Սեղմել Esc փակելու համար:
«ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ Ո...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱ ...

 

 

040.0660.300616

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունիսի 2016 թվականի N 660-Ն

 

«ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածն ու 10-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 25.210.00872) վերակազմավորել «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ):

2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:

4. Հիմնադրամի տնօրենի (ռեկտորի) ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ` ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար) նշանակել Ռուզաննա Խաչիկի Հակոբյանին

(նույնականացման քարտ` 004046660, տրված` 23.09.2014 թ., 005-ի կողմից):

5. Առաջարկել հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:

6. Սահմանել, որ «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտական խորհուրդն իր գործունեությունը կարող է շարունակել մինչև հիմնադրամի գիտական խորհրդի ձևավորումը:

7. «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, սույն որոշման N 2 հավելվածում նշված անշարժ գույքը հետ վերցնել և թողնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված, պետական սեփականություն հանդիսացող, սույն որոշման N 3 հավելվածում նշված գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գավառի պետական համալսարան» հիմնադրամին:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 7-րդ և 8-րդ կետերում նշված գործընթացի ավարտից հետո վեցամսյա ժամկետում համալսարանի հետ կնքել N 3 հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագիր և համալսարանի հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրերում սույն որոշումից բխող պայմանագրերի փոփոխման մասին համաձայնագրեր` դրանում նախատեսելով դրույթ այն մասին, որ պայմանագիրը կարող է լուծվել հիմնադրի կողմից` դրա մասին գրավոր ծանուցելով համալսարանին, պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով հիմնադրամի միջոցների հաշվին:

10. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`

ա. ապահովել «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը,

բ. հաստատել «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների «Գավառի պետական համալսարան» հիմնադրամին փոխանցման ակտը.

2) հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում`

ա. Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը,

բ. ապահովել «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը, սեփականության իրավունքով հիմնադրամին փոխանցելու հանձնման-ընդունման գործընթացը:

11. Սահմանել, որ «Գավառի պետական համալսարան» հիմնադրամը «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է և նրան է անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2016 թվականի հունիսի 9-ի

N 660-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Գավառի պետական համալսարան» հիմնադրամը (այսուհետ` համալսարան) հիմնադրի որոշմամբ հիմնադրված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:

2. Համալսարանը «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համարը` 25.210.00872) իրավահաջորդն է (փոխանցման ակտին համապատասխան):

3. Համալսարանն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` նաև օրենք), «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

4. Համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն է (այսուհետ` լիազոր մարմին):

5. Համալսարանի անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Գավառի պետական համալսարան» հիմնադրամ.

2) հայերեն կրճատ` «ԳՊՀ» հիմնադրամ.

3) ռուսերեն լրիվ` Ֆօնդ «Գավարկիյ գօսուդարստվեննիյ ունիվերսիտետ».

4) ռուսերեն կրճատ` Ֆօնդ «ԳԳՈՒ».

5) անգլերեն լրիվ` «Gavar State University» Foundation.

6) անգլերեն կրճատ` «GSU» Foundation:

6. Համալսարանի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Գավառ, 1201, Հրանտ Հակոբյան 1:

 

II. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

7. Համալսարանն իրավաբանական անձ է, որն ստեղծված է համարվում պետական գրանցման պահից և գործում է անժամկետ:

8. Համալսարանն ունի առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

9. Համալսարանն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում` Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:

10. Համալսարանի գործունեության ընթացքում ստացված ամբողջ եկամուտը պետք է օգտագործվի նրա կանոնադրական նպատակների իրականացման համար:

11. Համալսարանն իր կանոնադրությանը համապատասխան`

1) օգտագործում է հիմնադրի կողմից համալսարանին տրամադրված գույքը.

2) տնօրինում, օգտագործում և տիրապետում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը, այդ թվում` մասնաշենքը:

12. Համալսարանն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով իր անվանումը պարունակող կնիք, դրոշմներ, ձևաթղթեր, ինչպես նաև անհատականացնող այլ միջոցներ:

13. Համալսարանի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:

14. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում համալսարանի պարտավորությունների համար, իսկ համալսարանը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների համար: Համալսարանն իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով:

 

III. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

15. Համալսարանի նպատակն է`

1) անձի մտավոր, հոգևոր և բարոյական զարգացման պահանջմունքների բավարարումը` բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու միջոցով.

2) գիտության տարբեր բնագավառներում գիտական, ուսումնամեթոդական և գիտամանկավարժական հետազոտությունների իրականացումը.

3) գիտության, կրթության, տնտեսության և արվեստի զարգացումը` գիտամանկավարժական աշխատողների և սովորողների գիտական հետազոտությունների ու ստեղծագործական գործունեության միջոցով, ստացված արդյունքների օգտագործումը տնտեսության մեջ, հետազոտական և կրթական գործընթացում.

4) բարձրագույն կրթությամբ գիտամանկավարժական աշխատողների պատրաստումը և վերապատրաստումը.

5) կրթության որակի ապահովումը և բարելավման համապատասխան համակարգի ներդրումը.

6) կրթության և գիտության ինտեգրացման հիման վրա ուսուցման բովանդակության կատարելագործումը, մասնագիտությունների ու մասնագիտացումների համակարգերի մշակումը և արմատավորումը.

7) կրթական գործընթացի անընդհատության, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը.

8) սովորողին ազգային, բարոյական և համամարդկային արժեքների ոգով դաստիարակումը.

9) բնակչության շրջանում գիտելիքների տարածումը, լուսավորչական աշխատանքի իրականացումը, նրա կրթական և մշակութային մակարդակի բարձրացումը.

10) սովորողների մեջ քաղաքացիական դիրքորոշման, հմտությունների և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության արմատավորումը` ժողովրդավարական և քաղաքացիական հասարակության պահանջներին համապատասխան.

11) սովորողների և աշխատողների առողջության պահպանման, կենցաղի, սննդի, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացման անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

16. Համալսարանն իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար օրենքով սահմանված կարգով իրավունք ունի`

1) իրականացնելու բարձրագույն, ինչպես նաև հետբուհական, հանրակրթական, նախնական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթության ծրագրեր.

2) մշակելու և հաստատելու բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների և մասնագիտացումների ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը, հրատարակելու ուսումնական գրականություն և ուսումնամեթոդական ձեռնարկներ.

3) ինքնուրույն որոշելու ուսումնական գործընթացի կազմակերպման, կրթական տեխնոլոգիաների և սովորողների ընթացիկ ատեստավորման ձևերի, կարգի ու պարբերականության ընտրության հարցերը.

4) ըստ կրթական ծրագրերի` կազմակերպելու դիմորդների, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը և ուսումնական գործընթացը.

5) կազմակերպելու մասնագետների որակավորման բարձրացման, վերապատրաստման և լրացուցիչ կրթության այլ ծրագրեր.

6) որոշելու իր կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման կարգը, օրենքով սահմանված կարգով ստեղծելու, վերակազմակերպելու և լուծարելու ֆակուլտետներ, ամբիոններ, կենտրոններ, քոլեջներ, մասնագիտական թեքում ունեցող ավագ դպրոցներ, այլ կառուցվածքային ստորաբաժանումներ, ինչպես նաև ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը.

7) ինքնուրույն որոշելու բոլոր տարակարգերի աշխատողների հաստիքացուցակը, իրականացնելու աշխատողների ընտրությունը, նշանակումը, բաշխումը և ատեստավորումը, ներառյալ գիտամանկավարժական համակազմի համալրումը, պրոֆեսորադասախոսական համակազմի, գիտական և ուսումնական ստորաբաժանումների ղեկավարների պաշտոնների զբաղեցման կարգերը.

8) մշակելու ընտրովի պաշտոնների ու պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության ընթացակարգերը և անցկացնելու նրանց ընտրությունները.

9) սահմանելու և շնորհելու համալսարանի պատվավոր կոչումներ, շքանշաններ, մեդալներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ.

10) իրականացնելու հրատարակչական, տպագրական գործունեություն.

11) իր կողմից կնքված պայմանագրերի ու համաձայնագրերի հիման վրա իրականացնելու երկկողմանի ու բազմակողմանի ուղղակի կապեր հանրապետության և օտարերկրյա համալսարանների, գիտական հիմնարկների, պետական մարմինների, այլ կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ, կատարելու տարատեսակ աշխատանքներ (մասնագետների պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում` ուսուցման բոլոր ձևերով, ուսանողների ուսուցում, մասնագետների փոխանակում, գիտական, մշակութային-լուսավորչական և այլ գործունեություն),

12) համալսարանի հիմնական և ձեռնարկատիրական գործունեության ընդլայնման նպատակով պայմանագրային կարգով ներգրավելու այլ անձանց կողմից տրամադրվող միջոցներ, ընդ որում, առանց հիմնադրի որոշման` բացառելով հիմնադրի կողմից համալսարանի օգտագործմանը հանձնված գույքի, այդ թվում` շենքերի, շինությունների և հողատարածքների գրավադրումը, օտարումը կամ անհատույց օգտագործման հանձնումը.

13) իրեն օգտագործման իրավունքով տրամադրված գույքը հանձնելու վարձակալության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Հանձնված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի` բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքի: Հանձնված գույքի վարձակալության հանձնման արդյունքում ստացված եկամուտները պետական սեփականություն են.

14) կառավարելու իր ֆինանսները, ինքնուրույն որոշելու իր ֆինանսական միջոցների օգտագործման ուղղությունները, ներառյալ իր աշխատողների վարձատրության և նյութական խրախուսման կարգն ու չափերը, սահմանելու կրթաթոշակներ.

15) իրականացնելու օրենքով և իր կանոնադրությամբ չարգելված այլ գործունեություն:

17. Չեն թույլատրվում համալսարանում հասարակական-քաղաքական, հասարակական և կրոնական կազմակերպությունների, դրանց կազմակերպական կառույցների ստեղծումն ու գործունեությունը` բացառությամբ ուսանողական, արհեստակցական, մասնագիտական, մշակութային, մարզական և շրջանավարտների կազմակերպությունների ու միությունների:

18. Համալսարանը կարող է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով`

1) հանրակրթական, միջին, նախնական մասնագիտական (արհեստագործական), բարձրագույն և հետբուհական մասնագիտական, լրացուցիչ կրթության կազմակերպում.

2) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.

3) մշակույթի բնագավառում կրթական գործունեության իրականացում,

4) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.

5) գիտահետազոտական և գիտաարտադրական աշխատանքների իրականացում, դրանց արդյունքների առևտրայնացում.

6) խորհրդատվական, փորձագիտական ծառայությունների մատուցում, իր կողմից հրատարակվող տպագիր և էլեկտրոնային միջոցներով գովազդի իրականացում.

7) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում, դրա արդյունքների իրացում, գրքերի, այլ տպագրական և գրենական նյութերի վաճառքի իրականացում.

8) կրթական և ուսումնական վճարովի դասընթացների կազմակերպում.

9) միջազգային ուսումնական և գիտատեխնիկական ծրագրերի իրականացում.

10) աշխատողների, սովորողների և այլ անձանց հանրային սննդի, հանգստի, բուժման, կենցաղի կազմակերպում և սպասարկում.

11) համակարգչային տեղեկատվական ծառայությունների մատուցում և համակարգչային ծրագրերի ու լեզուների ուսուցման կազմակերպում:

 

IV. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

 

19. Համալսարանի շահառուները կրթական, գիտական, գիտաարտադրական բնագավառներին առնչվող ֆիզիկական և իրավաբանական անձինք են:

 

V. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

20. Համալսարանը պարտավոր է`

1) գործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև իր կանոնադրությանը համապատասխան.

2) հրապարակել իր գործունեության մասին ամենամյա հաշվետվություն, օրենքով նախատեսված դեպքում նաև` ֆինանսական հաշվետվությունների աուդիտի եզրակացությունը.

3) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին.

5) ապահովել սույն կետում նշված հաշվետվություններին ծանոթանալու մատչելիությունը.

6) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

 

VI. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

21. Համալսարանը կառավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` ինքնակառավարման հիման վրա:

22. Համալսարանի կառավարումը հիմնված է իր ինքնավարության վրա` միանձնյա և կոլեգիալ կառավարման սկզբունքների զուգակցմամբ, հիմնադրի, լիազոր մարմնի, համալսարանի հոգաբարձուների խորհրդի, համալսարանի գիտական խորհրդի և ռեկտորի գործառույթների իրականացմամբ:

23. Համալսարանն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով:

24. Համալսարանի կառավարման մարմիններն են`

1) հոգաբարձուների խորհուրդը.

2) տնօրեն (այսուհետ` ռեկտոր):

25. Համալսարանի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների, հիմնադրի և լիազոր մարմնի ներկայացուցիչներից: Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 24 է:

26. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմից հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումները: Կառուցվածքային ստորաբաժանումների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել ցանկացած աշխատող: Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներից առաջադրված թեկնածուներն ընտրվում են համալսարանի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին: Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:

27. Համալսարանի սովորողների ներկայացուցիչներից հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուներ են առաջադրում ֆակուլտետների ուսանողական խորհուրդները: ՈՒսանողական խորհուրդների կողմից խորհրդի անդամության թեկնածու կարող է առաջադրվել բարձր առաջադիմություն և ակտիվ հասարակական դիրքորոշում ունեցող ցանկացած սովորող: Համալսարանի ուսանողական խորհուրդն ընտրում է ստորաբաժանումներից առաջադրված թեկնածուներին և ներկայացնում լիազոր մարմնին: Սովորողների կողմից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը:

28. Հիմնադրի անունից հոգաբարձուների խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը` պետական պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 25 տոկոսը):

29. Լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև համալսարանի հետ համագործակցող գործատուներ (խորհրդի կազմի 25 տոկոսը):

30. Առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա հոգաբարձուների խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

31. Հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք: Հոգաբարձուների խորհրդի անդամները չեն կարող լինել համալսարանի այլ մարմնի անդամներ:

32. Հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները` խորհրդի անդամների կազմից (բացի ուսանողության ներկայացուցիչներից), հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդի նախագահը համալսարանում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը:

33. Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության` հասարակական հիմունքներով: Հոգաբարձուների խորհրդի անդամների համար կարող է սահմանվել փոխհատուցում` նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:

34. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն`

1) ներկայացնելու առաջարկություններ հոգաբարձուների խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու և հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ, որոշումների նախագծեր.

3) ստանալու տեղեկություններ համալսարանի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.

4) ստանալու իրենց պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:

35. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են`

1) մասնակցել հոգաբարձուների խորհրդի նիստերին.

2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով համալսարանի շահերից:

36. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է`

1) իր դիմումի համաձայն.

2) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում.

4) եթե դադարել են համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.

5) որպես սովորող առաջադրվելու դեպքում` սովորողի կարգավիճակը կորցնելու հետևանքով.

6) ըստ պաշտոնի առաջադրվելու դեպքում` պաշտոնից ազատվելու հետևանքով.

7) նրա մահվան դեպքում:

37. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով` ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին ռեկտորի ծանուցումն ստանալու օրվանից հետո 30 օրվա ընթացքում: Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում ռեկտորը տեղեկացնում է հիմնադրին, հոգաբարձուների խորհրդի անդամներին ներկայացված անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:

38. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են առնվազն տարեկան մեկ անգամ` հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից: Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով` հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից, համապատասխան պահանջը ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում: Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են անցկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով: Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են օրենքով սահմանված կարգով: Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

39. Հոգաբարձուների խորհրդի նիստերն արձանագրվում են:

40. Հոգաբարձուների խորհրդի իրավասություններն են`

1) իր աշխատակարգի հաստատումը.

2) ռեկտորի ընտրության կանոնակարգի մշակումը, հաստատումը, ընտրության կազմակերպումը, ռեկտորի ընտրության և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

3) ռեկտորի տարեկան հաշվետվության լսումն ու գնահատումը.

4) համալսարանի գործունեության տարեկան և ռազմավարական ծրագրերի հաստատումը.

5) համալսարանի կառուցվածքի հաստատումը.

6) համալսարանի հաստիքացուցակի հաստատումը.

7) համալսարանի գործունեության մասին տարեկան հաշվետվությունների, եկամուտների ու ծախսերի տարեկան նախահաշվի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների հաստատումը.

8) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշման ընդունումը.

9) համալսարանի գործունեության, այդ թվում` ֆինանսատնտեսական գործունեության վերահսկողությունը, ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի ընտրությունը.

10) հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

11) ռեկտորի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանների, հրահանգների և ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.

12) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

13) համալսարանի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

14) համալսարանի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

15) համալսարանի կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխության, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.

16) համալսարանի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

17) քսան միլիոն դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի սահմանաչափը գերազանցող պայմանագրերի հաստատումը.

18) օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի մյուս մարմիններին օրենքով չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

41. Հոգաբարձուների խորհրդի իրավասությանը պատկանող հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի:

42. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու համալսարանի բոլոր փաստաթղթերին:

43. Հոգաբարձուների խորհրդի նախագահը`

1) հրավիրում է հոգաբարձուների խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.

2) ստորագրում է հոգաբարձուների խորհրդի որոշումները.

3) հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ` կարող է ստեղծել հանձնախմբեր և նշանակել դրանց նախագահներին, մասնավորապես, սույն կանոնադրությամբ նախատեսված համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) և սույն կանոնադրության 40-րդ կետի 8-րդ, 9-րդ, 16-րդ ու 17-րդ ենթակետերով նախատեսված հարցերի նախնական քննարկում իրականացնելու և դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհուրդ եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.

4) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի նիստերի արձանագրության վարումը.

5) հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը.

6) համալսարանի անունից ռեկտորի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր:

44. Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, կատարում է հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը:

45. Համալսարանի գիտական խորհուրդը (այսուհետ` գիտական խորհուրդ) ձևավորվում է սույն կանոնադրության համաձայն: Այն համալսարանի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է:

46. Գիտական խորհուրդը գործում է ռեկտորի նախագահությամբ: Գիտական խորհրդի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են ուսումնական տարվա ընթացքում առնվազն ութ անգամ:

47. Գիտական խորհուրդը`

1) հաստատում է իր կանոնակարգը.

2) ռեկտորի ներկայացմամբ` հոգաբարձուների խորհրդին ներկայացնում է առաջարկություն կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու, լուծարելու վերաբերյալ.

3) հատկացված ընդհանուր չափաքանակների շրջանակներում քննարկում և ընդունում է որոշումներ համալսարանի` ըստ կրթական ծրագրերի և մասնագիտությունների ընդունելության վերաբերյալ.

4) հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները (այդ թվում` օրինակելի), համալսարանի և կառուցվածքային ստորաբաժանումների հիմնական գործունեությունը և ուսումնական գործընթացը կանոնակարգող այլ ներքին իրավական ակտեր.

5) քննարկում և հաստատում է կրթական ծրագրերը` ըստ մասնագիտությունների սահմանում է վճարաչափերը.

6) քննարկում է գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, լսում գիտական հաղորդումներ համալսարանում կատարվող գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքների արդյունքների մասին.

7) ընդունում է պատվավոր կոչումներ շնորհելու, մրցանակներ, անվանական և այլ կրթաթոշակներ տալու, շքանշանով և մեդալով պարգևատրելու, հանրապետական ու միջազգային պարգևների և կոչումների համար թեկնածություններ ներկայացնելու մասին որոշումներ.

8) հաստատում է ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական համակազմի ընտրությունների ընթացակարգերը.

9) շնորհում է գիտական կոչումներ, իրականացնում ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական համակազմի թափուր պաշտոնների տեղակալման մրցութային ընտրություններ և հաստատում ընտրությունների արդյունքները.

10) համալսարանի գործունեության բնագավառներին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` լիազոր մարմին է ներկայացնում առաջարկություններ համալսարանի գործունեության հիմնական ուղղությունների, այդ թվում` նոր մասնագիտություններով կրթական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ.

11) ռեկտորին ներկայացնում է առաջարկություններ համալսարանի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի նախագծի վերաբերյալ.

12) քննարկում և հրատարակության է երաշխավորում մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, ժողովածուներ և այլ նյութեր.

13) ըստ անհրաժեշտության ստեղծում է գիտական խորհրդին կից գործող մշտական և ժամանակավոր հանձնաժողովներ, սահմանում դրանց կառուցվածքը, կազմերի ձևավորման կարգը և աշխատակարգը.

14) քննարկում է համալսարանի ֆակուլտետների, այլ ստորաբաժանումների տարեկան գործունեության մասին հաշվետվությունները, ինչպես նաև համալսարանի միջազգային կապերի ուղղությունները և համագործակցության ծրագրերը.

15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և սույն կանոնադրությունից բխող այլ լիազորություններ:

48. Գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 32-ը, որի առնվազն 50 տոկոսն ընտրովի անդամներն են:

49. Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը (գիտական խորհրդի նախագահ), պրոռեկտորները, գիտական քարտուղարը (գիտական խորհրդի քարտուղար), ակադեմիական քաղաքականության վարչության պետը, գլխավոր հաշվապահը, ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, արհեստակցական կազմակերպության ղեկավարը, ուսանողական խորհրդի նախագահը, ռեկտորի նշանակմամբ` այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ընտրովի անդամներ` գիտական խորհրդի կանոնակարգին համապատասխան: Համալսարանի գիտական խորհրդի անդամների թվի քսանհինգ տոկոսը սովորողներն են, որոնց առաջադրում է համապատասխան մակարդակի ուսանողական խորհուրդը, իսկ ընտրությունն իրականացնում է համալսարանի ուսանողական խորհուրդը:

50. Գիտական խորհրդի նիստը համարվում է իրավազոր` նրա անդամների 2/3-ի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ, եթե որոշում չի ընդունվում փակ, գաղտնի քվեարկության մասին: Գիտական խորհրդի նիստերը կարող են անցկացվել տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման միջոցով:

51. Գիտական խորհրդի արտահերթ նիստերը կարող են հրավիրվել գիտական խորհրդի նախագահի առաջարկով, ինչպես նաև գիտական խորհրդի անդամների 1/3-ի պահանջով: Գիտական խորհրդի նախագահն արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ պահանջն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում պարտավոր է ապահովել նիստի գումարումը:

52. Համալսարանի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է ռեկտորը: Ռեկտորն իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը համապատասխան, գործում է միանձնյա և լրիվ պատասխանատվություն է կրում համալսարանի աշխատանքի արդյունքների համար: Ռեկտորը կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը:

53. Ռեկտորի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրով:

54. Համալսարանի ռեկտորը`

1) ղեկավարում է համալսարանի կրթական, գիտական, արտադրական, տնտեսական, ֆինանսական, միջազգային և այլ գործունեությունը.

2) կազմակերպում է համալսարանի գիտական խորհրդի, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները` ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը.

3) հրավիրում է համալսարանի գիտական խորհրդի, ռեկտորատի նիստերը.

4) տարեկան հաշվետվություն է ներկայացնում համալսարանի հոգաբարձուների խորհրդին.

5) համալսարանի հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, զարգացման ռազմավարական ծրագրերը, համալսարանի կանոնադրության կամ դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշումների նախագծերը, համալսարանի կառուցվածքը և հաստիքացուցակը.

6) ապահովում է համալսարանի հոգաբարձուների խորհրդի և գիտական խորհրդի որոշումների կատարումը.

7) համալսարանի հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու վերաբերյալ նախագծեր.

8) համալսարանի գիտական խորհրդի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները (այդ թվում` օրինակելի), կանոնակարգերը, համալսարանի ներքին կարգապահական կանոնները, այլ ներքին իրավական ակտեր.

9) սույն կանոնադրությանը համապատասխան կազմավորում է համալսարանի գիտական խորհուրդը և կառուցվածքային ստորաբաժանումների կոլեգիալ կառավարման մարմինները, սահմանում է աշխատողների լիազորությունները, պաշտոնական պարտականությունները.

10) արձակում է ուսանողների ընդունելության, հեռացման, վերականգնման, համապատասխան արձակուրդ ձևակերպելու, խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր կիրառելու, որակավորման աստիճան շնորհելու, ուսանողական նպաստ հատկացնելու և համալսարանի գործունեությանը վերաբերող այլ հրամաններ.

11) աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է պրոռեկտորներին, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, որոշում նրանց գործունեության ոլորտները և իրավասությունը.

12) աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է համալսարանի աշխատողներին, կազմակերպում է աշխատողների ատեստավորումը.

13) աշխատանքային պայմանագրեր է կնքում ընտրված դեկանների, ամբիոնների վարիչների և գիտամանկավարժական համակազմի այլ աշխատողների հետ, ինչպես նաև սահմանված կարգով լուծում է պայմանագրերը.

14) աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր, կազմակերպում է աշխատողների ատեստավորումը.

15) կնքում է մինչև քսան միլիոն դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով պայմանագրեր: Նշված սահմանաչափը գերազանցող պայմանագրերը ենթակա են հաստատման` հոգաբարձուների խորհրդի կողմից.

16) արհեստակցական կազմակերպության նախագահի հետ կնքում է կոլեկտիվ պայմանագիր.

17) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է տնտեսական ընկերությունների և հիմնարկների տնօրեններին, նրանց հետ կնքում աշխատանքային պայմանագրեր.

18) կասեցնում է համալսարանի գիտական խորհրդի, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների կառավարման մարմինների այն որոշումները, որոնք չեն բխում նրանց իրավասությունից, հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կանոնադրությանը և նշանակում է դրանց վերաքննարկում.

19) իր բացակայության ժամանակ ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարում է պրոռեկտորներից մեկին.

20) տալիս է համալսարանի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով, բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

21) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և համալսարանի այլ կառավարման մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

55. Համալսարանի ռեկտոր կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, ով ունի գիտական աստիճան և գիտական կոչում: Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:

56. Ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով` հոգաբարձուների խորհրդի նիստում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Ռեկտորի պաշտոնում ընտրված է համարվում այն թեկնածուն, ով հավաքել է խորհրդի ցուցակային կազմի 50 տոկոսից ավելի ձայն:

57. Ռեկտոր ընտրված անձի լիազորությունները դադարեցվում են օրենքով սահմանված կարգով` հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:

58. Պրոռեկտորները նշանակվում են ռեկտորի հրամանով և իրականացնում են համալսարանի գործունեության որոշակի ոլորտի անմիջական ղեկավարում` ռեկտորի հանձնարարություններին, հրամաններին և կարգադրություններին համապատասխան:

59. Համալսարանի ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը ձևավորվում է համալսարանի ռեկտորի հրամանով: Համալսարանի հոգաբարձուների խորհրդի և համալսարանի գիտական խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ռեկտորատը քննարկում է համալսարանի գործունեության ոլորտներին վերաբերող հարցեր: Ռեկտորատի անվանական կազմը հաստատում է համալսարանի ռեկտորը:

 

VII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

60. Համալսարանի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարել կարող է ինչպես համալսարանի հիմնադիրը, այնպես էլ` համալսարանի հոգաբարձուների խորհուրդը` սույն կանոնադրությամբ և օրենքով սահմանված կարգով:

61. Համալսարանի կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունները չեն կարող վերաբերել համալսարանի նպատակներին կամ շահառուներին:

 

VIII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

62. Համալսարանն ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը, մշակում զարգացման հեռանկարները և ընդունում իր գործունեության վերաբերյալ որոշումներ:

63. Համալսարանն ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան և պայմանները:

64. Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս համալսարանն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում:

65. Համալսարանը ձեռնարկատիրական գործունեություն իրականացնում է միայն այն դեպքերում, երբ դա համապատասխանում է իր կանոնադրությանը կամ ծառայում է իր կանոնադրական նպատակների իրականացմանը: Համալսարանը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել ինքնուրույն կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ, կամ լինել դրանց մասնակից: Համալսարանի կողմից իրականացվող (այդ թվում` անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակները սահմանվում են համալսարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:

66. Համալսարանը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

67. Հիմնադրի կողմից համալսարանին` որպես հիմնադրի ներդրում հանձնված գույքը համալսարանի սեփականությունն է, համալսարանն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով:

68. Համալսարանի սեփական միջոցներով ձեռք բերված գույքը, այդ թվում` մասնաշենքը, և օրենքով սահմանված այլ աղբյուրներից ձևավորված գույքը համալսարանի սեփականությունն են: Համալսարանն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված կարգով:

69. Այլ քաղաքացիների, կազմակերպությունների կողմից որպես կամավոր գույքային ներդրում հանձնված գույքը, ներառյալ դրամական միջոցները, բաժնետոմսերը, այլ արժեթղթեր և մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները, համալսարանի սեփականությունն են:

70. Համալսարանի սեփականությունը հանդիսացող և նրան օգտագործման հանձնված ընդհանուր ակտիվների արժեքի 20 տոկոսը գերազանցող գործարքները կնքվում են Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ:

 

IX. ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

71. Սովորողների` համալսարան ընդունելությունը և ուսուցման մեկ մակարդակից մյուսին անցումը կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

72. Համալսարանում բարձրագույն կրթությունն իրականացվում է բակալավրի և մագիստրոսի հիմնական կրթական ծրագրերով, կրթական չափորոշիչներին համապատասխան: Համալսարանը կարող է իրականացնել նաև հետբուհական, հանրակրթական, նախնական, միջին մասնագիտական, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրեր:

73. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` վճարովի հիմունքներով ուսուցումն իրականացվում է լիազոր մարմնի սահմանած կարգի համաձայն:

74. Համալսարանում կիրառվում է բարձրագույն կրթության աստիճանական համակարգ: ՈՒսուցման յուրաքանչյուր աստիճանի շրջանավարտին տրվում է համապատասխան որակավորում և ավարտական վկայական (դիպլոմ):

75. Լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագիրն ավարտած և ամփոփիչ ատեստավորումն անցած անձանց տրվում է համալսարանի կողմից սահմանված նմուշի ավարտական փաստաթուղթ (վկայագիր, հավաստագիր):

76. Համալսարանում ուսուցումը կարող է իրականացվել առկա, հեռակա, դրսեկության և հեռավար ձևերով: Թույլատրելի է բարձրագույն կրթություն ստանալու տարբեր ձևերի զուգակցումը:

77. Համալսարանի հիմնական կրթական ծրագրերով ուսումնառությունն իրականացվում է կրեդիտների կուտակման և փոխանցման համաեվրոպական համակարգի դրույթներին համապատասխան:

78. Համալսարանում գործում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգ:

79. Համալսարանում գործում է որակի ներքին ապահովման և վերահսկման համակարգ, որի նպատակը կրթության որակի շարունակական բարելավումն է:

80. Համալսարանում բարձրագույն կրթության առաջին աստիճանում` բակալավրիատում, ընդունելությունն իրականացվում է մրցութային հիմունքներով, առնվազն միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումների հիման վրա` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի և մասնագիտությունների ցանկի:

81. Համալսարանում բարձրագույն կրթության երկրորդ աստիճանի` մագիստրատուրայի ընդունելությունն իրականացվում է բարձրագույն կրթության առաջին աստիճանի (բակալավրիատի) գնահատականների հաշվառմամբ` գիտական խորհրդի կողմից հաստատված կանոնակարգով կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման հիման վրա` ըստ դիմորդների մրցութային ընդունելության քննությունների արդյունքների, որի կարգը և մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

82. Համալսարանում ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի և մասնագիտությունների ցանկի:

83. Համալսարանում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին կարող են մասնակցել համալսարանի աշխատողները և սովորողները, ինչպես նաև պայմանագրային հիմունքներով հրավիրված այլ մասնագետներ:

84. Համալսարանը կազմակերպում և անցկացնում է գիտաժողովներ, համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ, հրատարակում է գիտական պարբերականներ, ժողովածուներ, մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ:

85. Համալսարանի ուսումնական և գիտական գործունեությունը ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից.

2) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հիմնարկների, կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց նվիրատվություններից, դրամաշնորհներից.

3) համալսարանի վճարովի ծառայություններից ստացվող միջոցներից.

4) բարեգործական նպատակով տրամադրվող միջոցներից.

5) նախաձեռնողական հետազոտությունների համար նախատեսված միջոցներից.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

86. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով իրականացվող գիտահետազոտական, նախագծային, փորձարարական և այլ աշխատանքների պլանավորումը, ֆինանսավորում ու հաշվետվությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

X. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

87. Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներն են ֆակուլտետները, ամբիոնները, կենտրոնները, վարչությունները, բաժինները, լաբորատորիաները, գիտական գրադարանը և այլ ստորաբաժանումներ:

88. Համալսարանի կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակը և իրավասությունը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և համալսարանի գիտական խորհրդի հաստատած կանոնակարգերով:

89. Համալսարանի ֆակուլտետը գործում է իր կանոնադրությանը համապատասխան:

90. Ֆակուլտետը, ելնելով իր կողմից իրականացվող ուսումնական, մանկավարժական, մեթոդական, գիտական, ուսումնաօժանդակ և այլ բնույթի աշխատանքներից, կազմում է իր հաստիքացուցակի նախագիծը և ներկայացնում համալսարանի ռեկտորին: Ֆակուլտետը կազմված է ամբիոններից, լաբորատորիաներից և ուսումնական, գիտական ու օժանդակ այլ ստորաբաժանումներից: Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի խորհուրդը և դեկանը:

91. Ֆակուլտետի կառավարման կոլեգիալ մարմինը ֆակուլտետի խորհուրդն է, որի նախագահը ֆակուլտետի դեկանն է: Խորհրդի կազմում ընդգրկվում են դեկանի տեղակալը, ֆակուլտետի ամբիոնների վարիչները, պրոֆեսորներ, դոցենտներ, ոլորտի այլ մասնագետներ, սովորողներ: Ֆակուլտետի գիտական խորհրդի անդամների թվի 25 տոկոսը սովորողներն են, որոնց առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է ֆակուլտետի ուսանողական խորհուրդը:

92. Ֆակուլտետի խորհրդի, որպես կառավարման մարմնի կազմի, ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում են ֆակուլտետի օրինակելի կանոնադրությամբ:

93. Ֆակուլտետի խորհուրդը`

1) համալսարանի ռեկտորին ներկայացնում է առաջարկություն ֆակուլտետի կառուցվածքում ամբիոններ և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, լուծարելու, վերակազմավորելու վերաբերյալ.

2) ընդունում է որոշում ֆակուլտետի կրթական, գիտական աշխատանքների, արտաքին համագործակցության կապերի և այլ հարցերի վերաբերյալ.

3) տալիս է եզրակացություն ֆակուլտետի դեկանի, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական համակազմի թափուր տեղերի թեկնածուների վերաբերյալ` գիտական խորհրդում մրցութային ընտրությանը մասնակցելու համար.

4) լսում է ֆակուլտետի դեկանի ամենամյա հաշվետվությունը և գնահատում նրա գործունեությունը.

5) համալսարանի գիտական խորհրդին ներկայացնում է առաջարկություն ֆակուլտետի աշխատողներին պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ.

6) առաջադրում է համալսարանի հոգաբարձուների խորհրդում և համալսարանի գիտական խորհրդում ֆակուլտետի ներկայացուցիչների թեկնածուներին.

7) լուծում է ֆակուլտետի ուսումնական, գիտական աշխատանքի, միջազգային կապերի և այլ գործունեության հարցերը.

8) համալսարանի ռեկտորին է ներկայացնում ֆակուլտետի ուսումնական պլանները` համալսարանի գիտական խորհրդում հաստատելու համար.

9) լուծում է սույն կանոնադրությունից և համալսարանի այլ ներքին իրավական ակտերից բխող` ֆակուլտետի ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեությանը վերաբերող այլ հարցեր:

94. Ֆակուլտետի խորհրդի նիստերը գումարվում են ուսումնական տարվա ընթացքում առնվազն 8 անգամ: Ֆակուլտետի խորհրդում որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ կամ ֆակուլտետի կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ: Ֆակուլտետի խորհրդի որոշումները պարտադիր են ֆակուլտետի աշխատողների և սովորողների համար:

95. Ֆակուլտետի գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է ֆակուլտետի դեկանը` իր իրավասության սահմաններում և սույն կանոնադրության համաձայն:

96. Ֆակուլտետի դեկան կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, ով ունի գիտական աստիճան:

97. Դեկանն ընտրվում է համալսարանի գիտական խորհրդում` փակ, գաղտնի քվեարկությամբ` 5 տարի ժամկետով: Դեկանի պաշտոնում ընտրված է համարվում համալսարանի գիտական խորհրդում ամենաշատ, բայց առնվազն մասնակիցների ձայների կեսից ավելի ձայներ հավաքած թեկնածուն: Ընտրությունների արդյունքների հիման վրա ընտրված դեկանին պաշտոնի է նշանակում համալսարանի ռեկտորը և սահմանված կարգով կնքում է պայմանագիր` 5 տարի ժամկետով: Ֆակուլտետի դեկանն իր պաշտոնը, որպես կանոն, կարող է զբաղեցնել ոչ ավելի, քան երկու ժամկետ անընդմեջ: Դեկանի ընտրությունը կազմակերպվում և իրականացվում է համալսարանի գիտական խորհրդի կողմից հաստատված` դեկանների ընտրության կանոնակարգին համապատասխան:

98. Ֆակուլտետի դեկանը`

1) ղեկավարում է ֆակուլտետի կրթական, գիտական, արտադրական, միջազգային և այլ գործունեությունը.

2) ապահովում է համալսարանի մարմինների և ֆակուլտետի խորհրդի որոշումների կատարումը.

3) ռեկտորի հաստատմանն է ներկայացնում դեկանի տեղակալի և ֆակուլտետի խորհրդի քարտուղարի թեկնածությունները.

4) սահմանված կարգով ռեկտորին ներկայացնում է առաջարկություն ուսանողներին հեռացնելու, վերականգնելու վերաբերյալ.

5) սահմանված կարգով ռեկտորին ներկայացնում է առաջարկություն ուսանողներին կուրսից կուրս փոխադրելու մասին.

6) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, ֆակուլտետի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

99. Ֆակուլտետի խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ֆակուլտետին առնչվող ընթացիկ հարցերը քննարկվում և լուծվում են դեկանատի նիստում, որին մասնակցում են դեկանը, դեկանի տեղակալը, ֆակուլտետի կազմի մեջ մտնող ամբիոնների վարիչները, ֆակուլտետի խորհրդի քարտուղարը, ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահը: Դեկանատի նիստերն արձանագրվում են:

100. Ամբիոնները (բաժինները, լաբորատորիաները) ֆակուլտետի ուսումնագիտական գործընթացի կազմակերպման կառուցվածքային հիմնական ստորաբաժանումներն են, որոնք գործում են սույն կանոնադրության և ֆակուլտետների ամբիոնների ու լաբորատորիաների կանոնադրությունների հիման վրա:

101. Համալսարանի ամբիոնները կարող են լինել նաև համահամալսարանական, որոնց գործունեության անմիջական համակարգումը կատարվում է համապատասխան պրոռեկտորի կողմից: Ամբիոնի գիտամանկավարժական կազմում ընդգրկվում են պրոֆեսորները, դոցենտները, ասիստենտները և դասախոսները:

102. Ամբիոնը գործում է սույն կանոնադրությանը և ֆակուլտետի կանոնադրությանը համապատասխան:

103. Ամբիոնը, ելնելով կատարվող մանկավարժական, գիտական, ուսումնաօժանդակ և այլ աշխատանքների ծավալից ու ձևերից, ըստ սահմանված չափանիշների, մշակում է իր պրոֆեսորադասախոսական կազմի անդամների ուսումնական բեռնվածությունը:

104. Համալսարանի ամբիոնում պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի ընդունումը, նրանց և համալսարանի միջև աշխատանքային հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով, մրցութային կարգով:

105. Ամբիոնը ղեկավարում է վարիչը, որն ընտրվում է համալսարանի գիտական խորհրդի կողմից սահմանված կարգով, բաց մրցույթի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով: Ընտրությունների արդյունքների հիման վրա ամբիոնի վարիչին պաշտոնի է նշանակում ռեկտորը: Ամբիոնի վարիչի ընտրությունը կազմակերպվում և իրականացվում է համալսարանի գիտական խորհրդի կողմից հաստատված ամբիոնի վարիչի ընտրության կանոնակարգին համապատասխան: Ամբիոնի վարիչի գործունեությունը համարվում է գիտամանկավարժական աշխատանք:

106. Ամբիոնի ուսումնագիտական գործունեությանը վերաբերող հիմնական հարցերը քննարկվում են ամբիոնի գիտամանկավարժական կազմի նիստում: Ամբիոնի ուսումնաօժանդակ համակազմի աշխատողներն ամբիոնի նիստին մասնակցում են խորհրդակցական ձայնի իրավունքով:

107. Ֆակուլտետի մյուս ստորաբաժանումների ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է ֆակուլտետի կանոնադրությամբ:

108. Կենտրոնը համալսարանի կանոնադրական խնդիրների և գործառույթների իրագործման նպատակով ստեղծված կառուցվածքային ստորաբաժանում է, որի գործունեության կարգը սահմանում է համալսարանի գիտական խորհուրդը:

 

XI. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԸ

 

109. Համալսարանի աշխատողները բաժանվում են գիտամանկավարժական (պրոֆեսորադասախոսական համակազմ (ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ և դասախոս), գիտական աշխատողներ), վարչական, ուսումնաօժանդակ, ինժեներատեխնիկական, տնտեսական, արտադրական և այլ տարակարգերի:

110. Համալսարանի սովորողներն են բարձրագույն մասնագիտական կրթություն և լրացուցիչ կրթություն ստանալու համար համալսարան ընդունված կամ այլ կրթական ծրագրերով ուսումնառող անձինք:

111. Համալսարանի աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, համալսարանի կոլեկտիվ պայմանագրով և այլ ներքին իրավական ակտերով:

112. Համալսարանի աշխատողներն իրավունք ունեն`

1) ընտրելու և ընտրվելու համալսարանի պաշտոններում և կառավարման մարմիններում, ընդգրկվելու և մասնակցելու համալսարանի համապատասխան կառավարման մարմինների աշխատանքներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, համալսարանի կանոնադրությամբ և կոլեկտիվ պայմանագրով սահմանված կարգով.

2) մասնակցելու համալսարանի գործունեությանն առնչվող բոլոր խնդիրների քննարկմանը.

3) ընտրելու ուսումնական առարկայի դասավանդման մեթոդներ.

4) միավորվելու արհեստակցական կազմակերպությունում.

5) համալսարանի կանոնադրությանը և կոլեկտիվ պայմանագրին համապատասխան օգտվելու գրադարանների, տեղեկատվական պահոցների, ուսումնական և գիտական ստորաբաժանումների, ինչպես նաև սոցիալ-կենցաղային, բուժական ստորաբաժանումների և այլ կառուցվածքային ստորաբաժանումների վճարովի և անվճար ծառայություններից.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու համալսարանի կառավարման մարմինների և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների կողմից ընդունված ակտերը.

7) սահմանված կարգով ստանալու վճարվող կամ չվճարվող արձակուրդ.

8) ստանալու դրամական հատուցում` աշխատանքի ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար.

9) նախատեսված ժամկետում և սահմանված չափով ստանալու աշխատավարձ, լրավճարներ, հավելավճարներ, ինչպես նաև պարգևատրումներ և խրախուսումներ (ներառյալ դրամական)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և համալսարանի կոլեկտիվ պայմանագրով սահմանված դեպքերում և կարգով.

10) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ` մասնագիտական և աշխատանքային գործունեության համար.

11) ըստ նախասիրությունների` կազմակերպելու և մասնակցելու համալսարանում անցկացվող գիտահետազոտական աշխատանքներին, սեմինարներին և գիտաժողովներին.

12) համալսարանի աշխատողներն ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ.

13) համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և սովորողներն օժտված են ակադեմիական ազատություններով:

113. Համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի, գիտական աշխատողների բոլոր թափուր պաշտոններն զբաղեցվում են` համաձայն սույն կանոնադրության և գիտամանկավարժական պաշտոնների տեղակալման կարգի:

114. Համալսարանի աշխատողները պարտավոր են`

1) պահպանել և կատարել սույն կանոնադրության, համալսարանի ներքին կարգապահական կանոնների և այլ ներքին իրավական ակտերի պահանջները.

2) կատարել համալսարանի ղեկավար մարմինների օրինական որոշումները.

3) ապահովել ուսումնական գործընթացի, անցկացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.

4) պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել համալսարանի գույքը.

5) մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը, առնվազն յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ` սահմանված կարգով անցնել վերապատրաստում կամ որակավորման բարձրացում.

6) կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, համալսարանի կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով և համալսարանի այլ ներքին իրավական ակտերով նախատեսված պարտականություններ:

115. Համալսարանի սովորողներն իրավունք ունեն`

1) սեփական հայեցողությամբ, ըստ հակումների և պահանջմունքների, ընտրելու մասնագիտություն, ուսուցման ձևը, զբաղվելու հետազոտություններով, ցանկացած կրթական աստիճանում ընդհատելու կամ շարունակելու բարձրագույն մասնագիտական կրթությունը.

2) ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ, հաճախելու համալսարանում կարդացվող դասախոսություններին.

3) մասնակցելու իրենց կրթության բովանդակության ձևավորմանը (ուսումնական դասընթացների և մասնագիտացման ընտրությանը)` պահպանելով բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների պահանջները.

4) մասնակցելու ուսուցման որակն ապահովող գործառույթներին և գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը.

5) բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից, յուրացնելու ուսումնական ցանկացած այլ դասընթաց, որը դասավանդվում է համալսարանում` ըստ սահմանված կարգի.

6) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ մասնագիտական (զուգահեռ) ուսուցման հետ և ստանալու երկրորդ որակավորման աստիճան.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ընդգրկվելու և մասնակցելու համալսարանի կառավարման մարմինների աշխատանքներին.

8) օգտվելու համալսարանի գրադարանից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական, մարզական, ուսումնաարտադրական և այլ ստորաբաժանումների ծառայություններից.

9) ըստ նախասիրությունների` մասնակցելու համալսարանում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին, սեմինարներին և գիտաժողովներին.

10) միավորվելու ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և այլ ուսանողական կազմակերպություններում.

11) բողոքարկելու համալսարանի ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով.

12) օգտվելու ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման իրավունքից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համալսարանի կողմից սահմանված կարգով ստանալու սահմանված չափի (ներառյալ անվանական) կրթաթոշակ.

14) ծանոթանալու համալսարանի կանոնադրությանը և այլ իրավական փաստաթղթերի.

15) լիազորված մարմնի սահմանած կարգով, անհրաժեշտության դեպքում, ստանալու ակադեմիական արձակուրդ` մինչև մեկ տարի ժամկետով` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

16) ուսուցման առկա ձևով ուսումնառության դեպքում տվյալ ուսումնական տարվա ընթացքում առնվազն երկու անգամ գտնվելու արձակուրդում` առնվազն յոթ շաբաթ ընդհանուր տևողությամբ.

17) հանրակացարանի առկայության և բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքերում համալսարանի սահմանած կարգով հանրակացարանում ստանալու համապատասխան տեղ.

18) սահմանված կարգով մասնակցելու ուսանողների փոխանակման միջազգային ծրագրերի, ինչպես նաև փոխադրվելու մեկ այլ բարձրագույն ուսումնական հաստատություն` ներառյալ օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունները.

19) ուսման բարձր առաջադիմության, հասարակական ակտիվության և գիտահետազոտական աշխատանքներին մասնակցելու համար ստանալու բարոյական և (կամ) նյութական խրախուսանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և համալսարանի սահմանած կարգով.

20) համալսարանի սովորողներն ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

116. Կրթությունն ընդհատած նախկին ուսանողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի վերականգնվելու համալսարանում:

117. Արգելվում է ուսանողներին արտաուսումնական աշխատանքում ներգրավելը` առանց նրանց և (կամ) նրանց օրինական ներկայացուցիչների համաձայնության:

118. Համալսարանի սովորողները պարտավոր են`

1) սահմանված ժամկետներում կատարել բոլոր ուսումնական առաջադրանքները.

2) տիրապետել բարձր որակավորում ունեցող ապագա մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին.

3) անշեղորեն կատարել սույն կանոնադրության, համալսարանի ներքին կարգապահական կանոնների և ներքին իրավական ակտերի պահանջները.

4) հաճախել ուսումնական ծրագրերով նախատեսված դասընթացներին.

5) հոգատար վերաբերվել համալսարանի գույքին.

6) բարձր պահել համալսարանի պատիվն ու հեղինակությունը, պահպանել հասարակական համակեցության և բարոյականության նորմերը.

7) վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձավճարը: ՈՒսման վարձավճարը ժամանակին չվճարելու դեպքում այդ ուսանողները կարող են հեռացվել համալսարանից.

8) կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, համալսարանի կանոնադրությամբ, ներքին կարգապահական կանոններով, համալսարանի այլ ներքին իրավական ակտերով և ուսումնառության պայմանների վերաբերյալ կնքված պայմանագրով նախատեսված պարտականությունները:

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.06.2016
N 660-Ն
Որոշում