Սեղմել Esc փակելու համար:
ՌՈԲԻՆ-ՕՖԻԿ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՌՈԲԻՆ-ՕՖԻԿ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 376.1 ...

 

 

020.1255.160216

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՌՈԲԻՆ-ՕՖԻԿ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 376.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 16 փետրվարի 2016թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմող Ռոբին-Օֆիկ Օսկանյանի և նրա ներկայացուցիչ Ա. Եսոյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Հ. Սարդարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի խմբագրությամբ) 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ռոբին-Օֆիկ Օսկանյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Ռոբին-Օֆիկ Օսկանյանի` 2015 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն (այսուհետ` օրենսգիրք) ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:

Օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է.

«Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են`

...

4) առաջին ատյանի դատարանների` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին որոշումները. ... «:

Օրենսգիրքը լրացվել է 376.1-րդ հոդվածով` «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-270-Ն օրենքով (ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել է 2007 թվականի դեկտեմբերի 18-ին և ուժի մեջ է մտել 2007 թվականի դեկտեմբերի 27-ին):

Հիշյալ հոդվածը ենթարկվել է փոփոխման և լրացման «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համապատասխանաբար` ՀՕ-237-Ն և ՀՕ-45-Ն Հայաստանի Հանրապետության օրենքներով, սակայն այդ փոփոխությունները և լրացումները վիճարկվող նորմին չեն վերաբերում:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. 2013 թվականի հունվարի 23-ին Ռոբին-Օֆիկ Օսկանյանը թիվ 46107610/1 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին և հայտարարվել է հետախուզում: 2013 թվականի ապրիլի 3-ին Ռոբին-Օֆիկ Օսկանյանն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, ուր վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ռոբին-Օֆիկ Օսկանյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարան խափանման միջոցը վերացնելու մասին: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2014 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ մերժել է պաշտպանի ներկայացրած միջնորդությունը:

Վերոհիշյալ դատական ակտի դեմ պաշտպանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015 թվականի հունվարի 19-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` տվյալ դատական ակտը վերաքննիչ բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը 2015 թվականի մարտի 26-ի որոշմամբ վերադարձրել է Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը` տրամադրելով 15-օրյա ժամկետ` բողոքի ձևական սխալները շտկելու և այն կրկին ներկայացնելու համար:

Կրկին ներկայացված վճռաբեկ բողոքի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանը 2015 թվականի հուլիսի 6-ին կայացրել է որոշում հիշյալ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին` վերահաստատելով Վերաքննիչ դատարանի իրավական դիրքորոշումը:

3. Վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականությունը` դիմողը գտնում է, որ այն հակասում է ՀՀ Սահմանադրության (2005 թվականի խմբագրությամբ) 17, 18, 19, 25 և 43-րդ հոդվածներին:

Հղում կատարելով Սահմանադրության հիշյալ և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 3 և 13-րդ հոդվածներին, վերլուծելով օրենսգրքի համապատասխան հոդվածները, դիմողը գտնում է, որ տվյալ իրավակարգավորումը զրկում է իրեն իր նկատմամբ նշանակված խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկելու հնարավորությունից, ինչի արդյունքում իր ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքի սահմանափակման հիմնավորվածությունը պատշաճ կերպով չի ստուգվում` դատարանի կամայականության հնարավորություն ստեղծելով, դրանով իսկ խախտելով արդար դատաքննության`ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իր իրավունքը:

Դիմողի կարծիքով` տվյալ պարագայում փաստորեն խախտվում են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իր այլ իրավունքները ևս, մասնավորապես` ազատ տեղաշարժի և վերջինիս սահմանափակման համար անհրաժեշտ հիմքերի պահպանման իրավունքները:

Համաձայն ՀՀ Սահմանադրության (2005 թվականի խմբագրությամբ) 6-րդ հոդվածի` նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով: Դիմողի կարծիքով` դատական ակտերի վերաքննիչ բողոքարկման վերաբերյալ օրենսգրքի 376.1-րդ հոդվածը չի բավարարում վերը նշված սահմանադրական նորմի պահանջը, քանի որ չի ապահովում պատշաճ ընթացակարգի մասին պահանջը, որը քրեական դատավարության շրջանակներում անձի հիմնական իրավունքների սահմանափակման պարտադիր հիմքերի պահպանման ընթացակարգային մեխանիզմն է:

Դիմողը գտնում է, որ դատական ակտերի վերաքննիչ բողոքարկման վերաբերյալ հոդվածը, որը չի ներառում ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառման կամ դրա վերացման մասին դատարանի որոշման վերաքննիչ բողոքարկման հնարավորություն, հակասում է ՀՀ Սահմանադրությանը:

4. Պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Պատասխանողը նշում է, որ ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի` դատարանի մատչելիության և դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքն առաջին հերթին վերաբերում է առաջին ատյանի դատարանի մատչելիությանը և չի ներառում վերաքննիչ բողոքարկման և իրավական պաշտպանության այլ միջոցները: Թեև երկրորդ դատական ատյանի ստեղծումը պարտադիր չի համարվում, այնուհանդերձ, դատական ակտերի բողոքարկումը կենսական նշանակություն ունի կամայական որոշումներ կայացնելու ռիսկերը նվազագույնի հասցնելու և դատական սխալները շտկելու տեսանկյունից: Պետությունը, ստեղծելով վերաքննիչ և վճռաբեկ ատյաններ, օրենսդրորեն երաշխավորել է դատական ակտերի վերանայման հնարավորությունը, որից բացառությունները սահմանվում են միայն օրենքով:

Ըստ պատասխանողի` օրենսդիրը, տարանջատելով գործն ըստ էության լուծող դատական ակտերը գործն ըստ էության չլուծող դատական ակտերից, օրենսգրքի 376.1-րդ հոդվածով սպառիչ սահմանում է վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերի շրջանակը, այդ թվում` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի ցանկը: Վերջինիս սահմանափակումը նպատակ ունի դատական վերանայման համակարգը զերծ պահել երկրորդական դատական ակտերի բողոքարկմամբ անհարկի ծանրաբեռնելուց: Գործն ըստ էության չլուծող դատական ակտը հիմնականում վերանայման առարկա է դառնում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում:

Պատասխանողը հղում է կատարում ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-922 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշմանը, համաձայն որի` միջանկյալ դատական ակտերի «հետաձգված բողոքարկման» կարգի սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել գործի քննությունը ողջամիտ ժամկետում կազմակերպելու, դատաքննությունն անհարկի ձգձգումներից զերծ պահելու պահանջի երաշխավորումը, ինչպես նաև դատավարական գործընթացի արդյունավետության իրավաչափ նպատակ:

Վերջում պատասխանողն անդրադառնում է գործն ըստ էության չլուծող դատական ակտի բողոքարկման հարցում միջազգային պրակտիկային:

5. Սույն գործի քննության շրջանակներում սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ դիմումի մուտքագրման պահին գործել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը` 2005 թվականի փոփոխություններով, և դիմողը վիճարկվող իրավադրույթները վիճահարույց է համարել Սահմանադրության այդ խմբագրությամբ 17, 18, 19, 25 և 43-րդ հոդվածներին համապատասխանության տեսանկյունից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 1-3-րդ գլուխներն ուժի մեջ են մտել 2015 թվականի դեկտեմբերի 22-ից, ուստի սույն գործի շրջանակներում վիճարկվող դրույթների սահմանադրականության հարցը քննության առարկա է հանդիսանում Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) համապատասխանաբար 26, 61 և 63-րդ հոդվածների, ինչպես նաև 40-րդ հոդվածի 1-3-րդ մասերի և 4-րդ մասի համատեքստում:

6. Սահմանադրական դատարանը դիմումի ուսումնասիրության արդյունքում արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթի հնարավոր հակասահմանադրականության վերաբերյալ դիմողի փաստարկները գլխավորապես հանգում են օրենսդրական կարգավորումների ենթադրաբար ոչ լիարժեք լինելու խնդրին:

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում, մասնավորապես, 2014 թվականի ապրիլի 8-ի ՍԴՈ-1143 որոշմամբ միմյանցից հստակ սահմանազատել է օրենսդրական կարգավորումների ոչ լիարժեք լինելու այն դեպքերը, որոնք կարող են քննվել սահմանադրական դատարանի կողմից, այն դեպքերից, որոնց լուծումը վերապահված է բացառապես օրենսդիր մարմնին:

Նշված որոշման 6-րդ կետում ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է սկզբունքային նշանակություն ունեցող հետևյալ իրավական դիրքորոշումները.

ա) «...Օրենսդրական բացն առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը»,

բ) «... բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է»:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո` սահմանադրական դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ստորագրություն չհեռանալու վերաբերյալ խափանման միջոցը վերացնելու մասին որոշման վերաքննության կարգով բողոքարկման հարաբերությունների իրավակարգավորման բացակայությունը չի կարող դիտարկվել որպես օրենքի բաց կամ իրավական անորոշություն, այլ դա օրենսդրի հայեցողության շրջանակներում իրականացված իրավակարգավորում է:

Սահմանադրական դատարանը նաև ընդունում է ի գիտություն, որ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետի պահանջներին համապատասխան` արգելվում է Հայաստանի Հանրապետությունից օտարերկրացու ելքը, եթե օրենքով սահմանված կարգով հարուցված քրեական գործով նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց, բացառությամբ այն դեպքերի, երբ քրեական հետապնդման մարմինը տվյալ անձին Հայաստանի Հանրապետությունից ելքի գրավոր թույլտվություն է տվել:

Սահմանադրական դատարանը հաշվի է առնում նաև միջազգային իրավունքի ակտերով ընդունված այն սկզբունքը, որ իրավախախտի նկատմամբ ազատազրկման հետ չկապված խափանման միջոցի կիրառումը պահանջում է նրա համաձայնությունը (ՄԱԿ-ի ԳԱ 14 դեկտեմբերի 1990թ. 45/110 բանաձևի 3.4 կետ): Ստորագրությունը` չհեռանալու մասին, անձի կամաարտահայտության դրսևորում է:

Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ, ըստ գործի նյութերի, դիմողի նկատմամբ` ամբաստանյալի կարգավիճակով, դատաքննությունը շարունակվում է, որի շրջանակներում խափանման միջոցի ընտրության հետ կապված հարցն ակնհայտ անհիմն ձևով է ներկայացվել որպես սահմանադրաիրավական վեճ, և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի հիմքով դիմումը ենթակա է մերժման: Քննության առարկա դիմումը չի համապատասխանում նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:

Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումում առկա վեճի առնչությամբ կիրառելի են նաև սահմանադրական դատարանի ՍԴՈ-922 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները: Մասնավորապես, սահմանադրական դատարանը գտել է, որ` «... օրենսդրի նման մոտեցումն իր հերթին բխում է այն ողջամիտ տրամաբանությունից, որ հարուցված, չկասեցված և շարունակվող վարույթի տրամաբանական ավարտը գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացումն է, հետևաբար` նման վարույթի շրջանակներում կայացված միջանկյալ ակտերը, անձի իրավունքի ենթադրյալ խախտման դեպքում, կարող են վիճարկվել գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում»:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 1-ին կետով, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, 60-րդ հոդվածի 1-ին կետով, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Ռոբին-Օֆիկ Օսկանյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

16 փետրվարի 2016 թվականի

ՍԴՈ-1255

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
16.02.2016
N ՍԴՈ-1255
Որոշում