Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿ ...

 

 

040.1200.191015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հոկտեմբերի 2015 թվականի N 1200-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ, ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի, 18-րդ հոդվածի և 26-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ ներկայացվող հաշվետվության ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին` ապահովել հանձնաժողովի նյութատեխնիկական աջակցությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2015 թվականի հոկտեմբերի 15-ի

N 1200-Ն որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կարգավորվում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Սույն աշխատակարգի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, գործընկեր հասարակական կազմակերպությունների կողմից (այսուհետ` իրավասու մարմիններ) իրականացնել նախանույնացման փուլում գտնվող հավանական զոհերի նույնացումը, տալ նրանց զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի կարգավիճակ և իրավունք` ստանալու համապատասխանաբար զոհերի կամ հատուկ կատեգորիայի զոհերի համար նախատեսված աջակցություն և պաշտպանություն, անկախ մարդկանց թրաֆիքինգին կամ շահագործմանն առնչվող քրեադատավարական գործընթացում այդ անձանց մասնակցության հանգամանքից կամ այդ գործընթացում նրանց կարգավիճակից:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովը`

1) համագործակցում է պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման նպատակով.

2) հավաքագրում է անձի` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված լինելը հավաստող կամ հերքող տեղեկություններ, փաստեր, ապացույցներ.

3) քննության է առնում իրավասու մարմինների միջնորդությունները, ինչպես նաև հատուկ կատեգորիայի զոհերի և հատուկ կատեգորիայի հավանական զոհերի օրինական ներկայացուցիչների առաջարկություններն ու առարկությունները.

4) կայացնում է անձի վերաբերյալ հետևյալ որոշումները`

ա. համարել արժանահավատ, որ անձը ենթարկվել է մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման և ճանաչել նրան զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ,

բ. համարել ոչ արժանահավատ, որ անձը ենթարկվել է մարդկանց թրաֆիքինգի և (կամ) շահագործման,

գ. երկարաձգել նախանույնացման փուլը մինչև նախանույնացման համար օրենքով սահմանված ժամկետների ավարտը.

5) ընդունում է որոշումներ զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին աջակցությունը դադարեցնելու մասին.

6) ուղղորդում է հանձնաժողովի կողմից մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ ճանաչված անձին աջակցություն և պաշտպանություն իրականացնող մարմիններ (կազմակերպություններ).

7) իր գործառույթների իրականացման արդյունքում վերհանված խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների վերաբերյալ` Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդին է ներկայացնում առաջարկներ.

8) յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող նիստում ծանոթանում է տվյալ տարվա հաշվետու ժամանակահատվածում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին կամ հատուկ կատեգորիայի զոհերին կամ հավանական զոհերին տրամադրած աջակցության և պաշտպանության գործընթացին.

9) անհրաժեշտության դեպքում, այցելություններ է կատարում թրաֆիքինգի զոհերի համար թիրախային համարվող վայրեր (հատուկ դպրոցներ, հոգեբուժարաններ, մանկատներ և այլ` թրաֆիքինգի և շահագործման դեպքերի հանդիպման տեսանկյունից ռիսկային համարվող հաստատություններ) ուսումնասիրություններ և իրազեկման աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև այդ վայրերում արտագնա նիստեր կազմակերպելու համար:

(3-րդ կետը փոփ. 06.08.2021 թիվ 1263-Ն որոշում)

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Հանձնաժողովի նախագահը և անդամները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:

5. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով: Յուրաքանչյուր նիստի ավարտից հետո կազմվում է նիստի արձանագրություն, որն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և անդամները:

6. Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության` հանձնաժողովի նախագահի, կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի նախաձեռնությամբ և (կամ) իրավասու մարմնի միջնորդությամբ: Նիստ հրավիրելու նախաձեռնությունը (միջնորդությունը) ներկայացվում է հանձնաժողովի նախագահին նախապես:

7. Եթե հանձնաժողովի անդամներից որևէ մեկը չի կարող մասնակցել նիստի աշխատանքներին, ապա նրան փոխարինում է հանձնաժողովի պահեստային կազմի համապատասխան անդամը:

8. Հանձնաժողովի նիստին, ըստ անհրաժեշտության, խորհրդատուի կարգավիճակով կարող են մասնակցել պետական այլ շահագրգիռ մարմինների պատասխանատու աշխատակիցներ, հոգեբաններ, մանկավարժներ և այլ մասնագետներ:

(8-րդ կետը փոփ. 06.08.2021 թիվ 1263-Ն որոշում)

9. Հանձնաժողովի նիստերին հատուկ կատեգորիայի հավանական զոհերի օրինական ներկայացուցիչների, մանկավարժի կամ մանկական հոգեբանի, իսկ հատուկ դեպքերում (եթե անձը հոգեկան խանգարման հետևանքով զրկված է իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից) հոգեբույժի ներկայությունը պարտադիր է:

10. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասար բաշխման դեպքում, եթե համընկել են հանձնաժողովի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների դիրքորոշումները, նախապատվությունը տրվում է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների դիրքորոշմանը, այլապես ձայների հավասար բաշխման դեպքում որոշիչ է հանձնաժողովի նախագահի ձայնը:

11. Հանձնաժողովի որոշումներն ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից: Մարդուն զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի կարգավիճակ տալու մասին հանձնաժողովի որոշման քաղվածքի մեկական օրինակ տրվում է նախանույնացումն իրականացրած իրավասու մարմնին, նույնացված զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին կամ նրա օրինական ներկայացուցչին: Հանձնաժողովի քարտուղարը քաղվածքը հանձնելու մասին կատարում է համապատասխան գրառում հատուկ մատյանում` նշելով ստացողի անունը, ազգանունը, նրան աջակցող կազմակերպության անվանումը, ստանալու օրը, ամիսը, տարեթիվը: Գրառման դիմաց դրվում է ստացողի ստորագրությունը: Քաղվածքի օրինակելի ձևը և մատյանի ձևը հաստատվում է հանձնաժողովի կողմից` հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Հանձնաժողովի մասնակիցների առարկությունների և առաջարկությունների մասին հայտարարությունները, եթե այդպիսիք եղել են, արտացոլվում են նիստի արձանագրությունում:

(11-րդ կետը փոփ. 06.08.2021 թիվ 1263-Ն որոշում)

12. Հանձնաժողովի նախագահի (անդամի)` հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու անհնարինության կամ մեկ տարվա ընթացքում հանձնաժողովի նիստերի ավելի քան կեսին անհարգելի չներկայանալու դեպքում, հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս փոխարինման հարցը: Հանձնաժողովի համապատասխան որոշման առկայության դեպքում հանձնաժողովում սահմանված կարգով կատարվում է համապատասխան փոփոխություն:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

13. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները և վարում է հանձնաժողովի նիստերը.

2) իր կամ հանձնաժողովի անդամների նախաձեռնությամբ կամ իրավասու մարմինների միջնորդությունների հիման վրա հանձնաժողովի նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին իրազեկում ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում հրավիրում է հանձնաժողովի նիստ.

3) որոշում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը, ժամը, տեղը, նիստի օրակարգը և հարցերի քննարկման հերթականությունը.

4) որոշում է հանձնաժողովի նիստերին հրավիրվող անձանց կազմը.

5) որպես հանձնաժողովի անդամ` քննարկվող հարցերի շուրջ ներկայացնում է բանավոր կամ գրավոր կարծիք, մասնակցում է քվեարկություններին, հանդես գալիս առաջարկություններով և առարկություններով.

6) հաստատում է հանձնաժողովի նիստի որոշումները և ստորագրում արձանագրությունները.

7) իրավասու մարմիններից ստանում է տեղեկատվություն և յուրաքանչյուր կիսամյակ, մինչև հաջորդող ամսվա 15-ը, Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ է ներկայացնում սույն որոշման N 2 հավելվածով նախատեսվող հաշվետվությունը.

8) իրականացնում է հանձնաժողովի որոշումներից և սույն կարգով սահմանված հանձնաժողովի լիազորություններից բխող այլ գործառույթներ:

(13-րդ կետը փոփ. 06.08.2021 թիվ 1263-Ն որոշում)

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

14. Հանձնաժողովի անդամները`

1) մասնակցում են հանձնաժողովի նիստերին.

2) իրենց նախաձեռնությամբ միջնորդում են հրավիրել հանձնաժողովի նիստ.

3) հանձնաժողովի քարտուղարին տրամադրում են անհրաժեշտ նյութեր.

4) իրականացնում են հանձնաժողովի որոշումներից և սույն աշխատակարգով սահմանված հանձնաժողովի լիազորություններից բխող այլ գործառույթներ.

5) քննարկվող հարցերի շուրջ ներկայացնում են իրենց կարծիքը, մասնակցում են քվեարկություններին, հանդես են գալիս առաջարկություններով և առարկություններով.

6) ծանոթանում են հանձնաժողովի նիստի արձանագրություններին և ստորագրում դրանք:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

15. Հանձնաժողովի քարտուղարը`

1) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները.

2) նախապատրաստում է հանձնաժողովի օրակարգը` նշելով օրակարգում նիստի անցկացման օրը, ժամը և տեղը.

3) նախապատրաստում է հանձնաժողովի անդամների, ինչպես նաև այլ մարմինների և կազմակերպությունների կողմից տրամադրված նյութերը.

4) նիստից առնվազն մեկ օր առաջ հանձնաժողովի անդամներին փոխանցում է նիստի օրակարգն ու քննարկվելիք նյութերը, այդ թվում` հավանական զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի` նիստին մասնակից օրինական ներկայացուցչի մասին տեղեկատվությունը.

5) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, պատրաստում է որոշումների նախագծերը.

6) կատարում է հանձնաժողովի նախագահի` հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված այլ հանձնարարություններ.

7) իրականացնում է հանձնաժողովի որոշումներից և սույն աշխատակարգով սահմանված հանձնաժողովի լիազորություններից բխող այլ գործառույթներ:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

16. Հանձնաժողովի նիստի ավարտից հետո հանձնաժողովի քարտուղարը եռօրյա ժամկետում նախապատրաստում է արձանագրություն, որտեղ նշվում են նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը և վայրը, նիստն սկսելու և ավարտելու ժամերը, նիստի օրակարգը, մասնակիցների, հրավիրված անձանց տվյալները, քննարկվող հարցերի, զեկուցումների, ելույթների հիմնական դրույթները և յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ընդունած որոշումները:

17. Անձի` մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվելն արժանահավատ համարելու մասին հանձնաժողովի որոշմամբ նրան տրվում է զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի կարգավիճակ և իրավունք` ստանալու անհրաժեշտ աջակցություն և պաշտպանություն:

18. (18-րդ կետն ուժը կորցրել է 06.08.2021 թիվ 1263-Ն որոշում)

19. Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի արձանագրության մեջ կատարում է համապատասխան գրառում աջակցությունը դադարեցնելու մասին` նշելով «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված պատճառներից մեկը:

20. Հանձնաժողովի նիստերն անցնում են դռնփակ: Նիստերի արձանագրությունները, քննարկմանը ներկայացված փաստաթղթերը, նյութերը (բնօրինակները, պատճենները) հրապարակման ենթակա չեն և սահմանված կարգով պահվում են քննարկման օբյեկտ հանդիսացող անձի անձնական գործում` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի համապատասխան վարչությունում:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի հոկտեմբերի 15-ի

N 1200-Ն որոշման

 

ՁԵՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ ներկայացվող հաշվետվությունն ունի երկու բաժին` նկարագրական և ծախսային, որոնցում պետք է ներառվի հետևյալ տեղեկատվությունը.

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1) նույնացման հանձնաժողովի գումարած նիստերը և քննարկվող հարցերը` ըստ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի և 23-րդ հոդվածի 1-ին մասի.

2) հաշվետու ժամանակահատվածում նույնացված զոհերի`

ա. թիվը,

բ. սեռը,

գ. տարիքը,

դ. քաղաքացիությունը,

ե. բնակության վայրը,

զ. թրաֆիքինգի/շահագործման տեսակը,

է. հայտնաբերող կառույցը.

3) աջակցություն ստանալու նպատակով ուղղորդված հավանական զոհերի, զոհերի/հատուկ կատեգորիայի զոհերի թիվը, օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց տրամադրված աջակցության տեսակները (պետական և ոչ պետական).

4) հավանական զոհին/զոհերին հայտնաբերող կառույցը/կառույցները (կազմակերպությունը/կազմակերպությունները).

5) պաշտպանության համար ներկայացված միջնորդությունների և միջնորդության հիման վրա կայացրած որոշումների ամփոփ բովանդակությունը:

 

2. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|NN |Ոլորտը      |Ծրագրի   |Պատասխանատու    |Ծրագրի  |Ծրագրի |Իրականացված |

|ը/կ|            |անվանումը|գերատեսչությունը|իրակա-  |իրակա- |աշխատանքների|

|   |            |         |                |նացման  |նացման |հակիրճ      |

|   |            |         |                |համար   |համար  |նկարագիր    |

|   |            |         |                |նախատես-|ծախսված|            |

|   |            |         |                |ված     |գումարը|            |

|   |            |         |                |գումարը |       |            |

|___|____________|_________|________________|________|_______|____________|

|1. |Սոցիալական  |         |ՀՀ ԱՍՀՆ         |        |       |            |

|   |աջակցություն|         |                |        |       |            |

|___|____________|_________|________________|________|_______|____________|

|2. |Կրթություն  |         |ՀՀ ԿԳՄՍՆ        |        |       |            |

|   |            |         |(կատարող)       |        |       |            |

|   |            |         |ՀՀ ԱՍՀՆ         |        |       |            |

|   |            |         |(համակատարող)   |        |       |            |

|___|____________|_________|________________|________|_______|____________|

|3. |Առողջապահու-|         |ՀՀ ԱՆ (կատարող) |        |       |            |

|   |թյուն       |         |ՀՀ ԱՍՀՆ         |        |       |            |

|   |            |         |(համակատարող)   |        |       |            |

|___|____________|_________|________________|________|_______|____________|

|4. |Պաշտպանու-  |         |Ոստիկանություն  |        |       |            |

|   |թյուն       |         |(կատարող)       |        |       |            |

|   |            |         |ՀՀ ԱԳՆ (կատարող)|        |       |            |

|   |            |         |ՀՀ ԱՍՀՆ         |        |       |            |

|   |            |         |(համակատարող)   |        |       |            |

|___|____________|_________|________________|________|_______|____________|

|5. |Օրենքով     |         |Շահագրգիռ       |        |       |            |

|   |նախատեսված  |         |պետական         |        |       |            |

|   |այլ ոլորտներ|         |գերատեսչություն-|        |       |            |

|   |            |         |ներ             |        |       |            |

|___________________________________________|________|_______|____________|

|                                           |Ընդա-   |Ընդա-  |            |

|                                           |մենը`   |մենը`  |            |

|                                           |...     |...    |            |

|                                           |հազ.    |հազ.   |            |

|                                           |դրամ    |դրամ   |            |

._________________________________________________________________________.

 

(2-րդ հավելվածը փոփ. 06.08.2021 թիվ 1263-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.10.2015
N 1200-Ն
Որոշում