326.0283.210416
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 04 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32616130
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
25 մարտի 2016 թվականի N 283-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԱՅԴ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 782-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(3-րդ մաս)
28. Ցանկի 27-րդ կետի 1-ին ենթակետ` երրորդ փուլի զարկերակային հիպերտենզիայի դանդաղ զարգացող և արագընթաց (չարորակ) ձևերը:
Ախտանշանային հիպերտենզիայով տառապող ծառայողների փորձաքննության համար անհրաժեշտ է ղեկավարվել Ցանկի կետերով հիմք ընդունելով հիմնական հիվանդությունը, իսկ անարդյունք բուժման կամ բարդ ձևերի արմատական բուժման անհնարինության դեպքում նաև Ցանկի 27-րդ կետի 1-ին ենթակետը:
Զարկերակային հիպերտենզիայի երրորդ փուլը բնութագրվում է զարկերակային ճնշման կայուն, բարձր մակարդակով (նվազագույնը սնդիկի սյան 110 մմ և ավելի, առավելագույնը սնդիկի սյան 180 մմ և ավելի): Այս ցուցանիշները կարող են նվազել սրտամկանի ինֆարկտ տարած անձանց մոտ: Կլինիկական պատկերում գերակշռում են անոթային ծանր խանգարումները պայմանավորված սրտի, ուղեղի, երիկամների և աչքի հատակի աթերոսկլերոզով ու արտերիոսկլերոզով, որոնք հանգեցնում են օրգանների ու համակարգերի ֆունկցիայի չափավոր խանգարման, սակայն բարեհաջող բուժման դեպքում հնարավոր է լրիվ կամ մասնակի վերականգնել աշխատունակությունը.
Ցանկի 27-րդ կետի 2-րդ ենթակետ` երկրորդ փուլի զարկերակային հիպերտենզիան, որը բնորոշվում է զարկերակային ճնշման կայուն, բարձր մակարդակով (նվազագույնը` սնդիկի սյան 100-109 մմ, առավելագույնը սնդիկի սյան 160-179 մմ) և առանց ախտածագումնաբանորեն հիմնավորված բուժման չի կարգավորվում: Զարկերակային հիպերտենզիայի երկրորդ փուլին հատուկ է սրտամկանի գերաճը գերբեռնվածության, հիպոքսիայի կամ իշեմիայի նշաններով: Այն հաստատվում է ինչպես կլինիկական, այնպես էլ գործիքային հետազոտությունների ու չափավոր ծանրաբեռնվածության փորձերի միջոցով:
Զարկերակային հիպերտենզիայի երկրորդ փուլին բնորոշ են նաև ուղեղի արյան շրջանառության, դինամիկ խանգարումներն անցողիկ (շարժողական, զգացողական, խոսքի, ուղեղիկային, լսողական և այլ բնույթի) դրսևորումներով: Օրգանների ու համակարգերի ֆունկցիան խանգարված է չափավոր, աշխատունակությունը նվազած, բայց հաջող բուժման դեպքում կարող է լրիվ կամ մասնակի վերականգնվել:
Փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես հաշվի առնելով հիվանդության արտահայտվածությունը, տարիքը, ծառայության բնույթը, ծառայողական և բժշկական բնութագրերի տվյալները:
Ցանկի 27-րդ կետի 3-րդ ենթակետ` ստացիոնար հետազոտման ժամանակ բացահայտված զարկերակային հիպերտենզիայի առաջին փուլը, որը բնորոշվում է որևէ գրգռիչի ազդեցությամբ զարկերակային ճնշման ժամանակավոր (տրանզիտոր) բարձրացումով (նվազագույնը սնդիկի սյան 90-99 մմ, առավելագույնը սնդիկի սյան 140-159 մմ): Կլինիկական պատկերում սովորաբար բացակայում են սրտի, գլխուղեղի, երիկամների օրգանական փոփոխությունները: Հնարավոր է աչքերի հատակի զարկերակների չափավոր նեղացում և երակների լայնացում: Աշխատունակությունը պահպանված է: Օրգանների ու համակարգերի ֆունկցիան խանգարված չէ կամ խանգարված է աննշան չափով:
Փորձաքննության ժամանակ զարկերակային հիպերտենզիայի ախտորոշումը պետք է հաստատվի ստացիոնար հետազոտության տվյալներով:
29. Ցանկի 28-րդ կետ` զգալի խանգարումով ընթացող նեյրոցիրկուլյատոր ասթենիային հատկանշական է վեգետոանոթային խանգարումների համախտանիշը որևէ գրգռիչի նկատմամբ զարկերակային ճնշման անհամապատասխան արձագանքով:
Հիպոտենզիվային տիպի նեյրոցիրկուլյատոր ասթենիան պետք է տարբերել առողջ մարդկանց ֆիզիոլոգիական հիպոտոնիայից, որի դեպքում գանգատներ չկան, աշխատունակությունը պահպանվում է ԶՃ սնդիկի սյան 90/50 - 100/60 մմ ցուցանիշների դեպքում: Նման անձինք ճանաչվում են պիտանի շարային ծառայության համար առանց սահմանափակումների: Պետք է բացառել ախտանշանային հիպոտոնիան, որը պայմանավորված է ներզատիչ գեղձերի, աղեստամոքսային համակարգի, թոքերի և այլ հիվանդություններով:
Ծառայողների նեյրոցիրկուլյատոր ասթենիայի ախտորոշումը պետք է հաստատվի ստացիոնար հետազոտման ժամանակ նյարդաբանի, ակնաբույժի, անհրաժեշտության դեպքում այլ մասնագետ բժիշկների մասնակցությամբ:
Նեյրոցիրկուլյատոր ասթենիայի հիպերտենզիվ ձևի տարբերակիչ ախտորոշման համար անհրաժեշտ է հետազոտել վահանաձև գեղձի, երիկամների և այլ օրգանների վիճակը:
Ցանկի 28-րդ կետի 1-ին ենթակետին վերաբերում է`
1) հիպոտենզիվ տիպի նեյրոցիրկուլյատոր ասթենիան. ԶՃ-ն սնդիկի սյան 90/50 մմ ցուցանիշից ցածր է, առկա են մշտական գանգատներ, հաճախակի ուշագնացություն, սրտի ռիթմը կայուն խանգարված է, աշխատունակությունը նկատելիորեն նվազած, վեգետոանոթային խանգարումները ցայտուն են արտահայտված.
2) հիպերտենզիվ տիպի նեյրոցիրկուլյատոր ասթենիա. ԶՃ-ն անկայուն է, առկա են մշտական գանգատներ, աշխատունակությունը նկատելիորեն ցածր է, վեգետոանոթային բնույթի դրսևորումները ցայտուն են և կայուն.
3) սրտային տիպի նեյրոցիրկուլյատոր ասթենիան. սրտի ռիթմը կայուն խանգարված է, առկա է կայուն կարդիալգիա վեգետոանոթային խանգարումների ֆոնի վրա:
Ցանկի 28-րդ կետի 2-րդ ենթակետ` ուղեղի խիստ սակավարյունությամբ ուղեկցվող (սովորական և ջղաձգային ուշագնացություն) վեգետատիվանոթային ճգնաժամերը, ինչպես նաև առանց ԿՆՀ-ի օրգանական ախտահարման նշանների արմատական վիրահատությունից հետո առաջացած վիճակները: Վեգետատիվ անոթային ասթենիան ախտորոշվում է միայն այն դեպքում, երբ նպատակաուղղված հետազոտությամբ նյարդային համակարգի վեգետատիվ խանգարումներով զուգորդվող այլ հիվանդություններ չեն հայտնաբերվում: Ֆունկցիոնալ բնույթի սինուսային առիթմիկ խանգարումները խոչընդոտ չեն ՈՒՀ ընդունվելու համար:
Սրտամկանի օրգանական փոփոխությունների հետևանքով սրտի ռիթմի խանգարումների ժամանակ փորձաքննությունը կատարվում է համաձայն Ցանկի 26-րդ կետի:
Ցանկի 28-րդ կետի 3-րդ ենթակետ` 60-100 սրտի ռիթմի հաճախականությամբ և ԶՃ տատանումներով ուղեկցվող (սիստոլիկը մինչև 140 և դիաստոլիկը մինչև 90 մմ սնդիկի սյան) վիճակներն առանց սրտանոթային համակարգի օրգանական ախտահարման նշանների:
30. Ցանկի 29-րդ կետ` ընդգրկում է պարբերական հիվանդության բոլոր ձևերը (որովայնային, կրծքային, խառը և դրանց բարդությունները): Այդ ձևերը կարող են ուղեկցվել հոդային համախտանիշով խոշոր հոդերի ցավերով:
Ախտորոշումը հաստատվում է ըստ`
1) գանգատների (որովայնի, կրծքավանդակի շրջանում պարբերաբար առաջացող 24-48 ժամ տևողությամբ դողէրոցքով, ջերմության բարձրացմամբ ուղեկցվող նոպայաձև ցավերով), բուժկանխարգելիչ հիմնարկների փաստաթղթերի.
2) ժառանգական գործոնի (ներկայացվում են մերձավոր հարազատների հիվանդությունը հաստատող բժշկական փաստաթղթեր).
3) ստացիոնար հետազոտման տվյալների`
ա. ստացիոնար պայմաններում նոպայի արձանագրում,
բ. լաբորատոր հետազոտությունների արդյունքներ (ոչ պակաս, քան 3 անգամ),
գ. գենետիկ հետազոտություն:
Հիվանդությունը հաստատող լրացուցիչ վկայություն է որովայնի պատի հետվիրահատական սպիների (ապենդեկտոմիայի, խոլեցիստէկտոմիայի և այլ պատճառներով) առկայությունը:
29-րդ կետի 1-ին ենթակետ` պարբերական հիվանդության հաճախակի նոպաները ներքին օրգանների խիստ արտահայտված օրգանական փոփոխություններով (երիկամների ամիլոիդոզ, լյարդի, փայծաղի դիստրոֆիկ փոփոխություններ և այլն):
29-րդ կետի 2-րդ ենթակետ` պարբերական հիվանդության հազվադեպ նոպաները առանց ներքին օրգանների ֆունկցիաների խանգարման: Եթե վերջին 3 տարիների ընթացքում բժշկական փաստաթղթերով հաստատված պարբերական հիվանդության նոպա չի արձանագրվում, ապա փորձաքննվում են 29-րդ կետի 3-րդ ենթակետով:
31. Ցանկի 30-րդ կետ` նկատի են առնված կերակրափողի, ստամոքսի, աղիների, որովայնամզի, լյարդի, լեղապարկի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, փայծաղի հիվանդությունները:
30-րդ կետի 1-ին ենթակետ` ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդությունը բարդացած պենետրացիայով և ստամոքսաելքի նեղացումով (վիրահատության վերաբերյալ ցուցումների բացակայության կամ դրանից հրաժարվելու դեպքում), ստամոքսի մասնահատման, աղեստամոքսային անաստամոզի հետևանքները մարսողության ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումով և սնուցման անկումով, լյարդի ցիռոզը, քրոնիկական, ակտիվ հեպատիտների և քրոնիկական պանկրեատիտների ծանր ձևերը ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումով, քրոնիկական, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտների ու էնտերիտների ծանր ձևերը մարսողության խիստ արտահայտված խանգարումով և սնուցման անկումով:
30-րդ կետի 2-րդ ենթակետ` մարսողության չափավոր խանգարումով, սնուցման անկումով և հաճախակի, տևական սրացումներով (տարին երկու և ավելի անգամ) ուղեկցվող աղեստամոքսային համակարգի քրոնիկական հիվանդությունները, հեպատիտները, պանկրեատիտները, քարային և ոչ քարային խոլեցիստիտները, գաստրոդուոդենիտները արտազատման, թթվագոյացման ֆունկցիաների զգալի խանգարմամբ, սնուցման անկումով և հաճախակի սրացումներով (տարին երկու և ավելի անգամ), որոնք ապարդյուն ստացիոնար բուժման դեպքում պահանջում են կրկնակի և տևական հոսպիտալացում, քրոնիկական կրկնվող ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտները և էնտերիտները, քարային խոլեցիստիտները, եթե քարի չափը գերազանցում է 0,6 սմ:
Խոցային հիվանդության ախտորոշումը պետք է հաստատվի ստացիոնար պայմաններում, ռենտգենաբանական և էնդոսկոպիկ հետազոտություններով: Գաստրոդուոդենալ ախտահարման ռենտգենաբանական հետազոտությունը կատարվում է հիվանդի ուղղահայաց և հորիզոնական դիրքով բնական կոնտրաստով պիլորոդուոդենալ գոտու լիարժեք լցումով բազմառանցքային նշանոցային լուսանկարներ ստանալու համար: Վերաբերում են նաև տասներկումատնյա աղու կոճղեզի արտահայտված ձևախախտումները և փայծաղի չափերի մեծացումը նորմայից 1 սմ և ավելի, լյարդի մեծացումը 2 սմ և ավելի անկախ ֆունկցիայի խանգարման աստիճանից: Եթե լյարդի չափերը նորմալ են կամ փոքր, ապա փորձաքննությունը կատարվում է ըստ ֆունկցիաների խանգարման աստիճանի:
Բարորակ հիպերբիլիռուբինեմիան, եթե նրանց արյան մեջ անուղղակի բիլիռուբինը մինչև 25 մկմոլ/լ է, պիտանի են սահմանափակումով (արգելվում է ծառայությունը ցուրտ և խոնավ շրջաններում, ֆիզիկական ծանրաբեռնումները 10 կգ և ավելի, վազքը 100 մ-ից ավելի): Եթե արյան մեջ անուղղակի բիլիռուբինը 25 մկմոլ/լ և ավելի է, ապա ծառայողները պիտանի չեն և փորձաքննվում են ըստ 30-րդ կետի 2-րդ ենթակետի:
30-րդ կետի 3-րդ ենթակետ` որովայնի խոռոչի օրգանների սուր հիվանդությունների հետևանքները: Փորձաքննվողներին խոցային հիվանդության պատճառով արձակուրդ տալու անհրաժեշտության մասին որոշումն ընդունվում է բացառիկ դեպքերում, երբ աշխատունակության վերականգնման համար պահանջվում է առնվազն մեկ ամիս:
30-րդ կետի 4-րդ ենթակետ` այն ծառայողներին, ովքեր տասներկումատնյա աղու խոցի սուր (սկզբնական) ձև են տարել:
Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի ոչ բարդ ախտանշաններով խոցերի դեպքում ծառայության համար պիտանիությունը որոշվում է ըստ հիմնական հիվանդության ծանրության ու ընթացքի: Բարդ խոցերի դեպքում փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես:
32. Ցանկի 31-րդ կետ` երիկամների հիվանդություններ ունեցող ծառայողների փորձաքննությունը կատարվում է միայն ստացիոնար հետազոտումից ու բուժումից հետո:
31-րդ կետի 1-ին ենթակետ` երիկամների այն հիվանդությունները, որոնք բարդացած են երկրորդ և երրորդ աստիճանի երիկամային քրոնիկական անբավարարությամբ:
Առաջին աստիճանի երիկամային քրոնիկական անբավարարությամբ (և առանց դրա) երիկամների քրոնիկական հիվանդությունների դեպքում փորձաքննությունը կատարվում է ըստ Ցանկի 31-րդ կետի 2-րդ ենթակետի:
Երիկամային քրոնիկական անբավարարության առաջին փուլը բնորոշվում է ազոտային փոխանակության նորմալ ցուցանիշներով կամ արյան մեջ մնացորդային ազոտի անցողիկ բարձրացումով մինչև 0,62 գ/լ, արյան պլազմայում կրեատենինի մինչև 176,8 մկմոլ/լ բարձրացումով, կծիկային զտման անհրաժեշտ ծավալի 50% (և բարձր) չափով, մեզի` 1018-ից ոչ ավելի հարաբերական խտության տատանումով:
Երիկամային քրոնիկական անբավարարության երկրորդ (ազոտեմիական) փուլը բնորոշվում է ազոտեմիայով 0,6-0,9 գ/լ, կրեատենինեմիայով 176,9-884 մկմոլ/լ և կծիկային զտման անհրաժեշտ ծավալի 49-20 տոկոսի չափով, մեզի` 1011-1017 հարաբերական խտության տատանումներով:
Երիկամային քրոնիկական անբավարարության երրորդ փուլը բնորոշվում է 1,0 գ/լ-ը գերազանցող ազոտեմիայով, 884 մկմոլ/լ-ը գերազանցող կրեատենինեմիայով, 20-10 տոկոսից ցածր կծիկային զտման մակարդակով և կայուն իզոստենուրիայով (մեզի հարաբերական խտության տատանումները 1005-1010):
Սուր պիելոնեֆրիտի, թունավոր կամ օջախային նեֆրիտի բարենպաստ ընթացքի դեպքում ընդունվում է որոշում ծառայողական պարտականություններից ազատելու և պարտադիր բժշկական հսկողություն ապահովելու անհրաժեշտության մասին: Սուր գլոմերուլոնեֆրիտով հիվանդացած ծառայողները, մեզի մեջ ախտաբանական փոփոխությունների առկայության դեպքում, որոնք պահպանվում են երիկամների սուր հիվանդությունից հետո երեք և ավելի ամիսների ընթացքում, անկախ երիկամների ֆունկցիայի խանգարման աստիճանից, ըստ Ցանկի 31-րդ կետի 2-րդ ենթակետի ճանաչվում են ոչ պիտանի ծառայության համար:
33. Ցանկի 32-րդ կետ` նախատեսում է շարակցական հյուսվածքի համակարգի, հոդերի, մկանների և ջլերի վարակաբորբոքային և դիստրոֆիկ ծագման հիվանդությունները, այդ թվում ռևմատոիդ հոդաբորբը, ներառյալ նրա հոդային և ներհոդային ձևերը, անկիլոզ առաջացնող սպոնդիլոարթրիտը (Բեխտերևի հիվանդությունը):
32-րդ կետի 1-ին ենթակետ` հոդերի ֆունկցիան նկատելիորեն սահմանափակող, կայուն և անշրջելի փոփոխությունները աշխատունակության շեշտակի կորստով, ինչպես նաև շարակցական հյուսվածքի զարգացող համակարգային հիվանդությունները (կարմիր գայլախտ, դերմատոմիոզիտ, սկլերոդերմիա, համակարգային վասկուլիտ):
32-րդ կետի 2-րդ ենթակետ` հոդերի քրոնիկական հիվանդությունների դանդաղ զարգացող ձևերը հոդերի չափավոր արտահայտված էքսուդատիվ պրոլիֆերատիվ փոփոխություններով և ֆունկցիոնալ անբավարարությամբ առանց այլ օրգանների ու համակարգերի ախտահարման և տարվա մեջ մեկ անգամից ոչ ավելի սրացումներով, սակայն մասնագիտական աշխատունակության պահպանմամբ: Այս կետին են վերաբերում խոշոր հոդերի քրոնիկական, հաճախակի (տարվա մեջ երկու և ավելի անգամ) սրացումներով ոչ սպեցիֆիկ սինովիտներն ու համակարգային հիվանդությունները անկախ ֆունկցիայի խանգարման աստիճանից:
32-րդ կետի 3-րդ ենթակետ` հոդերի սուր վարակիչ, վարակաալերգիկ հիվանդությունների հետևանքները հոդերի ֆունկցիայի աննշան խանգարումով և առանց աշխատունակության կորստի խոշոր հոդերի քրոնիկական, հազվադեպ (տարվա մեջ մեկ անգամ) սրացումներով ոչ սպեցիֆիկ սինովիտները:
32-րդ կետի 4-րդ ենթակետ` Ֆունկցիայի աննշան խանգարում է դիտվում հոդերի ախտահարման օբյեկտիվ նշանների բացակայության դեպքում ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ չափավոր, արագանցնող ցավի առկայությունը:Վերաբերում բարորակ, ռևմատոիդ հոդաբորբի սկզբնական ձևերը, ինչպես նաև հոդերի դիստրոֆիկ հիվանդությունները ֆունկցիայի աննշան խանգարումով կամ առանց դրա:
Հիվանդության պատճառով արձակուրդի անհրաժեշտության մասին որոշումն ընդունվում է այն դեպքերում, երբ ստացիոնար բուժման ավարտից հետո պահպանվում է հոդերի ֆունկցիոնալ անբավարարությունը, և դրա վերականգնման համար պահանջվում է առնվազն մեկ ամիս:
Հոդերի ախտահարումներն այլ հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև դեղորայքային, շիճուկային կամ սննդային անտանելիության հետևանքով գնահատվում են հիվանդի բուժումից հետո` ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի: Այլ օրգանների ու համակարգերի զուգակցված ախտահարման դեպքում կիրառվում են Ցանկի համապատասխան կետերը:
V. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
34. Ցանկի 33-րդ կետի 1-ին ենթակետ` պարանոցի, իրանի և վերջույթների շրջանում ուռուցքանման, մեծ, գերաճած կելոիդային սպիները, որոնք սերտորեն միացած են հյուսվածքների հետ, խոցոտված կամ հեշտ վերքոտվող են ու առաջացնում են անշարժություն կամ զգալի սահմանափակում են շարժումները` վիրահատական բուժման անբավարար արդյունքների կամ դրանից հրաժարվեու դեպքում:
Ցանկի 33-րդ կետի 2-րդ ենթակետ` հազվադեպ խոցոտվող կամ չխոցոտվող, ուռուցքանման, գերաճած և ապաճած սպիները վիրահատական բուժման ոչ բավարար արդյունքների կամ դրանից հրաժարվելու դեպքում:
Ցանկի 33-րդ կետի 3-րդ ենթակետ` այն առանձգական սպիները, որոնք երկար քայլելիս և ֆիզիկական այլ ծանրաբեռնվածությունների ժամանակ չեն խոցոտվում:
Անհաջող վիրահատությունից հետո կաուզալգիայի կամ դեմքն այլանդակող սպիների առկայության դեպքում որոշումն ընդունվում է ըստ Ցանկի 15-րդ կամ 70-րդ կետի 2 ենթակետերի:
Վերջույթների հոդերի շարժումների ծավալը որոշվում է ըստ Կարգի 3.4 հավելվածի:
Վիրաբուժական հիվանդությունների կամ վնասվածքների ոչ բարդ վիրահատություններից հետո չապաքինված սպիներ ունեցող ծառայողների վերաբերյալ որոշում է ընդունվում ծառայողական պարտականություններից ազատելու մասին: Սույն կետում նշված հիվանդությունների (վերքերի կամ վնասվածքների) վիրահատությունից հետո բարդացումների դեպքում, երբ աշխատունակության լիակատար վերականգնման համար անհրաժեշտ է երկու ամսից ավելի, փորձաքննությունը կատարվում է ըստ Ցանկի 33-րդ կետի 4-րդ ենթակետի:
35. Ցանկի 34-րդ կետ` նախատեսում է կրծքավանդակի, որովայնի խոռոչի, փոքր կոնքի և արտաորովայնային շրջանի օրգանների վիրաբուժական հիվանդությունների, վիրավորման, վնասվածքների կամ վիրահատությունների հետևանքները:
Ցանկի 34-րդ կետի 1-ին ենթակետ` թոքերի, թոքամզի (պլևրայի), շնչափողի, բրոնխների և միջնորմի վիրավորումները, վնասվածքները կամ վիրահատությունների հետևանքները` արտաքին շնչառական ֆունկցիայի զգալի խանգարումով, կերակրափողի, ստամոքսի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, բարակ (1,5 մ ոչ պակաս) կամ հաստ (30 սմ ոչ պակաս) աղիների մասնահատումները, բնային կամ սելեկտիվ վագոտոմիան սնուցման խիստ արտահայտված անկումով կամ մարսողության խանգարումով (չբուժվող դեմպինգ համախտանիշ, տևական լուծ և այլն)`
1) աղեստամոքսային բերանակցումը (անաստոմոզը).
2) աղեստամոքսային համակարգի զանգվածային կրկնակի արյունահոսությունները (2-3 լ արյան կորստով).
3) կերակրափողի պարբերական բուժավորում պահանջող սպիական նեղացումները.
4) ստոծանու ճողվածքները հաճախակի (տարեկան երկու և ավելի անգամ) ճմլումներով, վիրահատական անբավարար արդյունքների կամ դրանից հրաժարվելու դեպքում.
5) կրծքավանդակի ու որովայնի խոռոչի օրգանների հետվիրահատական անբավարար բուժման արդյունքները.
6) թոքի արմատի, սրտի կամ մեծ անոթների մոտակայքում գտնվող խոշոր (1 սմ և ավելի տրամագծով), ինչպես նաև երկու և ավելի մանր օտար մարմինների առկայությունը` անկախ բարդության աստիճանից կամ ֆունկցիոնալ խանգարումներից:
Ցանկի 34-րդ կետի 2-րդ ենթակետ` կրծքավանդակի օրգանների հիվանդությունների, վնասվածքների, վերքերի, վիրահատական միջամտությունների հետևանքները կամ դրանց բարդությունները` արտաքին շնչառական ֆունկցիայի չափավոր խանգարումով, ստամոքսի կամ տասներկումատնյա աղու խոցային հիվանդությունը` բարդացած թափածակմամբ կամ արյունահոսությամբ, կերակրափողի, ստամոքսի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, բարակ (1 մ ոչ պակաս) կամ հաստ (20 սմ ոչ պակաս) աղիների մասնահատումից և ընդհանուր կամ սելեկտիվ վագոտոմիայից հետո առաջացած վիճակները, ստոծանիական և պարաէզոֆագիալ ճողվածքները, որովայնի խոռոչի կպումների երևույթները` աղիների անանցանելիությամբ, փայծաղի և լեղապարկի հեռացումը, թորակոտոմիան, թոքի 2 և ավելի հատվածների (սեգմենտների) հեռացումը` անկախ ֆունկցիայի խանգարման առկայությունից:
Կպումային հիվանդությունը պետք է հաստատվի ռենտգենաբանական հետազոտության կամ վիրահատության տվյալներով:
Որովայնի, կրծքավանդակի, արտաորովայնամզային տարածության թափանցող վիրավորումների դեպքում, որոնք ընթանում են ներքին օրգանների վնասումով, փորձաքննվում են Ցանկի 34-րդ կետի 2-րդ ենթակետով` անկախ ֆունկցիայի խանգարման աստիճանից:
Պարազիտար կիստաները (էխինոկոկ, ալվեոկոկ) քննարկելիս, կիրարկել այս կետը:
Ցանկի 34-րդ կետի 3-րդ ենթակետ` կրծքավանդակի ու որովայնի խոռոչի օրգանների վիրաբուժական հիվանդությունների, վիրահատությունների, վնասվածքների հետևանքները` արտաքին շնչառական կամ մարսողության ֆունկցիայի աննշան խանգարումով: Արգելվում են ֆիզիկական ծանրաբեռնումները:
Ցանկի 34-րդ կետի 4-րդ ենթակետ` կրծքավանդակի կամ որովայնի խոռոչի օրգանների, փոքր կոնքի և արտաորովայնային շրջանի վիրաբուժական հիվանդություններից, վիրահատություններից, վնասվածքներից հետո առաջացած վիճակները` ֆունկցիայի ժամանակավոր խանգարումով, երբ աշխատունակության վերականգնման համար պահանջվում է 1-2 ամիս:
36. Ցանկի 35-րդ կետի 1-ին ենթակետ գանգի կամարի թափանցող վերքերից կամ վնասվածքներից հետո առաջացած տարբեր մեծության արատները` ուղեղանյութի մեջ օտար մարմնի առկայությամբ: Գանգոսկրի (եթե այն փոխարինված չէ պլաստիկ նյութով)` ավելի, քան 8 սմ2 կամ (եթե այն փոխարինված է պլաստիկ նյութով) ավելի, քան 20 սմ2 մակերեսով արատի և ուղեղանյութի մեջ օտար մարմնի առկայության դեպքում (առանց կլինիկական դրսևորումների) պիտանիությունը որոշվում է ըստ Ցանկի 35-րդ կետի 2-րդ ենթակետի` հաշվի առնելով փաստացի աշխատունակությունը, ծառայության պայմաններն ու բժշկի կարծիքը:
Ցանկի 35-րդ կետի 2-րդ ենթակետ` բացի թափանցող վերքերից ու վնասվածքներից հետո գանգի կամարում առաջացած արատներից և գանգոսկրի արատներից, վերաբերում են նաև զարգացման արատներն ու անկանոնությունները (կռանիոստենոզ, պլատիբազիա, բազիլյար իքպրեսիա, մակրո կամ միկրոցեֆալիա և այլն)` արտահայտված կլինիկական դրսևորումներով (մշտական գլխացավ, ներգանգային ճնշման բարձրացում, տվյալ հիվանդության պատճառով կրկնակի հոսպիտալացում և այլն), առանց կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարման նշանների: Վերաբերում նաև գանգի կամարի ոսկրերի զարգացման արատներն ու անկանոնությունները` չափավոր կլինիկական դրսևորումներով (կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարման նշանների բացակայության և բուժման բավարար արդյունքների դեպքում): Գանգի զարգացման արատներն ու անկանոնությունները պետք է հաստատվեն ռենտգենաբանական հետազոտությամբ:
Գանգի ծանր վնասվածքներից և վիրահատություններից հետո գանգոսկրի արատ ունեցող հիվանդների վերաբերյալ որոշումն ընդունվում է բուժման ավարտից հետո` կախված անկանոնության չափերից ու դրա փոխարինման համար պլաստիկ վիրահատության արդյունքներից: Գանգի թափանցող և չթափանցող վնասվածքներից հետո կենտրոնական նյարդային համակարգի ախտահարման երևույթների ժամանակ որոշումն ընդունվում է համաձայն Ցանկի 13-րդ կետի:
37. Ցանկի 36-րդ կետ` սկոլիոզով տառապող ծառայողների համար առաջարկվում է հետևյալ հարմարեցված դասակարգումը`
1) 1-ին աստիճան` ողնաշարի ծռվածության անկյունը կազմում է 10-22 աստիճան.
2) 2-րդ աստիճան` ողնաշարի ծռվածության անկյունը կազմում է 23-40 աստիճան.
3) 3-րդ աստիճան` ողնաշարի ծռվածության անկյունը կազմում է 41-60 աստիճան.
4) 4-րդ աստիճան` ողնաշարի ծռվածության անկյունը կազմում է 61 և ավելի աստիճան:
Կիֆոզով տառապողի համար առաջարկվում է հետևյալ հարմարեցված դասակարգումը`
1) նորմա` մինչև 35 աստիճան.
2) 1-ին աստիճան` ողնաշարի կիֆոզի ծռվածության անկյունը կազմում է 36-45 աստիճան.
3) 2-րդ աստիճան` ողնաշարի կիֆոզի ծռվածության անկյունը կազմում է 46-60 աստիճան.
4) 3-րդ աստիճան` ողնաշարի կիֆոզի ծռվածության անկյունը կազմում է 61-80 աստիճան.
5) 4-րդ աստիճան` ողնաշարի կիֆոզի ծռվածության անկյունը կազմում է 80-ից ավել աստիճան:
Սկոլիոզի և կիֆոզի դեպքում ռենտգեն նկարահանումը կատարվում է կանգնած դիրքում (կիֆոզի` ռենտգեն նկարի համար նաև ձեռքերը պարանոցին դրված):
Ցանկի 36-րդ կետի 1-ին ենթակետ` ողնաշարի բնածին և ձեռքբերովի սևեռակված, վերջնական ծռվածությունները (4-րդ աստիճանի կիֆոզ, երբ ծռվածության անկյունը կազմում է 80 աստիճանից ավելի), 3-4-րդ աստիճանի սկոլիոզ (ողնաշարի թեքվածության անկյունը կազմում է 41 աստիճան և ավելի)` կրծքավանդակի խիստ արտահայտված ձևափոխումով (սապատ, ողնուղեղային խողովակի ամբողջականության խախտումը լամինէկտոմիայից և հեմիլամինէկտոմիայից հետո և այլն) և ԱՇՖ-ի 3-րդ աստիճանի խանգարումով կամ առանց դրա (կիֆոսկոլիոզի կամ սկոլիոզի պատճառով վիրահատված անձինք, անկախ ֆունկցիայի խանգարման աստիճանից, փորձաքննվում են ըստ 1 կետի), հաճախակի (տարեկան 2-3 անգամ) սրացումներով վարակիչ սպոնդիլիտը, երրորդ աստիճանի սպոնդիլոլիզը և սպոնդիլոլիստեզը, օտար մարմինների առկայությունը ողնուղեղային խողովակում, ողերի մարմինների բազմաթիվ կոտրվածքների հետևանքները` ողնաշարի խիստ արտահայտված ձևափոխումով և ցավային համախտանիշով, ձևախեղող սպոնդիլոզը և ողնաշարի բոլոր հատվածների միջողնային օստեոխոնդրոզը (վերտեբրոբազիլյար անբավարարության երևույթներով) միակցող սկավառակների մակարդակ դուրս եկող բազմաթիվ օստեոֆիտներով` միջողնային հոդավորման շրջանում և ողերի մարմինների եզրերին ու մշտական ցավային համախտանիշով, որը հաստատված է վերջին 2-3 տարվա ընթացքում առանց կայուն կլինիկական արդյունքի կրկնակի ստացիոնար բուժումով, աշխատունակության իջեցումով (տարեկան ավելի, քան 60 օր), դիսպանսեր հսկողության տվյալներով և հրամանատարության բնութագրերով: Վերաբերում է նաև ողերի մարմինների կոտրվածքների, հոդախախտումների դեպքում և սպոնդիլոկորպորեդեզի կիրառումով վիրահատության հետևանքները, 2 և ավելի ողերի մարմինների կոտրվածքի հետևանքները` սեպաձև ձևափոխումով, միջողնային սկավառակների, ջլերի և հոդակապերի վնասումով ու ցավային համախտանիշով: Նման փորձաքննվողների պիտանիությունը ծառայության համար որոշվում է անհատապես` Ցանկի 36-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն:
Ախտորոշումը պետք է հաստատվի վերտեբրոբազիլյար համակարգի դոպլերոգրաֆիկ հետազոտությամբ, ժամանակակից հետազոտման մեթոդներով, իսկ միջողնային սկավառակների, ջլերի ու հոդակապերի վնասվածքը սպոնդիլոգրերով, ուղղահայաց առանցքից կողմնային ուղղություններով, դեպի առաջ և հետ, ողնաշարի կորացման աստիճանի որոշումով` պարտադիր ծանրաբեռնվածության դեպքում:
Ցանկի 36-րդ կետի 2-րդ ենթակետ` ողնաշարի բնածին ու ձեռքբերովի վերջնական ծռվածությունները, արտահայտված օստեոխոնդրոպատիկ կիֆոզ, Շոյերման-Մաոյի հիվանդությունը` համակցված տարածված սպոնդիլոարթրոզով (տարածված սպոնդիլոարթրոզ է կոչվում այն դեպքը, երբ պրոցեսում ներգրավված են 3-ից ավելի ողեր):
II աստիճանի սկոլիոզը (ողնաշարի կողմնային թեքվածության անկյունը կազմում է 23-40 աստիճան), III աստիճանի կիֆոզը (ծռվածության անկյունը կազմում է 61-80 աստիճան)` կրծքավանդակի աննշան արտահայտված ձևախեղումով (կուզ և այլն) ու ԱՇՖ-ի II աստիճանի խանգարումով կամ առանց դրա, հազվադեպ սրացումներով վարակիչ սպոնդիլիտը, տարածված ձևախեղող սպոնդիլոզն ու միջողնային օստիոխոնդրոզը` բազմաթիվ, խոշոր կտցանման ոսկրային աճով միջողնային շրջանում ու ցավային համախտանիշով, բայց առանց վերտեբրոբազիլյար անբավարարության երևույթների (ախտորոշումը պետք է հաստատված լինի ռենտգեն հետազոտությամբ, ՀՏ, մագնիսառեզոնանսային հետազոտությամբ), I-II0 սպոնդիլոզը և սպոնդիլոլիստեզը, երբ առկա է ողի մարմնի թարմ կոտրվածք, երկու և ավելի ողերի հին կոտրվածքներ սեպաձև ձևախեղումով` անկախ ողնաշարի ֆունկցիայի խանգարման աստիճանից, ինչպես նաև միջողնային սկավառակի ճողվածքի և հեռացման հետևանքները: Այս ենթակետին են վերաբերում նաև կրծքավանդակի առաջնային պատի արտահայտված ձևախախտումները` անգամ առանց արտաքին շնչառական ֆունկցիայի խանգարման:
Ցանկի 36-րդ կետի 3-րդ ենթակետ` ողնաշարի բնածին և ձեռքբերովի սևեռակված, վերջնական ծռվածությունները, II աստիճանի կիֆոզը (երբ ծռվածության անկյունը կազմում է 46-60 աստիճան), I աստիճանի սկոլիոզը (ողնաշարի թեքվածության անկյունը կազմում է 10-22 աստիճան)` աննշան արտահայտված անատոմիական փոփոխություններով (ներառյալ ոչ արտահայտված օստեոխոնդրոպատիկ կիֆոզը) սահմանափակ ձևախեղող սպոնդիլոզը: Այս ծառայողների համար անհրաժեշտ է սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնումները 80 կգ-ից ավելի:
Ողերի մարմինների թարմ կոտրվածքների, միջողնային սկավառակների հեռացման դեպքում ստացիոնար բուժումից հետո արձակուրդի անհրաժեշտության մասին որոշումն ընդունվում է ըստ Ցանկի 38-րդ կետի 4-րդ ենթակետի, հերթական փորձաքննությունը կատարվում է Ցանկի 2-րդ ենթակետի համաձայն:
Ցանկի 36-րդ կետի 4-րդ ենթակետ` ողնաշարի չսևեռակված ծռվածությունը, ներառյալ պատանեկան կիֆոզը (երբ ծռվածության անկյունը կազմում է 36-45 աստիճան), ողնաշարի բնածին կամ ձեռքբերովի սևեռակված վերջնական ծռվածությունները, սկոլիոզը (ողնաշարի թեքվածության անկյունը կազմում է մինչև 10 աստիճան) ձևախեղող սպոնդիլոզի և միջողնային օստեոխոնդրոզի մեկուսացած երևույթները` առանց ֆունկցիայի խանգարման:
Վերտեբրոբազիլիար անբավարարվածության երևույթների դեպքում միաժամանակ կիրառվում է նաև Ցանկի 11-րդ կետը, իսկ ձևախեղող սպոնդիլոզն ու արմատիկային համախտանիշով միջողնային օստեոխոնդրոզի դեպքում Ցանկի 16-րդ կետը:
Պարանոցային օստեոխոնդրոզին հատուկ են որոշակի ցավոտ կետերը պարանոցային ողերի հարվերտեբռալ և քիստավոր ելուստների, երբ վերին (անրակի արտաքին եզրից 2-3 սմ բարձր), ողնաշարային զարկերակի ելքի կետերը: ՈՒստի ողնաշարի պարանոցային հատվածն ուսումնասիրելիս առանձնակի ուշադրություն է դարձվում առաջ հակած վիճակում գլխի պտտմանը: Առաջացած ցավերը (նաև գլուխն ուսին դրած վիճակում) վկայում են պարանոցային օստեոխոնդրոզի առկայության մասին: Ծառայությանը և ՈՒՀ-եր ընդունվելուն չեն խանգարում քիստավոր և լայնակի ելունների կոտրվածքների հետևանքները, գոտկային 5-րդ ողի սակրալիզացումը կամ սրբոսկրային ողի լյումբալացումը, նշված ողերի աղեղների սերտաճած չլինելը, միջողնային օստեոխոնդրոզի առանց ախտանիշների ընթացքը, ինչպես նաև I աստիճանի կիֆոզը (36-45 աստիճան ծռվածության անկյուն) և սկոլիոզը (մինչև 10 աստիճան ծռվածության անկյուն):
38. Ցանկի 37-րդ կետի 1-ին ենթակետ` կոնքի ոսկրերի զարգացման անոմալիաները կամ հիվանդությունների հետևանքները` կոնքային օղի խիստ արտահայտված ձևափոխումով և կազմվածքի ու քայլքի խանգարումով, կոնքի ոսկրերի կոտրվածքի հետևանքները` վիրահատական անբավարար արդյունքների հետևանքով, ներքին օրգանների վնասումով կոնքի ոսկրերի սխալ սերտաճած բազմաթիվ ուղղահայաց կոտրվածքները` կոնքային օղի միասնականության խախտումով, ազդրոսկրագլխիկի խոռոչի շրջանում կոնքի ոսկրերի կոտրվածքի հետևանքները ազդրոսկրի գլխիկի կենտրոնական հոդախախտումով, կոնքազդրային հոդում անկիլոզի կամ ձևախեղող օստեարթրոզի երևույթներով` ֆունկցիայի զգալի խանգարումով:
Ցանկի 37-րդ կետի 2-րդ ենթակետ` կոնքի ոսկրերի զարգացման անոմալիաները, կոնքազդրային հոդերում կամ ողնաշարում հիվանդությունների ու վնասվածքների հետևանքով առաջացած ձևախախտումները` շարժումների չափավոր սահմանափակումով:
Ցանկի 37-րդ կետի 3-րդ ենթակետ` կոնքազդրային հոդերում կամ ողնաշարում շարժումներն աննշան չափով սահմանափակող, աշխատունակությանը չազդող դեպքերը:
Եթե կոնքի ձևախեղումների ժամանակ առաջանում է ստորին վերջույթների կարճացում (քայլվածքի ու կազմվածքի խանգարումով), ապա կիրառվում է Ցանկի համապատասխան կետը:
39. Ցանկի 38-րդ կետ` նախատեսում է ոսկրերի աճառների, մկանների, ջլերի ու հոդերի բնածին արատներ, վնասվածքների հետևանքներ, քրոնիկական հիվանդություններ:
Նշված փոփոխությունների և արատների դեպքում ծառայության համար պիտանիությունը որոշվում է կախված հենաշարժական ապարատի անատոմիական և ֆունկցիոնալ խանգարումների արտահայտվածության աստիճանից:
Ցանկի 38-րդ կետի 1-ին ենթակետ` խոշոր հոդի անկիլոզը, շարժումների զգալի սահմանափակումը կամ ախտաբանական անշարժությունը, որոնք զարգացել են հիվանդության կամ վնասվածքի հետևանքով:
Փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես` ըստ «Բ» կետի համաձայն, երբ խոշոր հոդերի շարժումների սահմանափակման ու անկիլոզի դեպքում առկա է ֆունկցիոնալ փոխհատուցում:
Ցանկի 38-րդ կետի 2-րդ ենթակետ` դիստրոֆիկ պրոցեսով ավարտված օստեոխոնդրոպաթիաները, ոսկրերի տարած օստեոմիելիտները, որոնք հիմնավորված և հաստատված են համապատասխան փաստաթղթերով, երբ առկա են մնացորդային երևույթներ կամ ոսկրային հյուսվածքի փոփոխություն` անկախ տարած սրացումների քանակից, հաճախությունից և ժամկետից: Նույն ենթակետին են վերաբերվում չավարտված պրոցեսով օստեոխոնդրոպաթիաները:
Ցանկի 38-րդ կետի 3-րդ ենթակետ` ավարտված օստեոմելիտները (ավարտված են համարվում այն օստեոմելիտները, որոնք չունեն մնացորդային երևույթներ կամ ոսկրային հյուսվածքի փոփոխություններ): ՈՒՀ ընդունվողների համար պիտանիությունը չի սահմանափակվում:
Ցանկի 38-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն ծառայողներին` արձակուրդ:
Ցանկի 38-րդ կետի 5-րդ ենթակետ` առկա են օբյեկտիվ տվյալներ, սակայն բացակայում է վերջույթի ֆունկցիայի խանգարումը:
Խոշոր հոդում խոնդրոմատոզի առկայության դեպքում ծառայողները ենթակա են վիրահատության հատկապես, երբ «ներհոդային մկնիկը» զարգացել է հոդի պաշարման համախտանիշի առաջացումից հետո: Ծառայության համար պիտանիության մասին որոշումն ընդունվում է վիրահատությունից հետո` կախված վիրահատության ելքից և փորձաքննության պահին հոդի ֆունկցիայից: Օսգուտ-Շլյատերի հիվանդությունը, որն ընթանում է առանց ոտքի ֆունկցիայի խանգարման, չի կարող հիմք լինել ծառայության համար պիտանիության սահմանափակման համար:
Ոսկրերի ու հոդերի հիվանդությունների դեպքում ծառայության պիտանիության մասին որոշումը, որպես կանոն, ընդունվում է հոսպիտալային հետազոտությունից և բուժումից հետո: Պետք է հաշվի առնել սրացումների նկատմամբ հիվանդության հակումը, ապաքինման կայունությունը և ծառայության առանձնահատկությունները:
Ծառայությունից ազատվելու կամ արձակուրդի անհրաժեշտության մասին, ըստ Ցանկի 38-րդ կետի 5-րդ ենթակետի, որոշում է ընդունվում նաև ոսկրերի ու հոդերի վիրահատությունից հետո, հենաշարժական ապարատի շարժումների ժամանակավոր սահմանափակման դեպքում, ջլերի պլաստիկ վիրահատությունից կամ տենոլիզից (մատների, դաստակի և ներբանի) հետո, երկար խողովակաձև և այլ ոսկրերի կոտրվածքներից հետո չամրապնդված ոսկրային կոշտուկների դեպքում:
Կեղծ հոդերի առկայության դեպքում ծառայողները ենթակա են բուժման ժամանակակից մեթոդների կիրառումով: Ծառայության համար պիտանիության մասին որոշումն ընդունվում է բուժման ավարտից հետո` կախված դրա արդյունքներից: Վիրահատությունից հրաժարվելու կամ բուժման անբավարար արդյունքների դեպքում կիրառվում է Ցանկի 38-րդ կետի 1-ին ենթակետը:
Երկար, խողովակաձև ոսկրերի թարմ կոտրվածքներից հետո ծառայության համար պիտանիության մասին որոշումը նույնպես ընդունվում է բուժման ավարտից հետո, հաշվի առնելով վնասվածքի տեղայնացումը և կատարվող աշխատանքի բնույթը: Մանր ոսկրերի հոդախախտումների, անրակի կամ կողոսկրերի կոտրվածքների դեպքում (առանց ներքին օրգանների վնասման) բուժումից հետո որոշում է ընդունվում ծառայողական պարտականություններից ազատելու անհրաժեշտության մասին:
Ներբանի կամ ձեռքի ու ոտքի մատների վնասվածքների, ինչպես նաև կոճերի կոտրվածքների հետևանքների առկայության դեպքերում հոսպիտալային բուժումն ավարտելուց հետո որոշում է ընդունվում ծառայողական պարտականություններից ազատելու անհրաժեշտության վերաբերյալ:
Ծառայողների երկար, խողովակաձև ոսկրերի կոտրվածքների հետևանքների բուժման անբավարար արդյունքների դեպքում հիվանդության պատճառով տրվում է արձակուրդ, և ծառայության համար պիտանիության հարցը որոշվում է ըստ Ցանկի 38-րդ կետի 1-ին, 2-րդ կամ 3-րդ ենթակետերի:
Մանր ոսկրերի ստացիոնար բուժում չպահանջող, ոչ բարդ, փակ կոտրվածքների դեպքում ծառայողները կարող են բժշկական հետազոտման ենթարկվել ամբուլատոր պայմաններում, որից հետո որոշում է ընդունվում հիվանդության պատճառով արձակուրդ տրամադրելու կամ ծառայողական պարտականություններից ազատելու մասին: Երկար, խողովակաձև կամ այլ ոսկրերի ոչ բարդ, փակ կոտրվածքների դեպքում, երբ դրանք միայն գիպսով անշարժացնում են, ոսկրային կոշտուկի նշանների երևան գալուց հետո փորձաքննվողներն անհրաժեշտության դեպքում կարող են դուրս գրվել բուժհիմնարկից և, մինչև գիպսը հանելը, ստանալ ամբուլատոր բուժում: Միաժամանակ որոշում է ընդունվում հիվանդության պատճառով նրանց արձակուրդ տրամադրելու կամ ծառայողական պարտականություններից ազատելու մասին:
Նմանատիպ դեպքերում ՈՒՀ-երի սպայական կոչում չունեցող կուրսանտները և ունկնդիրները պետք է հաճախեն ՈՒՀ-ի, բուժկետեր, որտեղ առնվազն ամիսը մեկ անգամ նրանց պետք է զննի վիրաբույժը (վնասվածքաբանը): Անհրաժեշտության դեպքում ծառայողները նորից կարող են հոսպիտալացվել: Հիվանդության պատճառով արձակուրդը կարող է երկարացնել ՌԲՀ-ն` բժշկական ցուցումների հիման վրա: Հոդերի շարժման ծավալը գնահատելիս պետք է առաջնորդվել հավելված 3.4-ի ցուցանիշներով:
Ծառայողների պիտանիությունը որոշվում է խիստ անհատապես: Վերին վերջույթի ոսկրերի աննշան անկյունային ձևափոխումը (ֆունկցիայի պահպանումով) չի սահմանափակում ծառայողների պիտանիությունը շարային ծառայությանը:
40. Ցանկի 39-րդ կետի 1-ին ենթակետ` ձեռքի կամ ոտքի 8 սմ և ավելի կարճությունը:
Ցանկի 39-րդ կետի 2-րդ ենթակետ` ազդրոսկրերի ներքին կողմերի ելունդների միջև 20 սմ և ավելի հեռավորության 0-աձև կամ սրունքների ներքին կոճերի միջև 15 սմ և ավելի հեռավորության X-աձև կորացումները: Այս կետին են վերաբերում նաև վերին վերջույթների արտահայտված վալգուսային և վարուսային ձևախեղումներն առանց ֆունկցիայի խանգարման:
Ցանկի 39-րդ կետի 3-րդ ենթակետ` ոտքերի ազդրոսկրերի ներքին կողմերի ելունդների միջև 12-20 սմ հեռավորության 0-աձև կամ սրունքների ներքին կոճերի միջև 12-15 սմ հեռավորության X-աձև կորացումները:
Արգելվում են ֆիզիկական ծանրաբեռնումները 15 կգ-ից ավելի:
41. Ցանկի 40-րդ կետի 1-ին ենթակետ` խոշոր հոդերում աննշան ֆիզիկական ծանրաբեռնումից տարեկան երեք և ավելի անգամ առաջացող, հոդի անկայունությամբ և վերջույթի հոդախախտումները, խոշոր հոդերի, արտահայտված գերշարժունությունը, ենթահոդախախտի առկայությամբ` պահանջելով փաստացի օբյեկտիվ հաստատում (ռենտգենոգրաֆիա): Հոդախախտման փաստը պետք է հավաստի բուժհիմնարկը` այն ուղղելուց առաջ և հետո կատարած պարտադիր ռենտգեն հետազոտությամբ:
Կրկնվող հոդախախտման դեպքում ծառայողներին առաջարկվում է վիրահատություն: Հաջող բուժումից հետո ծառայողների համար ընդունվում է որոշում` ըստ Ցանկի 37-րդ կետի 3-րդ ենթակետի` ազատելով մարզական պարապմունքներից և ցանկացած փոխադրամիջոց վարելուց: Բուժման անբավարար արդյունքների կամ դրանից հրաժարվելու դեպքում վերջնական որոշումն ընդունվում է Ցանկի 37-րդ կետի համաձայն, ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի:
Ցանկի 40-րդ կետի 2-րդ ենթակետ` ֆիզիկական զգալի ծանրաբեռնվածության (ծանրության բարձրացում, ըմբշամարտ և այլն) կամ կրկնվող վնասվածքի դեպքում առաջացող հոդախախտերը և խոշոր հոդերի աննշան արտահայտված գերշարժունությունը:
42. Ցանկի 41-րդ կետ` նախատեսում է դաստակի մատների վնասվածքները և հիվանդությունները, դրանց հետևանքները: Ջլերի կամ մատների նյարդերի այն վնասվածքները կամ հիվանդությունները, որոնք առաջացնում են մատի լիակատար կծկում կամ լիակատար անշարժություն, արատային ծայրատները համարվում են մատի բացակայություն:
Մատների կառուցվածքային վնասվածքները, որոնք նշված չեն սույն կետում, չեն սահմանափակում փորձաքննվողների պիտանիությունը շարային ծառայության համար:
43. Ցանկի 42-րդ կետի 1-ին ենթակետ` վիրավորման, վնասվածքների, ոսկրապլաստիկ վիրահատությունների հետևանքով ոտնաթաթի ցանկացած հատվածի բացակայությունը, երկու ոտքի բոլոր մատների բացակայությունը, կծկումը կամ անշարժությունը:
Ցանկի 42-րդ կետի 2-րդ ենթակետ` մի ոտքի առաջին, մեկ կամ երկու ոտքի բոլոր մատների դիստալ ֆալանգների մակարդակով բացակայությունը, կծկումը կամ անշարժությունը:
Ոտքի մատի բացակայությունը համարվում է մատի բացակայություն` ոտնաթաթի ֆալանգային հոդի մակարդակով: Մատի լրիվ կծկվածությունը կամ անշարժությունը համարվում է դրա բացակայություն:
Ոտքի մեկ մատի բացակայության դեպքում, բացի առաջին մատի բացակայությունից, պիտանիությունը շարային ծառայության և ՈՒՀ ընդունվելու համար չի սահմանափակվում: Ոտքի առաջին մատի բացակայության դեպքում ՈՒՀ ընդունվողները պիտանի չեն:
44. Ցանկի 43-րդ կետ` նախատեսում է ոտնաթաթի բնածին և ձեռքբերովի ձևախեղումները (նորմալ է համարվում ոտնաթաթի կամարի 26-30 մմ բարձրությունը և 125-134 աստիճանի անկյունը): Շարային ծառայության համար ծառայողների պիտանիությունը որոշելիս պետք է նկատի ունենալ, որ բարձր, երկայնակի կամարով թաթերը հաճախ նորմայի տարբերակ են: Ոտնաթաթի կամարի 31-35 մմ բարձրությունը համարվում է բարձր կամարով ոտնաթաթ: Սնամեջ է համարվում (կամարի բարձրությունը 36 մմ-ից բարձր) այնպիսի ձևախեղումը, որն ուղեկցվում է հետնամասի սուպինացիայով և առաջամասի պրոնացիայով` ներքին և արտաքին բարձր կամարի առկայությամբ (այսպես կոչված շեշտակի ոլորված թաթ), ոտնաթաթի առջևի մասը տարածված է, լայն և քիչ դարձված:
Հարթաթաթության ժամանակ կամարի կարծրացումը հաճախ ոչ մի սուբյեկտիվ խանգարում չի առաջացնում, ուստի և չի կարող հիմք լինել սույն կետի կիրառման համար: Այս կետը նախատեսում է ֆիքսված հարթաթաթություն, որն առաջանում է վալգուսային ոտնաթաթի դեկոմպենսացիայի հետևանքով կամ մանկական ու պատանեկան հարթաթաթության հետևանք է, որը զուտ մկանային ձևից վերածվել է ջլահոդային ամրապնդված ձևափոխման:
Ցանկի 43-րդ կետի 1-ին ենթակետ` փորձաքննվում են գարշապարային, վարուսային թաթեր, սնամեջ ոտնաթաթ և ներբանների այլ խիստ արտահայտված կամ ձեռքբերովի կորացումներ ունեցող անձինք, երբ խախտված է թաթերի ֆունկցիան և անհնար է ստանդարտ կոշիկից օգտվելը:
Ցանկի 43-րդ կետի 2-րդ ենթակետ` ցայտուն արտահայտված III աստիճանի հարթաթաթությունը (ոտնաթաթի կամարի բարձրությունը մինչև 7 մմ (անկյունը կազմում է 170 աստիճան և ավելի), կամ 8-14 մմ կամարի բարձրության դեպքում (անկյունը կազմում է 160-170 աստիճան), երբ այն զուգորդվում է առաջին մատի ուղղությունը փոխող կոնտրակտուրայով, վենավակաձև համակցության դեֆարթրոզով, սնամեջ ոտնաթաթերը (երբ կամարի բարձրությունը 36 մմ ավելի է և առկա են սրունքթաթային հոդի կոնտրակտուրա):
Ցանկի 43-րդ կետի 3-րդ ենթակետ` չափավոր արտահայտված բնածին կամ ձեռքբերովի ձևախեղումները, III աստիճանի հարթաթաթությունը` ոտնաթաթի կամարի բարձրությունը 8-14 մմ է (անկյունը կազմում է 160-170 աստիճան), կամ սնամեջ ոտնաթաթերը (կամարի բարձրությունը 36 մմ և ավելի)` առանց սրունքթաթային հոդի կռկանքի աննշան ցավային համախտանիշով և ստատիկայի խանգարումով, որի դեպքում կարելի է հարմարեցնելով սովորական (ստանդարտ) կոշիկ հագնել: Արգելվում են ֆիզիկական ծանրաբեռնումները 30 կգ-ից ավելի, սահմանափակել երկարատև քայլքը 5 կմ-ից ավելի, վազքը` 1 կմ-ից ավելի:
Ցանկի 43-րդ կետի 4-րդ ենթակետ` վերաբերում II աստիճանի` ոտնաթաթի կամարի բարձրությունը` 15-20 մմ (անկյունը կազմում է 145-160 աստիճան) և I աստիճանի` կամարի բարձրությունը 21-25 մմ (անկյունը կազմում է 135-144 աստիճան) հարթաթաթությունները:
Փորձաքննվողի մեկ ոտքի` II և մյուսի` I աստիճանի հարթաթաթության դեպքում փորձաքննական եզրակացությունն ընդունվում է ըստ II աստիճանի հարթաթաթության:
I աստիճանի հարթաթաթությունը խոչընդոտ չէ ՈՒՀ ընդունվելու համար և չի սահմանափակում ծառայողների պիտանիությունը շարային ծառայության համար:
I-II աստիճանի հարթաթաթությունը չի սահմանափակում ծառայողների պիտանիությունը շարային ծառայության համար:
Հարթաթաթության ժամանակ ոտնաթաթի կողմնային ռենտգեն նկարը պետք է կատարել խիստ կողմնային պրոյեկցիայով կանգնած վիճակում` հենվելով մեկ ոտքի վրա, ոտնաթաթին տալով թիկնային ծալում: Ռենտգեն նկարում գարշապարային և նախագարշապարային ոսկորները պետք է պրոյեկցվեն մեկը մյուսի վրա: Սնամեջ ոտնաթաթի դեպքում ռենտգեն նկարը պետք է կատարել առանց վերջույթի ծանրաբեռնման` պառկած վիճակում:
45. Ցանկի 44-րդ կետ` վերին կամ ստորին վերջույթի (ցանկացած մակարդակով) բացակայության դեպքում ըստ ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի թիվ 55-Ն որոշման հավելված 2-ի I, II սյունակի փորձաքննվողները ճանաչվում են ոչ պիտանի ծառայության համար:
Ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 55-Ն որոշման N 2-րդ հավելվածի III սյունակի փորձաքննվողների պիտանիությունը որոշվում է անհատապես` հաշվի առնելով առողջ վերջույթի ֆունկցիայի պահպանման պայմանը:
Չարորակ նորագոյացությունների կամ անոթների հիվանդությունների ժամանակ ցանկացած մակարդակի անդամահատված վերջույթներ ունեցողների վերաբերյալ որոշում ընդունվում է ըստ Ցանկի հիմնական հիվանդությունը նախատեսող կետերի:
46. Ցանկի 45-րդ կետին` ոչ թունավոր խպիպով ծառայողներին առաջարկվում է վիրահատական բուժում: Բուժման անբավարար արդյունքների, վիրահատությունից հրաժարվելու դեպքում փորձաքննությունն իրականացվում է ըստ Ցանկի 45-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետի:
Վիրահատությունից հետո ստացված արդյունքներին ու վիրահատության բնույթին համապատասխան, Ցանկի 33-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն ծառայողներն ազատվում են ծառայողական պարտականություններից:
Ներզատիչ խանգարումների դեպքում կիրառվում է Ցանկի 20-րդ կետի:
47. Ցանկի 46-րդ կետի 1-ին ենթակետը կիրառվում է ոսկրերի ու հոդերի (անկախ ախտահարման տարածվածությունից ու փուլից), այլ օրգանների ու համակարգերի չարորակ նորագոյացությունների տեղային կամ հեռավոր մետաստազների առկայության, ինչպես նաև անարդյունավետ վիրահատական բուժման կամ բուժումից հրաժարվելու դեպքում:
Ցանկի 46-րդ կետի 2-րդ ենթակետը` ներքին օրգանների, ստորին շրթունքի կամ մաշկի չարորակ նորագոյացությունները` արմատական վիրահատման կամ կոնսերվատիվ բուժումից հետո, առանց հեռավոր և տեղային մետաստազների ու ֆունկցիայի խանգարման: Հետագա ստացիոնար բուժում չպահանջող ժամանակավոր բնույթի վիրահատությունների դեպքում, փորձաքննվողները հիվանդության պատճառով ծառայողական պարտականություններից ազատվում կամ արձակուրդ են ստանում Ցանկի 34-րդ կետի 34-րդ ենթակետի համաձայն:
Ստորին շրթունքի կամ մաշկի` առանց մետաստազների քաղցկեղի հեռացումից հետո, փորձաքննվողները սպիների առկայության դեպքում համարվում են պիտանի ծառայության համար:
48. Ցանկի 47-րդ կետ` բարորակ նորագոյացությունների առկայության դեպքում ծառայողներին առաջարկվում է վիրահատություն:
Ցանկի 47-րդ կետի 2-րդ ենթակետը` վիրահատական բուժման անբավարար արդյունքների կամ դրանից հրաժարվելու դեպքում: Այս կետով փորձաքննվում են նաև բազմաթիվ ոսկրային էկզոստոզներ ունեցող անձինք, մեծ չափերի հասնող էկզոստոզը, ինչպես նաև մակաբուծային կիստաները և նրանց վիրահատությունից հետո խոռոչների առկայությունը:
Ցանկի 47-րդ կետի 3-րդ ենթակետը` վիրահատությունից հրաժարվելու դեպքում (բացի ոսկրային ուռուցքներից), եթե հնարավորության սահմաններում կարելի է կրել ստանդարտ կոշիկ, հագուստ կամ հանդերձանք, ինչպես նաև հագուստ կրելուն չխոչընդոտող և օրգանների ֆունկցիաներին չխանգարող եզակի, փոքր չափերի էկզոստոզը:
Հագուստ կրելուն չխոչընդոտող, ներքին օրգանների գործունեությանը չխանգարող բարորակ նորագոյացությունների պատճառով չի սահմանափակվում ծառայողների պիտանիությունը շարային ծառայության համար:
49. Ցանկի 48-րդ կետի 1-ին ենթակետ` խոշոր անոթների զարկերակային և զարկերակաերակային անևրիզմները` անհաջող վիրահատության կամ դրանից հրաժարվելու դեպքում, գանգրենանեկրոզային փուլում խցանող էնդարտերիիտը, աորտաարտերիիտը և աթերոսկլերոզը, IV աստիճանի քրոնիկական երակային անբավարարության երևույթներով ստորին վերջույթների զարգացող թրոմբոֆլեբիտը, ֆլեբոթրոմբոզը, հետթրոմբոտիկ և վարիկոզային հիվանդությունը, IV աստիճանի լիմֆեդեման, III փուլի անգիոտրոֆոնևրոզները, արհեստական պրոթեզների ու շունտերի կիրառմամբ խոշոր անոթների անհաջող, վերականգնողական վիրահատությունից հետո առաջացած վիճակը:
Ցանկի 48-րդ կետի 2-րդ ենթակետ` ստորին վերջույթների անոթների II փուլի խցանող էնդարտերիիտը, աորտաարտերիիտը և աթերոսկլերոզը, ստորին վերջույթների պոստթրոմբոտիկ կամ վարիկոզային հիվանդությունը (III աստիճանի քրոնիկական երակային անբավարարության երևույթներով), III աստիճանի փղագարությունը, II փուլի անգիոտրոֆոնևրոզները (տևական ցավային համախտանիշով, որն ուղեկցվում է մատների կապտությամբ), խոշոր անոթների վերականգնողական վիրահատությունից հետո առաջացած վիճակները:
Ըստ այս ենթակետի փորձաքննվում են նաև I փուլի խցանող էնդարտերիիտով հիվանդ ծառայողները:
Հաշվի առնելով արյան շրջանառության խանգարումների աստիճանը, ծառայության պայմանները և աշխատունակության վիճակը` ռազմաբժշկական հանձնաժողովը փորձաքննվողների վերաբերյալ առանձին դեպքերում որոշում ընդունելիս ցուցաբերում է անհատական մոտեցում` Ցանկի 48-րդ կետի 2-րդ կամ 3-րդ ենթակետի համաձայն:
Ցանկի 48-րդ կետի 3-րդ ենթակետ` ստորին վերջույթների հետթրոմբոտիկ կամ վարիկոզային հիվանդությունը` քրոնիկական երակային II աստիճանի անբավարարության երևույթներով (ոտնաթաթերի ու սրունքների պարբերական այտուցվածություն երկար քայլելուց կամ կանգնելուց հետո, որն անցնում է գիշերային կամ ցերեկային հանգստի ժամանակ), II աստիճանի լիմֆեդեման, I փուլի անգիոտրոֆոնևրոզները (ցրտահարության ժամանակ մատների այտուցը, ցավերն ու գունատությունը, որոնք տևում են մի քանի ժամ), ստորին վերջույթների I փուլի խցանող էնդարտերիիտը և աթերոսկլերոզը (III սյունակով փորձաքննվողների համար):
Ցանկի 48-րդ կետի 4-րդ ենթակետ` վերաբերում առանց երակային անբավարարության նշանների ստորին վերջույթների վարիկոզային հիվանդությունը (I աստիճան), I աստիճանի լիմֆեդեման (ներբանի թիկունքի աննշան այտուց, որը նվազում կամ անհետանում է գիշերային կամ ցերեկային հանգստի ժամանակ):
Անոթների հիվանդությունների և վնասվածքների հետևանքների ախտորոշումը կատարվում է ըստ զարգացման փուլի և խանգարումների աստիճանի: Փորձաքննության եզրակացությունն ընդունվում է կլինիկական հետազոտությունից հետո խոր, ենթամաշկային և հաղորդակցային երակների փականների ֆունկցիայի ու խորանիստ երակների անցանելիության աստիճանի որոշմամբ: Ընդսմին, օգտագործվում են ռեովազոգրաֆիան նիտրոգլիցերինային փորձով, մաշկի էլեկտրաջերմաչափումը, անգիոֆլեբոլիմֆորաֆիան, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև օբյեկտիվ ցուցանիշներ տվող այլ մեթոդներ:
Ստորին վերջույթների առանձին հատվածներում առանց երակային անբավարարության նշանների երակների լայնացումը գլանային կամ գալարային առաձգական ցցվածքների տեսքով խոչընդոտ չէ ՈՒՀ ընդունվելու համար:
50. Ցանկի 49-րդ կետի 1-ին ենթակետ` կրկնվող, մեծ չափերի հասնող, քայլելը դժվարացնող կամ բազմակի վիրահատական բուժումից հետո ներքին օրգանների ֆունկցիան խախտող ճողվածքները: Այս նույն կետով փորձաքննություն է կատարվում նաև բազմաթիվ հետվիրահատական ճողվածքների վիրահատությունից հրաժարվելու դեպքում: Վիրահատությունից հետո ճողվածքի մեկանգամյա կրկնվելը հիմք է Ցանկի 49-րդ կետի 1-ին ենթակետի կիրառման համար: Քայլելը չդժվարացնող, չափավոր մեծության ճողվածքների` մեկ անգամ կրկնվելու դեպքում կիրառվում է Ցանկի 49-րդ կետի 3-րդ ենթակետը:
51. Ցանկի 50-րդ կետի 1-ին ենթակետ` ուղիղ աղիքի III աստիճանի արտանկումը: Ընդ որում, արտանկած աղիքն ինքնուրույն տեղը չի ընկնում և ձեռքով տեղը գցելը սակավ արդյունավետ է, հետանցքը խոր բացված է, սեղմամկանը (սֆինկտեր) թուլացած, կղանքն ու գազերը չեն պահվում, այսինքն` առկա է հետանցքի սեղմամկանի III աստիճանի անբավարարություն:
Ցանկի 50-րդ կետի 2-րդ ենթակետ` ուղիղ աղիքի II աստիճանի արտանկումը: Արտանկած աղիքը տեղն է ընկնում ինքնուրույն կամ ձեռքի օգնությամբ: Հետանցքը ներքաշված է կամ մի քիչ կարծրացած: Գազերը կամ հեղուկ կղանքը չեն պահվում, այսինքն` կա սեղմամկանի I կամ II աստիճանի անբավարարություն:
ՈՒղիղ աղիքի I և II աստիճանի արտանկման դեպքում ծառայողներին առաջարկվում է վիրահատություն: Հետանցքի շրջանում ուղիղ աղիքի վիրահատությունից հետո, համաձայն 34.4-րդ ենթակետի, ծառայողներին հիվանդության պատճառով տրվում է արձակուրդ: Ծառայության համար պիտանիությունը որոշվում է ըստ բուժման արդյունքների: Հաջող վիրահատությունից հետո ծառայողների պիտանիությունը ծառայության համար չի սահմանափակվում: Հիվանդությունը կրկնվելու դեպքում որոշումն ընդունվում է Ցանկի 34-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն:
52. Ցանկի 51-րդ կետ` նախատեսում է վիրահատական միջամտությունից հետո անբնական հետանցքի առաջացման դեպքերը:
Հետանցքի նեղացման և սեղմամկանի անբավարարության դեպքում ծառայողներին առաջարկվում է վիրահատություն: Վիրահատությունից հետո ծառայողներին հիվանդության պատճառով (34.4-րդ ենթակետ) տրվում է արձակուրդ: Ծառայության համար պիտանիությունը որոշվում է ըստ բուժման արդյունքների: Հիվանդության կրկնվելու դեպքում որոշումն ընդունվում է ըստ Ցանկի 34-րդ կետի 1-ին, 2-րդ կամ 3-րդ ենթակետերի:
53. Ցանկի 52-րդ կետին` քրոնիկական պարապրոկտիտ ունեցող ծառայողներին առաջարկվում է վիրահատություն: Հաջող բուժումից հետո շարային ծառայության համար նրանց պիտանիությունը չի սահմանափակվում:
Բուժման ոչ բավարար արդյունքների կամ վիրահատությունից հրաժարվելու դեպքում ծառայության համար պիտանիության վերաբերյալ որոշումն ընդունվում է ըստ ֆունկցիայի խանգարման աստիճանի:
Ցանկի 52-րդ կետի 1-ին ենթակետին վերաբերում է այն դեպքերը, երբ հետանցքը պարբերաբար թարախահոսում է, հետանցքի շրջանում նկատվում է մացերացիա, մաշկի բորբոքում կամ թաց էկզեմա, և հիվանդությունը պարբերաբար (տարին 3-4 անգամ) բարդանում է թարախակույտի առաջացումով:
Ցանկի 52-րդ կետի 2-րդ ենթակետին վերաբերում տարեկան 1-2 անգամ սրացող քրոնիկական պարապրոկտիտը, երբ վիրահատության արդյունքները բավարար չեն կամ փորձաքննվողը հրաժարվում է վիրահատությունից:
Ցանկի 52-րդ կետի 3-րդ ենթակետին վերաբերում պարբերաբար սուր բորբոքվող, առանց թարախակույտի առաջացման, վիրահատական ոչ բավարար ելքով քրոնիկական պարապրոկտիտը մեկ անգամ վիրահատվելուց հետո:
54. Ցանկի 53-րդ կետ` նախատեսում է թութքի բոլոր դեպքերը:
Ցուցումների առկայության դեպքում ծառայողներին առաջարկվում է վիրահատություն կամ կոնսերվատիվ բուժում: Բուժման ոչ բավարար արդյունքների կամ դրանից հրաժարվելու դեպքում կիրառվում է Ցանկի 53-րդ կետի 1-ին կամ 2-րդ ենթակետը` կախված սակավարյունության արտահայտվածությունից, սրացումների հաճախականությունից և հեմորոիդալ հանգույցների արտանկման աստիճանից:
Ցանկի 53-րդ կետի 1-ին ենթակետ` թութքի հաճախակի սրացումները, երբ փորձաքննվողը տարեկան 2-3 անգամ տևականորեն (1-2 ամիս) բուժվում է ստացիոնար պայմաններում` թրոմբոզից, հեմորոիդալ հանգույցների բորբոքումից կամ արտանկումից, ինչպես նաև, երբ հիվանդությունը բարդանում է տամպոնադա պահանջող, կրկնվող արյունահոսությամբ:
Ցանկի 52-րդ կետի 2-րդ ենթակետը կիրառվում է, երբ ստացիոնար պայմաններում վիրահատությունը կամ կոնսերվատիվ բուժումը լավ արդյունք են տալիս:
Արգելվում են ֆիզիկական ծանրաբեռնումները 25 կգ և ավելի, բազմաթիվ կքանստումները (10 և ավելի անգամ):
Ցանկի 52-րդ կետի 3-րդ ենթակետը վերաբերվում է հազվադեպ սրացումներով թութքին, ինչպես նաև հաջող բուժումից հետո բոլոր դեպքերին:
ՈՒՀ-երի դիմորդների, ինչպես նաև ծառայողների պիտանիությունը շարային ծառայության համար չի սահմանափակվում: Հանգույցների արտանկումով ուղեկցվող թութք ունեցող ՈՒՀ-երի դիմորդները պիտանի չեն:
55. Ցանկի 54-րդ կետի 1-ին ենթակետ` զույգ երիկամների ախտահարումով միզաքարային հիվանդությունը` բուժման ոչ բավարար արդյունքի դեպքում (վարակված քարեր, հիդրոնեֆրոզ, բուժվող երկրորդային պիելոնեֆրիտ), III աստիճանի նեֆրոպտոզը, երիկամների կոնքային դիստոպիան, երիկամների պոլիկիստոզը, շագանակագեղձի III-IV փուլի ադենոման, երիկամների անոթների անոմալիաները` վազոռենալ զարկերակային հիպերտենզիայի երևույթներով և երիկամային արյունահոսություններով: Վերոհիշյալ հիվանդությունները պետք է ուղեկցվեն II-III փուլի քրոնիկական երիկամային անբավարարությամբ կամ երիկամների արտազատիչ ֆունկցիայի զգալի խանգարումով: Վերաբերում է հիվանդությունների կամ վնասվածքների պատճառով մեկ երիկամի հեռացումից հետո մյուսի ֆունկցիայի խանգարումը` անկախ արտահայտվածության աստիճանից, ինչպես նաև առնանդամի բացակայությունը:
Ցանկի 54-րդ կետի 2-րդ ենթակետ` երիկամների պոլիկիստոզը, մուլտիկիստոզը, կոնտրաստ ՀՏ հետազոտությամբ կամ սցինտիգրաֆիայով հաստատված պարենքիմատոզ կամրջակ ունեցող պայտաձև երիկամը, երիկամների կոնքային դիստոպիան, հիվանդությունների կամ վնասվածքների հետևանքով հեռացված մեկ երիկամի բացակայությունը` մյուսի նորմալ գործունեությամբ, միզուկի անոմալիաները (փոշտային կամ շեքային հիպոսպադիա), երիկամում քարի (չափը` 0,5 սմ և ավելի) առկայությունը` անկախ ֆունկցիայի խանգարման աստիճանից, ինչպես նաև կլինիկորեն դրսևորվող երկկողմանի III աստիճանի նեֆրոպտոզը: Վերաբերում նաև քարերի դուրս գալու հետևանքով երիկամային խիթի հաճախակի նոպաները (տարեկան 5-6 անգամ), երիկամների (դիսպլազիա, երիկամների և դրանց մասերի երկատում), միզածորանների և միզապարկի անոմալիաները, որոնք պետք է ուղեկցվեն II փուլի երիկամային անբավարարությամբ կամ երիկամների արտազատիչ ֆունկցիայի չափավոր խանգարումով:
Ցանկի 54-րդ կետի 3-րդ ենթակետ` երիկամների, միզածորանների մանր, առանձին քարերը, որոնք դուրս են գալիս առանց խիթի նոպաների, II աստիճանի նեֆրոպտոզը, միզասեռական համակարգի հազվադեպ սրացումներով քրոնիկական հիվանդությունները (երկրորդային պիելոնեֆրիտ, պրոստատիտ, ցիստիտ)` հիվանդանոցային հաջող բուժմամբ, միզասեռական համակարգի օրգանների վերքերի կամ վնասվածքների հետևանքները: Վերաբերվում է նաև երիկամների գոտկային դիստոպիան` առանց ցավային համախտանիշի և արտազատիչ ֆունկցիայի խանգարման, ինչպես նաև միզուկի խուղակն առնանդամի արմատից մինչև մեջտեղը:
Ցանկի 54-րդ կետի 4-րդ ենթակետ` միզատար ուղիներից (ավազան, միզածորան, միզապարկ) գործիքով առանձին քարերի հեռացումից հետո առաջացած վիճակը` առանց ֆունկցիայի խանգարման, հետագա քարագոյացման, միակ քարի դուրս գալն առանց ցավային համախտանիշի, I աստիճանի նեֆրոպտոզը, երիկամների սալջարդից հետո կարճատև արյունամիզությունը:
Քրոնիկական երիկամային անբավարարության շրջանների բնութագիրը տրված է Ցանկի 31-րդ կետի բացատրություններում:
Պսակաձև ակոսում հիպոսպադիայի առկայությունը չի սահմանափակում ծառայողների պիտանիությունը ՈՒՀ-եր ընդունվելու և շարային ծառայության համար:
56. Ցանկի 55-րդ կետ` գիշերամիզությամբ տառապող ծառայողներն ուղարկվում են ստացիոնար հետազոտման և բուժման:
Նրանց հետազոտումը պետք է լինի լիակատար և համալիր` ուրոլոգի և նյարդաբանի մասնակցությամբ: Հետազոտման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվում կմախքի (թուրքական թամբ, ողնաշարի գոտկային հատված), արտաքին սեռական օրգանների վիճակին (ֆիմոզ, խուղակներ, միզատար խողովակի զարգացման արատներ), միզասեռական համակարգի զարգացման անոմալիաներին: Բացի դրանից, անպայման հետազոտվում է դիուրեզը (գիշերային, ցերեկային), միզապարկի ծավալն ու ձևը (ցիստոսկոպիա, խրոմոցիստոսկոպիա, ցիստոգրաֆիա): Եթե գիշերամիզությունը նյարդային կամ միզասեռական համակարգի հիվանդությունների ախտանշաններից է, ապա որոշումն ընդունվում է ըստ հիմնական հիվանդության:
Եթե հսկողությունն ու կրկնակի հետազոտությունները հաստատում են հիվանդության առկայությունը, իսկ բուժման արդյունքը դրական չէ, ապա գիշերամիզության հաճախակի դրսևորումներով տառապող ծառայողները ծառայության համար ճանաչվում են ոչ պիտանի:
57. Ցանկի 56-րդ կետ` սերմնալարերի երակների II-III աստիճանի վարիկոզ լայնացում ունեցող ծառայողներին առաջարկվում է վիրահատություն: Բուժման բավարար արդյունքի դեպքում նրանց պիտանիությունը շարային ծառայության համար չի սահմանափակվում:
Ցանկի 56-րդ կետի 1-ին ենթակետ` ոչ արդյունավետ բուժման կամ բուժումից հրաժարվելու դեպքում սերմնալարերի երակների III աստիճանի վարիկոզ լայնացումը (լարն իջնում է ապաճած ամորձու ստորին բևեռի մակարդակից ցած, առկա է մշտական ցավի ախտանիշը, սերմնարտադրությունը խանգարված է, կա սպիտամիզություն և արյունամիզություն):
Ցանկի 56-րդ կետի 2-րդ ենթակետ` բուժման ոչ բավարար արդյունքի կամ բուժումից հրաժարվելու դեպքում սերմնալարի երակների II և I աստիճանի վարիկոզ լայնացումը (լարն ամորձու վերին բևեռի մակարդակից ցածր է, չկան ամորձու ապաճման երևույթներ և ցավային ախտանիշի դրսևորումներ):
58. Ցանկի 57-րդ կետ` ամորձու կամ սերմնալարի թաղանթի ջրգողությամբ հիվանդ ծառայողներին և ՈՒՀ-եր ընդունվողներին առաջարկվում է վիրահատություն:
Հաջող բուժումից հետո նրանց պիտանիությունը շարային ծառայության, ՈՒՀ-եր ընդունվելու համար չի սահմանափակվում:
Բուժումից հրաժարվելու դեպքում ծառայողները, ըստ ամորձու կամ սերմնալարի թաղանթի ջրգողության արտահայտվածության, փորձաքննվում են համաձայն Ցանկի 57-րդ կետ 1-ին կամ 2-րդ ենթակետի:
59. Ցանկի 58-րդ կետ` մեկ ամորձին չլինելու դեպքում (ամորձին կա, բայց իջած չէ փոշտի մեջ) ծառայողներին առաջարկվում է վիրահատություն: Հաջող բուժումից հետո նրանց պիտանիությունը շարային ծառայության և ՈՒՀ-եր ընդունվելու համար չի սահմանափակվում: Վիրահատությունից հրաժարվելու, ինչպես նաև մեկ ամորձի չունենալու դեպքում նրանք ճանաչվում են պիտանի շարային ծառայության համար:
Ցանկի 58-րդ կետի 1-ին ենթակետ` վերաբերում է նաև մեկ ամորձու չլինելը` մյուսի ախտահարման երևույթներով (օրգանական փոփոխություններ, քրոնիկական փոփոխություններ, քրոնիկական օրխիտ, էպիդիդիմիտ, սպերմատոգենեզ), II-III խանգարումով: Ներզատիչ (էնդոկրին) խանգարումների առկայության դեպքում կիրառվում է Ցանկի 20-րդ կետը:
VI. ԱԿԱՆՋԻ, ՎԵՐԻՆ ՇՆՉՈՒՂԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
60. Ցանկի 59-րդ կետ` բացի քրոնիկական թարախային մեզո- և էպիտիմպանիտները, այս հոդվածին է վերաբերում նաև այդ պատճառով կատարված վիրահատությունից հետո վիրահատական խոռոչի մասնակի էպիթելիզացիան` թարախի, մսամոլման (գրանուլյացիա) կամ խոլեստեատոմակերպ զանգվածի առկայությամբ, քանի որ այդ պարագայում, չնայած վիրահատությանը, թարախային պրոցեսն ականջում ավարտված չէ: Քրոնիկական էպիտիմպանիտների ժամանակ առաջարկվում է վիրահատություն:
Միջին ականջում բավարար արդյունքներով արմատական կամ վերականգնողական վիրահատությունից հետո ծառայողներին ազատում են ծառայողական պարտականությունների կատարումից օտոլարինգոլոգի հսկողության տակ գտնվելու և ամբուլատոր բուժում ստանալու համար: Թմբկաթաղանթի էպիտիմպանալ հատվածի կայուն, չոր թափածակումների, ինչպես նաև հետվիրահատական խոռոչի լրիվ էպիթելիզացիայի դեպքում որոշումը կայացվում է Ցանկի 60-րդ կետի համաձայն:
--------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում