020.0184.251099
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
i
1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ (ՋՐԱՅԻՆ ՍԵԿՏՈՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
25 հոկտեմբերի 1999 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Գ. Շահբազյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1999 թվականի հունիսի 16-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Ճապոնական դրամաշնորհի (Ջրային սեկտորի զարգացման համար) համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան, մուտքագրված` 06.10.1999 թ.:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Շահբազյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1999 թվականի հունիսի 16-ին` Երևանում: Դրամաշնորհի նպատակն է Հայաստանի Հանրապետությանն օգնել ոռոգման սեկտորի զարգացման նոր ծրագիր նախապատրաստելու համար: Դրամաշնորհը տրամադրված է իրականացնելու տեխնիկական հետազոտություններ և նախագծում, շրջակա միջավայրի գնահատում, ինստիտուցիոնալ վերլուծություն և այլն: համաձայնագրի անբաժանելի մաս են կազմում համաձայնագրին կից հավելվածը և երկու լրացումները: Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է աշխատանքները կատարել սահմանված ժամկետներում և կարգով, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն և միջոցներ (սարքավորումներ, ծառայություններ և այլ ռեսուրսներ), Ընկերակցության ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռել դրամաշնորհին առնչվող հարցերով այցելել Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև տրամադրել աշխատանքների արդյունքների և ծրագրի մասին հաշվետվություն: Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է նաև ներդնել ֆինանսական կառավարման համակարգ, վարել հաշիվներ և ֆինանսական հաշվետվությունները և այլն:
Համաձայնագրով նախատեսվում է դրամաշնորհի միջոցներով ֆինանսավորվող ծախսերի շրջանակը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1999 թվականի հունիսի 16-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև Ճապոնական դրամաշնորհի (Ջրային սեկտորի զարգացման համար) համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
25 հոկտեմբերի 1999 թ.
ՍԴՈ-184