041.0703.181199
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 նոյեմբերի 1999 թվականի թիվ 703
1999-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՁՄՌԱՆ ՍԵԶՈՆԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1999-2000 թվականների ձմռան սեզոնի ջեռուցման աշխատանքների նախապատրաստման նպատակով`
1. Ընդունել ի գիտություն, որ`
ա) Հայաստանի Հանրապետության մարզպետների, համայնքների ղեկավարների հայտարարությամբ ջեռուցումը 1999-2000 թվականների ջեռուցման սեզոնում նպատակահարմար է իրականացնել համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և ջեռուցման համայնքային կազմակերպությունների ուժերով.
բ) ջերմամատակարար կազմակերպությունները ջեռուցումն իրականացնում են` համաձայն ջեռուցում ստացողների հետ կնքված պայմանագրերի.
գ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը մինչև 1999 թվականի նոյեմբերի 25-ը սահմանում է ըստ համայնքների էներգակիրների մատակարարման և դրա դիմաց ջեռուցման համայնքային կազմակերպությունների կողմից վճարումների կատարման պայմանները.
դ) համայնքների ղեկավարներն ապահովում են ջեռուցման սեզոնում վարձավճարների անհրաժեշտ ծավալների հավաքագրման աշխատանքների կազմակերպումը և պատասխանատու են վարձավճարների հավաքագրման համար:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովին` մեկօրյա ժամկետում համապատասխան փոփոխություններ կատարել ջեռուցման անհատ սպառողների հետ կնքվելիք պայմանագրերի օրինակելի ձևերում և դրանք առաքել համայնքներին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մարզպետների և համայնքների ղեկավարների հետ համատեղ սահմանել ըստ համայնքների` վարձավճարների հավաքագրման ծավալները և մշակել վարձավճարների հավաքագրման հետևանքով առաջացած ֆինանսական պարտավորությունների` համայնքների բյուջեների կամ մարզային այլ ծրագրերի հաշվին փոխհատուցումն ապահովող մեխանիզմներ:
4. Համայնքների ղեկավարներին`
ա) ջեռուցման համայնքային կազմակերպությունների տնօրենների հետ համատեղ մինչև 1999 թվականի նոյեմբերի 30-ը ապահովել սպառողների հետ պայմանագրերի կնքումը.
բ) համապատասխան մարզպետի միջոցով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ մինչև 1999 թվականի նոյեմբերի 25-ը համաձայնեցնել 1998-1999 թվականների ջեռուցման սեզոնում կուտակված պարտքերի մարման սկզբնական ծավալը.
գ) 3-օրյա ժամկետում` սահմանված կարգով հաստատել բազմաբնակարան շենքերին ջերմային էներգիայի մատակարարման նախապայմանները` ելնելով շենքերի պահպանման անհրաժեշտությունից.
i
դ) մինչև 1999 թվականի նոյեմբերի 25-ը համայնքների ավագանիների նիստերում հաստատել ջեռուցման համայնքային սակագները` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության մարզպետների, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ: Հաստատված սակագները հրապարակել մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով.
ե) հանդես գալ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով ու բնակչությանը պարզաբանել ջեռուցման սեզոնի հետ կապված խնդիրները.
զ) սահմանել վարձավճարների հավաքագրման վերահսկելի մեխանիզմներ:
5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` հրավիրել մարզխորհուրդների նիստեր` նվիրված ջեռուցման սեզոնի հետ կապված աշխատանքների կազմակերպմանը և խնդիրներին: Վերահսկել համայնքներում ջեռուցման կազմակերպման, վարձավճարների հավաքագրման և էներգակիրների դիմաց վճարումների կատարման ընթացքը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով լայնորեն լուսաբանել ջեռուցման կազմակերպման ընթացքը:
7. Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի մարզպետներին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին ամենշաբաթյա տեղեկատվություն ներկայացնել ջեռուցման իրականացման գործընթացում վարձավճարների գանձումների վերաբերյալ: