Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (15 ...

 

 

040.0723.070716

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2016 թվականի N 723-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(15-րդ մաս)

 

Ոչ նյութական մշակութային ժառանգություն

Ոչ նյութական մշակութային ժառանգությունը ազգի պատմականորեն ձևավորված և սերնդեսերունդ փոխանցված ավանդույթների, գիտելիքների և հմտությունների ամբողջությունն է, որի պահպանությունն ազգային դիմագծի, ինքնության, պետական մշակութային քաղաքականության հիմնական ուղղություններից է:

Ոլորտի համար նախատեսված հատկացումներն ուղղվում են ոչ նյութական (հոգևոր) մշակութային ժառանգության պահպանությանը (ուսումնասիրում, ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների, մշակութային տարածքների ցանկերի համալրում, անտիպ նյութերի տպագրում), պաշտպանությանը (ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրականացում, կրողներից սերունդներին փոխանցման համար նպաստավոր պայմանների ստեղծում), հանրահռչակմանը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկերի համալրում, ցանկերում ընդգրկված հայկական տարրերի հանրահռչակում, գիտաճանաչողական ֆիլմերի, հեռուստառադիոհաղորդումների պատրաստում և հեռարձակում, կայքերի ստեղծում, փառատոների, համերգների կազմակերպում, միջազգային ասպարեզում ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի համագործակցության ընդլայնում):

Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի իրավական դաշտը կարգավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայով և «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքով:

2014-2015 թվականներին, ըստ ուղղությունների, իրականացվել են`

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ.

- ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության և մշակութային տարածքների պետական ցանկերի համալրման նպատակով իրականացվել են ուսումնասիրություններ ոչ նյութական մշակութային ժառանգության կրողների շրջանում, ինչի արդյունքում պատրաստվել է շուրջ 30 տարրերից բաղկացած նախնական ցուցակ:

- ՈՒսումնասիրությունների արդյունքում հրատարակվել են Վ. Պետոյանի «Սասնա ազգագրություն» աշխատությունը (անձնական արխիվի ուսումնասիրման արդյունքում վերախմբագրվել և անտիպ նյութերով լրամշակվել է նախկին հրատարակությունը), Արմեն Սարգսյանի «Արցախի բանահյուսությունը», Ռ. Դավոյանի «Մարդկության գոյաբանության համակարգը» (ժողովրդական բանահյուսության հենքի վրա իրականացված մարդկության և ազգային գոյաբանության հիմնախնդիրների ուսումնասիրություն) գրքերը:

Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ.

- Ազգային կատարողական արվեստի կենսունակության ակտիվացման նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզում «Մարաթուկ» մշակութային կենտրոնի կողմից իրականացվել է «Վերադարձ դեպի արմատներ» ավանդական պարերի անվճար ուսուցման ծրագիրը, որի արդյունքում 3 ամսվա ընթացքում մոտ 100 աշակերտ սովորել է ազգային ավանդական պարեր:

Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման ուղղությամբ.

- Ազգագրական համույթների գործունեության խրախուսման, ազգային կատարողական արվեստի տարածման նպատակով իրականացվել է ՀՀ մարզերում Հայկական ավանդական նվագարանների համույթի հյուրախաղային ծրագիրը:

- Հայ երգի տարածման միջոցով ազգային երգարվեստը պահպանելու և սերունդներին փոխանցելու նպատակով իրականացվել է երգահան Մուրադ Մշեցու հեղինակային ստեղծագործություններին նվիրված համերգը:

- Ազգագրական համույթների խրախուսման, ազգային կատարողական արվեստը հավուր պատշաճի ներկայացման նպատակով նորացվել են «Վան» ազգագրական, «Կարին» ավանդական երգի-պարի («Հայոց երգի Հայրիկը») համույթների բեմական տարազները, նկարահանվել են «Օղու թորման գաղտնիքը» և «Թառ» հեռուստաֆիլմերը:

Արդեն ավանդական են դարձել ժողովրդական բանահյուսության և հայոց լեզվի բարբառների, խոսվածքների, ազգային կենսապահովման մշակույթի, ավանդական տոների ու ծեսերի, ազգային կատարողական արվեստի կիրառման խրախուսմանը նվիրված`

- «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի մրցույթ-փառատոնը, որն ընդգրկում է նաև հանրապետության ազգային փոքրամասնություններին և սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչներին,

- «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» ֆոլկլորային փառատոնը,

- «Էրգրի համի հիշողությունը» հայկական ուտեստի փառատոները,

- «Վարդավառ» միջազգային երիտասարդական փառատոնը Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, որի նպատակը Վարդավառի տոնի վերականգնումն է, երիտասարդության շրջանում ազգային սովորույթների պահպանումը և դրանց ներկայացումն օտարերկրյա զբոսաշրջիկներին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում ընդգրկված տարրերի պահպանության և հանրահռչակման ուղղությամբ.

- «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» տարրի առնչությամբ իրականացվել են «Էպոսյան օրեր» փառատոնը, «Կաթնաղբյուր» մանկապատանեկան ստեղծագործական հավաք-ճամբարը, որի շրջանակում կազմակերպված «Ես եմ Սասնա ծուռը» թեմայով տարբեր ստեղծագործական ժանրեր ընդգրկող հանրապետական մրցույթին մասնակցել է 12-14 տարեկան մոտավորապես 200 երեխա:

- «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները» տարրի ուղղությամբ` իրականացվել են «Լավաշի և ազգային ուտեստի փառատոնը», որի մասնակցել է Արագածոտնի մարզի շուրջ 25 համայնք, ինչպես նաև «Հացի փառատոնը» Գյումրիում,

- «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը» տարրի ուղղությամբ ստեղծվել է «Խաչքարագործության դպրոցը», որով ոչ ֆորմալ կրթական ծրագրի միջոցով կազմակերպվում է երիտասարդների համար խաչքարագործության գիտելիքների և հմտությունների ուսուցում:

ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակման ուղղությամբ.

- Վիեննայում «Գորգի և տեքստիլի միջազգային գիտաժողովի» շրջանակներում կազմակերպվել է հայկական արձանագրությամբ գորգերի ցուցահանդեսը:

- Ապահովվել է «Ակունք» ազգագրական համույթի մասնակցությունը Սանկտ Պետերբուրգի «Կոնսերվատորիայի միջազգային շաբաթ» փառատոնին:

- Հայ ազգագրական և հնագույն երաժշտական արվեստի ներկայացման, տարածման և հանրահռչակման նպատակով պատրաստվել և ձեռք են բերվել ազգային նվագարաններ (2 քամանչա, 2 քանոն, 3 դուդուկ, 3 բլուլ), որոնք ընդգրկվել են արտերկրի հեղինակավոր թանգարանների (Տոկիոյի Մին-Օն երաժշտական և Մոսկվայի Մ. Գլինկայի անվան թանգարանների հավաքածուներ) մշտական ցուցադրություններում:

Ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտին 2014-2015 թվականներին հատկացվել է համապատասխանաբար` 43.6 մլն դրամ և 39.9 մլն դրամ, իսկ 2016 թվականին նախատեսվում է հատկացնել 56.1 մլն դրամ:

- Ազգային հենքի վրա ժամանակակից արվեստի (թատերարվեստ, երաժշտարվեստ, պարարվեստ, կինոարվեստ, կերպարվեստ) զարգացում, մշակութային արտադրանքի տարածում, ստեղծագործող երիտասարդության ներուժի բացահայտում և ստեղծագործական գործընթացների խթանում

Ժամանակակից արվեստի ոլորտի զարգացման քաղաքականության առաջնահերթություններին համապատասխան պետական հատկացումներն ուղղվում են մշակութային արտադրանքի ստեղծմանը, ձեռքբերմանը և պատշաճ մատուցմանը, մշակութային ենթակառուցվածքների արդիականացմանը, մրցակցային դաշտի ձևավորմանը, միջմարզային համագործակցության զարգացմանը, մշակութային ազգային նկարագրով անհատների և երևույթների արժեքավորմանը և հանրայնացմանը, միջազգային ասպարեզում արվեստի ներկայացմանը:

Վերոնշյալ ուղղություններով 2014-2015 թվականներին ժամանակակից արվեստի տարբեր ոլորտներով իրականացվել են հետևյալ աշխատանքները.

թատերարվեստի ոլորտում ստեղծագործական պատվերների միջոցով ապահովվել է հայ և համաշխարհային դասական ու ժամանակակից դրամատուրգների պիեսների բեմադրությունների, ինչպես նաև երիտասարդ ռեժիսորների մասնագիտական կայացման, ստեղծագործական նոր ծրագրերի իրականացման գործընթացը:

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թատրոններում 2014-2015 թվականներին բեմադրվել է համապատասխանաբար 53 և 48 նոր ներկայացում` 2012-2013 թվականների 47-ի և 42-ի համեմատ: Ստեղծագործական պատվերի շրջանակներում 2014 թվականին իրականացվել է 17 նոր ներկայացում և նախագիծ` 2015 թվականի 19-ի համեմատ, ինչը համարժեք է 2012-2013 թվականների ցուցանիշներին: Թատերական նախագծերի աջակցությունն իրականացվել է` նկատի ունենալով ոլորտի ստեղծագործական զարգացման համամասնությունը և ընդգրկվածությունը (երիտասարդական, հոբելյանական, հայ դասական և ժամանակակից դրամատուրգիա, մարզային թատրոններ):

Վերջին երկու տարիներին առավել նշանակալից են եղել ծավալուն ներկայացումների բեմադրությունները, մասնավորապես, Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերետը, Լ. Շանթի «Շղթայվածը», Վ. Շեքսպիրի «Համլետ» դրամաները և «Այծծես» մնջախաղային ներկայացումը, ինչպես նաև Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված նոր բեմադրությունները` Պ. Զեյթունցյանի «Փարիզյան դատավճիռ», Կ. Խոդիկյանի «Մեկ ժամ հիշողություն», Մ. Արենի «Այնտեղ, ուր ծաղկում են վայրի վարդեր» ներկայացումները: Հայ ժամանակակից դրամատուրգների պիեսների հիման վրա իրականացվել են նաև Ա. Այվազյանի և Գ. Երիցյանի «ՈՒշ լինի, նուշ լինի» դասական օպերետի, Ռ. Սևակի, Դ.Վարուժանի, Սիամանթոյի բանաստեղծությունների հիման վրա ստեղծված «Ինչու», «Դարի արշալույսն ու դարի մայրամուտը» գրական երաժշտական կոմպոզիցիայի, Հ. Քելեմյանի «Հետաքննություն» ներկայացման բեմադրությունները:

Ժամանակակից արվեստի ոլորտում առանցքային դերակատարություն ունի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը: 2014 թվականին թատրոնում մեկնարկել է բարեփոխումների գործընթացը, որն իր մեջ ներառում էր թատրոնի կառավարման, ստեղծագործական, իրավական, ֆինանսական, ինժեներատեխնիկական և սոցիալական համալիր գործողություններ: Բարեփոխումների շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարի հրամանով հաստատվել է մշակույթի նախարարության ենթակայության կազմակերպությունների ստեղծագործական անձնակազմի ատեստավորման կազմակերպման օրինակելի կարգը: Իրականացվել են թատրոնի ստեղծագործական անձնակազմի մասնագիտական որակավորման քննությունները: 2015 թվականին ավստրիական «Վագներ Բիրո Ստեյջ Սիստեմս» ընկերության կողմից ավարտվել է թատրոնի տեխնիկական վերազինման և արդիականացման գործընթացը:

2015 թվականին շարունակվել է 2014 թվականին մեկնարկած նոտաների թվայնացման ծրագիրը:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 2014-2015 թվականներին հանդիսատեսի թիվը կազմել է 19687 և 42766` 2012-2013 թվականների 9979-ի և 19687-ի համեմատ, կամ 2012 թվականի նկատմամբ հանդիսատեսի թիվը աճել է 32787-ով:

2014-2015 թվականներին իրականացվել է համապատասխանաբար 107 և 100 ներկայացում` 2012-2013 թվականների 35 և 57-ի համեմատ, բեմադրվել է նոր 1 և 5 ներկայացում` 2012-2013 թվականների 3-ի և 2-ի համեմատ:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում 2014-2015 թվականներին հանդիսատեսի թիվը կազմել է 37259 և 24517` 2012-2013 թվականների 22888-ի և 31959-ի համեմատ, կամ 2012 թվականի նկատմամբ հանդիսատեսի թիվը աճել է 1629-ով:

2014-2015 թվականներին իրականացվել է համապատասխանաբար 92 և 59 ներկայացում` 2012-2013 թվականների 70-ի և 81-ի համեմատ: 2014 թվականի ցուցանիշների նվազումը պայմանավորված է 2015 թվականին մեկնարկած ավստրիական «Վագներ Բիրո Ստեյջ Սիստեմս» ընկերության կողմից իրականացված թատրոնի բեմի տեխնիկական վերազինման աշխատանքներով:

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող 14 թատրոններում 2014-2015 թվականներին խաղացած ներկայացումների քանակը կազմել է 1890 և 2088` 2012-2013 թվականների, յուրաքանչյուր տարի 1906-ի համեմատ, իսկ հանդիսատեսի թիվը` 313171 և 336797` 2012-2013 թվականների 308153-ի և 310482-ի համեմատ, կամ 2012 թվականի նկատմամբ հանդիսատեսի թիվը աճել է 28644-ով:

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թատրոններում 2014-2015 թվականներին հանդիսատեսի թիվը կազմել է 82596 և 78636` 2012-2013 թվականների 79133 և 82693-ի համեմատ, իսկ ներկայացումների քանակը 421 և 406, 2014-2015 թվականներին բեմադրվել է համապատասխանաբար 11 և 13 նոր ներկայացում` 2012-2013 թվականների 423 և 460-ի համեմատ:

ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում 2015 թվականին հանդիսատեսի թիվը կազմել է 4124 և 5780` 2012-2013 թվականների 4176-ի և 6600-ի համեմատ, իսկ ներկայացումների քանակը 34 և 55` 2012-2013 թվականների 40-ի և 38-ի համեմատ, բեմադրվել է 2014-2015 թվականներին` 4-ական նոր ներկայացում` 2012-2013 թվականների 2-ականի համեմատ:

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում 2014-2015 թվականին հանդիսատեսի թիվը կազմել է 3465 և 2400` 2012-2013 թվականների 3080-ի և 2473-ի համեմատ, իսկ ներկայացումների քանակը 18 և 23` 2012-2013 թվականների 28-ի և 29-ի համեմատ: 2014-2015 թվականներին բեմադրվել է համապատասխանաբար 3 և 5 նոր ներկայացում` 2012-2013 թվականների 2-ականի համեմատ:

Ընդհանուր առմամբ, ցուցանիշների փոփոխությունը պայմանավորված է արտերկրում և ՀՀ մարզերում հյուրախաղային գործունեությամբ, ինչպես նաև տեխնիկական վերազինմամբ, վերանորոգումների և ծավալուն ներկայացումների բեմադրմամբ:

Վերջին երկու տարիներին շարունակվել է նախորդ տարիներից սկսված և արդեն ավանդական դարձած փառատոների իրականացումը, մասնավորապես`

2014 թվականին իրականացվել են 5 հանրապետական («Թատրոն-X» թատերական 7-րդ, «Արտ-ֆեստ» երիտասարդական բաց, «Թատերական Լոռի», Երիտասարդ ռեժիսուրայի 9-րդ և «Ներկայի վերականգնումը» դրամատուրգիական հանրապետական ընթերցումները) և 5 միջազգային (»Արմմոնո» 12-րդ, «Հայ-ֆեստ» 12-րդ, «Թումանյանական հեքիաթի օր» 9-րդ, Վ. Փափազյանի անվան շեքսպիրյան 11-րդ, «Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային» 4-րդ «Աշունը սրտում» խորագրով) միջազգային թատերական փառատոն և նախագիծ:

2015 թվականին իրականացվել է 4 հանրապետական («Արտավազդ» մրցանակաբաշխություն, «Թատրոն-X», «Արտ-Ֆեստ» երիտասարդական, «Նռան հատիկ» մանկապատանեկան) և 3 միջազգային (»Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային, «Հայ Ֆեստ», «Արմմոնո» մոնոներկայացումներ) փառատոն և նախագիծ:

Միջազգային ասպարեզում հայ թատերարվեստի ձեռքբերումների հանրահռչակման, միջազգային կապերի ամրապնդման ու զարգացման նպատակով 2014 թվականին 17 թատերախումբ, 139 թատերական գործիչ մասնակցել է 12 միջազգային տարբեր փառատոների, սեմինարների, հյուրախաղերի և այլ ծրագրերի` շուրջ 12 երկրում: Առավել նշանակալից է եղել Ռումինիայում կայացած շեքսպիրյան միջազգային 9-րդ փառատոնին Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի մասնակցությունը:

2015 թվականին 15 թատերախումբ, 101 թատերական գործիչ մասնակցել է 13 միջազգային փառատոների, հյուրախաղերի և նախագծերի` շուրջ 12 երկրներում, որից Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում «Բեմական կայծակ» 19-րդ երիտասարդական թատերական միջազգային փառատոնին «Թմկաբերդի առումը» ներկայացումն արժանացել է գլխավոր մրցանակի` «Ամենից ստեղծարար և ինքնատիպ ներկայացում» անվանակարգում: Կազմակերպվել են 4 թատերախմբերի հյուրախաղեր Հայաստանում (Մոսկվայի Ս. Փարաջանովի անվան և Ա. Ջիգարխանյանի անվան դրամատիկ, Լիտվայի Օսկարաս Կորշունովասի և Բրիտանական «Գլոբ» թատրոններ):

Թատերարվեստի ոլորտին պետական բյուջեից 2014-2015 թվականներին հատկացվել է համապատասխանաբար` 3,271.1 և 3,837.7 մլն դրամ, իսկ 2016 թվականին նախատեսվում է հատկացնել 3,877.1 մլն դրամ:

Երաժշտարվեստի ոլորտում ժանրային բոլոր ուղղությունների (սիմֆոնիկ, կամերային, ժողովրդական, երգչախմբային արվեստ) զարգացման, ստեղծագործական խմբերի բնականոն գործունեության ապահովման նպատակով վերջին տարիներին ստեղծվել են նպաստավոր պայմաններ, ինչի շնորհիվ արձանագրվել են շոշափելի հաջողություններ:

Վերջին երկու տարիներին գերակա ուղղություն է համարվել երգչախմբային արվեստի զարգացումը, մասնավորապես.

- առաջին անգամ անցկացվել է փառատոն` նվիրված երգչախմբային արվեստի միջազգային օրվան,

- իրականացվել է 30-ից ավելի համերգային ծրագիր` Երևանում, ՀՀ մարզերում և Արցախում` 1 մրցույթ, 1 փառատոն, որոնց մասնակցել են շուրջ 90 մանկապատանեկան, սիրողական և պրոֆեսիոնալ երգչախմբեր, ինչպես նաև առանձին համերգներ են իրականացվել միջազգային և հանրապետական փառատոների շրջանակներում,

- հայ խմբերգային արվեստը հայաստանյան երգչախմբերի կողմից ներկայացվել է 9 միջազգային հեղինակավոր փառատոներում,

- ստեղծագործական ծրագրերի շրջանակներում կյանքի են կոչվել 5 համերգային նախագծեր, ձայնագրվել 20, գնվել 6 կոմպոզիտորի խմբերգեր, տպագրվել և հանրապետության ու Արցախի մանկապատանեկան երգչախմբերին է նվիրվել Կոմիտասի մանկական խմբերգերի ընտրանին,

- առաջին անգամ անցկացվել է կոմպոզիտորին նվիրված միջազգային փառատոն («Կոմիտասյան օրեր»), ինչպես նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ «Կոմիտաս» փառատոնը, որը նշանակալի իրադարձություն էր հայաստանյան մշակութային կյանքում:

Ստեղծագործական պատվերների շրջանակներում իրականացվել են 30 համերգային նախագիծ և 39 նոր համերգային ծրագրեր, այդ թվում.

- 2014 թվականին` Ա. Տերտերյանի «Կրակե օղակ» օպերան, «Սայաթ-Նովա» երաժշտական բեմադրությունը, Ջ. Վերդիի «Տրավիատա», Վ. Մոցարտի «Կախարդական սրինգ» և Ջ. Պուչինիի «Տոսկա» օպերաների համերգային կատարումները և բեմադրությունները:

- 2015 թվականին` Վ. Բելլինիի «Նորմա» օպերայի վերականգնման նախապատրաստական աշխատանքները, Ժ. Բիզեի «Կարմեն» օպերայի պրեմիերան, Հայոց ցեղասպանության և Մուսա-լեռան 100-րդ տարելիցներին, Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված տարբեր ժանրային ուղղություններով համերգային ծրագրեր:

2014-2015 թվականներին կայացել են նաև համաշխարհային պրեմիերաներ, մասնավորապես, Ռ. Ամիրխանյանի «Կարմիր աֆիշ» բալլադի «Դեռ չասված մի բառ սիրո» օրատորիայի կատարումները:

Վերջին երկու տարիներին պետական աջակցությամբ միջազգային նախագծերին մասնակցություն են ունեցել 66 երաժիշտ-կատարողներ (2014 թվականին` 35, 2015 թվականին` 31), ինչպես նաև 37 կոլեկտիվ (2014 թվականին` 21, 2015 թվականին` 16) մասնակցել է 101 միջազգային նախագծերի (2014 թվականին` 58, 2015 թվականին` 43) շուրջ 33 երկրում:

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող համերգային կազմակերպություններում 2015 թվականին իրականացվել է 297 համերգ` 90569 հանդիսատեսով (2014 թվականին` 344 համերգ, 97959 հանդիսատես), 2012-2013 թվականների 400 և 367 համերգի ու 120254 և 114084 հանդիսատեսի համեմատ:

ՀՀ Շիրակի մարզում գործող համերգային կազմակերպություններում 2015 թվականին իրականացվել է 18 համերգ 11690 հանդիսատեսով (2014 թվականին` 40 համերգ 19948 հանդիսատեսով)` 2012-2013 թվականների 34 և 36 համերգի ու 18404 և 21848 հանդիսատեսի համեմատ:

Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի համար 2015 թվականին ձեռք են բերվել երաժշտական գործիքներ, իսկ «Արամ Խաչատրյան» համերգասրահը վերազինվել է ժամանակակից լուսաձայնային սարքավորումներով:

Երաժշտարվեստի ոլորտին պետական բյուջեից 2014-2015 թվականներին հատկացվել է համապատասխանաբար 1,562.4 և 1,734.6 մլն դրամ, իսկ 2016 թվականին նախատեսվում է հատկացնել 1,766.9 մլն դրամ:

Կինոարվեստի ոլորտում պետական քաղաքականությունն ուղղվել է կինոարտադրանքի ստեղծմանը, Հայաստանում և միջազգային ասպարեզում հայրենական կինոարտադրության ներկայացմանը, հայկական կինոժառանգության թվայնացմանը:

Կինոարտադրության ծրագրերով 2014-2015 թվականներին նկարահանվել է համապատասխանաբար 19 և 15 խաղարկային ֆիլմ (որից` 4-ը և 8-ը շարունակվող), այդ թվում` 4-ական մուլտիպլիկացիոն, 14 և 10 վավերագրական ֆիլմեր (որից 1-ը և 3-ը` շարունակվող), թվայնացվել է 2 և 14 վավերագրական, վերականգնվել է 2-ական խաղարկային ֆիլմ, 2012-2013 թվականների 24 և 26 խաղարկային կինոնկարի (որից` 5-ը և 4-ը շարունակվող), 5-ական մուլտիպլիկացիոն, 13 և 15 վավերագրական (որից տարեկան 2-ը` շարունակվող) ֆիլմերի համեմատ, թվայնացվել է 5 և 6 վավերագրական, վերականգնվել է 2-ական խաղարկային ֆիլմի համեմատ:

Ոլորտում գործում է 2 պետական կինոկազմակերպություն, որոնք համագործակցում են շուրջ 14 մասնավոր հայաստանյան և 5 օտարերկրյա կինոկազմակերպությունների հետ և իրականացվում են 11 համատեղ կինոնախագծեր: Համագործակցություն է իրականացվում նաև ոլորտի շուրջ 27 կազմակերպությունների հետ (հիմնադրամներ, միություններ, մշակութային ՀԿ-ներ, ՍՊԸ-ներ, ՓԲԸ-ներ):

Պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում 2013 թվականից պետական աջակցություն է ցուցաբերվում «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» հասարակական կազմակերպությանը:

Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի հետ համատեղ 2014 թվականին իրականացվել է հայ կինեմատոգրաֆիստների ստեղծագործությունների ամենամյա «Հայակ» ազգային կինոյի երրորդ մրցանակաբաշխությունը, որի նպատակն է նպաստել հայկական ազգային կինոմշակույթի զարգացմանն ու տարածմանն աշխարհում, խթանել հայ երիտասարդ և ավագ սերնդի կինեմատոգրաֆիստների գործունեությունը:

2014-2015 թվականներին ապահովվել է հայկական արտադրության ֆիլմերի և անհատ ստեղծագործողների մասնակցությունը 27 միջազգային կինոփառատոների և կինոշուկաների:

Վերջին երկու տարիներին Հայաստանում իրենց գործունեությունն են շարունակել արդեն ավանդական դարձած «Ոսկե ծիրան», «ՌեԱնիմանիա» անիմացիոն, «Ռոլան» մանկապատանեկան, «Նոֆի» ոչ կոմերցիոն ֆիլմերի, «Կին», «Ես եմ» երիտասարդական ֆիլմերի և «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային «Կինոէքսպրես. Հայաստան-Վրաստան» շրջիկ կինոփառատոները:

2009 թվականից Հայաստանը Կաննի միջազգային հեղինակավոր կինոփառատոնի շրջանակներում գործող կինոշուկայում ներկայանում է առանձին տաղավարով, որտեղ կազմակերպվում են արդյունավետ մասնագիտական հանդիպումներ տարբեր երկրների կինոընկերությունների հետ: 2014 թվականին «Կաննի դասականներ» արտամրցութային ծրագրով ցուցադրվեց Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի` Մարտին Սկորսեզեի Համաշխարհային կինոյի ֆոնդի կողմից 1,5 տարվա ընթացքում վերականգնված տարբերակը:

Իր գործունեությունն է շարունակել 2012 թվականին ստեղծված «Հայ արտ սինեմա» հիմնադրամը, որի հիմնական նպատակն է աջակցել ժամանակակից հայ կինեմատոգրաֆիայի զարգացմանը, կրթական համակարգում ստեղծել ռեժիսուրայի բարձրագույն դասընթացներ, նպաստել մասնագիտական կայուն գիտելիքների և փորձի ձեռքբերմանը` հետագայում միջազգային ասպարեզում և մշակութային շուկայում ժամանակակից հայ կինոյի հանրահռչակման և մրցունակության ապահովման նպատակով: 2014 թվականին ցուցադրվել են «Կինոռեժիսուրայի բարձրագույն դպրոցի» 10 մասնակից-ուսանողների հեղինակային տասը ֆիլմի դիպլոմային աշխատանքները:

2012 թվականից սկսած Հայաստանի ազգային կինոկենտրոնն անդամակցել է Եվրոպական տեսաձայնային դիտարանին (օբսերվատորիային): 2014-2015 թվականներին շարունակվել է մասնակցությունն օբսերվատորիայի աշխատանքներին և տեսաձայնային արվեստի մասնագիտացված խնդիրների վերաբերյալ համաժողովներին:

2015 թվականին հայ-ռուսական մշակութային համագործակցության և Հայաստանում Ռուսաստանի մշակույթի օրերի շրջանակում կազմակերպվեց «Դովլաթովի օրեր» ծրագիրը:

Կինոարվեստի ոլորտին ՀՀ պետական բյուջեից 2014-2015 թվականներին հատկացվել է համապատասխանաբար` 729.3 և 756.3 մլն դրամ, իսկ 2016 թվականին նախատեսվում է հատկացնել 740.1 մլն դրամ:

Կերպարվեստի ոլորտում կարևորվում են ժամանակակից հայ կերպարվեստի զարգացումը և հայ նկարիչների ստեղծագործությունների հանրահռչակումը:

Վերջին երկու տարիներին աջակցություն է ցուցաբերվել.

- հայ ժամանակակից արվեստի ներկայացմանը հեղինակավոր միջազգային Expo-ներին և արվեստի բիենալեներին, այդ թվում` Վենետիկի 56-րդ բիենալեում, որին մասնակցում է 53 երկիր, Հայաստանի տաղավարն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին, Հայաստանի մասնակցությամբ Լեհաստանի Սոպոտ քաղաքի պետական պատկերասրահում կազմակերպված «Հայաստանի ժամանակակից արվեստը» խորագրով ցուցահանդեսին, Պորտուգալիայի Գիմարայնշ քաղաքում կազմակերպված ժամանակակից տեքստիլ արվեստի միջազգային բիենալեին (Contexstile 2014-Contemporary Texstile Art Biennial),

- Հայաստանի նկարիչների միության ցուցասրահներում կազմակերպված «Նոյի երկրորդ վերադարձը» խորագրով «Արևավիշապ» գրաֆիկական հումորի միջազգային փառատոնին, ՀՀ նկարիչների միության անդամների 20 ցուցահանդեսին, գեղանկարիչներ Արարատ Սարգսյանի և Սարգիս Համալբաշյանի կողմից կազմակերպված «Քայլ ձևափոխություն և ձևաստեղծման միջև» խորագրով ցուցահանդեսին, Վահագնի թաղամասում երիտասարդ նկարիչ Արման Մանուկյանի «Յոթ մեղքեր» խորագրով ցուցահանդես-ներկայացմանը, Գյումրու «Սրբացյալ ընտանիք» քանդակագործության միջազգային գիտաժողովին:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ.

- Գերմանիայի Հերֆորդ քաղաքում` «Արմին Տ. Վեգների և Սյորեն Կիերկեգորի տեքստի միջմշակութային և միջդիսցիպլինար իմպրովիզացիա» նախագծի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին,

- «Հայկական ներկապնակ» ծրագրի «Վերածնունդ» խորագիրը կրող նկարչական փառատոնի շրջանակներում Հայոց 110 աշխատանքի ցուցադրությանը,

- ՀՀ Արագածոտնի մարզի ՈՒշի գյուղի վերականգնված մշակույթի տանը նկարիչ Ա. Հովսեփյանի հեղինակած 15 աշխատանքի նվիրաբերմանը:

Ստեղծագործությունների ձեռքբերման ուղղությամբ գնվել է քանդակագործներ Վան Խաչատուրի «Նախնիների աշխարհ» շարքից 2 ստեղծագործություն, Ֆ. Առաքելյանի հավաքածուից «Զրույց» խորագրով Գյումրու ֆոլկլորային քանդակը, Ա. Արամյանի «Երվանդ Քոչար» քանդակի բրոնզե տարբերակը, գեղանկարիչներ Գ. Աբրահամյանի «Ձմեռը Եղեգնաձորում» գեղանկարը, Տ. Ասատրյանի «Պիերո» ստեղծագործությունը, ՀՀ վաստակավոր նկարիչ Ա. Բաղդասարյանի «Իմ հիշողությունները» կտավը:

Հայաստանում իրականացվել է կերպարվեստի 12 ցուցահանդես, մասնավորապես, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում` «Հիշողության պատուհաններ» և «Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում», Հ. Թումանյանի թանգարանում` «Ամենայն Հայոց Որբերի Հայրիկը», Հայաստանի ազգային պատկերասրահում` «Խոստովանանք արվեստի լեզվով» և «Հովհաննես Զարդարյան. Գաղթ», Կոմիտասի թանգարան-ինստիտուտում` «Ծաղկած ծիրանի», «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում` Ս. Պողոսյանի «Մեծ մորս աչքերի լռությունը» և Տ. Ձիթողցյանի «Հայելիներ», «Սարգիս Մուրադյան» ցուցասրահում Ն. Արմենակյանի «Վերապրածներ», Թեքեյան կենտրոնում` «Հիշողություն», Հայաստանի նկարիչների միությունում` «Լեռն իմ Մասիս» և «Հիշում ենք և պահանջում» խորագրերով ցուցահանդեսները:

Կերպարվեստի ոլորտին պետական բյուջեից 2014-2015 թվականներին հատկացվել է համապատասխանաբար` 60.8 և 30.8 մլն դրամ, իսկ 2016 թվականին նախատեսվում է հատկացնել 60.2 մլն դրամ:

Պարարվեստի ոլորտում վերջին երկու տարիներին ֆինանսական միջոցները հիմնականում նպատակաուղղվել են ոլորտի համաչափ զարգացմանը, որի արդյունքում 3 պետական համույթ իրականացրել են ավելի քան 20 նոր պարային բեմադրություն:

2015 թվականին ՀՀ մշակույթի նախարարության համակարգի համույթներն իրականացրել են 74 համերգ 24615 հանդիսատեսով, 2014 թվականի` 77 համերգի, 42212 հանդիսատեսի համեմատ, 2012-2013 թվականների 32 և 74 համերգի ու 39069 և 44249 հանդիսատեսի համեմատ:

2014-2015 թվականներին պետական և համայնքային համույթները ձեռք են բերել նոր ազգագրական տարազներ (2014 թ.` ՀՀ Արարատի մարզի Արգավանդ համույթի «Վարք Հայոց», ՀՀ Արագածոտնի մարզի Սասուն համայնքի «Սասուն» և ՈՒջան համայնքի «Կարոտ» համույթների ավանդական երգի-պարի խմբեր, 2015 թ.` ՀՀ Արագածոտնի մարզի Արագած համայնքի «Արագած», «Վան», «Ակունք» ազգագրական, «Կարին» ավանդական երգի-պարի համույթներ):

Բրիտանական խորհրդի Հայաստանյան մասնաճյուղ «Պար առանց սահմանների» նախագծի շրջանակներում պետական աջակցությամբ իրականացվել է «Մի լքիր ինձ» պարային ներկայացումը:

Աջակցություն է ցուցաբերվել «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնի կազմակերպմանը, որին մասնակցել է 11 ազգային երգի-պարի համույթ:

Միջազգային նախագծերին համույթների մասնակցությունն ապահովելու, ինչպես նաև ազգային պարարվեստի զարգացմանը և հանրահռչակմանը նպաստելու նպատակով ժողովրդական և ավանդական երգի-պարի համույթներին ցուցաբերվել է աջակցություն, մասնավորապես.

2014 թվականին` Պրահայում կայացած միջազգային 14-րդ ֆոլկլորային փառատոնին «Մարգարիտներ» ազգագրական երգի-պարի համույթի (դիպլոմներ, ոսկե մեդալ), Լիոնում կայացած «Պարի Ոդիսևսը» միջազգային պարային մրցույթին «Վերածնունդ» մանկապատանեկան համույթի պարուսույց Մ. Հովհաննիսյանի (դիպլոմներ), Աթենքում պարի համաշխարհային 37-րդ կոնգրեսին որպես կոնգրեսի անդամ «Բերդ» պարային անսամբլի, եվրոպական մի շարք երկրներում կայացած պարի միջազգային փառատոներին «Գեղարդ» ժողովրդական պարի համույթի, «Հայաստանի մշակութային օրերն Իսրայելում» միջպետական միջոցառումներին և Ֆրանսիայի քաղաքներում Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի, Քիշնևում խուլերի գեղարվեստական ինքնագործունեության միջազգային մրցույթ-փառատոնին Խուլերի մշակույթի պալատի պարի խմբի, Պարի համաշխարհային խորհրդի (World Dance Council) անդամ պետությունների համաժողովին և Անգլիայի բլեքփուլյան պարի փառատոնին հայաստանյան պատվիրակության մասնակցություններին, Դանիայում և Նիդերլանդներում իրականացված Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի հյուրախաղերի կազմակերպմանը:

2015 թվականին` «Հայաստանի մշակութային օրերը Չինաստանում» միջպետական միջոցառումներին «Բերդ» պարային անսամբլի, ՌԴ-ի Ռոստովյան շրջանում կազմակերպված 4-րդ ազգային ստեղծագործական «Սօդռուժեստօ» միջազգային փառատոնին «Նինահար» ժողովրդական երգի և պարի համույթի, Գրոզնի քաղաքում կայացած Մախմուդ Էսամբաևի անվան սոլո պարային 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի չորս արտիստի, Սանկտ Պետերբուրգում «Կոնսերվատորիայի միջազգային շաբաթ» փառատոնին «Ակունք» ազգագրական համույթի, ՌԴ Վորոնեժ քաղաքում ԱՊՀ մասնակից-երկրների պարարվեստի պրոֆեսիոնալ ուսումնարանների և քոլեջների «ԱՆՏՌԵ» փառատոնին Երևանի պարարվեստի պետական քոլեջի ուսանողների մասնակցություններին և եվրոպական 5 քաղաքներում Հայաստանի պարի պետական անսամբլի հյուրախաղերի կազմակերպմանը:

«Մշակութային մարզ» ծրագրի շրջանակներում.

2014 թվականին աջակցություն է ցուցաբերվել Արցախում, ՀՀ Արմավիրի, ՀՀ Կոտայքի մարզերում Հայաստանի պարի պետական անսամբլի հյուրախաղերի կազմակերպմանը, ՀՀ Գեղարքունիքի մարզում «Մարաթուկ» մշակութային կենտրոնի կողմից անցկացված «Վերադարձ դեպի արմատներ» ավանդական պարերի անվճար ուսուցման ծրագրին, ՀՀ Արագածոտնի մարզում «Առաջընթաց» երիտասարդական կազմակերպության կողմից անցկացված ազգագրական երգի և պարի համույթների մարզային «Զարթնիր լաո...» փառատոնին:

2015 թվականին աջակցություն է ցուցաբերվել ՀՀ Շիրակի և ՀՀ Արմավիրի մարզերի զինվորական զորամասերում Հայաստանի պարի պետական անսամբլի հյուրախաղերի և ՀՀ Տավուշի մարզում «Սահմանն իմ հոգում» խորագրով բարեգործական, Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի համերգների կազմակերպմանը, «Հորովել» երգի-պարի համույթի մենահամերգի իրականացմանը Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Պարարվեստի ոլորտին պետական բյուջեից 2014-2015 թվականներին հատկացվել է համապատասխանաբար 242.6 և 302.8 մլն դրամ, իսկ 2016 թվականին նախատեսվել է հատկացնել 312.2 մլն դրամ:

Ժամանակակից արվեստի զարգացման ներկա փուլում առաջնահերթ է երիտասարդ ստեղծագործական ներուժի ներգրավումը Հայաստանի մշակութային դաշտ: Խնդրի լուծման կարևոր գործիք է դեբյուտային և երիտասարդական ծրագրերի իրականացումը, որոնց շարունակականությունը հնարավորություն է տալիս ոլորտը համալրել նոր ստեղծագործական ուժերով, ինչպես նաև ապահովել ոլորտի սահուն սերնդափոխության իրականացումը:

Արվեստի տարբեր բնագավառներում 2014-2015 թվականներին իրականացվել են դեբյուտային և երիտասարդական ծրագրեր, այդ թվում.

Թատերարվեստի գծով`

2014 թվականին աջակցություն է ցուցաբերվել 27 դեբյուտային («Արտ ֆեստ» երիտասարդական բաց փառատոնի շրջանակներում), 6 երիտասարդական (»Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական բաց փառատոն, «Երեք խոզուկներ» մյուզիքլ, «Հավատա քո աստծուն», «ՈՒժը», «Փղիկ Հորթընը», «Պիերո») և 1 նորարարական (»Բռնիր քեզ մեկնած ձեռքը») ծրագրերի:

2015 թվականին աջակցություն է ցուցաբերվել «Արտ ֆեստ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնին, որը մեկնարկեց ուսանողական թատրոն-լաբորատորիայի «Մեկ թագավորի թատրոն» բեմադրության ցուցադրությամբ, երիտասարդ բեմադրիչներ Ռ. Պիպոյանի («Մեղապարտ կրքեր») ժամանակակից բալետային և Ն. Գրիգորյանի (»Ճաշկերույթ բնության գրկում») ներկայացումների բեմադրություններին: Ապահովվել է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողների մասնակցությունը Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում կայացած «Բեմական կայծակ» և Մոսկվայի Շչուկինի անվան թատերական ինստիտուտի ռեժիսորական միջազգային փառատոներին, ինչպես նաև 4 ռեժիսորի և 15 ուսանողի մասնակցությունը միջազգային մրցույթներին, փառատոներին ու ստուգատեսներին, վարպետության դասերին:

Այսպիսով, 2014-2015 թվականներին իրականացվել են 27 դեբյուտային, 1 նորարարական, 6 երիտասարդական նախագծեր` 2012-2013 թվականների 16 դեբյուտային, 4 նորարարական, 3 երիտասարդական նախագծերի համեմատ:

Երաժշտարվեստի գծով` 2014-2015 թվականներին աջակցություն է ցուցաբերվել համապատասխանաբար 4 և 7 երիտասարդական կոլեկտիվի ու 18 և 12 անհատ կատարողի մասնակցությանը միջազգային նախագծերին, Հայաստանում անցկացվել է 2 և 1 երաժշտական փառատոն ու 3 և 2 մրցույթ: Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին 2014 թվականին մասնակցել է 26 դաշնակահար 10 երկրից, 2015 թվականին` 25 ջութակահար 17 երկրից: Երիտասարդ կոմպոզիտորների «Դեբյուտ» փառատոնի շրջանակներում 2014 թվականին կատարվել է 9 ուսանող-ստեղծագործողների և 17 երիտասարդ կոմպոզիտորների 26 կամերային ստեղծագործություն, իսկ 2015 թվականին` 26 կոմպոզիտորի նույնքան ստեղծագործություն:

Այսպիսով, 2014-2015 թվականներին ապահովվել է 11 երիտասարդական կոլեկտիվի, 30 անհատ կատարողի մասնակցությունը միջազգային նախագծերին, իրականացվել է 8 նախագիծ` 2012-2013 թվականների 5 երիտասարդական կոլեկտիվի ու 22 անհատ կատարողի, 4 նախագծի համեմատ:

Կինոարվեստի գծով` 2014-2015 թվականներին աջակցություն է ցուցաբերվել համապատասխանաբար 12 և 10 դեբյուտային ու 4-ական ուսանողական ֆիլմերի, 14 և 10 երիտասարդ կինոգործիչ մասնակցել է փառատոների և կինոարվեստանոցների` 4 և 6 երկրում: 2014 թվականին աջակցություն է ցուցաբերվել «ԵՍ ԵՄ» միջազգային երիտասարդական կինոփառատոնի իրականացմանը, որի շրջանակներում ներկայացվել է երիտասարդ կինոգործիչների ավելի քան 60 աշխատանք (կինոփառատոնն իրականացվում է 2 տարին մեկ): 2015 թվականին աջակցություն է ցուցաբերվել երիտասարդ արվեստագետների «Մենք ենք, մեր ֆիլմերը» կինոփառատոնի իրականացմանը, որն անցկացվել է երիտասարդական մայրաքաղաք հռչակված Ստեփանավանում:

Այսպիսով, 2014-2015 թվականներին իրականացվել է 22 դեբյուտային, 2 ուսանողական ֆիլմերի արտադրություն, 2 կինոնախագիծ, ապահովվել է 24 երիտասարդ ստեղծագործողի մասնակցություն միջազգային կինոնախագծերի` 2012-2013 թվականների 23 դեբյուտային, 5 ուսանողական ֆիլմերի, 17 երիտասարդ ստեղծագործողի համեմատ:

Կերպարվեստի գծով` 2014-2015 թվականների հայ-ռուսական միջմշակութային համագործակցության շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել երիտասարդ նկարիչների մասնակցությանը Մոսկվայի նկարչի կենտրոնական տանը կազմակերպված «Սվյազ վրեմենի» խորագրով համամիութենական ցուցահանդեսներին, Գյոթեբուրգ (Շվեդիա) քաղաքում կայացած մշակութային փոխանակման նախագծին (5 նկարիչ), Լեհաստանի Էլբլոնգ քաղաքում կայացած կերպարվեստի բնագավառի միջազգային սիմպոզիումին (7 երիտասարդ արվեստագետ): 2012-2013 թվականներին ապահովվել է հայ երիտասարդ արվեստագետների մասնակցությունը միջազգային ցուցահանդեսներին և նախագծերին, մասնավորապես` հայ-ռուսական միջմշակութային համագործակցության շրջանակներում Մոսկվայի նկարչի կենտրոնական տանը կազմակերպվել է երիտասարդ նկարիչների համամիութենական ցուցահանդեսը:

Հոբելյանական ծրագրերի և միջոցառումների շրջանակներում նշվել է մշակույթի, կրթության, քաղաքական-հասարակական գործիչների և իրադարձությունների հարյուրից ավելի հոբելյան: Մշակվել, իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ: 2014-2015 թվականներին անդրադարձ է կատարվել 130 հոբելյանի, որոնք իրականացվել են 250 միջոցառումներով (երեկոներ, համերգներ, ներկայացումներ, փառատոներ, շնորհանդեսներ), 8 և 21 հեռուստահաղորդումով, գրականության տպագրությամբ (5 նոտագիրք, 23 գիրք), ֆիլմարտադրությամբ (4 և 1 վավերագրական ֆիլմ): 2012-2013 թվականներին իրականացվել են 114 հոբելյաններ` ընդհանուր առմամբ 236 միջոցառումներով:

Հոբելյանական միջոցառումներին պետական բյուջեից 2014-2015 թվականներին հատկացվել է համապատասխանաբար 59.8 և 54.0 մլն դրամ, իսկ 2016 թվականին նախատեսվում է հատկացնել ևս 54.0 մլն դրամ:

- Մշակութային ծառայությունների ապակենտրոնացում և համաչափության ապահովում

ՀՀ մարզերում մշակույթի համաչափ զարգացման, մշակութային կյանքի աշխուժացման, միջմարզային մշակութային համագործակցության խթանման, մշակույթի (դեպի մարզերը) ապակենտրոնացման քաղաքականության շարունակականության ապահովման ուղղությամբ 2014-2015 թվականներին իրականացվել են.

- «Մշակութային մարզ» ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ մարզերում կազմակերպվել են թատերական և համերգային կազմակերպությունների հյուրախաղեր, հայկական արտադրության ֆիլմերի ցուցադրություններ ՀՀ սահմանամերձ և հեռավոր մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում, Արցախում, ինչպես նաև մարզերում գործող ստեղծագործական խմբերի ելույթներ Երևանում: Յուրաքանչյուր տարի աջակցություն է ցուցաբերվել պետական, ինքնագործ և ազգագրական համույթների շուրջ երեք տասնյակ հյուրախաղերի և միջոցառումների իրականացմանը.

- «Ճամփորդող ցուցահանդես» ծրագիրը, որն ուղղված է հեռավոր բնակավայրերի բնակչության` մշակութային ծառայությունների մատչելիության ապահովմանը: 2014 թվականին Հայաստանի 5 մարզերում կազմակերպվել է 15 ցուցահանդես և 2015 թվականին 6 մարզում կազմակերպվել է 19 ցուցահանդես.

- «Կինոաշուն. ազգային կինոյի ամիս» ծրագիրը, որի շրջանակներում 2014 թվականին ՀՀ 10 մարզերում և թվով 11 զորամասերում մեկ ամիս շարունակ ցուցադրվել են շուրջ 300 հայկական հին ու նոր խաղարկային, վավերագրական, անիմացիոն ֆիլմեր, 2015 թվականին` ՀՀ 9 մարզերում և թվով 8 զորամասում` շուրջ 300 հայկական հին ու նոր խաղարկային, վավերագրական, անիմացիոն ֆիլմ, ինչպես նաև` «Գժուկ» մանկական երգիծական կինոհանդեսի տարբեր տարիների թողարկումները.

- Հեռավոր բնակավայրերի մշակութային սպասարկումն իրականացնելու նպատակով «Շրջիկ գրադարանը» (Բիբլիոբուս) այցելել է ՀՀ Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր, որի ընթացքում 2014-2015 թվականներին 6232 և 3775 միավոր գրականություն փոխանցվել է համայնքային գրադարաններին, մի շարք համայնքային գրադարաններ համալրվել են պետական պատվերով հրատարակված գրականությամբ.

- Սակավ շարժունակ անձանց գրադարանային սպասարկումն ապահովելու նպատակով «Ընտանեկան գրադարանավար» ծրագրով սպասարկել են ՀՀ Լոռու և ՀՀ Շիրակի մարզային գրադարանները` 2014-2015 թվականներին տրամադրելով 4375 և 9999 միավոր տեղեկույթ.

- Շարունակվել են տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար մարզային գրադարաններում տեղակայված «Արև» տեղեկատվական հաղորդակցման ծրագրի աշխատանքները` 2014-2015 թվականներին սպասարկվել է 335 և 162 ընթերցող:

Կարևորելով ՀՀ մարզերում միջազգային և հանրապետական մրցույթ-փառատոների, փառատոների անցկացումը, իրականացվել են արդեն ավանդական դարձած.

- Գյումրիում անցկացվող «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը, որին 2014 թվականին մասնակցեցին 2706 երաժիշտ-կատարողներ Երևանից, ՀՀ մարզերից և 33 երկրներից` նախորդ տարվա 2415 երաժիշտ-կատարողների և 30 երկրների համեմատ, իսկ 2015 թվականին` 2807 երաժիշտ-կատարող` Երևանից, ՀՀ մարզերից և 36 երկրներից.

- «Նռան հատիկ 2015» հանրապետական 15-րդ փառատոնն իրականացվել է «Վերածնունդ» խորագրով: Փառատոնին մասնակցել է 30 թատերախումբ` 35 ներկայացմամբ, որոնք դիտել են 10000 երեխա Երևանից, ՀՀ մարզերից, ԼՂՀ-ից: Հանրապետական մանկապատանեկան թատերական փառատոնն իրականացվում է երկու տարին մեկ անգամ.

- «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում» ենթածրագիրը, որը միտված է ՀՀ մարզերում նպատակային մշակութային քաղաքականության իրականացմանը, հաշվետու ստուգատեսների միջոցով հանրապետության քաղաքներում մշակութային կյանքի աշխուժացմանը, խթանմանն ու զարգացմանը: 2014-2015 թվականներին ծրագիրն իրականացվել է ՀՀ Սյունիքի և ՀՀ Արարատի մարզերում, որին յուրաքանչյուր տարի մասնակցում է շուրջ 5 տասնյակից ավելի ստեղծագործող երեխա.

- Իր գործունեությունն է շարունակել «Դպրոցական ֆիլհարմոնիա» ծրագիրը, որի շրջանակներում 2014-2015 թվականներին կազմակերպվել է համապատասխանաբար 45 և 46 դաս-համերգ հանրապետության մանուկների և պատանիների համար, որոնց մասնակցել է շուրջ 12800 և 12900 երեխա:

ՀՀ մարզպետարանների կողմից յուրաքանչյուր տարի մարզերում իրականացվում են շուրջ 2 տասնյակ մշակութային բազմաբնույթ միջոցառումներ («Բերքի տոն», «Վարդավառ», «ՀՀ Անկախության օր», Պոեզիայի մշակութային փառատոն, «Բարբառների երկխոսություն», Ազգային նվագարանների մարզային փառատոներ և այլն):

ՀՀ մարզերում մշակույթի համաչափ զարգացման նպատակով պետական բյուջեից 2014-2015 թվականներին հատկացվել է համապատասխանաբար 122.9 և 141.9 մլն դրամ, իսկ 2016 թվականին նախատեսվում է հատկացնել 144.9 մլն դրամ:

 

- Միջազգային համագործակցության ընդլայնում, արտերկրում հայկական մշակույթի տեղորոշում և հանրահռչակում

Միջազգային համագործակցության ոլորտում պետական քաղաքականության ուղղություններն են` հայ մշակույթի ներկայացումը արտերկրում, տեղորոշումն ու հանրահռչակումը, արտերկրի մշակույթների ներկայացումը Հայաստանում, Հայաստանի ինտեգրումը միջազգային մշակութային կազմակերպություններին:

Մշակույթի ոլորտում միջազգային համագործակցությունը միտված է մշակութային երկխոսության, երկկողմ և բազմակողմանի հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը, դրանց ներդաշնակ համադրմանը, աշխարհում հայ մշակույթի նպատակաուղղված քարոզչության իրագործմանը, համաշխարհային մշակույթը Հայաստանի հանրության լայն շերտերի համար մատչելի դարձնելու գործընթացների ապահովմանը, համատեղ և համաֆինանսավորվող ծրագրերի ավելացմանը:

Իրավական դաշտի կարգավորման ուղղությամբ

2014-2015 թվականներին նպաստավոր իրավական հիմքեր են ստեղծվել երկկողմ, բազմակողմ, տարածաշրջանային և միջազգային կայուն համագործակցության զարգացման և դրա շրջանակների ընդլայնման համար` դրանով իսկ նպաստելով պետական մշակութային քաղաքականության արդյունավետ իրականացմանը: Ակտիվ աշխատանքներ են տարվել միջազգային կոնվենցիաներին միանալու, երկկողմ և նեղոլորտային միջազգային պայմանագրեր ստորագրելու ուղղությամբ.

- ստորագրվել է 24 պայմանագիր, որից` 15 միջազգային (միջկառավարական` 4 համաձայնագիր և 2 ծրագիր, միջգերատեսչական` 3 հուշագիր և 6 ծրագիր) և 9 նեղոլորտային (8-ը Հայաստանի և Ռուսաստանի թանգարանների միջև, իսկ 1-ը` Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Արգենտինյան կինոռեժիսորների DAC տեսալսողական (աուդիովիզուալ) հեղինակների և ռեժիսորների գլխավոր ասոցիացիայի միջև) պայմանագիր (2012-2013 թվականներին ստորագրվել է 23-ը),

- աշխատանքներ են ընթանում «Հայաստանի պատմության թանգարանի և Իրանի ազգային թանգարանի միջև համագործակցության», «Հայաստանի պատմության թանգարանի և Չինաստանի «Գուգուն» թանգարանի միջև համագործակցության մասին» հուշագրեր, «Հայաստանի ազգային պատկերասրահի և Գրաբարի անվան համառուսաստանյան գեղարվեստական գիտավերականգնողական կենտրոնի միջև համագործակցության մասին» պայմանագիր ստորագրելու և Հայաստանի ազգային պատկերասրահի հենքի վրա նշյալ կենտրոնի մասնաճյուղ բացելու վերաբերյալ:

Փաստաթղթերի ստորագրումը նպաստում է համագործակցության զարգացմանը, հիմքեր նախապատրաստում նոր համատեղ ծրագրերի իրականացման համար:

Երկկողմ համագործակցության ուղղությամբ.

Հետևողականորեն ընդլայնվել է մշակութային համագործակցության աշխարհագրությունը` արդեն իսկ ավանդական դարձած ԱՊՀ, Եվրոպայի, Արևելքի երկրների հետ ունեցած համագործակցությանը զուգընթաց առանցքային է դարձել համագործակցության ակտիվացումը Իսպանիայի, Մալթայի, Սերբիայի, Բելգիայի, ինչպես նաև Հարավային Ամերիկայի երկրների (Մեքսիկա, Բրազիլիա, Արգենտինա) հետ: Համագործակցություն է ծավալվելու նաև նոր երկրների` Վիետնամի, Մոնղոլիայի, Եթովպիայի, Կոտ դ՛Իվուարի, Մադագասկարի, Շվեյցարիայի հետ:

2014-2015 թվականներին իրականացվել է համապատասխանաբար 95 և 100 ծրագրային միջոցառում` 2013 թվականի 80-ի համեմատ:

2014-2015 թվականներին կազմակերպվել են 24 փոխադարձ մշակույթի օրեր, «Մշակութային սեզոններ», «Բարեկամության օրեր» կամ «Մշակութային տարիներ» (2012-2013 թվականների 20-ի համեմատ), կայացել են պաշտոնական պատվիրակությունների 110 փոխայցելություններ` 2012-2013 թվականների 100-ի համեմատ, յուրաքանչյուր տարի կազմակերպվել է 90 հանդիպում` 2013 թվականի 80-ի համեմատ:

Երկկողմ համագործակցության առաջնահերթություններից է արտերկրում հայ մշակույթի հետևողական ներկայացումն ու հանրահռչակումը: Այս համատեքստում 2014-2015 թվականներին.

- Իսրայելում, Կորեայում (անց էին կացվում առաջին անգամ), Չինաստանում, Ռուսաստանում անց են կացվել Հայ մշակույթի օրեր.

- Հայաստանյան կոլեկտիվները (Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, Հայաստանի երիտասարդական նվագախումբ, Հայաստանի կամերային երգչախումբ, «Հովեր» երգչախումբ, Հայաստանի պարի պետական անսամբլ, Թաթուլ Ալթունյանի անվան երգ ու պարի պետական անսամբլ, Կոմիտասի անվան լարային քառյակ և այլն) հյուրախաղերով հանդես են եկել Լեհաստանում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Հոլանդիայում, Դանիայում և Ճապոնիայում, Չինաստանում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Էստոնիայում, Լիտվայում, Գերմանիայում,

- Հայաստանը ներկայացել է հեղինակավոր միջազգային հարթակներում, ինչպիսիք էին. «Միդեմ» երաժշտական ինդուստրիայի միջազգային փառատոնը Ֆրանսիայում (Պատվավոր երկրի կարգավիճակով), Վենետիկի արվեստի բիենալեն («Հայություն» խորագրով ցուցադրությունը արժանացավ «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի), Պրահայի «Կվադրինալե» թատերաբեմական արվեստի և թատերական ճարտարապետության ցուցահանդեսը` «Կարմիր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիայով, Պեկինի միջազգային 7-րդ բիենալեն` «Երազավայր» խորագրով ցուցադրությամբ:

Փոխադարձաբար արտերկրի մշակույթը ներկայացվել է Հայաստանում` մասնավորապես կայացել են.

- Թուրքմենստանի, Հորդանանի (առաջին անգամ), Ռուսաստանի, Բելառուսի, Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի մշակույթի օրերը,

- Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է լեհ անվանի նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի ցուցահանդեսը, տեղի են ունեցել շեքսպիրյան հեղինակավոր «Գլոբ թատրոնի» հյուրախաղերը, Դանիայի Հասլև քաղաքի իգական երգչախմբի, Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի, արտերկրի երաժիշտ-կատարողների (Լիտվա, Գերմանիա, Դանիա, Ավստրիա, ԱՄՆ, Իտալիա, Արգենտինա, Ռուսաստան) համերգները և այլն:

Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ.

Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները կազմել են 2015 թվականին իրականացվող ծրագրերի առանցքը: Հայաստանում և արտերկրում իրականացվել են երաժշտական ծրագրեր, թատերական, բալետային, օպերային և կինոնախագծեր, ցուցահանդեսներ, գրական փառատոներ, միջոցառումներ, գրքերի և ալբոմների հրատարակություններ:

 

Հայաստանում.

«100 համերգ» համերգաշարի շրջանակներում կայացել է 20, իսկ «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում 6 համերգ, բեմադրվել է 2 բալետային ներկայացում «Զույգ արեգակներ» և «Արշիլ Գորկի», 7 թատերական ներկայացում` «Զգացողությունների թանգարան», «Փարիզյան դատավճիռ», «Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը», «Անրի Վեռնոյ», «Դարի արշալույսն ու դարի մայրամուտը», «Հետաքննություն», «Մեկ ժամ հիշողություն», աջակցություն է ցուցաբերվել 17 ֆիլմի արտադրությանը, այդ թվում` 4 խաղարկային, 12 վավերագրական և 1 անիմացիոն: Հայաստանում իրականացվել է 12 ցուցահանդես, մասնավորապես` Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում` «Հիշողության պատուհաններ» և «Պատասխան` 100 տարի անց. անցյալը ներկայում», Հ. Թումանյանի թանգարանում` «Ամենայն հայոց որբերի հայրիկը», Հայաստանի ազգային պատկերասրահում` «Խոստովանանք արվեստի լեզվով» և «Հովհաննես Զարդարյան. գաղթ», Կոմիտասի թանգարան-ինստիտուտում` «Ծաղկած ծիրանի», «Գաֆեսճէան» արվեստի կենտրոնում` Սահակ Պողոսյանի «Մեծ մորս աչքերի լռությունը» և Տիգրան Ձիթողցյանի «Հայելիներ», «Սարգիս Մուրադյան» ցուցասրահում` Նազիկ Արմենակյանի «Վերապրածներ», Թեքեյան կենտրոնում` «Հիշողություն», Հայաստանի նկարիչների միությունում` «Լեռն իմ Մասիս» և «Հիշում ենք և պահանջում», 2 միջազգային նախագիծ` «Արևավիշապ-2015» գրաֆիկական միջազգային փառատոնը և Գյումրու «Սրբացյալ ընտանիք» քանդակագործության միջազգային գիտաժողովը: Իրականացվել է նաև թվով 3 նախագիծ` նվիրված հայ ժողովրդի պատմությանը և հայկական քաղաքակրթությանը. Հայաստանի պատմության թանգարանում` «Տարագիր գերդաստաններ» և «Կոչեմ ապրողաց» պատմական ցուցահանդեսները, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում` «Վերապրած ձեռագրեր»: «Հիշատակի ժառանգությունը» խորագրի ներքո անց են կացվել Եվրոպական ժառանգության օրերը, որին մասնակցել է Հայաստանի և ԼՂՀ-ի մշակութային 86 հաստատություն ու կազմակերպություն: Կայացել է «Գրական տապան-ապրիլ» միջազգային գրական փառատոնը, «Գաֆեսճէան» արվեստի կենտրոնում` ArmbookExpo ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին Հայաստանի և Հայոց ցեղասպանության թեմայով աշխարհում հրատարակված գրքերը: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումի շրջանակներում 2015 թ. ապրիլին Հայաստանի ազգային գրադարանը ներկայացրել է «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ» խորագրով ցուցադրությունը: Պետական ծրագրերով իրականացվել է 30 գրքի և 8 խտասկավառակի հրատարակում, այդ թվում` «Աջակցություն գրականության հրատարակմանը» ծրագրով` 5 գիրք` մեկ պատկերագիրք, 8 էլեկտրոնային խտասկավառակ, «Գրականության հրատարակում» ծրագրով` 25 գիրք, որից` 7-ը` հայերեն, 11-ը` թարգմանություններ այլ լեզուներից հայերեն, 7-ը` հայերենից այլ լեզուներ: Այլ ծրագրերով իրականացվել է 13 գրքի հրատարակություն, որից` 7-ը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված` պետական հանձնաժողովի աջակցությամբ, 4-ը` մշակույթի նախարարության այլ ծրագրերով, 2-ը` համատեղ:

Արտերկրում.

«100 համերգ» համերգաշարի շրջանակներում 32 երկրում կայացել է 68 համերգ: Արտերկրի հեղինակավոր նվագախմբերի, երգչախմբերի և աշխարհահռչակ մենակատարների մասնակցությամբ 7 երկրում (Իսրայել, Էստոնիա, Բելգիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Ավստրիա) իրականացվել է «Քեզ հետ, Հայաստան» («With You, Armenia») համերգաշարը: Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցել է «Միդեմ-2015» մշակութային արտադրանքի ցուցահանդես-տոնավաճառին, որտեղ 14 հայաստանյան համույթներ և անհատ կատարողներ հանդես են եկել 6 համերգով: Հայկական կերպարվեստը ներկայացվել է 2 հեղինակավոր միջազգային հարթակներում. Վենետիկի բիենալեում` «Հայություն» խորագրով ցուցադրությամբ, որը ներկայացնում էր 18 սփյուռքահայ արվեստագետ (Հայաստանի տաղավարն արժանացավ «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի) և Պեկինի միջազգային բիենալեում` «Երազավայր» խորագրով ցուցադրությամբ, որին մասնակցում էր 8 արվեստագետ տարբեր երկրներից: «Կարմիր կարկուտ» ինստալյացիայով Հայաստանը ներկայացել է Պրահայի թատերաբեմական արվեստի և թատերական ճարտարապետության «Կվադրինալե» հեղինակավոր ցուցահանդեսին: 9 երկրում (Բելառուս, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Լիտվա, Թուրքիա, Շվեյցարիա, ՌԴ, Վրաստան) կազմակերպվել են «Այլևս երբեք» խորագրով կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմերի ցուցադրություններ, իրականացվել է 4 նախագիծ` նվիրված հայ ժողովրդի պատմությանը և հայկական քաղաքակրթությանը, այդ թվում. Հռոմի հեղինակավոր Վիտտորիանո թանգարանային համալիրի կենտրոնական ցուցասրահում «Հայաստան. տապանի ժողովուրդ» ցուցահանդեսը` 2 կատալոգի հրատարակմամբ, Ռուսաստանի ազգագրական թանգարանում` «Հայ ավանդական մշակույթի աշխարհը» ցուցահանդեսը` կատալոգի հրատարակմամբ: «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում արտերկրի ՀՀ դեսպանություններում և մշակույթի կենտրոններում կազմակերպվել են Ռուբեն Գալչյանի հեղինակած «Հայացք Հայաստանի պատմությանը քարտեզագրական փաստաթղթերի միջոցով» թեմատիկ ցուցադրությունը և «Հայաստանի պատմությունը քարտեզներով» կատալոգի շնորհանդեսը: Հայաստանը Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքերի ցուցադրությամբ մասնակցել է գրքի միջազգային 12 ցուցահանդես-տոնավաճառի, այդ թվում` Մինսկի, Փարիզի, Ալմաթիի, Լոնդոնի, Թեհրանի, Սալոնիկի, Վարշավայի, Նյու Յորքի, Մոսկվայի, Գյոտեբորգի, Ֆրանկֆուրտի, Գվադալախարայի:

2014-2015 թվականներին յուրաքանչյուր տարի մասնակցություն է ապահովվել 20 երկրում կայացած շուրջ 60 միջազգային մրցույթների, ցուցահանդեսների, տոնավաճառների, փառատոների:

Միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությամբ.

Միջազգային կառույցների և կազմակերպությունների (ՅՈՒՆԵՍԿՕ, Եվրամիություն, ԱՊՀ և ՀՀՄՀ, Եվրախորհուրդ, ՍԾՏՀ, Ֆրանկոֆոնիա) հետ հետագա համագործակցության զարգացման նպատակով 2014-2015 թվականներին իրականացվել է համապատասխանաբար 27 և 18 համաֆինանսավորվող ու համատեղ ծրագիր:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության շրջանակներում.

Հայաստանը մինչ օրս վավերացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված 7 կոնվենցիաներից 5-ը, ինչի արդյունքում մինչև 2014 թվականի դեկտեմբերը հանդիսանում էր «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոմիտեի, իսկ 2015 թվականից դարձել է «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիաների միջկառավարական կոմիտեի անդամ: Ներկայում Հայաստանը հանդիսանում է 3 միջկառավարական կոմիտեների անդամ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունվել են «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի» կիրարկման և մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառված տարրերի կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պարբերական զեկույցը, «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանման մասին» կոնվենցիայի կիրարկման մասին» Հայաստանի Հանրապետության պարբերական զեկույցը:

Աշխատանքներ են տարվել «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» և «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցառումների մասին» կոնվենցիաների կիրարկման մասին» պարբերական զեկույցները պատրաստելու ուղղությամբ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակները համալրվել են հայկական ավանդական մշակույթի տարրերով: 2014 թվականին ցանկում ընդգրկվել է «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը: Լրամշակվել է «Հայկական քոչարի. ավանդական խմբապար» անվանակարգային փաթեթը:

Ապահովվել է մասնակցություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում անցկացվող միջկառավարական կոմիտեների նիստերին, միջազգային սեմինարներին և գիտաժողովներին (յուրաքանչյուր տարի` 6-7):

Համալրվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների օրացույցները: 2014 թվականին այդ ցանկում ներառված են Թորոս Թորամանյանի ծննդյան 150 և Ոսկան Երևանցու ծննդյան 400-ամյակները: Մինչ օրս Հայաստանից ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանների ցանկում ներառվել է 22 հայտ:

Մասնակցություն է ապահովվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված միջազգային ակցիաներին (տարիներ, շաբաթներ, օրեր): 2012 թվականին Հայաստանը մասնակցում է «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթին»: 2014 թվականից գործում է «ԱՊՀ մասնակից երկրների գեղարվեստական կրթության օբսերվատորիա» կայքէջը, որտեղ Հայաստանը ներկայացված է իր առանձին էջով: Մասնակցություն է ապահովվում նաև Ջազի համաշխարհային օրվան, Գրքի և հեղինակային իրավունքի օրվան և այլն:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակի շրջանակներում`

- Երևանում և Փարիզում տեղի է ունեցել «Տիկնիկները հանուն խաղաղության և միջմշակութային երկխոսության» համաշխարհային երթ-հավաքը, որը նվիրված էր նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին,

- Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացել է «Երիտասարդությունը հանուն խաղաղության» համերգը (Հայաստանի երիտասարդական նվագախմբի և շնորհալի երիտասարդ-կատարողների մասնակցությամբ),

- Երևանում կայացել է «Մշակութային քաղաքականություն. քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը կայուն զարգացման գործում 2015 թ. հետո» միջազգային 3-րդ կոնֆերանսը, որին մասնակցել է 85 մարդ 30 երկրից:

Եվրամիության «Արևելյան գործընկերության» ծրագրի «Մարդկանց միջև շփումներ» պլատֆորմի շրջանակներում.

- շարունակվել են աշխատանքները «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին միանալու (համաձայնագիրը կստորագրվի 2016 թվականի ընթացքում) ուղղությամբ, որը հնարավորություն կընձեռի հայ ստեղծագործողներին ակտիվորեն մասնակցելու ԵՄ շրջանակներում մշակույթի ոլորտում տարվող դրամաշնորհային ծրագրերին, իրականացնելու բազմաբնույթ փառատոնային և այլ մշակութային ծրագրեր, կդյուրացնի հայ արվեստագետների մուտքը եվրոպական շուկա` նպաստելով նորարարական և ստեղծագործական ուղղությունների զարգացմանը, ապահովելով ստեղծագործողների շարժունակությունը,

- ակտիվ համագործակցություն է ծավալվել ԵՄ շրջանակներում մեկնարկած «Culture 2» ծրագրի «Culture and Creativity» տարածաշրջանային ենթածրագրին,

- մասնակցություն է ապահովվել «I Culture» ծրագրին, որի շրջանակներում հայաստանյան երիտասարդ ստեղծագործողները վարպետության դասեր են ստացել անվանի երաժիշտ-դաշնակահարների մոտ:

Եվրոպայի խորհրդի շրջանակներում.

Շարունակվել է համագործակցությունը 2009 թվականից մեկնարկած «Պատմական քաղաքների մշակութային ժառանգության վերականգնում» պիլոտային ծրագրի շրջանակներում, որը 2014 թվականից իրականացվում է «Պատմական քաղաքներում համայնքների կողմից իրականացվող քաղաքաշինական ռազմավարություններ» (COMUS) խորագրով և նոր ձևաչափով: Ծրագիրը ներառվել է «Հայաստան-ԵԽ 2015-2017 թվականների Գործողությունների ծրագրում»: Հայաստանից ծրագրում ընդգրկված են Գյումրի և Գորիս քաղաքները: Ծրագրի շրջանակներում կիրականացվեն սեմինարներ, խորհրդատվական աշխատանքային հանդիպումներ և կոնկրետ գործողություններ, որոնք կնպաստեն Գյումրու և Գորիսի ենթակառուցվածքների հետագա զարգացմանը, պատմական միջավայրի պահպանմանն ու ներկայացմանը:

Հայաստանը 2014 թվականին դարձել է «Եվրոպական կինոյին աջակցության եվրոպական հիմնադրամի» (EURIMAGES) կազմակերպության անդամ և հնարավորություն է ստացել օգտվելու հիմնադրամի աջակցության ֆոնդերից:

Եվրոպական ժառանգության ցանցի (HEREIN) շրջանակներում առցանց համագործակցություն է իրականացվում 42 երկրի մշակութային ժառանգության ոլորտի պատասխանատուների հետ: 2015 թվականին Հայաստանն առցանց ներկայացրեց նաև ոլորտի ազգային զեկույցը:

Հայաստանը 2015 թվականից Եվրախորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի լիիրավ անդամ է: Վերոնշյալ համաձայնագրի անդամ է հանդիսանում ԵԽ 15 երկիր: Ներկայումս համաձայնագրի շրջանակներում գործում է 20-ից ավելի մշակութային ուղի, ինչպես օրինակ` «Վիկինգների ճանապարհը», «Մոցարտի եվրոպական ուղիները», «Ձիթենու ճանապարհները», «Ճենապակու եվրոպական ուղիները» և այլն: Անդամակցությունը «Մշակութային ուղիներ» ծրագրին հնարավորություն կընձեռի ԵԽ հարթակում անդամ երկրների հետ համատեղ իրականացնել հայ պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանն ուղղված մշակութային ծրագրեր:

 

ԱՊՀ երկրների հետ հումանիտար համագործակցության շրջանակներում.

Շարունակել է գերակա մնալ համագործակցությունը ԱՊՀ մշակութային խորհրդի շրջանակներում, որտեղ Հայաստանը նախագահում է 2012 թվականից: Այս համատեքստում 2015 թվականի հուլիսի 10-11-ը Հայաստանում անց է կացվել ԱՊՀ մշակութային համագործակցության խորհրդի հոբելյանական XXX նիստը:

Մասնակցություն է ապահովվել ԱՊՀ շրջանակներում իրականացվող միջոցառումներին` մասնավորապես «ԱՊՀ երկրների երիտասարդական Դելփյան խաղերին», «ԱՊՀ երկրների գիտական և ստեղծագործական մտավորականության համաժողովին», «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» ծրագրին, «Համագործակցության աստղեր» և «Համագործակցության դեբյուտներ» մրցանակաբաշխություններին:

ԱՊՀ-ի հետ համագործակցության ձևաչափում իր կարևորությամբ առանձնանում է Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) հետ համագործակցությունը, որի աջակցությամբ անց են կացվել ավանդական դարձած «Արամ Խաչատրյանի անվան երիտասարդ կատարողների միջազգային փառատոնը», «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը:

Անկախ Պետությունների Համագործակցությունը 2016 թվականին նշում է վերոնշյալ կառույցի կազմավորման 25-ամյակը: Հայաստանը ակտիվորեն մասնակցելու է ԱՊՀ կազմավորմանը նվիրված վիրտուալ ցուցահանդեսին:

Աշխատանքներ են ընթանում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում` մշակույթի առանձին ոլորտների (կինո, տեսալսողական, հուշարձանների վերականգնում և մշակութային արժեքների արտահանում և ներմուծում) օրենսդրության նույնականացման և լիբերալիզացման ուղղությամբ:

Այլ միջազգային կառույցների հետ համագործակցության ուղղությամբ.

Շարունակվել է համագործակցությունը միջազգային այլ կառույցների (Ֆրանկոֆոնիա, ՍԾՏՀ և այլն) և ոլորտի մասնագիտական ու հասարակական կազմակերպությունների, այդ թվում` «Եվրոպա Նոստրա»-ի, ICCROM-ի, ICOM-ի, ITI-ի, Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի հետ: Այդ համատեքստում.

- Երևանում 2014 թվականին կայացել է ITI-ի «Նոր ձայներ, նոր հանդիսատես. երկխոսության ժամանակներ» խորագրով թատերական ինստիտուտների 34-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցում էր 300 պատվիրակ աշխարհի 40 երկրից,

- «Երերույք» հնագիտական հուշարձանը և Անի-Պեմզա գյուղը» 2015 թվականին ընդգրկվել են «Եվրոպա Նոստրա» կազմակերպության «7 առավել վտանգված հուշարձանների» ցանկում, իսկ «Օժանդակություն տեղական հաստատությունների մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ոլորտում» կրթական ծրագիրն արժանացել է «Եվրոպա Նոստրա» մրցանակի:

- Երևանում 2015 թվականին տեղի է ունեցել ICOM-ի տարեկան համաժողովը, որի շրջանակներում կայացել է «Եվրոպա Նոստրա» կազմակերպության մրցանակի արժանացած «Օժանդակություն տեղական հաստատությունների մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ոլորտում» կրթական ծրագրի շնորհանդեսը,

- կազմակերպվել է Ֆրանկոֆոն երկրների ԱԳ նախարարների երևանյան համաժողովի մշակութային ծրագիրը:

Ընդհանուր առմամբ 2014-2015 թվականներին իրականացվող միջոցառումների և փոխանակումների արդյունքում Հայաստանից գործուղվել և Հայաստան է այցելել շուրջ 5000 մարդ:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2016
N 723-Ն
Որոշում