Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

27 մայիսի 2015 թվականի N 23

 

5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

29. Ջրային ռեսուրսների օգտագործում. Ջրային ռեսուրսների պահպանությունը և արդյունավետ օգտագործման տնտեսական մեխանիզմների կատարելագործումը անապատացման դեմ պայքարի գործընթացում ունի վճռորոշ նշանակություն:

1) Ընդհանուր ջրառը հանրապետությունում կազմում է տնօրինվող պաշարների մոտ 41 տոկոսը: Բնութագրվում է կորուստների զգալի մասնաբաժնով, որը մեծ տոկոս է կազմում հատկապես բնակչության ջրամատակարարման համակարգում` ավելի քան 80%: Վերջին տարիներին ջրառը կայունացել է և տատանվում է 3 մլրդ. խոր.մ-ի սահմաններում (նկար 11): Ըստ տնտեսության ճյուղերի ամենամեծ ջրօգտագործողը գյուղատնտեսությունն է, որը 2013 թ.-ին կազմել է ջրօգտագործման ընդհանուր ծավալի կեսը (նկար 12): Ձկնաբուծության զարգացումը հանգեցրեց ջրի շատ մեծ ծավալների ստորերկրյա ջրերի օգտագործման` 2013 թ.-ին ընդհանուրի 38.3%: Ստորերկրյա աղբյուրների ջրառը կազմել է ընդհանուր ջրառի 45.5%: Կեղտաջրերի ոչ բավարար մաքրման արդյունքում տարեկան հազարավոր տոննա աղտոտիչ նյութեր են թափվում բնական ջրատարներ` հիմնականում գետեր: 2013 թ.-ին այն կազմել է 215 հազ.տ:

 

Նկար 11. Ջրառի և ջրօգտագործման դինամիկան ՀՀ-ում

 

Նկար 12. Ջրօգտագործումն ըստ ուղղությունների, 2013 թ-ին %-ով

ընդհանուրի նկատմամբ

_____________________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

2) Հայաստանի էներգետիկ նշանակության իրատեսական հիդրոպոտենցիալը գնահատվում է 1750 ՄԳՎտ կամ 5,5 մլրդ. Կվտ-ժամ, որից չիրացվածը կազմում է մոտ 500 ՄԳՎտ կամ 2 մլրդ Կվտ-ժամ: Տարբեր գնահատականներով տեսական պոտենցիալը տատանվում է 7-8 մլրդ. կՎտժ սահմաններում, այսինքն տեսականու մոտ մեկ երրորդ մասը: Երկու խոշոր գետերի` Հրազդանի և Որոտանի տեխնիկապես մատչելի պոտենցիալը գործնականորեն իրացվում է: Երրորդ, համեմատաբար խոշոր համակարգի` Փամբակ-Ձորագետ-Դեբեդ պոտենցիալը չի իրացված (բացառությամբ ՁորաՀԷԿ-26 ՄՎտ): Երկու կասկադների էլեկտրակայանների (Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի կասկադի` ոռոգման ռեժիմներով աշխատելու դեպքում) և փոքր ՀԷԿ-երի էլեկտրաէներգիայի նախագծային արտադրությունը կազմում է մոտ 1500 ԳՎտժ, կամ տեխնիկապես մատչելի պոտենցիալի 20%-ը: Տնտեսապես հիմնավորված հիդրոպոտենցիալի իրագործումը թույլ կտա բավարարել էլեկտրաէներգիայի առկա պահանջարկի 50%-ը, որը կպաշտպանի Հայաստանը էներգետիկ ճգնաժամերից, և, հետևաբար, կապահովի տնտեսության զարգացումն ու կբարձրացնի անցկացվող բարեփոխումների կայունությունը, կամրապնդի պետության քաղաքական դիրքը:

3) Վերջին տարիներին Արարատյան դաշտում նոր տագնապալի հիմնախնդիր է առաջացել` կապված ստորերկրյա (արտեզյան) ջրերի ծավալների փոքրացման և ջրաշերտերի իջեցման հետ: Ինչպես ցույց է տրված «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի (ԱՄՆ ՄԶԳ, 2014) շրջանակներում կատարված «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատման ուսումնասիրություն» փաստաթղթում, 2013 թ. դրությամբ` Արարատյան արտեզյան ավազանի դրական ճնշման գոտում շահագործվել է 1235 հորատանցք` 50.5 մ3/վրկ ջրաելքով, որով խախտվել է հորատանցքերով ջրի օգտագործման համար սահմանված միջին տարեկան 20.8 մ3/վրկ ջրաքանակը` գերազանցելով այն 2.4-4.5 անգամ: Հիմնականում արտեզյան ջրերի օգտագործման ոլորտը ձկնաբուծությունն է, որի կարիքների համար ջրառը կազմել է 35.5 մ3/վրկ: Արդյունքում` արհեստական չորացման ենթարկվեցին վերին հողաշերտերը, նկատելի են դարձել բնական էկոհամակարգերի փոփոխության միտումներ` անապատացման երևույթների զարգացմանը զուգահեռ ֆլորայի և ֆաունայի տեսակափոխության տեմպերի արագացում: Մյուս կողմից տարածքի որոշ հատվածներում սկսվել են ճիմակալման և ճահճացման գործընթացներ: Սակայն այս երևույթի իրական մասշտաբը և հետևանքները դեռևս ուսումնասիրված չեն, այստեղ անշուշտ մշտական մոնիթորինգի կարիք կա: Արտեզյան ջրերի նախկին մակարդակի վերականգնմանը նպաստելու, ինչպես նաև ոռոգման խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է իրականացնել ճիշտ ջրօգտագործում, այն է` ուսումնասիրել փոքր, ֆինանսապես արդարացված ջրամբարների կառուցումը, ներդնել ոռոգման արդյունավետ համակարգ (կաթիլային և այլն): ՈՒսումնասիրել և ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ` կախված եղանակային պայմաններից գնահատելու ոռոգման անհրաժեշտությունը (ջրի նկատմամբ բույսի պահանջը):

30. Ընդերքի օգտագործում. Հանրապետության տարածքում հայտնաբերված են ավելի քան 100 տեսակ օգտակար հանածոներ: Հարուստ մետաղային հենքի վրա ստեղծվել են բազմաթիվ մետալուրգիական վերամշակող ձեռնարկություններ և կոմբինատներ, ինչպիսիք են օրինակ` Քաջարանի, Կապանի, Ալավերդու, Ախթալայի, Արարատի և այլն: Առկա են 19 պոչամբարներ: Լեռնահանքային ձեռնարկություններին հանձնված հողերի ընդհանուր տարածքը կազմում է 11600 հա, որից պոչամբարների տակ են շուրջ 1500 հա: Էքստենսիվ զարգացող լեռնահանքային արդյունաբերությունը զգալի վնաս է հասցնում շրջակա միջավայրին: Բնապահպանական տեսակետից առավել վտանգավոր են համարվում պոչամբարները, որոնցում կուտակվող աղտոտիչների երկարատև և ինտենսիվ ազդեցությունը լանդշաֆտի բաղադրիչների վրա հանգեցնում է դրանց ամբողջական դեստրուկցիային և հետագա էրոզիոն գործընթացների ակտիվացմանը, կենսածին արտադրողականության կորստին: Վերափոխվում են մթնոլորտային օդի հատկությունները և գազային կազմը, տեղի է ունենում արդյունաբերական ծագման թունավոր նյութերով աղտոտում: Կտրտված ռելիեֆի պարագայում վթարային իրավիճակներում կարող են ձևավորվել մի քանի կիլոմետր երկարությամբ աղտոտող արտահոսքեր: Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում պետք է ներառել բնության և շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը, այդ թվում` բնապահպանական կառավարման պլանը և մշտադիտարկումների ծրագրերը, սոցիալական ազդեցության գնահատականը, հեռացվող հողաշերտի և զուգընթաց արդյունահանվող աղքատ հանքաքարի պահեստավորումն ու պահպանությունը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արգելվում է ընդերքի շահագործումը ազգային անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի և առողջության, պատմամշակութային արժեքների, բնության և շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից: Ինչ վերաբերում է տեխնածին հանքավայրերին, ապա դրանք Հայաստանի բացառիկ սեփականությունն են և կարող են օրենքով սահմանված կարգով տրամադրվել շահագործման` օգտակար հանածոների արդյունահանման նպատակով: Դրանց շահագործումը կնպաստի մի շարք բնապահպանական խնդիրների լուծմանը, այդ թվում` պոչամբարներում կուտակված թափոնների կրճատմանը: Պոչանքային տնտեսությունների անվտանգ շահագործման հիմնադրույթները ամրագրվել են 2011 թ.-ին մշակված «Հայաստանի Հանրապետության տարածքի պոչամբարների անվտանգ կառավարում» ձեռնարկում, որն ամփոփում է պոչամբարների շահագործման նվազագույն պահանջները և կիրառելի է դրանց շահագործման հետ կապված բոլոր կառույցներին` պոչամբարներ, ամբարտակներ, պատվարներ, նստեցման և պարզեցման հորեր, ջրահեռացման համակարգեր, խողովակաշարեր և այլն: Հանքարդյունաբերության գործունեությամբ պայմանավորված` շրջակա միջավայրի աղտոտվածության ուսումնասիրության խնդիրը սերտորեն կապված է մոնիթորինգային դիտարկումների իրականացման հետ: Սակայն տեխնածին աղտոտված տարածքներում մշտադիտարկումների իրականացումը գտնվում է սաղմնային վիճակում: Մոնիթորինգային տվյալների բացակայությունը բացասաբար է անդրադառնում Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր իշխանության կողմից համապատասխան որոշումների (պոչամբարների վթարային արտահոսքերի վերացում, հողօգտագործման սահմանափակում, հողի ռեկուլտիվացիա և այլն) կայացմանը: Բացակայում է Հայաստանի Հանրապետության ընդերքի ոլորտի միասնական ազգային քաղաքականության և զարգացման ռազմավարությունը, որը հիմնաքար կծառայեր հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ճկուն ու արդյունավետ գործողությունների ծրագրի մշակման համար:

31. Հողօգտագործում. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 102-րդ հոդվածում նախատեսված են հողամասի նկատմամբ իրավունքների հարկադիր դադարման հիմքերը: Մասնավորապես` գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ իրավունքները հարկադիր դադարում են դատական կարգով` երեք տարվա ընթացքում չօգտագործելու դեպքում: Սակայն հիշյալ հոդվածը գործնականում չի կիրառվում` դատական, հողամասի նկատմամբ իրավունքների վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերի պատճառով, մինչդեռ հողը չմշակելը նույնպես բացասաբար է անդրադառնում հողի որակական հատկանիշների վրա և նպաստում հողերի դեգրադացմանը: Նկատի ունենալով, որ վարչական մեթոդների կիրառումը կապված է որոշակի բարդությունների հետ, անհրաժեշտ է կիրառել տվյալ հարցի կարգավորման տնտեսական մեխանիզմներ: Մասնավորապես`

1) իրականացնել գյուղացիական տնտեսությունների խոշորացման գործընթաց (կոոպերացիա, հողամասերի միավորում), որի արդյունքում խոշորացված գյուղացիական տնտեսություններին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական աջակցության ծրագրերի իրականացման գործընթացում տրվելու է առաջնություն: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն քաղաքացիներն առանց պետական գրանցման կամ հաշվառման իրավունք ունեն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, եթե գյուղատնտեսական արտադրանք արտադրելու նպատակով կնքել են համատեղ գործունեության պայմանագիր, որի առանձնահատկությունների վերաբերյալ դրույթներ նախատեսված են օրենսգրքի 1038.1-ին հոդվածում:

2) Օրգանական գյուղատնտեսական բարձրարժեք արտադրանքի արտադրության ծավալների ավելացում, ինչը լրացուցիչ երաշխիք է ռեսուրսային ներուժի առավել արդյունավետ օգտագործման և գյուղացիական տնտեսությունների համար արտադրանքի արտահանման ավելացման գործում:

3) Գյուղատնտեսական աշխատանքներում մեքենայացման մակարդակի բարձրացում, ինչը կնպաստի գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների մեծացմանը, ձեռքի աշխատանքի տեսակարար կշռի նվազեցմանը, ինչպես նաև ծախսերի կրճատմանը:

4) Էկոլոգիապես մաքուր (բնական) ճանապարհով հողի ֆիզիկական, քիմիական և կենսաբանական կազմի բարելավում, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության զարգացում:

5) Հողի մշակման ոլորտում նոր տեխնոլոգիաների և նորամուծությունների ներմուծում և տարածում, որոնք առավել քիչ ծախսատար լինելով կարող են ապահովվել առավել բարձր արդյունք:

6) Գյուղատնտեսությունում օգտագործվող հիմնական ռեսուրսների (պարարտանյութ, դիզելային վառելիք, սերմեր), տեխնիկական միջոցների և ոլորտին տրամադրվող վարկերի ձեռքբերման մատչելիության մակարդակի բարձրացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի իրականացում, ինչը կնպաստի հողային ռեսուրսների օգտագործման մակարդակի բարձրացմանը և հողերի վիճակի բարելավմանը:

32. Անհրաժեշտ է ուսումնասիրել վտանգավոր օդերևութաբանական երևույթները, ինչպես նաև դրանք ձևավորող սինօպտիկական պրոցեսները, դրանց տարածաժամանակային փոփոխությունները կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում, Հայաստանի տարածքում նկատվող անոմալ եղանակային պայմանների հաճախականության մեծացման պատճառները: Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալը`

1) կատարել վտանգավոր օդերևութաբանական երևույթների վիճակագրական վերլուծություն, ուսումնասիրել դրանց ակտիվացման և թուլացման պարբերականությունները.

2) ուսումնասիրել, վերջին 60 տարիների կտրվածքով, մթնոլորտի ընդհանուր շրջանառության փոփոխությունները Հայաստանի տարածքում, որը հնարավորություն կտա պարզել վտանգավոր օդերևութաբանական երևույթների աճի պատճառները.

3) ստեղծել վտանգավոր օդերևութաբանական երևույթները բնութագրող ցուցանիշների տեղեկատվական հենք աշխարհագրական տեղեկատվական համակարգերում (ԱՏՀ).

4) քարտեզագրել վտանգավոր օդերևութաբանական երևույթների բաշխվածության առանձնահատկությունները, ինչպես նաև միջին, նվազագույն և առավելագույն մեծությունները` ըստ տարածական և վերընթաց օրինաչափությունների.

5) խմբավորել և կատարել վտանգավոր օդերևութաբանական երևույթները ձևավորող սինօպտիկական պրոցեսների դասակարգում` հիմք ընդունելով այդ պրոցեսների ծագումը, տեղաշարժը և Հայաստանի տարածքի եղանակակլիմայական պայմանների վրա ազդեցության սինօպտիկական առանձնահատկությունները:

33. Նշված աշխատանքների կատարման արդյունքում հնարավոր կլինի պարզել գյուղատնտեսական մշակաբույսերի վրա վտանգավոր օդերևութաբանական երևույթների տարածական և ժամանակային ազդեցության փոփոխությունները, պարզ կդառնան այդ երևույթների աճի պատճառները, տարերային երևույթներ ձևավորող սինօպտիկական պրոցեսների ակտիվացման և թուլացման պարբերականությունները և այդ պրոցեսների դինամիկ փոփոխություններն ու պատճառները: Վտանգավոր օդերևութաբանական երևույթներ ձևավորող սինօպտիկական պրոցեսների դասակարգումը, դրանց վիճակագրական վերլուծությունները, ակտիվացման և թուլացման պարբերականությունների ուսումնասիրությունները զգալիորեն կմեծացնեն այդ երևույթների կանխատեսման հավաստիությունը, որը հնարավորություն կտա էապես կրճատել գյուղատնտեսությանը այդ երևույթներից հասցված վնասի չափերը:

34. Հողերի չեզոք դեգրադացիայի սկզբունքների կիրառում. Հողերի չեզոք դեգրադացիային հասնելու համար տարբերակները բազմաթիվ են: Այդ տարբերակների համադրության համար պետք է հաշվի առնել հողերի դեգրադացիայի տիպը, աստիճանը, ընթացքը, չափը, հողային ռեսուրսների հիմքում ընկած ներուժի և ինքնավերականգնման աստիճանը (բնական հատկություններ) և ազգային հատկանիշների, կարողությունների առաջնահերթությունները, ինչպես նաև հողերի դեգրադացիայի կանխարգելումը, հողային ռեսուրսների կայուն կառավարումն ու դեգրադացված հողերի վերականգնումը: Հողերի դեգրադացիայի կանխարգելմանն ու նվազեցմանը կարելի է հասնել հողօգտագործման պլանավորման և տվյալ վայրում հողերի կայուն կառավարման միջազգային փորձի ներդրման միջոցով` հաշվի առնելով հողային ռեսուրսի ներուժը և ինքնավերականգնման հնարավորությունը: Հողերի չեզոք դեգրադացիային հասնելու համար կարևոր նշանակություն ունեն հետևյալ փոխկապակցված գործողությունները.

1) որոշել հողերի չեզոք դեգրադացիայի իրականացման տարածական միավորներն ու ֆունկցիոնալ խմբերը.

2) գնահատել հողերի դեգրադացիայի տիպը, չափը և որոշել դեգրադացիայի աստիճանը` հիմք ընդունելով ելակետային տվյալները.

3) որոշել հողերի դեգրադացիայի պատճառներն ու դրանց կանխարգելման, նվազեցման և վերացման եղանակները.

4) մշակել հողերի չեզոք դեգրադացիայի մոնիթորինգի ցուցանիշները.

5) զարգացնել հողերի չեզոք դեգրադացիային առնչվող ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունները, խրախուսման մեխանիզմները և համագործակցությունը.

6) ապահովել միջոլորտային համագործակցությունը և ֆինանսական ռեսուրսների համապատասխան հոսքը հողերի չեզոք դեգրադացիային հասնելու համար:

35. Կենսաբանական պաշարների օգտագործում. Կենսաբանական պաշարների պահպանության և կայուն օգտագործման տնտեսական մեխանիզմների կատարելագործումը անապատացման դեմ պայքարի գործընթացում սկզբունքային նշանակություն ունի, առանց որի անհնար է ապահովել դրանց կայուն օգտագործումը:

1) Հայաստանի կենսաբանական պաշարների հիմնական բաղկացուցիչ մասը կազմում են անտառները: Համաձայն 2011 թվականին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից հեռահար զոնդավորման մեթոդով ստացված տվյալների, Հայաստանի Հանրապետության անտառածածկ տարածքների մակերեսը կազմում է 332.333 հա կամ Հայաստանի ընդհանուր տարածքի մոտ 11.17%-ը: Անտառային էկոհամակարգերի կողմից տրամադրվող ծառայությունների վրա մարդածին ազդեցության ներկա պայմաններում, անտառների գերշահագործման, անկանոն հատումների իրականացման, արածեցման, խոտհունձի, հողազավթումների և այլ պատճառներով, կրճատվում են արժեքավոր անտառային տարածքները, տեղի են ունենում տեսակային կազմի և կառուցվածքային փոփոխություններ, ծառուտները կորցնում են իրենց բնական վերականգնման ունակությունը և իջնում է դրանց արտադրողականությունը: Ապօրինի անտառհատումների կանխարգելման խնդրում դրական ազդեցություն է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N 1535-Ն որոշումը, համաձայն որի անտառամերձ բնակավայրերում բնակվող ընտանիքներին թույլատրվում է մթերել և անվճար ձեռք բերել մինչև 8 խմ թափուկ վառելափայտ: Վերջին տարիներին անտառային զանգվածների հատված տեղամասերում և դրանց հարող տարածքներում նկատվում է էկոհամակարգերի անկայունություն` ավելացել են հողմատապալ կամ ձնետապալ տարածքները, հողատարման, ձորակառաջացման, սողանքների, էրոզիոն-սելավային գործընթացների ակտիվացման, աղբյուրների չորացման, փոշու ամպերի գոյացման և այլ երևույթներ, որոնք մեծ վնաս են հասցնում համայնքներին և գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին: Անտառային էկոհամակարգերի որակական հատկանիշների փոփոխման հետևանք կարող են դիտվել նաև վնասատուների (հատկապես տերևակեր միջատների) զանգվածային համաճարակները, ինչը պահանջում է անտառպաշպանական հրատապ աշխատանքների իրականացում: Ընդհանուր առմամբ 2003-2013 թթ. ընթացքում անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն քիմիական պայքարի աշխատանքներն իրականացվել են 76786 հա տարածքում: Ավելացել են անտառային հրդեհների ծավալները: Եթե 2003 թ. գրանցվել են հրդեհներ 3.92 հա անտառային հողերում, ապա 2013 թ.` 91.575 հա անտառային հողերում: Անտառային հրդեհների գերակշռող մասի առաջացման հիմնական պատճառը հարակից տարածքների գյուղատնտեսական հողատեսքերի այրումն է: Անտառային հրդեհների դեմ պայքարի միջոցառումների արդյունավետ իրականացմանը խոչընդոտում են բարդ ռելիեֆը, անտառային ճանապարհային ցանցի անմխիթար վիճակը, հրդեհների մարման տեխնիկական սարքավորումների բացակայությունը: Ինչպես հայտնի է անտառային էկոհամակարգերի դեգրադացման աստիճանի գնահատման համար չափանիշներ են հանդիսանում` հրդեհից մասնակիորեն կամ ամբողջովին ոչնչացված, վնասատուների և հիվանդությունների պատճառով բնական դիմադրողականությունը կորցրած, չորացող կամ արդեն չորացած անտառը, բնական վերաճի ընդունակությունից զուրկ, հիմնովին ծառահատված անտառային տարածքները, էրոզացված մեծ մակերեսի վրա տեղակայված նոսրուտները: Գրեթե բոլոր այդ չափանիշները բնութագրում են Հայաստանի անտառային էկոհամակարգերի ներկա վիճակը, որի շտկումը պահանջում է երկարաժամկետ և հետևողական, բազմակողմանի, կշռադատված և ֆինանսատար աշխատանքների ճիշտ պլանավորում և իրականացում:

2) Կենսաբանական պաշարներից իրենց ուրույն նշանակությունն ունեն արդյունագործական ձկնատեսակները, որոնք հիմնականում կենտրոնացված են Սևանա լճում: Հիմնական արդյունագործական ձկան` սիգի, պաշարները խզված են: Վերջին տասնամյակներում շարունակվում է արդյունագործական ձկների քանակական ցուցանիշների նվազման միտումը: Աննշան աճ է գրանցվել 2013 թ.-ին, ինչը 2011-2012 թթ. լճում սիգի բեղուն սերնդի հայտնվելու և ձկների պոպուլյացիայի նոսրացման հետևանքով մարդածին ծանրաբեռնվածության նվազման հետևանք է: Ներկայումս արդյունագործական պաշարները գտնվում են նվազագույն շեմի վրա: Սևանա լճում լայն տարածում գտած հաջորդ արդյունագործական հիդրոբիոնտը գետի երկարաչանչ խեցգետինն է (Pontastacus Leptodactylus Eschscholtz): Վերջինս Սևանա լիճ է ներթափանցել 1980-ական թվականներին` պատահական ինտրադուկցիայի արդյունքում: Զբաղեցնելով ազատ էկոլոգիական խորշ, աստիճանաբար հարմարվելով միջավայրի նոր պայմաններին, երկարաչանչ խեցգետինը քանակական զարգացում ապրեց և իր վրա վերցրեց օրգանական տիղմի յուրացման հիմնական դերը: Լճում ձկնային պաշարների կրճատման արդյունքում հիմնական մարդածին ծանրաբեռնվածությունն ընկել է այս հիդրոբիոնտի վրա: 2005 թ.-ից մինչև 2013 թ. խեցգետնի արդյունագործական պաշարները կրճատվել են, սակայն 2013 թ. գրանցվել է նրա քանակի կտրուկ աճ:

3) Հայաստանի հարուստ ագրոկենսաբազմազանությունը, ունենալով էկոհամակարգերի կայունությունը և կենսացենոզների ամբողջականությունն ապահովող բարձր հատկանիշներ, միաժամանակ հանդիսանում է երկրի տնտեսական զարգացման նախապայմանը: Երկրում գոյություն ունեցող վայրի օգտակար բույսերից և կենդանիների էնդեմիկ ցեղերի ներկայացուցիչներից կախման մեջ են գտնվում գյուղատնտեսության այնպիսի բնագավառներ, ինչպիսիք են բուսաբուծությունը, անասնաբուծությունը, մեղվաբուծությունը, ձկնաբուծությունը, ինչպես նաև թեթև և սննդարդյունաբերության որոշ կարևոր բնագավառները: Անգնահատելի է ագրոկենսաբազմազանության դերը էկոհամակարգային ծառայությունների քանակական և որակական հատկանիշների պահպանման գործում, հատկապես` մշակաբույսերի և ընտանի կենդանիների գենոֆոնդի պահպանության, սելեկցիայի, դեղամիջոցների ստացման և կենսատեխնոլոգիաների միջոցով նոր նյութերի արտադրման համար` որպես բնակչության կենսապահովման նախապայման:

4) Կենսաբանական պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման հիմնախնդիրների լուծումը տրված է «Հայաստանի կենսաբազմազանության ռազմավարություն և գործողությունների ազգային ծրագիր» փաստաթղթում:

36. Ռեկրեացիոն ինդուստրիա. Ռեկրեացիոն ինդուստրիայի տարբեր գործառույթների տարածաժամանակային գիտական հիմնավորվածությամբ պլանավորումը, բնական համակարգերի կայունության աստիճանների թույլատրելի ծանրաբեռնվածության և տարողունակության նորմերի սահմանումը անապատացման գործընթացների կանխարգելման և ազդեցության մեղմացման կարևոր գործոններ են:

1) Ռեկրեացիոն ինդուստրիան պայմանավորված է բնօգտագործման, արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի, առևտրի և մշակույթի զարգացման աստիճաններով և միաժամանակ նախադրյալներ է ստեղծում այդ ճյուղերի հետագա զարգացման ու մասնագիտացման համար, կարգավորում է դրանց ներճյուղային հարաբերությունները: Ռեկրեացիոն ինդուստրիայի զարգացումը կնպաստի ոչ միայն տնտեսական շահութաբերության աճին, այլև նոր աշխատատեղերի ստեղծմանը: Այն կխթանի նաև`

ա. բնակչության կենցաղային, կրթական ու գեղագիտական մակարդակների բարձրացմանը, մշակույթի նոր օջախների, ազգային արվեստի շատ ձևերի զարգացմանը.

բ. հանրապետության տրանսպորտի և ենթակառուցվածքների այլ բնագավառների արագ զարգացմանը.

գ. արտադրական ոլորտ չընդգրկված տարածքների օգտագործմանը և հատկապես բարձր լեռնային լքված գյուղերի բնակեցմանը, որպես զբոսաշրջության սպասարկման կենտրոններ.

դ. հանրապետությունում ոչ արտադրական ճյուղերի և առևտրի ու սպասարկման այլ ծառայությունների լայն ցանցի ստեղծմանը.

ե. հայկական հնագույն ազգային արհեստների ու տնայնագործության աշխուժացմանը.

զ. գյուղատնտեսության բարելավմանը և ջերմոցային տնտեսությունների լայն ցանցի ստեղծմանը:

2) Ռեկրեացիայի և նրան սպասարկող հարակից ճյուղերի զարգացումն ունի մեծ նշանակություն բնակչության նյութական և բարոյահոգեկան կենսամակարդակների բարձրացման, էկոնոմիկայի աշխուժացման, ազգային եկամուտի մեծացման, տարբեր շրջանների զարգացման մակարդակների հավասարեցման հիմնախնդիրների լուծման գործում` վերջնական արդյունքում նպաստելով անապատացման մարդածին գործոնների ազդեցության զգալի նվազմանը: Այս առումով, ռեկրեացիայի զարգացմանը նպաստելու համար անհրաժեշտ է.

ա. իրականացնել Հայաստանի ռեկրեացիոն ռեսուրսների կադաստրավորման ուսումնասիրություններ` հաշվի առնելով բուսական և կենդանական համակեցությունների խոցելիությունը.

բ. սահմանել լանդշաֆտային տարբեր գոտիներում ռեկրեացիայի զարգացման չափանիշները.

գ. գնահատել ԲՀՊՏ-ների և խախտված էկոհամակարգերի վրա ռեկրեացիոն գործունեության ազդեցությունը և սահմանել այդ տարածքներում ռեկրեացիայի զարգացման չափանիշները.

դ. մշակել ռեկրեացիոն զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր:

37. ԲՀՊՏ-ների օգտագործում. ԲՀՊՏ-ների արդյունավետ կառավարումն ապահովելու համար նախ անհրաժեշտ է լուծել տարածքների պահպանության կայուն և նպատակային ֆինանսավորման հարցը: ԲՀՊՏ-ների երկարաժամկետ կառավարումն ավելի շատ ծախսեր է պահանջում, քան եկամտի հնարավորություններ տալիս և հնարավոր շահույթների ստացումը առավել կենտրոնացած է տեղի բնակիչների վրա: ԲՀՊՏ-ները պետք է նպաստեն համայնքային զարգացման ծրագրերի իրականացմանը` շեշտը դնելով ազգաբնակչության կենսապայմանների բարելավման վրա, ինչը կարող է դրական վերաբերմունք ձևավորել ԲՀՊՏ-ների պահպանության նկատմամբ: Այդ ծրագրերի հաջողությունը հիմնականում պայմանավորված է առկա ֆինանսական միջոցներով (պետական աջակցություն, դոնոր կազմակերպություններ), ինչպես նաև ակտիվ, շահագրգռված մարդկանցով, ովքեր ցանկություն կունենան ներդրում կատարելու: Պոտենցիալ շահույթները մեծ չափով կախված կլինեն առանձին իրավիճակներից և զարգացումներից: Հետևաբար, յուրաքանչյուր ԲՀՊՏ-ի համար պետք է գնահատվեն շահույթ ստանալու իրատեսական հնարավորությունները: ԲՀՊՏ-ների արդյունավետ կառավարումից հնարավոր է ձեռք բերել տնտեսական շահույթներ, որոնք կարող են լինել ուղղակի կամ անուղղակի, մշտական կամ միանգամյա: Որպես տնտեսական շահույթի ստացման օրինակներ կարող են հանդիսանալ զբոսաշրջության և կանոնակարգված ռեկրեացիայի կազմակերպումը: Հարկ է նշել, որ Հայաստանի ԲՀՊՏ-ների կայուն և շարունակաբար աճող ֆինանսավորումը զգալիորեն պայմանավորված է ԲՀՊՏ-ների կառավարումն իրականացնող կազմակերպությունների աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությամբ և իրենց գործառույթների իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական զինվածությամբ: ԲՀՊՏ-ների օգտագործման տնտեսական մեխանիզմների կատարելագործման ուղղությունները տրված են «Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարություն, պահպանության և օգտագործման բնագավառում պետական ծրագիր» փաստաթղթում (Հայաստանի Հանրապետության կառավարության 25-ը սեպտեմբերի 2014 թվականի, N 1059-Ա որոշում):

 

38. Անապատացման դեմ պայքարում գիտական աշխատանքների ընդլայնում և մոնիթորինգի համակարգի կատարելագործում

1) Անապատացման դեմ պայքարում գիտական աշխատանքների ընդլայնումը և մոնիթորինգի համակարգի կատարելագործումը համապատասխանում է ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի 10-ամյա ռազմավարության 3-րդ օպերատիվ նպատակին, որը նախատեսում է գիտատեխնիկական գիտելիքների կիրառմամբ ստեղծել մոնիթորինգի զարգացման հենք և վերլուծել էկոհամակարգերի գործառույթների ու կառուցվածքի վրա ազդեցության միտումները:

2) Անապատացման պատճառները և դրա դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված գիտական հետազոտությունների արդյունքներն այն կարևոր նախադրյալներն են, որոնք հիմք են հանդիսանում անապատացման գործոնների ազդեցության կանխարգելմանը կամ մեղմացմանը նպատակաուղղված պետական քաղաքականության ձևավորման և գործողությունների իրականացման համար: Անհրաժեշտ գիտական համալիր ուսումնասիրությունները պահանջում են նշանակալից կապիտալ ներդրումներ, առաջավոր մեթոդների և տեխնիկական միջոցների կիրառում, բնության պահպանության հարցերին լուրջ մոտեցում, էկոլոգիական իրադրության բարելավում և հնարավոր բացասական երևույթների գիտական կանխագուշակում: Ընդ որում` գիտահետազոտական աշխատանքների հիմնական ուղղությունները Հայաստանում ներկայումս ձևավորված են և կուտակված է բավական արժեքավոր փորձ: Այդ տեսակետից հանրապետությունում անապատացման երևույթների բացահայտման, շրջակա միջավայրի բաղադրիչների վիճակի մոնիթորինգի ուղղությամբ կատարված ուսումնասիրությունները ավանդական բնույթ են ձեռք բերել: Դրանք իրականացվել և իրականացվում են Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում, մի շարք նախարարություններում (Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության, բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների), գիտական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում: Անապատացման հիմնախնդիրներին նվիրված դասընթացներ են ներդրվել Երևանի պետական համալսարանում և Հայկական պետական մանկավարժական համալսարանում, հայրենական և արտասահմանյան ամսագրերում հրատարակվել են տասնյակ գիտական հոդվածներ, մենագրություն, պաշտպանվել են թեկնածուական և մագիստրոսական թեզեր:

3) Հանրապետությունում, անապատացման դեմ պայքարի տեսակետից, բնական պաշարների պահպանությանը և արդյունավետ օգտագործմանը վերաբերող գիտական ուսումնասիրությունների գերակայող ուղղություններ կարող են հանդիսանալ`

ա. տարբեր լանդշաֆտների դինամիկայի քանակական և որակական ցուցանիշների և դրանց վրա մարդու տնտեսական գործունեության ազդեցության բացահայտումը.

բ. շրջակա միջավայրի վրա մարդածին ծանրաբեռնվածության կարգավորման ռազմավարության մշակումը.

գ. մարդածին բիոգեոցենոզների վիճակի էկոլոգիական մոնիթորինգի նոր մեթոդների մշակումը.

դ. երաշտի գնահատման և կանխատեսման նոր համակարգի մշակումը և ներդրումը.

ե. երկրագործության համակարգի կատարելագործումը.

զ. ոռոգելի հողերի երկրորդային աղակալման կանխարգելումը.

է. ագրոանտառմելիորատիվ միջոցառումների մշակումը և ներդրումը.

ը. արոտավայրերի բարելավումը.

թ. լեռնալանջերի արդյունավետ գյուղատնտեսական օգտագործման ուղիների մշակումը.

ժ. կենսաբազմազանության պահպանությունը և կայուն օգտագործումը:

4) Հանրապետությունում անապատացման հիմնախնդիրներին առայժմ բավարար ուշադրություն չեն դարձնում տնտեսագիտությունը, սոցիոլոգիան, տեխնիկական, քիմիական, երկրաբանական գիտությունները, որոնց խնդիրները պետք է հանդիսանան` էկոլոգիական մոդելավորումը, համակարգված վերլուծությունը և անապատացման գործընթացների կանխագուշակումը, անապատացման դեմ պայքարի կոնկրետ ձևերի ու մեթոդների մշակումը: Առանձնակի նշանակություն ունեն սոցիալ-տնտեսական բնույթի ուսումնասիրությունները, որոնք պետք է ցույց տան արտադրողական ուժերի զարգացման, գյուղատնտեսության պատմականորեն ձևավորված ավանդույթների պահպանության և կատարելագործման ուղիները: Անապատացման հիմնախնդիրներն ընդգրկող գիտահետազոտական աշխատանքների իրականացման, արդյունավետության և կիրառական նշանակության բարձրացման գործում կարևոր է պետության ունեցած դերը, որի առաջնահերթ խնդիրներն են`

ա. տարածքային և միջազգային մակարդակներով համագործակցության խորացումը և համակարգումը` առավել ուշադրություն դարձնելով ֆինանսական, մարդկային, կազմակերպչական և տեխնիկական ռեսուրսների հայթայթմանը.

բ. ամրապնդել կենսաբանական, հողագիտական, գյուղատնտեսական, հիդրոլոգիական, օդերևութաբանական ազգային կենտրոնները.

գ. խրախուսել ժամանակակից տեխնոլոգիաների ձեռք բերման ու հարմարեցման աշխատանքները.

դ. առաջնայնությունը տալ այն գիտական հետազոտությունների թեմաներին, որոնք առնչվում են «Կենսաբազմազանության մասին», «Կլիմայի փոփոխության մասին» և «Անապատացման դեմ պայքարի» ՄԱԿ-ի կոնվենցիաներին.

ե. ապահովել «Գլոբալ տաքացման» թեմատիկայով համատեղ գիտական ծրագրերի իրականացումը, որը հնարավորություն կտա երկկողմ և բազմակողմ միջազգային համագործակցության շրջանակներում ներառել բնապահպանական կոնվենցիաներով երկրի ստանձնած պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև կոլաբորատորների ձեռքբերմանը:

5) Անապատացման տարածաժամանակային պատկերումը, ինտեգրալ տարածական մոդելների ստացումը, տեղեկատվական բազայի կազմումը հնարավոր է աշխարհագրական տեղեկատվական համակարգերի ներդրման միջոցով: Էկոլոգիական մոնիթորինգի նոր մեթոդի մշակման ժամանակ անհրաժեշտ է մեծ տեղ հատկացնել հեռազննման տվյալների կիրառմանը, որոնք արիդ և սեմիարիդ շրջանների երաշտների համար կարող են ապահովել օպերատիվ մոնիթորինգ և կանխատեսում: Անապատացման դեմ պայքարում մոնիթորինգի համակարգի կատարելագործման հարցում առաջնահերթ նշանակություն ունի հողերի մոնիթորինգի արդյունավետ կազմակերպումն ու իրականացումը, որի կարևոր բաղադրիչներն են.

ա. հավատարմագրված լաբորատորիաների կողմից հողերի մոնիթորինգի լաբորատոր հետազոտությունների իրականացումը.

բ. հողերի մոնիթորինգի կազմակերպումը հողերի պահպանության և օգտագործման բնագավառում լիազոր պետական կառավարման մարմնի կողմից` համակագործակցելով տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունն այս բնագավառում.

գ. հողերի մոնիթորինգի իրականացումը հողերը քիմիական և ռադիոակտիվ նյութերով աղտոտվածության, հողատարման, ողողման, ճահճացման, աղակալման, սողանքների և հողի վիճակը վատթարացնող այլ ազդեցությունների նկատմամբ.

դ. հողերի մոնիթորինգի վերաբերյալ ստացված տվյալների և ամփոփ տեղեկատվության մուտքագրումը լիազոր պետական մարմնի կողմից վարվող հողերի մոնիթորինգի տեղեկատվական տվյալների շտեմարանում, որը հանդիսանում է բնապահպանական տեղեկատվության միասնական շտեմարանի բաղկացուցիչ մասը.

ե. հողերի մոնիթորինգի տվյալների մատչելիության ապահովումը:

 

39. Անապատացման խնդիրներին ուղղված կրթության համակարգի կատարելագործում

1) Անապատացման դեմ պայքարում կրթության համակարգի կատարելագործումը համապատասխանում է «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի 10-ամյա ռազմավարության 3-րդ օպերատիվ նպատակին, մասնավորապես` միջազգային և տեղական մակարդակով անապատացման երևույթներին առնչվող գիտելիքների բացահայտում և դրանց օգտագործման համար հասանելիության կապի ուժեղացում:

2) Հայաստանի կրթության ոլորտում դեռևս առկա են որոշ թերություններ և բացթողումներ` «Կրթություն հանուն կայուն զարգացման» միջազգային գործընթացին ինտեգրվելու և տեղական մակարդակով գործողություններ իրականացնելու համար: Այդպիսի թերություններից են`

ա. Հիմնական դպրոցի «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների ուսումնական ծրագրերում քիչ ժամանակ է հատկացված (միայն 9-րդ դասարանի «Կենսաբանություն» առարկայի ծրագրում` 1 ժամ) «Կենսաբազմազանության մասին», «Կլիմայի փոփոխության մասին» և «Անապատացման դեմ պայքարի» ՄԱԿ-ի կոնվենցիաներին առնչվող թեմաներին, ինչը խոչընդոտում է լիարժեք բնապահպանական կրթության և դաստիարակության իրականացմանը.

բ. անբավարար է դասավանդման ժամանակակից մեթոդներով զինված կլիմայագետ և ագրոէկոլոգ մասնագիտական կադրերի քանակը.

գ. կրթության և դաստիարակության իրականացման համար անբավարար են անհրաժեշտ նյութական, կազմակերպչական, ֆինանսական հնարավորությունները.

դ. բնապահպանական հիմնահարցերի արդյունավետ իրազեկման համար անբավարար է մասնագետների վերապատրաստման գործընթացը:

3) Այս ամենը խոչընդոտում են սովորողների համակարգված գիտական աշխարհայացքի ձևավորմանը և արդի բնապահպանական հարցերի ճիշտ ընկալմանը: Անապատացման խնդիրներին ուղղված կրթության համակարգի կատարելագործման ուղղություններից է բնապահպանական և կրթական քաղաքականության ներդաշնակ զարգացումը: Սույն գործընթացը ենթադրում է ֆորմալ և ոչ ֆորմալ կրթություն իրականացնելիս կայուն զարգացման բնապահպանական առանցքային թեմաների ներմուծում կրթության համակարգի բոլոր մակարդակներ:

4) Վերոնշյալ գործընթացը կարող է ապահովվել նաև բնապահպանության և կրթության ոլորտների պետական և տարածքային կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների վերանայման շնորհիվ: Անհրաժեշտ է նաև խորացնել համագործակցությունը «Էկոլոգիական կրթության» ու «Կրթություն հանուն կայուն զարգացման» միջգերատեսչական համակարգող հանձնաժողովների և հասարակական կազմակերպությունների միջև: Նշված խնդիրների լուծումը նպատակաուղղված է`

ա. բնապահպանության և կրթության ոլորտների պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների կրկնությունների բացառմանը.

բ. կադրերի ճիշտ ընտրությանը.

գ. հասարակական կազմակերպությունների կրթական գործունեության խրախուսման նոր մեխանիզմների ներդրմանը.

դ. բակալավրիատ-մագիստրատուրա-դոկտորանտուրա` եռաստիճան ուսուցման համակարգի ուսումնական պլանների, ուսումնական և մեթոդական ձեռնարկների, դասագրքերի և կրթական այլ փաստաթղթերի վերանայման և ստանդարտացման գործընթացի իրականացմանը.

ե. ագրոէկոլոգ և կլիմայագետ մասնագետների պատրաստման գործընթացի որակական և քանակական ցուցանիշների համապատասխանեցմանը հանրապետության սոցիալ-տնտեսական պահանջներին.

զ. կրթական գործընթացն իրականացնող սուբյեկտների ծրագրային, մեթոդական, կադրային և տեղեկատվական հագեցվածության բարելավմանը, գործունեության թափանցիկության և ունկնդիրների հետաքրքրությունների ապահովմանը.

է. կրթական համակարգի երրորդ աստիճանի ուսումնագիտական գործընթացի օպտիմալացմանը` ներգրավելով առաջատար բարձրագույն ուսումնական հաստատությունների լաբորատոր փորձարարական հնարավորությունները և կադրային ներուժը.

ը. կրթական համակարգի բոլոր մակարդակներում անապատացման, կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության պահպանության հարցերի գիտամեթոդական ապահովմանը, տեղեկատվական բազաների ստեղծմանը.

թ. գրադարանների փոխկապակցված ցանցի ստեղծմանը:

5) Նշված գործողությունների արդյունավետությանը զգալիորեն կնպաստի շրջակա միջավայրի վերաբերյալ համապատասխան գիտելիքների տարածման գործընթացների ակտիվացումը, որի համար անհրաժեշտ է.

ա. ստեղծել «Կրթություն հանուն կայուն զարգացման» ռազմավարության բնապահպանական առանցքային թեմաներով ուսումնական նյութեր և ձեռնարկներ.

բ. կրթության տարբեր մակարդակների համար պատրաստել «Կենսաբազմազանության մասին», «Կլիմայի փոփոխության մասին» և «Անապատացման դեմ պայքարի» ՄԱԿ-ի կոնվենցիաների վերաբերյալ ինտերակտիվ խաղերի, բուկլետների, գովազդային հոլովակների և այլ հանրամատչելի կրթադաստիարակչական ու տեղեկատվական նյութեր.

գ. ներառել նշված կոնվենցիաներին առնչվող թեմաները մասնագիտական կրթության տարբեր օղակների դասընթացներում:

 

40. Հասարակության իրազեկության և գործողություններին մասնակցության ապահովում

1) Հասարակության իրազեկության և գործողություններին մասնակցության ապահովումը համապատասխանում է «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի 10-ամյա ռազմավարության 1-ին օպերատիվ նպատակին, որը ենթադրում է հողերի դեգրադացիայի վերաբերյալ համապետական և տեղական մակարդակներով քարոզչական, տեղեկատվական և լուսավորչական (ռազմավարության հիմնական հասկացությունների, կոնվենցիայի դրույթների և այլնի մասին) աշխատանքների իրականացում` նպատակային խմբերի որոշման և համախմբման եղանակով և օգտագործելով զանգվածային լրատվության ու հեռահաղորդակցման միջոցները: Նպատակն է անապատացման դեմ պայքարին ուղղված որոշումների կայացման վերաբերյալ հասարակությունից ստանալ անհրաժեշտ կարծիքներ:

2) Հայաստանի էկոհամակարգերում ստեղծված իրավիճակը թելադրում է, որ էկոլոգիական մտածելակերպը ներկայումս սկզբունքային բեկման անհրաժեշտություն ունի: Չնայած բնապահպանական օրենսդրության կայացման հարցում հանրապետությունը մեծ առաջընթաց ունի, սակայն իրական կյանքում այն կարող է գործել միայն համընդհանուր էկոլոգիական կրթության և դաստիարակության գործող համակարգի առկայությամբ:

3) Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների արդյունավետությունը նախ և առաջ պայմանավորված է անապատացման դրսևորման հիմնական ձևերի, դրանց խթանող բնական, տնտեսական և սոցիալական պատճառների, ինչպես նաև բնապահպանական օրենսդրության մասին բնակչության իրազեկությամբ: Դրանով կապահովվի հասարակության կողմից շրջակա միջավայրում տեղի ունեցող գործընթացների հետևանքների ընկալումը, որը թույլ կտա բնակչությանը գիտակցորեն ներգրավվել բնապահպանական հիմնախնդիրների լուծման աշխատանքներին: Դրա համար անհրաժեշտ է`

ա. որոշել շահառու/թիրախային խմբերը` հիմք ընդունելով անապատացման երևույթների դրսևորման տարածքներում տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքների բնակչության, ձեռնարկատերերի, հասարակական կազմակերպությունների անապատացման վերաբերյալ գիտելիքների և կարիքների գնահատման արդյունքները.

բ. յուրաքանչյուր խմբի համար մշակել գործունեության համապատասխան հայեցակարգ.

գ. ընտրել կամ մշակել հաղորդակցության մեթոդներ, որոնց կիրառումը կենթադրի շահագրգիռ կողմերի մասնակցության մեծ շրջանակ, որտեղ կնշվեն յուրաքանչյուր սուբյեկտի գործողությունները և պարտավորությունները, հնարավորություն կտան ավելի թափանցիկ դարձնել թիրախային խմբերին հասցեագրված քարոզչությունը:

4) Անհրաժեշտ է ստեղծել նաև տեղեկատվական միասնական համակարգ, որը պետական մարմիններին հնարավորություն կտա հասարակության տարբեր շերտերից հարցումների միջոցով հավաքագրել էկոլոգիական տեղեկատվությունը, վերլուծել այն և հետո տրամադրել հասարակությանը` ապահովելով հասարակության տարբեր շերտերի մասնակցությունը որոշումների կայացմանը: Արդյունքում` շահառուները տեղեկացված կլինեն անապատացման միջազգային, տարածաշրջանային և տեղական հիմնախնդիրներին, ինչպես նաև հնարավոր սիներգիզմին` կլիմայի փոփոխության հետևանքների մեղմանն ուղղված կենսաբազմազանության հարմարվողականության միջոցառումներին: Տեղեկատվական միասնական համակարգի ձևավորումը և կառավարումը ենթադրում է տեղեկատվության և մոնիթորինգի ցուցանիշների սահմանում, դրանց իրականացման տարեկան և երկարաժամկետ հասցեական ծրագրերի կազմում: Այդ առումով նպատակահարմար է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կայքում ստեղծել «Հայաստանում անապատացման դեմ պայքարի» նոր էջ: Անհրաժեշտ է, որ տվյալների համակարգի բովանդակությունը համահունչ լինի Եվրոպական բնապահպանական գործակալության տեխնիկական օժանդակությամբ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության և բնապահպանության նախարարության համատեղ ղեկավարությամբ իրականացվող «Բնապահպանական միասնական տեղեկատվական համակարգ-Հայաստան» ծրագրի պահանջներին և բովանդակությանը:

 

41. Ռիո-յի կոնվենցիաների շրջանակներում համատեղ գործողությունների իրականացում

1) Ռիո-յի կոնվենցիաների շրջանակներում համատեղ գործողությունների իրականացումը համապատասխանում է «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի 10-ամյա ռազմավարության 3-րդ օպերատիվ նպատակին` կոնվենցիաների շրջանակներում գործողությունների համաձայնեցմանը և համակարգմանը: Այն համապատասխանում է նաև 4-րդ օպերատիվ նպատակին` Ռիոյի երեք և այլ համապատասխան կոնվենցիաների միջև սիներգիկ կապերի բացահայտմամբ նպաստել հողերի դեգրադացիայի և երաշտի հետևանքների մեղմացման գործընթացներում կարողությունների հզորացմանը:

2) Հայաստանի Հանրապետությունը ներկայումս անդամակցում է բազմաթիվ կոնվենցիաների, որոնց շրջանակներում իրականացվող համատեղ ծրագրերը հնարավորություն կտան խուսափելու այնպիսի կրկնություններից, ինչպիսիք են`

ա. օրենսդրության կատարելագործումը.

բ. ուսումնասիրությունների կառավարումը.

գ. մոնիթորինգի կատարելագործումը.

դ. շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը.

ե. հասարակության տեղեկատվության աստիճանի բարձրացումը.

զ. կադրերի պատրաստումը.

է. վաղ նախազգուշացման և արագ արձագանքման համակարգի զարգացումը:

3) Վերլուծելով Հայաստանի կողմից ստանձնած բնապահպանական նշանակության միջազգային պարտավորությունները` ակնհայտ է դառնում դրանց փոխկապակցվածությունը և միմյանց լրացնելը, որը հնարավորություն է տալիս երկկողմ և բազմակողմ գործողությունների համակարգված իրականացման համար: Նման մոտեցումը կնպաստի ոչ միայն անապատացման դեմ պայքարի արդյունավետությանը և դրան ուղղված միջոցների խնայողությանը, այլև միջազգային համագործակցության ընդարձակման համար բարենպաստ պայմանների ապահովմանը: Դրան հասնելու համար անհրաժեշտ է բացահայտել Հայաստանում Ռիո-յի կոնվենցիաների միջև առկա սիներգիկ կապերը և մշակել համատեղ գործողությունների իրականացման ծրագիր:

 

42. Միջազգային համագործակցության իրականացում

1) Միջազգային համագործակցությունը համապատասխանում է «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի 10-ամյա ռազմավարության 5-րդ օպերատիվ նպատակին, որով կոչ է արվում երկրներին «ազգային, երկկողմ և բազմակողմ մակարդակներում համախմբել ֆինանսական և տեխնոլոգիական ռեսուրսները` օգտագործելով դրանք ավելի հասցեավորված ու համակարգված», որի դեպքում անհրաժեշտ է ներառել բոլոր առկա աղբյուրները և ֆինանսավորման պայմանները, որոնք պետք է ներդաշնակ լինեն միջոլորտային հարաբերություններին:

2) Հայաստանի աշխարհագրական դիրքը պայմանավորում է նրա քաղաքական, տնտեսական և բնապահպանական հիմնախնդիրները, որոնք անապատացման գործընթացների զարգացման և խորացման հարցում ունեն հավասարարժեք նշանակություն: Այդ տեսակետից անապատացման դեմ պայքարին նպատակաուղղված գործողությունները անհնար է լիարժեք իրականացնել առանց բազմակողմանի միջազգային համագործակցության: Միջազգային համագործակցության կարևորությունը ամրագրված է նաև ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի հոդվածներ 11-12-ում, որպես կոնվենցիայի դրույթների իրականացման համար բարենպաստ միջազգային իրադրություն ապահովող գործոն:

 

43. Անապատացման դեմ պայքարի ռազմավարության առաջնահերթությունները

1) Հաշվի առնելով Հայաստանում անապատացման դեմ պայքարի ռազմավարության խնդիրները, ինչպես նաև սույն փաստաթղթում կատարված վերլուծությունները, որպես ռազմավարական առաջնահերթություններ, կարելի է ընդունել հետևյալները.

ա. անապատացման հիմնախնդիրներին առնչվող օրենսդրության կատարելագործում.

բ. հողերի կառավարման արդյունավետության բարձրացում.

գ. անապատացման հիմնախնդիրների և դրանց լուծման վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացում.

դ. համատեղ գործողություններ Ռիո-յի Կոնվենցիաների շրջանակներում և միջազգային համագործակցություն:

 

VII. ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2015-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

 

44. Գործողությունների ծրագրի նպատակը. Անապատացման դեմ պայքարի 2015-2020 թթ. գործողությունների ազգային ծրագրի (աղյուսակ 12) նպատակն է ապահովել այս բնագավառում ռազմավարական խնդիրների իրականացմանը նպաստող իրատեսական գործողությունների և դրանց կատարման համար բանական ժամկետների սահմանումը` հիմք ընդունելով ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի Կողմ երկրների 8-րդ Կոնֆերանսում ընդունված 10-ամյա ռազմավարական ծրագիրը:

45. Գործողությունների ծրագրի բովանդակությունը. Սույն ծրագիրն ընդգրկում է միջոցառումների չորս խումբ, որոնք համապատասխանում են վերը նշված ռազմավարական առաջնահերթություններին: Յուրաքանչյուր գործողության համար նշվում են նպատակները, կատարողները, կատարման ժամկետները, ֆինանսական ապահովումը և ակնկալվող արդյունքը:

 

46. Գործողությունների ծրագրի իրականացման ֆինանսավորման աղբյուրները

1) Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի ֆինանսավորման աղբյուրներ կարող են հանդիսանալ.

ա. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն.

բ. ազգային մակարդակով գործարարների, հիմնադրամների, ոչ կառավարական և այլ կազմակերպությունների ներդրումները.

գ. միջազգային աղբյուրները:

2) Ծրագրի իրականացումը կարող է կազմակերպվել ինչպես վերը նշված ֆինանսավորման առանձին աղբյուրների, այնպես էլ դրանց համատեղման հաշվին:

 

47. Գործողությունների ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները.

Սույն ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները գլոբալ առումով վերաբերվում են հետևյալներին.

1) համապատասխան օրենսդրության կատարելագործմանը.

2) հողերի կառավարման արդյունավետության բարձրացմանը.

3) անապատացման հիմնախնդիրների և դրանց լուծման վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացմանը.

4) Ռիո-յի կոնվենցիաների շրջանակներում համատեղ գործողությունների արդյունավետության բարձրացմանը և միջազգային համագործակցության ընդլայնմանը:

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.05.2015
N 23
Արձանագրային որոշում