Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (ՅՈՒՆԻՍ ...

 

 

020.0180.161099

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (ՅՈՒՆԻՍԵՖ) ՄԻՋԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 16 հոկտեմբերի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վ. Օսկանյանի, հրավիրված` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) միջև հիմնական համագործակցության համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Օսկանյանի բացատրությունները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի պարզաբանումները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) միջև 1998 թվականի օգոստոսի 4-ին Երևանում ստորագրված հիմնական համագործակցության համաձայնագրի նպատակն է երեխաների պաշտպանության, զարգացման, կարիքների բավարարման հայաստանյան ծրագրերում ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցության պայմանների սահմանումը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործառնությունների գլխավոր ծրագրի մաս կազմող համագործակցության ծրագրերի իրականացմանը կմասնակցի ֆինանսական օժանդակության, նյութական միջոցների տրամադրման, երեխաների ուսուցման կազմակերպման և խորհրդատվության միջոցով:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնատար անձանց, հանձնակատար փորձագետներին և այդ կազմակերպության համար ծառայություններ մատուցող անձանց թույլատրել հետևյալ և վերահսկելու համագործակցության ծրագրերի բոլոր փուլերն ու բնագավառները, ՅՈՒՆԻՍԵՖ-ին ներկայացնել համագործակցության ծրագրերի իրականացման վերաբերյալ հաղորդումներ և ֆինանսական հաշվետվություններ:

Համաձայնագրում նախատեսվում է ստեղծել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակ` համաձայնագրով սահմանված կարգով:

Համագործակցության ծրագրերի համար նախատեսված ներմուծվող միջոցները, սարքավորումները և մյուս նյութերը, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հիմնական միջոցները, եկամուտները և գույքն ազատվում են բոլոր տեսակի հարկումներից:

Համաձայնագրով սահմանվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի, պաշտոնատար անձանց, հանձնակատար փորձագետների իրավական կարգավիճակը, որոնց տրամադրվում են 1946 թվականի փետրվարի 13-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Արտոնությունների և անձեռնմխելիության վերաբերյալ կոնվենցիայով սահմանված արտոնություններն ու անձեռնմխելիությունը:

Համաձայնագրով նախատեսվում է համաձայնագրի մեկնաբանման և կիրառման ժամանակ ծագող վեճերի լուծման, համաձայնագրում փոփոխություններ կատարելու և համաձայնագրի գործողության դադարեցման կարգը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության մանկական (ՅՈՒՆԻՍԵՖ) միջև հիմնական համագործակցության համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

16 հոկտեմբերի 1999 թ.

ՍԴՈ-180

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
16.10.1999
N ՍԴՈ-180
Որոշում