Սեղմել Esc փակելու համար:
ՌԵԳԻՈՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՍՐՄԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԵԳԻՈՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՍՐՄԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԼՂԻՄ-Ի ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ...

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՌԵԳԻՈՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՍՐՄԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԼՂԻՄ-Ի
ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը նշում է, որ արդեն երկրորդ ամիսն է, ինչ Հայկական ԽՍՀ-ն և երկրորդ տարին է, ինչ Լեռնային Ղարաբաղը կանխամտածված շրջափակված են Ադրբեջանական ԽՍՀ-ի կողմից:

Այդ կազմակերպված գործողությունը հետապնդում է քաղաքական նպատակներ` ուժի ներգործությամբ թույլ չտալ դեմոկրատական և իրավական ճանապարհով լուծելու ԼՂԻՄ-ի պրոբլեմը, ճնշման ուղիով իրագործել հեռուն գնացող պլաններ:

Հայկական ԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի շրջափակումը անհամատեղելի է ԽՍՀՄ կազմավորման պայմանագրի, նրա գործող սահմանադրության, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի և այլ միջազգային պայմանագրերի հետ, որոնց տակ կա նաև Խորհրդային Միության ստորագրությունը:

Իր մասշտաբներով և դաժանությամբ աննախադեպ այդ շրջափակումը փաստորեն արգելակում է երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված` երկրի բոլոր հանրապետությունների, երկրամասերի ու մարզերի, արտասահմանյան պետությունների, միջազգային Կարմիր խաչի և մյուս կազմակերպությունների կողմից միջոցառումների իրականացումը, խարխլում է խորհրդային ֆեդերացիայի հիմքերը, անուղղելի վնաս հասցնում մեր երկրի միջազգային հեղինակությանը:

Շրջափակումը զգալի հարված է հասցրել նախ և առաջ երկրաշարժից տուժած շրջանների բնակչությանը, երեխաներին, հիվանդներին, ծերերին, կարիքավոր քաղաքացիներին և փախստականներին: Հայաստանում կա ավելի քան 700 հազար անօթևան մարդ տասնյակ հազարները զոհվեցին երկրաշարժի ժամանակ, ավելի քան 3 հազար մարդ հաշմանդամ դարձավ, 957 երեխա լրիվ որբացավ, իսկ 5271-ը զրկվեց ծնողներից որևէ մեկից:

Նստաշրջանը նշում է, որ ռեգիոնում իրադրությունը նորմալացնելու, հատկապես տրանսպորտի անխափան աշխատանքը ապահովելու մասին ԽՄԿԿ Կենտկոմում երկու հանրապետությունների կոմկուսների Կենտկոմների բյուրոների համատեղ նիստում պայմանավորվածությունից հետո էլ Ադրբեջանական ԽՍՀ-ն ոչ միայն չի կատարել իր պարտավորությունները, այլև մինչև վերջ և ամբողջովին փակել է դեպի Հայաստան և ԼՂԻՄ տանող երկաթուղային և ավտոմոբիլային բոլոր մայրուղիները:

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանը նշում է, որ արդի միջազգային հարաբերություններում շրջափակման կենսագործումը դիտվում է որպես պատերազմի ակտ:

Արտահայտելով ժողովրդի կամքը, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Վճռականորեն դատապարտել Ադրբեջանական ԽՍՀ-ի կողմից Հայկական ԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի շրջափակման կազմակերպումը: Նշել, որ այն ոչ թե տնտեսական, այլ քաղաքական նպատակամետ ակտ է դեմոկրատական ճանապարհով ԼՂԻՄ-ի պրոբլեմի արդարացի լուծմանը ուժի օգնությամբ խանգարելու համար:

2. Հաշվի առնելով, որ Ադրբեջանական երկաթուղագիծը, ինչպես և մյուս ճանապարհները, օգտվում են անձեռնմխելիությունից, պահանջել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունից և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդից` դրանք հայտարարել ռազմական դրության մեջ, ապահովելով Հայկական ԽՍՀ և ԼՂԻՄ տանող տրանսպորտի բոլոր տեսակների ազատ և անվտանգ երթևեկությունը:

3. Պահանջել ԽՍՀՄ սահմանադրությանը համապատասխան հրավիրել ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների արտահերթ համագումար` շրջափակումը վերացնելու նպատակով արտակարգ միջոցառումներ ընդունելու համար:

4. Հաշվի առնելով շրջափակման հետևանքով ժողովրդատնտեսական բեռների առաքման ասպարեզում թույլ տրված ճեղքվածքը և գյուղատնտեսության ու արդյունաբերության ասպարեզում առաջացած կորուստները, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի առջև հարց բարձրացնել խոշոր մասշտաբներով ժողովրդատնտեսական բեռներ Հայաստան փոխադրելու նպատակով քաղաքացիական և ռազմատրանսպորտային ավիացիան ներգրավելու մասին` շրջափակման հետևանքով առաջացած պարենային և նյութական մյուս ռեսուրսների ֆոնդերն ու կորուստները համալրելու համար:

5. Արտակարգ միջոցներ ձեռնարկել ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի կողմից տուժածներին հատկացված 31 հազար վագոն-տնակները և մյուս ապրանքներն ու նյութերը աղետի գոտի հասցնելու համար:

6. Հարց բարձրացնել ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի առջև` որոշում ընդունել տրանսպորտի միջոցներին և հանրապետություն ուղարկվող բեռներին ու ապրանքներին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքում հասցված վնասը Ադրբեջանական հանրապետության բյուջեից փոխհատուցելու մասին:

7. Դիմել ԽՍՀՄ գլխավոր դատախազին` պահանջելով խիստ պատասխանատվության ենթարկել Հայկական ԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի շրջափակման կազմակերպիչներին և իրականացնողներին, ճանապարհներին սանձարձակ արարքներ կատարողներին:

8. ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ուշադրությունը հրավիրել այն բանին, որ կենտրոնական մամուլի հրապարակումները, ռադիոհեռուստատեսային հաղորդումները իրենց հաճախ կողմնակալ, անիրազեկ և միտումնավոր հրապարակումներով ապակողմնորոշում են երկրի բնակչությանը, ավելի են սրում և բարդացնում առանց այն էլ պայթյունավտանգ իրադրությունը ռեգիոնում:

9. Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ խորհրդային, կուսակցական և հասարակական կազմակերպությունների մակարդակով երկխոսություն վարել ռեգիոնում իրադրությունը կայունացնելու, երկու հարևան ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունները վերականգնելու նպատակով:

 

17 սեպտեմբերի 1989 թվականի,

թիվ 1595-XI.

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
17.09.1989
N 1595-XI
Որոշում