու են միջազգային չափորոշիչներ,

- ընդլայնվելու են գյուղատնտեսության ոլորտին մատչելի պայմաններով տրամադրվող` վարկավորման ծավալները, իրականացվելու են գյուղատնտեսական արտադրանքի վերամշակող ձեռնարկությունների համար ֆինանսական միջոցների հասանելիության ապահովման միջոցառումներ,

- իրականացվելու են գյուղատնտեսության համար առավել անբարենպաստ, հատկապես, սահմանամերձ և բարձրլեռնային գոտիներում արդյունավետ և կայուն հողօգտագործման նպատակային ծրագրեր,

- կատարելագործվելու է գյուղատնտեսության ոլորտում խորհրդատվության համակարգը` նպաստելով գյուղատնտեսությամբ զբաղվողների աշխատանքի արտադրողականության աճին.

գենդերային հավասարության ապահովման նպատակով, իրականացվող տարբեր դիտարկումների վերլուծությունների արդյունքում մշակվելու են ապահովությանն աջակցող միջոցառումներ.

- օրենսդրության վերանայում գենդերային զգայուն քաղաքականության տեսանկյունից` ներառելով իրավիճակը շտկող համապատասխան միջոցառումներ,

- կուսակցությունների ֆինանսավորման լծակների օգտագործում,

- հետևել, որ նշանակովի պաշտոններում կանայք և տղամարդիկ ներկայացված լինեն հավասարապես,

- կանանց և տղամարդկանց «տվյալների բանկի» ստեղծում,

- գենդերային դասընթացների խրախուսում ուսուցման բոլոր մակարդակներում,

- հատուկ արշավների անցկացում քաղաքականության մեջ կանանց նկատմամբ նպաստավոր հասարակական կարծիքի ձևավորման համար,

- կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածություն ղեկավար մարմիններում:

 

II. Հողերի կառավարում և քաղաքային պլանավորում

 

2.8 Քաղաքների կայուն զարգացման պլանավորման և նախագծման ապահովում

 

Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի, հանրապետության տարածական զարգացման հիմնախնդիրներն ու դրանց լուծմանը նպատակաուղղված միջոցառումներն ամրագրվում են տարածական զարգացման հենքը հանդիսացող` ազգային, տարածքային և տեղական մակարդակների պլանավորման փաստաթղթերով (քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր):

 

.___________________________________.

|Ազգային մակարդակ`                  |

|ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագիծ   |

|ՀՀ տարածքային կազմակերպման նախագիծ |

.___________________________________.

 

.___________________________________.

|Ռեգիոնալ մակարդակ`                 |

|Տարածքային հատակագծման նախագծեր    |

.___________________________________.

 

.______________________.

|Տեղական մակարդակ`     |

|Գլխավոր հատակագծեր    |

|Գոտիավորման նախագծեր  |

.______________________.

 

Հայաստանի տարածական համակարգը ձևավորվել է խորհրդային ժամանակաշրջանի պլանային տնտեսությանն ու կառավարման վարչական մեթոդներին բնորոշ գործոնների ազդեցության ներքո, իսկ հատակագծային կառուցվածքն արտացոլում է արտադրական կարողությունների տեղաբաշխումն ու տարաբնակեցումը, որոնք զարգանում էին ԽՍՀՄ տնտեսական համակարգում Հայաստանին հատկացված դերին համապատասխան:

Ազգային մակարդակի փաստաթղթերից մշակվել և 2003 թվականին հաստատվել է ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագիծը:

Ռեգիոնալ մակարդակի փաստաթղթերից մշակվել են Սևանա լճի ջրհավաք ավազանի տարածքային հատակագծման նախագիծը (2004 թ.), Շիրակի մարզի տարածքային հատակագծման ուրվագիծը (2005 թ.), Վայոց Ձորի մարզի տարածքային հատակագծման նախագիծը (2010 թ.):

 

_______________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Մշակվել և ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 3-ի N 36 արձանագրային որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացի բարեփոխման հայեցակարգը, որը նպատակաուղղված է ՀՀ համայնքներում քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բազայի լիարժեք ձևավորմանը` դրանց մշակման ու հաստատման գործառույթների պարզեցման, հստակեցման, բնակավայրերի անվտանգ և բնականոն զարգացումն ապահովող մեխանիզմների ամրագրման միջոցով:

 

_______________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Մինչև 2011 թվականի վերջը ՀՀ համայնքների գլխավոր հատակագծերի նախագծերը հաստատվում էին ՀՀ կառավարության կողմից: Այնուհետև «Քաղաքաշինության մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում ամրագրվեցին դրույթներ, համաձայն որոնց համայնքների համար կարևորագույն նշանակություն ունեցող թիվ մեկ փաստաթուղթը (գլխավոր հատակագիծը) հաստատվում է համայնքների ավագանիների խորհուրդների կողմից:

ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատվեց համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը, որում նույնպես ամրագրված է գլխավոր հատակագծի հաստատման վերաբերյալ համապատասխան դրույթ:

Գործող օրենսդրության համաձայն, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, ինչպես նաև դրանց նախագծման առաջադրանքները ենթակա են համաձայնեցման մի շարք պետական կառավարման մարմինների հետ: Համաձայնեցման գործընթացն օպտիմալացնելու նպատակով` ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը մասնակցում է նշված փաստաթղթերի բոլոր փուլերի քննարկմանը և համաձայնեցման ժամկետները զգալի կրճատվել են:

Համայնքների գլխավոր հատակագծերի առկայությունը մեծապես կնպաստի տեղական ինքնակառավարման ինստիտուտի կայացմանը, քանի որ կառավարման ապակենտրոնացման պայմաններում կառուցապատմանն առնչվող գրեթե բոլոր թույլատվական գործառույթները վերապահված են համայնքների ղեկավարներին:

Ներկայումս հաստատված գլխավոր հատակագծեր ունեն ՀՀ 49 քաղաքային համայնքներից 42-ը (չունեն` ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան և Դաստակերտ, ՀՀ Տավուշի մարզի Այրում, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ և Շամլուղ համայնքները), իսկ 866 գյուղական համայնքներից` 30-ը:

Համայնքների գլխավոր հատակագծերի մշակման գործընթացն ավելի մատչելի դարձնելու նպատակով մարզերում կազմակերպվել են սեմինարներ, համայնքների ղեկավարների և այլ պատասխանատուների մասնակցությամբ:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են զանգվածային լրատվության միջոցներում հրապարակումներով, հասարակական քննարկումներով, ծրագրերի և նախագծերի ցուցադրման միջոցառումներով իրազեկել ֆիզիկական և իրավաբանական անձանց կենսագործունեության միջավայրի, տարածքի գոտևորման և քաղաքաշինական նախատեսվող այլ փոփոխությունների մասին:

Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 0998 թվականի հոկտեմբերի 28-ի N 660 որոշմամբ:

 

2.9 Տարածական պլանավորում և քաղաքների ընդարձակման կանխարգելում

 

Քաղաքային հողերի կառավարումը, այդ թվում տարածքների կառուցապատման սխալ օգտագործումները կանխելու նպատակով ցանկացած բնակավայր` լինի քաղաքային, թե գյուղական պետք է ապահովված լինի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով: Այս խնդիրը ՀՀ-ում կանոնակարգվում է ՀՀ հողային օրենսգրքով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով և դրանցից բխող մի շարք այլ իրավական ակտերով, որոնց հիման վրա մշակվում են քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը և հետագայում ուղեցույց են հանդիսանում համայնքների հողերի տարածական կազմակերպման համար:

Տարածքային հատակագծման ուրվագիծն ու նախագիծը մշակվում են ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով սահմանված դրույթներին համապատասխան` ՀՀ մարզերի, վարչատարածքային միավորների խմբերի կամ դրանց առանձին հատվածների համար և քաղաքաշինական պլանավորման միջոցով սահմանում են դրանց նպատակային օգտագործմանն ու կայուն զարգացմանը, բնական և պատմամշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաև կենսագործունեության բարենպաստ տարածական միջավայրի ձևավորմանը նպատակաուղղված այլ անհրաժեշտ գործոնների տարածքային կազմակերպման հիմնական դրույթներն ու պայմանները:

Համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգվում է համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծով և քաղաքաշինական գոտևորման նախագծով (այսուհետ` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր):

Համաձայն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի պահանջների` համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը մշակվում է համայնքի վարչական սահմաններում ընդգրկված բոլոր հողատարածքների ներառմամբ:

Գլխավոր հատակագիծը, հանդիսանալով ռազմավարական բնույթի քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթուղթ, սահմանում է`

ա. համայնքի տարածական զարգացման հիմնական ուղղությունները,

բ. քաղաքաշինական գործունեության օբյեկտ հանդիսացող հողերի օգտագործման ռեժիմները, պարտադիր պահանջներն ու սահմանափակումները,

գ. հողատարածքների կառուցապատման առաջնահերթ (մինչև 5 տարի) միջնաժամկետ (5-10 տարի) և հեռանկարային (10-15 տարի) փուլերը,

դ. համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողամասերի նպատակային նշանակությունը և (կամ) դրանց փոփոխությունները` օրենսդրության պահանջների ապահովմամբ:

ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 792-Ն որոշմամբ սահմանվել է քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների առաջադրման, դրանց տարածքների առանձնացման և այդ տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը:

Պլանավորման հետ կապված ընդհանուր սկզբունքներն են.

ա. հավասարակշռություն` կառուցապատման և բնության պահպանության միջև,

բ. սոցիալական համերաշխություն և գործառույթների բազմազանություն,

գ. տարածքների տնտեսող կառավարում:

Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի` ՀՀ տարածքում քաղաքաշինական գործունեության պետական տեսչական վերահսկողությունն իրականացվում է քաղաքաշինական պետական տեսչության միջոցով: Ընդ որում քաղաքաշինական պետական տեսչությունը վերահսկում է` քաղաքաշինական գործունեության բնագավառում իրավական ակտերի, քաղաքաշինական (այդ թվում` քաղաքաշինական ծրագրային, կամ պլանավորման), նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը, ինչը նպատակաուղղված է քաղաքային տարածքներում սխալ կառուցապատման երևույթները բացառելուն: Քաղաքաշինական պետական տեսչությունը գործում է «Քաղաքաշինական գործունեության վերահսկողության և հսկողության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում, որը ևս պարունակում է դրույթներ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի պահանջների կատարումը` քաղաքաշինական գործունեության վերահսկողության շրջանակում իրականացնելու վերաբերյալ:

 

2.10 Քաղաքային և գյուղական արտադրության արդյունավետության բարձրացում

 

Հայաստանում վերջին տարիներին մեծանում են տարածքային անհամաչափությունները, ինչը հիմնականում դրսևորվում է ՀՆԱ-ի կառուցվածքում Երևանի մասնաբաժնի զգալի աճով: Համեմատաբար անբարենպաստ պայմաններում են հայտնվել քաղաքային համայնքները, այդ թվում` Երևանի հետ թույլ տնտեսական կապերով և աշխարհագրորեն հեռացվածության գործոններով պայմանավորված:

Մարզերը տարբերվում են միմյանցից և Երևանից` հանրապետության տնտեսական կյանքում ներգրավվածության աստիճանով: Լիարժեք կայացած չէ գործարար միջավայրը, բավական բարձր է գործազրկության մակարդակը: Գործարար ակտիվության և տնտեսական մրցակցության տեսանկյունից տնտեսավարողների համար անհավասար պայմաններ է ձևավորում արտադրողականության մակարդակների տարբերությունը:

Հայաստանի տարածքային զարգացման անհամաչափությունը սոցիալական, ժողովրդագրական անբարենպաստ պայմաններ են ստեղծում հատկապես կենտրոնից հեռու գտնվող, սահմանամերձ, բարձր լեռնային և բնակլիմայական անբարենպաստ պայմաններ ունեցող բնակավայրերի համար:

Գյուղատնտեսությունում տնտեսվարողների ջանքերով և իրականացվող քաղաքականության արդյունքում էական դրական տեղաշարժեր է գրանցվել կարտոֆիլի, բանջարեղենի, բոստանային մշակաբույսերի, պտղի, խաղողի, մսի, կաթի արտադրության բնագավառում, որոնք որոշակիորեն բարձրացրել են հիմնական պարենամթերքներով երկրի ինքնաբավության մակարդակը:

Հայաստանն ունի չօգտագործված մեծ հնարավորություններ զբոսաշրջության ոլորտում և՛ որպես տարածքային քաղաքականության իրականացման գործիք, և՛ որպես բարձրորակ ծառայությունների մատուցման հաշվին տնտեսական աճին նպաստող արդյունք: Վերջին տարիներին այս ուղղությամբ կատարված որոշակի աշխատանքների արդյունքում ընդունվել են ՀՀ կառավարության մի շարք որոշումներ` 2005 թվականի հուլիսի 28-ի N 948-Ն, 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1064-Ն, 2009 թվականի օգոստոսի 15-ի N 848-Ն, 2011 թվականի հուլիսի 28-ի N 973-Ն, որոնց համաձայն Հանրապետության մի շարք քաղաքներ, ինչպիսիք են Ծաղկաձորը, Ջերմուկը, Տաթևը, Գորիսը և այլն հայտարարվել են զբոսաշրջության կենտրոններ և այդ ուղղությամբ մշակվել են համապատասխան գործողությունների ծրագրեր:

 

2.11 Քաղաքների շարժունություն

 

Քաղաքային և գյուղական համայնքների արդյունավետ և ճիշտ նախագծումն ու պլանավորումը կարևոր նշանակություն ունեն քաղաքային շարժունության, ապրանքներին ու ծառայությունների հասանելիության ապահովման տեսանկյունից:

Շարժունությունը համարվում է քաղաքաշինական մտահղացման կարևոր բաղադրիչներից մեկը, քանի որ այն նպաստում է ոչ միայն քաղաքներում բնակվելու հարմարավետությանը` խցանումների նվազեցման և շրջակա միջավայրի աղտոտման առումով, այլև ապահովում է մարդկանց և ապրանքների հարմարավետ տեղափոխումը` նպաստելով տնտեսական ներուժի զարգացմանը:

Քաղաքային շարժունությունը հիմնական գործառույթների (ապրանքներին, ծառայություններին, ինչպիսիք են աշխատանքը, կրթությունը, առողջապահական ծառայությունները, խանութները) ապահով հասանելիության հիմքն է հանդիսանում և նպաստում` մարդկանց հասարակական կյանքին մասնակցելու պրոցեսին:

Բացի դրանից, հասանելի քաղաքները նպաստում են ավելի ապահով տրանսպորտի միջոցներին անցնելուն և ավելի մեծ քանակությամբ մարդկանց ստիպում են հրաժարվել ավտոմեքենաներից` նախապատվությունը տալով գնացքներին, ավտոբուսներին, հեծանվային ճանապարհներին և մայթերին: Ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ, որ անցումը ավտոմեքենաներին հասարակության վրա շատ թանկ է նստում և վատ ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա:

Վերջին տարիների ընթացքում Հայաստանը միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ զգալի առաջընթաց է արձանագրել կենտրոնական ու գյուղական ճանապարհների բարելավման և վերականգնման ուղղությամբ:

Մայրաքաղաքի ճանապարհային ցանցի բեռնաթափման նպատակով իրականացվող հետևողական ծրագրերից են Երևան քաղաքի ճանապարհափողոցային ցանցի ընդլայնումը, տարբեր մակարդակներով տրանսպորտային հանգույցների, նոր շրջանցիկ և տարանցիկ ճանապարհների կառուցումը: Հետիոտն երթևեկության անվտանգության ապահովման և տրանսպորտային հոսքերի ընդհատումների կանխման նպատակով այդ տարեկան ծրագրերով նախատեսվել է վերգետնյա հետիոտնային անցումների կառուցում, ինչպես նաև շահագործմանն ու պահպանմանն ուղղված աշխատանքների իրականացում:

Սակայն շարժունության հասկացողությունն ավելին է, քան պարզապես տրանսպորտային միջոցների տեսակը, որից մենք օգտվում ենք: Քաղաքաշինությունը պետք է կենտրոնանա մարդկանց և տեղանքի միջև առկա խոչընդոտները հաղթահարելու խնդիրներին, ինչը կարող է իրականացվել քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակումը կանոնակարգող իրավական ակտերի և գրագետ մշակված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի միջոցով, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգով, որով սահմանվում են համայնքների տարածական զարգացման հիմնական ուղղությունները, համայնքների վարչական սահմաններում ընդգրկված հողամասերի նպատակային նշանակությունը և դրանց փոփոխությունները, օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներ և սահմանափակումներ:

Օպտիմալացնելով քաղաքային բնակչության խտությունը և ապահովելով հողերի ավելի սահուն (ճկուն) գոտևորում, մենք օգնում ենք քաղաքներին դառնալ քաղաքացիների համար ավելի հարմարավետ ու հասանելիությունն ապրանքներին և ծառայություններին դառնում է քաղաքային առավելություն` խթանելով ներդրումային ծրագրերի իրականացմանը` ստեղծելով ավելի մեծ հնարավորություններ քաղաքների զարգացման համար:

Կոմպակտ, ճիշտ նախագծված քաղաքները բնապահպանական տեսանկյունից կարող են ավելի մաքուր լինել և նվազագույն բացասական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի և բնակչության հոգեբանության վրա:

Շատ բաղադրիչների բացակայությամբ բնութագրվող միջավայրում մեր քաղաքային տարածքները կայուն և ճիշտ եղանակներով զարգացնելը կյանքի համար շատ կարևոր և անհրաժեշտ է, որ ապագայի քաղաքները լինեն ճիշտ նախագծված, ապահով և հասանելի բոլորի համար:

 

2.12 Քաղաքների պլանավորման և կառավարման տեխնիկական կարողությունների բարձրացում

 

Երևան քաղաքի պլանավորման և կառավարման տեխնիկական ունակությունների բարելավման ուղղությամբ կիրառվում են մի շարք նորագույն տեխնոլոգիական մեխանիզմներ, այդ թվում` ավտոմատ պրոեկտավորման համակարգեր, երկրատեղեկատվական համակարգեր, արբանյակային և ավիացիոն սարքերից ստացված երկրի հեռահար զոնդավորման տվյալներ, ճշգրիտ չափագրման սարքեր և այլն: Դրանք ուղղված են լուծելու քաղաքային տնտեսության հետ կապված խնդիրները, ինչպես նաև կրճատելու ծախսվող ժամանակը, ապահովելու էլեկտրոնային արխիվացումը, իրականացնելու վերլուծություններ և վերահսկողություն:

Երևանի գլխավոր հատակագծի պլանավորման, նոր տրանսպորտային հանգույցների մշակման, իրացման գոտիների դիտարկման և քաղաքաշինական բազմաթիվ այլ խնդիրների քննարկման գործընթացում լայն կիրառություն է գտել Երևանի եռաչափ մոդելը, մարդու հասակից և թռչնի թռիչքի բարձրությունից արված պանորմային լուսանկարները, ինչը հնարավորություն է տալիս նախագծերը համադրել իրականության հետ և տեսնել հանգամանքներ, որոնք պլանավորելիս հնարավոր չէր հաշվի առնել:

Այսօր Երևան քաղաքի զարգացումը հնարավոր չէ պատկերացնել առանց արդի համակարգերի կիրառման, որի ընդլայնման և զարգացման ուղղությամբ իրականացվում են շարունակական աշխատանքներ և միջոցառումներ:

Կառավարման համակարգերի արդիականացումն ուղղված է ոչ միայն քաղաքային տնտեսության խնդիրների արդյունավետ կառավարմանը և վերհանմանը, այլ նաև բնակիչ-քաղաքային իշխանություն կապի ապահովմանը` էլեկտրոնային ծառայությունների կիրառմամբ: Այս համատեքստում կարևորվում է «ԷլՓաս» համակարգի ներդրումը և անընդհատ արդիականացումը: Վերջինս շարունակական գործընթաց է, որն ուղղված է Երևանի քաղաքապետարանում և ենթակա կառույցներում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի սպասարկմանը և զարգացմանը: «ԷլՓաս» համակարգը նախատեսված է «Մեկ պատուհան» գրասենյակից քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից ստացված դիմումների և փաստաթղթերի էլեկտրոնային շրջափուլն ապահովելու և կատարման սահմանված ժամկետները վերահսկելու համար:

«Մեկ պատուհան» գրասենյակների սպասարկման որակը բարձրացնելու, ինչպես նաև գործունեության թափանցիկությունը ապահովելու նպատակով տեղադրվել են տեսախցիկներ, և ուղիղ միացումով եթեր են տրվում www.yerevan.am կայքից:

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը ևս գործուն մեխանիզմ է ոչ միայն մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ բնակիչների տեղեկացվածության ապահովման առումով, այլ նաև տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի պատասխանը առցանց ստանալու և անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու ուղղությամբ: Երևանի պաշտոնական կայքում առկա է շինթույլտվության տրամադրման էլեկտրոնային տարբերակը, տարբեր ոլորտներում լիցենզիաների տրամադրման Էլեկտրոնային տարբերակները, գույքահարկի ու տարատեսակ այլ հարկերի և տուրքերի էլեկտրոնային վճարման հնարավորությունները:

Այս մեխանիզմների ներդրումը և հնարավորությունների ընդլայնումը նպաստում է Երևանի քաղաքապետարանի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ժամանակի կրճատմանը և թափանցիկության ապահովմանը:

Զարգացման նախադրյալ և մեծ խթան է հանդիսանում քաղաքում առկա և արագ զարգացող բարձր թողունակության կապուղիները` օպտիկամանրաթելային, 3G, LTE, Wi-Fi -ը: Կապուղիների հագեցվածության ցուցանիշով Երևանը բավական բարձր հորիզոնական է զբաղեցնում աշխարհում:

 

2.13 Այս բնագավառի փորձառված մարտահրավերները և քաղած դասերը

 

Բարդ կլիմայական պայմանները և խորհրդային ժամանակաշրջանում ընդունված տնտեսավարման եղանակը հանգեցրել են Հայաստանի տարածական զարգացման շեշտված անհամաչափության. մի կողմից` մայրաքաղաքում, հարթավայրային և առանձին սարահարթային շրջաններում բնակչության չհիմնավորված կուտակմանը, մյուս կողմից` մի շարք բնակավայրերի դեգրադացիային (հավելված N 1): Արդյունքում մենք ժառանգել ենք տարածական մի համակարգ, որին բնորոշ է զարգացման միակենտրոնությունը: Երևանում կենտրոնացած է հանրապետության քաղաքային բնակչության կեսից ավելին, տնտեսական ներուժի զգալի մասը, կենտրոնական գործառույթների, կարևորագույն կազմակերպությունների, գիտության և մշակույթի օբյեկտների ճնշող մեծամասնությունը (հավելված N 2):

Քաղաքային տարածքների սխալ ընտրության արդյունքում բնական աղետների ժամանակ ապահովագրված չենք անցանկալի հետևանքներից, ինչպես օրինակ 1988 թվականի ավերիչ երկրաշարժն էր:

Ներկայումս Հանրապետության համայնքների զգալի մեծամասնությունն ապահովված չէ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով, ինչի հետևանքով անխուսափելի են այնպիսի երևույթներ, ինչպիսիք են տարերային կառուցապատումը, տարածքների ոչ ճիշտ ընտրությունը և այլ անցանկալի երևույթներ: Վերջինիս հետևանքները վերացնելը գրեթե անհնար է:

Գյուղմթերքների իրացման շուկայի ձևավորման դժվարությունները, որոնք պայմանավորված են տեղական շուկայում դեռևս ցածր վճարունակ պահանջարկով, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքներ գնող-իրացնող ենթակառուցվածքների սակավությամբ, դրանց ձևավորման դանդաղ ընթացքով և արտահանման դժվարություններով:

Գյուղատնտեսական արտադրության արդյունավետ զարգացմանը դեռևս լրջորեն խոչընդոտում են գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը: Ներկայումս մեկ գյուղացիական տնտեսությանը միջին հաշվով բաժին է ընկնում 1.4 հա գյուղատնտեսական հողատեսքեր, այդ թվում` 1.1 հա վարելահող:

Պարզ սպառմանն ուղղված արդյունք արտադրելու համար տեխնոլոգիաների ներմուծումից պետք է անցում կատարվի տեխնոլոգիապես հասուն արդյունաբերության.

Արտադրության մեջ ցածր արտադրողականություն և շահագործման արդյունավետություն, ինչպես նաև բարձր էներգատարություն ունեցող ոչ արդիական տեխնոլոգիաների առկայություն

Տնտեսական զարգացման նպատակադրումները պահանջում են բարձրարժեք ծառայությունների տեսականու էապես ավելացում, որոնց որակը կհամապատասխանի միջազգային չափանիշներին.

Գլոբալ զարգացումներին համընթաց երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը տնտեսության բոլոր բնագավառներում արտադրողականության համընդհանուր աճի և գիտելիքահենք տնտեսության կայացման նախապայման է.

 

2.14 Այս բնագավառների մարտահրավերները և հարցերը, որոնք կարող են ուղղվել նոր քաղաքային օրակարգի կողմից

 

Այս բնագավառում տեղ գտած թերությունները վերացնելու համար անհրաժեշտ է կարճ ժամանակաշրջանում ՀՀ բոլոր համայնքներին ապահովել քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով: Այս գործընթացի համար որպես վերջնաժամկետ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով սահմանվել է 2016 թվականի հունվարի 1-ը:

Մարզերում բնակչության իրական եկամուտների տարբերությունների զգալի կրճատում, քաղաքների տնտեսական, մշակութային ակտիվության աճ.

- մարզերում տեխնոլոգիական խզվածքների հաղթահարում և արտադրողականության մակարդակների բարձրացում,

- տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում և դրանցից օգտվելու կարողությունների մեծացում,

- մարզերում պետություն-մասնավոր հատված համագործակցության ընդլայնում, ենթակառուցվածքների մատչելիության մակարդակի բարձրացում,

- մարզերում փոքր և միջին ձեռնարկատիրության, զբոսաշրջության խթանում և զարգացում` ռեսուրսները կենտրոնացնելով տնտեսական աճի կառավարման վրա: Երևանում ճանաչում գտած տեղական և միջազգային բրենդների մասնաճյուղերի հիմնմանն աջակցություն,

- մարզերում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ձեռնարկատիրությանն աջակցության ընդլայնում, համապատասխան մոնիթորինգի համակարգի ներդրում,

- մարզերում պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի հիմնում, ինովացիոն համակարգերի ձևավորում, ինովացիոն ենթակառույցների ստեղծում (մասնավորապես, տեխնոպարկեր, բիզնես-ինկուբատորներ և արդյունաբերական պարկեր): Որպես առաջնահերթ պայմաններ կդիտարկվեն տնտեսական, գիտատեխնիկական ներուժը և արդյունաբերական ավանդույթները,

- մարզերի զարգացման ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմների ձևավորում. տարածքային զարգացման կորպորացիաների հիմնադրում և բիզնեսի զարգացմանը զուգընթաց տեղական հարկերի բազայի ձևավորում, պարտատոմսերի թողարկում,

- ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում տարածքային խոշոր ծրագրերի մշակում, մասնավոր ներդրողների ներգրավում և ծրագրի իրականացում,

- գյուղատնտեսական մթերքներ վերամշակող և էկոլոգիապես մաքուր արդյունաբերական փոքր ձեռնարկությունների հիմնում (օրինակ` գյուղատնտեսական մթերքներ վերամշակող կամ դրանից ստացվող սննդամթերքի փաթեթավորման, սառեցման և պահեստավորման փոքր արտադրություններ):

- ռեսուրսատար զարգացման փուլից (Համաշխարհային տնտեսական ֆորումի դասակարգմամբ) անցում ներդրումային զարգացման փուլ, որի ընթացքում պետք է ռեսուրսներ ներգրավել նորագույն և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման նպատակով, ինչը թույլ կտա ապահովել դիվերսիֆիկացված արտադրություն.

- եկար ժամկետում անցում գիտելիքահենք զարգացման փուլ` ապահովելով առևտրայնացվող գյուտերի, նորարարական տեխնոլոգիաների առկայություն և զարգացած շուկաներում մրցունակ նոր արտադրատեսակներ.

- հանքահումքային և քիմիական արդյունաբերությունում բարձր արտադրողականության մակարդակ և մեծ ավելացված արժեքի ստեղծում, բարձր տեխնոլոգիական մակարդակով գործող խոշոր կենտրոններ.

- երկրում ՏՏ-ի ոլորտի զարգացման և Հայաստանի` որպես զարգացած ՏՏ-ի ոլորտ ունեցող երկրի դիրքավորում աշխարհի ՏՏ-ի քարտեզի վրա, հայկական ճանաչված մրցունակ ապրանքանիշ.

- տեխնոլոգիական զարգացումներին արձագանքելու և ներդրումներ կլանելու կարողություններ ունեցող ՓՄՁ-ի սուբյեկտների առկայություն.

- տարածաշրջանում որակյալ և բարձրարժեք ծառայություններ մատուցող երկրի նկարագրի ձևավորում.

- Հայաստանի` որպես կազմակերպված հանգստի կենտրոն կայացում.

- ՀՀ մարզերում ծառայությունների` ներառյալ զբոսաշրջության, մատուցման ընդլայնում և այդ ոլորտում հայտնի բրենդների ներգրավվածության ապահովում:

 

III. Շրջակա միջավայր և ուրբանիզացիա`

 

3.15 Պայքար կլիմայի փոփոխության դեմ

 

Ըստ կլիմայի փոփոխության ՀՀ առաջին ազգային հաղորդագրության, Հայաստանի Հանրապետության տարածքում ամենալավատեսական գնահատականով, կանխատեսվում էր 2100 թ.-ին միջին տարեկան ջերմաստիճանի բարձրացում 1.7 աստիճանով և տեղումների նվազում` 10%: Հայաստանի Հանրապետության կլիմայի փոփոխության երկրորդ ազգային հաղորդագրության պատրաստման ժամանակ (2006 թ.) արձանագրված միջին տարեկան ջերմաստիճանի բարձրացումը 1961-1990 թթ. միջինի նկատմամբ կազմել էր արդեն 0.85oC և ընդհանուր տեղումների նվազումը 6%: 2012 թվականի դրությամբ տարեկան միջին ջերմաստիճանի շեղումը արդեն կազմել է +1.03 աստիճան, իսկ տեղումների նվազումը` 10%:

Գծապատկեր. 2012 թ-ի դրությամբ օդի միջին ջերմաստիճանի (ա) և տեղումների (բ) միջին տարեկան շեղումները 1961-1990 թթ միջինի նկատմամբ:

 

_______________________

ԻՐՏԵԿ - գծապատկերները չեն բերվում

 

Ներկայացված տվյալները վկայում են, որ իրականանում է կլիմայի փոփոխության առավել վատատեսական կանխատեսումը:

Հայաստանի Հանրապետության մասնակցությունը ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիային: ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 1993 թ. մայիսին և իր, զարգացող երկրի կարգավիճակին համապատասխան, կանոնավոր կատարում է իր միջազգային պարտավորությունները: 1998 թ. Կլիմայի փոփոխության Կողմ երկրների համաժողովին ՀՀ ներկայացրել է Կլիմայի փոփոխության մասին առաջին, ապա 2010 թ.`երկրորդ ազգային հաղորդագրությունները: Հայաստանի Հանրապետությունը 2002 թ.-ին վավերացրել է նաև Կլիմայի փոփոխության կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրությունը:

Կոնվենցիայի նպատակն է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, որպեսզի մթնոլորտում դրանց պարունակությունը չգերազանցի վտանգավոր սահմանագիծը և կլիմայի փոփոխությունը չընդունի անդառնալի ու անկառավարելի բնույթ, և որ էկոհամակարգերը հասցնեն հարմարվել այդ փոփոխությանը:

Թեև կոնվենցիայի միակ նպատակը ջերմոցային գազերի արտանետումների կրճատման միջոցով կլիմայի փոփոխության մեղմումն է, կոնվենցիայի երկրորդ ու իր նշանակությամբ կարևոր հիմնահարցը դիտարկվում է կլիմայի կանխատեսվող փոփոխությանը հարմարվողականությունը (ադապտացիան):

Կոնվենցիայի նպատակի իրականացմանը մասնակցելու վերաբերյալ ՀՀ պաշտոնական դիրքորոշումը արտահայտված է Կոնվենցիայի կողմ երկրների 15-րդ համաժողովում ընդունված Կոպենհագենյան համաձայնագրին ասոցացվելու ՀՀ հայտարարագրում: Ըստ հայտարարագրի բնակավայրերի մասով ջերմոցային գազերի արտանետումների կրճատման համար նախատեսվում է շենքերում և շինություններում էներգախնայողության բարձրացում, էլեկտրատրանսպորտի զարգացում, բնական գազի մասնաբաժնի ավելացում ավտոտրանսպորտի շարժիչային վառելիքում, կոշտ կենցաղային թափոններից և կեղտաջրերից մեթանի արտանետումների նվազեցում:

Թեև Հայաստանի Հանրապետությունը ըստ զարգացող երկրի իր կարգավիճակի ջերմոցային գազերի արտանետումների կրճատման քանակական պարտավորություններ չունի, սակայն այդ բնագավառում պատրաստակամություն է հայտնել ստանձնել կամավոր պարտավորություններ իրականացնելու ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման ծրագրեր «ցածրածխածնային զարգացման»» գաղափարախոսության ներքո` զարգացած երկրների կողմից համապատասխան ֆինանսական ու տեխնոլոգիական աջակցության դեպքում:

Բնակավայրերում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման (կամ ինչպես ընդունված է անվանել` «կլիմայի փոփոխության մեղմման») ծրագրերից է Գլոբալ էկոլոգիական ֆոնդի (ԳԷՖ) ֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ ու ՀՀ բնապահպանության նախարարության համակարգմամբ իրականացված «Հայաստան. քաղաքային ջեռուցման և տաք ջրամատակարարման էներգաարդյունավետության բարձրացում» ծրագիրը (2005-2013 թթ.), որի արդյունքում Երևանի Ավան թաղամասում արտասահմանյան մասնավոր կապիտալի ներգրավմամբ կառուցվել է բազմաբնակարան շենքերի կենտրոնացված ջերմամատակարարման համակարգ: Ներկա դրությամբ համակարգին է միացված 30 շենք: Ծրագրի շրջանակում մի շարք այլ համակարգերում տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, որոնց հաշվին նվազում են ջերմոցային գազերի արտանետումները ու բնական գազի սպառումը:

Ներկայումս, նույն կազմակերպությունների կողմից իրականացման փուլում են`

ա) «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ՄԱԶԾ-ԳԷՖ (2010-2015 թթ.) և բ) «Քաղաքային կանաչ լուսավորություն» (ՄԱԶԾ-ԳԷՖ) ծրագրերը:

Համաշխարհային բանկի և ԳԷՖ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվում է «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագիրը` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համակարգման ներքո` Հայաստանի վերականգնվող էներգիայի ու էներգախնայողության (ՀՎԷԷ) հիմնադրամի կողմից:

Կիոտոյի արձանագրության մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակում իրականացվել են ա) «Նուբարաշենի կոշտ կենցաղային թափոնների աղբավայրից կենսագազի օգտահանման և էլեկտրաէներգիայի ստացման ՄԶՄ նախագիծը», որի արդյունքում աղբավայրի 7 հեկտար հատվածից հավաքվում ու այրվում է կենսագազը, նվազեցնելով ջերմոցային գազ հանդիսացող մեթանի արտանետումները մթնոլորտ և բ) «Լուսակերտի կենսագազի գործարան, թռչնաղբի մշակումից ստացվող մեթանի որսում և այրում ՄԶՄ նախագիծը», որի արդյունքում թռչնաղբից օգտահանվում է կենսագազը և կոգեներացիոն կայանքի միջոցով արտադրվում էլեկտրաէներգիա ու ջերմային էներգիա` միաժամանակ կանխելով մեթանի արտանետումները մթնոլորտ ու գարշահոտության տարածումը բնակավայրերի օդային ավազանում:

ՀՀ երեք քաղաքները (Ապարան, Հրազդան, Ծաղկաձոր) միացել են «Քաղաքապետների համաձայնագիր» կոչվող Եվրամիության քաղաքների քաղաքապետերի նախաձեռնությանը: Ըստ այդ փաստաթղթի, այն ստորագրած քաղաքապետերը պարտավորվում են մինչև 2020 թ.-ը կրճատել իրենց քաղաքների ջերմոցային գազերի արտանետումները 20%-ով: Ներկայումս Եվրամիության կողմից ֆինանսավորվում է մի ծրագիր, որի նպատակն է հորդորել նաև այլ քաղաքների` միանալու նշված համաձայնագրին:

Միաժամանակ, հետազոտությունները ցույց են տալիս, որ կլիմայի փոփոխության պատճառով, երբ փոփոխվում է տվյալ տարածքի եղանակային ռեժիմը, փոփոխության է ենթարկվում բնակչության հիվանդացության դինամիկան: Դա տեղի է ունենում ջերմաստիճանային ռեժիմի, օրինակ, մեծ տևողության ծայրահեղ շոգ (ջերմային ալիքներ), կամ ցուրտ եղանակի պատճառով: Մինչ այժմ կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ կլիմայի կանխատեսվող փոփոխության հետևանքով Հայաստանի տարածքում ջերմային ալիքների հաճախականության ու տևողության աճի հետևանքով (երբ միջին ամսական ջերմաստիճանը հասնում է 29oC-ի, իսկ միջին օրական ջերմաստիճանը 30oC և ավելի) տեղի է ունենում հիվանդացության (հատկապես սրտանոթային հիվանդությունների) ու մահացության աճ: Կարևոր է նշել, որ ջերմային ալիքների ներգործությունը ուժեղանում է հատկապես Երևանում, քանի որ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված օդի ջերմաստիճանի բարձրացմանը գումարվում է մեծ քաղաքներին բնորոշ «ջերմային կղզյակ»-ի էֆեկտը, որը Երևանի կենտրոնում հասնում է ջերմաստիճանի 3-4 աստիճանով ավելացման:

 

3.16 Աղետների ռիսկի նվազեցում

 

Աղետների ռիսկի, մասնավորապես սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում ՀՀ կառավարության, Լիազոր մարմնի, ՏԻՄ (ներառյալ խոշոր քաղաքների) և պետական կառավարման տարածքային մարմինների նվաճումներն են.

- Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում քաղաքականությունը ձևավորվում է` հիմք ընդունելով երկրում աղետների ռիսկի նվազեցման խնդիրները և դրանց լուծման ուղիները:

- ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 7-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարությանը և աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» N 281-Ն որոշումը:

- ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների ներառման, արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների նախատեսման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի N 261-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1351-Ն որոշումն ընդունվել է 2012 թվականի հոկտեմբերի 25-ին: Այս իրավական ակտով կարգավորվում է մարզերի և համայնքների զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների ներառումը և արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների իրականացումը:

Սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզները կազմվում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության կողմից տրված տեխնիկական առաջադրանքի օրինակելի ձևին համապատասխան և սահմանված կարգով հաստատվելուց հետո Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից անվճար տրամադրվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետներին ու համայնքների ղեկավարներին.

Սեյսմիկ ռիսկի գնահատման տեսանկյունից առանձնակի կարևորվում են բազմաբնակարան բնակելի շենքերը, որոնցում բնակվում է հանրապետության բնակչության կեսից ավելին:

Սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների ներառումը տնտեսության զարգացման ծրագրերում հնարավորություն կտա առանձնահատուկ ուշադրություն հատկացնել բարձր և միջին սեյսմիկ ռիսկ պարունակող տարածքներին և ծրագրել ու իրականացնել սեյսմիկ ռիսկի նվազեցման համապատասխան միջոցառումներ մարզային և համայնքային մակարդակներում:

 

3.17 Երթևեկության կուտակումների նվազեցում

 

Մայրաքաղաքում, հատկապես կենտրոնում, առկա է տրանսպորտային միջոցների բարձր խտություն, ինչն էլ երթևեկության ծանրաբեռնվածության և կուտակումների պատճառ է: Երևան քաղաքի ճանապարհափողոցային ցանցի բեռնաթափումը հանդիսանում է գերակա խնդիր, որի լուծմանն ուղղված ծրագրերը կրում են շարունակական բնույթ:

Այդ ուղղությամբ իրականացվում է Երևան քաղաքի ճանապարհափողոցային ցանցի ընդլայնում, տարբեր մակարդակներով տրանսպորտային հանգույցների, նոր շրջանցիկ և տարանցիկ ճանապարհների կառուցում: Ճանապարհների թողունակության բարձրացման, կանգառ և կայանում կատարած տրանսպորտային միջոցներով երթևեկելի մասերի ծանրաբեռնվածության նվազեցման նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 1293-Ն որոշումը:

Երթևեկության կուտակումների նվազեցման նպատակով իրականացվել են օրենսդրական բարեփոխումներ, մասնավորապես կրճատվել է միկրոավտոբուսների շահագործման ժամկետը մինչև 12 տարի, իսկ ավտոբուսների համար սահմանվել է շահագործման ժամկետ մինչև 15 տարի, կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով սահմանվել են դրույթներ, որոնք խրախուսում են կանոնավոր երթուղիներում մեծ տեղատարողության ավտոբուսների ներգրավումը: Երևան քաղաքում տրանսպորտային կուտակումների նվազեցման և ուղևորների սպասարկման որակի բարելավման նպատակով հաստատվել է Երևան քաղաքի երթուղային նոր ցանցը, որտեղ երթուղիների օպտիմալացման արդյունքում միկրոավտոբուսային մեծ թվով երթուղիներ փոխարինվել են ավտոբուսային երթուղիներով:

Բացի այդ, 2013 թվականին ընդունվել է Տրանսպորտային անվտանգության ռազմավարությունը, որի նպատակն է ապահովել տրանսպորտային անվտանգության միջազգային պահանջներին համապատասխանող մակարդակի համակարգի կայացումը, որը կերաշխավորի, քաղաքական, տնտեսական և արտակարգ իրավիճակներով պայմանավորված ու այլ բնույթի ռիսկերի կառավարումը, կնվազեցնի տրանսպորտային պատահարներից վնասվածքների և մահացության մակարդակը, փոխադրումների բնագավառում տրանսպորտային ծախսերը, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների համար կստեղծի գործունեության ծավալման բարենպաստ միջավայր և հասարակությանը կմատուցի բարձրորակ տրանսպորտային ծառայություններ:

Նախատեսվում է ռազմավարությունից բխող իրավական դաշտի կատարելագործում ու արդիականացում, ճանապարհային ցանցի բարելավում, որակյալ ծառայությունների մատուցում, երկաթուղային և օդային տրանսպորտների ենթակառուցվածքների բարելավում և համապատասխանեցում միջազգային չափանիշներին:

Սահմանափակվել է Երևան քաղաքի վարչական տարածք միջմարզային ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների մուտքը մայրաքաղաքի վարչական տարածք, կանոնակարգվել են դրանց վերջնականգառները և ուղեգծերը, որի արդյունքում զգալիորեն բեռնաթափվել են մայրաքաղաքի կենտրոնական փողոցները:

Մայրաքաղաքում կայանատեղիների կանոնակարգման առկա խնդիրը լուծելու նպատակով մշակվել և ընդունվել են համապատասխան օրենսդրական ակտեր, այդ թվում` ՀՀ կառավարության և Երևանի ավագանու համապատասխան որոշումներ:

Շարունակական աշխատանքներ են տարվում հասարակական տրանսպորտի կանգառների կանոնակարգման, կահավորման, պահպանման ու շահագործման ուղղությամբ: Հասարակական տրանսպորտի կանգառասրահներում ուղևորների երթևեկի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների հոսքերի կառավարման նպատակով 2013 թվականից կիրառվում են էլեկտրոնային չվացուցակները:

ՀՀ ոստիկանության հետ համատեղ միջոցներ են ձեռնարկվում մայրաքաղաքի երթևեկության կազմակերպման վիճակի բարելավման ուղղությամբ: Ելնելով երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման նկատառումներից` էական փոփոխություններ են կատարվել մայրաքաղաքի մի շարք փողոցների երթևեկության կազմակերպման սխեմաներում:

Շարունակական բնույթ են կրում Երևան քաղաքում ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների (լուսացույցներ, ճանապարհային նշաններ, գծանշումներ և այլն) ներդրման աշխատանքները և ժամանակակից սարքավորումների կիրառումը:

 

3.18 Օդի աղտոտվածություն

 

Մթնոլորտային օդի պահպանության կառավարումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է 1994 թ. ընդունված «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի և օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերով:

Օրենքն արդիականացնելու և մթնոլորտային օդի վրա որոշ բացասական ազդեցությունների կանխարգելման նպատակով վերջին տարիներին օրենքում կատարվել են փոփոխություններ, (վերջինը` 2011 թ.): Այդ փոփոխությունների արդյունքում, մասնավորապես, արգելվել է համապատասխան բեռների տեղափոխումը փոշու համար անթափանց ծածկոցներ չունեցող մեքենաներով, սահմանվել են միջոցառումներ շինհրապարակներից, վերակառուցվող և նոր կառուցվող շենքերից փոշու արտանետումները կանխարգելելու համար, արգելվել է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում, վարչարարությունը պակասեցնելու և կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և համապատասխան գործունեությունն ավելի թիրախային դարձնելու նպատակով 10 անգամ բարձրացվել է կազմակերպությունների արտանետումների նորմավորման ենթակա լինելու շեմը:

Ներկայումս արտանետումների պետական հաշվառման և նորմավորման ոլորտում ընդգրկված են 1466 կազմակերպություն` արտանետման ավելի քան 3850 աղբյուրներով: Դրանք ընդգրկում են հանրապետությունում անշարժ աղբյուրներից կատարվող գրեթե ողջ արտանետումները և դրանց նկատմամբ իրականացվում է պետական վերահսկողություն:

Ավտոտրանսպորտից արտանետումների կրճատման նպատակով ՀՀ կառավարության կողմից ընդունվել է հայեցակարգ և միջոցառումների ծրագիր, արգելվել է կապարացված բենզինի օգտագործումը և արտանետումների չեզոքացուցիչներ չունեցող ավտոմեքենաների ներմուծումը: Վերջին տարիների ընթացքում մոտ 10 անգամ նվազեցվել է բենզինում և դիզելային վառելիքում ծծմբի պարունակության թույլատրելի քանակությունը: Տարեցտարի ավելացել է սեղմված բնական գազի օգտագործումը` ի հաշիվ բենզինի օգտագործման պակասեցման: Այս ամենի արդյունքում զգալիորեն զսպվել է վնասակար արտանետումների աճը ավտոտրանսպորտից:

2004 թ.-ից սկսած աշխատանքներ են իրականացվում վնասակար նյութերի արտանետումների տարածքային և տեխնոլոգիական նորմավորման սկզբունքի ներդրման ուղղությամբ: Մշակվել են բնակավայրերում մթնոլորտի ֆոնային աղտոտվածության մեջ ավտոտրանսպորտի արտանետումների բաժնեմասը որոշելու սկզբունքները:

2007-2013 թթ. ընթացքում ընդունվել են կառավարության մի շարք որոշումներ, որոնք հստակեցրել և ավելի թափանցիկ են դարձրել մթնոլորտային օդի պահպանության կառավարումը: Մասնավորապես, հաստատվել են աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների ու մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր պետական մարմնի հարաբերությունները` տնտեսվարող սուբյեկտներին պետական հաշվառման վերցնելու գործընթացում, հստակեցվել է հաշվառման ենթակա լինելու ստորին շեմը: Արտանետումների նորմավորման բնագավառում գործող իրավական ակտերը արդիականացնելու և իրավական դաշտի բացերը լրացնելու նպատակով հաստատվել է նաև կազմակերպությունների սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) նորմատիվների մշակման ու հաստատման կարգը: Այս կարգով նախատեսվեց նաև այս բնագավառի էլեկտրոնային կառավարման ներդրումը, ինչը հնարավորություն տվեց մի կողմից պարզեցնել նախագծերի ներկայացման և արտանետումների թույլտվություններ ստանալու ընթացակարգը, պակասեցրեց վարչարարությունը և նվազեցրեց կոռուպցիոն ռիսկերը, մյուս կողմից թափանցիկ դարձրեց ինչպես տնտեսվարող սուբյեկտների բնապահպանական գործունեությունը, այնպես էլ պետական վերահսկողությունը այդ գործունեության նկատմամբ:

Ընդունվել է մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության, կլիմայի փոփոխության և օզոնային շերտի վիճակի հետ կապված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման,ազդարարման և արձագանքման կարգը:

Սահմանվել են բնական գազով աշխատող ջերմային էլեկտրակայաններից մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների հաշվարկի մեթոդները:

Մթնոլորտային օդի, մթնոլորտային տեղումների աղտոտվածության որոշումն ու գնահատումը իրականացվում են «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Մթնոլորտային օդի գետնամերձ շերտի որակի մոնիտորինգը իրականացվում է Երևան, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան և Արարատ քաղաքներում: Մոնիտորինգը կատարվում է եռաշերտ հիբրիդային ցանցի միջոցով, որը ներառում է օդի որակի հսկման 3 տարբեր դիտացանց` ավտոմատ, ասպիրացիոն (ակտիվ նմուշառման) և պասիվ նմուշառում:

«Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածման, դիտարկման և գնահատման համատեղ ծրագրի» (EMEP) շրջանակներում, Նորվեգիայի կառավարության աջակցությամբ, Ամբերդում ստեղծվել և 2008 թվականից գործում է մթնոլորտի անդրսահմանային աղտոտման առաջին կարգի դիտանցի միջազգային կայան: Կայանում կատարված չափումների տվյալների ներկայացվում են կոնվենցիայի համակարգող քիմիական կենտրոն /Նորվեգիա, Օսլո/:

Մթնոլորտային օդի որակի բարելավման նպատակով նախատեսվում է լավագույն հասանելի տեխնոլոգիաների ներդրման մեխանիզմի մշակում, ինչպես նաև Էլեկտրատրանսպորտի զարգացման խթանում:

 

3.19 Այս բնագավառի փորձառված մարտահրավերները և քաղած դասերը

 

ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 7-ի N 281-Ն որոշումով ընդունված ծրագրով ակնկալվում է.

1) աղետների ռիսկերի նվազեցման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, օրենսդրական միասնական դաշտի ապահովման, աղետների ռիսկերի բոլոր դերակատարների գործառույթների հստակ սահմանման, աղետների ռիսկերի նվազեցմանն ու վերացմանն ուղղված գործողությունների իրականացման քաղաքականության առկայություն,

2) պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների միջև աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում հստակ սահմանազատված լիազորությունների, միջազգային նորմերի պահանջների, դրանց ներդաշնակեցված գործառույթների և պարտականությունների սահմանում,

3) աղետների ռիսկերի նվազեցման ռազմավարության մեջ ինտեգրված կրթական համակարգի առկայություն, երկրի զարգացման, այդ թվում` նաև առանձին ոլորտների զարգացման ծրագրերում աղետների ռիսկերի գիտելիքի ձևավորված և զարգացած կարողություն, բնակչության մեջ անվտանգության և աղետների դիմակայման ձևավորված մշակույթ, աղետակայուն հասարակության ձևավորման հիմքերի ներդրում:

ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 1351-Ն որոշմամբ կարգավորվում են սեյսմիկ պաշտպանության ոլորտի հետևյալ խնդիրները.

1) Հանրապետության համայնքներն ամբողջությամբ ապահովված չեն սեյսմիկ ռիսկի քարտեզներով.

ա. Հայաստանի Հանրապետության համայնքների գլխավոր հատակագծերի մշակման տարածքի համալիր գնահատման հատակագծում ցույց են տրվում բնական ու տեխնածին վտանգավոր երևույթների պատճառով կառուցապատման և այլ նպատակներով հողօգտագործման համար անբարենպաստ տարածքները, այսինքն տարածքները գոտևորվում են` հաշվի առնելով նաև առկա սեյսմիկ վտանգի պայմաններում գոյություն ունեցող շենքերի և շինությունների սեյսմակայունությունը:

բ. Իր հերթին սեյսմիկ ռիսկի քարտեզը սեյսմիկ սահմանափակում արտացոլող փաստաթուղթ է, որը ենթադրում է բնակչության և տարածքների պաշտպանության միջոցառումների իրականացում`սեյսմիկ անվտանգության ապահովման պահանջ` սեյսմիկ ռիսկի նվազեցման անհրաժեշտություն: Ելնելով վերոգրյալից, կարևորվում է սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների ներառումը համայնքների գլխավոր հատակագծերում:

գ. Հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների մշակման գրաֆիկական մասերի վրա արտահայտվում են նաև հողամասերի օգտագործման նկատմամբ սեյսմապաշտպանական և այլ բնույթի սահմանափակումներն, իսկ սխեմայի տեքստային մասում նշվում են հողօգտագործման նկատմամբ սեյսմապաշտպանական սահմանափակումների բնույթն ու հիմնավորումները: Սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների վրա ցույց են տրվում սեյսմիկ ռիսկի գոտիները, և հենց այս քարտեզն է (ոչ թե սեյսմիկ վտանգի գոտիավորման քարտեզները) պարունակում սեյսմապաշտպանական բնույթի սահմանափակումներ, որի տեքստային մասում` բացատրագրում նշվում են սեյսմապաշտպանական սահմանափակումների բնույթն ու հիմնավորումները:

2) Հայաստանի Հանրապետության մարզերի զարգացման ծրագրերի իրագործման հիմնական սկզբունքներից ու հիմնադրույթներից է ՄԶԾ-երի ներդաշնակումը ԱՀՌԾ և ոլորտային ռազմավարություններին: Մարզային զարգացման ծրագրի կազմման և իրագործման գործընթացում ՄԶԾ-երի հիմքում ընկած են ՀՀ ԱՀՌԾ-ն և պետական ոլորտային ռազմավարությունները` Կայուն զարգացման ծրագիրը և Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագիրը:

ա. Կայուն զարգացման ծրագրում փաստելով, որ N 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո վերանայվեցին ՀՀ ամբողջ տարածքի սեյսմիկ պայմանները, հետևաբար անհրաժեշտություն է դառնում սեյսմիկ ռիսկի գնահատումը և, դրան համապատասխան` սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների նախատեսումը:

բ. Ոլորտային ռազմավարության` Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրում նշվում է, որ ծրագրի իրականացման հիմնական արդյունքներից մեկը կլինի բնակչության անվտանգության և պետության կայուն զարգացմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցումը, որը կարող է ձեռք բերվել միմյանց լրացնող ծրագրերի մշակման և իրականացման միջոցով` երեք հիմնական ուղղություններով, որոնցից սեյսմիկ ռիսկի գնահատման բնագավառում վերջնական արդյունքը սեյսմիկ ռիսկի քարտեզագրումն է:

 

3.20 Այս բնագավառների մարտահրավերները և հարցերը, որոնք կարող են ուղղվել նոր քաղաքային օրակարգի կողմից

 

- մարզերի և համայնքների սեյսմիկ ռիսկի քարտեզների կազմման ֆինանսավորումը,

- սեյսմիկ խոցելիության նվազեցման միջոցառումները մարզերի և բնակավայրերի զարգացման ծրագրերում ներառման ֆինանսավորումը:

Սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների կազմման, սեյսմիկ խոցելիության նվազեցման իրականացման ֆինանսական ապահովման հարցը ներառված է ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 1351-Ն որոշման 6-րդ կետում, որը ենթադրում է հարցի պարբերական և համակողմանի ներկայացում ՀՀ ֆինանսների նախարարությանը, ինչպես նաև ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների որոնում:

Կլիմայի փոփոխությանն առնչվող խնդիրները հանգեցնում են զգալի խոցելիության, որի նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել հարմարվողականության միջոցառումներ.

- կլիմայի փոփոխության պատճառով բնակավայրերի ու ենթակառույցների խոցելիությունը արտահայտվում է գետային հեղեղումների, ջրածածկումների, սելավային երևույթների, սողանքների ու օդերևութաբանական վտանգավոր պայմանների հաճախականության ու ինտենսիվության աճով:

- ՀՀ տարածքի ենթակառուցվածքներն ու բնակավայրերը արդեն իսկ ենթարկված են բարձր ռիսկայնության և այդ ռիսկայնության աստիճանն աճելու է կլիմայական պայմանների կանխատեսվող փոփոխություններին զուգընթաց:

- հարմարվողականության առաջարկությունների հիմքում պետք է դնել այսպես կոչված «առանց ափսոսանքի» միջոցառումները և կիրառել էկոհամակարգային մոտեցում, այսինքն, այդպիսի ռիսկային տեղամասում վերականգնել բնական էկոհամակարգերը:

- հարմարվողականության միջոցառումների մեջ նպատակահարմար է ներառել նաև ապահովագրական համակարգը, որը բացի վնասի ուղղակի փոխհատուցումից խրախուսական միջավայր կստեղծի` հուսալի ու հեռանկարային քայլեր ձեռնարկելու աղետների ռիսկը նվազեցնելու համար:

Բնակչության առողջությանն ուղղված քաղաքաշինական բնույթի հարմարվողական միջոցառումները պետք է ներառեն.

- շենքերում ու սենքերում ջերմաստիճանային բարենպաստ պայմանների ստեղծում, մասնավորապես ջերմամեկուսացման ու օդորակման միջոցով,

- ապագայի կլիմայական պայմաններին համապատասխան ճարտարապետաշինարարական նորմերի ու ստանդարտների մշակում,

- ջրամատակարարման ու մաքուր ջրի մատչելիության ապահովում, բնակավայրերի մարդաշատ վայրերում խմելու ջրի ցայտաղբյուրների տեղադրում

- քաղաքային համայնքներում կանաչ տարածքների ընդլայնում, կանաչ ճարտարապետության մշակույթի սերմանում:

ՀՀ կառավարության 2011թ. նոյեմբերի 10-ի «ՀՀ բնապահպանական կոնվենցիաներից բխող Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1594-Ն որոշմամբ հանձնարարված է Կլիմայի փոփոխության մեղմման ազգային գործողությունների ծրագրի (Natiօnally Apprօpriate Mitigatiօn Actiօns-NAMA) և Կլիմայի փոփոխության նկատմամբ էկոհամակարգային մոտեցմամբ հարմարվողականության հայեցակարգի ու հարմարվողականությանը նպատակաուղղված ազգային գործողությունների ծրագրի (Natiօnal Adaptatiօn Prօgramme-NAP) մշակումները և դրանք 2015թ.-ին ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը:

Անհրաժեշտ է վերը հիշատակված և այլ մեղմման ու հարմարվողական միջոցառումները ընդգրկել նշված (NAMA և NAP) ծրագրային փաստաթղթերում:

 

IV. Քաղաքային կառավարում և օրենսդրություն

 

4.21. Քաղաքային օրենսդրության կատարելագործում

 

ՀՀ կառավարության 2009 թ. սեպտեմբերի 3-ի նիստի N 36 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած ՀՀ համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացի բարեփոխման հայեցակարգի իրագործման շրջանակներում կատարվել են փոփոխություններ մի շարք օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում: 2011 թ. ընդունվել են «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները:

Մասնավորապես «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով կանոնակարգվել են համայնքների գլխավոր հատակագծերի հաստատման և հողերի նպատակային նշանակության փոփոխման ընթացակարգերը, սահմանվել են նաև կառուցապատման ընթացակարգերը սահմանող մի շարք դրույթներ, ուղղված նախագծման և շինարարության թույլտվությունների օպտիմալացմանը:

Վերանայվել են քաղաքաշինական ընթացակարգերը մանրամասնեցնող գրեթե բոլոր օրենսդրական ակտերը:

Քաղաքաշինության ոլորտում իրականացվող քաղաքականության կարևոր բաղադրիչներից է Հայաստանում գործարար միջավայրի բարելավման խնդիրը, շինարարության ոլորտում կառուցապատման ընթացակարգերի հետևողական կանոնակարգումը, թույլտվությունների ստացման համար անհրաժեշտ քայլերի, ժամկետների և ծախսերի կրճատումը: Նշված խնդիրների կանոնակարգման նպատակով ՀՀ կառավարության կողմից 2011 թ. մարտի 3-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության շինարարության օբյեկտների կառուցապատման ընթացակարգերը կանոնակարգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 257-Ն որոշումը: Նույն որոշմամբ ընդունվել են ՀՀ կառավարության 29.08.2002 թ. N 1473-Ն, 21.12.1998 թ. N 812, 06.05.2010 թ. N 711-Ն, 28.10.98 թ. N 660, 02.02.2002 թ. N 91, 08.05.03 թ. N 626-Ն որոշումներով սահմանված նորմերը, ինչի շնորհիվ էապես նվազեցվել է կառուցապատման ընթացակարգերի թիվը, տևողությունն ու արժեքը: Շինարարության օբյեկտները, ելնելով դրանց ռիսկայնության աստիճանից դասակարգվել են կատեգորիաների, որոնց համապատասխան կանոնակարգվել են կառուցապատման ընթացակարգերը` պարզից բարդ:

2011 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարությունը նախաձեռնել է շինարարության ոլորտում էլեկտրոնային թույլտվությունների համակարգի ներդրման գործընթացը: Համակարգի ներդրման արդյունքում զգալիորեն կբարձրանա կառուցապատման գործառույթներից օգտվողների սպասարկման որակը, գործընթացի թափանցիկությունը, ինչպես նաև կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը, կապահովվի թույլատվական ընթացակարգերի վերահսկելիությունը (այդ թվում` շահագրգիռ օգտագործողների կողմից)` ողջ գործընթացի իրականացման ընթացքում: Գործողության մեջ է դրվել լիցենզավորման նպատակով հայտերի ներկայացման էլեկտրոնային եղանակը:

ՀՀ կառավարության 07.03.2013 թ. նիստի N 9 արձանագրային որոշմամբ (19-րդ կետի 1-ին ենթակետ) հավանության է արժանացել «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը, որի կարևոր ակնկալիքներից է «Փոքր կենտրոնի» գերուրբանիզացման միտումների կանխարգելումը` կառուցապատման խտության սահմանային չափերի ամրագրման, ֆինանսական/տնտեսական լծակների կիրառմամբ այնպիսի պայմանների սահմանման միջոցով, որոնք թույլ կտան կառուցապատողների ներդրումային նախաձեռնություններն ուղղել դեպի Երևանի այլ տարածքներ, որոնցում քաղաքի առաջընթաց զարգացման անհրաժեշտությունը առավել ակնառու է և գերադասելի:

ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի համագործակցության արդյունքում` Կայուն քաղաքաշինական ներդրումային ծրագրի շրջանակում Հայաստանի չորս քաղաքներում` Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում և Ջերմուկում տրամադրվում է քաղաքականության մշակման և խորհրդատվության տեխնիկական աջակցություն (ՏԱ)` մշակելու քաղաքային զարգացման/ներդրումային ծրագրեր (ՔԶՆՊ): ՔԶՆԾ-ները կկենտրոնանան զարգացման և քաղաքականության մշակման այն հիմնական մարտահրավերների վրա, որոնք վերաբերում են քաղաքային սեկտորներին, ներառյալ քաղաքային տրանսպորտը, ջրամատակարարումը և ջրահեռացումը, կոշտ թափոնների կառավարումը, կենտրոնացված ջեռուցումն ըստ թաղամասերի, բնակարանային ապահովումը, տնտեսական զարգացումը, նյութատեխնիկական ապահովումը, զբոսաշրջությունը և լուսավորությունը: ՔԶՆՊ-երի տևողությունը կլինի 10 տարի, կմասնավորեցվեն և կորոշվի ընտրված քաղաքներում քաղաքային զարգացման/ներդրումային ծրագրի շրջանակներում քաղաքային ներդրումային ծրագրերն ու բարելավումները:

ՀՀ Նախագահի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» հրամանագրով /1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-727/ սահմանվել է Երևան քաղաքում պետական կառավարման իրականացման կարգը:

Հրամանագրի 1.1-րդ կետի համաձայն` Երևան քաղաքում պետական կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվել են ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, նշված հրամանագրով և այլ իրավական ակտերով:

Հրամանագրի 1.2-րդ կետի համաձայն` պետական կառավարումը Երևանում ապահովվել է Երևանի տարածքում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման միջոցով:

Հրամանագրի 1.4-րդ կետի համաձայն` Երևանում պետական կառավարումն իրականացվել է պետական, Երևանի քաղաքային ու թաղային համայնքների շահերի ներդաշնակման, ինչպես նաև Երևանի քաղաքապետի և հանրապետական գործադիր մարմինների ու Երևան քաղաքում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների համագործակցության և գործողությունների փոխհամաձայնեցման հիման վրա:

2005 թ. հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության 108-րդ հոդվածի համաձայն` Երևանը համայնք է: Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով: Օրենքով կարող է սահմանվել Երևանի քաղաքապետի ուղղակի կամ անուղղակի ընտրություն:

2008 թ. ընդունված «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն`

- Երևանը համայնք է` Երևանի բնակչության հանրություն:

- Երևանը իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք և գույքային այլ իրավունքներ:

- Երևանն ունի բյուջե, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք:

- Երևանում տեղական ինքնակառավարումը հիմնվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սկզբունքների վրա` ապահովելով Երևանի բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացումը:

- Երևանի վարչական սահմանները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

- Երևանն ունի պաշտոնական համացանցային կայք` www.yerevan.am:

Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններն են`

1) Երևանի ավագանին

2) Երևանի քաղաքապետը

Տարածքային կառավարումը Երևանում իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը: Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, իրավական ակտերով մարզպետներին վերապահված լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունն այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին:

Ավագանին Երևանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ: Ավագանին ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով իր լիազորություններն իրականացնելիս անկախ է և գործում է միայն ի շահ Երևանի և նրա անունից:

Ավագանին կազմված է 65 անդամից: Երևանի քաղաքապետը ավագանու անդամ է: Ավագանին ընտրվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով: Քաղաքապետի ընտրություններն անցկացվում են ավագանու նիստի ընթացքում: Քաղաքապետ ընտրվում է իրեն ընտրած ավագանու լիազորությունների ողջ ժամկետով:

Ավագանու և քաղաքապետի լիազորությունները սահմանված են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով և այլ օրենքներով, որոնց համաձայն ավագանին ընդունում է որոշումներ և ուղերձներ, իսկ քաղաքապետը, որոշումներ և կարգադրություններ, օրենքներով իրենց վերապահված իրավասությունների շրջանակում:

Քաղաքապետը`օրենսդիր մարմինների քննարկմանը ներկայացնելու նպատակով շրջանառության մեջ է դնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից մշակված և տեղական ինքնակառավարումը կարգավորող օրենսդրության բարելավմանը ուղղված, ինչպես նաև Երևանի շահերին առնչվող ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության որոշումների և ՀՀ վարչապետի որոշումների նախագծեր:

 

4.22. Տեղական իշխանությունների ապակենտրոնացում և ուժեղացում

 

1996 թ. մայիսին «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» և հուլիսին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների ընդունումից հետո` նոյեմբեր ամսին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում Հայաստանում սկիզբ դրվեց տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման գործընթացը:

2001 թ. մայիսի 11-ին Հայաստանը ստորագրեց «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան», որը վավերացվեց 2002 թ. հունվարի 25-ին և ուժի մեջ մտավ մայիսի 1-ին: «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի շրջանակներում ստանձնած պարտավորությունների և պահանջների կատարման նպատակով մշակվեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծ, որը ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվեց 2002 թ. մայիսի 7-ին:

2005 թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում` ուղղված տեղական ինքնակառավարման համակարգի կատարելագործմանը, ժողովրդավարացմանը, օրենսդրությունը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքներին համապատասխանեցնելուն, ինչպես նաև ՀՀ ԵԽ համագործակցության շրջանակներում ձևակերպված առաջարկություններով ու հանձնարարականներով առաջնորդվելուն, մի շարք իրավական ակտերի ընդունումով կատարվեցին համապատասխան լրացումներ ու փոփոխություններ` մասնավորապես` Երևան քաղաքին տրվեց համայնքի կարգավիճակ (ՀՀ Սահմանադրության 108-րդ հոդվ.), որի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաև այդ օրենքի նախագծի հետ թղթակցվող ևս 22 օրենքների նախագծեր:

2008 թ. դեկտեմբերի 26-ին ընդունվել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը, որը սահմանում է Երևան քաղաքում (այսուհետ` Երևան) տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման առանձնահատկությունները: Մասնավորապես ընդլայնվել է Երևանի քաղաքապետի իրավասությունների շրջանակը:

Համայնքների բնակչության և ռեսուրսների սակավությունը, թույլ կարողությունները դժվարացնում են համայնքների կարողությունների ամրապնդման, սահմանափակ ֆինանսական միջոցների արդյունավետ ու նպատակային օգտագործման և տեղական ինքնակառավարման համակարգի բնականոն զարգացումը:

Համայնքների ֆինանսական միջոցներն առավել օպտիմալ և նպատակային օգտագործելու և դրա արդյունքում սեփական և պետության պատվիրակած լիազորությունների արդյունավետ իրականացման նպատակով 2011 թվականի ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Հայեցակարգի դրույթների իրականացման ընթացքում կունենանք մարդկային ռեսուրսների համախմբում, համայնքի կառավարման արդյունավետության բարձրացում, ենթակառուցվածքների համախմբում և ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացում, ենթակառուցվածքներով չապահովված համայնքների թվի նվազեցում, օրենքով համայնքներին վերապահված լիազորությունների շրջանակի ավելացում, հետագա ապակենտրոնացման համար նպաստավոր պայմանների ստեղծում, համապետական ծրագրերի իրականացման հնարավորությունների մեծացում, տարածքային կազմակերպման և տարաբնակեցման համակարգի հավասարակշռված և բազմակենտրոն մոդելի ձևավորման համար իրավական հիմքերի ստեղծում:

Համայնքների խոշորացման սկզբունքներն են`

. տնտեսական նպատակահարմարություն,

. բնակչությանը ծառայություններ մատուցելու հնարավորություն,

. ապահովում և բնակչության համար հանրային ծառայություններից օգտվելու հասանելիություն,

. մարդկային ռեսուրսներով ապահովվածություն,

. ՏԻՄ-երի ինքնուրույնության ապահովում,

. ներհամայնքային տրանսպորտային հաղորդակցության ապահովում,

. բնակչության մասնակցության ապահովում,

. կառավարման կառուցվածքի օպտիմալացում,

. պատվիրակվող լիազորությունների շրջանակի ընդլայնում,

. նոր ձևավորվող համայնքների համար բնական պաշարներից /հող, անտառ, ջուր, օգտակար հանածոներ, ռեկրեացիա/ օգտվելու հնարավորինս հավասար պայմանների ստեղծում,

. առնվազն մեկ համեմատաբար խոշոր բնակավայրի առկայություն:

 

4.23. Քաղաքաշինության բնագավառում մարդու իրավունքների պաշտպանության և մասնակցության բարելավումը

 

Մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման սկզբունքներն ամրագրված են ՀՀ Սահմանադրությամբ, իսկ դրանց կիրառման իրավական երաշխիքները` համապատասխան օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով: Վերջին տարիների ընթացքում ՀՀ իրավական դաշտի բարեփոխումներն իրականացնելու նպատակով ընդունվել են մի շարք կարևոր փաստաթղթեր, այդ թվում` ՔՀԿ համայնքի զարգացմանն ուղղված քաղաքականությունը, մասնավորապես, ազգային և տեղական կառավարման մակարդակում հանրային մասնակցության ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովումը բարելավելու նպատակով ընդունվել են` նոր ՀՀ քրեական օրենսգիրքը /2003 թ./, նոր ՀՀ աշխատանքային օրենսգիրքը /2004 թ./, ՀՀ դատական օրենսգիրքը /2007 թ./, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» /2003 թ./, «Տեղեկատվության ազատության մասին» /2003 թ./ ՀՀ օրենքներ և բազմաթիվ այլ իրավական ակտեր:

Ինչպես ազգային այնպես էլ տեղական մակարդակներում հանրային մասնակցությունը զարգացման փուլում է և ունի նույն առաջընթացն ու մարտահրավերները: Հանրային մասնակցությունն ապահովվում է պետական կառավարման տեղական կառույցների միջոցով, ազգային մակարդակում գործող իրավական ակտերի շրջանակում համայնքային քաղաքականության մշակման և իրականացման, համայնքային խնդիրների բարձրացմանն ու լուծմանն ուղղված ժողովրդավարական սկզբունքով: Տեղական ինքնակառավարման մակարդակում հանրային մասնակցության իրավական հիմքերն ամրագրված են ««Տեղական ինքնակառավարման մասին»» ՀՀ օրենքում, ինչպես նաև սահմանվում են առանձին համայնքների կանոնակարգերով: Տեղական մակարդակում ուղղակի ժողովրդավարության ձևերից են նաև`

- տեղական հանրաքվեն,

- հանրային նախաձեռնությունը,

- քաղաքացիների հանձնաժողովը,

- համայնքային ժողովը,

- հանրային լսումները,

- հանրային իրազեկումը և այլն:

2013 թ. Հայաստանը վավերացրել է Եվրոպական խարտիայի հավելյալ արձանագրությունը տեղական ինքնակառավարման գործում մասնակցության իրավունքի վերաբերյալ (ՈՒտրեխտի արձանագրություն), որի նպատակն է տեղական իշխանության հարցերում յուրաքանչյուրի մասնակցության իրավունքը Խարտիայի շրջանակ բերելը: Վերջինս ընդունելով որպես հիմք` ««Տեղական ինքնակառավարման մասին»» ՀՀ օրենքում կատարվել են փոփոխություններ` հետամուտ լինելով տեղական ժողովրդավարության հզորացման և տեղական կառավարման գործում քաղաքացու մասնակցության նպատակին: Մասնակցային գործունեություններին քաղաքացիների դերը կայանում է հասարակական գործընթացներին իրազեկվելու, քաղաքացիական ակտիվ նախաձեռնություններ և մասնակցություն ցուցաբերելու, տեսակետներ փոխանակելու և որոշումների կայացմանը մասնակցություն ունենալու մեջ:

Հանրային քննարկումները սահմանվում են որպես քաղաքային կամ գյուղական համայնքներում իրականացվող գործընթաց, որի միջոցով բնակիչները տեղեկացվում են ծրագրվող փոփոխությունների մասին և ներգործություն են ունենում որոշումների վրա: Քննարկումներն անցկացվում են մասնակիցների ազատ և հավասար արտահայտվելու իրավունքով: Հասարակայնության ներկայացուցիչները իրավունք ունեն ներկայացնել իրավական և նորմատիվ ակտերով հիմնավորված դիտողություններ, առաջարկություններ, այլընտրանքային նախագծեր և ծրագրեր, հրապարակված քաղաքաշինական ծրագրերը և նախագծերը սեփական միջոցներով ենթարկել անկախ փորձաքննության, դատական կարգով գանգատարկել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները:

Հարկ է նշել, որ օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի հաստատման ընթացակարգերում պարտադիր պայման է հանրային լսումների անցկացումը: Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը հանդիսանում են պետական և իրավական կարգավորման միջոց: ՈՒստի տարածական պլանավորմանն առնչվող քննարկումները կրում են տեխնիկական և քաղաքական բնույթ` ծրագրերի, նախագծերի և մոդելների տեղաբաշխման, ձևաչափի և գործառնական առումով, ինչպես նաև դրանց նկատմամբ պետական քաղաքական նպատակների և պարտավորությունների իրականացման առումով: Վերջին տարիների ընթացքում քաղաքաշինության նպատակների ու առաջնահերթությունների փոփոխությունների թվում է նաև ժողովրդավարական կարգերի հաստատումը, որը կարևորում է որոշումների ընդունման գործընթացներում հանրության մասնակցության ապահովումը, հատկապես տեղական մակարդակով քաղաքացիների անմիջական միջավայրում նախատեսվող փոփոխությունների ծրագրային ու նախագծային փուլերում:

Հանրային մասնակցության ձևերը, ընթացակարգերը ամրագրված են «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներով, քաղաքաշինության բնագավառում` «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 1998 թ. հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկման և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

2013 թ. հունիսի 19-ին Երևանում մեկնարկել է «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում էին Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ վան Շտաան, Կոնգրեսի երկու` տեղական իշխանության և տարածաշրջանների պալատների նախագահներն ու անդամները, ինչպես նաև Հայաստանի շահագրգիռ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային և տեղական փորձագետներ: Համաժողովի ընթացքում կազմակերպվել են քննարկումներ` «Արդյո՞ք հնարավոր է այսօր տեղական ժողովրդավարությունն առանց ուղիղ մասնակցության», «Մասնակցային մոդել. ուղիղ և ներկայացուցչական ժողովրդավարության միավորում», «Էլեկտրոնային ժողովրդավարություն. քաղաքացիական մասնակցության նոր ձևեր» թեմաներով: Համաժողովը եզակի հնարավորություն էր մտորելու ուղիղ և մասնակցային ժողովրդավարության վերջին զարգացումների շուրջ և այն հնարավորությունների, որոնք թույլ են տալիս մեր երկրներում նորացնել և թարմացնել ժողովրդավարական գործընթացները: Համաժողովի արդյունքում Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ վան Շտաայի կողմից արվեցին ընդհանուր եզրակացություններ, որոնք ձևակերպվել են փաստաթղթում որպես «Երևանյան եզրակացություններ» և ներկայացվել Կոնգրեսի բյուրոյի նիստին:

 

4.24. Քաղաքային անվտանգության և ապահովության բարձրացում

 

Երևանը բնակիչների և զբոսաշրջիկների համար առավել անվտանգ ու ապահով դարձնելու, հասարակական կարգը պահպանելու, միջադեպերը կանխելու և արագ բացահայտելու նպատակով մշակվել է «Անվտանգ քաղաք» նախագիծը: Այն նախատեսում է ոչ միայն տեղադրել տեսահսկման և այլ ազդանշաններ ընդունող և փոխանցող սարքեր, այլ ինտեգրել արդեն իսկ գոյություն ունեցող տեխնիկական միջոցները մեկ համակարգում` կատարելագործելով այս ոլորտը:

Երևանում համակարգը ներդրվել է 2010 թվականին: Չնայած սկզբնական փուլում գործում էր 10 տեսախցիկ, այնուամենայնիվ ծրագրի արդյունավետությունն ակնհայտ էր: Ներկայումս տեսախցիկների թիվը հասնում է 2000-ի: Դրանք տեղադրված են բանուկ հատվածներում` հրապարակներում, պուրակներում, այգիներում, փողոցներում, խաչմերուկներում, կայարաններում, մետրոպոլիտենում և այլն:

2012 թվականից Երևանի քաղաքապետարանում գործում է տեսահսկման կենտրոն: Կենտրոնում արտակարգ իրավիճակների աշխատակիցների կողմից շուրջօրյա հսկողություն է իրականացվում մայրաքաղաքի տարբեր վայրերում, ինչը հանդիսանում է նաև արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման և շուրջօրյա գործող թեժ գծի սպասարկման կենտրոն:

Համակարգի ներդրման նախնական փուլում օգտագործվել են առկա միջոցները, սակայն մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ «Անվտանգ քաղաք» նախագծին միացան տարբեր համակարգեր (երթևեկության իրավախախտումների հայտնաբերման սարքերի համակարգերը, հասարակական տրանսպորտի աշխատանքի կանոնակարգման և վերահսկման սարքերի համակարգերը, Երևան քաղաքի ավտոկայանատեղերի վերահսկման սարքերի համակարգերը, Երևանի մետրոպոլիտենի վերահսկման, ինչպես նաև «On-line Yerevan» տուրիստական ծրագրով տեղադրված տեսախցիկների համակարգերը):

«Անվտանգ քաղաք» նախագծում ներգրավված են նաև շտապ բուժօգնության ծառայության համակարգը, հասարակական և կրթական օբյեկտների հակահրդեհային ազդանշանային համակարգերը, անվտանգության և բնակչության ապահովության հետ առնչվող այլ համակարգեր:

Անվտանգության համակարգերի ներդրումը մեկ միջավայրում, դրանց ինտելեկտուալ ռոբոտացված վերլուծությունը և հասցեավորված տեղեկատվության փոխանցումը համապատասխան մարմիններին, Երևանում իրականացվող և անընդհատ զարգացող «Անվտանգ քաղաք» նախագծի հիմնական սկզբունքն է հանդիսանում:

Քաղաքային ապահովության և անվտանգության բնագավառում ՀՀ կառավարության, ՀՀ ԱԻՆ, ՏԻՄ (ներառյալ խոշոր քաղաքների) և Պետական կառավարման տարածքային մարմինների նվաճումները.

Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի նվազեցման քաղաքականությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 7-ի «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագիր»` N 392 որոշման համաձայն:

 

4.25 Սոցիալական ներգրավվածության և արդարության բարելավում

 

Երևանի քաղաքային իշխանությունը արդյունավետ կառավարման նպատակով մի շարք ոլորտներում համագործակցում է նաև ոչ պետական հասարակական կառույցների հետ` ապահովելու նրանց սոցիալական ներգրավվածությունը որոշումների ընդունման, ինչպես նաև հնարավոր բոլոր ռեսուրսների կիրառմամբ` համատեղ սոցիալական ծրագրերի իրականացման առումով:

Մասնավորապես` Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ ստեղծված «Հաշմանդամների հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի» կազմում ընդգրկված են Երևան քաղաքում ակտիվ գործունեություն ծավալող թվով 7 Հասարակական կազմակերպություններ, որոնք դիտարկվում են, որպես սոցիալական գործընկերներ և ակտիվորեն ներգրավված են ինչպես տարեկան ծրագրի կազմման, այնպես էլ աշխատանքների իրականացման գործընթացներում:

Հաշմանդամների հիմնահարցերի լուծման բնագավառում համատեղ աշխատանքներ են տարվում թեք հարթակների կառուցման, քաղաքային տրանսպորտի մատչելիության, սակավաշարժ խմբերի համար ձայնային ազդանշաններով լուսացույցների տեղադրման, հաշմանդամների համար ավտոկայանատեղերի ստեղծման, դպրոցական և նախադպրոցական հիմնարկներում ներառական կրթության իրականացման և այլ ուղղություններով:

Համատեղ ծրագրեր են իրականացվում կարիքավոր տարեց քաղաքացիների համար բարեգործական ճաշարանների, տարեցների ցերեկային խնամքի կենտրոնների ստեղծման ծրագրերի շրջանակում, ինչպես նաև անօթևան անձանց ժամանակավոր կացարանի և սոցիալական աջակցությունների ծրագրերի իրականացման ուղղությամբ:

Իրականացվում են քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակված անօթևան անձանց ժամանակավոր օթևանի և սոցիալական աջակցությունների տրամադրման ծրագրեր:

Սիրիահայերին կամ պատերազմների հետևանքով մայրաքաղաքում բնակվող փախստականների համար պարբերաբար իրականացվում են սոցիալական աջակցության ծրագրեր:

Բոլոր վերոնշյալ աշխատանքների ընթացքում հիմք է ընդունվել ծրագրերի իրականացման հասցեականությունը, սոցիալական արդարության պահպանումը և արդյունավետությունը:

 

4.26 Այս բնագավառի փորձառված մարտահրավերները և քաղած դասերը

 

Հայաստանի տարածքում ամենամեծ սեյսմիկ ռիսկին ենթակա է Երևան քաղաքը: Երևանը կրկին, ինչպես և անցյալում, կարող է ենթարկվել 7.0 մագնիտուդով ուժեղ երկրաշարժի, ինչը համապատասխանում է 9-10 բալ ինտենսիվության` ըստ բալականության (MSK-64) սանդղակի: Հատուկ պետական ծրագրով մայրաքաղաքի սեյսմիկ ռիսկի մակարդակը զգալիորեն չնվազեցնելու դեպքում զոհերի և կորուստների թիվը կհասնի այնպիսի մակարդակի, որի դեպքում հնարավոր չի լինի արդյունավետ օգնություն ցուցաբերել բնակչությանը և վերացնել ավերածությունները:

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո վերանայվեցին Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ պայմանները, որի արդյունքում երկրաշարժից սեյսմիկ ազդեցության գնահատականը բարձրացավ 1-2 բալով: Բազմաբնակարան բնակելի շենքերի գերակշիռ մասը կառուցվել է մինչև 1990 թվականը և հանրապետությունում սեյսմիկ պայմանների վերանայումից հետո դրանք արդեն իսկ չեն բավարարում ներկայիս գործող սեյսմիկ նորմերի պահանջները: Այս հանգամանքներով պայմանավորված` կարևորվում է շենքերի ու շինությունների սեյսմակայունությանը և հուսալիությանն ուղղված միջոցառումների հետևողական իրականացումը:

Մայրաքաղաք Երևանում սեյսմիկ ռիսկի նվազեցումն առանձին, ինքնուրույն և կարևորագույն խնդիր է հետևյալ գլխավոր պատճառներով`

1) հանրապետության բնակչության զգալի մասի կենտրոնացումը Երևան քաղաքում,

2) կառավարման պետական մարմինների կենտրոնացումը Երևան քաղաքում,

3) շենքերի և շինությունների սեյսմակայունության զգալիորեն ցածր մակարդակն իրական սեյսմիկ վտանգի մակարդակից,

4) վտանգավոր արտադրությունների տեղադրությունը քաղաքի տարածքում,

5) բնակչության ու ղեկավար մարմինների` սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված գործողություններին պատրաստվածության ոչ անհրաժեշտ մակարդակը:

Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի գլխավոր նպատակն է Երևան քաղաքի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցումը մինչև բնակչության անվտանգությունն ու քաղաքի կայուն զարգացումն ապահովող մակարդակը:

Ծրագիրը հիմք է Երևան քաղաքի և նրա վարչական շրջանների զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումներ ներառելու համար և ընդգրկում է երեք հիմնական խնդիրների լուծում`

1) սեյսմիկ վտանգի գնահատում.

2) սեյսմիկ ռիսկի գնահատում.

3) սեյսմիկ ռիսկի նվազեցում:

Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը Երևան քաղաքի տարածքում կամ նրանից վտանգավոր հեռավորության վրա հնարավոր ուժեղ սեյսմիկ իրադարձության (1>/-7 բալ` ըստ բալականության MSK-64 սանդղակի) տեղի, ուժգնության և ժամանակի կանխատեսումն է:

Սեյսմիկ ռիսկի գնահատումը համալիր խնդիր է, որի լուծումը պահանջում է նկատի ունենալ բոլոր օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները: Այդ խնդրի լուծման համար կազմվում են Երևանի տարածքի սեյսմիկ ռիսկի տարբեր մասշտաբների քարտեզներ, որոնցում հաշվի են առնվում ռիսկի մեծության վրա ազդող սեյսմիկ վտանգի հարաբերությունը շենքերի և շինությունների սեյսմակայունությանը: Սեյսմիկ ռիսկի ճիշտ գնահատումը թույլ կտա մշակել դրա նվազեցման արդյունավետ միջոցառումների ծրագրեր:

 

4.26 Այս բնագավառների մարտահրավերները և հարցերը, որոնք կարող են ուղղվել նոր քաղաքային օրակարգի կողմից

 

Սեյսմիկ ռիսկի գնահատումը ենթադրում է հետևյալ խնդիրների լուծումը`

1) շենքերի խոցելիության գնահատում և երկրաշարժի տարբեր սցենարների դեպքում շենքերի ավերման ռիսկի քարտեզների կազմում.

2) կարևոր և հատուկ նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատում.

3) երկրաշարժի տարբեր սցենարների դեպքում մարդկային կորուստների գնահատում.

4) երկրորդային սեյսմիկ վտանգով պայմանավորված բնական և տեխնածին երևույթների ռիսկի գնահատում.

5) քաղաքի ենթակառուցվածքների (ջրագծեր ու կոյուղագծեր, էլեկտրամատակարարման 6 կՎ ու ավելի լարման գծեր, գազամատակարարման միջին ճնշման գծեր և այլն) սեյսմիկ ռիսկի գնահատում.

6) քաղաքի կենսաապահովման արտաքին գծերի (ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման, հեռախոսային կապի, երկաթուղու, ավտոճանապարհների և այլն) սեյսմիկ խոցելիության և ըստ ժամանակի ու սոցիալական կարևորության գնահատում.

7) քաղաքի տարածքի սեյսմիկ ռիսկի գնահատում.

8) սեյսմիկ ռիսկի նվազեցման կոնկրետ առաջարկների ներկայացում:

Սեյսմիկ ռիսկի նվազեցումը ենթադրում է հետևյալ խնդիրների լուծումը`

1) ռիսկի նվազեցման համար իրավական հիմք ապահովող նորմատիվ փաստաթղթերի ընդունում.

2) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ ռիսկի նվազեցման կառավարման կենտրոնի ստեղծում.

3) Երևան քաղաքի վաղ ահազանգման համակարգի ստեղծում.

4) Երևան քաղաքի տարածքի սեյսմիկ խոցելիության նվազեցման` ֆինանսավորմամբ ապահովված միջնաժամկետ ծախսային ծրագրերի (տիպային բնակելի, դպրոցների, առողջապահական հիմնարկների և այլ շենքերի) մշակում ու իրականացում, որը կներառի վտանգի մակարդակին համապատասխան շենքերի ու շինությունների սեյսմակայունության բարձրացումը, ենթակառուցվածքների ու կենսաապահովման գծերի սեյսմիկ խոցելիության նվազեցումը, արդյունավետ հողօգտագործումը.

5) տիպային, մեծ քանակ կազմող շենքերի ուժեղացման նոր, էժան ու արդյունավետ տեխնոլոգիաների ընտրում, տեղայնացում ու մշակում, այդ թվում` գործարանային արտադրության կոնստրուկցիաների կիրառմամբ.

6) երկրաշարժի երկրորդային հետևանքների (հրդեհներ, սողանքներ, թունավոր նյութերի` մթնոլորտ ու ջրային միջավայր արտանետումներ, հնարավոր համաճարակներ, երկաթուղու և գլխավոր ճանապարհների շարքից դուրս գալը, վնասվածքներ և այլն) նվազեցումը.

7) Երևան քաղաքի տարածքի սեյսմիկ ռիսկի աճի կանխման երկարաժամկետ ծրագրի մշակում, որը կներառի նոր կառուցվող շինությունների սեյսմակայունության ապահովումը, շենքերի սեյսմակայունությունը նվազեցնող ապօրինությունների կանխումը, քաղաքաշինական նորմերի կիրառումը, վտանգավոր օբյեկտների ապակենտրոնացումը մայրաքաղաքից, քաղաքի մեխանիկական աճի, հետևաբար նաև սեյսմիկ ռիսկի աճի կանխումը.

8) բնակչության նախապատրաստում (ուսուցում).

9) Երևանի քաղաքապետարանի նախապատրաստում ռիսկի կառավարմանը.

10) բժշկական պատրաստվածության բարձրացում.

11) արագ արձագանքման ինժեներային ուժերի զարգացում.

12) փրկարարների պատրաստվածության ապահովում.

13) ապահովագրության համակարգի ստեղծում.

14) բնակչության արտահոսքի (միգրացիայի) կանխում:

Ծրագրի ռիսկը ներառում են հետևյալ գործոնները`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության և Երևանի քաղաքապետարանի քաղաքականության փոփոխությունը Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրի առաջնահերթության նկատմամբ.

2) ծրագրի իրականացման համար պետական ֆինանսավորման և դոնորների բացակայությունը:

 

V. Քաղաքային տնտեսություն

 

5.28 Բարելավել քաղաքային/տեղական ֆինանսավորումը

 

Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի սահմանման և բյուջետային գործընթացի կանոնակարգման համար 1997 թ. ընդունվեց «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքը, որը կանոնակարգում է յուրաքանչյուր բյուջետային տարվա բյուջեների կազմումը, քննարկումը, հաստատումը և կատարումը, դրանց տարեկան հաշվետվությունների հաստատումը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

1998 թ. հունվարի 9-ին տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու թույլատրելի չափերը սահմանելու համար ընդունվեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքը: Սույն օրենքով հիմք ստեղծվեց տեղական նախաձեռնության և տնտեսական ու քաղաքական ինքնուրույնության համար, քանի որ տեղական տուրքերի դրույքաչափերը, օրենքով նախատեսված սահմաններում, որոշում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:

2012 թ. մշակվել է «տեղական տուրքերի և վճարների» հայեցակարգը, որը հստակորեն սահմանել և տարանջատել է «տեղական տուրքեր» և «տեղական վճարներ» հասկացությունները, վեր հանել տեղական տուրքերի և վճարների հետ կապված ՀՀ օրենսդրությունում առկա թերությունները և բացերը, միատեսակ մոտեցում ցուցաբերել տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրանց դրույքաչափերը սահմանելիս և հստակեցնել Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն այդ հարցում, որոնց հիման վրա կառաջարկվեն փոփոխություններ և լրացումներ տեղական տուրքերին և վճարներին առնչվող ՀՀ օրենքներում կամ կմշակվի նոր օրենքի նախագիծ «Տեղական տուրքերի և վճարների մասին»:

Տարածքային զարգացման անհամաչափությունների մեղմման նպատակով վերջին տարիներին զգալիորեն վերաբաշխվել են ինչպես պետական բյուջեով, այնպես էլ այլ աղբյուրներով իրականացվող կապիտալ ներդրումները մարզերի և Երևանի միջև: Մասնավորապես, եթե 2007 թվականին երկրում իրականացված կապիտալ ներդրումների 87,7% իրականացվել է Երևանում, իսկ 13.3%-ը մարզերում, ապա 2012 թվականին այդ ցուցանիշը կազմել է համապատասխանաբար` 53.5% և 46.5%:

Ֆինանսական համահարթեցումը պետության բյուջետային քաղաքականության կարևորագույն գործառույթներից մեկն է, որի նպատակը տարբեր ֆինանսական կարողություններ ունեցող համայնքների միջև առկա բևեռացման մեղմացումն է, ինչպես նաև համայնքների ֆինանսական կարողությունների ամրապնդումն ու զարգացումը: Օրենքով սահմանված կարգով ֆինանսական թույլ կարողություններ ունեցող համայնքներին կառավարության կողմից տրամադրվում են որոշ ֆինանսական միջոցներ, որոնք համայնքը ծախսում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացման նպատակով:

Հայաստանի Հանրապետությունում համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով, որոնք չունեն կոնկրետ ծախսման ուղղություններ, ուղղակի լրացնում են վարչական բյուջեի մուտքերը:

«Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքն ընդունվել է Ազգային ժողովի կողմից և ուժի մեջ է մտել 1999 թ. հունվարի 1-ից:

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 2002 թ. մինչև 2011 թ. ՀՀ համայնքներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով հատկացված դոտացիայի ընդհանուր գումարը յուրաքանչյուր տարում /հաշվարկման տարում/ հաշվարկվել է /նախորդ տարվա/ համախմբված բյուջեի փաստացի եկամուտների հանրագումարի առնվազն 4%-ը, ինչը ամրագրված է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի երկրորդ մասում, այն է`

«Պետական բյուջեից համայնքներին համահարթեցման սկզբունքով ընդհանուր գումարը (ներառյալ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի համաձայն պետության կողմից համայնքներին տվյալ տարում տրվող փոխհատուցման գումարները) հաշվարկվում է` հիմք ընդունելով տվյալ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարում Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջեի փաստացի եկամուտների հանրագումարի ոչ պակաս քան 4 տոկոսը»:

Դոտացիաների ընդհանուր գումարի նվազագույն չափը յուրաքանչյուր տարի սահմանվում է պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով:

Սկսած դեռևս 2000 թվականից ֆինանսական համահարթեցման դոտացիաները տարեցտարի աճել են: 2007 թվականին ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիայի ընդհանուր գումարը կազմել է 17,980,335 հազ. դրամ: 2008-2010 թթ. այս ցուցանիշը պարբերաբար աճել է` կազմելով համապատասխանաբար 2008 թ.` 21,336,000 հազ. դրամ, 2009 թ.` 27,837,140 հազ. դրամ, 2010 թ. 32,488,063 հազ. դրամ: 2011 թ. պետական բյուջեից համայնքային բյուջեներին համահարթեցման սկզբունքով հատկացվող դոտացիաների ծավալը պահպանվել է 2010 թ. մակարդակին` 32,488,063 հազ. դրամ, սակայն 2011 թվականի համար դոտացիաների ծավալը կազմել է նախորդ տարվա համախմբված բյուջեի փաստացի եկամուտների մոտ 4,6%-ն է: Այսինքն` նվազագույն 4%-ի շեմը առաջին անգամ գերազանցվել է: Այս մոտեցումը կիրառվել է նաև 2012 թ. դոտացիայի ընդհանուր գումարը հաշվարկելիս` պահպանելով դոտացիայի ընդհանուր գումարը` 32,488,063 հազ.դրամը: Այս դեպքում դոտացիաների ծավալը կազմել է նախորդ տարվա համախմբված բյուջեի փաստացի եկամուտների մոտ 4.1%-ը: 2013 թ. ֆինանսական համահարթեցման դոտացիայի ընդհանուր գումարը կազմում է 36,244,000 հազ. դրամ, որի 2012 թ. ցուցանիշի նկատմամբ ավելի է 3,755,937 հազ. դրամով: Ընդհանուր առմամբ ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով ՀՀ համայնքներին տրամադրվող դոտացիաները 2007 թվականի համեմատությամբ աճել են 18,263,665 հազ. դրամով կամ շուրջ 2 անգամ: 2014 թ. համար նախատեսված դոտացիայի գումարը կազմում է 39,011,842 հազ. դրամ:

 

Աղյուսակ 4

 

.__________________________________________.

|2000-2013թթ.|Ընդամենը  |300-ից ոչ ավելի   |

|            |դոտացիայի |բնակիչ ունեցող    |

|            |գումարը   |համայնքներին      |

|            |          |տրվող նվազագույն  |

|            |          |դոտացիայի գումարը/|

|            |          |հազար դրամ        |

|____________|__________|__________________|

|2000        | 5,194,319|    1,500         |

|____________|__________|__________________|

|2001        | 6,801,926|    1,500         |

|____________|__________|__________________|

|2002        |11,571,733|    1,500         |

|____________|__________|__________________|

|2003        | 9,159,808|    1,500         |

|____________|__________|__________________|

|2004        |10,696,000|    1,500         |

|____________|__________|__________________|

|2005        |13,752,000|    1,500         |

|____________|__________|__________________|

|2006        |14,668,000|    1,500         |

|____________|__________|__________________|

|2007        |17,980,335|    2,000         |

|____________|__________|__________________|

|2008        |21,336,000|    2,000         |

|____________|__________|__________________|

|2009        |27,837,140|    2,000         |

|____________|__________|__________________|

|2010        |32,488,063|    3,500         |

|____________|__________|__________________|

|2011        |32,488,063|    3,500         |

|____________|__________|__________________|

|2012        |32,488,063|    3,500         |

|____________|__________|__________________|

|2013        |36,244,000|    3,500         |

|____________|__________|__________________|

|2014        |39,011,842|    3,500         |

.__________________________________________.

 

2008 թ.-ից սկսած, տարեցտարի, յուրաքանչյուր տարվա կտրվածքով համայնքների բյուջեների սեփական եկամուտների մակարդակի աճ է գրանցվել:

2013 թ. ընդամենը եկամուտները 2007 թ. համեմատությամբ աճել են 161.7%-ով կամ 65,337,515 հազ. դրամով: Սեփական եկամուտների աճը կազմել է 13,389,644 հազ. դրամ կամ 79.4%, այսինքն սեփական եկամուտները աճել են մոտ 1,8 անգամ: Հողի հարկի ցուցանիշը 2007 թ. համեմատության աճել է 859,141 հազ. դրամով (26%), գույքահարկինը` 5,303,051 հազ. դրամով (71%), տեղական տուրքերը` 2,250,454 հազ. դրամով (181.2%), գույքի վարձակալությունից եկամուտները` 1,139,418 հազ. դրամով (59.2%):

 

-------------------------

ԻՐՏԵԿ - սխեմաները չեն բերվում

 

Համայնքները եկամուտների աճին զուգընթաց տարեց տարի սկսեցին իրականացնել ավելի մեծ ծախսեր, աճեցին թե՛ վարչական, և թե՛ ֆոնդային բյուջեների ծախսերը:

Համայնքների վարչական բյուջեի միջոցները հիմնականում ուղղվում են ընդհանուր բնույթի ծառայություններ իրականացնելուն, իսկ ֆոնդային բյուջեի միջոցները` կապիտալ ծախսեր իրականացնելուն:

Վերջին տարիներին համայնքներն իրենց սեփական եկամուտների միջոցների հաշվին իրականացրել են մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք ուղղված են եղել հիմնականում հետևյալ ծառայություններին, նախադպրոցական կրթություն, աղբահանություն, համայնքային ճանապարհների լուսավորություն և նորոգում, ջրամատակարարում և այլն:

Համայնքները սեփական միջոցներով մասնակցում եմ իրենց համայնքում պետական ներդրումային ծրագրերով իրականացվող աշխատանքների համաֆինանսավորմանը, որոնք հիմնականում իրականացվում են միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցներով և ուղղված են համայնքային ենթակառուցվածքների /ջրամատակարարում, գազիֆիկացում, ճանապարհների հիմնանորոգում և այլն/ կառուցմանը կամ հիմնանորոգմանը:

ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որը նպատակ է հետապնդում նպատակային ներդրումային, սոցիալական և բարեգործական ծրագրեր իրականացնելու դեպքում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողերի ներդրմամբ մասնակցություն ունենալ տվյալ ներդրումային ծրագրերում, ինչպես նաև խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման առաջարկի դեպքում հնարավոր կլինի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը օրենքով սահմանված կարգով ուղղակի վաճառքի միջոցով օժանդակել նմանատիպ ծրագրերի իրականացմանը: Օրենքի ընդունումից հետո ՀՀ կառավարությունն արդեն իսկ հավանության է արժանացրել համայնքների կողմից առաջարկված թվով երկու ներդրումային ծրագրեր, որոնցից մեկը հաջողությամբ իրականացվել է, մեկն էլ ընթացքի մեջ է:

ՀՀ գործող օրենսդրությունը` մասնավորապես «Բյուջետային համակարգի մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքները հնարավորություն են ընձեռնում համայնքներին ներդրումային ծրագրեր իրականացնելու համար վարկեր և փոխատվություններ վերցնել թե պետական բյուջեից և թե առևտրային բանկերից: Համայնքի ղեկավարը, ավագանու որոշմամբ, պետական լիազորված մարմնի համաձայնությամբ համայնքի սոցիալական ենթակառույցները զարգացնելու նպատակով ներդրումներ կատարելու համար կարող է վարկ ստանալու պայմանագիր կնքել կամ թողարկել համայնքային արժեթղթեր:

2009-2010 թթ. իրականացվել է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող պետական հատվածի հողերի` համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու գործընթացը: Արդյունքում ի կատար է ածվում «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի դրույթն այն մասին, որ տեղական ինքնակառավարումն իրականացվում է ՀՀ ամբողջ տարածքում: Այդ բարեփոխումների արդյունքում զգալիորեն ավելացել են համայնքների ռեսուրսային և ներդրումային հնարավորությունները:

«Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները հնարավորություն են ընձեռնում համայնքներին համայնքային բյուջեի մեջ տվյալ հարկատեսակների մասով մինչև 10 տոկոս արտոնություն սահմանել: Սա մի գործիք է որ համայնքները կարող են օգտագործել համայնքներում ներդրումային ծրագրեր իրականացնելիս:

Տեղական ինքնակառավարման միասնականության սկզբունքը հնարավորություն ընձեռեց վարել ֆինանսական ընդգծված ու արդյունավետ քաղաքականություն, որն իրենից ներկայացնում է Երևանի կենսաապահովման և բնակիչների հարմարավետությունն ապահովող համաչափության սկզբունքով իրականացվող իրատեսական քաղաքականություն, երբ կատարվող ֆինանսական ծախսերի ու ներդրումային զարգացման հիմնական սլաքներն ըստ էության ուղղված են ամբողջ քաղաքին և առաջին հերթին նախկինում ծայրամասային համարվող վարչական միավորներին:

Ֆինանսական ոլորտի կառավարման տեսանկյունից համապատասխան օրենսդրական բարեփոխումների և Երևանի ավագանու ու քաղաքապետի որոշումների նպատակային իրագործման արդյունքում էապես ավելացել են քաղաքի ֆինանսական մուտքերը: Քաղաքի եկամուտների ձևավորման հիմնական աղբյուրներն են` հարկային եկամուտները և տուրքերը (գույքահարկ, հողի հարկ, տեղական տուրքեր), պաշտոնական դրամաշնորհները (դոտացիա, սուբվենցիա), այլ եկամուտները (պատվիրակված լիազորություններ, հողերի վարձավճարները, շահաբաժինները, տեղական վճարները և այլն):

Հետևողական քաղաքականության արդյունքում իրականացվել են եկամուտների հաշվառման և հավաքագրման ծրագրերի արդիականացման աշխատանքներ, մասնավորապես մշակվել է վճարումների ընդունման առցանց համակարգի և գանձապետական համակարգչային առկա ծրագրերի միջև փոխկապակցված ծրագիր, ինչը հնարավորություն է ընձեռում մուտքերի հաշվառման գործընթացում բացառել մարդկային գործոնը, իսկ մասնավոր ընկերությունների հետ համագործակցության արդյունքում նորացվել է Երևան համայնքի հողի վարձակալության ծրագրային ավտոմատացված համակարգը:

Երևան քաղաքի մուտքերի վերջին տարիների դինամիկան ցույց է տալիս, որ տեղական ինքնակառավարման գործընթացը դրական առումով էապես ազդել է սեփական եկամուտների հավաքագրման արդյունավետ իրականացման վրա: Մասնավորապես 2010 թվականին սեփական եկամուտները կազմել են 12 միլիարդ 529 միլիոն դրամ, իսկ 2014 թվականին այն նախատեսվում է հավաքագրել 19 միլիարդ 918 միլիոն դրամի չափով:

Յուրաքանչյուր տարի Երևանի բյուջեի տարեկան ծախսերն ուղղվում են ապահովելու քաղաքի ընթացիկ գործունեությունը և կայուն զարգացումը: Դրանց ուղղությունները համահունչ են մայրաքաղաքի քառամյա և տարեկան ծրագրերին: Այդ համատեքստում պահպանվում է ինչպես ընտրված գերակայությունների` այգիների, բակային տարածքների, խաղահրապարակների, մայրուղիների ու փողոցների, թեքահարթակների, վերգետնյա անցումների, մայրաքաղաքի ենթակայության նախակրթական, սպորտային, մշակութային կազմակերպությունների վերանորոգման ծրագրերի շարունակականության ապահովումը, այնպես էլ նոր ծրագրերի կիրառումը` ինչպիսիք են` թեք տանիքների հիմնանորոգումը, բազմաբնակարան շենքերի մուտքերի ամբողջական վերանորոգումը և այլն:

Մայրաքաղաքի բյուջեի ծախսերը 2010 թվականին կազմել են 52 մլրդ 846 միլիոն դրամ, իսկ 2014 թվականին դրանք նախատեսվել է իրականացնել 69 միլիարդ 492 միլիոն դրամի չափով:

Պարբերաբար կատարելագործվում է հաշվետվողականության գործընթացը: 2013 թվականին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և Համաշխարհային բանկի անմիջական և գործնական աջակցությամբ իրականացվեց քաղաքապետարանի ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության գնահատման վերլուծության աշխատանքներ: Այս աշխատանքն ըստ էության հանդիսանում է Երևանի քաղաքապետարանի ֆինանսական կառավարման համակարգի գնահատման առաջին և հաջողված փորձը: Գնահատման արդյունքում գրքույկով հրապարակվեց «Երևան քաղաք. Հանրային ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության (ՀԾՖՀ) կատարողականի ուսումնասիրություն» զեկույցը, որը տարածաշրջանում առաջիններից էր, իսկ Երևանը տարածաշրջանում և ԱՊՀ շրջանակներում դարձավ այն քաղաքներից մեկը, որը ստացավ հաշվետվողականության գնահատման PEFA որականիշ:

Երևան քաղաքի ֆինանսական գործունեության իրականացման թափանցիկության և հանրությանն այն ավելի տեսանելի դարձնելու, ինչպես նաև ցանկացած շահագրգիռ անձի ու կազմակերպության կամ կառույցի մասնակցությունն այդ գործընթացի ծրագրման ու նախագծման փուլում ապահովելու նպատակով մշակվել և կիրառվում է Երևան քաղաքի բյուջեի նախագծի քննարկման նոր ընթացակարգը, համաձայն որի Երևան քաղաքի բյուջեի նախագիծը մինչև ավագանու քննարկմանը ներկայացնելը հաստատված ժամանակացույցի համաձայն, նախ ներկայացվում է Երևանի քաղաքապետին կից գործող Երևան համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի քննարկմանը, որից հետո բյուջեի նախագիծը մամուլով և Երևան քաղաքի պաշտոնական էլեկտրոնային կայքով ներկայացվում է հանրային քննարկման և տեղի են ունենում բաց լսումներ, որի արդյունքները ամփոփվում են բյուջեի կառավարման խորհրդի նիստում:

Երևանի քաղաքապետարանի ֆինանսական գործունեության թափանցիկությունն ապահովող քաղաքականությունը շարունակական է և նպատակային:

Մասնավորապես Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով հանրությանն է ներկայացվել և արդեն ամենօրյա ռեժիմով թարմացվում ու գործում է մայրաքաղաքի ինտերակտիվ բյուջեն, որը յուրօրինակ գործիք է ցանկացած բնակչի համար: Այս տեղեկատվական ինտերակտիվ գործիքի կիրառումը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու մայրաքաղաքի ֆինանսական գործունեությունից` բոլոր ոլորտներում իրականացվող ծրագրերի և դրանց վրա կատարվող ծախսերի կտրվածքով: Այսինքն ինտերակտիվ բյուջեն Երևանի քաղաքապետարանի` որպես համայնքի կառավարման մարմնի ամենօրյա թափանցիկ հաշվետվությունն է իր բնակչին:

Մայրաքաղաքի ֆինանսների կառավարման ռազմավարությունը, Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ, իր փաստաթղթային ամրագրումն է ստացել, որում հաստատվել է Երևան համայնքի հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների ռազմավարությունը: Այս փաստաթղթում ներառված է միջոցառումների այն ցանկը, որը հիմք ընդունելով նախատեսվում է համագործակցել Համաշխարհային Բանկի և այլ գործընկերների հետ` ներգրավելով ոլորտի բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:

 

5.29 Բնակարանային/բնակարանաշինության ֆինանսավորման մատչելիության ամրապնդում և բարելավում

 

Ներկայումս հանրապետությունում ստեղծվել են բավարար պայմաններ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված` բնակարանի իրավունքի իրականացման համար և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն բնակարանային հարաբերությունները հիմնականում կարգավորվում են շուկայական մեխանիզմներով: Մասնավորապես` Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը քաղաքացիներին լիարժեք իրավունք է վերապահել գնել, վարձակալել և կառուցել բնակարաններ, բնակարան գնելու կամ կառուցելու համար ստանալ հիփոթեքային վարկեր, օրենքով սահմանված կարգով սեփականաշնորհել վարձակալած պետական սեփականություն հանդիսացող բնակարանները և այլն: Ստեղծված են նաև նախադրյալներ հիփոթեքի զարգացման համար. ձևավորած է օրենսդրական դաշտը, բնակարանային ֆոնդի 96%-ը հանդիսանում է մասնավոր սեփականություն, զարգացվում է նոր բնակարանային շինարարության շուկան, առաջնային շուկայում ավելանում է բնակարանային պահանջարկը:

Կարևորելով երիտասարդության դերն ու նշանակությունը երկրի կայացման գործում` պետության կողմից ձեռնարկվել են մի շարք ծրագրեր` ուղղված բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին և երիտասարդ մասնագետներին հիփոթեքային վարկավորման միջոցով մատչելի բնակարաններով ապահովմանը:

Ծրագրերի շրջանակներում բանկերը և վարկային կազմակերպությունները երիտասարդ ընտանիքներին տրամադրում են վարկեր` բնակարան ձեռք բերելու նպատակով, իսկ պետությունը վարկի մարման գործընթացում ֆինանսական աջակցություն է ցուցաբերում վարկառուին: Պետության ֆինանսական օգնությունն արտացոլվում է տոկոսագումարների ուղղակի և անուղղակի ձևով մասնակի սուբսիդավորման մեջ: Ընդհանուր առմամբ երիտասարդ ընտանիքին պետությունն աջակցում է մոտ 4 տոկոսային կետով:

Դրա հետ մեկտեղ պետության կողմից նախաձեռնվել է նաև հիփոթեքային վարկավորման միջոցով պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիրը:

Վերը նշված ծրագրերի իրականացումը կնպաստի բնակարանային շինարարության ֆինանսավորման հասանելիության ապահովմանը և ծավալների ավելացման համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը:

 

5.30 Աջակցություն տեղական տնտեսական զարգացմանը

 

Հայաստանում բնակչության ճնշող մեծամասնությունը, տնտեսական ռեսուրսները և որակյալ աշխատուժը հիմնականում կենտրոնացած է Երևանում: Սա լուրջ խոչընդոտներ է ստեղծում տեղական տնտեսական և համաչափ զարգացման համար: Այսպիսի անհամաչափության հաղթահարումը կարևոր է երկրի կայուն տնտեսական աճի ներուժն առավելագույնս արդյունավետ օգտագործելու տեսանկյունից:

Այս առումով տեղական տնտեսական զարգացման անհրաժեշտությունը վերջին տարիներին էլ ավելի հրամայական է դառնում: ՀՀ կառավարության որդեգրած բարեփոխումներն ու ծրագրերն այս ուղղությամբ առաջին հերթին առնչվում են Երևանից դուրս դինամիկ և մրցունակ փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ստեղծմանն ու գոյություն ունեցող սուբյեկտներին շարունակական աջակցության տրամադրմանը: Սա իր հերթին պետք է նպաստի կառավարության կողմից որդեգրած արտահանմանն ուղղված քաղաքականության արդյունավետ իրականացմանը:

Այսպիսով, վերջին տարիներին տեղական տնտեսական զարգացման ուղղություններով գործող և սկսնակ ՓՄՁ սուբյեկտներին տրամադրվել է աջակցություն`

. վարկային երաշխավորությունների,

. սկսնակ գործարարների ձեռներեցության,

. արդյունաբերական համակարգերի կառուցման,

. տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական աջակցության միջոցով:

2013 թվականին աջակցություն ստացած ՓՄՁ սուբյեկտների 5.2%-ը գործում են Երևան քաղաքում, իսկ 94.8%-ը ՀՀ մարզերում` առավելապես հեռավոր և սահմանամերձ գյուղական և քաղաքային համայնքներում:

2013 թվականի ընթացքում «Տեղական տնտեսական զարգացում» ծրագրային ուղղությամբ իրականացվել են տարածաշրջանային և համայնքային տնտեսական զարգացման ծրագրեր:

Մասնավորապես, հանրապետության բոլոր մարզերում քարտեզագրվել են 100 (հարյուր) համայնքներ (յուրաքանչյուր մարզում` 10 համայնք): Համայնքների տնտեսական ներուժի բացահայտման ուղղությամբ ուսումնասիրություններ են իրականացվել 19 համայնքներում` Տավուշի մարզի Իջևան, Գանձաքար և Գետահովիտ, Բերդ, Վայոց Ձորի մարզի Արենի, Աղավնաձոր և Ռինդ, Գեղարքունիքի մարզի Լճաշեն, Չկալովկա և Նորաշեն, Շիրակի մարզի Ազատան, Լոռու մարզի` Ստեփանավան և Տաշիր, Սյունիքի մարզի Խնձորեսկ, Հարթաշեն և Ներքին Խնձորեսկ և Արարատի մարզի Փոքր Վեդի, Լուսառատ և Եղեգնավան համայնքները: ՈՒսումնասիրությունների արդյունքում բացահայտվել և համայնքի շահագրգիռ կողմերին են ներկայացվել մոտ 180 տնտեսական նախաձեռնություններ` անասնապահության, զբոսաշրջության, այգեգործության, գյուղմթերքների վերամշակման, ենթակառուցվածքների բարելավման, գինեգործության ոլորտներում: Կազմվել և տպագրվել են վերոնշյալ համայնքների տեղական տնտեսական վերլուծության արդյունքները:

«Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության» ուղղությամբ մեկնարկել է 25 ծրագիր ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի, Արարատի, Արագածոտնի, Վայոց Ձորի մարզերում և Երևանում:

«Տեղական արտադրանքի զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում» ծրագրային ուղղությունը հիմնականում ուղղված է համայնքների տնտեսական ներուժի բացահայտմանը, տեղական արտադրանքի որակի բարելավմանը, տեղական նոր ապրանքանիշերի զարգացմանը և առաջ մղմանը շուկաներում: Մեկնարկել են Գեղարքունիքի մարզի Լճաշեն, Չկալովկա և Նորաշեն համայնքային կլաստերներում պանրի արտադրությունը խթանելու և շուկաներում առաջ մղման և տեղի ապրանքանիշի կայացմանն աջակցելու նպատակով պանրարտադրության ուսումնական կենտրոնի հիմնադրման աշխատանքները: Մասնավորապես կիրականացվեն մի շարք տեխնոլոգիական դասընթացներ, կմշակվի և կհրատարակվի պանրի արտադրության տեխնոլոգիական գրքույկ, ինչպես նաև ձեռք կբերվեն պանրի արտադրության ուսումնական կենտրոնի համար անհրաժեշտ սարքավորումներ:

Իրականացվում է նաև «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» 5 տարի տևողությամբ ծրագիրը, «Հյուրատների զարգացման (B&B) աջակցության» ծրագիրը, «Ջերմատների կառուցման աջակցության» ծրագիրը: Մասնավորապես` ավարտվել են Պտղավան և Տավուշ համայնքներում համապատասխանաբար 17 և 12 ջերմատների կառուցման, հողի նախնական մշակման և նախապատրաստման աշխատանքները, իսկ հյուրատների զարգացման ուղղությամբ ընտրվել են երեք թիրախային վայրեր` Վայոց Ձորի Արենի, Աղավնաձոր և Ռինդ համայնքները, Տավուշի մարզի Իջևան քաղաքը և Լոռու մարզի Սանահին, Օձուն, Դսեղ և Հաղպատ համայնքները:

 

Աղյուսակ 5

 

.____________________________________________________________________.

|      ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ               |     ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՆԱԿ |

|                                            |_______________________|

|                                            | 2011թ. |2012թ. |2013թ.|

|____________________________________________|________|_______|______|

|Տեղեկատվական և  խորհրդատվական աջակցություն  | 3588   | 7398  |15647 |

|____________________________________________|________|_______|______|

|ՈՒսուցողական աջակցություն                   |   -    | 515   | 521  |

|____________________________________________|________|_______|______|

|Սկսնակ գործարարների ձեռներեցությանն         |  95    | 209   | 462  |

|աջակցություն                                |        |       |      |

|____________________________________________|________|_______|______|

|Սկսնակ և  գործող ՓՄՁ սուբյեկտներին վարկային |  28    | 150   | 243  |

|երաշխավորությունների տրամադրում             |        |       |      |

|____________________________________________|________|_______|______|

|ՁԵՑ (1)-ի հաղորդակցման կենտրոնի             |  69    | 191   | 243  |

|գործունեության շրջանակներում աջակցություն   |        |       |      |

|____________________________________________|________|_______|______|

|Արդյունաբերական համակարգերի կառուցմանն      |   -    |  44   | 127  |

|աջակցություն                                |        |       |      |

|____________________________________________|________|_______|______|

|Տեղական տնտեսական զարգացման ծրագրում        |   -    |   5   |  19  |

|ընդգրկված համայնքների քանակ                 |        |       |      |

|____________________________________________|________|_______|______|

|Համայնքային նշանակության                    |   -    |   5   |   4  |

|ենթակառուցվածքային ծրագրերի քանակ           |        |       |      |

|____________________________________________|________|_______|______|

|Իրացված գյուղտեխնիկայի քանակ                |   -    |   -   | 230  |

|____________________________________________|________|_______|______|

|Ընդամենը                                    |3780    |8507   |7243  |

.____________________________________________________________________.

____________________________

1) ձեռնարկությունների եվրոպական ցանց

 

Իրականացման փուլում է նաև Հայաստանի Հանրապետությունում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը, ինչը միտված է տնտեսական աճի նոր շարժիչ ոլորտների ձևավորմանն ու զարգացմանը` ի հաշիվ արտահանվող և արտահանման ներուժ ունեցող ոլորտների զարգացման:

Ռազմավարությամբ նախանշվել են արտահանման տեսանկյունից հեռանկարային 11 ոլորտներ, որոնցից 4-ի (կոնյակագործություն, դեղագործություն, ճշգրիտ ճարտարագիտություն և գինեգործության) ոլորտային ռազմավարությունները և դրանց իրականացումն ապահովող գործողությունների ծրագրերն արդեն իսկ իրականացման փուլում են:

 

5.31 Արժանավայել աշխատավայրերի և ապրուստի միջոցների ապահովում

 

Նոր, որակյալ և բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծումը ՀՀ կառավարության առանցքային գերակայություններից է` նպատակ ունենալով ապահովել արժանավայել եկամուտներ բնակչության առավել լայն շերտերի համար: Զբաղվածության ընդլայնմանն ուղղված քաղաքականության կրողը պետք է լինի տնտեսության ոչ գյուղատնտեսական ու արտահանելի հատվածը: Բարձր արտադրողականության ապահովումը պետք է որոշիչ գործոն լինի այստեղ:

Այս առումով գործողություններ են իրականացվում հետևյալ ուղղություններով`

- Տնտեսության տարազանման ապահովում` տնտեսության կառուցվածքում արտահանելի հատվածների տեսակարար կշռի ավելացում, արտադրական ենթակառուցվածքների զարգացում,

- Աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ժամանակակից արդյունաբերական և արտահանման խրախուսման քաղաքականությունների իրականացում` պետություն-մասնավոր հատվածի համագործակցության հարթակի արդյունավետ օգտագործմամբ,

- Գործարար և ներդրումային միջավայրերի շարունակական բարելավում, հավասար մրցակցային պայմանների ապահովում` բոլորի համար,

- Տնտեսությունում ստեղծվող արդյունքի որակի վերահսկման համակարգի արմատական վերափոխում և նոր ենթակառուցվածքի գործարկում,

- Գործարարների, այդ թվում` սկսնակ և քաղաքացիների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության, մատչելիության, ֆինանսական գործիքների բազմազանության ապահովում,

- Նորարարական տեխնոլոգիաների ներգրավվածության ընդլայնում,

- Օտարերկրյա վերազգային ընկերությունների ներգրավում` ապահովելով բարձր, արտադրողական աշխատատեղերի ստեղծում, նոր շուկաների բացահայտում և մրցակցության խթանում,

- Գյուղատնտեսության արդիականացում և ագրոբիզնեսի զարգացման օժանդակում.

- Տարածքային համաչափ զարգացում` Երևանի համեմատ մարզերի տնտեսական ակտիվության առաջանցիկ աճի ապահովման և հարմարավետ գյուղի ձևավորման միջոցով:

Մասնավորապես, արդյունաբերության ոլորտում հետևյալ ընկերությունների նոր ներդրումային ծրագրերի շրջանակներում նախատեսվում է նոր, բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծում.

 

Աղյուսակ 6.

 

._____________________________________________________________________.

|   ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ |    ՈԼՈՐՏ             |ՍՏԵՂԾՎՈՂ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ  |

|_______________________|______________________|______________________|

|Բազմամետաղների         |Հանքարդյունաբերություն|2013 թ. Ստեղծվել է    |

|վերամշակման արտադրամասի|                      |շուրջ 75 կառուցում    |

|                       |                      |աշխատատեղ` մոտ 270    |

|                       |                      |հազար ՀՀ դրամ ամսական |

|                       |                      |միջին աշխատավարձով,   |

|                       |                      |իսկ 2014թ.            |

|                       |                      |աշխատատեղերի քանակը   |

|                       |                      |նախատեսվում է         |

|                       |                      |հասցնել մոտ 105-ի:    |

|_______________________|______________________|______________________|

|ՀՀ Կոտայքի մարզում 5 հա|Ջերմոցային            |Կստեղծվի մոտ 120 նոր  |

|ջերմոցային տնտեսության |տնտեսություն          |աշխատատեղ:            |

|կառուցում              |                      |                      |

|_______________________|______________________|______________________|

|ՀՀ Կոտայքի մարզում 3 հա|Ջերմոցային            |Կստեղծվի մոտ 60 նոր   |

|ջերմոցային տնտեսության |տնտեսություն          |աշխատատեղ:            |

|կառուցում              |                      |                      |

|_______________________|______________________|______________________|

|Ալյումինի փայլաթիթեղի  |Արդյունաբերություն    |Ներդրումային ծրագրի   |

|արտադրություն          |                      |շրջանակում նախատեսվում|

|                       |                      |է իրականացնել         |

|                       |                      |գործարանի վերազինում` |

|                       |                      |արդիական նոր          |

|                       |                      |տեխնոլոգիաների        |

|                       |                      |կիրառմամբ: Կստեղծվի 55|

|                       |                      |նոր աշխատատեղ:        |

|_______________________|______________________|______________________|

|ՀՀ Կոտայքի մարզում 10.7|Ջերմոցային            |Կստեղծվի շուրջ 20 նոր |

|հազ ք.մ. մակերեսով     |տնտեսություն          |աշխատատեղ:            |

|ջերմոցային տնտեսության |                      |                      |

|կառուցում              |                      |                      |

|_______________________|______________________|______________________|

|Մեկանգամյա ներարկիչների|Արտադրության          |Ներդրումային ծրագրի   |

|արտադրության           |կազմակերպում          |իրագործման արդյունքում|

|կազմակերպում           |                      |2014թ.-ին կստեղծվի մոտ|

|                       |                      |70, 2015 և  2016թ.-ին |

|                       |                      |120 աշխատատեղ` միջին  |

|                       |                      |աշխատավարձը կկազմի    |

|                       |                      |120-150 հազ. դրամ:    |

|_______________________|______________________|______________________|

|Նոր արտադրական         |Թանկարժեք մետաղների   |Նախատեսվում է         |

|համալիրի կառուցում     |արդյունահանում        |ստեղծել շուրջ 130     |

|                       |                      |նոր աշխատատեղ:        |

|_______________________|______________________|______________________|

|Ձուլման արտադրամասի    |Մետալուրգիա,          |Վերազինման            |

|վերազինում             |արդյունաբերություն    |աշխատանքները          |

|                       |                      |ավարտվել են 2013 թ-ի  |

|                       |                      |վերջին:               |

|                       |                      |Կստեղծվի մոտ 300      |

|                       |                      |նոր աշխատատեղ:        |

|_______________________|______________________|______________________|

|Թեղուտի                |Հանքարդյունաբերություն|Շինարարության ոլորտում|

|պղինձմոլիբդենային      |                      |կազմակերպության       |

|հանքավայրի շահագործման |                      |կողմից 2008-2014թթ.   |

|և  պղնձի ու մոլիբդենի  |                      |ստեղծված ավելի քան    |

|խտանյութերի            |                      |1000 ժամանակավոր      |

|արտադրություն          |                      |բնույթի աշխատատեղերը  |

|                       |                      |կփոխարինվեն նույն     |

|                       |                      |քանակով մշտական       |

|                       |                      |աշխատատեղերով`        |

|                       |                      |150 հազ. դրամ         |

|                       |                      |միջին աշխատավարձով:   |

|_______________________|______________________|______________________|

|Ընկերության կողմից     |Գինի, օղի և  հայկական |Կստեղծվի մոտ 30 նոր   |

|իտալական, ֆրանսիական և |կոնյակի արտադրություն |աշխատատեղ:            |

|բուլղարական առաջադեմ   |                      |                      |

|սարքավորումների        |                      |                      |

|ձեռքբերում             |                      |                      |

|_______________________|______________________|______________________|

|Հանքարդյունաբերություն |Արդյունաբերություն    |Առաջիկա 3 տարիների    |

|                       |                      |ընթացքում նախատեսվում |

|                       |                      |է ներդրումային ծրագրի |

|                       |                      |առաջին փուլի          |

|                       |                      |շրջանակներում         |

|                       |                      |իրականացնել մոտ       |

|                       |                      |270 մլն ԱՄՆ դոլլարի   |

|                       |                      |շինարարական           |

|                       |                      |աշխատանքներ, իսկ      |

|                       |                      |հանքի կառուցման       |

|                       |                      |համար կծախսվի ևս      |

|                       |                      |400 մլն ԱՄՆ դոլլար:   |

|                       |                      |Շինարարական           |

|                       |                      |աշխատանքներում        |

|                       |                      |կներգրավվեն մոտ 550   |

|                       |                      |աշխատողներ, իսկ հանքի |

|                       |                      |վերաբացմամբ կստեղծվի  |

|                       |                      |500 նոր աշխատատեղ:    |

._____________________________________________________________________.

 

Զբոսաշրջության զարգացմանը զուգընթաց այս ոլորտում ևս նախատեսվում են մասնավորապես նոր հյուրանոցային համալիրների և հանգստյան տների կառուցում, որոնք նույնպես կխթանեն համաչափ տարածքային զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Այսպիսով վերջերս բացված և նախատեսվող ներդրումային ծրագրերից են «HYATT» խմբի «HYATTPLACE» ցանցի հյուրանոցը Երևանում, «ՌոյալՊլազա» հյուրանոցը Երևանում, «Նորդ Ավենյու» հյուրանոցը Երևանում, «Իմպերիալ պալաս» (IPH) հյուրանոցը Երևանում, «ԳոլդենՓելիս» հյուրանոցը Ծաղկաձորում, «Նացիոնալ» հյուրանոցը Երևանում, «Քեֆո» հյուրանոցը Հաղպատում, Ջերմուկում նախկին գյուղատնտեսության նախարարության առողջարանի վերակառուցումը, «CrownPlaza» հյուրանոցը Երևանում, «WindHam» ցանցի հյուրանոցը Երևանում, «Windham» խմբի Ramada ցանցի հյուրանոցը Երևանում, «Marriott» հյուրանոցի 33 համար ունեցող նոր մասնաշենքի կառուցումը Երևանում, Ջերմուկում հյուրանոց, որը հավակնում է ներգրավվել միջազգային հեղինակավոր «HYATT» ցանցին, Ջերմուկում «Արմենիա 2» առողջարան, Երևանում «Ռէժինէ» հյուրանոցի նոր մասնաշենք, «Ռեսպուբլիկա» հյուրանոցը Երևանում, Ջերմուկում «Ջերմուկ» հյուրանոցի վերակառուցում, «Accor» խմբի «IBIS» ցանցի հյուրանոց Երևանում, «Windham» խմբի «HowardJohnson» ցանցի հյուրանոց Երևանում` օդանավակայանի տարածքում:

 

5.32 Քաղաքային տնտեսության ինտեգրումը ազգային զարգացման քաղաքականության մեջ

 

Հայաստանի տնտեսությունը վերջին տասնամյակում աճել է չափազանց բարձր տեմպերով, որը հանգեցրել է զարգացման և աղքատության զգալի կրճատման: Այդուհանդերձ, Հայաստանի տնտեսությունը դեռևս թույլ է, բնակչության մի զգալի հատվածի բարեկեցությունը և բավարարվածությունը` ցածր, իսկ գործարարությունը` համաշխարհային շուկաներում ոչ մրցունակ: Տնտեսական աճը մեծ մասամբ հիմնված է փոքրաթիվ, ոչ արտադրողական և ոչ արտահանելի ճյուղերի վրա:

Թեև երկիրը հետևողականորեն և հաջողությամբ իրականացրել է առաջին սերնդի բարեփոխումները, որոնք աճի և հետագա զարգացման համար լուրջ հիմքեր են ստեղծել, այդուհանդերձ, դրանք մեր ճանապարհի առաջին հատվածն են միայն: Մեկնարկված երկրորդ սերնդի բարեփոխումները շատ ավելի հավակնոտ են և պետք է ապահովեն առավել մեծ արդյունքներ:

Անհրաժեշտ է կառուցել համաշխարհային շուկաներում ինտեգրված, մրցունակ և բարձր արտադրողականություն ապահովող տնտեսություն: Բարձր արտադրողականությունը կերաշխավորի լրացուցիչ կապիտալ հոսքերի ներգրավում և տնտեսության ազատականացումը կդառնա անդառնալի և հարատև: Սա ամենևին էլ պարզ խնդիր չէ, սակայն ազգային անվտանգության և գոյության նախապայմանն է:

Տնտեսական աճի ռազմավարությունն ուղղված է հնարավորինս կարճ ժամանակահատվածում մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի (այսուհետ` ՀՆԱ) առաջանցիկ աճին` նպատակ դնելով ապահովելու եկամուտների առումով վերջին տարիներին Եվրոպական Միությանը (այսուհետ` ԵՄ) անդամակցած երկրներին համարժեք կենսամակարդակ Հայաստանի բնակչության համար:

Գործարար և ներդրումային միջավայրի ոլորտում իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է լինելու գործարար միջավայրի գրավչության և մրցունակության մակարդակի բարձրացմանը` Հայաստանը դասելով բարձր մրցունակություն ունեցող երկրների շարքը:

20-րդ դարի վերջին աշխարհում ձևավորվեց նոր տնտեսության ուղղությունը, որը ներկայիս գլոբալ մրցակցության թիրախն է: Հայաստան, ունենալով նոր տնտեսության հիմնական նախապայմանը` մարդկային ներուժը, կարող է հայտնվել այդ մրցակցության մեջ:

 

5.33 Այս բնագավառի փորձառված մարտահրավերները և քաղած դասերը

 

. Ներքին պահանջարկի բավարարման գործում արտաքին աղբյուրներից կախվածության ավելացումը:

. Տնտեսության ռեսուրսատար վարքագծի խորացումը և տնտեսական աճի ապահովումը ոչ արտահանելի ոլորտների հաշվին:

. Արտահանման համեմատ ներմուծման ծավալների առավել բարձր տեմպերով աճի միտումը և արտահանման դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակը:

. Տեխնոլոգիական, արտադրողականության և ինովացիոն զարգացման մակարդակի խզվածքի խորացումը:

. Տարածքային ներկայիս անհամաչափ զարգացումը:

. Կրթական, ֆիզիկական, ֆինանսական ենթակառուցվածքների և ներքին խնայողությունների ոչ ադեկվատ զարգացումը:

. Տնտեսական քաղաքականության շրջանակը չի ներառում դրված երկարաժամկետ նպատակների նկատմամբ սցենարային կանխատեսումներ, չի կանխատեսվում նաև արտաքին շոկերի ազդեցությունը տնտեսական քաղաքականության և աճի վրա:

. Տնտեսական ազատականության, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, գլոբալ մրցունակության, կոռուպցիայի ընկալման համաթվերով միջազգային վարկանիշային դասակարգումներում Հայաստանը զիջում է ԵՄ-ին նոր անդամակցած երկրներին:

. Գործարար շրջանակներում ռազմավարական պլանավորման, անձնակազմի, ֆինանսական միջոցների, որակի արդյունավետ կառավարման, ինչպես նաև շուկայում ապրանքների և ծառայությունների առաջմղման գործում մարքեթինգային գործելակերպի անտեսումը շարունակում է զսպել գործարարության մրցունակության աճը:

. Որոշակի արտասահմանյան շուկաներ դեռևս դժվար հասանելի են` ապրանքների և ծառայությունների բարձր որակի և ազատ առևտրի ռեժիմի բացակայության պատճառով:

 

5.34 Այս բնագավառների մարտահրավերները և հարցերը, որոնք կարող են ուղղվել նոր քաղաքային օրակարգի կողմից

 

- Համաշխարհային գլոբալ զարգացումների համատեքստում պատշաճ մրցունակության մակարդակ Հայաստանը կարող է ապահովել հստակ մշակված և ամբողջական շղթայով գործող արդյունաբերական քաղաքականության իրականացման պայմաններում: Սա հնարավորություն կստեղծի Հայաստանի, որպես զարգացած արդյունաբերական երկրի, վարկանիշի ձևավորման և ամրապնդման համար:

- Տնտեսական քաղաքականության շրջանակը պետք է լրացվի միկրոտնտեսական կանխատեսումներով, որպեսզի հնարավոր լինի առավել հստակ գնահատել իրականացվող տարբեր ծրագրերի ազդեցությունը տնտեսական աճի և դրա կառուցվածքային փոփոխությունների վրա:

- Տնտեսության զարգացման նպատակադրումների ներքո բարձր ավելացված արժեք ձևավորող և տեխնոլոգիական բարդ լուծումներ ու գիտելիքներ պահանջող ծառայությունների աճը տնտեսության կառուցվածքային ճիշտ փոխակերպման նախապայման է: Հայաստանում դրանք կուղղորդվեն ֆինանսական, խորհրդատվական, բժշկական և զբոսաշրջության ոլորտներ:

- Արտադրության մեջ ցածր արտադրողականություն և շահագործման արդյունավետություն, ինչպես նաև բարձր էներգատարություն ունեցող ոչ արդիական տեխնոլոգիաները պետք է փոխարինվեն նորերով:

- Տնտեսական զարգացման նպատակադրումները պահանջում են բարձրարժեք ծառայությունների տեսականու էական ավելացում, որոնց որակը կհամապատասխանի միջազգային չափանիշներին:

- Գլոբալ զարգացումներին համընթաց երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի զարգացումը տնտեսության բոլոր բնագավառներում արտադրողականության համընդհանուր աճի և գիտելիքահենք տնտեսության կայացման նախապայման է:

- Հայաստանն ունի չօգտագործված մեծ հնարավորություններ զբոսաշրջության ոլորտում և՛ որպես տարածքային քաղաքականության իրականացման գործիք, և՛ որպես բարձրորակ ծառայությունների մատուցման հաշվին տնտեսական աճին նպաստող արդյունք:

- Մրցունակությունը մշտապես բարձր պահելու համար պետք է ներդրվեն գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը խոչընդոտող գործոնների բացահայտմանն ու վերլուծմանը նպաստող համապատասխան ինստիտուցիոնալ, ընթացակարգային մեխանիզմներ և գործիքներ:

- Հասարակության իրազեկվածության բարձրացում` միջնաժամկետ սահմանափակումների (բարեփոխումների «գին») և երկարատև օգուտների վերաբերյալ պատկերացումների ձևավորման, պարբերաբար հրապարակվող հետազոտական աշխատանքների միջոցով:

- Տնտեսության հատվածների ներուժի գնահատում և գերակայությունների ընդունում, ներդրումների արդյունավետության բարձրացում և օտարերկրյա, բարձրորակ կապիտալի ներգրավում` ուղղակի աշխատելով տեղական և օտարերկրյա ներդրողների հետ, տնտեսությանը հաղորդելով ինովացիոն ուղղվածություն:

- ՏՏ-ի ոլորտում տեղական և օտարերկրյա (ցածր հարկային որակավորումով) ներդրումների ծավալի մեծացում, համաշխարհային խոշոր ընկերությունների ներգրավում, ՏՏ-ի ոլորտի սկսնակ, ինչպես նաև ՓՄՁ-ի սուբյեկտների գործունեության խթանում:

- ՓՄՁ-ին ֆինանսական աջակցության նոր գործիքների ներդրում, աջակցություն ժամանակակից ենթակառուցվածքների` Գյումրիում և Երևանին կից բիզնես - ինկուբատորների, տեխնոպարկերի, ինովացիոն կենտրոնների ցանցի ստեղծմանը:

- ՓՄՁ-ին աջակցության ոլորտային ծրագրերի մշակում ու իրականացում` նպատակադրելով արտադրանքի և ծառայությունների որակի բարելավումը, միջազգային չափանիշներին համապատասխանեցումը և դրանց արտահանման հնարավորությունների ընդլայնումը:

- Օժանդակություն ֆինանսական միջնորդության ընդլայնման հարցում, մասնավորապես, հիպոթեքային և սպառողական վարկերի ավելացման, ֆինանսական ռեսուրսների մատչելիության և հասանելիության աստիճանի բարձրացման միջոցով, ինչպես նաև լիզինգային գործիքների ներդրման ու կատարելագործման, օտարերկրյա բանկային կապիտալի ներգրավման հարցում:

- Աջակցություն ապահովագրական ծառայությունների կիրառման բնագավառների ընդլայնման հարցում:

- Գիտակրթական արդյունքի առևտրայնացում և ծառայությունների արտահանման ընդլայնում, առևտրայնացման ծրագրի իրականացում` պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ:

- զբոսաշրջային սեզոնի երկարաձգում, զբոսաշրջության տարածքային զարգացում, առողջարանային, ձմեռային, գյուղական, միջոցառումային, կրթական, գիտական, բուժական զբոսաշրջության զարգացման և ավանդական պատմամշակութային-ճանաչողական զբոսաշրջության հետ դրանց կոմբինացման նպատակով պետություն-մասնավոր հատված համագործակցության ապահովում:

- Զբոսաշրջային նոր երթուղիների ձևավորմանն ուղղված միջազգային և տարածաշրջանային ծրագրերին ակտիվ մասնակցություն (Գինու ճանապարհ, Մեծ մետաքսի ճանապարհ և այլն):

- Համաշխարհային շուկաներին ինտեգրման քաղաքականության շրջանակի ձևավորում, զարգացման թիրախների հստակ սահմանում:

- Պետություն-մասնավոր հատված համագործակցության ինստիտուտի կայացում:

- Արտաքին շուկաներ հայկական ապրանքների մուտքի խոչընդոտների վերացում, այդ թվում` ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան փորձարկման լաբորատորիաների ստեղծում, համապատասխանության հավաստման մոդուլների ներդրում, միջազգային, մասնավորապես, եվրոպական ստանդարտների` ՀՀ-ում հավանության մեթոդով ուղղակի կիրառում:

 

IV. Բնակարանային քաղաքականություն և սպասարկում

 

6.35 Հյուղակների բարեկարգում և կանխարգելում

 

Հայաստանի անկախության հռչակման օրվանից սկսած, մի շարք այլ խնդիրների հետ մեկտեղ, կառավարության առջև ծառացան տեխնածին և բնական աղետների (երկրաշարժ, սողանք, քարաթափ, ռազմական գործողություններ, այլն) հետևանքով անօթևան մնացած և փախստական ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրները: Անօթևանի կարգավիճակում հայտնված ընտանիքները տեղավորվեցին բնակության համար հարմարեցված ժամանակավոր կացարաններում` հասարակական նշանակության օբյեկտներում կամ տնակներում:

Տեխնածին և բնական աղետների հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների ուսումնասիրության արդյունքներով պետության կողմից ձևավորվեց դրանց լուծմանն ուղղված աջակցության ծրագրային մոտեցումը:

Սկսած 2000 թվականից, ընդունվեցին մի շարք ծրագրեր, որոնցից Հայաստանի կառավարության, միջազգային դոնոր կազմակերպությունների և հանրության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է եղել Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում անօթևան մնացած ընտանիքների բնակարաններով ապահովման խնդիրները:

Ընդունված ծրագրերի շրջանակներում 2000-2012 թվականներին մոտ 20 հազար ընտանիքների հնարավորություն է ընձեռվել բարելավելու իրենց բնակարանային պայմանները: Չնայած իրականացված միջոցառումներին` հիմնախնդրի լուծումը դեռևս հեռու է բավարար լինելուց և ներկայումս ավելի ցայտուն է արտահայտվել բնակարանային ապահովության բևեռացումը:

Առաջին հայացքից Հայաստանի Հանրապետությունում բնակարանային պահանջարկի խիստ անհրաժեշտություն չի զգացվում: 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ մեկ բնակչի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսով ապահովվածության ցուցանիշը կազմում է 30.9 քառ. մետր, այդ թվում` քաղաքային բնակավայրերում` 26.2, իսկ գյուղական բնակավայրերում` 39.0 քառ.մետր: Այդ ցուցանիշները համադրելի են Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների նմանատիպ ցուցանիշի հետ:

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների մոտ 16 հազար տնային տնտեսություններ (կամ հանրապետության տնային տնտեսությունների 1.8%-ը) բնակվում են տնակներում և բնակության համար հարմարեցված շինություններում: Ընդ որում, տնակներում և բնակության համար հարմարեցված շինություններում բնակվող տնային տնտեսությունների ընդհանուր թվից մոտ 8.5 հազար տնտեսություններ կամ 60.7%-ը բնակվում են քաղաքային բնակավայրերում: Միաժամանակ, մոտ 30 հազար ընտանիքներ կարիք ունեն բնակարանային պայմանների բարելավման: Սակայն, ըստ փորձագիտական գնահատականների ներկայումս հանրապետությունում կան մոտ 30 հազար անօթևան ընտանիքներ:

Մատչելի, արժանավայել և պատշաճ սպասարկվող բնակարանների բացակայությունն ունի մի շարք բացասական սոցիալական հետևանքներ և կարևորելով անօթևան ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը նաև սոցիալական ռիսկերի կանխարգելման տեսանկյունից` կառավարության կողմից 2013 թվականին ընդունվել է սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագիրը և ծրագրի կիրառկումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը:

Ծրագրով նախատեսվում է սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված, սեփական միջոցների հաշվին բնակարանային պայմանները բարելավելու հնարավորություն չունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման իրավունքի սահմանադրական նորմի իրականացման նախընտրելի ձև դիտարկվել սոցիալական բնակֆոնդի ինստիտուտի հիմնադրումը:

Ծրագիրն ընդգրկում է 2014-2025 թթ. ժամանակահատվածը և կարող է հանդիսանալ սոցիալական բնակարանային ֆոնդի զարգացման հիմնական ռազմավարական փաստաթուղթ` ապահովելով ռազմավարական ուղենիշեր միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրային փաստաթղթերի մշակման համար, ինչպես նաև տարբեր պատճառներով անօթևանի կարգավիճակում հայտնված, սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված ընտանիքներին տրամադրվող աջակցության կազմակերպման կարևոր քայլերից մեկը:

Ընդ որում, բնակարանի կարիք ունեցող բնակչության մեծ սպասումներից խուսափելու և բնակարանային պահանջարկի բավարարմանն ուղղված ծրագրերի իրագործման նկատմամբ վստահություն ձևավորելու նպատակով ծրագրով նախատեսվում է կիրառել խնդրի աստիճանական և նպատակային լուծման մոտեցում` հանրապետությունում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների ճշտված ընդհանուր թվից առանձնացնելով թիրախային խմբերին և պետական միջամտության շրջանակներում առաջնահերթ կարգով անդրադառնալով այդ խմբերում ընդգրկված ընտանիքների խնդրին:

Սակայն, թիրախային խմբերում ներառված անձանց, մասնավորապես սոցիալապես անապահով, ինչպես նաև հատուկ խմբերում ներառված անձանց (ընտանիքների) բնակարանային պայմանների բարելավումը դեռևս նրանց հիմնական խնդիրների լուծում չէ` կապված նրանց միայնակության, հաշմանդամության, խնամազրկության և այլ պատճառների հետ:

Այդ պարագայում բնակարանային պայմանների բարելավման հնարավորության ընձեռումից բացի` կարևորվում է բնակելի տարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով, ինչպես նաև հատուկ խմբերում ներառված անձանց (ընտանիքների) սոցիալական կարիքներին համարժեք համալիր սոցիալական ծառայությունների տրամադրումը և բնակելի տարածության տրամադրումը դիտվում է որպես սոցիալական աջակցության տեսակ` այն ներառելով իրենց կարիքներին համարժեք սոցիալական ծառայությունների փաթեթում:

 

6.36 Համարժեք բնակարանների մատչելիության բարելավում

 

Բնակարանային քաղաքականությունն անմիջականորեն փոխկապակցված է այլ սոցիալական ոլորտների քաղաքականության հետ, ծառայում է սոցիալական նպատակների իրականացմանն ու բնակչության բարեկեցության բարձրացմանը, և այդ պարագայում կարևորվում է բնակարանային պայմանների բարելավման գործընթացում ներգրավված բոլոր սուբյեկտների` պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր կառույցների, իրավաբանական և ֆիզիկական անձանց դերի հստակ տարանջատումը: Ընդ որում, պետական միջամտությունը շոշափում է բնակարանային շինարարության, բնակարանների բաշխման և բնակարանային ֆոնդի պահպանման ասպեկտները:

Ժամանակագրական առումով անօթևան ընտանիքների բնակապահովման քաղաքականությունն առանձնացվում է երկու հիմնական փուլերի`

1-ին փուլ-1991-2000 թթ., բնակապահովման գործընթացն իրականացվում էր բնակարանային շինարարության ուղղակի ֆինանսավորմամբ կառուցված բնակարանների հատկացման միջոցով: Սակայն հետագայում, բյուջետային հնարավորությունների սղության պայմաններում, շինարարության տեմպերը զգալի նվազեցին և պետական միջոցների հաշվին 1991թ.-ի 849 հազ. քառ.մ ընդհանուր մակերեսի դիմաց 2000թ. գործարկվեց ընդամենը 62 հազ. քառ.մ: Ձևավորված շուկայական հարաբերությունների պայմաններում, բնակարանային քաղաքականության արդյունավետ իրականացման համար, անհրաժեշտություն առաջացավ բնակարանային քաղաքականության ուղղություններում կատարել զգալի փոփոխություններ` անդրադառնալով նպատակներին, դրանց իրագործման միջոցների ընտրությանը` հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական պայմանների համատեքստում:

2-րդ փուլ-սկսած 2000 թվականից, ընդունված մի շարք ծրագրերի հիմքում դրվեց շուկայական հարաբերություններին հարիր` շինարարության ուղղակի ֆինանսավորումից քաղաքացիներին նպատակային ֆինանսական աջակցության տրամադրմանն անցնելու մոտեցումը, քանի որ 1 քառ.մ ընդհանուր մակերեսի շինարարության արժեքից մոտ երեք անգամ պակաս շուկայում առկա առաջարկի պայմաններում պետության մասնակցությունը բնակարանային շինարարության ուղղակի ֆինանսավորման հարցում դարձել էր ոչ նպատակահարմար:

Այդ մոտեցումը նպաստել է բնակարանային շուկայի զարգացմանը և բնակարանային շինարարությանը որպես բիզնեսի կայացում: Վերջին տարիներին արձանագրվել է մասնավոր ներդրումների հաշվին իրականացվող բնակարանային շինարարության տեմպերի աճ, սակայն նորակառույց բնակարանների շուկայական բարձր գների պարագայում դրանք հասանելի չեն առկա ներքին պահանջարկը բավարարելու համար (միջին բնակարանների արժեքի հարաբերակցությունը տնային տնտեսության տարեկան միջինացված եկամուտներին գտնվում է 15-25 միջակայքում):

 

6.37 Անվտանգ խմելու ջրի օգտագործման կայունության ապահովումը

 

Վերջին տարիների ընկած ժամանակահատվածում սկսած 2008թ. բարելավվել է կենտրոնացված ջրամատակարարման հասանելիությունը` հատկապես գյուղական բնակավայրերում: Աղյուսակ 7-ում բերված տվյալները ցույց են տալիս, որ կենտրոնացված ջրամատակարարման հասանելիությունը գյուղական բնակավայրերում, 2008 թվականի համեմատ, բարելավվել է 1,3 տոկոսային կետով` 2011 թվականին հասնելով 93,7 տոկոսի:

2011 թվականի դրությամբ լուծվել է բերովի ջրից օգտվող տնային տնտեսությունների խնդիրը: Այսպես, եթե 2008 թվականին բերովի ջրից օգտվում էր տնային տնտեսությունների 1,1 տոկոսը, ապա 2011 թվականի տվյալներով այդպիսի տնային տնտեսությունների մասնաբաժինը հասել է 0-ի:

 

Աղյուսակ 7 Խմելու ջրի մատչելիությունը 2008-2011 թթ., տոկոս

 

._________________________________________________________________________.

|Ջրի հիմնական |Ընդամենը           |Քաղաքային          |Գյուղական          |

|աղբյուրը     |հանրապետությունում |բնակավայրերում     |բնակավայրերում     |

|             |___________________|___________________|___________________|

|             |2008|2009|2010|2011|2008|2009|2010|2011|2008|2009|2010|2011|

|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|Կենտրոնացված |97.1|97.5|97.5|97.5|99.4|99.6|99.5|99.5|92.4|93.6|93.5|93.7|

|ջրամատակա-   |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|րարում       |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|մինչև  1 ժամ | 0.7| 0.4| 0.5| 0.1| 0.2| 0.2| 0.3| 0.1| 1.9| 1.0| 0.9| 0.1|

|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|1-5 ժամ      |31.3|30.0|26.6|18.6|31.2|26.8|23.7|16.4|31.4|36.5|32.4|23.3|

|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|6-12 ժամ     |28.7|17.5|20.1|22.6|32.5|19.3|22.5|24.0|20.5|13.8|15.2|19.6|

|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|13-23 ժամ    | 5.7| 3.8| 4.3| 5.5| 5.9| 4.9| 3.9| 5.3| 5.3| 1.4| 5.2| 5.8|

|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|24 ժամ       |33.7|48.3|48.5|53.2|30.2|48.8|49.6|54.2|40.9|47.3|46.3|51.2|

|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|Ջրհոր,       | 1.2| 1.6| 1.4| 1.3| 0.1| 0.2| 0.2| 0.1| 3.2| 4.3| 3.6| 3.6|

|աղբյուր      |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|Ջրամատակարար-| 0.6| 0.5| 1.0| 1.1| 0.2| 0.2| 0.3| 0.4| 1.2| 1.3| 2.5| 2.6|

|ման սեփական  |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|համակարգ     |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|Բերովի ջուր  | 1.1| 0.3| 0.1| 0.0| 0.2| 0.0| 0.0| 0.0| 3.0| 0.6| 0.4| 0.0|

|_____________|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|____|

|Այլ          | 0.1| 0.1|  - | 0.1| 0.1| 0.0|  - | 0.0| 0.2| 0.2|  - | 0.1|

|աղբյուրներ   |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |    |

._________________________________________________________________________.

 

Աղբյուր` ՀՀ ԱՎԾ

 

Հետազոտության արդյունքների համաձայն` 2011 թվականին ջրամատակարարման միջին օրական տևողությունը 2008 թվականի համեմատ բարելավվել է շուրջ 3,6 ժամով` կազմելով 16 ժամ և հասել է ԿԶԾ-ով 2012 թ. համար սահմանված նպատակադրմանը:

Միաժամանակ, ջրամատակարարման տևողությունը ներկայումս ևս շարունակում է բնութագրվել տարածքային անհամաչափություններով: Այսպես, Հայջրմուղկոյուղի ՓԲԸ-ի կողմից սպասարկվող 36 քաղաքներից 9-ում ջրամատակարարման միջին օրական տևողությունը 2012 թվականին ցածր է եղել 12 ժամից: Ջրամատակարարման միջին օրական տևողությունը գյուղական բնակավայրերում ևս բնութագրվում է զգալի անհամաչափություններով: Այսպես, Հայջրմուղկոյուղի ՓԲԸ-ի կողմից սպասարկվող գյուղական բնակավայրերում 2012 թվականին ջրամատակարարման միջին օրական տևողությունը կազմել է 14.6 ժամ, մինչդեռ, ինչպես երևում է աղյուսակից, գյուղական բնակչության շուրջ 1/4-ի համար ջրամատակարարման միջին օրական տևողությունը 5 ժամ և պակաս է եղել:

ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական Ծրագրով խմելու ջրի համակարգը կշարունակի մնալ պետական ներդրումային գերակայությունների շարքում: Ծրագրի ողջ ժամանակահատվածի համար համակարգում տարեկան ներդրումների մակարդակը կկազմի ՀՆԱ-ի 0.4%-ը:

Ներդրումային քաղաքականությունը նպատակաուղղված կլինի խմելու ջրի համակարգերի արդյունավետության բարձրացմանը` ուշադրության կենտրոնում պահելով, հատկապես, ջրի կորուստների նվազեցման խնդիրը: Ջրահեռացման բնագավառում կարևորվում է նաև քաղաքների ու խոշոր բնակավայրերի կոյուղացման համակարգի վերակառուցումը և հեռացվող կեղտաջրերի մաքրման կայանների կառուցումը:

Ներդրումային քաղաքականության շրջանակներում առանձին մոտեցում կցուցաբերվի նաև այն շուրջ 560 գյուղական համայնքների նկատմամբ, որտեղ ներկայումս ջրամատակարարումը և ջրահեռացումը չի իրականացվում ջրամատակարարման ծառայությունների մատուցման թույլտվություն ունեցող մասնագիտացված կառույցների կողմից: Կառավարության ներդրումային ծրագրերում այդ համայնքների ընդգրկումը կպայմանավորվի ջրամատակարարման ծառայությունների մատուցման թույլտվություն ունեցող, գործող կամ նոր ձևավորվելիք մասնագիտացված կառույցների սպասարկման տարածքներում դրանց ներառմամբ: Միաժամանակ չեն անտեսվի նաև այն համայնքների ջրամատակարարման խնդիրները, որոնց ընդգրկումը ջրամատակարարման ծառայություններ մատուցող մասնագիտացված կառույցների սպասարկման տարածքներում տեխնիկապես դժվար իրագործելի կամ տնտեսապես ոչ շահավետ կլինեն:

Սակագնային քաղաքականությունը ծրագրի ժամանակահատվածում ուղղված կլինի սակագների ծախսածածկման մակարդակի աստիճանական բարձրացմանը` հաշվի առնելով ամենացածր եկամտային խմբի տնային տնտեսությունների համար մատչելիության հանգամանքը: Կսահմանվի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատչելի սակագնի առավելագույն շեմ, որից բարձր սակագնով ծառայությունների մատուցումը աղքատ ընտանիքների համար առաջացած տարբերության չափով կսուբսիդավորվի պետության կողմից:

 

6.38 Հիմնական առողջապահությանը և ջրահեռացման հասանելիության կայունության ապահովում

 

Ելնելով «Գլոբալ գործողությունների պլան. Իրականացման ռազմավարություններ» Հաբիթաթի օրակարգի «C» գլխի 5-րդ մասի 136-րդ և 138-րդ կետերի գործողությունների պահանջներից` շրջակա միջավայրի, այդ թվում հողի և ստորգետնյա ջրերի աղտոտումը կանխելու, դրանով իսկ մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու, ինչպես նաև քաղաքացիների համար էկոլոգիապես բարենպաստ, անվտանգ պայմաններ ապահովելու նպատակով ազգային և տեղական մակարդակներով ռազմավարությունների մշակման և իրականացման ուղղությամբ հանրապետությունում կատարվել են օրենսդրական, ինստիտուցիոնալ բարեփոխումներ և իրականացվել մի շարք միջոցառումներ:

Աղբահանության և սանիտարական մաքրման հետ կապված հարաբերությունները հանրապետությունում կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Թափոնների մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին», «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով:

«Թափոնների մասին» (2004թ.) ՀՀ օրենքով կարգավորվում են թափոնների հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման, ծավալների կրճատման և դրանց հետ կապված այլ հարաբերությունները, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելման իրավական և տնտեսական հիմքերը և սահմանում է թափոնների գործածության ոլորտում հիմնական գործառույթները և սուբյեկտների իրավունքները և պարտականությունները:

«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքով (2011թ.) սահմանվում են աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացի կազմակերպման սկզբունքները, աղբահանության վճարը, աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպման բնագավառներում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման կարգը:

ՀՀ օրենսդրությամբ համայնքի ղեկավարը կազմակերպում է աղբահանությունը և սանիտարական մաքրումը, տարածքային կառավարման մարմինները տալիս են թափոնների տեղադրման վայրերի համար թույլտվությունները և իրականացնում աղբահանության նկատմամբ հսկողությունը: ՀՀ բնապահպանության նախարարությունը հանդիսանում է թափոնների կառավարման բնագավառում լիազոր մարմինը, որի կազմում գործում են բնապահպանական պետական տեսչությունը, Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալությունը և «Թափոնների ուսումնասիրության կենտրոն» ՊՈԱԿ-ը: ՀՀ առողջապահության նախարարությունը թափոնների գործածության ոլորտում սահմանում է սանիտարահիգիենիկ պահանջները, իրականացնում դրանց նկատմամբ վերահսկողությունը: ՀՀ քաղաքաշինության նախարարությունը պատասխանատու է հանրապետությունում նոր աղբավայրերի ստեղծման համար:

Հանրապետությունում ընդունվել են թափոնների հեռացման և տեղադրման բարեփոխումների ապահովմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես` 2009 թվականի մայիսի 6-ին ՀՀ նախագահի N ՆԿ-68-Ա կարգադրությամբ հաստատվել է ՀՀ-Եվրամիություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2012թթ. միջոցառումների ցանկը, որի 149-րդ կետով նախատեսված է ՀՀ տարածքում առկա թափոնների տեղադրման վայրերի գույքագրումը, տեղեկատվական բազայի ստեղծումը, թափոնների վերամշակման հզորությունների և թափոնների տեղադրման նոր վայրերի պլանավորումը, նախագծումը և կառուցումը, ինչպես նաև առկա վայրերի փակումը:

Այդ կապակցությամբ, ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից մշակվել և նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 29-ի N 321-Ա հրամանով հավանության է արժանացել «Աղբավայրերի նախագծում և շահագործում» ձեռնարկը` Հայաստանի Հանրապետության տարածքում կիրառելու համար:

2010-2011թթ. ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից մշակվել և որպես քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի նիստի N 22 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել Սևանա լճի ավազանում աղբավայրերի տեղաբաշխման գլխավոր ուրվագիծը:

Դրա հետ մեկտեղ, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ հանրապետությունում իրականացվել են մի շարք ծրագրեր.

- ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերում քաղաքային կոշտ թափոնների ինտեգրված կառավարման ծրագիր (EU/TACIS, 2004թ. ՀՀ քաղաքաշինության նախարարություն),

- թափոնների համապարփակ կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանում (ՄԱԶԾ և ՀՀ բնապահպանության նախարարություն, 2006թ.),

- Մեղրի քաղաքի թափոնների կառավարման պլանի մշակում և աղբավայրի վերակառուցում (ՄԱԶԾ և Մեղրու քաղաքապետարան, 2006թ.),

- քաղաքային թափոնների կառավարման ծառայությունները և ենթակառուցվածքները Արևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում, ուսումնասիրություն ՀՀ Լոռու մարզում (ՏՀԶԿ, 2007թ.),

- Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում Եվրոպական հարևանության քաղաքականության և թափոնների կառավարման վերաբերյալ տարածաշրջանային քաղաքականության հաշվետվություն (ԱՄՆ ՄԶԳ, 2007թ.),

- տեղական կառավարման ծրագրի փուլ III. թափոնների կառավարման ռազմավարության մշակում (ԱՄՆ ՄԶԳ, 2007թ.),

- Երևան քաղաքի Նուբարաշենի ԿԿԹ աղբավայրում կենսագազի հավաքման և օգտահանման ծրագիր (Շիմիզու ընկերություն, 2009թ.),

- Երևան քաղաքում մասնավոր հատվածի մասնակցությամբ կոշտ թափոնների գործածության համակարգի զարգացման վերաբերյալ խորհրդատվական ուսումնասիրություն (ՀՄ / Ֆիխտներ ընկերություն, 2009թ.),

- մասնավոր սեկտորի ներգրավումը Երևանի քաղաքային կոշտ թափոնների կառավարման համակարգ. Խորհրդատվական ծառայություններ (ՀԲ/ «Ինտեգրեյթեդ Սքիլս» ընկերություն, 2010թ.),

չնայած իրականացված աշխատանքներին, դեռևս լուծման կարիք ունեն հանրապետությունում խորհրդային տարիներին պաշտոնապես կառուցված և ներկայումս ժամանակակից քաղաքաշինական, սանիտարահիգիենիկ և բնապահպանական նորմերի պահանջներին չհամապատասխանող 60 կոմունալ աղբավայրերի (շուրջ 250 հեկտար տարածք) հետագա շահագործման և կոնսերվացման հարցերը, ինչպես նաև տարիների ընթացքում ստեղծված կամ տարերայնորեն ձևավորված ավելի քան 500 աղբանոցների փակման հարցերը, որոնք զբաղեցնում են զգալի տարածքներ և առաջացնում են լուրջ բնապահպանական և սանիտարական խնդիրներ:

Իրականացման փուլում են գտնվում`

- Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) ֆինանսավորմամբ մեկնարկել է ՀՀ Կոտայքի մարզում, ժամանակակից նորմերին և ստանդարտներին համապատասխանող, տարածաշրջանային աղբավայրի և մարզի աղբահանության համակարգի ստեղծման ծրագիրը (ՀՀ Նախագահի 21.02.2011թ. N ՆՀ-33-Ն հրամանագիր), որի շրջանակներում ավարտվել են ՀՀ Կոտայքի մարզում ժամանակակից նորմերին և ստանդարտներին համապատասխան տարածաշրջանային աղբավայրի կառուցման և մարզում աղբահանության կառավարման համակարգի ներդրման ուսումնասիրություններն ու ներդրումային առաջարկները: Ներկայումս բանակցություններ են ընթանում ծրագրի ներդրումային փուլի իրականացման շուրջ:

- Գերմանական KFW բանկի աջակցությամբ մշակվել է ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի և 17 շրջակա համայնքների համար կոշտ կենցաղային թափոնների համակողմանի կառավարման ծրագիրը` նոր տարածաշրջանային աղբավայրի ստեղծման առաջարկով, որը գտնվում է քննարկման փուլում:

- Եվրամիության աջակցությամբ ՀՀ Լոռու մարզում իրականացվել է «Թափոնների կառավարում-ԵՀԳԳ-Արևելք» ծրագիրը, որի շրջանակներում մշակվել է ՀՀ Լոռու մարզում թափոնների կառավարման ծրագրային առաջարկը:

- Ասիական Զարգացման Բանկի կողմից ավարտական փուլում է գտնվում «Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ազգային ռազմավարության մշակում» ծրագիրը, որի շրջանակներում մշակվել է հանրապետությունում թափոնների կառավարման ռազմավարությունը, այդ թվում տարածաշրջանային 5 սանիտարական աղբավայրերի և 9 վերաբեռնման կայանների շինարարության առաջարկով: Ներկայումս այն գտնվում է քննարկման փուլում:

 

Աղյուսակ 8

 

Կոյուղուն հասանելիություն ունեցող բնակչության մասնաբաժինը, % հոսող ջրով զուգարան ունեցող տնային տնտեսություններ, % տնային տնտեսությունների ընդհանուր թվաքանակի նկատմամբ

 

.______________________________________________________________________

|Կոյուղուն հասանելիություն    |1996|2000|2001|2002|2003|2004|2005|2006|

|բնակչության մասնաբաժինը, %   |    |    |    |    |    |    |    |    |

|հոսող ջրով զուգարան ունեցող  |    |    |    |    |    |    |    |    |

|տնային տնտեսություններ, %    |    |    |    |    |    |    |    |    |

|տնային տնտեսությունների      |    |    |    |    |    |    |    |    |

|ընդհանուր թվաքանակի նկատմամբ |    |    |    |    |    |    |    |    |

|_____________________________|____|____|____|____|____|____|____|____|

|- ընդամենը                   |64.1|63.3|62.8|58.8|60.2|61.6|65.1|66.1|

|_____________________________|____|____|____|____|____|____|____|____|

|- քաղաքային բնակավայրերում   |83.1|82.2|82.2|82.2|84.9|79.0|83.3|90.1|

|_____________________________|____|____|____|____|____|____|____|____|

|- գյուղական բնակավայրերում   |12.8|17.7|24.6|22.5|22.3|12.8|17.7|19.1|

.______________________________________________________________________

.______________________________ ______________________________.

|Կոյուղուն հասանելիություն    | |2007|2008|2009|2010|2011|2023|

|բնակչության մասնաբաժինը, %   | |    |    |    |    |    |    |

|հոսող ջրով զուգարան ունեցող  | |    |    |    |    |    |    |

|տնային տնտեսություններ, %    | |    |    |    |    |    |    |

|տնային տնտեսությունների      | |    |    |    |    |    |    |

|ընդհանուր թվաքանակի նկատմամբ | |    |    |    |    |    |    |

|_____________________________| |____|____|____|____|____|____|

|- ընդամենը                   | |67.0|66.7|69.1|69.2|69.6|68  |

|_____________________________| |____|____|____|____|____|____|

|- քաղաքային բնակավայրերում   | |90.4|91.1|63.5|96.1|96.4|95.9|

|_____________________________| |____|____|____|____|____|____|

|- գյուղական բնակավայրերում   | |21.1|19.0|21.4|16.4|17.0|13.0|

.______________________________ ______________________________.

 

Աղբյուր` ՀՀ ԱՎԾ

 

Ջրահեռացման նոր համակարգերի կառուցումը պլանավորված է սկսել 2016 թվականից: Այս պահին ջրահեռացման համակարգից օգտվում է Գյումրի քաղաքի ազգաբնակչության մոտ 99%-ը, սակայն այդ համակարգը գտնվում է ոչ բարվոք վիճակում, հատկապես 1988թ. աղետալի երկրաշարժից հետո խախտվել է խողովակաշարը, որը հաճախակի խցանումների պատճառ է դառնում:

 

6.39 Էկոլոգիապես մաքուր ներքին/տեղային էներգիայի հասանելիության բարելավում

 

Հայաստանում էներգիայի մեծ մասն արտադրվում է Ռուսաստանից ներկրված վառելիքի, այդ թվում` գազի և միջուկային վառելիքի հաշվին: Գազը ներմուծվում է նաև Իրանից եկող գազատարի միջոցով, որը կառուցվել է 2006 թվականին: 1976 թվականին կառուցված Մեծամորի ատոմակայանն արտադրում է երկրի էլեկտրաէներգիայի 43 տոկոսը, իսկ 31%-ն արտադրվում է հիդրոէլեկտրակայաններում, 26%-ը` ջերմաէլեկտրակայաններում:

Ելնելով «Գլոբալ գործողությունների պլան. Իրականացման ռազմավարություններ» ՀԱԲԻՏԱՏ օրակարգի «C» գլխի 5-րդ մասի 145-րդ և 146-րդ կետերի պահանջներից` կայուն էներգիայի, բնակավայրերում էներգախնայողության համակարգերի կիրառման և տնտեսական կայունության տեսանկյունից` ՀՀ կառավարությունը առաջնային է համարում էներգախնայողությունը որպես երկրի էներգետիկ անվտանգության, տնտեսական մրցունակության մեծացման և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման միջոց:

Հանրապետության բազմաբնակարան շենքերի գերակշռող մասը կառուցվել են խորհրդային ժամանակներում` 35-60 տարի առաջ` առանց էներգախնայողության դիտարկման: Բնակարանային ոլորտը սպառում է երկրի ընդհանուր վերջնական սպառման էլեկտրաէներգիայի մոտ 44% և ջերմային էներգիայի 37%, ինչը 3-5 անգամ բարձր է քան Եվրամիության երկրներում և տատանվում է 320-ից 690 կՎտժ/մ/տարի:

Հաշվի առնելով, որ համաձայն կատարված ուսումնասիրությունների, հանրապետությունում էներգախնայողության ներուժի 40%-ը պատկանում է շենք-շինություններին, շենքերի էներգաարդյունավետության և էներգախնայողության բնագավառում ռազմավարությունների մշակման և իրականացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից կատարվել են օրենսդրական, ինստիտուցիոնալ բարեփոխումներ և ձեռնարկվել մի շարք միջոցառումներ:

- Բնակելի շենքերի էներգաարդյունավետության և էներգախնայողության բնագավառը կարգավորվում է «Էներգետիկայի մասին», «Էներգետիկայի և էներգիայի սպառման բնագավառներում պետական տեխնիկական վերահսկողության մասին», «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին», «Քաղաքաշինության մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքներով և մի շարք ենթաօրենսդրական ակտերով:

- «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքը (2001թ.) կարգավորում է ՀՀ պետական մարմինների, էներգետիկայի համապատասխան ոլորտում գործող իրավաբանական անձանց և էլեկտրական և ջերմային էներգիա ու բնական գազ սպառողների միջև հարաբերությունները:

- «Էներգետիկայի և էներգիայի սպառման բնագավառներում պետական տեխնիկական վերահսկողության մասին» (2004թ.) ՀՀ օրենքը կարգավորում է էլեկտրական և ջերմային էներգիայի և բնական գազի փոխակերպման, բաշխման և սպառման տեխնիկական վերահսկողության կանոններին և ընթացակարգերին առնչվող հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է վերահսկողության միջոցով իրականացվող պետական տեխնիկական վերահսկողության շրջանակները և նպատակները:

- «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով (2004թ.) սահմանվել են էներգախնայողության իրականացման և վերականգնվող էներգետիկայի զարգացման և դրանց իրականացման մեխանիզմների պետական քաղաքականության սկզբունքները, ինչպես նաև էներգետիկայի ոլորտում համակարգի անվտանգության և հուսալիության ապահովման դրույթները:

- 2004 թվականից Հայաստանը ներգրավված է Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) մեջ և 2006 թվականին հաստատված ԵՀՔ գործողությունների պլանը նպատակաուղղված է Հայաստանի օրենսդրության, նորմերի և ստանդարտների ներդաշնակեցմանը ԵՄ չափանիշներին:

- ՀՀ կառավարության 31.08.2006թ. N1399-Ն որոշմամբ հաստատվել է «Էներգետիկ փորձաքննության իրականացման կարգը»:

- ՀՀ կառավարության 2007 թվականի հունվարի 18-ի N 2 արձանագրային որոշմամբ հաստատվել է «ՀՀ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագիրը», որով գնահատվել է Հայաստանի տնտեսության էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի միջբնագավառային ներուժը և տրվել են առաջարկություններ` այդ ներուժի արդյունավետ օգտագործման միջոցառումների վերաբերյալ:

- 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 43 արձանագրային որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի կատարմանն ուղղված ՀՀ կառավարության գործողությունների ծրագիրը, որով սահմանվել են էներգախնայողության և էներգաարդյունավետության բնագավառում պետական քաղաքականության ձևավորման դրույթները և հստակեցվել դրանց իրականացման քայլերը, այդ թվում շենքերում էներգաարդյունավետության նոր նորմերի և ստանդարտների մշակումը:

- ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 225-Ն որոշմամբ ՀՀ քաղաքաշինության նախարարության կանոնադրությունում ներառվել է քաղաքաշինության բնագավառում էներգախնայողությանը և էներգաարդյունավետությանն առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործման, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի և շենքերի էներգախնայողության ու էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակման, ինչպես նաև շինարարությունում էներգախնայող տեխնոլոգիաների կիրառման գործառույթները:

Ելնելով երկրի էներգետիկ անվտանգության և սոցիալական, տնտեսական բարեփոխումների անհրաժեշտությունից, ինչպես նաև «Գլոբալ գործողությունների պլան. Իրականացման ռազմավարություններ» ՀԱԲԻՏԱՏ օրակարգի «E. Միջազգային համագործակցություն և համակարգում» գլխի պահանջներից` միջազգային կազմակերպությունների աջակցությամբ հանրապետությունում իրականացվել են բնակելի շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք ծրագրեր: Մասնավորապես.

2007 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվել է «Հայաստանի շենքերի էներգաարդյունավետության շուկայի գնահատում» ծրագիրը, որի շրջանակներում ուսումնասիրվել են շենքերում էներգաարդյունավետության պոտենցիալը, էներգաարդյունավետ շինությունների տեղական արտադրողների հնարավորությունները և տրվել համապատասխան առաջարկություններ:

Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից 2007 թվականից սկսած իրականացվում է քաղաքային ջեռուցման ծրագիրը` հանրապետության բազմաբնակարան շենքերում և դպրոցներում մաքուր, արդյունավետ, ապահով ու մատչելի ջեռուցման տեխնոլոգիաների կիրառման նպատակով:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ 2005-2010 թվականներին իրականացվել է «Հայաստան. քաղաքային ջեռուցման և տաք ջրամատակարարման ծրագիրը», որի շրջանակներում կատարվել է ջերմամատակարարման համակարգերի առկա վիճակի գնահատում, վերլուծվել են ՀՀ բնակավայրերի ջերմամատակարարման ռազմավարության իրականացման գործընթացը, ինստիտուցիոնալ և օրենսդրական փոփոխությունները, իրականացվել են էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության միջոցով փոքր հզորության տեղակայանքների օգտագործմամբ կենտրոնացված ջերմամատակարարման վերականգնման պիլոտային ծրագիր Երևան քաղաքում:

2010 թվականից սկսած ՀՀ քաղաքաշինության և ՀՀ բնապահպանության նախարարությունների կողմից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի և Գլոբալ Էկոլոգիական ֆոնդի աջակցությամբ իրականացվում է «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագիրը, որի շրջանակներում կատարվել են իրավական և նորմատիվատեխնիկական դաշտի բարելավմանն ուղղված աշխատանքներ, կազմվել է ջերմամեկուսիչ շինարարական նյութերի տվյալների շտեմարան, մշակվել է բազմակի օգտագործման էներգաարդյունավետ անհատական բնակելի տների նախագծերի կատալոգ, մշակվել է շենքերը պատող կոնստրուկցիաների ջերմամեկուսացման տեխնիկական լուծումների խորհրդատվական ձեռնարկը (հաստատվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 6-ի N 343 հրամանով): Նշված ծրագրի աջակցությամբ ներկայումս իրականացման փուլում են գտնվում էներգաարդյունավետ և էներգախնայող միջոցառումների կիրառմամբ երկու փորձնական ծրագրերը` ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում նոր կառուցվող և Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Դ. Վարուժան թաղամասի N 6 շենքի բազմաբնակարան շենքերում: Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2015 թվականին:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից իրականացվում է «Բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարելավման ուսումնասիրություն» ծրագիրը, որի շրջանակներում ուսումնասիրվել ու մշակվել է բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարելավման խոչընդոտների գնահատման արդյունքներն ու դրանց հաղթահարման առաջարկների ռազմավարական հաշվետվությունը: Ներկայումս քննարկման փուլում է գտնվում ծրագրի հետագա գործողությունների պլանը և ժամանակացույցը:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) գործընկեր-բանկերի միջոցով նախաձեռնել է նաև վարկային գիծ` ուղղված բոլոր ոլորտներում գործող հայաստանյան մասնավոր ընկերություններին, որոնք մտադրված են ներդրումներ կատարել էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ծրագրերում: Այս վարկային գիծը Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման հիմնադրամի (ArmSEFF) մի մասն է, որը պաշտոնապես մեկնարկել է 2010 թվականի սեպտեմբերին:

IFC-ի կողմից իրականացվում է Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագիրը` էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար կայուն շուկա հիմնելու և Հայաստանի էներգետիկ ինքնաբավությանը նպաստելու նպատակով` տեղական ու միջազգային ֆինանսական հաստատությունների հետ աշխատանքի ու գործընկերության միջոցով:

Իրականացման փուլում է գտնվում Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թվականների Էներգախնայողության պլանի մշակման համատեղ գործողությունների ծրագիրը, որի նպատակն է ընդհանուր ռեսուրսներն օգտագործելու միջոցով խթանել անդրսահմանային համագործակցությունը, տնտեսական և սոցիալական զարգացումը` շենքերի էներգախնայողության համակարգի բարելավման, ինչպես նաև էներգետիկ ոլորտի գիտելիքների և փորձի փոխանակման ուղղությամբ:

 

6.40 Կայուն տրանսպորտային միջոցների մատչելիության բարելավում

 

Վերջին տարիներին որոշակի միջոցառումներ են իրականացվել քաղաքային շարժունակության, երթևեկության կազմակերպման և վիճակի բարելավման, կուտակումների նվազեցման և հասարակական տրանսպորտը մայրաքաղաքի բնակչության համար հասանելի դարձնելու ուղղությամբ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից 2013 թվականի գերակա խնդիր էր սահմանվել «Ընդհանուր օգտագործման տրանսպորտի նորացում և արդիականացում» միջոցառումը, որի նպատակն է միջմարզային (միջքաղաքային), ներմարզային և ներքաղաքային տրանսպորտային համակարգերի կառավարման կատարելագործման միջոցառումների իրականացումը, որը կմեծացնի սոցիալական ծառայությունների հասանելիությունը և աշխատուժի շարժունակությունը, այդ թվում նաև հաշմանդամների ու այլ սակավաշարժուն խմբերի համար, ինչպես նաև տրանսպորտի ոլորտը կանոնակարգող օրենսդրության փոփոխությունների իրականացումը, մասնավորապես, ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցութային պայմաններում անհրաժեշտ փոփոխությունների կատարումը: Գերակա խնդրի կատարման շրջանակներում մշակվել են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Տրանսպորտային միջոցների ապահովման և հասանելիության մակարդակի բարձրացման նպատակով ուսումնասիրվել է տրանսպորտի ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտը և համապատասխան փոփոխություններ են կատարվել կանոնավոր ուղևորափոխադրումների, բեռնափոխադրումների և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ոլորտները կանոնակարգող իրավական ակտերում:

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից կանոնավոր ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ոլորտները կանոնակարգող օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ, իսկ մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների ոլորտը կանոնակարգող օրենսդրական փաթեթը` երկրորդ ընթերցմամբ:

Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տրանսպորտային պարկը թարմացնելուն խրախուսելու և ուղևորափոխադրումների սպասարկման որակն ու անվտանգությունը բարձրացնելու, ինչպես նաև կազմակերպությունների ընտրության մրցույթներն առավել թափանցիկ դարձնելու նպատակով փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2001թ. օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 762 որոշման մեջ:

Տրանսպորտային համակարգի զարգացման նպատակով վերջին 5 տարիների ընթացքում նախարարության կողմից իրականացվել են մեծածավալ օրենսդրական բարեփոխումներ, որի արդյունքում պարզեցվել և կրճատվել են տրանսպորտային գործունեությունը կարգավորող ընթացակարգերը, բարձրացել է բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ոլորտներում անվտանգությունն ու սպասարկման որակը, կրճատվել են ավելորդ վարչարարությունն ու ծախսերը, բարելավվել է բիզնես միջավայրը:

2011 թվականին կարևոր ձեռքբերում էր նաև «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում հսկիչ սարքերի (թվային տախոգրաֆի) համակարգի ներդրումը, որն ապահովեց բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ու վարորդների ազատ մուտքը Եվրամիության երկրներ:

«Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության ենթակառուցվածքների վիճակի և ուղևորների սպասարկման որակի բարելավման նպատակով իրականացվում են միջոցառումներ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն կոնցեսիոն պայմանագրով կամ վարձակալության հանձնելու համար: Այդ նպատակով հաստատվել է «Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության բարելավման, ավտոկայարանային համակարգի արդիականացման և կառավարման ծառայությունների ձեռքբերման գործընթացի և գործառութային (ֆունկցիոնալ) նախնական բնութագիրը: Ներկայումս ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից ստեղծվել են մասնագիտական խումբ և գնահատող հանձնաժողով, որոնք «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան իրականացնում են ընկերությունը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու գործընթացը:

 

6.41 Այս բնագավառի փորձառված մարտահրավերները և քաղած դասերը

 

Չնայած Էներգետիկ անվտանգության և շենքերի էներգախնայողության ուղղությամբ իրականացված վերոհիշյալ միջոցառումներին, բնագավառում դեռևս առկա են օրենսդրական, ինստիտուցիոնալ, սոցիալ-տնտեսական և իրազեկման անբավարարության խնդիրներ, որոնք խոչընդոտում են շուկայում էներգաարդյունավետությանն ուղղված լայնածավալ ներդրումների ներգրավմանը:

Նշված խոչընդոտների վերացման ուղղությամբ ներկայումս`

- մշակման փուլում է գտնվում ՀՀ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի կատարմանն ուղղված ՀՀ կառավարության գործողությունների ծրագրի 2-րդ փուլը.

- ՀՀ կառավարության գործունեության 2014 թվականի միջոցառումների ծրագրում ներառվել է «Պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների կիրառման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը.

- ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագիծը և մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որով առաջարկվել է նոր կառուցվող շենքերի կառուցապատման և վերակառուցման ենթակա շենքերի համար, որպես պարտադիր պայման, կիրառել նախագծման և շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ ժամանակակից էներգաարդյունավետ շինարարական տեխնոլոգիաների նվազագույն պահանջների ապահովումը, ինչպես նաև էներգախնայող և էկոլոգիապես մաքուր շինարարական նյութերի օգտագործումը: Նշված օրենսդրական փաթեթով առաջարկվել է նաև «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքը լրացնել` քաղաքաշինության բնագավառում էներգախնայողության, էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգիայի օգտագործման վերաբերյալ դրույթներով:

Վերոհիշյալ իրավական ակտերի ընդունումից և դրանցից բխող միջոցառումների ծրագրերի, ինչպես նաև միջազգային կառույցների աջակցությամբ ընթացքում գտնվող և նախատեսվող ծրագրերի իրականացման արդյունքներով նախատեսվում է բարելավել հանրապետության էներգետիկ անվտանգությունը, բարձրացնել բնակարանային ֆոնդի էներգաարդյունավետությունն ու էներգախնայողությունը և նվազեցնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունները:

Հայտնի է, որ իրագործման առումով ամենածանրն են համարվում սոցիալական ուղղվածության ծրագրերը: Այստեղ բացի բուն համակարգման և աշխատանքների իրականացման խնդիրներից ի հայտ են գալիս ֆինանսական միջոցների հայթայթման հարցերը: Հաշվի առնելով սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծման համար անհրաժեշտ պետական միջոցների սղության գործոնը` կարևորվում է սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործընթացում ներդրողների ներգրավմանն ու պետական-մասնավոր գործակցության (ՊՄԳ) խթանմանն աջակցությունը:

 

6.42. Այս բնագավառների մարտահրավերները և հարցերը, որոնք կարող են ուղղվել նոր քաղաքային օրակարգի համար

 

Շարունակվելու են խմելու ջրի բնագավառում իրականացվող կառավարման բարեփոխումները` բարձրացնելով մասնավոր հատվածի մասնակցության աստիճանը: Կառավարությունը կխրախուսի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման թույլտվություն ունեցող մասնագիտացված կառույցների սպասարկման տարածքների ընդլայնումը, ինչպես նաև գործող մասնագիտացված կառույցների սպասարկման տարածքներից դուրս մնացած գյուղական համայնքներում ջրամատակարարման ծառայություններ մատուցող նոր մասնագիտացված կառույցների ձևավորումը: Այդ նպատակով կիրականացվի երկրի ջրամատակարարման համակարգի, այդ թվում` չսպասարկվող գյուղական բնակավայրերի ամբողջական գնահատում:

Հանրապետությունում նորակառույց բնակարանների շուկայական բարձր գների պարագայում բնակարանային շինարարության ֆինանսավորման ծավալների ավելացման համար նպաստավոր պայմաններ ապահովելու նպատակով կառավարության գերակայություններից է սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված, սեփական միջոցների հաշվին բնակարանային պայմանները բարելավելու հնարավորություն չունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման սահմանադրական իրավունքի իրագործմանն ուղղված ծրագրերի իրականացումը` պետական-մասնավոր գործընկերության շրջանակներում սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծման միջոցով:

Ստեղծվող սոցիալական բնակարանային ֆոնդում կարևորվում է սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված անձանց խառը բնակեցումը, ինչը հնարավորություն կընձեռի ապահովել նրանց հասարակության մեջ ինտեգրումը` մեղմելով սոցիալական մեկուսացման դրսևորումները և կբարձրացնի սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծման հարցում մասնավոր ներդրողների հետաքրքրությունը` նպաստելով թե՛ այդ ուղղությամբ պետության բեռի թեթևացմանը, թե՛ հանրապետությունում շինարարության բնագավառի զարգացմանը:

Տնտեսության զարգացման համար կարևոր նախապայման է տրանսպորտային համակարգի զարգացումը և տրանսպորտային ծառայությունների ծախսերի կրճատումը: Տրանսպորտի բնագավառի արդիականացման, տրանսպորտային պարկի թարմացման և տեխնիկական վերազինման, ինչպես նաև ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտի կատարելագործման գործընթացը կրում է շարունակական բնույթ:

Տրանսպորտային միջոցների ապահովման և հասանելիության մակարդակի բարձրացման նպատակով իրականացվող օրենսդրական բարեփոխումների արդյունքում ակնկալվում է ոլորտների կարգավորման և բիզնես գործունեություն սկսելու պայմանների բարելավում և առկա խնդիրների վերացում, միաժամանակ փոփոխելով համապատասխան կարգավորումներն այնպես, որ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք հնարավորություն ստանան տվյալ գործունեությամբ զբաղվել առանց ավելորդ վարչարարության և ծախսերի: Կհստակեցվեն իրավախախտումները և կխստացվեն դրանց համար սահմանված պատասխանատվության միջոցները, բացի այդ, կբարձրացվի դրանց կիրառման արդյունավետությունը: Միևնույն ժամանակ, կներդրվի լիցենզավորման գործընթացում փաստաթղթերի ստացման և հանձնման մեկ պատուհանի սկզբունքը:

 

VII. Ցուցանիշներ

 

* Հյուղակներում ապրող բնակիչների տոկոսը

 

Ըստ փորձագիտական գնահատականների ներկայումս հանրապետությունում կան մոտ 30 հազար անօթևան ընտանիքներ, որոնցից 2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն 16 հազար տնային տնտեսություններ (կամ հանրապետության տնտեսությունների ընդհանուր թվի 2%-ը) բնակվում են տնակներում և բնակության համար հարմարեցված շինություններում: Ընդ որում, տնակներում և բնակության համար հարմարեցված շինություններում բնակվող տնային տնտեսությունների ընդհանուր թվից մոտ 8.5 հազար տնտեսություններ բնակվում են քաղաքային բնակավայրերում:

 

* Քաղաքային բնակչության այն տոկոսը որին հասանելի է համարժեք բնակարանները

 

Հանրապետությունում քաղաքային բնակչությանը համարժեք բնակարանների հասանելիությունը կազմում է 97,77%:

 

* Քաղաքային բնակչության այն տոկոսը որին հասանելի է անվտանգ խմելու ջուրը

 

Մայրաքաղաքում ջուրը սպառողին բաշխվում է 1964 կմ երկարությամբ բաշխիչ ցանցի և 223,5 հազ. խմ տարողությամբ 23 Օրվա կարգավորիչ ջրավազանների (ՕԿՋ) միջոցով: Երևան քաղաքի ջրամատակարարման համակարգն ունի 9 ջրաղբյուր, 103 կապտաժային կառույց, 81 արտեզյան հորատանցք, 5 խոշոր պոմպակայան, 29 խորքային հորատանցք և 700 կմ մայրուղային ջրատար:

Երևան քաղաքի բնակիչների ջրամատակարարման միջին տևողությունը 2014թ. օրվա ընթացքում կազմել է 94.8% կամ 22.76 ժամ:

Ջրամատակարարման նվազագույն տևողությունը կազմում է 12 ժամ, ընդ որում բաժանորդների զգալի մասը` 67.0%-ը ստանում է շուրջօրյա ջրամատակարարում, 29.0%-ը 17.0-23.5 ժամ, 4.0%-ը` 12.0-17.0 ժամ:

Քաղաքներում բնակվող մարդկանց հատվածը որին հասանելի է խմելու ջուրը կազմում է 99,5%, իսկ գյուղական համայնքներում` 93,7%:

Անհատական ջրաչափեր տեղադրած բաժանորդների թիվը 89.7%-ի փոխարեն ներկայում կազմում է 97.75%:

2006-2013թթ. (Պայմանագրային 7 տարիների ընթացքում) կառուցվել և վերակառուցվել են 50-800 մմ տրամագծով 83 կմ ընդհանուր երկարության ջրագծեր և 200-1200 մմ տրամագծով 11.7 կմ ընդհանուր երկարությամբ կոյուղագծեր: Վերակառուցվել են առկա 566 բակային պոմպակայաններից 315-ը, տեղադրվել են նոր տիպի 276 ինքնակարգավորող և 39 վարիատորային բակային պոմպեր: Դրանք հնարավորություն են տալիս տվյալ ջրամատակարարման տարածքում կարգավորել ցանցային ճնշումը և միաժամանակ ապահովել բարձրահարկ շենքերում շուրջօրյա ջրամատակարարում:

 

Աղյուսակ 8

 

.______________________________________________________________________

|Անվտանգ խմելու ջրին մշտապես  |1996|2000|2001|2002|2003|2004|2005|2006|

|հասանելիություն ունեցող      |    |    |    |    |    |    |    |    |

|բնակչության մասնաբաժինը, %   |    |    |    |    |    |    |    |    |

|կենտրոնացված ջրամատակարարում |    |    |    |    |    |    |    |    |

|ունեցող տնային               |    |    |    |    |    |    |    |    |

|տնտեսություններ, % տնային    |    |    |    |    |    |    |    |    |

|տնտեսությունների ընդհանուր   |    |    |    |    |    |    |    |    |

|թվաքանակի նկատմամբ           |    |    |    |    |    |    |    |    |

|_____________________________|____|____|____|____|____|____|____|____|

|- ընդամենը                   |88.1|87.6|84.7|84.1|87.3|88.9|89.4|91.3|

|_____________________________|____|____|____|____|____|____|____|____|

|- քաղաքային բնակավայրերում   |96.1|95.4|94.2|96.7|97.7|96.5|97.9|98.1|

|_____________________________|____|____|____|____|____|____|____|____|

|- գյուղական բնակավայրերում   |64.6|64.4|64.7|64.7|71.3|74.0|72.8|78.0|

.______________________________________________________________________

.______________________________ ______________________________.

|Անվտանգ խմելու ջրին մշտապես  | |2007|2008|2009|2010|2011|2012|

|հասանելիություն ունեցող      | |    |    |    |    |    |    |

|բնակչության մասնաբաժինը, %   | |    |    |    |    |    |    |

|կենտրոնացված ջրամատակարարում | |    |    |    |    |    |    |

|ունեցող տնային               | |    |    |    |    |    |    |

|տնտեսություններ, % տնային    | |    |    |    |    |    |    |

|տնտեսությունների ընդհանուր   | |    |    |    |    |    |    |

|թվաքանակի նկատմամբ           | |    |    |    |    |    |    |

|_____________________________| |____|____|____|____|____|____|

|- ընդամենը                   | |94.1|97.0|97.6|97.0|97.5|96.6|

|_____________________________| |____|____|____|____|____|____|

|- քաղաքային բնակավայրերում   | |98.8|99.4|99.6|99.5|99.5|99.6|

|_____________________________| |____|____|____|____|____|____|

|- գյուղական բնակավայրերում   | |84.8|92.4|93.6|93.5|93.7|90.8|

.______________________________ ______________________________.

 

* Քաղաքային բնակչության այն տոկոսը, որին հասանելի է մշտական աղբահեռացումը/աղբահանությունը

 

Քաղաքներում բնակվող մարդկանց հատվածը, որին հասանելի է պատշաճ սանիտարական պայմանները կազմում է 95,5%, իսկ գյուղական պայմաններում` 13%: Քաղաքներում մշտական աղբահանությունը հասանելի է բնակվող մարդկանց 100%-ին:

Մայրաքաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները մինչև 2014թ. իրականացվել են մասնագիտացված ընկերությունների միջոցով` հատուկ նշանակության մեքենա-մեխանիզմների կիրառմամբ: մասնավոր տնատիրություններից, որտեղ բնակվում են մոտ 1.2 մլն բնակիչ և թվով 17648 տնտեսվարող օբյեկտներից: Նշված աշխատանքներն իրականացվում են ամեն օր` համաձայն «Սանիտարական մաքրման և աղբահանության մասին» ՀՀ օրենքի:

2014թ. հունվարի դրությամբ Երևան քաղաքի սանիտարական մաքրման ենթակա փողոցների, հրապարակների, կամուրջների, մայթերի, բակային տարածքների և այլ կառույցների ընդհանուր մակերեսը կազմում է 24.348.634 քմ:

2014 թվականին մայրաքաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտում աշխատանքները իրականացնելու են «Էկոգրուպ» ՍՊԸ և «ԼԼ Միլյոքոնսուլտ ԱԲ» ընկերության կոնսորցիումը և «Սանիտեկ» ընկերությունը (Լիբանան):

Գնահատելով ռիսկերը, ինչպես նաև հաշվի առնելով ոլորտում ունեցած փորձը և առկա խնդիրները` նպատակահարմար է գտնվել Երևան քաղաքային համայնքի սանմաքրման և աղբահանության դաշտը բաժանել արևելյան և արևմտյան հատվածների`

1) Աղբահանության և սանիտարական մաքրում, ներառյալ ձմռան ամիսներին Երևան քաղաքի արևելյան հատվածում (Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջաններ).

2) Աղբահանության և սանիտարական մաքրում, ներառյալ ձմռան ամիսներին Երևան քաղաքի արևմտյան հատվածում (Աջափնյակ, Դավթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններ):

Երևանի քաղաքապետարանը վերոնշյալ ընկերությունների հետ կնքել է 10 (տասը) տարի ժամկետով պայմանագրեր:

Երևան քաղաքի սանիտարական մաքրման և աղբահանության աշխատանքներում նոր օպերատորների ներգրավումը նպատակ ունի.

* ներգրավել ոլորտում մասնավոր ներդրումներ

* ներդնել միջազգային ժամանակակից փորձը

* արդիականացնել և հագեցնել նոր մեքենա-մեխանիզմներով

* ներդնել կառավարման և վերահսկման արդի համակարգեր

* ապահովել տեղեկատվության մատչելիություն` կիրառելով նորագույն սարքավորումներ

Նախագծի իրագործման արդյունքում կապահովվի ծառայությունների որակյալ և օպերատիվ մատուցում:

Երևանի վարչական տարածքում 2014թ. ապրիլի 1-ից կմեկնարկեն նոր օպերատորների կողմից սանիտարական մաքրման և աղբահանության (ներառյալ ձմռան ամիսների) ծառայությունների մատուցման աշխատանքները, որի արդյունքում մայրաքաղաքում կապահովվի միջազգային չափանիշներին համապատասխան սանիտարական մաքրում և աղբահանություն` համապատասխան տեխնիկայով, հանրային և բակային տարածքներում կտեղադրվեն միջազգային չափանիշներին համապատասխան նոր աղբարկղեր:

 

* Քաղաքային բնակչության այն տոկոսը, որին հասանելի է մաքուր ներքին էներգիան

 

Ներկայումս էներգահամակարգը ամբողջովին բավարարում է էլեկտրաէներգետիկայի ներքին շուկայի պահանջարկը և պահպանում է էլեկտրաէներգիայի արտահանման որոշակի ներուժ:

Էլեկտրաէներգիայի բաշխումը և վաճառքն իրականացվում է մասնավոր ընկերության կողմից, իսկ արտադրությունը 6 ինքնուրույն խոշոր արտադրողների, մեկ հողմաէլեկտրակայանի, երկու կոգեներացիոն կայանների և բազմաթիվ մասնավոր փոքր ՀԷԿ-երի ու միկրոկայանների կողմից:

2008 թվականից հետո շահագործման են հանձնվել 86 ՓՀԷԿ-եր, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմում է 169.2 ՄՎտ, իսկ էլեկտրական էներգիայի տարեկան արտադրությունը` 524.11 մլն կՎտժ: 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ էլեկտրաէներգիա են արտադրել 154 փոքր ՀԷԿ-եր, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմել է մոտ 260 ՄՎտ, իսկ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը փոքր ՀԷԿ-րի կողմից կազմել է շուրջ 720 մլն.կՎտժ:

Քաղաքներում և գյուղական համայնքներում բնակվող մարդկանց հատվածը որին հասանելի է ներքին մաքուր էներգիան կազմում է 100%:

 

* Քաղաքային բնակչության այն տոկոսը, որին հասանելի է հասարակական տրանսպորտը

 

Քաղաքներում և գյուղական համայնքներում բնակվող մարդկանց հատվածը, որին հասանելի է հասարակական տրանսպորտը կազմում է 100%:

Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի արդյունքում վերանայվել է Երևանի կենտրոնում ուղևորափոխադրումների կազմակերպման ողջ գործընթացը` որոշակիորեն նվազեցնելով միկրոավտոբուսների քանակը, մեծացնելով մետրոպոլիտենի և տրոլեյբուսների դերը ներքաղաքային ուղևորափոխադրումներում: Նոր երթուղային ցանցով նախատեսված է 76 միկրոավտոբուսային, 68 ավտոբուսային և 10 տրոլեյբուսային երթուղիներ:

Չնայած այն, որ միայն 2012-2014թթ. մայրաքաղաք է ներկրվել տարբեր մակնիշների թվով 422 նոր քաղաքային ավտոբուսներ, որոնց շահագործման արդյունքում զգալիորեն ավելացել է ավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների տեսակարար կշիռը ընդհանուր ծավալում դեռևս մնում է ցածր` կազմելով մոտ 32.5%:

Երևան քաղաքում փաստացի գործում է 82 միկրոավտոբուսային երթուղի, որոնցից 5-ը նոր երթուղային ցանցով նախատեսված է փոխարինել ավտոբուսային երթուղիներով: Միկրոավտոբուսային երթուղիները համալրված են տարբեր մակնիշների մոտ 1700 միկրոավտոբուսներով:

«Երևանի վերգետնյա էլեկտրատրանսպորտի գործունեության վերջին մի քանի տարիների վերլուծությունը ցույց է տվել, որ որոշակիորեն ավելացել է տրոլեյբուսներով տեղափոխվող ուղևորների քանակը: Չնայած այդ հանգամանքին, դեռևս ցածր է տրոլեյբուսներով տեղափոխվող ուղևորների տեսակարար կշիռը ներքաղաքային ընդհանուր ուղևորափոխադրումներում` կազմելով մոտ 2.5%:

 

-----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - Քաղվածքում կետերի համարակալումը սխալ է: 4.26 կետին

հաջորդում է 4.26, որը պետք է լիներ 4.27

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.09.2014
N 38
Արձանագրային որոշում