Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԶՈՀԵՐԻՆ, ԶՈՀԵՐԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻ ...

 

 

040.0492.180516

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մայիսի 2016 թվականի N 492-Ն

 

ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԶՈՀԵՐԻՆ, ԶՈՀԵՐԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԶՈՀԵՐԻՆ «ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՉԱՓԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԵՐԵԽԱ ԶՈՀԵՐԻ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ, 22-րդ, 23-րդ և 25-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը, չափերը, ինչպես նաև աջակցության և պաշտպանության նպատակով հատուկ կատեգորիայի երեխա զոհերի ուղղորդման ընթացակարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 18.06.2020 թիվ 1030-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել բյուջետային ֆինանսավորման հայտ` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի սոցիալ-հոգեբանական վերականգնման աշխատանքները կազմակերպելու համար.

2) հիմք ընդունելով յուրաքանչյուր նախորդ տարվա` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց փաստացի քանակական տվյալները` յուրաքանչյուր հաջորդ տարվա համար կազմել և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել բյուջետային ֆինանսավորման հայտ` միանվագ դրամական փոխհատուցման միջոցներ նախատեսելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 46-րդ կետը` 2017 թվականի հունվարի 1-ից:

(վերնագիրը փոփ. 18.06.2020 թիվ 1030-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի մայիսի 5-ի

N 492-Ն որոշման

 

ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆ ԶՈՀԵՐԻՆ, ԶՈՀԵՐԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԶՈՀԵՐԻՆ «ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՉԱՓԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԵՐԵԽԱ ԶՈՀԵՐԻ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

(վերնագիրը փոփ. 18.06.2020 թիվ 1030-Ն որոշում)

 

I. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

(I գլխի վերնագիրը լրաց. 18.06.2020 թիվ 1030-Ն որոշում)

 

1. Սույն կարգով կարգավորվում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին (այսուհետ` զոհեր) «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) նախատեսված աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգը նպատակ ունի սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, բժշկական, իրավական և օրենքով նախատեսված աջակցության այլ միջոցների կիրառմամբ օգնելու զոհերին բարելավել իրենց կենսագործունեությունը, հիմնական կենսական կարիքների բավարարումը, սոցիալական պաշտպանության միջոցով աջակցել նրանց սոցիալական խնդիրների լուծմանը, հասարակությանը լիարժեք վերաինտեգրմանը:

3. Օրենքով սահմանված աջակցության դրույթները կիրառվում են միայն զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի օրինական ներկայացուցչի համաձայնությամբ, նրա կարիքների գնահատման հիման վրա:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն) ապահովում է աջակցության տրամադրումը և համակարգում է սոցիալական ծառայություններ տրամադրող հիմնարկների ու կազմակերպությունների գործողությունները` ուղղված զոհերի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական վերականգնմանը:

5. Զոհերին միանվագ դրամական փոխհատուցման, ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերի կարգավորման շրջանակներից դուրս նաև պետության կողմից չերաշխավորված աջակցության տեսակների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական միջոցների, իրավաբանական և ֆիզիկական անձանց նվիրատվությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախարարությանը հատկացված` թրաֆիքինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունների բյուջետային ծախսերը ֆինանսավորող ծրագրի միջոցները նախատեսվում են թրաֆիքինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունների մատուցման, նրանց մատչելի, բազմակողմանի ու օպերատիվ աջակցության կազմակերպման համար:

7. Թրաֆիքինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպություններին դրամաշնորհը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարումն ապահովող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Թրաֆիքինգի զոհերին սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպությունն ընտրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 851-Ն որոշմամբ սահմանված կարգով: Նախարարության և կազմակերպության միջև կնքվում է դրամաշնորհի տրամադրման պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան:

(7-րդ կետը փոփ. 18.06.2020 թիվ 1030-Ն որոշում)

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 18.06.2020 թիվ 1030-Ն որոշում)

9. Իրավասու մարմինը կամ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովը սահմանված կարգով զոհին ուղղորդում է աջակցություն իրականացնող կազմակերպություն, որի հետ կնքվել է սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դրամաշնորհի հատկացման պայմանագիրը:

(9-րդ կետը փոփ. 18.06.2020 թիվ 1030-Ն որոշում)

10. Կազմակերպությունը կազմակերպում է զոհի տեղափոխումը և ընդունելությունը կազմակերպության ժամանակավոր կացարանում` սույն կարգի դրույթներին համապատասխան: Կացարանը պետք է ապահովված լինի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի սեպտեմբերի 19-ի N 15-Ն հրամանով սահմանված պահանջները բավարարող սանիտարահիգիենիկ և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի N 595-Ն հրամանով հաստատված հակահրդեհային անվտանգության անհրաժեշտ պայմաններով, ունենա «վստահության հեռախոս» սոցիալական ծառայություն` որակավորում ունեցող խորհրդատուի հետ անանուն հեռախոսազրույց ապահովելու համար:

11. Ժամանակավոր կացարանը տրամադրվում է`

1) հավանական զոհերին նախանույնացման փուլի տևողությամբ` 10 օրից մինչև մեկ ամիս ժամկետով, հետևյալ հիմքերի առկայության դեպքում`

ա. իրավասու մարմնի ներկայացմամբ,

բ. գործընկեր հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ,

գ. հավանական զոհի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա.

2) զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին նույնացման գործընթացի ավարտից հետո` մինչև 12 ամիս ժամկետով, նույնացման հանձնաժողովի` անձին զոհ ճանաչելու մասին որոշման հիման վրա:

12. Աջակցություն և (կամ) պաշտպանություն տրամադրելու մասին կայացված որոշման, ինչպես նաև իրավասու մարմնի միջնորդության մեջ հստակ նշվում են աջակցության և (կամ) պաշտպանության այն տեսակները, որոնք անհրաժեշտ է տրամադրել տվյալ զոհին:

13. Ժամանակավոր կացարանում զոհի ընդունելությունն իրականացվում է շուրջօրյա: Անհրաժեշտության դեպքում կացարան տրամադրվում է նաև հատուկ կատեգորիայի զոհի օրինական ներկայացուցչին և (կամ) զոհի խնամքի տակ գտնվող երեխային:

14. Ժամանակավոր կացարան տեղափոխված անձին զննում է կացարանի բժիշկը, որոշում ընդունելության համար բժշկական հակացուցումների առկայությունը կամ բացակայությունը և առաջարկում է անհրաժեշտության դեպքում անձին սանիտարական մշակման ենթարկել:

15. Ժամանակավոր կացարանում կացարանի համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը գրանցում է զոհի մասին տվյալները զոհերի հաշվառման մատյանում, որտեղ գրանցվում են նաև հատուկ կատեգորիայի զոհի հետ կացարանում բնակվող օրինական ներկայացուցչի և (կամ) զոհի խնամքի տակ գտնվող երեխայի տվյալները:

16. Հաշվառման մատյանի ձևը և վարման կարգը հաստատում է կազմակերպության ղեկավարը:

17. Կացարան ընդունված յուրաքանչյուր զոհի համար լրացվում է հաշվառման քարտ, որտեղ գրանցվում են`

1) անձի անունը, հայրանունը, ազգանունը.

2) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

3) անձը հաստատող փաստաթղթի տվյալները (առկայության դեպքում).

4) ընտանեկան դրությունը.

5) անձի մասին տեղեկատվության տրամադրման աղբյուրը.

6) կացարան տրամադրելու և կացարանից դուրս գրելու օրը, ամիսը, տարեթիվը:

18. Հաշվառման քարտի ձևը հաստատում է կազմակերպության ղեկավարը: Զոհի հաշվառման քարտը պահվում է նրա անձնական գործում, որը պարունակում է նրա անձը հաստատող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում), նույնացման հանձնաժողովի որոշման քաղվածքը և (կամ) իրավասու մարմնի միջնորդությունը, սոցիալ-հոգեբանական վերականգնման անհատական ծրագիրը:

19. Անձին կրկին կացարան ընդունելու դեպքում հաշվառման քարտում այդ մասին կատարվում է համապատասխան գրառում:

20. Անձը չի կարող ընդունվել կացարան, եթե տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1286 որոշմամբ հաստատված և խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող` շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով և այլ վարակիչ հիվանդությամբ: Այդ դեպքում կազմակերպությունը հիվանդ զոհի մասին տեղեկացնում է նախարարությանը, որը միջնորդում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հիվանդի (նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ նրա բուժման հարցը լուծելու համար:

21. Ժամանակավոր կացարանի սոցիալական աշխատողը, ամփոփելով սույն կարգի 15-րդ և 17-րդ կետերով սահմանված տվյալներն ու տեղեկությունները, ինչպես նաև զոհի հետ հարցազրույցի արդյունքները, գնահատում է նրա սոցիալական կարիքները և կազմում է անհատական սոցիալ-հոգեբանական վերականգնման ծրագիր:

22. Կացարանի սոցիալական աշխատողը և համապատասխան լիազորություններով օժտված մյուս աշխատողները (պաշտոնատար անձինք) մշակում, պարբերաբար վերանայում և յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում իրականացնում են զոհի սոցիալ-հոգեբանական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումներ:

23. Հատուկ կատեգորիայի զոհի սոցիալ-հոգեբանական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումները մշակելիս, վերանայելիս և իրականացնելիս հաշվի է առնվում նաև նրա օրինական ներկայացուցչի կարծիքը, եթե այն բացասաբար չի ազդի վերականգնման գործընթացի վրա կամ չի խոչընդոտի դրա արդյունավետ իրականացմանը:

24. Ժամանակավոր կացարանում զոհին հատկացվում է մահճակալ` անկողնային սպիտակեղենի լրակազմով, ներքին սպիտակեղեն և անձնական հիգիենայի պարագաներ (սրբիչ, օճառ, ատամի մածուկ, խոզանակ և այլն), անհրաժեշտության դեպքում` երեխաների խնամքի պարագաներ, սնունդ` օրական առնվազն երեք անգամ, ընդ որում, հատուկ սննդակարգի կարիք ունեցող անձանց համար բժշկի ցուցումով նշանակվում է դիետիկ սնունդ:

25. Զոհերին կարող են տրամադրվել նաև օրենքով նախատեսված աջակցության հետևյալ տեսակները`

1) բնաիրային օգնություն.

2) անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում կամ վերականգնում.

3) բժշկական օգնություն և սպասարկում.

4) հոգեբանական օգնություն.

5) խորհրդատվական օգնություն.

6) իրավաբանական օգնություն.

7) խնամքի տրամադրում.

8) թարգմանչական ծառայությունների մատուցում.

9) կրթական, մասնագիտացված բժշկական, աշխատանքի տեղավորման և այլ ծառայություններ, որոնք կազմակերպությունն իրականացնում է մասնագիտացված կազմակերպությունների միջոցով.

10) անվտանգ վերադարձի կազմակերպում.

11) միանվագ դրամական փոխհատուցում:

26. Զոհին, ինչպես նաև հատուկ կատեգորիայի զոհի օրինական ներկայացուցչին և (կամ) զոհի խնամքի տակ գտվող երեխային կազմակերպությունը տրամադրում է բնաիրային օգնություն` նրանց անհատական կարիքներին համապատասխան: Այն նպատակային է, հասցեական և ուղղված է անձի հիմնական կարիքների բավարարմանը: Օգնությունը ներառում է սնունդ, հագուստ, կոշիկ, հիգիենայի միջոցներ, երեխաների խնամքի պարագաներ, առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ: Օգնության տեսակը և չափը որոշվում է անհատական, յուրաքանչյուր անձի համար:

27. Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աջակցում է զոհին ստանալու անձը հաստատող և սոցիալական ծառայություններ տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթեր (ատեստատ, դիպլոմ, նախկինում աշխատելու մասին տեղեկանք, ծննդյան վկայական և այլ փաստաթղթեր)` դրանց բացակայության դեպքում: Անհրաժեշտության դեպքում աջակցում է համապատասխան փաստաթղթերը ձևակերպելու և համապատասխան մարմիններ ներկայացնելու հարցերում` կենսաթոշակ, նպաստ, օրենսդրությամբ սահմանված այլ վճարներ ստանալու, բժշկասոցիալական փորձաքննության և սոցիալական որոշակի խնդիրները լուծելու նպատակով:

28. Կազմակերպությունը կազմակերպում է կացարանում գտվող անձանց բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը` նրանց` այնտեղ գտնվելու ողջ ընթացքում:

29. Անհետաձգելի բժշկական օգնությունը ցուցաբերվում է հավանական զոհին նախանույնացման փուլում` կացարանի գտնվելու վայրի համապատասխան բժշկական հաստատության և (կամ) կացարանի բժշկի կողմից:

30. Բժիշկը կատարում է անձի առողջական վիճակի նախնական զննում և կայացնում է համապատասխան եզրակացություն: Բժշկական ցուցումների հիման վրա անձը ստանում է ամբուլատոր բուժում և ապահովվում է առաջին բժշկական օգնության անհրաժեշտ դեղորայքով:

31. Կազմակերպության բժշկի կողմից յուրաքանչյուր անձի համար լրացվում է մեծահասակների (մանկական) ամբուլատոր բժշկական քարտ, որտեղ գրանցվում են նրա անձնական տվյալները, բժշկական զննության արդյունքները, ցուցաբերված բժշկական օգնության և սպասարկման տեսակներն ու նկարագրությունը, կցվում են համապատասխան հաստատության կողմից իրականացված լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների արդյունքները:

32. Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով արտահիվանդանոցային ու հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման:

33. Անհրաժեշտության դեպքում կազմակերպությունը զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի օրինական ներկայացուցչի համաձայնությամբ դիմում է նախարարություն` հիվանդին համապատասխան բժշկական հաստատություն ուղեգրելու համար: Նախարարության միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում կառավարության լիազորած պետական մարմինը կազմակերպում է հիվանդի ուղեգրումը համապատասխան բժշկական հաստատություն:

34. Զոհի` վարակիչ, այդ թվում` շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ հիվանդ լինելու դեպքում կազմակերպության բժիշկը կամ այլ իրավասու աշխատողը անհապաղ մեկուսացնում է նրան` կացարանում գտնվող այլ անձանց հետ տվյալ անձի անմիջական շփումը բացառելու համար և մեկօրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է նախարարությանը` մասնագիտացված բժշկական հաստատություն հիվանդի տեղափոխումը սահմանված կարգով կազմակերպելու համար:

35. Հոգեբանական օգնությունը տրամադրվում է անձի` թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվելու հետևանքով առաջացած անկայուն հոգեբանական վիճակը վերականգնելու, սթրեսը հաղթահարելու, սոցիալական կապերը վերականգնելու, ընտանիքի հետ հարաբերությունները վերահաստատելու, կարողությունները ամրապնդելու, անկախության և ինքնաբավության համար անհրաժեշտ հմտություններ ձեռք բերելու համար:

36. Զոհին հոգեբանական օգնություն տրամադրելու նպատակով կացարանի սոցիալական աշխատողները և հոգեբանը գնահատում են նրա հոգեբանական վիճակը, մշակում են, պարբերաբար վերանայում են հոգեբանական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումներ և իրականացնում են համապատասխան աշխատանքներ` զոհի հոգեկան կյանքի կարգավորման, սոցիալական միջավայրին հարմարվելու, սթրեսային վիճակներին դիմակայելու, սոցիալական հմտությունները զարգացնելու և հասարակական կյանքում նրանց ներգրավելուն աջակցելու նպատակով:

37. Հոգեբանական օգնություն տրամադրելիս հաշվի են առնվում զոհի անհատական կարիքները:

38. Խորհրդատվական օգնությունը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկվելու հետևանքով ստեղծված իրավիճակից դուրս գալու, սոցիալական խնդիրների լուծման ուղիներ և եղանակներ գտնելու միջոցների, հասարակությանը սոցիալական վերաինտեգրմանն ուղղված խորհուրդների և առաջարկությունների, ինչպես նաև համարժեք աջակցություն ստանալու վերաբերյալ զոհերին և նրանց օրինական ներկայացուցիչներին տեղեկատվության տրամադրումն է:

39. Իրավաբանական օգնությունն իրավաբանական խորհրդատվությունն է, ինչպես նաև իրավաբանական աջակցությունն է անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, փաստաթղթերի վերականգնման կամ դրանց բացակայության դեպքում դրանք ձեռք բերելու, պետական ծառայություններից օգտվելու և «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով համապատասխան ծառայությունների մատուցումն է:

40. Հատուկ կատեգորիայի զոհերի, ինչպես նաև տարեց և հաշմանդամություն ունեցող զոհերի խնամքը (ներառյալ համապատասխան հաստատություններում) կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1112-Ն որոշմանը համապատասխան: Խնամքը կարող է տրամադրվել ինչպես կացարանում` կացարանի աշխատողների կողմից` խնամքի համար օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան պայմանների առկայության պարագայում, այնպես էլ` նախարարության միջնորդությամբ` համապատասխան լիազորություններով օժտված մարմինների ուղեգրմամբ խնամք տրամադրող հատուկ հաստատություններում:

41. Անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է զոհին թարգմանչական ծառայությունների տրամադրում` նրան հասկանալի լեզվով բանավոր թարգմանություն տրամադրելու, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի գրավոր թարգմանություններ ապահովելու համար:

42. Կացարան տրամադրող կազմակերպությունը, համագործակցելով համապատասխան ուսումնական հաստատությունների հետ, կազմակերպում է կացարանում գտնվող երեխաների կրթությունը, որը կարող է իրականացվել ինչպես մասնավոր դասընթացների միջոցով, այնպես էլ` հանրակրթական կամ հատուկ դպրոցներում:

43. Համագործակցելով նախարարության աշխատակազմի «Զբաղվածության պետական գործակալության» հետ` կազմակերպությունն աջակցում է զոհին օգտվելու «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվելու իրավունքից:

44. Նախանույնացման փուլում, հավանական զոհի նկատմամբ մարդասիրական դրդումներից ելնելով, կիրառվում են օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված սոցիալական աջակցության անհետաձգելի միջոցները, եթե նա ակնհայտորեն աջակցության կարիք ունի:

45. Աջակցությունը դադարեցվում է`

1) հավանական զոհերին` օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում` նույնացման հանձնաժողովի որոշման հիման վրա.

2) զոհերին` օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում` նույնացման հանձնաժողովի որոշման հիման վրա:

46. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով աջակցության դադարեցման դեպքում աջակցության դադարեցման մասին նույնացման հանձնաժողովի որոշմամբ բոլոր զոհերին տրվում է միանվագ դրամական փոխհատուցում ստանալու հնարավորություն: Դրամական փոխհատուցման տրամադրումն ուղղված է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկվելու ընթացքում անձի կրած վնասների մասնակի փոխհատուցմանը և կազմում է 250000 դրամ:

47. Սույն կարգի 46-րդ կետում նախատեսված գումարը փոխանցվում է զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի օրինական ներկայացուցչի կողմից ընտրված բանկում նախօրոք բացված բանկային հաշվին:

 

II. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԵՐԵԽԱ ԶՈՀԵՐԻ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

(II գլուխը լրաց. 18.06.2020 թիվ 1030-Ն որոշում)

 

48. Հատուկ կատեգորիայի երեխա զոհերի ուղղորդման (այսուհետ` ուղղորդում) նպատակն է երեխայի հնարավոր շահագործման դեպքերի նախականխումը, կանխարգելումը և բացահայտումը, ինչպես նաև նրա պաշտպանությունը` տեղեկությունների փոխանցման, փոխանակման, ստացված տեղեկությանն արագ արձագանքման, տուժողների նույնացման և աջակցության միջոցառումների կազմակերպման միջոցով:

49. Ուղղորդման գործընթացի համակարգման պատասխանատուներն են`

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` որպես տուժողի նույնացման և աջակցության կազմակերպման իրավասու մարմին.

2) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը` որպես հետաքննություն իրականացնող և երեխայի պաշտպանությունն ապահովող իրավասու մարմին.

3) գործընկեր հասարակական կազմակերպությունը` որպես աջակցող և ժամանակավոր կացարանում կամ կացարանից դուրս երեխայի խնամքն ու սոցիալ-հոգեբանական վերականգնումն ապահովող իրավասու մարմին:

50. Ուղղորդման մասնակիցներն են պետական (ներառյալ անկախ պետական մարմինները) և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները` ի դեմս համապատասխան ստորաբաժանումների, դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունները, «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց (այսուհետ` ուղղորդման մասնակիցներ):

51. Ուղղորդումն իրականացվում է երկու եղանակով`

1) հայտնաբերողի կողմից իրավասու մարմիններից որևէ մեկին հնարավոր հանցագործության մասին տեղեկությունների փոխանցման.

2) երեխայի աջակցությունը և պաշտպանությունը կազմակերպելու նպատակով սույն կարգի 55-րդ կետով նախատեսված աջակցող կազմակերպություններ ուղղորդման:

52. Երեխայի նկատմամբ թրաֆիքինգի և շահագործման ենթադրյալ հանցագործության մասին տեղեկությունների փոխանցման, փոխանակման, երեխայի ուղղորդման ընթացքում իրավասու մարմինները համագործակցում են միմյանց, ինչպես նաև ուղղորդման մասնակիցների հետ, մասնավորապես`

1) նույնացման հանձնաժողովի հետ` որպես երեխային մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հատուկ կատեգորիայի զոհ ճանաչող և աջակցության իրավունք ընձեռող մարմին, ում իրավասու մարմինները տրամադրում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված երեխաների նույնացման համար անհրաժեշտ տեղեկություններ.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ` ի դեմս`

ա. Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների հետ (համաձայնությամբ, այսուհետ` մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի բաժիններ)` որպես տեղեկատվական աղբյուր և վարույթի իրականացման ընթացքում մասնագիտական օժանդակություն ցուցաբերող մարմին,

բ. խնամակալության և հոգաբարձության մարմինների հետ` որպես երեխայի նկատմամբ խնամակալի կամ հոգաբարձուի պարտականությունները ժամանակավոր կատարող ու նրա իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը` ներառյալ ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքն ապահովող վարչական մարմին,

գ. Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքապետարան ների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումների` սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների և սոցիալական աջակցության տարածքային բաժինների հետ (այսուհետ` տարածքային մարմին)` որպես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի և նրա ընտանիքի պաշտպանությունն իրականացնող տարածքային մարմին,

դ. միգրացիոն ծառայության հետ` որպես Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող և փախստականի կարգավիճակ ստացած անձանց հետ աշխատելու իրավասություն ունեցող մարմին,

ե. երեխաներին շուրջօրյա կամ ժամանակավոր խնամք տրամադրող բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների հետ (մանկատուն, ճգնաժամային աջակցության կենտրոն, երեխաների խնամքի ցերեկային հաստատություն, հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն) (այսուհետ` հաստատություն),

զ. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ` որպես օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերի պաշտպանությունն ապահովող մարմին,

է. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հետ` որպես նախաքննություն իրականացնող մարմին` երեխայի մասնակցությամբ քննչական գործողություններն արդյունավետ կազմակերպելու և երեխայի իրավունքներն ու օրինական շահերն ապահովելու համար,

ը. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ` որպես մինչև 18 տարեկան անձանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին,

թ. Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հետ` որպես «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի` 1989 թվականի նոյեմբերի 20-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնող մարմին:

53. Երեխայի ուղղորդումն սկսվում է ուղղորդման մասնակիցների կողմից նրան հայտնաբերելու կամ հնարավոր հանցագործության մասին տեղեկություններ ստանալու պահից:

54. Տեղեկատվական հոսքերի ուղղությունները պայմանավորված են տեղեկատվության սկզբնաղբյուրներով`

1) ուղղորդման մասնակիցները ձեռք բերած տեղեկությունները փոխանցում են իրավասու մարմիններին.

2) իրավասու մարմինները փոխանակվում են իրենց հայտնի դարձած տեղեկություններով, ինչպես նաև տրամադրում են այն նույնացման հանձնաժողովին:

55. Տեղեկությունների շրջանառմանը զուգահեռ երեխան ուղղորդվում է գործընկեր կազմակերպություն` օրենքով սահմանված աջակցություն ստանալու համար: Ելնելով գնահատված կարիքներից` օգնությունը կարող է տրամադրվել ժամանակավոր կացարանում, ընտանիքում կամ հաստատությունում:

56. Այն դեպքում, երբ հնարավոր չէ ապահովել երեխայի խնամքը կենսաբանական ընտանիքում և անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել նրա սոցիալական կարգավիճակը` այլընտրանքային խնամքի որևէ տեսակում կամ ժամանակավոր կացարանում, իսկ դրա անհնարինության դեպքում բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից մեկում խնամքը կազմակերպելու համար, նախարարությունը համագործակցում է սույն կարգի 52-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններով և 52-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված մարմինների և հաստատությունների հետ` ուղղորդման գործընթացն ապահովելու համար:

57. Եթե երեխան սովորում է հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում, ապա նախարարությունը գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը` երեխային աջակցելու նպատակով գործընկեր հասարակական կազմակերպության ներգրավման մասին` կազմակերպության ներկայացուցչի մուտքը հաստատություն ապահովելու համար:

58. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հետաքննության ընթացքում համագործակցում է այլ իրավասու մարմինների և համագործակցող կողմերի հետ` երեխայի և նրա ընտանիքի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու, երեխայի հետ հաղորդակցվելու և հարցաքննությունը կազմակերպելու համար:

59. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում որևէ քրեական գործով երեխայի թրաֆիքինգի կամ շահագործման դեպք հայտնաբերելիս` այդ տեղեկությունները ներկայացնում է նույնացման հանձնաժողովին և, ըստ անհրաժեշտության, նախաքննության ընթացքում համագործակցում է երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն իրականացնող մարմինների հետ:

60. Գործընկեր հասարակական կազմակերպությունն աջակցում է երեխային` նրա առաջնային կարիքները հոգալու կամ լիարժեք սոցիալական վերականգնումն ապահովելու և կրկնազոհացումից խուսափելու համար, ինչպես նաև համագործակցում է երեխայի կենսաբանական ընտանիքի, կամ խնամքն ստանձնած հաստատությունների, այլընտրանքային ծառայությունների հետ` մինչև նրա սոցիալ-հոգեբանական վերականգնումը:

61. Մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի բաժինները (համաձայնությամբ) իրականացնում են երեխայի նախանույնացումը և նախարարությանը տեղեկացնում են դեպքի մասին, ինչպես նաև համագործակցում են իրավասու մարմինների, սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային մարմինների, համայնքային մարմինների հետ` երեխայի սոցիալական պայմանները, կարիքները, դժվարությունները և դրանից բխող սոցիալական պահանջմունքները գնահատելու և կյանքի դժվարին իրավիճակի հաղթահարմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու համար` ներառյալ դպրոցական տարիքի երեխաների հաշվառման համակարգումն ու վերահսկումը, նրանց ուսումնական հաստատություն ընդգրկման ապահովումը:

62. Տարածքային մարմինները, համագործակցելով իրավասու մարմինների հետ, վարում են սոցիալական դեպքը և գնահատում երեխայի սոցիալական կարիքները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետի 14-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված կարգով կազմակերպում են երեխայի պաշտպանությանն ուղղված անհրաժեշտ միջոցառումները:

63. Նույնացման հանձնաժողովը համագործակցում է իրավասու մարմինների, ուղղորդման այլ մասնակիցների հետ` թրաֆիքինգի և շահագործման դեպքերի մասին ամբողջական տեղեկություններ ստանալու, աջակցության գործընթացը կազմակերպելու, դրան հետևելու, յուրաքանչյուր դեպքը և ստեղծված իրավիճակը վերլուծելու, օրենքով սահմանված կարգով գաղտնի փաստաթղթաշրջանառությունը կազմակերպելու և ապահովելու համար:

64. Խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրենց վերապահված լիազորությունների իրականացման ընթացքում, ելնելով երեխայի լավագույն շահից, համագործակցում են նրա խնամքն ստանձնած գործընկեր հասարակական կազմակերպության կամ հաստատության հետ` երեխայի` անվտանգ միջավայրում ապրելու և զարգանալու իրավունքն ապահովելու համար:

65. Այն դեպքերում, երբ երեխայի լավագույն շահը պահանջում է նրա հրատապ մեկուսացումը, երեխան անմիջապես տեղափոխվում է ժամանակավոր կացարան: Գործողությունների օպերատիվ ընթացքն ապահովելու նպատակով տեղեկությունների փոխանցումը կարող է իրականացվել բանավոր տեղեկացման ընթացակարգով, մինչև պաշտոնական փաստաթղթաշրջանառության մեկնարկը:

66. Սույն կարգի 45-րդ կետով սահմանված հիմքով աջակցության գործընթացի դադարեցմամբ երեխայի ուղղորդումը համարվում է ավարտված:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.05.2016
N 492-Ն
Որոշում