Սեղմել Esc փակելու համար:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐ ...

 

 

020.0179.161099

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 3 ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 1999 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՎ 122 ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ԿԵՏԵՐԻ, 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 18 ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 16 հոկտեմբերի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Վ. Նազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1 կետի, 25 հոդվածի 1 կետի և 55 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Ազգային ժողովի կողմից 1996 թվականի հունիսի 30-ին ընդունված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3 հոդվածի 2ճրդ մասի, 1999 թվականի փետրվարի 5-ին ընդունված` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2 հոդվածի 1-ին կետի և 122 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, 1999 թվականի մարտի 3-ին ընդունված «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 8-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Դ. Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչ Վ. Նազարյանի բացատրությունները, հետազոտելով «Տեղական ինքնակառավարման մասին» և «Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 1996 թվականի հունիսի 30-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է 1996 թվականի հուլիսի 22-ին, պաշտոնապես հրապարակվել է, ուժի մեջ է մտել 1996 թվականի նոյեմբերի 10-ից:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքն ընդունվել է 1999 թվականի փետրվարի 5-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է 1999 թվականի փետրվարի 17-ին, պաշտոնապես հրապարակվել է, ուժի մեջ է մտել 1999 թվականի փետրվարի 28-ից:

«Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 1999 թվականի մարտի 3-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է 1999 թվականի մարտի 27-ին, պաշտոնապես հրապարակվել է, ուժի մեջ է մտել 1999 թվականի ապրիլի 11-ից:

Հայաստանի Հանրապետության Նախագահը, ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգով, նշված օրենքների վերաբերյալ առարկություններ կամ առաջարկություններ չի ունեցել:

2. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վիճարկվող 3 հոդվածի 2-րդ մասում ասվում է, որ` «Տեղական ինքնակառավարման մարմիններն ընտրվում են համայնքի անդամների կողմից: Համայնքի անդամ է համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը մշտապես բնակվում է տվյալ համայնքում, կամ վերջին 3 տարում անընդմեջ ընդգրկված է համայնքում հարկեր, տեղական տուրքեր և վճարներ մուծողների ցուցակում»:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2 հոդվածի վիճարկվող 1-ին կետը սահմանում է, որ` «Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 122 հոդվածի 1-ին կետի համաձայն` «Համայնքի ղեկավար կարող է ընտրվել 25 տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող` Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի», իսկ օրենսգրքի 122 հոդվածի 2-րդ կետի համաձայն` «Ավագանու անդամ կարող է ընտրվել 21 տարին լրացած, տվյալ համայնքում առնվազն վերջին մեկ տարվա հաշվառում ունեցող` Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի»:

«Փախստականների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի վիճարկվող 8-րդ մասը սահմանում է, որ` «Փախստականը Հայաստանի Հանրապետությունում չունի ընտրական իրավունք, չի կարող անդամագրվել Հայաստանի Հանրապետության որևէ կուսակցության, չի կարող ընտրվել կամ նշանակվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանափակված պաշտոններում»:

3. Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Դ. Հարությունյանի բացատրության համաձայն քննության առարկա օրենքների նշված հոդվածների դրույթները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, որովհետև փախստականներին զրկում են մասնակցելու համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:

4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչ Վ. Նազարյանի կարծիքով դիմումատուն հստակ չի սահմանազատել միայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում փախստականների մասնակցության իրավունքի սահմանադրականության որոշման հարցը և առաջ է քաշել նաև ՀՀ ընտրական օրենսգրքի 2 հոդվածի 1-ին կետի, ինչպես նաև «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 8-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանելու հարցը` ընդհանրապես:

Բացի դրանից, պատասխանող կողմը գտնում է նաև, որ ոչ-քաղաքացիների ընտրական իրավունքի հարցը` տեղական ինքնակառավարման մարմինները ձևավորելիս, նույնպես պետք է քննության առնել ՀՀ Սահմանադրության 2, 3 և 27 հոդվածների պահանջներից ելնելով:

Միաժամանակ, պատասխանող կողմը գտնում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորմանը փախստականների կամ բռնագաղթվածների մասնակցության հարցի լուծումն օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունի:

5. Հայաստանի Հանրապետությունում բնակվում են ավելի քան 300 հազար բռնագաղթվածներ: Նրանք Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն են հաստատել հիմնականում 1988-1991 թվականների ընթացքում` մինչև նախկին ԽՍՀՄ փլուզումը, տեղահանվել են Ադրբեջանական ԽՍՀ-ից, «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 9 և 10 հոդվածների հիմքերով ձեռք չեն բերել ՀՀ քաղաքացիություն, ունեն կամ ցանկանում են ձեռք բերել փախստականի կարգավիճակ:

Բացի Երևան քաղաքից, ՀՀ մարզերի 918 համայնքներից 396-ում բնակվում են փախստականներ: Ընտրական տարիքի բնակչության մեջ մինչև 10 տոկոսը փախստականներ են 253 համայնքում, 10-30 տոկոսը` 51 համայնքում, 30-50 տոկոսը` 21 համայնքում, 50-75 տոկոսը` 35 համայնքում, 75-90 տոկոսը` 21 համայնքում, 90 տոկոսից բարձր` 15 համայնքում:

Նրանք, մինչև 1995 թ. ՀՀ Սահմանադրության ընդունումը, մասնակցել են պատգամավորների տեղական խորհուրդների ընտրություններին, ՀՀ Գերագույն խորհրդի ընտրություններին, ՀՀ անկախության հանրաքվեին, ՀՀ նախագահական ընտրություններին, ՀՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեին: 1991 թվականից նրանք մասնակցել են նաև հողի սեփականաշնորհման գործընթացին:

ՀՀ Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո, 1996 թ. նոյեմբերին անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց մասնակցել են նաև փախստականներ: Ավելին, շարունակում են մինչ օրս իրենց լիազորությունները կատարել փախստականներից ընտրված համայնքի ղեկավարներն ու ավագանու անդամները:

1999 թ. փետրվարին ուժի մեջ մտած նոր ընտրական օրենսգիրքը բոլոր մակարդակներում ընտրական իրավունք միանշանակ վերապահեց միայն ՀՀ քաղաքացիներին:

1999 թ. մարտին ընդունվել է նաև «Փախստականների մասին» ՀՀ օրենքը, որի հոդված 2-ով օրենքի գործողությունը տարածվել է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող այն անձանց վրա, ովքեր, գտնվելով Հայաստանի Հանրապետությունում, տվյալ օրենքով սահմանված կարգով դիմել կամ մտադիր են դիմել լիազորված մարմնին` փախստականի կարգավիճակ ստանալու համար, կամ արդեն իսկ ձեռք են բերել փախստականի կարգավիճակ, կամ ստացել են մերժում:

Նշված օրենքի 18 հոդվածը, սահմանելով փախստականի իրավունքները և պարտականությունները, մասնավորապես նախատեսում է, որ փախստականն ունի նաև ազատ տեղաշարժվելու և սահմանված կարգով բնակավայր ընտրելու, սեփականության, աշխատանքի և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելու և այլ իրավունքներ, պարտավոր է վճարել հարկեր, տուրքեր, կատարել այլ պարտադիր վճարումներ, պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները: Նույն հոդվածով, ինչպես նշվեց, սահմանված է նաև, որ փախստականը Հայաստանի Հանրապետությունում չունի ընտրական իրավունք:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունը 1993 թ. ապրիլին միացել է «Փախստականների կարգավիճակի մասին» 1951 թ. ընդունված և 1954 թ. ապրիլից գործող ՄԱԿ-ի կոնվենցիային, որի հոդված 7-ի 3-րդ կետում ասվում է, որ յուրաքանչյուր պայմանավորվող պետություն այսուհետև ևս փախստականներին կտրամադրի այնպիսի իրավունքներ ու առավելություններ, որոնց նկատմամբ նրանք իրավունք ունեին տվյալ երկրի առնչությամբ սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ:

6. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հստակ տարանջատում է «տեղական ինքնակառավարում» և «պետական կառավարում» հասկացությունները: Սահմանադրության 105 հոդվածում ամրագրված է, որ` «Համայնքներում իրականացվում է տեղական ինքնակառավարում», իսկ 107 հոդվածում` «Մարզերում իրականացվում է պետական կառավարում»: Բացի դրանից, Սահմանադրության հոդված 2-ում սահմանված է, որ` «Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»: Նման ձևակերպումը հստակ սահմանազատում է իշխանության իրականացման գործառնական և ինստիտուցիոնալ տարբեր համակարգերը: Պետությունը, ճանաչելով տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդաիշխանության հատուկ մակարդակ, երաշխավորում է համայնքի իրավունքը` ինքնուրույն և իր պատասխանատվությամբ, տեղական ինքնակառավարման ընտրովի մարմինների միջոցով տնօրինելու համայնքի սեփականությունը, լուծելու համայնքային նշանակության հարցերը:

Այս մոտեցումը զարգացվել է ՀՀ քաղաքացիական նոր օրենսգրքում: Վերջինիս 128-130 հոդվածներում Հայաստանի Հանրապետությունը և համայնքները ճանաչվել են որպես քաղաքացիական իրավունքի առանձին, ինքնուրույն և հավասար սուբյեկտներ: Նույն օրենսգրքի 166, 168 և 169 հոդվածներով Հայաստանի Հանրապետությունը և համայնքները ճանաչվել են նաև որպես սեփականության իրավունքի առանձին և ինքնուրույն սուբյեկտներ, սահմանվել է դրանց սեփականության իրավունքը:

7. ՀՀ Սահմանադրության 105 հոդվածում ամրագրված է, որ` «Համայնքի սեփականությունը տնօրինելու, համայնքային նշանակության հարցը լուծելու համար երեք տարի ժամկետով ընտրվում են տեղական ինքնակառավարման մարմիններ...»: բացի դրանից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված` տեղական ինքնակառավարում հասկացության վերլուծությունը վկայում է, որ վերջինս ներկայացվում է որպես «... բնակչության բարեկեցության բարելավման նպատակով սեփական պատասխանատվությամբ գործող տեղական ինքնակառավարման մարմինների` համայնքի սեփականությունը տնօրինելու և համայնքային նշանակության հարցերը լուծելու իրավունք ու կարողություն» («Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք, հոդված 3):

Հայաստանի Հանրապետությունում համայնքային սեփականության գույքի ցանկը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 59 հոդվածի հիման վրա սահմանվել է ՀՀ կառավարության 14.03.1997 թ. թիվ 51 որոշմամբ: Կառավարության սույն որոշումով գույքի ցանկը սահմանվել է յուրաքանչյուր կոնկրետ համայնքի համար, այդ թվում` նրանց, որոնք 100 տոկոսով բնակեցված են 198-1991 թվականներից Հայաստանում մշտապես բնակվող, սակայն ՀՀ քաղաքացիություն չունեցող բռնագաղթվածներով:

Համայնքային սեփականության գույքի ցանկերը որոշվել են նաև 71 այնպիսի համայնքների համար, որտեղ ընտրական տարիքի բնակչության կեսից ավելին շուրջ 10 տարի Հայաստանում բնակվող, սակայն ՀՀ քաղաքացիություն չունեցող բռնագաղթվածներ են:

Ակնհայտ է, որ եթե վերջիններս չեն մասնակցում ժողովրդավարական սկզբունքներով տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորմանը, ապա նրանք, ըստ էության, օտարվում են իրենց հայեցողությամբ սեփականության տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքից (ՀՀ Սահմանադրություն, հոդվ. 8, մաս 2-րդ), ինչպես նաև համայնքին պատկանող գույքի «... ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունից» (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդվ. 163):

8. Միջազգային պրակտիկան վկայում է, որ ոչ-քաղաքացիների ընտրական իրավունքի հարցում կա այն միտումը, որ տեղական ինքնակառավարման մակարդակում նման իրավունք վերապահվում է զգալի թվով երկրներում: Օրինակ, եվրոպական երկրներում տեղական մակարդակում ընտրական իրավունք տրվում է թե Եվրոպական միության անդամ պետությունների և սկանդինավյան երկրների քաղաքացի հանդիսացող անձանց, և թե` տվյալ երկրում բնակվող այլ օտարերկրյա ռեզիդենտներին (տվյալ պետության քաղաքացի չհանդիսացող և այդ պետության տարածքում օրինական կարգով բնակվող անձ): Բնորոշն այն է, որ տեղական ինքնակառավարման ոլորտում ընտրական իրավունքը կապվում է բնակության ցենզի հետ:

Նման մոտեցումն իր արտացոլումն է գտել թե «Եվրամիության մասին» 1992 թ. փետրվարին ստորագրված և 1995 թ. հունվարից ուժի մեջ մտած համաձայնագրում, և թե Տեղական մակարդակում հասարակական կյանքին օտարերկրացիների մասնակցության մասին եվրոպական կոնվենցիայում (05.02.1992 թ.): Վերջինիս հոդված 6-ի 1-ին կետով սահմանված է տեղական մարմիններում օտարերկրացիների ակտիվ և պասիվ ընտրական իրավունքը` պայմանով, որ նրանք ունենան տվյալ երկրում 5 տարվա բնակություն, ինչպես նաև ստանձնեն իրավաբանական այն պարտավորությունները, որոնք ունեն քաղաքացիները:

Եվրոպայի խորհրդի շրջանակներում` այս և տեղական ինքնակառավարմանը վերաբերող այլ նախաձեռնությունները նպատակ ունեն քայլ առ քայլ օտարերկրյա ռեզիդենտներին, հնարավորության սահմաններում, լիարժեք մասնակից դարձնել տեղական կյանքին և տեղերում որոշման կայացման գործընթացին: Այդ նպատակն իրականացնելու միջոցներից մեկն էլ հանդիսանում է տեղական ինքնակառավարման ընտրություններում բնակության հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին ընտրելու և ընտրվելու իրավունք տրամադրելը: Ի դեպ, Կոնվենցիայի հեղինակները բնակության ցենզի առնչությամբ տրամաբանական համարելով ավելի նվազ ժամկետի սահմանումը, քան 5 տարին է, նախատեսում են առանձին դրույթ, համաձայն որի` պայմանավորվող կողմը կարող է իր օրենսդրությամբ սահմանել ավելի պակաս ժամկետ:

Քանի որ խոսքը վերաբերվում է տեղական իշխանություններին, Կոնվենցիան հաշվի է առնում նաև Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայում

(15.10.1985 թ.) ամրագրված սկզբունքները, մասնավորապես` հիմք ընդունելով, որ տեղական ինքնակառավարումը, իշխանության ապակենտրոնացումը ցանկացած ժողովրդավարական համակարգի կարևոր հիմքերից են: Խոսքը վերաբերում է տեղական ինքնակառավարման այնպիսի մարմինների կազմավորմանը, որոնք օժտված են որոշումներ ընդունելու իրավասությամբ, ձևավորվում են ժողովրդավարական սկզբունքով, և որոնք իրենց իրավասության շրջանակներում ունեն մեծ ինքնուրույնություն, դրա իրացման հստակ կարգ ու անհրաժեշտ միջոցներ:

9. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ընտրական իրավունքին վերաբերող նորմերն ամրագրված են 2, 3, 27, 44, 50-53, 64, 110 հոդվածներում: Սահմանադրական ընդհանուր մոտեցումը` տվյալ հարցի առումով, այն է, որ`

ա) Սահմանադրության հոդված 2-ն ամրագրում է նաև տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով իր իշխանությունն իրականացնելու ժողովրդի իրավունքը,

բ) սահմանազատելով «տեղական ինքնակառավարում» և «պետական կառավարում» հասկացությունները (հոդվ. 105, 107), պետության կառավարմանը մասնակցելու իրավունքը վերապահվում է Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիներին (հոդվ. 27),

գ) տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման նպատակն է համարվում համայնքի սեփականության տնօրինումն ու համայնքային նշանակության հարցերի լուծումը (հոդվ. 105): Միաժամանակ, նախատեսվում են` սեփականատիրոջ իրավունքը` սեփականության տիրապետման, օգտագործման և տնօրինման հարցում (հոդվ. 8), ինչպես նաև սեփականության օտարման սահմանադրական երաշխիքները (հոդվ. 28),

դ) որևէ ուղղակի սահմանափակում չի դրվում տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման և ինքնակառավարման գործառույթի իրականացմանը տվյալ համայնքում մշտական բնակվող` ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մասնակցության հարցում:

10. ՀՀ Սահմանադրությամբ ընտրական իրավունքի սահմանափակման պայման է նախատեսվում բնակության ց ցենզը` ՀՀ նախագահի թեկնածուի համար` 10 տարի (հոդվ. 50), պատգամավորների համար` 5 տարի (հոդվ. 64): Մինչդեռ, ՀՀ ընտրական օրենսգրքի 122 հոդվածով մտցվել է ընտրական իրավունքի սահմանափակման նոր հասկացություն` «հաշվառում», որն էապես տարբերվում է «բնակություն» հասկացությունից, սահմանադրական ոչ մի դրույթով ամրագրված չէ և չի բխում նաև Սահմանադրության 44-45 հոդվածների բովանդակությունից: Բացի դրանից, տարբեր օրենքներում նույն երևույթը տարակերպ է բնորոշվել («Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի երկրորդ մաս, ՀՀ ընտրական օրենսգրքի 122 հոդվածի 1-ին կետ):

11. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առնչությամբ օրենսդրական դաշտում տեղ են գտել տարաբնույթ ու հակասական լուծումներ: Մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքի հոդված 2-ի 3-րդ կետով սահմանվում է, որ` «Քաղաքացիների ընտրական իրավունքը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով»: Միաժամանակ, շարունակում են գործել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հոդված 3-ը, «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 8-րդ մասը:

12. ՀՀ Սահմանադրությունը, ուղղակիորեն ամրագրելով իրենց ներկայացուցիչների միջոցով պետության կառավարմանը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիների մասնակցության իրավունքը և դրա սահմանափակման հնարավորությունները, միաժամանակ չի բացառում որոշակի կարգավիճակ ունեցող, Հայաստանում օրինական կարգով մշտապես բնակվող, ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց (փախստականներին կամ բռնագաղթվածներին) տեղական ինքնակառավարման մակարդակում ընտրական իրավունքով օժտելու հնարավորությունը: Ավելին, Սահմանադրության 2, 8, 43, 105 հոդվածների պահանջների լիարժեք իրացումը ենթադրում է Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության հաստատած փախստականներին օրենսդրորեն նման իրավունքի վերապահում:

Դիմումում նշված օրենքների ուսումնասիրությունը վկայում է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հոդված 3-ի երկրորդ մասի, ՀՀ ընտրական օրենսգրքի հոդված 2-ի 1-ին կետի, հոդված 122-ի 1-ին և 2-րդ կետերի, «Փախստականների մասին» ՀՀ օրենքի հոդված 18-ի ութերորդ մասի` Հայաստանում մշտական բնակություն հաստատած փախստականների` տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրական իրավունքը բացառող դրույթներն անհնարին են դարձնում ժողովրդավարական սկզբունքներով համայնքի սեփականությունը տնօրինելու և համայնքային նշանակության հարցերը լուծելու գործին տվյալ համայնքում մշտական հիմունքներով շուրջ 10 տարի բնակվող, առանձին դեպքերում համայնքի ամբողջ բնակչությունը կազմող փախստականների (բռնագաղթվածների) օրինական մասնակցությունը:

Միաժամանակ, ՀՀ Սահմանադրության 110 հոդվածով սահմանված է, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության կարգը, լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով»: Օրենսդիրին վերապահելով «ընտրության կարգը» սահմանելու իրավասությունը, Սահմանադրության ընդհանուր պահանջը նաև այն է, որ այն իրականացվի ՀՀ սահմանադրական կարգի հիմունքներին, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, և ՀՀ Ազգային ժողովի իրավասությունն է սահմանելու այդ իրավունքի իրացման կարգն ու պայմանները, մասնավորապես` հստակեցնելով մոտեցումը բնակության ցենզի վերաբերյալ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 1 կետով, 55, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ ընտրական օրենսգրքի 2 հոդվածի 1-ին կետի դրույթը` այն իմաստով, որ պետության կառավարմանը (ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին, համապետական հանրաքվեներին) մասնակցելու իրավունքը վերապահում է միայն Հայաստանի Հանրապետության տասնութ տարին լրացած քաղաքացիներին, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

i

2. «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 8-րդ մասի դրույթները, այնքանով որքանով վերաբերվում են փախստականների իրավունքի սահմանափակմանը` մասնակցելու պետության կառավարմանը (ՀՀ Նախագահի, ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին, համապետական հանրաքվեներին), համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

i

3. Հայաստանում օրինական կարգով մշտական բնակություն հաստատած փախստականների` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը մասնակցելու իրավունքը բացառող` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 2-րդ մասի, ՀՀ ընտրական օրենսգրքի 2 հոդվածի 1-ին կետի, 122 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, «Փախստականների մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի 8-րդ մասի դրույթները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2, 4, 8, 27, 105 հոդվածների պահանջներին:

i

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

16 հոկտեմբերի 1999 թ.

ՍԴՈ-179

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
16.10.1999
N ՍԴՈ-179
Որոշում