Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՊՐՈԲԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ-ՈՒՄ ՊՐՈԲԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ (3-Ր ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

30 ապրիլի 2015 թվականի N 19

 

9. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊՐՈԲԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

ԳԼՈՒԽ 3. ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի արդյունավետ համակարգ ունենալու համար անհրաժեշտ է մշակել և գործողությունների համար հիմք ընդունել Պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգ (սույն հայեցակարգը), որն էլ կհամարվի ծառայության ներդրման ուղղությամբ կատարվելիք աշխատանքների սկիզբ: Միաժամանակ հիմք ընդունելով նշված (կամ սույն) հայեցակարգը` անհրաժեշտ է մշակել հայեցակարգից բխող գործողությունների ծրագիր, որտեղ շարադրված կլինեն պրոբացիայի ծառայության` ներդրման համար անհրաժեշտ 2015-2016 թվականների առաջնայնությունները:

Միաժամանակ, չնայած սույն փաստաթղթով ներկայացված պրոբացիայի ծառայության գործառույթների լայն շրջանակին, ծառայության ստեղծումը և գործառույթների ներդրումը պետք է իրականացվի փուլային կարգով, որը կապահովագրի ծառայությանը հնարավոր խնդիրներից և դժվարություններից, ինչպես նաև կերաշխավորի ծառայության առջև դրված նպատակների և խնդիրների արդյունավետ իրականացումը: Նկատի է առնվում նաև ծառայության ներդրման ուղղությամբ կատարվելիք աշխատանքների ծավալն ու բազմազանությունը, ինչպես նաև դրա համար անհրաժեշտ ռեսուրսների անբավարարությունը (ծախսերի միաժամանակյա իրականացման դեպքում):

Հաշվի առնելով վերը նշվածը` սկզբնական շրջանում պրոբացիայի ծառայությունը պետք է իրականացնի միայն պենիտենցիար և հետպենիտենցիար փուլում պրոբացիայի ծառայությանը բնորոշ գործառույթները, իսկ հետագայում, հաշվի առնելով մինչդատական և դատական փուլում վերջինիս գործառույթների լիարժեք իրականացման համար անհրաժեշտ նախադրյալների, պայմանների ապահովման հետ կապված խնդիրների լուծումը պրոբացիայի ծառայությունը կիրականացնի նաև այդ փուլերին բնութագրական պրոբացիայի ծառայությանը բնորոշ գործառույթները (մինչդատական և դատական փուլերում համապատասխան գործառույթների իրականացումը նախատեսվում է 2017 թվականից հետո հաշվի առնելով նաև օրենսդրության հետագա զարգացումները և դրանից բխող պրոբացիայի ծառայության կողմից համապատասխան գործառույթների իրականացման արդյունավետության և նպատակահարմարության հանգամանքը` բացառությամբ այլընտրանքային խափանման միջոցների):

Նախատեսվում է այդ աշխատանքները բաժանել երեք` նախապատրաստական, ծառայության ստեղծման և ծառայության գործունեության ամբողջականացման (բոլոր լիազորությունների իրականացման) փուլերի:

1) Նախապատրաստական փուլի (նախնական մինչև 2015 թվականի հունվար, վերջնական` մինչև 2015 թվական դեկտեմբեր) հիմնական խնդիրն է դրա ավարտին ունենալ Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծման համար անհրաժեշտ բոլոր իրավական և գործնական նախադրյալները, այդ թվում`

ա. պրոբացիայի ծառայության ստեղծումը մեկնարկելու համար իրավասու մարմինների կողմից հաստատված անհրաժեշտ գործողությունների ծրագրի առկայությունը,

բ. իրավական համապատասխան ակտերի ընդունումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից,

գ. աշխատակազմի ներգրավմանն ուղղված աշխատանքների իրականացումը,

դ. պետական միջոցներից ֆինանսավորման իրավական ապահովմանն ուղղված աշխատանքների և կազմակերպչական բնույթի աշխատանքների իրականացումը: Հայաստանում պրոբացիայի ծառայություն ստեղծելուն ուղղված աշխատանքների արդյունավետությունը գլխավորապես պայմանավորված է այն հանգամանքով, թե դրանք որքանով են ճիշտ պլանավորված իրենց բովանդակությամբ, հաջորդականությամբ և ժամանակի մեջ: Սույն հայեցակարգից բխող ծառայությունների ներդրման համար անհրաժեշտ գործողությունների ծրագիրը պետք է համաձայնեցված լինի պրոբացիոն գործառույթներին առնչվող պետական բոլոր իրավասու մարմինների հետ և ընդունելի լինի նրանց համար: Միաժամանակ, այդ մարմինների` պրոբացիայի ծառայության ստեղծելուն ուղղված աշխատանքները ևս պետք է հստակ և ժամանակին լինեն, որպեսզի համահունչ լինեն ծրագրի ամբողջական և համաժամանակյա լինելուն:

Նախատեսվում է, որ Պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգից բխող գործողությունների ծրագիրը հավանության կարժանացվի կամ կհաստատվի Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի արձանագրային որոշմամբ:

Հայաստանում պրոբացիայի ծառայություն ստեղծելու համար կպահանջվի մշակել և ընդունել «Պրոբացիայի մասին» կամ «Պրոբացիայի ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ինչպես նաև կատարել համապատասխան փոփոխություններ ու լրացումներ Հայաստանի Հանրապետության քրեական, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքերում: Աշխատանքների իրականացման ժամանակ հնարավոր է նաև փոփոխությունների և լրացումների կատարում այլ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում: Բոլոր այս օրենսդրական բնույթի աշխատանքները պետք է նախատեսվեն պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգից բխող գործողությունների ծրագրով:

«Պրոբացիայի մասին» կամ «Պրոբացիայի ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անհրաժեշտ է հստակ սահմանել պրոբացիայի հասկացությունը, տեսակները, սկզբունքները, ծառայության խնդիրները, գործունեության սկզբունքները, լիազորությունները, կառուցվածքը, պրոբացիայի ծառայության ծառայողի իրավական և սոցիալական ապահովման պետական երաշխիքները, նյութատեխնիկական ապահովման, ֆինանսավորման և գործունեության վերահսկման կարգը, ինչպես նաև դրանց հետ առնչվող այլ իրավահարաբերություններ:

Պրոբացիայի ծառայության գործունեության արդյունավետության գրավականներից է համապատասխան որակավորմամբ, մասնագիտական կարողություններով ու գիտելիքներով զինված արհեստավարժ անձանց ներգրավումը: Պրոբացիայի ծառայության աշխատակազմը պետք է ապացուցի իր մոտիվացիան, միմյանց և այլ հաստատությունների հետ համագործակցելու պատրաստակամությունը` պրոբացիայի ծառայության նպատակներին հասնելու առումով: Անհրաժեշտ կլինի համապատասխան իրավական ակտով սահմանել պրոբացիայի ծառայության աշխատակազմի` ծառայության անցնելու և պաշտոնում նշանակվելու ընթացակարգերը (պետք է պահանջվի բակալավրի որակավորում)` սահմանելով համապատասխան մասնագիտություն ունենալու պահանջները, նախնական վերապատրաստումները, մինչև վեցամսյա փորձաշրջանը, աշխատանքային առաջխաղացումը, ներառյալ` վերապատրաստումը (նախնական և շարունակական), աշխատանքի պայմանները (լիազորությունների շրջանակը):

Նախատեսվում է, որ պրոբացիայի ծառայության ներդրման տվյալ փուլի ավարտին հավաքագրված կլինի արդեն իսկ 2015 թվականի ապրիլից համապատասխան ծրագրերից բխող գործառույթների իրականացման համար պատրաստ և վերապատրաստում անցած նվազագույն աշխատակազմ:

Ընդ որում նախատեսվում է 2015 թվականի մայիսից իրականացնել Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային մոնիթորինգի իրականացման համար անհրաժեշտ պիլոտային ծրագիր, որի շրջանակում համապատասխան մարմնի կողմից իրականացվելու են պրոբացիոն ծառայությանը բնորոշ որոշ գործառույթներ, ինչի միջոցով հնարավոր կլինի գնահատել նաև Հայաստանի Հանրապետությունում ապագա պրոբացիոն ծառայության գործունեության արդյունավետությունը:

Հայաստանում պրոբացիայի ծառայության ստեղծումն ուղղակիորեն կապված է ֆինանսական համապատասխան ապահովմամբ: Այդ իսկ պատճառով տվյալ փուլում անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել 2015 թվականի համար բյուջետային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերում համապատասխան կարգավորումներ ունենալու պետական բյուջեի միջոցներից պրոբացիայի ծառայության` սահմանված կարգով ֆինանսավորման ուղղությամբ: Միաժամանակ, անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանել նաև ծառայության ֆինանսավորման արտաբյուջետային հնարավորությունները:

Պրոբացիայի ծառայության ներդրման համար կարևորվում են նաև կազմակերպչական բնույթի աշխատանքները, այն իմաստով, որ ծառայությունը պետք է ներդրվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կազմում գործող այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումների բազայի հենքով: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ առկա նյութատեխնիկական բազան պետք է համապատասխանեցվի նախատեսված կարիքներին, ինչպես նաև այդ ամբողջը նախապատրաստվի պրոբացիայի ծառայությանը փոխանցելու համար:

Ամփոփելով վերոգրյալը` անհրաժեշտ է նշել, որ նախապատրաստական փուլում պրոբացիայի ծառայության գործունեությունը կարգավորվող իրավական կնախատեսվեն համապատասխան իրավակարգավորումներ պրոբացիայի գործառույթների վերաբերյալ: Սկզբնական փուլում պրոբացիայի ծառայությունը կիրականացնի հետևյալ գործառույթները`

ա) մինչդատական փուլում դատարանի կողմից նշանակված խափանման միջոցների իրականացում,

բ) դատական փուլում կիրականացնի մեդիացիա,

գ) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների` տուգանքի, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու և հանրային աշխատանքների կատարում,

դ) պենիտենցիար և հետպենիտենցիար փուլերում` դատարանի կողմից պատժից ազատված անձանց վարքագծի նկատմամբ վերահսկողություն` համապատասխան վերաինտեգրման ծրագրերի իրականացմամբ, ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված անձի սոցիալական, հոգեբանական և իրավական օժանդակություն և աջակցություն, պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի վարքագծի և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով համապատասխան անձի վրա դրված որոշակի պարտականությունների կատարման նկատմամբ, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց վարքագծի և դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով համապատասխան անձի վրա դրված որոշակի պարտականությունների կատարման նկատմամբ բացառապես վերահսկողության իրականացում, և սոցիալական, հոգեբանական և իրավական օժանդակություն և աջակցություն, ինչպես նաև դաստիարակչական բնույթի և բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում,

ե) ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալներին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ զեկույցների տրամադրում:

2) Ծառայության ստեղծման փուլում (2015 թվականի հունվարից 2016 թվականի հունվար) նախատեսվում է պրոբացիայի ծառայության` ստեղծում:

Օրենսդրորեն ամրագրված կլինեն նաև անցումային համապատասխան դրույթներ, որոնց համաձայն կկարգավորվեն` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կազմում գործող այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումների տնօրինման տակ եղած գործերի փոխանցման կարգը պրոբացիայի նորաստեղծ ծառայությանը:

Ծառայության հին ու նոր գործառույթների լիարժեք իրականացման նպատակով կհաստատվի համապատասխան համագործակցություն այլ իրավասու մարմինների և կազմակերպությունների հետ կամ կկատարելագործվի առկա համագործակցությունը: Մասնավորապես, համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող համայնքային աշխատանքների մասով` պետք է կապ հաստատվի և խորացվի տարբեր կազմակերպությունների և կառույցների հետ: Սա պրոբացիայի ծառայությանը կօգնի դյուրինացնել հանցագործություն կատարած անձանց հանրային աշխատանքներում ներգրավելու աշխատանքները:

Միաժամանակ այս փուլում անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը նաև մասնագիտական ուսուցում ապահովող հաստատությունների հետ` հանցագործություն կատարած անձանց որպես առանց վարձավճարի աշխատակից վերցնելու նպատակով: Ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից բուժման կարիք ունեցող անձանց մասով` պրոբացիայի ծառայության աշխատակիցները կարող են վերականգնողական կենտրոնների ու նրանց մասնագետների հետ համատեղ աշխատանքային քննարկումներ ու վերապատրաստումներ կազմակերպել, ստեղծել ուսումնամեթոդական ծրագրեր:

Ծառայության ստեղծման փուլում նախատեսվում է նաև զարգացնել առկա նյութատեխնիկական բազան:

3) Ծառայության գործունեության ամբողջականացման փուլում (2017 թվականից հետո) նախատեսվում է համապատասխան փորձարկումների արդյունքում և անհրաժեշտության դեպքում ընդլայնել լիազորությունների շրջանակը, որն հնարավոր չի եղել իրականացնել ծառայության ստեղծման փուլում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.04.2015
N 19
Արձանագրային որոշում