ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
5 մայիսի 2016 թվականի N 17
16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին, այլ պետական մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին`
1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2015 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը` համաձայն հավելվածի:
2. Ձեռնարկել միջոցներ խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում բացառելու համար` դրա մասին իրազեկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
3. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2016 թ. մայիսի 5-ի նիստի
N 17 արձանագրային որոշման
«Հաստատում եմ»
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարար
Գագիկ Խաչատրյան
-------------------------
«» ------------- 2016 թ.
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2014 թվականի նոյեմբերի 28-ի N 1179-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2015 թվականի ծրագիրը», ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունն (այսուհետ` Տեսչություն) 2015 թվականի ընթացքում իրականացրել է ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, տնտեսվարող սուբյեկտների կողմից բյուջեի եկամուտների ձևավորմանն ու ծախսերի (ն/թ ֆինանսական ծրագրեր, գնումների գործընթաց) իրականացմանն ուղղված գործունեության, հաշվապահական հաշվառման վարման և բյուջեի կատարման մասին հաշվետվությունների կազմման և ներկայացման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգումներ, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանումների աշխատանքների գնահատում: Իրականացված ստուգումներով ընդգրկվել են նաև պետական և պետական մասնակցության ընկերություններում ՀՀ պետական բյուջեից գումարների հատկացման և ծախսման, ինչպես նաև շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման, զուտ շահույթի բաշխման ճշտության հարցերը:
Տեսչության կողմից ստուգումներ են իրականացվել նաև ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականների հիման վրա, որոնք միտված են եղել բացահայտել տնտեսության առանձին ոլորտներում առկա հիմնախնդիրները և պետական ռեսուրսների օպտիմալ օգտագործման պայմաններում գտնել դրանց լուծման լավագույն ուղիները:
Բացի վերը նշված ծրագրային և հատուկ հանձնարարականներով իրականացված ստուգումներից ՀՀ իրավապահ մարմինների հետ համագործակցության շրջանակներում վերջիններիս պահանջով և առաջադրած հարցերի շրջանակներում պետական և մասնավոր կազմակերպություններում իրականացվել են համապատասխան ստուգումներ և տրամադրվել մասնագիտական եզրակացություններ:
Տեսչությունն իր գործունեության ընթացքում առաջնորդվել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2002 թ. հուլիսի 11-ի թիվ 1112-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հսկողության կարգ»-ով, ՀՀ կառավարության 2014 թ. հունիսի 12-ի թիվ 612-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կանոնադրությամբ, «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 23.02.2012 թ. թիվ 207-Ն որոշմամբ:
II. 2015 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
. ՀՀ վարչապետի 2014 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 1179-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2015 թվականի ծրագրով» հաշվետու ժամանակահատվածում ավարտվել և ամփոփվել են թվով 5 ստուգումներ:
. ՀՀ իրավապահ մարմինների կողմից 2014թ. և 2015թ. ներկայացված պահանջով հաշվետու ժամանակահատվածում ավարտվել և ամփոփվել են թվով 20 ստուգումներ:
. ՀՀ վարչապետի հանձնարարականների հիման վրա իրականացվել է թվով 8 ստուգումներ, որից թվով 4 ԱՊՀ մասնակից պետությունների գործադիր մարմիններում (ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտե, ՀԱՊԿ քարտուղարություն և Միացյալ շտաբ, ԱՊՀ գործադիր կոմիտեի նստակայան և կոմիտեի բաժանմունք):
Ընդհանուր առմամբ 2015 թվականի ընթացքում Տեսչության կողմից իրականացվել և ամփոփվել են թվով 33 ստուգումներ:
2015 թ. ընթացքում կատարված ստուգումներով արձանագրվել է 1,205.2 մլն. դրամի խախտման փաստեր, որից 2015 թ. ծրագրի շրջանակներում կատարված թվով 5 ստուգումներով 339.5 մլն. դրամ, ՀՀ իրավապահ մարմինների պահանջով կատարված թվով 20 ստուգումներով` 767.0 մլն. դրամ, իսկ ՀՀ վարչապետի հանձնարարականներով կատարված թվով 8 ստուգումներով` 98.7 մլն. դրամ:
Կից` ներկայացվում է 2015 թվականի ընթացքում իրականացված ստուգումների վերաբերյալ Հաշվետվությունը` «Նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը և դրա լրացման ուղեցույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 29.12.2011 թ. թիվ 1905-Ն որոշմամբ հաստատված ձևաչափով:
. Հաշվետու ժամանակահատվածում աշխատանքներ են իրականացվել նախորդ ժամանակահատվածում ստուգումներով արձանագրված գումարների վերականգնման և/կամ վերաձևակերպման ցուցանիշների բարելավման ուղղությամբ: Հսկողություն է իրականացվել արձանագրված խախտումների, թերությունների և բացթողումների վերացման նպատակով համապատասխան մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումների նկատմամբ:
Արդյունքում, Տեսչության կողմից 2015 թվականի ընթացքում իրականացված աշխատանքներով 2010-2015 թթ. արձանագրված գումարներից վերականգնվել է 616,859.3 հազ. դրամ և վերաձևակերպվել 19,723,623.8 հազ. դրամ, ընդամենը` 20,340,483.1 հազ. դրամ (տես` Աղյուսակ 1-ը):
Ընդամենը 20,340,483.1 հազ. դրամ գումարից 134,054.8 հազ. դրամը վերականգնվել է ՀՀ պետական բյուջե (որից փաստացի ՀՀ պետական բյուջե վերականգնվել է 114,427.3 հազ. դրամ, համայնքային բյուջե` 8,178.4 հազ. դրամ, աշխատանքով` 11,449.1 հազ. դրամ), 462,162.6 հազ. դրամի չափով պակասեցվել է ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորման ենթակա գումարները, 20,641.9 հազ. դրամը վերականգնվել է կազմակերպությունների հաշվին, 19,723,623.8 հազ. դրամի չափով կատարվել է վերաձևակերպումներ:
Աղյուսակ 1
._____________________________________________________________________.
|ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ|Վերականգնվել կամ վերաձևակերպվել է |
|ՏԱՐԵԹԻՎ |_________________________________________________________|
| |Ընդամենը |Վերա- |Պակասեցվել|Վերա- |Հաշվառումով |
| | |կանգնվել |է ֆինան- |կանգնվել է|վերաձևա- |
| | |է բյուջե |սավորումից|կազմա- |կերպվել է |
| | | | |կերպության| |
| | | | |հաշվին | |
| |_________________________________________________________|
| | (հազ. դրամ) |
|___________|_________________________________________________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___________|____________|_________|__________|__________|____________|
| 2010 թ. | 11,255.7 | 2,590.0| -| 8,625.7| 40.0|
|___________|____________|_________|__________|__________|____________|
| 2011 թ. | 3,925.0 | 3,094.8| -| -| 830.2|
|___________|____________|_________|__________|__________|____________|
| 2012 թ. | 140,359.0 | 16,780.6| 1,634.4| 10,406.6| 111,537.4|
|___________|____________|_________|__________|__________|____________|
| 2013 թ. | 26,084.7 | 25,243.6| -| 841.1| -|
|___________|____________|_________|__________|__________|____________|
| 2014 թ. |20,110,443.5| 52,748.7| 460,528.2| 246.4|19,596,920.2|
|___________|____________|_________|__________|__________|____________|
| 2015 թ. | 48,415.2| 33,597.1| -| 522.1| 14,296.0|
|___________|____________|_________|__________|__________|____________|
|ԸՆԴԱՄԵՆԸ |20,340,483.1|134,054.8| 462,162.6| 20,641.9|19,723,623.8|
|2015 թ | | | | | |
|ԸՆԹԱՑՔՈՒՄ | | | | | |
._____________________________________________________________________.
. Հաշվետու ժամանակահատվածում, բացի վերը նշված աշխատանքներից, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության աշխատակիցը մասնակցել է մի շարք պետական և պետական մասնակցությամբ կազմակերպությունների լուծարային հանձնաժողովների աշխատանքներին` ընդգրկվելով նշված հանձնաժողովներում որպես ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացնող անդամ:
Հաշվետու ժամանակաշրջանում լուծարային հանձնաժողովների աշխատանքների արդյունքում լուծարվել են թվով 15 կազմակերպություններ, թվով 4 կազմակերպություններում լուծարային հանձնաժողովների գործունեությունը դադարեցվել է ՀՀ կառավարության 2009 թ. փետրվարի 12-ի թիվ 252-Ն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն, եթե իրավաբանական անձը չունի պետական գրանցում և իրավաբանական անձի գույքը հայտնաբերված չէ, ապա հանձնաժողովի գործունեությունը դադարեցվում է` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով, իսկ լուծարային գործընթացում գտնվող թվով 5 կազմակերպություններին սնանկ ճանաչելու նպատակով դիմումներ են ներկայացվել ՀՀ ընդհանուր իրավասության դատարաններ: Բազմաթիվ կազմակերպությունների լուծարային գործընթացները դեռևս ընթանում են:
III. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ
Ինչպես վերը նշվեց, ՀՀ վարչապետի 2014 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 1179-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2015 թվականի ծրագրով» 2015 թվականի ընթացքում իրականացվել է թվով 5 ստուգումներ: Իրականացված ստուգումներով արձանագրված գումարների վերականգնման կամ վերաձևակերպման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է ստորև աղյուսակում (առավել մանրամասն` կից հավելված 1-ում).
.___________________________________________________.
|ՍՏՈՒԳՄԱՆ ՀԻՄՔԸ|Արձանագրվել է |Ենթակա է վերականգնման|
| | |կամ վերաձևակերպման |
| |____________________________________|
| | հազ. դրամ |
|______________|____________________________________|
| 1 | 2 | 3 |
|______________|______________|_____________________|
|2015 թ. ծրագիր| 339,463.8 | 253,698.2 |
.___________________________________________________.
Իրականացված ծրագրային ստուգումներով ընդհանուր առմամբ ընդգրկվել են թվով 1 նախարարություն (ՀՀ առողջապահության նախարարություն), ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության թվով 4 կազմակերպություններ:
2015 թ. սկզբնական ծրագրով նախատեսված ստուգումներից չեն իրականացվել թվով 18-ը (հիմքը` ՀՀ վարչապետի 10.12.2015 թ. N 1198-Ա որոշումը):
Ծրագրային ստուգումներով բացահայտված խախտումներ և թերություններ,
դրանց վերացման գծով Տեսչության կողմից տրված առաջարկներ
Ծրագրային ստուգումների համատեքստում անդրադարձ կատարենք Տեսչության կողմից պետական մարմիններում և/կամ դրանց ենթակայության համակարգերում իրականացված առանձին ստուգումների.
ՀՀ առողջապահության նախարարություն
1. «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» ծրագիր.
- Նախարարության աշխատակազմի մասով ՀՀ պետական բյուջեում նախատեսված գումարներից 2012-2014 թթ. չի ծախսվել 91544.2 հազ. դրամ: Չծախսված գումարների մի մասը վերաբաշխվել է այլ բյուջետային ծախսերի ֆինանսավորմանը, մի մասն էլ ՀՀ պետական բյուջեից չի ֆինանսավորվել: Տնտեսումները մասամբ հետևանք են նրան, որ առանձին ծախսային հոդվածներով պահանջ ներկայացնելիս հաշվի չեն առնվել նախորդ տարիների ծախսերի մակարդակը, ինչպես նաև պահեստավորված միջոցների մնացորդները:
- Նախարարի աշխատակազմի մասով «Կապի ծառայություններ» հոդվածով ֆինանսական միջոցների նախատեսման ընթացքում հաշվի չի առնվել նախորդ տարիների փաստացի ծախսերի մակարդակը և ՀՀ պետական բյուջեում նախատեսվել են ավել գումարներ:
2. «Հաշմանդամ և կարիքավոր երեխաներին օրթեզներով և կորսետներով ապահովման ծառայություններ» ծրագիրը.
ՀՀ պետական բյուջեում նշված ծրագրով օրթեզների և կորսետների գների հաշվարկը ընդհանուր առմամբ կատարվել է ՀՀ կառավարության 04.03.2004 թ. N 318-Ն որոշման հաստատված կարգով և օրթեզների և կորսետների գների նախատեսման համար հիմք են հանդիսացել կատարողի` «Օրթեզ» ՍՊԸ-ի ներկայացրած գնագոյացման հաշվարկները: Սակայն «Օրթեզ» ՍՊԸ-ի ներկայացրած միավոր գների հաշվարկներում ներառվել են չհիմնավորված ծախսեր (ավել են հաշվարկվել օգտագործվող նյութերի արժեքները, տարածքի վարձակալության ծախսեր), որոնց արդյունքում ՀՀ պետական բյուջեից 2012-2014 թթ. ավել է փոխհատուցվել 32432.5 հազ. դրամ;
3. «Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագիր.
ՀՀ 2012 թ. պետական բյուջեում ծրագրի ծախսը նախատեսվել է 1195 սովորողների հաշվով, սակայն ծրագիրն իրականացնող քոլեջների հետ կնքված պայմանագրերի ու հանձնման-ընդունման արձանագրությունների համաձայն ուսանողների թիվը կազմել է 1064 ուսանող կամ նախատեսվածից 131-ով պակաս: Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» ՀՕ-160-Ն օրենքի 35-րդ «ՈՒսումնական հաստատության ֆինանսավորումը» հոդվածի պահանջը (ուսումնական հաստատության ֆինանսավորումը պետական բյուջեից կատարվում է կախված սովորողների թվից) 2012 թ. ՀՀ պետական բյուջեից ավել ֆինանսավորված գումարը կազմում է 5779.4 հազ. դրամ:
4. «Վարակիչ հիվանդությունների օջախների ախտահանման ծառայություններ» ծրագրով «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ներկայացված մեկ օջախի ախտահանման գնահաշվարկում ծախսերը հաշվարկվել են ակնհայտ բարձր, ընդ որում գնահաշվարկում ներկայացված ծախսը հիմք է հանդիսացել նաև ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամաններում մեկ օջախի ախտահանման գնի և պայմանագրային գումարի հաշվարկման համար:
5. ՀՀ կառավարության 16.09.2010 թ. թիվ 1242-Ն որոշմամբ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին սպասարկող ավտոմեքենաների առավելագույն գինը սահմանվել է 13000,0 հազ. դրամ: Հաշվի առնելով նշվածը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կառավարության 15.12.2012 թ թիվ 1422-Ն որոշմամբ նախարարությանը ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար հատկացվել է 13000,0 հազ. դրամ: Սակայն ձեռք է բերվել մեկ հատ TOYOTA CAMRY 2,5 CAS մակնիշի ավտոմեքենա գումարով 14000,0 հազ. դրամ, որից 13000,0 հազ. դրամ փոխանցվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված գումարների հաշվին, իսկ 1000,0 հազ. դրամը վճարել է «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-Ն:
6. «Արյան հավաքագրման ծառայություններ» ծրագրով փաստացի մատուցված ծառայությունների համեմատ ավել է կատարողական է ներկայացվել և ՀՀ պետական բյուջեից վճարվել 36,0 հազ. դրամ, որը վերականգնվել է ՀՀ պետական բյուջե:
7. «Մասնագիտական խորհրդատվական և կազմակերպամեթոդական աջակցության ծառայություն» ծրագրով մատուցվելիք ծառայության ինքնարժեքի հաշվարկման համար հիմք է ընդունվել ՀՀ կառավարության 04.03.2004 թ. N 318-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջը` շահագրգիռ կազմակերպության` «Ակ.Ս,Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հաշվարկները: Սակայն վերջինիս կողմից մատուցվելիք ծառայությունների արժեքի որոշման համար միավոր գների հիմնավորման նպատակով հաշվարկներ չեն կազմվել: Ազգային ինստիտուտի կողմից ներկայացված, հանձնման-ընդունման ակտերով ընդունված և ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորված ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ծախսերի ու Ազգային ինստիտուտի եկամուտների և ծախսերի նախահաշվի կատարման հաշվետվություններում արտացոլված փաստացի ծախսերի ընտրանքային համադրումների արդյունքում պարզվել է, որ ծառայության գները հաշվարկվել են փաստացի ծախսերի համեմատ ակնհայտ բարձր գումարով, որը նաև հիմք է հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամաններում ծառայությունների մեկ միավորի գնի և պայմանագրային գումարի հաշվարկման համար:
Նշված ծրագրով նախարարության կողմից ընդունվել և Արաբկիրի ԲՀԵԴԱԻ ՍՊԸ-ին վճարվել է 1636.0 հազ. դրամ այնպիսի ծառայությունների դիմաց, որոնք կատարվել են կողմերի միջև կնքված պայմանագրի գործողության ժամկետից դուրս ժամանակահատվածում: Արձանագրված 1636.0 հազ. դրամը վերականգնվել է ՀՀ պետական բյուջե:
8. «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ծրագրով 2012-2013 թթ անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ են տրամադրվել ընդամենը 55508 դեպքով, գումարով 863367.3 հազ. դրամի, որից 2428 հետազոտություններ գումարով 119033.9 հազ. դրամի իրականացվել են բնակչության սոցիալապես անապահով և առանձին խմբերի ցանկում չընդգրկված անձանց` նախարարության կողմից տրված ուղեգրերով, ընդ որում ուղեգրերով հիմնականում տրամադրվել են համեմատաբար թանկարժեք հետազոտությունները (եթե բնակչության սոց. անապահով և առանձին խմբերի ցանկում ընդգրկված անձանց տրամադրված մեկ հետազոտության միջին արժեքը կազմել է 15.6 հազ. դրամ, ապա ուղեգրերով տրամադրված մեկ հետազոտության միջին արժեքը կազմել է 49.0 հազ. դրամ):
9. Արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման վերաբերյալ.
ա) ՀՀ առողջապահության նախարարության արտաբյուջետային միջոցները գոյացել են նախարարության և Գլոբալ ֆոնդի (The Global Fund) միջև կնքված դրամաշնորհային պայմանագրերի դիմաց ստացված գումարներից և «Իմունականխարգելման ազգային ծրագրի ծառայությունների աջակցություն» դրամաշնորհային ծրագրից` 2012-2014 թթ. ընդամենը ստացվել է 4.542.608,8 հազ. դրամի միջոցներ: Ծրագրերի կատարման ընթացքում ՀՀ կառավարության որոշումներով հաստատված նախահաշիվների համեմատ թույլ են տրվել 1.165.355,2 հազ. դրամի թերածախսեր:
բ) «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի աջակցություն» դրամաշնորհային ծրագրով նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ու «Հայաստանի բժիշկ-ուսանողների ասոցիացիա» ՀԿ-ի միջև կնքված ծառայությունների մատուցման 09.01.2012 թ. թիվ ԱՆԳ-ԲԸԾՁ-11/2 պայմանագրի պայմանագրային գումարի 57%-ը կամ 36065.2 հազ. դրամը ծախսվել է դասընթացների ընթացքում շահառուներին սուրճի ընդմիջման կազմակերպման նպատակով:
գ) «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի աջակցություն» դրամաշնորհային ծրագրի կատարման ընթացքում չէր պահվել և ՀՀ պետական բյուջե չէր փոխանցվել 162.8 հազ. դրամի հարկեր: Նշված 162.8 հազ. դրամը վերականգնվել է ՀՀ պետական բյուջե:
դ) Դրամաշնորհային ծրագրերով ձեռք բերված 8069.1 հազ. դրամի ավտոպահեստամասերի դուրսգրումներն իրականացվել են առանց թերությունների և խափանման փաստի մասին ակտեր կազմելու, այսինքն խախտվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկային նախարարի 15.02.2002 թ. «Պաշարների (նյութերի, ապրանքների, արագամաշ առարկաների) սկզբնական հաշվառման փաստաթղթերի և գրանցամատյանների օրինակելի ձևերը և դրանց լրացման ցուցումները հաստատելու մասին» N 151 հրամանի պահանջները:
10. «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» ծրագիր.
2012-2015 թթ ՀՀ պետական բյուջեում յուրաքանչյուր տարի ծրագրով գումարները նախատեսվել են միևնույն գումարի չափով` 2,560,272.5 հազ. դրամ: 2012-2014 թթ ծրագիրը մշտապես թերակատարվել է` չի ծախսվել 1,087,175.9 հազ. դրամ (2012 թ-ին` 7,442.3 հազ. դրամ, 2013 թ-ին` 231,101.7 հազ. դրամ, 2014 թ-ին` 848,631.9 հազ. դրամ), որից` 881,082.9 հազ. դրամը վերաբաշխվել այլ բյուջետային ծրագրերի ֆինանսավորմանը, 206,093.0 հազ. դրամը` ՀՀ պետական բյուջեից չի ֆինանսավորվել: Դրա հետ մեկտեղ փաստացի ծախսերի համեմատ ավել դրամարկղային ծախսեր կատարելու արդյունքում աճել են պահեստավորված առողջապահական և լաբորատոր նյութերի մնացորդները` 01.01.2015 թ դրությամբ կազմել են 295,688.6 հազ. դրամ:
2015 թ գնումների պլանով նախատեսված թվով 12 անվանում դեղորայքի ձեռքբերման ամբողջ խմբաքանակի համար նախատեսվել է 781,384.0 հազ. դրամ, սակայն կնքված պայմանագրերով պայմանագրային գումարը կազմել է 684,123.5 հազ. դրամ, տարբերությունը կազմում է 97,260.5 հազ. դրամ:
Դեղորայքի գնումները հիմնականում իրականացվել է շրջանակային համաձայնագրով կնքված պայմանագրերի հիման վրա, դեղորայքը հիմնականում ձեռք է բերվել գրեթե միևնույն մատակարարներից:
ՀՀ կառավարությունը 10.10.2013 թ թիվ 1108-Ն որոշմամբ սահմանել է, որ ինսուլին դեղի խմբաքանակների գնումներն իրականացնել բանակցային ընթացակարգով` անմիջապես արտադրողից «Նովո Նորդիսկ Ա/Ս» ՍՊԸ-ից: Անմիջապես արտադրողից ինսուլինի ձեռքբերման արդյունքում 2013-2014 թթ տնտեսվել է 846,855.6 հազ. դրամ:
Առաջարկվել է.
- «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» ծրագրով 2015 թ. համար նախատեսված գումարը նվազեցնել նախարարության աշխատակազմի մասով` 12155.1 հազ. դրամով, նախարարի աշխատակազմի մասով «Կապի ծառայություններ» հոդվածով` 2249.7 հազ. դրամով, նվազեցումները կատարել տարվա վերջին` հաշվի առնելով փաստացի ծախսերի մակարդակը:
- «Հաշմանդամ և կարիքավոր երեխաներին օրթեզներով և կորսետներով ապահովման ծառայություններ» ծրագրով վերանայել ՀՀ պետական բյուջեում գումարների նախատեսման համար օրթեզների ու կորսետների մեկ միավորի գների գնագոյացման հաշվարկները և գներն առնվազն նվազեցնել մեկ օրթեզի հաշվով` 4990 դրամով և մեկ կորսեթի հաշվով` 10393 դրամով: Նշված նվազեցումների արդյունքում վերանայել 2015 թ. համար նախարարության և ծառայություններ մատուցող ընկերություններին միջև կնքված պայմանագրի պայմանները` նվազեցնելով պայմանագրային գումարները և ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գումարը` 8296.5 հազ. դրամով կամ համամասնորեն ավելացնել կատարողների կողմից մատուցվելիք ծառայությունների ծավալները:
- «Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում» ծրագրով հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 16.01.2013 թ. թիվ 83-Ն որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները փոխանցվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությանը, խնդրել վերջինիս աջակցությունը արձանագրված 5779.4 հազ. դրամը քոլեջների կողմից ՀՀ պետական բյուջե վերականգնելու խնդրին:
- «Վարակիչ հիվանդությունների օջախների ախտահանման ծառայություններ» ծրագրով վերանայել` նվազեցնել օջախների ախտահանման միավոր գինը` համամասնորեն նվազեցնելով 2015 թ. համար նախարարության և «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրի գումարը ու ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գումարը 9147.6 հազ. դրամով և(կամ) նույն գումարին համամասնորեն ավելացնել մատուցվելիք ծառայության ծավալը:
- Վերանայել` նվազեցնել «Մասնագիտական խորհրդատվական և կազմակերպամեթոդական աջակցության ծառայություն» ծրագրի շրջանակներում իրականացվող ծառայությունների միավոր գները, համամասնորեն փոփոխելով 2015 թ. համար նախարարության և Ազգային ինստիտուտի միջև կնքված պայմանագրի գումարը ու ՀՀ Պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գումարը և(կամ) ավելացնել մատուցվելիք ծառայությունների ծավալները:
- «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ծրագրի շրջանակներում հնարավորինս նվազեցնել բնակչության սոցիալապես անապահով և առանձին խմբերի ցանկում չընդգրկված անձանց ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված ուղեգրերով համեմատաբար թանկարժեք հետազոտությունների տրամադրումը:
- Խստորեն ղեկավարվել ՀՀ կառավարության որոշումներով հաստատված արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման եկամուտների և ծախսերի նախահաշիվներով, հնարավորինս ապահովել նախատեսված ծախսերի ամբողջական կատարումը: Դրամաշնորհային ծրագրերով նախարարությանը հատկացված գումարները ծախսել առավելագույնս ծրագրով նախատեսված նպատակների իրականացման համար:
- Ավտոպահեստամասերի դուրսգրումներն իրականացնել ղեկավարվելով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկային նախարարի 15.02.2002 թ. «Պաշարների (նյութերի, ապրանքների, արագամաշ առարկաների) սկզբնական հաշվառման փաստաթղթերի և գրանցամատյանների օրինակելի ձևերը և դրանց լրացման ցուցումները հաստատելու մասին» N 151 հրամանի պահանջներով:
- «Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» ծրագրով ՀՀ պետական բյուջեում նախատեսված գումարների արդյունավետ ծախսման նպատակով Հայաստանի Հանրապետության համար մեծ խմբաքանակի դեղորայքի ձեռքբերումները հնարավորինս իրականացնել անմիջապես դեղարտադրողներից,
- Քննարկել 2015 թ գնումների պլանով նախատեսված թվով 12 անվանում դեղորայքի ձեռքբերման արժեքի և առ ստուգման պահը կնքված պայմանագրերով նախատեսված գումարի տարբերությունը` 97,260.5 հազ. դրամը նվազեցնել 2015 թ ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրի ֆինանսավորումից: Նվազեցումը կատարել բյուջետային տարվա վերջին հաշվի առնելով փաստացի ծախսերի մակարդակը:
- Նախարարության կարիքների համար ավտոմեքենաների ձեռքբերումներն իրականացնել ղեկավարվելով ՀՀ կառավարության 16.09.2010 թ. թիվ 1242-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչներով և բացառել ենթակա կազմակերպությունների հաշվին նախարարության կարիքների համար ապրանքանյութական արժեքների դիմաց վճարումներ կատարելու փաստերը:
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ
1) 2012-2013 թթ. հաշվետու ժամանակաշրջանի ստուգման արդյունքում
- Հիգիենիկ համաճարակային փորձագիտական և հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման ծառայություններ իրականացնող թվով 5 կազմակերպությունների կողմից ՀՀ առողջապահության նախարարությանը ներկայացվող հաշվետվություններում թվով 4582 հետազոտություններ ավել ներկայացնելու արդյունքում 2012-2013 թթ. ընթացքում ավել է ֆինանսավորվել 11434.2 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:
- ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և համաճարակային տեսչության «Հայկական երկաթուղու փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից բնակչության հետ աշխատանքներ չկատարելու պայմաններում` բնակչության թվաքանակի համար 2012-2013 թթ. ընթացքում կազմակերպությանը ֆինանսավորվել է 2758.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:
- «Ակուստիկայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի գիտաշխատողներին գիտական աստիճանների համար տրվող հավելավճարների գծով 2012-2013 թթ. ընթացքում կազմակերպությանը ավել է ֆինանսավորվել 25.0 հազ.դրամ, որը ենթակա վերականգնման ՀՀ պետական բյուջե:
- «Ակուստիկայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից խախտելով «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 1996 թ. մայիսի 2-ի թիվ 147 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին» կանոնադրության 7-րդ կետի պահանջները` սկզբնական հաշվառման փաստաթղթերով չի հիմնավորվել 2012-2013 թթ. ընթացքում «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի» շրջանակներում ծախսված 264.0 հազ. դրամի ապրանքանյութական արժեքների նյութածախսը: Փաստաթղթերով չհիմնավորված և ծախսված 264.0 հազ դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:
- «Ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման ԳԳԿ» ՊՈԱԿ-ի կողմից խախտելով ՀՀ կառավարության 29.12.2005 թ. թիվ 2335-Ն որոշմամբ հաստատված «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման, վճարման» կարգի 7-րդ կետի պահանջները, 2012-2013 թթ. ընթացքում կազմակերպության աշխատակիցների անվամբ ավել է հաշվարկվել և վճարվել 28.8 հազ. դրամի գործուղման գումարներ, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:
2) 2014 թ. հաշվետու ժամանակաշրջանի ստուգման արդյունքում.
- 2014 թ. ընթացքում հիգիենիկ համաճարակային փորձագիտական և հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման ծառայություններ իրականացնող թվով 2 ստորաբաժանումների կողմից ՀՀ առողջապահության նախարարությանը ներկայացվող հաշվետվություններում թվով 992 հետազոտություններ ավել ներկայացնելու արդյունքում ավել է ֆինանսավորվել 1782.8 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:
- 2014 թ. մայիս ամսին Երևան քաղաքի բնակչության թվաքանակը ՀՀ առողջապահության նախարարությանը ավել ներկայացնելու արդյունքում ՊՈԱԿ-ին ավել է ֆինանսավորվել 4064.5 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:
- ՊՈԱԿ-ի կողմից հիգիենիկ համաճարակային փորձագիտական ծառայությունների դիմաց 2014 թ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից ավել է ֆինանսավորվել 45.0 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:
- 2014 թ. ընթացքում ՊՈԱԿ-ի «Ակուստիկայի գիտական կենտրոն մասնաճյուղի» գիտաշխատողներին գիտական աստիճանների համար տրվող հավելավճարների գծով ՊՈԱԿ-ին ավել է ֆինանսավորվել 60.0 հազ.դրամ, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:
- ՊՈԱԿ-ի «Ակուստիկայի գիտական կենտրոն մասնաճյուղի» կողմից խախտելով «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 1996 թ. մայիսի 2-ի թիվ 147 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին» կանոնադրության 7-րդ կետի պահանջները` սկզբնական հաշվառման փաստաթղթերով չի հիմնավորվել 2014 թ. ընթացքում «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի» շրջանակներում ծախսված 325.6 հազ. դրամի ապրանքանյութական արժեքների նյութածախսը (նույն թվում 139.6 հազ. դրամը ՊՈԱԿ-ի կազմում ընդգրկվելուց հետո): Փաստաթղթերով չհիմնավորված և ծախսված 325.6 հազ դրամը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:
- Տարբեր կազմակերպությունների կողմից ՀՀ առողջապահության նախարարությանը մատուցած 3914.0 հազ. դրամի ծառայությունների դիմաց ծախսերն իրականացվել են ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին, որոնք չեն համապատասխանում ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ հաստատված գործունեության նպատակներին: ՈՒստի` ՀՀ առողջապահության նախարարությանը մատուցած ծառայությունների դիմաց ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին կատարված ծախսերը` գումարով 3914.0 հազ. դրամի ենթակա են վերականգնման ՊՈԱԿ-ի հաշվին:
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցներին սպասարկելու նպատակով ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին իրականացվել են 74.0 հազ. դրամի գործուղման և բենզինի ծախսեր, որոնք չեն համապատասխանում ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ հաստատված գործունեության նպատակներին: ՈՒստի` ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցներին սպասարկելու նպատակով ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին կատարված ծախսերը` գումարով 74.0 հազ. դրամի ենթակա են վերականգնման ՊՈԱԿ-ի հաշվին:
- ՊՈԱԿ-ի հաշվեկշռում առկա ավտոմեքենաներից թվով 22 ավտոմեքենաների վերանորոգման օրերին ուղեգրերով ցույց է տրվել 1916 կմ վազք, որի հաշվարկով բենզինի գծով չհիմնավորված ծախսը կազմել 144.2 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:
- ՊՈԱԿ-ի կողմից խախտելով ՀՀ կառավարության 29.12.2005 թ. թիվ 2335-Ն որոշմամբ հաստատված «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման, վճարման» կարգի 7-րդ կետի պահանջները, ավել է հաշվարկվել և վճարվել 31.0 հազ. դրամի գործուղման գումարներ, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:
- Խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջը, ՊՈԱԿ-ի կողմից առանց մրցույթ հայտարարելու, բանակցային ընթացակարգով իրականացվել է 3090.0 հազ. դրամի գնում:
Առաջարկվել է.
1. ՊՈԱԿ-ում քննարկման առարկա դարձնել ստուգման ակտով արձանագրված խախտումները և բացթողումները:
2. Քննարկել ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները չկատարելու հարցում պաշտոնատար անձանց իրենց պարտականությունների մեջ թերանալու համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
3. Հանձնարարել ՊՈԱԿ-ին ձեռնարկել միջոցներ.
- Հիգիենիկ համաճարակային փորձագիտական և հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման ծառայություններ իրականացնող թվով 5 կազմակերպություններին հետազոտությունների գծով ավել ֆինանսավորված 13217.0 հազ. դրամը) ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:
- Բնակչության թվաքանակի համար թվով 2 կազմակերպություններին ավել ֆինանսավորված 6822.5 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:
- «Ակուստիկայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի գիտաշխատողներին գիտական աստիճանների համար տրվող հավելավճարների գծով ավել ֆինանսավորված 85.0 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:
- «Ակուստիկայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից` «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրի» շրջանակներում ծախսված, սակայն փաստաթղթերով չհիմնավորված 589.6 հազ դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:
- «Ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման ԳԳԿ» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպության աշխատակիցների անվամբ ավել հաշվարկված և վճարված 28.8 հազ. դրամի գործուղման գումարները ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:
- «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հիգիենիկ համաճարակային փորձագիտական ծառայությունների դիմաց ավել ֆինանսավորված 45.0 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:
- ՀՀ առողջապահության նախարարությանը մատուցած ծառայությունների դիմաց և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցներին սպասարկելու նպատակով ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին կատարված 3988.0 հազ. դրամը ՊՈԱԿ-ի հաշվին վերականգնելու ուղղությամբ:
- ՊՈԱԿ-ի հաշվեկշռում առկա ավտոմեքենաների համար ծախսված, սակայն չհիմնավորված 144.2 հազ. դրամի բենզինի գումարը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:
- ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպության աշխատակիցների անվամբ ավել հաշվարկված և վճարված 31.0 հազ. դրամի գործուղման գումարները ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:
4. Հանձնարարել ՊՈԱԿ-ին այսուհետ`
- Պահպանել «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի, «Գնումների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 1996 թ. մայիսի 2-ի թիվ 147 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին» կանոնադրության, ՀՀ կառավարության 29.12.2005 թ. թիվ 2335-Ն որոշմամբ հաստատված «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման, վճարման» կարգի պահանջները:
- ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին կատարվող ծախսերն իրականացնել միայն ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ հաստատված գործունեության նպատակների համար:
5. Ապահովել ստուգման արդյունքներով արձանագրված ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա գումարների վերականգնումը ՀՀ պետական բյուջե:
«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ
1. Պետական պատվերի պայմանագրերի թիվ 1 հավելվածներում նշված միավորների գները սահմանվել են հիմք ընդունելով կազմակերպության կողմից ներկայացված մեկ հետազոտության և այլ ծառայությունների (դիսպանսերային հսկողություն և բուժում) ինքնարժեքի հաշվարկները: Նշված հաշվարկների ստուգմամբ պարզվել է, որ ինքնարժեքի հիմնական ծախսային հոդվածներում հաշվարկները գերազանցել են փաստացի ծախսերին, որը հաստատվում է այն փաստով, որ հատկացված սահմանափակ գումարի շրջանակներում ընկերության կողմից ինքնարժեքի հաշվարկում նախատեսված ծավալի դիմաց կատարվել են ավելի մեծ ծավալի ծառայություններ:
2. 2012 թ. մայիսի 16-ին կնքված թիվ ARM-202-G05-H-00/2012-01 և 2014 թ. ապրիլի 15-ին կնքված թիվ ARM-202-G05-H-00/2014-03 պայմանագրերի շրջանակներում հետազոտություններին մասնակցելու և իրենց հավասարակիցներին հավաքագրելու համար թմրամիջոցների ներարկային օգտագործողներին, կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կանանց, տղամարդու հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդկանց 2012 թ. և 2014 թ. վճարվել են խրախուսանքի գումարներ, որտեղ որպես գործառնության մասնակիցներ հանդես են եկել ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցը (առհաշիվ անձը) և վճարում ստացողը: Ընդ որում` ՊՈԱԿ-ի համար որպես կատարված վճարումների հիմնավորում են հանդիսացել ՈՒղեցույցով նախատեսված ֆինանսական հաշվետվությունները, որոնցում որպես գումարի ստացման հավաստիացում վճարումներ ստացողների կողմից դրվել են անանուն ստորագրություններ:
Արդյունքում խախտվել են «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետի դ) ենթակետի, ինչպես նաև ՀՀ կառավարության 1996 թ. մայիսի 2-ի թիվ 147 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին» կանոնադրության 7-րդ կետի պահանջները և ՊՈԱԿ-ի կողմից հետազոտված անձանց գծով վճարված գումարների մասով չեն ապահովվել սկզբնական հաշվառման փաստաթղթերի համար սահմանված պարտադիր վավերապայմաններից (ռեկվիզիտներից) «գործառնության մասնակիցների (մասնակցի) անվանումը (անունը, ազգանունը)», որի արդյունքում չի հիմնավորվում վերջիններիս անվամբ 2012 թ. և 2014 թ. ընթացքում որպես վճարում ցույց տրված 14296.0 հազ. դրամի վճարման փաստը:
- Վճարում ցույց տրված 14296.0 հազ. դրամը ենթակա է վերականգնման ծրագրի շրջանակներում ֆինանսավորում տրամադրած կազմակերպության համապատասխան հաշվեհամարին:
- ՊՈԱԿ-ի կողմից ստուգող խմբին ներկայացված փաստաթղթերով չի հիմնավորվում նաև հետազոտված անձանց կոնկրետ խմբին (թմրամիջոցների ներարկային օգտագործողներ, կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կանայք, տղամարդու հետ սեռական հարաբերություններ ունեցող տղամարդիկ) պատկանելիության փաստը:
3. «ՀՀ-ում միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելում, ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության բարելավում» ծրագրի շրջանակներում ՊՈԱԿ-ի աշխատակից Շուշանիկ Դանիելյանին 19.05.2014 թ. - 26.05.2014 թ. անաշխատունակության օրերի համար անաշխատունակության նպաստ է վճարվել 43.1 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից վճարվել է 21.6 հազ. դրամ, այն դեպքում, երբ ՀՀ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը կազմել է 14.4 հազ. դրամ կամ ՀՀ պետական բյուջեից ավել է վճարվել 1 օրվա գումար` 7.2 հազ. դրամ` խախտելով «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները: Ավել վճարված 7.2 հազ դրամը ենթակա է հետ վերադարձման ՀՀ պետական բյուջե:
4. Ստուգվող ժամանակահատվածում միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների (հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների և այլն) միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի շրջանակներում գործուղման մեկնած աշխատակիցներին, որոնք գործուղման ընթացքում չեն իրականացրել հիմնական պայմանագրով նախատեսված աշխատանքները` ծրագրերի միջոցների հաշվին հասանելիք աշխատավարձն ամբողջությամբ հաշվարկելու պայմաններում հիմնական աշխատանքի վայրի համար նախատեսված աշխատանքների գծով աշխատավարձերը գործուղման մեջ գտնվելու օրերի համար նույնպես հաշվարկվել և վճարվել է ամբողջ դրույքաչափով կամ լրիվ ժամերի քանակով` աշխատած օրերի կամ ժամերի թվով հաշվարկելու փոխարեն:
Ելնելով վերոգրյալից և նպատակ ունենալով ուժեղացնել հսկողությունը ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման արդյունավետության և նպատակայնության նկատմամբ և բացառել հատկացված միջոցների ոչ նպատակային ծախսման փաստերը առաջարկում ենք ծրագրերի շրջանակներում 2012 թ. թվով 8, 2013 թ. թվով 9 և 2014 թ. թվով 14 աշխատակիցների գծով, որոնք գործուղման մեջ գտնվելու հետևանքով` այդ օրերին (ժամերին) հիմնական աշխատանքի վայրում` հիմնական պայմանագրով նախատեսված աշխատանքները չեն իրականացրել, կատարել չաշխատած օրերի համար ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հաշվարկված և վճարված աշխատավարձերի վերահաշվարկ և արդյունքների մասին համապատասխան տեղեկատվությունը մեկ ամսյա ժամկետում ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն: Վերահաշվարկի արդյունքում նշված աշխատակիցներին ավել վճարված աշխատավարձերի գումարները վերականգնել ՀՀ պետական բյուջե:
5. Դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների գույքագրման արդյունքում հայտնաբերվել է 2.8 հազ. դրամի պակասորդ, որը ենթակա է վերականգնման ՊՈԱԿ-ի հաշվին` նյութական պատասխանատու անձից` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1996 թ. մայիսի 2-ի թիվ 147 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին» կանոնադրության 18-րդ կետի գ) ենթակետի պահանջները:
6. ՀՀ կառավարության 2010 թ. դեկտեմբերի 2-ի թիվ 1698-Ն որոշմամբ հաստատված առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկը (ցանկում նշված են կազմակերպության բոլոր աշխատակիցները) ՀՀ կառավարության 2007 թ. փետրվարի 1-ի թիվ 201-Ն և 2005 թ. օգոստոսի 11-ի թիվ 1599-Ն որոշումներով հաստատված ցանկերին (ցանկերում ներառված չեն վարչատնտեսական ապարատի աշխատակիցները) չհամապատասխանելու պայմաններում 2012-2014 թթ. ընթացքում` ՀՀ կառավարության 2010 թ. դեկտեմբերի 2-ի թիվ 1698-Ն որոշման հիմքով կազմակերպության վարչատնտեսական անձնակազմի աշխատակիցների աշխատանքը առանձնապես ծանր և առանձնապես վնասակար սահմանելու հետևանքով վերջիններիս անվամբ հաշվարկվել է 71701.5 հազ. դրամ հավելումներ (նույն թվում ՀՀ պետական բյուջեի հաշվին` 28332.5 հազ. դրամ), որի արդյունքում ՀՀ պետական բյուջեից և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված միջոցները ծախսվել են անարդյունավետ:
Առաջարկվել է.
1. ՊՈԱԿ-ում քննարկման առարկա դարձնել ստուգման ակտով արձանագրված խախտումները և բացթողումները:
2. Քննարկել ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները չկատարելու հարցում պաշտոնատար անձանց իրենց պարտականությունների մեջ թերանալու համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
3. Ձեռնարկել միջոցներ.
- 2015 թ. համար պետական պատվերի շրջանակներում իրականացվելիք հետազոտությունների և այլ ծառայությունների իրականացման համար պայմանագրով սահմանված միավոր գները վերանայելու և դրա արդյունքներով պայմանագրային գումարը նվազեցնելու և (կամ) մատուցվելիք ծառայությունների ծավալը ավելացնելու ուղղությամբ:
- Ակտով արձանագրված 14296.0 հազ. դրամը ծրագրի շրջանակներում ֆինանսավորում տրամադրած կազմակերպության համապատասխան հաշվեհամարին վերականգնելու ուղղությամբ:
- Թիրախային խմբերում ընդգրկված (հետազոտման համար ընտրված և հետազոտված անձանց) խրախուսման նպատակով վճարումների փաստերը հիմնավորելու նպատակով «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ կառավարության 1996 թ. մայիսի 2-ի թիվ 147 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին» կանոնադրության պահանջները այսուհետև խստորեն պահպանելու ուղղությամբ` վճարված գումարների գծով վարելով առանձնացված (անհրաժեշտության դեպքում` գաղտնի) հաշվառում:
- ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ավել վճարված 7.2 հազ. դրամ անաշխատունակության նպաստի գումարը ՀՀ պետական բյուջե վերադարձնելու ուղղությամբ:
- 2012 թ. թվով 8, 2013 թ. թվով 9 և 2014 թ. թվով 14 աշխատակիցների գծով, որոնք գործուղման մեջ գտնվելու հետևանքով` այդ օրերին (ժամերին) հիմնական աշխատանքի վայրում` հիմնական պայմանագրով նախատեսված աշխատանքները չեն իրականացրել, չաշխատած օրերի համար ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հաշվարկված և վճարված աշխատավարձերի վերահաշվարկ կատարելու, արդյունքների մասին համապատասխան տեղեկատվությունը մեկ ամսյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելու և վերահաշվարկի արդյունքում այդ աշխատակիցներին ավել վճարված աշխատավարձերի գումարները ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:
- Դեղորայքի և բժշկական նշանակության ապրանքների գույքագրման արդյունքում հայտնաբերված 2.8 հազ. դրամի պակասորդը նյութական պատասխանատու անձից ՊՈԱԿ-ի հաշվին վերականգնելու ուղղությամբ:
4. Նպատակ ունենալով բացառել ՁԻԱՀ-ով և ՄԻԱՎ-ով վարակված հիվանդների ախտորոշման և բժշկական օգնություն ցուցաբերելու հետ կապված աշխատանքներին անմիջականորեն մասնակցություն չունեցող աշխատակիցների աշխատանքը առանձնապես ծանր և առանձնապես վնասակար սահմանելու ու վերջիններիս համար (հիմնականում վարչական ապարատի և սպասարկող անձնակազմի աշխատակիցներ) հավելումներ տալու պրակտիկան, ինչպես նաև ապահովել ՀՀ պետական բյուջեի և միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացված միջոցների հասցեականությունը, նպատակայնությունը և արդյունավետությունը` քննարկման առարկա դարձնել ՀՀ կառավարության 2010թ. դեկտեմբերի 2-ի թիվ 1698-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու հարցը և ձեռնարկել միջոցներ համապատասխան առաջարկություններ ներկայացնելու ուղղությամբ.
Մասնավորապես որոշմամբ հաստատված` «Առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների» ցանկում (հավելված 2) առողջապահության հիմնարկներ բաժնում (XVII բաժին), որպես առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունները, աշխատանքները, մասնագիտությունները և պաշտոնները համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2007 թ. փետրվարի 1-ի թիվ 201-Ն և 2005 թ. օգոստոսի 11-ի թիվ 1599-Ն որոշումներով հաստատված պաշտոններին` կոնկրետ նշելով ՁԻԱՀ-ով և ՄԻԱՎ-ով վարակված հիվանդների անմիջականորեն ախտորոշման և բժշկական օգնություն ցուցաբերելու հետ կապված աշխատանքներ իրականացնող բժիշկներ, այդ թվում` կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարներ, միջին և կրտսեր բժշկական անձնակազմի աշխատակիցներ և հավաքարարներ:
5. Ապահովել ստուգման արդյունքներով արձանագրված ՀՀ պետական բյուջե վերականգնման ենթակա գումարների վերականգնումը ՀՀ պետական բյուջեի 900005280640 գանձապետական հաշվին:
«Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ.
1. «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի պահպանման մի շարք ծախսային հոդվածներով թույլ են տրվել հաստատված ծախսերի նախահաշվի նկատմամբ գերածախսեր, ինչպես նաև տնտեսումներ: Վերոգրյալը կատարվել է առանց սահմանված կարգի` պահպանման ծախսերի տարեկան նախահաշիվները հաստատված չեն լիազոր մարմնի կողմից, ինչպես նաև նախապես չեն համաձայնեցվել ՀՀ ֆինանսների նախարարության հետ, որի հետևանքով խախտվել է ՀՀ կառավարության 25.11.2010 թ. թիվ 1550-Ն որոշմամբ հաստատված «ԱԾԻԳ» ՊՀ-ի կանոնադրության 26-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված պահանջները:
«ԱԾԻԳ» ՊՀ-ն պարտավոր է նախահաշիվներով սահմանված հոդվածներից գոյացող տնտեսումներն այլ հոդվածներով փոխարինելու դեպքում փոփոխությունները կատարել ՀՀ կառավարության 25.11.2010 թ. թիվ 1550-Ն որոշմամբ հաստատված «ԱԾԻԳ» ՊՀ-ի կանոնադրության 26-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված պահանջներին համապատասխան («ԱԾԻԳ» ՊՀ-ի պահպանման ծախսերի տարեկան նախահաշիվները հաստատվում է լիազոր մարմնի կողմից, նախապես համաձայնեցնելով ՀՀ ֆինանսների նախարարության հետ):
2. «Առողջապահական համակարգի արդիականացում» երկրորդ վարկային ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման թիվ 7987-AM վարկային ծրագրի և «ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի կողմից իրականացվող սեզոնային գրիպի համաճարակաբանական ցանցի հիմնման և արձագանքման» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Ապրանքների ձեռքբերում» կատեգորիայի գծով կնքված պայմանագրերի կատարման ստուգմամբ արձանագրվել է տույժ 444.5 հազ. դրամի չափով (ստուգման ընթացքում վերականգնվել է 65.7 հազ. դրամ), որը ենթակա է գանձման ՀՀ պետական բյուջե:
3. «Գյումրիի բժշկական կենտրոն» ՓԲԸ շենքի կառուցման համար կազմակերպված միջազգային մրցույթի արդյունքում պայմանագրային գումարը գերազանցել է նախահաշվային ճշտված արժեքին 495466.0 հազ. դրամի չափով, որի արդյունքում ուռճացվել է կատարվող աշխատանքների միավորի արժեքները:
Վերոհիշյալ շինարարական աշխատանքներ կատեգորիայի գծով ստուգման ընթացքում իրականացվել են ընտրանքային տեղազննումներ և հսկիչ չափագրումներ թվով 3 կապալառու կազմակերպությունների կողմից, թվով 3 շինարարական օբյեկտներում իրականացված շինվերանորոգման աշխատանքների գծով` գումարով 4670237.4 հազ դրամ: Արձանագրվել է 30587.1 հազ. դրամ գումարով փաստացի չկատարված և ավել հաշվարկված և վճարված շինաշխատանքների գումարներ, որը ենթակա է վերականգնման ՀՀ պետական բյուջե:
Լրացուցիչ աշխատանքների համար նախագծողի առաջարկած գների, պատվիրատուի կողմից ընդունված ողջամիտ գների և 16.06.2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարի «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը հաստատելու մասին» թիվ 41-Ն հրամանով սահմանված գների համադրության արդյունքում պարզվել է, որ լրացուցիչ աշխատանքների համար նախագծողի առաջարկած և պատվիրատուի կողմից ընդունված և վճարված գները գերազանցում են վերը նշված կարգով հաշվարկված գներին, որի արդյունքում կառուցված օբյեկտների արժեքները թանկացել են 55465.1 հազ դրամով:
Կապալառուի գրության համաձայն թույլատրվել և միջնորմնային պատերի մեծ մասը իրականացվել է երկկողմանի գիպսաստվարաթղթով ջերմամեկուսացմամբ, իսկ պատերի, առաստաղների, պատուհանների և դռների շեպերի գաջե սվաղի փոխարեն (բացառությամբ նկուղային հարկի) կատարվել է գիպսաստվարաթղթով երեսապատման աշխատանքներ: Փոփոխության արդյունքում վերը նշված աշխատանքների համար ծախսված գումարը գերազանցում է պայմանագրով նախատեսված վերոգրյալ աշխատանքների գումարներին 136028.9 հազ. դրամով կամ շինարարության արժեքը միջնորմների կառուցման և սվաղի աշխատանքների մասով թանկացվել է 136028.9 հազ. դրամ:
Կատարողական ակտերով Աշխատանքների Ծավալաթերթում նշված շինարարական աշխատանքների լրացուցիչ կատարված ծավալների իրականացման համար միավորի արժեք է ընդունվել նախնական արժեքները, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ ի սկզբանե պայմանագրային գումարը գերազանցել է փորձաքննություն անցած նախահաշվի շինմոնտաժային աշխատանքների արժեքին 495466.0 հազ. դրամով, հետևապես ուռճացվել էր նաև աշխատանքների կատարման միավորի արժեքները: Ստուգող խմբի կողմից լրացուցիչ կատարված աշխատանքների համար ընդունված միավոր արժեքների և փոփոխություն կատարված ժամանակահատվածում 16.06.2008 թ. ՀՀ քաղաքաշինության նախարարի «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը հաստատելու մասին» թիվ 41-Ն հրամանի համաձայն հաշվարկված նույն աշխատանքների միավորի արժեքների համեմատությունից պարզվեց, որ լրացուցիչ կատարված աշխատանքների համար ընդունված և վճարված գումարը գերազանցում է վերը նշված կարգով սահմանված գներով հաշվարկված շինարարական աշխատանքների արժեքին 14898.1 հազ. դրամով, որի չափով թանկացել է շինարարության արժեքը:
Անորակ կատարված աշխատանքների գումարը կազմել է 6374.9 հազ. դրամ: Ոչ նպատակային ծախսերը կազմել են 11429.3 հազ. դրամ:
Բժշկական կենտրոնների ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտերի ուսումնասիրությունից պարզվել է, որ ընդունող հանձնաժողովի կազմում չի ընդգրկվել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը: Խախտվել է ՀՀ կառավարության 08.05.2003 թ թիվ 626-Ն որոշման 11 կետի 1-ին ենթակետի պահանջը:
4. ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացված գումարների հաշվին կատարված գնման արդյունքում «ԱԾԻԳ» ՊՀ-ի և «ԱԳԱԹ-777» ՍՊԸ-ի միջև 19.11.2012 թ. կնքված պայմանագրով կատարված «Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոց» ՓԲԸ-ի մասնաշենքի կապիտալ վերանորոգման աշխատանքների ստուգմամբ արձանագրվել է ՀՀ կառավարության 10.02.2011 թ. թիվ 168-Ն որոշման 7-րդ գլխի (Պայմանագրի կնքումը) 53 կետի պահանջների խախտում, որի արդյունքում առաջադրվել է 1891.9 հազ. դրամ ՀՀ պետական բյուջե գանձման ենթակա գումար:
Առաջարկվել է.
1. «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ում քննարկել ստուգման արդյունքները, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների և թերությունների վերացման ուղղությամբ:
2. «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի պահպանման ծախսերը իրականացնել խստորեն ղեկավարվելով հաստատված ծախսերի նախահաշիվներով, բացառել առանձին ծախսային հոդվածների գծով գերածախսեր թույլ տալու դեպքերը: «ԱԾԻԳ» ՊՀ-ի նախահաշիվներով սահմանված հոդվածներից գոյացող տնտեսումներն այլ հոդվածներով փոխարինելու դեպքում փոփոխությունները կատարել ՀՀ կառավարության 25.11.2010 թ. թիվ 1550-Ն որոշմամբ հաստատված «ԱԾԻԳ» ՊՀ-ի կանոնադրության 26-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված պահանջներին համապատասխան:
3. Խիստ հսկողություն սահմանել կապալառու և մատակարար կազմակերպությունների նկատմամբ պայմանագրերով նախատեսված ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների ժամանակին մատակարարման նկատմամբ, ուշացման յուրաքանչյուր կոնկրետ դեպք քննարկման առարկա դարձնել` անկախ այն հանգամանքից, թե ժամկետների խախտման համար պայմանագրով պատժամիջոց նախատեսված է, թե ոչ:
4. Կանոնակարգել գնումների պլանավորման, հաստատված նախագծերով նախատեսված և լրացուցիչ շինարարական աշխատանքների արժեքների փոփոխությունների գործընթացը բացառելով աշխատանքների և ծառայությունների արժեքների անհիմն թանկացումները, ինչպես նաև հստակ սահմանել գների էականորեն շեղում դիտարկելու չափորոշիչները:
5. Ձեռնարկել համապատասխան միջոցներ ստուգմամբ արձանագրված 30965.9 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ, այդ թվում`
- «Շինարարական աշխատանքներ» կատեգորիայի գծով` 30587.1 հազ. դրամ:
- «Ապրանքների ձեռքբերում» կատեգորիայի գծով արձանագրված և դեռևս չվերականգնված` 378.8 հազ դրամ:
6. Ձեռնարկել համապատասխան միջոցներ ՀՀ պետական բյուջեի պահուստային գումարների հաշվին կատարված շինարարական աշխատանքների ստուգմամբ արձանագրված 1891.9 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ:
«Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ
2012 թ. տարեկան ֆինանսական հաշվետվությամբ (հաշվապահական հաշվեկշիռ ձև 1) 01.01.2012 թ-ի դրությամբ կուտակված շահույթի մնացորդը սխալ ցույց տալու հետևանքով 2012 թ տարեկան գործունեության արդյունքներով ստացված զուտ շահույթից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի գումարը պակաս է հաշվարկվել և վճարվել 3823.0 հազ. դրամ:
Ընկերությունը խախտելով ՀՀ կառավարության 2010 թ մարտի 11-ի N 235-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և ներկայացման հայեցակարգային հիմունքներ»-ի ՆՊ-17-ով սահմանված պահանջը 2012 թ. ընթացքում պետական պատվերի շրջանակներում բուժված հիվանդների կողմից վճարման ենթակա համավճարի գումարը` 102122.0 հազ. դրամ որպես իրացումից հասույթ հաշվեգրման մեթոդով (ծառայությունների մատուցման պահով) ձևակերպելու փոխարեն` ձևակերպել է դրամարկղային մեթոդով (համավճարների վճարման պահով)` 94162.4 հազ. դրամ, իսկ 5642.0 հազ. դրամը` որպես ապահովագրական ընկերություններից փոխհատուցվող հասույթ:
Նշվածի հետևանքով 2012 թ. Ընկերության իրացումից հասույթը պակաս է հաշվարկել 2317.6 հազ. դրամի չափով (102122.0-94162.4-5642.0):
- 2012 թ եկամուտը որպես շնորհ ստացված հիմնական միջոցների մաշվածքի գծով ավել է ցույց տրվել (ճանաչել է եկամուտ) 67344.3 հազ. դրամի չափով, իսկ ծախսը ավել է ցույց տրվել 78853.3 հազ. դրամի չափով:
Նշված փաստերը հաշվի առնելու պայմաններում Ընկերության 2012 թ. զուտ շահույթը` շահութահարկի գծով ծախսերի նվազեցումից հետո կկազմի 34152.6 հազ. դրամ:
Շահութահարկի հաշվարկով ցույց տրված զուտ շահույթի ավելացումների ուղղման արդյունքում ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի հաշվարկման բազան կկազմի 35614.6 հազ. դրամ, իսկ ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի գումարը կկազմի 17807.3 հազ. դրամ (35614.6x50%): Հաշվի առնելով Ընկերության կողմից 2012 թ. տարեկան արդյունքներով ՀՀ պետական բյուջե վճարված 10210.5 հազ. դրամը ՀՀ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարը կկազմի 7596.8 հազ. դրամ (17807.3 - 10210.5):
2012 թ. տարեկան արդյունքներով Ընկերության կողմից շահութաբաժնի գծով ՀՀ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարը կազմում է 8878.1 հազ. դրամ (ներառյալ 1281.2 հազ. դրամի տույժի գումարը):
2012 թ տարեկան ֆինանսական հաշվետվությամբ (հաշվապահական հաշվեկշիռ ձև 1) 2012 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կուտակված շահույթի մնացորդը պակաս է արտացոլել 2835291.0 հազ. դրամի չափով` ցույց է տրվել 34617.0 հազ.դրամի կուտակված վնաս` 2800674.0 հազ. դրամ կուտակված շահույթի փոխարեն:
Ընկերության 2012 թ տարեկան ֆինանսական հաշվետվությամբ (հաշվապահական հաշվեկշիռ ձև 1) ցույց տրված կուտակված շահույթի տարեսկզբի մնացորդի ճշգրտման պարագայում Ընկերությունը 2013 թ. շահութաբաժնի հաշվարկով ցույց տրված (հաշվարկված) ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա 20231.5 հազ. դրամ գումարը պարտավոր էր ամբողջությամբ վճարել ՀՀ պետական բյուջե, սակայն ինչպես վերը նշվեց վճարվել է ընդամենը` 11182.0 հազ. դրամ (պակաս է վճարվել 9049.0 հազ. դրամ):
Ընկերությունը թույլ է տվել նաև այլ խախտումներ, որոնք ազդել են Ընկերության 2013 թ տարեկան գործունեության արդյունքներով ստացած (հաշվետվությամբ ցույց տրված) զուտ շահույթին, ինչպես նաև հաշվարկված և ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի գումարի վրա:
Ընկերությունը հաշվի չառնելով այն հանգամանքը, որ գործարքի հետ կապված տնտեսական օգուտները` փոխհատուցման չընդունված կատարողականի մասով չեն ֆինանսավորվելու, 47836.3 հազ. դրամի ծառայությունների արժեքը Ընկերության կողմից ձևակերպել է 2013 թ. հասույթում: Արդյունքում 2013 թ. պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների իրացումից հասույթը արտացոլվել է 863859.4 հազ. դրամ` 815880.8 հազ. դրամ մատուցված ծառայությունների դիմաց կամ պետական պատվերի շրջանակներում մատուցված ծառայությունների գծով ավել իրացումից հասույթ է ձևակերպել 47978.6 հազ. դրամի չափով (որից 47836.3 հազ.դրամը կազմում է սահմանափակված բյուջեից ավել կատարված և ՀՀ ԱՆ ՊԱԳ-ի կողմից փոխհատուցման չընդունված կատարողականը):
Ընկերությունը խախտելով ՖՄՀՍ-ի «Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և ներկայացման հայեցակարգային հիմունքներ»-ի ՆՊ-17-ով սահմանված պահանջը և 2013 թ. ընթացքում պետական պատվերի շրջանակներում բուժված հիվանդների կողմից վճարման ենթակա համավճարի գումարը` 499171.4 հազ. դրամ որպես իրացումից հասույթ հաշվեգրման մեթոդով (ծառայությունների մատուցման պահով) ձևակերպելու փոխարեն` ձևակերպել է դրամարկղային մեթոդով (համավճարների վճարման պահով)` 471112.8 հազ. դրամ, որի հետևանքով 2013 թ. Ընկերության իրացումից հասույթը պակաս է հաշվարկել 28058.6 հազ. դրամի չափով:
Իրացումից հասույթի ձևակերպման վերը նշված խախտումների արդյունքում Ընկերության 2013 թ. ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությամբ կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների իրացումից հասույթը ավել է ցույց տրվել 19920.0 հազ. դրամի չափով, իսկ զուտ շահույթը ավել է ցույց տրվել նույն գումարի չափով:
Իրացումից հասույթի վերը նշված սխալ ձևակերպումների և հաշվետվության տվյալների ճշգրտման արդյունքում Ընկերության 2013 թ տարեկան գործունեության արդյունքներով ստացած զուտ շահույթը` շահութահարկի գծով ծախսերի նվազեցումից հետո հաշվետվությամբ (ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն ձև 2) ցույց տրված 32866.0 հազ. դրամի փոխարեն կկազմի 12996.0 հազ. դրամ: Հաշվի առնելով 2006 թ. հունիսի 22-ի «50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների կողմից իրականացվող որոշ ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը սահմանելու մասին» թիվ 1238-Ն որոշման դրույթներով կատարված զուտ շահույթի ավելացումները` 7577.0 հազ. դրամ, շահութաբաժնի հաշվարկման բազան կկազմի 20543.0 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի գումարը կկազմի 10271.3 հազ. դրամ (20543.0x50%):
Ընկերության կողմից 2013 թ տարեկան արդյունքներով ստացված զուտ շահույթից հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե է վճարվել 11182.0 հազ. դրամ շահութաբաժին կամ ավել է հաշվառվել և վճարվել 910.5 հազ. դրամ (11182.0 - 10271.5):
2013 թ. տարեկան արդյունքներով Ընկերության կողմից շահութաբաժնի գծով հաշվարկված ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա գումարը ենթակա է պակասեցման 910.5 հազ. դրամի չափով:
Այսպիսով` 2012-2013 թթ. շահութաբաժնի հաշվարկման ճշտության ստուգման արդյունքներով ՀՀ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարը կազմում է 7967.6 հազ. դրամ (8878.1 - 910.5):
Ընկերությունը խախտելով ՀՀ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջները` առանց մրցույթ իրականացնելու թվով 8 կազմակերպությունների հետ 2012 թ-ին ընդհանուր գումարով 3103.7 հազ. դրամի ձևաթղթերի տպագրության նպատակով կնքել է պայմանագրեր` գնումը բաժանելով առանձին չափաբաժինների:
Բացի այդ Ընկերությունը խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի պահանջները` գնումների բազային միավորից ավել լինելու պարագայում 2012-2014 թթ. առանց մրցույթ իրականացնելու կատարել է 15514.3 հազ. դրամի գնումներ:
Առաջարկվել է.
- Ընկերությունում քննության առնել ստուգման նյութերը, միջոցներ ձեռնարկել ստուգմամբ արձանագրված խախտումների ու թերությունների վերացման, հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ:
- ուժեղացնել հսկողությունը ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված չափորոշիչների պահանջների պահպանման ուղղությամբ.
- պահպանել ՀՀ ԱՆ և ընկերության միջև պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագրին կից հատուկ պայմանների կատարումը:
- ՀՀ պետական բյուջեին հասանելիք շահութաբաժինները հաշվարկելիս խստագույնս առաջնորդվել ՀՀ կառավարության 2011 թ. մարտի 3-ի թիվ 202-Ն և 2006 թ. հունիսի 22-ի թիվ 1238-Ն որոշումների պահանջներով:
- ակտով արձանագրված 7967.6 հազ. դրամի շահութաբաժնի գումարը փոխանցել ՀՀ պետական բյուջեի «բաժնետիրական կապիտալում կատարված ներդրումներից ստացվող դիվիդենտներ» համապատասխան գանձապետական հաշվին:
- ընկերության կարիքների համար ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերումները իրականացնել բացառապես «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, և քննարկել պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը:
2015 թ. ընթացքում ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2015 թ. ծրագրի շրջանակներում կատարված ստուգումների ամփոփ արդյունքները ներկայացված են կից հավելված 1.1-ում:
IV. ՀՀ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ իրավապահ մարմինների 2014 թ. և 2015 թ. ներկայացված պահանջով իրականացված ստուգումներով արձանագրված գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է ստորև` աղյուսակի տեսքով:
.______________________________________________________________.
|ՍՏՈՒԳՄԱՆ ՀԻՄՔԸ |Արձանագրվել է |Ենթակա է վերականգնման|
| | |կամ վերաձևակերպման |
| |____________________________________|
| | (հազ. դրամ) |
|_________________________|____________________________________|
| 1 | 2 | 3 |
|_________________________|______________|_____________________|
|2014 թ. և 2015 թ. պահանջ| 766,960.0 | 218,930.0 |
.______________________________________________________________.
V. ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ
2015 թ. ընթացքում Տեսչության կողմից համապատասխան աշխատանքներ են տարվել ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների պատշաճ կատարման ուղղությամբ:
Այսպես.
1. ՀՀ վարչապետի 24.11.2014 թ. թիվ 02/14.8/18221-14 հանձնարարականի հիման վրա ՀՀ ԿԳՆ և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում ՀՀ կառավարության 27.12.2012 թ.-ի N 1691-Ն որոշմամբ հաստատված «Սոցիալական փաթեթի հատկացման կարգ»-ի (այսուհետ` Կարգ) 2-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված մարմիններում իրականացվել է` Կարգով սահմանված շահառուների և ապահովագրական ընկերությունների միջև կնքված առողջության ապահովագրության պայմանագրերի շրջանակներում ՀՀ պետական բյուջեից 2012-2013 թթ. ընթացքում ապահովագրավճարների հաշվարկման և վճարման ճշտության` ուշադրություն դարձնելով կնքված զանգվածային պայմանագրերի օրինականությանը, ինչպես նաև դրանց համար տրվող միջնորդավճարների չափերի և շարժի ճշտության ընտրանքային ստուգում:
2. ՀՀ վարչապետի 05.05.2015 թ. թիվ 02/23.9/7376-15 հանձնարարականի հիման վրա «Ավտոմատիկա» ՓԲԸ-ում իրականացվել է մասնագիտական ստուգում:
3. ՀՀ վարչապետի 19.06.2015 թ. թիվ 02/23.2/10622-15 հանձնարարականի հիման վրա «Արփա-Սևան» ԲԲԸ-ում իրականացվել է օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման ճշտության և նպատակայնության ստուգում:
4. ՀՀ վարչապետի 30.10.2015 թ. թիվ 1022-Ա որոշման հիման վրա Բելառուսի Հանրապետություն (ք. Մինսկ)` ԱՊՀ գործադիր կոմիտեի բաժանմունքում իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային ստուգում:
5. ՀՀ վարչապետի 04.11.2015 թ. թիվ 1035-Ա որոշման հիման վրա Ռուսաստանի Դաշնություն (ք. Մոսկվա)` ԱՊՀ գործադիր կոմիտեի բաժանմունքում իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային ստուգում:
6. ՀՀ վարչապետի 27.08.2015 թ. թիվ 785-Ա որոշման հիման վրա Ռուսաստանի Դաշնություն (ք. Մոսկվա)` ՀԱՊԿ քարտուղարությունում իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության ստուգում:
7. ՀՀ վարչապետի 28.09.2015 թ. թիվ 869-Ա որոշման հիման վրա Ռուսաստանի Դաշնություն (ք. Մոսկվա)` ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեում իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային ստուգում:
ՀՀ իրավապահ մարմինների պահանջով և ՀՀ վարչապետի հանձնարարականներով կատարված ստուգումների ամփոփ արդյունքները ներկայացված են կից` հավելված 1.2-ում և հավելված 1.3-ում:
VI. ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՕԳՏԻՆ ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ, ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ, ՀՕԳՈՒՏ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԻՐԱԶՈՒՐԿ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՑԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՈՒ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` ԴԱՀԿ ծառայություն) կողմից 2015 թ. ընթացքում ՀՀ պետական բյուջեի օգտին բռնագանձված ընդհանուր գումարը կազմում է 7,190,192.4 հազ. դրամ, այդ թվում` պետական բյուջեի օգտին պետական տուրքերի գծով 209,076.6 հազ. դրամ, ՖՆ հարկային հայցերի գծով` 2,686,795.8 հազ. դրամ, ՖՆ մաքսային հայցերի գծով` 336,826.7 հազ. դրամ, քրեական գործերով ՖՆ հարկային մարմնի օգտին` 1,406.7 հազ. դրամ, ՀՀ դատախազության հայցերով ՖՆ հարկային մարմնի օգտին` 919.8 հազ. դրամ, ՀՀ դատախազության հայցերով այլ վարույթների գծով` 13,245.5 հազ. դրամ, վարչական տուգանքների գծով` 3,547,104.2 հազ. դրամ, քրեական գործերով տուգանքների, գույքի բռնագրավումների, այլ քրեական գործերի գծով` 10,113.4 հազ. դրամ, ՀՀ ֆինանսների նախարարության հայցերի գծով` 1,423.0 հազ. դրամ և այլ վարույթների գծով` 383,280.7 հազ. դրամ:
ՀՀ կառավարության 18.02.2010 թ. «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի N 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 146-Ն որոշման համաձայն, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից յուրաքանչյուր եռամսյակ հաշվետվություն է ներկայացվում ՀՀ ֆինանսների նախարարություն` բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքների (այսուհետ` Գույք) իրացման վերաբերյալ:
Ստորև ներկայացվում է 2015 թվականի ընթացքում ԴԱՀԿ ծառայության կողմից ներկայացված հաշվետվությունների ամփոփ պատկերը:
2015 թվականի ընթացքում ԴԱՀԿ ծառայության կողմից իրականացվել է ինչպես նախկինում, այնպես էլ հաշվետու տարում հարուցված ընդհանուր թվով 215 կատարողական վարույթ` տարբեր իրավասության դատարանների (Վարչական, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Նորք-Մարաշ, Էրեբունի-Նուբարաշեն, Աջափնյակ և Դավթաշեն, Ավան և Նոր-Նորք, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների, Արարատի և Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Շիրակի մարզերի) կողմից կայացված դատական ակտերի հիման վրա տրված կատարողական թերթերով: Ընդ որում, բռնագրավվել, հօգուտ պետության տիրազուրկ է ճանաչվել և/կամ ժառանգության իրավունքով պետությանն է անցել տարբեր տեսակի գույք, այդ թվում` հագուստ, բջջային հեռախոսներ, փայտանյութ, ավտոմեքենաներ, սննդամթերք, դեղորայք, զենք, զինամթերք, ոսկի, արծաթ, փայտանյութ և այլն:
Իրականացված ընդհանուր թվով 215 կատարողական վարույթներից հաշվետու տարում ավարտվել (կարճվել) է թվով 66-ը, որից.
. թվով 8 կատարողական վարույթով գույքը վաճառվել է և իրացումից ստացված հասույթը փոխանցվել է ՀՀ պետական բյուջե,
. թվով 29 կատարողական վարույթ ավարտվել է համաձայն «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, այն է` իրեղեն ապացույցը ոչնչացվել է,
. թվով 9 կատարողական վարույթ կարճվել է գույքը համապատասխան մարմիններին (թվով 9 կատարողական վարույթներով հանձնվել է ՀՀ ոստիկանություն) հանձնելու հիմքով:
. թվով 20 կատարողական վարույթ կարճվել է առգրավված կամ իրեղեն ապացույց հանդիսացող դրամական միջոցները պետությանը (ՀՀ պետական բյուջե) հանձնելու հիմքով:
2015 թվականի ընթացքում իրականացված վերը նշված կատարողական վարույթների արդյունքում հաշվետու տարվա վերջում պետությանն անցած գույքի մնացորդի ընդհանուր արժեքը կազմել է 2,649,901.9 հազ. դրամ, կատարողական գործողությունների ծախսերը` 3.9 հազ. դրամ, պետական բյուջե փաստացի փոխանցված գումարը` 124.3 հազ. դրամ:
2015 թվականի վերահսկողության արդյունքներն ամփոփելով, նշենք, որ բյուջեի կատարման հսկողության ընթացքում Տեսչության կողմից բացահայտված ռիսկերը վերահսկողության ներքո գտնվող մարմինների կողմից թերի կամ անարդյունավետ կառավարման և թույլ հսկողության հետևանքով առաջացած խախտումների ու թերությունների արդյունք են:
Խախտումների և թերությունների վերացմանն ու ռիսկերի հետագա զսպմանն ուղղված համապատասխան առաջարկություններով յուրաքանչյուր ստուգման ավարտից հետո ստուգված կազմակերպություն և/կամ պատկան վերադաս մարմին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից գրություններ են հասցեագրվել և հսկողություն է իրականացվել վերջիններիս կողմից ձեռնարկվող միջոցառումների նկատմամբ:
Պատասխանատու մարմինների կողմից խախտումների վերացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ պարբերաբար ստացվող տեղեկատվության համաձայն` համապատասխան պաշտոնատար անձանց տրվել են հանձնարարականներ, անհրաժեշտության դեպքում` խախտում թույլ տված անձինք ենթարկվել են պատասխանատվության, արձանագրված գումարային խախտումների վերականգնման նպատակով կազմվել են ժամանակացույցեր, ներկայացվել են փաստացի վերականգնված գումարները հիմնավորող փաստաթղթերը:
----------------
ԻՐՏԵԿ - NN 1, 1.1, 1.2 և 1.3 հավելվածները չեն բերվում