Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (6- ...

 

 

040.0723.070716

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2016 թվականի N 723-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(6-րդ մաս)

 

4. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առևտրի և ենթակառուցվածքների զարգացման ծրագիր

Ծրագրի նպատակն է հզորացնել արտահանման խթանման, ներդրումների ներգրավման և ձեռնարկություններին տրամադրվող որակի կառավարման ծառայությունների կարողությունները:

Ծրագիրը կազմված է 4 բաղադրիչից`

ա) երկրում առևտրի խթանման և որակի համակարգի արդյունավետության բարելավում,

բ) ներդրումների և արտահանման խթանում,

գ) որակի ազգային ենթակառուցվածքի արդիականացում,

դ) ծրագրի կառավարում և մոնիթորինգի ու գնահատում:

Նշված ծրագրի շրջանակներում 2017-2019 թթ.-ին նախատեսվում է 2017 թ. 389.3 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 301.8 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 87.5 մլն. դրամ, 2018 թ. 1,844.8 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 1,653.3 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 191.5 մլն. դրամ, 2019 թ. 4,903.6 մլն. դրամ, այդ թվում վարկային միջոցներ` 4,711.9 մլն. դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 191.7 մլն. դրամ:

5. ԱՄՆ կառավարության աջակցությամբ իրականացվող «Հազարամյակի մարտահրավեր» դրամաշնորհային ծրագիր

Ծրագրի ընդհանուր նպատակն է գյուղական աղքատության կրճատումը` գյուղատնտեսական ոլորտի կայուն տնտեսական աճի միջոցով, գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության մեծացումը` ոռոգման համակարգերի ընդգրկումն ընդլայնելու և որակի բարելավման, համակարգը կառավարող մարմինների հզորացման և ֆերմերների արտադրանքի եկամտաբերությունն ավելացնելու հնարավորություններ ստեղծելու միջոցով:

Նշված ծրագրի շրջանակներում 2017-2019 թթ.-ին նախատեսվում է` 2017 թ. դրամաշնորհային միջոցներ` 114.8 մլն. դրամ, 2018 թ. դրամաշնորհային միջոցներ` 114.8 մլն. դրամ, 2019 թ. դրամաշնորհային միջոցներ` 114.8 մլն. դրամ:

2017-2019 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում յուրաքանչյուր տարվա համար 20.0-ական մլն դրամ է նախատեսվել Եվրոմիության աջակցության ծրագրի շրջանակներում ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումների գործողությունների ծրագրի իրականացման ապահովման համար:

 

ԳԼՈՒԽ 7. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

 

7.1 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

7.1.1 ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1.1 ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Մարդկային զարգացման ապահովման քաղաքականության հիմնական գերակայությունը կրթության կայուն զարգացման ապահովումն է` կրթության որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացման միջոցով: Պետական քաղաքականության մեջ կրթությունը գերակայությունների շարքում շարունակում է մնալ որպես ազգային արժեք և երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացն ապահովող կարևոր գործոն:

Կրթության զարգացման գլխավոր նպատակն է` ապագային միտված կրթական այնպիսի համակարգի ձևավորումը, որը.

* լիարժեք ծառայում է ազգային շահերին,

* արտահայտում է կրթության համապատասխանությունը տնտեսության և հասարակության զարգացման ապագա ակնկալիքներին,

* յուրաքանչյուր քաղաքացու հնարավորություն է տալիս կյանքի բոլոր փուլերում ստանալ իր պահանջմունքներին համապատասխան որակյալ կրթություն:

Կրթության համակարգի ներկա փուլի ռազմավարական նպատակն է` ընդունելով ժամանակակից մարտահրավերները, արձանագրել հիմնախնդիրների լուծման և առաջընթացի այնպիսի արդյունքներ, որոնք կվերականգնեն կրթության և գիտելիքի վարկանիշը և կամրապնդեն Հայաստանի` որպես գիտակրթական տարածքի հեղինակությունը:

Կրթության ոլորտը ներառում է հանրակրթության և մասնագիտական կրթության, արտաուսումնական դաստիարակության բնագավառները, ինչպես նաև սփյուռքի կրթօջախներին օժանդակությունը:

 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Հանրակրթության բնագավառում պետական միջամտությունն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հիմնական հանրակրթական ծրագրերի շրջանակում կրթական և կրթաօժանդակ ծառայությունների մատուցման, ինչպես նաև հանրակրթության համակարգի զարգացման ծրագրերի իրականացման եղանակով: Այս բնագավառում շահառուներ են հանդիսանում 6-18 տարեկան երեխաները, իսկ նախադպրոցական կրթության մեջ միկրոծրագրերով ընդգրկվելու դեպքում` շահառուների տարիքն սկսվում է 5 տարեկանից:

2015-2016 ուսումնական տարում հանրապետությունում գործում են 1389 պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ (այդ թվում` 23 հատուկ և 7 մասնագիտացված հանրակրթական հաստատություն), «Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ը, որոնցում ընդգրկված են շուրջ 363.2 հազար աշակերտ: Երեխաների նշված թվաքանակում ներառված են հանրապետության 156 հանրակրթական դպրոցներում ներառական կրթության մեջ ընդգրկվածները` 4.7 հազար աշակերտներ, փորձնական կարգի իրականացման շրջանակներում Տավուշի մարզի 14 հանրակրթական դպրոցներում ներառական կրթության մեջ ընդգրկված 0.3 հազար երեխաները, ինչպես նաև նախադպրոցական կրթության մեջ ընդգրկվածները` 5310 երեխաներ, որոնցից 212-ը` ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններում, 85-ը` Երևանի քաղաքապետարանի, 5013-ը` մարզպետարանների ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններում: ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավագ խմբերում (5-6 տարեկաններ) սաների ընդգրկվածության թիվը կազմում է 31345, ինչը հանրապետությունում բնակվող 5-6 տարեկանների ընդհանուր թվի` 44313-ի, շուրջ 71 տոկոսն է:

2016 թվականին հանրակրթական ծրագրերի իրականացման, ինչպես նաև դրանց իրականացմանն օժանդակող ծրագրերի գծով պետական բյուջեից կհատկացվի 97,595.2 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 1.79 %-ը կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի (առանց պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) 76.5 %-ը:

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Մասնագիտական կրթության ոլորտում ներկա բարեփոխումները հիմնականում ուղղված են մասնագիտական կրթության որակի բարելավմանը, աշխատաշուկայի պահանջներին և եվրոպական չափանիշներին համապատասխան կադրերի պատրաստման կարողությունների հզորացմանը, ինչպես նաև եվրոպական կրթական տարածքին ինտեգրմանը:

2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական ծրագրեր իրականացվում են 55 պետական ուսումնական հաստատություններում (25 նախնական մասնագիտական ուսումնական հաստատություն, 24 միջին մասնագիտական ուսումնական հաստատություն, 4 կրթահամալիր, 1 բարձրագույն ուսումնական հաստատություն, 1 հիմնադրամ), որոնցում սովորում են 7.7 հազար ուսանողներ (այդ թվում` 7.4 հազարը` անվճար հիմունքներով) և աշխատում են շուրջ 983 դասախոսներ ու արտադրական ուսուցման վարպետներ: Բոլոր 25 արհեստագործական պետական ուսումնարանները գործում են ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ, միաժամանակ, նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական ծրագիր իրականացվում է «ՀՀ Ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ում:

2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացվում են 82 պետական ուսումնական հաստատություններում (71 միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություն, 7 ԲՈՒՀ, 2 կրթահամալիր, 2 հիմնադրամ): Նշված 71 հաստատություններից 67-ը գործում են ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ, միաժամանակ, միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ում, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» և «Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» ՊՈԱԿ-ներում, «ՀՀ Ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ում, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ում: 82 պետական ուսումնական հաստատություններում միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորում է շուրջ 28.3 հազար ուսանող (որոնցից` 14.8 հազարը` անվճար հիմունքներով) և աշխատում է շուրջ 4000 դասախոս:

2015 թվականին վերանայվել և ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1139-Ն որոշմամբ հաստատվել են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը` ըստ կրթական ծրագրերի, ուսուցման հիմքի, ձևի, տևողության և որակավորումների, որոնք ներառում են արհեստագործական կրթության 112 մասնագիտություն` 299 որակավորմամբ, որոնցից ներկայումս ուսուցանվում է շուրջ 55 մասնագիտություն, միջին մասնագիտական կրթության 247 մասնագիտություն` շուրջ 252 որակավորմամբ, որոնցից ներկայումս ուսուցանվում է շուրջ 100 մասնագիտություն:

Պետական բյուջեի միջոցների հաշվին նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծառայություններ մատուցվում են միայն պետական ուսումնական հաստատություններում:

Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է եռաստիճան համակարգով` բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի ծրագրերով, առկա և հեռակա ուսուցման ձևերով, վճարովի և անվճար հիմունքներով:

2014/2015 ուսումնական տարում հանրապետության 62 բարձրագույն պետական և ոչ պետական ուսումնական հաստատություններ և 12 մասնաճյուղեր բարձրագույն կրթության առաջին աստիճանում իրականացրել են մասնագիտական կրթություն բակալավրի ծրագրերով: Այդ հաստատություններ ընդունվել է 17473 (կանայք` 51.5%), սովորել` 79 623 (կանայք` 52.2%), ավարտել` 19702 (կանայք` 59.7%) մարդ: Բարձրագույն կրթության առաջին աստիճանի կրթական ծրագրերով սովորող ուսանողների համախառն ընդգրկվածության ցուցանիշը կազմել է 46.9%, իսկ գենդերային հավասարության ցուցանիշը` 1.12:

2016 թվականին բուհերում պետության կողմից նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) կսովորեն 13.2 հազար ուսանողներ, որոնցից 7.7 հազարը` բակալավրի, 2.9 հազարը` մագիստրոսի ծրագրով:

2016 թվականին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման, ինչպես նաև դրանց իրականացմանն օժանդակող ծրագրերի գծով պետական բյուջեից կհատկացվի 23,379.2 մլն դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 0.43 %-ը կամ կրթության ընդհանուր պետական ծախսերի (առանց պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) 18.3%-ը:

 

ԱՐՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտադպրոցական կրթության և դաստիարակության նպատակը սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրքրությունների զարգացման համար պայմաններ ստեղծելն է: Այն նպատակաուղղված է երեխայի հոգևոր, գեղագիտական, ֆիզիկական զարգացմանը, ռազմահայրենասիրական դաստիարակությանը, բնապահպանական և կիրառական գիտելիքների ձեռքբերմանը:

Նախորդ տարիներին արտադպրոցական կրթության և դաստիարակության ոլորտում ռազմավարությունն ուղղված է եղել համակարգի արդիականացմանը և զարգացման նախադրյալների ստեղծմանը, որն ամրագրված է նաև Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագրում (ՀՕ-246-Ն): Գործունեության առաջնային ուղղություններն են եղել օրենսդրական դաշտի և կառավարման համակարգի կատարելագործումը, կադրերի մասնագիտական կարողությունների զարգացումը, նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքի բարելավումը, մատուցվող ծառայությունների մատչելիությունը, ընդգրկվածության ընդլայնումը և որակի շարունակական բարելավումը:

Արտադպրոցական կրթության և դաստիարակության ոլորտի ռազմավարությունը միտված է հստակեցնելու ոլորտի զարգացման գերակա հիմնախնդիրները: Առաջնորդվելով «Կրթության մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքներով` կրթության ոլորտի առաջանցիկ զարգացման ապահովման, արտադպրոցական կրթական հաստատությունների գործունեության բարելավման, արտադպրոցական կրթական համակարգի զարգացման, պատանիների ռազմահայրենասիրական, ֆիզիկական, գեղագիտական դաստիարակության, ստեղծագործական ունակությունների զարգացման նպատակով իրականացվում են մի շարք մարզական, կրթամշակութային` այդ թվում գեղագիտական և ստեղծագործական միջոցառումներ: Մասնավորապես.

* ՀՀ «Ազգային ժողովի գավաթի» խաղարկություն: Մեկնարկը 2000-2001 ուսումնական տարվանից: Խաղարկությանը մասնակցում են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-ից 6-րդ դասարանների աշակերտներ:

* Հայաստանի Անկախության հռչակման օրվան նվիրված ՀՀ դպրոցականների մարզական խաղեր: Մեկնարկը 1992 թվականից: Մարզական խաղերին մասնակցում են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների աշակերտներ:

* Սենյակային թռչող գերթեթև մոդելների դպրոցականների հանրապետական մրցումներ` մասնակիցներ ՀՀ ուսումնական հաստատություններում գործող ավիամոդելային խմբակների դպրոցահասակ սաներ:

* Ազատ թռչող մոդելների գծով դպրոցականների հանրապետական մրցումներ: Մասնակիցներ` ՀՀ ուսումնական հաստատություններում գործող ավիամոդելային խմբակների դպրոցահասակ սաներ:

* Մանկապատանեկան մարզադպրոցների միջև խաղային հինգ մարզաձևերից ՀՀ առաջնություն: Մասնակիցներ` ՀՀ մարզադպրոցների դպրոցահասակ սաներ:

* ՀՀ դպրոցականների հանրապետական մարզատուրիստական խաղեր: Մասնակիցներ` ՀՀ հանրակրթական և արտադպրոցական ուսումնական հաստատություններում գործող մարզատուրիստական խմբակների սաներ:

* «Դիպուկ հրաձիգ» հրաձգության առաջնություն: Մասնակիցներ` ՀՀ հանրակրթական և արտադպրոցական ուսումնական հաստատություններում գործող հրաձգության խմբակների սաներ:

* ՀՀ մանկապատանեկան փողային նվագախմբերի մրցույթ-փառատոն: Փառատոնին մասնակցում են ՀՀ հանրակրթական և արտադպրոցական ուսումնական հաստատություններում գործող մանկապատանեկան փողային նվագախմբերի սաները:

ՀՀ պետական բյուջեից ներկայումս ֆինանսավորվող 55 արտաուսումնական դաստիարակության հիմնարկներում` մարզադպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական, տեխնիկական, բնապահպանական, գեղագիտական կենտրոններ, ընդգրկված են շուրջ 27.6 հազար դպրոցականներ: Նշված թվաքանակում ներառված են նաև հանրապետության 148 երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով ուսուցման մեջ ընդգրկված շուրջ 2.4 հազար աշակերտները:

Արտադպրոցական դաստիարակության, ինչպես նաև դրա իրականացմանն օժանդակող ծրագրերի գծով 2016 թվականին պետական բյուջեից կհատկացվի 5,171.7 մլն դրամ:

 

ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կշարունակի աջակցությունը Սփյուռքում իրականացվող հայապահպան ծրագրերին և համակողմանիորեն կսատարի սփյուռքահայ կրթօջախների գործունեությանը:

Մասնավորապես. կիրականացվեն կրթամշակութային ծրագրեր սփյուռքի երիտասարդության շրջանում մայրենի լեզվի ուսուցման համար, աջակցություն կցուցաբերվի սփյուռքի հայկական դպրոցների համար ուսումնական ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների ստեղծմանը, սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստմանը: Նշված ծրագրերի իրագործման անհրաժեշտությունն ամրագրված է ՀՀ կառավարության ծրագրում:

Հաշվի առնելով այն, որ Սփյուռքի կրթօջախները տկարեցնող կարևորագույն պատճառներից է ուսուցչական կադրերի խնդիրը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում է վերապատրաստման մեկամսյա դասընթացներ Հայաստանում: Վերապատրաստումը կազմակերպվում է Սփյուռքի բոլոր տեսակի ուսումնական հաստատություններում հայոց լեզու և գրականություն ու հայագիտական այլ առարկաներ դասավանդող ուսուցիչների, լրացուցիչ կրթության ոլորտում աշխատանք իրականացնող մանկավարժների և սփյուռքում կրթական գործի կազմակերպման պատասխանատուների համար:

2016 թվականին Սփյուռքի հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման նպատակով պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 36.3 մլն դրամ, որի շրջանակներում կվերապատրաստվի 175 ուսուցիչ:

Սփյուռքի հայկական կրթական հաստատությունների համար ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակման և տրամադրման նպատակով 2016 թվականին պետական բյուջեից կհատկացվի 100.0 մլն դրամ, որի շրջանակներում օժանդակություն կստանան արտերկրում գործող 300 հայկական դպրոցներ և կենտրոններ:

Կարևոր խնդիրներից մեկը կրթական բոլոր մակարդակներում Հայաստան-Սփյուռք կապերի, ինչպես նաև Սփյուռքում ազգային ինքնության պահպանմանն ու հետագա ամրապնդմանը նպաստող գործոնների բազմակողմանի զարգացումն է: Դրա նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, 2004 թվականից սկսած, երկու տարի պարբերությամբ կազմակերպում է Համահայկական կրթական խորհրդաժողովներ: 2016 թվականին նշված խորհրդաժողովի անցկացման նպատակով պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 13.0 մլն դրամ:

Համահայկական միջոցառումներից են Համահայկական օլիմպիադաները: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում է բնագիտական և հայագիտական օլիմպիադաներ` յուրաքանչյուրը` երկու տարի մեկ անգամ պարբերականությամբ: Համահայկական օլիմպիադաների կազմակերպումն իրականացվում է «Դպրոցականների օլիմպիադաների անցկացում» ծրագրի շրջանակներում:

Կարևորվում է նաև Սփյուռքում բարձրագույն կրթության ոլորտում հայագիտական կառույցների պահպանմանը և հայագիտությանը նպաստելու խնդիրը: Այս կապակցությամբ Պրահայի, Բուխարեստի և Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարաններում հայոց լեզվի դասավանդմանն աջակցության գծով ՀՀ 2016 թվականի պետական բյուջեից կհատկացվի 20.6 մլն դրամ, միաժամանակ, 3.6 մլն դրամ կհատկացվի Ավստրիայի Զալցբուրգի համալսարանում հայագիտության ուղղությամբ հետազոտական ծրագրերի ֆինանսավորման և հայագիտության ամբիոնին աջակցության գծով: Օտարերկրյա համալսարաններում հայերենի դասավանդման համար իրավական հիմք են հանդիսանում Ռումինիայի և Չեխիայի հետ կրթության և մշակույթի ոլորտում համագործակցության մասին միջպետական պայմանագրերը և համապատասխան երկրներում ՀՀ դեսպանությունների և համալսարանների, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի և նշված համալսարանների միջև առկա համաձայնագրերը:

Սփյուռքում հայապահպան գործունեությանը նպաստելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությունն իրականացնում է մասնագիտական կադրերի պատրաստում ՀՀ մասնագիտական ուսումնական հաստատություններում: Բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի աստիճանի առկա ուսուցման համակարգում նախատեսվում է 70 սփյուռքահայերի ուսուցում անվճար հիմունքներով: Ընդունելության նշված տեղերը տրամադրվում են մանկավարժական, հայագիտական, արվեստի և սպորտի մասնագիտություններով դիմող սփյուռքահայերին` մրցութային կարգով: Միաժամանակ, 13 տեղ էլ նախատեսվում է միջպետական համաձայնագրերի շրջանակներում ընդունելության գծով:

 

1.2. ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

 

Կրթության ոլորտին պետական բյուջեով նախատեսված ծախսերը (առանց պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) 2015 թվականին կազմել են ՀՆԱ-ի 2.40%-ը (Տես` աղյուսակ 7.1-ը):

 

Աղյուսակ 7.1. Հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերի 2013-2015 թվականների պետական ծախսերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում

 

.__________________________________________________________.

|                               |2013 թ. |2014 թ. |2015 թ. |

|_______________________________|________|________|________|

|Ընդամենը կրթություն            |2.40    |2.54    |2.40    |

|_______________________________|________|________|________|

|այդ թվում`                     |        |        |        |

|_______________________________|________|________|________|

|Հանրակրթական ծրագրեր           |1.95    |2.00    |1.85    |

|_______________________________|________|________|________|

|Մասնագիտական կրթական ծրագրեր   |0.35    |0.41    |0.42    |

.__________________________________________________________.

 

Ծանոթություն. Հանրակրթական ծրագրերը ներառում են տարրական, հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությունը (հանրակրթական ուսուցում, նախադպրոցական կրթություն, ներառական կրթություն, հատուկ կրթություն, մասնագիտացված հանրակրթական ուսուցում և այլն), ինչպես նաև հանրակրթական ծրագրերի իրականացմանն օժանդակության շրջանակներում նախատեսված մի շարք ծրագրեր: Մասնագիտական կրթական ծրագրերը ներառում են նախնական մասնագիտական /արհեստագործական/, միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերը, ինչպես նաև նշված ծրագրերի իրականացմանն օժանդակող մի շարք ծրագրեր:

Կրթության ոլորտին ուղղված պետական հատկացումների գերակշիռ մասը` շուրջ 77.1%-ը, 2015 թվականին ուղղվել է հանրակրթության ոլորտի ֆինանսավորմանը, իսկ 17.3%-ը` մասնագիտական կրթական ծրագրերի ֆինանսավորմանը` 2014 թվականի համապատասխանաբար 78.9 և 16.2%-ի դիմաց (2013 թվականին նշված ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար` 81.3 և 14.6%):

 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Համախառն ընդգրկվածության առումով, ըստ միջնակարգ կրթության աստիճանների, կան որոշ տարբերություններ, մասնավորապես. 2013 թվականին համախառն ընդգրկվածությունը միջնակարգ կրթությունում 2012 թվականի համեմատությամբ նվազել է` 89.2%-ից դառնալով 87.9%, հիմնական դպրոցում` 94.8%-ից դառնալով 92.6%, տարրական դպրոցում` 95.2%-ից դառնալով 94.1%: Ավագ դպրոցում ընդգրկվածության ցուցանիշը, հանրակրթության այլ օղակների համեմատ, շարունակել է մնալ 74%:

Հանրակրթական դպրոցներում 2014-2015 ուսումնական տարում դասավանդել է 39018 ուսուցիչ, այդ թվում 1458-ը` ոչ պետական հաստատություններում, նախորդ տարվա 39843-ի դիմաց: Նախորդ տարիների համեմատությամբ հանրակրթության ոլորտում աշխատող ուսուցիչների թիվը նվազել է, ինչը պայմանավորված է ինչպես սովորողների թվի նվազմամբ (ժողովրդագրական միտումների պատճառով կրթահամակարգի շահառուների թվաքանակն անընդմեջ նվազում է), այնպես էլ համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերով: Հանրակրթական դպրոցներում աշակերտ/ ուսուցչական դրույք հարաբերակցության մակարդակը 2015 թվականին նախատեսվել է 14.1:

Հանրակրթության բնագավառում շարունակվել են բարեփոխումները` ուղղված կրթության արդիականացմանը, որակի բարելավմանն ու մատչելիության մեծացմանը, կառավարման համակարգի ապակենտրոնացմանն ու արդյունավետության բարձրացմանը:

Մասնավորապես. ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 16-Ն և 2015 թվականի հուլիսի 8-ի N 749-Ն որոշումներով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի հաշվարկման, պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվող վերաբաշխումների կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի N 773 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ն որոշման մեջ: Արդյունքում` ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի բաղադրիչներից մեկը` հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը, տարանջատվել է 2 մասի: Ընդ որում, մինչև 100 աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը 2016 թվականին պահպանվել է 2015 թվականի չափով, այն է` 19,000.0 հազար դրամ` 2014 թվականի 16,876.0 հազար դրամի դիմաց (ներառյալ ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդը), որը հետագա տարիներին ենթակա է վերահաշվարկման` ելնելով ընթացիկ ցուցանիշներից: Իսկ 101-ից մինչև 300 աշակերտ ու 301 և ավելի աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը բաղկացած է 2 մասից` հաստատության պահպանման ծախսերից, որը 2016 թվականին կազմում է 3,727.5 հազար դրամ` 2014 և 2015 թվականների, համապատասխանաբար` 3,239.1 և 3,481.5 հազար դրամի դիմաց և, աշակերտների թվից ելնելով, ըստ դպրոցների հաշվարկված ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդից:

Միաժամանակ, ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևում ավելացվել են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարի փոխհատուցման, ինչպես նաև տարրական դասարանների և նախակրթարանների երեխաներին սննդով ապահովման գծով բաղադրիչներ (2016 թվականին սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարի փոխհատուցվող գումարը միջին մակարդակում սովորողների մասով կազմում է 5342.3 դրամ, ավագ մակարդակում սովորողների մասով` 6059.9 դրամ, իսկ պետական բյուջեով նախատեսված գումարի շրջանակներում սննդով կապահովվեն ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության Ջերմուկի կրթահամալիրի և Գորիսի Ա.Բակունցի անվան N 1 ավագ դպրոցի, ՀՀ Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարանների ենթակայության հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում և դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված, միջին տարեկան հաշվարկով, 23.4 հազար երեխաները): «Դպրոցահասակ երեխաներին սննդով ապահովում» ծրագրի շրջանակներում 2015 թվականին սնունդ են ստացել Ջերմուկի կրթահամալիրի և Գորիսի Ա.Բակունցի անվան N1 ավագ դպրոցի տարրական դասարանների` ընդամենը 384 աշակերտ, ՀՀ Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարանների ենթակայության հանրակրթական դպրոցների տարրական դասարաններում և դպրոցին նախապատրաստման խմբերում (նախակրթարաններում) ընդգրկված` համապատասխանաբար, 13740; 5900 և 2428 երեխաներ: Միաժամանակ, շարունակվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՄԱԿ ՊՀԾ) կողմից իրականացվող դպրոցական սննդի ծրագիրը, որով պայմանավորված` պետական բյուջեից միջոցներ են հատկացվել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` սննդամթերքի ցամաքային տեղափոխման համար: Ընդհանուր առմամբ, «Դպրոցահասակ երեխաներին սննդով ապահովում» ծրագրի գծով պետական բյուջեից 2015 թվականին հատկացվել է 565.7 մլն դրամ:

Ավարտվել է 12-ամյա կրթակարգի բովանդակային ապահովման գործընթացը: Հանրակրթության պետական չափորոշիչը 2011 թվականին հաստատելուց հետո մշակվել են հիմնական և ավագ դպրոցի նոր առարկայական չափորոշիչներն ու ուսումնական ծրագրերը, վերանայվել է ուսումնական պլանը: 2011-2012 ուսումնական տարվանից տարրական դպրոցի 2-րդ և 3-րդ դասարաններում ներդրվել է «Շախմատ» առարկան, իսկ 2013-2014 ուսումնական տարվանից նշված առարկան ներդրվել է նաև 4-րդ դասարանում: Մշակվել ու տպագրվել են մեթոդական ձեռնարկներ ուսուցիչների համար: 2015 թվականին վերահրատարակվել են 3-րդ դասարանի դասագրքերը և աշխատանքային տետրերը, իսկ 2016 թվականին կվերահրատարակվեն 2-4-րդ դասարանների տետրերն ու 4-րդ դասարանի դասագրքերը: 2015 թվականին փորձաքննություն են անցել ուսումնական հաստատությունների հիմնադիր և նորմատիվ փաստաթղթերի նախագծեր, դասագրքեր, ձեռնարկներ, ուսումնամեթոդական նյութեր, ծրագրեր և այլ ուսումնական գրականություն: Նշված ծառայություններն իրականացվել են ՀՀ պետական բյուջեից այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին, որը 2015 թվականին կազմել է շուրջ 280.0 մլն դրամ:

2016 թվականին ուսուցիչների միջին ամսական հաշվարկային աշխատավարձի մասով կպահպանվի 2014 թվականի հուլիսի 1-ից նախատեսվող մակարդակը, այն է` 152.1 հազար դրամը: Միաժամանակ, ուսուցիչների ատեստավորման կարգի ներդրումը հնարավորություն է տալիս իրականացնել տարբերակված ֆինանսավորում և ստեղծել խթաններ` մասնագիտական հետագա կատարելագործման համար: 2015 թվականին պետական բյուջեից հատկացվել է 67.9 մլն դրամ` որակավորման տարակարգ ստացած 572 ուսուցիչների հավելավճարներ տրամադրելու նպատակով (2014 թվականին հավելավճար է տրամադրվել 303 ուսուցչի): 2016 թվականին նախատեսվում է, որ ատեստավորման արդյունքում տարակարգ ստացած ուսուցիչների թիվը կկազմի 660, որոնց հավելավճարներ տրամադրելու համար պետական բյուջեից կհատկացվի 120.5 մլն դրամ:

Հանրակրթության օղակում իրականացվող ամենահիմնական բարեփոխումը` առանձին գործող եռամյա ավագ դպրոցների համակարգի (10-12-րդ դասարաններ) ձևավորումն է, որպես հիմնական ընդհանուր կրթության շարունակություն: Այս համակարգի ստեղծման նպատակն է` բարձրացնել ավագ դպրոցում կրթության որակը և արդյունավետությունը, ինչպես նաև դրանց շրջանավարտներին, իրենց նախասիրություններին համապատասխան, հոսքային ուղղության և նախնական մասնագիտական կրթության ընտրության հնարավորություն տալ: Ավագ դպրոցների ցանցում 2015 թվականի դրությամբ ընդգրկված է 107 դպրոց, որոնք գործում են ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ: Ավագ դպրոցները որոշ չափով ապահովվել են անհրաժեշտ դպրոցական գույքով, համակարգչային սարքավորումներով, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաներով, գրականությամբ համալրված ժամանակակից գրադարաններով: 2013 թվականին 17 ավագ դպրոցների ռեսուրս կենտրոնները համալրվել են նոր կահույքով ու համակարգչային սարքավորումներով: 2014 թվականին բոլոր ավագ դպրոցներին տրամադրվել են շարժական համակարգչային լաբորատորիաներ և ակտիվ գրատախտակներ: 2015 թվականին բոլոր ավագ դպրոցներին տրամադրվել է նոր գույք: 2015 թվականին ավարտվել է մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաների համար Էլեկտրոնային կրթական նյութերի գնման գործընթացը, էլեկտրոնային կրթական նյութերը տեղադրվել են կրթական պորտալում և հասանելի են բոլորին:

Կրթության ազգային ինստիտուտի և հանրապետության բոլոր մարզերում ձևավորված նրա մասնաճյուղերի կողմից իրականացվել են մանկավարժական կադրերի շարունակական վերապատրաստումներ, ինչի արդյունքում 2011-2015 թվականներին ավարտվել է հանրակրթական դպրոցների հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման 5-ամյա պարբերաշրջանը: Այդ ընթացքում վերապատրաստվել են ՀՀ հանրակրթական դպրոցների 30224 ուսուցիչներ, ևս 3035-ը` ԼՂՀ-ում: Մանկավարժական աշխատողների վերապատրաստումները պետք է լինեն շարունակական, և 2016-2020 թվականներին կապահովվի հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումների նոր չափորոշչի և ծրագրի ներդրումը:

2014-2015 թվականներին համապատասխան վերապատրաստում են անցել ներառական դպրոցների ցանկում նոր ընդգրկվող հանրակրթական դպրոցների մանկավարժները:

2015 թվականին վերապատրաստման դասընթացներում ընդգրկվել է 8077 ուսուցիչ` 2014 թվականի 9099-ի դիմաց, 19 հանրակրթական առարկաների գծով կազմակերպվել են սեմինարներ, որոնց մասնակցել է 4026 մարդ` 2014 թվականի 6014-ի դիմաց: Մշակվել են հանրակրթական ուսումնական տարբեր չափորոշիչներ, մոդուլներ, հրատարակվել են հոդվածներ, ուղեցույցեր, ընդհանուր առմամբ 159 հատ` 2014 թվականի 141-ի դիմաց, մշակված և փորձագիտական եզրակացություն ստացած էջերի թիվը կազմել է 71032` 2014 թվականի 44403-ի դիմաց: Կրթության բովանդակային և մեթոդական սպասարկման ու հանրապետության հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման գծով պետական բյուջեից 2015 թվականին հատկացվել է 505.8 մլն դրամ, 507.9 մլն դրամ էլ նախատեսվում է հատկացնել 2016 թվականին (նշված գումարի շրջանակներում 2016 թվականին կվերապատրաստվի 10000 ուսուցիչ):

Շարունակվել են դպրոցները համակարգչային սարքավորումներով համալրման աշխատանքները: Հայաստանի դպրոցներում առկա են 18606 համակարգիչներ` 2010-2011 ուսումնական տարվա 14061-ի դիմաց, մեկ դպրոցին բաժին է ընկնում միջինը 13 համակարգիչ` 2010-2011 ուսումնական տարվա 9.7-ի դիմաց: Բարելավվել է մեկ համակարգչին համապատասխանող աշակերտների միջին քանակը բնութագրող ցուցանիշը, որը կազմում է 19.3` 2010-2011 ուսումնական տարվա 26.4-ի դիմաց:

Դպրոցների համակարգչային սարքավորումների վերաբերյալ Հայաստանի բոլոր դպրոցներից ստացված տվյալները պարբերաբար թարմացվում և մուտքագրվում են ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի շտեմարանում:

Հայաստանի կրթական ցանցում (ՀԿՑ) ուսումնական հաստատությունները միավորված են մեկ միասնական տեղեկատվական միջավայրում` տեղային ցանցում: Ցանցի կենտրոնական հանգույցը, բացի ուսումնական հաստատություններին և ՀԿՑ կառավարող օղակներին (ԿՏԱԿ-ի կենտրոնական գրասենյակի և մարզային 16 աշխատակիցներ) շուրջօրյա ինտերնետային կապ մատակարարելու գործառույթից, ցանցը պաշտպանում է արտաքին միջամտություններից, հնարավորինս սահմանափակում անցանկալի ինտերնետային բովանդակությունը, ապահովում ցանցի համակարգիչների կենտրոնացված հակավիրուսային պաշտպանությունը, mail.schools.am տիրույթում դպրոցներին տրամադրում էլեկտրոնային փոստի հասցեներ, իրականացնում շուրջ 400 դպրոցական վեբ-կայքերի և «Հայկական կրթական միջավայր» պորտալի և դրա ենթակայքերի ու ԿՏԱԿ-ի կայքի տեխնիկական սպասարկումը, հավաքում վիճակագրական տվյալներ կապի օգտագործման մասին, ուսումնական հաստատություններից յուրաքանչյուրին տրամադրում իրական IP հասցե:

ՀԿՑ-ի տեխնիկական սպասարկման արդյունավետ կազմակերպմանը նպաստում է համակարգի ընթացիկ վիճակը բնութագրող դինամիկ շտեմարանը: Տեխնիկական սպասարկումը, մասնավորապես, ներառում է ցանցի կենտրոնական հանգույցը, շուրջ 200 մարզային հանգույցները և ուսումնական հաստատությունների տեղային ցանցերի համակարգիչների ծրագրային ապահովումն աշխատունակ վիճակում պահելու գործառույթը:

2013-2014 թվականների ընթացքում փոխարինվել են շարքից դուրս եկած կամ հնացած ցանցային սարքավորումները, որոշ դպրոցներում փոխվել է կապի տեսակը, բարելավվել է որակը (արագությունը):

Հեռավոր բնակավայրերի աշակերտների և ուսուցիչների համար 12-օրյա համակարգչային դասընթացներ է իրականացնում Շարժական ինտերնետային-համակարգչային կայանը: 2015 թվականին դասընթացները հիմնականում կազմակերպվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքներում, որոնց մասնակցել է 447 աշակերտ և 338 ուսուցիչ: 2016 թվականին ևս Շարժական ինտերնետային-համակարգչային կայանի աշխատանքների կազմակերպման հիմնական թիրախը կլինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուսումնական հաստատությունները:

Համակարգչային սարքավորումներով համալրմանը զուգընթաց իրականացվել են աշխատանքներ էլեկտրոնային բովանդակության (ռեսուրսներ, համակարգչային հայալեզու էլեկտրոնային ծրագրեր, դասագրքեր, ուսուցողական նյութեր և այլն) ստեղծման ուղղությամբ:

Մասնավորապես. «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում 7-9-րդ դասարանների համար ստեղծվել են «Հայոց լեզու և քերականություն» ուսուցողական համակարգչային խաղը, «Հանրահաշիվ և երկրաչափություն» ուսուցողական համակարգչային ծրագիրը, «Էլեկտրոնային անգլերեն» և «Ռուսաց լեզու» ուսումնական ձեռնարկները:

Մշակվել և ՀԴԻՑ-ի կենտրոնական հանգույցում տեղադրվել է «Համացանցի օգտագործման ուղեցույց» ուսումնաօժանդակ ձեռնարկի կայք-տարբերակը (handbook.ktak.am):

2013 թվականին ԿՏԱԿ-ը մշակել և հրատարակել է «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի» օգտագործման ուղեցույցը, միաժամանակ դպրոցներին է տրամադրել «Դպրոցական կայքերի պատրաստումը» ձեռնարկը, որը հիմնականում նախատեսված է Հայաստանի բոլոր ավագ դպրոցների համար` վեբ կայքերի ստեղծման և զարգացման նպատակով:

Շարունակվել է «Հայկական կրթական միջավայր» պորտալի (www.armedu.am) շահագործումը, հարստացվել և թարմացվել է բովանդակային պարունակությունը, կազմակերպվել են առցանց կրթական միջոցառումներ (մրցույթներ, օլիմպիադաներ, խորհրդաժողովներ, քննարկումներ, հարցումներ և այլն):

«Հայկական կրթական միջավայր» ֆորումում (http://forum.armedu.am, ավելի քան 998 թեմա, 13627 գրառում, շուրջ 3885 գրանցված օգտվողներ) կազմակերպվել են կրթական փաստաթղթերի, դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների նախագծերի հանրային քննարկումներ, կրթության ոլորտում ՏՀՏ կիրառությունների վերաբերյալ առցանց խորհրդաժողովներ, միջոցառումներ (2014 թվականի ընթացքում` Թարգմանչաց տոնին նվիրված ստեղծագործական աշխատանքների մրցույթը` «Լուսանկար», «Պոստեր», «Դասի կամ միջոցառման պլան» անվանակարգերով), տրամադրվել մասնագիտական խորհրդատվություն և այլն:

Իրականացվել է «Հեռավար ուսուցում» համակարգը (http://learning.armedu.am/), որում ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպվել են 10-րդ դասարանի խորացված հոսքի ութ ուսումնական առարկաների (Հայոց լեզու, Ռուսաց լեզու, Օտար լեզու (Անգլերեն), Հանրահաշիվ, Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն, Հայոց պատմություն) հեռավար դասընթացները, ուսուցիչների և աշակերտների խմբերի համար կազմակերպվել են «Գրաֆիկական խմբագրիչ (Adobe Photoshop) ծրագրի ուսուցում», «Դպրոցի տեղային ցանցի շահագործման հմտությունների ուսուցում», «Գրաֆիկական ծրագրի (CorelDRAW) ուսուցում», «Մեդիա գործիքների ուսուցում», «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» «Անգլերեն» դասընթացները:

Համալրվել է «Պաշարների շտեմարան» կայքը (http://lib.armedu.am), որում ըստ դասակարգված բաժինների տեղադրվել է ավելի քան 2320 էլեկտրոնային նյութ, այդ թվում` դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ, ուսումնամեթոդական նյութեր, առարկայական չափորոշիչներ և ծրագրեր, «Կրթություն» շաբաթաթերթի 2012-2015 թվականների համարները և այլն (կայքը պատրաստվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ):

Շահագործվել են «Բարձրագույն կրթությունը Հայաստանում» (http://studyinarmenia.org/), «Հանրակրթությունը Հայաստանում-վիճակագրական տեղեկատու» (http://stat.armedu.am/), «Դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգ» (http://schoolrate.armedu.am/) և «Բուհերի ազգային վարկանիշավորման համակարգ» (http://ranking.armedu.am/), «Ավարտական փաստաթղթերի հաշվառման համակարգ» (http://students.armedu.am/) և ԿՏԱԿ-ի ինտերնետային կայքերը (www.ktak.am), ինչպես նաև «Հայկական կրթական ալիքը» (http://www.youtube.com/armeduchannel)` տեսանյութերի տարածման միջազգային «ՅուԹուբ» համակարգում:

Մշակվել են ԱՊՀ երկրների ուսուցիչների ու կրթության աշխատողների երկրորդ համագումարի (http://sng.armedu.am/), Բոլոնիայի գործընթացի նախարարների երևանյան համաժողովի (http://bologna-yerevan2015.ehea.info) կայքերը:

Իրականացվել են աշխատանքներ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (ԿԿՏՀ) գործունեության և զարգացման ուղղությամբ, մասնավորապես, ամփոփվել և ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն են ներկայացվել հանրակրթության 2013-2014, 2014-2015 ուսումնական տարիների վիճակագրական տվյալները, նախապատրաստվել և հրատարակվել են «Հանրակրթությունը Հայաստանում» տարեկան տեղեկագրերը:

2013 թվականին ավարտվել են «Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգի» ստեղծման աշխատանքները և համակարգը տեղադրվել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՀԿՑ կենտրոնական հանգույցում:

2013 թվականին ավարտվել են ՀՀ բոլոր մարզերի պետական հանրակրթական դպրոցներում «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի» տեղակայման աշխատանքները, որը սկսել է գործել 2014 թվականից:

2015 թվականին Կրթական հաստատություններում «Մայքրոսոֆթ» ընկերության արտոնագրված ծրագրային համակարգեր օգտագործելու նպատակով ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված պայմանագրի շրջանակում ձեռք են բերվել Windows և Office ծրագրային համակարգերի 18000 արտոնագրեր, որոնք տրամադրվել են ՀՀ կրթական ուսումնական հաստատություններին:

Համակարգչային և ինտերնետային կապի ծառայությունների գծով պետական բյուջեից 2015 թվականին հատկացվել է 861.4 մլն դրամ, 2016 թվականին էլ նախատեսվում է հատկացնել 860.9 մլն դրամ:

Պետական բյուջեից համապատասխան միջոցներ են նախատեսվել թեստերի և ուղեցույցերի մշակման և տպագրության, ավարտական քննությունների անցկացման գծով: 2014-2015 թվականներին լրամշակվել են ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը և, դրանից բխող, միասնական քննությունների մասնակիցների աշխատակարգերը, արձանագրությունների ձևերը:

Լրամշակվել և տպագրվել են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն», «Անգլերեն», «Ռուսերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն» առարկաների պետական ավարտական և միասնական քննությունների թեստային առաջադրանքների «Շտեմարանները»: Գնահատման և թեստավորման կենտրոնի համակարգչային բաժնում մշակվել են կանոնակարգային փաստաթղթերին համապատասխան համակարգչային ծրագրեր, ստեղծվել է տվյալների բազա: Ամբողջովին անցում է կատարվել դիմորդների դիմում-հայտերի հավաքագրման նոր` առցանց եղանակին:

Դիմորդներին օժանդակելու, քննական գործընթացի առանձնահատկություններին ծանոթացնելու նպատակով հանրապետության մարզերում և Երևանում կազմակերպվել և անցկացվել են փորձնական միասնական քննություններ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա» առարկաներից, որոնց մասնակցել է մոտ 4500 շրջանավարտ:

Կազմվել, տպագրվել և ըստ մարզերի բաշխվել են 9-րդ և 12-րդ դասարանների ավարտական քննությունների առարկայական թեստերը:

Կազմակերպվել և անցկացվել են հիմնական և լրացուցիչ փուլի պետական ավարտական և միասնական քննությունները:

Հանրակրթական դպրոցներում իրականացվել է արտաքին ընթացիկ գնահատում 11-րդ դասարանում` «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից: Հանրապետության մի շարք դպրոցների 4-րդ և 8-րդ դասարաններում` «Մաթեմատիկա» և «Բնագիտություն» առարկաներից կազմակերպվել է ազգային ստուգատես, որին մասնակցել է շուրջ 3500 սովորող:

Հանրակրթական դպրոցների 4-րդ և 8-րդ դասարաններում կազմակերպվել և անցկացվել է TIMSS միջազգային ստուգատեսի հիմնական փուլը:

2016 թվականին կշարունակվեն քննական առարկաների շտեմարանների լրամշակման, դրանց բովանդակության վերանայման աշխատանքները: Հանրակրթական դպրոցներում արտաքին ընթացիկ գնահատումը հիմնականում կիրականացվի ավագ դպրոցներում «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից: Կգնահատվեն 10-12-րդ դասարանների աշակերտները, դրանով իսկ կապահովվի գնահատումների շարունակականությունն ու յուրաքանչյուր սովորողի վերաբերյալ տեղեկատվության ամբողջականությունը:

2016 թվականին իրականացվող ազգային ստուգատեսը նվիրված կլինի հանրակրթական դպրոցների 8-րդ դասարաններում հայագիտական առարկաներից սովորողների պատրաստվածության մակարդակի ուսումնասիրմանը:

Գնահատման և թեստավորման ծառայությունների գծով պետական բյուջեից 2015 թվականին հատկացվել է 416.9 մլն դրամ, իսկ 2016 թվականին նախատեսվում է հատկացնել 405.3 մլն դրամ (նշված գումարի շրջանակներում կազմակերպվող միջնակարգ դպրոցի ավարտական քննություններին կմասնակցեն 23258, հիմնական դպրոցի քննություններին` 29614 սովորողներ):

Շարունակվել են տարրական դասարանների աշակերտներին անվճար բոլոր դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովման, ավագ դպրոցների դասագրքերի հրատարակման աշխատանքները: Նշված նպատակով պետական բյուջեից 2015 թվականին հատկացվել է 965.5 մլն դրամ, 969.1 մլն դրամ էլ կհատկացվի 2016 թվականին:

Դպրոցականների հանրապետական սպարտակիադայի անցկացման նպատակով 2015 թվականին պետական բյուջեից հատկացված 35.0 մլն դրամի շրջանակներում անցկացվել են ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների հանրապետական 24-րդ խաղերը 9 մարզաձևերից (յուրաքանչյուր մարզաձև անցկացվել է չորս փուլով), որոնց մասնակցել են 1026 երեխաներ: Նշված նպատակով 35.0 մլն դրամ էլ կհատկացվի 2016 թվականին:

Անցկացվել են նաև դպրոցականների հանրապետական օլիմպիադաներ հանրակրթական 16 առարկաներից, որոնց մասնակցել են 1404 աշակերտներ` 2014 թվականի 1461-ի դիմաց, և համահայկական հայագիտական 7-րդ օլիմպիադան. որին մասնակցել է 83 դպրոցական: Հանրապետական փուլի հաղթող դպրոցականներից 48 լավագույնները մասնակցել են նաև միջազգային 8 օլիմպիադաների` շահելով 3 ոսկե, 11 արծաթե, 24 բրոնզե մեդալներ: 2015 թվականին Հայաստանում անցկացվել է քիմիայի Մենդելեևյան 49-րդ միջազգային օլիմպիադան, որում Հայաստանը շահել է 1 բրոնզե մեդալ, օլիմպիադային մասնակցել են 95 դպրոցականներ: Դպրոցականների օլիմպիադաների անցկացման գծով 2015 թվականին պետական բյուջեից հատկացվել է 64.7 մլն դրամ, նույնքան գումար էլ կհատկացվի 2016 թվականին:

«Փոխհատուցում ՀՀ հեռավոր, սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի պետական հանրակրթական դպրոցների մանկավարժներին» ծրագրի շրջանակներում 2015 թվականին գործուղված մանկավարժների թիվը կազմել է 236` նախորդ տարվա 253-ի դիմաց: Նշված նպատակով 2015 թվականին պետական բյուջեից հատկացվել է 40.3 մլն դրամ, ևս 41.0 մլն դրամ էլ կհատկացվի 2016 թվականին:

2015 թվականին ՀՀ հանրային հեռուստաալիքով հեռարձակվող «Հայ ասպետ» հեռուստամրցաշարին մասնակցել են 96 դպրոցների 1056 աշակերտներ: Հեռուստամրցաշարի անցկացման համար 2015 թվականին պետական բյուջեից հատկացվել է 69.1 մլն դրամ, 69.3 մլն դրամ էլ կհատկացվի 2016 թվականին:

Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացման գծով 2015 թվականին պետական բյուջեից հատկացվել է 125.2 մլն դրամ, որի շրջանակներում մշակվել և վերամշակվել են ավելի քան 30 ծրագրեր, ուսուցման կազմակերպման 30-ից ավելի կարգեր, իրականացվել է 10-12 դասարաններում «Արվեստ» առարկայի նոր դասընթացների փորձարկում, մեդիագրադարանում պատրաստվել են 14 նոր ուսումնական փաթեթ, էլեկտրոնային նյութեր, մանկավարժական աշխատողների վերապատրաստման 6 մոդուլներ, կազմակերպվել է 2-րդ հանրապետական բնագիտական-տեխնիկական ստեղծագործության ստուգատեսը` 8 անվանակարգով և այլն: Նշված նպատակով ևս 125.5 մլն դրամ էլ կհատկացվի 2016 թվականին:

Առաջընթաց է նկատվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ընդհանուր դպրոցներում ներգրավելու գործում: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2014 թվականի դեկտեմբերին ընդունվել է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-200-Ն), որով Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք: Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղվում է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը: Վերոնշված օրենքով սահմանվում են.

* Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները,

* Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը,

* Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրումը:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մանկավարժահոգեբանական աջակցություն կստանան 3 մակարդակում` հանրակրթական դպրոցում, տարածքային և հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում: Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն էլ կիրականացվի երեխայի կենսագործունեության բնական միջավայրում (ընտանիք, ուսումնական հաստատություն և երեխայի շփման այլ միջավայրում):

Ընդ որում, մինչև 2022 թվականի օգոստոսի 1-ը` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում գործող առնվազն մեկ, Երևան քաղաքում` առնվազն չորս հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն վերակազմակերպվում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի: Իսկ եթե տվյալ մարզում առկա չէ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն, ապա մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները կպատվիրակվեն այնպիսի կազմակերպության, որում առկա են ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ պայմաններ:

2016 թվականի փետրվարին Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն է արժանացել համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը և ժամանակացույցը, որի համաձայն` հատուկ դպրոցների վերակազմակերպման գործընթացը կսկսվի 2016 թվականին, ՀՀ Սյունիքի մարզից: Ընդ որում, յուրաքանչյուր մարզում, հատուկ դպրոցների վերակազմակերպմանը զուգահեռ, կիրականացվեն.

* նոր ձևավորված տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մանկավարժական աշխատողների վերապատրաստում,

* սովորողների տեղափոխում հանրակրթական դպրոց,

* հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակի կիրառում` ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի, մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների և ուսուցչի օգնականի հաստիքի ներդրում:

Նախադպրոցական կրթության ոլորտում 2013 թվականին զուտ ընդգրկվածությունը (3-5 տարեկաններ) կազմել է 47.9%` 2012 թվականի 49.1%-ի դիմաց (3-6 տարեկանների թվում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Անկախ պետությունների համագործակցության երկրների նույն ցուցանիշի միջինը` 59% է), իսկ 0-5 տարեկանների համախառն ընդգրկվածության ցուցանիշը 2013 թվականին կազմել է 27.3%` 2012 թվականի 27.9%-ի դիմաց: Համակարգի գործունեության և զարգացման իրավական, կազմակերպական և ֆինանսական հիմքերը կարգավորելու նպատակով ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագիրը, որի հիման վրա էլ ՀՀ կառավարության կողմից 2010 թվականի նոյեմբերի 4-ին հաստատվել է «Ավագ նախադպրոցական տարիքի երեխաների կրթության կազմակերպման ծախսերը ֆինանսավորելու մասին» N 1427-Ն որոշումը: Նշված իրավական ակտերով Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես ռազմավարական նպատակ, որդեգրել է ավագ նախադպրոցական տարիքի երեխաների համընդհանուր կրթության ապահովման պետական քաղաքականությունը: Նախադպրոցական հաստատությունները հիմնականում գործել են համայնքային ենթակայությամբ և նշված ոլորտում, մինչ 2011 թվականը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին ծառայություններ չեն մատուցվել, այլ դրանք իրականացվել են համայնքային հատկացումներից, ծնողական վճարներից, երբեմն նաև` միջազգային կազմակերպությունների կողմից հատկացված աջակցություններից:

Ոլորտին աջակցելու և ՀՀ տարբեր տարածքներում նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիությունն ապահովելու նպատակով հատկացվել են միջոցներ` ծախսարդյունավետ մոդելների կիրառմամբ փորձնական ծրագրեր իրականացնելու համար: Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող կրթության բարելավման ծրագրի շրջանակներում դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացման և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովման ուղղությամբ իրականացվել են միկրոծրագրեր, մասնավորապես. 2015 թվականին ստեղծվել են 33 նախակրթարաններ ՀՀ Կոտայքի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի` համապատասխանաբար, 13; 12 և 8 համայնքներում, որտեղ իրականացվել են համապատասխան տարածքների բարեկարգման, գույքով համալրման աշխատանքներ, ձեռք են բերվել անհրաժեշտ ուսումնամեթոդական նյութեր, խաղալիքներ, պիտույքներ և այլն: Նշված միկրոծրագրերի իրականացման արդյունքում նախադպրոցական կրթության մեջ լրացուցիչ ընդգրկվել է շուրջ 1170 երեխա, միաժամանակ, Կրթության Ազգային ինստիտուտի կողմից վերապատրաստվել են 33 նախակրթարանների 79 դաստիարակներ:

«Քայլ առ քայլ» կազմակերպության կողմից շարունակվել են նախադպրոցական հաստատությունների դաստիարակների (2-ական մանկավարժ յուրաքանչյուր հաստատությունից) վերապատրաստումները:

Նախադպրոցական ծրագրերի իրականացման շարունակականության ապահովման նպատակով պետական բյուջեում նախատեսվել են միջոցներ ավագ նախադպրոցական տարիքի երեխաների մեկամյա կրթության կազմակերպման ընթացիկ ծախսերի մասով` ելնելով ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևով մեկ սովորողին ընկնող տարեկան գումարի չափից: 2015 թվականին պետական բյուջեից հատկացվել է 596.8 մլն դրամ` հանրապետության բոլոր մարզերում ավագ նախադպրոցական տարիքի երեխաների նախադպրոցական կրթության գծով, 657.4 մլն դրամ էլ կհատկացվի 2016 թվականին:

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության գործունեության ընթացքում ՀՀ-ում գործող դպրոցների միջև ստեղծվեց համագործակցության ցանց, որը հնարավորություն ընձեռեց փոխանակել ՀՀ տարբեր մարզերի դպրոցներում առկա առաջավոր փորձը և ներդնել նորարարությունները: «Դպրոց կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության աջակցության ծրագրի շրջանակներում կազմակերպվել են տարբեր մասնագիտական հավաքներ, հանդիպումներ, սեմինարներ, քննարկումներ` ուղղված մանկավարժների մասնագիտական կարիքների վերհանմանը և դասակարգմանը, ուսուցման խնդիրներին, դասավանդման ծրագրերին և մեթոդներին, մշակված նյութերի ներկայացմանը և լուսաբանմանը, գնահատման գործիքներին և այլ հարցերի: 2015 թվականի ընթացքում միության կողմից կազմակերպված մասնագիտական հավաքներին մասնակցել են «Դպրոց կենտրոնների միության» անդամ 110 դպրոց-կենտրոնների տնօրեններ: 2015 թվականին Դպրոց-կենտրոնների միությանը պետական բյուջեից հատկացվել է 20 մլն դրամ, նույնքան գումար էլ նախատեսվում է հատկացնել 2016 թվականին:

2015 թվականից սկսած` իրականացվում է Կրթության գերազանցության ազգային ծրագիրը (ԿԳԱԾ), որն ուղղված է հանրակրթության որակի բարձրացմանը, համակարգային բարեփոխումների իրականացմանը: 2015 թվականի ընթացքում ԿԳԱԾ-ի շրջանակներում իրականացվել են ուսուցիչների վերապատրաստման ծրագրի լրամշակված տարբերակի լիակատար փորձարկում և լրամշակման ամփոփում, վերապատրաստող խմբի 20 ավագ և 20 վերապատրաստող-մասնագետների վերապատրաստում, ինչպես նաև ծրագրի թեկնածուների հավաքագրում և ընտրություն: «Արարատյան բակալավրիատը» (ԱԲ), որպես հայկական կրթական լավագույն ավանդների և ժամանակակից կրթության առաջատար փորձի հիման վրա սովորելու միջազգայնորեն ճանաչելի և մրցունակ համակարգ, լրամշակվել և ներդրվել է «Այբ» ավագ դպրոցում: Մշակվել է Ա` դպրոցների արդյունավետ տեղակայման խորհրդատվական ձեռնարկը, կատարվել են դպրոցների ֆիզիկական միջավայրի տեղական և միջազգային չափանիշների ուսումնասիրություն, Ստեփանակերտում կազմակերպվել է Ա` համակարգի դպրոցի ներդրման նպատակով ճանաչողական այց: 2014 թվականին Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի մասնագետների կողմից մշակվել է ուսուցիչների, իսկ 2015 թվականին` նաև ԿԳԱԾ-ի ուսուցիչների վերապատրաստման և մասնագիտական զարգացման բաժնի մասնագետների վերապատրաստման ծրագիրը: Վերապատրաստումը տևել է 20 շաբաթ: Վերապատրաստման ծրագիրը բաղկացած էր 6 բաղադրիչից, որոնք ուղղված էին դասավանդման արդյունավետության բարձրացմանը խոչընդոտող հիմնական խնդիրների լուծմանը: ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից «Այբ» կրթական հիմնադրամի ներկայացրած «Արարատյան բակալավրիատ» ծրագիրը հաստատվել է որպես այլընտրանքային: Կրթության գերազանցության ազգային ծրագրի իրականացման նպատակով 2015 թվականին պետական բյուջեից հատկացվել է 587.8 մլն դրամ, նույնքան գումար էլ նախատեսվում է հատկացնել 2016 թվականին:

«Ազգային երգ ու պար» առարկայի ներդրում հանրակրթական ուսումնական հաստատություններում» ծրագիրը բխում է ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի նիստի N 46 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` «Մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների ծրագիր»-ից: Առարկայի ներդրման նպատակն է` հայրենասիրական ոգու և գիտակցության բարձրացումը, ազգային երգարվեստի և պարարվեստի ավանդույթների պահպանումն ու զարգացման հիմքերի ապահովումը: Ծրագրի շրջանակներում 2015 թվականին վերապատրաստվել են Երևան քաղաքի 25 և մարզերի 50 ուսուցիչներ, այդ նպատակով 2015 թվականին պետական բյուջեից հատկացվել է 7.8 մլն դրամ, 8.2 մլն դրամ էլ նախատեսվում է հատկացնել 2016 թվականին:

«Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագրի նպատակն է` նպաստել աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես ոոբոտատեխնիկայի նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը:

2009 թվականից Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նպատակադրել է Հայաստանի համայնքներում, մասնավորապես բոլոր դպրոցներում, ստեղծել ռոբոտատեխնիկայի խմբակներ: Խմբակներում աշակերտները կսովորեն նախագծել, հավաքել, ծրագրավորել ռոբոտներ, միաժամանակ, խմբակային աշխատանքը թույլ կտա աշակերտներին ուսումնասիրել մեխանիկայի, էլեկտրոնիկայի, ծրագրավորման և ոոբոտատեխնիկայի հիմունքները, աշակերտների մոտ կզարգանա ճարտարագիտական և համակարգային մտածողությունը, թիմային աշխատաոճն ու համագործակցության ձգտումը:

2016 թվականի մարտի 25-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության միջև ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության համայնքներում և հանրակրթության համակարգում նախնական ինժեներական կրթության ներդրում» ծրագրի շրջանակներում համագործակցելու մասին հուշագիրը, որում ամրագրվեցին համագործակցության սկզբունքները, այն է`

- խմբակներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար, ինչն ապահովում է ծրագրի հասանելիությունը, մատչելիությունը և հիմք է հանդիսանում ծրագրի զարգացման և տարածման համար,

- համակարգչային ծրագրերն ու համակարգերը հնարավորինս տեղայնացվում (հայաֆիկացվում են),

- ծրագրի իրականացման շրջանակներում սարքավորումներ և ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին և այլն:

«Դպրոցներում ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում» ծրագրի գծով 2015 թվականին պետական բյուջեից հատկացվել է 23.4 մլն դրամ:

2015 թվականի ապրիլին ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել առաջին դասարանի աշակերտներին անվճար համակարգիչ տրամադրելու` «Մեկ երեխա-մեկ համակարգիչ» ծրագիրը, որի շրջանակներում աշակերտներին անհատույց տրամադրվելու են «Արմթաբ» պլանշետներ: Ծրագիրը փորձնական կիրականացվի մեկ մարզում` 2015 թվականի սեպտեմբերից մինչև 2019 թվականի օգոստոս ամիսը (փորձնական փուլի ֆինանսավորումն իրականացվելու է Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի միջոցներով), այնուհետև ծրագիրն աստիճանաբար կընդլայնվի` ընդգրկելով նաև մնացած մարզերը և Երևան քաղաքը:

Հանրակրթական (ներառյալ` ավագ դպրոցների) օբյեկտների ջեռուցման համակարգերի և շենքային բարենպաստ պայմանների ապահովման նպատակով զգալի միջոցներ են նախատեսվել այդ հաստատությունների հիմնանորոգման և կապիտալ շինարարության ուղղությամբ, մասնավորապես` 2015 թվականին նշված նպատակներով պետական բյուջեից հատկացվել է 3,006.9 մլն դրամ, 1,866.3 մլն դրամ էլ կհատկացվի 2016 թվականին:

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Վերջին տարիների ընթացքում շարունակվել են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները` ուղղված կրթության որակի բարելավմանն ու մատչելիության բարձրացմանը, ինչպես նաև կառավարման համակարգի արդյունավետության զարգացմանը:

Ոլորտում իրականացվող բարեփոխումներին զգալի աջակցություն է ցուցաբերվել ինչպես պետական բյուջեից, այնպես էլ միջազգային կազմակերպությունների կողմից:

Բարեփոխումների ուղղությամբ իրականացվել են հետևյալ քայլերը.

2013 թվականին ստորագրվել և ՀՀ Նախագահի դեկտեմբերի 23-ի ՆՀ-331-Ն հրամանագրով հաստատվել է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխման շարունակություն և զբաղվածության հայեցակարգի մշակում» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի թիվ 3 լրացումը», որի նպատակն է ապահովել ՄԿՈՒ համակարգի շարունակական բարեփոխումները, ինչպես նաև բարելավել կառավարման համակարգը:

ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1330-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու կարգը:

2014 թվականին մշակվել և հաստատվել են ՄԿՈՒ ոլորտը կարգավորող մի շարք իրավական ակտեր, մասնավորապես`

- նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննության կազմակերպման և հավաստագրման, հավաստագրման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը,

- նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով դիմած անձին վերապատրաստող կազմակերպության ընտրության (երաշխավորման) և դիմած անձին վերապատրաստման կարգը,

- նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների դասախոսների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման կարգը,

- նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգը,

- նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններ ՀՀ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի քաղաքացիների ընդունելության ու գործուղման կարգը,

- նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում կրեդիտային համակարգով ուսումնառության օրինակելի կարգը:

ՀՀ կրթության որակավորումների ազգային շրջանակին համապատասխան` ամբողջությամբ վերանայվել են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների` ըստ ուսուցման հիմքի, ձևի, տևողության և որակավորումների ցանկերը, որոնք հաստատվել են ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 1-ի N 1139-Ն որոշմամբ և ուժի մեջ են մտել 2016 թվականի հունվարի 1-ից:

«ՀՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» և «Հագուստի մոդելավորում և նախագծում» մասնագիտությունների գծով կրեդիտային համակարգի փորձնական ներդրման մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի համաձայն` 2014-2015 ուսումնական տարվանից կրեդիտային համակարգը վերոնշյալ մասնագիտությունների գծով փորձնական ներդրվել է Երևանի տարածաշրջանային թիվ 1, Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2, Լոռու տարածաշրջանային և Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջներում:

Վերջին տարիներին մշակվել են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների պետական կրթական 160 չափորոշիչներ, համապատասխան ուսումնական պլաններ ու մոդուլային ծրագրեր: Պետական կրթական 150 չափորոշիչներ արդեն իսկ ներդրվել են ուսումնական հաստատություններում, իսկ 10 -ը կներդրվեն 2016-2017 ուսումնական տարվանից:

2015 թվականին վերանայվել են նախկինում մշակված նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության 10 մասնագիտությունների ու որակավորումների պետական կրթական չափորոշիչներ: Վերանայված պետական կրթական 10 չափորոշիչներին համապատասխան կազմվել են ուսումնական պլանները և մոդուլային ուսումնական ծրագրերը:

2014-2015 թվականներին ՄԿՈՒ համակարգի համար մշակվել և հրատարակվել են թվով շուրջ 25 ուսումնական ձեռնարկներ և ուսումնամեթոդական նյութեր:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2016
N 723-Ն
Որոշում