Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

3 մարտի 2016 թվականի N 8

 

15. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՇՏ ԹԱՓՈՆՆԵՐ` ՓՈՒԼ I» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

1.10 Հատկացման ընթացակարգեր և պարտավորություններ

 

Վարկը կարող է հատկացվել բացառապես Փուլ I-ի սխեմաները ֆինանսավորելուն, որոնք համարվել են ընդունելի Բանկի Վարկով ֆինանսավորելու համար և սահմանվել են Տեխնիկական նկարագրության մեջ: Սույն Պայմանագրով ֆինանսավորվելու համար Փուլ I-ի յուրաքանչյուր սխեմա պետք է բավարարի համապատասխան չափորոշիչները և պարամետրերը, որոնք Բանկը կիրառում է խնդրո առարկա սխեմայի տեսակին:

Սույն Պայմանագրով Փուլ I-ի որևէ սխեմա ֆինանսավորվելու համար Փոխառուն պետք է ապահովի սույն 1.10 հոդվածի հատկացման ընթացակարգի, Լրացում Ա-ի պահանջների և սույն է.10 հոդվածի հատկացման պարտավորությունների կատարումը:

Բանկը հաստատել է Բաղադրիչ I-ի շրջանակներում նոր սանիտարական աղբավայրի առաջին գոտու և օժանդակ ենթակառուցվածքի կառուցման համար ֆինանսավորման հատկացումը սույն Պայմանագրով, իսկ Վարկի հատկացվող գումարը եվրոյով չի գերազանցում հետևյալ երկու թվերից փոքրը` [[*] ([*] եվրո)] [ենթակա է հաստատման] և Պատվիրատուի կողմից` Բաղադրիչ I-ի շրջանակներում նոր սանիտարական աղբավայրի առաջին գոտու և օժանդակ ենթակառուցվածքի կառուցմանն առնչվող ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների տրամադրման համար կնքված պայմանագրի(երի) ընդհանուր արժեքի 50% (հիսուն տոկոս):

Բաղադրիչ II-ի և Բաղադրիչ III-ի մաս կազմող Փուլ I-ի սխեմաները Բանկ են ներկայացվում նախապես` առանձին գնահատման համար, և ենթակա են Բանկի հաստատման` մինչև Բանկի միջոցների հատկացումը Փոխառուին: Սույն Պայմանագրի կնքման օրվանից մինչև 2019 թ-ի մարտի 31-ը Փոխառուն կարող է Բանկ ներկայացնել Բաղադրիչներ II-ին և III-ին առնչվող հատկացման հայտ (այսուհետ` «Հատկացման հայտ»):

Փոխառուի հետ համաձայնեցնելով, Բանկն ունի Ծրագրի ընթացքում հատկացման ընթացակարգերը փոփոխելու լիարժեք հայեցողություն, այդ թվում` շրջանակային փոխատվությունների վերաբերյալ Բանկի քաղաքականությանը համահունչ փոփոխելու և/կամ պարզեցնելու հատկացման նման ընթացակարգերը:

Բաղադրիչ II-ի և Բաղադրիչ III-ի մաս կազմող Փուլ I-ի համապատասխան սխեմաների վերաբերյալ Հատկացման հայտին կից Փոխառուն տրամադրում է կամ ապահովում է, որ Պատվիրատուն տրամադրի Լրացում Ա 2.2-ով նման սխեմաներին առնչությամբ պահանջվող փաստաթղթերը և տեղեկությունները, ինչպես նաև բավարար մանրամասնությամբ այլ տեղեկություններ` հնարավորություն տալով Բանկին գնահատել համապատասխան սխեմայի ֆինանսավորման օրինաչափությունը և յուրաքանչյուր դեպքում բավարարելով Բանկի պահանջները: Բանկն իրավունք է վերապահում պահանջել Փոխառուից ստանձնել նման սխեմաներին առնչվող լրացուցիչ պարտավորություն(ներ)` Բանկի կողմից ընդունելի ձևաչափով և բովանդակությամբ: Անհրաժեշտ համարելու դեպքում, Բաղադրիչ II-ի և Բաղադրիչ III-ի մաս կազմող Փուլ I-ի համապատասխան սխեմաների նման ուսումնասիրությանը հաջորդիվ` Բանկն ունի Հատկացման հայտը և դրան հատկացվելիք Վարկի եվրոյով արտահայտված գումարի չափը հաստատելու լիարժեք հայեցողություն:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

ՓՈԽԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

2.01 Փոխատվության գումարը

 

Փոխատվությունը կազմված է տրանշերի հանրագումարից, որոնք Վարկի շրջանակներում հատկացվում են Բանկի կողմից և հաստատված են վերջինիս կողմից 2.03 հոդվածի համաձայն:

 

2.02 Մարման, տոկոսի և այլ վճարների արժույթը

 

Յուրաքանչյուր Տրանշի տոկոսը, մարումները և այլ վճարները Փոխառուն վճարում է եվրոյով:

Ցանկացած այլ վճարում կատարվում է Բանկի կողմից սահմանված արժույթով` հաշվի առնելով այն ծախսերի արժույթը, որոնք ենթակա են փոխհատուցման այդպիսի վճարման միջոցով:

 

2.03 Բանկի հաստատումը

 

Յուրաքանչյուր Տրանշի մասհանմանը հաջորդող 10 (տասը) օրվա ընթացքում Բանկը Փոխառուին է ներկայացնում 4.01 հոդվածում նշված մարման ժամանակացույցը` անհրաժեշտության դեպքում նշելով տվյալ Տրանշի Մասհանման ամսաթիվը, մասհանված գումարը, մարման պայմանները և տոկոսադրույքը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

ՏՈԿՈՍ

3.01 Տոկոսադրույքը

 

3.01 Ա Հաստատագրված տոկոսադրույքով տրանշերը

Հաստատագրված տոկոսադրույքով յուրաքանչյուր տրանշի չմարված հաշվեկշռի դիմաց Փոխառուն Վճարման ամսաթվերին վճարում է Հաստատագրված տոկոսադրույքով հաշվարկված տոկոս` սկսած Տրանշի Մասհանման ամսաթվին հաջորդող առաջին նման Վճարման ամսաթվից: Եթե Մասհանման ամսաթվի և առաջին Վճարման ամսաթվի միջև ժամանակահատվածը 30 (երեսուն) օր կամ պակաս է, ապա այդ ժամանակահատվածում հաշվեգրված տոկոսի վճարումը հետաձգվում է մինչև հաջորդ Վճարման ամսաթիվը:

Տոկոսը հաշվարկվում է 5.01 (ա) հոդվածի հիման վրա:

 

3.01 Բ Լողացող տոկոսադրույքով տրանշերը

Լողացող տոկոսադրույքով յուրաքանչյուր տրանշի չմարված հաշվեկշռի դիմաց Փոխառուն Վճարման ամսաթվերին վճարում է Լողացող տոկոսադրույքով հաշվարկված տոկոս` սկսած Տրանշի Մասհանման ամսաթվին հաջորդող առաջին նման Վճարման ամսաթվից: Եթե Մասհանման ամսաթվի և առաջին Վճարման ամսաթվի միջև ժամանակահատվածը 30 (երեսուն) օր կամ պակաս է, ապա այդ ժամանակահատվածում հաշվեգրված տոկոսի վճարումը հետաձգվում է մինչև հաջորդ Վճարման ամսաթիվը:

Բանկը հայտնում է Փոխառուին Լողացող տոկոսադրույքը` Լողացող տոկոսադրույքի յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածի սկսվելուց սկզբին հաջորդող 10 (տասը) օրվա ընթացքում:

Եթե, 1.05 և 1.06 հոդվածների համաձայն, Լողացող տոկոսադրույքով որև է տրանշ ի մասհանում կատարվում է Մասհանման սահմանված ամսաթվից հետո, ապա կիրառվում է Լողացող տոկոսադրույքի առաջին հաշվետու ժամանակահատվածի համար կիրառելի Համապատասխան միջբանկային դրույքաչափը` համարելով, որ մասհանումը կատարվել է Մասհանման սահմանված ամսաթվին:

Լողացող տոկոսադրույքի յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածի համար տոկոսը հաշվարկվում է 5.01 (բ) հոդվածի համաձայն: Եթե Լողացող տոկոսադրույքի ցանկացած հաշվետու ժամանակահատվածի դեպքում Լողացող տոկոսադրույքը ցածր է զրոյից, այն սահմանվում է զրոյին հավասար:

 

3.02 Ժամկետանց գումարների դիմաց տոկոսները

 

Չսահմանափակելով 10-րդ հոդվածի և բացառության կարգով 3.01 հոդվածի դրույթների իրավական ուժը, եթե Փոխառուն վճարման համար սահմանված օրը չի վճարում իր կողմից սույն Պայմանագրով վճարելիք ցանկացած գումար, ապա Պայմանագրի պայմաններով վճարման ենթակա ժամկետանց ցանկացած գումարի վրա հաշվեգրվում է տոկոս` վճարման համար սահմանված ամսաթվից մինչև փաստացի վճարման ամսաթիվը` տարեկան տոկոսադրույքով, որը հավասար է`

(i) Լողացող տոկոսադրույքով տրանշերին առնչվող ժամկետանց գումարների դեպքում` կիրառելի Լողացող տոկոսադրույքը գումարած 2% (200 բազիսային կետ).

(ii) Հաստատագրված տոկոսադրույքով տրանշերին առնչվող ժամկետանց գումարների դեպքում` հետևյալ երկուսից ավելի մեծին. (ա) կիրառելի Հաստատագրված տոկոսադրույքը գումարած 2% (200 բազիսային կետ) կամ (բ) ԵՎՐԻԲՈՐ-ը գումարած 2% (200 բազիսային կետ).

(iii) վերոգրյալ (i) կամ (ii) կետերում նշված գումարներից այլ ժամկետանց գումարների դեպքում` ԵՎՐԻԲՈՐ-ը գումարած 2% (200 բազիսային կետ)

և ենթակա է վճարման Բանկի պահանջի համաձայն: Սույն 3.02 հոդվածի մասով ԵՎՐԻԲՈՐ-ի տոկոսադրույքը սահմանելու նպատակով` համապատասխան ժամանակահատվածները, Լրացում Բ-ի իմաստով, հավասար են մեկամսյա հաջորդական ժամանակահատվածների` սկսած վճարման համար սահմանված ամսաթվից:

Եթե ժամկետանց գումարի արժույթը տարբերվում է Փոխատվության արժույթից, ապա կիրառվում է հետևյալ տարեկան տոկոսադրույքը` ԵՎՐԻԲՈՐ-ը, որը սովորաբար գանձվում է Բանկի կողմից տվյալ արժույթով կատարվող գործարքների համար, գումարած 2% (200 բազիսային կետ)` հաշվարկված նման տոկոսադրույքի դեպքում գործող շուկայական պրակտիկային համաձայն:

 

3.03 Շուկայի խաթարման դեպք

 

Եթե (i) Բանկի կողմից Տրանշին առնչվող Մասհանման ընդունումը ստանալուց մինչև (ii) Մասհանման սահմանված ամսաթվին նախորդող երեսուներորդ (30) օրացուցային օրն ընկնող ժամանակահատվածում ցանկացած պահի ի հայտ է գալիս Շուկայի խաթարման դեպք, Բանկը կարող է ծանուցել Փոխառուին առ այն, որ սույն դրույթը մտել է ուժի մեջ: Նման դեպքում կիրառելի են հետևյալ կանոնները.

(ա) այդպիսի Ընդունված տրանշին մինչև Մարման ամսաթիվը կիրառելի տոկոսադրույքը Բանկի կողմից սահմանված տոկոսադրույքն է (արտահայտված տարեկան տոկոսադրույքով), որը հանդիսանում է համապատասխան Տրանշը ֆինանսավորելու համար Բանկի ամբողջ ծախսը, որը հիմնված է այդ պահին Բանկի ներքին համակարգում որոշված ուղղորդիչ տոկոսադրույքի վրա կամ Բանկի կողմից խելամտորեն սահմանված` տոկոսադրույքի որոշման այլընտրանքային մեթոդի վրա: Ծանուցման մեջ նշված ժամկետում Փոխառուն իրավունք ունի գրավոր մերժել այդպիսի մասհանումը` կրելով արդյունքում առաջացած ծախսերը, եթե այդպիսիք առաջացել են, որի դեպքում Բանկը չի իրականացնում մասհանումը, և համապատասխան Վարկը հասանելի է մնում մասհանման համար 1.02Բ հոդվածի շրջանակներում: Եթե Փոխառուն ժամանակին չի մերժում մասհանումը, կողմերը համաձայնում են, որ մասհանումը և դրա պայմաններն ամբողջությամբ իրավապարտադիր են երկու կողմերի համար. և

(բ) Բանկի կողմից Մասհանման առաջարկում նախապես ծանուցված Հաստատագրված տոկոսադրույքը և սույն Պայմանագրում ծանուցված Սպրեդն այլևս կիրառելի չեն:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

ՄԱՐՈՒՄ

 

4.01 Բնականոն մարում

 

4.01 Ա Մարումը մասնաբաժիններով

(ա) Փոխառուն յուրաքանչյուր Տրանշ մարում է մասնաբաժիններով, համապատասխան Մասհանման առաջարկում սահմանված Վճարման ամսաթվերին` 2.03 հոդվածի համաձայն ներկայացվող մարման ժամանակացույցի պայմաններով:

(բ) Մարման ցանկացած ժամանակացույց կազմվում է այն հիմքով, որ.

(i) Հաստատագրված տոկոսադրույքով տրանշի դեպքում մարումը կատարվում է կիսամյակային կտրվածքով` մայր գումարի հավասար մասնաբաժիններով կամ մայր գումարի և տոկոսի հաստատուն մասնաբաժիններով.

(ii) Լողացող տոկոսադրույքով տրանշի դեպքում մարումը կատարվում է կիսամյակներով` մայր գումարի հավասար մասնաբաժիններով.

(iii) յուրաքանչյուր Տրանշի առաջին մարման ամսաթիվը Վճարման ամսաթիվն է, որն ընկնում է Մասհանման սահմանված ամսաթվից ոչ շուտ, քան 60 օր առաջ և ոչ ուշ, քան առաջին Վճարման ամսաթիվը, որն անմիջապես հաջորդում է Տրանշի Մասհանման սահմանված ամսաթվի 3-րդ (երրորդ) տարվա օրվան. և

(iv) յուրաքանչյուր Տրանշի մարման վերջին ամսաթիվը Մասհանման սահմանված ամսաթվից հետո 4 (չորս) տարուց ոչ շուտ և 18 (տասնութ) տարուց ոչ ուշ ընկած Վճարման ամսաթիվն է:

 

4.02 Կամավոր վաղաժամ մարում

 

4.02 Ա Վաղաժամ մարման տարբերակ

Փոխառուն` 4.02 Բ, 4.02 Գ և 4.04 հոդվածների դրույթներին համապատասխան, կարող է ամբողջությամբ կամ մասամբ վաղաժամ մարել ցանկացած տրանշ` հաշվեգրված տոկոսներով և վնասների փոխհատուցմամբ, եթե այդպիսիք առկա են` առնվազն 1 (մեկ) ամիս առաջ ներկայացնելով Վաղաժամ մարման հայտով ծանուցում, ուր նշվում է (i) Վաղաժամ մարման գումարը, (ii) Վաղաժամ մարման ամսաթիվը, (iii) 5.05 Գ (i) հոդվածին համապատասխան Վաղաժամ մարումը կատարելու մեթոդը, եթե կիրառելի է, և (iv) պայմանագրի համարը («FI nr»), որը նշված է սույն Պայմանագրի տիտղոսաթերթին:

Պայմանավորված 4.02 Գ հոդվածով` Վաղաժամ մարման հայտն իրավապարտադիր է և ենթակա չէ հետկանչման:

 

4.02 Բ Վաղաժամ մարման փոխհատուցում

 

4.02 Բ(1) ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ՏՐԱՆՇ

Եթե Փոխառուն վաղաժամ մարում է Հաստատագրված տոկոսադրույքով տրանշ, ապա Վաղաժամ մարման ամսաթվին Փոխառուն Բանկին է վճարում Վաղաժամ մարման փոխհատուցում` վաղաժամ մարվող Հաստատագրված տոկոսադրույքով տրանշի դիմաց:

 

4.02 Բ(2) ԼՈՂԱՑՈՂ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՈՎ ՏՐԱՆՇ

Համապատասխան Վճարման ամսաթվով Փոխառուն կարող է առանց փոխհատուցման վաղաժամ մարել Լողացող տոկոսադրույքով ցանկացած տրանշ:

 

4.02 Գ Վաղաժամ մարման մեխանիզմ

Փոխառուի կողմից Բանկին Վաղաժամ մարման հայտ ներկայացնելուն հաջորդիվ Բանկը`ոչ ուշ, քան Վաղաժամ մարման ամսաթվից 15 (տասնհինգ) օր առաջ Փոխառուին է ներկայացնում Վաղաժամ մարման ծանուցում: Վաղաժամ մարման ծանուցումը սահմանում է Վաղաժամ մարման գումարը, վճարման ենթակա հաշվեգրված տոկոսը, 4.02Բ հոդվածի համաձայն վճարելիք Վաղաժամ մարման փոխհատուցման չափը կամ փոխհատուցում չլինելու փաստը` ըստ դեպքի, Վաղաժամ մարման գումարը կիրառելու մեթոդը և Ընդունման վերջնաժամկետը:

Եթե Փոխառուն` մինչև Ընդունման վերջնաժամկետն ընդունում է Վաղաժամ մարման ծանուցումը, ապա Փոխառուն կատարում է վաղաժամ մարումը: Բոլոր մյուս դեպքերում, Փոխառուն կարող է չկատարել վաղաժամ մարումը:

Վաղաժամ մարման գումարի հետ միասին Փոխառուն վճարում է Վաղաժամ մարման գումարի վրա հաշվեգրված տոկոսն և, վճարման ենթակա լինելու դեպքում, փոխհատուցումը, որոնք սահմանված են Վաղաժամ մարման ծանուցման մեջ:

 

4.03 Պարտադիր վաղաժամ մարում

 

4.03 Ա Վաղաժամ մարման դեպքեր

4.03 Ա(1) ԾՐԱԳՐԻ ԱՐԺԵՔԻ ՆՎԱԶՈՒՄ

Եթե Ծրագրի ընդհանուր ծախսը նվազում է Ներածական մասի (5) կետում նշված գումարից և Վարկի գումարը գերազանցում է այդ ընդհանուր ծախսի 50%-ը (հիսուն տոկոսը), Բանկը, Փոխառուին ծանուցելով, կարող է անհապաղ չեղարկել Վարկի չմասհանված բաժինը և (կամ) պահանջել Փոխատվության վաղաժամ մարումն այն գումարի չափով, որով Վարկը գերազանցում է Ծրագրի ընդհանուր արժեքի 50%-ը (հիսուն տոկոսը): Փոխառուն կատարում է պահանջված գումարի վճարումը Բանկի կողմից սահմանված ամսաթվին` ընդ որում, այդ ամսաթիվն ընկնում է պահանջի ամսաթվից ոչ շուտ, քան 30 (երեսուն) օր հետո:

 

4.03 Ա(2) ՈՉ ԵՆԲ-ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՀԱՄԱՐԺԵՔ ԱՅԼ ՓՈԽԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Եթե Փոխառուն կամավոր վաղաժամ մարում է (կասկածների տեղիք չտալու համար, վաղաժամ մարումն ընդգրկում է վերագնում կամ չեղարկում, երբ կիրառելի է) ցանկացած ոչ ԵՆԲ փոխատվություն` ամբողջությամբ կամ մասամբ և

(ա) նման վաղաժամ մարումը չի կատարվում վերականգնվող (ռևոլվերային) վարկային գծի շրջանակներում (բացառությամբ` վերականգնվող վարկային գծի չեղարկման դեպքի). և

(բ) նման վաղաժամ մարումը չի կատարվում այն փոխատվության կամ այլ պարտքային գործիքի հասույթներից, որոնց ժամկետն առնվազն հավասար է ոչ ԵՆԲ-ի նախապես վճարված ֆինանսավորման չավարտված ժամկետին

Բանկը կարող է, ծանուցելով Փոխառուին, չեղարկել Վարկի չմասհանված բաժինը և պահանջել Փոխատվության վաղաժամ մարում: Փոխատվության համամասնությունը, որի վաղաժամ մարումը կարող է պահանջել Բանկը նույնն է ինչ ոչ ԵՆԲ-ի վաղաժամ մարված ֆինանսավորումը կազմում է ոչ ԵՆԲ-ի ընդհանուր չմարված ֆինանսավորման մեջ:

Փոխառուն կատարում է պահանջված գումարի վճարումը Բանկի կողմից սահմանված ամսաթվին` ընդ որում, այդ ամսաթիվն ընկնում է պահանջի ամսաթվից ոչ շուտ, քան 30 (երեսուն) օր հետո:

Սույն հոդվածի նպատակներից ելնելով` «ոչ ԵՆԲ-ի ֆինանսավորում»-ն ընդգրկում է ցանկացած փոխատվություն (բացառությամբ Փոխատվության և Բանկից Փոխառուին տրամադրված ցանկացած այլ ուղղակի փոխատվությունների), պարտատոմս կամ ֆինանսական պարտքի այլ ձև կամ Փոխառուին ավելի քան 3 (երեք) տարով նախապես տրամադրված գումարը հետվճարելու կամ վճարելու այլ պարտավորություն:

 

4.03 Ա(3) ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Փոխառուն անհապաղ տեղեկացնում է Բանկին, եթե առաջացել կամ կարող է առաջանալ Օրենքի փոփոխության դեպք: Նման դեպքում, կամ եթե Բանկը հիմնավոր պատճառներ ունի հավատալու, որ առաջացել կամ առաջանալու է Օրենքի փոփոխության դեպք, Բանկը կարող է պահանջել, որ Փոխառուն խորհրդակցի իր հետ: Նման խորհրդակցությունը տեղի է ունենում Բանկի կողմից պահանջ ներկայացնելուց հետո 30 (երեսուն) օրվա ընթացքում: Եթե խորհրդակցություն անցկացնելու նման պահանջի օրվանից 30 (երեսուն) օր անց Բանկը եզրակացնում է, որ հնարավոր չէ իրեն բավարարող չափով մեղմել Օրենքի փոփոխության դեպքը, Բանկը` Փոխառուին ծանուցելով, կարող է չեղարկել Վարկի չմասհանված բաժինը և պահանջել Փոխատվության վաղաժամ մարում` հաշվեգրված տոկոսների և սույն Պայմանագրով կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին:

Փոխառուն կատարում է պահանջված գումարի վճարումը Բանկի կողմից սահմանված ամսաթվին ընդ որում, այդ ամսաթիվն ընկնում է պահանջի ամսաթվից ոչ շուտ, քան 30 (երեսուն) օր հետո:

Սույն հոդվածի նպատակներից ելնելով` «Օրենքի փոփոխության դեպք» հասկացությունը նշանակում է ցանկացած օրենքի, կանոնակարգի կամ ենթաօրենսդրական ակտի ընդունումը, պաշտոնական հրապարակումը, ուժի մեջ մտնելը կամ վավերացումը, դրանցում փոփոխությունը կամ լրացումը (կամ ցանկացած օրենքի, կանոնակարգի կամ ենթաօրենսդրական ակտի կիրառման կամ պաշտոնական մեկնաբանության փոփոխությունը կամ լրացումը), որն ի հայտ է գալիս սույն Պայմանագրի կնքումից հետո, և որը, Բանկի կարծիքով, էական բացասական ազդեցություն կունենա Փոխառուի կողմից սույն Պայմանագրով սահմանված կամ Երևանի քաղաքապետարանի կամ Պատվիրատուի կողմից Ծրագրին առնչվող իր պարտավորությունները կատարելու կարողության վրա:

 

4.03 Ա (4) ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԵՄ ԵՐԱՇԽԻՔ, ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Եթե`

(ա) ԵՄ և/կամ կիրառելի այլ օրենքներով Բանկի կողմից սույն Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը կամ Փոխատվության ֆինանսավորումը կամ սպասարկումը դառնում է անօրինական. կամ

(բ) Շրջանակային համաձայնագիրը

(i) խզվել է կամ կարող է խզվել Հայաստանի Հանրապետության կողմից կամ որևէ առումով իրավապարտադիր չէ կամ կարող է իրավապարտադիր չլինել Հայաստանի Հանրապետության համար,

(ii) իր պայմանների համաձայն ուժի մեջ չէ կամ կարող է ուժի մեջ չլինել կամ Փոխառուի պնդմամբ իր պայմանների համաձայն ուժի մեջ չէ կամ կարող է ուժի մեջ չլինել,

(iii) խախտվել է կամ կարող է խախտվել այն իմաստով, որ չի կատարվում կամ կարող է չկատարվել Բանկի կամ Եվրոպական Միության միջոցներից Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած փոխառուի տրամադրած որևէ փոխատվության առնչվող Շրջանակային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած ցանկացած պարտավորություն:

(գ) ԵՄ երաշխիքի առնչությամբ.

(i) այն այլևս վավերական չէ կամ ամբողջ ծավալով ուժի մեջ չէ,

(ii) դրանով ապահովման պայմանները կատարված չեն,

(iii) իր պայմանների համաձայն ուժի մեջ չէ կամ պնդվում է, որ այն իր պայմանների համաձայն ուժի մեջ չէ,

(iv) Վարկը դադարում է օգտվել ԵՄ երաշխիքից,

Բանկը, ծանուցելով Փոխառուին, կարող է

(Ա) անհապաղ ժամանակավոր կասեցնել կամ չեղարկել Վարկի չմասհանված բաժինը և/կամ

(Բ) Փոխառուին տրված ծանուցման մեջ Բանկի սահմանած ամսաթվով պահանջել Փոխատվության վաղաժամ մարում` հաշվեգրված տոկոսների և սույն Պայմանագրով կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին:

 

4.03 Ա (5) ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՄ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

Փոխառուն անհապաղ տեղեկացնում է կամ ապահովում է, որ Երևանի քաղաքապետարանը կամ Պատվիրատուն անհապաղ տեղեկացնի Բանկին, եթե Երևանի քաղաքապետարանը կամ Պատվիրատուն չի կատարել կամ հավանական է չկատարի սույն Պայմանագրով նախատեսած որևէ պարտավորություն, որն առնչվում է Ծրագրին: Եթե Բանկը պարզում է, որ Երևանի քաղաքապետարանը կամ Պատվիրատուն չի կատարել կամ հավանական է չկատարի սույն Պայմանագրով նախատեսած որևէ պարտավորություն, որն առնչվում է Ծրագրին, Բանկը` Փոխառուին ծանուցելով, կարող է չեղարկել Վարկի չմասհանված բաժինը և պահանջել Փոխատվության վաղաժամ մարում` հաշվեգրված տոկոսների և սույն Պայմանագրով կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին:

Ի հավելումն, եթե Փոխառուն, Երևանի քաղաքապետարանը կամ Պատվիրատուն տեղեկացրել է Բանկին կամ Բանկը հիմնավոր պատճառներ ունի համոզված լինելու, որ Երևանի քաղաքապետարանը կամ Պատվիրատուն չի կատարել կամ հավանաբար չի կատարելու սույն Պայմանագրով նախատեսած որևէ պարտավորություն, որն առնչվում է Ծրագրին, Բանկը կարող է պահանջել, որ Փոխառուն խորհրդակցի իր հետ: Նման խորհրդակցությունը տեղի է ունենում Բանկի կողմից պահանջ ներկայացնելուց հետո 30 (երեսուն) օրվա ընթացքում: Հետևյալներից ավելի վաղ տեղի ունեցող իրադարձությանը հաջորդիվ. (ա) խորհրդակցություն անցկացնելու նման պահանջի օրվանից 30 (երեսուն) օր անց կամ (բ) դրան հաջորդող ցանկացած պահի` Սեփականատերերի կազմի ակնկալվող փոփոխության տեղի ունենալու պահից, Բանկը` Փոխառուին ծանուցելով, կարող է չեղարկել Վարկի չմասհանված բաժինը և պահանջել Փոխատվության վաղաժամ մարում` հաշվեգրված տոկոսների և սույն Պայմանագրով կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին:

Փոխառուն կատարում է պահանջված գումարի վճարումը Բանկի կողմից սահմանված ամսաթվին` ընդ որում, այդ ամսաթիվն ընկնում է պահանջի ամսաթվից ոչ շուտ, քան 30 (երեսուն) օր հետո:

 

4.03 Ա (6) ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Վարկառուն տեղեկացնում է կամ ապահովում է, որպեսզի Երևանի քաղաքապետարանը կամ Պատվիրատուն անհապաղ Բանկին տեղեկացնի, թե արդյոք Պատվիրատուի մասով առաջացել կամ կարող է առաջանալ հսկողության փոփոխության որևէ իրավիճակ: Այդ դեպքում, կամ եթե Բանկը ողջամիտ պատճառներ ունի հավատալու, որ առաջացել կամ առաջանալու է Հսկողության փոփոխության իրավիճակ, Բանկը կարող է պահանջել, որ Փոխառուն խորհրդակցի իր հետ: Այսպիսի խորհրդակցությունը տեղի է ունենում Բանկի կողմից պահանջ ներկայացնելուց հետո 30 (երեսուն) օրվա ընթացքում: Խորհրդակցության վերաբերյալ այդպիսի պահանջի օրվան հաջորդող ամենաշուտը ա) 30 (երեսուն) օրյա ժամկետի ավարտից հետո կամ բ) նախատեսված Հսկողության փոփոխության իրավիճակ առաջանալու դեպքում, Բանկը Փոխառուին ծանուցման միջոցով կարող է չեղյալ հայտարարել Վարկը և/կամ պահանջել Վարկի կանխավճար` կուտակված տոկոսներով, և սույն Պայմանագրի ներքո կուտակված և չմարված բոլոր մյուս գումարները: Փոխառուն վճարում է պահանջված գումարները Բանկի կողմից սահմանված ամսաթվին, որը ընկնում է պահանջ ներկայացնելու օրվանից ոչ շուտ, քան 30 օր հետո:

Սույն հոդվածի իմաստով`

ա) «Հսկողության փոփոխության իրավիճակ» առաջանում է այն դեպքում, երբ

(i) գործակցող որևէ անձ կամ խումբ ստանձնում են Պատվիրատուի նկատմամբ հսկողություն, կամ

(ii) Երևանի քաղաքապետարանը դադարում է (x) վերահսկել Պատվիրատուին, կամ (y) հանդիսանալ Պատվիրատուի բաժնետիրական կապիտալի 100%-ի (հարյուր տոկոս) ուղղակի կամ անուղղակի շահառու սեփականատեր` ամբողջությամբ սեփականության իրավունքով պատկանող դուստր ձեռնարկությունների միջոցով:

բ) «գործել համագործակցելով» նշանակում է համատեղ գործել` ըստ համաձայնագրի կամ փոխհամաձայնության (պաշտոնական կամ ոչ պաշտոնական) և,

գ) «հսկողություն» նշանակում է կազմակերպության ղեկավարումն ու քաղաքականությունն ուղղորդելու իրավասություն` քվեարկող կապիտալի սեփականության, պայմանագրի կամ այլ միջոցներով:

 

4.03 Ա (7) ԵՆԹԱՎԱՐԿԻ ՎԱՂԱԺԱՄ ՄԱՐՈՒՄ

Եթե Վարկը մարած չլինելու ցանկացած պահի Պատվիրատուն վաղաժամ մարում է Փոխառուի կողմից Ծրագիրը ֆինանսավորելու նպատակով իրեն տրված Ենթավարկը, Բանկը` Փոխառուին ծանուցելով, կարող է չեղարկել Վարկի չմասհանված բաժինը և պահանջել Վարկի վաղաժամ մարում` հաշվեգրված տոկոսների և սույն Պայմանագրով կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին:

 

4.03 Բ Վաղաժամ մարման մեխանիզմ

4.03 Ա հոդվածի համաձայն Բանկի պահանջած ցանկացած գումար` սույն Պայմանագրով հաշվեգրված տոկոսների և կուտակված կամ չվճարված այլ գումարների հետ միասին, այդ թվում, առանց սահմանափակման, 4.03 Գ և 4.04 հոդվածներով վճարման ենթակա ցանկացած փոխհատուցում, վճարվում է Բանկի պահանջի ծանուցման մեջ նշված ամսաթվին:

 

4.03 Գ Վաղաժամ մարման փոխհատուցում

Փոխհատուցելի վաղաժամ մարման դեպքում` փոխհատուցումը, եթե առկա է, որոշվում է 4.02Բ հոդվածի համաձայն:

 

4.04 Ընդհանուր

 

Հետվճարված կամ վաղաժամ մարված գումարը չի կարող կրկին փոխառնվել: Սույն 4-րդ հոդվածը չի հակասում 10-րդ հոդվածին:

Եթե Փոխառուն մարում է Տրանշն այլ օր, քան Վճարման համապատասխան ամսաթիվը, Փոխառուն փոխհատուցում է Բանկին այն գումարը, որը Բանկի հավաստմամբ անհրաժեշտ է համապատասխան Վճարման ամսաթվից այլ օր միջոցների ստացումը փոխհատուցելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Վճարումներ

 

5.01 Տոկոսի հաշվարկման օրացուցային բազան

 

Սույն Պայմանագրով Փոխառուի կողմից վճարման ենթակա տոկոսները, փոխհատուցումները կամ վճարները ցանկացած գումարները, որոնք հաշվարկվում են տարվա որոշակի հատվածի կտրվածքով, սահմանվում են հետևյալ համապատասխան հիմքերով`

(ա) Հաստատագրված տոկոսադրույքով տրանշի շրջանակներում վճարման ենթակա տոկոսի և փոխհատուցման դեպքում` 360 (երեք հարյուր վաթսուն) օրվանից բաղկացած տարի և 30 (երեսուն) օրվանից բաղկացած ամիս.

(բ) Լողացող տոկոսադրույքով տրանշի շրջանակներում վճարման ենթակա տոկոսի և փոխհատուցման դեպքում` 360 (երեք հարյուր վաթսուն) օրվանից բաղկացած տարի և անցած օրերի թիվը. և

(գ) վճարների դեպքում` 360 (երեք հարյուր վաթսուն) օրվանից բաղկացած տարի և անցած օրերի թիվը:

 

5.02 Վճարման տեղը և վայրը

 

Եթե սույն Պայմանագիրը կամ Բանկի պահանջն այլ բան չի սահմանում` տոկոսից, փոխհատուցումից և մայր գումարից բացի մյուս բոլոր գումարները վճարվում են Փոխառուի կողմից Բանկի պահանջը ստանալուց հետո 15 (տասնհինգ) օրվա ընթացքում:

Սույն Պայմանագրի շրջանակներում Փոխառուի վճարելիք յուրաքանչյուր գումար վճարվում է Բանկի կողմից Փոխառուին ծանուցված համապատասխան հաշվին: Բանկը ծանուցում է հաշիվը Փոխառուի առաջին վճարման ամսաթվից ոչ ուշ, քան 15 (տասնհինգ) օր առաջ, իսկ հաշվի ցանկացած փոփոխություն ծանուցում է առաջին այն վճարման ամսաթվից ոչ ուշ, քան 15 (տասնհինգ) օր առաջ, որին կիրառելի է փոփոխությունը: Ծանուցման տվյալ ժամանակահատվածը չի կիրառվում 10-րդ հոդվածի շրջանակներում կատարելիք վճարումներին:

Փոխառուն վերոնշյալ յուրաքանչյուր վճարման դեպքում նշում է պայմանագրի համարը («FI nr»), որը գտնվում է սույն Պայմանագրի տիտղոսաթերթին: Փոխառուի վճարելիք գումարը համարվում է վճարված, երբ Բանկը ստանում է այն:

Սույն Պայմանագրով Բանկի կողմից մասհանումները և Բանկին վճարումները կատարվում են Բանկի կողմից ընդունելի հաշվի (հաշիվների) միջոցով:

 

5.03 Փոխառուի կողմից հաշվանցում կատարելու արգելք

 

Սույն Պայմանագրով Փոխառուի կատարելիք բոլոր վճարումները հաշվարկվում և կատարվում են առանց որևէ հաշվանցման (ինչպես նաև առանց որևէ պահումների) կամ հակընդդեմ հայցի:

 

5.04 Վճարային համակարգերի խափանում

 

Այն դեպքերում, երբ Բանկը (իր հայեցողությամբ) որոշում է, որի հայտ է եկել Խափանման դեպք, կամ այդպիսի դեպքի մասին Բանկին տեղեկացնում է Փոխառուն

(ա) Բանկը կարող է, իսկ Փոխառուի խնդրանքի դեպքում պարտավոր է, խորհրդակցել վերջինիս հետ` նպատակ ունենալով համաձայնեցնել Փոխառուի հետ սույն Պայմանագրի գործողության կամ կատարման ընթացքում առաջացած փոփոխությունները, որոնք Բանկը կարող է անհրաժեշտ համարել տվյալ հանգամանքներում,

(բ) Բանկը պարտավոր չէ Փոխառուի հետ խորհրդակցել (ա) պարբերության մեջ նշված որևէ փոփոխություն, եթե, իր կարծիքով, դա տվյալ հանգամանքներում նպատակահարմար չէ և, ցանկացած դեպքում, պարտավոր չէ համաձայնել այդպիսի փոփոխությունների հետ, և

(գ) Բանկը պատասխանատվություն չի կրում Խափանման դեպքի հետևանքով առաջացած որևէ տեսակի վնասների, ծախսերի կամ կորուստների, կամ սույն 5.04 հոդվածի համաձայն կամ դրա առնչությամբ որևէ միջոց ձեռնարկելու կամ չձեռնարկելու համար:

 

5.05 Ստացված գումարների օգտագործումը

 

(ա) Ընդհանուր

 

Փոխառուից ստացված գումարները նրան ազատում են իր վճարման պարտավորությունների կատարումից միայն այն դեպքում, եթե դրանք ստացվել են սույն Պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան:

 

(բ) Մասնակի վճարումներ

 

Եթե Բանկը ստանում է վճարում, որը բավարար չէ սույն Պայմանագրով Փոխառուի կողմից վճարման ենթակա բոլոր գումարների մարման համար, ապա Բանկն օգտագործում է այն.

(i) առաջին, սույն Պայմանագրով նախատեսված` ցանկացած չվճարված վճարներ, ծախսեր, փոխհատուցումներ և ծախքեր համամասնորեն վճարելու համար,

(ii) երկրորդ, սույն Պայմանագրով վճարման ենթակա, բայց չվճարված ցանկացած հաշվեգրված տոկոս վճարելու համար,

(iii) երրորդ, սույն Պայմանագրով վճարման ենթակա, բայց չվճարված ցանկացած մայր գումար վճարելու համար և

(iv) չորրորդ, սույն Պայմանագրով վճարման ենթակա, բայց չվճարված ցանկացած այլ գումար վճարելու համար:

 

(գ) Տրանշերին առնչվող գումարների բաշխում

(i)

(Ա) Մի քանի մասնաբաժիններով մարման ենթակա Տրանշի կամավոր մասնակի վաղաժամ մարման դեպքում Վաղաժամ մարման գումարը համամասնորեն կիրառվում է մարման ենթակա յուրաքանչյուր չվճարված մասնաբաժնին կամ, Փոխառուի խնդրանքով, մարման հետընթաց կարգով:

(Բ) Մի քանի մասնաբաժիններով մարման ենթակա Տրանշի պարտադիր մասնակի Վաղաժամ մարման դեպքում Վաղաժամ մարման գումարը կիրառվում է չվճարված մասնաբաժինները նվազեցնելու համար` մարման հետընթաց կարգով:

(ii) 10.01 հոդվածում նշված պահանջի արդյունքում Բանկի կողմից ստացված և Տրանշի դիմաց օգտագործված գումարները նվազեցնում են չմարված վճարումների մասնաբաժինները` մարման հետընթաց կարգով: Բանկը Տրանշերի միջև ընկած ժամանակահատվածում ստացված գումարները կարող է օգտագործել իր հայեցողությամբ:

(iii) Բանկը` գումարներ ստանալու դեպքում, որոնց կիրառելիությունը որոշակի Տրանշին հնարավոր չէ որոշել, և որոնց օգտագործման վերաբերյալ բացակայում է Բանկի և Փոխառուի միջև համաձայնություն, կարող է օգտագործել դրանք իր հայեցողությամբ` Տրանշերի միջև ընկած ժամանակահատվածում:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Փոխառուի պարտավորությունները և հավաստիացումները

 

Սույն 6-րդ հոդվածի պարտավորությունները ուժի մեջ են մնում սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած այնքան ժամանակ, քանի դեռ սույն Պայմանագրի որևէ գումար մարված չէ, կամ քանի դեռ Վարկը ուժի մեջ է:

 

6.01 Փոխատվության օգտագործումը և այլ միջոցների մատչելիությունը

 

Փոխառուն Փոխատվության շրջանակներում իր կողմից փոխառնված բոլոր գումարները օգտագործում է Ծրագրի Փուլ I-ի իրականացման նպատակով: Փոխառուն ապահովում է, որ Պատվիրատուն սույն Պայմանագրով ստացած ամբողջ գումարն օգտագործի Ծրագրի Փուլ I-ի իրականացման համար:

Փոխառուն երաշխավորում է, որ իրեն հասանելի են Ներածական մասի (5) կետում նշված այլ միջոցները և դրանք, պահանջվող չափով, ծախսվում են Ծրագիրը ֆինանսավորելու համար:

 

6.02 Ծրագրի ավարտը

 

Փոխառուն ապահովում է, որ Ծրագիրն իրականացվի Տեխնիկական նկարագրության համաձայն, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել Բանկի հավանությամբ, և որ Ծրագիրն ավարտվելու է դրանում նշված վերջնաժամկետում:

 

6.03 Ծրագրի հավելյալ ծախսը

 

Եթե Ծրագրի ընդհանուր ծախսը գերազանցում է Ներածական մասի (5) կետում նշված գումարի չափը, Փոխառուն, առանց Բանկին դիմելու, հայթայթում է միջոցներ Ծրագրի հավելյալ ծախսերը ֆինանսավորելու համար` Ծրագիրը Տեխնիկական նկարագրությանը համապատասխան ավարտելու նպատակով: Հավելյալ ծախսը ֆինանսավորելու պլաններն անհապաղ ներկայացվում են Բանկին:

 

6.04 Գնումների ընթացակարգը

 

Փոխառուն ապահովում է, որ Ծրագրին առնչվող սարքավորումները ձեռք են բերված, ծառայությունների մատուցումն ապահովված է և աշխատանքները պատվիրված են միջազգային բաց մրցույթի կամ գնումների այլ ընդունելի ընթացակարգի միջոցով, որը համապատասխանում է ՎԶԵԲ-ի գնումների կարգերին և միջազգային այլ ստանդարտներին, այդ թվում` ԵՆԲ-ի Գնումների ուղեցույցին, ինչպես նաև, Բանկին բավարարող չափով, այլ բոլոր կարգերին, որոնք համաձայնեցված են Եվրոպական Միության և Հայաստանի իշխանությունների միջև կնքված ֆինանսավորման համաձայնագրում:

Փոխառուն երաշխավորում է և ապահովում է, որ Երևանի քաղաքապետարանը և/կամ Պատվիրատուն երաշխավորի, որ սույն Պայմանագրի օրվանից սկսած Ծրագրի շրջանակներում գնումների բոլոր կնքվելիք պայմանագրերը (վերը նշված գնումների ստանդարտների համաձայն) նախատեսեն.

(ա) պահանջ, որ համապատասխան կապալառուն անհապաղ Բանկին ներկայացնի Ծրագրին առնչվող Արգելված վարքի մասին իրական մեղադրանքները, բողոքները կամ տեղեկությունները.

(բ) պահանջ, որ համապատասխան կապալառուն վարի Ծրագրին առնչվող բոլոր ֆինանսական գործարքների և ծախսերի հաշվապահական հաշվառման գրանցամատյաններն ու փաստաթղթերը. և

(գ) Արգելված վարքին վերաբերող մեղադրանքի մասով համապատասխան կապալառուի Ծրագրին առնչվող հաշվապահական հաշվառման գրանցամատյաններն ու փաստաթղթերն ուսումնասիրելու և օրենքով թույլատրված սահմաններում փաստաթղթերի պատճենները ստանալու Բանկի իրավունքը:

 

6.05 Ծրագրի շարունակվող պարտավորությունները

 

Փոխառուն երաշխավորում է, որ.

(ա) Պահպանում. Ծրագրի մաս կազմող ամբողջ գույքը պահպանվում, ըստ անհրաժեշտության ընթացիկ ու կապիտալ վերանորոգվում և թարմացվում է աշխատանքային լավ վիճակում պահելու համար.

(բ) Ծրագրի ակտիվներ. Բացառությամբ այն դեպքի, երբ Բանկը նախապես տվել է իր գրավոր համաձայնությունը, Փոխառուն և/կամ Պատվիրատուն և/կամ Երևանի քաղաքապետարանը պահպանում է սեփականության, տիրապետման կամ օգտագործման իրավունքը (ըստ իրավիճակի) Ծրագրի մաս կազմող բոլոր կամ գրեթե բոլոր ակտիվների նկատմամբ կամ, անհրաժեշտության դեպքում, փոխարինում կամ նորացնում է այդ ակտիվները, ինչպես նաև ապահովում է Ծրագրի շարունակական գործունեությունը` համաձայն դրա սկզբնական նպատակի, պայմանով, որ Բանկը կարող է հետ վերցնել իր համաձայնությունը միայն այն դեպքում, երբ առաջարկվող գործողությունը վնաս է հասցնում Բանկի` որպես Փոխառուի համար փոխատու հանդիսանալու շահերին, կամ Ծրագիրը այլևս իրավասու չէ ստանալ Բանկի ֆինանսավորում` Բանկի Կանոնադրության կամ «Եվրոպական Միության գործունեության մասին» պայմանագրի 309-րդ հոդվածի համաձայն.

(գ) Ապահովագրություն. սկսած սույն Պայմանագրով երկրորդ մասհանման ամսաթվից, Ծրագրի մաս կազմող բոլոր աշխատանքները և գույքը ապահովագրվել է ապահովագրական հեղինակավոր ընկերությունների միջոցով` ելնելով ապահովագրական ոլորտի համապատասխան համապարփակ պրակտիկայից.

(դ) Իրավունքներ և թույլտվություններ. ՈՒժի մեջ են մնում Ծրագրի իրականացման և շահագործման համար անհրաժեշտ սերվիտուտի կամ օգտագործման բոլոր իրավունքները և բոլոր լիազորությունները:

(ե) Շրջակա միջավայրի և սոցիալական հարցեր. Փոխառուն և/կամ Պատվիրատուն և/կամ Երևանի քաղաքապետարանը (ըստ կիրառելիության)`

(i) իրականացնում և կառավարում է Ծրագիրը բնապահպանական և սոցիալական պահանջներին համապատասխան և դրանց պատշաճ ուշադրություն դարձնելով.

(ii) ձեռք է բերում Ծրագրի համար անհրաժեշտ Բնապահպանական կամ սոցիալական հաստատումները, պահպանում դրանք և ապահովում համապատասխանությունը դրանց պահանջներին.

(iii) պատրաստում է Բանկի պահանջները բավարարող Բնապահպանական և սոցիալական կառավարման պլան, Կենսագործունեության վերականգնման պլան և Շահագրգիռ կողմերի ներգրավվածության պլան, պարտավորվում է կատարել և պահպանել դրանց պահանջները, ինչպես նաև պարտավորվում է Բանկին տեղեկացնել (i) բնապահպանական և սոցիալական ցանկացած անբարենպաստ ազդեցության մասին, որը նախատեսված չէ Բնապահպանական և սոցիալական կառավարման պլանով, (ii) բնապահպանական և սոցիալական ցանկացած անբարենպաստ ազդեցության մեղմելուն կամ վերացմանն ուղղված միջոցառումների անբավարար լինելու մասին, (iii) Բնապահպանական և սոցիալական կառավարման պլանին կամ Բնապահպանական և սոցիալական ստանդարտներին ցանկացած էական անհամապատասխանության մասին:

(զ) ԵՄ օրենսդրություն. Փոխառուն և/կամ Պատվիրատուն և/կամ Երևանի քաղաքապետարանը (ըստ կիրառելիության) Ծրագիրն իրականացնում և կառավարում է ԵՄ օրենսդրության կիրառելի չափանիշերին համապատասխան` ՀՀ օրենսդրությամբ դրանք նախատեսված լինելու կամ մինչև սույն Պայմանագրի ամսաթիվը Բանկի կողմից նշված սահմաններում:

 

6.06 Համապատասխանություն օրենքներին

 

Փոխառուն ապահովում է համապատասխանությունը և պահանջում է Պատվիրատուից և Երևանի քաղաքապետարանից ապահովել համապատասխանությունն այն օրենքների և ենթաօրենսդրական ակտերի պահանջներին, որոնց սուբյեկտ են Փոխառուն, Պատվիրատուն, Երևանի քաղաքապետարանը և Ծրագիրը:

 

6.07 Ընդհանուր հավաստիացումներ և երաշխիքներ

 

Փոխառուն Բանկին հավաստիացնում և երաշխավորում է, որ.

(ա) Երևանի քաղաքապետարանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համայնք է և իրավասու է իրականացնել իր ընթացիկ գործունեությունը և հանդիսանալ իր գույքի և այլ ակտիվների սեփականատերը, իսկ Պատվիրատուն Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված կամ ստեղծվելիք ընկերություն է` ամբողջությամբ պատկանելով Երևանի քաղաքապետարանին, և այն իրավասու է կամ իրավասու կլինի իրականացնել իր գործունեությունը իր անունով և հանդիսանալ իր գույքի և այլ ակտիվների սեփականատերը:

(բ) ունի սույն Պայմանագիրը կնքելու, դրա բնօրինակներով փոխանակվելու և դրանում նախատեսված իր պարտավորությունները կատարելու իրավասություն, ինչպես նաև կատարվել են դրա կողմից Պայմանագրի կնքումը, բնօրինակների փոխանակումը և կատարումը լիազորելու համար անհրաժեշտ բոլոր գործողությունները.

(գ) սույն Պայմանագիրը պարունակում է օրինական իրավական ուժ ունեցող, իրավապարտադիր և իրավակիրարկելի պարտավորություններ.

(դ) Պայմանագրի կնքումը և բնօրինակների փոխանակումը, դրա շրջանակում իր պարտավորությունների կատարումը և համապատասխանությունը դրա դրույթներին

(i) չեն հակասում և չեն հակասելու այն կարգավորող գործող օրենքներին և ենթաօրենսդրական ակտերին, դատական վճիռներին, որոշումներին կամ թույլտվություններին կամ տարընթերցում և տարընթերցելու դրանք.

(ii) չեն հակասում և չեն հակասելու իր ցանկացած համաձայնագրի կամ իր համար իրավապարտադիր այլ գործիքի կամ տարընթերցում և տարընթերցելու դրանք, ինչը հիմնավոր կարծիքով կարող է էապես անբարենպաստ ազդել սույն Պայմանագրով պարտավորությունները կատարելու իր կարողության վրա.

(ե) սույն Պայմանագրի օրվանից Էական անբարենպաստ փոփոխություն տեղի չի ունեցել.

(զ) ի հայտ չի եկել և չի շարունակվում մնալ չկարգավորված կամ անտեսված իրավիճակ կամ հանգամանք, որը 10.01 հոդվածի համաձայն հանդիսանում է Վճարային պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) դեպք.

(է) չկա դատավարություն, արբիտրաժի գործ, վարչական վարույթ կամ քննություն, որն ընթանում է կամ իր իմացությամբ սպառնում է կամ սպասվում որևէ դատարանում, արբիտրաժում կամ գործակալությունում, որը հանգեցրել է կամ, անբարենպաստ վճռի դեպքում, կարող է հանգեցնել էական բարենպաստ փոփոխության, և որ իր, Երևանի քաղաքապետարանի կամ Պատվիրատուի նկատմամբ առկա չէ որևէ չբավարարված դատական վճիռ կամ որոշում.

(ը) տրամադրել է սույն Պայմանագրին առնչվող անհրաժեշտ բոլոր լիազորությունները գործադիր կամ պետական մարմիններին կամ տեղական իշխանություններին և բոլոր նման լիազորությունները լրիվ ծավալով ուժի մեջ են և ընդունելի որպես ապացույց.

(թ) Պատվիրատուն և/կամ Երևանի քաղաքապետարանը (եթե կիրառելի է) ձեռք է բերել Ծրագրին և Ծրագրի իրականացման համաձայնագրին առնչվող անհրաժեշտ բոլոր լիազորությունները գործադիր կամ պետական մարմիններից կամ տեղական իշխանություններից, պատրաստ է օրինական կարգով կատարել դրանցից բխող պարտավորությունները և նման բոլոր լիազորությունները լրիվ ծավալով ուժի մեջ են և ընդունելի որպես ապացույց.

(ժ) Սույն Պայմանագրից բխող իր վճարային պարտավորությունները դասվում են որպես իր ցանկացած Պարտքային գործիքի շրջանակներում բոլոր ներկա և ապագա չապահովված և առաջնահերթ այլ պարտավորությունների վճարման իրավունքին առնվազն համարժեք.

(ժա) ինքը, Երևանի քաղաքապետարանը և Պատվիրատուն գործում են 6.05 (ե) հոդվածին համապատասխան և իր ունեցած տեղեկությունների և համոզման (պատշաճ և մանրակրկիտ ուսումնասիրություն կատարելով) համաձայն` իր, Երևանի քաղաքապետարանի կամ Պատվիրատուի դեմ չկա ներկայացված բնապահպանական կամ սոցիալական հայց կամ նման հայցի վտանգ.

(ժբ) ապահովում է համապատասխանությունը սույն 6-րդ հոդվածի բոլոր պարտավորություններին.

(ժգ) ոչ Փոխառուն, ոչ Երևանի քաղաքապետարանը, ոչ Պատվիրատուն, ոչ դրանց գործակալները, ներկայացուցիչները, պաշտոնյաները և տնօրենները կամ իր կամ նրանց անունից հանդես եկող, կամ իր կամ նրանց ենթակայության տակ եղող այլ անձիք թույլ չեն տվել կամ թույլ չեն տա (i) Ծրագրի կամ դրանով նախատեսված ցանկացած գործարքի առնչությամբ Արգելված վարքի որևէ դրսևորում, կամ (ii) Փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված ցանկացած ապօրինի գործողություն. և

(ժդ) Ծրագիրը (ներառյալ, առանց սահմանափակման, Փոխատվությամբ ֆինանսավորվող կամ ֆինանսավորելիք բոլոր պայմանագրերի բանակցումը, կնքումը և կատարումը) չի ընդգրկել կամ առաջացրել Արգելված վարքի որևէ դրսևորում:

Վերը շարադրված հավաստիացումները և երաշխիքները ուժի մեջ են մինչև սույն Պայմանագրի գործողության ավարտը և, բացառությամբ վերոնշյալ (զ) պարբերությամբ սահմանվող երաշխիքի, համարվում են վերահաստատված յուրաքանչյուր Մասհանման ընդունման, Մասհանման և Վճարման ամսաթվերին:

 

6.08 ԱՄՀ-ի պահանջները և սահմանափակումները

 

Փոխառուն է պահպանում է ֆինանսական պարտավորություններ ստանձնելու իր կարողության մասով առկա բոլոր սահմանափակումները` ներառյալ, բայց չսահմանափակվելով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ համաձայնեցված սահմանափակումներով` ԱՄՀ Արտոնյալ պայմանների տրամադրման վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնագրի կամ ԱՄՀ որևէ այլ փաստաթղթի շրջանակներում:

 

6.09 Բարեվարքության հանձնառությունը

 

(ա) Արգելված վարք:

(i) Փոխառուն զերծ է մնում Ծրագրին առնչվող, Ծրագրի համար կազմակերպված գնումների ընթացակարգերում կամ Պայմանագրով նախատեսված որևէ գործարքում Արգելված վարքի դրսևորումից (և երաշխավորում է Երևանի քաղաքապետարանի և Պատվիրատուի զերծ մնալը նման Արգելված վարքի դրսևորումից, ինչպես նաև չի լիազորում կամ թույլատրում իր անունից գործող որևէ անձի կողմից նման Արգելված վարքի դրսևորում):

(ii) Փոխառուն պարտավորվում է (և երաշխավորում է, որ Երևանի քաղաքապետարանը և Պատվիրատուն պարտավորություն ստանձնի) ձեռնարկել այն միջոցները, որոնք Բանկը հիմնավոր պահանջում է Ծրագրին առնչվող Արգելված վարքի ենթադրյալ կամ կասկածելի որևէ դրսևորում քննելու կամ վերացնելու համար:

(iii) Փոխառուն պարտավորվում է (և երաշխավորում է, որ Երևանի քաղաքապետարանը և Պատվիրատուն պարտավորություն ստանձնեն) ապահովել, որ սույն Փոխատվության միջոցներով ֆինանսավորվող բոլոր պայմանագրերն ընդգրկեն անհրաժեշտ դրույթներ, որոնք հնարավորություն կտան Փոխառուին, Երևանի քաղաքապետարանին և Պատվիրատուին քննել կամ վերացնել Ծրագրին առնչվող արգելված վարքի ենթադրյալ կամ կասկածելի որևէ դրսևորում:

(բ) Պատժամիջոցներ. Փոխառուն

(i) չի հաստատում (և երաշխավորում է, որ Երևանի քաղաքապետարանը և Պատվիրատուն չեն հաստատի) որևէ գործարար հարաբերություն Պատժամիջոցների ցանկում ընդգրկված որևէ անձի հետ. կամ

(ii) ուղղակի կամ անուղղակի, միջոցներ չի տրամադրում (և երաշխավորում է, որ Պատվիրատուն չտրամադրի) Պատժամիջոցների ցանկում ընդգրկված որևէ անձի կամ նրա օգտին:

(գ) Կառավարում. Փոխառուն խելամիտ ժամանակահատվածում ձեռնարկում է (կամ ապահովում է, որ Երևանի քաղաքապետարանը և Պատվիրատուն ձեռնարկեն) համապատասխան միջոցներ իր, Երևանի քաղաքապետարանի և Պատվիրատուի (ըստ կիրառելիության) ցանկացած պատշաճ լիազորված գործակալների, ներկայացուցիչների կամ կառավարման մարմինների ցանկացած անդամի նկատմամբ, ով Փոխատվության կամ Ծրագրի հանդեպ ունի անմիջական կառավարման և հսկողության լիազորություններ և

(i) ով դառնում է Պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձ. կամ

(ii) ում դեմ` իր մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում Արգելված արարք թույլատրելու համար կայացվել է դատարանի վերջնական և անբեկանելի որոշում,

երաշխավորելով, որ Փոխատվությանը կամ Ծրագրին առնչվող Փոխառուի, Երևանի քաղաքապետարանի կամ Պատվիրատուի (ըստ կիրառելիության) գործունեության մասով տվյալ անձի լիազորությունները կասեցվել են, դադարեցվել են կամ, բոլոր դեպքերում, բացառվել է նրա մասնակցությունը դրանում:

 

6.10 Ծրագրի իրականացման խումբ

 

Ծրագրի իրականացման բոլոր հարցերը, այդ թվում` Ծրագրի իրականացման համար ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումները համակարգելու, կառավարելու, մշտադիտարկելու և գնահատելու նպատակով, Փոխառուն, եթե Բանկի հետ ձեռք չի բերվել այլ համաձայնություն, պահանջում է Պատվիրատուից Ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում ապահովել համարժեք ռեսուրսներով և պատշաճ որակավորված անձնակազմով համալրված ծրագրի իրականացման խմբի աշխատանքը:

 

6.11 ԵՆԲ-ի վարկային հաշիվ

 

Բանկից Փոխատվության մասհանումներ ստանալու նպատակով Փոխառուն բացում է ԵՆԲ-ի վարկային հաշիվ: Փոխառուն առանձնացնում է ԵՆԲ-ի վարկային հաշիվն իր մյուս բոլոր ակտիվներից և երաշխավորում է, որ վճարումներն այդ հաշվից կատարվելու են բացառապես Ծրագրի իրականացման նպատակներով` սույն Պայմանագրի, ՀՆԳ-ի փաստաթղթերի, Ծրագրի իրականացման համաձայնագրի և, եթե այդպիսիք առկա են, համապատասխան այլ համաձայնագրերի համաձայն: Փոխառուն պարտավորվում է նաև երաշխավորել, որ ԵՆԲ-ի վարկային հաշիվը մշտապես զերծ է անվճարունակությունից և Փոխառուի ոչ մի այլ վարկատու չունի մուտք այդ հաշվին կամ դրանից գումարներ ստանալու իրավունքներ:

 

6.12 Հաշվապահական հաշվառման գրանցամատյաններ և փաստաթղթեր

 

(ա) Փոխառուն երաշխավորում է, որ Պատվիրատուն վարել և վարելու է հաշվապահական հաշվառման պատշաճ գրանցամատյաններ ու փաստաթղթեր, որտեղ գործող ՖՀՄՍ-ի համաձայն լիարժեք և ճիշտ մուտքագրվում են Պատվիրատուի ֆինանսական բոլոր գործարքներ, ակտիվները և գործունեությունը, այդ թվում` Ծրագրին առնչվող ծախսերը:

(բ) Փոխառուն վարում է հաշվապահական հաշվառման պատշաճ գրանցամատյաններ ու փաստաթղթեր, որտեղ լիարժեք և ճիշտ մուտքագրվում են ֆինանսական բոլոր գործարքները, այդ թվում` Ծրագրին առնչվող բոլոր ծախսերը:

 

6.13 Ակտիվների օտարում

 

(ա) Փոխառուն ապահովում է, որ Պատվիրատուն և/կամ Երևանի քաղաքապետարանը` առանց Բանկի նախնական գրավոր համաձայնության, փոխկապակցված կամ չփոխկապակցված մեկ առանձին կամ մի շարք գործարքների միջոցով կամավոր կամ հարկադիր կերպով չօտարի Ծրագրի մաս կազմող իր որևէ ակտիվ:

(բ) Փոխառուն` առանց Բանկի նախնական գրավոր համաձայնության, փոխկապակցված կամ չփոխկապակցված մեկ առանձին կամ մի շարք գործարքների միջոցով կամավոր կամ հարկադիր կերպով չի օտարում Ծրագրի մաս կազմող իր որևէ ակտիվ:

Սույն հոդվածի նպատակներից ելնելով` «օտարել» կամ «օտարում» հասկացությունը ներառում է վաճառքի, փոխանցման, վարձակալությամբ տրամադրման կամ այլ օտարման գործողություն:

 

6.14 Ծրագրին հատուկ պարտավորություններ

 

Փոխառուն և/կամ նրա պահանջով Պատվիրատուն և/կամ Երևանի քաղաքապետարանը (ըստ կիրառելիության).

(ա) ապահովում է Ծրագրի իրականացումից հետո Ծրագրի բոլոր Բաղադրիչների ֆինանսական կենսունակությունը և աղբավայրի հետ փակման միջոցառումների համար համարժեք հատկացումները, այդ թվում` Պատվիրատուի և/կամ Երևանի քաղաքապետարանի (կիրառելի լինելու դեպքում) կողմից նոր աղբավայրի ֆինանսական կենսունակության ապահովումը.

(բ) ապահովում է կոշտ թափոնների կառավարման ծառայությունների ֆինանսական մատչելիությունը Ծրագրի վերջնական շահառուների համար` Բանկին և Ծրագրի այլ ֆինանսավորողներին բավարարող պայմաններով.

(գ) ապահովում է, որ Նոր աղբավայրի շահագործման պայմանագիրն ընդգրկի կատարողականի համարժեք ապահովում կապալառուից.

(դ) տրամադրում է Նոր աղբավայրի շահագործման և պահպանման ծրագրի օրինակ` նախքան շահագործման փուլի սկիզբը. և

(ե) պարտավորվում է չհատկացնել Վարկի հասույթները Ծրագրի այն սխեմաների համար, որոնք ՀՀ օրենսդրությամբ պահանջում են շրջակա միջավայրի ազդեցության գնահատում կամ կենսաբազմազանության վրա ազդեցության գնահատում, քանի դեռ` նման պարտավորություն ստանձնելուց առաջ, չի ստացվել լիազոր մարմնի համաձայնությունը և շրջակա միջավայրի ազդեցության գնահատման ոչ տեխնիկական ամփոփագիրը չի ներկայացվել հանրությանը: Ծրագրի այն սխեմաների դեպքում, որոնց համար լիազոր մարմինը չի պահանջում շրջակա միջավայրի ազդեցության գնահատում, Բանկը ստանում է լիազոր մարմնի որոշման օրինակ, որտեղ նշված են դրա հիմքերը, ինչպես նաև որոշման հանրային հրապարակման ապացույցներ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Երաշխիք

 

Սույն 7-րդ հոդվածի պարտավորությունները ուժի մեջ են մնում սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած այնքան ժամանակ, քանի դեռ սույն Պայմանագրի որևէ գումար մարված չէ, կամ քանի դեռ Վարկը ուժի մեջ է:

 

7.01 Հավասար հերթականություն

 

Փոխառուն ապահովում է, որ սույն Պայմանագրով իր վճարային պարտավորությունները դասվում են և դասվելու են իր ցանկացած Պարտքային գործիքի շրջանակներում բոլոր ներկա և ապագա չապահովված և առաջնահերթ այլ պարտավորությունների վճարման իրավունքին առնվազն համարժեք:

Մասնավորապես, եթե Բանկը պահանջ է ներկայացնում 10.01 հոդվածի համաձայն կամ առաջանում (կամ հնարավոր է առաջանա) և շարունակվում է Փոխառուի, իր ցանկացած գործակալության կամ հաստատության չապահովված և առաջնահերթ Պարտքային գործիքի շրջանակներում պարտավորությունների չվճարման (դեֆոլտի) դեպք` Փոխառուն չի կատարում (կամ թույլատրում) նման Պարտքային գործիքի դիմաց որևէ վճարում (կանոնավոր պլանավորած կամ այլ)` առանց միաժամանակ վճարելու կամ առանձնացված հաշվին հաջորդ Վճարման ամսաթվին վճարում կատարելու համար մուտքագրելու գումար, որը կազմում է սույն Պայմանագրով չվճարված պարտքի համեմատ նույն համամասնությունը ինչ նման Պարտքային գործիքի շրջանակներում վճարման գումարը կազմում է այդ գործիքով չվճարված ընդհանուր պարտքում: Այս նպատակով, Պարտքային գործիքի ցանկացած վճարում, որը կատարվում է թողարկված մեկ այլ գործիքի հասույթներից, որի հանդեպ պահանջի իրավունք ունեն ըստ էության նույն անձինք ինչ Պարտքային գործիքի դեպքում, անտեսվում է:

 

7.02 Լրացուցիչ երաշխիք

 

Եթե Փոխառուն Պարտքային գործիքի կատարման երաշխիք կամ դրան առնչվող որևէ նախապատվություն կամ առաջնահերթություն է տրամադրում որևէ երրորդ անձի, ապա Բանկի պահանջով Փոխառուն սույն Պայմանագրով իր պարտավորությունների կատարման համարժեք երաշխիք կամ նախապատվություն կամ առաջնահերթություն է տրամադրում Բանկին:

 

7.03 Ներառման դրույթներ

 

Եթե Փոխառուն որևէ այլ վարկատուի հետ կնքում է ֆինանսավորման միջնաժամկետ կամ երկարաժամկետ համաձայնագիր, որը պարունակում է վարկանիշի կորստի վերաբերյալ դրույթ կամ պարտավորությունների կատարման հավասար հերթականության կամ պարտավորությունների խաչաձև չկատարման համաձայնություն կամ այլ դրույթ, որն ավելի խիստ է, քան սույն Պայմանագրի համարժեք որևէ դրույթ, ապա Փոխառուն անհապաղ տեղեկացնում է Բանկին այդ մասին և, Բանկի պահանջով, կնքում սույն Պայմանագրում փոփոխություններ կատարելու համաձայնագիր` Բանկի համար նպաստավոր համարժեք դրույթ նախատեսելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Տեղեկատվություն և այցեր

 

8.01 Ծրագրին առնչվող տեղեկատվություն

 

Փոխառուն կամ իր պահանջով` Պատվիրատուն և/կամ Երևանի քաղաքապետարանը (կիրառելի լինելու դեպքում).

(ա) Բանկին են (է) տրամադրում

(i) տեղեկատվություն, որի բովանդակությունն ու ձևը, ինչպես նաև տրամադրման ժամկետները սահմանված են Ա.2 Լրացման մեջ կամ ժամանակ առ ժամանակ համաձայնեցվում են սույն Պայմանագրի կողմերի միջև. և

(ii) ցանկացած տեղեկատվություն կամ լրացուցիչ փաստաթուղթ, որն առնչվում է Ծրագրի ֆինանսավորմանը, գնումներին, իրականացմանը, շահագործմանը և առնչվող բնապահպանական կամ սոցիալական խնդիրներին, որոնք Բանկը կարող է հիմնավոր կերպով պահանջել ողջամիտ ժամկետներում.

անփոփոխ պայմանով, որ, եթե նման տեղեկատվությունը կամ փաստաթուղթը ժամանակին չեն տրամադրվում Բանկին և Փոխառուն Բանկի կողմից գրությամբ սահմանած ողջամիտ ժամկետներում չի կարգավորում բացթողումը, Բանկը կարող է, նպատակահարմարության սահմաններում, շտկել թերացումը` սեփական աշխատակազմի կամ խորհրդատուի կամ երրորդ կողմի միջոցով, որոնց ծախսերը վճարում է Փոխառուն, և Փոխառուն նման անձանց պարտավոր է տրամադրել այդ նպատակից բխող անհրաժեշտ ամբողջ օժանդակությունը.

(բ) առանց ուշացման, Բանկի հաստատմանն են (է) ներկայացնում Ծրագրի բոլոր էական փոփոխությունները` հաշվի առնելով մինչև սույն Պայմանագրի կնքումը Ծրագրի առնչությամբ Բանկին տրամադրած տեղեկությունները, որոնք, ի թիվս այլ բաների, վերաբերում են Ծրագրի արժեքին, նախագծին, պլաններին, ժամանակացույցին կամ ծախսային ծրագրին կամ ֆինանսավորման պլանին.

(գ) անհապաղ տեղեկացնում են (է) Բանկին.

(i) որևէ երրորդ կողմի նախաձեռնած ցանկացած գործողության կամ բողոքի ակցիայի կամ բարձրացրած առարկության, կամ Փոխառուի կամ Պատվիրատուի կողմից ստացված իրական բողոքի, Փոխառուի, Երևանի քաղաքապետարանի կամ Պատվիրատուի դեմ, իրենց իմացությամբ, սկսված, ընթացող կամ նրան սպառնացող կարևոր դատավարության կամ բնապահպանական կամ սոցիալական որևէ հայցի վերաբերյալ,

(ii) Փոխառուին հայտնի որևէ փաստի կամ իրադարձության մասին, որը կարող է էապես խաթարել կամ ազդել Ծրագրի իրականացման կամ գործարկման պայմանների վրա.

(iii) Բնապահպանական և սոցիալական չափանիշերին իր որևէ անհամապատասխանության մասին.

(iv) Բնապահպանական և սոցիալական հաստատումը ժամանակավոր կասեցնելու, չեղյալ ճանաչելու կամ փոփոխելու որևէ դեպքի մասին.

(v) Ծրագրին առնչվող Արգելված վարքի դրսևորման վերաբերյալ որևէ իրական մեղադրանքի կամ բողոքի մասին.

(vi) եթե իրազեկվել է փաստի մասին կամ ստացել տեղեկություն, որը հաստատում կամ բավարար հիմնավորում է, որ (ա) Ծրագրի առնչությամբ եղել է Արգելված վարքի դրսևորում, կամ (բ) Ծրագրում կամ իր բաժնետիրական կապիտալում ներդրված որևէ միջոց ունի ապօրինի ծագում,

և սահմանում նման խնդիրների առնչությամբ ձեռնարկվելիք միջոցները. և

(դ) պահանջի դեպքում, Բանկին են (է) տրամադրում.

(i) 6.05 (գ) հոդվածում նշված պահանջների կատարումն ապացուցող հավաստագիր իր ապահովագրողների կողմից.

(ii) տարեկան կտրվածքով` գործող ապահովագրական պոլիսների ցանկ, որոնք ընդգրկում են Ծրագրի մաս կազմող ապահովագրված գույքը` առկա ապահովագրավճարների (պրեմիումների) վճարման հաստատման հետ միասին. և

(iii) Փոխատվության հասույթներով ֆինանսավորվող պայմանագրերի բնօրինակներ և մասհանումներին առնչվող ծախսերի մասին ապացույց:

 

8.02 Փոխառուին, Երևանի քաղաքապետարանին և Իրականացնողին առնչվող

տեղեկություններ

 

Փոխառուն կամ իր պահանջով` Պատվիրատուն և/կամ Երևանի քաղաքապետարանը (կիրառելի լինելու դեպքում).

(ա) Բանկին են (է) տրամադրում

(i) Պատվիրատուի` տարեկան աուդիտ անցած կոնսոլիդացված ֆինանսական հաշվետվությունները, որոնք պատրաստվում են Հայաստանի Հանրապետությունում գործող և հետևողականորեն կիրառվող պաշտոնական ընդհանուր հաշվապահական հաշվառման ստանդարտների համաձայն, որոնց աուդիտը կատարվել է միջազգայնորեն ընդունված աուդիտի սկզբունքներով և ստանդարտներով` Բանկի համար ընդունելի անկախ աուդիտորի կողմից. և

(ii) ժամանակ առ ժամանակ, Բանկի հիմնավոր պահանջով` լրացուցիչ տեղեկություններ իր, Պատվիրատուի և Երևանի քաղաքապետարանի ընդհանուր ֆինանսական վիճակի մասին, կամ Բանկի հիմնավոր պահանջով` 6-րդ հոդվածում և Ծրագրի իրականացման համաձայնագրում նշված իր, Երևանի քաղաքապետարանի կամ Պատվիրատուի պարտավորությունների կատարումը հավաստող ապացույցներ.

(բ) ապահովում են (է), որ Փոխառուի հաշվապահական հաշվառման փաստաթղթերը լիարժեք արտացոլեն Ծրագրի ֆինանսավորմանը, իրականացմանը և շահագործմանն առնչվող գործառնությունները. և

(գ) անհապաղ տեղեկացնում են (է) Բանկին.

(i) սույն Պայմանագրի կնքման օրվանից հետո Պատվիրատուին և/կամ Երևանի քաղաքապետարանին կիրառելի և Ծրագրին առնչվող օրենքների որևէ էական փոփոխության մասին.

(ii) ցանկացած փաստի մասին, որը պահանջում է Փոխառուից, Երևանի քաղաքապետարանից կամ Պատվիրատուից վաղաժամ մարել որևէ ֆինանսական պարտք կամ ԵՄ ֆինանսավորում.

(iii) ցանկացած իրադարձության կամ որոշման մասին, որը հանդիսանում է Վաղաժամ մարման դեպք կամ կարող է հանգեցնել դրան.

(iv) իր, Երևանի քաղաքապետարանի կամ Պատվիրատուի` Ծրագրի մաս կազմող որևէ ակտիվ երրորդ կողմին որպես երաշխիք տրամադրելու մտադրության մասին.

(v) իր, Երևանի քաղաքապետարանի կամ Պատվիրատուի` Ծրագրի որևէ նյութական բաղադրիչի սեփականության իրավունքից հրաժարվելու մտադրության մասին.

(vi) որևէ փաստի կամ իրադարձության մասին, որը մեծ հավանականությամբ կխոչընդոտի Փոխառուի կողմից սույն Պայմանագրով նախատեսված որևէ պարտավորության ըստ էության կատարումը.

(vii) Վճարային պարտավորությունները չկատարելու (դեֆոլտի) ի հայտ եկած, սպառնացող կամ սպասվող ցանկացած դեպքի մասին.

(viii) ցանկացած փաստի կամ իրադարձության մասին, որի արդյունքում (ա) Պատվիրատուի կառավարման մարմինների կամ Փոխառուի կամ Երևանի քաղաքապետարանի գործակալների կամ ներկայացուցիչների (բ) Պատվիրատուի վերադաս կազմակերպությունների որևէ անդամ դառնում է Պատժամիջոցների ցանկում ընդգրկված անձ.

(ix) որևէ դատավարության, արբիտրաժի գործի կամ վարչական վարույթի կամ քննության մասին, որն ընթանում է, սպառնում կամ սպասվում և որը, անբարենպաստ վճռի դեպքում, կարող է հանգեցնել Էական անբարենպաստ փոփոխության. և/կամ

(x) օրենքով թույլատրված սահմաններում` Պատվիրատուի, կամ դրա վերադաս կազմակերպությունների, կամ դրա կառավարման մարմինների անդամների կամ Փոխառուի պաշտոնյաների կամ Երևանի քաղաքապետարանի գործակալների կամ ներկայացուցիչների դեմ իր իմացությամբ ընթացող, սպասվող կամ վերոնշյալներին սպառնացող էական դատավարության, արբիտրաժի գործի, վարչական վարույթի կամ քննության մասին, որը գտնվում է դատարանի, վարչական կամ նման պետական մարմնի վարույթում և կապված է Փոխատվությանը կամ Ծրագրին առնչվող Արգելված վարքի դրսևորման հետ. կամ

(xi) սույն Պայմանագրի 6.09 հոդվածի համաձայն Փոխառուի ձեռնարկած ցանկացած միջոցի մասին:

 

8.03 Քննություն և տեղեկատվություն

 

Փոխառուն պարտավորվում է

(ա) ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք Բանկը կարող է հիմնավոր պահանջել` 6.09 հոդվածում (Բարեվարքության հանձնառություն) նկարագրված բնույթի գործողության մեղադրանքը կամ կասկածը քննելու և/կամ վերացնելու համար.

(բ) տեղեկացնել Բանկին նման գործողության արդյունքում հասցված վնասի համար պատասխանատու անձանցից փոխհատուցում պահանջելու նպատակով ձեռնարկած միջոցների մասին. և

(գ) օժանդակել ցանկացած քննության, որը Բանկը կարող է կատարել նման գործողության առնչությամբ:

 

8.04 Այցեր, մուտքի իրավունք և քննություն

 

(ա) Փոխառուն պարտավորվում է և ապահովում է, որ Երևանի քաղաքապետարանը և Պատվիրատուն պարտավորվի թույլատրել Բանկի կողմից լիազորված անձանց, ինչպես նաև ԵՄ օրենսդրության համապատասխան իրավապարտադիր դրույթներով նախատեսված դեպքերում ԵՄ այլ իրավասու մարմինների, ներառյալ` Եվրոպական համայնքների Վերահսկիչ պալատի, Եվրոպական Հանձնաժողովի և Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի լիազորված անձանց`

(i) այցելել Ծրագրի մաս կազմող տեղանքները, շինությունները և աշխատանքային հրապարակները, իրենց ցանկությամբ կատարել ստուգումներ, որոնք բխում են սույն Պայմանագրի և Ծրագրի ֆինանսավորման հետ կապված նպատակներից.

(ii) հարցազրույցներ ունենալ Փոխառուի, Երևանի քաղաքապետարանի և Պատվիրատուի ներկայացուցիչների հետ` չխոչընդոտելով նրանց շփումները Փոխատվության կամ Ծրագրի շրջանակներում ներգրավված կամ դրանց ազդակիր որևէ այլ անձի հետ.

(iii) ուսումնասիրել Փոխատվության և Ծրագրի կատարմանն առնչվող Փոխառուի, Երևանի քաղաքապետարանի և Պատվիրատուի հաշվապահական հաշվառման գրանցամատյանները և փաստաթղթերը և ստանալ համապատասխան փաստաթղթերի օրինակներ` կիրառելի օրենքներով թույլատրված սահմաններում:

(բ) Փոխառուն պարտավորվում է կազմակերպել Բանկի և ԵՄ այլ իրավասու հաստատությունների կամ մարմինների կողմից Արգելված վարքի դրսևորման մեղադրանքի կամ կասկածի քննությունը, ինչպես նաև տրամադրել և ապահովել, որ Երևանի քաղաքապետարանը և Պատվիրատուն տրամադրեն Բանկին, կամ ապահովել, որ Բանկին տրամադրվի անհրաժեշտ ամբողջ ծավալով օժանդակություն սույն հոդվածում նկարագրված նպատակների մասով:

(գ) Փոխառուն ընդունում է, որ ԵՄ օրենսդրության համապատասխան իրավապարտադիր դրույթներից ելնելով Բանկը կարող է պարտավորված լինել Եվրոպական Միության ցանկացած իրավասու հաստատության կամ մարմնի, ներառյալ` Եվրոպական համայնքների Վերահսկիչ պալատին, Եվրոպական Հանձնաժողովին և Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակին հաղորդել Փոխառուին և Ծրագրին առնչվող տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են դրանց կողմից Եվրոպական համայնքների օրենքների համաձայն իրենց պարտականությունները կատարելու համար:

(դ) Փոխառուն պարտավորվում է և պահանջում է Պատվիրատուից և Երևանի քաղաքապետարանից պարտավորվել.

(i) ձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք Բանկը կարող է ողջամտորեն պահանջել` 6.09 հոդվածում նկարագրված բնույթի գործողության մեղադրանքը կամ կասկածը քննելու և/կամ վերացնելու համար, պայմանով որ նման գործողությունները չեն խախտում Փոխառուին կիրառելի օրենքները.

(ii) տեղեկացնել Բանկին նման գործողության արդյունքում հասցված վնասի համար պատասխանատու անձանցից փոխհատուցում պահանջելու նպատակով ձեռնարկած միջոցների մասին. և

(iii) օժանդակել ցանկացած քննության, որը Բանկը կարող է կատարել նման գործողության առնչությամբ:

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.03.2016
N 8
Արձանագրային որոշում