Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ 2016-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ-ՈՒՄ 2016-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅ ...

 

 

040.0726.070716

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2016 թվականի N 726-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2016-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ելնելով «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2016-2018 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի միջոցառումների իրականացման ֆինանսավորման հնարավորության հարցը քննարկել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացների շրջանակներում` Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական կառավարման մարմինների կողմից սահմանված կարգով ներկայացված հայտերի առկայության դեպքում:

3. Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդին` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի հուլիսի 7-ի

N 726-Ն որոշման

 

ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2016-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպումը Հայաստանի Հանրապետությունում սկսվել է 2002 թվականից: Այդ երևույթի դեմ արդյունավետ պայքար մղելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիքինգ) կանխման հայեցակարգը և ընդունվել ու իրականացվել են դրանից բխող չորս ազգային ծրագրերը. «Հայաստանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիքինգ) կանխման 2004-2006 թվականների միջոցառումների ազգային ծրագիրը» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի N 58-Ն որոշում), «Հայաստանի Հանրապետությունում 2007-2009 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N 1598-Ն որոշում), «Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 3-ի N 1140-Ն որոշում) և «Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 186-Ն որոշում): Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի պաշտպանությունն ու աջակցությունն արդյունավետ դարձնելու նպատակով 2014 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունվեց «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-212-Ն օրենքը և ուժը կորցրած ճանաչվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի N 1385-Ա որոշմամբ հաստատված` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց ազգային ուղղորդման կարգը:

Չորրորդ ազգային ծրագրի շրջանակը

Չորրորդ` 2013-2015 թվականների մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը ներառում էր նախորդ ծրագրի հիմնական ուղղությունները, միևնույն ժամանակ նախատեսված միջոցառումներով և նպատակներով ավելի զոհակենտրոն է:

Չորրորդ ծրագիրը նպատակ էր հետապնդում առավել կենտրոնացնել պետության ջանքերը հատկապես մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի նույնացման և աջակցության բարելավման ուղղություններով` անհրաժեշտ ենթաօրենսդրական բարեփոխումներ իրականացնելով, ինչպես նաև ֆինանսական հիմք ստեղծելով ու զարգացնելով ոլորտում գործող դերակատարների կարողությունները:

Չորրորդ ծրագրի հիմնական նպատակներից էր նաև ուսումնասիրությունների անցկացումը, այդ թվում` աշխատող երեխաների շրջանում:

Չորրորդ ծրագրում, ինչպես նախորդ բոլոր ծրագրերում, մեծ ուշադրություն էր դարձվում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի)` հատկապես աշխատանքային շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելման միջոցառումների իրականացմանը` ինչպես ընդհանուր բնակչության, այնպես էլ խոցելի խմբերի շրջանում:

Կարևոր ուղղություններից մեկն էր նաև զանգվածային լրատվամիջոցների (այսուհետ` ԶԼՄ) հետ համագործակցության զարգացումը` մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեպքերի լուսաբանման և զոհերի մասին տեղեկության ներկայացման ձևաչափի և մոտեցումների, ինչպես նաև զոհերի տվյալների գաղտնիության ապահովմանը վերաբերող հարցերում:

Ծրագիրը մշակվել էր Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի կողմից:

Ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել նաև երրորդ ազգային ծրագրի կատարման անկախ մշտադիտարկման արդյունքները, ինչպես նաև միջազգային ատյանների, մասնավորապես, 2012 թվականի սեպտեմբերին հրապարակված Եվրոպայի խորհրդի «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի» կոնվենցիայի դրույթների Հայաստանի կողմից կատարման վերաբերյալ առաջին զեկույցի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի առաջարկները:

Ծրագրում ներկայացված ռազմավարություններն ու գործողություններն ուղղված են մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը և ներառված են 5 հիմնական բաժիններում`

- մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի օրենսդրություն և օրենքների կիրառում,

- մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) կանխարգելում,

- մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) զոհերի պաշտպանություն և աջակցություն,

- համագործակցություն,

- ուսումնասիրությունների կատարում, մշտադիտարկում և գնահատում:

Հինգերորդ ազգային ծրագրի շրջանակը

Հինգերորդ` 2016-2018 թվականների մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրով սահմանված են բազմապիսի նպատակներ, որոնք հասցեագրված են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բոլոր ոլորտներին և ներառում են նախորդ ծրագրի հիմնական ուղղությունները:

Հինգերորդ ազգային ծրագրում, ինչպես նախորդ բոլոր ծրագրերում, մեծ ուշադրություն է դարձվում երեխաների թրաֆիքինգի և շահագործման, ինչպես նաև աշխատանքային շահագործման կանխարգելման միջոցառումների իրականացմանը` ինչպես ընդհանուր բնակչության, այնպես էլ խոցելի խմբերի շրջանում:

Ծրագրում ներկայացված գործողություններն ուղղված են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը և ներառված են 5 հիմնական բաժիններում`

- մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի օրենսդրություն և դրանց կիրառման ապահովում,

- մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելում,

- մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերում, պաշտպանություն և աջակցություն,

- համագործակցություն,

- ուսումնասիրությունների կատարում, մշտադիտարկում և գնահատում:

 

ԳԼՈՒԽ I. ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

Նպատակ 1. Օրենսդրական դաշտի կատարելագործում և կիրառելիության ապահովում

1.1.1. Իրականացնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթի հետ կապված Հայաստանի Հանրապետությունում գործող և միջազգային օրենսդրական դաշտի շարունակական վերլուծություն:

1.1.2. Մշակել և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատել ստուգաթերթեր` հարկադիր աշխատանքի և երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի հայտնաբերման նպատակով:

1.1.3. Մշակել մարդկանց թրաֆիքինգի զոհ երեխաների հայտնաբերման և ուղղորդման ուղեցույց:

 

ԳԼՈՒԽ I. Ակնկալվող արդյունքները

 

1. Կկատարելագործվի Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական դաշտը, այն կհամապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնառություններին:

2. Կբարելավվեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց բացահայտման, նույնացման և ուղղորդման գործընթացները:

3. Կհստակեցվեն թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց աջակցության և պաշտպանության ընթացակարգերը:

 

ԳԼՈՒԽ II. ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

 

Նպատակ 1. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգի վերաբերյալ բնակչության իրազեկման բարձրացում

2.1.1. Շարունակել բնակչության իրազեկման և տեղեկացվածության բարձրացման աշխատանքները մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգի վերաբերյալ` հատկապես ռիսկային խմբերում (օտարերկրացիներ, ապաստան հայցողներ, փախստականներ, արտագնա աշխատանքի մեկնողներ, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձինք):

2.1.2. Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում շարունակել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման մասին առկա տեղեկատվական նյութերի տրամադրումը (տարածումը):

2.1.3. Առողջապահական և ուսումնական հաստատություններում շարունակել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգի մասին առկա տեղեկատվական նյութերի տրամադրումը (տարածումը):

2.1.4. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ երիտասարդության իրազեկության բարձրացման նպատակով կազմակերպել միջոցառումներ և իրականացնել ծրագրեր:

2.1.5. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, սփյուռքի համայնքային և եկեղեցական կառույցների միջոցով արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում իրականացնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ կանխարգելիչ միջոցառումներ` առկա տեղեկատվական նյութերի տրամադրմամբ:

2.1.6.Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ հանրային իրազեկման ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդում ներկայացված նախարարությունների և գերատեսչությունների պաշտոնական կայքերում տեղադրել www.antitrafficking.am կայքի հղումը:

2.1.7. Միջոցառումներ իրականացնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգի վերաբերյալ իրազեկման բարձրացման և դրա դեմ պայքարի մեխանիզմների ուղղությամբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում (այսուհետ` ՀՀ ԶՈՒ), մասնավորապես`

ա. խաղաղապահ առաքելություններին մասնակցող ՀՀ ԶՈՒ-ի անձնակազմի շրջանում պարբերաբար անցկացնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ իրազեկման բարձրացման քննարկում-դասախոսություններ` հաշվի առնելով միջազգային փորձը,

բ. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության իրավապահ մարմինների անձնակազմի շրջանում անցկացնել իրազեկման բարձրացման հատուկ ուղղվածության դասընթացներ` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ,

գ. մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ ընդհանուր տեղեկություն ներառել ՀՀ ԶՈՒ-ի ուսումնական ծրագրերում,

դ. ՀՀ ԶՈՒ-ի ստորաբաժանումներում պարբերաբար անցկացնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վերաբերյալ տեղեկատվական հանդիպումներ, դրանց մասնակից դարձնելով նաև պարտադիր ժամկետային զինծառայողներին:

2.1.8. Շարունակել հարկադիր աշխատանքի և աշխատանքային թրաֆիքինգի իրազեկման և տեղեկատվության աշխատանքներն արհմիութենական ակտիվի շրջանում:

2.1.9. Ոչ պետական կազմակերպությունների (մասնավորապես` զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերությունների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և տրանսպորտային կազմակերպությունների) աշխատողների համար կազմակերպել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման, ինչպես նաև հարկադիր աշխատանքի վտանգի և կանխարգելման վերաբերյալ դասընթացներ, քննարկումներ:

 

Նպատակ 2. Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, բնակչության հետ անմիջական կապի մեջ գտնվող կազմակերպությունների աշխատողների` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ իրազեկման բարձրացում և վերապատրաստում

2.2.1. ա. անցկացնել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատողների իրազեկման բարձրացման աշխատանքներ, այդ թվում` տեղեկատվական նյութերի տրամադրմամբ,

բ. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (այսուհետ` ՀՀ ԱԳՆ), դիվանագիտական դպրոցի ունկնդիրների համար անցկացնել վերապատրաստման դասընթացներ:

2.2.2. Համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետությունում մարդու թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի իրավական հիմունքները», «Թրաֆիքինգ. մարդկանց շահագործում», «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության աշխատողների համար «Մարդու շահագործումը (թրաֆիքինգը) և դրա դեմ պայքարը», Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայողների պարտադիր վերապատրաստման դասընթացների «Մարդկանց շահագործումը (թրաֆիքինգը) և դրա դեմ պայքարը» ուսումնական մոդուլ» և «Մարդկանց թրաֆիքինգ. ինչպես լուսաբանել զանգվածային լրատվամիջոցներով» ձեռնարկները Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը:

2.2.3. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման` հատկապես աշխատանքային և երեխաների թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ դասընթացներ կազմակերպել ներքոհիշյալ մարմինների և կազմակերպությունների համապատասխան աշխատողների համար`

1) ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (այսուհետ` ՀՀ ԱԱԾ).

2) ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության.

3) ՀՀ քննչական կոմիտեի.

4) ՀՀ քննչական հատուկ ծառայության.

5) ՀՀ գլխավոր դատախազության.

6) ՀՀ դատարանների.

7) ՀՀ ՊՆ (մասնավորապես` ռազմական ոստիկանության և զինկոմիսարիատներ).

8) ՀՀ փաստաբանների պալատի.

9) սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների.

10) «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության մարզային և տարածքային մարմինների.

11) ինտեգրված սոցիալական ծառայությունների.

12) ՀՀ առողջապահական համակարգի, այդ թվում` առողջապահական տեսչական մարմին.

13) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների.

14) ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության.

15) ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության:

(2.2.3-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1514-Ն որոշում)

2.2.4. Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների և հատուկ դպրոցների երեխաների հետ աշխատող անձնակազմի համար կազմակերպել դասընթացներ երեխաների թրաֆիքինգի և շահագործման դեպքերի կանխարգելման, հայտնաբերման ու հատուկ կատեգորիայի զոհերի աջակցության և պաշտպանության կազմակերպման վերաբերյալ:

2.2.5. Երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի աշխատողների համար կազմակերպել հատուկ դասընթացներ երեխաների թրաֆիքինգի և շահագործման դեպքերի կանխարգելման, հայտնաբերման ու հատուկ կատեգորիայի զոհերի աջակցության և պաշտպանության կազմակերպման վերաբերյալ:

2.2.6. Շարունակել հանրակրթական դպրոցների մանկավարժների վերապատրաստման դասընթացները` «Թրաֆիքինգ. մարդկանց շահագործում» ձեռնարկի կիրառմամբ:

2.2.7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին աշխատանքի անվտանգության ապահովման հարցերով ծառայողների գործառույթների հստակեցման համար համապատասխան իրավական ակտերի վերանայման նպատակով առաջարկությունների ներկայացում:

(2.2.7-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1514-Ն որոշում)

2.2.8 Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացում` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեպքերի կանխարգելման, հայտնաբերման, աջակցության և պաշտպանության կազմակերպման գործում:

 

Նպատակ 3. Երեխաների թրաֆիքինգի և շահագործման կանխարգելում

2.3.1. «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում իրականացնել մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների սոցիալական պաշտպանությանն ուղղված ծրագրեր:

2.3.2. Հանրակրթական դպրոցներում սովորողների շրջանում անցկացնել մարդու իրավունքներին (այդ թվում` նաև թրաֆիքինգին և շահագործման հարցերին) վերաբերող թեմաների ուսուցում:

2.3.3. Կազմակերպել մինչև 18 տարեկան աշխատող երեխաների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման մասին իրազեկման և աշխատող երեխաներին աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավման կանխարգելման վերաբերյալ սեմինարներ և քննարկումներ:

2.3.4. Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողների և դասավանդողների համար կազմակերպել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ դասընթացներ:

 

Նպատակ 4. Սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացում

2.4.1. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց ներգրավել զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերում:

2.4.2. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում:

2.4.3. Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում:

2.4.4. Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում:

2.4.5. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում:

2.4.6. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքային ունակությունների և կարողությունների ձեռքբերման համար միանվագ փոխհատուցում գործատուին:

2.4.7. Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում:

 

Նպատակ 5. Զանգվածային լրատվամիջոցների դերի բարձրացումը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթի լուսաբանման գործում

2.5.1. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգի, զոհերի հանդեպ անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարի վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացման նպատակով ԶԼՄ-ների հետ համագործակցությամբ շարունակել կազմակերպել հեռուստատեսային և ռադիո հաղորդումներ, քննարկումներ, հանդիպումներ, սոցիալական գովազդների ցուցադրություններ և այլն:

2.5.2. Ապահովել Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարն արտացոլող www.antitrafficking.am կայքի անխափան գործունեության և զարգացման պետական ֆինանսավորումը:

2.5.3. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթը լուսաբանող լրագրողների մասնագիտական կարողությունների զարգացման և լրագրողական վարքականոնների կիրառման նպատակով կազմակերպել դասընթացներ և քննարկումներ:

2.5.4. Անցկացնել ամենամյա լրագրողական մրցանակաբաշխություն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթի և դրա դեմ պայքարի լուսաբանման վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ II ակնկալվող արդյունքները

 

1. Կբարձրանա բնակչության, հատկապես ռիսկային խմբերի` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգների մասին տեղեկացվածության մակարդակը, դրա դեմ պայքարելու հնարավորությունների մասին իրազեկվածությունը:

2. Կնվազի հանրության շրջանում թրաֆիքինգի և շահագործման զոհերի նկատմամբ անհանդուրժողականությունը:

3. Կբարձրանա արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում իրազեկվածության մակարդակը` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ռիսկերի և մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց աջակցության նպատակով հնարավորությունների մասին:

4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների բնակչության հետ անմիջական կապի մեջ գտնվող կազմակերպությունների աշխատողների շրջանում կբարձրանա մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ իրազեկման մակարդակը:

5. Կբարձրանա ուսումնական հաստատությունների սովորողների գիտելիքների մակարդակը մարդու իրավունքների, այդ թվում` նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ:

6. Բնակչությունը կտեղեկացվի հավանական զոհերի, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի աջակցության և պաշտպանության հնարավորությունների մասին:

7. Կբարձրանա մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց մրցունակությունն աշխատաշուկայում:

8. Կբարձրանա ԶԼՄ-ների կողմից լուսաբանվող` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ նյութերի որակը:

9. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող կառույցների անձնակազմի շրջանում կբարձրանա մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:

 

ԳԼՈՒԽ III. ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Նպատակ 1. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերում և վերադարձի կազմակերպում

3.1.1. Կազմակերպել օտարերկրյա պետության տարածքում գտնվող թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց վերաբերյալ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկությունների փոխանցումը ՀՀ ԱԳՆ-ի միջոցով` համապատասխան օգնություն ցուցաբերելու և Հայաստանի Հանրապետություն կամավոր վերադարձնելու նպատակով:

3.1.2 Աշխատանքներ տանել Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում ծառայություն իրականացնող պետական և մասնավոր կազմակերպությունների կողմից հավանական զոհերի հայտնաբերման մեխանիզմների մշակման ուղղությամբ:

Նպատակ 2. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց պաշտպանության և աջակցության տրամադրում

3.2.1. Ապահովել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին, հատուկ կատեգորիայի զոհերին և նրանց օրինական ներկայացուցիչներին «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և օրենքից բխող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պաշտպանության ու աջակցության տրամադրումը:

3.2.2. Ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց մատուցվող անհրաժեշտ ծառայությունների նվազագույն չափորոշիչների ներդրումը:

 

ԳԼՈՒԽ III ակնկալվող արդյունքները

 

1. Առավել արդյունավետ կդառնա մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց պաշտպանությունը և աջակցության տրամադրումը:

2. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացումը կիրականացվի նույնացման ընդհանուր սկզբունքների և մեթոդաբանության կիրառմամբ:

3. «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված աջակցության տրամադրումը կնպաստի հասարակության մեջ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց ինտեգրմանը:

4. Առավել արդյունավետ կդառնա մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց պաշտպանությունը, այդ թվում` կապահովվի նրանց անվտանգությունն ու անձնական տվյալների գաղտնիությունը:

 

ԳԼՈՒԽ IV. ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

Նպատակ 1. Միջազգային համագործակցություն

4.1.1. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտում համագործակցել միջազգային, տարածաշրջանային, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հետ:

4.1.2. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ արդյունավետ պայքարի նպատակով շարունակել համագործակցությունն օտարերկրյա իրավապահ մարմինների ու մասնագիտացված միջազգային կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հետ:

 

ԳԼՈՒԽ IV ակնկալվող արդյունքները

 

1. Միջազգային համագործակցության արդյունքում կբարձրանա մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի արդյունավետությունը:

2. Առավել արդյունավետ կդառնա համագործակցությունն օտարերկրյա իրավապահ մարմինների, մասնագիտացված միջազգային և հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների հետ:

 

ԳԼՈՒԽ V. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

5.1.1. Քննարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) տեխնիկական աջակցությամբ 2015 թվականին իրականացված` երեխայի աշխատանքի ազգային հետազոտության արդյունքները և դրա տեղայնացման հնարավորությունները:

5.1.2. Իրականացնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգ և շահագործում կատարած անձանց մասին տվյալների հավաքագրում և վերլուծություն (ներառելով սեռը, շահագործման ձևը, ծագման/նպատակակետ երկիրը և այլ տեղեկատվություններ):

5.1.3. Իրականացնել ամփոփում ամենամյա տարեկան հաշվետվությունների միջոցով:

5.1.4. Իրականացնել նախորդ ծրագրի կատարման եռամյա ամփոփում և գնահատում` հիմք ընդունելով նաև Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը, ինչպես նաև հատուկ և արտահերթ զեկույցները:

 

ԳԼՈՒԽ V ակնկալվող արդյունքները

 

1. Կհստակեցվեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեպքերի թիվը, բնութագրերը և դրդապատճառները:

2. Կստացվեն հավաստի տվյալներ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման խնդրի, դրա բնութագրերի, դրդապատճառների ու նպաստող երևույթների մասին:

3. Կբարձրանա ծրագրի իրականացման արդյունավետությունը:

Հայաստանի Հանրապետությունում 2016-2018 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման Ազգային ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից` հասարակական ու մասնավոր ոլորտների հատկացումներից, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված ֆինանսական աջակցություններից:

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2016
N 726-Ն
Որոշում