Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՄԱՍԻՆ

 

 

010.0013.131199

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«12» հոկտեմբերի 1999 թ.

 

ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՄԱՍԻՆ

 

i

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Սույն օրենքը կարգավորում է մարդահամարը նախապատրաստելու, անցկացնելու, սկզբնական (անձնական) տվյալները կուտակելու և պահպանելու, ինչպես նաև ամփոփ տվյալները տարածելու ընթացքում ծագող իրավահարաբերությունները:

(1-ին հոդվածը փոփ. 18.05.15 ՀՕ-55-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 2. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

i

Մարդահամարի մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից և մարդահամարի անցկացումը կարգավորող օրենսդրական այլ ակտերից:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

i

Սույն օրենքի գործողությունը տարածվում է մարդահամարի պահին Հայաստանի Հանրապետությունում գտնվող (մշտապես կամ ժամանակավորապես) բոլոր անձանց վրա, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող այն անձանց վրա, ովքեր մարդահամարի պահին ժամանակավորապես բացակայում են հանրապետությունից:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

i

Մարդահամարն անցկացվում է տասը տարին մեկ անգամ:

Մարդահամարն անցկացնելու մասին որոշումը, որտեղ սահմանվում է մարդահամարի անցկացման ժամկետը, ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ոչ ուշ, քան մարդահամարն սկսելուց 2 տարի առաջ:

Մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով ստեղծվում են մարդահամարի համապետական և մարզային հանձնաժողովներ, որոնց կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանակներում պատասխանատու են մարդահամարի նախապատրաստումը և անցկացումն անհրաժեշտ մակարդակով կազմակերպելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 5. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ

 

Մարդահամարի հիմնական խնդիրն է Հայաստանի Հանրապետության սոցիալտնտեսական զարգացման ուղղությունների մշակման, ժողովրդագրական և սոցիալական հետազոտությունների, աշխատանքային ռեսուրսների տեղաբաշխման և օգտագործման ուսումնասիրման, բնակչության թվաքանակի և կազմի, ընթացիկ հաշվառման ու կանխատեսումների, ինչպես նաև ընտրական տեղամասերի կազմավորման նպատակով բնակչության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունների ստացումը:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՄԱՐԴԱՀԱՄԱՐՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Մարդահամարի նախապատրաստման, անցկացման, ամփոփ տվյալների ստացման և հրատարակման պատասխանատուն վիճակագրության պետական լիազորված մարմինն է (այսուհետ` լիազորված մարմին), որը պարտավոր է ապահովել`

ա) մարդահամարի ծրագրի (հարցաշարի) օբյեկտիվությունը, գիտական հիմնավորվածությունը, դրա համապատասխանությունը միջազգային նորմերին և ստանդարտներին.

բ) մարդահամարի նյութերի մշակումից ստացված ամփոփ արդյունքների հրապարակայնությունն ու մատչելիությունը.

գ) սկզբնական (անձնական) տվյալների գաղտնիությունը:

(6-րդ հոդվածը փոփ. 18.05.15 ՀՕ-55-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 2.
ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 7. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

i

Մարդահամարի ծրագիրը (հարցաշարը) հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հարցաշարը վիճակագրական նպատակների համար չնախատեսված հարցեր չի կարող ընդգրկել:

Մարդահամարի փաստաթղթերը (մարդահամարի հարցաթերթ, կազմակերպահրահանգչական և այլ փաստաթղթեր) հաստատում է լիազորված մարմինը:

 

ՀՈԴՎԱԾ 8. ՓՈՐՁՆԱԿԱՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

i

Մարդահամարի մեթոդաբանական, կազմակերպական սկզբունքների, նյութերի մեքենայական մշակման ծրագրերի և տեխնոլոգիայի փորձարկումն իրականացվում է փորձնական մարդահամար անցկացնելու միջոցով:

Փորձնական մարդահամարն անցկացվում է հիմնական մարդահամարից առնվազն մեկուկես տարի առաջ` ընդգրկելով հանրապետության բնակչության ոչ պակաս, քան մեկ տոկոսը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներում և տարածքներում:

 

ՀՈԴՎԱԾ 9. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻՆՔ

 

Մարդահամարն անցկացվում է լիազորված մարմնի ներգրաված և հրահանգավորած աշխատողների` հաշվարարների կողմից բնակելի և այլ շինություններ շրջագայելու և դրանցում բնակվող յուրաքանչյուր չափահաս անձի (կամ ընտանիքի որևէ չափահաս անդամի) անմիջական հարցման ու հարցերի պատասխանները մարդահամարի փաստաթղթերում լրացնելու միջոցով:

Անչափահասների, ինչպես նաև ժամանակավոր բացակայողների վերաբերյալ տեղեկությունները հաղորդում են ընտանիքի չափահաս անդամները:

Բնակչության առանձին խմբերը (զինծառայողները, ուղղիչ աշխատանքային հիմնարկներում իրենց պատիժը կրող անձինք, ինչպես նաև հյուպատոսական և դիվանագիտական հիմնարկների անձնակազմերը) հաշվառվում են համընդհանուր կարգով` համապատասխան պետական մարմինների կողմից:

Գրառումները կատարվում են ըստ փաստացի բնակության վայրի, բնակչության տված բանավոր տեղեկությունների հիման վրա` առանց փաստաթղթային հաստատման և անկախ գրանցման (հաշվառման) առկայությունից:

 

ՀՈԴՎԱԾ 10. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Մարդահամարը կրում է պարտադիր բնույթ, և հարցվողները պարտավոր են ճշգրիտ և սպառիչ պատասխաններ տալ մարդահամարի հարցաթերթի բոլոր հարցերին:

Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալ մարդահամարի հարցաթերթում գրանցված իր մասին տեղեկություններին:

 

ՀՈԴՎԱԾ 11. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

i

Մարդահամարի աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած` մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման բոլոր միջոցառումների` ժամանակին և ամբողջ ծավալով կատարումն ապահովող ծախսերի նախահաշվի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 12. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

Մարդահամարի վերջնական արդյունքներն օգտագործվում կամ հրապարակվում են միայն ամփոփված և խմբավորված տեսքով:

Մարդահամարի սկզբնական (անձնական) տվյալները գաղտնի են և հրապարակման ենթակա չեն:

Մարդահամարի բոլոր փաստաթղթերը պահպանվում են լիազորված մարմնի սահմանած կարգով:

(12-րդ հոդվածը փոփ. 18.05.15 ՀՕ-55-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 13. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

 

Բնակչության վերաբերյալ անձնական տվյալներին տիրապետող աշխատակիցներին արգելվում է որևէ մեկին հաղորդել մարդահամարի լրացված փաստաթղթերի բովանդակությունը: Մարդահամարի սկզբնական (անձնական) տվյալների օգտագործման կարգի խախտման դեպքում մարդահամարի աշխատողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Մարդահամարի սկզբնական նյութերը դատական, դատաքննչական և այլ մարմինները որպես ապացույց չեն կարող օգտագործել:

Մարդահամարի հարցաթերթի հարցերին պատասխանելուց հրաժարվելն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(13-րդ հոդվածը փոփ. 18.05.15 ՀՕ-55-Ն օրենք)

 

ԳԼՈՒԽ 3.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 14. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

 

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

ԳԼՈՒԽ 4.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ

 

ՀՈԴՎԱԾ 15. ԱՌԱՋԻՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

i

Հայաստանի Հանրապետությունում առաջին մարդահամարն անցկացվելու է 2001 թվականին:

 

13 նոյեմբերի 1999 թ.

ՀՕ-13

 

 

pin
ՀՀ 12.10.1999
N ՀՕ-13 օրենք