Սեղմել Esc փակելու համար:
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏԿՈՄԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱ ...

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԿԵՆՏԿՈՄԻ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ԱՅԴ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը նշում են, որ հանրապետության կառավարությունը, ժողովրդական դեպուտատների շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմները, մինիստրություններն ու գերատեսչությունները որոշակի աշխատանք են կատարել փոխստականների տեղավորման հարցի վերաբերյալ Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի ընդունած որոշումների կատարման ապահովման ուղղությամբ:

Ձեռնարկված միջոցների շնորհիվ հանրապետություն եկած 218 հազար փախստականներից արդեն տեղավորվել են 109 հազարը: 89 հազար աշխատունակ փախստականներից 40 հազարը աշխատանքի է ընդունվել: Աստիճանաբար լուծվում են նրանց բնակարանների փոխանակման, անձնական ունեցվածքին պատճառված վնասի փոխհատուցման, անհատական շինարարության համար հողամասերի և վարկերի տրամադրման, միանվագ նպաստների վճարման և օգնություն տալու, աշխատանքային ստաժի պահպանման և գրանցման հարցերը:

Ներկայումս լուծված է ավելի քան 20000 փախստականների թոշակավորման հարցը: Կազմակերպված է բոլոր սովորողների և ուսանողների ուսումը շարունակելու գործը:

Սկսված է նրանց մինչև երեք ամսվա աշխատավարձի չափով միանվագ օգնություն տալու աշխատանքը:

Հանրապետության կառավարությունն իրական ելքեր է որոշում փախստականների բնակարանային պրոբլեմի լուծման համար: Նախատեսված է Բաղրամյանի և Աշտարակի շրջաններում, ինչպես նաև Աբովյանում, Հրազդանում ու Չարենցավանում 8000 ընտանիքների համար նախագծել ու կառուցել բնակելի կոոպերատիվ տներ: Անհատական տներ կառուցողներին հատկացվել է շուրջ 800 հեկտար հողատարածություն և շուրջ 10 մլն ռուբլի արտոնյալ վարկ: Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Միջոցներ են ձեռնարկվում գյուղական վայրերում արդյունաբերական ձեռնարկությունների մասնաճյուղերի ստեղծման և կոոպերատիվների ցանցի կազմակերպման, գյուղերի գազիֆիկացման, ջրամատակարարման և ճանապարհների շինարարության ուղղությամբ:

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը միաժամանակ նշում են, որ փախստականների տեղավորման հարցի վերաբերյալ Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի ընդունած որոշումների կենսագործման ապահովման գործում դեռևս կան ոչ քիչ թվով չլուծված պրոբլեմներ ու թերություններ:

Ժողովրդական դեպուտատների մի շարք շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմներ անհոգի ու անպատասխանատու վերաբերմունք են ցուցաբերում փախստականների ընդունման, տեղավորման և սոցիալ-կենցաղային հարցերի լուծման նկատմամբ:

Լուրջ դժվարություններ կան հատկապես փախստականների բնակարանային պրոբլեմի լուծման գործում: Շատ դանդաղ են լուծվում բնակարանների փոխանակման և հողահատկացման հարցերը: Առանձին շրջաններում (Արտաշատի, Էջմիածնի, Կալինինոյի) անհատական բնակարանային շինարարության համար միանգամայն անբավարար է կազմակերպված շինանյութերով ապահովելու գործը:

Փախստականների համար բնակարանային-շինարարական կոոպերատիվների կազմակերպման գործում քիչ չեն քաշքշուկի, անհոգի վերաբերմունքի դրսևորումները, բյուրոկրատական մոտեցման փաստերը: Հանրապետության պետպլանը, պետշինը, պետագրոարդը պատշաճ օպերատիվություն չեն ցուցաբերում նախատեսված քաղաքներում ու շրջաններում կոոպերատիվ շինարարության համար տեղի ընտրության, գլխավոր սխեմաների և հատակագծերի կազմման, նախագծային-նախահաշվային փաստաթղթերի մշակման հարցերի շուտափույթ լուծման գործում:

Հայկական ԽՍՀ աշխատանքի և սոցիալական հարցերի պետական կոմիտեն և ժողովրդական դեպուտատների շրջանային ու քաղաքային խորհուրդների գործկոմները դանդաղկոտություն են հանդես բերում փախստականների գրանցման ու աշխատանքի տեղավորման հարցերում: Այսօր շուրջ 50 հազար աշխատունակ փախստականներ ներգրավված չեն հանրօգուտ աշխատանքում, 35 հազարից ավելի մարդ ընդհանրապես գրանցված չէ:

Առկա են փախստականների բնակության վայրերում առևտրական, կենցաղային և այլ ծառայությունների կազմակերպման գործում անտարբերության փաստեր: Հայկոոպի վարչության, առևտրի մինիստրության, ժողովրդական դեպուտատների Վարդենիսի, Կալինինոյի, Կրասնոսելսկի, Եղեգնաձորի, Ազիզբեկովի շրջխորհուրդների գործկոմների անբավարար աշխատանքի հետևանքով մի շարք քաղաքների ու գյուղերի առևտրի օբյեկտներում բացակայում են առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ, պարենամթերք և այլն, որը առաջացնում է փախստականների իրավացի դժգոհությունը:

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը որոշում են.

1. Հանձնարարել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին` ապահովել փախստականների տեղավորման հարցի վերաբերյալ Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի ընդունած որոշումների իրականացման ուղղությամբ մշակված միջոցառումների անվերապահ կատարումը:

2. Ժողովրդական դեպուտատների շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմներին` կոնկրետ օգնություն ու աջակցություն ցույց տալ փախստականներին բնակարանների փոխանակման, գրանցման, աշխատանքի տեղավորման և սոցիալական մյուս հարցերի լուծման գործում:

3. Ժողովրդական դեպուտատների շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմներին, հանրապետության համապատասխան մինիստրությունների ու գերատեսչությունների, հիմնարկների և ձեռնարկությունների ղեկավարներին, հասարակական կազմակերպություններին` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ փախստականների կարիքների հրատապ լուծման համար, նրանց շրջապատել ամենօրյա հոգատարությամբ: Առանձնակի ուշադրություն նվիրել հաշմանդամներին, զառամյալներին, միայնակ անձանց և բազմազավակ ընտանիքներին:

Ամենուրեք ստեղծել մարդկանց նորմալ հոգեվիճակ ապահովող բարոյահոգեբանական մթնոլորտ, որը հնարավորություն կընձեռի նրանց ակտիվորեն ներգրավելու հանրօգուտ աշխատանքում:

4. Հանձնարարել հանրապետության պետագրոարդին, պետշինին, ժողովրդական դեպուտատների շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմներին` մեկամսյա ժամկետում լուծել անհատական և կոոպերատիվ տների կառուցման ցանկություն ունեցող բոլոր փախստականներին անհրաժեշտ հողատարածություններ հատկացնելու հարցը:

5. Հանրապետության պետպլանին, պետմատին, ֆինանսների մինիստրությանը, առևտրի մինիստրությանը, Հայկոոպի վարչությանը, ԽՍՀՄ խնայբանկի հայկական հանրապետական բանկին` ապահովել փախստականների անհատական տների շինարարության համար անհրաժեշտ շինանյութերի, նյութատեխնիկական ռեսուրսների, վարկերի և այլ միջոցների ու նյութերի առանձնացումն ըստ շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմների հայտերի:

6. Պետպլանին, պետշինին, պետագրոարդին` սեղմ ժամկետում վերջնականապես լուծել նախատեսված քաղաքներում ու շրջաններում փախստականների համար կոոպերատիվ շինարարության գլխավոր սխեմաների և հատակագծերի կազմման, նախագծային-նախահաշվային փաստաթղթերի մշակման, կապալառու կազմակերպությունների որոշման հարցերը:

7. Ժողովրդական դեպուտատների շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմներին` ամենասեղմ ժամկետում նորոգել և կարգի բերել դատարկ տները, անհրաժեշտ պայմաններ ստեղծել փախստականների բնակեցման համար:

Հանրապետության ֆինանսների մինիստրությանը, պետշինին, պետմատին ու պետագրոարդին` համապատասխան միջոցներ և նյութեր առանձնացնել այդ աշխատանքների իրականացման համար:

8. Ժողովրդական դեպուտատների շրջանային ու քաղաքային խորհուրդների գործկոմներին, նրանց ներքին գործերի բաժիններին, ավանային ու գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` մեկ ամսվա ընթացքում ավարտել բոլոր փախստականների գրանցման ձևակերպումը:

9. Հանրապետության սոցիալական ապահովության մինիստրությանը` կոնկրետ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների թոշակավորման գործերը ստանալու, ընթացքի մեջ եղած գործերի ձևակերպումը արագացնելու համար:

10. Հանձնարարել ժողովրդական դեպուտատների շրջանային և քաղաքային խորհուրդների գործկոմներին, Հայկական ԽՍՀ սոցիալական ապահովության մինիստրությանը, աշխատանքի և սոցիալական հարցերի պետական կոմիտեին` ձեռնարկել գործնական միջոցներ փախստականների թոշակավորման, նպաստների հատկացման, աշխատանքային ստաժի պահպանման և սոցիալական ապահովվածության մյուս հարցերի պատշաճ լուծման համար:

Պատերազմի և աշխատանքի վետերանների հանրապետական խորհրդի հետ համատեղ հատուկ ուշադրություն դարձնել Հայրենական մեծ պատերազմի և աշխատանքի հաշմանդամների սոցիալ-կենցաղային հարցերի ժամանակին լուծմանը:

11. Հանձնարարել պետպլանին, պետագրոարդին` մինիստրությունների, գերատեսչությունների հետ համատեղ մեկամսյա ժամկետում մշակել փախստականներով բնակեցված գյուղերի առաջնահերթ գազիֆիկացման, ջրամատակարարման, կոյուղու անցկացման, ինչպես նաև առողջապահության, ժողովրդական կրթության, կոմունալ-կենցաղային սպասարկման օբյեկտների նախագծման և կառուցման կոմպլեքսային ծրագիր:

12. Հայկոոպի վարչությանը, առևտրի մինիստրությանը, ժողովրդական դեպուտատների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` արմատապես բարելավել փախստականների բնակության վայրերում առևտրական սպասարկման, արդյունաբերական և պարենային ապրանքների մատակարարման ու տեսականու ընդլայնման գործը: Պետպլանին` այդ նպատակով հատկացնել լրացուցիչ ռեսուրսներ:

13. Հանձնարարել ժողովրդական դեպուտատների քաղաքային և շրջանային խորհուրդների գործկոմներին` գույքագրել բնակարանային ֆոնդը և երկու ամսվա ընթացքում առաջարկություններ ներկայացնել Մինիստրների խորհուրդ` դատարկ և լքված տների բնակեցման մասին:

14. Հանձնարարել պետշինին և պետագրոարդին` մեկ ամսվա ընթացքում կոնկրետ միջոցներ ձեռնարկել Բաղրամյանի շրջանի շինարարական կազմակերպությունների բազայի ամրապնդման ու ընդարձակման ուղղությամբ, ավելացնել բնակարանային շինարարության հզորությունները:

15. Հանրապետության պետպլանին` մեկ ամսվա ընթացքում համապատասխան մինիստրությունների, ձեռնարկությունների և ժողովրդական դեպուտատների տեղական խորհուրդների գործկոմների հետ համատեղ քննության առնել և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդ առաջարկություններ ներկայացնել փախստականների զանգվածային բնակչության վայրերում արդյունաբերական ձեռնարկությունների, կոոպերատիվների մասնաճյուղերի, գյուղացիական տնտեսությունների և ընտանեկան ֆերմաների ստեղծման վերաբերյալ:

16. Հանրապետության ժողովրդական կրթության մինիստրությանը` կազմակերպել փախստականների համար մայրենի լեզվի ուսուցման դասընթացներ, նրանց հաղորդակից դարձնել հայ ժողովրդի մշակույթին:

17. Հանձնարարել հանրապետության Մինիստրների խորհրդին` փախստականների բնակարանային, սոցիալ-կենցաղային հարցերի լուծման գործում աշխատավորական կոլեկտիվների ֆինանսական և նյութատեխնիկական հնարավորությունները ներգրավելու նպատակով շրջանների կոնկրետ տնտեսություններ ամրակցել մինիստրությունների, գերատեսչությունների, հիմնարկների և ձեռնարկությունների:

18. Հանձնարարել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին` միութենական մինիստրությունների հետ համատեղ քննության առնել և լուծել փախստականների պետական, կոոպերատիվ և սեփականատների ու բնակարանների, վնասված անձնական գույքի արժեքի հատուցման, արտոնյալ թոշակավորման, միանվագ օգնության և այլ չլուծված պրոբլեմներ:

19. Հանձնարարել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին` քննարկել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր արտասահմանից վերադարձող հայերի ընդունման և տեղավորման կոմիտեի և Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր մշտական բնակության վայրերը թողած քաղաքացիների հետ տարվող աշխատանքի վարչության բազայի վրա վերադարձող հայերի ընդունման և տեղավորման Հայկական ԽՍՀ պետական կոմիտե ստեղծելու հարցը և առաջարկություն ներկայացնել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին:

 

1 դեկտեմբերի 1989 թվականի,

թիվ 1653-XI.

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
01.12.1989
N 1653-XI
Որոշում