Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2015 թվականի N 432-Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում

Հանրային և բազմաբնակարանային շենքերում էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների ապահովման նպատակով 2015 թվականի ընթացքում բանակցություններ են վարվել ՄԱԶԾ և Եվրոպական Ներդրումային բանկի հետ: Ծրագիրը կներառի շենքերի սեյսմակայունության ապահովման, արտաքին պատող կոնստրուկցիաների ջերմամեկուսացման, մուտքի դռների և աստիճանավանդակների լուսամուտների փոխարինման, ջեռուցման/հովացման, օդափոխության և օդորակման համակարգերի, լուսավորության համակարգերի վերակառուցման և վերականգնվող էներգիայի աղբյուրների ինտեգրման բաղադրիչները: Այս նպատակով ՄԱԶԾ հետ մշակվել և Կանաչ կլիմայի հիմնադրամին է ներկայացվել «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում» ծրագրային փաստաթուղթը ֆինանսավորման նպատակով (դրամաշնորհ):

2016թ. ընթացքում նախատեսվում է ՄԱԶԾ և Եվրոպական Ներդրումային բանկի հետ Երևան քաղաքում համայնքային ենթակայության հանրային շենքերի, ինչպես նաև Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերում էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված իրագործելիության ծրագրի մշակում և իրականացում:

Աղբահանություն և սանիտարական մաքրում

Երևան քաղաքի սանիտարական մաքրման ենթակա փողոցների, հրապարակների, կամուրջների, մայթերի, բակային տարածքների և այլ կառույցների ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 24.348.634 քմ:

Մայրաքաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացվում է մրցույթում հաղթող ճանաչված «Սանիթեք» ՍՊ ընկերության կողմից: Երևան քաղաքի տարածքից օրական հավաքվում և տարբեր աղբավայրեր է տեղափոխվում շուրջ 1300-1400 տ. կենցաղային աղբ, որից 750-800 տ. տեղադրվում է Նուբարաշենի քաղաքային աղբավայրում, իսկ մնացածը Աջափնյակ վարչական շրջանի, ինչպես նաև Ջրվեժի աղբավայրերում:

Նուբարաշենի քաղաքային աղբավայրը գործարկվել է 1950-ական թվականներին և գտնվում է մայրաքաղաքի կենտրոնից մոտ 9-10 կմ հեռավորության վրա զբաղեցնելով շուրջ 52.3 հա տարածք:

Մայրաքաղաքի տարածքից Նուբարաշենի աղբավայր է տեղափոխվում տարեկան միջին հաշվով 290-295 հազ. տոննա կենցաղային աղբ:

Քաղաքային աղբավայրում ջերմային գազերի արտանետումը, ինքնաբռնկման երևույթները կանխելու նպատակով 2009թ. մարտի 10-ին Երևանի քաղաքապետարանը ճապոնական «Շիմիձու» ընկերության հետ կնքել է համաձայնագիր Նուբարաշենի թափոնակուտակիչում կենսագազի հավաքման և այրման ծրագրի իրականացման վերաբերյալ:

Պայմանագրի գործողության ժամանակահատվածում մինչև 2023 թվականը, ըստ հաշվարկների, պետք է իրականացվի 512 հազար տոննա CO2 գազին համարժեք արտանետումների սերտիֆիկացված կրճատում:

2015թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի, Եվրոպական միության և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել է կոշտ կենցաղային թափոնների ոլորտում համագործակցելու պատրաստակամության մասին փոխընմբռման հուշագիր:

Մայրաքաղաքում լիարժեք և արդյունավետ լուծում են ստացել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի (ներառյալ ձմռան ամիսներին) հիմնախնդիրները, ինչպես նաև ոլորտում ներդրվել է ժամանակակից կառավարման համակարգ ապահովելով եվրոպական չափանիշներին համապատասխան որակյալ ծառայություններ:

Երևան քաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի խցանված աղբամուղերի մաքրման, ախտահանման, աղբընդունիչի վերանորոգման, շինարարական աղբի տեղափոխման, ինչպես նաև գետերի հուների մաքրման աշխատանքների իրականացման համար կնքվել է ծառայությունների գնման պայմանագիր 10 տարի ժամկետով:

 

Հիմնախնդիրներ

1. Նուբարաշենի քաղաքային աղբավայրը չի համապատասխանում ժամանակակից միջազգային չափանիշներին:

2. Մայրաքաղաքում դեռևս առկա են չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքեր:

3. Մայրաքաղաքում դեռևս վերջնականապես լուծված չէ անվավոր կոնտեյներների հարթակների կառուցման խնդիրը:

 

2016 թվականին նախատեսվող աշխատանքներ

Աշխատանքներ կիրականացվեն ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի, Եվրոպական միության և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրած կոշտ կենցաղային թափոնների ոլորտում համագործակցելու պատրաստակամության մասին փոխընմբռման հուշագրով նախատեսված ծրագրի իրագործման ուղղությամբ որի արդյունքում նախատեսվում է ստեղծել թափոնների կառավարման միջազգային չափանիշներին համապատասխան համակարգ, ինչպես նաև կառուցել նոր սանիտարական աղբավայր գործող աղբավայրի հարևանությամբ:

Կշարունակվեն ձեռնարկվել բոլոր անհրաժեշտ միջոցները չնախատեսվաած վայրերում աղբ տեղադրելու դեպքերը բացառելու ուղղությամբ:

Նախատեսվում է վերջնականապես լուծել անվավոր կոնտեյներների հարթակների կառուցման խնդիրը:

«Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման ծրագրի շրջանակներում»:

ՄԱԶԾ/ԳԷՀ լայնածավալ այս ծրագրի տևողությունը 4 տարի է: Այն փաստացի մեկնարկել է 2015թ., իսկ հիմնական գործողությունները նախատեսվում է իրականցանել սկսած 2016թ.: Ծրագրի հիմնական նպատակն է տեղական և գլոբալ մակարդակներում մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությունը քիմիկատների անվտանգ կառավարման ծրագրի շրջանակներում կայուն օրգանական աղտոտիչների և ժամկետնանց պեստիցիդների պաշարների ոչնչացման, ինչպես նաև աղտոտված տարածքների աղտազերծման միջոցով: Նախատեսվում է ծրագրում ներառել 1982 թվականից գործող Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը:

Ծրագրով նախատեսվում է հետևյալ երեք բաղադրիչների իրականացումը

. ժամկետանց պեստիցիդների պաշարների և թափոնների հավաքում և կոնսերվացում,

. ժամկետանց պեստիցիդների պաշարների ու թափոնների ոչնչացում/չեզոքացում,

. կարգավորիչ և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում քիմիկատներով աղտոտված տարածքների անվտանգ կառավարման նպատակով

 

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏ

 

Երևան քաղաքում գործում են առևտրի 8532 օբյեկտներ, սպառողական ապրանքների 7, գյուղատնտեսական արտադրանքի 10, գյուղմթերքի փոքրածավալ 18 շուկաներ, տոնավաճառներ 5, առևտրի կենտրոններ 22, հանրային սննդի 1472 և կենցաղային ծառայություններ մատուցող 2842 օբյեկտներ:

Առևտրի օբյեկտների 61,9%-ը, հանրային սննդի կազմակերպման օբյեկտների 74%-ը և կենցաղային ծառայություններ մատուցող օբյեկտների 68.3%-ը կենտրոնացված են Կենտրոն, Արաբկիր, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում:

Մայրաքաղաքի բնակչության սպառողական պահանջարկը հիմնականում բավարարվում է խանութներում և սպառողական ապրանքների շուկաների միջոցով իրականացվող մանրածախ առևտրի միջոցով: Եթե առևտրի այդ տեսակների շրջանառությունը մանրածախ առևտրի ողջ ծավալում 2015թ. 1-ին կիսամյակի ընթացքում կազմել է 84.6%, ապա գյուղատնտեսական արտադրանքի շուկաների, տաղավարների ու կրպակների միջոցով կատարվող առևտրի շրջանառությունը ունի չնչին տեսակարար կշիռ և նշված ժամանակաշրջանում այն կազմում է ընդամենը 2.3%:

Երևանում առևտրի շրջանառության ծավալի մոտ 90%-ը բաժին է ընկնում Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններին, չնայած նշված վարչական շրջաններում ապրում է քաղաքի բնակչության մոտ 60%-ը: Դա բացատրվում է այդ վարչական շրջաններում առևտրի խոշոր կազմակերպությունների առկայությամբ: Մնացած 7 վարչական շրջանների տարածքներում իրականացվող առևտրի շրջանառությունը առանձին-առանձին վերցրած կազմում է ընդամենի 0.03%-ից մինչև 6.1%:

Առևտրի շրջանառության 52.3%-ը իրականացվում է խոշոր, մնացած 47.7%-ը փոքր և միջին բիզնեսի կողմից:

Չնայած Երևան քաղաքում բացօթյա ապօրինի առևտրի արգելմանը, դեռևս այն հսկողության ուժեղացման և կանոնակարգման կարիք ունի:

Անհավասարաչափ են տեղաբաշխված առևտրի, հանրային սննդի, սպասարկման ծառայություններ մատուցող և զվարճանքի օբյեկտները:

Չնայած Երևան քաղաքում վերջին 5 տարիների ընթացքում իրականացված ապամոնտաժումներին, որոշ կենտրոնական փողոցներին հարող տարածքներում տեղադրված կրպակները և տաղավարները, որոնցից շատերը կրպակաշարեր են, կարիք ունեն կանոնակարգման ու վերակառուցման:

 

Հիմնախնդիրներ

1. Երևան քաղաքում ուսումնասիրված չէ առևտրի և սպասարկման ծառայություններ մատուցող օբյեկտների տեղաբաշխումը և բացակայում են բնակչության առաջարկի և պահանջարկի տվյալները, որոնք հանգեցնում են շուկայի տարերային, առանց համակարգված մոտեցման ձևավորմանը:

2. Պիտանիության ժամկետներն անցած ապրանքների վաճառքը բացառելու նպատակով անհրաժեշտ է ուժեղացնել հսկողությունը:

3. Բացօթյա առևտուրը պատշաճ կազմակերպելու, ապօրինի առևտուրն արգելելու և կանխարգելելու նպատակով դեռևս անհրաժեշտ է սահմանել մշտական հսկողություն: Երևանում գործող գյուղմթերքների արտադրանքի շուկաները աշխատում են թերծանրաբեռնվածությամբ, որոնց միջոցով իրականացվող առևտրի շրջանառության տեսակարար կշիռը 2014թ. կազմել է ընդամենը. 0.8%:

4. Ոլորտում առևտուրը կանոնակարգելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել կազմակերպելու գյուղատնտեսական արտադրանքի ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ նոր շուկաներ և անասնաշուկա:

5. Ստորգետնյա անցումներում իրականացվող առևտուրի նկատմամբ անհրաժեշտ է սահմանել մշտական հսկողություն:

6. Ապամոնտաժման կամ արդիականացման կարիք ունեն Երևան քաղաքի փողոցներում և պողոտաներում տեղակայված կրպակների (տաղավարների), ինչպես նաև բացօթյա փոքրածավալ շուկաների ու տոնավաճառների մի մասը:

7. Հսկողության խստացման անհրաժեշտություն կա առևտրի օբյեկտներում սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների նմուշների առևտրի օբյեկտից դուրս ցուցադրումն արգելելու ուղղությամբ:

8. Քիչ են նաև հասարակական զուգարանները, ինչը հարիր չէ մայրաքաղաքի արդի և քաղաքակիրթ պատկերին:

 

2016 թվականին նախատեսվող աշխատանքներ

. Առևտրի և ծառայությունների ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործման նպատակով առաջարկությունների ձևավորում և ներկայացում:

. Առևտրի և ծառայությունների ոլորտում օրենքով տրված լիազորությունների շրջանակներում համակարգված և արդյունավետ հսկողության իրականացում:

. Բացօթյա առևտուրի նկատմամբ անհրաժեշտ հսկողության իրականացում և կանոնակարգում: Կշարունակվեն միջոցառումներ ձեռնարկվել Երևան քաղաքում բացօթյա ապօրինի առևտրի վերացման ուղղությամբ:

. Մայրաքաղաքում գյուղմթերքների առևտուրը կանոնակարգելու, արտադրող - սպառող անմիջական կապն ապահովելու, ազգաբնակչությանը թարմ ու որակյալ մթերքով ապահովելու նպատակով կշարունակվի վարչական շրջաններում շաբաթ, կիրակի և տոնական օրերին գյուղատնտեսական արտադրանքի, սպառողական ապրանքների շուկաների, տոնավաճառների կազմակերպման գործընթացը:

. Մասնավոր ներդրումների հաշվին գյուղմթերքի փոքրածավալ շուկաներ ստեղծելու նպատակով դրանց տեղակայման վայրերի որոշում, քաղաքաշինական փաթեթի մշակում և կառուցում:

. Երևանի վարչական շրջանների ղեկավարների կողմից տրված ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի վաճառքի ու իրացման, հեղուկ վառելիքի սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առուվաճառքի, բացօթյա առևտրի կազմակերպման, վարչական շրջանների տարածքներում առևտրի, հանրային սննդի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվությունների, տեղական տուրքերի մուտքերի նկատմամբ անհրաժեշտ հսկողության իրականացում:

. Առևտրի օբյեկտներում պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու, արգելելու և կանխարգելելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների իրականացում:

. Ստորգետնյա անցումներում իրականացվող առևտրի նկատմամբ հսկողության իրականացում և կանոնակարգում:

. Թափառող կենդանիների վնասազերծման աշխատանքների նկատմամբ հսկողության իրականացում:

. Թափառող կենդանիների վնասազերծման ոլորտի արդյունավետ կառավարման մեխանիզմների մշակում, ինչպես նաև համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորում («Կենդանիների մասին», Կենդանիների պաշտպանության մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակման նպատակով առաջարկությունների ներկայացում):

 

ՏՐԱՆՍՊՈՐՏ

 

Երևան քաղաքի բնակչության տրանսպորտային սպասարկումն իրականացվում է ավտոբուսներով, միկրոավտոբուսներով, տրոլեյբուսներով և մետրոպոլիտենով:

Երևանի քաղաքային հասարակական տրանսպորտի համակարգն իր մեջ ներառում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն», «Երևանի էլեկտրատրանսպորտ», «Երևանի ավտոբուս», «Երևանտրանս» ՓԲ ընկերությունները և թվով 58 մասնավոր կազմակերպություններ, որոնք պայմանագրային հիմունքներով կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացնում Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներում:

 

Երթուղային ցանց

Երևանի քաղաքապետի 2012թ. մարտի 30-ի հ.2911-Ա որոշմամբ հաստատված Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների նոր երթուղային ցանցը նպատակ է հետապնդել ամբողջովին վերանայելու Երևանի փոքր կենտրոնում ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը, որոշակիորեն նվազեցնելու միկրոավտոբուսների քանակը, մեծացնելու մետրոպոլիտենի և տրոլեյբուսների դերը ներքաղաքային ուղևորափոխադրումներում, ինչպես նաև նախատեսելու ավտոբուսային նոր, արդյունավետ երթուղիներ:

2012 թվականից հետո ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետի որոշումներով առանձին երթուղիներում կատարվել են ուղեգծերի և շարժակազմի քանակների փոփոխություններ, դադարեցվել են մի քանի ավտոբուսային երթուղիների աշխատանքը և անհրաժեշտություն էր առաջացել մասնակիորեն վերանայելու ու լրամշակելու Երևանի քաղաքապետի 2012թ. մարտի 30-ի հ.2911-Ա որոշմամբ հաստատված Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցը: Այն շարադրվել է նոր խմբագրությամբ և հաստատվել է Երևանի քաղաքապետի 2015 թվականի մարտի 11-ի հ.665-Ա որոշմամբ:

Նոր երթուղային ցանցով նախատեսված է 76 միկրոավտոբուսային (1568 միավոր շարժակազմ), 44 ավտոբուսային (593 միավոր շարժակազմ) և 10 տրոլեյբուսային երթուղի (108 միավոր շարժակազմ):

 

Ավտոբուսային փոխադրումներ

Երևան քաղաքի ավտոբուսային հավաքակազմը համալրված է տարբեր մակնիշների 669 ավտոբուսով: Ավտոբուսային երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկվում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի և 19 մասնավոր կազմակերպությունների կողմից:

Երևան քաղաքում փաստացի գործում են 39 ավտոբուսային երթուղիներ, որոնցում օրական միջին հաշվով շահագործվում է 430-440 միավոր շարժակազմ: 2015թ. ավտոբուսային մի քանի երթուղիների սպասարկման դադարեցումից հետո որոշակիորեն նվազել է ավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների ծավալը: Արդյունքում ավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների տեսակարար կշիռը ներքաղաքային ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում դեռևս մնում է ցածր կազմելով մոտ 35.0%:

Երևան քաղաքում դեռևս անբավարար է ավտոբուսային երթուղիների շահագործման արդյունավետությունը: Երթուղային ցանցում ներառված որոշ երթուղիներ չեն սպասարկվում, իսկ մի մասը համալրված է մասնակիորեն:

Մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար 2016թ. անհրաժեշտ է շարունակել աշխատանքները ավտոբուսային հավաքակազմը փոքր և միջին տեղատարողության քաղաքային ավտոբուսներով համալրելու և դրան զուգահեռ միկրոավտոբուսների քանակի հետագա կրճատման ուղղությամբ:

 

Միկրոավտոբուսային փոխադրումներ

Երևան քաղաքում փաստացի գործում է 81 միկրոավտոբուսային երթուղի, որոնցից 5- ը նոր երթուղային ցանցով նախատեսված է փոխարինել ավտոբուսային երթուղիներով, սակայն անհրաժեշտ քանակի ավտոբուսներ չլինելու պատճառով դրանք ներկայում դեռևս սպասարկվում են միկրոավտոբուսներով: Միկրոավտոբուսային երթուղիները համալրված են տարբեր մակնիշների մոտ 1600 միկրոավտոբուսներով, օրական երթուղիներ է դուրս բերվում միջին հաշվով 1250-1260 միավոր շարժակազմ: Նշված երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են 45 մասնավոր կազմակերպություններ:

Վերջին տարիներին միկրոավտոբուսների թվաքանակի կրճատման հետևանքով (մոտ 1000-ով) զգալիորեն նվազել է միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների ծավալը: Չնայած դրան, այսօր մայրաքաղաքում ուղևորափոխադրումների հիմնական մասը դեռևս իրականացվում է միկրոավտոբուսներով, որոնց բաժին է ընկնում ընդհանուր ծավալի մոտ 54.0%-ը:

Այս խնդրի լուծմանն ուղղված, նախատեսվում է 2016թ. ընթացքում ևս նվազեցնել փաստացի շահագործվող միկրոավտոբուսային երթուղիների քանակը (5-ով) դրանք փոխարինելով ավտոբուսային երթուղիներով:

Երևանի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների ընդհանուր գործընթացում ավտոբուսային փոխադրումների տեսակարար կշռի ավելացումը, միկրոավտոբուսային երթուղիները սպասարկող կազմակերպությունների քանակի կրճատումը, հնարավորություն կտան զգալիորեն բարելավելու մայրաքաղաքի բնակչության տրանսպորտային սպասարկման վիճակը և բարձրացնելու սպասարկման մակարդակը, ինչպես նաև նախադրյալներ կստեղծվեն հետագայում միասնական տոմսային համակարգի անցման գործընթացի և անկանխիկ վճարման միջոցների ներդրման համար:

 

Վերգետնյա էլեկտրատրանսպորտ

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի հաշվեկշռում առկա է 79 տրոլեյբուս (1-ը տեխօգնության): Ընկերության կողմից ներկայում սպասարկվում են 5 տրոլեյբուսային երթուղիներ, օրական գիծ է դուրս բերվում միջին հաշվով 45-48 միավոր շարժակազմ:

Երևանի վերգետնյա էլեկտրատրանսպորտի գործունեության վերջին մի քանի տարիների վերլուծությունը ցույց է տվել, որ ավելացել է տրոլեյբուսներով տեղափոխվող ուղևորների քանակը: 2015թ. ևս որոշակիորեն ավելացել է (0.5%-ով) տրոլեյբուսներով տեղափոխվող ուղևորների քանակը, և տեսակարար կշիռը ներքաղաքային ընդհանուր ուղևորափոխադրումներում կազմել է մոտ 2.6%:

Հաշվի առնելով քաղաքային վերգետնյա էլեկտրատրանսպորտի դերը ներքաղաքային ուղևորափոխադրումների ընդհանուր գործընթացում, այդ թվում բնապահպանական խնդիրների տեսանկյունից և կարևորելով դրա հետագա զարգացման անհրաժեշտությունը

նոր երթուղային ցանցով ավելացվել է տրոլեյբուսային երթուղիների քանակը հասցվելով 10- ի:

2016թ. նախատեսվում է շարունակել տրոլեյբուսների, հպակային և մալուխային ցանցերի, քարշի ենթակայանների հիմնանորոգման, հպակային ցանցի վերանորոգման, քարշի ենթակայանների վերակառուցման ու վերագործարկման, տրոլեյբուսային տնտեսության արտադրատեխնիկական վերազինման, ինչպես նաև տրոլեյբուսների շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները:

 

Մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենում առկա է 45 վագոն: Աշխատանքային օրերին գիծ է դուրս բերվում 26 վագոն (13 շարժակազմ), իսկ շաբաթ և կիրակի օրերին` 24 վագոն (12 շարժակազմ):

Վերջին տարիներին մետրոպոլիտենով իրականացվող ուղևորափոխադրումներում նկատվում է կայունացման և աճի միտում, ինչը պայմանավորված է նաև նոր երթուղային ցանցի ներդրմամբ, մասնավորապես, միկրոավտոբուսների քանակի կրճատմամբ: 2015թ. ևս արձանագրվել է ուղևորափոխադրումների ծավալի որոշակի աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմելով շուրջ 1.9%: Մետրոպոլիտենով ուղևորափոխադրումների տեսակարար կշիռը ընդհանուր ուղևորափոխադրումների ծավալում աճել է և կազմում է մոտ 7.7%:

Չնայած այդ հանգամանքին մետրոպոլիտենով իրականացվող

ուղևորափոխադրումների ծավալների զգալի աճ կարող է տեղի ունենալ միայն գործող գծի ընդլայնման, նոր կայարանների կառուցման և շահագործման, ինչպես նաև, մասնակիորեն, ուղևորատար տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի ավարտից հետո:

2015թ. սկսվել է մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի 2-րդ փուլը (ծրագրի ընդհանուր արժեքը 15,0 մլն եվրո), որն իր մեջ ներառում է վագոնների հիմնանորոգում և արդիականացում, դրենաժային թունելի կառուցում, գործող թունելի վիճակի բարելավում (ներառյալ հակակոռոզիոն ծրագիր), մեքենավարների ուսումնական ծրագրերի կենտրոնի ստեղծում, վագոնների լվացման կայարանի կառուցում, հակահրդեհային միջոցների ձեռքբերում:

Մեքենավարների ուսումնական ծրագրերի կենտրոնի ստեղծման, վագոնների լվացման կայարանի կառուցման, հակահրդեհային միջոցների ձեռքբերման աշխատանքներն ավարտվել են: Մնացած աշխատանքները կշարունակվեն 2016թ. ընթացքում:

Բացի այդ, ՎԶԵԲ-ի կողմից իրականացվել է մետրոպոլիտենի դեպի Աջափնյակ 2 նոր կայարանների կառուցման իրագործելիության նախնական ուսումնասիրություն:

 

Հասարակական տրանսպորտի կանգառներ

Երևան քաղաքում սահմանված է հասարակական տրանսպորտի թվով 810 կանգառ, որոնցից 348-ում տեղադրված են կանգառասրահներ և կանգառանշաններ, 349-ում միայն կանգառանշաններ:

Մայրաքաղաքի նոր երթուղային ցանցի ներդրումը ենթադրում է նաև շարունակել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների որոշ նախկին կանգառների վերականգնման, ինչպես նաև, ըստ նոր երթուղիների ուղեգծերում ընդգրկված ճանապարհահատվածների նոր կանգառների սահմանման ուղղությամբ նախկինում մեկնարկած աշխատանքները:

2015թ. Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով սահմանվել են թվով 21 նոր կանգառներ: Շարունակվում են մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի կանգառների կահավորման աշխատանքները: 2015թ. ընթացքում կանգառները կահավորվել են միայն կանգառանշաններով, ընդհանուր առմամբ տեղադրվել են 120 հատ կանգառանշան:

Կանգառների կահավորման աշխատանքները կշարունակվեն նաև 2016 թվականին:

 

Ավտոկայանատեղեր

Մայրաքաղաքում կայանատեղերի ոլորտի կանոնակարգման նպատակով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի և դրա կիրարկման համար անհրաժեշտ բոլոր ենթաօրենսդրական ակտերի (ՀՀ կառավարության և Երևանի ավագանու համապատասխան որոշումներ) հիման վրա ներկայում ընթանում են գործնական միջոցառումներ հիշյալ նորմատիվ ակտերի դրույթների կիրառմամբ մայրաքաղաքի համայնքային սեփականությունը հանդիսացող փողոցներում (ճանապարհահատվածներում) և հրապարակներում վճարովի կայանատեղերի կազմակերպման ու կահավորման աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ:

Մասնավորապես Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնման պայմանագրի հիման վրա, ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման պարտավորությունը ստանձնած ընկերությունների կոնսորցիումը շարունակում է կայանատեղերի կազմակերպման և կահավորման աշխատանքները: Գործընթացի սկզբից կազմակերպվել են տրանսպորտային միջոցների վճարովի կայանատեղեր Երևանի Կենտրոն, Արաբկիր, Դավթաշեն, Շենգավիթ, Էրեբունու, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, ավարտվել են դրանց կահավորման աշխատանքները:

Աշխատանքները կշարունակվեն նաև 2016թ., վճարովի կայանատեղեր կկազմակերպվեն մյուս վարչական շրջաններում:

Ավտոկայանատեղերի կազմակերպման գործընթացի շրջանակներում, Երևանի ավագանու համապատասխան որոշումներով, ընդհանուր առմամբ թվով 51 ճանապարհահատվածներում թվով 34 կազմակերպությունների թույլատրվել է կազմակերպել ծառայողական ավտոկայանատեղեր, ավարտվել է դրանց կահավորման աշխատանքները. տեղադրվել են համապատասխան նշաններ, ցուցանակներ և կատարվել է գծանշումներ:

Երևանի քաղաքապետի թվով 8 որոշումներով սահմանվել են թեթև մարդատար տաքսի-ավտոմոբիլների 111 հատ կայանատեղ:

 

Հաշմանդամների տրանսպորտային սպասարկում

Հաշմանդամների տրանսպորտային սպասարկման ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքները շարունակական բնույթ են կրում: Երևան քաղաքի ներքաղաքային երթուղիներում շահագործվում են թվով 10 «ՀԻԳԵՐ» մակնիշի ավտոբուսներ, որոնք կահավորված են հատուկ վերելակային հարմարանքներով հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային սպասարկման նպատակով: Բացի այդ, թվով 2 «ԼԻԱԶ» մակնիշի տրոլեյբուս իրենց կառուցվածքով հարմարեցված են (կահավորված են թեքահարթակով) հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային սպասարկումն իրականացնելու համար: Նմանատիպ թեքահարթակով կահավորված են նաև Երևան «Սիթի-Տուր» զբոսաշրջային ավտոբուսները:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային միջոցները մատչելի դարձնելու նպատակով իրականացվող ծրագրի շրջանակում 2015թ. Երևանի ներքաղաքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում շահագործվող ևս 10 ավտոբուսների վրա հատուկ վերելակային հարմարանքներ տեղադրելու համար, «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն, հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված ընկերության կողմից ներկայումս իրականացվում է վերելակների ներկրման աշխատանքները, որին կհետևի ավտոբուսների վրա դրանց տեղադրման աշխատանքները:

Կույր հաշմանդամների, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերի համար քաղաքային հասարակական տրանսպորտից օգտվելու մատչելիության և հարմարավետության ապահովման նպատակով նախատեսվում է թվով 37 քաղաքային ավտոբուսների ուղևորասրահներում տեղադրել կանգառների անվանումների բարձրաձայն հայտարարման սարքեր: Այդ նպատակով կայացած մրցույթում հաղթող ճանաչված «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի կողմից սկսվել է սարքերի ձեռք բերման և ներկրման նախապատրաստական աշխատանքները:

Կարևորելով սակավաշարժ խմբերի քաղաքացիների համար մատչելիության ապահովման անհրաժեշտությունը մեկնարկել է և հետևողականորեն լուծում է ստանալու կայանատեղերի կահավորման աշխատանքների շրջանակներում նաև հաշմանդամների կամ նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցների համար առանձնացված տեղերի նախատեսման խնդիրը: Այդ համատեքստում թվով 101 վճարովի կայանատեղերում, համապատասխան կահավորանքի միջոցով, առանձնացվել են տեղեր հաշմանդամների տրանսպորտային միջոցների համար:

Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի հունիսի 24-ի հ.190-Ն որոշման համաձայն ընթանում է տեղաշարժվելու դժվարություն ունեցող հաշմանդամ կամ այդպիսի հաշմանդամներ փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց տրանսպորտային միջոցների համար անվճար կայանման թույլտվության կտրոնների տրամադրման և միաժամանակ Երևան համայնքային բյուջեից այդ անձանց համար ավտոկայանատեղի տուրքի վճարման գործընթացը: Գործընթացի սկզբից արդեն տրամադրվել է 139 հատ կտրոն:

2016թ. ընթացքում ևս նախատեսվում է իրականացնել ծրագրային միջոցառումներ ևս 5 ավտոբուսներ սայլակավոր հաշմանդամների սպասարկման համար հարմարեցնելու, ինչպես նաև ևս 36 ավտոբուսներում կանգառների բարձրաձայն հայտարարման սարքեր տեղադրելու համար:

 

Հիմնախնդիրներ

1. Մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմը լիարժեքորեն համալրված չէ:

2. Երևանի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների ընդհանուր գործընթացում դեռևս մեծ է միկրոավտոբուսների տեսակարար կշիռը:

3. Մայրաքաղաքի տրոլեյբուսային հավաքակազմը համալրված չէ:

4. Քաղաքային վերգետնյա էլեկտրատրանսպորտի տնտեսությունը գտնվում է անբավարար վիճակում:

5. ՈՒղևորների տրանսպորտային սպասարկման մակարդակը դեռևս բավարար չէ:

6. Միկրոավտոբուսների արտաքին տեսքի և ուղեսրահների հարդարանքի ընդհանուր վիճակը բավարար չէ:

7. Սահմանափակ են Երևանի մետրոպոլիտենի հնարավորությունները:

8. Երևանի ներքաղաքային հասարակական տրանսպորտում միասնական տոմսային համակարգ ներդրված չէ:

9. Ճանապարհատրանսպորտային գործոնների բնութագրիչներին դինամիկ զարգացումը թելադրում է ճանապարհային երթևեկության կազմակերպմանն ուղղված միջոցառումների իրավիճակային համապատասխանեցում:

10. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառները ամբողջությամբ բարեկարգված և կահավորված չեն:

11. Հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային սպասարկման մակարդակը դեռևս բավարար չէ:

 

2016թ. նախատեսվող աշխատանքներ

- Երևանի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շարունակում և դրա շրջանակներում ներքաղաքային երթուղիներում շահագործվող միկրոավտոբուսների քանակի կրճատման և դրանք ավտոբուսներով փոխարինման աշխատանքների իրականացում:

- Փոքր և միջին տեղատարողության նոր, քաղաքային ավտոբուսների ձեռքբերման աշխատանքների շարունակում հիմնականում մասնավոր կազմակերպությունների միջոցով:

- Երևանի քաղաքային ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների նոր կանգառների սահմանման և կահավորման ուղղությամբ աշխատանքների իրականացում:

- Երթակարգավարական կետերի բարեկարգման և կահավորման աշխատանքների իրականացում:

- Մետրոպոլիտենի վագոնների հիմնանորոգում և արդիականացում, մոտ 1 կմ երկարության դրենաժային թունելի վերակառուցում և ընդլայնում («Հանրապետության հրապարակ» և «Զորավար Անդրանիկ» կայարանների հատվածում), գործող թունելի վիճակի բարելավում (ներառյալ հակակոռոզիոն ծրագիր), շարժասանդուղքների հիմնանորոգում, ինչպես նաև մետրոպոլիտենի շահագործման և երթևեկության անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում:

- Երևանի վերգետնյա էլեկտրատրանսպորտի հետագա զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացում տրոլեյբուսային տնտեսության, հպակային ցանցի բարելավում, առկա շարժակազմի հիմնանորոգում:

- Երևան քաղաքի ավագանու 2012թ. դեկտեմբերի 25-ի «Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղեր կազմակերպելու մասին» հ.561-Ն որոշմամբ սահմանված ցանկում ներառված համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոկայանատեղերի կազմակերպմանն ու շահագործմանն ուղղված միջոցառումներ:

- Շահագրգիռ մարմիններից, ինչպես նաև քաղաքացիներից ստացվող առաջարկությունների համատեղ ուսումնասիրությունների արդյունքներով ճանապարհային երթևեկության կազմակերպչական լուծումների կիրառում:

- ՈՒղևորների տրանսպորտային սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում:

- Ներքաղաքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում շահագործվող շարժակազմերի (ավտոբուս, տրոլեյբուս, միկրոավտոբուս) ցուցահարթակների թարմացում և գրառումների վերանայում ոչ հայեցի բառերն ու տեղանունները բացառելու համար:

- Հասարակական տրանսպորտի շարժակազմերում հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների հետ ուղևորների տեղերը նշելու նպատակով ուղեսրահներում համապատասխան ցուցանակների ապահովում:

- Միասնական տոմսային համակարգի անցման հնարավորության ուսումնասիրություն:

- Թվով 5 ավտոբուսների վերասարքավորում և հարմարեցում սայլակավոր հաշմանդամների տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար:

- Հասարակական տրանսպորտը կույր հաշմանդամներին մատչելի դարձնելու նպատակով թվով 36 ավտոբուսների ուղեսրահներում կանգառների հայտարարման սարքերի տեղադրում:

- Ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիներում շարժակազմերի համալրման և փոխարինման աշխատանքների իրականացում:

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Բնապահպանության ոլորտում քաղաքային իշխանությունների քաղաքականության հիմնական նպատակը բնապահպանական անվտանգության ապահովումն է, այդ թվում մայրաքաղաքի կայուն և համաչափ զարգացման նպատակով շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործությունների հետ կապված վտանգների գնահատումը, կանխատեսումն ու կանխարգելումը, ինչպես նաև շրջակա միջավայրի կանաչապատումն ու պահպանությունը:

Ներկայումս Երևան քաղաքի կանաչ տնկարկները կազմում են 6758,5 հա, որից 852,3 հեկտարն է ընդհանուր օգտագործման, իսկ յուրաքանչյուր բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքը կազմում է ընդամենը 7,6 մ2, որը դեռևս զիջում է միջազգային նորմերին:

Ստեղծված իրավիճակում Երևան քաղաքի կանաչ տնկարկների բարձր գեղազարդությունն ապահովելու համար անհրաժեշտ է ցուցաբերել տնկարկի գործառնական նշանակությանը համարժեք և ժամանակակից լանդշաֆտային դիզայնում ընդունված նորագույն մոտիվներ ու մտահղացումներ: Ներքաղաքային կանաչ տնկարկների շարքում առաջինն աչքի են ընկնում և տպավորվում փողոցային տնկարկները:

Վերջին տարիներին Երևան քաղաքի նորակառույց փողոցներում և քաղաքամերձ խճուղիներում (Իսակով-Լենինգրադյան, Սարալանջ, Թևոսյան, Դ. Բեկ, Եղվարդի, Սևանի, Արգավանդի, Աշտարակի խճուղիներ) օգտագործվել են հիմնականում ծառաբույսերի այնպիսի պարտիզայի`ն ձևեր, որոնք իրենց բարձր գեղազարդությամբ լիարժեք բավարարում են կանաչապատման պահանջները, մասնավորապես սաղարթի ծավալատարածական առումով, ուստի պետք է զարգացնել մայրաքաղաքի տնկանյութի տեսականին հաշվի առնելով վերոգրյալ առանձնահատկությունները:

Երևանում, որն ունի կտրտված, քարքարոտ ռելիեֆ, ինչպես նաև շոգ, չոր կլիմա, շինարարական, ճանապարհաշինական, կառուցապատման աշխատանքներից հետո հաճախ առաջանում են այնպիսի կտրված ժայռեր, անհրապույր լանդշաֆտներ (Սարալանջի, Մյասնիկյանի, Աթենքի փողոցներ, Կասկադ), որտեղ հնարավոր է և նպատակահարմար ուղղաձիգ կանաչապատում: Դրա շնորհիվ հողային փոքր տարածքներում կարելի է ստանալ անհամեմատ ընդարձակ մակերեսով կանաչ զանգված` շենքերի ու շինությունների ճակատային հատվածներում միաժամանակ ապահովելով գեղազարդություն և նպաստավոր միկրոկլիմա:

Այսպիսով, Երևան քաղաքի կանաչ տնկարկների բարելավման, գեղազարդության բարձրացման և դենդրոֆլորայի հարստացման համար անհրաժեշտ է կիրառել հատուկ տնկանյութի տեսականի, որոնք ունեն նպատակային ֆունկցիոնալ նշանակություն:

 

Հիմնախնդիրներ

1. Խորքային հորերի ստեղծում, նոր ոռոգման ցանցերի կառուցում:

2. Տարբեր ստանդարտի գեղազարդ ծառաբույսերի որակյալ տնկանյութի աճեցում տեղական տնկարանում:

3. Ներքաղաքային կանաչ տնկարկների գեղազարդ ծառաբույսերի տեսականու հարստացում չորադիմացկուն և ցրտադիմացկուն աբորիգեն գեղազարդ տեսակների ընդգրկմամբ:

4. ՈՒղղաձիգ կանաչապատման ընդարձակում բնափայտավոր լիանների գեղազարդ տեսակների ու դրանց պարտիզային ձևերի օգտագործմամբ:

5. Մայրաքաղաքի արվարձաններում և մերձակա տարածքներում բուֆերային ու ռեկրեացիոն կանաչ գոտիների ավելացում` հատկապես աբորիգեն ծառաբույսերի մասնակցությամբ:

 

2016 թվականին նախատեսվող աշխատանքներ

. Գարնանային և աշնանային ժամանակահատվածում կձևավորվի շուրջ 26000 ծառ,

. Երևանում կրկնապատվի շուրջ 65000 ծառատեսակ,

. Կտնկվի շուրջ 40000 հատ ծառ և թուփ,

. Կիրականացվի 20000 հատ վարդի թփի տնկում,

. Կկատարվի 750000 հատ վարդակակաչի տնկում,

. Կտնկվեն 2700000 հատ ծաղկասածիլներ, որի արդյունքում ծաղկապատ տարածքը կկազմի 7.3 հա,

. Կտեղադրվեն թվով 96 հատ գեղարվեստական կոմպոզիցիաներ,

. Կներկրվի 12753 խմ բուսահող սիզամարգերի բարելավման նպատակով,

. Կհորատվեն թվով 2 խորքային հորեր, որոնց ջրերը կօգտագործվեն ոռոգման նպատակով

Կենտրոն վ.շ.- Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բակ, նոր հորի ստեղծում, Աջափնյակ վ.շ.-Ֆիզիկայի ինստիտուտի բակ, գոյություն ունեցող հորի վերաշահագործարկում:

. Կստեղծվեն նոր ոռոգման ցանցեր Կենտրոն վ.շ. - Դեմիրճյան փողոց` 1500 գծմ

Արաբկիր վ.շ. - Մամիկոնյանց փողոց /սնուցումը Գրիբոյեդով փողոցից/ - 1700 գծմ Մալաթիա-Սեբաստիա վ.շ. - Իսակովի պողոտա /ձախ հատված, դեսպանատան հատված/-3000 գծմ, Իսակով-Լենինգրադյան պողոտապոմպակայանի տեղադրում:

. կանաչապատման և սանիտարական մաքրման գործընթացում համագործակցություն ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ:

 

«Բնական միջավայրը և ես» ծրագիր

Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբեան բնապահպանական կենտրոնի հետ համատեղ մեկնարկած «Բնական միջավայրը եվ ես» կրթական ծրագիրը իրականացվում է Երևան քաղաքի դպրոցներում սկսած 2014 թվականից: Ծրագրի նպատակն է աշակերտներին ներկայացնել երկրագնդի վրա տեղի ունեցող կարևոր էկոլոգիական գործընթացները և մարդու ազդեցությունը դրանց վրա: Աշակերտներին հնարավորություն կտրվի ավելի լայն պատկերացում կազմել տեղական, տարածաշրջանային և համաշխարհային բնապահպանական խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև զարգացնել աշակերտների բնապահպանական խնդիրների լուծման անհատական և խմբային ունակությունները: «Բնական միջավայրը և ես» խորագրով դասընթացներն արդեն իրականացվել են Երևան քաղաքի տարբեր վարչական շրջանների 6 դպրոցներում ներգրավվելով շուրջ 120 աշակերտ:

Հաշվի առնելով կլիմայի փոփոխությանը առնչվող խնդիրների կարևորությունը, ինչպես նաև «Բնական միջավայրը և ես» բնապահպանական կրթական ծրագրի հաջող իրականացումը 2015-2016 ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում իրականացնել առավել ընդլայնված ծրագիր, որը բաղկացած կլինի հետևյալ երեք բաղադրիչներից

- ուսուցանողների/ուսուցիչների վերապատրաստում (բնապահպանական կրթության մեթոդաբանության և դրա կիրառման վերաբերյալ մասնագիտական վերապատրաստում/սերտիֆիկացում),

- «Սննդային շղթան դպրոցի բակում» պիլոտային ծրագիր, որի նպատակն է աշակերտներին գործնական աշխատանքների միջոցով ցույց տալ բնական միջավայրի դերը մեր կյանքում, ձևավորել պատասխանատու մոտեցում բնության և դրա ռեսուրսների նկատմամբ, ներկայացնել վերմիկոմպոստացման գործընթացը, ինչպես նաև սովորեցնել սիրել օրգանական և առողջ սնունդը:

- «Բնական միջավայրը և ես» խորագրով դասընթացներ տարբեր վարչական շրջաններում գտնվող ընտրված դպրոցներում:

«Քաղաքապետերի Դաշնագիր»

Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը Երևանը միացել է 2014թ. սեպտեմբերի 9-ին` որի նպատակն է մասնակից համայնքում «կանաչ տնտեսական զարգացման» խրախուսումը, ինչպես նաև բնակիչների կյանքի որակի բարելավումը ժամանակակից էներգախնայող տեխնոլոգիաների կիրառման և վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման միջոցով: Իր լիազորությունների շրջանակում քաղաքապետարանը, գործընկեր կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ, նախատեսում է էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում համապատասխան գործողությունների ծրագրի մշակման և իրականացման միջոցով մինչև 2020թ. առնվազն 20%-ով կրճատել ածխաթթու գազի արտանետումները:

Երևան քաղաքի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի» (ԿԶԳԾ) և «Արտանետումների նախնական գույքացուցակների» մշակման համար հավաքագրվել են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների էներգիայի սպառման վերաբերյալ անհրաժեշտ ելակետային տվյալներ:

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն վերջինս տեխնիկական աջակցություն կցուցաբերի Երևանի քաղաքապետարանին «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում Երևանի համար ԿԶԳԾ մշակելու գործում:

Երևան քաղաքում ցածր ածխածնային և կայուն էներգետիկ զարգացմանն ուղղված ծրագրերը կյանքի կոչելու, ինչպես նաև «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսվում ՄԱԶԾ հետ համատեղ մշակել և Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամին ներկայացնել «Ցածր ածխածնային և կլիմայի նկատմամբ դիմակայուն քաղաքների զարգացման խթանման» ծրագրային փաստաթուղթը:

 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

21-րդ դարի մրցունակ պետության հիմքը մրցունակ կրթական համակարգի ստեղծումն է: Այն կապված է ՏՀՏ-ների արդյունավետ օգտագործման, դասագրքերի և ուսուցչական ձեռնարկների բովանդակության բարելավման և այլ պահանջների հետ:

Առաջնային է Հայաստանի Հանրապետության քաղաքացու որակյալ և մրցունակ կրթության ապահովումը, սովորողին ազգային և համամարդկային արժեքներով դաստիարակելու խնդիրը, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հիմնական կրթության ապահովումը:

 

Դպրոցական բաժին
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են թվով 159 հանրակրթական ուսումնական հաստատություններ: 2014-2015 ուսումնական տարում հիմնական դպրոցն ավարտել է 3061 աշակերտ, թվով 14 միջնակարգ դպրոցներն ունեցել են 445 շրջանավարտ: Հանրակրթության գլխավոր նպատակը սովորողների մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական ունակությունների համակողմանի և ներդաշնակ զարգացումն է, նրանց պատշաճ վարքի և վարվելակերպի ձևավորումը, որոնց իրականացման համար շարունակվում են հանրակրթության ոլորտի բարեփոխումները: . Շարունակվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ատեստավորումը: Ատեստավորվել են 1190-ը, հանրակրթական հաստատության ուսուցչի որակավորման 1-ին աստիճանի տարակարգ են ստացել 62 ուսուցիչներ: . «Սոցիալական մեդիան և թվային գործիքների կիրառումը ուսումնական գործընթացում» միջազգային ծրագրի փորձնական ներդրում է կատարվել մայրաքաղաքի թվով 20 դպրոցներում: . Նորագույն տեխնոլոգիաների կիրառումը դասապրոցեսում ապահովելու նպատակով շարունակվել է ուսուցիչների և դպրոցների ղեկավար աշխատողների վերապատրաստումը կրթության ազգային ինստիտուտի համագործակցությամբ: . Երևանի քաղաքապետարանի և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ թվով 87 կրթական հաստատություններ ևս համալրվել են համակարգիչներով, որոնց ընդհանուր թիվը դպրոցներում ներկայումս 3023 է: Ըստ առաջնահերթության ՀՀ քաղաքաշինության նախարարություն ներկայացված վերանորոգման կարիք ունեցող դպրոցներից ընթացքի մեջ է հ.68 և հ.15 դպրոցների նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթի ստեղծումը: Իրականացվում են հհ.5, 22, 60, 69, 87, 100, 108, 160, 191 դպրոցների նորոգման և վերակառուցման աշխատանքները: Ճապոնիայի դեսպանատան համագործակցությամբ հատուկ դպրոցները գույքով համալրելու, վերանորոգելու բարեգործական ծրագրեր են իրականացվել: Համահայկական հիմնադրամը հ. 8 հատուկ կրթահամալիրում վերանորոգել և կահավորել է ժամանակակից տեխնիկայով խոհանոց, որտեղ հատուկ կարիքներով երեխաները ձեռք են բերում խոհարարական հմտություններ: Այլ ծրագրերով վերանորոգվել են հ.հ.77,147 դպրոցները: Շարունակվել է կրթության ազգային ինստիտուտի և աշխատակազմի հանրակրթության վարչության համագործակցությունը. ինստիտուտի, «Քայլառքայլ» ԲՀ- ի օժանդակությամբ կրթության կառավարման, ուսումնական գործընթացի արդիականացման ուղղությամբ կազմակերպվել է մեթոդական օժանդակություն` մանկավարժների վերապատրաստման դասընթացների միջոցով: Որակյալ և մրցունակ կրթության ապահովման նպատակով իրականացվում է հսկողություն դասավանդման բովանդակության, ուսումնադաստիարակչական աշխատանքները նորագույն տեխնոլոգիաների և ժամանակակից մեթոդների կիրառմամբ կազմակերպելու ուղղությամբ: Շարունակվում է աշխատակազմի հանրակրթության վարչության և «Դպրոցի կառավարման տեղեկատվական համակարգի» /dasaran.am/, yerevan.am, ktak.am և UCOM ՏՀՏ-ների համագործակցությունը դպրոցների գործունեության առավել թափանցիկության և հրապարակայնության ապահովման նպատակով: Ներդրվել է «Ազգային երգ ու պար» առարկան, որի մեկնարկային ծրագիրը Երևանի 10 դպրոցներում հաջողությամբ իրականացնելուց հետո 2015-2016 ուստարում շարունակվում է ևս 50 դպրոցում: Առարկան դասավանդելու իրավունք ունեն համապատասխան կրթությամբ և վերապատրաստված մասնագետները: Մեկնարկվել է համընդհանուր ներառական կրթության գործընթացը: Ներառական կրթության ոլորտում առկա խնդիրների լուծման, ուսուցիչների վերապատրաստման նպատակով համագործակցություն է իրականացվել Կրթության ազգային ինստիտուտի, ինչպես նաև «Հույսի կամուրջ», «ՎորլդՎիժըն», «Հավատ» հասարակական կազմակերպությունների, «ՅՈՒՆԻՍԵՖ» մանկական գրասենյակի և «Աուտիզմի կենտրոնի հետ: Սովորողների արժեքային համակարգի ձևավորման գործում կարևորվում է դպրոցականների գեղագիտական և բարոյական դաստիարակությունը: «Տարվա հոբելյաններ» շարքով կազմակերպվում են համաքաղաքային մրցույթներ ասմունք, շարադրություններ, աշակերտական գիտական ընթերցումներ: Համակարգվել է ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման 100-ամյա տարելիցի դպրոցներում կազմակերպված միջոցառումները: Հատուկ ուշադրություն է դարձվում սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրներին: Կազմակերպվում և անցկացվում են ՀՀ անկախության տարեդարձին նվիրված Երևանի դպրոցականների մարզական և Ազգային ժողովի գավաթի կիսաեզրափակիչ խաղերը: Կազմակերպվում և անցկացվում Է դպրոցականների շախմատի հանրապետական օլիմպիադայի քաղաքային փուլը: Դպրոցականի և գրքի կապը ամրապնդելու նպատակով դպրոցներում և մշակութային օջախներում կազմակերպվում են գրողների, մշակույթի և գիտության գործիչների հանդիպումներ, բաց դասեր նվիրված պատմական իրադարձություններին, նշանավոր անհատներին: Առարկայական օլիմպիադաներում հաղթող և միջազգային փուլերին մասնակցող աշակերտների թիվը տարեցտարի ավելանում է: Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ հ.հ 48, 78, 56 դպրոցներում ֆրանսերենի ուսումնասիրությունը իրականացվում է 2-րդ դասարանից խորացված: Ներկայումս ֆրանսերեն ուսումնասիրող դպրոցների թիվը 46 է: Սիրիահայ երեխաների կրթության և ինտեգրման գործընթացը շարունակվում է Երևանի իրենց բնակավայրերին մոտ տարբեր դպրոցներում ՀՀ կրթական ծրագրով /ներկայումս Երևանի դպրոցներում սովորում է 451 սիրիահայ երեխա/: Չնայած նախորդ ուսումնական տարում կատարված աշխատանքներին առկա են ներքոհիշյալ հիմնախնդիրները.

 

Հիմնախնդիրներ

1. Դպրոցներում նորագույն տեխնոլոգիաների ներդրման շարունակականության ապահովում:

2. Դպրոցական գույքի նորացում:

3. Դպրոցների մարզադահլիճների և սպորտհրապարակների համապատասխանեցումը ժամանակակից պահանջներին ըստ առաջնահերթության:

4. Համընդհանուր ներառման ծրագրի իրականացման նպատակով դպրոցների, հատուկ դպրոցների շենքային պայմանների համապատասխանեցում սովորողների ֆիզիկական պահանջներին, ինչպես նաև մանկավարժական համակազմի համապատասխան մասնագետներով համալրում:

5. Ներառական կրթություն իրականացնող դպրոցների և միջազգային կազմակերպությունների համագործակցության ընդլայնում:

6. Դպրոցների գրադարանային ֆոնդի համալրում գեղարվեստական, մեթոդական և մասնագիտական գրականությամբ:

7. Էլեկտրոնային գրադարանների ստեղծում:

 

2016 թվականին նախատեսվող աշխատանքներ

. Դպրոցների շենքերի վերանորոգման և հիմնանորոգման շարունակականության ապահովում:

. Սովորողների և մանկավարժների համակարգչային գրագիտության մակարդակի բարձրացում որպես նորագույն տեխնոլոգիաների լայնածավալ կիրառման հիմք:

. Տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների որպես ուսուցման նոր միջոցի, ոչ ձևական օգտագործման ապահովում դասապրոցեսում: Ինտերակտիվ և համագործակցային ուսուցման մեթոդների կիրառում:

. Մանկավարժների խրախուսման նպատակով սահմանել Երևան քաղաքի «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթ, ինչպես նաև շարունակել «Տարվա լավագույն դպրոց», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն ուսուցիչ», մրցույթի քաղաքային փուլի անցկացումը:

. ՀՀ անկախության հոբելյանին նվիրված մարզական, Ազգային ժողովի գավաթի կիսաեզրափակիչ խաղերի անցկացում /քաղաքային, հանրապետական փուլեր/:

. Առարկայական օլիմպիադաների տարածքային, քաղաքային փուլերի կազմակերպում և անցկացում, հանրապետական փուլին աջակցում:

. Անվանակիր դպրոցների անվանատուներին նվիրված շաբաթների, տասնօրյակների և միամսյակների, հոբելյանական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ քաղաքացու համակողմանի զարգացմանը նպաստող այլ միջոցառումների համակարգում:

. Ասմունքի, շարադրության, ինչպես նաև մտավոր առանձնահատուկ օժտվածությամբ դպրոցականների հայտնաբերման նպատակով մրցույթների կազմակերպում:

. Իրականացվող մարզական և այլ կարգի մրցույթներում սահմանափակ կարողություններով երեխաների ընդգրկում: Վերջիններիս համար մայրաքաղաքի մշակութային օջախներ այցելելու ծրագրերի իրականացում:

. Բարեկարգ շրջակայքով, կանաչապատված և ծառաշատ դպրոցի ծրագրի իրականացում:

 

Նախադպրոցական բաժին
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում է 160 մանկապարտեզ: Երեխայի ներդաշնակ զարգացումն ու դաստիարակությունը, նրա ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանումն ու ամրապնդումը նախադպրոցական կրթության հիմնական նպատակներից են: Շարունակվում է մանկապարտեզների շենքային պայմանների բարելավման, կոշտ գույքի /զգեստապահարան, մահճակալ, խոհանոցային սեղաններ և պահարաններ/, կենցաղային տեխնիկայի/սառնարան/ և համակարգչային տեխնիկայի նորացման, ինչպես նաև ինտերնետային կապի ստեղծման գործընթացը: 2015թ. Երևանի քաղաքապետարանի ևս թվով 31 մանկապարտեզներում իրականացվել են նորոգման և հիմնանորոգման աշխատանքներ/ հիմնանորոգում թվով 7 մանկապարտեզում, նորոգման աշխատանքներ թվով 24 -ում /տանիք, դահլիճ, սանհանգույց, դուռ-պատուհան, հատակ և այլն/: Կատարվում են նաև լուսավորության, ջրամատակարարման, ջրահեռացման, օդափոխության, ջեռուցման համակարգի ապամոնտաժման և մոնտաժման, հատակի հարդարման աշխատանքներ: Երևանի մանկապարտեզները ապահովվում են հակահրդեհային միջոցներով: Մանկապարտեզների տնօրենների համար կազմակերպվում են սեմինարներ «Ղեկավարման և կառավարման նորմատիվ և այլ իրավական ակտերը /նոր/ նախադպրոցական կրթության ոլորտում» թեմայով և այլն: Վերապատրաստվում են մանկապարտեզների մանկավարժները ըստ վարչական շրջանների համապատասխան ժամանակացույցով: Երևանի բյուջեի միջոցների հաշվին բացվում են նոր խմբեր: 2014 թվականի «Դրամաշնորհային նախադպրոցական կրթության միկրոծրագրերի» ծրագրով, քաղաքապետարանի ֆինանսավորմամբ 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթության ապահովման համար ստեղծված թվով 12 կրթական հաստատությունները 2015թ. համալրվել են ևս 3-ով: 2015 թվականին ստեղծվել է «Մանկապարտեզ» հերթագրման համակարգ, ըստ որի մանկապարտեզներում երեխաների ընդունելությունը, խմբերի համալրումը և հերթագրումը տեղադրված է վերոնշյալ համակարգում: Շարունակվում է վերահսկողությունը մանկապարտեզներում երեխաների սննդի կազմակերպման նկատմամբ: Գործընթացին մասնակցում են ծնողները: Երևանում գորշում են ներառական կրթություն իրականացնող թվով 8 մանկապարտեզներ: Երևան քաղաքում սիրիահայ ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթությունն իրականացվում է արտահերթ, նաև անվճար քաղաքապետարանի ֆինանսական ներդրմամբ: Երեխաների դպրոցական կրթության համար մեկնարկային հավասար պայմաններ ստեղծելը շարունակում է մնալ առաջնային խնդիր:

 

Հիմնախնդիրներ

1. Մանկապարտեզներում նորագույն տեխնոլոգիաների ներդրում:

2. Մանկապարտեզների շենքային պայմանների համապատասխանեցում ժամանակակից պահանջներին:

3. Մանկապարտեզների բակային խաղային միջոցների նորացում:

4. Ոռոգման ցանցի, կոյուղագծերի և դիտահորերի նորոգում:

5. Մանկապարտեզների շենքային պայմանների համապատասխանեցում ներառված սաների ֆիզիկական պահանջներին, ինչպես նաև մանկավարժական համակազմի համապատասխան մասնագետներով համալրում:

6. Երեխաների առողջության պահպանմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման ավելացում, երեխաների խնամքի ծառայությունների որակի բարելավում:

 

2016 թվականին նախատեսվող աշխատանքներ

. Մանկապարտեզների շենքերի վերանորոգման և հիմնանորոգման շարունակականության ապահովում:

. Մինչև 5 տարեկան երեխաների օրենքով սահմանված կարգով նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունը ընդլայնող ծրագրերի իրականացում:

. Դաստիարակների խրախուսման նպատակով կազմակերպել Երևան քաղաքի «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթ: Շարունակել «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի քաղաքային փուլի անցկացումը:

. Բարեկարգ շրջակայքով, կանաչապատված և ծառաշատ մանկապարտեզի ծրագրի իրականացում:

. Մանկապարտեզների գործունեության առավել թափանցիկության և հրապարակայնության ապահովում

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

 

Առողջապահության ոլորտի գերակայությունը առողջապահական համակարգի կառավարման արդյունավետության և բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն է, սպասարկող բժշկական ընկերությունների շենքային պայմանների բարելավումը, գույքի արդիականացումը, վերազինումը:

2015թ. Երևանի ենթակայությամբ գործող 32 առողջապահական կազմակերպություններից 4-ը բժշկական կենտրոն են (այդ թվում 1 մասնագիտացված հիվանդանոց, 2 ընդհանուր պրոֆիլի հիվանդանոց, 1 ծննդատուն), 2-ը դիսպանսեր, 1-ը շտապ բուժօգնության ծառայություն, 1-ը գիտահետազոտական ինստիտուտ - մասնագիտացված հիվանդանոց, 2-ը ծննդատուն և 22-ը պոլիկլինիկա: Երևանի ենթակայության առողջապահական կազմակերպություններից 25-ը մատուցում է ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն:

Երևան քաղաքի ազգաբնակչությանը որակյալ բուժծառայությունների մատուցման և մատչելիության բարձրացման տեսանկյունից կարևոր հիմնախնդիր է հանդիսանում բուժհաստատությունների հագեցվածությունը: Երևանի ենթակայության գործող ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններ մատուցող բուժհաստատությունների ԽՍՀՄ արտադրության բարոյապես և ֆիզիկապես մաշված սարքավորումները փոխելու և արդի բուժման նոր մեթոդներին համապատասխանացնելու նպատակով 2013-2015թթ. ձեռք է բերվել և բուժհաստատություններին անհատույց օգտագործման հիմունքներով տրամադրվել է 88 ժամանակակից բուժսարքավորում, այդ թվում 2 ռենտգեն ապարատ:

Նշված սարքավորումների ձեռքբերումով հնարավոր եղավ ոչ միայն հզորացնել ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների հագեցվածությունը, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, այլ նաև ապահովել պետական պատվերի շրջանակներում չներառված վճարովի հիմունքներով մատուցվող բժշկական ծառայությունների տևական աճ:

Բուժհաստատությունները նոր բուժսարքավումեներով հագեցնելու ծրագիրը կրում է շարունակական բնույթ: Ծրագրի իրականացման արդյունքում բուժհաստատությունները ստանում են լրացուցիչ եկամուտ, ինչն էլ իր հերթին հնարավորություն է տալիս ոչ միայն ապահովել բուժհաստատությունների ընթացիկ գործունեությունը, այլև ստեղծել ֆոնդեր հետագա զարգացման համար:

Առողջապահության ոլորտի գերակա խնդիրներից է համարվում առողջապահական ընկերությունների շենքային պայմանների բարելավումը: 2010-2015թթ ընթացքում իրականացվել է նշված գերակայության ապահովմանն ուղղված մի շարք գործողություններ (շենքերի մասնակի վերանորոգում, ջեռուցման համակարգի անցկացում, թեքահարթակների կառուցում):

Կոմպյուտերային տոմոգրաֆիայի հետազոտությունը շատ կարևոր է առանձին հիվանդությունների ախտորոշման և արդյունավետ բուժման կազմակերպման համար, իսկ պետության կողմից երաշխավորված թանկարժեք ու դժվարամատչելի հետազոտությունների ցանկում ներառված լինելը այն հասանելի չի դարձնում հասարակության լայն շերտերի համար, որն էլ կարևոր հիմնախնդիրներից մեկն է Երևան համայնքի բնակիչների համար բուժծառայությունների մատուցման մատչելիության ապահովման տեսանկյունից: Այս խնդրի կարգավորման նպատակով Երևան քաղաքապետարանի կողմից ձեռք է բերվել կոմպյուտերային տոմոգրաֆիայի ծառայություն, որից 2014 թվականից առ այսօր օգտվել է 390 քաղաքացի: Նշված ծառայության ձեռքբերումը հնարավորություն է տալիս որոշ չափով մեղմել սոցիալական լարվածությունը, ինչպես նաև ապահովել առանձին խմբերում ընդգրկված անձանց համար նշված ծառայության սպառումը:

Ամեն տարի արդեն ավանդական են դարձել «Ձեզ համար, կանայք» և «Երևանյան ամառ» խորագրով քաղաքապետարանի կողմից իրականացվող առողջապահական ակցիաները:

Մարտի 8-ից ապրիլի 7-ը կանանց միամսյակին նվիրված «Ձեզ համար, կանայք» ակցիայի շրջանակներում երևանաբնակ կանանց բացառապես անվճար մատուցվել են գինեկոլոգիական, ակնաբուժական և սրտաբանական ծառայություններ, ընդհանուր վիրաբուժություն: 2012-2015 թթ ակցիային մասնակցել է 74105 կին:

«Երևանյան ամառ» ծրագրի շրջանակներում իրականացվող «Երևանյան ամառ» առողջապահական ակցիայի շրջանակներում բացառապես անվճար իրականացվում են սիրտ-անոթային, վահանաձև գեղձի և համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություններ: 2013-2015 թթ ակցիային մասնակցել են 5736 քաղաքացի:

 

Հիմնախնդիրներ

1. Առողջապահության ծառայության որակի բարձրացում

2. Վիրահատական ծառայությունների մատչելիության ապահովում

3. Առողջապահական հաստատությունների հիմնանորոգում

4. Ջեռուցման համակարգերի ներդրում

5. Գույքի և բժշկական պարագաների արդիականացում

 

2016 թվականին նախատեսվող աշխատանքներ

Որակյալ բուժծառայության մատուցման և մատչելիության բարձրացման նպատակով Երևանի ենթակայության առողջապահական կազմակերպություններում 2016թ. նախատեսվում է ձեռք բերել նոր բուժսարքավորումներ, մասնավորապես

1. 10 լաբորատոր ցենտրիֆուգ

2. 2 տրեդմիլ

3. 1 ուլտրաձայնային դյուրակիր հետազոտման սարք

4. 7 ուլտրաձայնային դյուրակիր հետազոտման սարք

5. 15 էլեկտրասրտագրության (ԷՍԳ) երկարատև մոնիտորինգի կրովի համակարգ

6. 10 կուագուլոմետր

7. 10 բինոկուլյար մանրադիտակ

8. 5 ուլտրաձայնային թերապիայի սարքավորում

9. 5 լազերային թերապիայի սարքավորում

Երևանի սոցիալապես անապահով բնակչության համար վիրաբուժական ծառայությունների տրամադրման նպատակով 2016 թվականին նախատեսվում է ձեռք բերել գինեկոլոգիական թվով 166 հատ և աչքի կատարակտայի թվով 294 հատ վիրահատություններ:

Երևանի բնակչության համար ամեն տարի անցկացվող և արդեն ավանդական դարձած «Ձեզ համար կանայք» և «Երևանյան ամառ» առողջապահական ակցիաները կիրականացվեն նաև 2016թ.:

2016թ. Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 9 համաբուժարաններում նախատեսվում է անցկացնել ջեռուցման համակարգ, որի արդյունքում Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր համաբուժարաններում ամբողջովին կլուծվի ջեռուցման ապահովման խնդիրը:

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Երևանի ավագանի
23.12.2015
N 432-Ն
Որոշում