Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (7- ...

 

 

040.0723.070716

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2016 թվականի N 723-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(7-րդ մաս)

 

Մշակվել և Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի նիստով հաստատվել են ՄԿՈՒ պլանավորման և կատարողականի կառավարման համակարգի մոդելը և դրա հիման վրա մշակված վերապատրաստման ծրագիրը: 2015 թվականին իրականացվել է վերապատրաստում ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների տնօրենների, տնօրենների տեղակալների, կոլեգիալ կառավարման խորհրդի անդամների, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՄԿՈՒԶԱԿ-ի և ՈՒսուցման ազգային հիմնադրամի 184 աշխատակիցների համար:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով 2015 թվականին կազմակերպվել է 2 վերապատրաստման և 2 հավաստագրման գործընթաց, որի արդյունքում 70 անձ ստացել է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր):

Մասնագիտական կրթության համակարգի աշխատողների և համակարգի աշխատանքներում ներգրավված այլ անձնակազմերի անձանց համար իրականացվել են վերապատրաստումներ, որոնց ընթացքում վերապատրաստվել են շուրջ 2500 անձ:

2013 թվականից մինչ այժմ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ և Եվրոպական կրթական հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է աշխատանքներ 22 ՄԿՈՒ ուսումնական հաստատություններում կարիերայի կենտրոնների ներդրման և գործարկման ուղղությամբ: 2015 թվականին մեկնարկել են մշտադիտարկման աշխատանքներ` ուղղված ՄԿՈՒ ուսումնական հաստատություններում 2014 թվականի ընթացքում կարիերայի պատասխանատուների պատրաստման և կարիերայի ուղղորդման աշխատանքների իրականացման գնահատմանն ու ուսումնասիրմանը: Մշակվել և «Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի Միջգերատեսչական մեթոդական խորհրդի կողմից հաստատվել է «Կարիերայի կառավարում» մոդուլային ծրագիրը:

Պատրաստվել են հեռուստահաղորդումներ, տեսանյութեր, տպագրվել են բուկլետներ, պաստառներ, հրատարակվել է «Մասնագիտական կրթություն և ուսուցում» հանդեսի 8 պարբերական: Իրականացվել են ՄԿՈՒ քաղաքականությանն ու ռազմավարությանը վերաբերող հետազոտական աշխատանքներ: Dasaran.am կայքէջում ստեղծվել և գործում է նախնական և միջին մասնագիտական կրթության տեղեկատվական հարթակը:

Միջազգային համագործակցության և սոցիալական գործընկերության զարգացման նպատակով 2015 թվականին տեղի են ունեցել հետևյալ միջոցառումները`

* 2015 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Սկոլկովո» Մոսկվայի կառավարման դպրոց ոչ պետական ուսումնական հաստատության միջև նախաձեռնվել է կնքել մտադրությունների հուշագիր, որի շրջանակում նշված դպրոցի կողմից կմշակվեն վերապատրաստման գործիքներ` ուղղված ՄԿՈՒ հաստատությունների կառավարման արդյունավետության բարձրացմանը:

* 2015 թվականի օգոստոսի 11-16-ը Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում կայացել է «Աշխարհի հմտություններ» միջազգային մրցույթը: «Աշխարհի Հմտություններ» 43-րդ միջազգային մրցույթին Հայաստանի թիմը ներկայացել է հետևյալ մասնագիտություններով` «Մեխատրոնիկա», «ՏՏ ցանցային համակարգերի կառավարում» և «Ոսկերչություն»: Հայաստանի թիմի բոլոր անդամներն ստացել են վկայականներ` մրցույթին ակտիվ մասնակցության և արժեքավոր ներդրման համար:

* Գերմանիայի Ֆելդաֆինգ քաղաքում 2015 թվականի մայիսի 18-22-ը կայացած «Գարնանային ակադեմիա» ծրագրի շրջանակներում քննարկվել և հավանության է արժանացել «Ձեռնարկատիրական հմտությունների զարգացում» վերապատրաստման մոդուլի մշակման և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում պիլոտավորման ծրագիրը: Մշակվել են ծրագիրը, ծրագրի իրականացման ժամանակացույցը, ՄԿՈՒ կազմակերպությունների ցանկը, որտեղ նախատեսվում է ներդնել Ծրագիրը (ընդհանուր թվով ծրագրին պետք է մասնակցի 4 ՄԿՈՒ հաստատություն), ինչպես նաև ծրագրի թիրախային ոլորտները` զբոսաշրջություն, գինեգործություն և ճշգրիտ ճարտարագիտություն: Կազմակերպվել են վերապատրաստումներ ՄԿՈՒ համակարգի կառավարման ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաև ընտրված ուսումնական հաստատությունների դասախոսների համար, որոնք ստացել են համապատասխան հավաստագիր «Ձեռնարկատիրական և ձեռներեցության հմտությունների զարգացում» մոդուլը դասավանդելու համար:

* Գործընկերային կապեր հաստատելու, կրթական, մշակութային հարաբերությունների զարգացմանը նպաստելու նպատակով 12 տարածաշրջանային գերազանցության կենտրոնների առաջատարությամբ մարզերում գործող պետական արհեստագործական ուսումնարանների և քոլեջների միջև ստեղծվել են մարզային կրթական ցանցեր: 2015 թվականին կնքվել են երկկողմ և եռակողմ համագործակցության համաձայնագրեր 35 արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների միջև: Համաձայնագրերում ներկայացված մարզային ցանցերի կառավարմանն ու գործունեությանն առնչվող միջոցառումները ներառվել են տարածաշրջանային ՄԿՈՒ կենտրոնների բիզնես պլաններում:

* ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի (www.ipsc.am) կողմից 2015 թվականի նոյեմբեր ամսին իրականացվել է «Պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների կարիքների գնահատման հետազոտություն», որի նպատակն է նպաստել միջին մասնագիտական կրթության և ուսուցման զարգացմանը Հայաստանում:

* 2015 թվականին իրականացվել է «Մասնագիտական կրթություն և ուսուցում» պորտալի մեջ տվյալների մուտքագրման գործընթացը: (www.vetarmenia.am)` որպես կրթական ցանցերը սպասարկող էլեկտրոնային գործիք:

2015 թվականին թվով 5 նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ և այդ 5 ուսումնական հաստատություններին սարքավորումներ և գույք տրամադրելու նպատակով մշակվել են նյութատեխնիկական բազայի 17 չափաբաժնի համար տեխնիկական բնութագրեր: 10 չափաբաժնով գնման մրցույթի արդյունքում հաղթող կազմակերպությունների հետ կնքվել են համապատասխան պայմանագրեր, որից 8 չափաբաժինների մասով սարքավորումներն ամբողջությամբ տեղադրվել են:

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության գծով 2015 թվականին պետական բյուջեից հատկացվել է 2,577.5 մլն դրամ` 7.0 հազար սովորողի ուսուցման գծով, միջին մասնագիտական կրթության գծով` 6,343.3 մլն դրամ` 13.4 հազար սովորողի ուսուցման գծով: 2015 թվականին, ընդհանուր առմամբ, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ծրագրերի, ինչպես նաև դրանց իրականացմանն օժանդակող մի շարք ծրագրերի գծով պետական բյուջեից հատկացվել է 9,521.3 մլն դրամ: 2016 թվականին կհատկացվի 10,715.1 մլն դրամ` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մեջ ընդգրկվող, համապատասխանաբար, 6.7 և 14.7 հազար սովորողների ուսուցման գծով:

2015-2016 ուսումնական տարում նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունվածների թիվը կազմում է 2958, միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում` 4628 սովորող: Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ընդունելության թվի նվազումը պայմանավորված է 2015 թվականին 9-րդ դասարանն ավարտողների թվաքանակի նվազմամբ:

Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության զարգացումները պայմանավորված են «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի դրույթներով, ինչպես նաև Բոլոնիայի գործընթացի սկզբունքներով: Վերջին երկու տարիների ընթացքում կատարված աշխատանքներն ուղղված են Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ՀՀ բարձրագույն կրթության ինտեգրմանը նպաստելուն, մասնավորապես` բուհերի ինքնավարության մեծացմանը և հաշվետվողականության խթանմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանը, հավատարմագրման և լիցենզավորման գործընթացների հստակեցմանը:

Մշակվել և հաստատվել են նորմատիվային կարգեր, որոնք ենթադրում են սկզբունքային նորարարություններ բուհական կրթական համակարգում, միտված են կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և բարենպաստ օրենսդրական հիմքեր են ստեղծել բարձրագույն և հետբուհական կրթության համակարգի ընդհանուր բարեփոխումների, ինչպես նաև` Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի ինտեգրմանն ուղղորդվող կառուցվածքային բարեփոխումների համար:

«Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնց արդյունքում օրենքով սահմանվել է «նպատակային ուսուցում» հասկացությունը (այն մասնագիտական կրթական ծրագրերով պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածաշրջանները, այդ թվում` սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերը, համապատասխան որակավորմամբ մասնագետներով ապահովելու նպատակով իրականացվող ուսուցումն է), ինչպես նաև հստակեցվել են նպատակային ընդունելության հետ կապված հարցերը:

2015 թվականին Եվրոպայի Խորհրդի և ԵՄ հանձնաժողովի աջակցությամբ մեկնարկել է Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրը: Ծրագիրն օժանդակում է Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրի արդյունավետ իրականացմանը: Ծրագրի խնդիրն է աջակցել գործող մասնագետների համար նախատեսվող կանխարգելիչ և բարեվարքության մեխանիզմների մշակմանը և ամրապնդել արդյունավետ կառավարումը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է.

- Բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի և բարեվարքության ամրապնդման ռազմավարությունների վերաբերյալ իրազեկության բարձրացում գլխավոր շահառուների շրջանում:

- Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի համար ինստիտուցիոնալ հիմքերի մշակում և արդյունավետ կիրառում:

Վերոնշյալ ծրագրի շրջանակում մշակվել և ներկայացվել է «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության վրա ազդող գործոնների ռիսկի վերլուծությունը»:

ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշմամբ հաստատվել է «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման» կարգը,որի համաձայն, սկսած 2014 թվականից, յուրաքանչյուր տարի 7 ոլորտներում (բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ), բժշկություն, հումանիտար գիտություններ, հասարակագիտություն, ճարտարագիտություն (այդ թվում` ճարտարապետական/գյուղատնտեսական), մշակույթ-սպորտ, հայագիտություն) մրցույթը հաղթահարած և 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված ուսանողների համար սահմանվել է անվանական կրթաթոշակ: Նշված 7 ոլորտներով` ըստ կրթական ծրագրերի (բակալավր, մագիստրոս) հաղթող է ճանաչվել, համապատասխանաբար, 38 և 39 ուսանող:

2015 թվականի նոյեմբերին սկսվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ազգային վարկանիշավորման գործընթացի իրականացումը, որը կազմակերպվել է 2013 թվականի ազգային վարկանիշավորման գործընթացի փորձնական ներդրման արդյունքների հիման վրա: Հիմք ընդունելով վարկանիշավորման համակարգի միջազգային փորձը` 2015 թվականին փոփոխություններ են կատարվել վարկանիշավորման համակարգի մեթոդաբանությունում, արդյունքում` մշակվել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների միասնական ցանկով վարկանիշավորման ազգային համակարգ:

ՀՀ բարձրագույն կրթության ֆինանսական կառավարման համակարգի բարեփոխման ուղղությամբ կարևորվել է նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացումը: ՆՄՀ-ի նպատակն է մրցակցային հիմունքներով բուհերին դրամաշնորհներ հատկացնելու միջոցով աջակցել վերջիններիս` նորարարական և զարգացման ծրագրերի իրականացման, կառավարման կարողությունների զարգացման, բուհերում գիտական հետազոտությունների խթանման և այլ ուղղություններով: 2013 թվականի սեպտեմբերին 10 բուհերի հետ կնքվել են դրամաշնորհային պայմանագրեր, որոնք ուղղված են բարձրագույն ուսումնական հաստատություններում նորարարական ու զարգացման ծրագրերի իրականացմանը և բուհերի կարողությունների հզորացմանը: 2014 թվականին շարունակվել են դրամաշնորհային ծրագրերը, որոնք ամփոփվել են 2015 թվականի առաջին կիսամյակում: 2015 թվականին մեկնարկել է «Կրթության բարելավում» նոր դրամաշնորհային մրցակցային ծրագիրը, որի «Աջակցություն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը» ենթաբաղադրիչի շրջանակներում 2015 թվականին «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից իրականացվել է ՆՄՀ գործառնական ընթացակարգերի վերանայումը: Մշակվել են ՆՄՀ փորձնական փուլի արդյունքներով վերանայված ՆՄՀ ղեկավար ձեռնարկը և ՆՄՀ դրամաշնորհային ծրագրերի համար հայտ ներկայացնող բուհերի ֆինանսական կարողությունների ստուգման աշխատանքների նկարագիրը, կազմավորվել է ՆՄՀ համակարգող խորհուրդը:

ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1323-Ն որոշման համաձայն` 2013 թվականի սեպտեմբերի 1-ից պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում է տրամադրում յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի սահմանվող անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքների անդամ հանդիսացող ուսանողներին` ուսման վճարի 50-ից 100 տոկոսի չափով: 2014-2015 ուսումնական տարում պետության կողմից փոխհատուցվել է բակալավրի կրթական աստիճանում (2-րդից 4-րդ կուրս) ընդգրկված 1030 ուսանողի ուսման վարձը` 223.8 մլն դրամի չափով, 2015-2016 ուսումնական տարում` նույն կրթական աստիճանում ընդգրկված 1379 ուսանողի ուսման վարձը` 306.9 մլն դրամի չափով: 2014-2015 ուսումնական տարում մագիստրոսի կրթական աստիճանում փոխհատուցվել է 40, իսկ 2015-2016 ուսումնական տարում` 52 ուսանողների ուսման վարձը:

Միաժամանակ, ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1094-Ն որոշմամբ ընդլայնվեց սոցիալապես անապահով ուսանողների շրջանակը` ընդգրկելով բարձրագույն ուսումնական հաստատություններ սահմանված կարգով 1-ին կուրս ընդունված և ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին` ընդունելության մրցութային քննությունների արդյունքում համապատասխան միավորի շեմը հաղթահարելու դեպքում: Արդյունքում` բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճանում սովորող 719 առաջին կուրսեցիների պետության կողմից հատկացվել է ուսման վճարի 50-ից 100 տոկոսի չափով փոխհատուցում` 496.7 մլն դրամի շրջանակներում:

2014 թվականին «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որի արդյունքում ընդլայնվել են նաև բուհերի միջոցների հաշվին ֆինանսական աջակցություն ստացող սոցիալական խոցելի խմբերը, միևնույն կարգավիճակ ունեցող ուսանողների համար ներդրվել են աջակցության հավասար պայմաններ: Մասնավորապես. բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին` ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, իր միջոցների հաշվին` հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում:

ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 29-ի N 564-Ն որոշմամբ լրացումներ և փոփոխություններ են կատարվել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի մեջ` դիմորդներին հնարավորություն տալով բուհերի ընդունելության մրցույթին մասնակցել նաև միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի` պետական ավարտական քննությունների գնահատականներով:

2014 թվականին ներդրվել է մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգը, որն ուղղված է ուսումնական հաստատությունների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը: Նկատի ունենալով 2015 թվականի ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները` բարձրագույն կրթության համակարգի ֆինանսավորման նոր ծրագրերի ներդրում, ուսանողների սոցիալական աջակցության նոր մեխանիզմների գործարկում, բուհերի կազմակերպաիրավական ձևերի փոփոխություններ, մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգում վերակազմավորման են ենթարկվել հատկապես այս տեղեկությունները պարունակող բաժինները` դրանք համարժեք դարձնելով ընթացիկ իրավիճակին:

Աշխատանքներ են իրականացվել բուհերի ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնման ուղղությամբ, որի արդյունքում 4 բարձրագույն ուսումնական հաստատություններ փոխել են իրենց կազմակերպաիրավական ձևը, դրանք են` «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը, «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամը և «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը:

ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 163-Ն որոշմամբ սահմանվել է ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների` ուսման վարձի առավելագույն չափը` ուսման վարձի այն շեմը, որը բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունը կարող է սահմանել տվյալ մասնագիտության գծով կրթական ծառայություններ մատուցելու համար:

2014-2015 թվականներին շարունակվել են աշխատանքները Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի անցկացման ուղղությամբ:

Եվրոպական Միության աջակցությամբ 2014 թվականին կազմակերպվել է «Հայաստան-ԵՄ զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով ենթակոմիտեի» երրորդ նիստ:

2015 թվականին «Արմնյուզ» հեռուստաընկերության կողմից ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ թողարկվել է կրթության ու գիտության ոլորտում տիրող իրավիճակի և ընթացող բարեփոխումների թեմայով մասնագիտական հաղորդաշար` «Ալմա Մատեր»: Իրականացվել են «Բոլոնիայի գործընթացը ՀՀ բուհերում` վերջինիս վերաբերյալ փոփոխությունները, ինչպես նաև ՀՀ ուսանողների համալսարանական կյանքի և աշխարհայացքի պատկերի վերհանումը» և «ՀՀ ուսանողների կենսաոճի, սոցիալ-տնտեսական կարիքների և Բոլոնիայի գործընթացի գնահատման հետազոտություն» թեմաներով ուսումնասիրություններ: Իրականացվել են նաև անգլալեզու studyinarmenia.org և amhe.am բարձրագույն կրթության վերաբերյալ պորտալի շահագործման աշխատանքները: Ստեղծվել է աշխատանքային փորձագիտական խումբ, որը ներկայացրել է բարձրագույն կրթության` Բոլոնիայի գործընթացին համահունչ, օրենսդրական փոփոխությունների փաթեթ: Ապահովվել է մասնակցությունը Բոլոնիայի գործընթացի վերաբերյալ առկա ֆորումներին, սեմինարներին, կոնֆերանսներին: 2015 թվականի մայիսի 14-15-ին Երևանում կայացել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի 9-րդ նախարարական գագաթաժողովը և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը: Հայաստան են ժամանել 47 երկրների և 28 միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ, ընդհանուր մասնակիցների թիվը կազմել է 498 մարդ:

Գագաթաժողովի ընթացքում ընդունվել է Երևանյան կոմյունիկեն, որի հիմնական առանձնահատկություններն են բուհերի ուսանողների աշխատանքային իրավունքի խնդիրները և ուսանողական շարժունության ներառականությունը: Կոմյունիկեում նշվում է նաև հակամարտող տարածքներում ապրող ուսանողների և աշխատակազմի, անապահով ուսանողների և դասախոսների շարժունությունն ապահովելու մասին:

Հաստատվել է «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը», որն ուղղված է աշխատաշուկայի պահանջներին և միջազգային ստանդարտներին համապատասխանեցմանը, ինչպես նաև ապահովում է ազգային ցուցանիշների համադրելիությունը «EUROSTAT»-ի և «UNESCO»-ի չափանիշներին:

2014 թվականին մեկնարկել է «Հայաստանի բարձրագույն կրթության հզորացում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով» Թվինինգ ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԵՄ կողմից: Միջազգային և ազգային փորձագետների համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում վերանայվել են «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքները և ներկայացվել է օրենսդրական բացերի վերլուծության վերաբերյալ փորձագիտական զեկույցը: Ծրագիրն իրականացվում է Ֆինլանդիայի կրթության գնահատման կենտրոնի (FINEEC), Գերմանիայի կրթության ու հետազոտությունների դաշնային նախարարության (BMBF) և ՀՀ կրթության և գիտության նախարարության համագործակցությամբ: Ծրագրում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունները և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամը (ՄԿՈԱԱԿ), ծրագրի շրջանակներում ընդլայնվել են վերջիններիս աշխատակիցների կարողությունները` Բոլոնիայի գործընթացի իրականացումն ու շարունակականությունն ապահովելու նպատակով, կատարվել են նախապատրաստական աշխատանքներ` ՄԿՈԱԱԿ-ի` Մասնագիտական կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամակցության և Որակի ապահովման եվրոպական ռեգիստրում գրանցվելու համար

ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1397-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացում են կատարվել ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 978-Ն որոշման մեջ, որոնցով հստակեցվել են հավատարմագրումների ժամկետները և նոր կարգով հավատարմագրման դիմելու վերջնաժամկետը (համապատասխան ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին մասնակցելու համար ուսումնական հաստատությունները պետք է դիմեն մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը):

ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի N 206-Ն որոշմամբ էլ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 27-ի N 1486-Ն որոշման մեջ, որոնցով հստակեցվել են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) հոգաբարձուների խորհրդի անդամների թվաքանակը և կազմը, խորհրդի նախագահի ընտրության կարգը: Նշված փոփոխությունները նպաստել են հիմնադրամի գործունեության անկախությանը և այն միջազգային պահանջներին համահունչ դարձնելուն: 2015 թվականին ՈԱԱԿ-ի կողմից 14 բուհերի վերաբերյալ կայացվել է հավատարմագրում շնորհելու որոշում, մասնավորապես, հավատարմագրման համար դիմել են 16 բուհեր, որոնցից մեկին շնորհվել է հավատարմագրում` 6 տարի ժամկետով, 10 բուհերին` 4 տարի ժամկետով, 3 բուհի` պայմանական հավատարմագրում` 2 տարի ժամկետով, իսկ 2 բուհերի հավատարմագրումը մերժվել է: Հավատարմագրման համար դիմել են ևս 5 բուհեր, որոնց վերաբերյալ որոշումները կկայացվեն 2016 թվականին:

Իրականացված հավատարմագրման արդյունքները միջազգային մակարդակով ճանաչելի դարձնելու, ինչպես նաև ՀՀ կրթական համակարգի նկատմամբ միջազգային կառույցների վստահությունը բարձրացնելու նպատակով ՈԱԱԿ-ը 2015 թվականին դիմել է Մասնագիտական կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամակցության և Որակի ապահովման եվրոպական ռեգիստրում գրանցվելու համար: Նախատեսվում է, որ 2016 թվականին ՈԱԱԿ-ը նշված ասոցիացիայի կողմից անցնելու է արտաքին գնահատում: Միջազգային ծրագրերի (TEMPUS) շրջանակներում ՈԱԱԿ-ի անձնակազմը հնարավորություն է ունեցել մասնակցելու մի շարք վերապատրաստումների` ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Վերապատրաստումների արդյունքում ՈԱԱԿ-ում ձևավորվել է համապատասխան ներուժ, որը նպաստում է հավատարմագրման գործընթացների արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև որակի մշակույթի ձևավորմանն ու ամրապնդմանը:

2015 թվականին գործարկվել է ՈԱԱԿ-ի ներքին փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգը, մշակման փուլում է նոր կայքէջը, որը կավարտվի 2016 թվականին: Վերջինս միտված է` ապահովելու ՈԱԱԿ-ի գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, լուսաբանելու իրականացվող հավատարմագրման գործընթացները: Գործարկվում է Հավատարմագրման պետական գրանցամատյանի վարման կարգը, որը հնարավորություն է տալիս խորհրդատվական տեղեկատվություն տրամադրել հանրությանը, տեղական, միջազգային և այլ շահագրգիռ կազմակերպություններին` հավատարմագրված ուսումնական հաստատությունների մասին:

2015 թվականին համակարգում գործել են 22 բուհեր` նախորդ տարվա 20-ի դիմաց (ցանկում ավելացել են Երևանում Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղը և «Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտ» հիմնադրամը):

2015 թվականին պետական բյուջեից բարձրագույն կրթության և վերջինիս օժանդակության ծրագրերի գծով հատկացվել է 11,440.1 մլն դրամ: 2016 թվականին ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 12,664.1 մլն դրամ, որի շրջանակներում բուհերում պետության կողմից նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) կսովորեն 13.2 հազար ուսանողներ:

 

ԱՐՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Արտաուսումնական դաստիարակության ոլորտում իրականացված ծրագրերը միտված են եղել երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունների զարգացմանը և խթանմանը, մատաղ սերնդի առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, ընտրած մարզաձևերում մարզական հերթափոխի պատրաստմանը, պարապողների մարզական ունակությունների կատարելագործմանը, ՀՀ հավաքական թիմերի համալրմանը, միջազգային ասպարեզում վերջիններիս արդյունավետ մրցունակության ապահովմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններին մեթոդական օգնության տրամադրմանը, ուսումնական նոր դասագրքերի և ձեռնարկների մշակմանը:

Ֆիզիկական դաստիարակության իրականացման համար մանուկների ու պատանիների շրջանում կազմակերպվել են ուսումնամարզական միջոցառումներ, ապահովվել է նրանց մասնակցությունը տեղական, հանրապետական և միջազգային մրցաշարերին:

2014 թվականին կազմակերպվել են հրաձգության, գնդակային հրաձգության, նետաձգության հանրապետական մրցումներ: 8 մարզիկներ մասնակցել են հրաձգության, գնդակային հրաձգության և նետաձգության միջազգային մրցումների` գրավելով պատվավոր տեղեր: Մարզադպրոցի մեկ մարզիկ, ատրճանակից գրավելով առաջին տեղը, ստացել է Չինաստանում կայանալիք պատանիների օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք: Իսպանիայում պատանիների աշխարհի առաջնության մրցումներին մարզիկները պարգևատրվել են 4 բրոնզե մեդալով: Բաթումի քաղաքում կայացած նետաձգության միջազգային մրցումներին մարզիկները զբաղեցրել են 2-րդ և 3-րդ պատվավոր տեղերը, իսկ Չինաստանի Նանջինգ քաղաքում կայացած պատանիների օլիմպիական խաղերին` 7-րդ տեղը:

2014 թվականին ՀՀ դպրոցականները առաջին անգամ մասնակցել են դպրոցականների աշխարհի առաջնություններին. Ֆրանսիայում` սեղանի թենիս, Պորտուգալիայում` վոլեյբոլ, Իտալիայում` ֆուտզալ և Թուրքիայում` հանդբոլ մարզաձևերից: 2014 թվականի ապրիլի 20-27-ը Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվել է ԱՊՀ երկրների դպրոցականների 2-րդ սպորտային փառատոնը: Ստուգատեսին հաջող հանդես է եկել սեղանի թենիսի հավաքականը: Թիմային մրցապայքարում դպրոցական թիմը գրավել է 2-րդ պատվավոր տեղը, աղջիկների անհատական խաղերում Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի ներկայացուցիչը գրավել է 2-րդ տեղը, իսկ տղաների անհատական առաջնությունում` 3-րդ տեղը: Հայաստանի հավաքականը բադմինտոն մարզաձևում, թիմային հաշվարկում, գրավել է 3-րդ պատվավոր տեղը: Մրցաշարին շախմատիստները ևս թիմային հաշվարկում զբաղեցրել են 3-րդ պատվավոր տեղը:

2014 թվականին սեպտեմբերի 20-27-ը Թուրքմենիայի Թուրքմենբաշ քաղաքում անցկացվել է դպրոցականների միջազգային մրցաշարը: Հայաստանի Հանրապետության դպրոցականների սեղանի թենիսի հավաքական թիմը գրավել է 3-րդ մրցանակային տեղը, տղաների անհատական պայքարում Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի ներկայացուցիչը գրավել է 2-րդ տեղը, իսկ աղջիկների պայքարում` 3-րդ տեղը:

2014 թվականին Տեխնիկական մոդելավորման հանրապետական կենտրոնի ներկայացուցիչները, մասնակցելով Բուլղարիայի Պազարջիկ քաղաքում կայացած նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնությանը, շահել են 2 ոսկե, 3 արծաթե, 1 բրոնզե մեդալներ և 2 գավաթ, սահմանելով Աշխարհի 3 ռեկորդ և, ոչ պաշտոնական թիմային հաշվարկով, գրավել առաջին տեղը: Առաջնության ամենաբարձր արդյունքը ցուցաբերել է կենտրոնի ներկայացուցիչը, միաժամանակ 2 ամենահեղինակավոր Բ-1, Ա-3 դասերում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը, սահմանելով Աշխարհի ռեկորդ (279,070 կմ/ժամ), արժանանալով լավագույն արդյունք ցուցաբերած անվանական գավաթներին: Կենտրոնի մեկ ներկայացուցիչ նույնպես սահմանել է Աշխարհի ռեկորդ և շահել բրոնզե մեդալ: Երիտասարդների (մինչ 18 տարեկան) առաջնությունում կենտրոնի մեկ այլ սան շահել է 3 արծաթե մեդալ` սահմանելով երիտասարդների Աշխարհի ռեկորդ:

2015 թվականին Հայաստանի ընտրանին մասնակցել է մի շարք սպորտային միջոցառումների, գրավելով մրցանակային տեղեր, մասնավորապես. Ռուսաստանի Դաշնության ՈՒլյանովսկ քաղաքում կայացած ԱՊՀ երկրների դպրոցականների միջազգային 3-րդ փառատոնում բասկետբոլ մարզաձևից աղջիկների պայքարում` 4-րդ տեղը, Անդորայում կայացած Եվրոպայի մինչև 16 տարեկան աղջիկների բասկետբոլի առաջնությունում` 2-րդ պատվավոր տեղը, Բաթումի քաղաքում կայացած աղջիկների լողափնյա վոլեյբոլի միջազգային մրցաշարում` 2-րդ պատվավոր տեղը, Բուլղարիայի Պազարջիկ քաղաքում կայացած նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնությունում` 1 ոսկե, 1 արծաթե մեդալներ, ինչպես նաև 1 գավաթ և ոչ պաշտոնական թիմային հաշվարկով` չորրորդ տեղը:

ՀՀ դպրոցականների շրջանում ֆիզիկական դաստիարակության ծրագրի խնդիրների իրականացման, թիմային խաղերի միջոցով սովորողների կամային հատկությունների զարգացման, Հայրենիքի պաշտպանությանը ֆիզիկապես առողջ սերունդ դաստիարակելու նպատակով` 1992 թվականից մեկնարկել են Հայաստանի Անկախության հռչակման օրվան նվիրված ՀՀ դպրոցականների մարզական խաղերը, որոնց մասնակցում են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների աշակերտները: Դպրոցականների մարզական խաղերում ընդգրկվել են 6 մարզաձևեր` բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, ֆուտբոլ, սեղանի թենիս և աթլետիկա, 2013 թվականից մարզական խաղերում ավելացել են ևս երկու նոր մարզաձև` ֆուտ-զալ և բադմինտոն, իսկ 2014 թվականից` լողափնյա վոլեյբոլ:

«Ֆիզիկական կուլտուրա» առարկայի արդյունավետ դասավանդմանը և մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակությանը նպաստել է նաև ՀՀ «Ազգային Ժողովի» գավաթի խաղարկությունը: Մրցումներին մասնակցում են ՀՀ և ԼՂՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-6-րդ դասարանների աշակերտներ: Յուրաքանչյուր տարի առաջին տեղը գրաված թիմը պարգևատրվում է ԱԺ գավաթով և մարզական գույքով:

2015 թվականին ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի տարածքում կազմակերպվել և անց են կացվել տուրիստական հանրապետական խաղեր-մրցումներ, որոնց մասնակցել են թվով 220 դպրոցականներ:

2015 թվականին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների հանրապետական ուսանողական մարզական խաղերում ընդգրկվել են 10 մարզաձևեր, խաղերի հանրապետական փուլին մասնակցել են շուրջ 2000 ուսանողներ 15 բարձրագույն ուսումնական հաստատություններից:

2015 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ի դեմս Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի, իրավունք ստացավ Հայաստանի Հանրապետությունում անցկացնել Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունը: Առաջնությանը մասնակցել են եվրոպական 9 երկրների 18 համալսարանների 25 թիմեր, ընդհանուր թվով` 82 պատվիրակ: Տղաների թիմային պայքարում Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմը գրավել է երկրորդ տեղը:

2015 թվականին իրականացվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի N 46 արձանագրային որոշմամբ հաստատված «Մանուկների և պատանիների գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության 2013-2015 թվականների» պետական ծրագրից բխող միջոցառումները:

Մշակվել և իրականացվել են ՀՀ կառավարության հոբելյանական միջոցառումների ծրագրերից բխող նկարչական, գեղարվեստական, մարզական, տեխնիկական և այլ ծրագրեր:

2015 թվականին արդեն հինգերորդ անգամ նախաձեռնվել և իրականացվել է «Մեկ դար և ավելի...» համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնը,որին մասնակցել է 6-18 տարեկան շուրջ 1000 երեխա Հայաստանի 97, Արցախի 5 և Սփյուռքի 13 երկրների (Ռուսաստան, Աբխազիա, ՈՒկրաինա, ՈՒզբեկստան, Ղազախստան, Վրաստան, Արգենտինա, ՈՒրուգվայ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իրաք, Իրան, Լիբանան) 36 դպրոցներից: Ներկայացվել են նկարներ, գոբելեններ, քանդակներ, և այլ օբյեկտներ:

Մրցույթի առաջին փուլի արդյունքում ցուցահանդեսին ներկայացվել են Հայաստանի 40, Արցախի 3 և Սփյուռքի 32 դպրոցների շուրջ 250 նկարներ (առանձին նկարներ, նկարներ-նախագծեր, նկարների շարքեր, նկար-օբյեկտներ), 9 գոբելեններ, 4 քանդակներ և 8 օբյեկտներ:

2015 թվականի ընթացքում ՀՀ Սյունիքի մարզում անց է կացվել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված մանկապատանեկան փողային նվագախմբերի փառատոնը, որին մասնակցել են 520 դպրոցականներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների սաները Չեխիայի Հանրապետության Լիդիցե քաղաքում կայացած կերպարվեստի 43-րդ միջազգային ցուցահանդեսին ներկայացրել են շուրջ 60 աշխատանք, Բելառուսի Մինսկ քաղաքում «Մոլորակի երեխաները բարեկամներ են» միջազգային ցուցահանդեսին` շուրջ 110 աշխատանք:

Կազմակերպվել և անց են կացվել Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի և Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:

ՀՀ մարզերի և Երևան քաղաքի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, հանրակրթական ուսումնական հաստատություններում 2014-2015 թվականներին անց են կացվել կրթադաստիարակչական աշխատանքներ ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ:

2014-2015 թվականներին մշակվել և վերամշակվել են մի շարք իրավական և նորմատիվ ակտեր, որոնք ուղղված են եղել կանոնակարգելու նախազորակոչային պատրաստության բնագավառը: Վերամշակման փուլում է գտնվում «Հայրենասիրական դաստիարակության 2015-2019 թվականների» պետական ծրագրի նախագիծը, որի շուրջ քննարկումներ են կազմակերպվել բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ: Մշակման փուլում է գտնվում ՀՀ պաշտպանության և ՀՀ կրթության և գիտության նախարարների համատեղ հրամանի նախագիծը` ՆԶՊ ուսուցիչների մրցույթի կարգի և հարցաշարերի վերաբերյալ:

Ռազմահայրենասիրական և նախազորակոչային պատրաստության համակարգում բարելավվել են ուսումնական հաստատությունների զենքի պահասենյակները, ուսումնական հաստատությունների 85%-ը համալրվել են ուսումնական տարբեր զինատեսակներով և զինամթերքով, որոնք հիմնավոր պայմաններ են ստեղծում կրակային և մարտական պատրաստության դասընթացներն առավել արդյունավետ իրականացնելու համար:

Բարելավվել են ուսումնական հաստատությունների քաղաքացիական պաշտպանության շտաբները` որոնք համալրվել են անհրաժեշտ ուսումնական պարագաներով: Մշակման փուլում է «Պատանի փրկարար» դպրոցական խաղ վարժանքի ծրագիրը: ՈՒսումնական հաստատություններում քաղաքացիական պաշտպանության աշխատանքները համակարգված իրականացնելու համար մշակվել և հաստատվել է նորմատիվ ակտերի ժողովածու, որը գործածության համար ներդրվել է կրթական համակարգ: 2014-2015 թվականներին քաղաքացիական պաշտպանության թվով 73 շտաբի պետեր մասնակցել են վերապատրաստման դասընթացների, որոնց արդյունքում ստացել են համապատասխան որակավորում:

Որպես ուսումնաօժանդակ նյութ նկարահանվել և ուսումնական հաստատություններին են տրամադրվել ռազմահայրենասիրական, ուսուցողական ֆիլմեր, մասնավորապես. «Լեոնիդ Ազգալդյան», «Շուշիի ազատագրում», «Ազգային բանակ», «Հայ զինվոր», «Հակաօդային պաշտպանություն», ընդհանուր թվով 7525 տեսասկավառակ:

2015 թվականին կազմակերպվել և անց է կացվել «ՆԶՊ» առարկայական օլիմպիադան, որին մասնակցել են ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և ԼՂՀ թվով 84 աշակերտ:

Նախազորակոչային մարզառազմական խաղերի, նախազորակոչային պատրաստության իրականացման ժամանակակից մեթոդները և միջոցները, ռազմագիտացված մասնագիտացված ուսումնական հաստատությունների միջև առողջ մրցակցությունը նպաստել է նմանատիպ ուսումնական հաստատություններ երեխաների ընդգրկվածության տեմպերի համեմատական աճին: 2014-2015 ուսումնական տարում ՀՀ և ԱՊՀ ռազմական բուհեր են ընդունվել 269 դիմորդ:

Գեղարվեստական կրթության մատչելիության որակը ապահովելու և բարելավելու նպատակով իր գործունեությունն է իրականացնում «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը: ՀՀ մարզերում ուսումնամեթոդական աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար իրենց գործունեությունն են շարունակել ՀՀ մարզերի և մայրաքաղաքի հենակետային դպրոցները` յուրաքանչյուր մարզում 3-ական, որտեղ կազմակերպվում են հանրապետական մի շարք մրցույթների, փառատոների մարզային փուլեր, համերգներ, համերգ-դասախոսություններ, ցուցահանդեսներ, անցկացվում են վերապատրաստման դասալսումներ, վարպետության դասեր և այլ նպատակային միջոցառումներ ու ծրագրեր: Հիմնադրամի մեթոդիստ-մանկավարժների և հանրապետության առաջատար մասնագետների միջոցով 2014 թվականի ընթացքում հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 8300 աշակերտների և 1440 ուսուցիչների, 2015 թվականին` 8500 աշակերտների և 1500 ուսուցիչների, ցուցաբերվել է ուսումնամեթոդական և գործնական աջակցություն, վերապատրաստման դասալսումներին մասնակցել է` 2014 թվականին` 900, 2015 թվականին` 930 մանկավարժ: 2015 թվականին պետական բյուջեից նշված նպատակով հատկացվել է 77.4 մլն դրամ, ևս 77.6 մլն դրամ կհատկացվի 2016 թվականին, որի շրջանակներում ուսումնամեթոդական և գործնական աջակցություն կցուցաբերվի 6400 աշակերտների և ուսուցիչների:

«Երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով ուսուցում» ծրագրում ներկայում ընդգրկված են 144 դպրոցների 2361 սովորողներ: Նշված դպրոցներում արդեն դասավանդվում են այնպիսի հազվագյուտ նվագարաններ, ինչպիսիք են` տավիղը, կոնտրաբասը, ֆագոտը, հոբոյը (Երևան), պկուն, պարկապզուկը (Գեղարքունիք, Շիրակ, Կոտայք), ուդը, տուբան (Կոտայք, Արմավիր, Տավուշ), բամբիռը, քամանին (Արմավիր): Եթե 2007 թվականին ազգային թառ, քամանչա, ուդ, սանթուր, սազ, պկու նվագարաններ էր ուսանում 90 երեխա, ապա 2015 թվականին սովորողների թիվը հասել է 353-ի: Ընդհանուր առմամբ, «Երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարային նվագարանների գծով ուսուցում» ծրագրի ցանկով հաստատված 26 նվագարաններից դասավանդվում է 25-ը (2010 թվականին ուսուցանվում էր 22-ը): Ծրագրի գծով 2015 թվականին պետական բյուջեից հատկացվել է 629.8 մլն դրամ, նույնքան գումար էլ կհատկացվի 2016 թվականին` 148 դպրոցներում 2361 երեխաների ուսուցման համար:

Երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների համար ուսումնական նոր ծրագրերի, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների մշակման և հրատարակման ծրագրի շրջանակներում 2014 թվականին հրատարակվել է 27, 2015 թվականին` 21 անուն ուսումնամեթոդական և գիտաուսումնական գրականություն, 2016 թվականին նախատեսվում է հրատարակել 24 անուն գրականություն: 2015 թվականին պետական բյուջեից նշված նպատակով հատկացվել է 17.1 մլն դրամ, նույնքան գումար էլ կհատկացվի 2016 թվականին:

«Աջակցություն շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների մասնագիտական կարողությունների զարգացմանը և կատարելագործմանը» ծրագրում ընդգրկված հայ կատարողական արվեստում ծանրակշիռ փորձ ունեցող խորհրդատուների և հրավիրյալ մասնագետների միջոցով 2015 թվականին (ուսուցչի հետ համատեղ) իրականացվել են մասնագիտական խորհրդատվություններ ծրագրի բոլոր մասնակիցների համար` անհատական դասերի և վարպետության դասընթացների ձևաչափով: 2014-2015 թվականներին 15 պատանի երաժիշտներ ներգրավվել են նաև շուրջ 100 տարբեր միջոցառումներում` մրցույթներ, փառատոներ, համերգներ: Նրանցից շատերն արժանացել են հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկրի կոչման: 2015 թվականին նշված նպատակով պետական բյուջեից հատկացվել է 15.9 մլն դրամ, նույնքան գումար էլ կհատկացվի 2016 թվականին:

2015 թվականին պետական բյուջեից 16.2 մլն դրամ էլ հատկացվել է երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերման գծով, որի շրջանակներում ձեռք է բերվել 22 անուն 96 երաժշտական գործիք` 2014 թվականի 20 անուն 102 գործիքների դիմաց` շնորհալի երեխաներին տրամադրելու նպատակով: Նշված նպատակով ևս 20.0 մլն դրամ կհատկացվի 2016 թվականին` 17 անուն 43 գործիքների ձեռքբերման համար:

ՀՀ երկրապահ կամավորականների միությունում գործում է «Պատանի երկրապահ» ակումբը, որի նպատակն է` պատանիների շրջանում զարգացնել ռազմահայրենասիրական դաստիարակությունը և հայրենիքի նկատմամբ պարտքի զգացումը: Ակումբն ունի 72 ստորաբաժանում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և Երևան քաղաքում, որոնցում ընդգրկված են 8-18 տարեկան տղաներ և աղջիկներ: Ակումբն զբաղվում է պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակությամբ, կրակային, շարային, մարտավարական պատրաստությամբ: Պատանիներն ուսուցանվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնագրքերի համաձայն, որն էլ նպաստում է նրանց` զինվորական ծառայությանը նախապատրաստմանը: Ծրագիրը 2015 թվականին իրականացվել է առաջին անգամ, այդ նպատակով պետական բյուջեից հատկացվել է 64.3 մլն դրամ:

Մարզական հերթափոխի և բարձրակարգ մարզիկների պատրաստման համար մարզակառույցները ժամանակակից մարզական գույքով ապահովելու, նրանց նյութատեխնիկական պայմանները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին իրականացվում է մարզագույքի բաշխման ծրագիր: Մասնավորապես. 2015 թվականին պետական բյուջեից հատկացված 168.2 մլն դրամի շրջանակներում ձեռք է բերվել 38 անուն մարզագույք և բաշխվել 46 մարզական կազմակերպությունների: Նշված նպատակով 100.0 մլն դրամ էլ կհատկացվի 2016 թվականին:

Մարզադպրոցների պայմանների բարելավման նպատակով մարզական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության գծով 2015 թվականին պետական բյուջեից հատկացվել է 765.4 մլն դրամ, 471.6 մլն դրամ էլ կհատկացվի 2016 թվականին:

 

ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

Սփյուռքի հետ կապերի ոլորտում կարևորվում է սփյուռքի հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստումը: 2015 թվականին սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման նպատակով պետական բյուջեից հատկացվել է շուրջ 30.1 մլն դրամ, որի շրջանակներում վերապատրաստվել են 63 ուսուցիչներ` 2014 թվականի 48-ի դիմաց: Նշված նպատակով 36.3 մլն դրամ էլ կհատկացվի 2016 թվականին, որի շրջանակներում կվերապատրաստվի 175 ուսուցիչ:

Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում օտարերկրացիների ընդունելության կանոնների համաձայն իրականացվում է սփյուռքահայ դիմորդների ընդունելություն ՀՀ բուհեր: Անվճար հիմունքներով ընդունելությունը կատարվում է ՀՀ կառավարության որոշմամբ տարեկան հաստատվող բուհական պետական պատվերի տեղերի` 70 տեղ, շրջանակներում, միաժամանակ, 13 տեղ է նախատեսվում միջպետական համաձայնագրերի շրջանակներում ընդունելության գծով: Վերջին երկու տարիներին նկատվել է ՀՀ բուհեր սփյուռքահայ դիմորդների փոփոխական դինամիկա: 2014-2015 ուսումնական տարում ՀՀ բուհեր են դիմել և ընդունվել շուրջ 560 սփյուռքահայեր (նախորդ տարվա համեմատ նրանց թվի նվազումը պայմանավորված է վիրահայ դիմորդների թվի նվազմամբ), իսկ 2015-2016 ուսումնական տարում դիմորդների թիվը նորից աճել է` սիրիահայերի հաշվին:

Սկսած 2014 թվականից` Սփյուռքում գործող հայկական դպրոցներին, կրթական ու նախադպրոցական հաստատություններին, մանկապարտեզներին, հայոց լեզվի ուսուցման խմբակներին, դասարաններին ուսումնական գրականության և այլ ուսումնաօժանդակ նյութերի տրամադրման պետական ծրագիրն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը: Դասագրքերի և ուսումնաօժանդակ նյութերի ձեռքբերումը, որպես կանոն, իրականացվում է կրթական հաստատությունների կողմից ներկայացվող հայտերի հիման վրա: Սփյուռքի ավելի քան երեք տասնյակ երկրներում գործում են մոտ 400 ամենօրյա և ավելի քան 700 մեկօրյա դպրոցներ: Սփյուռքում հայեցի կրթության և դաստիարակության գործում մանկավարժներին օգնելու խնդրում կարևորվում է ուսումնաօժանդակ նյութերի պահանջարկը: Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակման և տրամադրման նպատակով 2015 թվականին պետական բյուջեից հատկացվել է 99.8 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատ ծախսերն աճել են 25.7%-ով` պայմանավորված տրամադրվող գրքերի քանակի ավելացմամբ: Նշված նպատակով 100.0 մլն դրամ էլ կհատկացվի 2016 թվականին, որի շրջանակներում օժանդակություն կստանան արտերկրում գործող 300 հայկական դպրոցներ և կենտրոններ:

2015 թվականին պետական բյուջեից միջոցներ են նախատեսվել Բուխարեստի համալսարանում հայոց լեզվի դասավանդման և Ավստրիայի Զալցբուրգի համալսարանում հայագիտության ամբիոնին աջակցման գծով, յուրաքանչյուրի գծով 3.6 մլն դրամի չափով: Նշված համալսարաններին նույն չափով աջակցություն կցուցաբերվի նաև 2016 թվականին: 2015 թվականին պետական բյուջեից 4.9 մլն դրամ էլ հատկացվել է Պրահայի Կարլովի համալսարանում հայոց լեզվի դասավանդման կազմակերպման գծով, նշված նպատակով ևս 5.7 մլն դրամ կհատկացվի 2016 թվականին: 2016 թվականի պետական բյուջեից 11.4 մլն դրամ էլ կհատկացվի Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարանում հայոց լեզվի դասավանդմանն աջակցության գծով:

2016 թվականի պետական բյուջեից 13.0 մլն դրամ կհատկացվի Համահայկական կրթական խորհրդաժողովի անցկացման համար:

 

1.3 ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Կրթության ոլորտի ներկա փուլի առավել ընդգծված հիմնախնդիրներն են`

* փոքր է նախադպրոցական կրթական ծրագրերում երեխաների ընդգրկվածությունը, շատ համայնքներում չկան նախադպրոցական կրթական ծառայություններ,

* թերի է դպրոցից դուրս մնացած երեխաների հաշվառման և նրանց կրթության մեջ ընդգրկման համակարգը, ցածր է հանրակրթության երրորդ աստիճանում սովորողների ընդգրկվածության ցուցանիշը,

* հանրակրթական դպրոցները սահմանափակ կարողություններ ունեն ապահովելու բոլոր, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը,

* դասավանդող անձնակազմը բավարար չի տիրապետում կրթության ժամանակակից մեթոդներին և տեխնոլոգիաներին, ցածր է մանկավարժական կադրերի պատրաստման ու վերապատրաստման արդյունավետությունը,

* դեռևս ապահովված չէ կրթական ծրագրերի ամբողջական համադրելիությունը միջազգային չափանիշներին, կրթության համակարգը չի կարողանում արագ և արդյունավետ արձագանքել հասարակության և տնտեսության արագընթաց զարգացումներին,

* անբավարար է ժամանակակից տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների հասանելիությունը և կիրառումը ուսումնական գործընթացում, կա էլեկտրոնային ուսումնական նյութերի պակաս,

* շատ ուսումնական հաստատությունների ուսումնանյութական բազան չի համապատասխանում ժամանակակից պահանջներին,

* բարելավման կարիք ունեն կրթության ֆինանսավորման և դրանց արդյունավետ օգտագործման մեխանիզմները,

* կարգավորված չեն ՀՀ մարզերի հեռավոր գյուղական թերհամալրված (փոքրաթիվ աշակերտական համակազմով) հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման և ուսուցման արդյունավետ մեխանիզմները,

* հատուկ դպրոցներում սովորող երեխաների խնամքի համար հատկացված միջոցները չեն ապահովում չափորոշիչներով սահմանված պահանջները,

* համընդհանուր ներառման անցման համար «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներից բխող իրավական հիմքերի մշակում և հաստատում,

* մասնագիտական, հատկապես բարձրագույն կրթությունը, մատչելի չէ սոցիալապես խոցելի որոշ խմբերի համար,

* բարելավման կարիք ունեն մասնագիտական կրթության որակի ներքին և արտաքին գնահատման համակարգերն ու մեխանիզմները,

* թույլ է կրթության տարբեր մակարդակների, ինչպես նաև կրթության և տնտեսության միջև երկխոսությունը, բավարար չեն սոցիալական գործընկերության մեխանիզմները,

* բուհերի կազմակերպական, ֆինանսական, կադրային ինքնավարության և ակադեմիական ազատությունների սահմանափակվածությունը,

* բարձրագույն կրթության համակարգի գործունեության թափանցիկության և կատարողականի գնահատման ցածր մակարդակը, որն առաջացնում է հասարակության անվստահությունը բարձրագույն կրթության համակարգի նկատմամբ,

* պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների շարժունության ցածր մակարդակը և դրան նպաստող ենթակառուցվածքների (կրեդիտների փոխանցում, ծրագրերի համեմատելիություն, կրթական ծրագրերի համապատասխանություն միջազգային չափանիշներին, հանրակացարանային պայմաններ) թերի գործունեությունը,

* լրացուցիչ կարգավորման խնդիր ունի սփյուռքահայ ուսանողների ընդունելության և կրթության շարունակականության ապահովումը կրթության հաջորդ մակարդակում,

* շենքային պայմանների բարելավման և նյութատեխնիկական բազայի ապահովման կարիք ունեն արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունները:

 

7.1.2 ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

2.1 ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Կրթության ոլորտում պետական քաղաքականության հիմնական նպատակն է ապահովել, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իր հակումներին և ընդունակություններին համապատասխան ստանա որակյալ կրթություն և հանրապետության տնտեսությունն ապահովվի մրցունակ մասնագետներով: Պետությունը յուրաքանչյուր քաղաքացու համար ստեղծելու է կրթության հնարավորություն` անկախ նրա սոցիալական վիճակից և տարիքից:

Կրթության համակարգի ներկա փուլի ռազմավարական նպատակն է` ընդունելով ժամանակակից մարտահրավերները, արձանագրել հիմնախնդիրների լուծման և առաջընթացի այնպիսի արդյունքներ, որոնք կվերականգնեն կրթության և գիտելիքի վարկանիշը և կամրապնդեն Հայաստանի` որպես գիտակրթական տարածքի հեղինակությունը: Կրթության ոլորտի նպատակներն ու գերակայությունները բխում են ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 19-ի N 511-Ա որոշմամբ հավանություն ստացած` ՀՀ կառավարության ծրագրի և ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագրի նպատակադրումներից: Համաձայն նշված ծրագրերի` կրթության բնագավառում առաջիկա տարիներին ակնկալվող հիմնական արդյունքներն են.

* բոլոր մակարդակներում բարձրացնել կրթության մատչելիությունը, ստեղծել հավասար հնարավորություններ, որ յուրաքանչյուրն ստանա առավել որակյալ կրթություն` իր նախասիրություններին և ընդունակություններին համապատասխան,

* բարելավել կրթության որակը, այն համապատասխանեցնելով միջազգային ընդունված չափանիշներին,

* ապահովել պետական բյուջեից կրթությանը հատկացվող միջոցների շարունակական աճ և դրանց արդյունավետ օգտագործման մեխանիզմներ:

Հանրակրթության ոլորտի նպատակադրումները.

1. հանրակրթության բոլոր մակարդակներում, այդ թվում նախադպրոցական կրթության ոլորտում, բարձրացնել կրթության մատչելիությունը: Մասնավորապես,

* նախադպրոցական ծրագրերում երեխաների (հատկապես աղքատ ընտանիքների) ընդգրկվածության մեծացում` ապահովելով դպրոցին նախորդող տարում երեխաների առավելագույն ընդգրկվածություն,

* կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող բոլոր խոցելի խմբերի երեխաների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունների ընդլայնում:

2. բարելավել հանրակրթության որակը` այն համապատասխանեցնելով միջազգային ընդունված չափանիշներին: Մասնավորապես.

* կրթակարգի և չափորոշիչների, բոլոր ուսումնական ծրագրերի վերանայում` կրթության բովանդակության արդիականացման և այն հասարակության ժամանակակից պահանջներին համապատասխանեցման նպատակով, միաժամանակ բարելավելով համապատասխան դասագրքերի բովանդակային որակը,

* աջակցության ցուցաբերում միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը,

* հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգի ներդնում,

* երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական) կրթությանն անցմանն ապահովում,

* կրթության որակի և արդյունավետությանը, ինչպես նաև կառավարման համակարգի կատարելագործմանն ուղղված իրավական ակտերի մշակում, լրամշակում,

* հանրակրթության համակարգում կրեդիտային (չափանիշային) համակարգի ներդրման ապահովում, հանրակրթական ուսումնական հաստատություններում կրեդիտային համակարգի միջոցով ուսումնական գործընթացի իրականացման նոր ձևի անցման կազմակերպում,

* ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կադրերի մասնագիտական որակի բարձրացում (վերապատրաստում, ատեստավորում),

* միջազգային ստուգատեսներում, առարկայական օլիմպիադաներում, մրցույթներում, մրցաշարերում մասնակցության արդյունավետության բարձրացում,

* հանրակրթական ուսումնական հաստատությունների, այդ թվում` նախադպրոցական, կադրային, ուսումնամեթոդական և ուսումնանյութական ապահովվածության բարելավում,

* հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավում` վերանայելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական կարիքների գնահատման մեխանիզմները:

Մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակն է ապահովել աշխատաշուկայում մրցունակ մասնագետների պատրաստումը, կրթության բովանդակության միջազգային չափանիշներին համադրելիության և ուսումնական գործընթացի թափանցիկության, ինչպես նաև մատչելիության և հավասար հնարավորությունների ապահովումը: Մասնավորապես. առաջիկա տարիներին նախատեսվում է`

* Խթանել ՄԿՈՒ հաստատությունների անդամակցումը միջազգային ծրագրերին և ցանցերին,

* Հայաստանում գործող որակավորումների ազգային շրջանակը և դրանց ընդհանրական բնութագրերը համապատասխանեցնել Որակավորումների Եվրոպական Շրջանակին,

* Իրականացնել կարողություններին միտված ՄԿՈՒ պետական կրթական չափորոշիչների, ինչպես նաև ուսումնական ծրագրերի կանոնավոր մշակում, վերանայում և կիրառում,

* Հնարավորինս բարելավել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքային պայմանները, այդ թվում ապահովել ջեռուցման համակարգերով,

* Հարստացնել և արդիականացնել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսումնալաբորատոր, արհեստանոցային բազան,

* Ժամանակակից նոր մասնագիտությունների ներդրում` նպատակ ունենալով ուսումնական հաստատություններին հաղորդել հնարավորինս նեղ մասնագիտական ուղղվածություն,

* Իրականացնել աշխատանքի վրա հիմնված ուսուցման հնարավորությունների բացահայտում և ժամանակակից մոտեցումների ներդրում և կիրառում,

* Ընդլայնել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ձեռնարկատիրական գործունեության հնարավորություններն ու ձևերը` ստեղծելով համապատասխան մեխանիզմներ, հիմնավոր և բարենպաստ նախապայմաններ,

* Իրականացնել ՄԿՈՒ համակարգում գործատուների ներգրավում ուսումնական գործընթացում, սոցիալական գործընկերության ամրապնդում և նոր որակի հաղորդում,

* Կատարել բուհական կրեդիտային համակարգերի կատարելագործման աշխատանքներին զուգահեռ ՄԿՈՒ կրեդիտների կուտակման և փոխանցման մեխանիզմների լրամշակում, գործարկում և տարածում ողջ համակարգում` նպատակ ունենալով ստեղծել ներդաշնակ և բոլոր կրթական ծրագրերը միմյանց շաղկապող համակարգ.

* Իրականացնել ՄԿՈՒ կառավարման համակարգի կատարելագործում, կարողությունների հզորացում,

* Ստեղծել ՄԿՈՒ հաստատությունների ներքին որակի ապահովման համակարգ` եվրոպական չափանիշներին համապատասխան,

* Ընդլայնել ՄԿՈՒ համակարգում ներառական կրթության հնարավորությունները այն մասնագիտությունների մասով, որոնք կարող են հասանելի լինել մտավոր կամ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար,

* Աշխատաշուկա-բուհ կապի ամրապնդում և «Կրթություն-գիտություն-նորարարություն» ավանդական եռանկյունու մոդելի արմատավորում բուհերում,

* ՀՀ պետական և ոչ պետական բուհերի գործունեության համար առողջ մրցակցային դաշտի և հավասար հնարավորությունների ստեղծում, լիցենզավորման պայմանների և պահանջների խստացում,

* ԲՈՒՀ-ի թափանցիկության և հաշվետվողականության` այդ թվում հանրային հաշվետվողականության մեխանիզմի մշակում և կիրարկում,

* Բուհերի կրթական, կառավարման, հետազոտական գործընթացներում շահառուների թիրախային ներգրավում և համագործակցության ընդլայնում,

* Մասնագիտական կրթության կառավարման տեղեկատվական համակարգերի ծրագրային ընդլայնում և կատարելագործում,

* Նորարարական մրցակցային ծրագրերի խթանում և ընդլայնում,

* Նպաստում ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի (ՄԿՈԱԱԿ) լիիրավ անդամակցությանը Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիային (ENQA) և Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ռեգիստրում (EQAR) գրանցմանը,

* ԲՈՒՀ-երի որակի արտաքին գնահատման և որակի ապահովման ներբուհական գործընթացների համակողմանի զարգացում ու կիրարկում,

* Սովորողների ու պրոֆեսորադասախոսական կազմի շարժունության և բուհերի միջազգայնացման ընդլայնում,

* Օտար լեզվով ուսուցման խթանում, որի արդյունքում կավելանա Հայաստանում օտարերկրացի սովորողների թիվը,

* Բուհերի կազմակերպական, ֆինանսական, կադրային ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնում,

* Բուհերի ֆինանսավորման նոր մեխանիզմի մշակում` հիմնվելով բուհի կատարողականի, ծրագրային ու ոչ ծրագրային ֆինանսավորման սկզբունքների վրա և ֆինանսական աղբյուրների բազմազանեցման վրա,

* ՈՒսանողների ֆինանսական աջակցության (նպաստներ, կրթաթոշակներ) նոր մեխանիզմների մշակում,

* Սոցիալական տարբեր խմբերի և առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար բարձրագույն կրթության մատչելիության և հասանելիության խթանում,

* Շարունակել ՀՀ որակավորումների ազգային շրջանակի հստակեցման և կիրարկման աշխատանքները, բարձրագույն կրթության կրթական ծրագրերի մշակում` հիմնվելով ՀՀ որակավորումների ազգային շրջանակի վրա, շրջանավարտների զբաղվածունակության բարձրացում և մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների համապատասխանեցում աշխատաշուկայի արդի պահանջներին,

* Բարեվարքության սկզբունքների և վարքականոնի սահմանում, դրանց կիրառում, վերահսկման ու կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմի մշակում ու կիրարկում,

* մանկավարժական կրթության բարեփոխում,

* կրթության որակի ապահովման ներքին և գնահատման արտաքին արդյունավետ մեխանիզմների ձևավորում:

Արտաուսումնական դաստիարակության բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակն է`

* արտաուսումնական կրթական ոլորտի զարգացմանը նպաստումը, արտադպրոցական կրթական նոր ծրագրերի մշակումը,

* օժտված և շնորհալի երեխաների բացահայտումը,

* գեղարվեստական խմբակներում ընդգրկված սաների գեղարվեստական ստեղծագործության ունակությունների, հակումների, հետաքրքրությունների ոլորտի զարգացումը:

 

Սփյուռքի հայապահպանության և սփյուռքագիտության զարգացման ծրագրերում պետական քաղաքականության հիմնական նպատակն է` աջակցել հայապահպանությանը, երիտասարդության շրջանում մայրենի լեզվի ուսուցմանը, սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստմանը, նպաստել սփյուռքում կրթական ծրագրերի ընդլայնմանը:

 

2.2 ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Կրթության զարգացման գլխավոր նպատակների իրականացումը պահանջում է կրթության որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացման կայուն հիմքերի ապահովում: Կրթության բնագավառը շարունակում է մնալ, որպես տնտեսության առաջընթացի առաջնային գերակայություն և կրթության ոլորտի գերակա վիճակը կպահպանվի նաև 2017-2019 թվականների միջնաժամկետ հատվածում:

 

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Կրթության ոլորտի գերակայություն է համարվում հանրակրթությունը, որին էլ առաջիկա տարիներին կուղղվի կրթության բնագավառին նախատեսվող պետական հատկացումների գերակշիռ մասը:

Ստորև ներկայացված են հանրակրթության ոլորտի գերակայություններն ըստ առաջնահերթության աստիճանի.

* կրթության բովանդակային բարեփոխումը` հանրակրթական առարկայական ծրագրերի և դասագրքերի բովանդակային որակի բարելավում,

* կրթության որակի նկատմամբ արդյունավետ վերահսկողության մեխանիզմների մշակումը,

* առանձին գործող ավագ դպրոցների կայացմանն աջակցելը` շենքային և ուսումնանյութական բազայի հարստացմամբ, մանկավարժական կադրերի մասնագիտական կատարելագործմամբ,

* տարրական դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացումը և հավասար մեկնարկային հնարավորությունների ստեղծումը` նախադպրոցական կրթական ծրագրերում երեխաների ընդգրկվածության մեծացման միջոցով,

* կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող բոլոր խոցելի խմբերի երեխաների համար որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորության ապահովում,

* ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորության ընդլայնում,

* Ընդունելության քննությունների համակարգի վերանայում` դյուրացնելով դիմորդների մուտքը բուհ,

* մանկավարժական կադրերի ատեստավորման համակարգի գործարկման միջոցով նրանց մասնագիտական առաջընթացի հնարավորությունների ստեղծումը,

* ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության ընդլայնումը հանրապետության դպրոցներում, ինտերնետի հասանելիության ապահովումը,

* կրթական հաստատությունների ուսումնական շենքերով ապահովվածության, դրանց հիմնանորոգման, կաթսայատների միջոցով ջեռուցման կազմակերպման աշխատանքների շարունակական իրականացումը,

* հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների համակարգային բարեփոխման ծրագրի իրականացումը,

* հանրակրթության համակարգում կրեդիտային (չափանիշային) համակարգի ներդրումը,

* հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգի ներդրումը:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2016
N 723-Ն
Որոշում