010.0202.301215
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2015 թվականի դեկտեմբերի 18-ին
«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«մասնավոր մուլտիպլեքսոր` Ազգային հանձնաժողովի կողմից լիցենզավորված իրավաբանական անձ, որն ապահովում է մուլտիպլեքսի տարածման կամ հեռարձակման ենթակառուցվածքի տեխնիկական շահագործումը.
Հանրային մուլտիպլեքսոր` իրավաբանական անձ, որն իրականացնում է Հանրային հեռարձակման թվային ցանցի շահագործումը.
Հանրային հեռարձակման թվային ցանց` Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետությանը 100 տոկոս պատկանող ընկերության սեփականությունը հանդիսացող հեռարձակման թվային ցանց.
տեղական հեռուստառադիոընկերություն` մինչև 2015 թվականի հունվարի մեկը գործող և դրանից հետո իր լիցենզիայի պայմանների սահմաններում գործունեությունը շարունակող հեռուստառադիոընկերություն:»:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա հեռուստառադիոընկերությունների հեռուստառադիոծրագրերի վերահեռարձակման ժամանակ գովազդի, ներառյալ` վերահեռարձակող գովազդի հեռարձակումն արգելվում է: Օրենքով կամ միջազգային պայմանագրերով կարող են սահմանվել այլ կարգավորումներ:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին գլխով.
i
«ԳԼՈՒԽ 6.1
ՄԱՍՆԱՎՈՐ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 55.1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՄԱՍՆԱՎՈՐ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով Ազգային հանձնաժողովի տված լիցենզիայի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված իրավաբանական անձի կողմից, որի հիմնադրման (ստեղծման) ժամանակ կամ դրանից հետո օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը չպետք է հավասար կամ ավելի լինի հեռարձակող կազմակերպության որոշումների ընդունման համար անհրաժեշտ բաժնեմասերի 50 տոկոսից: Ավելի մեծ բաժնեմաս կարող է սահմանվել միջպետական պայմանագրերով:
2. Մասնավոր մուլտիպլեքսորը պարտավոր է մուլտիպլեքսն իրականացնել սեփական էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով, որի սփռման տարածքը չպետք է լինի ավելի փոքր, քան Հայաստանի Հանրապետության հանրային հեռարձակման թվային ցանցի սփռման տարածքը:
3. Մասնավոր մուլտիպլեքսորի ցանցի բաղադրիչները (ներառյալ` ռադիոկայանները, մալուխները, հեռարձակող սարքավորումները) պետք է լինեն մասնավոր մուլտիպլեքսորի սեփականությունը:
4. Մասնավոր մուլտիպլեքսորն իրավունք չունի մատուցելու այլ ծառայություններ, քան այնպիսիները, որոնք բացառապես կապված են հաղորդակցության ցանցի գործունեության և շահագործման հետ:
5. Մասնավոր մուլտիպլեքսորը պարտավոր է իր մուլտիպլեքսի հեռուստառադիոծրագրերի 20 տոկոսը Ազգային հանձնաժողովի սահմանած ժամկետում, բայց ոչ շուտ, քան երեք ամսում տրամադրել Ազգային հանձնաժողովի կողմից լիցենզավորված հեռուստառադիոընկերություններին` հեռուստառադիոհեռարձակում իրականացնելու համար, իսկ մնացած հեռուստառադիոծրագրերը կարող է օգտագործել անձամբ կամ տրամադրել վճարովի կամ անվճար հիմունքներով հեռուստառադիոընկերություններին, բացառապես սույն օրենքով նախատեսված կարգով վերահեռարձակում իրականացնելու նպատակով: Սույն հոդվածում նշված հեռուստածրագրերը Ազգային հանձնաժողովը տրամադրում է սույն օրենքի 48-49-րդ հոդվածներով սահմանված մրցույթ հայտարարելու միջոցով նոր լիցենզիա ստացած ընկերություններին:
Սույն հոդվածում նշված հեռուստառադիոծրագրերը չեն կարող տրամադրվել Հանրային հեռարձակման թվային ցանցում հեռարձակման իրավունք ունեցող հեռուստառադիոընկերությանը, բացառությամբ եթե այդ ընկերությունը հրաժարվում է Հանրային հեռարձակման թվային ցանցում հեռարձակման իրավունքից:
ՀՈԴՎԱԾ 55.2. ՄԱՍՆԱՎՈՐ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԸ
1. Ազգային հանձնաժողովը մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա ստանալու առաջին մրցույթը հայտարարում է մինչև 2016 թվականի մայիսի 1-ը: Մրցույթը չկայանալու կամ մրցույթում հաղթող չլինելու դեպքում դրա հայտարարելուց մեկ տարի հետո Ազգային հանձնաժողովը հայտարարում է նոր մրցույթ:
2. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիա ստանալու մրցույթը հայտարարելուց հետո` երեք ամսվա ընթացքում, սույն օրենքի 55.1-ին հոդվածի պայմաններին համապատասխանող իրավաբանական անձը Ազգային հանձնաժողով պետք է ներկայացնի`
ա) դիմում.
բ) հեռարձակման թվային ցանցի ստեղծման նախագիծը, ներառյալ` ցանցի գործարկման ժամանակացույցը.
գ) ապացույցներ դիմողի մոտ հեռարձակման թվային ցանցն ստեղծելու և շահագործելու համար անհրաժեշտ տեխնիկական և ֆինանսական կարողությունների առկայության մասին:
3. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիայի համար դիմումում պետք է նշվեն`
ա) դիմումն Ազգային հանձնաժողովին ուղղված լինելու մասին.
բ) դիմողի գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, գործունեության իրականացման հասցեն.
գ) մասնավոր մուլտիպլեքսորի լիցենզիա ստանալու համար դիմումը ներկայացնելու մասին.
դ) մուլտիպլեքսի կառուցման և գործարկման համար անհրաժեշտ ռադիոհաճախականությունների մասին, ընդ որում, հաճախականությունները պետք է ներառված լինեն Ազգային հանձնաժողովի կառավարման ներքո տրամադրված հաճախականություններում:
4. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման համար դիմումների ներկայացման ժամկետի ավարտից հետո Ազգային հանձնաժողովը ցանցի ստեղծման նախագիծը և ժամանակացույցը իր ընտրած փորձագետներին ներկայացնում է տեխնիկական փորձաքննության, որը պետք է իրականացվի առավելագույնը վեց ամսվա ընթացքում:
5. Եթե վեց ամսվա ընթացքում հանձնաժողովը չի տալիս տեխնիկական եզրակացությունը, ապա համարվում է, որ այն համապատասխանում է անհրաժեշտ պահանջներին:
6. Տեխնիկական փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո` առավելագույնը 15-օրյա ժամկետում, Ազգային հանձնաժողովը կազմակերպում է հանրային լսումներ, որոնց անցկացման վայրի և ժամի մասին հայտարարություն է հրապարակում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (www.azdarar.am):
7. Տեխնիկական փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո` առավելագույնը երկու ամսվա ընթացքում, հիմք ընդունելով փորձաքննության և հանրային լսումների արդյունքները, Ազգային հանձնաժողովը որոշում է ընդունում լիցենզիա տրամադրելու կամ դիմումը մերժելու վերաբերյալ:
8. Մրցույթի կազմակերպման առանձնահատկությունները (ներառյալ` գնահատման չափանիշները) սահմանվում են Ազգային հանձնաժողովի որոշմամբ:»:
i
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 56-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործունեությունն այն հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների և նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի տարածքում, որտեղ առկա է ութ կամ ավել հեռուստացույց, կարող է իրականացվել միայն Ազգային հանձնաժողով ծանուցում ներկայացնելուց հետո:»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 57-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ՀՈԴՎԱԾ 57. ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻ, ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ, ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐԻ ԵՎ ՆՄԱՆԱՏԻՊ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՇԵՆՔԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ
1. Սույն օրենքի 56-րդ հոդվածի 3-րդ մասում նշված ծանուցումը հեռուստառադիոհաղորդումներ հեռարձակողը պարտավոր է Ազգային հանձնաժողով ներկայացնել հեռուստառադիոհաղորդումների կազմակերպումից հինգ օր առաջ:
2. Ծանուցման մեջ պետք նշվեն այն բոլոր հեռուստաընկերությունների անվանումները, որոնք ծանուցում ներկայացնողը պատրաստվում է վերահեռարձակել, ինչպես նաև ներկայացվում են վերը նշված հեռուստառադիոընկերությունների իրավատերերի հետ կնքված պայմանագրերի լուսապատճենները:
3. Հյուրանոցների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների և նմանատիպ վարձակալական հիմունքներով շենքերի տարածքում հեռուստառադիոհաղորդումների հեռարձակումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:»:
i
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 60-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ և 23-րդ մասերով.
«22. Առանց սույն օրենքի 56-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ծանուցման վերահեռարձակում իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
23. Սույն հոդվածի 22-րդ մասով սահմանված հիմքերով վարչական տույժի ենթարկված իրավաբանական անձի կողմից մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61.1-ին հոդվածով.
i
«ՀՈԴՎԱԾ 61.1. ՄԱՍՆԱՎՈՐ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
1. Մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզիան դադարեցվում է լիցենզավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև եթե`
1) մուլտիպլեքսորը չունի օրենքով պահանջվող թվային ցանց.
2) տեխնիկական պատճառներով նրա գործունեության խափանումը տևում է երեք ամսից ավել:»:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 62-րդ հոդվածի 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
i
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 62-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ մասով.
«16. Մինչև մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության սկիզբը Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է տեղական հեռուստառադիոընկերությունների գործունեությունը` գործող լիցենզիաների` առանց փոփոխությունների երկարաձգման միջոցով: Ազգային հանձնաժողովը սահմանում է տեղական հեռուստառադիոընկերությունների լիցենզիաների երկարաձգման կարգը և պայմանները, որոնք, սակայն, չեն կարող պարունակել հավելյալ պահանջներ, բացի ընկերության կողմից կիրառվող հեռարձակող սարքերի, ընկերության գործունեության (տևողության) և ընկերության մասին հանձնաժողով տեղեկատվություն
ներկայացնելուց: Լիցենզիան երկարաձգվում է յուրաքանչյուր տարածքում մինչև նշված տարածքը ներառող մարզում հեռարձակման նոր մրցույթի անցկացումը և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելը: Սույն մասում նշված ընկերություններից լիցենզիայի երկարաձգման և տարեկան պետական տուրքեր չեն գանձվում:»:
ՀՈԴՎԱԾ 10. Անցումային դրույթներ
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016թ. հունվարի 1-ից:
30 դեկտեմբերի 2015 թվականի
ՀՕ-202-Ն