Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

5 մայիսի 2016 թվականի N 17

 

14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությանը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թ. մայիսի 5-ի նիստի

N 17 արձանագրային որոշման

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ԳՆԱՃԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի ընթացքում նվազող համախառն պահանջարկի պայմաններում, իրականացվել է առավել խթանող հարկաբյուջետային քաղաքականություն, իսկ ՀՀ կենտրոնական բանկի կողմից, ընդհանուր առմամբ, իրականացվել է դրամավարկային պայմանների թուլացման քաղաքականություն: Հարկ է նշել, որ ՀՀ հիմնական գործընկեր երկրների տնտեսական դանդաղ աճի տեմպերի և հատկապես Ռուսաստանի Դաշնությունում ավելի խոր տնտեսական անկմանը, ինչպես նաև հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակվող գնանկումային միջավայրի բացասական ազդեցությանը հիմնականում հակազդել են կոորդինացված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություններով:

Տարվա ընթացքում նախ ՀՀ ԿԲ կողմից ակնկալվում էր գների ընդլայնման միջավայր` հատկապես էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված, այնուհետև գյուղմթերքների գների ավելի ցածր մակարդակի ձևավորմամբ պայմանավորված` գնաճի նվազող վարքագիծ: Արդյունքում, 2015 թվականի դեկտեմբերին ամսական գնաճը կազմեց` 1.7%, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ արտահայտվեց 0.1% գնանկում:

Այս ժամանակահատվածում, ՀՀ ԿԲ-ն իհարկե թուլացրել է դրամավարկային քաղաքականության պայմանները: Առաջին կիսամյակի վերջում ՀՀ ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 10.5% մակարդակում և իրականացրել է մակրոպրուդենցիալ մի շարք միջոցառումներ (1): Հաշվի առնելով տարվա երկրորդ կեսից առկա ցածր գնաճային միջավայրը և արտաքին ու ներքին հատվածից ոչ գնաճային ազդեցությունները` ՀՀ ԿԲ-ն շարունակել է աստիճանաբար իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` տարեվերջում սահմանելով 8.75%:

 

-------------------

1) ՀՀ-ում գործող բանկերի կողմից միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված 2 տարի և ավելի ժամկետայնությամբ միջոցները ենթակա են 0-ական կամ նվազեցված դրույքաչափով պահուստավորման: Մակրոպրուդենցիալ միջոցառումների շրջանակներում մեղմացվել են արտաքին վարկանիշների առկայության դեպքում ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջների և արտահանմամբ զբաղվող վարկառուների արտարժութային վարկերի համար սահմանվող ռիսկի կշիռները:

 

Հարկ է նկատել, որ այս միջոցառումների արդյունքում, ՀՀ ֆինանսական և ապրանքային շուկաներում 2014 թվականի տարեվերջից ստեղծված լարվածությունը հիմնականում չեզոքացվել է, բայց պահպանվել է վարկերի նկատմամբ ցածր պահանջարկը, և, հետևաբար, տեղի է ունեցել վարկավորման ծավալների նվազում: Այսպես, առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին և ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալները 2015 թվականին նախորդ տարվա նկատմամբ նվազել են` 3.0%(2), 2014 թվականի 21.3% աճի դիմաց: Իսկ մինչև մեկ տարի ժամկետով ՀՀ դրամով վարկավորման միջին ամսական տոկոսադրույքը տարվա ընթացքում աճել է` օգոստոսին հասնելով 18.86%-ի, այնուհետև նվազել է` դեկտեմբերին հասնելով 15.96%-ի, 2014 թվականի դեկտեմբերի 16.21%-ի դիմաց:

 

----------------

2) Ընդգրկված չեն կուտակված տոկոսները: Վարկերի մեջ ներառված են նաև ֆակտորինգային և լիզինգային գործառնությունները:

 

ՀՀ ԿԲ-ի քաղաքականությունն ուղղված է եղել դրամավարկային պայմանների թուլացմանը, սակայն տոկոսադրույքների փոխանցման արդյունավետությունը ցածր է եղել` պայմանավորված դոլարիզացիայի բարձր մակարդակով: Միաժամանակ, 2015 թվականի գնաճի հաշվետվության որոշ դրույթների վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

«1. Համառոտագիր» բաժնում ներկայացված է հետևյալ դրույթը, որ ցածր ներքին պահանջարկի պարագայում 2015 թվականին արձանագրվել է իրական արտահայտությամբ ապրանքների և ծառայությունների ներմուծման շուրջ 7.0% նվազում, ինչն ուղեկցվել է ապրանքների և ծառայությունների արտահանման տ/տ 14.0% իրական աճով` հանգեցնելով զուտ իրական արտահանման բարելավման (էջ 5): Այդ ցուցանիշները ներկայացված են նաև «2. Կանխատեսում, դրա փոփոխությունները և ռիսկեր» բաժնի «Ընթացիկ հաշիվ» ենթաբաժնում (էջ 16): Անհրաժեշտ է նշել, որ իրական արտահայտությամբ ապրանքների և ծառայությունների արտահանման աճի 2015 թվականի տարեկան ցուցանիշը գերագնահատված է, իսկ ներմուծման դեպքում` թերագնահատված, ինչը վկայում է, որ զուտ արտահանումը բարելավվել է ներմուծման արագ կրճատման հաշվին` համաձայն պաշտոնական տվյալների:

«2.2 Համախառն առաջարկ և համախառն պահանջարկ» բաժնի «Համախառն պահանջարկ» ենթաբաժնում ներկայացված է, որ 2015 թվականի տնտեսական աճը հիմնականում ձևավորվել է զուտ արտահանման նպաստումով, որը պայմանավորված է մրցունակության բարելավման գործընթացի արդյունքում ՀՀ տնտեսության արտահանելի հատվածում արտադրողականության աճի տեմպերի արագացմամբ, ինչն էլ արտահայտվել է 2015 թվականի գյուղատնտեսության, արդյունաբերության և մատուցված ծառայությունների ոլորտների աճով (էջ 14): Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ զուտ արտահանման բարելավումը պայմանավորված է եղել առավելապես ներմուծման նվազմամբ: Ընդ որում` նշենք, որ 2015 թվականի արտահանման իրական աճը պայմանավորվել է ապրանքների արտահանման իրական աճով, ուստի այս պայմաններում ծառայությունների ոլորտի աճով արտահայտված արտահանելի հատվածում արտադրողականության աճի տեմպերի արագացման եզրահանգումը հիմնավոր չէ:

«3. 2015 թվականի չորրորդ եռամսյակի փաստացի զարգացումները» բաժնի «3.4.1 Ընթացիկ հաշիվ» բաժնում ներկայացված է, որ 2015 թվականի չորրորդ եռամսյակում ներմուծման դոլարային արժեքի նվազումը պայմանավորվել է բոլոր ապրանքախմբերի ներմուծման նվազմամբ (էջ 42): Այստեղ պետք է ի նկատի ունենալ, որ նշված միտումներից բացառություն են կազմել «Սարքեր և ապարատներ» և «Թուղթ և թղթից իրեր» ապրանքախմբերը:

«3.2.1. Համախառն առաջարկ» բաժնում ներկայացված է, որ «Արդյունաբերության ճյուղում 2015 թվականի հունվար-դեկտեմբերին թողարկման ծավալների արձանագրված աճը` տ/տ 5.2%, հիմնականում արդյունք է մետաղական հանքաքարերի արդյունահանման (51.5%), ոսկերչական արտադրատեսակների (61.0%), ծխախոտի (49.1%), դեղագործության (25.1%), քիմիական նյութերի (10.3%) և ջրամատակարարման (10.1%) արտադրության ծավալների աճի (էջ 30): Այդ կապակցությամբ նկատենք, որ 2015 թվականին արդյունաբերության թողարկման ծավալների 5.2% աճին ամենամեծ նպաստումն են ունեցել մետաղական հանքաքարերի արդյունահանման (7.5 տոկոսային կետ), ծխախոտի արտադրության (2.5 տոկոսային կետ) և էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների աճերը (1.2 տոկոսային կետ), իսկ նշված ոսկերչական արտադրության, դեղագործության, քիմիական նյութերի արտադրության և ջրամատակարարման արտադրությունները ավելի փոքր նպաստում են ունեցել արդյունաբերության աճին` չնայած արձանագրած բարձր աճերին: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ արդյունաբերության աճը բացատրող ենթաճյուղերից է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը:

«3.2.4. Հարկաբյուջետային քաղաքականություն» բաժնում նշված է, որ «2015 թվականի չորրորդ եռամսյակում պետական բյուջեի կատարումն ընթացել է հարկային եկամուտների թերհավաքագրմամբ` պայմանավորված հարկման բազայի կառուցվածքային փոփոխությամբ (ՀՆԱ-ի աճը հիմնականում պայմանավորված է եղել հարկման ոչ ենթակա գյուղատնտեսության ճյուղի աճով) և տարվա նախորդ եռամսյակների համեմատ ավելի մեծ ծավալով ծախսերի կատարմամբ:» (էջ 33): Այս դիտարկման կապակցությամբ, հարկ է նկատել, որ գյուղատնտեսության ճյուղի իրական աճը նպաստել է ՀՆԱ-ի իրական աճին, իսկ անվանական արտահայտությամբ գյուղատնտեսության ավելացված արժեքը նվազել է 2.3%-ով, հետևաբար այն չէր կարող պայմանավորել հարկային եկամուտների թերհավաքագրումը: Հարկ է նկատել, որ ամբողջ տարվա ընթացքում հարկերի պլանավորվածից ցածր հավաքագրման հիմնական պատճառ են հանդիսացել ներմուծումից հարկերը:

Միաժամանակ նշենք, որ 2015 թվականի ցուցանիշները կանխատեսված են գնահատականների հիման վրա, սակայն ՀՀ ԱՎԾ-ի կողմից փաստացի տվյալները արդեն իսկ հրապարակված են, ինչով էլ պայմանավորված, առկա են տվյալների փաստացիից շեղումներ (Գնաճի հաշվետվության պատրաստումը և հրապարակումը եղել է ավելի վաղ, քան որոշ մակրոտնտեսական ցուցանիշներինը):

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.05.2016
N 17
Արձանագրային որոշում