041.0622.071099
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 հոկտեմբերի 1999 թվականի թիվ 622
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՕԴԱԼՈՒՍԱՆՅՈՒԹԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԲԱԶԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տարածքի միասնական տեղեկատվական հիմքի ձևավորման, օդալուսանյութերի (աերոֆոտոհանույթների) իրականցման և բազային քարտեզների ստեղծման նպատակով`
1. Ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Խ. Հարությունյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Գ. Վարդանյան - ՀՀ բնապահպանության նախարար
Գ. Շահբազյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
Ա. Դարբինյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Հ. Հովհաննիսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար
Գ. Մարտիրոսյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Մ. Վարդանյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ
գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Գ. Գրիգորյան - ՀՀ ազգային անվտանգության նախարարի
տեղակալ
Ա. Զինևիչ - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ս. Օհանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի
քաղաքաշինության և բնական ռեսուրսների
վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
2. Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին` մեկամսյա ժամկետում հանձնաժողովին ներկայացնել`
ա) իրենց համակարգերի տնօրինության տակ գտնվող առկա օդալուսանյութերի քարտեզների, հանութագրված այլ նյութերի և նշված ոլորտի նկատմամբ անհրաժեշտ պահանջների վերաբերյալ տվյալները.
բ) նշված աշխատանքների ուղղությամբ իրականացվող ու նախատեսվող ծրագրերի առկայության ֆինանսավորման չափի և աղբյուրների վերաբերյալ տվյալները:
3. Հանձնաժողովին`
ա) երկամսյա ժամկետում մշակել օդալուսահանույթների իրականացման ու բազային քարտեզների ստեղծման ծրագրի հայեցակարգը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն.
բ) եռամսյա ժամկետում հայեցակարգի հիման վրա մշակել օդալուսահանույթների իրականացման ու բազային քարտեզների ստեղծման ծրագրի իրականացման տեխնիկական առաջադրանքները.
գ) հստակեցնել նշված աշխատանքներն իրականացնող մասնագիտացված կազմակերպությունների ցանկը և այդ աշխատանքներին մասնակցելու հնարավոր տարբերակները.
դ) նշված աշխատանքներում առավելագույնս ներգրավել հանրապետության մասնագետներին, օգտագործել տեղական մեխանիզմներն ու սարքավորումները.
ե) հայեցակարգի և տեխնիկական առաջադրանքի մշակման աշխատանքներում ընդգրկել միջազգային փորձագետների և հստակեցնել նրանց վճարումների ֆինանսավորման աղբյուրները:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության տարածքի օդալուսահանույթների իրականացման և բազային քարտեզների ստեղծման աշխատանքների ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` նշված աշխատանքների իրականացման ուղղությամբ շարունակել բանակցությունները միջազգային կազմակերպությունների հետ` հստակեցնելով ֆինանսավորման աղբյուրները, մասնակիցների կազմը, անհրաժեշտ տեխնիկական բնութագրերն ու ցուցանիշները` ընթացքի մասին պարբերաբար տեղյակ պահելով հանձնաժողովին: