Սեղմել Esc փակելու համար:
ԽՐՈՆԻԿԱԿԱՆ ԱԼԿՈՀՈԼԻԿՆԵՐԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԽՐՈՆԻԿԱԿԱՆ ԱԼԿՈՀՈԼԻԿՆԵՐԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՐԱԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ...

 

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԽՐՈՆԻԿԱԿԱՆ ԱԼԿՈՀՈԼԻԿՆԵՐԻ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՐԱԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահությունը որոշում է.

1. Սահմանել, որ խրոնիկական ալկոհոլիկները պարտավոր են հատուկ բուժման լրիվ կուրս անցնել առողջապահության մարմինների բուժպրոֆիլակտիկ հիմնարկներում:

Խրոնիկական ալկոհոլիկները, որոնք խուսափում են կամավոր բուժումից կամ բուժումից հետո շարունակում են զբաղվել հարբեցողությամբ, ենթակա են ուղարկման բուժաշխատանքային պրոֆիլակտորիումներ հարկադրական բուժման և աշխատանքային վերադաստիարակության` մեկից մինչև երկու տարի ժամանակով:

2. Խրոնիկական ալկոհոլիկներին բուժաշխատանքային պրոֆիլակտորիումներ ուղարկելու հարցը հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների, պետական մարմինների, ինչպես նաև ընտանիքի անդամների կամ մերձավոր ազգականների միջնորդությամբ, հարկադրական բուժման անհրաժեշտության և կիրառման հնարավորության մասին բժշկական եզրակացության առկայության դեպքում, քննվում է նշված անձանց բնակության վայրի (մշտական բնակության վայր չունեցող անձանց վերաբերյալ` միջնորդության հարուցման պահին գտնվելու վայրի) շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանի կողմից դռնբաց դատական նիստում ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում, դատական նիստին կանչելով այն անձին, որի նկատմամբ հարուցված է միջնորդությունը, իսկ անհրաժեշտ դեպքերում` հասարակական կազմակերպությունների, աշխատավորական կոլեկտիվների, պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև ընտանիքի անդամների կամ մերձավոր ազգականների մասնակցությամբ:

Դատարանի որոշումը ներքին գործերի մարմինների կողմից ի կատար է ածվում այն կայացնելու օրվանից ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում:

3. Դատարանի քննությանը ենթակա նյութերը նախապատրաստում և ուղարկում են ներքին գործերի մարմինները:

Այն անձինք, որոնց նկատմամբ հարկադրական բուժման և աշխատանքային վերադաստիարակության միջնորդություն է հարուցված, բժշկական զննության կամ դատարան ներկայանալուց խուսափելու դեպքում բերման են ենթարկվում ներքին գործերի մարմինների կողմից:

4. Հարկադրական բուժման և աշխատանքային վերադաստիարակության ուղարկված անձանց բուժաշխատանքային պրոֆիլակտորիումում գտնվելու ժամկետը հաշվվում է պրոֆիլակտորիում նրանց ներկայանալու պահից:

5. Այն դեպքում, երբ բուժաշխատանքային պրոֆիլակտորիումում գտնվող անձինք խուսափում են բուժումից, նրանց մնալու ժամկետը, պրոֆիլակտորիումի ադմինիստրացիայի միջնորդագրով` հիմնված բժշկական եզրակացության վրա, կարող է երկարացվել պրոֆիլակտորիումի գտնվելու վայրի շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանի կողմից, բայց ոչ ավելի, քան մեկ տարով:

6. Առաջին անգամ բուժաշխատանքային պրոֆիլակտորիում ուղարկված անձանց, հաջող բուժաշխատանքային ներգործության դեպքում, պրոֆիլակտորիումի ադմինիստրացիայի միջնորդագրով` հիմնված բժշկական եզրակացության վրա, բուժման հատուկ կուրսն ավարտելու, օրինակելի վարքի և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի դեպքում պրոֆիլակտորիումի գտնվելու վայրի շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանը պրոֆիլակտորիումում նրանց մնալու ժամկետը կարող է կրճատել, բայց ոչ ավելի, քան կիսով չափ: Ժամկետի կրճատում չի կիրառվում կրկին անգամ բուժաշխատանքային պրոֆիլակտորիում ուղարկված անձանց նկատմամբ:

Բուժաշխատանքային պրոֆիլակտորիումում գտնվող անձինք, պրոֆիլակտորիումում նրանց հետագա գտնվելուն արգելք հանդիսացող ծանր հիվանդության դեպքում, պրոֆիլակտորիումի գտնվելու վայրի շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանի կողմից կարող են վաղակետ ազատվել հարկադրական հակաալկոհոլային բուժումից` պրոֆիլակտորիումի բուժող բժիշկների եզրակացության հիման վրա:

7. Սույն հրամանագրի 2, 5 և 6 հոդվածներում թվարկված հարցերի վերաբերյալ դատարանի որոշումները վերջնական են և գանգատարկման ենթակա չեն, բայց կարող են բողոքարկվել հսկողության կարգով:

8. Անձին բուժաշխատանքային պրոֆիլակտորիում ուղարկելու վերաբերյալ դատարանի որոշումը հիմք է հանդիսանում առանց արձակման նպաստի վճարման նրան աշխատանքից ազատելու, բուժման ժամանակամիջոցում ուսումնական հաստատությունից հեռացնելու համար:

Բուժաշխատանքային պրոֆիլակտորիումում գտնվելու ժամանակը չի ընդհատում աշխատանքային ստաժի ընթացքը և հաշվվում է ընդհանուր աշխատանքային ստաժի մեջ: Այդ ժամանակամիջոցի համար արձակուրդ չի տրվում:

Բուժաշխատանքային պրոֆիլակտորիումում պահվող անձի աշխատավարձից կամ կենսաթոշակից սահմանված կարգով պահումներ են կատարվում պրոֆիլակտորիումում նրան պահելու ծախսերը ծածկելու համար, ինչպես նաև կատարվում են այլ պահումներ` օրենսդրությանը համապատասխան:

Բուժաշխատանքային պրոֆիլակտորիումում գտնվող անձանց բնակելի տարածությունը պահպանվում է նրանց նախկին մշտական բնակության վայրում` պրոֆիլակտորիումում նրանց գտնվելու ամբողջ ընթացքում:

Բուժաշխատանքային պրոֆիլակտորիումներից վերադարձած անձինք աշխատանքի են տեղավորվում, որպես կանոն, ըստ իրենց նախկին աշխատանքի վայրի, որի իրականացումը դրվում է ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային սովետների գործադիր կոմիտեների վրա:

Բուժաշխատանքային պրոֆիլակտորիումից ազատված և մշտական բնակության վայր չունեցող անձանց աշխատանքի տեղավորումը և կենցաղի կարգավորումը իրականացնում են բուժաշխատանքային պրոֆիլակտորիումի գտնվելու վայրի կամ անձի ընտրած բնակության վայրի ժողովրդական դեպուտատների շրջանային, քաղաքային, քաղաքների շրջանային սովետների գործադիր կոմիտեները` օրենքով սահմանված կարգով:

9. Բուժաշխատանքային պրոֆիլակտորիումից կամ պրոֆիլակտորիումի ճանապարհից փախուստը պատժվում է Հայկական ՍՍՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածին համապատասխան:

10. Անձը, որը ազատազրկման է դատապարտվել այն հանցագործության համար, որ կատարել է բուժաշխատանքային պրոֆիլակտորիումում կամ նրա նկատմամբ հարկադրական բուժում կիրառելու վերաբերյալ ժողովրդական դատարանի կողմից որոշում կայացվելուց հետո մինչև պրոֆիլակտորիում ընդունվելը, այդպիսի բուժման է ենթարկվում ազատազրկման վայրերում: Եթե դատարանի նշանակած հարկադրական բուժման ժամկետը գերազանցում է ազատազրկման վայրերում պատժի ժամկետին և հարկադրական բուժման հատուկ կուրսն ավարտված չէ, ապա դատապարտյալը պատիժը կրելուց հետո ենթակա է ուղարկվելու պրոֆիլակտորիում` բուժման չկրած ժամկետով` այդպիսի բուժման անհրաժեշտության ու հնարավորության մասին բժշկական եզրակացության առկայության դեպքում:

11. Հարկադրական բուժում անցած անձինք պարտավոր են հաշվառման ենթարկվել ըստ բնակության վայրի կամ աշխատանքի վայրի բուժպրոֆիլակտիկ հիմնարկում և անցնել հակառեցիդիվային բուժում, որի տևողությունը որոշում է բժիշկը: Բուժումից խուսափելու դեպքում այդպիսի անձինք կարող են ներքին գործերի մարմինների կողմից բերման ենթարկվել բուժպրոֆիլակտիկ հիմնարկ:

12. Բուժաշխատանքային պրոֆիլակտորիում ուղարկվելու ենթակա չեն.

ա) խրոնիկական հոգեկան հիվանդություններով տառապող անձինք, առաջին և երկրորդ խմբերի հաշմանդամները, հղի կանայք և կերակրող մայրերը, ինչպես նաև այդ հիմնարկում նրանց գտնվելու համար արգելք հանդիսացող ծանր հիվանդություններով տառապող անձինք` ՍՍՀՄ առողջապահության մինիստրության կողմից հաստատվող հիվանդությունների ցանկի համաձայն.

բ) 60 տարեկանից բարձր տղամարդիկ և 55 տարեկանից բարձր կանայք, ինչպես նաև 18 տարեկան չդարձած անձինք:

13. Այն խրոնիկական ալկոհոլիկները, ովքեր տառապում են ուղեկցող այնպիսի ծանր հիվանդություններով, որոնք արգելք են հանդիսանում բուժաշխատանքային պրոֆիլակտորիումներում նրանց գտնվելուն, առաջին և երկրորդ խմբերի հաշմանդամները, 60 տարեկանից բարձր տղամարդիկ և 55 տարեկանից բարձր կանայք, որոնք խուսափում են կամավոր բուժումից կամ բուժումից հետո շարունակում են հարբեցողությամբ զբաղվել, ենթակա են ուղարկման հատուկ նարկոլոգիական բաժանմունքներ հարկադրական բուժման` երեք ամսից մինչև մեկ տարի ժամանակով:

Նշված անձանց հատուկ նարկոլոգիական բաժանմունքներ ուղարկելը կատարվում է սույն հրամանագրի 2, 3, 4, 7 և 8 հոդվածներով նախատեսված կարգով:

Հատուկ նարկոլոգիական բաժանմունքներում տեղավորված անձանց նկատմամբ բուժման հաջող ներգործության դեպքում դրանցում գտնվելու ժամկետը կարող է կրճատվել բուժման երկամսյա ժամկետն անցնելուց հետո շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանի կողմից` ադմինիստրացիայի միջնորդությամբ` հիմնված բժշկական եզրակացության վրա: Ժամկետի կրճատում չի կիրառվում այն անձանց նկատմամբ, ովքեր կրկին անգամ են ուղարկվել հատուկ նարկոլոգիական բաժանմունքներ` հարկադրական բուժման:

14. Հայկական ՍՍՀ առողջապահության մինիստրության հատուկ բուժհիմնարկներում կարող են տեղավորվել նաև խրոնիկական ալկոհոլիզմով տառապող այն հիվանդները, որոնք բուժաշխատանքային պրոֆիլակտորիումներից վաղակետ ազատվել են պրոֆիլակտորիումում նրանց գտնվելու ժամանակամիջոցում զարգացած ուղեկցող ծանր հիվանդությունների, հաշմանդամության կամ վերոհիշյալ տարիքին հասնելու կապակցությամբ, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնց հարկադրական բուժումն այդ բաժանմունքներում նախատեսված է օրենսդրությամբ:

Այդպիսի անձանց վերաբերյալ նյութերի նախապատրաստումը և քննարկումը կատարվում է սույն հրամանագրի 2 և 3 հոդվածներով սահմանված կարգով:

15. Հանձնարարել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին իրականացնել սույն հրամանագրից բխող անհրաժեշտ միջոցառումներ:

 

29 ապրիլի 1987 թվականի,

թիվ 890-XI.

 

 

pin
ՀՀ ԳԽ նախագահություն
29.04.1987
N 890-XI
Հրամանագիր