Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1 ...

 

 

020.1266.190416

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՇՏ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 19 ապրիլի 2016թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կ. Արեյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2015 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված` «Երևանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2016 թվականի մարտի 29-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև (այսուհետ` Բանկ) «Երևանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 11-ին:

Համաձայնագիրը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2016թ. մարտի 3-ի որոշմամբ:

2. Համաձայնագրի շրջանակներում Բանկը «Երևանի կոշտ թափոնների ծրագրի» ֆինանսավորման նպատակով Համաձայնագրում սահմանված կամ հղվող պայմաններով Հայաստանի Հանրապետությանն է տրամադրելու 8.000.000 եվրո գումարի չափով վարկ: Ֆինանսավորվող ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) միտված է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավմանը:

Համաձայնագրով նախատեսված վարկը բաղկացած է երկու տրանշից. տրանշ Ա-ի գումարը կազմում է 4.700.000 եվրո, իսկ տրանշ Բ-ի գումարը` 3.300.000 եվրո: Օգտագործման նվազագույն գումարը 50.000 եվրո է: Վաղաժամկետ մարման նվազագույն գումարն է 500.000 եվրո, իսկ չեղյալ հայտարարման նվազագույն գումարը` 100.000 եվրո: Տոկոսագումարի վճարման ամսաթվերն են յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ը և հոկտեմբերի 16-ը: Հանձնառության վճարի դրույքը տարեկան 0.5 տոկոս է: Վարկը ենթակա է փոփոխվող տոկոսադրույքի: Տրանշ Ա-ի համար վարկի մարման ժամկետը 15 տարի է, որից 3 տարին` արտոնյալ, իսկ տրանշ Բ-ի համար` վարկի հասանելիությունից հետո 15 տարի, որից 3 տարին` արտոնյալ:

Համաձայնագրի 1-ին հոդվածի 1.01 բաժնի համաձայն` 2012 թվականի դեկտեմբերի 1-ով թվագրված Ստանդարտ պայմանների (փոփոխված և լրացված) բոլոր դրույթները ներառվում և կիրառելի են Համաձայնագրի նկատմամբ: Ընդ որում, համաձայն այդ պայմանների` «Շուկայի անկում» վերտառությունը կրող 3-րդ բաժնի 3.13-րդ կետով նախատեսված է, որ շուկայի անկման դեպքում Բանկն իրավունք ունի իր հայեցողությամբ, սակայն Վարկառուի հետ նախապես քննարկելով (3.13ա կետ), փոփոխել տոկոսադրույքի վճարման համապատասխան ժամանակահատվածը, լողացող կամ ֆիքսված տոկոսադրույքով հաշվարկվող վարկի ցանկացած մասի վրա ավելացնել տոկոս:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.

ա) մարել տրանշ Ա-ն քսանչորս (24) հավասար (կամ հնարավորինս հավասար) կիսամյակային վճարումներով` յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին, Համաձայնագրի II հոդվածի 2.02 բաժնի «ե» մասի 1-ին կետով սահմանված կարգով,

բ) մարել տրանշ Բ-ն քսանչորս (24) հավասար (կամ հնարավորինս հավասար) կիսամյակային վճարումներով` յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին, Համաձայնագրի II հոդվածի 2.02 բաժնի «ե» մասի 2-րդ կետով սահմանված կարգով,

գ) անհապաղ Բանկին վճարել Պայմանների փոփոխության հետ կապված ծախսերի դիմաց համապատասխան գումարը` Համաձայնագրի II հոդվածի 2.02 բաժնի «զ» մասի 3-րդ կետով սահմանված դեպքերում և կարգով,

դ) հասանելի դարձնել Վարկի ամբողջական միջոցները ԾԻԸ-ի (Ծրագրի իրականացման ընկերության) համար, Օժանդակ համաձայնագրի (կնքվելիք վարկավորման համաձայնագրի) համաձայն (Հոդված III, Բաժին 3.01, մաս «ա»),

ե) Օժանդակ համաձայնագրի շրջանակներում կիրառել Հայաստանի Հանրապետության իրավունքներն այնպես, որ պաշտպանվեն Հայաստանի Հանրապետության և Բանկի շահերը, բավարարվեն Համաձայնագրի դրույթները և իրականացվեն այն նպատակները, որոնց համար տրամադրված է Վարկը (Հոդված III, Բաժին 3.01, մաս «բ»),

զ) չփոխանցել, չփոփոխել, չեղյալ չհայտարարել և չհրաժարվել Օժանդակ համաձայնագրի որևէ դրույթից` բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկն այլ կերպ կհամաձայնի (Հոդված III, Բաժին 3.01, մաս «գ»),

է) ապահովել, որպեսզի Երևան քաղաքը (այսուհետ` Ծրագրի սուբյեկտ) կատարի Նախագծման, կառուցման, շահագործման համաձայնագրով, Օպերատորի սպասարկման համաձայնագրով ու Գործառնական և պարտքի սպասարկման սուբսիդավորման համաձայնագրով սահմանված իր բոլոր պարտականությունները (Հոդված III, Բաժին 3.01, մաս «դ»),

ը) ապահովել, որպեսզի Ծրագրի սուբյեկտը կատարի Համաձայնագրով սահմանված իր բոլոր պարտականությունները, այդ թվում, առանց սահմանափակման, ՀՀ պարտավորությունները, որոնք վերաբերում են Համաձայնագրի III հոդվածի Բաժին 3.01-ի մաս «ե»-ում սահմանված գործողություններին (Հոդված III, Բաժին 3.01, մաս «ե»),

թ) ապահովել, որպեսզի ձեռնարկվեն բոլոր այն լրացուցիչ գործողությունները, որոնք անհրաժեշտ են Ծրագրի ավարտի համար բավարար միջոցներ ապահովելու համար (Հոդված III, Բաժին 3.01, մաս «զ»),

ժ) իրականացնել բոլոր օրենսդրական, կարգավորող և այլ գործողությունները, և բաց չթողնել որևէ գործողություն, որն անհրաժեշտ է, որպեսզի Համաձայնագրի դրույթներն ուժի մեջ մտնեն (Հոդված III, Բաժին 3.01, մաս «է»),

ժա) ապահովել, որպեսզի Ծրագրի սուբյեկտը մշտապես բավարար միջոցներ ունենա պարբերական ընթացիկ ծախսերը հոգալու համար, այդ թվում` ֆինանսական միջոցներ իր պարտավորությունները կատարելու համար (Հոդված III, Բաժին 3.01, մաս «ժ»):

4. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագրի 5.01 բաժնում նախատեսված նախապայմանները կատարելուց հետո:

5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ քննության առարկա վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են ՀՀ Սահմանադրությամբ պետության առջև դրված սահմանադրաիրավական խնդիրներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2015 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված` «Երևանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

19 ապրիլի 2016 թվականի

ՍԴՈ-1266

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
19.04.2016
N ՍԴՈ-1266
Որոշում