Սեղմել Esc փակելու համար:
ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

040.1318.191115

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 նոյեմբերի 2015 թվականի N 1318-Ն

 

i

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետություն կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 583-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի նոյեմբերի 12-ի

N 1318-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների (այսուհետ` հանձնաժողով) կողմից իրականացվող փորձաքննություններին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) մասնակցության հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի նպատակն է փորձաքննվող անձի համաձայնության կամ ցանկության դեպքում ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը բժշկասոցիալական փորձաքննության գործընթացին որպես դիտորդ` ապահովելով այդ գործընթացի հրապարակայնությունն ու թափանցիկությունը:

3. Կազմակերպությունները հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն) են ներկայացնում`

1) հայտ` համաձայն ձևի.

2) իրենց կողմից լիազորված ներկայացուցիչների ցուցակը (այսուհետ` ցուցակ), որում ներառվում են կազմակերպության ներկայացուցչի (ներկայացուցիչների) անունը, ազգանունը, հասարակական կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.

3) կազմակերպության կանոնադրությունը և (կամ) կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի նկարագրությունը, որը հավաստում է հաշմանդամության ոլորտում տվյալ կազմակերպության առնվազն 2 տարվա գործունեության փաստը:

4. Նախարարությունը հայտն ընդունելուց հետո մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրում է սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերը և ցուցակը տեղադրում նախարարության պաշտոնական կայքէջում (www.mlsa.am), որից հետո կազմակերպության ներկայացուցիչներն իրավունք ունեն մասնակցելու փորձաքննություններին:

5. Հանձնաժողովները կազմակերպության ներկայացուցիչների մասին տեղեկանում են նախարարության պաշտոնական կայքէջից:

6. Նոր կազմակերպությունների կողմից հայտ ներկայացվելու դեպքում նախարարությունը համալրում է կայքէջում տեղադրված ցուցակը` սույն կարգի 4-րդ կետի պահանջներին համապատասխան:

7. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված պահանջները չկատարելու դեպքում նախարարությունը մերժում է կազմակերպության հայտը:

8. Կազմակերպությունները երեք տարին լրանալուց հետո մեկ ամսվա ընթացքում վերահաստատում են իրենց ներկայացուցչի (ներկայացուցիչների) թեկնածությունը կամ ներկայացնում են այլ ներկայացուցչի (ներկայացուցիչների) թեկնածություն` սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներին համապատասխան:

9. Հանձնաժողովը փորձաքննությանը կազմակերպության ներկայացուցչի մասնակցելու իրավասության վերաբերյալ փորձաքննվող անձին կամ նրա օրինական ներկայացուցչին իրազեկում է բժշկասոցիալական փորձաքննության դիմումն ընդունելիս:

10. Փորձաքննվող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը փորձաքննության օրը տալիս են իրենց գրավոր համաձայնությունը կազմակերպության ներկայացուցչի մասնակցելու վերաբերյալ: Գրավոր համաձայնությունը կցվում է «վարչական վարույթին (բժշկասոցիալական փորձաքննական գործին)»:

11. Կազմակերպության ներկայացուցիչը փորձաքննություններին մասնակցելու համար ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով:

12. Անձի բժշկասոցիալական փորձաքննությանը կարող է մասնակցել հասարակական կազմակերպության առավելագույնը երկու ներկայացուցիչ:

13. Կազմակերպությունները հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննությունների ժամանակացույցի վերաբերյալ տեղեկանում են նախարարության պաշտոնական կայքէջից:

14. Կազմակերպությունների ներկայացուցիչները հանձնաժողովի կողմից իրականացվող փորձաքննությանը մասնակցում են դիտորդի կարգավիճակով:

15. Դիտորդն իրավունք ունի հանձնաժողովին ներկայացնել իր գրավոր դիտարկումները, կատարել գրառումներ:

16. Դիտորդն իրավունք չունի միջամտելու հանձնաժողովի աշխատանքներին:

17. Դիտորդը պարտավոր է օրենքով սահմանված կարգով պահպանել անձի վերաբերյալ անձնական տվյալներ հանդիսացող տեղեկատվության գաղտնիությունը:

18. Փորձաքննվող անձը փորձաքննության ցանկացած պահի կարող է հրաժարվել դիտորդի մասնակցությունից:

i

19. Կազմակերպությունները կարող են վերլուծել իրենց ներկայացուցիչների մասնակցության արդյունքները և համապատասխան դիտարկումներ ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի փետրվարի 25-ի N 98-Ն որոշմամբ հաստատված Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովին:

 

Ձև

 

ՀԱՅՏ

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

______________________________________________________________________

                       (կազմակերպության անվանումը)

______________________________________________________________________

(կազմակերպության գտնվելու վայրը և կապի միջոցները (հեռախոսահամարը,

առկայության դեպքում` էլեկտրոնային հասցեն)

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

        (կազմակերպության գործունեության ոլորտը և հիմնադրման ամսաթիվը)

 

Կից ներկայացվող փաստաթղթերը.

1) _____________________________________________

2) _____________________________________________

3) _____________________________________________

4) _____________________________________________

5) _____________________________________________

 

Կազմակերպության

ղեկավար ___________________ _______________________________________

             (ստորագրությունը)         (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

_____ _________________ 20____ թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.11.2015
N 1318-Ն
Որոշում